ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ

1+Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ:

 

Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Բրազիլիա նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացմանը տարբեր ոլորտներում: Միջպետական հարաբերությունների խորացման գործում Պատգամավորների պալատի նախագահը մեծ դեր վերապահեց միջխորհրդարանական կապերին: Այս համատեքստում նա կարեւոր համարեց երկկողմ շփումները, բարեկամական խմբերի համագործակցությունը:

 

Իր եւ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ հարաբերություններ` հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության վրա: Նրա խոսքով` Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ավելի սերտ հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցության լայն հնարավորություն կընձեռի: ԱԺ նախագահը նշեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահվում միջխորհրդարանական կապերին եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցը Բրազիլիա կնպաստի փոխգործակցության խորացմանը: Պարոն Աբրահամյանը անդրադարձավ Ազգային կոնգրեսի ստորին պալատի երկու պատգամավորների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդագրի նախագծին եւ նշեց, որ այն, ցավոք, արտացոլում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ադրբեջանական խեղաթյուրված պատկերացումները եւ հակասում հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը: Այս առիթով նա շնորհակալություն հայտնեց պարոն Ալվեսին իր նամակին արձագանքելու, ադրբեջանական հերթական սադրանքին տուրք չտալու եւ բանաձեւի նախագիծը օրակարգ չմտցնելու համար:

Էնրիկե Ալվեսը խոր  ափսոսանք հայտնեց, որ նման բանաձեւի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ եւ շեշտեց, որ Բրազիլիայի իշխանությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որդեգրել են չեզոք դիրքորոշում եւ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հովիկ Աբրահամյանը Էնրիկե Ալվեսին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսը ստորագրեցին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արձանագրություն, ըստ որի իրենց խորհրդարանական իրավասությունների շրջանակներում կողմերը կնպաստեն համագործակցության զարգացմանը սոցիալական, քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային եւ այլ ոլորտներում: Կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջեւ կնքված պայմանագրերի վավերացման ուղղությամբ, կնպաստեն երկու օրենսդիր մարմինների միջեւ ինտերակտիվ կապերի հաստատմանը` միմյանց օրենսդրական գործունեությանը ծանոթանալու եւ փորձի փոխանակման նպատակով, կխրախուսեն բարեկամական խմբերի մակարդակով հարաբերությունների սերտացումը` միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու նպատակով:

 

ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում եւ Էնրիկե Ալվեսի ուղեկցությամբ շրջայց կատարեց Պատգամավորների պալատում, եղավ նիստերի դահլիճում:

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին

Տիգրան Սարգսյան,Դմիտրի ՄեդվեդևՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կարևորել են երկու պետությունների միջև տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
ՀՀ և ՌԴ վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:
Այսօր երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Քննիչը խոշտանգե՞լ է Վարդան Պետրոսյանին

Լուսանկարը` News.am-ի
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` տեղեկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին:
Խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Վարդան Պետրոսյանի ներկայությունն ապահովելուն: Այդ նպատակով, ինչպես նշում է փաստաբանը ՄԻՊ-ին ուղղված իր դիմումում, քննիչ Հայկ Հակոբյանն այցելել էր «Արթմեդ» բժշկական-վերականգնողական կենտրոն, որտեղ այդ պահին բուժում էր ստանում Վարդան Պետրոսյանը և նրան ստիպողաբար տարել դատական նիստի,այս մասին հաղորդում Փաստինֆոն:
«Քննիչ Հայկ Հակոբյանը, տեսնելով, որ Վ.Պետրոսյանը գտնվում է ցավերի մեջ, ունի ստացիոնար բուժման կարիք, չլսելով բժիշկների խորհուրդները` առ այն, որ Վ.Պետրոսյանին հիվանդանոցից դուրս բերելը կնպաստի վերջինի մոտ ցավերի կրկնապատկմանը, բոլորի կամքին հակառակ, Վ.Պետրոսյանին տեղափոխել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է փաստաբանի դիմումում:
Քննիչի այս գործողությունը Նիկոլայ Բաղդասարյանը որակում է իբրև «անմարդկային վերաբերմունք» և ՀՀ Սահմանադրության անմարդկային վերաբերմունքն արգելող 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի` խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին վերաբերող 3-րդ հոդվածի խախտում:
«Քննիչ Հակոբյանն իր գործողություններով դիտավորյալ Վ.Պետրոսյանին ենթարկել է ֆիզիկական և հոգեկան տանջանքների, ստացիոնար բուժման կարիք ունեցող անձին բերման է ենթարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այլ կերպ ասած` Վարդան Պետրոսյանի նկատմամբ դրսևորել անմարդկային վերաբերմունք»,-ասված է փաստաբանի դիմումում, որով Նիկոլայ Բաղդասարյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին խնդրում է քննության առնել և արձանագրել Վարդան Պետրոսյանի իրավունքների խախտման փաստերը:
 Շարունակությանը`սկզբնաղբյուր կայքում:

Մահացած երեխան վերակենդանացել է դիակիզարանի սրահում

o_817050Չինաստանում, փոքրիկը, որին մեռած էին համարում, կենդանացել է դիակիզարանի սրահում: Մեկ ամսականից փոքր երեխային չինական Անհուեյ հիվանդանոցի աշխատակիցները մեռած էին կարծել: Սակայն  նոյեմբերի 20-ի առավոտյան` սգո արարողության ժամանակ, երեխան լաց է եղել:  Նրան տարել են հետ` հիվանդանոց:

“Քանի որ երեխան դեռևս կենդանության նշաններ է տալիս, մենք արյան փոխներարկում ենք կատարում մարդասիրական նկատառումներով”,-ասել է հիվանդանոցի աշխատակիցներից մեկը: Հետաքննություն է սկսվել, և  այդ օրը հերթապահած բժշկին ու բուժքրոջը հեռացրել են աշխատանքից:

Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համագործակցության համաձայնագիր

Երևանի քաղաքապետարան,Երևան, Էլ-ՔուվեյթԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ–Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  Էլ–Քուվեյթի նահանգապետին՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար, ու համոզմունք է հայտնել, որ այս այցը երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ ու բարեկամական հարաբերությունները կտեղափոխի նոր հարթություն. «Հայ-քուվեյթյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Եվ այդ հարաբերությունները կրում են ոչ միայն գործնական, այլև բարեկամական բնույթ, որի խոսուն ապացույցն է արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը, համոզված եմ, որ մենք ևս երկու մայրաքաղաքների միջև կհաստատենք  երկկողմ բարեկամական ու փոխշահավետ կապեր, ինչն էլ ավելի կամրապնդի ու կզարգացնի երկուստեք փոխգործակցությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Էլ–Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը. «Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու և արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով և պետք է ընդգծեմ, որ մենք ևս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երևանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններ հաստատելուն և ամրապնդելուն: Վստահեցնում եմ, որ արդեն առաջիկայում Երևանն ու Էլ–Քուվեյթը կստորագրեն համապատասխան համաձայնագիր, որի շրջանակում էլ կծավալվի մեր համագործակցությունը»,- ընդգծել է Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահը:

Հյուրին ներկայացնելով  Երևան քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները, քաղաքապետը կարևորել է նաև գործարար շրջանակների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում. «Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Ըստ այդմ, նաև Ձեր անմիջական նախաձեռնողականությունն ենք ակնկալում պարոն նահանգապետ՝ Էլ-Քուվեյթի մասնավոր ընկերություններին Երևանի ներդրումային ծրագրերը ներկայացնելու և դրանց իրականացմանը ներգրավելու հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև ստորագրվելիք համաձայնագիրը:   

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Մայրաքաղաքում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առևտուրը

աշխատանքային խորհրդակցությունԵրևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների  և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության  աշխատակիցների հետ: Քննարկվել են մայրաքաղաքաքի տոնական ձևավորման աշխատանքներում տնտեսվարող սուբյեկտների մասնակցությանն ու Ամանորին բացօթյա անօրինական առևտրի կանխմանն առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքներն ավելի վաղ կմեկնարկեն: Այս տարի ևս լավագույն ձևավորում ապահոված հասարակական, առևտրի և սպասարկման օբյեկտների ղեկավարները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետի կողմից:

Անդրադառնալով որպես կանոն տոնական օրերին աշխուժացող առևտրին՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքապետարանն այս տարի ևս հետամուտ է լինելու   առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի պահպանմանը`այդ թվում նաև նախատոնական  առևտրի գործընթացը բացառապես թույլատրելի վայրերում իրականացնելու մասով: Քաղաքապետի տեղակալը ներկաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը`մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում և բակային տարածքներում խիստ վերահսկողություն սահմանելու, իսկ հայտնաբերված խախտումների  դեպքում համապատասխան վարչական մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ: Կանոնակարգված առևտուր ապահովելու աշխատանքներում քաղաքային իշխանություններին կաջակցեն նաև համատիրությունների ու ոստիկանության աշխատակիցները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Գյումրիում քաշքշուկին մասնակից ոստիկանները պարզաբանում են

ոստիկանությունՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը զեկուցագիր է ներկայացրել, որ 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել է Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մ.Ավետիսյան փողոցի 27 շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի, 35 PL 506 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդին: Վարորդ Վահագն Մադոյանը և ուղևոր Գևորգ Մադոյանը շուրջ 25 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել և քաշքշել իրեն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Միշա Բիշարյանին` այդ ընթացքում պատռելով իր բաճկոնն ու կոտրելով ակնոցը:
Արձանագրված դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորներ` ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Միշա Բիշարյանը ծառայություն իրականացնելու նպատակով 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, վերջինիս անձնական օգտագործման «Վազ-2107» մակնիշի 29 ՕՕ 892 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս են եկել իրենց կողմից սպասարկվող վարչական տարածք: Ժամը 22:30-ի սահմաններում, երբ գտնվել են Հակոբ Աղաբեկյանի կողմից սպասարկվող Անի թաղամասի Մ.Ավետիսյան փողոցում, նկատել են «Օպել» մակնիշի 35 PL 506 հաշվառման համարանիշի մի ավտոմեքենա, որը քարքարոտ ճանապարհով բարձր արագությամբ ընթացել է հանդիպակաց գոտիով: Շուրջ 100 մետր հեռանալուց հետո հիշյալ ավտոմեքենան կտրուկ շրջադարձ է կատարել դեպի թիվ 27 շենքի բակ:
Նշված հանգամանքը կասկած է հարուցել Հակոբ Աղաբեկյանի և Միշա Բիշարյանի մոտ, ուստի վերջինս ավտոմեքենան վարել է հիշյալ շենքի ուղղությամբ, որտեղ նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան` կայանված վիճակում: Հակոբ Աղաբեկյանը մոտեցել է վարորդի դռանը, սահմանված կարգով ներկայացել և ցույց է տվել ծառայողական վկայականը: Երբ ցանկացել է հարցնել, թե ինչ է պատահել, վարորդ Վահագն Մադոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է հայհոյել նրա և ոստիկանության հասցեին: Այնուհետև ավտոմեքենայից իջել է ուղևոր Գրիգոր Մադոյանը, ով հայհոյանքներ տալով` մոտեցել է օպերլիազոր Հակոբ Աղաբեկյանին, բռնել նրա թևից ու սկսել է քաշքշել, իսկ Վահագն Մադոյանը քաշել ու պատռել է Հակոբ Աղաբեկյանի բաճկոնը, փորձել է հարվածել վերջինիս դեմքին, սակայն դիպել է ակնոցին, որն ընկել է գետնին ու կոտրվել:
Հակոբ Աղաբեկյանը և Միշա Բիշարյանը տեսնելով, որ քաղաքացիները չեն ենթարկվում իրենց օրինական պահանջներին և շարունակում են խուլիգանական հայհոյանքներ տալ ու
խաթարել հասարակական կարգը, կապ են հաստատել ոստիկանության Մուշի բաժին և օգնություն խնդրել: Այնուհետև օգնության եկած ոստիկանության ծառայողների հետ Վահագն և Գրիգոր Մադոյաններին բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին, որտեղ ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը բաժնի պետին ներկայացրել է զեկուցագիր:
Հակոբ Աղաբեկյանի զեկուցագրի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Վահագն և Գրիգոր Մադոյանները բացատրություններ են տվել, որ 2013 թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, իրենց ավտոմեքենայով կանգնած են եղել Գյումրի քաղաքի Անի թաղամասի թիվ 27 շենքի բակում, իրենց են մոտեցել քաղաքացիական հագուստով 2 անձինք, ովքեր հետաքրքրվել են, թե ինչ գործ ունեն այնտեղ, պահանջել են իջնել մեքենայից: Իրենք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վրդովվել և քաշքշել են երիտասարդներին: Ապա վերջիններս ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ, բռնել են իրենց ձեռքերից ու հենել ավտոմեքենային, իրենք գոռգոռացել, վերացական հայհոյանքներ են տվել, որոնք որևէ մեկին, այդ թվում ոստիկանության ծառայողներին ուղղված չեն եղել: Տեղեկանալով, որ երիտասարդները ոստիկանության ծառայողներ են` դադարեցրել են իրենց գործողություններն ու ենթարկվել նրանց պահանջներին:
Հավելել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց չեն հարվածել, մարմնական վնասվածք չեն պատճառել և իրենց հասցեին հայհոյանքներ չեն տվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համադրման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քաղաքացի Վահագն Մադոյանը ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով 2013թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանության ծառայողներ Հակոբ Աղաբեկյանը և Միշա Բիշարյանը ոստիկանության ՆԱ վարչությունում բացատրություններ են տվել, որ Վահագն և Գրիգոր Մադոյանները քաշքշել և շուրջ 20-25 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել ինչպես իրենց, այնպես էլ ոստիկանության հասցեին:
Հավելել են, որ իրենք քաղաքացիներ Վահագն և Գրիգոր Մադոյաններին չեն հայհոյել, չեն քաշքշել, մարմնական վնասվածք չեն պատճառել և ամեն կերպ փորձել են հանգստացնել ու կանխել նրանց հակաօրինական գործողությունները, սակայն վերջիններս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ավելի ագրեսիվ վարքագիծ են դրսևորել, այդ պատճառով էլ իրենք կիրառել են ձեռնամարտի հնարքներ` նրանց շարժունակությունը սահմանափակելու համար:
Հակոբ Աղաբեկյանը բացատրությանը կից ներկայացրել է Վահագն և Գրիգոր Մադոյաններին բաժին բերման ենթարկելուց հետո կատարված տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ վերջիններիս մարմինների կամ հագուստների վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Քաղաքացիների սթափության վիճակի ստուգմամբ պարզվել է, որ Գրիգոր Մադոյանը գտնվել է 0,87 մգ/լ, իսկ Վահագն Մադոյանը` 0,62 մգ/լ աստիճանի հարբածության վիճակում:
Այսպիսով, ոստիկանության ՆԱ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորներ, ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Միշա Բիշարյանը քաղաքացիներ Գրիգոր և Վահագն Մադոյանների նկատմամբ բռնություն չեն կիրառել: Նրանց գործողությունները եղել են օրինաչափ, կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ թույլ չեն տրվել:
Ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց կանդրադառնան հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներով:

Ամստերդամում խմողներին աշխատավարձը գարեջրով կվճարեն

beer_drinking_alcohol_liquor_afp_360Հոլանդիայի մայրաքաղաքում ինքնատիպ միջոց  են առաջարկել, որ  հարբեցողները հասարակության  համար դադարեն սպառնալիք լինելուց: Նրանք հարբեցողների համար աշխատանք են  գտել, որտեղ  աշխատավարձի հետ խոստացել են ծխախոտ ու գարեջուր տալ: Այդպիսով, պաշտոնյաները հույս ունեն քաղաքում նվազեցնել փողոցային հանցագործության մակարդակը:

Ամստերդամի քաղաքային Oosterpark այգու հարևանությամբ բնակվողները վաղուց  բողոքում են, որ երբեմնի հանգիստ ու խաղաղ վայրն այսօր  ալկոհոլամոլներով ու անօթևաններով է  շրջափակված: Նրանք օրերով նտում են նստարաններին ու փող մուրում, իսկ անցորդների հետևից գռեհիկ բացականչություններ, երբեմն էլ գողություն են անում: Իրավիճակը շտկելու համար, տեղի իշխանություններն առաջարկել են նրանց հավաքարարություն անել, որի դիմաց  օրական 10 եվրո կստանան, կես տուփ ծխախոտ ու 5 շիշ գարեջուր: Ընդ որում, 2 շիշն առավոտյան կտան` խումարից դուրս գալու համար, 2-ը` ճաշին, մեկն էլ` երեկոյան:

Որքան էլ տարօրինակ է, նման առաջարկը շատերի սրտով է եղել: Եթե առաջ նրանք ամբողջ ազատ ժամանակն անց էին կացնում գումար ու խմելու բան հայայթելով, ապա հիմա դրանք ձեռք բերելու համար հեռու գնալու հարկ չկա: Բացի այդ, նրանք աշխատանքի կարող են ներկայանալ հարբած վիճակում, ինչը շատերի համար առավելություն է: Ու սովորական 5-օրյա աշխատանքի փոխարեն նրանց առաջարկվել է  աշխատել շաբաթական ընդամենը երեք օր: Ծրագրի մասնակիցների խոսքով, չնայած “ալկոհոլային” աշխատավարձին, նրանք սկսել են ավելի քիչ խմել, քանի որ աշխատանքային ծանր օրից հետո  շատերի մոտ  անգամ  սովորական չափաբաժինն ընդունելու ցանկությունը վերացել է:

Տեղի պաշտոնյաներին կարելի է մարդասեր անվանել, ինչը չի կարելի Ֆալչեփինգ քաղաքի գործընկերների մասին ասել: Նրանք որոշել են ալկոհոլամոլներին ու թմրամոլներին հատուկ տեղ քշել, որտեղից չեն կարողանա խանգարել շրջապատողներին:

Երեք ավտոպատահար մայրաքաղաքում`երեք վիրավոր

ավտոպատահարՆոյեմբերի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.00-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանյան խճուղում  վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 8/6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «Հոնդա» մոտոցիկլետը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի մոտ բախվել  է մայթեզրին կայանված «BYD» և  «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների և կողաշրջվել:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի. տեսանյութ

A protest actionԿառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է իրականացվում քաղաքացիական նախաձեռնության մի քանի հարյուր անդամների կողմից, որոնք պահանջում են կառավարությաւնից ետ վերցնել օրենքը, հանել պարտադիր դրույթը և հաշվի նստել հանրության կարծիքի հետ: Ցույցի մասնակիցները վստահ են, որ հասարակության մի մասը տեղյակ չէ  օրենքի խնդրահարույց դրույթներից, իսկ եթե տեղյակ է, ապա դեմ է:

Քիչ անց ակտիվիստներին մոտեցավ կառավարության նամակների ու դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ ասելով, որ եթե ներկայացվող պահանջները գրավոր ձևով տան, ապա ինքը կհանձնի կառավարություն: Ակտիվիստները պահանջեցին, որ կառավարության որևէ պատասխանատու պաշտոնյա հանդիպի իրենց հետ, և համատեղ քննարկեն ներկայացվող խնդիրները:

IMG_1758 IMG_1759Ի դեպ, Ալեքսանդր Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները բողոքում են, քանի որ անտեղյակ են օրենքին:

Պաշտոնյայի հեռանալուց հետո ակտիվիստները սկսեցին բղավել՝ վախկոտներ և փուչիկներ բաց թողեցին օդ՝ հայտարարելով, որ ընդունված օրենքը, որն իբր ապահովում է քաղաքացու արժանապատիվ ծերությունը, նույնպես փուչիկ է:

Կառավարության շենքից դուրս եկավ նաև Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը մասնակցում էր կառավարության նիստին: Նա հայտնեց, որ Հանրային խորհուրդը նույնպես մտահոգված է օրենքում առկա խնդրահարույց դրույթներով, և խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն առաջիկայում կանցկացնի հանրային քննարկումներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կահիրեի հեղինակավոր բուհի ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել

i (2)Նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակից ուսանողները գրոհել են Ալ-Ազհար համալսարանի ադմինիստրացիայի վրա, այրել բուհի տարածքի ծառերը:

Շուրջ1,5 հազար ուսանող է հավաքվել շենքի մոտ ու փորձել այն գրոհով վերցնել, ինչին ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազի կիրառմամբ: Բախումների ընթացքում զոհվել է 2 ուսանող, տասնյակ երիտասարդներ էլ, որոնք դեմ էին դուրս եկել ինչպես եգիպտական բանակին, այնպես էլ “Մահմեդական եղբայրներ” շարժանը, ձերբակալվել են:

Իսկ երեկ անկարգություններ են եղել Թահրիր հրապարակի շրջանում: Բախումների ժամանակ մեկ մարդ է զոհվել հրազենային վնասվածքից ու մոտ 50-ն էլ վիրավոր են:

Բոլիվիայում պետծառայողների ծննդյան տոների պարգևավճարն ավելացել է

iԲոլիվիայում երկրի նախագահ Էվո Մորալեսը կրկնակի ավելացրել է պետծառայողների ամենամյա պարգևավճարը: Ինչպես նախագահն է հայտնել, պարգևավճարը կավելանա այնքան ժամանակ, քանի դեռ երկրի տնտեսությունը տարեկան 4,5% աճ է գրանցում: Սակայն  ընդդիմությունը կարծում է, որ նման միջոցներն ի վերջո կհանգեցնեն  ինֆլյացիայի աճի:

Ավելի վաղ ծննդյան պարգևավճարի չափը համապատասխանում էր աշխատավարձի չափին: Այդպիսով, դեկտեմբերին պետծառայողները կստանան եռակի աշխատավարձ:

Տարվա այս օրը

1091998-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ը Հեռուստատեսության համաշխարհային օր է հռչակել:

Այսօր Ծխելուց հրաժարման միջազգային օրն է: Ամեն տարի  նոյեմբերի երրորդ հինգշաբթին 1563աշխարհում բազմաթիվ երկրներ նշում են ծխելուց հրաժարման օրը: Այն առաջարկվել է American Cancer Society-ի կողմից  1977-ին:

Այսօր նաև Փիլիսոփայության 1644համաշխարհային օրն է, որը  նշվում է  2002-ից  նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթի օրը, ՅՈՒՆԵՍԿՕ-յի ռեգլամենտի համաձայն: Գաղափարը նրանում է, որ հասարակության մեջ կատարվող սոցիալ-մշակութային քննարկումների հարթակ ստեղծվի:

Այսօր նաև Ողջույնի համաշխարհային օրն է, որը նշվում է 1973-ից: 108Ամերիկացի երկվորյակ եղբայրներ Մայքլ ու Բրայեն Մաքկոմակները գաղափարը  հղացել են որպես  միջազգային լարվածության դեմ բողոքի նշան:

Կանխվել է Արսեն Մովսիսյանի ինքնասպանության փորձը

կիևյանՆոյեմբերի 20-ին, ժամը 20.07 ահազանգ է ստացվել, որԿիևյան կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից ցած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Ոստիկանների և փրկարարների համատեղ ուժերով կանխվել է Գ.Նժդեհի փողոցի թիվ 58 շենքի բնակիչ Արսեն Մովսիսյանի ինքնասպանության փորձը:

 

Հրդեհ է բռնկվել հիվանդասենյակում

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՆոյեմբերի 21-ին, ժամը 04.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆուչիկի փողոցի թիվ 30 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 5-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կենտրոնի 605-րդ սենյակում: Ամբողջությամբ այրվել է մեկ մահճակալ՝ ներքնակով: Ներսում գտնվել է Է. Ն.-ը (ծնվ. 1940թ.), ով հրդեհի հետևանքով չի տուժել և տեղափոխվել է այլ հիվանդասենյակ:

8-ամյա աղջիկը բաժանվել է 14-ամյա ամուսնուց

o_852876Հնդկաստանում ողջ երկրի պամության մեջ ամենաերիտասարդ զույգն ամուսնալուծվում է: Շրավասթի մարզի 8-ամյա բնակչուհի Ֆաթիմա Մանգրեն որոշել է բաժանվել իր 14-ամյա ամուսնուց` Արջուն Բաքրիդիից: Երեխաները պաշտոնապես ամուսնացած են 4 տարի:

Աղջկա ծնողները նրան ամուսնացրել են 4 տարեկանում: Այն ժամանակ ամուսինը 10 տարեկան էր: Դա ձևական բնույթ էր կրում, քանի որ մինչև 8 տարեկանն աղջիկը ծնողների հետ էր ապրում: Երբ նրա ամուսնու 14 տարին լրացավ, տղան ծնողների հետ եկավ կնոջ տուն, որ նրան հայրական տնից տանի: Սակայն երիտասարդին տհաճ անակնկալ էր սպասում: Աղջկա ծնողները միտքները փոխել էին: Աղջկա հոր` Անիլի խոսքով, ինքը մտադիր է աղջկա համար փեսացու որոնել միայն այն ժամանակ, երբ լրանա փոքրիկի 18 տարին:

Չնայած աղջկա ամուսինն  ու նրա ծնողները աներոջ որոշումը լավ չեն ընդունել, այնուամենայնիվ, Անիլը դստեր հետ ձևակերպել է  ամուսնալուծության բոլոր փաստաթղթերը: Սրանով ամենը չի ավարտվել. ներկայում իրավապաշտպանները նրա դեմ հայց են պատրաստում, որ Անիլն իր դստերն այդքան վաղ տարիքում է ամուսնացրել:

Վարչական տույժի տեսակները

տտՎարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 3-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է վարչական տույժին, որի 22 հոդվածի համաձայն` վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է` նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:

Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը`

1) նախազգուշացում,

2) տուգանք,

3) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում,

4) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում,

5) քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում:

Քննարկվող տույժերը բաժանվում են երկու խմբի` հիմնական և լրացուցիչ: Առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր: Հիշյալ օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր:

Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:

Նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումն արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Տուգանքը գույքային բնույթ ունեցող վարչական տույժի տեսակ է:

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան հատուցմամբ վերցնելն այն է, որ առարկան հարկադիր կարգով վերցվում է և այնուհետև իրացվում, ստացված գումարը հանձնելով նախկին սեփականատիրոջը` վերցված առարկայի իրացման ծախսերի պահումով:

Հրազենը և զինամթերքը հատուցմամբ վերցնել չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումն այն է, որ այդ առարկան, հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական սեփականություն: Բռնագրավվել կարող է միայն այն առարկան, որը խախտողի անձնական սեփականությունն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:

Հրազենի, որսի այլ գործիքների և զինամթերքի բռնագրավում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

Քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում կիրառվում է մինչև երեք տարի ժամանակով` այդ իրավունքից օգտվելու կարգը կոպիտ կերպով կամ սիստեմատիկորեն խախտելու համար:

Այդպիսի իրավունքից զրկելու ժամկետը չի կարող տասնհինգ օրից պակաս լինել: Որսորդության իրավունքից զրկում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ