Հայտնաբերվել է նռնակ` առանց պայթուցիչի

նռնակՍեպտեմբերի 17-ին, ժամը 10.45-ին,  ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ 1979 թ. ծնված Երջանիկ Ա.-ն Աղավնատուն գյուղի սկզբնամասի հողատարածքում նռնակ է գտել:
Էջմիածին-Աղավնատուն ճանապարհի 1-ին կմ-ին հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է «ՌԿԳ-3 Ե-Մ ՏԳ-45» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն

ոստիկանությունՍեպտեմբերի 16-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի  բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով   բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Դ. Մալյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռոբերտ Մ.-ն բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:
Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Դ. Մալյան փողոցի 22/6 շենքի   բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Նոռա Ա.-ն խոհանոցային դանակով  հարվածել է ամուսնուն` Ռոբերտ Մ.-ին`  պատճառելով  վնասվածք:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, Նոռա Ա.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Վերջինս հաղորդում է տվել նաև, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր բնակարանում, վիճաբանության ժամանակ,  Ռոբերտ Մ.-ն ձեռքերով սեղմել է իր պարանոցը, քաշել մազերը և  հարվածելով թիկունքին` պատճառել վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 13.50-ին, Ռոբերտ Մ.-ն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, հիշյալ բնակարանում, վիճաբանության ժամանակ, ցանկացել է խոհանոցային դանակը վերցնել կնոջ` Նոռա Ա.-ի ձեռքից, սակայն վերջինս անզգուշությամբ դանակով վնասել է իր որովայնի ձախ հատվածը և պատճառել նշված վնասվածքը:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալվածՍեպտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին,  ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արեգ Ս.-ին, որը 2012 թ. հունվարի 26-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:

 

Թիվ 1 մանկապարտեզը չհիմնանորոգելն անմեղ բացթողո՞ւմ է, թե՞ դիտավորություն

Անահիտ-ԲախշյանԱյսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Ուսումնասիրելով Երևանի զարգացման 2010-2013թթ. քառամյա և տարեկան ծրագրերը՝ նկատել եմ, որ քառամյա ծրագրով 2011թ.-ին  նախատեսվել է  հիմնանորոգել Երևանի Կենտրոն վարչական շրջանի թ.1 մանկապարտեզը, սակայն Երևանի զարգացման 2011 թվականի տարեկան ծրագրով այն նախատեսված չի եղել:

Այնուհետև  2010 թվականի Երևանի զարգացման տարեկան ծրագրի նախադպրոցական կրթությանը նվիրված  57-րդ էջում գրված է, որ  թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն, որոնցից 56-ը  տարածքն օգտագործում է անհատույց, 31-ի գումարը տնօրինում են վարչական

շրջանները, 14-ինը՝ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները, 5-ինն անհայտ է։

Խնդրում եմ պարզաբանել.

  1.  Ինչու՞ է քառամյա ծրագրով թ.1 մանկապարտեզում նախատեսվել հիմնանորոգում, իսկ 2011 թվականի տարեկան ծրագրով նախատեսված չի եղել: Սա անմեղ  բացթողո՞ւմ է, թե՞ դիտավորություն:
  2. Որո՞նք են այն 106 կազմակերպությունները, որոնք վարձակալությամբ տեղակայված են թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
  3.  Որո՞նք են ՆՈՒՀ-երի  տարածքն անհատույց օգտագործող 56 կազմակերպությունները, ո՞ւմ որոշմամբ և ի՞նչ հիմնավորմամբ են նրանք անհատույց օգտագործման իրավունք ստացել:
  4. Ինչու՞ 31 կազմակերպությունների դեպքում վարձակալության գումարները տնօրինում են վարչական շրջանները, իսկ 14-ի դեպքում՝ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները:
  5. 2010 թվականից մինչ օրս քաղաքապետարանի պատկան ստորաբաժանումները պարզե՞լ են արդյոք այդ անհայտ 5 կազմակերպությունների տեղը, որոնք վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները :
  6. Ո՞ր 5 մանկապարտեզներում  և ե՞րբ են այդ 5 կազմակերպությունները վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները, ո՞վ է վճարում վարձակալության գումարները:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Թուրքիայիում երկրաշարժ է տեղի ունեցել

1Թուրքիայում գիշերը 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է Մուշում, Բինգյոլում, Էրզրումում, հաղորդում է թուրքական “Հուրրիյեթ” թերթը:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 22 կմ խորության վրա։

Մուշի նահանգապետ Վեդաթ Բույուքերսոյը նշել է, որ երկրաշարժի հետևանքով Թյութեն գյուղի 4 տներում չնչին վնասներ են ի հայտ եկել։ Մարդկային և նյութական կորուստներ չկան։

Երկրաշարժը բնակիչների շրջանում խուճապի պատճառ է դարձել, շատերը գիշերել են դրսում։ Անձրևոտ եղանակի պատճառով Թուրքիայի Կարմիր մահիկի կազմակերպությունը վրաններ, ծածկոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ է ուղարկել։

Մարոկկոյից հարյուրավոր փախստականներ գրոհով Իսպանիայի սահմանն են հատել (տեսանյութ)

m_825758Հարյուրավոր մարոկկացիներ փորձել են գրոհով անցնել Իսպանիայի սահմանը` հուսալով այնտեղ լավ կյանք գտնել: 300 աֆրիկացիները քանդել են 6-մետրանոց պատնեշը, որն իսպանական Մելիլյան բաժանում է Մարոկկոյից: Այնտեղ նրանք բախվել են ոստիկանության հետ:Տուժել է 7 մարդ: Բայց, այնուամենայնիվ, հարյուր երջանիկների հաջողվել է  բացել “Եվրոպայի լուսամուտը”: Դրա մասին հայտնել են Իսպանիայի իշխանությունները: Նրանց տվյալներով, Աֆրիկայի հյուսիսում տիրող անհանգիստ իրավիճակը ստիպում է հազարավոր մարդկանց ապաստան գտնել Իսպանիայում: Սակայն  եվրոպական երկրի տարածք գերադասում են ընկնել անօրինական ճանապարհով: Ոստիկանական ուղղաթիռից արված տեսանյութում  տեսանելի է  միգրանտների ամբոխը, որը հատում է սահմանային արգելապատնեշը:

Իրավապաշտպաններն ասում են, որ Իսպանիա են վազում ոչ միայն մարոկկացիները: Այդ ճանապարհով Իսպանիա են փախչում աֆրիկյան մյուս պետությունների քաղաքացիներ: Հաճախ նրանք փորձում են սահմանն անցնել Միջերկրական ծովով` ինքնաշեն լողասարքերով: Օրերս այդ կողմերում նման նավ է բեկվել. մեկ մարդ զոհվել է, ավելի քան տասը մարդ անհետ կորել է:

«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին

եվրատեսիլ«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Առաջին ալիքի «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները.

  1. Մերի Վարդանյան – «Երգն իմ այս» (10 տարեկան, քաղաք Վարդենիս)
  2. Միքայել Վարոսյան -«Happy Day» (10 տարեկան, քաղաք Երևան)
  3. Դավիթ Վարդանյան (11տարեկան) և Էռնա Միրզոյան (15տարեկան)- «Լուսավորական»  (քաղաք Ստեփանակերտ)
  4.  Պետրոս Ղազարյան -«Դու-դու»  (12տարեկան, քաղաք Երևան)
  5. Կարեն Ուղուրյան -«Ընկերներ ենք» (12տարեկան, քաղաք Երևան)
  6. Կարեն Օհանյան -«Share and Like»  (12տարեկան, քաղաք Երևան)
  7. Կարապետ Կարապետյան -«Miracles», (13տարեկան, քաղաք Երևան)
  8. Գայանե Ղազարյան- «We Are Young» (13տարեկան, քաղաք Երևան)
  9.  Միլենա Ղազարյան -«Անծանոթ աշխարհ» (13տարեկան, քաղաք Երևան)
  10. Ռոզա Կոստանդյան -«Գիտեմ», (13տարեկան, քաղաք Վանաձոր)
  11.  Մոնիկա Ավանեսյան -«Շոկո ֆաբրիկա» (15տարեկան, քաղաք Երևան)
  12. Միքայել Սիմոնյան -«Օտար մի վայրում» (12տարեկան, քաղաք Իջևան)

Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:

Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:

Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:

 

Առաջին ալիքի

 հասարակայնության հետ կապերի բաժին

 

40 հազար զբոսաշրջիկ` ջրհեղեղի գերության մեջ

iՄեքսիկական Ակապուլկոյից չի կարողանում վերադառնալ 40 հազար զբոսաշրջիկ: Օդանավակայանը փակվել է ջրհեղեղի պատճառով:

Թռիչքուղին ու տերմինալներն ամբողջությամբ ջրի տակ են հայտնվել: Մեքսիկայի նախագահ Պենյա Նետտոյի ինքաթիռը վերջինն է վայրէջք կատարել, որից հետո օդանավակայանը փակվել է: Պետության ղեկավարը տուժած շրջաններ է այցելել:

Մեքսիկայում տեղատարափ անձրևները չեն դադարում: Նախօրեին տարածաշրջանին հարվածեց արևադարձային “Մանուել” փոթորիկը: Աղետի հետևանքով զոհվել է 30 մարդ, տասնյակ մարդիկ էլ անհետ կորած են համարվում:

Սեպտեմբերի 23-ից 6 նոր արագաչափ կգործարկվի Երևանում և 2-ը` միջպետական մայրուղիներին

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի սեպտեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի փողոց-Արարատյան փողոց, Շիրակի փողոց-Արտաշիսյան փողոց, Գ.Նժդեհի փողոց-Մայիսի 9-ի փողոց, Գ.Նժդեհի փողոց-Մանթաշյան փողոց, Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց և Հալաբյան փողոց-Կիևյան փողոց խաչմերուկներում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, ինչպես նաև հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը.
1. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կմ (Մարգահովիտ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 126-րդ կմ (Վանաձոր քաղաքի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Հռոմի օդանավակայանում ծախծխում են մոռացված ճամպրուկները

o_825592Հռոմի “Ֆյումիչինո” օդանավակայանում սկսվել է ինչ-որ ժամանակ օդանավակայանում մոռացված ճամպրուկների ու պայուսակների աճուրդով վաճառքը:

Այն բեռը, որի ետևից ավելի քան 2 տարի ոչ ոք չի ներկայացել, որոշվել է վաճառքի հանել: Աճուրդը կտևի մինչև կիրակի օրը: Ամեն բան օրենքի սահմաններում է կատարվում, օդանավակայանի ադմինիստրացիան 2 տարի պահելուց հետո իրավունք ունի դրանք վաճառել կամ նվիրել: Սակայն վերջինն  այնքան էլ հետաքրքիր չէ: Մեկ ուրիշ հանգամանք է շատ հետաքրքիր, ճամպրուկը մինչև վաճառքը բացելու իրավունք չկա: Իսկ դրանց պարունակությունը նոր տերերին միշտ չէ, որ ուրախացնում է:

“Ինչպես տեսնում եք, մենք արդուկներ, սրճեփներ, ստերեո-համակարգեր ունենք”,- ասում է գնորդներից մեկը: Մեկին էլ  բաժին են ընկել լուսանկարչական ապարատներ.”Կարծում եմ, որ կկարողանամ դրանք վաճառել համացանցով ու մի քիչ գումար աշխատել”,-ուրախանում է նոր տերը:

Իսկ ամենահնարամիտները առևտուր են սկսում անմիջապես  տեղում: Երբեմն ճամպրուկների մեջ ոչ միայն հին լուսանկարչական ապարատներ են լինում, այլև ավելի թանկարժեք, ասենք` ոսկերչական զարդեր ու բիժուտերիա, նոթբուքեր ու պլանշետային համակագիչներ:

Բոստոնի օդանավակայանում հրդեհ է բռնկվել

o_790921Բոստոնի միջազգային Լոգան օդանավակայանում այսօր հրդեհ է բռնկվել վառելիքի մատակարարման պոմպերից մեկում: Հրշեջները հրդեհը մարել են կես ժամում: Անվտանգության նկատառումներով, ժամանակավորապես դադարեցվել է վառելիքի ապահովման ամբողջ համակարգի աշխատանքը:

Պատճառները պարզվում են: Օդանավակայանի ներկայացուցիչների խոսքով, դիտարկվում է նաև հրկիզման վարկածը, քանի որ վառելիքի համակարգի հանգույցների տեղակայման վայրը գտնվում է խիստ հսկողության տակ:

Լոգան օդանավակայանը տարեկան սպասարկում է տասնյակ միլիոնավոր ուղևորների ու համարվում է ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան հատվածի տրանսպորտային խոշորագույն օբյեկտներից մեկը:

Ազատազրկման է դատապարվել երեխաների առևանգելու և ուտելու մտադրության համար

i (2)ԱՄՆ-ում դատարանը 26 տարի 8 ամսվա ազատազրկման է դատապարտել Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջոֆրի Պորտվեյին` մի քանի երեխաների առևանգելու ու ուտելու պլանի համար:

ԱՄՆ-ում բնակվող 40-ամյա Պորտվեյը համացանցում նամակագրություն է ունեցել համախոհների հետ, նրանց հետ քննարկել երեխաներին առևանգելու և ուտելու պլանները: Բացի այդ, նա ավելի քան 4,5 հազար անգամ մանկական պոռնոգրաֆիական նյութեր է տարածել:

Այս տարվա մայիսին տղամարդը խոստովանեց իր մեղքը: Նրա փաստաբանը իր պաշտպանյալի բոլոր պլանները երևակայություն է որակել ու պնդել, որ նրան ազատազրկման նվազագույն ժամկետ տան:

Հետախուզման ժամանակ ԱՄՆ ոստիկանությունը Պորտվեյի տանը մետաղական վանդակ է հայտնաբերել, բժշկական գործիքներ ու կտրատելու սեղան:

Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամաբ, Պորտվեյի արտահանձնումը Մեծ Բրիտանիա  ԱՄՆ-ում պատիժը կրելուց հետո միայն կկատարվի:

Ավստրալիայի նոր վարչապետը պաշտոնապես անցել է պարտականությունների կատարմանը

i (1)Թոնի Էբոթը երդվել է ու անցել Ավստրալիայի վարչապետի պարտականությունների կատարմանը:

Լիբերալ-Ազգային կոալիցիայի առաջնորդը, որը  հաղթել էր սեպտեմբերի 7-ին կայացած համընդհանուր ընտրություններում, ներկայացրել է կառավարության նոր կազմը: Նրա խոսքով,  այդ կաբինետում “երկրի ամենափորձառու նախարարներն են”:

Իր հաղթանակից  անմիջապես հետո  Էբոթը խոստացավ, որ մեկ տարում կլուծի երկրի խնդիրները. կվերացնի ջերմոցային գազերի արտանետումների համար գանձվող հարկերը, Ասիայից արտագաղթող  հազարավոր նավերի առաջ արգելապատնեշ կդնի, իսկ բյուջեն  ավելցուկ կտա:

Բրազիլիայի նախագահը հետաձգել է ԱՄՆ կատարելիք այցը լրտեսության կասկածանքով

iԴիլմա Ռուսեֆը որոշել է ԱՄՆ կատարելիք այցը հետաձգել` ուսումնասիրելով ավելի վաղ հրապարակված փաստաթղթերը:

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենի հրապարակած փաստաթղթերում ասվում է, որ ԱՄՆ  Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ)  գաղտնալսում է  Ռուսեֆի հեռախոսազրույցներն  ու հետևում  էլեկտրոնային հաղորդագրություններին, ինչպես նաև նախագահի օգնականների բանակցություններին: Բացի այդ, լրտեսում է բրազիլական  նավթային Petrobras ընկերությանը:

Վարորդները բողոքում են, ոստիկանությունը` պարզաբանում, իսկ տաքսիստները պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը

Արագաչափ-սարքՎարորդները  դժգոհում են, որ իրենց սկսել են շատ տուգանել 

Բազմաթիվ քաղաքացիներ են բողոքում քաղաքում տեղադրված տեսանկարահանող սարքերից ու դրանց միջոցով արձանագրվող երթևեկության կանոնների խախտումների կարգից ու ընթացքից:

Դժգոհողների հիմնական բողոքը, այսպես ասած, կրկնակի տուգանքներից է: Այսինքն` ինչպես ներկայացնում են վարորդները, դեպքեր են լինում, երբ իրենց կատարած խախտման համար ՃՈ սպան տուգանում է, բայց միառժամանակ հետո իրենք փոստով ծանուցում են ստանում, որ այդ նույն  խախտման համար, որը ֆիքսել են տեսանկարահանող կամ արագաչափ սարքերը, նույնպես տուգանք է նշանակվել:

Այս հարցի մասով ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, թե բացառվում է, որ միևնույն խախտման համար քաղաքացիները կրկնակի տուգանվեն: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նման դեպքերում քաղաքացիները կարող են ուղղակի վերցնել տուգանքների կտրոնները և մոտենալ ՃՈ բաժին, ու այդ հարցը 3 րոպեում կլուծվի: Այս հարցերի կապակցությամբ, իհարկե, ոստիկանությունը հայտարարություններ էլ է տարածել իր պաշտոնական կայքում, բայց…

Վարորդները բողոքում են նաև, որ միևնույն տուգանքի համար ՃՈ աշխատակիցը իրենց մեկ այլ չափի տուգանք է նշանակում,  և տեսանկարահանող կամ արագաչափ սարքերի գրանցած խախտման համար բոլորովին այլ տուգանքի ծանուցագիր են ստանում: Այս հարցը ևս ուղղեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետին: Նա դարձյալ բացառեց, որ միևնույն խախտման համար երկու տարբեր չափերի տուգանքներ նշանակված լինեն քաղաքացուն, քանի որ տուգանքը ոչ թե որոշում է ՃՈ սպան, այլ սահմանվում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ  օրենքով: Ընդ որում` օրենքով  սահմանվում են ոչ միայն խախտումները, այլև դրանց համար նախատեսված տուգանքի չափերը:

«Հաճախ քաղաքացիները երկու տարբեր խախտումներ են անում` միաժամանակ կամ իրար հետևից ու հետո, երբ նրանց տուգանում են, ասում են` ինչո՞ւ տուգանեցիք, ինձ հենց նոր էին տուգանել»,- նշեց Ա. Ահարոնյանը:

Եվս  մի խնդիր կա. օրինակ` Երևանի կենտրոնում տարածքներ կան, որտեղ մարդիկ նախկինում կայանել են իրենց մեքենաները, բայց այժմ այդ վայրերում մեքենա կայանելն արգելված է, ու մարդիկ, չիմանալով դրա մասին, սովորության համաձայն, կայանում են ու տուգանվում:  Եվ դժգոհությունը բուն տուգանվելու փաստի առթիվ չէ:

«Տերյան փողոցում ես միշտ մեքենաս կայանում էի այն խանութի մոտակայքում, որտեղից միշտ առևտուր եմ անում: Մի օր էլ փոստով ծանուցում ստացա, որ տուգանվել եմ, քանի որ այդտեղ կայանելն արգելված է, ու իմ խախտումը ֆիքսվել է տեսանկարահանող սարքի միջոցով: Լավ, խախտումը` խախտում, բայց ես չգիտեի, որ կարգ է փոխվել կամ ամեն օր կանոններ են փոխվում, գոնե պետք է ինչ-որ նշաններ տեղադրվեն, որոնք արգելում են այս կամ այն գործողությունը, ու դրանից հետո մի որոշ ժամանակ էլ անցնի, որ մարդիկ իմանան ու այդ խախտումը չանեն: Ամենահետաքրքիրն այն է, որ տուգանելուց հետո, բնականաբար, մինչև ծանուցումն ինձ էր հասել, 2-3 օր անցել էր, բայց ես, չիմանալով, որ խախտում եմ անում, այդ օրերին էլ կայանել եմ այն վայրում, որտեղի համար տուգանվել եմ: Ու մինչև տուգանվելու մասին ծանուցումը ստացա, մնացած օրերի համար էլ տուգանվեցի: Կարծում եմ` այդպես ճիշտ չէ»,- պատմեց մեզ ծանոթ վարորդ Վ.Ի.-ն:

Այս դեպքում, իհարկե, ընդունված է այն սկզբունքը, որ օրենքի չիմացությունը չի արդարացնում այն խախտելը, և չի ազատում օրենքը խախտելու համար սահմանված պատասխանատվությունից:  Փաստորեն քաղաքացին պարտավոր չէ օրենքներն անգիր իմանալ, բայց պարտավոր է դրանք չխախտել: Այստեղ, իհարկե, չես մեղադրի ո՛չ ոստիկանությանը, ո՛չ էլ որևէ մեկին: Ուղղակի մարդկային մոտեցումը կարելի է պահպանել ու մի քիչ մեղմ վերաբերվել թեթև խախտումներ անողների հանդեպ: Առավել ևս, որ օրենքները, դրանց կիրառման գործիքները, տեղադրված բոլոր սարք-սարքավորումները ոչ թե ստեղծված են պատժելու, այլ սխալը, խախտումը, զանցանքն ու, ի վերջո, հանցանքը կանխարգելելու նպատակով: Այս դեպքում ավելի շատ մոտեցման խնդիր է, որ ո՛չ ոստիկանը, ո՛չ պետությունը, ո՛չ էլ որևէ պետական կամ մասնավոր հիմնարկ չփորձի հասարակական կարգի պահպանման հարցերը վերածել առևտրի կամ շահույթ ստանալու ձգտման:

Ինչ վերաբերում է վերջինին, ապա Հայաստանում, գոնե տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի արձանագրած խախտումների համար նշանակված տուգանքների մի զգալի մասը` գանձված գումարների 70 տոկոսը, ուղղվում է այդ սարքերը տեղադրող և սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին, որը, ըստ ոստիկանության տված բազմաթիվ պարզաբանումների, շահույթ չի հետապնդում, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման դիմաց:

Հիշեցնենք, որ տեսախցիկների և արագաչափերի ներկրումն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթած «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որի պայմանագրային պարտավորություններից է 2011-2017 թթ. համակարգի զարգացման նպատակով 9մլն 849 հազար 562 եվրոյի ներդրումներ իրականացնելը: 2011թ. «SENSYS Traffic AB» ընկերության հայաստանյան գործընկերը ազգային երթևեկության մոնիթորինգի համակարգի վերաբերյալ պայմանագիր է կնքել` կոնսորցիումի մեջ մտնելով տեղական երկու ընկերությունների` «Սեքյուրիթի դրիմի» («Security Dream») և «Ellips GA»-ի հետ, որոնցից առաջինը` «Սեքյուրիթի դրիմը», պայմանագիր է կնքել ոստիկանության հետ: Այդ ժամանակ, ի դեպ, «Sensys Traffic AB» ընկերության տնօրեն Յոհան Ֆրիլունդը, համագործակցությունից իր գոհունակությունն արտահայտելով, հայտարարել է. «Մենք շատ գոհ ենք, որ ՀՀ ոստիկանությունը ընտրել է մեր առաջարկած լուծումը: Պայմանագիրը համապատասխանում է օպերատորական պայմանագրեր գործարկելու մեր ռազմավարությանը և երկարաժամկետ բիզնես մոդելներ կառուցելու տեսլականին: Մենք հույս ունենք առաջիկայում ավելի մեծ ներդրում ունենալ Հայաստանի երթևեկության անվտանգության բարձրացման գործում»:

Ինչպես տեսանք, նա իր խոսքում նշել է «բիզնես մոդել» եզրույթը, իսկ ցանկացած բիզնես շահույթ է հետապնդում:

«Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ  զզվում են իրենց գործից»

 Եթե մի քանի ամիս առաջ հայ տաքսիստները բողոքում էին հիմնականում տրանսպորտի և կապի նախարարության տարբեր ծրագրերից` կապված տաքսիների լիցենզավորման, դեղին պետհամարանիշների ներմուծման, այնուհետև նաև դրանց անհրաժեշտությունը վերացնելու, հաշվիչների ձեռքբերման ու դրանց ստուգաչափման հարցերի հետ, ապա այժմ դժգոհությունների սահմաններն ընդլայնվել են: Այժմ հայ տաքսիստները բողոքում են նաև կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից և այլն:

Տաքսու վարորդ Սարգիս Մաչկալյանը, օրինակ, նշում է, որ իրեն չեն թույլատրում ստուգաչափված բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող հաշվիչը հին մեքենայից հանել ու տեղադրել նոր մեքենայի մեջ և պարտադրում են նոր հաշվիչ գնել: Իսկ Մաչկալյանն ընդամենը 1 տարի առաջ է 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով գնել հաշվիչը:

Տաքսիստ Լևոն Մարկոսյանն էլ հայտարարելով, թե արդեն զզվել է իրենց հանդեպ անհասկանալի ու անտրամաբանական վերաբերմունքից, բողոքում է, որ լինում են դեպքեր, երբ մի քանի վայրկյանով կանգառ են անում ուղևորին իջեցնելու համար, ու մեկ էլ իմանում են, որ տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ իրենք արգելված վայրում կանգառ են արել, ու տուգանում են. «Ի՞նչ ա, գնամ բարձրանամ էդտեղ կանգնած ավտոների վրա՞, թե՞ ուղևորին ասեմ` կներես, բայց պիտի մի  2 հարյուր մետր ներքև կանգնեմ, ու դու ստիպված ես էդքան տեղը հետ վազել: Կամ ինչի՞ց է, որ մեզ պարտադրում են, թե վճարովի ավտոկայանատեղում կանգնելիս հեռախոսով հաղորդագրություն ուղարկիր, որ կանգնել ես, որպեսզի փող գանձեն, իսկ երբ արգելված տեղում ենք կանգնում, իրենք Էսեմես չեն ուղարկում, թե խախտում ես անում, իմացիր, որ էլ չանես»,- բորբոքված իր դժգոհություններն է թվարկում Լևոն Մարկոսյանը:

Մեկ այլ տաքսու վարորդ բողոքում է կարմիր գծանշմամբ վճարովի ավտոկայանատեղերից, թե երբ 5-6 կիլոմետրից մարդ են տեղափոխում, և ուղևորը պահանջում է մի քանի րոպե սպասել, պետք է ընտրեն` կա՛մ վճարովի կայանատեղում են կանգնելու և դրա համար 200 դրամ վճարեն, կա՛մ պետք է դրանից դուրս կայանեն, ու դրա համար տուգանվեն 5000 դրամով: Իսկ այդ 5-6 կիլոմետրն անցնելու համար  իրենց վճարում են 600 դրամ: Ու տաքսիստները չեն հասկանում, թե որն է այստեղ տրամաբանությունը, որ հասարակական տրանսպորտը մնացած բոլորի հետ դիտարկվում է միևնույն շարքում:

Մի խոսքով` դժգոհություները շատ են:  Ուստի մասնավոր տաքսի ավտոմեքենաների վարորդները բողոքում են, ցույցեր ու հավաքներ իրականացնում` վերջերս էլ «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը պահանջել:

«Ես դիմել եմ նախարարին, առաջարկել եմ, որ բոլոր վարորդներին չպարտադրեն դեղին համարանիշեր, հաշվիչներ և այլն, այդ պահանջները հանեն ու բոլորին սկսեն արտոնագրել. յուրաքանչյուրը մուծի 5000 դրամ ու ստանա տաքսի վարելու արտոնագիր: Դրա վերահսկողությունն էլ թող վերապահվի հարկային ծառայություններին, ոստիկաններն էլ տաքսիստներին ստուգեն ըստ այդ արտոնագրի առկայության»,-  ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Լիգայի նախագահն ու տաքսիստները նաև պահանջում են, որ իրենց համար կայանելու, կայանատեղերի ծախսերի և այլ հարցերում բացառություն անեն, որպեսզի իրենք իրենց օրվա հացի խնդիրը կարողանան լուծել: Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ինքը հայեցակարգ է ներկայացրել Գագիկ Բեգլարյանին` համապատասխան բոլոր առաջարկություններով, որում, բացի տաքսիստների հարցերից, ներառված են նաև գծատերերի խնդիրները, սակայն արձագանք չկա:

Արձագանք չի էլ լինելու, քանի որ հայեցակարգերն ընդունվում ու իրականացվում են այն դեպքում, երբ դրա կարգավորման ոլորտում համապատասխան օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտ չի լինում: Իսկ այս ոլորտում, ինչպես մեզ բացատրեց տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներից մեկը, 2007 թվականից Հայաստանում գործում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքները և կարգավորման այլ իրավական ու ենթաօրենսդրական  ակտեր: Այսինքն` այստեղ հայեցակարգի անհրաժեշտություն չի կարող լինել, եթե, իհարկե, առկա օրենսդրությունը վերացնելու և միայն հայեցակարգերով առաջնորդվելու որոշում չկայացվի:

Ինչևիցե, տաքսիստներն ու «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ն հանդես են գալիս Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջով, քանի որ կարծում են, որ ոլորտում քաոսային վիճակ է, հարցերը չեն լուծվում, մարդկանցից միայն «գումար են պլոկում», իսկ  նախարարը կարող է այս իրավիճակը փոխել, բայց չի փոխում. «Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այս որակումները աբսուրդ է համարում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ոլորտում չի կարող քաոսային վիճակ լինել, քանի որ բոլոր հարցերը կանոնակարգվում են համապատասխան օրենքներով ու իրավական ակտերով: Իսկ տաքսիստների բարձրացրած հարցերի մասին էլ նշեց. «Նրանք տարբեր ժամանակներում տարբեր դժգոհություններ են արտահայտում ու բողոքներ ներկայացնում, մենք ծանոթանում ենք նրանց  բարձրացրած հարցերին ու խնդիրներին, որոնք մեկնաբանություն ու պարզաբանում են պահանջում, ներկայացնում ենք անհրաժեշտ մեկնաբանությունները, իսկ այն խնդիրները, որոնք լուծման ենթակա են լինում, անպայման լուծում ենք»: