Մուրմանսկի մարզում բժիշկները ցածր աշխատավարձի պատճառով հացադուլ են անում

1353-390x290 (1)

Այսօր Սևերոմորսկի կենտրոնական մարզային հիվանդանոցի բժիշկները հացադուլ են հայտարարել ցածր աշխատավարձի պատճառով: Նրանք համաձայն չեն տարածաշրջանային իշխանությունների վիճակագրական տվյալների հետ,  ըստ որոնց իբր, բուժաշխատողների աշխատավարձը միջինը 55 հազար ռուբլի է: Իրենք բժիշկները հայտարարում են, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Նրանք նախագահ Պուտինին բողոք նամակ են գրել ու իրազեկել հիվանդանոցի ղեկավարությանն առավոտ 7:30-ից հացադուլ սկսելու մասին: Տարածաշջանային իշխանություններն էլ  իրենց հերթին նրանց մեղադրել համագործակցել չցանկանալու մեջ:

Ավելի վաղ Պուտինի հետ «ուղիղ կապի» էր դուրս եկել Սանկտ Պետերբուրգից բարձր որակավորում ունեցող բուժքույրերից մեկը: Կնոջ  խոսքով, իր աշխատանքի դիմաց ամբողջ գումարն իր ձեռքը չի հասնում:

Գործով դատախազությունը ստուգում էր անցկացրել ու պարզել, որ խախտումներ չկան:

Անկախ

Երկրին շատ նման նոր մոլորակ է հայտնաբերվել

մոլորակԱստղագետները Երկրի նման մոլորակ են բացահայտել: Նրանց խոսքով` սա գիտությանը հայտնի մոլորակներից ամենաշատն է նման Երկիր մոլորակին:

«Kepler-186f»  անվանումը ստացած մոլորակը գտնվում է այսպես կոչված բնակելի գոտում.  աստղից  այնպիսի հեռավորության վրա է, որ կյանքի առաջացման համար բարենպաստ պայմաններ կան:

Այս մոլորակում ոչ շատ շոգ է, ոչ էլ շատ ցուրտ: Գիտնականները կարծում  են, որ մոլորակի մակերևույթին կարող է լինել ջուր հեղուկ վիճակով, ինչը կենդանի օրգանիզմների առաջացման և զարգացման հիմնական նախապայմանն է:

Աստղը, որի շուրջը պտտվում է մոլորակը, գտնվում է Երկրից 500 լուսային տարվա հեռավորության վրա:

Աստղը մի քիչ փոքր է Արևից ու մի փոքր էլ սառն է, իսկ մոլորակը` հակառակը, մոտ 1/10-րդով մեծ է Երկրից:

Վերջին տարիներին արեգակնային համակարգից դուրս մոլորակների մի քանի կարևոր բացահայտումներ են եղել: Առաջին մոլորակը բացահայտվել է 20 տարի առաջ, ներկայումս «Kepler»  աստղադիտակի շնորհիվ արդեն դրանց թիվը հասնում է 2 հազարի:

Այնուամենայնիվ, Երկրին այդքան նման մոլորակը պտտվում է Արևին նման աստղի շուրջը և նույն հեռավորության վրա, ինչը մինչ այս որևէ այլ տեղ չի նկատվել:

BBC-ն տեղեկացնում է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը հավանության է արժանացրել «Պլատո» աստղադիտակի ստեղծման նախագիծը: Այն հատուկ կնախագծվի Երկրի նման մոլորակներ բացահայտելու  համար:

Ես մտածում եմ իմ ժողովրդի մասին, որ ի վերջո ցեղասպանությունը ճանաչվի

հայկ ղազարյանՀարցազրույց պատմաբան Հայկ Ղազարյանի հետ
– Պարոն Ղազարյան, հայ ժողովրդի ցեղասպանության պրոցեսը սկիզբ է առել 1890 թ. և ավարտվել 1922 թ., իսկ ցեղասպանության իրականացման գագաթնակետը եղել է 1915 թ. ապրիլի 24-ը: Կատարվեց մի ամբողջ ժողովրդի բնաջնջում, մենք կորցրեցինք մեկուսուկես միլիոնից ավելի խաղաղ բնակչություն և շուրջ 300 հազ. քկմ տարածք` մեր պատմական հայրենիքը, տասնյակ միլիարդների հասնող ազգային հարստություն: Եվ մեր ամբողջ աշխարհասփյուռ հայ ազգի գերնպատակն է ժամանակակից Թուրքիայից պահանջել այն, ինչը մեզ է պատկանում: Հնարավո՞ր է դիվանագիտական ուղիներով, դատական միջազգային ատյաններով լուծում տալ մեր պահանջատիրությանը:
– Ցեղասպանության 90-ամյակի տարեդարձից սկսած` Հայաստանի և հատկապես սփյուռքի պատմաբանները, գիտական աշխատողները, քաղաքագետները հսկայական աշխատանք ծավալեցին և լույս տեսան մի շարք արժեքավոր մենագրություններ: Մոսկվայում Յուրի Բարսեղովը հրատարակեց իր եռահատոր «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունը: Փաստաթղթեր և մեկնաբանություններ» ռուսերեն ժողովածուն: Նա, լինելով իրավաբան, փաստաթղթերին տվել է այն արժեքն ու ուղղությունը, որով կարելի է դիմել Հաագայի միջազգային դատարան և քննել հայկական դատը:
Սփյուռքում պատմաբաններն ավելի շատ զբաղվում են պատմագրությամբ, հատկապես` ամերիկահայ պատմաբանները: Վահագն Դադրյանը, որ հանդիսանում է Վաշինգտոնի հայկական ցեղասպանության ինստիտուտի տնօրենը, հրատարակեց հայկական ցեղասպանության պատմության վերաբերյալ մի շարք աշխատություններ` անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն: Հրատարակած աշխատություններ ունի նաև Ռիչարդ Հովհաննիսյանը, որ Կալիֆոռնիայի հայագիտության ամբիոնի վարիչն է: Բաց է մնում հայալեզու գրականությունը: Ժամանակին աշխատանքներ են հրատարակել պրոֆեսորներ Մկրտիչ Ներսիսյանը, Ջոն Կիրակոսյանը, Երվանդ Սարգսյանը, Լավրենտի Բարսեղյանը և շատ-շատերը:
– Դուք անմասն չեք այդ մեծ գործին և ունեք ձեր մենագրությունները: Ի՞նչ եք ներկայացրել ձեր գրքերում, որ առավել նշանակություն ունեն մեր արդար դատը շահելու գործում:
– Իհարկե, որոշ ծառայություններ ես էլ ունեմ, սկսած դեռևս 1959-ից` զբաղվել եմ Արևմտյան Հայաստանի պատմությամբ: 1967 թ. լույս տեսավ «Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ.» ծավալուն մենագրությունս, որ ես համարում եմ իմ աշխատությունների հիմքը: Գիրքը ստեղծվեց Երևանի, Մոսկվայի, Բաքվի պահոցներում քնած փաստաթղթերի, արխիվային նյութերի հիման վրա: Զարմանալին այն էր, որ այդ գրքին հավանություն տվեց երբեմնի ՀԿԿ գլխավոր քարտուղար Աշոտ Հովհաննիսյանը: Նրա գիտելիքների առատ պաշարից ես շատ եմ օգտվել, իմ դոկտորական թեզը հրատարակվեց ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի խմբագրությամբ: Գրախոսականը գրվել էր Բեյրութում հրատարակված «Բագին» ամսագրում ՀՀԴ բյուրոյի ղեկավար Սիմոն Վրացյանի խմբագրությամբ:
Հետագայում` 2000 թ., հրատարակեցի «Արևմտահայությունը ցեղասպանության նախօրյակին» աշխատությունը: Եղա Մոսկվայում, Փարիզում, Շվեյցարիայում, Գերմանիայում և կարողացա կուտակել արխիվային նյութեր, որոնք հիմք ծառայեցին հետագայում ստեղծելու իմ կապիտալ աշխատությունը: 2005 թ. լույս տեսավ «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» երկհատորյակը:
Ժամանակին Սիմոն Վրացյանը Բեյրութում, Փալանջյան վարժարանում ինձ ասաց. «Գիտե՞ս, բոլորը հրատարակում են հայերենով, ռուսերենով, պետք է ցեղասպանության պատմությունը հրատարակել նաև օտար լեզուներով»:
Եվ ես երկհատորյակը հրատարակեցի 5 լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, թուրքերեն: Այն դրվեց գիտական շրջանառության մեջ: Գիրքն իմ օգնությամբ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի միջոցով հասավ աշխարհի 16 երկրների նախագահներին:
Բնության և հասարակության մասին գիտությունների Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի, որի անդամներից եմ նաև ես, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք ակադեմիկոսների` Սերգեյ Սարինյանի, Ալեքսանդր Մանասյանի, Արտեմ Սարգսյանի և շատերի միահամուռ ջանքերով գիրքը ներկայացվեց Նոբելյան մրցանակի: 2008 թ. փետրվարի 10-ի առավոտյան իմացա, որ գրականության և խաղաղության մրցանակը տրված է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալֆրեդ Գոռին:
Դրանից հետո ինձ հետաքրքրում էր Կարսի պայմանագրի խնդիրը: Հայաստանի ղեկավարությունը, նախագահ Ս.Սարգսյանի գլխավորությամբ, որդեգրեց մի քաղաքականություն, որը պատմության մեջ մտավ որպես «ֆուտբոլային դիվանագիտություն»: Ս.Սարգսյանի թուրքերի հետ բանակցության արդյունքում հրատարակվեց այսպես կոչված «Ճանապարհային քարտեզը»: Երբ Հրանտ Դինքը Երևանում էր, իմ թուրքերեն գիրքը տարավ և խմբագրեց: Ինձ ուղարկեց նաև «Սաբահ» թերթում տպագրված «Ճանապարհային քարտեզը»: Դրա 5 կետերից նշեմ երկուսը. «1.Հայաստանի ղեկավարությունը և Թուրքիայի ղեկավարությունը ճանաչում են Կարսի պայմանագիրը. 2. Պետք է ստեղծել հանձնաժողով և քննարկել` ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ»: Ընդ որում, այդ հանձնաժողովի կազմում պետք է մտնեին հայեր, թուրքեր և եվրոպական երկրների ներկայացուցիչներ:
Ս.Սարգսյանը Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտությունով» ուզում էր սահմանները բացել: Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թ. հոկտեմբերի 13-ին, որով Թուրքիային էր հանձնվում Կարսը, Արդահանը, Իգդիրը, Սուրմալուն: Նախքան Ազգային ժողովի հաստատումը փաստաթղթերն ուղարկվեցին Սահմանադրական դատարան, որը մերժեց և գտավ, որ դրանք չի կարելի ստորագրել:
Ես հրատարակեցի մի մենագրություն` «Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերն ու դրանց ողբերգական դերը հայ ժողովրդի ճակատագրում»: Գիրքը մակագրած ուղարկեցի Ս. Սարգսյանին, ստացա պատասխանը, որում գրված էր. «Պ-ն Ղազարյան, ինչպես ես, այնպես էլ նախագահի ամբողջ անձնակազմը խորին շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նման կապիտալ աշխատություն ստեղծելու համար և Ձեր դիտողությունները մենք անպայման հաշվի կառնենք»:
Եվ ահա, Ս. Սարգսյանը նամակով դիմեց Ազգային ժողով, հետ վերցրեց այդ արձանագրությունները: Փաստորեն, սառեցրեց: Մենք միշտ պարտվել ենք թուրքերից, մոնղոլներից, թաթարներից, սելջուկներից, միակ հաղթանակը Արցախյան փայլուն հաղթանակն է, որի արդյունքում 5-6 հազար քկմ տարածք ազատագրվեց, և դա թուրքերը դարձրել են վեճի առարկա: Խնդիրը հետևյալն է մենք կորցրել ենք 325 հազ. քկմ,
Նախիջևանն էլ Հայաստանի անբաժան մասն էր, Կարսի պայմանագրով այն հանձնվեց Ադրբեջանին, բոլոր փաստաթղթերը կան իմ գրքում:
Այնուհետև հրատարակեցի «Սևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան-Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ» երկհատորյակը: Սա իր տեսակի մեջ եզակի աշխատություն է: Աշխատության մեջ դրված է Սևրի պայմանագիրը, որը ոսկե գրիչով ստորագրել է Ավետիս Ահարոնյանը 1920 թ. օգոստոսի 10-ին նշելով, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն է:
Գրքում առաջին անգամ Սևրի պայմանագիրը շրջանառվում է թուրքերենով, տեղադրել եմ նաև ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն տարբերակներով:
1. Սևրի պայմանագրով դաշնակից 14 տերությունները Սուլթանական Թուրքիայի հետ պայմանագիր են ստորագրում և վերընձյուղում ազատ, անկախ և միացյալ ընդարձակ Հայաստան պետությունը:
2.Առաջին աշխարհամարտում հաղթանակած տերությունների միակամ համաձայնությամբ և հանձնարարությամբ` ԱՄՆ 28-րդ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնն իրավարար վճիռ է արձակում և միացյալ Հայաստանի նոր պետության սահմանները բաժանում երբեմնի Սուլթանական բռնապետությունից:
Առաջին հատորը գրելուց հետո չբավարարվեցի, որովհետև Սևրի պայմանագրի օրգանական շարունակությունն էին Վիլսոնյան փաստաթղթերը: Վիլսոնն Ամերիկան դարձրեց Ամերիկա: Վիլսոնն առաջին նախագահն էր, որ չեղյալ հայտարարեց Մոնրոյի դոկտրինան: Այդ հրաշալի մարդու կենսագրությունը խորությամբ հրատարակել եմ գրքում: Վիլսոնը Ժան Ժորեսից հետո երկրորդ մարդն էր աշխարհում, որ ձգտում էր խաղաղության: Վիլսոնն առաջադրեց իր 14 կետերը, որոնք համաշխարհային պատմության մեջ մտել են որպես խաղաղության ամենամեծ ծրագիր: Վիլսոնը կարծում էր, որ Հայաստանը պետք է ստանա իր կորցրած տարածքները և ի տարբերություն Սևրի պայմանագրի` դրեց իր` վիլսոնյան քարտեզը, որի վրա ստորագրել է և դրել կնիքը: Քարտեզը` արված անգլերենով, հայերեն զետեղված է գրքում: Վիլսոնը համարում էր, որ Տրապիզոնի վրայով հայերին ճանապարհ պիտի տան դեպի ծով, դեպի Եվրոպա: Նա ճանաչում էր հայոց անկախ պետությունը մոտավորապես 160 հազ. քկմ տարածքի վրա: Վիլսոնյան փաստաթղթերը, դժբախտաբար, պատշաճ ուշադրության չարժանացան: Պատճառն այն էր, որ Ռուսաստանում հաղթանակել էր սոցիալիստական հեղափոխությունը, և այդ ալիքը հրդեհի նման տարածվում էր: Սևրի պայմանագրից հետո Վիլսոնը վերադարձավ Ամերիկա, որ դիմի Կոնգրեսին: Ցավոք, նա կաթված ստացավ: Վատ վիճակում անգամ նա գնացքով գնում էր ամերիկացիներին բացատրելու, որ մի քրիստոնեական ժողովուրդ տառապանքի մեջ է: 1919 թ. փետրվարի 26-ի բոստոնյան ելույթում հնչում է Վիլսոնի հայտնի կոչը. «Զորակցե՛ք, որ այլևս հայերը երբեք չտառապեն»: Վիլսոնը չկարողացավ հասնել իր նպատակին, 68 տարեկանում մահացավ, փաստաթղթերն էլ դրվեցին մի կողմ:
– Իսկ ի՞նչ գործնական քայլեր են անում մեր հայ պատմաբանները, որպեսզի ցեղասպանության թեման հասանելի լինի նաև թուրք ժողովրդի այս սերնդին:
– Ես կարծում եմ, որ հարկավոր է ստեղծել մի միջազգային մարմին և չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը: Եթե դա արվի` մենք կստանանք Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, Իգդիրը, Անիի ավերակները և Արարատ լեռն իր հարակից շրջաններով: Գոյություն ունի դիվանագիտական ճանապարհ: Փաստաթղթերով, միջազգային ատյանների միջոցով Թուրքիայից կարելի է ստանալ այն, ինչ հնարավոր է: Հարկավոր է հրատարակել փոքրիկ գրքույկներ եվրոպական լեզուներով և, հատկապես թուրքերենով: Այսօրվա թուրք ժողովուրդը նախկինից մի քիչ տարբերվում է: Ճիշտ է, նրանք Հրանտ Դինքին սպանեցին, նացիոնալիզմը, պանթուրքիզմը խեղդում է նրանց, բայց թուրքերի մեջ կա մի սերունդ, որը չգիտի ցեղասպանության մասին: Հարկավոր է` իմանան, որ իրենք ցեղասպան ազգ են և մեղքն իրենց ուսերին է: Այդ մեղքը թոթափելու համար կա երկու ճանապարհ. 1. Թուրքիան պիտի ընդունի իր մեղքը և ճանաչի հայերի ցեղասպանությունը. 2. 325 հազ. քկմ տարածքից, ինչքան հնարավոր է, վերադարձնի Հայաստանին:
Գերմանիան կարողացավ այդ մեղքն իր ուսերից թոթափել, թուրքերն էլ կարող են:
Ես մտածում եմ իմ ժողովրդի մասին, որ ի վերջո ճանաչվի ցեղասպանությունը, և տեր դառնանք մեր հայրենիքին:
Հարցազրույցը` Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆԻ

Անկախ

Դերասանուհի Ջոդի Ֆոստերը ամուսնացել է իր ընկերուհու հետ

o_936394Օսկարակիր դերասանուհի Ջոդի Ֆոստերը պաշտոնապես ձևակերպել է իր հարաբերությունները  ընկերուհու`Ալեքսանդրա Հեդիսոնի հետ: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին և այդ նորությունը անմիջապես հայտնվել է ԶԼՄ-ներում: Այնուհետև այդ տեղեկությունը  Associated Press գործակալությանը հաստատել է դերասանուհու ներկայացուցիչը:

Հաղորդում են, որ 51-ամյա դերասանուհու և նրա 44-ամյա լուսանկարիչ ընկերուհու հարսանիքը բավականին համեստ է անցել, այնպես որ դեպքի կապակցությամբ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Los Angeles Times-ը գրում է, որ Ֆոստերը երբեք չի խոսել իր կողմնորոշման մասին, սակայն 2013թ. “Ոսկե գլոբուս” մրցանակի հանձնման արարողության ժամանակ իր ելույթում ակնարկել է միասեռական կապի մասին: Նա չի օգտագործել “հոմոսեքսուալիզմ” բառը, բայց հիշել է իր նախկին ընկերուհուն`Սիդնի Բերնարին, որի հետ միասին մեծացրել է երկու երեխա: Իր զգացմունքային ելույթում դերասանուհին Բերնարի մասին արտահայտվել է, որպես “իր կյանքի ամենամեծ սերերից մեկի:” և “հոգևոր քրոջ”:

Ի միջի այլոց Բերնարի հետ իր հարաբերությունները Ֆոստերը երբեք չի թաքցրել, չնայած իր անձնական կյանքի մասին չի խոսել:Հայտնի է, որ նրանք ծանոթացել են 1993թ, միասին մեծացրել են երկու որդիներին`Կիտին և Չարլիին, որոնք համապատասխանաբար 12 և 15 տարեկան են: 2008թ. ընկերուհիները բաժանվել են: Անցյալ տարի ամռանը “Գառների լռությունը” և “Էլիզիում. դրախտ Երկրի վրա” ֆիլմերի աստղը սկսեց հանդիպել Հեդիսոնի հետ:

ջոդի ֆոստեր.jpg1Դա առաջին միասեռական ամուսնություը չէր այս տարվա ընթացքում: Մեծ Բրիտանիայի իշխանությունների այդպիսի ամուսնությունները թույլ տված ընդունած օրենքի հետևանքով , Էլտոն Ջոնը ամուսնացավ իր վաղեմի ընկերոջ`  Դեվիդ ֆերնիշի հետ: Իսկ Մարտի  30 -ին ամուսնացան “Մեծ պայթյունի տեսություն”  հայտնի հեռուստասերիալի աստղերը`Սառա Հիլբերտն ու  4 Non Blondes ռոկ խմբի նախկին մասնակից Լինդա Պերրին:

Անկախ

Կանադայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

1349-390x290

Կանադայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ ուժեղ`  6,7 մագնիտուդով երկրաշարժ է եղել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տեղեկության համաձայն, էպիկենտրոնը Պորտ-Հարդի քաղաքից 94 կմ հարավ է գտնվել, օջախը` 11,4 կմ խորության վրա: Զոհերի կամ վիրավորների , ինչպես նաև ավերածությունների մասին նույնպես տվյալներ չեն եղել:

Անկախ

Ժխտման և պահանջատիրության պայքար. թուրքերն ու հայերը մրցում են, որ հետ չմնան 2015-ի պատրաստություններում

ծիծեռնակաբերդի հուշահամալիրՑեղասպանության 99-րդ տարելիցը նորից առիթ դարձավ, որ ակտիվանան քննարկումները, թե ինչ փուլում է ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, հայկական կողմը որքանով է արդյունավետ հակազդում թուրքական ժխտողականությանը, և ի վերջո, կարողանո՞ւմ ենք հայերս մեր պահանջները հստակ ներկայացնել միջազգային հանրությանը:

Հարցերի պատասխանն «Անկախը» փորձել է պարզել` զրուցելով հայտնի թուրքագետների հետ:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով` ամեն ինչ իր հերթն ունի. նախ պետք է լինի ճանաչումը, ապա նոր հատուցումը: Իսկ մինչ այդ, հատկապես ներկայիս արտագաղթի տեմպերի պայմաններում, ըստ Չաքրյանի, վաղ է հողային հատուցման պահանջների մասին խոսելը:
«Քանի դեռ Միացյալ Նահանգները չի ճանաչել, գործընթացը լիարժեք չէ, բայց ԱՄՆ-ում էլ գործընթացը հասունացել է, նահանգների մեծ մասն արդեն ճանաչել է»,- ասում է Չաքրյանը` հավելելով, որ ակնկալում է` 1915-ին ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչն էլ նոր թափ կհաղորդի միջազգային ճանաչմանը:
«Այն երկրները, որոնք պատրաստ էին ճանաչելու Ցեղասպանությունը և հակադրվելու Թուրքիային, արեցին: Մնացածը դեռ պատրաստ չեն: Բայց ԱՄՆ-ի ճանաչումից հետո մյուս երկրներն էլ, մասնավորապես Մեծ Բրիտանիան ու Իսրայելն էլ կճանաչեն»,- ասում է Չաքրյանը:

Հակոբ Չաքրյան

Հակոբ Չաքրյան

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով` ժամանակն է ավելի լուրջ քայլերի դիմելու և հարցը իրավական հարթություն տեղափոխելու, մանավանդ որ դա Թուրքիայի թույլ կողմն է:
Համակարծիք է նաև թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ասում է, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը համատեղ ուժերով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղեգիծն են տարել: Այժմ հստակություն մտցնելու պահն է: «Միայն ճանաչմամբ ու դատապարտմամբ չէ, որ հարցը պետք է ընթանա, քաղաքականին զուգահեռ նաև իրավական հարթությունում քայլեր պետք է իրականացվեն,- ասում է Հովսեփյանը:- Քաղաքական հարթությունում հաճախ գործ ենք ունենում այլ պետությունների շահերի, ուստի նաև քաղաքական շահարկումների հետ, իսկ իրավական հարթությունում ավելի հստակ կլինի»:
Հովսեփյանի կարծիքով` մինչ հարցն իրավական հարթություն տեղափոխելը պետք է նախ մանրակրկիտ պլանավորվի, թե միջազգային որ դատարան ենք դիմելու, ինչ մեխանիզմներով, ինչ պահանջով և այլն: Այս գործընթացում, նրա կարծիքով, պետք է ներգրավվեն նաև միջազգային իրավունքի օտարերկրյա մասնագետներ:
Խոսելով ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից` Հովսեփյանն ասում է, որ ցանկացած երկիր, ճանաչելով կամ չճանաչելով, առաջնորդվում է իր շահերով: Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե այս տարի Օբաման ծանրակշիռ հայտարարություն է անելու, ասում է, որ ԱՄՆ-ի կողմից իրական քայլը կլինի ցեղասպանության իրավական գնահատական տալը և ճանաչումը:
«Ես լավատես չեմ, քանի որ պետք է առաջինը հաշվի առնենք տարածաշրջանային աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան, որ այսօր ունենք: Թուրքիան այլևս 15-20 տարի առաջվա պետությունը չէ, որ կախված էր ԱՄՆ-ից, հիմա Թուրքիան որոշակի աստիճանի ինքնուրույնություն ունի,- ասում է Հովսեփյանը ԱՄՆ Սենատի ընդունած բանաձի հնարավոր ճակատագիրը մեկնաբանելով:- Որքան էլ Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքն Արևմուտքում է, դրան զուգահեռ արտաքին քաղաքականության ոլորտում այլընտրանքային մոտեցումների զարգացման հնարավորություններ են ստեղծվել. Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններ, տարածաշրջանում դերակատարություն: Այսինքն` ցանկացած խնդիր լրջորեն կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները, իսկ այս կոնֆիգուրացիայում Թուրքիան բավականին մեծ անելիքներ

Լևոն Հովսեփյան

Լևոն Հովսեփյան

ունի Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական շահերի ու գործընթացների առումով. սիրիական և իրաքյան հիմնախնդիրներ, Ռուսաստանի հետ դիմակայություն` պայմանավորված ուկրաինական ճգնաժամով: Այս պարագայում ԱՄՆ-ի համար տրամաբանական չի լինի Թուրքիային կորցնելը, ուստի ենթադրելի է, որ բարձր մակարդակով բանաձևը կկասեցվի»:
Չաքրյանն ասում է, որ թուրքական ժխտողականությունն աստիճանաբար ավելի ագրեսիվ է դառնում, քանի որ, չնայած մեծ ներդրումներին ու ջանքերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է:
Ըստ Չաքրյանի, անտեղի են նաև Թուրքիայի փոխվելու մասին խոսակցությունները. շարունակում են իրենց նույն հակահայ քաղաքականությունը, ինչը հարյուր տարի առաջ էր:
Հովսեփյանը ևս կարծում է, որ ժխտողականությունը չի փոխվել, ընդամենը մարտավարությունն է որոշակի խմբագրումների ենթարկվել` կոշտից դառնալով այսպես ասած` փափուկ, որն ավելի վտանգավոր է:
Հովսեփյանը, խոսելով թուրք հասարակության և պետության փոփոխության մասին, ասում է, որ հասարակությունը պայմանական հասկացողություն է և շատ բազմաշերտ. գերակշռում են պահպանողական-ազգայնականները, որոնք ցանկացած հայկականությունը դիտարկում են որպես վտանգ ազգային անվտանգությանը, մի փոքր շերտ էլ ազատական մտածողություն ունի: Մտավորականության այս շերտը, սակայն, չի կարողանում ազդել ընդհանուր հասարակական կարծիքի վրա և մնում է մեկուսացված, մարգինալ վիճակում: Բայց, ըստ նրա, միևնույն է, առաջընթացը նկատելի է. ամեն դեպքում կա ազատական հատված, երիտասարդություն` նոր մոտեցումներով ու նոր աշխարհընկալմամբ:
«Թուրքական պետության էությունը մեծ հաշվով չի փոխվել, թուրքական պետությունը հենվում է ազգայնական-պահպանողական հատվածի վրա, որը գերակշռում է: Ցանկացած ուժ, որը ձգտում է կամ գալու է իշխանության Թուրքիայում, պետք է հենվի այդ ազգայնական-պահպանողական հատվածի վրա, իսկ դրա համար պետք է լինի կոնսոլիդացնող գործոն, որն է Հայոց ցեղասպանությունը և թշնամիներով շրջապատված լինելը»,- ասում է Հովսեփյանը` հավելելով, որ թուրքական պետության էությունը չի փոխվում, քանի որ ցանկացած իշխանություն պետք է ունենա հանրային լեգիտիմություն, իսկ դա պետք է ունենա հանրության մեծ շերտի վրա հիմնվելու արդյունքում, և այդ մեծ շերտն ազգայնական-պահպանողական հատվածն է. չես կարող հիմնվել այդ հինգ տոկոս ազատականների վրա:
Հովսեփյանը նշում է, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն ակտիվ պատրաստվում են 2015-ին: Թուրքական կողմը նոր չի սկսել պատրաստությունները, դեռ 2010-11-ից ակտիվ գործողություններ ու քննարկումներ են իրականացվում: Ընդ որում, եթե Հայաստանում մատնանշում են Թուրքիայի պատրաստությունները, ապա այնտեղ էլ հակառակն է, քննարկում են, թե ինչ մեծ թափով է հայկական կողմը պատրաստվում 2015-ին և ինչ պիտի անեն, որ հետ չմնան:

Արևմտյան Հայաստանի ատլասը

10299441_731716323517626_1321808194_nՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տեղանվանագետ Ջուլիետա Եսայանը հրատարակության է պատրաստում Արևմտյան Հայաստանի ատլասը:
Նախադեպը չունեցող քարտեզի հեղինակը նախընթաց տարիներին տպագրել է Հայոց ցեղասպանության մասին պատմաաշխարհագրական տվյալներն ընդգրկող երկու աշխատություն: Ցեղասպանության ատլասը ներառելու է Արևմտյան Հայաստանի վեց նահանգներն ու Տրապիզոնը, ևս մեկ քարտեզ կնվիրվի Կիլիկիային: Բացառիկ քարտեզը համառոտ տեղեկություններ կտա նաև Պատմական Հայաստանի պատմամշակութային արժեքների, եկեղեցիների ու վանական համալիրների մասին, որոնք կողոպտվել են, ավերվել, դարձել հրո ճարակ:
Տեղանվանագետ Ջուլիետա Եսայանն արդեն չորս տասնամյակ մտովի ճամփորդում է Պատմական Հայաստանի բոլոր վեց նահանգներով` չշրջանցելով որևէ բնակավայր, անգամ փոքրիկ գյուղակները, որոնք մինչև 1915 թվականի դեպքերը բնակեցված են եղել հայերով: «Մեկ օրինակ բերեմ. Եփրատ գետն է` Երզնկա քաղաքի մոտ, Էրզրումի նահանգի, Կարնո աշխահի, որտեղ այս բարձրությունից մարդկանց գլորել են: Ամբողջ տարին հայոց աշխարհի գետերը կարմիրով էին ներկված: Երբ գտնում ես թղթե մի փոքրիկ պատառիկ, որը մասունք դարձած վերցնում ես ձեռքդ, սկսում ես փնտրել այդ գյուղը, մտածել` որտեղից են եկել, որ ճանապարհին է, չեմ ուզում որևէ բան կորչի, չէ՞ որ պատմություն է»,- անթաքույց հուզմունքով նշում է Ջուլիետա Եսայանը:
ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ատլասգիտաշխատող Ջուլիետա Եսայանը փնտրել, գտել ու իր հեղինակած քարտեզի ձեռագիր տարբերակում է զետեղել Պատմական Հայաստանի բնաջնջված, ավերված ու հրկիզված մոտ երեք հազար բնակավայր: Առայժմ նախադեպը չունեցող քարտեզն ընդգրկելու է Արևմտյան Հայաստանի վեց նահանգների, նաև Տրապիզոնի ու Կիլիկիայի մասին պատմական հսկայածավալ տեղեկություններ` մոռացումից փրկելով հայկական հարուստ տարեգրությունից պոկված այդ էջի անավարտ դրվագները: Պայմանական նշաններով կառանձնացվեն ամայացած, հրկիզված գյուղերն ու քաղաքները, գաղթի ճանապարհներն ու դեմոգրաֆիական կազմը: Պատմաաշխարհագրական բացառիկ քարտեզը կպատմի նաև հայերի հերոսական ինքնապաշտպանական մարտերի մասին` Զեյթունից մինչև Մուշ ու Վան, Ուրֆա, Խոտորջուր: «Բոլոր բնակավայրերը նախ թալանվել են, ընդհուպ մինչև մարդկանց վրայի կերպասե գեղեցիկ հագուստները, որովհետև թուրքերը չէին կարող այդքան գեղեցիկ հանգնվել»,- նշեց Ջուլիետա Եսայանը:
Շատ անգամ մի գյուղի պատմության վերհանման, տվյալների ճշգրտման համար հեղինակից պահանջվել են ամիսներ: Նրան հուզել են Հայոց ցեղասպանությանն առնչվող բոլոր վավերագրերը, փրկվելու որևէ հույս չունեցող, անապատը նետված երիտասարդ կնոջ ու նրա մանկան ճիչը:
10287090_731716310184294_934898063_nՔարտեզի բաժիններից մեկն էլ նվիրված է Պատմական Հայաստանի պաշտամունքային վայրերին` եկեղեցիներին, վանքերին ու մատուռներին, որոնց անուններն աղավաղվել են, ստացել թուրքական անհեթեթ ու իմաստազուրկ անվանումներ: «Սուրբ Լույս լեռը կամ Սուրբ Բարսեղը դարձրել են Սիպիլուս, Սիլպուս, Սուրբ Գրիգոր լեռնաշղթան դարձրել են Սիպիկոր: Բայց մեկ է, արմատը հիմքում մնում է, և եթե ուզես վերականգնել, դժվար չէ, մանավանդ որ բերդեր, ամրոցներ չեն կառուցել: Նրանք այդ բառերը վերցրել են արաբներից, օրինակ` Հասան կալա: Վարդապետի կամուրջը` Համիդի: Համիդն ի՞նչ կապ ունի: Կամ Հովվի կամուրջը… Ապացուցվելիք բաներ այլևս չկան, բոլորն ապացուցված են, փաստերը երկմտանքի տեղ չեն թողնում»:
Ցեղասպանությանը նվիրված 11 քարտեզից կազմված բացառիկ ատլասն ունենալու է նաև անգլերեն տարբերակը:
Կորսված հայրենիքի քարտեզագրման հսկայածավալ աշխատանքն արդեն ավարտված է: Երկլեզու ատլասն անցել է համակարգչային մշակման և պատրաստ է տպագրության, որի համար հեղինակն ակնկալում է ֆինանսական աջակցություն: Ջուլիետա Եսայանը ատլասի տպագրության համար դիմել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հայկ Դեմոյանի խոսքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը խթանելու, 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծված պետական հանձնաժողովը նման 200 առաջարկ ունի օրակարգում, որոնք պետք է ներկայացվեն քննարկման: Ջուլիետա Եսայանի հեղինակած ատլասը պետական հանձնաժողովի կազմի քննարկմանը կներկայացվի հավանաբար այս տարվա հունիսին:

Մայա Խաչատրյան

Անկախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Բակո ՍահակյանՍիրելի հայրենակիցներ,

Արդեն 99 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում եւ ոգեկոչում է անմեղ զոհերին:
1915 թվականին 1,5 միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում, հրաշքով մահից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ` ապաստան գտնելով տարբեր երկրներում: Այսօր նրանց հետնորդները, կորստի ցավն ու պատմական հայրենիքի կարոտը սրտներում, ապրում ու արարում են այդ պետություններում, որոնք օգնության ձեռք են մեկնել թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին եւ դարձել նրանց երկրորդ հայրենիքը:
Մեծ եղեռնն իրավամբ դասվում է մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործությունների շարքին, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ չեն էլ կարող ունենալ, քանի որ մոռանալ անցյալը` նշանակում է ճանապարհ բացել նոր բարբարոսությունների ու չարագործությունների համար: Այդ իսկ պատճառով մենք մեր ձայնն ենք բարձրացնում հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության:
Մենք վճռական ենք ու վստահ, որ ի վերջո մեր ձայնը լսելի կլինի աշխարհին, եւ հայ ժողովրդի դարավոր պայքարն անպայման կպսակվի հաղթանակով: Վստահ ենք, որովհետեւ լավ ենք սերտել պատմության դասը, եւ օր օրի զորացող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը դրա վառ առհավատչյան է:

 

ք.Ստեփանակերտ, 24 ապրիլի 2014թ.

Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանըԱպրիլի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լուս Ֆրենկելը։

Նախարար Նալբանդյանը ողջունեց Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների այցելությունը Հայաստան և կարևորեց նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերության զարգացման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պատվիրակության անդամների շարունակական քայլերը Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և ասաց, որ խորհրդանշական է, որ նրանք այցելում են Հայաստան 20-րդ դարի առաջին ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակի օրը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ կոնգրեսականները ընդգծեցին, որ այցելությունը լավ հնարավորություն է առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային խնդիրների մասին և վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու լավ երաշխիք է:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

 Անկախ

Քեսապահայության նկատմամբ որդեգրվելիք որոշումները ճակատագրական են լինելու հայության համար

գարեգին չուգասզյան«Բութ անտարբերության, սեփական ճակատագրին տեր չկանգնելու ներկայիս գահավիժող ընթացքը կանգնեցնելու և ազգային համերաշխության վերահաստատման առումներով բացառիկ կարևորություն են ստանում սիրիահայության և քեսապահայության նկատմամբ հայության կողմից որդեգրվելիք ներկայիս ճակատագրական որոշումները»

 

Հարցազրույց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի հետ

 

Պարոն Չուգասզյան, ինչպե՞ս կգնահատեիք ս.թ. մարտի 21-ին Թուրքիայից ներթափանցած իսլամիստ ծայրահեղականների կողմից Սիրիայի հայաբնակ Քեսապի շրջանի գրավման ու քեսապահայերի տեղահանության երևույթը:

 

Տեղի ունեցածը նախևառաջ մի քանի հազար քեսապցի հայրենակիցների մարդկային ողբերգությունն է և մերձավորարևելյան հայությանը հասցված ուժգին հարված:

Սակայն այն ունի նաև աշխարհաքաղաքական կարևորություն:

Ինչպես բազմիցս արդեն նշվել է, Քեսապը ծովափնյա Սիրիայի ռազմավարական նախադուռն է մի կողմից դեպի ալեվիների, ուրեմն և Ասադի իշխանության գլխավոր հենակետային տարածք, իսկ մյուս կողմից, որ նույնպես կարևոր է, դեպի ռուսական ռազմանավերի Միջերկրականի միակ ռազմակայանը: Սրանով է բացատրվում Քեսապի՝ աշխարհաքաղաքական օրակարգում հայտնվելը և տեղեկատվական շահարկումների ենթարկվելը:

Սակայն մեզ, հայերիս համար տեղի ունեցածը ունի այլ՝ համահայկական նշանակություն ևս:

Նախ՝ 1915թ. աղետի հարյուրամյա տարելիցի շեմին Քեսապի բռնագաղթի լկտի գործողությամբ վերաբացվում է Հայոց Ցեղասպանության հիշողությունը՝ որպես շարունակվող իրականություն:

Սա էթնիկական զտման դասական օրինակ է, որի համար, առաջին հերթին, անկասկած պատասխանատու է ներկայիս թուրքական պետությունը, քանի որ իր սահմաններից է տեղի ունեցել իսլամական ծայրահեղականների զինված հարձակումը հայկական բնակավայրի վրա և խաղաղ բնակչության ահաբեկման պայմաններում վերջինիս տարհանումը:

1915 թ.-ից հետո՝ տասնամյակներ շարունակ, իրենց պատմական հայրենիքին մոտ գտնվող հայաշունչ գաղութները մշտապես իրենցից պոտենցիալ վտանգ են ներկայացրել՝ որպես արևմտահայ պահանջատեր գաղութներ: Եվ ահա, թուրքական պետությունը, իր կարծիքով, ստացել է հարմար առիթ՝ ցիրուցան անելու արևմտահայ ամենահին գաղութը՝ սիրիահայությունը և իր սահմանին գտնվող պատմական Կիլիկիայի մաս կազմող Քեսապը:

Սակայն Մուսա լեռան մոտակայքում գտնվող Քեսապը վերաբացում է նաև հայտնի հերոսամարտի հիշողությունը, որը սեփական ճակատագիրը արժանապատվությամբ տնօրինելու ամենավառ օրինակն է:

Եվ ահա մենք լսում ենք խաղաղ քեսապցիների շրջանում զինված ինքնապաշտպանության առաջին փորձերի մասին:

 

Քեսապի ու քեսապահայության հետագա ճակատագրի կապակցությամբ Սերժ Սարգսյանը պաշտոնական կարծիք հայտնեց, որ դա մեր պատերազմը չէ, մենք այդ պատերազմում պետք է չեզոք լինենք, այլ ոչ թե կողմ: Ձեր դիրքորոշումը այս տեսակետի վերաբերյալ:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս խոսքը պայմանավորված է սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովման ողջամիտ անհանգստությամբ: Սակայն խնդրի ավելի խոր քննությունը մի շարք հարցեր է առաջադրում:

Ովքե՞ր են մտնում վերոհիշյալ «մենքի» մեջ: Արդյո՞ք այդ «մենքում» քեսապահայերը, սիրիահայերը, լիբանանահայերը և առհասարակ արևմտահայերը տեղ ունե՞ն, թե՞ ոչ: Եթե տեղ ունեն, ապա որտե՞ղ՝ իրենց ներկայիս կացության երկրներո՞ւմ, Հայաստանի Հանրապետությունո՞ւմ, Արցախո՞ւմ, ազատագրված տարածքներո՞ւմ, թե՞ Արևմուտքում կամ Մաքսային Միությունում… Եթե Հայաստանում, ապա ո՞ւր կորավ ներգաղթած իրաքահայերի գերակշռող մեծամասնությունը: Եվ արդյո՞ք նույն ճակատագիրը չի սպասում Հայաստան ներգաղթած սիրիահայերին:

Հայության պատմամշակութային հետքը, դերն ու ներկայությունը հնարավորություն են տալիս ասելու, որ մենք, հիմնականում ապրելով Հարավային Կովկասի տարածաշրջանում, չենք դադարում Մերձավոր Արևելքի ժողովուրդ լինել, և այդ ամբողջ տարածքում ունենք անշրջանցելի շահեր և իրավունքներ:

Սա սկզբունքային աշխարհաքաղաքական հաստատում է, որը կենսական նշանակություն ունի մեզ համար ցանցային ներկայիս դարաշրջանում և որից բխում են ռազմավարական բնույթի քաղաքական եզրակացություններ:

Ե՞րբ և ինչպե՞ս պետք է արձագանքի հայությունը մերծավորարևելյան գաղութների ցանցի վերացման վտանգին: Արդյո՞ք նույն կերպ կշարունակի արձագանքել Սերժ Սարգսյանը, եթե Աստված մի արասցե, վտանգը կախվի Երուսաղեմի և կամ Լիբանանի հայության գլխին:

Արդյո՞ք արևմտահայ գաղութների վերացման հետ հայաստանյան հանրության կողմից համակերպվելը չի նշանակում, որ մենք Հայաստանում նորից վերադառնում ենք «թղթե շերեփի» քաղաքականությանը: Գոյություն ունի՞ արդյոք որևէ «կարմիր գիծ», որի խախտումից հետո ներկայիս վարչակազմը պատրաստ է գիտակցորեն այն դիմագրավելու որպես «մեր պատերազմ»: Տպավորություն է ստեղծվում, որ վերջինս պատրաստ է պաշտպանել միայն այն «կարմիր գծերը», որոնք իրեն թելադրվում են Հյուսիսից կամ Արևմուտքից:

Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունը պարտավոր էր գիտակցել, որ սփյուռքի հնագույն ու պատմական հայրենիքի անմիջապես մոտակայքում գտնվող համայքներին վիճակված պատանդային կացությունը, հայ բնակչության տարհանումը իր հայրենիքից, մեզ համար չեն կարող համարվել օտար երկրում ընթացող շարքային պատերազմական գործողություններ:

Եվ հնարավո՞ր է արդյոք չեզոքություն, այն պարագայում, երբ հայկական պատմական բնակավայրը արդեն իսկ ահաբեկման և զինված հարձակումների է ենթարկվում:

 

Ինչպե՞ս կգնահատեք ս.թ. ապրիլի 21-ին Երևանի օդանավակայանում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կամավորոկանների առաջին խմբի՝ դեպի Լաթաքիա մեկնումը խափանելու գործողությունը:

Սա, իհարկե կատարյալ խայտառակություն է, որը իր հերթին մերկացնում է մեր իրական ազգային անվտանգության անմխիթար վիճակը:

Ինչո՞ւ չեն կարող կամավորականները ինքնուրույն քայլեր կատարել Քեսապի ինքնապաշտպանության կազմակերպմանը սատարելու գործում: Չէ՞ որ այսօր օրախնդիր է ձեւավորել անվտանգության ու խաղաղության այնպիսի կղզյակներ, որոնք վաղը պետք է դառնան Սիրիայում համընդհանուր խաղաղության հաստատման ինքնուրույն հայկական գործոններ:

Եվ ամեն տեսակ ֆիզիկական անվտանգության ապահովում վտանգված է, եթե բացակայում է բարոյա-հոգեբանական արժանապատիվ կեցվածքը: Եվ չի՞ խախտվում արդյոք վերջինս, երբ հիմարություն է հայտարարվում ինքնապաշտպանության բնական իրավունքին սատարող կամավորական համերաշխությունը:

Հատկապես այսօր՝ Աղետի հարյուրամյա տարելիցի շեմին, այս իրադարձությունների գումարային ազդեցությունը մեր ազգային արժանապատվության կորիզի ոչնչացման վտանգ է պարունակում և ուրեմն ազգային անվտանգությանը նետված մեծագույն մարտահրավեր է:

Ահա այս մասշտաբային մարտահրավերին դեմ հանդիման ազգային «ջոջերի» որդեգրած փոքրոգի վարքը իրականում պատասխանատվությունից խուսափելու, «ձեռքերը լվալու» և ազգային ապագայից հրաժարման նվաստացուցիչ քաղաքակականություն է:

Կամա թե ակամա, քեսապահայ և ավելի լայն՝ սիրիահայ համայքի հետագա ճակատագիրը պայթուցիկ ազդեցություն կարող է ունենալ մեր ազգային հավաքական գիտակցության և հոգեբանության վրա՝ թե՛ նրան նիրհից արթնացնելու և թե՛ կամազրկելու կրկնակի հեռանկարով: Այս իմաստով այն համեմատելի է սումգայիթյան հայտնի իրադարձությունների կարևորության հետ:

Բութ անտարբերության, սեփական ճակատագրին տեր չկանգնելու ներկայիս գահավիժող ընթացքը կանգնեցնելու և ազգային համերաշխության վերահաստատման առումներով բացառիկ կարևորություն են ստանում սիրիահայության և քեսապահայության նկատմամբ հայության կողմից որդեգրվելիք ներկայիս ճակատագրական որոշումները:

Պատմական հիշողության մեջ անթեղված հիշատակների արթնացումը չպետք է հիմնված լինի նոր սարսափների կամազրկող սպասումների վրա, ինչպես փորձում է ներկայացնել Սերժ Սարգսյանը, այլ ընդհակառակը՝ մենք դատապարտված ենք անհրաժեշտ կարծրության ձեռքբերման՝ հիշելով այն խայտառակ կրավորականության դրվագները, որով մեզնից ոմանք 1915թ. Աղետի օրերին հրաժարվում էին պաշտպանել մեր բնակավայրերը, մեր օջախները, մեր կանանց ու երեխաներին և դատապարտում էին նրանց տարհանման ու անսահման նվաստացման: Մյուս կողմից, մեր մեջ երբեք պետք է չհանգչի մեր պապերի մղած պայքարի կենդանի հիշողությունը, որի շնորհիվ մենք այսօր կանք, ու պիտի վերականգնենք մեր արժանապատիվ կեցությունը, որպես իր շահերը գիտակցող ու պաշտպանող պետականություն ունեցող ազգ:

 Անկախ

Հայտնի դարձան ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոնները

ծանրամարտԵրևանում անցկացված ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցեց 118 ծանրորդ, հայտնի դարձան հաղթողները:

Այդ պատվին արժանացան` 56 կգ քաշային Դավիթ Դավայանը, Գևորգ Բաղդասարյանը (62 կգ), Վարդան Միլիտոսյանը (69 կգ), Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ),  Կարեն Պեպանյանը (85 կգ), Մհեր Պողոսյանը (94 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ), Արեն Հարությունյանը (+105 կգ)։

Առաջնության արդյունքով կազմավորվեց Հայաստանի հավաքականը, որը Ծաղկաձորում և Աբովյանում ուսումնամարզական հավաքներ կանցկացնի և կնախապատրաստվի հունիսի 20-29-ը Կազանում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նոյեմբերի 20-29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվելու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Վարդան Մինասյանը և Ռաֆայել Նազարյանը կկարողանա՞ն իրենց դրսևորել Ղազախստանում

վմ39731Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը երկու տարով աշխատանքային պայմանագիր է կնքել ղազախական «Տոբոլի» ղեկավարության հետ: Նրան կօգնի Ռաֆայել Նազարյանը։

Հուսանք, որ Հայաստանում հաջողության չհասած այս մասնագետները Ղազախստանում իրենց ավելի լավ կդրսևորեն:

Հավելենք, որ Ղազախստանի առաջնությունում կայացած 7-րդ տուրից հետո «Տոբոլն» ունի 6 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը։

Շալանդը սկսում է զայրացնել

բշ Bernard_ChallandesՀայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը այս օրերին Սկոպյեում մասնակցում է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները:

Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր դաշտի տերերի՝ ՆՀՀ Մակեդոնիայի թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց Մակեդոնիայի հավաքականի հաղթանակով`3:0 հաշվով:

Հիշեցնենք, առաջին տուրում մերոնք զիջել էին Վրաստանի իրենց հասակակիցներին:

Ուշագրավն այն է, որ մեր ֆուտբոլիստներին առաջնորրդում է Հայասանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Փաստորեն, շվեյցարացի մասնագետը սկսում է զայրացնել: Նրա ֆուտբոլային հեղինակության մասին առասպելն այլևս գոյություն չունի:

Առաջատարը` «Արարատը», չհաղթեց «Ալաշկերտին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մասնակից թիմերն անցկացրին 27-րդ տուրի խաղերը։

Առաջատարը` «Արարատը», չհաղթեց «Ալաշկերտին»` 0:0: Մինչդեռ հաջողության դեպքում արարարատցիներն էլ ավելի կամրապնդեին իրենց դիրքը: Բանն այն է, որ վերելքով հանդես եկող և «Արարատին»հետապնդող «Բանանցը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց վերջին շրջանում անհաջող հանդես եկող «Գանձասարին»: «Փյունիկը» սեփական հարկի տակ հաղթանակը կորզեց «Շիրակի» հետ մրցամարտում՝ 2:1: «Միկան» տանը 4 անպատասխան գնդակ խփեց աղյուսակը եզրափակող «Ուլիսի» դարպասը` 4:0։

«Միկան» հայտնվեց երրորդ հորիզոնականում և միայն 6 միավորով ետ մնում աղյուսակը գլխավորող «Արարատից»:

Տեխնիկական արդյունքներ

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 0:0

«Փյունիկ» – «Շիրակ»՝ 2:1

Սարգիս Բալոյան, 14, 18 – Գևորգ Հովհաննիսյան, 86

«Գանձասար» – «Բանանց»՝ 2:0

Արթուր Ավագյան, 36, 74

«Միկա» – «Ուլիս»՝ 4։0

Անդրանիկ Ոսկանյան, 18, Ջերեմիա Ջոն, 38, 51, Վարդգես Սաթումյան, 59

 

ԱՂՅՈւՍԱԿ

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 23 43
2. Բանանց 23 38
3. Միկա 23 37
4. Շիրակ 23 35
5. Փյունիկ 23 30
6. Գանձասար 23 28
7. Ալաշկերտ 23 20
8. Ուլիս 23 16

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սերժ Սարգսյան   Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք խնկարկում ենք Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որն այն ժամանակ դեռ անուն չուներ: Մարդկային որևէ լեզու դեռ չէր հորինել նման արտահայտություն կամ բառեզր: Նրանք զոհվեցին պարզապես նրա համար, որ հայ էին: Նախօրոք և մանրամասնորեն ծրագրված ոճրագործությունն ուներ հստակ նպատակ. բնաջնջելով ժողովրդին՝ տիրանալ նրա բնօրրան-երկրին, նրա ունեցվածքին և հազարամյակների ժառանգությանը: Այսպիսով իրականացվում էր հայությանը, որպես քաղաքական գործոն, պատմության թատերաբեմից ընդմիշտ վերացնելու հրեշավոր նախագիծը:

Այսօր, գրեթե հարյուր տարվա հեռավորությունից դիտելիս, ակնհայտ է, որ մենք՝ որպես ազգ, պատրաստ չենք եղել դիմակայելու նման հարվածի՝ ո՛չ հոգեբանորեն, ո՛չ կազմակերպվելու առումով: Հայ ժողովրդի բոլոր հատվածները և բոլոր սերունդները շարունակում են մինչև այսօր իրենց ճակատագրի վրա զգալ այն հարվածի հետևանքները, որ մեզ հասցրեց Մեծ եղեռնը: Սա փաստ է: Բայց նաև փաստ է այն, որ մենք ստեղծել ենք մեր պետությունը և այսօր, ի տարբերություն անցյալի, և՛ հոգեբանորեն, և՛ կազմակերպականորեն պատրաստ ենք դիմակայելու նման աղետների՝ մանավանդ հայրենի հողի վրա: Աշխարհում հայի համար չի կարող լինել ավելի ապահով տեղ, քան սեփական պետության հովանու ներքո:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը միայն խորհրդանշական տարեթիվ է. բոլորի համար էլ պարզ է, որ հայերի ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը: Մենք համոզված ենք, որ հանցագործության ժխտումը հանցագործության ուղղակի շարունակությունն է: Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը:

Այսօր մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ենք: Սա ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից:

Միաժամանակ հրապարակայնորեն վերահաստատում եմ. մենք Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի: Գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակի առջև՝ մենք հիշում ենք բոլոր այն թուրք անհատներին, թուրք ընտանիքներին, ովքեր այդ ծանր օրերին ձեռք մեկնեցին բարբարոսների կողմից ոչնչացվող իրենց հայ հարևաններին, ընկերներին, խուժանի ճիրաններից ազատեցին բազմաթիվ հայ մանուկների: Փառք նրանց հիշատակին, ովքեր, անգամ իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգելով, փրկության ձեռք մեկնեցին մեր բազմաթիվ հայրենակիցներին: Ցանկացած հանրություն, նաև՝ թուրքերը, պետք է հպարտանա իր այն նախնիներով, որոնք կյանքեր են փրկել և ձեռնոց նետել ցեղասպանությանը: Մենք հիշում ենք սա:

Մենք երախտագիտությամբ ենք լցված նաև այն երկրների ու ժողովուրդների հանդեպ, որոնք ապաստան տվեցին ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին: Հայ ժողովուրդը դա միշտ է հիշելու, իսկ մեր քույրերն ու եղբայրները տասնամյակներ շարունակ պատասխանել ու պատասխանում են իրենց մեկնած ձեռքին՝ դառնալով այդ հյուրընկալ երկրների նվիրված քաղաքացիներ:

Այսօր Սիրիայի հայության համար շարունակվում է փորձության շրջանը, որը մեր բաց վերքն է ու մեր ամենօրյա առաջնային մտահոգությունը: Եվ մեր բոլոր քայլերն ու գործողությունները Սիրիայի ժողովրդին ու սիրիահայ մեր հայրենակիցներին բաղձալի խաղաղությունը վերադարձնելու համար են:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք մոտենում ենք ուղղվող մեջքով, բաց ճակատով և պետությամբ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն համայն հայության հայրենիքն է, որը, չնայած տասնամյակներ շարունակվող անօրինական շրջափակմանն ու «ոչ պատերազմ – ոչ խաղաղություն» իրականությանը, շարունակում է իր առաջընթացը:

2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում:

Անկախ

Հայ նահատակ բժիշկները և նրանց դահիճ թուրք բժիշկները

բժիշկներ (1)1915 թ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ նահատակվել է 64 բժիշկ: Թուրքական բանակում և հիվանդանոցում տիֆով վարակվել և մահացել է 52 բժիշկ, սպանված կամ տիֆով վարակված ատամնաբույժները 14-ն են, նահատակվել է 15 ուսանող բժիշկ, նահատակված, տիֆով վարակված և մահացած դեղագործների թիվը 73 է: Այսպիսով, նախորդ դարասկզբին թուրքական յաթաղանին զոհ գնացած հայ բժիշկների ընդհանուր թիվը 218 է:
Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին ընդառաջ` այս փաստերն առանձնացրել է գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանը: «1919 թ. Պոլսի հայ բժշկական միությունը, որի նախագահն էր բազմավաստակ բժիշկ, բանասեր Վ.Հ. Թորգոմյանը, լույս ընծայեց ֆրանսերեն մի գրքույկ «Մեծ եղեռնի նահատակ հայ բժիշկների և ջարդարար թուրք երդմնադրուժ արվեստակիցների» մասին, որում նշվում էր, որ Կայսերական բժշկական վարժարանի առաջին դասախոսները հայ և հույն բժիշկներ էին, որոնք կրթություն էին ստացել եվրոպական բժշկական համալսարաններում: Եվ սպանված հայ բժիշկների մասին տվյալները ներկայացվել են Հայ բժշկական միության պատրաստած վիճակագրության համաձայն: Թուրք բժիշկներից շատերը մասնակից եղան և իրենց ձեռքերը լվացին հայ գործընկերների արյունով: Հայկական ջարդերի կազմակերպիչներն էին իթթիհատի ջարդարարական ծրագիրն իրագործող հետևյալ ուխտադրուժ բժիշկները՝ Նազիմը, Բեհաթթինը, Շաքիրը, Րեշիտ Բեյը, Համիտ Սուատը, Թևֆիք Սալիմը, Մեհմետ Րեֆին, Սուլեյման Նոման փաշան:
Սիլվա Սուքիասյանն ընդգծեց, սակայն, որ վերոհիշյալ տեղակագիրն ամբողջական չէ: Հայոց ցեղասպանության տարիներին նահատակված հայ բժիշկների, նրանց նկատմամբ թուրքական բռնությունների մասին հրատարակություններ էլի կան, որոնք լրացնում են դժնդակ պատմությունը: 1940-ին Թուրքիայում Ա.Ն.Մեզպուրյանը հրատարակեց «Հայ և ծագումով հայ բժիշկները» վերնագրով գիրքը: Տասը տարի անց այս գրքի վերահրատարակությունը լուրջ, երկարամյա քրտնաջան աշխատանքի արդյունք էր:
բժիշկներ (3)«1957-ին Բոստոնում բժիշկ Գասպար Կարոյանը լույս ընծայեց «Մեծ եղեռնի նահատակ հայ բժիշկները» վերտառությամբ գիրքը, որում տրված են ոչ միայն բժիշկների անվանացանկերը, այլև ներկայացված են նրանց կենսագրությունը, ճակատագրի մանրամասները, եղերական մահը: Պետք է նշել, որ հայկական տեղահանությունները, Պոլսո հայ մտավորականության ջարդերը կազմակերպող հատուկ հանձնախմբի (Թեշքիլաթի Մահսուսե) մասնակիցներից մեկն էր բժիշկ Նազիմը, որն ավարտել էր Պոլսի կայսերական վարժարանը: Նա վայրագությամբ իրականացնում էր ականավոր հայ բժիշկների սպանությունները, որովհետև հայ բժիշկները ոչ միայն առավելություն, այլև մեծ համբավ էին վայելում, քան թուրք բժիշկները: Ջարդարար, գազանասիրտ թուրք բժիշկը ձերբակալել, բանտարկել և աքսորել է տվել տաղանդավոր բժիշկներից շատերին, որոնցից էր նաև Օսմանյան կայսրության պառլամենտի անդամ, բազմավաստակ բանասեր, երկրագործ Նազարեթ Տաղավարյանը: Նրա գրչին է պատկանում «Բնական պատմություն», «Ծագումն հայ տառից», «Մանրէաբանություն», «Ուսումնասիրություն միզային քարերու», «Տիեզերք և իր կազմություն», «Ծննդական գործարք», «Մարդկային սաղմնախոսություն», «Հայոց հին կրոնքները» և բազմաթիվ այլ աշխատություններ»,- ընդգծեց Սիլվա Սուքիասյանը:
Նազարեթ Տաղավարյանը ծնունդով սվազցի էր (1862-1915), ավարտել է Փարիզի երկրագործական վարժարանը, այնուհետև կրթություն է ստացել Փարիզի Սորբոնի և բժշկական համալսարաններում: Նա, որպես լավագույն ուսանողներից մեկը, բժշկական վկայական է ստանում և վերադառնում Բերիա, որտեղ բացում է իր բժշկական կլինիկան: Չնայած իր մատուցած ծառայություններին` տարաբախտ բժիշկը նահատակվում է Ուրֆայի մոտ:
Սիլվա Սուքիասյանը շարունակում է հայ մտավորականների, բժիշկների ու հոգևորականների մասին պատմությունները, որոնք, ցավալիորեն, շաղկապված են 1915-ի հայոց սև էջի հետ:
«Նազիմի զոհերից էր նաև ազգային երեսփոխան Կարապետ Փաշայան խանը, որը ոչ միայն բժիշկ էր, այլև գրող, գրականագետ, հասարակական գործիչ: Նա ծնվել է Պոլսում (1864-1915): Ավարտել է կայսերական վարժարանը: Որպես բժիշկ հաստատվել է Տիվրիկում, որտեղ առանց ցեղի և կրոնական դավանանքի խտրության, բարեխղճորեն և հավատարմությամբ է ծառայել իր մասնագիտությանը: Նա մասնակցել է նաև ազգային, մշակութային և կրթական գործերին: Հեղինակ է բազմաթիվ նովելների և պատմվածքների: Հիշատակման է արժանի «Մարիա թե Հայկանուշ» սիրավեպը և «Աղջկան մը հիշատակարանը» նովելը: Կարապետ Փաշայան խանը նահատակվել է Ուրֆայից Դիարբեքիր տանող ճանապարհին:
Նազիմը նաև երիտասարդ բժիշկ, բանաստեղծ Ռուբեն Սևակի եղերական մահվան պատճառ դարձավ: Թուրքերը, Ռուբեն Սևակին և հինգ արվեստակիցներին կողոպտելով, մերկ մարմինները կախեցին Գալեճիկ գյուղի ձորի ծառերից: Բեհաթթին Շաքիրը դասավանդում էր կայսերական վարժարանում: Նա Իթթիհատի կենտրոնական վարչության ղեկավարներից էր և բժիշկներ (2)Թեշքիլաթի Մահսուսեի անդամ, որը ծրագրել ու գործադրել է հայ ցեղի բնաջնջումը Անատոլիայում և Հայկական բարձրավանդակում: Նա, մոռանալով իր բժշկական երդումը, 1915-ին դարձել էր ամբողջ հայ ազգի, մասնավորապես հայ բժիշկների ամենամեծ ջարդարարը: Երբ ռուսական բանակը մոտենում է Կարին քաղաքին, նա հրամայում է ամբողջ բնակչությանը քշել դեպի Երզնկա: Եփրատ գետի ափին դարանակալ քրդերը, տեղեկանալով այդ մասին, թուրք զինվորականների հետ կողոպտում, առևանգում են անպաշտպան ժողովրդին և հանձնում գետի հոսանքին: Ռուսական բանակը, գրավելով հայաշատ Կարինը, այնտեղ գտնում է 16 հայ ծերունիների և տարեց կանանց:
Եվս մեկ դրվագ. Դիարբեքիրի կուսակալ բժիշկ Րեշիտ Բեյը 1915-ի ապրիլյան այս օրերին հրամայում է ձերբակալել Դիարբեքիրի ազգային վարչական մարմիններին, առևտրականներին, հայ բժիշկներին, եկեղեցականներին, ուսուցիչներին, մի խոսքով` հայության ընտրանին՝ մոտ 635 հոգի: Նրանց տանում, գազանաբար սպանում են Բեզվանի ձորում արյունարբու թուրք և քուրդ զինվորականները: Ավելին, Պոլսի Րեսիմլի Թարիհ հանդեսը 1953-ին հրատարակել է մի հարցազրույցի պատմություն բժիշկ Րեշիտ Բեյի մասին: «Դուք բժիշկ էիք և որպես բժիշկ՝ Ձեր պարտականությունն է մարդուն փրկել: Ինչպե՞ս եղավ, որ այսքան անմեղներու գունդ առ գունդ ձերբակալելով մահվան գիրկը նետելուն պատճառ եղաք»: Եվ ահա պատասխանը. «Բժիշկ ըլլալս չէր կրնար մոռցնել տալ ազգությունս: Րեշիտ բժիշկ մըն է, բայց իբրև թուրք մը աշխարհ եկած է: Թրքությունս հաղթանակեց բժշկութեանս: Համոզված եմ, որ յօգուտ ազգիս կը շարժիմ»:
Դարեր ի վեր բժշկական գիտաժողովներում խստիվ դրված է այն հարցը, որ մարդկանց վրա գիտափորձեր կատարելն արգելվում է: Սակայն դա չէր վերաբերում թուրք, Մյունխենի բժշկական համալսարանում կրթություն ստացած, կայսերական բժշկական վարժարանի պրոֆեսոր Համիտ Սուատին և նույն վարժարանի պրոֆեսոր Թևֆիք Սալիմին: Նրանք հազարավոր հայ զինվորների ներարկում էին ոչ ճիշտ, գիտականորեն չհաստատված տիֆի դեմ պատրաստված շիճուկը, որով հազարավոր հայերի մահվան դատապարտեցին:
Տիկին Սիլվան հավելում է, որ Երզնկայում ապաստանած հայերի հետ վարվում էին այնպես, ինչպես ծովախոզուկների, ճագարների, մկների հետ: Նրանց ուժով նետում էին Երզնկայի հիվանդանոց և ենթարկում գիտական փորձերի: Այդ մասին վկայել է բժիշկ Օբերաթոր Հայատար Ճեմալը՝ բաց նամակ ուղարկելով ներքին գործոց նախարարությանը: Նա աշխատել է այդ հիվանդանոցում, ավելին՝ մասնակցել այդ գիտափորձերին:
Ցավալիորեն, այս պատմությունները վերջ չունեն: Իթթիհատի կարկառուն դեմքերից Էնվեր փաշայի մտերիմ ընկեր Սուլեյման Նոման փաշան թուրքական բանակի առողջապահական քննիչն էր, նրա պատճառով նաև հարյուրավոր հայեր նահատակվեցին: Նա հովանավորել է ջարդարար թուրք բժիշկներին: Հայ բժիշկների արյունով են իրենց ձեռքերը ներկել Տրապիզոնի առողջապահական տնօրեն Ալի Սայիպը, Երզնկայի զինվորական հիվանդանոցի բժիշկ Շևքեթ Ֆերիտունը, Համտի Սուլեյմանը, Ֆայիք Զիան, Հասան Ֆուատը:

 

Մայա Խաչատրյան

Անկախ

Մադրիդի «Ռեալը» Մյունխենի «Բավարիային» հաղթեց նվազագույն առավելությամբ

221449831398285701Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, որը կայացավ Մադրիդոջմ, տեղի «Ռեալը» նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով հաղթեց  Մյունխենի «Բավարիային»:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին Մյունխենում:

Գերմանական ակումբը, որն այդ ավարի տիրակալն է, կարող է շտկել դրությունը:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Ռեալ» (Իսպանիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:0

 

Քարիմ Բենզեմա, 19

 

Թիմերի կազմերը`

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե (Ռաֆայել վարան, 73), Սերխիո Ռամոս, Ֆաբիո Կոենտրաու, Լուկա Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Իսկո (Ասյեր Իլյարամենդի, 81), Անխել Դի Մարիա, Կրիշտիանու Ռոնալդու (Գարեթ Բեյլ, 73), Քարիմ Բենզեմա։

 

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա (Խավի Մարտինես, 66), Ժերոմ Բոատենգ, Դանթե, Դավիդ Ալաբա, Ֆիլիպ Լամ, Տոնի Կրոս, Բաստիան Շվայնշտայգեր (Թոմաս Մյուլեր, 74), Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի (Մարիո Գյոտցե, 72), Մարիո Մանջուկիչ։

Այսօր ջերմաստիճանը կբարձրանա, իսկ վաղը սպասվում է կարճատև անձրև

եղանակը հայաստանում
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնում  են, որ հանրապետության տարածքում`
 Ապրիլի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 26-ին նույնքան կնվազի:

Երևանում՝
 Ապրիլի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին տեղումների հավանականությունը փոքր է:
Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.30C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -1.80C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.90C

Համաշխարհային մամուլի արձագանքը Թայիփ Էրդողանի ուղերձին

ցեղասպանություն   Այսօր Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով ուղերձը, որով նա իր ցավակցություններ է հայտնել հայ ժողովրդին, մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում: «Associated press» գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանը չի օգտագործել ցեղասպանություն բառը՝ այն անվանելով տեղահանություն: «Reuters»-ը Էրդողանի ուղերձը անսպասելի է համարել: Իսրայելական «Jerusalem Post»-ը իր հոդվածը հետևյալ կերպ է վերնագրել՝ «Էրդողանը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, սակայն ընտանիքներին ցավակցություն է հղում»: Ֆրանսիական «Le Parisien» թերթը գրել է. «Թուրքիայում սա քաղաքական երկրաշարժ է: Վարչապետ Էրդողանը պաշտոնապես Թուրքիայի ցավակցությունը հայտնեց 1915 թվականին սպանված հայերի ընտանիքներին: Սա առաջին նման դեպքն է այս երկրի պատմության մեջ»: Թուրքական լրատվամիջոցները նկատել են նաև, որ հայ պաշտոնյաների, ինչպես նաև հայկական մամուլի կողմից Էրդողանի հայտարարությունը բուռն արձագանք չի գտել:

Անկախ

 

Թուրքերի և ադրբեջանցիների ահ ու սարսափ ձիարձանը` Տավուշի Նավուր գյուղում

Զորավար Անդրանիկի 16 մետրանոց ձիարձանը Տավուշի մարզի Նավուր գյուղում կանգնեցվել է 1989-1990 թվականներին: Հեղինակը Լոռու մարզի Գոգարան գյուղում ծնված նկարիչ, քանդակագործ Սարգիս Այվազյանն է: Մինչև Զորավարի` երևանյան, Արա Շիրազի հեղինակած Անդրանիկ Օզանյանի ձիարձանի տեղադրումը, Հայաստանում Նավուրի ձիարձանը միակն էր: Ցավոք, պղնձաձույլ ձիրաձանի հեղինակը` Սարգիս Այվազյանը, արդեն չկա, 2001 թվականին է մահացել: Արցախյան շարժման տարիներին քեռու` Սարգիս Այվազյանի աշխատանքը, Սերյոժա Մովսիսյանը խորհրդանշական է համարում: ՙՙԵրբ որ վարպետը Երևանում արձանի գիպսե տարբերակի վրա էր աշխատում, ես նրան ձիարձան օգնում էի, տարբեր հարցերում` ջուրն է տալիս: Որքան տեղյակ եմ, ավելի ճիշտ` գրքում եմկարդացել, մեջը գրած էր, որ մորեղբայրս 60-ականներին ևս Անդրանիկի արձան է ստեղծել, որը սակայն ԿԳԲ-ն ապամոնտաժել, տարել, թաղել է՚՚,-նշեց Սերյոժա Մովսիսյանը: Ինչ վերաբերում է Տավուշի մարզի Նավուր գյուղի մոտակա բլրի վրա կանգնեցված պղնձակոփ ձիարձանին, ապա, ըստ Սերյոժա Մովսիսյանի, այնպես է արվել, որ թուրքերը և ադրբեջանցիները տեսնելիս ահ ու սարսափի մեջ ընկնեն: ՙՙԵթե նկատել եք, ձիարձանը բարձունքի վրա է, հայդուկապետի ձին պատրաստ` կռվի դաշտ մեկնելու: Սահմանամերձ բնակավայրում հայ ազգային-ազատագրական շարժման խորհրդանիշներից Անդրանիկ փաշայի արձանի տեղադրումը պատահական չէ՚՚:  Ի դեպ, ֆիդայապետի գրկում մանկիկ կա, որը, սակայն վարպետի զարմիկը դժվարացավ նշել, թե ինչ իմաստով է քանդակվել:  Անդրանիկի դերը վիթխարի էր Զանգեզուրի պաշտպանությունում: 1915 –ի այս օրերին Զորավարիգունդը հաջողությամբ մասնակցեց Մուղանջուղի մարտին, և Կովկասը փրկեց թշնամու ներխուժումից: Ձիարձանը գտնվում է Իծաքար-Գանձաքար ճանապարհի սկզբնամասում, իսկ տավուշցիներին է հասել պատմություն` համաձայն, որի զորավար Անդրանիկն անցել է այդ ճանապարհով:  Ձիարձանի պատվերը քանդակագործն ստացել է նավուրցի գործարարներից, որոնք այդ տարիներին աշխատում էին Նոր Հաճնի ադամանդագործական գործարանում: Ի դեպ, հաջորդ տարն` 2015-ին, կլրանա Մեծ զորավարի ծննդյան 150-ամյակը: Ապրիլի 24-ին, նավուրցիերը Մեծ եղեռնի տարելիցի հիշատակման առիթով կայցելեն և ծաղիկներ կդնեն Զորավարի հուշարձանի մոտ:

 Անկախ