Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի հիմնարկեքի արարողությանը

3996

3991

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում Հանրապետության Նախագահին ներկայացրել են նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները. ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի սահմանային ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև պետական սահմանի կառավարման ոլորտի մարմինների, միջազգային և միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագիրն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակը, շինարարական աշխատանքները՝ ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին:

Ծրագրի իրականացման արդյունքում լուծում կստանան ՀՀ սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման և զարգացման, պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման ու պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, նաև միջազգային առևտրի խթանման խնդիրները: Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումն զգալիորեն կբարելավի նաև տեղի բնակչության կենսամակարդակը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում կստեղծվեն ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար կբարելավվեն կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջնահերթորեն իրականացնել վերոնշյալ երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը:

Ս.թ. հուլիսի 22-ին Նախագահի կողմից ստորագրված մեկ այլ փաստաթղթով՝ ՀՀ Նախագահի կարգադրությամբ մեկնարկել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում արդեն իսկ կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը:

Հայաստանի շախմատիստները Թուրքիայում մնացին առանց պարգևի

աա շախ377442_10201957343716368_1433797295_nԹուրքիայի Խոջաելի քաղաքում ավարտվեց մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Սամվել Տեր-Սահակայանը վաստակած 8,5 միավորով հանգրվանեց 14-րդ հորիզոնականում: Վահե Բաղդասարյանը միայն 44-րդ տեղում է: Շախմատիստուհիների մրցաշարի մասնակից Մարիա Գևորգյանը 8 միավորով 16-րդն է:

Պատանիների և աղջիկների առաջնություններում հաղթող ճանաչվեցին չինացի Յու Յանյին (11) և ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան (10,5):

Սիրո և սեռականության պակասը

…Ոչ միայն կյանքում, այլև ֆիլմերում

Քննադատությունից խուսափող կինոռեժիսորների կողքին ապրում են նաև այնպիսիք, որոնք նկարահանում են տաբու ֆիլմեր. դրանց մասին շատերը չեն էլ համարձակվում խոսել: Այդպիսիներից է նաև սկանդալային ռեժիսոր, ավստրիացի Ուլրիխ Զայդլը:

Ulrich Seidl ... 'Actors need the stick'Ներկայացնում ենք «Անկախի» հարցազրույցը  Զայդլի հետ:

– Պրն  Զայդլ,  Ձեր «Դրախտ» եռապատումն առաջին անգամ ցուցադրվել է որպես երեք առանձին ֆիլմ…

– Այո: Սկզբում ես մտադիր էի նկարահանել ընդամենը մեկ ֆիլմ երեք տարբեր կանանց ցանկությունների մասին և դրանք ցուցադրել զուգահեռ պատմություններով: Սակայն նկարահանումների ավարտից հետո հասկացա, որ 80-90 ժամ տևողությամբ կինոնյութ է ստացվել: Քանի որ այդ երեք պատմություններն առանձին ասելիք ունեին, որոշեցի երեք ֆիլմ նկարահանել: Ընդհանրապես ֆիլմի պատմությունը ես ներկայացնում եմ ժամանակագրական կարգով՝ առանց սցենարի, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի այն վերադասավորել: Բացի այդ, իմ սցենարում չկան երկխոսություններ, իսկ յուրաքանչյուր ֆիլմ ճամփորդության շղթա է:

– Ձեր ֆիլմերը դիտելուց հետո շատերի բերանն ուղղակի բաց է մնում: Ինչո՞ւ:

– Իմ ֆիլմերն առհասարակ հակասական վերաբերմունքի են արժանանում: Շատերը հիանում են դրանցով, զարմանում, շատերն էլ՝ սարսափում, քանի որ չափազանց բնական են: Բայց ես ցույց եմ տալիս իրական կյանքը, մարդկանց՝ իրենց տենչանքներով և երազանքներով: Չեմ հասկանում, թե ինչու են խուսափում…

 – Գուցե  որովհետև ճշմարտությունը հաճախ ցավոտ է…

– Իրականում ես չեմ խրատում հանդիսատեսին: Ֆիլմը թողնում եմ նրա ընտրությանն ու դատին: Հանդիսատեսն իրեն հերոսի մեջ է տեսնում և այդժամ որոշում՝ ընդունել այն, թե ոչ: Առաջ ինձ շատ էին քննադատում ֆիլմերիս համար, բայց այսօր իրականությունը փոխվել է: Փառք Աստծո, կարող եմ մի փոքր շունչ քաշել:

– Մարդիկ Ձեզնից այլ ոճի ֆիլմե՞ր են ակնկալում:

– Հավատացեք, քննադատների կամ հանդիսականի կարծիքներն ինձ վրա չեն ազդում, և պարտավորված չեմ զգում իմ հաջորդ ֆիլմերում ավելի շատ կարծրատիպեր կոտրել:

-«Դրախտ» եռապատման երեք ֆիլմերից «Դրախտ.հավատ» ֆիլմում կինը՝ դերասանուհի Աննա Մարիան, սեռական հաճույք է ստանում անշունչ առարկայի՝ խաչված Քրիստոսի հետ: Մի՞թե դա էր փնտրել իր ամբողջ կյանքում…

– Սայլակում ամուսնու հետ սեռական հաճույքի պակասը հաղթահարելու համար նա  այն փոխարինում է Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով: Միաժամանակ ինքն իրեն մխիթարում է, որ այդ կերպ ամուսնուն չի դավաճանում և լրացնում է բացակա սերը՝ համոզելով իրեն, որ մարմնական սերը փոխարինում է երկնայինով:

–Կյանքի հեգնանք կամ մոլորություն…

– Պարզապես որքան շատ են նվազում հնարավորությունները, այնքան լայնանում են ինքնախաբեության սահմանները:

– Ի դեպ, ձեր դերասաններից շատ բան եք պահանջում, հատուկ ուշադրություն եք դարձնում նրանց կազմվածքին, պրոֆեսիոնալիզմին և այլն:

– Այո: Օրինակ՝ «Սերը» ֆիլմի Թերեզայի դերակատարուհուն երկար եմ փնտրել: Արհեստավարժ մեկն էր պետք, որը լիներ և՛ գեր, և՛ կարողանար իմպրովիզացիաներ անել, միաժամանակ լիներ անկաշկանդ: Դա այդքան էլ հեշտ չէր, քանի որ նրանք պետք է նկարահանվեին ինտիմ տեսարաններում, իսկ շատ դերասանուհիներ ընտանիք ունեին: Դերասաններին ընտրելուց հետո նրանց հետ մեկնում եմ այլ երկիր, որտեղ պետք է կատարվեն նկարահանումները: Այդ ընթացքում փորձում եմ հասկանալ, թե նրանցից ով է ավելի հարմար այս կամ այն ֆիլմի համար: Ես այդպես եմ աշխատում, այլապես սխալ դերասաններ ընտրելու դեպքում ֆիլմդ կձախողվի:

– Բայց «Հույսը»՝ վերջին ֆիլմը,  ավելի հանգիստ էր, քան մյուսները:

– Որովհետև բռնության տեսարաններ չկան: «Հույս» ֆիլմի ժամանակ շատերը սպասում էին, որ այն կեզրափակվի աղջկա նկատմամբ բժշկի բռնությամբ: Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Գիտեք, երբ աշխատում ես երեխաների հետ, ավելի պատասխանատու և զգոն ես լինում:

– Այժմ ի՞նչ ֆիլմի վրա եք աշխատում:

– Ֆիլմը, որը պատրաստում եմ, ավելի փոքր է: Թեման ավստրիացու և նկուղի մասին է: Վայր, որտեղ մարդիկ հաճախ են սիրում լինել, բայց որտեղ զարգանում են նաև  ամենատարբեր վախեր և սարսափներ:

 

 Հարցազրույցը `

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

ԹԻՀԿ դիմումը մերժվել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի կողմից

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնների խախտումը բացահայտելու նպատակով վարույթ հարուցելու մասին ԹԻՀԿ դիմումը մերժվել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի կողմից այն պատճառաբանությամբ, որ դիմումում բարձրացված հարցի համակողմանի ուսումնասիրության, տվյալ դրվագի բոլոր փաստական հանգամանքները հաշվի առնելու և վարութ հարուցելու համար Հանձնաժողովը պետք է ստանա նշված ակցիա անցկացնողների խմբի կամ նրանցից որևէ մեկի դիմումը:

Չհամաձայնելով Հանձնաժողովի դիրքորոշմանը՝ հարկ ենք  համարում նկատել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն Հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ վարույթ կարող է հարուցել որևէ անձի դիմումի հիման վրա, ինչը նշանակում է, որ վարույթ հարուցելու դիմում կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

 

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն ս.թ սեպտեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող քաղաքացիների բողոքի հերթական ակցիայի ժամանակ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն արձագանքել էր «Էշ ա, արա’, ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար» արտահայտությամբ, ինչը ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական ուղերձը հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ

10721_am_1ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայ նշանավոր դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «Սոս Սարգսյանը մեզ հետ չէ: Կյանքից հեռացավ հայի, մտավորականի այն տեսակը, որի սթափեցնող, իմաստուն խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունեինք և ունենալու ենք: Վարպետն իր մեծությամբ մեծ հետք թողեց ոչ միայն մեր մշակութային, այլև հասարակական կյանքում: Սոս Սարգսյանն իր կերտած դերերով, իր աշակերտներով, իր դաստիարակած մի քանի սերունդներով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես հայի բացառիկ կերպար:

Կիսում եմ վարպետի ընտանիքի, աշակերտների, ընկերների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ

Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ: Անվանի մտավորականի հարազատներին, գործընկերներին և արվեստի երկրպագուներին ուղղված Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի:

Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում և հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով ու կեցվածքով մեզ բոլորիս դարձնում էր ավելի բարի, ավելի ազնիվ, ավելի լավը: Նրա խաղացած դերերը մի ամբողջ դարաշրջան են մեր թատրոնի և կինոյի պատմության մեջ:

Խորին ցավակցությունն եմ հայտնում Սոս Սարգսյանի հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին, որոնք մեծ հաշվով մեր ողջ ժողովուրդն են: Սա անդառնալի և համազգային կորուստ է»:

Մեկնարկեց արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք

Minister Nalbandian meets Kosovo FMՍեպտեմբերի 26-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Նյու-Յորք։

Էդվարդ Նալբանդյանի օրակարգի առաջին կետը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Արևելյան գործընկերության նախաձեռնության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունն էր։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի արտգործնախարարի և Շվեյցարիայի  արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին 2014թ. ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթությունները, մտքեր փոխանակվեցին կազմակերպության գործունեության վերաբերյալ։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրեց «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան»։

Նույն օրը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահության շրջանակներում Նյու–Յորքում տեղի ունեցավ ՍՏԾՀ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը վարում էր կազմակերպությունը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ Սևծովյան տնտեսական համագործակցության տնտեսական նոր օրակարգի 2013-2015թթ. Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության և տեսանելիության բարձրացմանը, Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին առնչվող հարցեր։ Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաև ս.թ. հոկտեմբերի 4-ին Երևանում կայանալիք տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով բարձրաստիճան հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Չիլիի արտգործնախարար Ալֆրեդո Մորենոյի հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության հաստատումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների հաստատումը։

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ էր։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Նույն օրը ՄԱԿ-ում՝ ՀՀ մշտական ներկայացուցչությունում, Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ։ Երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարությունը։ Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում  նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։

Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ հանդիպման ժամանակ վերջինս Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ հաշտեցման գործընթացը։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:

Էնվեր Հոջայը երախտագիտություն հայտնեց Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայության համար։

Նախկին ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը`Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն Սարգսյան

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն):

Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել է “ԱզերՌոս”-ից

2Ադրբեջանի՝ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեն Ռուսաստանում գործող սփյուռքի կազմակերպությունների ցանկից հանել է “Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային դաշնային ինքնավարությունը” ՝ “ԱզերՌոսը”:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, կոմիտեում որոշումը մեկնաբանում են այն հանգամանքով, որ կազմակերպությունը չի ցանկացել համագործակցել կոմիտեի հետ:

Ավելի վաղ կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը ասել էր, որ Աբաս Աբասովը հայտարարում է, որ Ադրբեջանի առաջնորդն իր աքսակալն է (ավագանի) և ինքը աջակցում է Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությանը: “Մենք  համաձայն ենք այս հայտարարությունների հետ: Սակայն յուրաքանչյուր մարդու հայտարարություն պետք է համապատասխանի իր գործողություններին: Աբասովի՝ Սոյուն Սադիկովի հետ միևնույն շարքում լինելը ճիշտ չէ. վերջինս ծառայում է Ադրբեջանի ոչնչացման գաղափարին: Աբասովը պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքին` ում հետ է ինքը, և հայտարարի ում կողմնակից է: Միայն դրանից հետո մենք կհամագործակցենք իր հետ”,-ասել է Իբրահիմովը:

2013թ. հունվարի 25-ին Աբասովը ընտրվել է “ԱզերՌոսը”-ի ավագանիների խորհրդի նախագահ, իսկ կառույցի նոր նախագահ է ընտրվել Ասիֆ Մագերամովը՝ այդ պաշտոնում փոխարինելով ադրբեջանցի ռուսաստաբնակ հայտնի գործարար Սոյուն Սադիկովին:

 

Էլինա Դանիելյանը զգալիորեն ետ է մնում

chess3Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 8-րդ տւրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլիի հետ: Խաղաղ ելք ունեցան նաև Ստեֆանովա- Հարիկա Դրոնավալի, Լահնո – Մումինովա, Ցզյու Վենցզյուն- Նախբաևա  հանդիպումները: Կոներուն հաղթեց Չժաո Սյուեին, Գիրյան` Կոստենյուկին:

Դանիելյանը վաստակած 3 միավորով  9-11-րդ տեղերը բաժանողների խմբում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորոմ է Կոներուն` 6,5 միավոր: 5,5-ական միավոր ունեն Դրանավալին և Լահնոն:

 

Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում. Արագ

Name 1 2 3 4 5 6 7 8 9 Pts. Rk. Group
Sargsyan Shant 1 1 0 ½ ½ 0 1 1 ½ 5.5 8 OpenU12
Davtyan Artur 0 0 1 1 0 0 1 ½ 0 3.5 23 OpenU12
Martirosyan Haik M. 1 1 0 1 0 1 1 0 0 5 12 OpenU14
Yayloyan Konstantin 1 1 1 1 0 1 ½ ½ 0 6 4 OpenU14
Petrosyan Manuel 1 0 1 1 1 ½ 0 0 0 4.5 12 OpenU16
Asatryan Sona 0 ½ 1 1 1 0 ½ 0 1 5 7 GirlsU14

Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ…

1380211_451888968264118_1116865737_nՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր  և խորհրդի անունից ցավակցագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշվում է.

«Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացանք մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանի մահվան մասին: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի  և համաշխարհային մշակույթի համար:

Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ ու աննկուն քաղաքացի Սոս Սարգսյանը փայլուն չափանիշ է երիտասարդ սերունդների համար, իսկ նրա արվեստը՝ հավերժ մնայուն:

Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից պատիվ ունեցավ Սոս Սարգսյանի հետ կիսելու հանրային կյանքը վերափոխելու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու մեր նպատակն ու գործունեությունը, որը նոր որակ և ուժ ստացավ ազդեցիկ մտավորականի ճշմարտախոսության ու իմաստության շնորհիվ:

Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին:

Վստահ ենք, որ Մեծ մարդու և վառ անհատականության անունն ու գործը հավերժ կապրեն մեր պատմության էջերում և բոլորիս սրտերում»:

 

Օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

o_829331Մեծ Բրիտանիայում սկանդալ է երկու օդաչուների պատճառով, որոնք  թռիչքի ժամանակ քնել են կառավարման վահանակի մոտ: Ընդ որում, ինչպես նշում է  Daily Mail-ը, սրահը լիքն է եղել: Խոսքը Airbus A330 ինքնաթիռի մասին է, որում առնվազն 200 ուղևոր է եղել այդ պահին: Նրանք թռել են ավտոպիլոտով: Արդյունքում ամեն ինչ  հանգիստ է եղել, վայրէջքը` փափուկ: Սակայն, երբ դրա մասին իմացել է մամուլը, բրիտանացիները վրդովվել են: Պահանջել են պատժել ոչ միայն օդաչուներին, այլև ավիաընկերությանը: Բայց, արի ու տես, Քաղավիացիայի վարչությունը, որը տեղյակ է կատարվածից, հրաժարվում է  հստակեցնել, թե հատկապես որ փոխադրողի մասին է խոսքը: Ասում է միայն` ”Բրիտանական խոշոր ավիաընկերություն”:

Մեքսիկայում աղետի պատճառած վնասը կազմում է 6 մլրդ դոլար

i (3)Հայտնի է դարձել Մեքսիկային “Ինգրիդ” ու “Մանուել” փոթորիկների պատճառած վնասի չափը: Մեքսիկական ապահովագրական ինստիտուտների  ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ռեկարեդո Արիասը հայտարարել է, որ տարերքի պատճառած վնասը կազմում է 75 մլրդ պեսո, ինչը մոտ 6 մլրդ դոլարին է հավասար: Ընդ որում, նա նշել է, որ ապահովագրված էր տուժած օբյեկտների միայն 20%-ը` 1,2 մլրդ դոլար համապատասխանաբար:

Մեքսիկային պատուհասած տարերքների հետևանքով զոհվեց 139 մարդ, 240 հազար բնակիչներ լուրջ վնաս են կրել:

“Մահմեդականների անմեղությունը” ֆիլմի հեղինակն ազատ է արձակվել

i (2)ԱՄՆ-ում բանտից ազատվել է  սկանդալային` “Մահմեդականների անմեղությունը” ֆիլմի հեղինակը: 56-ամյա Մարկ Բեսլի Յուսեֆը, որը հայտնի է որպես Սեմ Բաջիլ, բանտում մեկ տարի անցկացրեց: Նա բանտային ժամկետ էր ստացել բանկային մեքենայությունների գործով պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները խախտելու համար: Դատարանը  բենզալցակայանի նախկին աշխատակցին արգելեց օգտվել համացանցից ու ներկայանալ ուրիշի անունով: Այդ արգելքը Յուսեֆը խախտել էր նկարահանումների ժամանակ: Հիմա նա պետք է ևս 4 տարի գտնվի ոստիկանության հսկողության տակ:

Նրա անունը հայտնի դարձավ 2012-ին, երբ Եգիպտոսի հեռուստատեսությունը մի քանի դրվագներ ցուցադրեց Բեսլիի նկարահանած ֆիլմից, որի թրեյլերը տարածվեց համացանցում: Դրա հետևանքը եղավ այն, որ արաբական ու աֆրիկյան երկրներում բողոքի ալիքներ բարձրացան. զոհվեց 50 մարդ:

 

 

Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար են գտել

i (1)Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար են գտել: Կայարաններից մեկում աշխատողները դռան մեխանիզմի արանքում Կալիֆոռնիայում տրված վարորդական իրավունքը հաստատող վկայական, մի քանի բանկային քարտ ու աստղաբաշխական գումարով  բանկային կտրոն պարունակող կաշվե դրամապանակ են գտել:

“Մենք մի քանի անգամ կարդացինք կտրոնի վրա նշված թիվը, որ համոզվենք, որ այնտեղ գրված է 2 մլն, ոչ թե 2 կամ 20 հազար դոլար: Երկար  ժամանակ չէինք կարողանում ուշքի գալ”,-ասում է մետրոպոլիտենի աշխատակիցը:

Դրամապանակը  մադրիդյան գտնված իրերի բյուրոյում սպասում է իր տիրոջը, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում:

ՄԱԿ-ի 11 անդամ-մասնակից հատուկ հռչակագիր է ստորագրել

iԵրեկ 11 երկրների նախարարների կողմից հատուկ հռչակագիր է ստորագրվել, որը պարտավորեցնում է երկրներին դադարեցնել բռնությունն ու խտրականությունը ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ: Փաստաթղթի տակ ստորագրել են Արգենտինայի, Բրազիլիայի, Խորվաթիայի, Սալվադորի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի ու ԱՄՆ-ի ԱԳ նախարարները:

“Մենք հաստատում ենք այն համոզմունքը, որ մարդու իրավունքը յուրաքանչյուրին ծննդյան օրից տրված արժեք է: Լեսբուհիները, գեյերը, բիսեքսուալներն  ու տրանսսեքսուալները պետք է նույն իրավունքներն ունենան, ինչ մնացած բոլորը”,-հայտարարել են փաստաթուղթը կազմողները:

“Այսօր այստեղ հավաքավածներս, իսկապես հստակ ու հզոր ազդանշան ենք ուղարկում ու դա ոչ միայն ողջ աշխարհի լեսբուհիներին ու գեյերին պաշտպանելու համար.սա աջակցությունն է այս կազմակերպության (ՄԱԿ) հիմնարար արժեքներին”,- հայտարարել է  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: