Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կփոխհատուցվի լրացուցիչ հարկային եկամտի հաշվին

10499_am_7Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում և հետաքրքրում են հանրությանը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով սպառիչ տեղեկություն տրամադրել քաղաքացիներին։ «Սա է ճանապարհը որով մենք շարժվելու ենք առաջ», – ընդգծել է վարչապետը։
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են ս.թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։ Պետական կառավարման ոլորտում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող համապատասխան աշխատողների խմբերի հիմնական աշխատավարձի չափը բարձրացվել և համապատասխանեցվել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին։ Միաժամանակ պահպանվել են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնային գործող դրույքաչափերի մեծությունները։ Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ սահմանելու հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013 թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին։ «Այս որոշումով մենք տարեկան պետական բյուջեի եկամտային պլանը 20 մլրդ դրամով ավելացնում ենք, – հարցի առնչությամբ ասել է Տիգրան Սարգսյանը։ – Երկրորդ կետով 3.8 մլրդ գումար ենք հատկացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսը կարողանանք ամբողջությամբ պետական բյուջեով ծածկել, ընդ որում մի մասը գնալու է տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությանը, որպեսզի նրանք կարողանան նվազագույն աշխատավարձի բարձրացումը փոխհատուցել»։
Որոշման մեջ եղած թվերի վերաբերյալ ի հայտ եկած տարաձայնությունները կհարթվեն այսօր ևեթ` վարչապետի հրավիրած խորհրդակցության ընթացքում։
Կառավարությունը սահմանել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից իրացվող բազմագործառնական ՀԴ մեքենաների իրացման գինը` 369 հազար 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Նոր ՀԴՄ-ներ կօգտագործեն տարեկան 500 մլն և ավելի դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները։

Տրանսպորտային միջոցները դյուրությամբ կհատեն ՀՀ մաքսային սահմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային վճարի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կհստակեցվեն այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռևս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների` ՀՀ մաքսային սահմանը հատելիս ճանապարհային վճարի հաշվարկման և գանձման հետ կապված ընթացակարգերը։
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով թելադրված է աշխատանքային հարաբերությունների առավել հստակ կարգավորման, ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ։ Կառավարությունն իր հերթին մի շարք առաջարկություններ է արել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը։
Քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է շրջանառության հարկը հաշվարկել տարբեր դրույքաչափերով, կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը և հիմնավորել է իր բացասական եզրակացությունը։Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ նախագծի մերժման պատճառ է դարձել այն իրողությունը, որ փաստաթղթով հիմնավորված և չհիմնավորված ապրանքը զանազանելը գործնականում անհնար է։ Բացի այդ, անհնար է նաև գնահատել ստվերի չափը, հնարավոր չէ արդյունավետ վարչարարություն իրականացնել։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Բարձրարժեք գույքը կհարկվի ավելի բարձր դրույքաչափերով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգին, որի նպատակն է միջազգային փորձի հիման վրա նախանշել գույքահարկի հարկման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները։ Գույքային հարկերի համակարգի հետագա կատարելագործման արդյունքում բարձրարժեք գույքը կհարկվի համարժեք` ավելի բարձր դրույքաչափերով, կստեղծվի անշարժ գույքի պաշարների ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչը հնարավորություն կտա մեծացնել հարկման արդարացիությունը։
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային ֆինանսական կառավարման հզորացում» բազմադոնորային ծրագրային հավատարմագրային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի համակարգման լիազորությունը վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարին կից կոլեգիային։ Վերոհիշյալ դրամաշնորհային ծրագրի պատասխանատու մարմինն է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Իր նիստում գործադիրը հաստատել է պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները, որոնց կիրառումը կնպաստի պետբյուջեով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու նախկին որոշման լրացումը, որով կկանոնակարգվի ջրային պաշարների հաշվառման գործընթացը։
Կառավարության որոշումներով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է մրցույթով օտարել Երևանի Դեղատան փողոցի 2-րդ շենքի առաջին հարկի և նկուղի 62.2 քառ. մետր և Երևանի Րաֆֆու փողոցի 103 հասցեում գտնվող տարածքները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամասի» գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել գույքի վարձակալ, Վանաձորի «Վաբա» ՍՊԸ-ին, Երևան քաղաքի 157-րդ միջնակարգ դպրոցի և 37-րդ հիմնական դպրոցի համապատասխանաբար 147 քառ. մետր և 102.2 քառ. մետր մակերեսով տարածքները 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ՀՀ երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին` իր ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով։

Կբարձրանա հողամասերի օգտագործման արդյունավետությունը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան Տավուշի մարզի Աղավնավանքի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը նպատակային օգտագործել և տնամերձ հողամասով ապահովել երիտասարդ ընտանիքներին։ Հաջորդ երկու որոշմամբ փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից երկուսը` գործադիրը հստակեցրել է անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ նախապատվություն տալու, ինչպես նաև համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու դեպքերը։
Կառավարությունն իր նիստում նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի արդյունքում Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձավճարից գոյացած տարեկան գումարի 20 տոկոսը կփոխանցվի պետբյուջե` որպես ԱԱՀ, մնացած մասի 30 տոկոսը` այն համայնքների բյուջե, որոնց վարչական տարածքներում են նշված հողամասերը։ Այսպիսով, արդարացի կբաշխվեն Սևանի ազգային պարկի և համայնքների մասհանումները։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 60 մլն դրամ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական կայունության և միջազգայնացման գործառույթների ապահովման նպատակով կրթօջախին տրամադրելու համար։ Մեկ այլ որոշմամբ 80 մլն դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի նախարարությանը` «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013 թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն ընդունել է Գեղարքունիքի մարզի Ազատի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։ Հաջորդ որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը, նշանակվել արտահերթ ընտրություն։
Գործադիրը Երևանի «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին 5 տարի ժամկետով տվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր։
Նիստում Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի ասպիրանտ Վահե Ճիտոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը` 2016 թ. աշնանային զորակոչ։

Բոլոր հարցերը պատասխան են ստանալու. վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարություններ է տվել հանրությանը հետաքրքրող թեմաների վերաբերյալ

10498_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը կառավարության նիստից առաջ.

«Այսօր իմ աշխատակազմը զեկուցում էր ինձ մեր քաղաքացիներից ստացվող բողոք-նամակների խնդրի մասին, և մի շատ տհաճ երևույթի հետ գործ ունենք, որը վերաբերում է մեր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին։ Շատ հաճախ կառավարության շենքի դիմաց հավաքվող մարդիկ բողոքում են և ինչ-որ խնդիրների լուծում են պահանջում: Նրանց այստեղ հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետևյալ կերպ. մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի։ Դա անթույլատրելի մոտեցում է, այսինքն` մարդկանց ուղղորդում են, որ գան, կառավարության դիմաց հանրահավաք անեն։ Կոմպետենտ չե՞ն այդ միջին օղակի աշխատողները, թե՞ հատուկ են դա անում. իրենց լիազորություններին վերաբերող հարցերի վերաբերյալ գոնե պարզաբանումներ տալու փոխարեն այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն։ Սա անթույլատրելի է։ Ես այսուհետև բոլոր նախարարներին կուղարկեմ իրենց ոլորտներին վերաբերող հարցերը, որ գալիս են, ինձ են դիմում։ Ճիշտ չէ դա, հարգելի գործընկերներ։

Երկրորդ հարցը. նախորդ նիստին ես հայտարարեցի, որ որևիցե հարց, քննադատություն, որ հնչում է մեր հասցեին, անպատասխան չպետք է մնա, և մենք պարտավոր ենք ամբողջական տեղեկություն տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին։ Մասնավորապես, այսօր օրակարգում երեք խնդիր կա, որոնք պահանջում են մանրակրկիտ բացատրություններ։
Առաջինը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված խնդիրն է` 14 միլիոն ԱՄՆ դոլար, որը ծախսվել է դասախոսությունների վրա։ Մենք մանրակրկիտ տեղեկություն տրամադրել ենք զանգվածային լրատվության միջոցներին, բայց այդ թեման նորից շարունակում են շոշափել ինչ-որ ենթատեքստերով, թե այդ միջոցները փոշիացվել են և այլն։ Եվս մեկ անգամ այդ ամբողջական տեղեկատվությունն այսօր կտրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի մենք վերացնենք այն քաղաքական սպեկուլյացիաների հիմքերը, որոնցով շատ հաճախ անարդարացի օգտվում են ոչ բարեխիղճ լրագրողները։ Այդ ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ պայմանագրերը կնքված են եղել 2007 թվականին, երբ նույնիսկ ստեղծված չէր գործակալությունը։ Մրցույթն անցկացրել է ամերիկյան կողմը, իրենք են հաղթողին ճանաչել, իրենք էլ պայմանագիրը կնքել են, իրենք էլ դրամաշնորհը տվել են և աուդիտ են իրականացրել, արդյունքներն էլ գնահատել են խիստ արդյունավետ։ Թե ինչ ենթատեքստեր են այստեղ որոնում մեզ քննադատողները, ուղղակի հասկանալի չէ, և ևս մեկ անգամ այդ ամբողջական տեղեկությունը կտրամադրվի այսօր զանգվածային լրատվության միջոցներին։ Թե 14 միլիոնի հետ կապված ինչ խնդիր կա ընդհանրապես, և մեղադրանքի իմաստն ինչ է, անհասկանալի է։
Երկրորդը «Նաիրիտ» գործարանի խնդիրն է: Արդեն բավական երկար ժամանակ լրատվամիջոցները մեծ ռեսուրսներ են ծախսում, անհասկանալի ինչ-որ սցենարներ են նկարագրում և փորձում են կապել այդ ամենը վարչապետի անվան հետ։ Բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են «Նաիրիտ»-ին, ունեն հիմք. դրանք կառավարության որոշումներն են` 2001 թվականի, 2006 թվականի, երբ կառավարությունն ստորագրել է պայմանագիր «Ռայնովիլ» ընկերության հետ։ Դրանից հետո էլ բոլոր գործարքների վերաբերյալ, – ինչ գործարքներ եղել են, ինչ պայմանագրեր ստորագրել են, – ես հանձնարարել եմ մեր լրատվական ծառայությանը, որ այսօր ամբողջական փաթեթը տրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիա չլինի։
Երրորդը` օֆշորային գոտու հետ կապված քաղաքական սպեկուլյացիան է։ Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում` փորձելով վարկաբեկել։ Ամբողջական տեղեկությունը հասանելի է լինելու զանգվածային լրատվության միջոցներին, և այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմիններն զբաղվում են այդ հարցով: Ես համոզված եմ, որ որևիցե անպատասխան հարց չի մնալու, և եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ, օբյեկտիվ, ապա կարող են թացը չորից զանազանել, և այստեղ էլ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ամբողջական տեղեկատվությունը հասանելի լինի և՛ հասարակությանը, և՛ զանգվածային լրատվության միջոցներին։

Երրորդ խնդիրը. կառավարության նախորդ նիստում մենք խոսում էինք Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին, և ես հանձնարարել եմ բոլոր գերատեսչություններին հրապարակային ձևով ներկայացնել իրենց ոլորտներին վերաբերող ակտերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Այսօր ես հանձնարարում եմ Վաչե Գաբրիելյանին` աշխատակազմի ղեկավարին, որպեսզի նա կազմի ժամանակացույց` ձեզ հետ նախապես համաձայնեցնելով, որպեսզի բոլոր գերատեսչությունների ղեկավարները, նախարարները հանդիպեն զանգվածային լրատվության միջոցներին և իրենք պատասխանեն բոլոր այն հարցերին, որոնք այսօր հետաքրքրում են մեր հանրությանը։ Սա պարտադիր պայման է, որ բոլոր այն հարցերը, որոնք արձանագրվել են Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, գերատեսչությունների ղեկավարների, նախարարների կողմից պետք է անպայման պատասխան ստանան։ Անպատասխան որևիցե հարց չպետք է մնա։ Սա է ճանապարհը, որով մենք շարժվելու ենք առաջ»։

Պանրով ու կաթնաշոռով կարկանդակ

կարկանդակԲաղադրությունը խմորի համար

2 ձու

100 գ կարագ

1 թ/գդալ աղ (ոչ լիքը)

200-250 գ ալյուր

Միջուկի համար հարկավոր է`

200 գ կաթնաշոռ (6-20%)

200 գ պանիր (պինդ)

2 ձու

2-3 պճեղ սխտոր

աղ

կանաչի` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Կանաչին (սամիթ, համեմ) մանր կտրատել, պանիրը խոշոր քերիչով անցկացնել, ձուն ու պանիրն իրար խառնել, ապա ավելացնել կաթնաշոռն ու կրկին  խառնել: Սխտորը ճզմել, ավելացնել այդ զանգվածին, ապա լցնել կտրատած կանաչին:

Խմորի համար պետք է ձուն ու կարագը խառնել (պարտադիր չէ, որ համասեռ զանգված ստացվի): Ավելացնել աղը, սոդան, ալյուրը: Խմոր հունցել: Վերցնել հնարավորության դեպքում 29 սմ տրամագծով կաղապար ու կարագապատել, ապա խմորը տարածել այնպես, որ կողերի վրա բարձրանա: Խմորի վրա լցնել միջուկը, հավասարաչափ տարածել, ապա դնել 1800 տաքացրած ջեռոցը, թխել 40-45 րոպե:

Պանրով ապուր

պանրով ապուրԲաղադրությունը

500 գ  հավի կրծքամիս

400 գ հալած պանիր

150 գ բրինձ

400 գ կարտոֆիլ

150 գ գազար

150 գ սոխ

աղ, պղպեղ, կանաչի (ըստ ճաշակի):

Պատրաստման եղանակը

Հավի փափկամսի վրա 3 լ եռման ջուր լցնել, խաշել, համեմել աղ ու պղպեղով: Երբ այն պատրաստ լինի, հանել արգանակից, ապա ջրի վրա լցնել բրինձը, եփել 10 րոպե: Սոխը մանրացնել, գազարը մանր քերիչով անցկացնել, կարտոֆիլը կտրատել խորանարդներով կամ էլ ձողիկներով: Միսը նույնպես մանր կտորների բաժանել: Արգանակի մեջ լցնել կարտոֆիլը, սոխը, գազարը և եփել 5-7 րոպե: Ապա լցնել մանրացրած միսն ու եփել այնքան, որ կատոֆիլը վերջնականապես պատրաստ լինի: Ավելացնել պանիրն ու խառնել, ապա կրակից վերցնել: Մատուցելուց առաջ կանաչի  ցանել վրան:

Շարունակվում է սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը

001 (10)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:

2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել սիրիահայ շուրջ 850 ընտանիք, որից 352-ը՝ միայն վերջին ամսվա ընթացքում: Տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն և համապատասխան օգնություն: Այդ ամենի արդյունքում զգալիորեն հեշտացել է վերջիններիս  մշակութային ու հասարակական կյանքում լիարժեք ներգրավման գործընթացը:

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումը սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների համար իրականացվում է անվճար: Կարիքավորները հնարավորություն ունեն նաև օգտվելու <<Գթության խոհանոցներից>>:

Նորածին երեխաներ ունեցող սիրիահայ ընտանիքներին քաղաքապետարանի կողմից նվիրաբերվում են մանկասայլակներ, մանկական իրեր և անհրաժեշտ այլ պարագաներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում սիրիահայերի զբաղվածության հարցին: Վարչական շրջանների աշխատակազմերի աջակցությամբ 13 սիրիահայ աշխատանք է ձեռք բերել: Նշելով, որ սիրիահայերի հետ կապված հարցերը գտնվում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նաև նշել է, որ վարչության կողմից անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառում է իրականացվում, որից հետո համապատասխան միավոր ունեցող ընտանիքներին հատկացվում են ընտանեկան նպաստներ:

Կարիքավոր սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակվելու են: Քննարկվում են նաև հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Էլինա Դանիելյանը չի արդարացնում սպասելիքները

էimagesԴիլիջանում ընթացող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Տատյանա Կոսինցևայի հետ:

Հաշտություն կնքեցին նաև Բելա Խոթենաշվիլին ու Հարիկա Դրոնավալին, Աննա Մուզիչուկն ու Բաթչիմեգ Թուվշինթուգսը, Համփի Կոներուն ու Նանա Ձագնիձեն: Վիկտորյա Չմիլիտեն հաղթեց Աննա Ուշենինային, Անտուանետա Ստեֆանովան պարտության մատնեց Օլգա Գիրյային:

Մրցաշարի ավարտին մնացել է  2 տուր: Էլինա Դանիելյանը 3 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը: 6,5 միավորով առաջատարը Համփի Կոներուն է: 6 միավոր ունի Աննա Մուզիչուկը:

Հերթական` 10-րդ տուրում Դանիելյանը կմրցի Խոթենաշվիլու հետ:

 

Անկարայում թեժ գիշեր էր, 10 հոգի ձերբակալվել է

ankara   Անկարայում «Գեզի» այգու ցույցերին աջակցելու համար մի խումբ քաղաքացիներ են հավաքվել, բարիկադներ են սարքել և խարույկ վառել: Ոստիկանությունը սկսել է միջամտել նրանց գործողություններին: Նախ ցուցարարներին զգուշացրել է, որ ցրվեն, ապա գործի է դրել ջրցան մեքենաներն ու արցունքաբեր գազը:

«Ռադիկալը» հայտնում է, որ ոստիկանությունը սկսել է ցրել հավաքվածներին շրջակա փողոցներով, ինչի ընթացքում 10 հոգի է ձերբակալվել: Քաղաքի փողոցներում մինչև առավոտ ոստիկանական մեքենաներ են շրջել:

«Արարատը» հաղթեց Հայաստանի երիտասարդական հավաքականին

futbol2Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Ստուգողական խաղում  այն ուժերը չափեց  Երևանի «Արարատի» հետ: Վերջինս հաղթեց 2:1 հաշվով:

Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 0:2 հաշվով պարտվել էր Կապանի «Գանձասարին»:

Եգիպտոսում բախումներ են Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների միջև

egiptos    Եգիպտոսի էլ-Մանսուրա քաղաքում զանգվածային բախումներ են տեղի ունեցել երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ բախումների հետևանքով մեկ մարդ է զոհվել, 162 հոգի վիրավորվել է:

Հայտնի է, որ քաղաքի մզկիթներից մեկում նամազից հետո Մուրսիի կողմնակիցները ցույց են կազմակերպել «Այո՛ Մուրսիին, ոչ՛բռնությանը» կարգախոսով: Այդ պահին նրանց վրա են հարձակվել նախագահի հակառակորդները: Ոստիկանությունը ամբոխին ցրելու համար արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ է կիրառել: Այնուհանդերձ բախումները քաղաքում դեռ շարունակվում են:

Հայաստանից` երեք սամբիստ

22286 սամբոՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի  մրցաշարը:

Այս ստուգատեսում Հայաստանի պատիվն են պաշտպանում Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ):

Մնացել է երկու տուր

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած 7 տուրից հետո վաստակել է 6 միավոր և գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև միջազգային վարպետ Ռադոսլավ Դիմիտրովը (Բուլղարիա), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:

Բրազիլացիները կխաղան եզրափակչում

բրpic_b9e2ba768da7442e0407eafae80e28aaԲրազիլիայում անցկացվող ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում բրազիլացիները 2:1 հաշվով առավելության հասան Ուրուգվայի ներկայացուցիչների նկատմամբ:

Խաղի հաշիվը կարող էին բացել ուրուգվայցիները, սակայն  12-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը չկարողացավ հստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը։ Իսկ 41-րդ րոպեին բրազիլացիների հարձակվող Ֆրեդն առիթը բաց չթողեց և գրավեց մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Էդինսոն Կավանին կարողացավ հավասարեցնել հաշվի հավասարակշռությունը՝ 1։1։ Խաղավերջում բրազիլացիներից հաղթական գոլի հեղինակ դարձավ Պաուլինյոն` 2:1։

Տեխնիկական արդյունքներ

Բրազիլիա – Ուրուգվայ՝ 2։1

Ֆրեդ, 41, Պաուլինյո, 86 – Էդինսոն Կավանի, 48

ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը

1 (5)Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի շրջանակում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը` ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մոտ երկու ժամ տևած հանդիպմանը հայկական և ադրբեջանական պատվիրակությունները մասնակցել են ողջ կազմով: Քննարկումների օրակարգում է եղել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման հարցը:

“Դա հանդիպում էր ընկերների միջև, հայերի, ադրբեջանցիների, խորհրդարանականների միջև՝ Ասամբլեայի նախագահի մասնակցությամբ: Մենք որոշում ենք ընդունել այսուհետ ևս, որպես ընկերներ, հանդիպել այստեղ՝ ժողովրդավարության օջախում, և քննարկել, թե ինչպես կարող ենք համագործակցել: Ես նկատել եմ, որ երկու կողմերն էլ անկեղծ ցանկություն և քաղաքական կամք ունեն համատեղ աշխատելու և համագործակցելու: Մենք որոշել ենք շարունակել նման հադիպումները: Հանդիպումները տեղի կունենան նաև հաջորդ նստաշրջանների ժամանակ”,-հայտարարել է Մինյոնը:

APA-ն հավելում է, որ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության կասեցումից (գործունեությունը կասեցված է 2009թ-ից) հետո Ժան-Կլոդ Մինյոնը բազմիցս հանդես է եկել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացնելու օգտին:

ԵԽԽՎ-ի ամառային նստաշարջանը տեղի է ունենալու հունիսի 24-28-ը:

Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՀունիսի 26-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մովսես Ա.-ին, որը 2011 թ. ապրիլի 5-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդ 4-րդ մասի (Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 2-րդ կետի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով) մեղադրանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Մովսես Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Բնակարանի խուսարկությամբ հայտնաբերվել է «Վոլտրան» գազային ատրճանակ և փամփուշտներ

ատրճանակՀունիսի 26-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Վոլտրան» գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Հետախուզողին հայտնաբերեցին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

կալանքՀունիսի 27-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արմեն Մ.-ին, որը 2011 թ. նոյեմբերի 3-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով) և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Արմեն Մ.-ն ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:

12-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

ձերբակալելՀունիսի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 1 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնհորիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1969 թ. ծնված Նունե Մ.-ն, որը նույն օրը, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Վիճաբանություն և դանակահարություն Վանաձորում

դանակահարելՀունիսի 26-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ Վանաձորի երաժշտական ուսումնարանի վարչական շենքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1978 թ. ծնված Վասիլ Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նշված ուսումնարանում, վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1984 թ. ծնված Ակսել Մ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.30-ին ներկայացել է բաժին:
Նույն օրը, ժամը 19.50-ին, ՁՊՎ ընդունված Ակսել Մ.-ի մարմնի արտաքին զննության ժամանակ, զույգ նախաբազուկներին, դաստակներին և աջ բազուկին հայտնաբերվել են քերծվածքներ և այտուցներ: Ակսել Մ.-ն հայտարարել է, որ դրանք ստացել է Վասիլ Գ.-ի հետ վիճաբանության և քաշքշուկի ժամանակ՝ նրա կողմից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ակսել Մ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում մեքենան գլորվել է ձորը

Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկելՀունիսի 27-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում` ձորում, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկն:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից՝ գերեզմանա­տան մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի 3503 Տ պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Մանվել Հարությունյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդը  ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տարբեր մարմնական վնասվածքներով տուժածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ինչից են վախենում կանայք

ol3001372238086Մասնագետները վստահեցնում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնությունը շարունակում է ծխել միայն այն պատճառով, որ ծխախոտի տուփի վրա հայտնված զանազան սարսափեցնող գրություններում չի նշվում կանանց  իրական վախերի ու երկյուղների մասին:

Սթիռլինգի համալսարանի մասնագետները համոզված են, որ ծխող կանանց այնքան էլ չի  վախեցնում քաղցկեղային կամ էլ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հեռանկարը, սակայն, նրանք սկսում են մտածել ծխելը թողնելու մասին այն ժամանակ, երբ իմանում են, որ այդ սովորույթը կարող է հանգեցնել ժամանակից շուտ ծերացման ու  կնճիռների առաջացման:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց ավելի վախեցնում են ծխելու հետևանքով  սեռական անկարողության վերաբերյալ վերբալ ու գրաֆիկական նախազգուշացումները:

Ըստ երևույթին, ժամանակակից հասարակության մեջ ծխողների թիվն արմատապես կրճատելու նպատակով ծխախոտի տուփերի վրա պետք է տեղադրել հենց այդպիսի նախազգուշացումներ: