Daily Archives: December 3, 2013
Մեկ օրում Երևանում 6 ՃՏՊ է գրանցվել
Դեկտեմբերի 2-ին, ժամը 00.15-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի պողոտայում, բենզալցակայանի դիմաց, բախվել է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո» և «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցում բախվել է «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21154»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Տարոնցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես Անկախը տեղեկացավ ոստիկանությունից, վերոնշյալ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը պարտվեց Գերմանիայի թիմին և փչացրեց գործերը
Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով զիջեց Գերմանիայի ներկայացուցիչներին:
Գերմանիա – Հայաստան՝ 3:1
Գեորգ Մայեր (2623) – Լևոն Արոնյան (2803)՝ 0,5:0,5
Սերգեյ Մովսիսյան (2700) – Դանիել Ֆրիդման (2600)՝ 0:1
Արկադի Նայդիչ (2727) – Վլադիմիր Հակոբյան (2681)՝ 1:0
Գաբրիել Սարգսյան (2676) – Դավիթ Բարամիձե (2614)՝ 0,5:0,5
7-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Թուրքիայի թիմն է:
Տեխնիկակամ արդյունքներ
| Եգիպտոս | – | Չինաստան` | 1:3 |
| Ադրբեջան | – | ԱՄՆ` | 1,5:2,5 |
| Թուրքիա | – | Ռուսաստան` | 1:3 |
| Նիդերլանդներ | – | ՈՒկրաինա` | 2,5:1,5 |
Մասնակիցների դասավորությունը
| 1. | ՈՒկրաինա | 10 | 14½ |
| 2. | Ռուսաստան | 9 | 14½ |
| 3. | Նիդերլանդներ | 8 | 14 |
| 4. | Չինաստան | 8 | 13½ |
| 5. | ԱՄՆ | 6 | 13½ |
| 6. | Հայաստան | 6 | 12 |
| 7. | Գերմանիա | 6 | 11½ |
| 8. | Ադրբեջան | 5 | 12 |
| 9. | Թուրքիա | 2 | 8 |
| 10. | Եգիպտոս | 0 | 6½ |
Բրիտանիայում փրկարարները տղամարդու մարմնից հանել են զուգարանաթղթի ամրակը
Տարօրինակ դեպք է պատահել բրիտանական Հարավային Ուելս կոմսության Նյուպորտ քաղաքում:
Տղամարդն անհարմար դրության մեջ է հայտնվել իր տան զուգարանում նստած: Ինչ որ ձևով նրա մարմնի մեջ է մխրճվել զուգարանաթղթի ամրակը: Բրիտանացին ստիպված փրկարաներ է կանչել, նրանք էլ ազատեցին տղամարդուն այդ վիճակից:
Փրկարարական ծառայություն զանգելով, տղամարդը հայտնել է, որ հետանցքի մեջ խրված ամրակի պատճառով ոչ մի քայլ չի կարողանում անել: Փրկարարների բրիգադը շտապ հասավ կանչի վայր ու բուժակների հետ հաջողությամբ հանեց անհարմար դիրքում հայտնվոծ օտար մարմինը:
Փրկարարներից մեկը պատմել է, որ իրենք շատ հաճախ են նման անհեթեթ դեպքերի հանդիպում:
Ադրբեջանի նախկին պատգամավորը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովային դատապարտել է 4 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Ահմեդովան դատարանի դահլիճից դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին`խնդրելով գթասրտություն ցուցաբերել, քանի որ ինքը փոքր երեխա, ընտանիքում հիվանդ ազգական ունի, իր առողջական վիճակն էլ վատ է:
Նշենք, որ համացանցում նրա մասին վարկաբեկիչ տեսանյութ էր հայտնվել, որում պատգամավորն Ադրբեջանի բուհերից մեկի նախկին ռեկտորից 1 մլն դոլար էր պահանջել` խորհրդարանում տեղ ստանալու համար:
Ահմեդովան հայտարարել է, որ տեսանյութը կեղծ է, ինչը ստեղծվել է նախկին պատգամավորին վարկաբեկելու համար:
Սիրիայում գրոհայինները 12 վանական կույսի պատանդ են վերցրել
Սիրիայում զինված հակամարտությունը չի թուլանում: Վերջին օրերին մարտեր են գնում հնագույն քաղաք Մահալյուլի մատույցներում, որը Դամասկոսից 55 կմ դեպի հյուսիս է գտնվում: Երկուշաբթի գրոհայինները ներխուժել են քաղաք, ու գրավել են վանքը, որտեղից էլ կաթոլիկ վանական կույսերին տարել են հարևան Յաբրութ քաղաքը: Սիրիայում Վատիկանի դեսպան Մարիո Զինարի խոսքով, գրոհայինների մոտ են առնվազն 12 կին` մայրապետի հետ:
Տեղի հեռուստատեսությունը հաղորդում է, որ “Ալ Քաիդայի” հետ կապ ունեցող ջիհադականները ներխուժել են վանք ու այնտեղ ավերածություններ արել: Պղծել ու թալանել են մի քանի եկեղեցի: Իսկ բնակիչներին վախեցնելու համար ծայրահեղականները կրակ են բացել փողոցի բնակելի տների ուղղությամբ:
Կառավարական զորքերի հրամանատարությունը հայտնել է, որ արդեն քաղաք են ուղարկվել ուժեր, որոնք մի քանի ժամում Մահալյուլից դուրս կբերեն ահաբեկիչներին: Շաբաթ արդեն այստեղ սիրիական բանակի ու վարձկան խմբավորումների միջև մարտեր են եղել: Պաշտոնական տվյալներով, ժողովրդական ինքնապաշտպանության մարտիկներին օգնության հասած զինծառայողները ահաբեկիչներին դուրս են հանել քաղաքից: ԵրկուշաբթիՄահալյուլի վրա հարձակվել էին Նաբակ քաղաքից փախած գրոհայինները, որն արդեն լրիվ ազատագրվել է կառավարական ուժերի միջոցով:
Մահալյուլը դարերով ծառայել է որպես եպիսկոպոսների նստավայր: Տեղաբնակներն արամեական լեզվի վերջին կրողներն են: Այսօր այստեղ դադարեցվում են մարտական գործողությունները.սիրիական բանակը պաշտպանում է տարածաշրջանը լեռներում թաքնված ահաբեկիչներից: Սեպտեմբերին այս վանքում “Ան Նուսրա “ շարժման զինյալները կրկին պատանդ էին վերցրել, սակայն կառավարական ուժեով հնարավոր դարձավ քրիստոնյա գերյալների ազատումը:
Իրանցին ուզում է բնակվել Հայաստանում. Ազգային Անվտանգությունը նրա մեջ սպառնալիք է տեսնում
ԻԻՀ քաղաքացի Էնսիեհ Ղարիբին արդեն շուրջ 2 տարի փորձում է ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալ: Բայց պատկան մարմինների կողմից մերժում է ստանում: Այս փաստը, սակայն, որևէ կերպ չի ընկճում օտարերկրացուն, և նա հիմա էլ դատական համակարգի միջոցով է փորձում անվավեր ճանաչել պատկան մարմինների իր դեմ կայացրած որոշումները: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
Դեկտեմբերի 2-ին, ժամը 07.05-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 74 տան բակում ավտոմեքենա է այրվում:ԱԽԹԱԼԱ. Հայաստանի հյուսիսային դարպասը
Լոռու մարզում գտնվող այս փոքրիկ քաղաքն իրավամբ կարելի է համարել Հայաստանի հյուսիսային դարպասները, քանզի Ախթալան ամենահյուսիսային քաղաքային բնակավայրն է: Ախթալայում ընդամենը 3000 մարդ է ապրում, բայց քաղաքն աշխարհին շատ բաներով է հայտնի:
Ախթալայում է գտնվում Կովկասի ամենահին գործարանը` լեռնահարստացման կոմբինատը, որ ստեղծվել է 1763 թ.: Ախթալայի պղնձի արտադրությունը հազարամյակների պատմություն ունի: Այդ է վկայում նաև քաղաքի միջնադարյան անունը` Պղնձահանք: Համաձայն մի ավանդույթի` մ.թ.ա. II դարում Ախթալա է այցելում հայոց Արտաշես Ա Աշխարհակալ արքան և մտնում է պղնձի քուրաներ, որպեսզի տեսնի աշխատող վարպետների գործը: Վարպետներից մեկը, տեսնելով արքայի ձեռքի գեղեցիկ մատանին, քուրայից պղնձի հալած շիթ է բարձրացնում, օդում կլոր շրջան գծում և ստանում արքայի մատանու նման մի մատանի: Հիացած թագավորն իր մատանին նվիրում է հմուտ վարպետին:
Դեռևս XIX դարի վերջին Ախթալայում պեղումներ կատարեց ֆրանսիացի լեռնային ինժեներ Ժակ դը Մորգանը, որ այստեղ պեղեց շուրջ 210 քարարկղային դամբարաններ և նրանցում հայտնաբերեց պղնձեդարյան քաղաքակրթության նմուշներ` զենքեր, զարդեր, կենցաղային իրեր:
Առհասարակ, Ախթալայի տարածքում մարդը բնակվել է հազարամյակներ առաջ: Դրա վկայություններն են Ախթալայի տարածքում հայտնաբերված և Լոռու մարզում միակ ժայռապատկերները, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ III հազարամյակով:
Ախթալայի պղնձով են պատրաստված Ամերիկայի Ազատության արձանը, որ ֆրանսիացիները նվիրեցին ամերիկյան ժողովրդին, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի ճակատի չորս ձիերի քանդակը. այն առաջին դարում հայոց Տրդատ Ա թագավորն է նվիրել Հռոմի Ներոն կայսրին:
Բացի այդ, այսօր ախթալացիները հավատում են, որ իրենց համաքաղաքացին է եղել Ֆրանսիայի մարշալ և նախագահ դը Գոլը, քանզի 1880-ականներին նման ազգանունով հանքային ինժեներ է աշխատել Ախթալայում: Տեղացիները համոզված են, որ նա էլ եղել է Ֆրանսիայի ապագա նախագահի հայրը:
Ախթալան նաև Հայաստանի ամենաբազմամարդ բնակավայրն է. այստեղ ժամանակին 18 ազգերի ներկայացուցիչներ են բնակվել: Ախթալա-Պղնձահանքը միջնադարում բազմամարդ բնակավայր էր. դրա վկայությունն են քաղաքի տարածքում պահպանված չորս ամրոցները: XV դարում տարածքում հայտնի էր նաև Վարդաշեն գյուղը:
Սակայն միջնադարյան ծաղկուն այս բնակավայրը ավերակների կույտի վերածվեց 1386 թ. Լենկ-Թեմուրի հորդաների կողմից, երբ նրանք գրավեցին քաղաքը և սրակոտոր արեցին բնակչությանը:
Ախթալա անվան ծագման տարբերակներից մեկն էլ դրա հետ է կապված. ախտալի` ախտով լեցուն, քանզի Թեմուրի զորքի հեռանալուց հետո բնակավայրն իսկապես ավերակների կույտ է հիշեցրել:
Այս ամենի հետ Ախթալայի այցեքարտը Սուրբ Աստվածածին եկեղեցին է:
Ախթալայի եկեղեցին 1188 թ. կառուցել է Լոռու Կյուրիկյան Կյուրիկե Գ արքայի կուսակրոն դուստրը` Մարիամը և այդ մասին խաչքարի վրա թողել է հետևյալ արձանագրությունը.
«Ես, Մարիամ, դուստր Կիւրիկէի, կառուցեցի զՊղնձահանացս հողհատի սուրբ Աստվածածինս, որ երկրպագենք: Յաղաւթս յիշեցեք, թւին ՈԼԷ էր»:
Եկեղեցին կառուցված է թերակղզու ձև ունեցող բարձր սարավանդի վրա, ուր տեղակայված է Ախթալայի X դարում կառուցված ամրոցը: Ամրոցի կառուցումը վերագրվում է Լոռու Դավիթ Ա Անհողին թագավորին: Այս ամրոցը ՀՀ տարածքում ամբողջական պահպանված եզակի ամրոցներից է` իր եռաշարք պարիսպներով, բուրգերով, աշտարակներով: Ամրոցի տարածքում է գտնվում նաև Հայաստանում պահպանված եզակի մի շինություն` Իվանե և Ավագ Զաքարյանների երկհարկանի պալատը, որը, իրավամբ, Հայաստանի տարածքում պահպանված միակ արքայական պալատն է: Ամրոցում` պալատի դիմաց, պահպանվել է նաև բաղնիքը, որի պատերը ծեփապատ են, երևում են կավե և երկաթե խողովակները:
Ախթալայի ամրոցը` որպես պաշտպանական կառույց, գործել է մինչև XVIII դարը: Այն ավերվեց 1782 թ. Ավարիայի Օմար խանի ձեռքով, ապա գրավվեց և վերջնականապես ավերվեց 1795 թ. պարսից Աղա Մուհամմեդ խանի կողմից:
Ախթալան Կյուրիկյան թագավորների դրամահատարանն էր: Այստեղ է հատվել Հայաստանի տարածքում միակ հայատառ դրամը, որ պատկանում է Լոռու Կյուրիկե Բ արքային: Հետագայում` Լոռու թագավորության անկումից հետո, Ախթալան դարձավ վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը: Այն գտնվում է հենց ամրոցի և եկեղեցու տարածքում, իսկ գանձարանը` եկեղեցուց ոչ հեռու գտնվող Լենկ-Թեմուրի բերդ կոչված անառիկ ամրոցում:
Սբ. Աստվածածին եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ, վեհ տեսքով: Այն կենտրոնագմբեթ կառույց է: Եկեղեցու շենքը զարդարում են վիթխարի մոնումենտալ խաչերը, որոնք ամենամեծն են Հայաստանի տարածքում: Եկեղեցին եզակի է իր որմնանկարներով: Այստեղ են գտնվում Հայաստանում մոնումենտալ որմնանկարչության ամենամեծ կտորները` շուրջ 960 քմ, որոնք թվագրվում են XIII դարով: 1216 թ. Ախթալայի եկեղեցում է պահպանվել Նորավանքի աստվածընկալ սուրբ խաչը, որ շատ վեճերի ու երկպառակությունների տեղիք է տվել:
Իվանե Զաքարյանի կողմից Ախթալայի եկեղեցու ձեռքբերումից հետո այն վերածվեց քաղկեդոնական տաճարի: Ախթալան դարձավ եպիսկոպոսանիստ և համարվում էր Հայաստանում քաղկեդոնականության կենտրոնը: Այստեղ է գործել միջնադարյան հայ նշանավոր քերական և թարգմանիչ Սիմեոն Պղնձահանեցին, որի աշխատություններն այժմ էլ պահպանվում են մատենադարանում: Այստեղ են ամփոփված Իվանե և Ավագ Զաքարյանների աճյունները: Ախթալայի եկեղեցին ունի իր ուխտի օրը: Ամեն տարի սեպտեմբերի 20-ին այստեղ հազարավոր ուխտավորներ են հավաքվում աշխարհի տարբեր անկյուններից:
Ախթալայում են նկարահանվել Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մի քանի հատվածներ:
Ախթալան Հայաստանի միակ բնակավայրն է, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձան չկա: Քաղաքի բնակիչներից քչերն են մասնակցել պատերազմին, քանզի բնակչության հիմնական մասը աշխատել է կա՛մ Ախթալայի հանքերում, կա՛մ երկաթգծում:
Ախթալայում ամեն տարի սեպտեմբեր ամսին անց է կացվում ավանդական խորովածի փառատոնը:
Վահե Անթանեսյան