Նոր համակարգ՝ կրթական կարիքների գնահատման

Արմեն-ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Ահրենսին և ԱՄՆ զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ-ի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նախատեսվող ծրագրերը: Ողջունելով հյուրերին և ընդգծելով համատեղ ծրագրերի արդյունավետությունը՝ նախարարը նշել է, որ ՀՀ ԿԳՆ-ն միջազգային կազմակերպություններին դիտարկում է որպես կարևոր գործընկեր և ակնկալում, որ համատեղ ծրագրերն ավելի կընդլայնվեն՝ դառնալով թիրախային: Կողմերն անդրադարձել են կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` կրթական կարիքների գնահատման և գիշերօթիկ խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու գործընթացին առնչվող խնդիրներին: Ծրագիրը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական ծառայությունների հետ, նախատեսվում է փորձարկել Լոռու և Տավուշի մարզերում: Այս համատեքստում կրթությունից դուրս մնացած երեխաների աջակցության համար կարևորվել է սոցիալական գործոնն ու ներառական կրթության կազմակերպումը: Նշվել է, որ ՀՀ ԿԳՆ-ի և UNICEF-ի կողմից մշակվում է երեխաների կրթական կարիքների գնահատման նոր համակարգ՝ հիմնված ֆունկցիաների միջազգային դասակարգման ժամանակակից մեթոդաբանության վրա: Նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը, որը նախատեսում է, ներառական կրթության կազմակերպման ավելի լայն հնարավորություն: Ներկայացնելով նախատեսվող ծրագրերը՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը կարևորել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ դպրոցական շենքերի սեյսմակայունության գնահատման ծրագիրը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համագործակցության ու համատեղ ծրագրերին առնչվող մի շարք աշխատանքային հարցերի:

270 միլիոն դոլար արժողությամբ թմրանութ Փարիզ ժամանելուց շաբաթներ անց Air France-ի ինքանթիռից 1,5 միլիոն դոլար արժողությամբ ոսկի են գողացել

gold-France-thievesԳողերը Air France-ի ինքնաթիռից 1,5  միլիոն դոլար արժողությամբ ոսկի են գողացել ՝ ներսի աշխատակիցների ընդգրկվածության վերաբերյալ կասկածներ հարուցելով:

Ոսկե սալիկները կազմում էին 300 կգ ոսկի պարունակող ինը ճամպրուկներից բաղկացած բազմամիլիոնանոց բեռի մի մասը:

Հետախույզները հայտնում են, որ անցած հինգշաբթի Ֆրանսիայի մայրաքաղաքից Ցյուրիխ ուղևորվող ինքնաթիռից 44 կգ ոսկու սալիկներ են գողացել:

Դրանք American Brink անվտանգ փոխադրումների ընեկրության հսկողության տակ էին գտնվում, որը այդ նույն ճանապարհով հաճախակի է թանկարժեք իրեր փոխանցում:

Ոստիկանության տեղեկություններով՝ Շառլ դը Գոլի օդանավակայանից ուղարկված ինը ճամպրուկներից միայն յոթն են հասել տեղ:

Այս նորությունը տարածվել է հարավային Ամերիկայից Air France-ի ինքանթիռով Փարիզ ուղարկված 270 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութի հայտնաբերումից շաբաթներ անց:

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Զ. Նախշքարյանին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին

հրամանագիրՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի եզրակացությունը` որոշում եմ.

Զարուհի ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Մեր թղթե շերեփով հաստատ կփչացնենք նրանց` երկաթե շերեփներով պատրաստած հարիսան. Բաբկեն Պիպոյան

83885Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննելու համար Երևանի քաղաքապետարանի ստեղծած  հանձնաժողովի մեջ ընդգրկված է նաև  «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց` առաջին հարցադրումը, որ բարձրացվելու է իրենց կողմից՝ որոշման ոչ իրավաչափ լինելն է:

Ըստ բանախոսի` քաղաքապետարանը խուսափում է խոստացված և օրենքով նախատեսված հանրային լսումներն իրականացնելուց, քանի որ դրանց կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական անձ, մինչդեռ այս հանձնաժողովում քաղաքացիական ակտիվից ներկայացուցիչ անգամ չկա: Տվյալ պարագայում, ըստ Բաբկեն Պիպոյանի, լուծում կարող է լինել ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությունը, եթե վերջիններս համախմբվեն և միասնաբար պահանջեն իրենց ներկայության ապահովումը քննարկմանը:

Հանձնաժողովի մյուս անդամների կարծիքներին անդրադառնալով` Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ աշխատանքներին մասնակցելու է 36 անդամ, որից 12-ը կողմ են թանկացմանը, 7-ը բացասական դիրքորոշում են արտահայտել, 8-ը` փորձագետներ են, 6-ի տեսակետը պարզ չէ, իսկ 3-ի մասին ընդհանրապես ինֆորմացիա չկա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահը վստահ է, որ քաղաքապետարանը հոգացել է հավաքել այնպիսի հանձնաժողով, որը միաձայն կընդունի իր ցանկացած որոշում: Գործն ավելի է բարդացել, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Բարև Երևան» դաշինքի անդամները հրաժարվել են  մասնակցել քննարկմանը: «Անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ հարիսա չպատրաստենք, ապա մեր թղթե շերեփով հաստատ կփչացնենք նրանց` երկաթե շերեփներով պատրաստած հարիսան»,- վստահեցնում է Բաբկեն Պիպոյանը:

 

Արևմտյան Հնդկաստանում հեղեղումների հետևանքով 15,000 մարդ է տարհանվել

floods-indiaԱրևմտյան Հնդակաստանի Գուջարաթ նահանգում հորդառատ անձրևների և գետերի վարարումների պատճառով քաղաքները հայտնվել են ջրի տակ, փակվել են ճանապարհները, իսկ հեղեղումների պատճառով տարհանվել է 15,000 մարդ:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ հեղեղումներից երկու մարդ է մահացել:

Որոշ շրջաններում փակվել են դպրոցները, իսկ աղետից տուժած վայրերում մարդկանց փրկելու նպատակով աշխատում են ոստիկանները և փրկարար ջոկատները:

Կենդանիների պաշտպան ակտիվիստների տեղեկություններով՝Վադոդարա քաղաքում փողոցներից առնվազն չորս կոկորդիլոս են գտել:

Հորդառատ անձրևների հետևանքով գետերի ջրի մակարդակը բարձրացել է ապահով համարվող բարձրությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի և Վայոց ձորի մարզեր

3928Հանրապետության Նախագահը Արարատի մարզում այցելել է Այնթափ համայնքի նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, ծանոթացել 144 երեխայի համար նախատեսված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին, կատարված շինարարական աշխատանքներին: Արարատի մարզի 8700 բնակչություն ունեցող ամենամեծ գյուղական համայնքը երբևիցե չի ունեցել մանկապարտեզ և տարիներ շարունակ Այնթափից երեխաները ստիպված հաճախել են Երևանի Նորագավիթի, ինչպես նաև Մասիս քաղաքի նախադպրոցական հաստատությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ 2011թ. մեկնարկած աշխատանքների արդյունքում համայնքն այժմ ունի նորակառույց մանկապարտեզ, որտեղ ներկայումս ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքներ:

3936Նախագահն այնուհետև այցելել է Վեդի քաղաքի մշակույթի տուն, որտեղ ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մշակույթի տան բացմանը: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ դեռևս 1937-1938թթ. կառուցված և 1988թ. մաշվածության պատճառով գործունեությունը դադարեցրած մշակույթի տան հիմնանորոգման արդյունքում, որն իրականացվել է Նախագահի հանձնարարությամբ, երկհարկանի շինությունն այժմ ունի 280 տեղանոց հարմարավետ դահլիճ, որտեղ կարող են գործել տասնյակից ավելի տարբեր խմբակներ: Մշակույթի տանը շրջայցի ընթացքում Նախագահը դիտել է նաև Վեդիի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:

3938Արարատի մարզից Սերժ Սարգսյանը մեկնել է Վայոց Ձորի մարզ, որտեղ ծանոթացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Քորքի համալսարանի (Իռլանդիա) և Կալիֆորնիայի համալսարանի Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի և ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից «Արենի 1» քարանձավում կատարված պեղման աշխատանքների ընթացքին ու մինչ այժմ արձանագրված արդյունքներին: Մասնագետների կողմից ընդգծվել է, որ Արփա գետի հովտում տեղակայված «Արենի 1» քարայրի պեղումների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի, այնպես էլ Առաջավոր Ասիայի սահմաններում ձևավորված քաղաքակրթությունների ելակետային փուլի ուսումնասիրության և արժևորման առումով:

Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ղարաբաղյան հիմնախնդիրը

2 (2)Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցությանը առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Հերթական նորամուտը Վեդու մշակույթի տանը

DAV_0856ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման հանձնեց այս տարվա հերթական մշակութային օբյեկտը: Սեպտեմբերի 25-ին նորամուտը նշեց Վեդի քաղաքի մշակույթի տունը, որի բացման հանդիսավոր արարողությունը իր ներկայությամբ պատվեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

IMG_0741<<Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն` շենքի հիմնանորոգման ընդհատումներով ընթացող շինաշխատանքներն ավարտուն տեսք ստացան, հիմնականում` անցած եւ այս տարվա լայնածավալ աշխատանքների շնորհիվ: Հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 350 մլն դրամ>>,- հանդիսության ժամանակ նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Նա տեղեկացրեց, որ Վեդու մշակույթի 286 տեղանոց տունը համապատասխանում է ժամանակակից մշակութային հաստատության պահանջներին: Կառույցն ունի հարմարավետ դահլիճ, տարատեսակ խմբակների համար նախատեսված սենյակներ: Երկհարկանի մշակույթի տան կառուցապատման մակերեսը կազմում է շուրջ 2210 քառ մետր: Անցած դարի 30-ական թվականներին աղյուսից կառուցված շենքը տարիների ընթացքում ամբողջովին քայքայվել էր, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո դադարեցվել էր շենքի շահագործումը: Շինարարական օբյեկտի 2011 թվականի նախագծային լուծումները մշակվել են 9 եւ ավելի բալականության սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխան:

IMG_0743<<Բնակարանային շինարարությանը զուգահեռ, որը հիմնականում ընթանում է աղետի գոտում, քաղաքաշինության նախարարությունը հատուկ նշանակություն է տալիս ամբողջ հանրապետությունում կրթական եւ մշակութային օբյեկտների հիմնանորոգմանը` անհրաժեշտության դեպքում նաեւ նոր շենքերի կառուցման խնդրին>>,- ընդգծեց նախարար Սամվել Թադեւոսյանը:

Այս տարի քաղաքաշինության նախարարության <<Քաղաքաշինական>> ԾԻԳ-ը շահագործման է հանձնել 5, մինչեւ տարեվերջ եւս մեկ կրթական, մշակութային օբյեկտ, իսկ եկող տարի արդեն 15 կրթական, մշակութային օբյեկտ:

Իտալացի վազորդը մաքուր մեզով լցված կեղծ առնանդամ է օգտագործել՝ խթանիչի թեստը անցնելու նպատակով

Italy-Devis Licciardi,Իտալացի վազորդին կարգապահական վարույթ է սպասվում՝ խթանիչի թեստը անցնելու նպատակով կեղծ առնանդամ օգտագործելու համար:

10 կմ երկարությամբ մրցավազքին մասնակցելուց առաջ 27-ամյա Դեվիս Լիսիարդին անալիզի համար նմուշ հանձնելիս օգտագործել էր մաքուր մեզ պարունակող իրականին նմանվող պրոթեզ:

Իտալիայի օդային զինուժի վազորդ Լիսիարդիին կեղծ առնանդամը օգտագործելիս նկատել էին զինվորական որոշ պաշտոնյաներ:

Երկրի օլիմպիական կոմիտեի աշխատակիցներին անմիջապես հայտնել էին դեպքի մասին, և վաղը Հռոմում տեղի կունենան դեպքի վարույթային լսումները՝ վազորդին հնարավոր է երկար ժամանակով արգելեն մասնակցել վազքի մրցումների:

Դեպքի հետաքննությունը սկսվել էր հանգստյան օրերին, երբ նա մասնակցում էր հարավային Իտալիայի Մոլֆետա քաղաքում տեղի ունեցող մրցավազքին:

Ամերիկայի հայկական համայնքը նախապատրաստվում է 2015 թվականին

hay Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մի շարք միջացառումներ է ձեռնարկել՝ ուղղված ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այս մասին է խոսել կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը: Վերջինս նշել է, որ իրենց նպատակը օտարներին Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն տալն է կրթական, մշակույթային և քաղաքական բնույթի ծրագրերի միջոցով: Լրագրողներին տված հարցազրույցում Խաչիկյանը նշել է, որ իրենք կենտրոնացած են հատկապես կրթական միջոցառումների անցկացման վրա: Մասնավորապես մի շարք համալսարաններում հարցի շուրջ կանցկացվեն դասախոսություններ, իսկ որոշ թանգարաններում կկազմակերպվեն ցուցահանդեսներ:

Նշենք, որ Թուրքիան մեծ ուշադրությամբ է հետևում ԱՄՆ-ի հայկական համայնքի գործունեությանը, իսկ թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես «Turkish NY» կայքը, պարբերաբար լուսաբանում են նրանց կազմակերպած միջոցառումները` դժգոհելով, թե հայերը տարածում են իրենց «ստերը»:

Իրանի խորհրդարանը քննարկելու է Խոջալուի դեպքերի հարցը

iranԱդրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու հարցը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի իսլամական խորհրդի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ջավադ Ջիհանգիրզադեն:

Ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը

111Սեպտեմբերի 22-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մարաշի բաժանմունք հաղորդում ստացվեց, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժի գերեզմանների մոտ տեսել է կողոպտված Ք-ին ու նրա դստերը: Նրանք ասել էին, որ գիշերը անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա իրենց նստեցրել ավտոմեքենան, տարել Ջրվեժի գերեզմանոց և իջեցնելով՝ հեռացել:
Օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց ահազանգողի նշած հասցեով, իսկ նույն օրը, կեսօրին ոստիկանությունում տված հաղորդման մեջ Նորքի բնակչուհի Ք. Բ.-ն արդեն ներկայացնում էր մղձավանջային գիշերվա մանրամասները:
Դիմակավորվածը պատուհանը կոտրելով՝ տուն էր խուժել սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 3-ից 5-ն ընկած հատվածում, ատրճանակի գործադրմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակում էր գործել Ք. Բ.-ի և նրա անչափահաս դստեր վրա, ձեռնաշղթայով կապել էր Ք. Բ.-ի, կպչուն ժապավենով՝ դստեր ձեռքերը, հափշտակել տանտիրուհու ոսկե զարդերը, 186 հազար դրամ և 100 դոլար, «Սոնի» պլազմային հեռուստացույց, ապա, ատրճանակով սպառնալով, նրանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենցի» բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների հատված և բեռնախցիկից դուրս բերելով Ք. Բ.-ին՝ դանակի սպառնալիքով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն էր ունեցել նրա հետ: Հետո իջեցրել էր նաև դստերն ու մեքենան հափշտակելով՝ դիմել փախուստի:
Նույն օրը դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, սկսվեց նախաքննություն, որն ավարտվելու էր այդ մղձավանջային գիշերվա անկանխատեսելի ու անակնկալ բացահայտմամբ՝ ի հայտ բերելով նողկալի իրողությունը…
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1985 թ. ծնված Էդգար Վարագյանը՝ ոստիկա՛ն, ոստիկանության սերժա՛նտ…
Վարագյանի մարմնի քննումով հայտնաբերվել են քերծվածքներ, իսկ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են լապտեր ու խաղալիք՝ ատրճանակ հանդիսացող զենք, որոնք ճանաչվել են տուժողների կողմից:
Նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանները հերթական անգամ վնասազերծեցին իրենց շարքերը խցկված փոխակերպուկին: Այսպիսի յուրաքանչյուր դեպք ցնցող ու ցավալի է, սակայն պարտադիր են բացահայտումն ու վնասազերծումը, վիրահատության պես:
Ոստիկանության սկզբունքն է՝ օրենքը հավասար է բոլորի համար, իսկ նմանները, որոնք դավաճանում են ոչ միայն ծառայողական պարտքին, այլև մարդկային նկարագրին, պետք է անխնա մաքրվեն թե՛ համակարգից, թե՛ հասարակությունից:

 

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի մրցանակակիր դառնալու հնարավորություններն նվազեցին

25441 chessԹուրքիայում շարունակվող մինչև 20 տարեկան շախմատիստների և շախմատիստուհիների աշխարհի առաջնության 11-րդ տուրում գրոսմայստեր Սամվել Սահակյանը մրցեց առաջտարներից Ալեքսանդր Իպատովի հետ: Պարտիան խաղաղ ելք ունեցավ: Մեր շախմատիստին անհրաժեշտ էր հաղթել: Մրցանակակիր դառնալու նրա հնարավորություններն նվազեցին: Մնացել է երկու տուր:

Տեր-Սահակյանն ունի 8 միավոր և զբեղեցնում է 7-րդ հորիզոնականը: Վահե Բաղդասարյանը 5 միավորով 68-րդն է:

Առաջին երեք տեղերում են` չինացի Յանգ Յուն (9,5), Թուրքիայի դրոշի ներքո հանդես եկող Իպատովը (9), Պերուի ներկայացուցիչ Յորգ Քորին (8,5):

Շախմատիստուհիների մրցաշարում Մարիա Գևորգյանը 7 միավորով 14-րդ տեղում է: Առաջատարներն են` ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաշկինան (8,5), ռումինուհի Իրինա Բուլմագան (8), ղազախստանցի Ժանսայա Աբդումալիկը (8):

Տեխնիկական արդյունքներ.11-րդ տուր

Ալեքսանդր Իպատով – Սամվել Տեր-Սահակյան` 1/2:1/2

ՎիկտորԿառնեյրո – Վահե Բաղդասարյան `1/2:1/2

Մարիա Գևորգյան – Աննա Ստյաժկինա` 1:0

“Ենի Ազերբայջանը” Ազադլըխ ռադիոյին մեղադրել է անօրինական նախընտրական քարոզչության մեջ

1Ադրբեջանի իշխող կուսակցության “Ենի Ազերբայջան” լիազոր ներկայացուցիչ Ալի Ահմեդովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով նամակ է ուղարկել՝ “Ազագլըխ” (“Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը) ռադիոյի կողմից Ադրբեջանում անօրինական նախընտրական քարոզչության անցկացման առնչությամբ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Նամակում ասվում է, որ “Ազադլըխ” ռադիոկայանը, որը ֆինանսավորվում է օտարերկրյա պետությունների կողմից, նախընտրական քարոզչություն է անցկացնում՝ կոպտորեն խախտելով Ընտրական օրենսգքիրը: “Ռադիոն իր ինտերնետային կայքում ստեղծել է “Ընտրություններ-2013 բաժինը”, որում “ճանաչիր թեկնածուին” հղման և հեռարձակվող այլ հաղորդումների մեջ կոպտորեն խախտում է օրենսդրության պահանջները և զբաղվում կոնկրետ թեկնածուի քարոզչությամբ”, -ասվում է նամակում:

Կուսակցության հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի Ընտրական օրենսգրքի համաձայն, օտարերկրյա պետություններին և իրավաբանական անձանց արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը, և ռադիոյի կայքում նշվում է, որ այն ոչ առևտրային կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից և իրավունք չունի զբաղվել քարոզչությամբ:

 

Մեր սիրած ըմպելիքները` մեր առողջության համար

թեյԱշխարհում միլիոնավոր մարդիկ են առավոտը սկսում մի գավաթ սուրճից: Այն առույգացնում է, նպաստում հիշողությանը, լավատեսություն հաղորդում:  Իրավամբ աշխարհի ամենատարածված ըմպելիքի առաջացման պատմությունը բազում առասպելներով ու լեգենդներով է պարուրված: Դրանցից մեկն ասում է, որ Հոմերոսի «Ոդիսականում» հիշատակվող nepenthes-ը, որը Հեղինեն խառնում էր գինու հետ, որ «վանի թախիծն ու հոգու բարկությունը», ոչ այլ ինչ էր, եթե ոչ սուրճ: Կոֆե անվանումն էլ մեկ ուրիշ լեգենդի հետ է կապված: Մի անգամ  հովիվ Կալդին նկատում է, որ իր հոտի այծերի քիմքին հաճո են ոչ բարձր ծառի պտուղները: Ընդ որում, նա նկատում է, որ ամեն անգամ  ճաշակելով այդ պտուղները` այծերն աննկարագրելի զվարթանում են, տրճիկ տալիս ու չեն քնում: Իր վրա փորձելով բույսի ազդեցությունը` Կալդին անսովոր զվարթության ներհոսք է զգում: Իր հայտնագործությամբ նա կիսվեց  մոտակա վանքի վանականների հետ, որոնք ըստ արժանվույն գնահատեցին այն: Սուրճի հատիկներից պատրաստված ըմպելիքն օգնում էր երկարատև աղոթքներին արթուն, ուշադիր ու դատող լինել: Դա Եթովպիայի Կաֆֆա գավառում էր: Ի հիշատակ այդ պատմության` ծառը, պտուղներն ու դրանցից պատրաստվող ըմպելիքը ստացան «կոֆե» անվանումը:

Առաջին անգամ սուրճը Եվրոպա է տարել իտալացի Պյետրո դելլա Վալեն, որը երկար տարիներ էր անցկացրել Թուրքիայում որպես Հռոմի պապի պատվիրակ: Ֆրանսիայում սուրճը հայտնվում է Լյուդովիկոս XIV-ի կառավարման  շրջանում:

Փարիզում առաջին սրճարանը բացել է ազգությամբ հայ Պասկալը 1672-ին: Դարավերջին արդեն Փարիզում հարյուրավոր փոքր սրճարաններ էին բացվել: Անգլիայում առաջին սրճարանը բացվել է 1652-ին: Երբ 1679-ի դեկտեմբերի 29-ին Չարլզ Երկրորդ թագավորի հրամանով փակվեցին բոլոր սրճարանները, իսկական ապստամբություն բռնկվեց.11 օր անց հրամանը չեղյալ հայտարարվեց: Հարյուրամյակի վերջին Մեծ Բրիտանիայում հաշվվում էր ավելի քան 3 հազար սրճարան:

Ավստրիայում սուրճը հայտնվել է 1683-ին Վիեննայում: Սբ Ստեփանոսի տաճարից ոչ հեռու լեհ սպա Գեորգի Կոլչինսկին բացեց առաջին սրճարանը: Ավստրիացիները թուրքական ձևով պատրաստված սուրճ չխմեցին: Նրանք ստեղծեցին իրենցը` վիեննականը. զտած սուրճի մեջ ավելացրեցին 3 գդալ կաթ ու մի փոքր մեղր: Հյուսիսային Ամերիկայում սուրճը հայտնվել է  1607-ին, անգլիացի առաջին վերաբնակների հետ: Նյու Յորքում առաջին սրճարանը բացվել է 1668-ին, 1670-ին` Բոստոնում:

Ռուսատանում սուրճը հայտնվել է Ալեքսեյ Միխայլովիչի ժամանակ: Պետրոս Առաջինը, փաստորեն, սուրճի մշակույթ բերեց: Նրանից հետո սուրճի «հովանավորն» էր Աննա Իոանովնան, որի հրամանով 1740-ին, որպես  զվարճանքի հաստատություն, բացվում է սուրճի տունը: Սուրճի մասսայականացումը կատարվում է 1812-ին: Սրճարաններ հայտնվեցին այն տեղերում, որտեղ հավաքվում էր աշխարհիկ հասարակությունը:

Սրճեփը  Ֆրանսիայում հայտնվել է 1685-ին: Սկզբում այն սափորի նման էր, որի տակի սկավառակը տաքացվում էր սպիրտայրոցի վրա: 1800-ին այդ սրճեփը դուրս եկավ գործածությունից,  Փարիզի արքեպիսկոպոս Ժան-Բատիստ դե Բելուայի պերկոլատորը զբաղեցրեց դրա տեղը: 1820-ականներին Անգլիայում լայն տարածում գտավ «սրճային կնգուղը»` զտիչի նախատիպը: Աղացած սուրճը լցվում էր ֆլանելե կամ մուսլինե գրպանիկի մեջ, որը կախում էին ջրամանի եզրին: Դրա շնորհիվ սուրճը երկար ժամանակ էր մնում տաք ջրի մեջ ու լուծողականությունն էլ էականորեն ավելանում էր:

Հետաքրքիր պատմությունները սուրճի հետ կապված նույնպես բազմաթիվ են:

Ժամանակին սուրճ խմելն ինչ-որ  չափով համարել են «հիմար սովորություն»: Մուհամեդ IV-ի ժամանակ հայտնաբերված սրճամոլին կապում էին սուրճի տոպրակի մեջ ու ծովը նետում: Սուրճի վնասները ստուգելու համար XVIII  դարում Շվեդիայի թագավոր Գուստավ III-ի հրամանով  փորձ կատարեցին. մահվան դատապարտված երկվորյակ եղբայրների դատավճիռը փոխարինեցին ցմահ բանտարկությամբ` մի պայմանով, նրանցից մեկին ամեն օր պետք է սուրճ տային, մյուսին` թեյ: Առաջինը մահացավ այն պրոֆսորը, որը հետևում էր փորձի ընթացքին, հետո մահացավ մյուս մասնագետը, հերթը հասավ թագավորին, իսկ երկվորյակներն ապրեցին մինչև 83 տարի:

Սուրճի տարատեսակներից մեկն էլ կապուչինոն է, որն իր անվան, գուցե նաև ծագման  համար «պարտական» է վանական կապուցիններին:

թեյ-սուրճԿանաչ սուրճ

Այսօր կանաչ սուրճը նոր «փուլ» է ապրում: Այն  իսկապես հետաքրքիր ու հատուկ համով ըմպելիք է, որին մի շարք հատկություններ են վերագրվում: Դրանցից է ճարպերն այրելու հատկությունը: Կանաչ սուրճից օգուտը շատ է, սակայն չափավոր օգտագործման դեպքում: Այն հարուստ է ուժեղ հակաօքսիդանտ նյութերով: Դրանց շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում ազատ ռադիկալները: Այս ըմպելիքը հակաօքսիդանտների պարունակությամբ գերազանցում է կարմիր գինուն կամ սև սուրճին: Բացի այդ, կանաչ սուրճի մեջ A, B, C և E խմբի վիտամիններ են ու ավելի քան 1200 տեսակի կենսաբանական ակտիվ նյութեր:

Կանաչ սուրճ` նիհարելու համար

Կանաչ սուրճով կարելի է քաշ գցել, սակայն միայն ճիշտ ու չափավոր կիրառման պարագայում: Սա դեղամիջոց չէ,  ուստի չկան հատուկ բանաձևեր, սակայն բժշկական ուսումնասիրություններով հաստատվել է այս սուրճի` ճարպեր այրելու հատկությունը:

Եթե որոշեք օգտագործել կանաչ սուրճից պատրաստված ըմպելիք, ապա հիշեք` օրական ընդամենը մեկ բաժակ, ծայրահեղ դեպքում` 2 ու միայն առավոտյան ժամերին: Ընդ որում, կանաչ սուրճն օգնում է ճնշելու քաղցի զգացումը: Դրա մեջ շատ կոֆեին կա, ինչն օգնում է օրգանիզմին առույգ զգալ: Մասնագետներն ասում են, որ կանաչ սուրճով նիհարելու նպատակով պետք է նաև ֆիզկուլտուրայով կամ էլ սպորտով զբաղվեք:

Կանաչ սուրճ. օգո՞ւտ, թե՞ վնաս

Չափավոր օգտագործման դեպքում վնաս չկա: Այն առույգության զգացում է պարգևում, վերականգնում ուժերն ու  օրգանիզմում ակտիվացնում նյութափոխանակումը: Այն խթանում է գլխուղեղի աշխատանքը: Չարաշահման դեպքում կարող է անքնություն ու գերգրգռվածություն առաջանալ: Չի կարելի  կանաչ սուրճ օգտագործել, եթե ունեք շաքարային դիաբետ, գլաուկոմա, օսթեոպորոզ, միզապարկի հիվանդություններ, արյան մակարդելիության խանգարումներ:

Եթե գնել եք ու չգիտեք, թե ինչպես պետք է եփել, ապա ուշադիր եղեք.

նախ, լավ կլինի, որ կանաչ սուրճը գնեք հատիկներով, քանի որ աղացածն արդեն կորցնում է օգտակար հատկությունների 40%-ը: Կանաչ սուրճը պետք է բովել միմիայն տանը` 5-15 րոպե: Օգտագործելուց առաջ աղալ, ապա եփել սովորական եղանակով:

Սուրճի ու թեյի ազդեցությունն օրգանիզմի վրա

Հազիվ թե գտնվի մեկը, որը օրվա ընթացքում գոնե մեկ բաժակ սուրճ կամ թեյ չխմի, քանի որ դրանք ամենատարածված ըմպելիքներն են մեր օրաբաժնում, ու հասկանալի է, որ ունեն որոշակի օգտակար ու վնասակար հատկություններ:

Սև թեյ

Սուրճից հետո անմիջապես  տարածվածությամբ երկրորդ տեղում է սև թեյը: Այն օգտակար է հատկապես կիտրոնի հետ: Ցիտրուսի համադրությամբ այն պաշտպանում է օրգանիզմը մաշկի քաղցկեղից գրեթե 70%-ով: Մի օգտակար գործոն էլ կա` կոֆեինի պարունակությունը: Այս մթերքի մեջ կոֆեինն այնքան չէ, որքան սուրճի մեջ, սակայն այդ քանակը նույնպես խթանում է երիկամների  ու մարսողական, ինչես նաև սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը: Պակաս կարևոր չէ սև թեյի մանրէասպան հատկությունը. այն հրաշալի պայքարի միջոց է հիվանդածին մանրէների դեմ:

Վերը թվարկվածը վերաբերում է միայն թարմ եփած թեյին: Հին` 2 ժամվա թեյն ավելի շատ վնասում է, քան օգուտ տալիս:

Կանաչ թեյ

Պարունակում է հարյուրավոր քիմիական նյութեր, որոնցից կարևորվում են ֆլավոնոիդները, որոնք օժտված են հակաօքսիդանտ հատկությամբ:  Այդ նյութերը բարերար են ազդում նյութափոխանակության վրա, կարգավորում են քաշը, դուրս բերում խարամները: Կանաչ թեյի մեջ P վիտամին կա, որը պատասխանատու է իմունիտետի համար, բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կանխում քաղցկեղի առաջացումը: Կանաչ թեյի չարաշահումը երևի միակ բացասական ազդեցությունն է. դրանից կարող են վնասվել լյարդն ու երիկամները:

Սպիտակ թեյ

Ցավոք, այն քիչ տարածված է, չնայած թեյերի մեջ սպիտակն է ամենաօգտակարը համարվում. պատճառն այն է, որ այս թեյախոտը թեթևակի մշակման է ենթարկվում: Հարուստ է հակաօքսիդանտներով, հականեխիչ հատկությամբ: Բարերար ազդեցություն է ունենում իմունիտետի վրա, կանխում է կարիեսն ու ատամնաքարի առաջացումը: Օրգանիզմից շատ լավ դուրս է բերում թույները, ուղիղ ազդեցություն է ունենում մաշկի առաձգականության, հետևաբար երիտասարդության վրա: Եթե այն ճիշտ եփվի, ապա օրգանիզմի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:

Աղացած և լուծվող սուրճեր: Լուծվողն անկասկած ավելի է վնասում օրգանիզմը, քան աղացածը: Օրինակ` գիտնականները պարզել են, որ ցելյուլիտի դեմ պայքարի ընթացքում լուծվող սուրճ խմելու դեպքում երբեք արդյունք չի ստացվում լուծվող սուրճի մեջ կոնսերվանտների պարունակության պատճառով, ինչը դանդաղեցնում է նյութափոխանակությունը:

Աղացած սուրճը կամ ինչպես սովոր ենք անվանել` բնականը, օրգանական թթուներ է պարունակում և ունի խթանող հատկություն:

Սուրճը տարբեր ազդեցություն է ունենում տարբեր հիվանդությունների դեպքում: Անոթների, արյան բարձր ճնշման, աթերոսկլերոզի դեպքում այն հակացուցված է: Իսկ սուրճ խմելուց հետո առաջացած բարձր թթվայնությունը հուշում է, որ գաստրիտ, խոցային ու տասներկումատնյա աղիքի հիվանդություններ ունեցողները պետք է սահմանափակեն դրա օգտագործումը: Պարզ բան է` սուրճի չարաշահումը լավ բանի չի հանգեցնի: Գուցե չկասկածեք անգամ, սակայն կարող է սրճային թունավորում առաջանալ. նյարդայնություն, գլխացավ, անքնություն, հաճախացած շնչառություն, որոնք ի վերջո կհանգեցնեն առողջական լուրջ խնդիրների: XVIII դարում Եվրոպայում արդեն սուրճի չարաշահման հետևանքով առաջացող  վնասների մասին էին խոսում: Իսկ  սուրճով տարվում են հիմնականում կանայք: Այդ հանգամանքը երգիծական անդրադարձ է գտել լայպցիգցի բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Հենրիցի ստեղծագործության մեջ (ստեղծագործում էր Կինանդեր կեղծանունով): Հետագայում այդ ստեղծագործության հիման վրա Բախը գրեց «Սրճային կանտատը»:

Հրդեհ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում

հրդեհՍեպտեմբերի 25-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում:

Դեպքի վայրում աշխատել են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, մեկ գազածխապաշտպան օղակ, 12 ջրատար մեքենա, 2 ավտոկռունկ և 1 ավտոզամբյուղ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.09-ին, մարվել՝ 12.13-ին: Այրվել են արտադրամասի տանիքը՝ 1900 քմ և գոֆրե-տարաների արտադրամասը՝ 1400 քմ:

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ թիվ 5 ՀՓՋ-ի խմբի պետը ստացել է ոտնաթաթի վնասվածք և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`
Սեպտեմբեր 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ին կբարձրանա 2-3, 28-30-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Սեպտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.80C (1935թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 2.10C (1956թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 18.30C

Խարդախությունները՝ ջրի երես

ձերբակալելՍեպտեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, Գայի արձանի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Ե.-ին:
Պարզվել է, որ նա հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում 1988 թ. ծնված Նարեկ Հ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով նրա անձնագրով Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետից վերցրել է 300.000 դրամ արժողության «Սամսունգ Գալաքսի Ս-4» բջջային հեռախոս, մի քանի օր անց Սայաթ-Նովա և Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութից՝ 350.000 դրամ արժողության «Այփադ», «Օրանժի» և «Բիլայնի» սպասարկման կենտրոններից՝ 60.000 և 200.000 դրամ արժողության բջջային հեռախոսներ` խոստանալով վճարել դրանց գումարը, սակայն խաբեությամբ տիրացել է նշված ապրանքներին` Նարեկ Հ.-ին պատճառելով ընդհանուր 1.260.000 դրամի նյութական վնաս:
Հուլիսի 27-ին 1989 թ. ծնված Աղվան Խ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, նրա անձնագրով Գարիկ Ե.-ն Սայաթ-Նովայի փողոցում գտնվող խանութից վերցրել է 285.000 դրամ արժողության «Նոութբուք» համակարգիչ` խոստանալով վճարել գումարը, սակայն խաբեությամբ տիրանալով նշված համակարգչին, վաճառել է այն` Աղվան Խ.-ին պատճառելով 285.000 դրամի նյութական վնաս:
Հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում 1989 թ. ծնված Արամայիս Ա.-ի վստայությունը չարաշահելու եղանակով նրա անձնագրով Գարիկ Ե.-ն Կենտրոն վարչական տարածքում գտնվող էլեկտրոնիկայի խանութից վերցրել է 300.000 դրամ արժողության «Այփադ», 225.000 դրամ արժողության «Սամսունգ» պլանշետ և 230.000 դրամ արժողության «Գալաքսի 3» բջջային հեռախոս` խոստանալով վճարել դրանց գումարները, սակայն խաբեությամբ տիրանալով նշված ապրանքներին` վաճառել է այլ անձի` Արամայիս Ա.-ին պատճառելով ընդհանուր 755.000 դրամի նյութական վնաս:
Օգոստոսին 1969 թ. ծնված Անահիտ Գ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով նրա անձնագրով Գարիկ Ե.-ն Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետից վերցրել է 320.000 դրամ արժողության «Այփադ», իսկ մի քանի օր անց «Օրանժի» սպասարկման կենտրոնից վերցրել է 60.000 դարմ արժողության բջջային հեռախոս` խոստանալով վճարել դրանց գումարը, սակայն խաբեությամբ տիրանալով նշված ապրանքներին, վաճառել է այլ անձանց` Անահիտ Գ.-ին պատճառելով ընդհանուր 380.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:

 

Նշանակվել են համալիր փորձաքննություններ

դեղՍեպտեմբերի 25-ին, ժամը 02.05-ին, Պուշկինի փողոցում ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ծառայողները նկատել են «Մերսեդես-Բենց Ե 124» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում գտնվող երիտասարդների պահվածքը կասկածելի է թվացել: Երբ մոտեցել են ավտոմեքենային, նրանցից մեկը դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողները ավտոմեքենայի նստելատեղին նկատել են ներարկիչներ, գաղտնի փականով 2 դանակ,1 տուփ դեղամիջոց, «Միդրացիլ» տեսակի 2 տուփ դեղամիջոց, բջջային հեռախոս և փայտե մահակ:
Ավտոմեքենայի սրահում գտնվող երկու երիտասարդներին թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին:
Պարզվել է, որ բերման ենթարկվածներն են՝ ավտոմեքենայի վարորդը` 1980 թ. ծնված Սերգեյ Հ.-ն և 1975 թ. ծնված Ռաֆայել Ա.-ն:
Նշանակվել են դատաքրեագիտական, դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմածի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Ապամոնտաժվել են Թումանյան փողոցի գովազդային մեծ վահանակները

003Մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափի վահանակների սեպտեմբերի 23-ից մեկնարկած ապամոնտաժման աշխատանքների շրջանակում Թումանյան փողոցում ապամոնտաժվել է գովազդային 11 մեծ վահանակ:

Նախապես սահմանված կարգով աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո:

Ապամոնտաժված վահանակների հենասյուների հատվածներում առաջիկայում համապատասխան բարեկարգման աշխատանքներ կկատարվեն:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ :

Մինչև տարեվերջ փոքր կենտրոնի գովազդային բոլոր մեծ և միջին վահանակները կապամոնտաժվեն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն