Ադրբեջան է ժամանել ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը

3Ադրբեջան է ժամանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելությունը, որը պետք է հետևի հոկտեմբերի 9-ին երկրում նախատեսված նախագահական ընտրությունների ընթացքին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ռոբերտ Ուոլտերի գլխավորած 7-հոգանոց պատվիրակությունը կգնահատի երկրում առկա նախընտրական իրադրությունը և քարոզարշավի ընթացքը:

Բաքու կատարած այցի շրջանակում ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամները կհանդիպեն նախագահ Իլհամ Ալիևի, նախագահի մյուս թեկնածուների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Առաքելության ավարտից հետո խումբը հանդես կգա հայտարարությամբ: Առաքելությունը ավարտվում է սեպտեմբերի 13-ին:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթուղթ է ներկայացրել 14 թեկնածու, որոնցից պաշտոնապես գրանցվել է երեքը`գործող նախագահ Իլհամ Ալիևը, “Ումիդ” կուսակցության ղեկավար Իղբալ Աղազադեն և խորհրդարանի պատգամավեր Զահիդ Օրուջը:

ՀԱՕԿ-ի նախագահը շնորհավորել է ՄՕԿ-ի նորընտիր նախագահին

images ՀԱՕԿՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ուշադրությամբ հետևում էր Բուենոս Այրեսում անցկացված   ՄՕԿ –ի  125 –րդ գագաթաժողովի աշխատանքներին : Վերջին օրը տեղի ունեցավ ՄՕԿ –ի նախագահի ընտրությունը : Ուրախ ենք ,որ Դուք ձայների բացահայտ  առավելությամբ հաղթեցիք և  դարձաք միջազգային օլիմպիական կոմիտեի 9 –րդ նախագահը :

Հավատում ենք  ,  որ  հաջողությամբ կղեկավարեք համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը , քանզի ունեք  սպորտային փառավոր անցյալ , մարզական և աշխատանքային  հարուստ փորձ  :

Շնորհավորում եմ Ձեզ ` հարգելի  նախագահ , մաղթում հաջողություններ `   նոր պաշտոնում և կյանքում :

ԳԱԳԻԿ  ԾԱՌՈՒԿՅԱՆ

ՀԱՕԿ  -ի  նախագահ

«Մեր մեջ ասած` Դուք ընդհանրապես չեք էլ կարող առաջադրվել Արդարադատության խորհրդի անդամ». Փաշինյանը` Բադիրյանին

120916155269

 

Ազգային ժողովում այսօր Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների հարցի քննարկումն է: Առաջադրված թեկնածուներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ու ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանը:

Նշենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, ՀՀ նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նրանց թեկնածությանը, Բադիրյանին հարցեր տալու ժամանակ հայտարարեց, որ չի հավատում նրա անկեղծությանը, որովհետև նա ոստիկանապետի գլխավոր խորհրդականն է. «Մեր մեջ ասած` Դուք ընդհանրապես չեք էլ կարող առաջադրվել Արդարադատության խորհրդի անդամ, որովհետև մենք այսօր պիտի իրավաբան-գիտնականի ընտրենք, բայց Դուք ոչ միայն պետական պաշտոնյա եք, այլև ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյա: Դուք շատ մանրամասն ցուցադրում եք Ձեր գիտելիքները, բայց Ազգային ժողովին տեղյակ չեք պահում, որ ոստիկանական համակարգի աշխատող եք և 2011 թվականից աշխատում եք այդ պաշտոնում: Ձեր առաջ քաշած հարցերի կոնտեքստում Ձեր թեկնածության առաջադրումն ինքնին աբսուրդ է և եթե Դուք հրաժարական տված լինեիք նախորդ պաշտոնից, դեռ ինչ որ տեղ կարելի էր հասկանալ»,-ասաց նա:

Գրիգոր Բադիրյանը Փաշինյանին հակադարձեց `ասելով, որ եթե նա օրենսդրությունից գեթ մեկ արգելք ցույց կտա, որը թույլ չի տալիս առաջադրել իր թեկնածության առաջադրումը, ապա ինքը նրա հետ կհամաձայնի. «Ինչ վերաբերում է այն փաստին, որ չեք կարողանում հավատալ ինձ, ապա ես այդ հարցում դժվար թե կարողանամ Ձեզ օգնել, կարծում եմ մարդկանց հավատալու այդ դժվարությունն ինքնուրույն պիտի կարողանաք հաղթահարել»,-նկատեց Բադիրյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև դատավոր Պարգև Օհանյանի գործին` ենթադրելով, որ եթե Բադիրյանը երկու մանդատ արդեն աշխատում է Արդարադատության խորհրդում, ապա մասնակցել է նաև այն որոշմանը, որով Օհանյանը զրկվել է դատավորական մանդատից:

Փաշինյանի խոսքով` Պարգև Օհանյանը երրորդ հանրապետության պատմության մեջ այն բացառիկ դատավճիռներից մեկն է կայացրել, որ չի ենթարկվել քաղաքական  իշխանության ուղղակի ճնշումներին:

Գրիգոր Բադիրյանը պարզաբանեց, որ նախևառաջ Պարգև Օհանյանն իր ընկերն է, երկրորդ, որ ինքն այդ ժամանակ չի մասնակցել այդ որոշման կայացմանը, քանի որ այդ ընթացքում իր լիազորությունները դադարեցված են եղել. «Պարգև Օհանյանը շատ լավ դատավոր էր, և ես ափսոսում եմ, որ դատական համակարգը նման դատավոր կորցրեց` իհարկե առանց որևէ գնահատական տալու Արդարադատության խորհրդի և դատավոր Օհանյանի գործողություններին»,-ասաց Բադիրյանը:

 

Գերմանացի Թոմաս Բախը` ՄՕԿ-ի նոր նախագահ

թբThomas_Bach_-_6546Բունոս Այրեսում անցկացված ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանի աշխատանքային վերջին օրը ` սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՄՕԿ-ի նախագահի ընտրությունը : Իր լիազորությունները վայր դրեց այժմ արդեն նախկին նախագահ  բելգիացի Ժակ Ռոգեն:

 

Թեկնածուները վեցն էին` Սեր  Միանգը  / Սինգապուր / , Չինգ Կուո  Վունը / Թայվան / , Ռիչարդ Կերրիոնը / Պուերտո Ռիկո / , Դենիս Օսվալդը / Շվեյցարիա /  , Սերգեյ Բուբկան / Ուկրաինա  /  և  Թոմաս Բախը / Գերմանիա / :

Առաջին քվերակությունից հետո պայքարից դուրս մնաց   Չինգ Կուո  Վուն :

Երկրորդ փուլում  ձայների մեծ առավելությամբ / 49 /  հաղթեց  և ՄՕԿ –ի 9 –րդ նախագահ ընտրվեց  Թոմաս Բախը : Նրան հաջորդեցին  Ռիչարդ Կերրիոն / 29 / , Սեր  Միանգը / 6 / ,   Դենիս Օսվալդը  / 5 /    և Սերգեյ Բուբկան   / 4 / :

 

Բախին   վաղուց էին  Ժակ Ռոգեին  փոխարինող համարում : Գերմանացի 59-ամյա Բախը  ՄՕԿ –ի փոխնախագահ էր , Գերմանիայի օլիմպիական մարզական միության ղեկավարը ,  ունի մարզական փառավոր անցյալ , ղեկավարին անհրաժեշտ հարուստ  փորձ ` մարզաշխարհում և բիզնեսի ոլորտում :

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո , լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Բախն ասել է , որ  թեև շատ է  ուզում տիրապետել զգացմունքներին , բայց սաստիկ հուզված է : Սպորտում մարզիկը րոպեների ընթացքում  է տեղեկանում մրցավարների տված գնահատականին : Այս ընտրությունում հարկադրված էի արդյունքին սպասել ավելի քան մեկ ժամ  :

ՄՕԿ-ի  126-րդ նստաշրջանը տեղի կունենա  2014 թ. փետրվարի 5-7 -ը `Սոչիում , որտեղ փետրվարի  7-ին կկատարվի  ձմեռային օլիմպիական խաղերի  բացման հանդիսավոր արարողությունը :

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

 

Նախարարությունների ծառայողական բջջայինների վարձը 2 ամսվա համար գերազանցում է 2.5 միլիոն ՀՀ դրամը

բջջային2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը ծառայողական բջջային հեռախոսահամարների օգտագործման վճարն ամենամեծն է բոլոր նախարարությունների շրջանում` 1.558.868 ՀՀ դրամ:

 Ի հակադրություն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն ունի միայն մեկ ծառայողական բջջային հեռախոսահամար (ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում), որի համար 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսներին ոչ մի դրամ չի վճարել, քանի որ ծառայողական բջջային կապից չի օգտվել: Նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել էր, որ ծառայողական բջջային միակ հեռախոսահամարի համար մինչեւ 2013թ.-ի մայիսը ներառյալ վճարը կազմել է 66.475 ՀՀ դրամ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ. սեպտեմբերի 21-ին ուղարկած տեղեկություն ստանալու հարցումներով ՀՀ նախարարություներից փորձել էր պարզել, թե քանի ծառայողական բջջային հեռախոսահամար է գործարկվում յուրաքանչյուր նախարարությունում եւ որքան է կազմել հեռախոսամահարների ծառայությունների վարձը (զանգերի վարձ, կարճ հաղորդագրությունների վճար, ռոումինգ, ինտերնետ) 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների համար:
ԻԱԿ-ի հարցումն անպատասխան են թողել ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների եւ ՀՀ սփյուռքի նախարարությունները։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2013թ.-ի հուլիսի 15-ից` 48 ծառայողական բջջային հեռախոսահամար է հատկացվել նախարարության աշխատակազմի աշխատակիցներին:
2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում ծառայողական բջջային հեռախոսային ծառայությունից ամենաշատն օգտվել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` երկու ամիսների ընթացքում ծաշսելով ավելի քան 1.558.868 (828.993` հունիս եւ 729.875` հուլիս) ՀՀ դրամ: Այսքանը նախարարությունը վճարել է 10 հեռախոսահամար գործարկելով: Ընդհանուր գումարից 698.107 ՀՀ դրամը ռոմինգ ծառայության համար է, եւս 258.284 ՀՀ դրամը ինտերնետ ծառայությունից օգտվելու վճարն է:
ԻԱԿ-ի հարցմանը պատասխանած նախարարություններից ամենաշատ ծառայողական հեռախոսահամարներն ունի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը` 50 հեռախոսահամար: Այս 50 հեռախոսահամարների`  2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների օգտագործման վճարը կազմել է 458.240 ՀՀ դրամ:
Եթե Գյուղատնտեսության նախարարությունում խիստ կարիք է առաջացել աշխատակիցներին հատկացնել 48 հեռախոսահամար, ապա նախարարություններից վեցն ընդհանրապես ծառայողական բջջային հեռախոսահամարներ չունեն՝ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ բնապահպանության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները:
Միայն մեկ ծառայողական բջջային հեռախոս ունի նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Այդ հեռախոսի օգտագործման համար նախարարությունը 2013թ.-ի հունիս ամսին վճարել է 4.400 ՀՀ դրամ, իսկ հուլիսին` 3.000 ՀՀ դրամ` ընդհանուր` 7.400 ՀՀ դրամ;
Պարզվում է, որ ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկությունները եւս համարվում են պետական գաղտնիք. միակ նախարարությունը որ մերժել է տրամադրելա յս տեղեկությունները ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Նախարարությունը նշել է, որ դրանք ընդգրկված են գաղտնի տեղեկությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել էր մերժումը հիմնավորող իրավական նորմը` “Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին” ՀՀ կառավարության` 1998թ.-ի մարտի 13-ի թիվ 173 որոշման 11-րդ կետը, ըստ որի պետական գաղտնիքի շարքն են դասվում Զինված ուժերը, այլ զորքերը եւ քաղաքացիական պաշտպանության ուժերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնի-կական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող տեղեկությունները:
ԻԱԿ-ի հարցումներին պատասխանած նախարարությունները միասին ունեն 133 ծառայողական բջջային հեռախոս, որոնց օգտագործման վճարը 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների համար կազմել է 2.812.340 ՀՀ դրամ:
Նախարարությունների տված պատասխանների կարգավիճակին (լիարժեք պատասխան, թերի պատասխան, անհիմն մերժում եւ այլն) եւ պատասխանների հակիրճ բովանդակությանը կարող եք ծանոթանալ www.givemeinfo.am կայքի համապատասխան նախարարության էջում։
Աղբյուրը` Foi.am

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը` հայկական ֆուտբոլի մասին

16799Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ձախողումն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, մասնավորապես Երևանի «Հրազդան» մարզադաշտում կրած վերջին պարտությունը Դանիայի հավաքականից (0:1), անտարբեր չի թողել ոչ մեկին:

Եվ ահա, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը  Հայաստանի և Դանիայի հավաքականների հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում իր մտորումներն է հայտնել.

«Մինչ օրս ձեռնպահ եմ մնացել մեր ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին տեսակետ արտահայտելուց, սակայն, երեկվա Հայաստան-Դանիա խաղից հետո, գտնում եմ, որ պետք է անպայման ասեմ իմ անձնական կարծիքը:

Նախ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հավաքականի բոլոր անդամներին, խաղի ընթացքում ներդրած ուժերի և իրենց հնարավորությունների առավելագույն սահմաններում մինչև վերջ պայքարելու համար: Բազմիցս եմ նշել, որ սպորտում հաղթանակներն ու պարտությունները մշտապես զուգորդում են իրար, ուստի պետք է մեր մարզիկների կողքին լինել, սատարել, ոգևորել նրանց, ինչպես հաղթանակների, այնպես էլ պարտությունների ժամանակ, ավելին, նրանք մեր լավ վերաբերմունքի կարիքն հատկապես ունեն անհաջող խաղերից հետո: Ցավոք, իմ մոտ այնպիսի տպավություն է ստեղծվել, որ երեկվա խաղից հետո մեր ֆուտբոլիստերը մնացել են այդ պարտության հետ միայնակ, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է:

Միաժամանակ գտնում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ մարզիչ Վարդան Մինասյանը, չնայած իմ կարծիքով, որպես ֆուտբոլիստ միջինին մոտ արդյունքներ է գրանցել, որպես մարզիչ լավ պոտենցիալ ունի և բավականին տաղանդավոր է: Եվ այդ լավ մարզավիճակը պահպանելու, միջազգային փորձը ուսումնասիրելու և կիրառելու, մարզական մասնագիտական վերելք ունենալու համար մարզիչներին նույնպես անհրաժեշտ է աշխատանքային փորձ ձեռք բերել արտերկրում: Վ. Մինասյանը որպես հավաքականի ավագ մարզիչ, կարծում եմ, հասել է իր առավելագույնին, այնպես որ, եթե նա իր աշխատանքային գործունեությունը չշարունակի հզոր ներքին առաջնություն ունեցող արտասահմանյան ֆուտբոլային ակումբներից մեկում, ապա նրա մոտ աշխատանքային «լճացումը» շարունակվելու է, ինչի արդյունքին հետագայում ևս ականատես ենք լինել: Հաճախ են նրան մեղադում մեր հավաքականի մեկ անգամ հաջող, իսկ հաջորդ անգամ անհաջող խաղ ցույց տալու համար, սակայն, դա ունի իր հասարակ բացատրությունը: Հայաստանի հավաքականը խաղային համապատասխան դիրքերում ունի ընդամենը մեկ լուրջ` միջազգային մակարդակի, ֆուտբոլիստ, բնականաբար մեկ խաղացողի բացակայությունը շատ մեծ և զգալի ազդեցություն կարող է ունենալ ողջ հավաքականի խաղի վրա: Սրա ապացույցին նունպես ականատես եղանք երեկ: Եթե Բերեզովսկու խաղին չմասնակցելը հնարավոր եղավ լրացնել Կասպարովով, ով ի դեպ մի քանի անգամ փրկեց մերոնց վերահաս գոլից, ապա Յուրա Մովսիսյանին փոխարինել ոչ ոքի չհաջողվեց: Այո’, երեկ խաղում էր Հենրիխ Մխիթարյանը, և խաղում էր իր ուժերի առավելագույն ներդրմամբ, սակայն, նա նույնպես չկարողացավ հաղթանակ ապահովել մերոնց համար, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ հնարավոր չէ միայնակ հաղթել:

Հայաստան-Դանիա երեկվա հանդիպումը ապացուցեց նաև, որ մեր ֆուտոլիստներն ունեն բավականին թույլ ֆիզիկական պատրաստվածություն: Փաստորեն, նրանք չէին կարողացել վերականգնել իրենց մարզավիճակը Պրահայում անցկացրած խաղից հետո: Եվ ունենալով մեկ հիմնական կազմ, առանց համապատասխան փոխարինողների, հնարավոր չեղավ լավ խաղ ապահովել իրար հաջորդող 2 լուրջ հանդիպումներում, առավել ևս ընդամենը քառօրյա ընդմիջումով: Չնայած, պետք է ասեմ, որ մեր հավաքականը ընտրել էր ճիշտ մարտավարություն, օգտագործելով արագ հակահարձակումները:

Հայկական ֆուտբոլում տիրող վիճակի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ ֆուտբոլի մարզադպրոցների, ակումբների բացակայությունը, տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ տարվող ոչ արդյունավետ աշխատանքները, շատ ֆուտբոլային ավանդույթներ ունեցող քաղաքներում (Վանաձոր, Դիլիջան, Արմավիր, Աբովյան) արդեն փակված և չգործող ֆուտբոլի մարզադպրոցները, ցավոք պետք է տար այս պատկերը: Ավելի, գտնում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում, մոտ ապագայում նույնպես հայկական ֆուտբոլում իրավիճակի փոփոխություն դժվար թե նկատվի: Այնպես որ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, համապատասխան ստորաբաժանումներն ու պատասխանատուները պետք է վերոհիշյալ իրավիճակի շտկման ուղղությամբ ակտիվ միջոցառումներ իրականացնեն: Անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել որակապես ավելի բարձր մակարդակ ունեցող ներհանրապետական խաղեր, որոնց միջոցով իսկապես կբարձրանա մեր ֆուտբոլիստների մասնագիտական որակավորումը և նրանց լուրջ փորձի ձեռքբերման հնարավորություն կտա: Ցավոք, մեր մոտ բացարձակ հակառակ պատկերն է: Եվ երեկ ունեցանք այն` ինչ ունեցանք:

Մյուս, ոչ պակաս կարևոր հարցը, կազմակերպչական բնույթի է, որն իր ազդեցությունն ունեցավ խաղի արդյունքի վրա, կարծում եմ, երկամյա ցիկլում ամենակարևոր հանդիպումներից մեկը «Հրազդան» մարզադաշտում անցկացնելու որոշումն էր: Բնականաբար, միշտ էլ կիսադատարկ խաղադաշտը վատ հոգեբանական ազդեցություն է թողնում մարզիկների վրա: Եվ այս դեպքում, մերոնց չօգնեց նաև տանը խաղալու հանգամանքը: Վստահ եմ, որ չափսերով ավելի փոքր, բայց երկրպագուներով լի մարզադաշտը էմոցիոնալ առումով շատ դրական կազդեր մեր ֆուտբոլիստների վրա: Եվ այդ դեպքում, կարող է խաղի հաշիվը բոլորովին այլ` ի օգուտ մեզ, լիներ:

Եզրափակելով, ասեմ, որ, բոլորս ենք ցավում երեկվա պարտության համար, և իմ մտահոգությունը պայմանավորված է միմիայն նրանով, որ վաղն ավելի կազմակերպված հավաքական ունենանք, որ Հայաստանում հնարավոր լինի ի վերջո վերականգնել ֆուտբոլային լավ ավանդույթները, որ մեր ֆուտբոլիստների խաղը դիտելիս յուրաքանչյուր անգամ բղավելով . «Հայաստան, առաաաա~ջ», հայկական ֆուտբոլն իսկապես մեկ քայլ առաջ տեղափոխվի»:

Նախագահ Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ

3743Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Ավանդական ձևաչափով այդ հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը դեսպանների հետ խոսել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքի, մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին: Վերոնշյալ թեմաների շուրջ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Լրոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ

29291ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան միջազգային դասակարգման աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Մրցակիցները կատարեցին 40-րդ քայլ:

Ամերիկացի Հիկարու Նակամուրան սպիտակներով 42-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել ամերիկացի  Գատա Կամսկուն:

Երրորդ տուրում կկայանան Կամսկի – Արոնյան և Կառլսեն – Նակամուրա հանդիպումները:

Մասնակիցների դասավորությունը

1. Նակամուրա  2
2. Կարլսեն   1,5
3. Արոնյան  0,5
4. Կամսկի  0

Ի՞նչ վտանգներով է հղի սակավաշարժությունը

շարժումՀիպոդինամիա կամ սակավաշարժություն. այս հասկացությունը թերևս ծանոթ է մեզնից յուրաքանչյուրին: Դա զարմանալի չէ, քանի որ սակավաշարժությունն իրավամբ  նվաճել է «դարի հիվանդություն» «պատվանունը»: Այն առաջընթացի հակառակ երեսն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում սակավաշարժության համախտանիշը: Ի՞նչով է վտանգավոր: Ի՞նչու է այն համարվում դարի հիվանդություն:

Ուրեմն սկսենք այն հարցից, թե ինչ է սակավաշարժությունը: Բառը հունարեն «hypo»  և «dynamis» բաղադրիչներից է կազմված, որ թարգմանաբար նշանակում են «ներքևում» և «ուժ»: Հիպոդինամիա ասելով` հասկանում ենք մկանային գործունեության թուլացում, որն առաջանում է նստակյաց կենսակերպի հետևանքով ու շարժողական ակտիվ գործունեության սահմանափակմամբ:

Այսօր սակավաշարժության խնդիրը հաճախ է քննարկվում ամենուր, հիմնականում` քաղաքակիրթ երկրներում: Դրա պատճառն այն է, որ հիվանդությունը երիտասարդանում է: Ժամանակակից բժշկությունն այսօր հաճախ է բախվում դեռահասության գիրության խնդրին: Ինչո՞ւ է այն դարի հիվանդություն կոչվում, որովհետև ժամանակակից մարդն ասես մոռացել է, թե ինչ ասել է ֆիզիկական աշխատանք: Տեխնիկան օրեցօր ավելի ու ավելի է զարգանում: Դրա արդյունքում մարդն այլևս ստիպված չէ իր ձեռքով ինչ-որ բան անել: Բավական է սեղմել այս կամ այն կոճակը, և անհրաժեշտ աշխատանքը մարդու փոխարեն լավագույն ձևով կանեն մեքենաները: Դա իսկապես դարի ձեռքբերումն է, սակայն այդ ձեռքբերման հակառակ երեսն էլ այն է, որ հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների, որոնցից մեկն էլ հիպոդինամիան է: Ինչո՞վ է այն վտանգավո՞ր:

Մկանային գործունեության թուլացումն առաջին հերթին վտանգավոր է  նրանով, որ հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացման, որոնցից շատերը կարելի է հանգիստ լրջագույն ախտերի դասը կարգել: Սակավաշարժությունը հանգեցնում է բոլոր օրգանների ու համակարգերի  աշխատանքի խանգարման: Օրինակ` հաճախ հիպոդինամիայի հետևանքով տուժում են սրտանոթային, նյարդային համակարգերը: Այն կարող է հանգեցնել նաև գիրացման: Նյութափոխանակության լուրջ խանգարումները հիմնականում առաջանում են հիպոդինամիայի հետևանքով:

Կանխելու համար չպետք է պարզապես հանգիստը պառկած վիճակում անցկացնել: «Վերջ» ասեք նստակյաց կյանքին: Մոռացեք անգործության բոլոր «հմայքների» մասին: Վերջապես, առողջ կենսակերպի անցեք, սնվեք ճիշտ ու ժամանակին, զբաղվեք որևիցե մարզաձևով, հնարավորինս շատ քայլեք, հրաժարվեք բոլոր վատ սովորություններից: Մի խոսքով, զբաղվեք ոչ միայն հոգու խնդիրներով, այլև` մարմնի:

Ամեն տարի ողջ աշխարհում 5 մլն մարդ մահանում է միայն այն պատճառով, որ չափազանց պասիվ կենսակերպ է վարում: Այսօր ռիսկի խմբում մեկուկես մլրդ մարդ կա, որոնք ոչինչ չեն անում սակավաշարժությունը հաղթահարելու համար:

«15 և ավելի տարիքի մարդկանցից 10-ից 3-ը չափազանց պասիվ ու անառողջ կենսակերպ  են վարում»,- հայտնում է հեղինակավոր հրատարակություններից մեկը: Այդ խմբում շատ է կանանց թիվը, այն էլ` զարգացած ու ապահովված երկրներից:

Մինչդեռ ակտիվ կենսակերպ վարել չի նշանակում  պարտադիր սպորտով զբաղվել: Գիտնականները նշում են, որ այդ մեկուկես միլիարդի մեջ չհայտնվելու համար բավարար է շաբաթական 5 անգամ, 30- րոպեանոց  ֆիզկուլտուրայի պարապմունքը:

Չմոռանանք նաև, որ անգործությունը ոչ միայն ֆիզիկականին է վնասում, այլև հոգեկանին:

Այսօր համեմատաբար քիչ են այն  մասնագիտությունները, որոնք ֆիզիկական ակտիվություն են պահանջում: Եթե դուք լրագրող եք, հաշվապահ, ծրագրավորող, մի խոսքով` գրասենյակային աշխատող, այսինքն` ստիպված ալյուրի պարկեր չեք տեղափոխում շալակած, դա լավ է, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, պետք է մեդալի հակառակ երեսն էլ նայել: Հոգնածություն, տկարություն, թուլություն, անսովոր ծուլություն, երբ անգամ գիրք չես ուզում կարդալ և անընդհատ ցանկանում ես քնել ու քնել…: Կար ժամանակ, երբ հանգիստ մի քանի կանգառ ոտքով կանցնեիք, իսկ հիմա գերադասում եք տաքսի կանչել: Ծանո՞թ է այդ վիճակը, ուրեմն արդեն պետք է զգաստանանք, դա  նշանակում է, որ սակավաշարժության թիրախում եք:

Սակավաշարժ կենսակերպին սովորելը շատ հեշտ է: Ու որքան քիչ ենք շարժվում, այնքան գայթակղիչ է դառնում ջանքեր գործադրելուց խուսափելը:

Զարմանալի փաստ է, որ շարժունակության նվազման հետ թուլանում են ոչ միայն մկանները, այլև մտավոր ունակությունները: Մկանային ծանրաբեռնվածության թուլացումը հանգեցնում է հյուսվածքներին արյան մատակարարման նվազման, թթվածնի անբավարար մատակարարման, և մարդը սկսում է տառապել թթվածնային քաղցից: Պարբերաբար շարժումների սահմանափակման հետևանքով  խախտվում է  հորմոնալ և այլ համակարգերի վիճակը:

Մինչդեռ կարելի է պայքարել դրա դեմ, եթե նույնիսկ մի փոքր ցանկություն ունեք:

Բազմաթիվ ուսումնասիրություններով ապացուցվել է, որ կարևոր է ոչ թե մարզումների ծանրությունը, այլ դրանց կանոնավորությունը:

Բոլորովին պարտադիր չէ ուժային մարզումներ կատարել, ֆիթնես  սրահ հաճախել կամ լողավազան գնալ, որ բավարարված զգաք: Ամենապարզ միջոցը, որ կարելի է անել, օրական գոնե կես ժամ քայլելն է: Տուն գնալիս կարելի է մեկ կամ երկու կանգառ ոտքով գնալ: Աստիճանաբար այդ զբաղմունքը ձեզ դուր կգա:

Եթե վերելակն ուշանում է` մի սպասեք, փորձեք ոտքով հանգիստ բարձրանալ: Հրաշալի միջոց են շարժուն խաղերը, ֆուտբոլը, վոլեյբոլը կամ, ձեր նախընտրությամբ, մեկ այլ խաղ:

Խորհրդակցության ժամանակ կանգնեք.  ի դեպ, կանգնած դիրքն օգնում է նաև կենտրոնանալուն:

Հիշեք այն ժամանակները, երբ էլեկտրոնային նամակների փոխարեն հաղորդելիքը բերանացի էինք փոխանցում կամ այցելություններ կատարում: Դա մարզվելու տարբերակ է ու մտերիմներին և ծանոթներին հանդիպելու մի նոր  առիթ:

Իսկ այժմ աշխատասենյակում  մեզ շրջապատող գրասենյակային պարագաները կարելի է  օհգտագործել  մարզվելու նպատակով,ասենք` պատճենահանման համար նախատեսված թղթի կապոցը կարելի է «վերածել» ծանրաձողի: Մարզվեք գրասենյակային ծանրաձողով ու   նստակյաց դիրքից ընդարմացած մարմնին հանգստություն պարգևեք:

Հեռախոսով զրուցելու հաճելի ժամանակը կարելի է  օգտակարի հետ համադրել, օրինակ` ամենևին չի խանգարի ոտքերի մարզանքը:

Միշտ են մասնագետները հորդորում. համակարգչի առջև աշխատելիս 2 ժամը մեկ ընդմիջում արեք ու աչքերի վարժանք` լարվածությունը վանելու համար:

Մի խոսքով, հիպոդինամիայի գերին չդառնալը ձեր իսկ ձեռքերում է:

 

 

Վրաերթի ենթարկված 9-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

ՎրաերթՍեպտեմբերի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում,  Երևան-Դաշտավան ճանապարհին` Դարակերտ գյուղի հատվածում,   «Հայգեր»  մակնիշի  ավտոբուսի վարորդը  վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  24  դեպքից բացահայտվել է 21-ը, գողության 30 դեպքից` 16-ը,  խարդախության 18 դեպքից` 17-ը, իսկ կողոպուտի   և  խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 և  գողության 7  դեպք:
Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԿԸՀ-ն որևէ խախտում չի արձանագրել

կըհՀայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է  թիվ 38 ընտրատարածքում ս.թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը:

Հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցող երեք թեկնածուներից երկուսն են բացել նախընտրական հիմնադրամներ և պատշաճ կարգով ներկայացրել հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրվել:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Հաշվեհարդարի սպառնալիքով փորձել են 2 միլիոն շորթել

ոստիկանություն3Սեպտեմբերի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս` ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1982 թ. ծնված Կ.  Մ.-ն: Պարզվել է, որ ոմն Զավեն, հաշվեհարդարի սպառնալիքով, նրանից փորձում է շորթել 2.000.000 դրամ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության,  Երևան քաղաքի  և ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ քիմիական մշակման ենթարկված 2.000.000 դրամը Կ. Մ.-ի կողմից փոխանցելու ժամանակ Ա. Իսահակյան փողոցի թիվ 22 շենքի մոտ բռնվել և բերման են ենթարկվել 1975 թ. ծնված Ռ. Պ.-ն, 1960 թ. ծնված Լ. Կ.-ն,  1955 թ. ծնված  Ա. Ն.-ն, 1950 թ. ծնված Ա. Խ.-ն, 1964 թ. ծնված Հ. Ա.-ն  և 1993 թ. ծնված Վահան Ա.-ն:
Վահան Ա.-ի մոտից հայտնաբերվել և առգրավվել է մշակված 2.000.000 դրամը:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ջուլիա Զիլբերքվիթ.«Երիտասարդական էներգիա եմ ստանում այս նվագախմբի հետ աշխատելիս»

1-1Սեպտեմբերի 10-ին հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) հետ համատեղ համերգով մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը։ Հնչեցին Սերգեյ Սլոնիմսկի, ՙՀրեական ռապսոդիա՚. կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր։

Համերգին նախորդած մամուլի ասուլիսում Ջուլիա Զիլբերքվիթը նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է և տպավորված է Երևանով։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթներ ունեցել է անցած տարի Օդեսայում։ ՙՆվագախումբն ուղղակի հրաշալի է, մենք կատարել ենք շատ բարդ ստեղծագործություններ։ Ես շատ լավ կապեր ունեմ մաեստրո Սմբատյանի հետ։ Ելույթ եմ ունեցել շատ դիրիժորների հետ. կան դիրիժորներ, ովքեր այնքան էլ շատ չեն սիրում նվագել մենակատարների հետ, սակայն Սերգեյ Սմբատյանը միշտ մեր կողքին է։ Երիտասարդական նվագախումբը շատ լավ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ է և շատ աշխատասեր։ Երբեք չեն նեղսրտում, երբ նրանց խնդրում ես ինչ-որ բան ևս մեկ անգամ կրկնել։ Երիտասարդական էներգիա եմ ստանում այս նվագախմբի հետ աշխատելիս՚,- նշեց դաշնակահարուհին։ Նա նաև տեղեկացրեց, որ կոմպոզիտոր Սերգեյ Սլոնիմսկին շատ ուրախ է ՙՀրեական ռապսոդիայի՚ հայաստանյան պրեմիերայի համար։ Սա հեղինակի դաշնամուրային առաջին կոնցերտն է և նվիրած է հենց Ջուլիա Զիլբերքվիթին։

Ջուլիա Զիլբերքվիթը լրագրողների հետ զրույցում ասաց նաև, որ ծանոթ է հայկական երաժշտությանը, շատ է սիրում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը. ՙԱրամ Խաչատրյանի ստեղծագործությունները մեր ռեպերտուարի մասն են կազմում, այնպես, ինչպես Բախը, Մոցարտը, Շոստակովիչը։ Ես չգիտեմ որևէ երաժշտի, որ ստանալով մասնագիտական կրթություն դպրոցում, կոնսերվատորիայում՝ չնվագի Խաչատրյանի գործերը՚։

Դաշնակահարուհին տեղեկացրեց նաև, որ Նյու Յորքում բազմիցս է մասնակցել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակին նվիրված համերգներին, որոնք արդեն ավանդույթ են դարձել և 10-15 տարի անցկացվում են աշնան ամիսներին։ Ըստ դաշնակահարուհու՝ երկու ազգերի այդ մեծ վիշտը համախմբում է մարդկանց։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ ուրախալի է, որ այն մենակատարները, ում հետ նվագախումբը մեկ անգամ աշխատում է, ցանկություն են հայտնում շարունակել համագործակցությունը։ Սա, ըստ Սերգեյ Սմբատյանի, մեծ ձեռքբերում է։ Նա նաև տեղեկացրեց, որ 2013-14թթ. համերգաշրջանը լինելու շատ բովանդակալի՝ լի անակնկալներով. կան միջազգային պայմանավորվածություններ, Հայաստան կժամանեն հանրահայտ մենակատարներ։ Բացի այդ, նոր համերգաշրջանում երիտասարդական նվագախումբը հրավիրված է լավագույն փառատոների ու գործակալությունների կողմից։

Նվագախմբին համերգաշրջանի բացման առթիվ շնորհավորելու էր եկել նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով նշեց, որ նվագախմբի ելույթները երիտասարդական ոգի են բերում մեծ արժեքներին. «Ես շատ ուրախ եմ մեր երիտասարդների աշխատասիրության, նվիրվածության համար»:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Ասորի ծերունին 76 տարի մենաստանում սպասում է մոր վերադարձին

film Թուրքիայի Մարդին քաղաքում ապրող ասորի Ջերջիս Քափթանը, ում Բահե են կոչում, 76 տարի է, ինչ ապրում է ասորական եկեղեցու մենաստանում: Երբ Բահեն 11 տարեկան էր, նրա մայրը երեխային պահելու միջոցներ չունենալու պատճառով նրան այստեղ է թողնում՝ մյուս երկու երեխաների հետ մեկնելով Սիրիա: 76 տարի առաջ մոր՝ «ինձ այստեղ սպասիր, ես քո հետևից կգամ» խոսքերը Բահեի համար դարձել են կյանքի ուղենիշ: Այդ օրից ի վեր արդեն ծերունի Բահեն սպասում է մոր վերադարձին:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ մարդինցի ռեժիսոր Հայդար Դեմիրթաշը որոշել է կարճամետրաժ ֆիլմի վերածել Բահեի կյանքը: «Հյուրը» անունը ստացած 30 րոպեանոց ֆիլմը այս տարի կմասնակցի արդեն 50-րդ անգամ Անթալիայում անցկացվող Ոսկե նարինջ կինոփառատոնին: Ֆիլմի ռեժիսորը նշել է, որ փորձել է ներկայացնել Բահեի՝ մենաստանում անցկացրած երկար տարիները՝ որոնք լի են կարոտով և մոր սպասման հույսով: «Ֆիլմում պատմում ենք տարիներ շարունակ մենաստանում Բահեի կատարած աշխատանքի մասին, ներկայացվում է նաև ասորական մշակույթը, կրոնն ու պատմությունը: Նկարահանումների ժամանակ մենք փորձեցինք գտնել 76 տարի առաջ անհետ գնացած Բահեի քրոջը: Վերջինս ապրում է Սիրիայում ու նույնպես կարոտում է իր եղբորը»,-պատմել է ռեժիսոր Դեմիրթաշը:

Ֆրանսիան առաջարկում է Սիրիային 15 օր ժամանակ տալ

frans  Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել սիրիական խնդրի լուծման ծրագիր, ըստ որի Սիրիան պետք է 15 օրվա ընթացքում տվյալներ տրամադրի երկրում առկա քիմիական զենքի մասին և անհապաղ ՄԱԿ-ի փորձագետներին թույլ տալ մոտենալ այն բոլոր օբյեկտներին, որոնք կապ ունեն քիմիական զենքի հետ: Այս մասին է հայտարարել Ֆրանսիայի արտգործնախարարը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը, համաձայն ֆրանսիական տարբերակի, եթե Սիրիայի իշխանությունները չհամաձայնեն տրամադրել բոլոր պահանջվող փաստաթղթերը, ապա Անվտանգության խորհուրդը կդիտարկի «հետագա անհրաժեշտ միջոցառումները՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի վրա»:

Առաջին անգամ Հայաստանում Եվրոպական միության արդարադատության դատարանի մոդել դատախաղ-մրցույթ

215«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ 2013թ.-ի սեպտեմբերի 10-ից 12-ը իրականացնում է Եվրոպական Միության Արդարադատության Դատարանի (տեքստում նաև ԵՄԱԴ) առաջին մոդելային դատախաղ-մրցույթը Հայաստանում: Դատախաղի հաղթող թիմը ուսումնաճանաչողական այցելություն է իրականացնելու Եվրոպական Միության Արդարադատության Դատարանում, որը տեղակայված է Լյուքսեմբուրգում: Այցելության ծրագիրը ընդգրկելու է նաև Եվրոպական Միության մի քանի այլ կառույցներ:

Ծրագրի ղեկավար Հայկուհի Հարությունյանի խոսքերով՝ դատախաղ մրցույթը իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում և խոստումնալից մրցույթ է լինելու: «Միջոցառման նպատակն է ներազդել ՀՀ-ում դատական ու իրավական պրակտիկայի զարգացման վրա՝ առաջատար դատական համակարգերի մոդելների ներկայացմամբ»,-ավելացրել է Հայկուհի Հարությունյանը:

Մրցույթի բանավոր փուլին կմասնակցեն Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետների և Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմերը: Մասնակից թիմերը կազմված են 3 կամ 4 անդամից, մրցույթի ընթացքում յուրաքանչյուր թիմին աջակցելու է թիմի մարզիչը: Դատախաղ մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 11 թիմ 8 ուսումնական հաստատություններից:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հրավիրել է փորձառու իրավաբանների, բարձր որակավորում ունեցող եվրոպական միության իրավունքի մասնագետների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցել որպես դատավոր մրցույթի բանավոր փուլի դատալսումներին:

Դատախաղի գործը ներկայացնում է  ԵՄ անդամ չհանդիսացող պետության քաղաքացիների հայցապահանջները Եվրոպական Միության կառույցների դեմ: Դիմումատուների քաղաքացիության երկիրը փոխկապակցված է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրով: Նման դատավարական վեճի շուրջ աշխատելը՝ հայ երիտասարդ իրավաբանների համար մի հնարավորություն է պատկերացնելու համար ԵՄ անդամ չհանդիսացող երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանության  հնարավորությունները  ԵՄ ատյանների առջև ԵՄ իրավունքի հիման վրա:

Դատախաղի հայկական մոդելը զարգացնելիս՝ Դատախաղի կազմակերպչական թիմը ուսումնասիրել է ԵՄ Արդարադատության Դատարանի միջազգային դատախաղ-մրցույթի ընթացակարգերը, ինչպես նաև ԵՄ Արդարադատության Դատարանի դատավարական ընթացակարգերն ու գործունեությունը: Հայկական դատախաղում հնարավորինս վերարտադրված են իրական ԵՄԱԴ-ի ընթացակարգերն ու գործունեության կանոնները:

Դատախաղ-մրցույթի կազմակերպչական փուլում մրցույթի դիմողները մասնակցել են  նախապատրաստական դասընթացի: Մրցույթի կազմակերպիչներն ու փորձագետները մասնակիցներին առաջարկել են նաև վերաբերելի գրականություն և ռեսուրսներ, ներառյալ  ԻՊԱՍ-ի փորձագետների կողմից մշակված՝ԵՄԱԴ-ի  նախադեպային գործերի ժողովածուն:

Դատախաղի եզրափակիչ փուլը բաց է հանրության համար: Կազմակերպությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձանց մասնակցել միջոցառմանը:

Դատախաղ-մրցույթը իրականացվում է  «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագծի շրջանակներում:  Նախագիծը իրականացվում է 2013թ.-ի հունվարից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ: Սույն ծրագրի ԵՄ ֆինանսավորումը կազմում է 149,491 եվրո: Նախագծի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում Եվրոպական Միության, ԵՄ իրավունքի, ԵՄ արդարադատության համակարգի վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը՝ իրազեկման բարձրացման տարաբնույթ հանրային միջոցառումների կազմակերպման միջոցով:

Արգենտինայի 4 նահանգներում անտառային հրդեհներ են

firefightersՀրշեջները պայքարում են Կորդովայի և Արգենտինայի երեք այլ նահանգների անտառածածկ տարածքներում քամուց տարածվող հրդեհները մարելու համար:

Կորդովայի հասարակական զարգացման նախարար Դանիել Պասերինին երեքշաբթի տեղեկացրել է, որ հրշեջները շատ դժվարությամբ են պայքարում քամու և շոգ եղանակի պատճառով տարածվող հրդեհների դեմ:

Պասերինին նշում է, որ Կորդովա նահանգում հրդեհի պատճառով 480 մարդ է տարհանվել՝ մեծամասամբ զբոսաշրջային գոտի Կամալուչիտա հովտից: Այրվող ծառի տակ մնացած մեկ մարդ ծանր վիճակում է:

Ըստ Կորդովայի կառավարչի ներկայացուցչի՝ տեղի օդերևութաբանները առաջիկա մի քանի օրերի համար ավելի դժվար եղանակային պայմաններ են կանխատեսել՝ հայտնելով, որ ջերմաստիճանը կհասնի մինչև 40 C˚, իսկ քամու արագությունը 50-60կմ/ժ:

Ի՞նչն է խելքահան անում տղամարդուն

ol3001378807284Յոհանեսբուրգի համալսարանների մասնագետների անցկացրած հետազոտություններն օգնեցին որոշելու, թե կնոջ մարմնի  որ մասերն են ուժեղ սեռի ներկայացուցիչները համարում գրավիչ ու սեքսուալ:

Բացարձակ առաջնությունը այդ հարցով պատկանում է կանանց շուրթերին ու բերանին, որոնք, ըստ 10-բալանոց սանդղակի, արժանացել են 7,9 միավորի: Ծոծրակը նշել են 7,5 միավորով, իսկ կուրծքը` 7,3 միավոր: Հետույքն ու ազդրերը տղամարդիկ գնահատել են 4,5 և 3,5 միավորով, համապատասխանաբար: Ամենանվազ գայթակղիչ հատվածը ըստ տղամարդկանց, ոտնաթաթերն են (1 միավոր):

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա կանանց համար ամենագայթակղիչը շուրթերն ու բերանն են (7 միավոր), ազդրերի ներսի հատվածը (5,8 միավոր), պարանոցի ետին կողմը` (5,6 միավոր): Ամենանվազ գրավիչը կանանց աչքերով, նախաբազուկն է` մեկ միավոր:

Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնեց Երեւանի թիվ 174 դպրոցը

3-009Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնող թիվ 174 դպրոցի աշակերտությանն ու ուսուցչական կազմին սեպտեմբերի 11-ին հյուրընկալվեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհավորելով ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց,-“ Ինձ համար հաճելի պարտականություն է ներկա գտնվել հերթական կրթական օբյեկտի շահագործման հանձնմանը: Այս ուսումնական տարվա մեկնարկից ընդամնեը 10 օր է անցել եւ քաղաքաշինության նախարարությունը շահագործման է հանձնում 4-րդ կրթական օբյեկտը, որից երկու դպրոց գյուղական բնակավայրերում` ամբողջությամբ նոր կառուցված, երկուսը մայրաքաղաքում` հիմնանորոգված, եւս երկուսը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ: Եկող տարի արդեն շահագործման կհանձնվի 15 կրթական, մշակութային օբյեկտ”: Նախարարը տեղեկցրեց նաեւ, որ դպրոցաշինությունը քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից է, ուստի առանձնահատուկ կարեւորվում է կրթական օբյեկտների տեխնիկական վիճակը: Նախ` գնահատվում է շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա ըստ անհրաժեշտության կատարվում ուժեղացում` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո միայն իրականացվում է նորոգում: “Քաղաքաշինության նախարարությունը սկսած 2012 թվականից նախաձեռնել է կրթական, մշակութային օբյեկտների գույքագրման գործընթացը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրությունների միջոցով պարզել շենքերի տեխնիկական վիճակը, ճշգրտելու հիմնանորոգման առաջնահերթությունները,-հավելեց Ս. Թադեւոսյանը:

Շնորհակալություն հայտնելով թիվ 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանն իր հիացմունքն արտահայտեց լայնածավալ եւ հիմնավոր շինարարական աշխատանքների կատարման, լուսավոր ու հարմարավետ դպրոց պարգեւելու առնչությամբ:

1200 աշակերտի համար նախատեսված թիվ 174 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները իրականացրել է “Մոմիկ” ԱԿ-ն: 1979 թվականին կառւցված դպրոցում մինչ այս երբեւէ հիմնանորոգում չի իրականացվել: Շինարարական օբյեկտի ընդհանուր մակերեսը 9334.0 քմ է:  Կատարված  աշխատանքների շրջանակերում հիմնանորոգվել է դպրոցի առաջին, երկրորդ եւ երրորդ մասնաշենքերը /տանիք, պատեր, միջնորմներ, սանհանգույցներ, հատակներ, դռներ, պատուհաններ եւ այլն/, այդ թվում իրականցվել է ներքին հարդարման մեծածավալ աշխատանքներ, ինչպես նաեւ փոխվել են ներքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրական մատակարարման, կոյուղու/ համակարգեր: Հիմնանորոգման աշխատանքների վրա պետական բյուջեից ծախսվել է շուրջ 500 մլն դրամ: