Գլխացավի անսովոր պատճառ է հայտնաբերվել

golovnaya-bol-prichinaԻզուր չէ, որ մասնագետները կարծում են, որ բոլոր օրգանների աշխատանքը փոխկապակցված է: Գլխացավերի հակում ունեցողները պետք է ստուգեն սիրտը: Վերջին ուսումնասիրություններով պարզել են, որ միգրենի դեպքերի  66%-ը սրտի ինչ-որ արատի հետևանք են:

Ֆիլադելֆիայի  Ջեֆերսոնի անվ. համալսարանի գլխացավի բուժման կենտրոնի աշխատակիցները համոզում են, որ տանջող գլխացավի պատճառը պետք է որոնել սրտի աշխատանքի խանգարումներում: Միգրենով տառապող 131 հիվանդների հետազոտությամբ պարզվեց, որ նրանց երրորդ մասն  ունի “բաց պատուհանի” դեֆեկտ:

Այդպես են բժիշկներն անվանում այն բացվածքը, որն առաջանում է սրտի աջ ու ձախ փորոքների միջև: Նման բացվածք ունենում են բոլոր սաղմերը, սակայն ներարգանդային հասունացման վերջում ու ծննդից հետո առաջին ժամերին այդ “պատուհանը փակվում է”, որից հետո արյունը սկսում է զտվել թոքերի միջոցով:

Մասնագետների խոսքով, մարդկանց մի մասի մոտ (հիմնականում կանանց) այդ արանքը լրիվ չի փակվում ու դա էլ հետագայում միգրենի առաջացման պատճառ է դառնում:  “Բաց պատուհանի” պատճառով  միկրոսկոպիկ   մակարդուկներ պարունակող արյան մի մասը, որը զտված չէ թոքերում, հայտնվում  է ուղեղում ու միգրենային երևույթ առաջացնում:

Պան Գի Մունը կոչ է անում միավորվել հանուն կանանց հանդեպ բռնության կանխման ու դադարեցման

պանգի մունՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա կապակցությամբ.

Կանանց և աղջիկների հանդեպ կատարված  բռնություններն ուղղակիորեն ազդում են անհատների վրա՝ միաժամանակ վնաս հասցնելով  մեր ընդհանուր մարդկությանը: Ի պատասխան այս գլոբալ մարտահրավերին՝  2008 թ. ես հայտարարեցի «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունները» քարոզարշավի մեկնարկը։ Այդ ժամանակվանից ի վեր ամբողջ աշխարհի մեր գործընկերները միացան այս նախաձեռնությանը՝ պաշտպանելու կանանց և աղջիկների բռնություններից ազատ ապրելու մարդկային իրավունքը:

Ես ողջունում եմ շատերի ձայնը՝ ուղղված բռնությունը վերացնելուն, որից, միջին հաշվով, կյանքի ընթացքում տուժում է յուրաքանչյուր երեք կնոջից մեկը: Ես ողջունում եմ այն առաջնորդներին, ովքեր օգնում են ընդունել ու կիրառել օրենքներ,  փոխել մարդկանց մտածելակերպը: Եվ ես հարգանքի տուրք եմ մատուցում ամբողջ աշխարհի բոլոր այն հերոսներին, ովքեր զոհերին օգնում են ապաքինվել և  դառնալ փոփոխություն տարածող քարոզիչներ:

Անցյալ ամիս՝ ՄԱԿ-ի օրվա տոնակատարության ժամանակ, ինձ բախտ վիճակվեց կրկին հանդիպել այդպիսի մի հերոս՝ բժիշկ Դենիս Մուկվեգեյի հետ, ով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հիմնել է Պանցի հիվանդանոցը՝ բռնության ենթարկված կանանց ընդունելու համար: Բժիշկ Մուկվեգեն ասաց․ «Շատ դեպքերում մենք հուզմունքից արտասվում ենք. ամեն ինչ այնքան վնասված է լինում: Բայց մենք ստիպված ենք գործել: Մենք աշխատում ենք: Մենք շտկում ենք, ինչ կարող ենք, և դա քիչ չէ»: Նա ոգեշնչված է այն կանանց խիզախությամբ, որոնց նա բուժում է, ներառյալ նրանց, ովքեր, իրենց հերթին, օգնում են մյուսներին:

Չնայած բժիշկ Մուկվեգեն առնչվում է կանանց դեմ զինված հակամարտության պայմաններում կատարվող  բռնությունների հետ, սակայն այս խնդրով զբաղվելու ու այն լուծելու նրա ցանկությունը պետք է օժանդակի  մեր բոլորի ջանքերը օգնելու բոլոր այն կանանց, որոնք բռնության են ենթարկվում  տանը, դպրոցներում և  քաղաքացիական այլ միջավայրերում ամբողջ աշխարհի, յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր  հասարակության կտրվածքով:

Ավանդաբար այս օրը նշվում է որպես Ակտիվության 16-օրյա մեկնարկի առաջին օր: Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների օրը, մենք հատուկ ջանքեր ենք գործադրում կազմակերպելու և պայքարելու կանանց դեմ իրագործվող բռնությունների դեմ, որը մարդու իրավունքների համատարած խախտում է: Այս տարի իրազեկության բարձրացման նպատակով մենք ընտրել և կրում ենք նարնջագույնը` այս հարցում մեր աջակցությունը խորհրդանշելու համար:

Փոփոխություն մտցնելու միակ ձևը՝ աջակցությունն է Կանանց հանդեպ բռնության վերացման ՄԱԿ-ի հիմնադրամին, որն օգնում է արձագանքել մարդու իրավունքների խախտումներին և ֆիզիկական անվտանգությունից մինչև տնտեսական ապահովության կարիքներին: Մինչ վերջին տարիներին Հիմնադրամից ստացվող դրամաշնորհների պահանջն ավելի քան կրկնապատկվել է, միջոցները, որ Հիմնադրամն ի վիճակի է եղել տրամադրել՝ կրճատվել են 60 տոկոսով: Ես դիմում եմ բոլոր գործընկերներին օգնելու լրացնել կանանց և աղջիկների դեմ իրականացվող բռնությունը կանխելու և դրան վերջ տալու համար անհրաժեշտ միջոցների այս բացը՝ մեր հետագա ջանքերի իրականացման համար:

Կանանց դեմ բռնություններին վերջ դնելու այս միջազգային օրը հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց կրկին անգամ միավորվելու՝ հանուն կանանց և աղջիկների հանդեպ ամեն տեսակ բռնության կանխման ու դադարեցման:

ԱՄՆ-ում բարի տերը ծխելու համար կրակելով սպանել է հայտնի երգչի

ծխողԱՄՆ  Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում բարի տերը ծխելու համար կրակել է տեղի հայտնի քանթի ոճի  երգչի վրա: Համերգից հետո երգիչը գնացել է բարի չծխողների հատված և ծխել այնտեղ: Բարի տերը խնդրել է նրան հանգցնել ծխախոտը, որից վեճ է առաջացել: Ինչպես հետո Քրիս Ֆերելը պատմել է ոստիկաններին, երաժիշտը հարձակվել է իր վրա, և ինքը ստիպված է եղել զենք օգտագործել ինքնապաշտպանության համար:

Associated Press-ը հաղորդում, որ դեպքը կատարվել է նոյեմբերի 23-ի առավոտյան: “Pit and Barrel” բարը այդ ժամանակ արդեն փակ էր, այնտեղից հրազենային վնասվածք ստացած  44-ամյա երաժիշտ Ուեյն Միլսին տարել են հիվանդանոց, բայց նրան փրկել չի հաջողվել:

Ոստիկանությունն  այժմ ստուգում է ինքնապաշտպանության վարկածը, դեռ դեպքի կապակցությամբ ձերբակալվածներ չկան: Հայտնի է, որ բարի տերը հրազեն  կրելու թույլտվություն ունեցել է:Ականատեսները պնդում են, որ Ֆերելը գործել է օրենքի սահմանում, որ սկզբից փորձել է համոզել երաժշտին, բայց վերջինը չի լսել և խոսքակռիվը վեր է ածվել կռվի:

Միլսի ընկերը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ ուրբաթ երեկոյան նրանք համերգի են  եղել, հետո գնացել են բարեր:  “Pit and Barrel”մտնելուց առաջ  խումբը հասցրել է խմել ևս մի քանի հաստատությունում: Արդյո՞ք խմած էր Միլսը Ֆերելի բար մտնելիս, չի հաղորդվում: Սակայն հայտնի է, որ դրանից առաջ նրան բռնել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելիս:

Միլսը 15 տարի երգում էր տեղի հայտնի Wayne Mills Band քանթրի խմբում: Նա քաջածանոթ էր իրեն կրակող բարի տիրոջը:

Հոնդուրասում նախագահի 2 թեկնածուներն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին

pic_ff63d941a6a360741f6dffd624ee5f0fՀոնդուրասում  նախագահական ընտրությունների գլխավոր  2 թեկնածուներն էլ հայտարարել են իրենց  հաղթանակի մասին: Ձայների 42%-ի հաշվարկից հետո, դատելով թվերից, առաջատար է Ազգային պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Օռլանդո Էռնանդեսը.նա հավաքել է ձայների 34,15%-ը: Իր հաղթանակի մասին նա հայտնել է թվիթերում:

Երկրորդ տեղում է “Ազատություն և վերածնունդ կուսակցությունից Քսիոմարա Կաստրոն` 28,45%-ով: Նա իր հաղթանակի վերաբերյալ հետևություն է արել էքզիտ-պոլի  արդյունքների հիման վրա: Պաշտոնական արդյունքների  հրապարակումից հետո կուսակցությունն ու ինքը` Կաստրոն, թվիթերում գրել են, որ չեն ճանաչում դրանք ու կբողոքարկեն դատարանի միջոցով:

Հոնդուրասում նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել ոչ միայն նախագահական, այլև խորհրդարանական ու քաղաքապետների ընտրություններ: Իշխանությունները ընտրություններին մասնակցել ցանկացողների  մեծ հոսքի պատճառով ստիպված էին քվեարկությանը հատկացված ժամանակը երկարաձգել: Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ վերջնական արդյունքները պարզ կլինեն նոյեմբերի 25-ի առավոտից  ոչ շուտ (մեր ժամանակով` երեկոյան):

Նիդեռլանդների Թագավորության դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

635. Minister Nalbandian received the ambassador of Netherlands 25.11.2013Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան պատասխանատու առաքելության մեջ և ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Նիդեռլանդների հետ: Նախարարը նաև նշեց, որ արտգործնախարարությունը հնարավորինս կաջակցի նորանշանակ դեսպանին` իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Հորբախը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-նիդեռլանդական համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու համար:

Զրուցակիցները քննարկեցին քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղիները, շեշտեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն է «Արարարտը»

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի վերջին երկու խաղում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

«Միկա»-«Ուլիս» 2:1 (0:1)

 

Երևան, «Միկա» մարզադաշտ

 

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

 

Գոլերը՝ Վարդգես Սաթումյան, 71, 73 («Միկա»), Գեղամ Հարությունյան, 17 («Ուլիս»)

 

 

«Փյունիկ»-«Շիրակ» 1:2 (1:1)

 

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

 

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Վարդան Բակալյան, 45+1 («Փյունիկ»), Սերժ Դեբլե, 45, Դավիթ Հակոբյան, 68 («Շիրակ»)

«Շիրակը» վաստակած 21 միավորով  երկրորդն է: Առաջատարը` «Արարատը», ունի 27 միավոր, իսկ «Փյունիկը» 17 միավորով 5-րդն է: Լավագույն եռյակը եզրափակոում է Կապանի «Գանձասարը»` 19 միավոր: «Միկան» ունի 18, «Բանանցը»՝ 16, «Ուլիսը»՝ 12, իսկ «Ալաշկերտը»՝ 9 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Փյունիկ» – «Շիրակ»՝ 1:2

Վարդան Բակալյան, 45 – Սերժ Դեբլե, 43, Դավիթ Հակոբյան, 68

«Միկա» – «Ուլիս»՝ 2:1

Վարգդես Սաթումյան, 71, 73 – Գեղամ Հովհաննիսյան, 18

 

Հայ գրոսմայստերները` Չեննայում

chess-5Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Լևոն Բաբուջյանը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 114 մասնակիցների պայքարում գրավեց 8-րդ տեղը:

Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 7, Հովիկ Հայրապետյանը և Կարինա Համբարձումովան մրցաշարն ավարտեցին 6,5-ական միավորով:

9 միավորով մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ Չիթանբարամ Արավինդը (Հնդկաստան):

Գուգարք գյուղում հրդեհի հետևանքով 25 հոգի անօթևան է մնացել

P1330794-5845-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՆոյեմբերի 24-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում՝ երկհարկանի փայտյա շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել՝ 00.19-ին:
Ամբողջությամբ այրվել են Ժ. Մ-ին, Վ. Հ-ին, Վ. Բ-ին, Օ. Շ-ին, Ա. Ս-ին և Հ. Շ-ին պատկանող բնակարանները ընդհանուր՝ 300 ք.մ:
Հրդեհի հետևանքով անօթևան են մնացել 25 քաղաքացի, ովքեր վերաբնակեցվել են Վանաձոր քաղաքում և Գուգարք գյուղում` ազգականների տներում: Զոհեր և տուժածներ չկան:
Դեպքի վայրում գտնվում է մեկ մարտական հաշվարկ, որը իրականացնում է հերթապահություն:

Այդպես էլ չի նշմարվում աղքատության եզրագիծը

«Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ բաժանել Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվող, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներին: Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների… Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով, կազմակերպությունը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա, որին արդեն իսկ միացել են`

1. Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, “Marc Tognazzi Memorial Found” and “Paros Foundation” – 300 պարկ:
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան – 200 պարկ:
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանի – 10 պարկ:
4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm ” – 150 պարկ:
5. Ֆրանսիայում գործող ” Le Cercle d’Ecrits Caucasiens ” հրատարակչության կողմից – 40 պարկ:
6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ:
7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ:
8. «Գոլոլեան Հիմնադրամ», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada – 100 պարկ Վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում բնակվող մի շարք ընտանիքների ապրելակերպի և նրանց վառելափայտի տրամադրման, «Շիրակ կենտրոնի» ձեռնարկի մասին հերթական տեսանյութը` առանց մեկնաբանության:

ՄԱՆՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. «Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծուն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ»

ՄԱՆՎԵԼ  ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. «Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծուն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ»մամիկոնյանՀայ զինվորականը հազարամյակներ ի վեր իր մեջ մարմնավորել է հայի պատիվն ու կենսակերպը: Հայոց պատմության մեջ շատ են հայոց զինուժի ներկայացուցիչները, որոնց կերպարը դարեդար հայրենասիրության ու պատվի չափանիշ է հանդիսացել սերունդների համար: Նրանցից մեկն էլ հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանն էր:

Մանվել Մամիկոնյանի կյանքի առաջին հատվածի մասին, ցավոք, քիչ բան է հայտնի: Նա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հորեղբոր` Վաչե Մամիկոնյանի որդին էր: Վաչե Մամիկոնյանը Արշակ Բ արքայի (350-368) հավատարիմ սպարապետն էր, որ զոհվեց պարսից Շապուհ Բ արքայի դեմ մղված ճակատամարտում, իսկ նրա որդիները` Մանվելը և Կոնը (Մամիկոնը) գերվեցին: Համաձայն Փավստոս Բուզանդի` Մանվելը և Կոնը պարսկական զորքի կազմում կռվող հայոց այրուձիի հետ բազում հաղթական ճակատամարտեր են շահել Միջին Ասիայում` քուշանների դեմ կռիվներում:

Քուշանների դեմ տարած մի հաղթական ճակատամարտից հետո պարսից Շապուհ Բ Երկարակյաց արքան ազատ է արձակում Մանվել Մամիկոնյանին, որը վերադառնում է Հայաստան: Հայոց վեպը պատմում է, որ Մամիկոնյան հաղթանդամ եղբայրները ուղղակի փախել են պարսից գերությունից և Հայաստան հասել ոտքով: Համաձայն ավանդապատումի` ճանապարհին սկսվում է Մանվել Մամիկոնյանի հոդացավը, և նրան շալակելով` կրտսեր եղբայր Մամիկոնը օրական տաս փարսախ ճանապարհ է անցնում:

Բնականաբար, Շապուհի քայլն ամենևին էլ մարդասիրությունից չէր դրդված: Այդ ժամանակ հայոց գահին նստած էր Հռոմի հլու-հնազանդ դրածոն` Վարազդատ Արշակունի թագավորը (374-378), ինչը խոչընդոտում էր Շապուհի արևմտյան քաղաքականությունը: Եվ նենգ ու խորամանկ պարսիկը ճիշտ հաշվարկ էր կատարել:

Վարազդատը, գահ բարձրանալով, իր մտերիմ զորավար Բատ Սահառնունու դրդմամբ, խնջույքի ժամանակ սպանել տվեց քաջ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին` նրան մեղադրելով իր ազգականի` Պապ թագավորի սպանության մեջ: Որքանով էին հիմնավոր Վարազդատի մեղադրանքները` դժվար է ասել, սակայն այդ քայլով, բնականաբար, նա իր դեմ լարեց Մամիկոնյանների հզոր ու ռազմատենչ տոհմին: Եվ Մանվել Մամիկոնյանը, վերադառնալով Հայաստան, բնականաբար, պետք է փորձեր վրեժ առնել հայոց արքայից:

Եվ ահա, Մանվել Մամիկոնյանը, 376 թ. վերադառնալով Հայաստան, ստանձնում է Մամիկոնյան տոհմի գահերեցությունն ու հայոց սպարապետությունը, ինչը Մամիկոնյանների մենաշնորհն էր դարեր ի վեր: Մամիկոնյանների պայազատությունը Մանվելը ստանում է առանց ընդհարման, քանզի նրա հորեղբորորդին` Վաչե Մամիկոնյանը, այն կամավոր հանձնում է օրինավոր տիրոջը` Մանվելին: Վարազդատ արքան, բնականաբար, չէր կարող ընդդիմանալ դրան, քանզի դրա համար չուներ որևէ լուրջ իրավական փաստարկ:

Ամրապնդելով իր դիրքերը երկրում և իր շուրջը համախմբելով հայոց զինուժը` Մանվել Մամիկոնյանն ընդդիմացավ Վարազդատի հռոմեասեր քաղաքականությանը: Արքայի և սպարապետի միջև հակասությունները գնալով սրվում էին: Ի վերջո, գործը հասավ բացահայտ ընդհարման և քաղաքացիական պատերազմի: Սկսելով պատերազմը` Մանվելը նամակ է հղում Վարազդատ արքային.

«Մենք ամբողջ տոհմով հին ժամանակներից ի վեր հավատարմությամբ ծառայել ենք ձեզ` Արշակունիներիդ, մեր կյանքը զոհել ենք ձեզ համար, ապրել ու մեռել ենք ձեզ համար. Մուշեղի հայր Վասակը կորավ Արշակ թագավորի համար, և մենք միշտ աշխատել, չարչարվել ենք ձեր ցեղի թագավորության համար։ Եվ դուք, փոխանակ մեր ծառայությունների համար մեզ վարձատրելու, դուք՝ Արշակունիներդ, կոտորեցիք մեզ, որոնք թշնամիներից չմեռան ու կենդանի մնացին։ Իմ քաջ եղբայր Մուշեղը, որ մանկությունից ի վեր կյանքը ձեզ համար մաշեց, ձեր թշնամիներին կոտորեց ու երկրից վռնդեց, որին թշնամիներն անգամ չկարողացան սպանել, դու նենգությամբ բռնեցիր և սեղանին ընթրիքի նստած տեղում խեղդեցիր։

Բայց, ըստ երևույթին, դու Արշակունի էլ չես, այլ պոռնկորդի, որովհետև Արշակունիների իսկական վաստակավորներին չճանաչեցիր։ Իմացիր նաև, որ մենք ոչ թե ձեր ծառաներն ենք, այլ ընկերները, անգամ ձեզանից էլ բարձր ենք, որովհետև մեր նախնիները Ճենաց աշխարհի թագավորներ են եղել։ Առաջին Արշակունի թագավորները լավ գիտեին, թե ովքեր ենք մենք և որտեղացի, բայց որովհետև դու իսկական Արշակունի չես, ուստի այդ էլ չգիտես։ Թող ու հեռացիր այս աշխարհից, որպեսզի իմ ձեռքով չմեռնես»։

Վարազդատը պատասխան նամակով դիմում է Մանվել Մամիկոնյանին.

«Ես իսկական Արշակունի եմ և իմ նախնի Արշակունիների թագն եմ դրել իմ գլխին և տիրել նրանց աշխարհին, ես իմ հորեղբոր՝ Պապի վրեժը լուծեցի քո չարագործ եղբորից՝ Մուշեղից։ Իսկ դու այս աշխարհից չես, ինչպես ինքդ ես խոստովանում, և քո նախնիները Ճենաց աշխարհից մեզ մոտ են եկել իբրև պանդուխտներ։ Ուրեմն, մի՛ մեռիր քո եղբոր նման, ես պատժելու փոխարեն քեզ ազատ եմ արձակում, ել և գնա քո Ճենաց աշխարհը, ապրիր քո երկրում և այնտեղ թագավորիր։ Եթե չկամենաս գնալ, ապա կմեռնես իմ ձեռքով այնպես, ինչպես Մուշեղը մեռավ»։

Վճռական բախումն արքայական զորագնդերի և Մանվել սպարապետի բանակի միջև եղավ Կարնո դաշտում: Որպեսզի խուսափեն ավելորդ արյունահեղությունից` սպարապետը հայոց թագավորին մենամարտի է հրավիրում, ինչպես վայել է երկու դյուցազուն ասպետների:

Մեծ-Հայք-600x414Ինքը` հայոց թագավորը, հուժկու ուժի տեր անձնավորություն էր, որ անգամ հաղթել էր Աթենքի օլիմպիական խաղերում` կռփամարտում (բռնցքամարտ): Եվ ահա, զորքից առանձնացած` հայոց թագավոր Վարազդատ Արշակունին և սպարապետ Մանվել Մամիկոնյանը ասպետավայել մենամարտով վճռում են իրենց հակամարտության ելքը:

Մենամարտի ժամանակ սպարապետը վիրավորվում է, արքայի նիզակն անցնում է նրա այտի միջով` փշրելով ատամներից մի քանիսը, սակայն նա ավելի հմուտ է գտնվում, զինափաթ է անում Վարազդատ արքային, բայց չի սպանում, նիզակի պոչով ծեծելով` հալածական է անում նրան ճակատամարտի վայրից: Երբ արքան փախուստի է դիմում, վրա են հասնում սպարապետի որդիները` Հմայակն ու Արտաշեսը` ցանկանալով սպանել Վարազդատին: Սակայն Մանվել սպարապետը  հետ է պահում նրանց` տիրասպան մի եղեք… Արքայական զորքը անձնատուր է լինում:

Որպես հայրենատեր սպարապետ` Մանվել Մամիկոնյանը չի հեղում արքայական արյունը: Նման մի գեղեցիկ օրինակ էլ Ձիրավի ճակատամարտում ցուցաբերել էր նրա հորեղբորորդին` Մուշեղ Մամիկոնյանը, որ մենամարտում հաղթելով Աղվանից Ուռնայր արքային` մեծահոգաբար բաց է թողնում: Հին հայոց ասպետական օրենքներով` զինվորականը չպետք է հեղեր արքայական արյուն, այլ հաղթելով թագակրին` կարող էր միայն հալածել նրան, ինչն էլ արեց Մանվել սպարապետը` երկրում գրավելով իշխանությունը:

Վարազդատին հալածելուց հետո, Մանվել սպարապետը ձերբակալում է Բատ Սահառնունուն և նրան մեղադրելով Մուշեղ Մամիկոնյանի սպանության մեջ` նախ նրա աչքի առջև սպանել է տալիս Բատի որդուն, ապա և գլխատել է տալիս նրան:

Այս պատմությունը եզակի է ոչ միայն իր ասպետական դրսևորումներով: Մենք գործ ունենք Հայաստանում քաղաքացիական պատերազմի դրվագի հետ, ընդ որում պատերազմի ելքը վճռվում է մենամարտով:

Գահընկեց անելով Վարազդատ արքային` Մանվել Մամիկոնյանը հայոց գահ բարձրացրեց Պապ թագավորի երկու մանկահասակ որդիներին` Արշակ Գ-ին (378-390) և Վաղարշակին` Արշակի գահերեցության իրավունքով: Քանի որ Պապի զավակները մանկահասակ էին, նրանց և ողջ պետության խնամակալները դարձան հայոց սպարապետը և արքայամայր Զարմանդուխտը: Իր ազդեցությունը երկրում և արքունիքում ավելի ամրացնելու համար Մանվելն իր Վարդանդուխտ դստերն ամուսնացնում է Արշակ Գ-ի հետ: Սրանով, փաստորեն, Մանվել Մամիկոնյանը դառնում է հայոց աշխարհի փաստացի տիրակալը և ղեկավարը:

Թվում է` Մանվել Մամիկոնյանի կողմից իշխանության զավթումով իր նպատակին հասավ պարսից Շապուհ արքան: Սակայն նրա հաշվարկները սխալ էին: Մանվելն ի սկզբանե վարեց անկախ քաղաքականություն և չլծվեց պարսից ռազմական սայլին: Սա բնավ Շապուհի սրտով չէր, և պարսից արքան մեծաքանակ զորք ուղարկեց Հայաստան: Պարսիկները սկզբում հաջողության հասան և գրավեցին երկիրը: Սակայն Մանվել Մամիկոնյանը, համախմբելով հայոց զինուժը, վճռական հարվածով ջախջախում է պարսկական զորաբանակը և ազատագրում երկիրը:

Սա բացահայտ հարված էր Պարսկաստանին և արդեն Մանվել Մամիկոնյանի մահից հետո Արշակ Գ-ն, խույս տալով պարսիկներից, տեղափոխվեց Արևմտյան Հայաստան, իսկ պարսից արքան նրա փոխարեն հայոց գահին բազմեցրեց Խոսրով Դ-ին:

Մեծ հայրենասերն ու անխոնջ մարտիկը մահացավ 384 թ.: Մահից առաջ նա Մամիկոնյան տան պայազատությունն ու հայոց երկրի սպարապետությունը հանձնեց իր Արտաշես որդուն` նրան պատգամելով հավատարմորեն ծառայել Արշակ Գ-ին.

«Ուրախությամբ հանձն առ քո մահը քո հարազատ երկրի համար, ինչպես քո քաջ նախնիները, որովհետև, դա արդար գործ է և աստծո կողմից ընդունելի։ Երկրի վրա քաջության անուն թողեք և ձեր արդարությունը երկնքին նվիրեցեք։ Մահից ամենևին մի վախենաք, համարձակ մեռեք աստվածապաշտ երկրի համար, ձեր բնիկ տերերի՝ Արշակունիների համար։ Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծուն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ»։

Մահվան մահճում հայոց սպարապետն իր շուրջն է հավաքում հայոց ավագանուն` այր թե կին` հայոց Զարմանդուխտ արքայամոր գլխավորությամբ: Առանց ամաչելու ներկաներից` նա ամբողջովին մերկանում է և ի ցույց դնում պատերազմների ժամանակ ստացած անհարմար սպիները: Նրա մարմնի որևէ անդամի վրա անգամ մեկ դրամի չափ տեղ չկար, որ սպիներով պատված չլիներ:

Անկողնում դիմելով ներկաներին` սպարապետն արտասվում է. «Մանկությունից ի վեր ես պատերազմների մեջ եմ մեծացել, ամեն մի վերք տարել եմ քաջությամբ, բայց ինչո՞ւ ինձ բախտ չվիճակվեց պատերազմի մեջ մեռնելու, այլ մեռնելու այսպես՝ անասունի պես: Ինչո՞ւ ես բախտ չունեցա ընկնել կռիվներում մեր երկրի, մեր երկրի բնիկ Արշակունի տերերի, մեր կանանց ու զավակների, աստվածապաշտ մարդկանց, եղբայրների, ընկերների և մտերիմ բարեկամների համար։ Ես պատերազմներում ինձ շատ հանդուգն էի պահում, կարծում էի՝ կընկնեմ հերոսի մահով։ Բայց տեսա՞ք, թե ինչ պատահեց, ինձ վիճակվեց մեռնել վատագույն մահով՝ անկողնում պառկած»:

 

Ֆրանիսայի քաղաքացին ընդդեմ Նապոլեոն Ազիզյանի. կբռնագանձվի ավելի քան 22 մլն. դրամ

նապոլեոն ազիզյանՖրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը պահանջել է նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն. ՀՀ դրամ, ինչպես նաև` այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները: Այս մասին գրում է Փաստինֆոն:
Բանն այն է, որ 2010թ. նոյեմբերի 15-ին Նապոլեոն Ազիզյանը ֆրանիսայի քաղաքացուց մեկ ամիս ժամկետով պարտքով վերացրել է 22 մլն. դրամ` պարտավորվելով այն մեկ ամսից չվերադարձնելու դեպքում վճարել 4 տոկոսի չափով տուգանք:
Բայց անցել է 2 տարի, իսկ Նապոլեոն Ազիզյանը չի վերադարձրել ոչ պարտքը, ոչ էլ տոկոսները: 2 տարի անօգուտ սպասելուց հետո ֆրանսիացին ի վերջո դիմել է դատարան և շահել դատը:
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախկին պատգամավորին պարտավորեցրել է վճարել 22 մլն. դրամը և այդ գումարի նկատմամբ սկսած 2010 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվարկված տոկոսները:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

ԱԻՆ. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են

ճանապարհՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Կիևի հրապարակում ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել

i (7)Ուկրաինայի մայրաքաղաքի Եվրոպական հրապարակում եվրաինտեգրման կողմնակիցները բախումներ են ունեցել Կիևի ոստիկանության  հետ:

Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, ցույցերը սկսվել են նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով 23:15-ին: Ցուցարարները “Բերկուտ” հատուկ ստորաբաժանման աշխատակիցների հետ  են բախվել, ինչի հետևանքով մի քանի մարդ է տուժել: Հրապարակ է եկել շտապօգնություն: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Հայտնի է, որ վիրավորվել են ռադայի մի պատգամավոր ու ՆԳՆ  պետվարչության նախկին ղեկավարը:

Հետո ցուցարարները սկսել են մետաղական վահանակներով  վրանային ճամբարներ խփել: Ոստիկանության  տվյալներով, նոյեմբերի 24-ին ցույցին մասնակցել է 50 հազար, կազմակերպիչների տվյալներով` 100 հազար մարդ:

Բողոքի ցույցերը Կիևում սկսվել են այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը հայտնեց, որ ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման  նախապատրաստումը կասեցվել է: Սպասվում էր, որ  Ուկրաինան այդ համաձայնագիրը կստորագրի նոյեմբերի վերջին  Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

Հռոդոսում ջրհեղեղի հետևանքով պատճառված վնասը գնահատվել է 5 մլն եվրո

i (6)Հունական Հռոդոս կղզում ջրհեղեղի հետևանքով պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 5 մլն եվրո:

Ողջ Հունաստանում մեծ քանակությամբ տեղումներ են եղել, որոնք էլ հանգեցրել են ջրհեղեղի: Լեռնային գետերը դուրս են եկել ափերից ու հեղեղել մի քանի գյուղ: Ջրի հոսքի հետևանքով 3 մարդ է ավտոմեքենաների մեջ խեղդվել: Հոսանքազրկվել է կղզու մի քանի շրջան: Հռոդոսում հիմա արտակարգ իրավիճակ է հայտարարված , արդեն մի քանի օր է, ինչ Հունաստանում չեն դադարում ամպրոպները: Օդերևութաբանների կանխատեսումներով, նոր տեղումներ են լինելու:

Չինաստանում թույլատրել են մեկից ավելի երեխա ունենալ

i (5)Չինաստանում իշխանությունները թույլատրել են ընտանիքներին մեկից ավելի երեխա ունենալ: Այդ փոփոխությունը միայն այն ընտանիքներին է վերաբերում, որոնցում ամուսիններից մեկն իր ընտանիքի միակ երեխան է եղել:

Չինաստանի կառավարությունն այդ  քայլին է  գնացել ծերացման խնդրի պատճառով.20 տարուց Չինաստանին աշխատունակ բնակչության սուր  անբավարարություն  է սպառնում: Սակայն, բոլոր չինացիները պատրաստ են էլի երեխաներ ունենալ:”Մենք մեկ երեխա ունենք, երկրորդը չի լինելու: Երկու երեխան լավ է, սակայն դրա համար պայմաններ են պետք, մենք այնքան էլ հարուստ չենք: Չէ որ պետք է ապահովել անհրաժեշտ բաներով”,-ասում է երիտասարդ կինը:

Չինացի լրագրողների հաշվարկով, Պեկինում մեկ երեխա  մեծացնելու համար  ավելի քան 2 մլն յուան է հարկավոր: Այդ գումարը հավաքելու համար ընտանիքը 23 տարի  չպիտի ուտի և խմի:

Ծերացող Չինաստանը աստիճանաբար անցնում է թոշակի համակարգի վերափոխման: Թոշակի տարիքն աստիճանաբար բարձրանում  է, իսկ  թոռներով ու երեխաներով շրջապատված ծերությունը վայելելու երազանքն, ամենայն հավանականությամբ, քչերին կհաջողվի իրականացած տեսնել:

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում պայթյուն է եղել

i (4)Բելֆասթի ոստիկանությունը փորձել է զննել կասկածելի ավտոմեքենան, որին հետևել է պայթյունը: Փակ են մի քանի փողոցներ, ոստիկանությունը տարհանել է մոտակա շենքերի ու տների բնակիչներին:

Մանրամասները դեռ հայտնի չեն:

ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն ու Մեծ Բրիտանիան գաղտնալսել են Մերկելի հեռախոսը

i (3)Կանցլեր Մերկելի հեռախոսը ոչ միայն ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն է գաղտնալսել, այլև Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Կորեայի հետախուզությունը: Դրա մասին հայտնել է Գերմանիայի հատուկ ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը:

Հեռախոսի գաղտնալսումը իրականացվել է 80 սմ տրամագծով  պարաբոլիկ ալեհավաքի  ու մի քանի սարքերի օգնությամբ: Նման տեխնիկա ազատ վաճառվում է համացանցում: Նշվում է, որ Գերմանիայի հատուկ ծառայությունները բարձրաստիճան պաշտոնյաներին զգուշացրել են նրանց հեռախոսների գաղտնալսման վտանգի մասին:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, Գերմանիայում դիվանագիտական շղարշի ներքո աշխատում է ռուսական հետախուզական ծառայության 120 գործակալ: