Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

սերժ սարգսյան

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ԳԴՀ Բունդեսթագի ընտրություններում նրա ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:

«Քրիստոնեադեմոկրատների՝ թվով երրորդ անընդմեջ հաղթանակը միանգամայն սպասելի էր. Ձեր իմաստուն ղեկավարությամբ Գերմանիան համաշխարհային մարտահրավերների այս դժվարին շրջափուլում ոչ միայն չընկրկեց ու շարունակեց վերելք ապրել, այլև օգնության ձեռք մեկնեց հարևան և բարեկամ մի շարք պետությունների՝ առավել բարձրացնելով իր հեղինակությունն ու վարկը միջազգային ասպարեզում:

Միաժամանակ, այս ընտրությունների արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը փաստեց, որ Դուք` Ձեր մասնագիտական բարձր կարողությունների, երկարամյա համառ ու նպատակասլաց աշխատանքի և մարդկային բարձր որակների շնորհիվ, շարունակում եք վայելել գերմանացի ժողովրդի վստահությունը:

Համոզված եմ, որ Դաշնային կառավարությունը Ձեր գլխավորությամբ կշարունակի հանձնառու լինել փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-գերմանական հարաբերությունների շարունակական զարգացմանը, ինչում Հայաստանը խորապես շահագրգիռ է:

Որպես Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար` մեծապես արժևորում եմ նաև մեր ղեկավարած կուսակցությունների միջև առկա համագործակցությունը և կապերի հետագա խորացումը` հատկապես ԵԺԿ շրջանակներում:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` կայուն առաջընթաց և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո տիկին Մերկել, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է անհաջող խաղալ

chess3Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող է ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրիի» երրորդ փուլի մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, զիջեց  Հարիկա Դրոնավալիին:

Դանիելյանն անհաջող է խաղում և ունի 1 միավոր:

4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Հնդկաստանի ներկայացուցիչներ Համփի Կոներուն և Դրոնավալին:

Ահա թե ինչպես ավարտվեցին մյուս պարտիաները:

Լահնո – Կոստենյուկ` 1:0
Ստեֆանովա – Կոներու` 1/2:
1/2
Մումինովա – Յու Վենյուն` 1:0
Ժաո Քսյու – Գիրյա` 1:0
Խոտենաշվիլի – Նախբաևա` 1:0

Հայաստանը ներկայումս հեռու է երկրաշարժի վտանգից

երկրաշարժՏարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում: Վերջին 9 ամիսների  ընթացքում տարածաշրջանում գրանցվել է շուրջ 3000 երկրաշարժ, որոնցից 12-ը՝ Հայաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը:

-Երկրաշարժները մեր տարածաշրջանի համար զարմանալի չեն: Չեմ ցանկանում ավելորդ խուճապ առաջացնել, սակայն Հայաստանում նոր ուժգին երկրաշարժը սարերի հետևում չէ: Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Անցել է 25 տարի և ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական ուժգին երկրաշարժի։ Այսօր, վաղը, երկու շաբաթ հետո, մենք այդպիսի վտանգ չունեք, նայել եմ վերջին տեղեկությունը։ Չեմ ուզում խուճապի առիթ դառնալ, մենք ունեցել ենք 88 -ի երկրաշարժ, դա ցույց է տալիս, որ էլի ենք ունենալու, ոչինչ չի փոխվել, բայց պետք չէ վախենալ, պետք է ամբողջ ներուժը դնել պաշտպանվելու համար,- ասաց նա։
Տիկին Թովմասյանի խոսքով՝ երկրաշարժի դեպքում, ցավոք, մեր բնակֆոնդը 80% -ով կորուստ կունենա, շենքերի ամրացման ուղղությամբ գործնական քայլեր չեն արվում գումարների բացակության պատճառով, թեև այդ խնդրի հետ կապված կա մշակված ծրագիր:
-Չի կարելի շենքերում կատարել կամայական փոփոխություններ:
Եթե մարդը գտնվում է բարձրահարկ շենքում, ապա երկրաշարժի ժամանակ անհրաժեշտ է պատսպարվել շենքի ապահով տեղում՝ դռան բացվածքների, պատի անկյունների մոտ,- ասաց սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետի տեղակալը:

Մարիամ Հովհաննիսյան

Պայթուցիկ սարքերը գործել և վնասել են միայն ավտոմեքենայի անիվը

Պայթուցիկ սարքերՍեպտեմբերի 22-ին, ժամը 09։30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, պայթյունի հետևանքով, մի ավտոմեքենայի առջևի աջ անիվը վնասվել Է։
Մեկնած  օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ պարզել է, որ անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանություն կատարելու դիտավորությամբ, դեռևս չճշտված և ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքեր է նախապես տեղադրել Աչաջուր գյուղի բնակիչ Կամո  Ղ.-ի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի տակ, և երբ վերջինս ու իր ընկեր Հայկ Վ.-ն ժամը 09:10 սահմաններում ավտոմեքենայով երթևեկել են Աչաջուրի գյուղամեջ, տնից անցնելով շուրջ 150 մ ճանապարհ՝ պայթուցիկ սարքերը գործել են, սակայն հանցավորի կամքից անկախ պատճառներով Կամո  Ղ.-ն և Հայկ Վ.-ն կյանքից չեն զրկվել, իսկ պայթյունի հետևանքով վնասվել է մեքենայի աջ անիվը  և շրջակա հատվածը:
Անհայտ անձի կողմից Կամո  Ղ.-ին և Հայկ Վ.-ին սպանելու փորձի և ապօրինի կերպով պայթուցիկ սարք պահելու փաստի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի  34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցվել է  քրեական գործ, կատարվել է դեպքի վայրի զննություն, և որոշում է կայացվել դատահետքաբանական, դատաձգաբանական, պայթյունատեխնիկական, դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնարկեց CSIT-2013 9-րդ գիտաժողովը

DIGITAL IMAGE«Հայ մասնագետները ներկայացնելու են հարցեր էկոլոգիայի, կլիմայի, հայոց լեզվի եւ այլնի վերաբերյալ»,-այսօր Անկախի հետ զրույցում «Կոմպյուտերային գիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների /CSIT-2013/  9-րդ գիտաժողովի» մասին նշեց Գիտությունների Ազգային Ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:

CSIT-2013 գիտաժողովի նպատակն է նպաստել գիտական գաղափարների փոխանակմանը միջազգային հետազոտողների միջեւ լայն մասշտաբով, մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու, ներկայացնելու իրենց վերջին հետազոտությունների արդյունքները եւ կիսվելու իրենց բազմաբնույթ փորձը կոմպյուտերային գիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում:

Գիտաժողովին հայ մասնակիցներից բացի, մասնակցեցին 60-ից ավելի գիտնականների՝ աշխարհի տարբեր երկրներից:

Յուրի Շուքուրյանի խոսքով Հայաստանում որոշակի արդյունքներ են ստեղծված, որոնք հետաքրքիր են հասարակությանը եւ գիտական հասարակությանը:

Ինֆորմատիկայի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Մարանջյանի համոզմամբ նմանատիպ միջոցառումները շատ կարեւոր են: Այսօր չկա մի բնագավառ, որտեղ կոմպյուտեր չօգտագործվի եւ անհրաժեշտ չլինի: Կոմպյուտերային գործը Հայաստանում դրվել է շատ վաղուց, հիմնարարներից մեկը եղել է ակադեմիկոս Մերգելյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնի այցը Արցախ եւ Հայաստանի Հանրապետություն

Stéphane DionՍտեֆան Դիոն՝ (Stéphane Dion, ծն. 1955թ. սեպտեմբերի 28) կանադացի քաղաքական գործիչ: 1996 թվականից ի վեր Կանադայի խորհրդարանի անդամ է՝ ընտրված Մոնթրեալի Սեն-Լորան-Կարտիեվիլ հայաշատ ընտրատարածքից։
2006-2008-ին Դիոնը եղել է Լիբերալ կուսակցության, ինչպես նաեւ պաշտոնական ընդդիմության ղեկավար՝ խորհրդարանում։
Մինչեւ պատգամավոր ընտրվելը, որպես քաղաքական գիտությունների մասնագետ եւ սոցիոլոգ, Ստեֆան Դիոնը եղել է ակադեմիական բնագավառի ճանաչված դեմք՝ Քվեբեկի անկախական շարժման վերաբերյալ արտահայտած իր տեսակետներով։ Սկզբում եղել է Քվեբեկի անկախական շարժման կողմնակից, իսկ հետագայում՝ կանադական ֆեդերալիզմի ջատագով։
1996-2003 թվականներին, Ստեֆան Դիոնը եղել է Կանադայի Միջկառավարական հարցերի նախարար, 2004-2006 թվականներին՝ բնապահպանության:
Ստեֆան Դիոնը Կանադայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ջատագովն է: Նա մշտապես օգնել է հայ համայնքին, ինչի համար էլ համայնքը նրան շնորհել է «Պատվավոր Հայ» կոչումը։ Դիոնը աջակցել է 2002թ. հունիսի 13-ին Կանադայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի որդեգրմանը եւ կողմ քվեարկել 2004թ. ապրիլի 21-ին, խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։
Ստեֆան Դիոնը կողմնակից է Հայաստանի Հանրապետությունում կանադական դեսպանատուն բացելու հայ համայնքի տեսակետին։
Ստեֆան Դիոնի Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ այցելությունը կազմակերպել է Հայ Դատի Կանադայի հանձնախումբը, Կանադայում ՀՀ դեսպանատան եւ ԼՂՀ ներկայացուցչության հետ միասին։ Այցի նպատակն է.
ա) Տեղում ծանոթանալ Արցախի իրականությանը.
բ) Աջակցել հայ-կանադական հարաբերությունների սերտացմանը.
գ) Ծանոթանալ ՀՀ-ում եւ Արցախում գտնվող սիրիահայերի խնդիրներին, դրանց լուծմանը Կանադայի աջակցությունն ապահովելու նպատակով։
Դիոնը Երեւան է ժամանել սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Սեպտեմբերի 22-ին, Հայ Դատի Կանադայի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանի ընկերակցությամբ՝ մեկնել Արցախ։ Սեպտեմբերի 22-ին Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, սեպտեմբերի 23-ին ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Ստեֆան Դիոնը Հայաստանում կմնա մինչեւ սեպտեմբերի 27-ը եւ կունենա մի շարք հանդիպումներ։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի
Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակ

Մահացել է արքեպիսկոպոս Շահան Սվաճյանը

3Մահացել է պոլսահայ համայնքի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Շահան Սվաճյանը, հաղորդում “Հայ թերթը”:

Սվաճյանը`87 տարեկան հասակում, մահացել է Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում:
Արքեպիսկոպոսը ծնվել է 1926թ. սեպտեմբերի 15-ին Կ.Պոլսում:

Դոլարը արագ իջնում է

դոլարՍեպտեմբերի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.8 դրամ:

 

Ամասիայում շահագործման հանձնվեց արվեստի դպրոցի շենքը

239ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզի Ամասիա համայնքում ներկա գտնվեց արվեստի դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այլ հյուրեր:

Համայնքում գտնվող նախկին կիսակառույց շենքը հիմնանորոգվել է “Յուքոմ” ընկերության միջոցներով եւ Ամասիայի վերականգնման հիմնադրամի աջակցությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 130 մլն դրամ: Շենքում կգործի ինչպես երաժշտական դպրոցը, այնպես էլ արվեստի տարբեր խմբակներ: Կրթօջախն ապահովվել է նաեւ անհրաժեշտ գույքով:

Փոխվարչապետը շնորհավորեց բնակիչներին, ուսուցիչներին եւ սաներին` հարմարավետ ու բարեկարգ դպրոցի բացման կապակցությամբ, որտեղ արդեն ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ուսումնական գործընթացը կազմակերպելու համար: Նա գոհունակություն հայտնեց, որ պետական-մասնավոր համագործակցությամբ համայնքային նշանակության կարեւոր ծրագրեր են իրականացվում եւ հույս հայտնեց, որ այդ միտումները կպահպանվեն:

Փոխվարչապետը մարզպետի եւ համայքնապետի ուղեկցությամբ շրջայց կատարեց նորոգված շենքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ այցելեց համայնքի մանկապարտեզի շենք, որը հիմնանորոգվել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ծրագրով եւ արդեն մեկ տարուց ավելի գործում է:

Համայնքապետը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց նախատեսվող ծրագրերի մասին: Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով եւ համայնքի համաֆինանսավորմամբ կինոթատրոնի շենքը կվերակառուցվի որպես մարզամշակութային կենտրոն, իսկ “Յուքոմ” ընկերության եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով կվերականգնվի մարզադաշտը:

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց նաեւ Ամասիայի վերականգնման հիմնադրամում: Քննարկվեցին իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ գյուղացիական կոոպերատիվների ստեղծման եւ անհրաժեշտ աջակցության ցուցաբերման հետ կապված հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրճատել է սև ցուցակը, քանի որ «մեղավորները զղջացել են»

2Օտարերկրյա 4 քաղաքացիներ, որոնք ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ի “անցանկալի անձանց” ցուցակում էին հայտմվել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, դուրս են բերվել ցուցակից։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, այդ մասին ասված է երկրի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

“Սև ցուցակից” դուրս են բերվել ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովի, “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի մոսկովյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Բրուքի, Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանողներ Իվան Բենովիչի և Նիկոլաս Վոնդրայի անունները։

Ըստ կայքի`ադրբեջանական կողմը այս մարդկանց անունները ցուցակից հանել է, քանի որ վերջիններս “զղջացել են Լեռնային Ղարաբաղ այցելելու համար`ընդգծելով, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը”:

Առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելած մարդիկ ներառվում են Ադրբեջանի արտգործնախարարության “պերսոնա նոն գրատա” ցուցակում, որոնցում ներառվել է 335 օտարերկրացի:

 

Էթիկայի հանձաժողովը մերժել է Հերմինե Նաղդալյանի հարցի քննարկումը

imagesԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը տարածել է հաղորդագրո՜թյո՜ն, ըստ որի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման և ուսումնասիրության նպատակով վարույթ հարուցելու մասին ԹԻՀԿ դիմումը՝ այն պատճառաբանությամբ, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, Հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն չունի (հոդված 43):

Սակայն Հանձնաժողովի կողմից վկայակոչված օրենքի համապատասխան հոդվածը վերաբերում է շահերի բախման բացահայտման նպատակով վարույթի հարուցմանը, մինչդեռ ԹԻՀԿ-ն հայցել էր ոչ թե շահերի բախման բացահայտում, այլ հայտարարագրերի վերլուծություն և համադրում և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

ԹԻՀԿ-ն հայցել էր նաև ստանալ Հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցությանվերաբերյալ, ինչին հանձնաժողովը տվել է խուսանավող պատասխան՝ վկայակոչելով օրենսդրական կարգավորման «բավարար հստակությունը»:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Հերմինե Նաղդալյանի կողմից օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելը որպես ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնների խախտում ճանաչելու համար ԹԻՀԿ դիմել է ԱԺ Էթիկայիհանձնաժողով:

Սերժ Սարգսյանը Սոչիում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

3870_bԱշխատանքային այցով Սոչիում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մինչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանի մեկնարկը հանդիպում է ունեցել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ բարձր մակարդակի հաճախակի հանդիպումները, երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունն զգալիորեն նպաստում են միջպետական հարաբերությունների օրակարգի հարստացմանը փոխշահավետ բոլոր ուղղություններով:

Հայաստանի և Բելառուսի նախագահները գոհունակությամբ են նշել, որ մի քանի ամիս առաջ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածությունների որոշակի մասն արդեն իրականացվել է, իսկ մի մասն էլ իրագործման ընթացքի մեջ է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարին: Կողմերը քննարկել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի աջակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի և Բելառուսի նախագահները հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել են նաև Բելառուսում հայ համայնքի դերը:

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

172571Սեպտեմբերի 23-ին Սոչիում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի 2012թ.-ի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Նիստին հավանություն տրվեցին օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված փաստաթղթերի նախագծերին, մասնավորապես՝ ՀԱԽ նստաշրջանի կոմյունիկեին,  մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագրին, ինչպես նաև սիրիական և դրա շուրջ իրավիճակի վերաբերյալ ՀԱԽ հայտարարության նախագծերին։

Նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնայնությունները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

Նիստի մասնակիցները համաձայնեցրեցին Կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Ռուսաստանի գլխավոր մուֆտին բողոքել է Ղուրանը արգելող որոշման դեմ

Russian-muftiՌուսաստանի գլխավոր մահմեդական հոգևորականը բողոքել է նահանգային դատարանի՝ Ղուրանի թարգմանությունը ծայրահեղական քայլ համարելու և այն ոչնչացնելու որոշում կայացնելու դեմ:

Ռուսաստանի մուֆտիների խորհրդի ղեկավար Ռավիլ Գայնուտդին երկուշաբթի օրը նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակում այդ որոշումն անվանել է անկիրթ և սադրիչ:

Ղուրանի՝ Էլմիր Կուլիևի ռուսերեն թարգմանությունը հրատարակվել է 2002թ-ին Սաուդյան Արաբիայում, սակայն դատարանը անցած շաբաթ որոշում է կայացրել, որ այն խախտում է ծայրահեղական նյութերը արգելող դաշնային օրենքը:

Գայնուտդին հայտնել է, որ սևծովյան նավահանգիստ Նովորոսիսկի մահմեդականները ցնցված են օրենքի նման անտեսմամբ, և պահանջել է չեղյալ հայտարարել որոշումը: Մահմեդականների սուրբ գիրքը ոչնչացնելու դատարանի որոշումը նա վիրավորական է համարել:

 

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

1Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 23-ին` տեղական ժամանակով 09:04-ին, Գաբուստան քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք:

2կմ խորության վրա գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.50 մագնիտուտ:

«Շիրակ կենտրոնը» կոչ է անում գյումրեցի անօթևան ընտանիքներին ապահովել ձմռան վառելիքով

New PictureԳյումրիում արդեն աշնանային պաղ եղանակ է, տնակային ավանների բնակիչները սկսել են վառարաններ տեղադրել, բայց նրանցից շատ քչերին է հաջողվել ձեռք բերել վառելափայտ: Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար կրկին ձմռան վառելիքի հայթայթման վայրեր են դարձել աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Տասնյակ ընտանիքներ թեև ամբողջ ամառ հավաքել են ձեռքներն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, սակայն այդ ամենով կկարողանան ընդամենը հաշված օրեր մի կերպ տաքացնել իրենց խոնավ ու վաղուց շարքից դուրս եկած վագոն – տնակները: Թեև «Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի օժանդակությամբ կուտակել է և բաժանելու է որոշակի քանակությամբ վառելափայտ, սակայն ընդամենը մեկ հովանավորի օժանդակությունը բավարար չէ՝ ապահովելու գոնե առավել անմխիթար վիճակում գտնվող կարիքավոր անօթևան ընտանիքների վագոն-տնակները ջեռուցելու համար անհրաժեշտ վառելափայտի նվազագույն չափաբաժին: Շիրակի առանձնապես ցրտաշունչ ձմռան նախաշեմին մեր հայրենակիցներին կոչ ենք անում աջակցել Գյումրու տնակային ավաններում բնակվող առավել անապահով ընտանիքներին՝ նրանց կացարաններում գոնե նվազագույն ջերմություն ապահովելու համար:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

 

Զինակից ընկերոջ կրակոցից մահացած զինվորի գործով մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի

15.09.8_1Մարտական դիրքում զինծառայող Խաչատուր Կորյունի Խաչատրյանի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել 3 զինծառայողի՝ Տիգրան Հակոբյանին, Արթուր Զոհրաբյանին և Արթուր Մարտիրոսյանին: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Տիգրան Հակոբյանին, ում կողմից արձակված կրակոցի հետեւանքով, ըստ նախաքննական մարմնի,  մահացել է Խաչատուր Խաչատրյանը, մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ  հոդվածի 3-րդ մասով «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանք է առաջադրվել նաև  ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»: Իսկ սերժանտ Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է  առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ  հոդվածի 2-րդ մասով «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս»:

Արթուր Զոհրաբյանի և  Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հսկողությանը հանձնելը:

Հիշեցնենք, որ 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը` ժամը 03:10-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում:

 

Հեղինակ:
«Փաստինֆո»
 – See more at: http://www.pastinfo.am/hy/node/23410#sthash.mFBclc5E.dpuf

Բնակարան գնելը դարձել է պատուհաս՝ խարդախության մեղադրանքի տեսքով

f9-main_0Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա  Արփինե Մայսուրյանը  2010թ. սեպտեմբերի 11-ին Երևանի Խանջյանի փողոցում բնակարան  է գնել:Վաճառողի հետ ծանոթացել է անշարժ գույքի  շուկայում և համաձայնության եկել  բնակարանը 28 հազար դոլարով  գնելու շուրջ: Գնորդը վաճառողին՝ Զարուհի Պողոսյանին, նախապես 500 դոլար է վճարել, իսկ ավելի ուշ  հայրը Ռուսաստանից վարորդի միջոցով  գումար է ուղարկել, և ինքը վաճառողին տվել է նաև մնացած 27  500 դոլարը: 500 դոլարի ստացականը Զարուհին իր ձեռքով է գրել, իսկ երկրորդ ստացականը և հայտարարությունը Արփինեն գրել է, Զարուհին՝ տորագրել: Երեք փաստաթղթերն էլ  ներկայացվել  են դատաձեռագրաբանական փորձաքննության:

Բնակարանի դիմաց փողը ստանալուց հետո նախկին տանտիրուհին  10 180 000 դրամ վաճառքի գումարի  որոշ մասը՝ 8 մլն-ը փոխառության պայմանագրով  տվել է իր տան վարպետին՝  ոմն Արմենակ Հովհաննիսյանին:

Զարուհի Պողոսյանը երեխաների մոտ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց ու վերադառնալուց հետո պահանջում է, որպեսզի գնորդը ևս 7000  դոլար տա՝ որպեսզի իրենք հաշտ ու համերաշխ բաժանվեն, պահանջներին հաջորդում են սպառնալիքները, որոնց դատական բաղադրիչը գործի է դրվում, սակայն դատական երեք ատյանները մերժում են առուծախի պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին Զ.Պողոսյանի հայցը:Քաղաքացիական գործով արդյունքի չհասնելով՝ նորից պահանջում են հավելյալ  7000 դոլարը՝ հակառակ դեպքում սպառնալով  «գնալ  քաղմաս և ասել, որ դու ընդհանրապես գումար չես տվել»: Այդպես էլ անում են, հայտարարություն են տալիս, որ Արփինեն ոչ մի կոպեկ չի տվել բնակարանի համար: Այդ հիմքով Արփինե Մայսուրյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի   178-րդ հոդվածի  3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արփինե Մայսուրյանի պաշտպան Ամալյա Ավագյանը,բացարձակապես անհամոզիչ է ու անտրամաբանական հակառակ կողմի և նախաքննական մարմնի պնդումը, թե Արփինեն խաբեությամբ է այդ տունը ձեռք բերել,Զարուհու «խելքը կերել են», որ առանց փողի տունը ձևակերպվի, և որպես երաշխիք կնքել են փոխառության պայմանագիր  8 մլն-ի չափով, եթե տունը 28 հազար կամ 7 հազարով ավելին արժե,ինչպես վաճառող կողմն է պնդում, այդ դեպքում ինչու  փոխառության  պայմանագրում չի արտացոլված ողջ գումարը:

Հիշյալ  քաղաքացիական գործի շրջանակում վկա Արմենակը  դատարանում  ասել է, որ «Զարուհին ինձ տվեց այդ գումարը, պետք է վերադարձնեի ավելի շատ գումար, փոխառության պայմանագրում այլ կերպ ենք գրել, որովհետև չի կարելի տոկոսով գումար տալ»:

Ըստ պաշտպանի, նախաքննական  մարմինը միակողմանի քննություն է վարում բացառապես շահագրգիռ կողմի՝ Զարուհի Պողոսյանի, նրա հարազատների ու տնվորների ցուցմունքների հիման վրա Արփինեն գործում ներգրավվել է որպես  մեղադրյալ:

Պաշտպանական կողմն էլ իր հերթին  մասնավոր հարցումներ է  կատարել: Ըստ Արփինեի  հարևան, նախկին դասախոս Աիդա Հարությունյանի, ինքը եղել է Արփինեենց տանը, երբ  Զարուհու եղբորորդին եկել  ու դուռը թակելով՝ ասել է, «բաց,  մենք կհաշտվենք, եթե դու 7000 դոլարը վճարես»,Արփինեենք  դուռը չեն բացել, որովհետև իրենց շատ էին անհանգստացնում: Հարևանուհին  հարցրել է, թե ինչ խնդիր կա, Արփինեն ասել է` «դե, ասում են 28 հազարով էժան ենք վաճառել, տվեք, կհաշտվենք»:

Արփինեի  քեռու  դուստրը  մասնավոր հարցման արդյունքում հայտնել է, որ ինքը տեսել է Արփինեի հոր ուղարկած գումարը, միասին հաշվել են այն, նա զգուշացրել է իր զարմուհուն՝ «երբ գումարը տաս,  հայտարարություն ու ստացական կվերցնես»:

Ըստ Ամալյա Ավագյանի, իր պաշտպանյալի վիճակը բարդացել է նաև նրա նախկին պաշտպան Մակբեթ Կարապետյանի կողմից իր պարտականություններն ոչ պատշաճ կատարելու պատճառով: Նա, մասնավորապես, Արփինեին ու մորը չի բացատրել քննության մարմին  չներկայանալու հետևանքները, բազմաթիվ անգամ ծանուցագրեր են ուղարկվել Արփինեին, սակայն  Մ.Կարապետյանը հայտարարել է, որ  պարտադիր չէ գնալ, «դու քաղաքացիական գործով շահել ես»: Ինչի հետևանքով դատարանը որպես խափանման միջոց է ընտրել «կալանավորումը», ավելի ուշ, սակայն,նույն դատարանը բավարարել է գրավ կիրառելու միջնորդությունը և ըստ ամենայնի շուտով Ա.Մայսուրյանը կազատվի կալանքից և լիարժեք կկարողանա պաշտպանի հետ միասին զբաղվել իր պաշտպանությամբ:

Հեղինակ:
Սոնա Մաշուրյան

 

2013 թվականի հունվար-օգոստոսին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 2050,0 հազ. տոննա բեռ

ЮКЖД призывает граждан соблюдать правила безопасности на железной дороге2013 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2050,0 հազ. տոննա բեռ, ինչը 9,5%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

            Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 311,0 հազար տոննա` 1,9%-ով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 714,7 հազար տոննա բեռ՝ 19,2%-ով նվազելով 2012 թվականի հունվար-օգոստոսի հետ համեմատ:

Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1024,3 հազար տոննա՝ նվազելով 4,8%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծեց Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագորրծակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:

 

 

 

ՀԿԵ–ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

 

2013 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արագացել է մոտ 0,4 օրով կամ 13,3%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-օգոստոսին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3 օր:

Մեկ վագոնի միջին օրեկան արտադրողականությունը 2013 թվականի ութ ամիսների ընթացքում կազմել է 5083 տկմ նետտո/վագոն, ինչը 20%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 385,6 լոկ-կմ, ինչը 7,6%-ով գերազանցում է  2012-ի ցուցանիշը:

Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ: