Monthly Archives: December 2013
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ալավերդու, Վայքի,Սիսիանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ամանորյա անակնկալները շարունակվում են (Տեսանյութ)
Ամանորյա հերթական ուրախալի անակնկալը սպասում էր Գյումրու 6- մետրանոց փոքրիկ տնակում 6 անձով բնակվող Մովսիսիյանների ընտանիքին: «Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա» միջազգային կազմակերպության աշխատակիցները ցանկություն էին հայտնել Ամանորի նախաշեմին իրենց աշխատավարձերից նվիրաբերած գումարներով օգնել սոցիալական ծանր պայմաններում բնակվող գյումրեցի այս անօթևան ընտանիքին` տրամադրելով ինչպես առաջին անհրաժեշտության կենցաղային իրեր, այնպես էլ վառելափայտ և ամանորյա սեղանին անհրաժեշտ մթերքներ:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ևս միացան կազմակերպության բարեգործական ձեռնարկին և գործընկերների կողմից տրամադրված ձմեռային հագուստ ու համակարգիչ նվիրեցին Մովսիսյանների ընտանիքին:
Մովսիսյանների բազմանդամ ընտանիքի ապրելակերպի և բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:
Ամեն տարի ԱՄՆ-ում ընտանեկան բռնության զոհ է դառնում 1,5 հազար երեխա
ԱՄՆ-ում ամեն օր մեծերի ձեռքից 5 երեխա է զոհվում: XXI սկզբից ԱՄՆ-ում կենցաղային բռնության հետևանքով ավելի քան 20 հազար երեխա է զոհվել: Այսպիսի տվյալներ է հնչեցրել “Երեխաների ազգային ճակատ” ՀԿ-ն, որն աշխատում է ԱՄՆ արդարադատության և Մանուկների փաստաբանների ազգային ասոցիացիայի հովանու ներքո:
2011-ին մանուկների ու դեռահասների մահվան 1570 դեպք է արձանագրվել, ավելի քան 279 հազարը ենթարկվել են ծեծի, բռնության, բռնաբարության կամ հոգեկան ճնշման: Ամենաշատ բռնություններ են արձանագրվել “սպիտակ” ընտանիքներում`158 հազար բողոք: Նրանցից 3 անգամ քիչ են ոստիկանությանը դիմել դեռահաս աֆրոամերիկացիները` 56 հազար բողոք:
“Այս մռայլ համատեքստում ուրախալի մի բան կա, որ երեխաների նկատմամբ բռնության խնդրով ակտիվ զբաղվում են պետական մակարդակով: Վերջին տարիներին ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրեր ու տառապող անչափահաստ երեխաներին օգնելու ծրագրեր են ընդունվում,-ասել է փաստաբան Արկադի Բուշը:-Իրավապահ մարմիններն առաջին իսկ ազդանշանից սկսում են հետաքննությունն, իսկ սոցիալական խնամատարության ծառայություններն արագ կարողանում են հասնել ծնողական իրավունքից զրկելուն”:
Մինչդեռ, Ռուսաստանում ընտանեկան բռնությունից ամեն տարի զոհվում է շուրջ 10 հազար կին ու 26 հազար երեխա:
Արքայազն Ուիլյամն իր որդուն Ամանորի առթիվ իր ձիուկն է նվիրելու
Արքայազն Ուիլյամի որդին Նոր տարուն նվեր կստանա իր հոր հին խաղալիքները:
Ինչպես հայտնել է Ուիլյան Արթուր Ֆիլիպ Լուին, իր 6-ամսական որդին` արքայազն Ջորջը, նորաոճ գաջեթներ չի ստանա ամանորին: Դրա փոխարեն հայրն իր առաջնեկին կփոխանցի իր` փոքրիկի հոր խաղալիքները. ձեռքով պատրաստված ձայտե ձիուկը, զինվորներն ու փոքրիկ արջուկներ ու ավստտրալական վոմբատներ հիշեցնող ֆիգուրները:
Վինձորների դինաստիան հայտնի է իր գործնականությամբ: Ասում են, որ Եղիսաբեթ թագուհու ամուսինը` Էդինբուրգյան դուքսն արդեն 40 տարի նույն կոստյումն է կրում, իսկ թագուհին քնում է կարկատած սավանների վրա:
Ի դեպ, բրիտանական ԶԼՄ-ներն ակնդետ հետևում են թագավորական ընտանիքի բոլոր ծախսերին, ինչի համար ամեն տարի պետական բյուջեից է փող հատկացվում:
ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի մաքսակետի բացառումը Արցախի հայապատկանության իրաւականացումն է
Ղազախստանի նախագահը հատուկ կարծիք կցելով ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության ուղղությամբ ճանապարհային քարտեզի փաստաթղթի տակ ստորագրելուց, հստակեցման առումով կարեւոր քայլ արեց։ Այս խնդրի հստակեցումը խորհրդարանական լսումներին առաջինն արծարծեց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որն այնպես էլ պատասխան չստացաւ:
Առաջին անգամ չէ, որ ՄՄ-ի անդամ եւ Բաքվի հետ հատկապես տնտեսական գերշահութային հարաբերությունների մեջ գտնվող երկրների ներկայացուցչիները նման վերապահումներով հանդես են գալիս ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության գործընթացում։ Նույնքան պարզ է, որ Բաքուն ճիգ չի խնայելու նման դրսեւորումների ապահովմամբ խոչընդոտելու ՀՀ-ի ՄՄ միացումը կամ աւելի ճիշտ` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի ճշտումը, Արցախը թե՜ իրողապես եւ թե՜ իրաւական գետնի վրա դուրս թողելով ՄՄ-ի սահմաններից։ Բաքվի ռազմավարությունը այս հարցում ՀՀ-ի մեկուսացումն է թե՜ ասոցացման համաձայնագրի շրջանակներից եւ թե՜ ՄՄ-ից։ Այլ խոսքով ոչ միայն «ե՜ւ ե՜ւ»-ի չաշխատելը այլ նաեւ` «կամ կամ»-ինը։ Նման կարգավիճակի բանաձեւը գուցե լինի ո՜չ սա, ո՜չ նա։ Կամ էլ մեկուսացման առումով թե՜ թե՜:
Պարզ է, որ ՀՀ-ի կողմից որդեգրված բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը որոշակի խոչընդոտների է հանդիպում։ Բայց կա ի վերջո առաջնայնության խնդիր եւ այս դեպքում Արցախի ներկա իրողության ընկալման խնդիրն է այս կամ այն միության կողմից։ Նույն հարցը կարելի էր տալ նաեւ ԵՄ-ին, իմանալու համար որ խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը ի՞նչպես էր ընկալելու արցախյան տարածքը։
Նախագահ Պուտինը դեռեվս իր խոսքը չի ասել։ Այսուհանդերձ, ՀՀ-ի ՄՄ մուտք գործելու դեպքում արցախյան կարգավիճակը ընդհանրապես քննարկման թեմա չպետք է դառնա։ Այս առումով ուղենշային է Ստեփանակերտի դիրքորոշումը, որը արտահայտել է ԼՂՀ վարչապետը:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի պնդմամբ, ճիշտ չեն քննարկումները, թե ինչ է լինելու Արցախի «ճակատագիրը» Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու դեպքում:
Վարչապետի խոսքով, Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետի գոյությունը բացառվում է:
«ՄՄ երկրները դեռևս նախնական պլանավորման ու բանակցությունների փուլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն: Բայց մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ոչ որևէ պետության, ոչ էլ պետությունների խմբերի կողմից»։
ՀՀ-ի հետ միաժամանակ Արցախի ներառումը ՄՄ, տարածքի հայապատկանության փաստացի ընդունումը կլինի ՄՄ-ի պետությունների կողմից։ Ռազմավարական գետնի վրա գուցե աւելի նպատակահարմար լիներ, որ ԼՂՀ իբրեւ անկախ միավոր ՀՀ-ի հետ առընթեր ունենար ճանապարհային քարտեզ միանալու ՄՄ-ին։ Սա աւելի համահոնչ էր դեպի միջազգայն ճանաչում ուղղվող Արցախին։ Սակայն ՀՀ-ի հետ համատեղ Արցախի ներառումը ՄՄ-ին արդեն իսկ փաստում է, որ Արցախն իր ներկա սահմաններով ՄՄ-ի անդամ պետությունների համար դուրս է ադրբեջանական տարածքից։ Սա արդեն կարող է դիտվել դեպի իրաւական ճանաչում գրանցվող գործնթացներում կարեւոր շրջադարձ։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Չինաստանի առևտրի կենտրոնում հզոր պայթյուն է եղել
Չինաստանի Լուչժոու քաղաքի առևտրի կենտրոնում հզոր պայթյուն ու հրդեհ է եղել:
Մի քանի զոհ ու 30 վիրավոր կա: Շենքը մասամբ փլուզվել է ու շարունակում է այրվել: Տեղում աշխատում են ոստիկանները, հրշեջներն ու շտապօգնության մեքենաները: Փողոցի բանուկ հատվածը ծածկվել է փշրված ապակիով ու բեկորներով, վնասվել են մաև մոտակա շինությունները: Ամենուր բեկորներ են:
Պատահարի հավանական պատճառ է համարվում գազի արտահոսքը
Մարզպետը նախատեց պաշտոնյաներին
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ամփոփելով 2013 թվականը մատնանշում է, որ մարզի թիվ մեկ խնդիրը եղել և մնում է բավական վատ վիճակում գտնվող սոցիալական ոլորտը: “Մեր ցավոտ տեղն է սոցիալական ոլորտը: Գտնվում ենք ամենաաղքատ մարզում, ու դա իրականում այդպես է: Եվ հաշմանդամների թվաքանակով, և այս կարգի այլ հարցերով մենք առաջին տեղում ենք: Բնական է այդ վիճակը, որովհետև տեսել ենք աղետ, երկրաշարժ և դրանից հետո չենք կարողացել ուղղվել: Բայց կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել հավասարությամբ, մարդկային վերաբերմունքով: Ես ամեն օր աշխատանքի եմ գալիս, միջանցքում քաղաքացի է կանգնած, բարևում անցնում եմ: Ի՞նչ կարիք կա մարդուն քաշքշել, այս ու այն կողմ տանել, որ ես անցնեմ: Այսպիսի բաներ կան նաև ձեր կաբինետներում”, – մարզպետարանի վարչությունների աշխատակիցներին ու համայնքների ղեկավարներին ասում է մարզպետը, ապա իր կյանքից բերում մի օրինակ, երբ պաշտոնյայի անտարբերությունը մարդկանց հիվանդության պատճառ է դառնում: – “Շրջաններից մեկում էի աշխատում: Մի բանվոր մարդ, ամեն մի ձեռքն իմ երկու ձեռքի չափ, հսկա անձնավորություն, եկավ այն ժամանակ շրջկոմի մի բաժնի վարիչի մոտ: Տվյալ պահին ես էլ էի այդ աշխատասենյակում: Հարցրեց վարիչին` այս բանը կարո՞ղ եք անել, սա ասաց` չէ, հնարավորություն չունենք: Մեկուրիշ բան ասաց` էլի նույն պատասխանը, երրորդն ասաց` դարձյալ նույնը: Էս մարդն ինչ ասաց, պատասխանեց` չէ: Գոնե չասաց մի բան կանենք, կմտածենք, գնամ զեկուցեմ, բոլոր հարցերին պատասխանեց` հնարավորություն չունենք: Էս մարդը վեր կացավ, մի վատ խոսք ասաց, հետո էլ “բա ասում են ինֆարկտն ինչից կեղնի, ձեր էս դռները բացել-փակելուց կեղնի”: Զարկեց դուռն ու ապակիները ջարդեց, լցրեց վար գնաց: Բաժնի վարիչն անգամ հետևից չասաց` ինչու ջարդիր, որովհետև ասելու բան չուներ: Այսինքն, ամեն ինչ գալիս է մեզանից”, – իր խրատական խոսքն ավարտեց մարզպետ Ցոլակյանը:
Նրա գնահատմամբ նույնը տիրում է նաև բուժհաստատոթյուններում: “Չսափրված բժիշկ, ձեռքերը գրպանը բժիշկ, ինձ վրա շատ վատ ազդեցություն է թողնում: Սովորական վերաբերմունք հիվանդի նկատմամբ, մեր բնատուր կոպտությունը մեր տանեցիների վրա չպետք է թափենք, ոչ էլ հիվանդների, ինչը շատ հաճախ կրկնվում է մեր մարզում: “Ընչի՞ ես եկել”, “Դու ո՞վ ես”, այս հարցադրումները ոչ բժշկին են սազում, ոչ էլ պետական հիմնարկի որևէ պաշտոնյայի: Այ սա ես կուզենայի, որ վերանար: Այդ վերաբերմունքն առաջանում է, երբ մարդն առաջին հերթին կուլտուրայի պակաս ունի”:
Ի դեպ, Ֆելիքս Ցոլակյանը միակ մարզպետը չէ, ով “դասեր” է տալիս մարզի պաշտոնյաներին: Նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի համառ ջանքերի շնորհիվ բոլոր համայնքապետերը սովորեցին նիստերին ներկայանալ սափրված ու կոստյումով, և ամենակարևորը` կապել փողկապ: Գիզիրյանն ասում էր` գյուղապետարան գնացեք սափրված ու կոկիկ, որ բնակիչն իմանա իր դեմ պաշտոնյա, ղեկավար է կանգնած, սկսի հարգել: Որը, կարծես թե, ստացվել է:
Իսկ Ֆ.Ցոլակյանն անցնում է ավելի նուրբ քայլերի:
Ճանապարհների սպասարկման համար գումարն էլի քիչ է
Կառավարության 2008թ. 112 որոշմամբ Շիրակի մարզի 814.9 կմ երկարության ավտոմոբիլային նշանակության ճանապարհներից 458 կմ-ն գտնվում է մարզպետարանի ենթակայության ներքո: Այս ներմարզային ճանապարհների զգալի մասն անցնում է սաստիկ ձմեռային պայմաններ ունեցող տարածքներով: Դրանց պահպանման և սպասարկման համար կառավարությունը միջոցներ է հատկացնում, բայց այն շատ քիչ է աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար:
“Մարզի 5 տարածաշրջաններից մարզային ենթակայության 458 կմ ճանապարհ ունենք, որի համար 2014թ. պետական բյուջեից հատկացվել է 105 մլն 239 հազար դրամ: Այդ գումարով հնարավոր է իրականացնել միայն 150կմ երկարության ճանապարհի ձմեռային պահպանության աշխատանքները, որը կազմում է ճանապարհների 32.7%-ը”, – ասում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Ըստ պաշտոնյայի այդ գումարներով հնարավոր է իրականացնել Աշոցքի տարածարջանի 71.6 կմ երկարության ճանապարհների 49.5 կմ-ի պահպանումն ու սպասարկումը: Ամասիայի տարածաշրջանի 101 կմ ճանապարհից` 30 կմ-ի, Ախուրյանի տարածաշրջանի 92.7 կմ-ից`28.6 կմ-ն, Արթիկի տարածաշրջանում 34 կմ ճանապարհներից 15.6 կմ-ի, Անիի տարածաշրջանի 80 կմ-ից` 25 կմ-ի:
Մարզպետն առաջարկել է քննարկել մի տարբերակ, ըստ որի ճանշինները հավասար մակարդակով ապահովելու են բոլոր ճանապարհների սպասարկումը, թող միջին լինի, բոլորի համար լինի, եղանակով:
“Մարզի այս ճանապարհների սպասարկումն իրականացնում են 4 կազմակերպություններ, որոնք ունեն բավական տեխնիկական միջոցներ ձմեռային սպասարկում կատարելու համար: Չորսը միասին ունեն 11 ռոտոր, 11 ավտոգրեյդեր, 4 տրակտոր, 3 ամբարձիչ, 12 բուլդոզեր, 24 ինքնաթափ, 8 բանվորական ավտոբուս: Ունեն կուտակած 3020խմ ավազ, 122 տոննա տեխնիկական աղ և 40.5 տոննա դիզվառելանյութ”, – ասում է Ալբերտ Մարգարյանը:
Թաիլանդում ՃՏՊ-ի հետևանքով 32 մարդ է զոհվել
Թաիլանդում միջքաղաքային ուղևորատար ավտոբուսի վթարման հետևանքով 32 մարդ է զոհվել:
40 ուղևոր փոխադրող ավտոբուսը բախվել է արգելապատնեշին ու ընկել 50 մ բարձրությունից: Իրավապահների վարկածի համաձայն, վթարի պատճառ կարող է լինել մարդկային գործոնը.ամենայն հավանականությամբ, վարորդը ղեկին քնել է: Ականատեսների վկայությամբ, ավտոբուսը բավական արագ է ընթացել:
Ոստիկանությունն առայժմ չի պարզել, թե ավտոբուսում եղել են օտարերկրացիներ, թե ոչ:
Ֆելիքս Ցոլակյանն ընդդեմ անբարեխիղճ համայնքապետերի
Այսօր տեղի ունեցավ Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստը: Ըստ հրապարակված թվերի թեև մարզի համայնքները 92.5%-ով կատարել էին սեփական բյուջեի հավաքագրումը, սակայն մարզպետն այնքան էլ գոհ չէր նրանց աշխատանքից:
Մարզպետարանի ֆինանսական վարչության պետը նշում է, թե այն համայնքները, որոնք միշտ ցածր արդյունքներ են ցույց տալիս, որոնց ղեկավարները փոխվել են` 100%-անոց հավաքագրում են ունեցել, մյուսները պահպանում են վատ ցուցանիշը: Այսինքն, ամեն ինչ կապված է համայնքի ղեկավարից, եթե ուզում է` հարկերն հավաքում է:
“Համայնքապետեր կան, որոնց հետ ես անձամբ հանդիպել, խոսել եմ, խոստում են տվել ՝ չեն արել, ավելի է վատացրել վիճակը: Ամոթ է, ի՞նչ խոսեմ 50%-ից քիչ հավաքագրում անողի հետ. ի՞նչ ես արել ժողովրդին, որ մի հատ էլ բերի մուծի: Իհարկե, կան ևաև շատ պարտաճանաչ, բարեխիղճ մարդիկ, ու եթե ոչինչ էլ չանես` նրանք բերում մոտ 30%-ը վճարում են, էլ ինչի՞ ես գնացել ընդեղ նստել”, – ցածր տոկոսի հավաքագրում կատարած համայնքապետերին դիմեց մարզպետը:
Հետո ավելացրեց. “Խոստանում եմ, որ հաջորդ տարի` տարեսկզբին, զբաղվելու ենք այդ համայնքներով՝ առանձին-առանձին: Թող իրենք վարկաբեկվեն իրենց գյուղում: Իմ ասելիքն այդ մարդուն հետևյալն է, դու չես աշխատում, բարեխիղճ չես, մենք քո հետագա աշխատանքը գտնելու ենք ոչ նպատակահարմար, և դա անելու ենք: Բազմաթիվ ստուգումներով այդ համայնքապետին դնելու ենք այնպիսի վիճակի մեջ, որ ինքը թողնի գնա”:
Ֆելիքս Ցոլակյանը նաև ավանդափոխություն էր արել ու հիասթափեցրեց համայնքապետերին: Ամեն տարի, տարեվերջյան նիստն ավարտվում էր տոնական սեղանի շուրջ: Նոր մարզպետն ուղղակի ամբիոնից շնորհավորեց նրանց, հորդորեց Նոր տարին իրենց տներում նշել և որ այսուհետ այդ ավանդույթը փոխվելու է: Համայնքապետերից շատերն այս լսելով ցածրաձայն ասում էին`”Իա~, յանի բան կենեիք, էդ էլ հանեցիք”:
Դաղստանի նախագահը այցելել է Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբեի 26-ին ընդունել է Դաղստանի Հանրապետության նախագահ Ռամազան Աբդուլաթիպովի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Ալիևը հանդիպան ընթացքում նշել է, որ Ռուսաստանի առանձին սուբյեկտները, այդ թվում` նաև Դաղստանը, կարևոր դեր են խաղում ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում: Ըստ Ադրբեջանի նախագահի` այս հանդիպումը լավ հնարավորություն է եղել` տնտեսական ոլորտում համագործակցության հարցերը քննարկելու համար:
Իր հերթին Ռամազան Աբդուլաթիպովը նշել է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը կարևորում է ադրբեջանադաղստանյան հարաբերությունների ամրապնդումը: Դաղստանի նախագահը ընդգծել է նաև, որ Դերբենտում Հեյդար Ալիևի հիշատակին նոր արահետ և այգի են կառուցվելու:
Սուրբ Ծննդյան օրը պիրանյա ձկների հարձակման հետևանքով 60 մարդ վնասվածքներ է ստացել
Արգենտինայի գետերից մեկում պիրանյաները հարձակվել են Սուրբ Ծննդյան տոնակատարությունների մասնակիցների վրա՝ վիրավորվել է 60 մարդ:
Գիշակեր ձկների անակնկալ հարձակման ժամանակ գետում գտնվող տասնյակ մարդկանց շարքում 20 երեխա է եղել, որոնք ևս վնասվածքներ են ստացել:
Յոթամյա աղջիկը հարձակման ընթացքում կորցրել է իր մատի մի մասը:
Մյուս լողորդները խորը վերքեր են ստացել իրենց արմունկների, մատների և ձեռքերի վրա:
Հարձակումը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան օրը Ռոսարիո քաղաքում Պարնա գետի հայտնի լողափին:
Բժիշկները պիրանյաներին բնորոշել են որպես շատ ագրեսիվ:
Գիշակեր ձկներին գրավել է ափամերձ հատվածում ձկնորսների թափած կենդանական մնացորդները:
Տեղի կառավարության ներկայացուցիչը հարձակումը հազվադեպ է համարել:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները Չինաստանում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 26-ին հանդիպումներ է ունեցել ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի և ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի հետ:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-չինական պաշտպանական համագործակցության հետագա զարգացման ուղիները: Մասնավորապես` քննարկվել են ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը` 5 միլլիոն չինական յուանի չափով:
Դեկտեմբերի սկզբից մինչեւ հունվարի 5-ը պաս է հայտարարվել
Տոներն են մոտենում: Բազմաթիվ հայ կանայք արդեն ավարտել են գնումները, հասցրել են կիսով չափ կամ նույնիսկ լիովին պատրաստել տոնական սեղանները, ոմանք յուրօրինակ ուտեստներով են զարմացնելու հյուրերին, ոմանք հին ավանդական կերակուրներով, իսկ սեղանի թագուհի՝ խոզի բուդն արդեն սառնարանում է:
Ազգագրագետ Սոնիա Թաշչյանի խոսքով խոզի բուդ չպետք է լինի ամանօրյա սեղանին, որովհետև այս օրերին պաս է հայտարարվել քրիստոնեության կողմից: Այս ընթացքում կենդանիները սնվում են արմատներով, ընդեղենով կամ նոր ծլած բանջարներով.
«Դեկտեմբերի սկզբից մինչեւ հունվարի 5-ը պաս է հայտարարվել: Հնում` նախաքրիստոնեական շրջանում, մարդիկ, լինելով այդ մշակույթի կրողը, իրենք պարզապես արմատներ են օգտագործել ու մատուցել Աստվածներին: Պատրաստել են պասուց դոլմա, լոբով, ավելուկով աղցաններ, այլ ոչ թե մսով ուտեստներ»:
Ինչ վերաբերում է խոզի բդին, ապա ըստ Սոնիա Թաշչյանի հայերը խոզի և տավարի միս աշխատել են չօգտագործել, հատկապես տավարի, որը սնող կենդանի է ընտանիքում: Ազգագրագետը խիստ քննադատորեն վերաբերվեց խոզի բուդը սեղանին դնելու սովորությանը, հատկապես եփված խոզի գոճին ամբողջությամբ սեղանին դնելու մեր ցանկությանը.
«Մենք մեզ համարում ենք քրիստոնյա ազգ, բայց տարրական հարգանք ու սեր չունենք բնության հանդեպ, երբ այդ նորածին գոճին բերում դնում ենք սեղանին: Դա պարսավելի է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Ազատազրկումը պատիժ է. Ժորժետա Մեսրոպյան
«Այսօր «քրեական» օրենքները գերիշխում են Հայաստանի նորմատիվ իրավական ակտերին: Ես իմ ամենօրյա գործունեության ընթացքում հանգել եմ այս եզրակացությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քրեակատարողական հիմնարկներում գործող գողական համակարգի մասին նշեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը:
Ըստ ՔԿՀ-ներում գործող դրվածքի՝ ՔԿՀ վարչակազմի դեմ բողոքողը կհամարվի «գործ տվող»: Նրա հանդեպ կկիրառվեն դաժան պատժի ձևեր, ընդհուպ մինչև սեռական ոտնձգություն: Այս է պատճառը, որ դատապարտյալները չեն բարձրաձայնում ՔԿՀ-ների պայմանների մասին.
«Դժգոհ եմ դիտորդական խմբի և Արդարադատության նախարարության համագործակցությունից: Այն, որ բողոք չունենք, նշանակում է, որ սարսափելի է վիճակը: Թիվ մեկ խնդիրն է ՔԿՀ-ներից վերացնել քրեական հարաբերությունները»:
Նրա խոսքով նախարարությունը պարտավոր է 3 օրվա ընթացքում պատասխանել խմբի հրատապ հաշվետվություններին, բայց կան դեպքեր, երբ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում չի պատասխանել:
Այս տարի դիտորդական խումբը մոտ 120 այցելություն է կատարել Հայաստանի բոլոր 12 ՔԿՀ-ներ, 70-ից ավելի գրություններ է ուղարկել տարբեր գերատեսչություններ, զրույց է ունեցել ավելի քան 200 դատապարտյալի հետ:
Խմբի անդամ Ժորժետա Մեսրոպյանի համոզմամբ ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը զբաղվածության բացակայությունն է: Բանտարկյալներն ի վերջո դուրս են գալու ՔԿՀ-ից, մինչդեռ ձեռք չեն բերում մասնագիտություն, հմտություններ, որոնք իրենց պետք կգան ազատության մեջ, կօգնեն ինտեգրվել հասարակությանը.
«Ուզում ենք, որ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինի ՔԿՀ-ներում զբաղվածության խնդիրը: Ազատազրկումը պատիժ է, իսկ պատիժը կրել անգործության մեջ, արդեն դաժանություն է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Ադրբեջանում գենդերային անհավասարակշռության վտանգ կա
Ադրբեջանի տղամարդկանց, կանանց, և երեխաների հարցերով զբաղվող Պետական հանձնաժողովի ղեկավար Հիջրան Հուսեյնովան հայտարարել է, որ կանանց և տղամարդկանց հարաբերակցության փոփոխությունը կարող է հանգեցնել գենդերային անհավասարակշռության: Նրա խոսքերով՝ վերջին 20 տարիների ընթացքում տղամարդկանց թիվը աճել է, որի հետևանքով Ադրբեջանում տղամարդկանց և կանանց թիվը հավասարվել է: «Ինչպես մյուս երկրները, այնպես էլ Ադրբեջանը ևս բախվել է դեմոգրաֆիական խնդիրների հետ: Այս հարցի առնչությամբ պետք է իրականացնել նախազգուշական միջոցառումները: Միջնակարգ դպրոցներում, բժշկական հաստատություններում պետք է իրականացվեն լուսավորչական աշխատանքներ՝ կապված աբորտների հետ, որնք արվում են երեխայի սեռի պատճառով: Ավելի նպատակահարմար կլիներ, որ այդ հարցերում առողջապահության նախարարությունը ուժեղացներ իր հսկողությունը»,-նշել է Հուսեյնովան:
Հայ-ադրբեջանական մերձեցումը հայտնվել են Ռուսաստանի ԱԳՆ-ի 2013 թվականի ամփոփիչ զեկույցում
Ռուսաստանի արտգործնախարարության 2013 թվականի զեկույցում հայ-ադրբեջանական շփման վերականգնումը նշվել է որպես տարվա հիմնական արտաքին քաղաքական իրադարձություններից մեկը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Զեկույցում ասված է, որ Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է կիրառել ԱՊՀ տարածաշրջանում առկա կոնֆլիկների համար քաղաքա-դիվանագիտական լուծմումներ գտնելու ուղղությամբ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ուղղված Ռուսաստանի ձեռնարկած քայլերը իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ սերտ համագործակցության միջոցով: Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել սկզբունքային համաձայնության բարձր մակարդակում հայ-ադրբեջանական շփումները վերականգնելու վերաբերյալ»,-ասված է զեկույցում:
Եգիպտոսում ձերբակալում են «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության անդամներին
Եգիպտոսի պետական դատախազությունը ներքին գործերի նախարարությանը կարգադրել է «Մահմեդական եղբայրների» յոթ անդամի ձերբակալել, որոնք մեղադրվում են ահաբեկչության մեջ: Ձերբակալված անձինք դարձան օրերս ընդունված օրենքի առաջին զոհերը, ըստ որի«Մահմեդական եղբայրներ»կազմակերպությունը ճանաչվեց ահաբեկչական:
Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ եգիպտական կառավարության հայտարարության համաձայն՝ իսլամիստական կազմակերպության ցանկացած գործողություն, լինի դա Եգիպտոսում, թե նրա սահմաններից դուրս, համարվում է անօրինական: Արգելվում է նաև անդամակցել «եղբայրությանը»: Եթե «Մահմեդական եղբայրները» չհաշտվեն ընդունված օրենքի հետ, ապա նրանց նկատմամբ խիստ միջոցներ կկիրառվեն:
Թայիփ Էրդողանի որդին կանչվել է հարցաքննության
Ստամբուլի գլխավոր դատախազ Մուամեր Աքքաշը երկրում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի գործով հարցաքննության է կանչել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին: Վերջինիս ուղարկված ծանուցագրում ասվում է, որ Բիլալ Էրդողանը, որպես կասկածյալ, հունվարի 2-ին կանչվում է ցուցմունք տալու: Ծանուցագրում նշված է նաև, որ չներկայանալու դեպքում օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, կասկածյալը ուժով բերման կենթարկվի:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ վարչապետ Էրդողանը որդուն հարցաքննության կանչելու մասին նշել է, որ կոռուպցիոն սկանդալը իր դեմ ուղղված օպերացիա է, այդ պատճառով էլ որոշ ուժեր փորձում են իր որդուն ներքաշել այս գործի մեջ: