Սուտ մատնության համար հետախուզվող կնոջը բերման են ենթարկել օդանավակայանից

ձերբակալելՄարտի 14-ին, ժամը 02.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հեղինե Վ.-ին, որը 2013 թ. օգոստոսի 28-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է:

 

«Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունն անբարեխիղճ մրցակցության համար տուգանվել 15 մլն դրամի չափով

վեստաԱյս  կամ այն հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսանալու մասին հայտարարությունները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը:

Հատկապես կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում ընկերությունները գովազդում են, որ իրենք հանդիսանում են որևէ հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն  է իրականացրել այս ոլորտում և պարզել, որ նման հայտարարությունները հաճախ անհիմն են: Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ի դիտակետում է հայտնվել կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» խանութը: Վերջինս գովազդում է, որ հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում:

ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Վեստա»  խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ»  ընկերությունը Հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ  այս   սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկեր կազմակերպությունների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել «պաշտոնական ներկայացուցիչ»  լինելու հանգամանքը:

Հանձնաժողովը այս  և այլ փաստերի հիման վրա ևս հաստատված է համարում այն հանգամանքը, որ նման կերպ «Վեստա» խանութը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը լինելու հանգամանքը այս դեպքում դիտվում է որպես հասարակության մոլորեցում:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ տնտեսվարողները պարտավոր են իրացվող ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն:

Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար հանձնաժողովը որոշեց ընկերությանը տուգանել 15 մլն դրամի չափով և հանձնարարել անհապաղ վերացնել խախտումները:

 

«Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները նախազգուշացում են ստացել ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար

Արտակ ՇաբոյանԲազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ:

Պարզվել է, որ ընկերությունները ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցություն են դրսևորել: Մասնավորապես, վերոնշյալ ընկերություններն  իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են այնպիսի դրույթ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ` կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը, համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում: Այսինքն, մոդեմը ձեռք բերելիս՝ քաղաքացիները տեղեկացված չեն այս պայմանների մասին: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է:  Արդյունքում  վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ  իրենց կողմից որևէ  ծառայություն չի մատուցվել: Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ընկերությունների այս գործելաոճն անարդար է, քանի որ քաղաքացիները չեն ստանում ինտերնետ ծառայություն և ստիպված են դրա համար վճարել: Բացի այդ, դա հակաօրինական է:

«Համաձայն  էլոկտրոնային հաղորդակցության մասին օրենսդրության պահանջների` երբ ինտերնետային ծառայությունները կասեցվում են, ապա պետք է կասեցվի նաև վճարների հաշվարկումը: Այս հարցը մենք քննարկել ենք երեք խոշոր օպերատորների հետ: Որոշակի պատճառաբանություններ ներկայացվել են, սակայն մեր կարծիքով` դրանք հիմնավոր չեն: Հաշվի առնելով, որ խնդիրն առաջին անգամ է բարձրաձայնվում, համընդհանուր բնույթ է կրում, խնդիրը առավելապես վերաբերվում է քաղաքացիների և ընկերությունների միջև պայմանագրային հարաբերություններին, հանձնաժողովը որոշեց այս անգամ խստորեն զգուշացնել այս ընկերություններին և հանձնարարել փոխել նման գործելաոճը»,- ասաց Արտակ Շաբոյանը:

 

Աղետի գոտու բնակարանաշինության վերսկսման ժամկետը դեռևս մնում է անհայտ

գյումրի«Շիրակ կենտրոնը» դեռևս նախորդ ամիս, Գյումրիում ավելի քան մեկ տարի ընդհատված բնակարանաշինության վերսկսման կոնկրետ ժամկետի պարզաբանման խնդրով «Ի վերջո ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում»  խորագրով հրապարակային հարցում էր հղել ՀՀ բարձրագույն իշխանություններին, որում մասնավորապես ասված էր.

«Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար.
դեռևս նախորդ տարի, Ձեր իսկ կողմից տրված խոստումների համաձայն, Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքների համար պետք է կառուցվեր և շահագործվեր ընդամենը 430 բնակարան: Սակայն ինչպես գիտենք, անցյալ տարի այդպես էլ բնակարանային շինարարությունը չվերսկսվեց: Համաձայնե՛ք, որ «դառը ճշմարտությունը գերադասելի է քաղցր ստից»: Ի վերջո, եթե 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր աղետյալներին պարբերաբար, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում չտրվեին սին խոստումներ, թե. «երկու տարվա», «հինգ տարվա», «երեք տարվա» ընթացքում կկառուցվեն պահանջվող քանակությամբ բնակարաններն ու կհատկացվեն անօթևան ընտանիքներին, ապա հաստատ նրանցից շատերն իրենց «գլխի ճարը կտեսնեին», կամ գոնե այդ մարդիկ իրենց վագոն-տնակների հարևանությամբ ինչ-որ մի քարե կացարան կկառուցեին:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար.
դիմում ենք Ձեզ, ակնկալելով ինչպես մեզ, այնպես էլ հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ավելի քան կարևոր՝ Գյումրիում բնակարանաշինության վերսկսման և շահագործման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում»:

«Շիրակ կենտրոնը» ՀՀ քաղշիննախարարությունից ստացել է աղետի գոտու հարյուրավոր ընտանիքներին հուզուղ մեր հարցման պատասխանը: Առաջ անցնելով նշենք, որ այն թեև բավականին ուշագրավ թվային տվյալներ է պարունակում, որում նշված է բնակարանաշինության ծրագրի ավարտման ժամկետը, սակայն չի նշված վերսկսմանը կոնկրետ օրն ու ամիսը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, մենք այն՝ ՀՀ քաղաքաշինության տեղակալ Ա.Կարապետյանի կողմից ստորագրված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին ուղղված Ձեր՝ 2014 թվականի փետրվարի 20-ի հարցման, Գյումրի քաղաքում բնակարանային շինարարության վերսկսման և շահագործման ժամկետների վերաբերյալ հայտնում եմ.

աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում 2009 թվականից մինչև օրս՝

  • կառուցվել և անօթևան ընտանիքներին բաշխվել են 3783 բնակարաններ (բնակելի տներ),
  • 382 ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն,
  • նախատեսվում է կառուցել ևս 1288 բնակարաններ (բնակելի տներ), որոնցից 608-ը՝ լրացուցիչ կառուցվողներ են:

Արդյունքում ծրագրի իրականացմամբ կլուծվեն մոտ 5500 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները:

Նախարարությունը գնահատում է հանձնաժողովի աշխատանքներին Ձեր ակտիվ և գործուն աջակցությունը, ինչպես նաև, առհասարակ, անօթևանների խնդիրներին Ձեր կողմից ցուցաբերած հետևողական մոտեցումը: Մասնակցելով հանձնաժողովի գրեթե բոլոր նիստերին, Դուք քաջատեղյակ եք ծրագրի չափանիշներին, որոնցից ամենակարևորները՝ երկրաշարժի հետևանքով բնակարան կորցնելու, հերթացուցակում սահմանված կարգով հաշվառված լինելու և անհրաժեշտ ամբողջական փաստաթղթերը ներկայացնելու հանգամանքներն են: Հետևաբար Ձեր նամակում մատնանշած՝ դեռևս անօթևանի կարգավիճակում գտնվող և վերը նշված չափանիշներին չհամապատասխանող ընտանիքների բնակապահովման հարցը չի կարող դիտարկվել այս ծրագրի շրջանակներում:

Ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ կառավարությունն՝ ընդառաջելով քաղաքացիներին, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2 անգամ երկարաձգել է, ինչի արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել շահառուների ցուցակների ճշգրտման , որն էլ իր հերթին հանգեցրեց շինարարության ժամկետների ձգձգման:

Ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ լրացուցիչ 608 բնակարանի (բնակելի տան) կառուցման, այդ թվում 430 բնակարան Գյումրի քաղաքում:

Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից 2013 թվականի ապրիլի 4-ի N 263 գրությամբ նախարարություն է ներկայացվել ժամանակացույց, որի համաձայն վերը նշված 430 բնակարանների շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականի տարեվերջին:

Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Կանադական նավահանգստում ուրանով լի բեռնարկղն ընկել է 15 մ բարձրությունից

o_912042Կանադական Հալիֆաքս նավահանգստում ուշ երեկոյան  նավի վրա բեռնելու պահին 15 մ  բարձրությունից նավի տախտակամածի վրա է ընկել հեքսաֆտորիդով ուրանի բեռնարկղը, ինչի հետևանքով ռադիացիայի արտահոսք է կատարվել:

Ինչպես տեղի իշխանություններն են հայտնում, նավահանգիստ են մեկնել հրշեջներն ու տեխնածին աղետների հետևանքները վերացնող մասնագետների խումբը: Նրանք հիմա գնահատում են կատարվածի վտանգը:

Բեռնարկղը պոկվել է Atlantic Companion ընկերությանը  պատկանող  նավի վրա բեռնելու պահին.  այն շահագործում է  իտալական նավագնացային Grimaldi Group ընկերությունը` Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն նշել է, որ “ տեղափոխման ժամանակ վթարները կարող են հանգեցնել կարճ ժամանակահատվածում  ուրանի վտանգավոր խտությունների ու ֆլյուորիտական թթուների արտանետման ու մի քանի քկմ տարածքի աղտոտման”:

Ուրանի հեքսաֆտորիդը քիմիական բաղադրիչ է, որն օգտագործվում է գազային ցենտրիֆուգներում, միջուկային վառելիք ու միջուկային զենք  արտադրելու նպատակով ուրանի հարստացման պրոցեսում:

Անկախ

Ադրբեջանում զինվորը վիրավորել է իր ծառայակցին

2Ադրբեջանական բանակի զինծառայողը կրակել է ծառայակցի վրա: Միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության “N” զորամասում: 20-ամյա զինծառայող Բալամիրզա Աղաբաբաևը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է 20-ամյա Ֆարիդ Բահշիևին:

Զինվորը հրազենային վնասվածքով  հոսպիտալացվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է այս փաստը:

Բաքվում այրվում է “Մոսկվա” հանրախանութը

1Բաքվում՝ “Մամեր Աջեմի” մետրոյի կայարանի մոտ գտնվող “Մոսկվա” հանրախանութի շենքում,  հրդեհ է բռնկվել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Հրդեհը բռնկվել է վերին հարկերում և այնուհետև ծավալվել: Դեպքի վայրում աշխատում է չորս հրշեջ խումբ: Դեպքի վայր է ժամանել նաև շտապ օգնության երկու մեքենա: Տուժածների մասին դեռ տեղեկություն չկա:

Փորձել են գողանալ ոռոգման ջրի խողովակները

խողովակՄարտի 12-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Քարահունջ գյուղի հարակից տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ին, 1990 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1992 թ. ծնված Վիտալի Ղ.-ին, 1990 թ. ծնված Սերգեյ Ա.-ին և 1969 թ. ծնված Սամվել Ա.-ին:
Պարզվել է, որ նրանք ապամոնտաժել և փորձել են գողանալ ոռոգման ջրի 200 մմ տրամագծով, 5 մ երկարությամբ 8 խողովակ:
Նյութական վնասը կազմում է 100.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:

Քաղաքացին ոստիկանությանն է հանձնել որսորդական հրացան

հրացանՄարտի 12-ին, ժամը 12.00-ին, 1979 թ. ծնված Ալիկ Տ.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է «MC-2112» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

4 մարդ գազային թունավորմամբ հիվանանոց է տեղափոխվել

շտապ-օգնությունՄարտի 12-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1992 թ. ծնված Վազգեն Մ.-ն, 1941 թ. ծնված Վազգեն Մ.-ն, 1973 թ. ծնված Թագուհի Մ.-ն և 1994 թ. ծնված Դավիթ Մ.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորումը ստացել են իրենց բնակարանում` գազի արտահոսքի հետևանքով:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

 

Վրաերթ կատարած տաքսու վարորդը հայտնաբերվեց

վրաերթՄարտի 12-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, աջ կողամատի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Աշոտ Ղ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սևանի Արա Գեղեցիկի փողոցում` տաքսի ծառայության վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1958 թ. ծնված Գագիկ Ե.-ն` «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

Փրկարարները բացել են դուռը և պարզել, որ տանը մնացած երեխաները քնած են

փրկարարՄարտի 14-ին, ժամը 03.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոց­ներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  ՃԿԿ  օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են 1930 թ. ծնված Ս. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:

Մարտի 13-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում երեխաները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (8 ամսական և 8 տարեկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխաները ներսում քնած են եղել:

Ինչ են հուշում բանկերն ու նրանց տոկոսադրույքները շարքային քաղաքացիներին

դոլար-դրամՆախորդ շաբաթ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե որոշ բանկերում դրամով ավանդներ ընդունում են մինչև 1 մլն դրամի դեպքում` 12 տոկոս տարեկան տոկոսադրույքի շրջանակներում, իսկ 1 մլն-ից ավելի գումար ավանդ դնելու դեպքում` ավելի բարձր տոկոսադրույքներով: Իսկ արտարժույթով, մասնավորապես` ռուսական ռուբլով ու ԱՄն դոլարով ավանդների համար տոկոսադրույքները դրանից անհամեմատ ավելի ցածր են` 4, 5 կամ 6 տոկոս, նայած բանկի: Սրանից փոքր-ինչ ավելի ցածր տոկոսադրույքներ են սահմանված եվրոյով ավանդների համար:

Հասկանալու համար, թե ինչ է սա կամ ինչ կարող է ցույց տալ, պետք է նախ հասկանանք, թե ինչ է ավանդը, և ինչպես է ազդում տնտեսության վրա: Ավանդները ընտանիքների կամ մարդկանց կողմից խնայված միջոցներն են: Մարդիկ իրենց վաստակած եկամտի մի մասը չեն ծախսում ու խնայում են: Տնտեսագիտական իմաստով, խնայողութուն է համարվում չծախսված փողի` դրամատներում կամ ֆինանսական հիմնարկներում պահելը: Այդ խնայողությունները մեծ նշանակություն ունեն տնտեսության համար:

Բանկերը, ֆինանսական հաստատությունները մարդկանց ու ընտանիքների կողմից խնայված փողերը տոկոսով վերցնում են ու դրանք տալիս գործարար հատվածին ավելի բարձր տոկոսադրույքներով` արդյունքում շահելով տոկոսադրույքների տարբերությունը: Այսինքն` խնայողութունները գործիք են, որը ծառայում է գործարար հատվածին ներդրումների պահանջի բավարարման ժամանակ:

Սովորաբար, որքան ավանդների ժամկետները երկար են լինում, այնքան տոկոսադրույքները բարձր են լինում: Բայց եթե կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքներն են իջեցվում, դա կարող է նաև նշանակել, որ բանկերում մտածում են, թե դրամը կարժեզրկվի, հիմնականում արտարժույթի պահանջարկ կլինի: Եթե օրինակ` դոլարով ու դրամով ավանդների տոկոսադրույքների միջև այդպիսի մեծ տարբերություն է լինում, նշանակում է, որ բանկը կանխատեսում է, որ դրամն արժեզրկվելու է, այսինքն` արտարժույթը` ռուբլին, դոլարը կամ եվրոն, ավելի կայուն է, ուստի եթե ինքը բարձր տոկոսադրույքով դրամ վերցնի մարդկանցից, ապա դրամի արժեզրկվելուց հետո ավելի քիչ կվճարի:
Ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքների տարբերության համար, սակայն, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այլ պատճառներ է մատնանշում` դրամային իրացվելիության խնդիր կա, բանկերը միշտ էլ այդ խնդիրն ունեն:

«Նախ` արժութային նորմատիվ կա, որը պետք է պահպանել, և մեր վիճակում, երբ ժողովուրդը նախընտրում է դոլարով պահել իր միջոցները, բանկերը պետք է այդ տեխնիկական խնդիրը լուծելու համար բարձր դիրք ապահովեն դրամի համար: Բացի այդ, կա պահուստառման նորմատիվ, որի դեպքում, եթե արտարժույթով ես ներգրավում միջոցները, կրկնապատիկ ավելի բարձր է, քան երբ դրամով ես ներգրավում: Այսինքն` դոլար ներգրավելը բանկերի վրա թանկ է նստում, քան դրամը, դրա համար բանկերը ցածր տոկոս են տալիս,- նշեց Բագրատ Ասատրյանը:- Եվ պարտադիր չէ, որ դրամով ու արտարժույթով ներգրավվող ավանդների տոկոսագումարների տարբերությունն անպայման մատնանշի դրամի արժեզրկում»:
Երևույթներ, որոնք դրամի արժեզրկում են «գուժում»

Ամեն դեպքում, ուշադրություն դարձնենք այլ հանգամանքների վրա: Մարտի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը ստիպված է եղել ավելի քան 15 մլն դոլարի ինտերվենցիա իրականացնել ֆոնդային բորսայում դրամի կտրուկ արժեզրկումը թույլ չտալու համար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքների` դրամի կայունությունն ապահովելու նպատակով փետրվար ամսին էլ ԿԲ-ն շուկա է նետել ավելի քան 61 մլն դոլար կանխիկ փող: Իսկ միայն մարտ ամսի առաջին շաբաթվա ընթացքում` մոտ 25 մլն դոլար: Նման ծավալներով արտարժույթի ներարկումներ ԿԲ-ն անում էր այն ժամանակ, երբ Հայաստանում կիրառվում էր ոչ թե լողացող, այլ ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, և արտարժույթի փոխարժեքը որոշվում էր ոչ թե շուկայում, այլ ԿԲ առանձնասենյակներում:

«Առէքսիմբանկի» աշխատակիցներից մեկը մեզ ներկայացրեց տիրող իրավիճակը: Ըստ նրա` այժմ արտարժութային ավանդների տոկոսադրույքներն անհամեմատ ավելի ցածր են, քան դրամային ավանդներինը գրեթե բոլոր բանկերում` շուկայի թելադրած օբյեկտիվ պատճառներից ելնելով: Այդ առումով երկու հիմնական գործոն է արձանագրվում: Նախ` բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում, և դրամով միջոցներ են ներգրավվում, որովհետև արժեզրկումից հետո արդեն ավելի քիչ են վճարելու: Երկրորդ` ԿԲ-ն ճնշում է գործադրում բանկերի վրա արհեստական ձևով` բարձր տոկոսադրույքներով դրամային մասսա գրավելու միջոցով, որպեսզի դրամը պահանջարկված լինի ու չարժեզրկվի:
Մյուս կողմից` ավանդների տոկոսադրույքների այս տարբերությունը մի շարք զուտ տնտեսագիտական օբյեկտիվ պատճառներ ունի: Այսօրվա դրությամբ, ինչպես փաստում են տարբեր բանկերի տարբեր աշխատակիցներ անհատական զրույցների ժամանակ, բանկերի հաճախորդների կողմից միջոցների պահանջարկ չկա: Գործարարները խուսափում են բանկերից վարկեր վերցնելուց, որովհետեւ տնտեսությունը կանխատեսելի չէ, հնարավոր չէ վստահ լինել, որ դրական զարգացումներ կլինեն ու վարկ վերցնողը կկարողանա մարել իր պարտավորությունները: Եվ քանի որ, ինչպես նշեցինք, բանկերն ավանդ են ներգրավում հետագայում ավելի բարձր տոկոսներով որպես վարկեր տնտեսության մեջ ներգրավելու ու տոկոսադրույքների տարբերության վրա շահույթ ունենալու նպատակով, և քանի որ գործարար ակտիվությունը Հայաստանում աննախադեպ նվազել է, արդեն տնտեսությունից համապատասխան պահանջարկ չի ձևավորվում: Ուստի, բանկին ձեռնտու չէ անկանխատեսելի` խիստ ռիսկային բարձր տոկոսներով ավանդներ ներգրավել` չիմանալով` կարո՞ղ է այն տեղաբաշխել վարկառուների միջոցով, թե՞ ստիպված կլինի դրանց համար բարձր տոկոսներ վճարել ավանդատուներին` չունենալով դրա դիմաց համապատասխան շահույթ:

Ի դեպ, արտարժութային ավանդների տոկոսադրույքների կտրուկ նվազումը բազմաթիվ մասնագետներ բացատրում են նաև նրանով, որ, Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով պայմանավորված` բանկերը սկսել են նաև զգուշանալ տնտեսական հետևանքներից: Այնպես որ, հայաստանյան բանկերը գոնե իրենց ավանդների տոկոսադրույքներով հուշում կամ զգուշացնում են դրամի անկայունության և արտարժույթի կայունության մասին: Ի դեպ, այս բոլոր դրսևորումներից հետո` 2-3 օր առաջ արդեն դոլարը դրամի նկատմամբ 2-3 դրամով թանկացել էր:

Անկախ

Հրդեհ Սիլիկյան թաղամասում

հրդեհՄարտի 14-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 67 տան մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«1-04» ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազի արտահոսքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.20-ին, մարվել` 09.22-ին:

Գազատար խողովակի հարևանությամբ գտնվող էլ. սյան վրա այրվել է մոտ 4 գմ մալուխ և խոտածածկ տարածք (3 քմ):

Բաշմետին զրկել են կոչումից

o_749699Համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր Յուրի Բաշմետին զրկել են Լվովի երաժշտական ազգային ակադեմիայի պրոֆեսորի պատվավոր կոչումից, քանի որ նա  ստորագրել է Պուտինի դիրքորոշումն Ուկրաինայի ու Ղրիմի հարցում պաշտպանող բաց նամակը:

Փաստաթուղթը տեղակայված է Մշակույթի նախարարության կայքում ու հավաքել է ավելի քան 300 դերասանների, երաժիշտների, գրողների ստորագրություն:

Բաշմետը Լվովի ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր էր դարձել  2 տարի առաջ:

Բաց նամակը ստորագրած ևս մեկ երաժշտի են որոշել Ուկրաինայում “պատժել”: Դենիս Մացուևի համերգը պետք է տեղի ունենար մարտի 27-ին, սակայն այն չի կայանա: Դաշնակահարի երկրպագուներն արդեն գնել են տոմսերը:

Անկախ

Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է

մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 14-ին՝ ժամը  09.30–ի  դրությամբ, Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ առկա է մերկասառույց:

Թալինի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Լաչինի   տարածաշրջաններում  տեղում է  թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

 

Հայտնաբերել է ամուսնության նպատակով առևանգված 9-ամյա աղջիկը

115-390x290Բոլիվիայի ոստիկանությունն Ամազոնիայի ջունգլիներում հայտնաբերել է 9-ամյա իսպանուհուն, որին կես տարի առաջ առևանգել էր մի լատինաամերիկացի` ամուսնության նպատակով:

Բոլիվիացի 35-ամյա Գրովեր Մորալեսը աղջկան Կատալոնիայի մոտ գտնվող Օսպիտալետ-դե-Լեբրեգադ քաղաքից դուրս էր բերել 2013-ի օգոստոսին: Ծնողները դստերը թողել էին ճամփորդել, սակայն, Գրովերի հետ կապն ընդհատվելուց հետո` ոստիկանություն էին դիմել  իրենց դստեր առևանգման մեղադրանքով:

Տղամարդը երեխային Ամազոնիայի ջունգլիներում էր թաքցրել: Նա հավատացնում էր, թե երեխայի ծնողներն իրենց օրհնությունն են տվել: Բոլիվիացուն մանկապղծության ու անօրինական սահմանից դուրս մարդ տանելու մեղադրանք է սպառնում:

Ազատագրված աղջկան բժիշկներն ու հոգեբանները կզննեն ու մոտ ժամանակներում նա Իսպանիա կվերադառնա:

Անկախ

Արքայադուստր Դիանան նպաստել է թագավորական ծառայակազմի գաղտնալսմանը

pic_96be0e0bc56d843f15890904311c94ecNews of the World-ի նախկին լրագրողը Դիանայի վրա է գցել թագավորական ընտանիքին սպասարկող անձնակազմի հեռախոսահամարների “արտահոսքը”: Բարձրաստիճան բրիտանացիների գաղտնալսման մասին  դատական գործընթացի ժամանակ նման հայտարարություն է արել Քլայվ Դումանը,  հայտնել է BBC News-ը երեկ, իր կայքում:

Նրա խոսքով, արքայադստուստրն իրեն 1992-ին անձամբ է փոխանցել հեռախոսագիրքը, որ ԶԼՄ-ներում դաշնակիցներ գտնի ու Չարլզին”ձեռնոց նետի”, որից ամուսնալուծվել էր 11 տարվա միությունից հետո: Դիանան ցանկանում էր որ Գուդմանը համեմատեր, Չարլզի աշխատակիցների ու սպասավորների թիվն իրենի հետ:

Գուդմանի խոսքով, Դիանան ցանկանում էր ցույց տալ, թե ինչ ուժեր են իր դեմ միավորվել: Նա հատուկ զանգահարել է լրագրողին, որ հավաստիանա, որ վերջինս ստացել է հեռախոսագիրքը, հավելել է մեղադրյալը:

Գուդմանը նաև նշել է, որ այդ հեռախոսագրքույկը մեկն է  այն մի քանիսից, որ ինքը կարողացել է ձեռք բերել` թագավորական կյանքը լուսաբանելու համար:

News of the World –ի նախկին լրագրողը մեղադրվում է նրանում, որ իբր ոստիկաններին վճարել է թագավորական ընտանիքի հեռախոսահամարները ձեռք բերելու համար: Գուդմանը հերքում է, որ երբևէ դրա համար գումար է վճարել: Ու, բացի  այդ, նա ասում է, որ համարների մեծ մասը ազատ կարելի է գտնել  տեղեկատուներից:

Նրա հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել News of the World –ի 6 աշխատակից, որոնք եղել են խմբագիրներ ու ադմինիստրատորներ:

News of the World –ի լրագրողների` գաղտնալսման շուրջ սկանդալը բորբոքվել է 2011-ի կեսին: News of the World –ի մեդիահոլդինքի տերը` Ռուպերտ Մերդոկը ստիպված էր իրեն պատկանող թերթը փակել: Հրատարակությանը ղեկավարներն ու շատ լրագրողներ ակամայից դարձան իրավապահ մարմինների կողմից հարուցված գործի մասնակից: Կասկածյալների մեջ հատնվեց նաև թերթի նախկին գլխավոր խմբագիր Ռեբեկա Բրուքսը:

Անկախ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է դատական կաշառքի սակագները.hetq.am

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույը, որտեղ անդրադարձել է դատական կաշառքի սակագներին,հաղորդում է  hetq.am-ը:

«Մեր կողմից անցկացված հարցումների արդյունքում պարզվ ել են դատական համակարգում առկա հետևյալ կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը և տրման ձևերը:
Տարբերակ 1. Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:
Տարբերակ 2. Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև:
Դատական կաշառքի սակագներ
 
Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատնվում են հետևյալ միջակայքերում.
  •  առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար,
  •  վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար,
  • Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
Տարբերակ 3. Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որևէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում և հրանգավորվում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամի կողմից:
Տարբերակ 4. Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը և փոփոխմանը»,- գրել է ՄԻՊ-ը: Մանրամասները` զեկույցում:

Խաղեր` հայաստանցի մեկ մասնակից մարզիկով

2-rd nyut ՈՒԿՐԱԻՆԱ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ_140240_00058_1_t218_220503Սոչին հյուրընկալել է ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարզիկներին` պարալիմպիկ խաղերի մասնակիցներին: Ստուգատեսը մեկնարկել է մարտի 7-ին և կավարտվի 16-ին: Ուժերն են չափում 45 երկրների 1650 պատվիրակներ: Նրանք պարգևներն են խաղարկում 5 մարզաձևերում՝ դահուկավազք, բիաթլոն, սլեդջ-հոկեյ, կյորլինգ՝ անվասայլակներով և լեռնադահուկային սպորտ: Կվիճարկվի մեդալների 72 հավաքածու:

Հայաստանից հանդես կգա 33-ամյա լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը: Նա մարտի 13-14-ը կարողությունները կփորձի հսկա ու հատուկ ոլորավայրէջքում:

Խաղերում մեր երկրի պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի պարալիմպիական կոմիտեի և հաշմանդամ մարզիկների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը: Պատվիրակության կազմում է նաև կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը: Արցախցի Ավանեսյանի մարզիչն է Րաֆֆի Դերդերյանը:

Մհերը դժբախտ պատահարի` հոսանքահարման հետևանքով 7 տարեկանում կորցրել է երկու ձեռքը: Նա 14 տարեկանից զբաղվում է լեռնադահուկային սպորտով և խաղերին փետրվարից է նախապատրաստվել, մրցավայր ուղևորվելուց առաջ 20-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում:

Ի դեպ, միայն հունվարի վերջին է պարզվել, որ պարալիմպիկ խաղերում մեր երկիրը միայն մեկ ներկայացուցիչ է ունենալու: Հայաստանին տեղը հատկացվել է հրավերով` «սպիտակ քարտով»: Ակնկալվում էր, որ խաղերին մասնակցելու հնարավորություն կտրվի նաև մեր երկրի մեկ մարզուհու, սակայն այդ հարցն այդպես էլ չի կարգավորվել, կազմակերպիչները ևս մեկ հրավեր չէին ուղարկել:
Ի դեպ, Ավանեսյանը, սկսած 1998-ից, մասնակցել է պարալիմպիկ նախորդ բոլոր խաղերին:

Սոչիի «Ֆիշտ» մարզասրահում կայացած խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերինը, հիանալի էր կազմակերպվել:

Շքերթին Ուկրաինայից մեկ մասնակից կար: Այդ երկրում ստեղծված քաղաքական լարված իրավիճակի, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ունեցած խնդիրների պատճառով ուկրաինացիները չէին ցանականում ներկա գտնվել, խաղերի բացման նախօրեին ցանկանում էին հեռանալ, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է նրանց և համոզել: Երթին ուկրաինացի մեկ մարզիկ էր մասնակցում: