Հանդիպում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի հետ

061113StepanMnacakanyanԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը ու ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է կապերի հետեւողական խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները:

 

Երեւանում տեղի ունեցավ հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը

279Երեւանում այսօր տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:
Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ռոուշ Նուրի Շաուեյսի (Rowsch Noori Shaways) գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում երկկողմ համագործակցության զարգացման մակարդակից: Արձանագրվեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերությունների խորացման տեսանկյունից կարեւոր աշխատանքներ են իրականացվել` ձեւավորվել եւ գործում է միջկառավարական հանձնաժողովը, վերաբացվել է Երեւանում Իրաքի դեսպանությունը, նշանակվել է դեսպան: Երկու երկրների փոխվարչապետների գնահատմամբ` սա լավ հիմքեր է ստեղծում բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ առեւտրական կապերն ակտիվացնելու հարցում երկու երկրների գործարար շրջանակների կողմից փոխադարձ հետաքրքրություն է առկա` ընդգծելով, որ արդեն իսկ նկատելի է ապրանքաշրջանառության ծավալների աճ: Գործարար շփումների աշխուժացման նպատակով, հանձնաժողովի նիստի աշխատանքներին զուգահեռ, Երեւանում անցկացվում է “Արտահանվող հայկական ապրանքներ” խորագրով ցուցահանդեսը, իսկ նոյեմբերի 7-ին տեղի կունենա հայ-իրաքյան գործարար համաժողովը:
” Մենք ցանկանում ենք, որ հայկական արտադրատեսակները հասանելի լինեն Իրաքի ժողովրդին եւ, փոխադարձաբար, Իրաքի ապրանքները մեր շուկա հասնեն: Մենք պատրաստ ենք նաեւ քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր, փոխադարձ բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների համար”,-նշեց Արմեն Գեւորգյանը:

Հանդիպումից հետո Ա. Գեւորգյանի եւ Ռ. Շաուեյսի համանախագահությամբ տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Համանախագահներն ամփոփեցին 2012թ. նոյեմբերին Բաղդադում կայացած հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը: Քննարկվեցին ներդրումային, արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարեւորվեց գործարարների միջեւ շփումների ակտիվացումը, գործարար հանդիպումների, համաժողովների, ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպումը Հայաստանում եւ Իրաքում: Կողմերը պայմանավորվեցին խրախուսել փոխադարձ ներդրումները տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ անհրաժեշտ համարեցին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:

Արձանագրվեց, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ է առկա նաեւ զբոսաշրջության ոլորտում. ընդ որում, կան բոլոր նախադրյալները երկկողմ զբոսաշրջության զարգացման համար: Կողմերը պայմանավորվեցին աջակցել երկու երկրների ոլորտային տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:

Տնտեսական կապերի հետագա զարգացման, շփումների ակտիվացման համար երկուստեք անհրաժեշտ համարվեց Հայաստանի եւ Իրաքի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը: Կողմերը պայմանավորվեցին այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել:

Կարեւորվեց գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել Հայաստանից Իրաք թարմ պտուղ-բանջարեղեն, հանքային եւ խմելու ջրեր, բնական հյութեր եւ պահածոներ արտահանելու, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքների արտադրության համատեղ ձեռնարկություններ հիմնելու եւ կենդանի ոչխարների, բրդի, ձկների արտահանման հնարավորությունները:

Կողմերն արձանագրեցին, որ առողջապահության բնագավառում արդեն իսկ համագործակցության հիմքեր ստեղծվել են. 2012թ. երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, եւ ներկայումս երկկողմ քայլեր են ձեռնարկվում փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` իրաքցի 10 երեխաներ բուժում կստանան Երեւանում: Երեխաներից հինգն առաջիկայում արդեն կժամանեն Հայաստան:

Էներգետիկայի բնագավառում եւս փոխգործակցության լայն հնարավորություններ կան: Մասնավորապես, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում Իրաքում իրականացնել կիսակառույց եւ արդիականացման ենթակա էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներ:

Երկուստեք կարեւորվեց մի շարք ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը: Ներկայումս կողմերի քննարկման փուլում են գտնվում տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մոտ մեկ տասնյակ փաստաթղթեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել երկրորդ նիստի արդյունքներով ստորագրվելիք արձանագրության կետերի կենսագործման ընթացքը համակարգող խումբ` հանձնաժողովի երկու կողմերի նախագահների տեղակալների գլխավորությամբ:

Նիստից հետո Ա. Գեւորգյանն ու Ռ. Շաուեյսն այցելեցին “Երեւան Էքսպո” կենտրոն, որտեղ բացվել է “Արտահանվող հայկական ապրանքներ” խորագրով ցուցահանդեսը: Հյուրերը շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված արտադրանքին: Ցուցահանդեսին մասնակցում են շինարարական նյութերի արտադրության, շինարարության, թանկարժեք զարդերի և քարերի, սննդի արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության եւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում արտահանման ներուժ ունեցող շուրջ 75 հայկական կազմակերպություններ: Ցուցահանդեսը կազմակերպվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության կողմից:

Նիստի արդյունքներով հանձնաժողովի համանախագահների կողմից կստորագրվի երկրորդ նիստի արձանագրությունը:

Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված պաշտոնյաներն այցի ընթացքում առանձին հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Նոյեմբերի 7-ին կցուցադրվի Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմը

Հարություն-ԽաչատրյանՆոյեմբերի 7-ին, ժամը` 18:00-ին, Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում տեղի կունենա   Հարություն  Խաչատրյանի  «Անվերջ փախուստ,  հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի  առաջին  ֆիլմի`  «Հայկ.փախուստի» ցուցադրությունը:

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին տարիներ շարունակ հետաքրքրել է այն  մարդկանց ճակատագիրն ու կենսակերպը, որոնք տարբեր պատճառներով  լքել են հայրենիքը կամ ընդհակառակը,  ծնվելով և կյանքի զգալի մասն ապրելով տարբեր երկրներում, հետ են վերադարձել  Հայաստան:

«Անվերջ փախուստ,  հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին՝ արտագաղթին: Յուրաքանչյուր ֆիլմում պատմվում է մի հերոսի մասին՝ թատերական ռեժիսորի, ինժեների, նկարչի, դերասանի, երգահանի…

«Հայկ. փախուստ» Ֆիլմի նյութը ընդգրկում է 1987-ից մինչև մեր օրերը  նկարահանված տեսանյութեր:  Ֆիլմի պատումը թատրոնի ռեիսոր  Հայկի մասին է. նրա նախաձեռնությունների, ձեռքբերումների, պայքարի ու անվերջ ձգվող փնտրտուքների: Թվում է` 20 տարիների ընթացքում նրա  խնդիրները չեն լուծվել. նրա հակասություններով լի խոսքը  գրեթե չի փոխվել….

Ֆիլմն այս տարի Հայակ ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»  անվանակարգերի գլխավոր մրցանակներին:

Մուտքը հրավիրատոմսով է, որը կարելի է ձեռք բերել Մոսկվա կինոթատրոնում, ցուցադրությունից 30 րոպե առաջ:

Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա

Իլհամ ԱլիևԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոյեմբերի 12-13-ին տեղի է ունենալու Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության գերագույն խորհրդի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, նիստին մասնակցելու է ադրբեջանական պատվիրակությունը`Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ: Քննարկման թեման լինելու են երկրիների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում`պաշտպանության և անվտանգության, համագործակցության հարցերը:

 

ՎՊ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը կրկին առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը

Իշխանի ԶաքարյանՀայաստանի Հանրապետության նախագահը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխանի Զաքարյանի թեկնածությունը: Այդ մասին նախագահի գրությունն այսօր ստացվել է Ազգային ժողով: Այս մասին Անկախին տեղեկացրեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՎՊ նախագահի նշանակման հարցը կընդգրկվի նոյեմբերի 11-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:

 

 

Գյումրիի «Շիրակը» ԱՄՆ-ում կմրցի «Լոս Անջելես Գելեքսի» թիմի հետ

ֆուտբոլ2Հայերին ԱՄՆ-ը ձգում է: Եվ ահա, Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ձմռանը մրցաջրջագայության կմեկնի այդ երկիր:  Հայաստանի չեմպիոնը նաև ուսումնամարզական հավաք կանցկացնի: Նախատեսվում է հանդիպում «Լոս Անջելես Գելեքսի» թիմի հետ: Խաղը կկայանա փետրվարի 15-ին: «Շիրակը» ԱՄՆ-ում կանցկացնի ևս մի քանի ընկերական հանդիպում:

 

Արտավազդ Հարությունյանը `զինվորական դատախազ

հրամանագիր ՀՀ Նախագահի հրամանագիրը
Ա. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.

Արտավազդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը 11-րդն է

chp_chess_gameԳրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Ֆրանսիայի Սոթրոն քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 171 մասնակիցների մրցավեճում գրավեց 11-րդ տեղը:

7-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանեցին իսրայելցի գրոսմայստերներ Բորիս Ավրուխը և Միխայիլ Ռոյզը: Լրացուցիչ ցուցանիշներով գլխավոր մրցանակը շնորհվեց Ավրուխին:

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանին ՀՀ Նախագահի խորհրդական նշանակելու մասին

հհ նախագահի հրամանագիրըՄ. Արամյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.

Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) ԱՐԱՄՅԱՆԻՆ հասարակական հիմունքներով նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ կրթության հարցերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Արմեն Բրուտյանը` շախմատի Բրազիլիայի առաջնության կիսաեզրափակչում

chess-1ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված շախմատի Բրազիլիայի առաջնության կիսաեզրափակիչում 7 հնարավորից վաստակեց 4,5 միավոր և 54 մասնակիցների պայքարում գրավեց 10-րդ տեղը:

6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն:

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին

Երևանի քաղաքապետարան,Էրիկաս Պետրիկաս, Տարոն ՄարգարյանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները՝ քաղաքապետը կարևորել է լիտվական քաղաքների և, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

“Երևանի և Վիլյուսի հետ գործընկերային կապերի խորացման և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման լայն հեռանկարներ կան: Այդ ուղղությամբ Երևանը մշտապես բաց  և պատրաստակամ է համագործակցելու: Իսկ Երևանում ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը փոխշահավետ համագործակցության զարգացման լավ հնարավորություն է ընձեռում”,- հատկանշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ Էրիկաս Պետրիկասը, առիթից օգտվելով, նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի 2795-ամյակի կապակցությամբ, ապա նշել, որ իրենք ևս շահագրգիռ են Երևանի հետ առկա համագործակցության  շրջանակների  առավել ընդլայնմամբ:

“Այն զգալի և տեսանելի փոփոխությունները, որոնք կատարվում են Երևանում, գնահատելի են: Եվ, ըստ այդմ, պետք է քայլեր ձեռնարկենք Երևանի հետ գործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ”,-նշել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը, նաև առաջարկել է քննարկել Երևանում Լիտվայի հրապարակ ունենալու հնարավորությունը:

Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս վերահաստատելով քաղաքապետարանի մոտեցումները, հատկանշել է, որ հոկտեմբերին Երևանում կայացած Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին Վիլնյուսի քաղխորհրդի քարտուղարի մասնակցությունը ևս մեկ խոսուն օրինակ է, որ երկու մայրաքաղաքների միջև առկա է հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ցանկությունը։ Իսկ Երևանում Լիտվայի հրապարակ ունենալու գաղափարին ի պատասխան, քաղաքապետն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ և քննարկել հարցը:

Կողմերը քննարկել են նաև Վիլնյուսի հետ քույր քաղաքների հռչակման մասին համաձայնագիր հետ կապված հարցեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են հայ ֆուտբոլիստի ակումբին

հմ-1-29636Արդեն տեղեկացրել ենք, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», այսօր սեփական հարկի տակ կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են հայ ֆուտբոլիստի ակումբին: «Բորուսիայի» հաղթանակը գնահատվում է 1,68 գործակցով, «Արսենալի» հաղթանակը` 4,7 գործակցով: Ոչ- ոքին ունի 3,95 գործակիցը:

«Բորուսիա»-«Արսենալ» խաղը կսկսվի Երևանի ժամանակով  ժամը 23:45-ին:

Հիշեցնենք, որ թիմերի Լոնդոնում կայացած առաջին խաղում գերմանական ակումբն առավելության էր հասել 2։1 հաշվով։

Երեք տուրից հետո F խմբում  հանդես եկող «Բորուսիան», «Նապոլին», «Արսենալն» ունեն 6-ական միավոր, Մարսելի «Օլիմպիկը» պարտվել է նախորդ բոլոր խաղերում և ոչ մի միավոր չունի:

Եվրամիությունը Թուրքիայի հետ վերսկսում է անդամագրության բանակցությունները

em  Եվրամիության ղեկավարությունը որոշում է ընդունել վերսկսելու Թուրքիայի հետ ԵՄ անդամագրության գործընթացի շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Նման որոշման համար սկիզբ հանդիսացավ այն հանգամանքը, որ Գերմանիան որոշեց հրաժարվել իր դժգոհություններից՝ կապված մայիս ամսին Թուրքիայում ծավալված հակակառավարական ցույցերի դաժան ճնշման հետ: Այսպես երեք տարի անց ԵՄ անդամագրության գործընթացը Թուրքիայի համար վերսկսվում է:

Եվրամիության ընդլայման հարցերով կոմիսար Շտեֆան  Ֆյուլեն կարծում  է, որ Թուրքիայի միացումը այս բլոկին կամրապնդի երկրում ժողովրդավարական բարեփոխումների անցկացման գործընթացը: «Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ընդգծում են ԵՄ-ին միանալու կարևորությունը, և այն, որ մեր միությունը շարունակում է ուղենիշ հանդիսանալ Թուրքիայում իրականացվող բարեփոխումների համար»,-հայտարարել է Ֆյուլեն:

ՀՀ ԶՈւ տեսչական խումբը հայտարարված վայրերի տեսչություններ է անցկացնում Թուրքիայի տարածքում

պն2013թ. նոյեմբերի 5-ից 12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում անցկացվում են հայտարարված վայրերի տեսչություններ:

Մեկ այցի ընթացքում կիրականացվեն երկու տեսչություններ` համաձայն ԵՍԶՈՒ պայմանագրի «Տեսչություններ» արձանագրության 17 կետի:

Տեսչության առարկաներն են (հսկողության օբյեկտներ)` Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի Արդահանում և Սարիղամիշում տեղակայված բրիգադները:

Տեսչության ընթացքում կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում:

Ադրբեջանն ու Սերբիան համաձայնագիր կստորագրեն

2 (1)Ադրբեջանն ու Սերբիան մտադիր են մոտ ապագայում պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, այդ հարցը քննարկվել է նախորդ շաբաթվա ընթացքում` Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովի` Սերբիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ գործակալության` Սերբիայի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ:

Կենսաթոշակային բազմաստիճան համակարգ. այն գործելու է 2014 թ. հունվարի 1-ից

կենսաթոշակԱրդեն մի քանի տարի է, ինչ պետությունը նախաձեռնել է բարդ և երկրի համար կարևոր սոցիալական նշանակություն ունեցող մի ծրագիր` կենսաթոշակային բազմաստիճան համակարգ, որը նախատեսվում է գործարկել 2014 թ. հունվարի 1-ից:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս բարեփոխումների ծրագիրը, և ի՞նչ է դրանից շահելու սովորական քաղաքացին:

Պետական կենսաթոշակային բաղադրիչին ավելանալու է նոր՝ մասնավոր կուտակային երկու բաղադրիչ, որին պարտավորվելու են միանալ 16-40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիները՝ առանց սահմանափակումների: Այսինքն՝ բարեփոխման հիմքում ընկած է այն գաղափարը, որ քաղաքացին անցնելու է անհատական կենսաթոշակային խնայողությունների համակարգին: Մարդն իր կյանքի ընթացքում խնայելու, կուտակելու է որոշակի գումար, իսկ կենսաթոշակի անցնելուց հետո ստանալու է իր կուտակած միջոցները կուտակային կենսաթոշակի տեսքով: Որքան շատ գումար խնայի նա կենսաթոշակի նպատակով, այնքան շատ կլինի հետագայում ստացվող կենսաթոշակը: Այն, իբրև «սոցիալական արդարության» սկզբունք, գալիս է փոխարինելու կամ համալրելու «սերունդների համերաշխության» սկզբունքը:

Ի՞նչ ենք ունենալու վաղը

Բարեփոխումների առաջին և հիմնական նպատակը հասարակության մեջ տարեց քաղաքացիների սոցիալական ապահովության խնդրի լուծումն է: Արդյունքում մեծանում է  քաղաքացու անմիջական մասնակցությունը սեփական կենսաթոշակի ձևավորման գործում, բարձրացնում նրա պատասխանատվությունը բարեկեցիկ ապագա ունենալու առումով:

Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրումը, մասնագետների գնահատմամբ, բարդ գործընթաց է համարվում բոլոր երկրներում, քանի որ այն վերաբերում է  մարդկանց մտածելակերպի փոփոխությանը: Դեռ երիտասարդ տարիքից անձը պետք է  մտածի ապագայի մասին, խնայողությունների դիմի, պետք է կարողանա հաշվարկել եկամուտները, ճիշտ գնահատել ծախսերը և ընտրել ֆոնդի կառավարիչ, համեմատել առաջարկվող տարբերակները, որոշումներ ընդունել և մշտապես հետևել կուտակային միջոցների աճին և շարժին:  

Ի՞նչ ունենք այսօր                 

Մեր երկրում ներկայումս գործում է կենսաթոշակային բաշխողական համակարգը, որը ֆինանսավորվում է զբաղված քաղաքացիների և նրանց գործատուների ընթացիկ մուծումների հաշվին: Աշխատող քաղաքացիների մուծումներից գոյացած գումարներն ամբողջովին ուղղվում են ընթացիկ  կենսաթոշակների վճարմանը: Այսինքն՝ ներկայիս աշխատողները ապահովում են ներկայիս անաշխատունակ տարիքի անձանց: Այս համակարգն անարդյունավետ է այն պատճառով, որ չի արտահայտում մարդու անհատական ներդրումը կենսաթոշակային համակարգում, քանի որ, անկախ կատարված սոցիալական վճարների չափից, բոլորը կենսաթոշակի անցնելուց հետո հավասարվում են: Իսկ կուտակային համակարգը պահպանում է արդարության սկզբունքը, ով շատ է վճարում, նա էլ շատ է  ստանում: Իսկ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն ունեցել աշխատանքային ստաժ և իրենց կյանքի ընթացքում ոչինչ չեն կուտակել, կստանան բազային կենսաթոշակ:

Նշենք, որ Հայաստանում այս համակարգին ուղղված բարեփոխումների հարցում պետությանն աջակցում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը` USAID-ը: Սոցնախարար Արտեմ Ասատրյանն այս ուղղությամբ կատարած իր դիտարկումներում նշել է, որ այս տարիների ընթացքում կատարված բարեփոխումների արդյունքում ներդրվել և կիրառվել է նոր տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն է տալիս լիարժեք տիրապետելու  հազարավոր կենսաթոշակառուների տվյալներին և կառավարելու այդ համակարգը:

Որոշակի աշխատանքներ են իրականացվել նաև ինտեգրացված սոցիալական ծառայությունների ուղղությամբ: Արդեն ձևավորվել են 19 տարածքային կենտրոններ, որոնք սոցիալական պաշտպանության ոլորտում  առաջարկում են ծառայությունների մատուցման նոր որակ և ձևաչափ: Նախատեսվում է հանրապետության տարածքում ձևավորել շուրջ 55 այդպիսի կենտրոններ ևս, որտեղ քաղաքացիները կկարողանան ստանալ սոցիալական ծառայություններ բոլորովին այլ մեխանիզմով: Բացի այդ, նախատեսվում է նվազեցնել քաղաքացիների դիմումների ընդունման հետ կապված խնդիրները: Դրամական վճարումների, կենսաթոշակների, նպաստների և այլ վճարներն  իրականացվելու են տեղեկատվական համակարգերի միջոցով,  և այդ գործընթացներին սոցիալական աշխատողների միջամտությունը հասնելու է նվազագույնի: Քաղաքացիներն այսօր ունեն նաև դիմումները ներկայացնելու և ծառայությունների մասին ճշգրիտ տեղեկանալու պակաս, որոնց արդյունավետ լուծման միակ ճանապարհը, ըստ համակարգի ներկայացուցիչների, լինելու է այս գործընթացների իրականացումը:

Նշենք, որ քաղաքացիների խնայողությունները պահվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով, որոնց ընտրելու են հենց իրենք՝ զբաղված անձինք: USAID՝ PRIP ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը հավաստիացրել է, որ առաջիկայում բոլոր զբաղված քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և ակտիվների կառավարիչներ: Այս մասին կհայտարարվի առաջիկայում: «Ես վստահ եմ, որ 2014 թ. նոր կենսաթոշակային համակարգը կմտնի ուժի մեջ: Նոր ծրագրով մեր աշխատանքները հիմնականում ուղղվելու են մի քանի բաղադրիչների իրականացմանը, և հիմնական աջակցությունը ուղղված է լինելու պետական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին, մասնավորապես` ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և բարձր որակի ծառայությունների ապահովմանը:  Մենք ջանքեր ենք  գործադրելու, որպեսզի մեր քաղաքացիները տեղեկացված լինեն այս համակարգի մասին և կարողանան կենսաթոշակային ֆոնդերի և ակտիվների կառավարիչներ ընտրել»,- ասել է ծրագրի ներկայացուցիչը:

Քաղաքացին խնայելու է, տնտեսությունը` շահելու

Ապահովելու է նաև ֆինանսական կայունություն: Այսինքն՝ քաղաքացիների խնայողություններն անուղղակի առավելություններ են բերելու նաև երկրի տնտեսության զարգացմանը: Կուտակային վճարների հաշվին երկրում ձևավորվում են երկարաժամկետ միջոցներ. որոնք կարող են կարճ ժամանակահատվածում առաջացնել ազատ ֆինանսական հոսքեր ու ներդրվել տնտեսության մեջ: Այս գործընթացը նպաստելու է  երկարաժամկետ տնտեսական հեռանկարային աճին: Քաղաքացիների խնայողությունների արդյունավետ կառավարման շնորհիվ կուտակային համակարգը մոտ ապագայում բազմապատիկ օգուտներ է խոստանում ֆինանսական շուկայի աշխուժացման, ներդրումների աճի, վարկային տոկոսադրույքների նվազեցման և ընդհանուր առմամբ, տնտեսության դինամիկ զարգացման առումով:

Սակայն հանրության շրջանում դեռ  անվստահություն կա: Գուցե այս համակարգը իդեալական գործի այն երկրներում, որտեղ տնտեսությունը զարգացած է, մարդկանց եկամուտները բավարար են, աղքատության մակարդակն էլ ցածր է: Բայց եթե մեր երկրում սովորական քաղաքացու նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ է, իսկ միջինը՝ 100 հազար, ապա ինչպե՞ս պետք է քաղաքացին այդ փոքր ամսական բյուջեով խնայողություններ նախատեսի: Աշխատավարձերի ցածր լինելու պարագայում զբաղված անձանցից թերևս շատ քչերը կցանկանան գումար խնայել, քանի որ  ստացածը բավարար չէ գոնե տարեկան կենցաղային ծախսերը հոգալու համար:

ՀՀ Ազգային ժողովի  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, գիտակցելով ժողովրդի շրջանում այս համակարգի գործարկման հետ կապված ընդվզումը, հորդորում է այնուամենայնիվ գնալ կենսաթոշակային բարեփոխումների ճանապարհով` առանց երկմտելու: Եվ զբաղված քաղաքացիներին, փոքր ինչ ոգևորելու համար հիշեցրեց, որ 2014-ից աշխատավարձերի բարձրացում է սպասվում, և միջին աշխատավարձը  նախատեսվում է հասցնել 50 հազար դրամի,  իսկ առավելագույնը`  20 անգամ ավելի: Այս հանգամանքը, ըստ նրա, ստիպելու է համատարած բարձրացնել բոլոր քաղաքացիների աշխատավարձերը` անկախ պետական կամ մասնավոր կառույց լինելու գործոնից:

Լ.Ն

Այսօր Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կմրցի անգլիական «Արսենալի» հետ

չլ1346338264Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերի մասնակիցները կշարունակեն պայքարը: Խաղեր կկայանան ևս չորս խմբերում:

Մեր մարզասերներն անհամբերությամբ են սպասում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Արսենալի» մրցամարտին: Այս թիմերի առաջին հակամարտությունում  «Բորուսիան» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով: Ընդ որոմ, գոլի հեղինակ էր դարձել Մխիթարյանը:

E խումբ

«Բազել»-«Ստյաուա»

«Չելսի»-«Շալկե»

F խումբ

«Նապոլի-«Օլիմպիկ» Մարսել

«Բորուսիա»-«Արսենալ»

G խումբ

«Զենիթ»-«Պորտու»

«Ատլետիկո» Մադրիդ-«Աուստրիա»

H խումբ

«Բարսելոնա»-«Միլան»

«Այաքս»-«Սելթիկ»

հմarm138247484226

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին և դրանց արդյունքում կայանի ներկայիս վիճակին: Այդ կապակցությամբ զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ ՀԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագրային մակարդակն ապահովված է: Սերժ Սարգսյանը և Ադոլֆ Բիրկհոֆերն անդրադարձել են նաև ՀԱԷԿ-ի հետագա շահագործման և նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության արդյունքներին:

Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով:

Նախագահը ողջունել է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից ու ոլորտի մասնագետներից կազմված անկախ խորհրդակցական մարմնի՝ խորհրդի անդամներին և նիստի բոլոր մասնակիցներին: Խոսքի սկզբում Սերժ Սարգսյանը ցավով և մեծ ափսոսանքով է ներկաներին տեղեկացրել, որ այս տարվա հունվարին կյանքից հեռացել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի անդամ, հանրաճանաչ գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Համլետ Հարությունի Վարդապետյանը, ով մեծ դեր է խաղացել միջուկային ֆիզիկայի ոլորտում տեսական և փորձարարական հետազոտությունների ստեղծման և զարգացման գործում: Նախագահն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել անվանի գիտնականի հիշատակը, որից հետո նիստի մասնակիցներին ներկայացրել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նոր անդամին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Հովսեփի Ավագյանին, մաղթել նրան հաջող և արգասաբեր աշխատանք:

Նախագահն ընդգծել է, որ խորհրդի ձևաչափով համագործակցության կարևորությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով ատոմային էներգիայի հատուկ դերը երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

Նա բարձր է գնահատել խորհրդի գործունեությունը ստեղծման պահից ի վեր՝ նշելով, որ անցած ժամանակահատվածում մեծ աշխատանք է կատարվել, ինչի համար շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ հանրապետությունում գործող միջուկային էներգաբլոկի միջուկային և ճառագայթային անվտանգության բարձրացման հարցում անգնահատելի աջակցության համար: Ցուցաբերած օգնության համար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԳԱՏԷ-ին և Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի կառավարություններին ու Եվրոպական հանձնաժողովին:

«Հայաստանի Հանրապետությունը մշտապես կատարելագործում է ներքին օրենսդրությունը և բարեխղճորեն իրականացնում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Հայաստանի խորհրդարանի կողմից այս տարվա մայիսին վավերացվել են 2005 թվականի «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիայի փոփոխությունները» և ընդունվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում համապատասխան լրացումներ կատարելու մասին օրենքը՝ կապված միջուկային նյութերի հաշվառման և հսկողության հետ:

Մոտ ապագայում կստորագրվի միջուկային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր: Այն հնարավորություն կտա.

• զարգացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության ենթակառուցվածքը՝ ռուսական նախագծերով նոր միջուկային էներգաբլոկների կառուցմանը նախապատրաստվելու համատեքստում,
• կազմակերպել միջուկային անվտանգության ոլորտում մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում՝ հաշվի առնելով ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդները,
• ընդլայնել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակները:

2012թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ստորագրվեց էներգետիկայի, ներառյալ՝ միջուկային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր: Փաստաթուղթը թույլ է տալիս մեր երկրների միջև խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ավելի սերտ համագործակցություն զարգացնել: Այդ հուշագրի շրջանակներում արդեն իրականացվել է երկու հաջող նախագիծ:

ՄԱԳԱՏԷ-ի և միջազգային փորձագետների աջակցությամբ հսկայական աշխատանք է տարվել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ: 2012թ. պլանային-նախազգուշական նորոգումների ժամանակ հենակետային կառուցվածքներ են տեղադրվել անվտանգության տեսանկյունից կարևոր հիմնական համակարգերի և բաղադրիչների սեյսմակայունությունն ուժեղացնելու համար: Դրանով ավարտվեցին «ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության վերագնահատման ծրագրի» երրորդ՝ վերջին փուլի աշխատանքները՝ համաձայն ՄԱԳԱՏԷ-ի մշակած տեխնիկական պահանջների: Այսպիսով ՀԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագրային մակադրակն ապահովված է:

2011թ. անցկացված «ՕՍԱՐՏ» առաքելության խորհուրդներով վերանայվել է «ՀԱԷԿ շահագործման անվտանգության բարձրացման ծրագիրը»: ՀԱԷԿ-ը ներկա պահին իրագործել է առաքելության հիմնական առաջարկություններն ու խորհուրդները: 2013թ. կայացել է ՄԱԳԱՏԷ-ի «ՕՍԱՐՏ» կրկնակի առաքելությունը, որը բավարար առաջընթաց է արձանագրել իրականացվող աշխատանքներում, բայց նաև վեր է հանել խնդրահարույց հարցեր՝ կապված մասնավորապես ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ:

Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում մասնագետներն արդեն սկսել են «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի ան¬վտանգ կառավարման ռազմավարության» մշակումը:

Ցանկանում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Աշխատած միջուկային վառելիքի հետ անվտանգ վարվեցողության և ռադիոակտիվ թափոնների հետ անվտանգ վարվեցողության միացյալ կոնվենցիան»:

Հայկական կողմը Եվրամիության օժանդակությամբ ավարտել է գործող էներգաբլոկի վրա սթրես-թեստի աշխատանքները: Հաշվետվությունը քննարկման է ներկայացված Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե: Կոմիտեի փորձագիտական եզրակացության հետ այն մինչև այս տարեվերջ կփոխանցվի Եվրամիության համապատասխան մարմիններին:

Այժմ իրականացվում են ՀԱԷԿ հիմնական համակարգերի, կառուցվածքների և բաղադրիչների ներկայիս վիճակի մոնիթորինգի և մնացորդային պաշարի գնահատման աշխատանքները: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիրը քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Այս տարվա սեպտեմբերից ռուսական կազմակերպությունների կողմից սկսվել են Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Մեզ համար, իհարկե, դա շատ կարևոր է:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ դիմել ՌԴ պատվիրակության ներկայացուցիչներին խնդրանքով, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեսուրսի երկարաձգման աշխատանքներում առավելագույնս ներգրավվեն նաև մասնագիտացված կազմակերպություններ Հայաստանից:

Հայաստանը հաստատում է իր մտադրությունը զարգացնել միջուկային էներգետիկան, և այդ ուղղությունը առանցքային տեղ է զբաղեցնում էներգետիկայի զարգացման ծրագրում: Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում մեզ թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Նշելով, որ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ՀԱԷԿ-ի, «Հայատոմ» ինստիտուտի և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ մեծ աշխատանք է իրականացրել, Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ, այդուհանդերձ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունների հանձնարարականները ՀԱԷԿ ղեկավարության կողմից ժամանակին և որակով կատարելու նպատակով: Մասնավորապես՝ անհրաժեշտ է շտապ կատարել միջին ակտիվության թափոնների համապատասխան ծավալի ապահովման և պահպանության պայմանների բարելավման աշխատանքները, ինչպես նաև իրականացնել հերմոծավալի խտության բարձրացման միջոցառումներ:

Նախագահը խոսել է նաև ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի պատրաստման և վերապատրաստման համար անհրաժեշտ պայմանների լիարժեք ապահովման կարևորության մասին, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: Դրանք ավարտին հասցնելու համար Սերժ Սարգսյանը ՀԱԷԿ-ի ղեկավարությանը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օժանդակությամբ ապահովել անհրաժեշտ միջոցների ներգրավումը:

Հանրապետության Նախագահը ՀԱԷԿ-ի ղեկավարության ուշադրությունն է հրավիրել այն հարցի վրա, որ անհրաժեշտ է ատոմային էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի պահպանվի և զարգանա գոյություն ունեցող ենթակառուցվածքը:

Նախագահի բացման խոսքից հետո, խորհրդի անդամներին անցած նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին մանրամասն տեղեկատվություն են տրամադրել ՀԱԷԿ տնօրենը և ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարը: Նիստի մասնակիցներին ներկայացվել են նաև Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը և Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը:

Լրացուցիչ տեղեկություններ


ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդն ստեղծվել է 1996 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով: Անկախ խորհրդակցական այդ մարմինն ստեղծվել է՝ ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից:

Խորհուրդը ձևավորվում է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից և ոլորտի մաuնագետներից:

Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի նիuտերի միջոցով, որոնք հրավիրվում են տարին մեկ անգամ:

Կանոնադրության համաձայն, Խորհրդի հիմնական խնդիրներն են`
– ատոմային էներգետիկայի անվտանգության և դրա զարգացման առաջնային ուղղությունների ձևավորումը, հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների մշակումը և առաջարկությունների նախապատրաuտումը.
– ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ oգտագործման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության Նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը և փորձաքննությունը:

Խորհրդի անդամներն են՝


• Ադոլֆ Բիրկհոֆեր՝ Խորհրդի նախագահ (Գերմանիա)
• Վահրամ Պետրոսյան՝ Խորհրդի գործադիր քարտուղար (Հայաստան)
• Ռոբերտ Ավագյան (Հայաստան)
• Ալեքսանդր Լոկշին (ՌԴ)
• Վլադիմիր Ասմոլով (ՌԴ)
• Վալերի Բեզզուբցև (ՌԴ)
• Ռոբերտ Բադնից (ԱՄՆ)
• Բերնարդ Գեսդոն (Ֆրանսիա)
• Ջերալդ Օուզունյան (Ֆրանսիա)
• Քրիստոֆեր Վաթսոն (Մեծ Բրիտանիա)
• Միրոսլավ Լիպար (ԱԷՄԳ, Ավստրիա)
• Ժոզեֆ Միշակ (Չեխիա)

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգա. 4-րդ տուրի արդյունքներ

չլ9257Չորս խմբերւմ կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի խաղերը: Ահա թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին.

A խումբ

«Ռեալ Սոսյեդատ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` (0:0)

 

«Շախտյոր» Դոնեցկ-«Բայեր»` (0:0)

B խումբ

«Կոպենհագեն»-«Գալաթասարայ»`  (1:0)

«Յուվենթուս»-«Ռեալ» Մադրիդ`  (2:2)

C խումբ

ՊՍԺ-«Անդերլեխթ»`  (1:1)

«Օլիմպիակոս»-«Բենֆիկա»`  (1:0)

D խումբ

«Մանչեսթեր Սիթի»- ԲԿՄԱ`  (5:2)

«Վիկտորիա»-«Բավարիա»` (0:1)

Նոյեմբերի 6-ը Պատասխանատու տուրիզմի համաշխարհային օր

2002թ.-ին Քեյփթաունում կայացած շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու տուրիզմի վերաբերյալ գիտաժողովի ընթացքում 20 երկրներից ժամանած տուրիզմի բնագավառի ավելի քան 280 ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվեց պատասխանատու տուրիզմի վերաբերյալ դեկլարացիան:

2013թ. նոյեմբերի 6-ին ՄԱԿ-ի համաշխարհային տուրիզմի կազմակերպության աջակցությամբ (UNWTO) տուրիստական կազմակերպությունների, տեղական համայնքների կողմից արդեն 7-րդ տարին է նշվում է Պատասխանատու տուրիզմի համաշխարհային օրը (WTM World Responsible Tourism Day): Աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն իրազեկել հասարակությանը պատասխանատու տուրիզմի նպատակների և ձեռքբերումների մասին:

World Resposnible Tourism DayՊատասխանատու տուրիզմի համաշխարհային օրը նպատակ ունի.

  • Աջակցել զբոսաշրջության ընթացքում շրջակա միջավայրի հանդեպ ավելի պատասխանատու վարքի դրսևորմանը՝ կրթության միջոցով,
  • բացահայտել զբոսաշրջային վայրերի և երկրների կայունության ապահովման խնդիրները,
  • նպաստել տուրիստական շուկայի կրթական մակարդակի բարձրացմանը բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության համատեքստում,
  • օգտագործել Համաշխարհային զբոսաշրջության շուկան (World Travel Market) որպես գործիք՝ պատասխանատու տուրիզմի գաղափարների առաջխաղացման համար:

«Էկոտուր» զբոսաշրջային գործակալությունը հանդիսանում է Պատասխանատու տուրիզմի համաշխարհային օրվա (WTM World Responsible Tourism Day) պաշտոնական աջակիցը և օրվա շրջանակներում իրականացնում է մի շարք միջոցառումներ:

 

«Էկոտուր» զբոսաշրջային գործակալություն