Ռուսաստանի տարածքը համալրվել է նոր կղզիով

o_858198Յակուտիայի ափերի մոտ նոր կղզի է հայտնաբերվել: Այն պատահաբար նկատել են 2 ուղղաթիռների անձնակազմերը` Լապտևի ծովի վրայով թռիչքի ժամանակ: Ինչպես աշխարհագրագետներն են ասում, մի քանի հարյուր քմ տարածք ունեցող ցամաքակտորը կարող էր առաջանալ կես դար առաջ: Կղզին հայտնագործողներն արդեն անվանում են մտածել:

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մեջտեղում խորհրդավոր կղզու մասին  կասկած անգամ չեն ունեցել  Մի-26 ուղղաթիռի անձնակազմի անդամները: Նրանք բոլորովին պատահաբար են այն գտել,նրանց զարմանքը չափ ու սահման չուներ, երբ պարզեցին, որ ցամաքի այդ կտորը աշխարհի քարտեզի վրա նշված չէ:

“Նոր կղզին որոշելու շանսերը նվազ էին, այնուամենայնիվ, ես հրաման տվեցի GPS-նավիգատորի վրա նշան անել: Հաջորդ թռիչքի ժամանակ մենք նպատակաուղղված որոնում էինք այն և պարզվեց, որ ոչ իզուր: Կղզին իսկապես էլ գոյություն ունի”,-հիշում է Մի-26-ի հրամանտար Ալ. Մատվեևը:

Աշխարհագրագետներն այդ երևույթին գիտական բացատրություն են տալիս: Կղզին գտնվում է Նովոսիբիրսկի կղզեխմբից ոչ հեռու: Անցած դարի վերջին Երկրի երեսից միանգամից ցամաքի մի քանի կտոր ջնջվեց` սառցե հիմքի  քայքայման պատճառով: Գիտնականները կարծում են, որ հնարավոր է նաև հակառակ պրոցեսը կատարված լինի, ինչի արդյունքում էլ նոր կղզի է գոյացել:

“Կղզին հայտնաբերելուց հետո որոշեցինք այն անվանել Բաունտի, քանի որ գծագրմամբ շատ նման է հայտնի գովազդին: Սակայն, երբ սկսեցինք պարզել, թե ով է այն առաջինը հայտնաբերել, բոլորը սկսեցին բղավել`ես, ես, ես (ռուսերեն` լայա: Վճռվեց` կղզին անվանել Յայա”,-պատմել է պատմաբան-աշխարհագրագետ Ս.Ռիժին:

Ծովի մեջ ցամաքի կտորների անհետացումն ու գոյացումը խոսում է երկրաբանական պրոցեսների ակտիվության մասին: Մի շարք մասնագետների կարծիքով, նման բախտի   է արժանացել նաև խորհրդավոր Սաննիկովի երկիրը:

«Վիկիլիքսը» բացահայտում է Միացյալ Նահանգների գաղտնի զեկույցն ամերիկահայերի վերաբերյալ

Հարութ ՍասունյանՄիշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե Ամերիկայի հայկական համայնքն ինչպես է դիտարկվում օտարների կողմից: Այդ պատկերն ավելի գրավիչ է դառնում, երբ գնահատականը տրվում է ամերիկացի դիվանագետի կողմից մի ներքին զեկույցում:

 

«Վիկիլիքսը»  մեծ թվով ամերիկյան կառավարական գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, այդ թվում` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հեռագրերն ուղղված Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին: Այդ զեկուցագրերից մեկը, 2009 թվականի նոյեմբերի 17-ի թվագրությամբ, դեսպան Մարի Յովանովիչի «գաղտնի» զեկույցն է, որն ընդգրկում է 2009 թվականի նրա շրջայցը` Լոս Անջելես, Բոստոն, Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներ:

 

Ահա դեսպանի զեկույցի որոշ ուշագրավ հատվածներ` «Սփյուռքի համայնքների ներգրավման փորձը. Հայաստան» վերնագրով.

 

1. Հայ Առաքելական եկեղեցու թեմը «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իշխանության ներքո է», մինչդեռ Կիլիկիո Առաջնորդարանը «ճանաչում է Հայոց կաթողիկոսի իրավասությունը, որը գտնվում է Անթիլիասում, Լիբանան: Սա միայն վարչական նպատակներով է, սակայն, Կիլիկիո Առաջնորդարանը ճանաչում է Հայաստանի Էջմիածնի Կաթողիկոսի աստվածաբանական գերակայությունը: Կիլիկիո Առաջնորդարանը կապված է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ)/դաշնակների հետ. այն հիմնադրվել է 1890 թվականին և կազմում է Ամերիկայի հայկական համայնքի երեք խոշորագույն հատվածներից մեկը և իր բնույթով պահպանողական է»: Զեկույցում բացատրվում է, որ «ՀՅԴ-ն/դաշնակները երկու նպատակ ունեն. 1915 թվականի հայերի ջարդերը Թուրքիայում որպես ցեղասպանություն ճանաչումը և արևելյան Թուրքիայում ավանդական հայկական տարածքների վերականգնումը»: Վստահաբար կարելի է ասել, որ Թուրքիայի կառավարությանը դուր չի գա, որ ամերիկյան դիվանագետը Թուրքիայի հատվածները ներկայացրել է որպես «ավանդական հայկական տարածքներ»: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ ՀՅԴ-ն «աջակցում է կանանց օժանդակ միությանը հայտնի որպես Հայ օգնության միություն (ՀՕՄ), ի լրումն երիտասարդական և մշակութային միություններին և ԱՄՆ-ում գործեղ խոշոր լրատվամիջոցներին, ներառյալ` թերթեր, ռադիո և հեռուստատեսություն»:

 

2. Զեկույցում ամերիկահայ կաթոլիկները ներկայացված են որպես «ամենափոքր կրոնական դավանություն…. Հայ կաթոլիկ եկեղեցին աջակցում է քիչ թվով դպրոցների և մանկատների, բայց գրեթե ոչ մի գործունեություն չի ծավալում Հայաստանում»:

 

3. «Հայ բողոքական համայնքը համարվում է ամենահին հայկական համայնքը Միացյալ Նահանգներում և այդ համայնքի անդամները շատ ակտիվ են իրենց` Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությամբ»:

 

4. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը» (ՀԲԸՄ) հիմնադրվել է 1906 թվականին, երկրորդ խոշոր հատվածն է և ամենամեծ բարեգործական կազմակերպությունը հայկական համայնքում…. Նրանք կապված են Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) հետ, նաև հայտնի են որպես ռամկավարներ, որն ակտիվ է (բայց լուսանցքային) Հայաստանում, Սփյուռքի ամերիկյան համայնքում և Միջին Արևելքում, ինչպես Լիբանանում»:

 

5. «Հնչակները կամ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երրորդն է հայկական համայնքի քաղաքական կազմակերպությունների խմբում և ամենասակավաթիվը: Այն գործում է որպես քաղաքական ակումբ Կալիֆորնիայում և հրատարակում է շաբաթաթերթ»:

 

6. Զեկույցում թվարկվում են նաև «անկախ կազմակերպություններ, որոնք քաղաքական բնույթ չունեն», ինչպես Ամերիկայի հայկական համագումարը [ԱՀՀ], Լինսի հիմնադրամը, Գաֆեսչյան հիմնադրամը և Թուֆենկյան հիմանդրամը: Հետաքրքիր է, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) տեղադրված է այս կատեգորիայում, չնայած որ զեկույցն ընդունում է, որ Հայ Դատի հանձնախումբը «ընդհանուր առմամբ ճանաչվում է որպես դաշնակցականների լոբբիստական կազմակերպություն»:

 

7. Զեկույցը մարդասիրական խմբում ընդգրկել է Հայ օգնության ֆոնդը, «Հայաստան» համահայկական հիմադրամը, Հայաստանի մանուկների հիմնադրամը, Ջինիշյան հիմնադրամը, Հայկական ակնաբուժական ծրագիրը և Հայաստանի ծառատունկ ծրագիրը, սակայն չի նշում Միացյալ հայկական հիմնադրամի մասին, որը 700 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստան 1988 թվականի երկրաշարժից ի վեր:

 

8. Դեսպան Յովանովիչը Հայաստանի սփյուռքի նախարարությունը և Ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնում է որպես Հայաստանի կառավարության կողմից Սփյուռքի հետ կապ հաստատելու օրինակներ:

 

9. Զեկույցում հայկական Սփյուռքը քննադատվում է «Հայաստանում ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների և քաղաքացիական հասարակության զարգացմանը» չաջակցելու համար: Սակայն, այնտեղ նշվում է, որ ամերիկահայերը ֆինանսական օժանադակություն են ցուցաբերում երկու վերլուծական կենտրոնների՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին և Սիվիլիթաս հիմնադրամին:

 

Դեսպան Յովանովիչի զեկույցի առավել հետաքրքիր բաժինը վերաբերում է Հայ-թուրքական արձանագրություններին: Նա պնդում է, որ ամերիկահայ կազմակերպությունները «սևեռուն ուշադրություն են դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության որոշումներին և արագորեն համախմբում են իրենց աջակիցներին ընդդեմ Հայաստանի կառավարության, եթե Սփյուռքի խմբերը գտնում են, որ կառավարությունը չի գործում Հայաստանի լավագույն շահերից ելնելով: Շատ խմբեր դեմ են հանդես եկել կառավարության տարածաշրջանային հաշտեցման ջանքերին, այն հիմնավորմամբ, որ նման հաշտեցումը չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղի եռացող հակամարտության լուծումը կամ ճանաչում, որ Օսմանյան կայսրությունն իրագործել է 1915 թվականի ցեղասպանությունը: Այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Ամերիկայի հայկական համագումարը և ՀԲԸՄ-ը, հրապարակայնորեն աջակցել են կառավարության քաղաքականությանը, ուղղված տարածաշրջանային համագործակցությանն ու Կովկասում Հայաստանի մեկուսացմանը վերջ դնելուն: 2009 թվականի սեպտեմբերին, ԱՀՀ-ը, ՀԲԸՄ-ը, Արևելյան և Արևմտյան թեմերի եկեղեցիները և ռամկավարները հանդես եկան հայտարարությամբ, որով աջակցում էին նախագահ Սարգսյանի` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արտաքին քաղաքականությանը»:

 

Չնայած դեսպանի զեկույցը պարունակում է հետաքրքրական տեղեկություններ, սակայն այն ճշգրիտ և համապարփակ ձևով չի բնութագրում ամերիկահայ համայնքի ողջ պատկերը:

 

 

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Բժիշկները սառեցրել են նորածնին` հանուն կյանքի պահպանման

Բրիտանական Ռեդինգ քաղաքում բժիշկները ստիպված են եղել սառեցնել նորածին Ֆրեդի Կուկին 3 օրով` երեխայի կյանքը փրկելու համար: Ծնվելու ժամանակ երեխայի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով 20 րոպե թոքերը զրկված են եղել թթվածնից: Տղայի ծնողները ցնցված էին, սակայն սառեցումը փրկեց նրան:

Newborn-baby-had-to-be-defrosted-before-he-could-be-cuddled-MAIN-2872585Բժիշկները վախենում էին, որ անշունչ երեխան, գլխուղեղի հետ կապված  լուրջ խնդիրներ կունենա, այն էլ` եթե հաջողվեր նրան փրկել:

Ճստիկի մայրիկը պատրաստվում էր ծննդաբերել տանը,  ու երբ նա մտավ  վաննայի մեջ ու պատրաստվեց երեխայի ծննդին, ամուսինը տարօրինակ արտադրություն նկատեց ջրի մեջ ու շտապօգնություն կանչեց:

Newborn-baby-had-to-be-defrosted-before-he-could-be-cuddled-2872601Բժիշկները պարզեցին, որ երեխայի պորտն է պատռվել, որտեղից նա թթվածին էր ստանում, իսկ ուսը դեմ էր առել մոր արգանդում, ու ոչ մի կերպ չէր կարողանում լույս աշխարհ գալ: Բժիշկները ծնողներին նախազգուշացրին, որ հնարավոր է  վերջը ողերգական լինի: Սակայն, բարեբախտաբար երեխային կարողացան փրկել Օքսֆորդի հիվանդանոցում: Այնտեղ նրան ենթարկեցին սառեցման ինովացիոն պրոցեդուրայի, որը պետք է նվազեցներ երեխայի ուղեղի հավանական քայքայումը:

Փոքրիկի մարմինը սառեցրին մինչև 33 աստիճան` “անաբիոզի” վիճակ բերեցին: Դրանից գրեթե մեկ տարի է անցել ու բժիշկները, որոնք ժամանակ առ ժամանակ ստուգում են նրա առողջությունը, ասում են, որ նա զարգացման շեղումներ չունի: Ֆրեդիին ծնողները կոչում են Ծննդյան հրաշք::

Զարմանահրաշ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը

կասկադ«Կախովի» այգիներ, գեղեցիկ շատրվաններ: Այդպիսին էր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի երազանքը ներկայիս Կասկադ համալիրի առնչությամբ, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Սակայն  դա չիրագործվեց մինչև 1970-ականների վերջը: Այդ երազանքը կյանքի կոչեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին` խորհրդային իշխանության օրոք, բայց  դադարեցվեց 1988 թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թ. Խորհրդային Միության փլուզման հետևանքով): Թորոսյանի նախագիծը ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց և ուներ նոր գաղափարներ. մոնումենտալ արտաքին աստիճաններ, ներսի երկար շարժասանդուղքներով թունել, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանց և այլն: Ջերարդ Լ. Գաֆեսճյանը, համագործակցելով ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ, 2002 թ. նախաձեռնեց Կասկադի վերականգնումը: Յոթ տարվա ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի:

Ներկայացնում ենք «Անկախի» բացառիկ հարցազրույցը  կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանի հետ:

– Պարոն Մարաբյան, ո՞րն է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի առաքելությունը:

– 2009 թ. նոյեմբերին բացված ԳԱԿ-ի առաքելությունը ժամանակակից արվեստը ՀՀ-ում ցուցադրելն ու աշխարհին հայկական մշակույթի լավագույն նմուշները ներկայացնելն է: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանի հարուստ հավաքածուն: Ավելի քան հինգ հազար նմուշ պարունակող այդ հավաքածուն հատկապես հարուստ է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով, որոնց մեջ առանձնանում են հանրահայտ չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործությունները: Դրանք  հեղափոխեցին ապակու կիրառությունը` այն վերածելով գեղարվեստական նոր արտահայտչամիջոցի: Հավաքածուում ներկայացված են նաև անվանի արվեստագետներ Դեյլ Չիհուլիի, Բոհումիլ Էլիասի, Պավել Հլավայի, Յարոմիր Ռիբակի, Իվանա Շռամկովայի, Բերտիլ Վալիենի, Լինո Թալիապիետրայի, Մարկ Պեյզերի և Հիրոշի Յամանոյի աշխատանքները: Հավաքածուն ներառում է նաև գծանկարչության, գեղանկարչության և քանդակագործության ոլորտների անվանի արվեստագետների` Ֆերնանդո Բոտերոյի, Արշիլ Գորկու, Ջենիֆեր Բարթլեթի, Լին Չեդուիքի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի և Ֆրանսուա Քսավիե Լալանի հանրահայտ ստեղծագործությունները:

–  Եվ արդարացնո՞ւմ է:

– Այո: Դրա ապացույցը մեր բազմաթիվ ցուցադրություններն են: Ունենում ենք նաև ժամանակավոր ցուցադրություններ և համագործակցում ենք մեր քույր թանգարանների հետ: Վերջերս համագործակցեցինք Հարություն Կալենցի թանգարանի հետ՝ մեր մոտ ցուցադրելով նրա հրաշալի աշխատանքները: Դրանից առաջ համագործակցել ենք Երևանի պատմության թանգարանի հետ. ցուցադրությունը կոչվում էր «Երևան. հայացք ապագայից»: Ցուցադրեցինք Սարյան, Բաշինջաղյան և այլն: Բացի այդ, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն առաջարկում է բացառիկ հնարավորություններ բիզնես հանդիպումների, գիտաժողովների, շնորհանդեսների, հյուրասիրությունների և այլ միջոցառումների կազմակերպման համար:

– Ինչպե՞ս կգնահատեք զբոսաշրջիկների այցելության թիվը վերջին տարիներին:

– Այցելությունները գնահատում ենք տարեկան 1 միլիոնից ոչ պակաս: Ամեն տարի շատ զբոսաշրջիկներ ենք ունենում, հատկապես` ամռանը: Եվ թիվն ավելանում է:

– Քանի՞ սրահ ունեք:

– Ինն են: Առաջին հարկում գտնվող առաջին պատկերասրահում ապակյա աշխատանքներ են ներկայացված: Դա փոփոխվող ցուցասրահ է, քանի որ ներկայացնում ենք ընտրված նմուշներ, որոշակի ժամանակ անց (մոտ 1 տարի) դրանք պահեստավորում ենք և նորն ենք ցուցադրում: Մուտքն անվճար է: Դրան հաջորդում է թանգարանի խանութը, որտեղ նմուշները և՛ ցուցադրվում, և՛ վաճառվում են: Երրորդ սրահը նվիրված է Գրիգոր Խանջյանի բացառիկ որմնանկարներին: Նա 8 տարի պատի վրա պատկերել է պատմական դեպքերը 250 ք.մ. մակերեսով այս ընդարձակ սրահում: Այն նախատեսված է նաև միջկառավարական հանդիպումների համար (օրինակ՝ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության գագաթնաժողովը և այլն): Մյուս հարթակում Սասունցի Դավթի սրահն է, և այդպես շարունակ: Բոլոր սրահներն էլ բացառիկ են, և դռները բաց են բոլորի համար ամեն օր, բացի երկուշաբթի օրերից: «Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամը» մեծ ներդրումներ է կատարել ոչ միայն այստեղ, այլև Հայոց ցեղասպանության թանգարանում և այլ ծրագրերում:

– Կազմակերպում եք նաև ֆիլմերի ցուցադրություններ: Դիտելու համար պետք է վճարե՞լ:

– Մեզ մոտ ցուցադրություններն ուղղորդվում են նաև կրթական ծրագրերով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Տարիքային սահմանափակումներ չկան: Անդրադառնում ենք հայ և  համաշխարհային արվեստագետներին, մեծերին: Օրինակ՝ ներկայացրել ենք Սոս Սարգսյանի համազգային թատրոնը, Ջիմ Թորոսյանին, հանդիպում արվեստի հետ և այլն: Փորձում ենք դրանք զուգորդել մեր ցուցադրությունների հետ: Հրավիրվում են մասնագետներ, որոնք դասախոսություններ են կարդում, միաժամանակ ցուցադրվում են տեսանյութեր: Այդ դասախոսություններն անվճար են, սակայն պետք է նախապես գրանցվել: Նույն կրթական ծրագրերի շրջանակներում ընդգրկում ենք նաև կամավորների:

– Յուրաքանչյուր չորեքշաբթի կազմակերպվում են նաև դասական համերգներ: Դրանց մո՞ւտքն էլ է անվճար:

–  Համերգներն անվճար չեն, սակայն կամավորներն ունեն բազում առավելություններ:

– Ինչո՞վ են կամավորներն օգտակար լինում:

– Նրանց համար տարեկան վճարի զեղչեր են արվում, հատուկ միջոցառումների են հրավիրվում և այլն:

– Ի՞նչ ակտիվություն է ունեցել ԳԱԿ–ը 2011-2013 թթ.:

– Շատ ակտիվ ենք եղել: Իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, նորություններ, ցուցադրություններ, կրթական  ծրագրեր և այլ կարևոր միջոցառումներ, որոնք իրենց բազմազանությամբ տարբերվել են նախորդից:

– Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում ամենօրյա աշխատանքում:

– Ծայրահեղ հետաքրքիր և հաճելի աշխատանք է սա: Հախուռն է, բազմապրոֆիլ, որ նաև պահանջում է մեծ ջանքեր: Երբ տեսնում ես վերջնարդյունքը, մեծ բավականություն ես ստանում, ու ցանկացած հոգնածություն անցնում է:

– 2014 թ. համար ի՞նչ ծրագրեր ունեք:

– Անցած երկու շաբաթվա ընթացքում երկու մեծ ցուցադրություն ունեցանք. մեկը «Բնության հրաշքները» ցուցադրությունն էր, որը բնական հանքաքարերով, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերով էր հագեցած, մյուսը «Դագարգյու» հավերով ցուցադրությունն էր: Դրանք  կցուցադրվեն մինչև 2013 թ. վերջը: 2014-ին էլ ենք հանդես գալու անակնկալներով, բայց անակնկալը անակնկալ չի լինի, եթե հիմա այդ մասին խոսեմ:

 Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 Անկախ

Ինքնասպանը փրկվել է խցանվելով 2 շենքի արանքում

o_858030Կալիֆոռնիական Սանտա-Անա քաղաքի 28-ամյա բնակչուհին վճռել է ինքնասպան լինել: Դրա համար նա բարձրացել է 8-մետրանոց շենքի տանիք ու ներքև ցատկել:Սսակայն նրան մտածածն իրագործել չի հաջողվել, քանի որ նա չէր հաշվարկել ինքնասպանության համար ընտրված շենքի ու հարևան շինության հեռավորությունը:

Արդյունքում` աղջիկը հայտնվել է 2 շենքի արանքում, մինչև գետին մնացել էր 2 մ:  Նրանք փրկելու համար 30 հոգանոց հրշեջ ջոկատ էր կանչվել: Նրանք հայտարարեցին, որ աղջկան այդ արանքից հանելն այնքան էլ դյուրին գործ չէր:

Տուժածը  վնասել է քիթը, ոտքերը, թիկունքը, սակայն դրանցից ոչ մեկը լուրջ չէ: Հիմա աղջիկը հիվանդանոցում է, որտեղ վերականգնողական կուրս է անվնում: Իսկ թե ինչու է նա որոշել ինքնասպանություն գործել` չի տեղեկացվում:

Բելգիայում ԱՃ խոշոր պատահար է եղել. միմյանց են բախվել 100 ավտոմեքենա

784647Բելգիայի արևմուտքում ավտոմայրուղիներից մեկի վրա առնվազն 100 ավտոմեքենա միմյանց են բախվել: Վթարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 50-ը տարբեր վնասվածքներ են ստացել: 5-ն էլ հիվանդանոցում են ծանր վիճակով:

Ծռմռված ավտոմեքենաներից տուժածներին դուրս բերելու համար փրկարարները ստիպված ձեռքով կտրել են մետաղը: Օպերացիան տևել է շուրջ 3 ժամ: ԱՃՊ-ի պատճառը փորձում է ոստիկանությունը պարզել: Վարորդներն ասում են, որ մեղավոր է թանձր մշուշը.տեսանելիությունն իսկապես զրոյական էր ու վարորդները չեն հասցրել ժամանակին արգելակել:

Guardian-ը մեղադրվում է Մեծ Բրիտանիային վնաս հասցնելու մեջ

iՄեծ Բրիտանիայի խորհրդարանական կոմիտեն հարցաքննել է Guardian-ի գլխավոր խմբագրին, որը մեղադրվում է  Էդվարդ Սնոուդենի նյութերը հրապարակելու համար:

Guardian –ի գլխավոր խմբագիր Ալան Ռեսբրիջերը պատասխանել է ներքին գործերի գծով խորհրդարանական կոմիտեի հարցերին մոտ մեկ ժամ: Համայնքների պալատն ագրեսիվ է տրամադրված եղել: Ռեսբրիջերը պաշտպանվել է, ընդ որում` վստահորեն:

Ներքին գործերի գծով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Կիտ Վազը հարցնում է.”Դուք գիտակցում եք, թե ինչ եք արել: Դուք համաձայն եք, որ երկրի շահերին վնաս եք հասցրել”: Դրան Ռեսբրիջերը պատասխանել է, որ մեղադրանքն անհիմն է: Նա նշել է, որ այդ նյութերը հրապարակելուց առաջ, Guardian-ն ավելի քան 100 խորհրդակցություն է ունեցել, այդ թվում նաև բրիտանական կառավարության, ամերիկյան Սպիտակ տան ու ՀԴԲ-ի հետ: Թերթի աշխատակիցներն ամեն հնարավորն արել են, որ նրանց  ոչինչ չսպառնա, մասնավորապես,  Սնուդենի փոխանցած նյութերում ոչ մեկի անունները չկան:

Քննարկումն ավարտվել է անարդյունք: Խորհրդարանականները հասկացրին, որ Guardian-ին կստուգեն, թե որքանով են այդ հրապարակումները պետության համար վնաս ներկայացնում: Երեկոյան հրատարակությունն ի պատասխան հայտարարել է `”մեզ չեք վախեցնի”:

Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Guardian-ը ոչ ոքի չի վնասել ու ազգային անվտանգությանը նույնպես ոչ մի կերպ չի կարող վնասել:

Գրող Գլին Մուդին նշել է.”Ցանկանում եմ հիշեցնել, որ հետախուզության նախկին ղեկավարներից մեկը խոստովանել է, որ ահաբեկիչները տեղյակ են, որ իրենց հետևում են: Բացի այդ, դուք հիշում եք, որ Ուսամա Բեն Լադենը աշխատում էր յոլա գնալ առանց տեխնոլոգիաների, նա ոչ բջջային  հեռախոս ուներ, ոչ համակարգիչ, հենց այն պատճառով, որ գիտեր, որ այդ սարքերի միջոցով կարող են հետևել իրեն”:

Ի դեպ, Guardian-ի արդեն  նախկին աշխատակից Գլեն Գրինվալդը երեքշաբթի, դեկտեմբերի 3-ին, երեկոյան խոստացել է հրապարակել Սնոուդենից ստացած բոլոր փաստաթղրչը` մինչև վերջինը ու մոտ ժամանակներում պատմել Ամերիկյան ազգային անվտանգության մասին  բոլորովին նոր բան:

2015 թվականի գարնանը Երևանը կդառնա եվրոպական ուսանողական մայրաքաղաք

2015,Երևան,եվրոպական ուսանողական մայրաքաղաքԵվրոպական ուսանողական միության Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցած 65-րդ կառավարման խորհրդի ժամանակ ընտրվեց ԵՈւՄ 68-րդ Կառավարման խորհրդի հյուրընկալող կազմակերպությունը և երկիրը: Այսպես 2015 թվականի ԵՈւՄ գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար պայքարում էին Հայաստաի Ուսանողական Ազգային Ասոցիացիան (Հայաստան) և Իսրայելի Ազգային Ուսանողական Միությունը (Իսրայել): Պայքարը բավական թեժ էր, քանի որ իսրայելական ուսանողական միությանն աջակցում էին միջերկրածովյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների ուսանողական ազգային միությունները: ՀՈւԱԱ-ն մեծ աջակցություն էր ստանում կենտրոնական, արևելյան, արևմտյան և հյուսիսային Եվրոպայի երկրների ուսանողական ազգային միություններից: ՀՈւԱԱ հյուրընկալման հայտի ներկայացումն իրականացրեց կազմակերպության միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սերգեյ Քոչարյանը: Բավական բովանդակալից ներկայացում, սուր հարցադրումներ` սկսած միջոցառման հյուրընկալման ֆինանասվորման հարցերից, վերջացրած Ադրբեջանի ուսանողական միության ներկայության հետ կապված հարցերով:
Երկու միությունների ներկայացումներից հետո ԵՈւՄ լիիրավ անդամները որոշեցին հյուրընկալման հարցի քվեարկությունն անցկացնել փակ-գաղտնի ձևաչափով:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրական հանձնաժողովը արձանագրեց.
– Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի հյուրընկալման օգտին 41 կողմ,
– Իսրայելական ազգային ուսանողական միության հյուրընկալման օգտին 26 կողմ,
– անվավեր 1,
– ձեռնպահ 2:

Այսպիսով 2015թ-ի գարնանը Երևանը կդառնա ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ: Շնորհավորում ենք հայ ուսանողությանը և հատկապես Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ողջ անձնակազմին: Սա մեծ ձեռքբերում և հատուկ նվեր է կազմակերպության 10-ամյա հոբելյանին ընդառաջ: