Սաուդյան Արաբիայում դպրոցները փակվել են հեղեղումների պատճառով

saudi-floodsՍաուդյան Արաբիայի իշխանությունները հինգ օր տևող հորդառատ անձրևների պատճառով փակել են մայրաքաղաք Էր Ռիադի և այլ շրջանների դպրոցներըը:

Թագավորությունում գրեթե յուրաքանչյուր տարի փոթորիկներ են տեղի ունենում, սակայն սա ամենաուժեղն է 2009թ-ի փոթորկից հետո, որի ժամանակ 100 մարդ էր զոհվել: Այս տարվա հեղեղումների հետևանքով  առնվազն չորս մարդ է զոհվել:

Saudi Press գործակալությունից հայտնում են, որ չորեքշաբթի Էր Ռիադի և չորս այլ մարզերի դպրոցները կրկին փակ են եղել: Դպրոցները փակ են շաբաթ օրվանից ի վեր, ինչ անձրևները սկսվել են:

 

Հայ-հունական պաշտպանական համագործակցությունն ընդլայնվում է

պնՍ.թ. նոյեմբերի 20-ին ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն:

Այցի ընթացքում կայացել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող հայ-հունական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության հետագա զարգացումը ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության, հատուկ նշանակության զորքերի պատրաստության և խաղաղապահության ոլորտներում: Բանակցությունների ընթացքում հունական կողմը պատրաստակամություն է հայտնել լիակատար աջակցություն տրամադրել ՀՀ զինված ուժերի խաղաղապահ կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցության իրավական հիմքը կազմող պայմանագրերի վերանայման և պաշտպանության բնագավառում համագործակցության համադրման համատեղ բարձր մակարդակի հանձնախումբ ստեղծելու վերաբերյալ, որը կուսումնասիրի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում համագործակցություն իրականացնելու հնարավորությունները:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով և ծաղկեպսակ տեղադրելով հուշարձանին:

Մերձավոր Արևելքում մեծանում է Վլադիմիր Պուտինի ազդեցությունը. «Die Welt» պարբերական

putinԳերմանական «Die Welt» պարբերականը մի հետաքրքիր վերլուծություն է հրապարակել՝ անդրադառնալով Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը Մերձավոր Արևելքում: Թերթը նշում է, որ Վլադիմի Պուտինի հեղինակությունը այդ տարածաշրջանում գնալով մեծանում է: Պարբերականի տեսաբաններից Լորդ Վայդենֆելդը նշում է, որ Վլադիմիր Պուտինը օգուտ է քաղում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից:

«Սիրիայի ճգնաժամը և Իրանի հետ նախնական բանակցությունները սերտորեն կապված են իրար հետ: Մինչև այսօր ամենապարտաճանաչ աշակերտը անշուշտ Վլադիմիր Պուտինն էր՝ շնորհիվ Բարաք Օբամայի ոչ նպատակաուղղված, բայց ազդեցիկ աջակցության: Բաշար Ասադին ԱՄՆ-ի՝ սիրիական կոնֆլիկտին միջամտելու քաղաքականությունից պաշտպանելու որոշումը, եթե իհարկե Դամասկոսը համաձայնի բացել քիմիական զենքի պահեստները, նախագահ Ասադին թույլ կտա շարունակել դաժան պատերազմը սեփական ժողովրդի նկատմամբ: Այս ամենը Պուտինի համար վճռական հաջողություն էր: Պուտինի հեղինակությունը Մերձավոր Արևելքում գնալով մեծանում է: Այս հանգամանքը անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ի դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի միապետությունների շրջանում: Ռուսները արդեն մեծ դեր են խաղում նույնիսկ Եգիպտոսում՝ սիրաշահելով այնտեղ իշխող զիվորական համակարգին, որը վերջերս անսպասելիորեն երես թեքեց ԱՄն-ից: Իհարկե, դրանով ԱՄՆ-ը կորցրեց իր ազդեցությունը արաբական աշխարհի ամենակաևոր պետություննեից մեկում: Պուտինի դիվանագիտական հաջողությունները բարձրացրեցին նրա վարկանիշը իբրև մի երկրի նախագահի, որտեղ 2014 թվականին կանցկացվեն ձմեռային օլիմպիական խաղերը»,-գրում է Լորդ Վայդենֆելդը:

Ադրբեջանում ԵՄ նորանշանակ դեսպանը կժամանի Բաքու

4 (1)Դեկտեմբերի սկզբին Ադրբեջանում ԵՄ նորանշանակ դեսպան Մալենա Մարդը ժամանելու է Բաքու: Այս մասին հայտնել է ժամանակավոր հավատարմատար Թորալֆ  Պիլցը, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Նոր դեսպանը իր պարտականությունները կստանձնի Ադրբեջանի նախագահին հավատարմագրեր հանձնելուց հետո: Նշենք, որ Մալենա Մարդը այս պաշտոնում նշանակվել է այս տարվա մայիսի 2-ին:

Իտալիայի Սարդինա կղզու փոթորիկից տուժած հայեր չկան

փոթորիկ սարդինիայումԻտալիայի Հանրապետության Սարդինա ինքնավար մարզում «Կլեոպատրա» փոթորկից առաջացած ջրհեղեղի հետևանքով 16 մարդ զոհվել է, կան նաև անհետ կորածներ, տարհանվել են հարյուրավոր բնակիչներ:

Իրադրությունը ծանր է գնահատվում. հայտարարվել է վտանգավորության բարձրագույն աստիճան: Առավել տուժել է Օլբիա նավահանգիստ-քաղաքը, որի փողոցները վերածվել են գետերի:

Հեղեղումների պատճառը երկարատև և հորդառատ անձրևներն են, որոնց պատճառով ջրածածկ են Իտալիայի այլ շրջաններ:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հետ և ճշտվել, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

Նոր նշանակում ՀՀ գլխավոր դատախազությունում

Քրիստինե-ՄելքոնյանՀՀ գլխավոր դատախազի հրամանով`

Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով:

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի արտադրած գինին ճանաչվել է 2012թ-ի աշխարհի լավագույն Rosé գինի

Angelina Jolie - Brad PittՕսկարակիր Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ զույգը այժմ դարձել է մրցանակակիր գինի արտադրող:

Chateau Miraval Rosé 2012-ը, որը զույգը արտադրել էր Պրովանսում գտնվող իրենց խաղողի այգիների խաղողից, Wine Spectator-ի տարվա թոփ 100 գինիների շարքում ճանաչվել է 2012թ-ի աշխարհի լավագույն Rosé գինի:

Ամսագրի գլխավոր խմբագիր Կիմ Մարկուսը հայտնում է, որ rosé-ի նուրբ և էլեգանտ համը իր մեջ ներառում է չորացված կարմիր հատապտուղների, մանդարանի և սեխի համախառնված բույրեր:

38-ամյա դերասանուհին և 49-ամյա Փիթը գինին արտադրել էին Պերեն գինեգործ ընտանիքի օգնությամբ:

Գինու յուրաքնչյուր շիշը վաճառվել է 23-28 դոլարով, իսկ ընդհանուր հաշվով արտադրված 6000 շիշ գինին մարտին հանրությանը ներկայացվելուց հետո վաճառվել էր հինգ ժամվա ընթացքում:

Wine Spectator-ի Նյու Յորքի գրասենյակում կազմակերպված կույր համտեսման ընթացքում մասնագետները 100 հնարավոր միավորից գինին գնահատել են 90 միավոր:

Գինու պրոֆեսիոնալ մասնագետները համաձայն են, որ այս գինին ավելին է, քան զուտ հայտնի անուն կրող պիտակով խմիչքը:

Պաշտոնական այցով Երևան է ժամանել Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը

Պաշտոնական այցով Երևան,Էլ-Քուվեյթ,Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը   Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ միասին այցելել և ծաղիկներ է դրել Իսակովի պողոտայի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանին:

Հյուրին ներկայացնելով հուշակոթողը՝ քաղաքապետը նշել է, որ այն հայ ժողովրդի և աշխարհասփյուռ հայ համայնքների երախտագիտության յուրօրինակ խորհրդանիշ է Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբ ժողովրդին՝ Հայոց Մեծ եղեռնից փրկվածներին օգնություն ցուցաբերելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները

դատախազություն   ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
   Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն և նշանակվել գլխավոր դատախազության <<Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող>> վարչությունում` որպես ավագ դատախազ:

Հայապահպանությունը Ռումինիայում. «Միայն մեդալներ տալը չէ, գործ պիտի արվի, իսկ գործին սկիզբ կա և վերջ չկա»

գիտաժողովՀայ և ռումինացի գիտնականները քննարկել են ռումինահայերի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները:

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը Բուխարեստում տեղի ունեցավ «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր երկու երկրների մշակույթի նախարարությունների հովանավորությամբ: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին ռումիներենը , հայերենը և անգլերենը:

Հայաստանից գիտաժողովին մասնակցել է 9 անձից բաղկացած պատվիրակություն`  ԵՊՀ  Հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լևոն Չուքասզյանի գլխավորությամբ: Գիտաժողովի ընթացքում հայ և օտարերկրացի մասնագետները 30 զեկույց են ներկայացրել` նվիրված ռումինահայերի պատմությանը, հոգևոր և մշակութային ժառանգությանը:

հակոբ սիրունիԳիտաժողովում Հայաստանը ներկայացնող պատվիրակներից էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հասմիկ Ստեփանյանը: Նրա «Հակոբ Սիրունին և նրա «Պոլիս և իր դերը» մենագրությունը»  զեկույցը ներկայացնում է ռումինահայ ականավոր գործիչ, պատմաբան, հայագետ, արևելագետ և գրականագետ  Հակոբ Սիրունու բացառիկ քառահատոր աշխատությունը, որին անգամ նրա  ռումինագիր կենսագիրներից   մեկը, որ մասնակցում էր գիտաժողովին, ծանոթ չի եղել:

Հակոբ Ջոլոյան Սիրունին ծնվել է Կոստանդնուպոլսում 1890 թ.: 1911-ին նա Պոլսում հրատարակում է «Մարմնամարզ» հանդեսը, որը  նպատակ ուներ հայ երիտասարդներին հայրենասիրական ոգով դաստիարակել և առողջ ապրելակերպ քարոզել: Եղեռնից փրկված Սիրունին 1922-ին Բուխարեստ է մեկնում` ինչ-որ գործով ռումինացի ականավոր պատմաբան Նիկոլայե Յորգային հանդիպելու համար: Այստեղ է, որ Յորգան, հիացած հայ երիտասարդի գիտելիքներով, նրան առաջարկում է մնալ Ռումինիայում: Հետագայում, սակայն, Սիրունին Սիբիր է աքսորվում ազգային գաղափարների համար, ապա պատիժը կրելուց հետո նորից Ռումինիա վերադառնում: Սիրունին մահացել է 1973-ին: 2012-ին Ռումինիայի  գիտությունների ակադեմիան Սիրունուն հետմահու շնորհեց ակադեմիայի անդամի կոչում:

«Պոլիս և իր դերը» մենագրությունը Սիրունին գրել է կաթողիկոսի խնդրանքով: Այստեղ ներկայացնում է Կոստանդնուպոլսի պատմությունը` Բյուզանդիայից սկսած:

«Հայերենով, թուրքերենով կամ որևէ այլ լեզվով, էլ չեմ ասում օսմաներենով, չկա մի աշխատություն, որ հակակշռի այս գործին, այսինքն` այսօր սա անմրցելի կոթողային գործ է Պոլսի պատմության մասին,- ասում է Ստեփանյանը` հավելելով,- եթե այս աշխատությունը և նման գրքերը թարգմանվեին կա՛մ ֆրանսերենով, կա՛մ թուրքերենով, կկարողանայինք բազմաթիվ խեղաթյուրումներ կանխել, թույլ չէինք տա, որ մեր պատմությունը աղավաղվեր»:

Ստեփանյանը նշում է, որ մեծ է Սիրունու  ներդրումը  նաև ռումինական մշակույթում.  ռումիներենով բազմաթիվ գրքեր ունի ռումինական գրականության, պատմագրության մասին. «Կասկած չի կարող լինել, որ նրան համարում են նաև ռումիանցի մեծ մտավորական»:

Միայն նրա  արխիվի մատենագիտությունը հազար էջից ավելի է, մեծ մասը գտնվում է ռումինական պետության արխիվում, քիչ մասը` Ռումինահայոց թեմի  առաջնորդարանի գրադարանում:

«Եթե կարողանանք մասնագետներ պատրաստել, որ նրա արխիվը ուսումնասիրեն, իսկ դրա մեծ մասը հայերեն է,  որոշ մասը` նույնիսկ հայատառ թուրքերեն, ուրեմն մեծ գործ արած կլինենք հայագիտության համար,- ասում է Ստեփանյանը,- դրա համար, գուցե պետք է, ասենք, Ռումինիայի գաղութը կամ մշակույթն ուսումնասիրող Յորգայի անվան կենտրոն ունենանք Հայաստանում և Սիրունու անվան հայագիտության ուսումնասիրության կենտրոն Ռումինիայում:  Նման կենտրոնները շատ հեշտացնում են գիտնականների աշխատանքը, նպաստում գիտության զարգացմանը»:

Հայկական տներ Գեռլայում

Հայկական տներ Գեռլայում

Խոսելով հայ-ռումինական բարեկամության մասին` Ստեփանյանն ասում է, որ այժմ Ռումինիայում մեծ է Թուրքիայի ազդեցությունը, հատկապես տնտեսական առումով, ուստի շատ բաների, որոնց կարող էինք ժամանակին հասնել, օրինակ` ցեղասպանության ճանաչման հարցում, հիմա անգամ մտածել չենք կարող:

«Գոնե գիտության մարդկանց, մտավորականների և պետական այրերի բարեկամության, համագործակցության միջոցով կհաջողվի ինչ-որ բանի  հասնել, հետո նոր մտածել մնացածի մասին»:

Անդրադառնալով գիտաժողովի մյուս զեկույցներին` Ստեփանյանն ասում է, որ հատկապես կարևորում է Տրանսիլվանիայի հայերին նվիրված բաժինը:

Ներկայիս Ռումինիայի տարածքում հայերի ներկայության պատմությունը սկսվում է դեռևս V-XII դարերից, թեև երկրում հաստատման պաշտոնական տարեթիվը համարվում է 1350-ը:

ՍուրբԵրրորդություն կաթողիկե տաճարը Գեռլայում

ՍուրբԵրրորդություն կաթողիկե տաճարը Գեռլայում

XVII դարում ռումինաբնակ հայերի մեծ մասը հաստատվել է արևմտյան Տրանսիլվանիա գավառում, որը հետագայում անցել է Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակ, և հայերն արագ կաթոլիկացել են: Տրանսիլվահայության մեծ մասը հետագայում, երբ Տրանսիլվանիան անցել է Ռումինիային, տեղափոխվել է Հունգարիա:

Ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հրատարակած «Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները» գրքի` ներկայում Ռումինիայում հայկական արմատներով բնակչության թիվը շուրջ 7500-10000 է, որոնցից շուրջ 5 հազարը հայկական ծագման մասին հիշողությունը պահած տրանսիլվահայության ձուլված շառավիղներն են:

Տրանսիլվանիայում է գտնվում և Գեռլա քաղաքը, որը XVIII դարում կայսեր հրամանով կառուցել են հայերը: Այն մինչև 1920 թ. կոչվել է Արմենոպոլիս (Հայաքաղաք):

Մինչ օրս Տրանսիլվանիայի բնակավայրերում պահպանվել են հայկական կոթողները: Հայերին, ինչպես Արա Պապյանն է նշում «Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները» գրքում, այստեղ հիշում են որպես հարուստ առևտրականների, որոնց դիպչելով կարելի է հաջողակ դառնալ: Տրանսիլվանիայի հայերը հիմնականում հունգարախոս են:

«Կաթիլներ են մնացել գաղութից, բայց անասելի գանձեր է  այն իր մեջ պարունակում` վանքեր, եկեղեցիներ, ձեռագրեր, արխիվներ: Եթե ուշադրություն չդարձնես, կապ չպահպանես, չգիտես, թե վաղն ինչ կլինի և ուր կգնա մեր ժողովրդի մշակութային ժառանգությունը»,- ասում է Ստեփանյանը:

Հայկական հարուստ հետքով քաղաքներից  է նաև Սուչավան, որտեղ կա 2 հայկական վանք և 3 եկեղեցի, սակայն այստեղ ապրում է ընդամենը մի քանի տասնյակ հայ:

Ստեփանյանը նշում է, որ Ռումինիայում, հատկապես` Տրանսիլվանիայում,  այսօր շատ կարևոր է հայապահպանության հարցը. «Միայն մեդալներ տալը չէ, գործ պիտի արվի, իսկ գործին սկիզբ կա և վերջ չկա, և սա դեռ մի գաղթավայրում է»:

Այդ առումով, ըստ նրա,  մեծ գործ է  անում թե՛ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, որ մշտապես կապ է պահպանում հայ համայնքի հետ, թե՛  թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, հայ քահանաները, որոնք տարբեր բնակավայրերով շրջում են ու հայկական եկեղեցիներում պատարագ մատուցում:

Ստեփանյանը նշում է, որ Ռումինիայում հայ հոգևորականները նաև գիտնականներ են` ուսումնասիրություններ են կատարում, թեզեր պաշտպանում` նպաստելով հայագիտության զարգացմանը:

Առաջնորդարանին առընթեր մատենադարան-թանգարանը կամ Հայ մշակույթի տունը, ըստ Ստեփանյանի, միշտ բաց է գիտնականների առջև, որոնք կուզենան ուսումնասիրություններ կատարել: Տաթև սրբազանը նաև ԵՊՀ-ից է ուսանողների հրավիրում, որպեսզի նրանք ուսումնասիրեն ռումինահայերի մշակութային ժառանգությունը:

Տեսարան Արմենոպոլիսից

Տեսարան Արմենոպոլիսից

Չնայած ջանքերին` ռումինական պատկերասրահներում, թանգարաններում  առկա են հայկական մշակույթի խեղաթյուրումներ:  «Ցավալին այն է, որ տարբեր հավաքածուներում տեղ գտած արծաթեղենը, տեքստիլը, որոնք հայկական մշակույթի ակնհայտ արժեքներ են, ներկայացված են որպես օտարինը. արծաթեղենը` թուրքական, տեքստիլը, գորգերը` որպես կովկասյան, որոշ կիրառական իրեր` որպես բալկանյան,- ասում է նա:- Ահա նման գիտաժողովները կարևոր են, որպեսզի շահենք նրանց վստահությունը որպես գիտական մակարդակի կրողներ, ինչը  հնարավորություն կտա, որ այս չարաշահումներն ու սխալները կարողանանք ուղղել:

 

Մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը

օգնությունՆոյեմբերի 20-ին ՀՀ  սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը:

 

Ինչպես նշեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում կստանա ամսական 16.2 կգ պարենամթերք: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:

 

Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի գործընկերների և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան», Հայ օգնության միություն և այլն) հետ սերտ համագործակցությամբ:

 

Ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն է, որը շարունակելու է բաժանել պարենամթերք ծրագրում ներառված սիրիահայերին:

Վարդան Պետրոսյանը վաղվա դատին չի մասնակցի

վարդան պետրոսյանՎարդան Պետրոսյանը վաղը Վերաքննիչ դատարանում նախանշված դատին չի մասնակցի: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` հավելոլվ, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը չի ներում դատարան գալ:
Վաղը` նոյեմբերի 21-ին` ժամը 16:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Վ.Պետրոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է վճռվի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերանայելու հարցը:
 Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Եվ այժմ հակառակ կողմն է միջնորդություն ներկայացրել` այդ որոշումը վերանայելու հայցով:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումները Սան Պաուլոյում

photo (2)ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը   նոյեմբերի 18-ին  Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի  հրավերով պաշտոնական  այցով ժամանեց Բրազիլիա: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության  կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:

Սան Պաուլոյում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց Բրազիլիայում ՀՀ հյուպատոսություն, որտեղ հանդիպեց հյուպատոսության աշխատակազմի հետ: Հովիկ Աբրահամյանը հայ-բրազիլական կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար պատվավոր հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրմայանին պարգեւատրեց ԱԺ Պատվո մեդալով: ԱԺ նախագահը բարձր գնահատեց տիկին Բուրմայանի գործունեությունը եւ այն բարեգործությունը, որը  նրա ընտանիքը իրականացնում է Հայաստանում եւ Արցախում:

Սան Պաուլոյի Հայկական ակումբում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց  Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ համալիրին: Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կարեւորեց Հայաստանի և սփյուռքի համագործակցությունը: ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում էր, որտեղ  մի շարք հարցեր քննարկվեցին Բրազիլիայում գործող  հայկական կառույցների  անդամների հետ։

Սան Պաուլոյում ԱԺ նախագահը եւ  պատվիրակության անդամները այցելեցին Սուրբ Գրիգոր Հայ Առաքելական եկեղեցի, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:  Հովիկ Աբրահամյանը հանդիպեց վարչական խորհրդի անդամների հետ, ինչպես նաեւ Սան Պաուլոյում գործող Դուրյան վարժարանի սաների եւ ուսուցիչների հետ:

Սան Պաուլոյում Հովիկ Աբրահամյանը հանդիպեց  քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի հետ:

Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Ֆերնանդո Հադդադը կարեւորեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Բրազիլիա եւ համոզմունք հայտնեց, որ այն կխթանի հայ-բրազիլական հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նա  բարձր գնահատեց հայ համայնքի գործունեությունը  եւ ներդրումը Սան Պաուլոյի զարգացման գործում: Քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց  ամբողջությամբ հոգալու  բրազիլահայ այն ուսանողներիի ուսման ծախսերը, ովքեր ցանկություն կհայտնեն կրթություն ստանալ Հայաստանի բուհերում: Ներկայացնելով  քաղաքը եւ Սան Պաուլոյի կառավարման համակարգը`  Ֆերնանդո Հադդադը նշեց, որ Սան Պաուլոն Բրազիլիայի ամենախոշոր քաղաքն է.  տարածքը կազմում է 1523 քառ. կմ, բնակչության թիվը արվարձաններով  մոտ 21 միլիոն է,ՀՆԱ-ն  կազմում է  Բրազիլիայի ՀՆԱ-ի 12 տոկոսը: Քաղաքապետը ընտրվում է ուղիղ ընտրություններով`  չորս տարի ժամկետով:

 

Աժ նախագահը նշեց, որ Բրազիլիայի և Հայաստանի միջև հարաբերություններն ամուր հիմքերի վրա են եւ  կարեւորեց Բրազիլիայի նման տնտեսապես հզոր և միջազգային ասպարեզում ծանր կշիռ ունեցող երկրի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ  ջերմ վերաբերմունքի համար եւ նշեց, որ Սան Պաուլոն հանդիսանում է ամենահայաշատ քաղաքը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Հովիկ Աբրահամյանը  կարեւորեց ապակենտրոնացված համագործակցությունը և միջռեգիոնալ  հարաբերությունների հաստատումը, ինչը մեծ դերակատարություն կարող է ունենալ երկու երկրների միջև ակտիվ գործնական կապեր ձևավորելու և դրանք ավելի ընդլայնելու հարցում: Այս համատեքստում նա գոհունակությամբ փաստեց Երևանը և Սան Պաուլոն քույր քաղաքներ հռչակելու փաստը, ինչը հիմք դրեց  երկու քաղաքներում կրթական և մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաեւ հայ և բրազիլացի ժողովուրդների միջև հարաբերությունների ջերմացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահված միջխորհրդարանական կապերին եւ համոզմունք հայտնեցին, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը կնպաստի  երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և  բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

10863_am_1Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
Կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, արծարծվել են ԱՊՀ երկրների միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործման ընթացքին, էներգառեսուրսների օգտագործման և արտադրության, նաև այլ հարցեր: Նիստում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր ԱՊՀ անդամ-պետությունների տնտեսվարող սուբյեկտների կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվողականության, տեղեկատվական անվտանգության ապահովման, մաքսային, վիճակագրության և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև մի շարք համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, մինչև 2020 թվականը զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացման ռազմավարությունը, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը, միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացման 2014-2015 թթ. միջոցառումների ծրագիրը, պետական ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի զարգացման հայեցակարգը:
Նիստում որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014 թ. մայիսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

Նախագահն ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին

4732Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակաո Մակինոյին:

Հանրապետության Նախագահը բարձրաստիճան հյուրին խնդրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին փոխանցել իր ուղերձ-նամակը, որում Նախագահը վերահաստատել է հայ-ճապոնական հարաբերություններն այսուհետ ևս համակողմանիորեն զարգացնելու և որակական նոր մակարդակ տեղափոխելու Հայաստանի պատրաստակամությունը: Ուղերձում Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցած երկու տասնամյակում փոխվստահելի գործընկերության ու բարեկամության ամուր հիմքի վրա կառուցված և այսօր դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցության հեռանկարին: Հանրապետության Նախագահը նաև վերահաստատել է Ճապոնիայի վարչապետին ուղղված Հայաստան այցի իր հրավերը:

Փոխնախարար Տակաո Մակինոն վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ ուղերձի հետ Ճապոնիայի կառավարության ղեկավարին կփոխանցի նաև իր հայաստանյան այցի տպավորություններն ու դրանց արդյունքում ձևավորված՝ երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված մոտեցումները:

Միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից ընդգծվել են անցած տարի Հայաստանի Նախագահի Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կողմերը երկուստեք գոհունակությամբ են խոսել միջազգային ասպարեզում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության ու կարևոր հարցերում փոխադարձ աջակցության մասին:

Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հայ-ճապոնական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: Փոխնախարար Մակինոն երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր անվանի հայրենակցին՝ Ցուգիո Մակիմոտոյին, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացնելու համար:

«Երևանն առանց ծխախոտի»

ծխախոտՆոյեմբերի 21-ը աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարված է չծխելու օր: Նույն օրը, ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 շենքին հարող հրապարակում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` «Երևանն առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում կազմակերպում է հանրային միջոցառում` «Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով:

Միջոցառման օրը Հյուսիսային պողոտայում կտեղադրվեն հատուկ դեկորացիաներով տաղավարներ, որոնք կպատկերեն կյանքը` ծխախոտի կործանարար ազդեցութան ուղեկցությամբ և` առանց դրա:

ՀԿԽԸ կամավորներն անցորդներին կլուսաբանեն ծխելու վնասների մասին` նրանց տրամադրելով տեղեկատվական նյութեր, նաև կխրախուսեն նետել ծխախոտները  համապատասխան արկղի մեջ, ինչի դիմաց նրանք կպարգևատրվեն քաղցրավենիքով:

«Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով անցկացվող հանրային միջոցառումն ամփոփում է «Երևանն առանց ծխախոտի» ծրագիրը, որը Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է ՀՀ նախագահի և Հայկական երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհով:

Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ` նպաստելով ծխողների թվի կրճատմանը: Ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի 10 դպրոցներում` 13-14 տարեկան շուրջ 1000 աշակերտների համար կազմակերպվել են ՀԿԽԸ-ի կողմից հատուկ մշակված դասընթացներ` ծխելու վնասների վերաբերյալ, տրամադրվել են տեղեկատվական նյութեր, անցկացվել է նկարչական մրցույթ: 

Խնդրի մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պատրաստվել և հեռարձակվել է սոցիալական հոլովակ, տեղեկատվական բաներներ են տեղադրվել սոցիալական ցանցերում:   

Նոյմբերի 21-ին` օրվա խորհրդի մասին տեղեկացնելու նպատակով կուղարկվեն նաև բջջային հաղորդագրություններ: 

Արտգործնախարարն ընդունեց Ճապոնիայի փոխարտգործնախարարին

627. Minister Nalbandian received Vice-Minister of Foreign Affairs of Japan 20.11.2013    Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տակաո Մակինոյին։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը Ճապոնիայի հետ համագործակցությունը ընդլայնելու, խորացնելու, և նոր մակարդակի բարձրացնելու համար։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անցյալ տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիա կատարած պաշտոնական այցելությունը, կայացած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները նոր թափ հաղորդեցին հայ-ճապոնական հարաբերություններին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Տակաո Մակինոն հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հաստատված բարեկամական փոխգործակցությունը հետագայում առավել կզարգանա։ Նա երախտագիտությամբ հիշատակեց Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո անցյալ տարի Հայաստանի նախագահի այցելության շրջանակներում Սերժ Սարգսյանի աղետի գոտի այցելությունը, տուժածներին Հայաստանի ցուցաբերած աջակցությունը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցված պատարագը՝ բնորոշելով դրանք որպես իրական բարեկամության դրսևորումներ։

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Տոկիոյում Հայաստանի դեսպանատան բացումից հետո երկկողմ փոխգործակցությունը մի շարք բնագավառներում ընդլայնվել է, երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրում, և ստեղծվել է համապատասխան հենք համագործակցության խորացման համար։ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Երևանում դեսպանատուն բացելու Ճապոնիայի ԱԳՆ նախաձեռնությունը։

Զրույցի ընթացքում քննարկվեց միջազգային կազմակերպություններում երկկողմ , միջխորհրդարանական, առևտրատնեսական, մշակութային, կրթական բնագավառներում համագործակցությունը:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղության Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։ Այս համատեքստում Ճապոնիայի փոխարտգործնախարարն իր երկրի աջակցությունը հայտնեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերին։

Քաղաքացի Ա. Ա.-ն ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել

ոստիկանությունՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին` ժամը 04:20-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա. Ա.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում քարերով հարվածել է Երևան քաղաքի բնակիչ Վ. Զ.-ի բնակարանի պատուհանին, որի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի տեսուչ Գ. Հ.-ն, ՊՊԾ գնդի ոստիկաններ Կ. Բ.-ն և Ա. Հ.-ն ժամանել են դեպքի վայր և փորձել են բերման ենթարկել, սակայն նա կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ, որից հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նույն օրը Ա. Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ (ձերբակալվածի պահման վայր), որտեղից հայտնել են, որ ձերբակալված քաղաքացու մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Նախաքննությունը շարունակվում է:

Հայոց ցեղասպանությունից փրկված 400 հայ որբերի գործած գորգի առեղծվածը

hali Թուրքական «Aykırıdoğrular» կայքում հրապարակվել է պոլսահայ մտավորական Նադյա Ույգունի հեղինակած մի ուշագրավ հոդված, որտեղ ներկայացվում է Հայոց ցեղասպանության տարիներին փրկված երեխաների ձեռքով գործված մի գորգի պատմություն, որն այժմ մոռացվել է ամերիյան պահեստներից մեկում:

1925 թվականի դեկտեմբեր ամսին Սուրբ ծննդյան տոների նախօրեին Բեյրութի մոտ գտնվող Ղազիր քաղաքից ԱՄՆ-ի Սպիտակ տանը մի առանձնահատուկ նվեր է հանձնվում: Այս աննման արվեստի գործը Հայոց ցեղասպանությունից ողջ մնացած երեխաների «NER» (Near East Relief) միության շնորհակալության ու երախտագիտության նշանն էր հանդիսանում: Սակայն սա պարզապես գորգ չէր: 400 որբ հայ երեխաների երախտիքով և հույսով գործված, նրանց երազանքները, վշտերը ամեն մի թելակապի մեջ արտահայտած պատմական գործ էր սա, շնորհակալության և ցավի մի պատկեր: Հետաքրքրական է, թե ինչու՞ այս կարևոր արվեստի նմուշը 20 տարուց արվել պահվում է պահեստում՝ անտեսված վիճակում: Այս հարցով նշանավոր պատմաբաններ են հետաքրքրվում. դոկտոր Մարտին Դերանյանը շատ երկար ժամանակ է, ինչ այս գործով է զբաղվում, Միսաք Քելեչյանը շատ լուրջ աշխատանքներ ունի գորգի պատմության և փաստաթղթերի մասին:

«Մենք՝ հայերս, Սպիտակ տանը հարցնում ենք, եթե հայ որբերի գորգը ցուցադրության հանվի, գորգի պատմությունն էլ ի հայտ կգա և ձեր սիրելի բարեկամ Թուրքիայի սիրտը կկոտրվի, այնպես չէ՞: Այն, ինչ դուք չեք կարողանում բարձրաձայնել, մենք կասենք: Ազատությունների երկի՞ր է ԱՄՆ-ը, ո՛չ, հարգելիս, ինձ մի ծիծաղեցրեք: Ինչ ափսոս, որ ձեր ազատությունները սահմանափակվում են ձեր շահերով»,-իր վրդովմունքն է հայտնում Նադյա Ույգունը:

 

Չորրորդ նորակառույց ամբուլատորիան` Կոտայքի մարզում

հիվանադանոցի բացումՀանդիսավորությամբ բացված նորակառույց ամբուլատորիան Կոտայքի մարզի Սոլակ համայնքի շուրջ 2570  բնակիչներին մեծ ուրախություն պատճառեց։ Ժամանակակից չափորոշիչներով կառուցված առողջության առաջնային պահպանման կենտրոնն անհամեմատելի է 1989 թվականից փայտյա տնակում ընդամենը 50 քմ տարածքով, անմխիթար վիճակում, առանց կենցաղային տարրական պայմանների նախկին կենտրոնի հետ։ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2»-ի շրջանակներում կառուցված կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու պարագաներով, կահույքով:

Կոտայքի մարզում սա այս տարի  շահագործման հանձնվող նորակառույց չորրորդ ամբուլատորիան է։

«Այս տարի 13 նման ամբուլատորիա է շահագործման հանձնվել։ Տարվա ընթացքում իրականացված շինարարական աշխատանքներից առաջացած խնայողությունների հաշվին ևս 6 ամբուլատորիա կկառուցենք, որոնցից 3-ը` սահմանամերձ համայնքներում, ինչպես նաև կվերանորոգենք Մեծամորի պոլիկլինիկայի և Ճամբարակի մասնաշենքերը»,-նորամուտի առթիվ շնորհավորելով սոլակցիներին՝ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Կենտրոնն ընդամենը տասն ամսում կառուցվել է  «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2»-ի շրջանակներում:  Միաժամանակ ամբուլատորիայի բժիշկը և երկու բուժքույրը մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրով հիմնանորոգվել են Կոտայքի մարզի Գառնի, Ալափարս, Գեղաշեն  համայնքների ամբուլատորիաները:

Կոտայքի մարզի  առողջության պահպանման առաջնային կենտրոնները հագեցվել են բժշկական սարքավորումներով, կահույքով և բժշկական պարագաներով, ինչպես նաև տրամադրվել  է համակարգչային  սարքավորումների 29 հավաքածու: