Նոյեմբերի 15-ին, ժամը 07.54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Լ. Թ.-ին պատկանող բնակարանի դուռը:
Daily Archives: November 15, 2013
Հայաստանի շախմատիստների և շախմատիստուհիների հավաքականները հաղթեցին մրցակիցներին
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2,5:1,5 և 3,5:0,5 հաշիվներով հաղթեցին Հունգարիայի և Իսպանիայի ներկայացուցիչներին:
Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, խաղաղ դաշն կնքեց Կսաբա Բալողի հետ: Սերգեյ Մովսեսյանը սև ֆիգուրներով հաղթեց Զոլթան Ալմաշիին: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով որ-ոքի հավարտեց Հուդիթ Պոլգարի հետ հանդիպումը: Գաբրիել Սարգսյանը նույնպես կես միավոր վաստակեց: Նրա մրցակիցն էր Տոմաշ Բանուզը:
6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և Ռուսաստանի ընտրանիի հետ ռուսների հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Առաջատարը` Ֆրանսիայի հավաքականն է` 11 միավոր: Մեկ միավոր պակաս ունիԱդրբեջանի թիմը:՝
Հայաստամնի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով առավելության հասավ Օլգա Ալեքսանդրովայի նկատմամբ, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Սաբրինա Գուտյերեսին, Մարիա Կուսովան սպիտակներով ստիպեց անձնատուր լինել Իրենե Նիկոլաս Զապատային, իսկ Լիլիթ Գալոյանը սևերով ոչ- ոքի խաղաց Աննա Մատաձեի հետ:
Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և Վրաստանի, Լեհաստանի երկրորդ թիմերի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Առաջատարը` Ուկրաինայի հավաքականն է`11 միավոր:
Ֆրանսիա -Հայաստան՝ 6:0
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը: 27-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Անտոնի Մարտիալը: 31-րդ րոպեին Լոիկ Լանդրեն կրկնապատկեց հաշիվը: 41-րդ րոպեին Ֆլորիան Թովինը հաշիվը դարձրեց 3:0, 55-րդ րոպեին՝ 4:0, իսկ 71-րդ րոպեին, հստակորեն իրացնելով 11 մետրանոցը, հաշիվը դարձրեց 5:0՝ դառնալով հեթտրիկի հեղինակ: 87-րդ րոպեին Սեբաստյան Հալերը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 6:0 հօգուտ Ֆրանսիայի հավաքականի:
Ֆլորիդայում գետնի տակ է անցել տան կեսն ու լողավազանը
ԱՄՆ-ում, Ֆլորիդա նահանգի Դանդին քաղաքում բառի բուն իմաստով, հողը ոտքի տակից գնացել է: Քաղաքի թաղամասերից մեկում գետնի մեջ բացված հսկայական փոսի մեջ է հայտնվել տան մի մասը, լողավազանն ու մոտորանավակը:
15 մ խորություն և 30 մ տրամագծով բացվածքը գնալով մեծանում է ու առաջիկա ժամերին դրա մեջ կհայտնվի ևս 2 տուն: Մոտակա տներից բնակիչները տարհանվել են: Հիմա որոշվում է նրանց ժամանակավոր բնակության հարցը:
Մասնագետները փորձում են կատարվածի բացատրությունը գտնել: Նրանց կարծիքով, գրունտը, որն այս նահանգի շատ շրջաններում ածխածնային ապարներից է կազմված, աստիճանաբար լվացվում է ստորգետնյա ջրերով ու լուծվում, ինչը և հանգեցնում է փլուզումների: Վերջին նման դեպքն այս կողմերում եղել էր տարվա մարտին, Բրենդոն քաղաքում.այնտեղ տունը գետնի տակն անցավ քնած տանտիրոջ հետ: Նրա մարմինն անգամ փրկարարներին չհաջողվեց հայտնաբերել:
444 կիլոգրամանոց մարդը կարողացել է նիհարել 300 կիլոգրամով
Անգլիայում բնակվող 444 կիլոգրամ քաշ ունեցող 51-ամյա Փոլ Մեսոնին երկու տարվա ընթացքում դիետաների և վիրահատության միջոցով հաջողվել է ազատվել ուղիղ 300 կիլոգրամ քաշից: Փոլը պատրաստվում է ևս մեկ վիրահատության ենթարկվել և ազատվելով ավելորդ մաշկից շարունակել ապրել առողջ կյանքով: Մի ժամանակ աշխարհի ամենագեր մարդը ամեն օր մոտ 20 հազար կալորիա էր սպառում, սակայն երկու վիրահատությունից հետո վիճակը կտրուկ փոխվել է: Այժմ չափազանց գեր մարդը սպասում է, մինչև իր քաշը կդառնա անփոփոխ, որպեսզի ևս մեկ բժշկական միջամտության դիմի:
«Հաբերլերը» գրում է, որ նման փորձությունների ենթարկված Փոլը որոշել է իր վերապրածը վերածել գրքի՝ խորհուրդներ տալով սննդակարգի խանգարում ունեցող մարդկանց: Նիհարելուց հետո Փոլի կյանքը դրականորեն փոխվել է, այժմ նա նույնիսկ ընկերուհի ունի: Աղջիկը սիրահարվել է Փոլին՝ դիտելով նրա մասին պատմող տեսաֆիլմը: Նոր կյանք սկսած Փոլը նպատակ ունի ավելի նիհարելու՝ հասնելով 100 կիլոգրամից քիչ քաշի:
Եթե բռնաբարությունը անխուսափելի է, ապա դրանից պետք է հաճույք ստանալ. հնդիկ պաշտոնյա
Հնդկաստանում ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի հիման վրա ստեղծված Կոնտրոնական հետազոտությունների բյուրոյի նախագահ Ռանժիթ Սինհան, խեսելով վերջին շրջանում Հնդկաստանում հաճախակի դարձած դաժան բռնաբարությունների հարցի շուրջ, նշել է, որ եթե բռնաբարությունը անխուսափելի է, ապա դրանից պետք է հաճույք ստանալ: Այնպիսի երկրում, որտեղ բռնությունը ամենմեծ խնդիրներից մեկն է համարվում, անվտանգության ապահովման գերատեսչության նման հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական մեդիայում և քաղաքական աշխարհում: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Հնդկաստանի Սոցիալիստական կուսակցության առաջնորդը պահանջել է պատիժ սահմանել Սինհանի համար՝ նրան մեղադրելով կանանց վիրավորելու և ստորացնելու մեջ:
Ի վերջո Ռանժիթ Սինհան սպիպված է եղել ներողություն խնդրել իր արտահայտության համար՝ ընդունելով, որ չափազանցրել է:
Սիլիկոնային սկանդալ. ֆրանսիական դատարանը պարզել է մեղավորներին
Կրծքի սիլիկոնային իմպլանտ արտադրող ընկերությունը տուժածներին 50 մլն եվրո պետք է վճարի: Արդյունաբերական սիլիկոնի կիրառումից տուժել է 1000 կին: Նրանցից 2-ը մահացել են: Իմպլանտներ են ներկրվել նաև Ռուսաստան, այնպես որ չի բացառվում, որ տուժածների մեջ նաև ռուսներ կլինեն:
Առողջության համար վտանգավար կրծքի իմպլանտների աղմկահարույց գործում արդեն պարզվել են առաջին մեղավորները: Գերմանական խոշորագույն TÜV Rheinland կոնցեռնը, որը զբաղվում է գրեթե բոլոր ապրանքներին, այդ թվում և բժշկական սարքավորումների, որակի եվրոպական հավաստագիր տալով, պետք է տուժածներին փոխհատուցում վճարի:
“Նրանք այդ իմպլանտներին 15 տարվա հավաստագիր են տվել նույնիսկ չդիպչելով պրոթեզներին, չհետազոտելով ու փորձանմուշ չվերցնելով, -վրդովված է փաստաբան Լորան Գորդոնը:-Ստուգումը հանձնարարվել է մի ընկերության, որն իրավասու չէ դա անել”:
Իմպլանտներն արտադրել է շուկայում մեծությամբ 3-րդ տեղը զբաղեցնող PIP ընկերությունը, որի տերը նույնպես հիմա հետաքննության մեջ է: Պարզվել է, որ ապրանքի 75%-ը արդյունաբերական սիլիկոնով է լցվել, որը նախատեսված չէ վիրաբուժության մեջ կիրառելու համար: Ընդ որում, գործարանի որակի բաժնի պետը խոհարար է, իսկ լաբորատորիայի պետը` հրուշակագործ:
Նման ամեն մի իմպլանտի վրա ընկերությունը տնտեսել է ընդամենը 10 եվրո: Հետևանքը` այլանդակված կանայք, սպիներ, վիրահատություններ ու երկու մահ. երկուսն էլ մահացել են քաղցկեղի տարբեր տեսակներից: Միայն Ֆրանսիայում PIP մակնիշի արհեստական կուրծք ունեցողները 30 հազար են, արտադրանքի 90%-ը արտահանվել է աշխարհի 66 երկիր:
Հիմա, թուլոնյան դատարանի որոշմամբ, յուրաքանչյուր տուժած դիստրիբյուտոր կամ հիվանդ, գերմանացիներից կստանա 3 հազարական դոլար:
“Իմ ձախ ձեռքը կորցրել է աշխատունակությունը: Տարբեր նյարդաբանական ախտանշաններ են ի հատ գալիս մինչ օրս: Եվ չնայած փոխհատուցման նախնական գումարն այնքան էլ շատ չէ, ես հույս ունեմ, որ դրա մասին որոշումն այսօր կընդունվի: Դա շատ կարևոր է բոլոր տուժած կանանց համար, որոնք կարող են անհրաժեշտ բուժում ստանալ”,-ասել է տուժածներից մեկը:
Գերմանական TÜV Rheinland-ը իր մեղքը չի ընդունում ու կբողոքարկի դատավճիռը: Պատասխանատվությունից հրաժարվում է նաև արդեն սնանկացած ընկերության հիմնադիր Ժան Կլոդ Մասսը: Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 10-ին:
Նոր փոփոխություններ դատախազությունում. Գագիկ Հարությունյանի որդին՝ վարչության պետ
Հայաստանի գլխավոր դատախազությունում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամաններով` ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել Արտակ Գագիկի Հարությունյանը (Սահմանադրական դատարանի նախագահի որդին-խմբ.),հաղորդում է news.am-ը:
Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Վարդան Ավետիսյանը նշանակվել է վարչության պետի տեղակալ`ազատվելով վարչության պետի պաշտոնից:
Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պարտականությունները դրվել են զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Հրաչյա Այվազյանի վրա:
Սարդարապատ գյուղում քրեական հեղինակությանը սպանել են կնոջ աչքի առջեւ
41-ամյա Արմեն Եփրեմյանը (մականունը՝ «Թեփ Արմեն») սպանվելուց առաջ պատրաստվել էր գնալ հայրական տուն եւ իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են նրա ազգականները:
Իսկ սպանվելուց առաջ կնոջ հայրական տանից դուրս գալիս նրա հետ նաեւ իր կինն է եղել: Ավելին` կնոջը մինչեւ հիմա չեն ասել, որ Արմենը մահացել է, այլ փորձում են հանգստացնել, թե վիրահատության միջոցով փորձում են փրկել կյանքը: Ազգականները պատմեցին, որ Արմենը կնոջ հետ 12 տարի է՝ ինչ Հայաստանում չեն եղել: Բայց Արմենը ընդհանուր առմամբ 20 տարի է, ինչ Ռուսաստանում է գործունեություն ծավալում:
«Անսպասելիորեն աները վատացել էր: Լեղապարկը հեռացրեցին, չկարողացան կյանքը փրկել, իրենք էլ եկան հասան այդ արարողությանը, ու այսպիսի փորձանք տեղի ունեցավ»,- նշեցին ազգականները: Տեղեկացանք նաեւ, որ Արմենը 12 տարի առաջ կնոջն առեւանգել եւ մեկնել է Մոսկվա: Այդ տարիների ընթացքում առաջին անգամ էր վերադառնում Հայաստան:
Նա ունի երկու որդի՝ 12 եւ 4 տարեկան: Սպանվածի եղբայրը, ծնողները Մոսկվայում են: Նրանք արդեն տեղյակ են կատարվածի մասին: Արմենը ՌԴ-ում դատապարտված է եղել եւ բացատրություն էլ է տվել ոստիկանական բաժանմունքում, ինչի համար նրան «Ստուկաչ»-ով են սկսել դիմել:
Հանցաշխարհում նա հաճախ մարդ առեւանգելու պատվերներ է ստացել: Հարկ է նկատել, որ նրան դեռ մանկուց են «Թեփ Արմեն» ասել: Ազգականներից մեկը պատմեց, որ երեկ, երբ Արմենին հանդիպել է ու «Թեփ»-ով դիմել, Արմենին դա դուր չի եկել: «Ես իրան ասացի Թեփ: Ասաց ինձ Թեփ մի ասա, ես չգիտեմ, թե ինչի են ինձ Թեփ ասում»,- անկեղծացավ ազգականը:
Իսկ ոստիկանությունից տեղեկացանք, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 235 հոդվածի հատկանիշներով`ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Սույն հոդվածն էլ պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հայտնի է դարձել այսօր՝ նոյեմբերի 14-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում քրեական հեղինակություն համարվող 41-ամյա Արմեն Եփրեմյանի («Թեփ Արմեն») սպանության մեջ կասկածվողը:
NEWS.am-ի տեղեկություններով, Արմեն Եփրեմյանի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել նրա հորեղբոր տղան՝ 21-ամյա Նժդեհ Եփրեմյանը: Կատարվածը վենդետա է, որը հին պատմություն ունի: Դեռ շատ տարիներ առաջ Գոռ անունով «օրենքով գողի» սպանության (նա մինչ օրս անհայտ կորած է, դիակը չի հայտնաբերվել) մեջ կասկածել են «Թեփ Արմենին»: Վերջինս այդ դեպքից հետո Հայաստանից հեռացել է: Երբ նա վերադարձել է Հայաստան, տնից դուրս գալիս հետո կրակել են ու սպանել: Փաստորեն Ն. Եփրեմյանը վրեժխնդիր է եղել «Թեփ Արմենից» Գոռի սպանության համար:
Ավելի վաղ էլԱնկախը հայտնել էր, որ Սարդարապատ գյուղում այսօր սպանվել է 41-ամյա Արմեն Եփրեմյանը: Նա երկու օր առաջ եկել էր Մոսկվայից՝ ազգականի հուղարկավորությանը մասնակցելու համար: Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
Արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանը կանգնած է լուրջ հանգուցակետում
Դեռ անկախության առաջին տարիներից պարզ էր մի շատ կարևոր ու հասարակ ճշմարտություն. Հայաստանը գտնվում է աշխարհի ուժային կենտրոնների համար անչափ կարևոր ու հետաքրքրական տարածաշրջանում, և իր արտաքին քաղաքականությունը պետք է վարի` հավասարակշռելով այդ կենտրոնների շահերը:
Հավասարակշռված արտաքին քաղաքականությանն այլընտրանք չկար, մինչև…
Այս սկզբունքին հավատարիմ էին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, համենայն դեպս նրա թիմի անդամներից Լևոն Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը և այլք բազմիցս բարձրաձայնել են այս մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանի թիմն ընդհանրապես հրապարակորեն հայտարարեց կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին:
Այդ սկզբունքը խախտվեց Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո, երբ հայտարարվեց «ակտիվ նախաձեռնողական» արտաքին քաղաքականության մասին: Դրանից հետո ՀՀ երրորդ նախագահի թիմը սկսեց Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, որի արդյունքում պետք է ստորագրվեին Եվրամիության հետ ասոցացման և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը: Դա, բնականաբար, հանգեցրեց նրան, որ ռուսական կողմը նախ գազի թանկացմամբ, ապա զենքերի վաճառքով, էլի ինչ-որ միջոցներով նեղ վիճակի մեջ դրեց ՀՀ իշխանություններին, և սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին: Սա արդն ոչ թե արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության մի փոքր, այլ առանցքային խախտում էր:
Իսկ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո 100-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ Եվրամիության հետ ասոցացման ծրագրերը հօդս ցնդեցին: Համենայն դեպս, մամուլում արդեն լուրեր շրջանառվեցին, թե Եվրամիության մի շարք պաշտոնյաների այցը Հայաստան չեղյալ է հայտարարվել, օրերս էլ նշվեց, որ եվրոպական կողմի պահանջով չեղյալ է համարվել Հայաստանի կառավարական պատվիրակության ծրագրած այցը Բրյուսել: Այդ պատվիրակությունը, որը պետք է ղեկավարեր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պետք է Բրյուսել մեկներ անցյալ շաբաթ` օրակարգում ունենալով Եվրամիության հետ հետագա համագործակցության հարցի քննարկումը: Սակայն Սերժ Սարգսյանի` դեպի Մաքսային միություն ճանապարհը եվրոպացիներին ստիպել է հայկական պատվիրակության համար նախապես նշանակված հանդիպումները չեղյալ հայտարարել:
Սա, իհարկե, չի նշանակում, թե Արևմուտքը` ի դեմս Եվրամիության ու ԱՄՆ-ի, երկաթե վարագույրների քաղաքականություն կսկսի Հայաստանի նկատմամբ: Ամենևին, հակառակը` այժմ «բլիթի ու մտրակի» մեխանիզմները կսկսենք զգալ իրենց ողջ «հմայքով»:
Արդեն այս օրերին էլ զգացվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզում ինչ-որ շիլա է եփվում:
Նախ` Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն հայտնելուց անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Եվրոպական մի շարք պաշտոնյաներ սկսեցին «միամիտ» խոսակցություններ տարածել, թե 2014 թ. ընթացքում ԼՂ կարգավորման գործընթացում ինչ-որ տեղաշարժեր են լինելու, որ սա վճռական ու կարևոր փուլ է և այլն: Թե խոսքն ինչի մասին է, դեռ մնում է հանելուկ: Սակայն պարզ է մի այլ բան: Վերջերս Ադրբեջան այցելեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, իսկ հետո արդեն Երևանում հայտարարեց, որ սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:
Նա նաև նշել է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին համաձայնագրի ձեռքբերման պատուհան է բացվել:
Այսպիսով, ամերիկացի պաշտոնյան խոսում է համաձայնագրի մասին: Ինչպես գիտենք, բանակցությունները մինչ օրս որևէ շոշափելի առաջընթաց չեն ունեցել, քանի որ խնդրի համար չի գտնվել բոլոր կողմերին գոհացնող լուծում: Ու եթե ամերիկացի համանախագահը նշում է համաձայնագրի ստորագրման մասին, նշանակում է, որ կողմերին արվելու են այնպիսի «առաջարկություններ», որոնք ընդունելի են լինելու:
Օրեր առաջ էլ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը itar-tass.com-ի հետ հարցազրույցում նշել է, թե ԵԱՀԿ-ի` ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում կան դրական փոփոխություններ: Ճիշտ է` նա նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդեն իսկ դրական քայլ է, բայց նաև շեշտել է, որ ԵԱՀԿ-ի խնդիրն այս հարցին քաղաքական լուծում տալն է, ոչ թե այլ տարբերակների քննարկումը:
Ադրբեջանի քաղաքական վերլուծությունների ու տեղեկատվության վարչության պետ Էլնուր Ասլանովն էլ ասել է, որ եթե Հայաստանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի, ապա կարելի է ինչ-որ բան ակնկալել նախագահների հանդիպումից:
Արջի հետ ընկերություն անողը արջի պես էլ կփորձի լուծել հարցերը
Այս համատեքստում հետաքրքրական էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզիցկու հայտարարությունը, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ` ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:
Սա, ինչպես նկատում է ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը, չի կարող պատահական հայտարարություն լինել:
Դրանից հետո թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրեց, թե հոկտեմբերի կեսերին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խնդրել է շվեյցարական կողմի օժանդակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Նա պատրաստակամություն է հայտնել բացել հայ-թուրքական սահմանները, վավերացնել 2009 թ. ստորագրված արձանագրությունները, եթե Շվեյցարիան կարողանա համոզել հայկական կողմին հանձնել Ադրբեջանին ԼՂ-ն շրջապատող 5 շրջանները, և իբր Ադրբեջանն էլ հայտարարել է, որ դեմ չի արտահայտվի Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացմանը, եթե Երևանն ազատի 7 շրջաններից առնվազն 5-ը:
Այն փաստը, որ խաղի մեջ է ներքաշվել Թուրքիան, վկայում է այն մասին, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումն աշխարհաքաղաքական կենտրոններն ընկալել են որպես տարածաշրջանում հաստատված հավասարակշռությունը Ռուսաստանի օգտին շեղելու դրսևորում: Եվ Ամերիկայի նախաձեռնությամբ ԼՂ բանակցային գործընթացին «նոր շունչ» տալը ուղղված է հենց այդ հավասարակշռության խախտման դեմ: Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի և Արևմուտքի մտադրությունները չեն բխում հայկական կողմի շահերից: Առավել ևս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակին հայտարարել է, թե աննպատակ բանակցությունների այլևս չի մասնակցելու և շուրջ 2.5 տարի դադարից հետո ահա Սերժ Սարգսյանի հետ նոր հանդիպման առաջարկն ընդունել է:
Այս համատեքստում դիտարկենք ևս երկու կարևոր երևույթ: Հենց այս օրերին, երբ ԼՂՀ բանակցային գործընթացում որոշակի աշխուժացում է նկատվում, ՀՀ ԱԺ-ում նիստերի օրակարգ է բերվել ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը: Ընդ որում դա արվում է այն ժամանակ, երբ Հայաստանում պնդում են, որ շուտով Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է պաշտոնական այցով մեկնում ԼՂՀ:
Ճիշտ է` ԱԺ-ում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Ստեփանակերտում կայանալիք Սերժ Սարգսյան- Բակո Սահակյան հանդիպման առիթին, նշեց, որ հատուկ առիթ չկա. «Սերժ Սարգսյանը հաճախակի է գնում Ստեփանակերտ և հաճախակի է հանդիպում Բակո Սահակյանի հետ, այնպես որ պետք չէ այստեղ փնտրել հատուկ առիթ»: Բայց այս այցը պաշտոնական էր, իսկ որ Սերժ Սարգսյանը հաճախակի է պաշտոնական այցով մեկնում ԼՂՀ, իհարկե, ճիշտ չէ:
Ու այդ` «ոչ հատուկ առիթի» ժամանակ էլ Սերժ Սարգսյանը պետք է այցելի զորամասեր, շփման գիծ և ստուգի պաշտպանության բանակի մարտունակությունը:
ԼՂՀ ՊԲ զինվորներն էլ «պատահաբար» այդ ժամանակ կոտրում են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների պատկերներով քարեր, և այդ տեսանյութն էլ ուղղակի «պատահաբար» հայտնվում է համացանցում: Այդպես ժամանակին անում էր ԽՍՀՄ-ը, հետո` Ռուսաստանը դիվանագիտական ասպարեզում նեղ վիճակում հայտնվելիս: Այսինքն` դժվարին պահերին ցույց էին տալիս երկաթե ատամները` բանակը:
Այսքան շատ պատահական համընկնումներ` բոլորն էլ նույն հարթությունում, համաձայնվենք, չեն լինում:
Հունգարիայի մայրաքաղաքում անտուն մարդկանց մուտքը հանրային վայրեր արգելվել է
Բուդապեշտի քաղաքային խորհուրդը արգելել է անտուն մարդկանց մուտքը քաղաքի բազմաթիվ հանրային վայրեր՝ ներառյալ խաղահրապարակները, երկաթուղու կայարանները, գերեզմանատները, ինչպես նաև Հունգարիայի մայրաքաղաքի ամենամեծ զբոսայգին:
Այս որոշումը կյանքի է կոչվել մարտին ընդունված սահմանադրական փոփոխությունների միջոցով, որը թույլատրում է քաղաքապետարաններին անվտանգության, առողջության և այլ նկատառումներից ելնելով արգելել անտուն մարդկանց մուտքը հանրային վայրեր: Նախկինում նման մի օրենք Հունգարիայի գերագույն դատարանը հակասահմանադրական էր ճանաչվել:
Հինգշաբթի ընդունված հրամանագիրը թույլատրում է չսահմանված վայրերում բնակվող անտուն մարդկանց տուգանել: Այս որոշմանը իրենց աջակցությունն էին հայտնել երկիրը ղեկավարող Ֆիդես կուսակցության, նրա Քրիստոնյա դեմոկրատ դաշնակից և ծայրահեղ աջակողմյան Յոբիկ կուսակցության խորհրդի անդամները: Երկու ձախակողմյան կուսակցությունները դեմ էին քվեարկել:
«Քաղաքը բոլորի համար» անտուն մարդկանց իրավունքների պաշտպան խմբավորումը ցույց էր կազմակերպել և մի քանի ժամով հետաձգել քաղաքային խորհրդի նիստը:
Նկարիչը ասեղի միջոցով զարմանահրաշ պատկերներ է նկարում բանանի կեղևի վրա (լուսանկարներ)
40-ամյա ճապոնացի նկարիչ, Տոկիոյի բնակիչ Դայսուկե Սկագամին, որը հայտնի է Էնդ Քեյփ անունով, զարմանահրաշ նկարներ է նկարում բանանի վրա՝ արհեստավարժ կերպով դրանց կեղևի վրա քորոցով փոսիկներ անելով:
Նման ստեղծագործությունները նախկինում հայտնի էին բանանային դաջվածքներ անվանմբ, սակայն հատկապես այս ստեղծագործությունների տեխնիկան առավելապես մոտ է պոինտիլիզմին, որի ընթացքում նկարները ստեղծվում են անխառն գույնի փոքրիկ կետիկների միջոցով:
Քեյփը իր յուրաքանչյուր աշխատանքի վրա շուրջ հինգ ժամ է ծախսում՝ երբեմն նաև ավելի երկար: Նրա ստեղծագործություններում ընդգրկված են Մոնա Լիզայի, Ռաշմոր սարի ազգային հուշակոթողի և այլ հայտնի պատկերներ:
Նա բանանի վրա նկարել է նաև գլուխկոտրուկի օրինակ, հայտնի ճապոնացի դերասան նկարը և այլն:
Յուրաքանչյուր բանան պահպանվում է միայն երկու օր, որից հետո նկարիչը ուտում է իր ստեղծագործությունները, սակայն այժմ Էնդ Քեյփը ուղիներ է որոնում իր աշխատանքները պահպանելու համար:
Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են ճապոնական հեռուստաալիքներով և Տոկիոյի արվեստի ցուցասրահներում: