Ռոբերտ Քոչարյանի պատասխանը` Աշոտյանին ու Մովսիսյանին

աշոտյան, քոչարյան մովսիսյանԱնկախը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը միանգամից

երկու նախարարների` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարություններին:

 

Մենք շնորհակալ ենք Արմեն Մովսիսյանին՝  «Գույք պարտքի դիմաց»  գործարքի մանրամասների համար և կցանկանայինք ամբողջացնել դրանք հավելյալ տեղեկատվությամբ:

Գույքի փոխանցմամբ պարտքի խնդիրը լուծելու գաղափարը գալիս էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից: Սակայն «Գույք պարտքի դիմաց»  համաձայնագրի բանակցությունները վարվում էին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի համանախագահներն այն տարիներին Սերժ Սարգսյանը և Իլյա Կլեբանովն էին: Համաձայնագրի պարամետրերի մասին բոլոր պայմանավորվածությունները, մանավորապես ձեռնարկությունների ընտրության, դրանց գնահատման և կողմերի պարտավորությունների վերաբերյալ ձեռք են բերվել հենց միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, ինչը և ամրագրվել է համապատասխան արձանագրություններում: Ինքը՝ Արմեն Մովսիսյանը, որպես էներգետիկայի նախարար, գործընթացի առանցքային մասնակից է եղել էներգետիկ ակտիվների մասով: Պայմանավորվածությունների վերջնական արդյունքները զեկուցվել են ՀՀ և ՌԴ նախագահներին՝ հավանություն ստանալու համար: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա էլ համարում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել: Դատելով հարցազրույցից, Մովսիսյանը ժամանակի ընթացքում վերաիմաստավորել է իր կատարված աշխատանքի գնահատականը և իր անձնական նպաստը այդ համաձայնագրի կայացման գործում: Ի՞նչ արած, երբեմն մարդկանց հետ այդպես էլ է պատահում: Այսքանը 2002թ. համաձայնագրի մասին:

Տպավորությունն այնպիսին է, որ նախարարը շփոթել է 2002 և 2006 թվականների համաձայնագրերի բաղադրիչները: 2006 թվականի համաձայնագրի հիմնական շարժառիթը Իրան-Հայաստան գազամուղի կառուցման նախագծին Գազպրոմի ներգրավումն էր՝ 5-րդ էներգալբլոկի շինարարության ավարտմամբ: Նշենք, որ այդպիսով Գազպրոմը ներառվում էր Իրանական գազով էլեկրաէներգիայի արտադրության և հետագայում դրա՝ Իրան արատահանման սխեմայի մեջ: Այդ սխեման լիարժեք դեռ չի շահագործվել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ուշացման պատճառով: Այն, ինչով պարտավոր էր զբաղվել էներգետիկայի նախարարը:
Կիսակառույց 5-րդ էներգաբլոկը գնահատվեց 250 մլն դոլար: Այդ Էներգաբլոկը սկսել էր կառուցվել ԵՎԶԲ-ի վարկով 1995-96թթ.-ին, այնուհետ կոնսերվացվել էր, ընդհանուր ծախսը կազմել էր շուրջ 60 մլն դոլար: Գազպրոմն ընդունեց գնահատված արժեքը հենց այն պատճառով, որ հայկական կողմը հնարավորություն ունենա սուբսիդավորել գազի գինը: Ընդհանուր առմամբ, Գազպրոմի կողմից նախագիծն իրականացվեց բարձր մակարդակով: Նախագծի վարողը հանդիսանում էր Հայռուսգազարդի ղեկավարությունը: Հայաստանը, գրեթե ոչինչ չծախսելով. ստացավ նոր ժամանակակից էներգաբլոկ և հայ-իրանական գազամուղ, ինչպես նաև, առանց բյուջեն ծանրաբեռնելու, գազի գնի սուբսիդավորման միջոցներ: Ընդ որում, որևէ մեկին որևէ բացառիկ իրավունք չտրվեց: Դա արվել է բաց և թափանցիկ /տես՝ ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի որոշումը, համար 449/: 

Իսկ հիմա նախարարի հարցազրույցի մնացած դրվագների վերաբերյալ: Տպավորություն կա, որ Մովսիսյանը չի կարդացել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, ո՛չ էլ Գազպրոմի հետ վերջին համաձայնագիրը: Իսկ եթե կարդացել է, ապա ոչինչ չի հասկացել: Ակնհայտ է, որ նա լրջորեն խճճվել է:

Մանավորապես.

1. Այն ժամանակվա և ներկայիս սուբսիդիաների տարբերությունն այն է, որ այն ժամանակ սուբսիդիան կատարվում էր արդեն համաձայնագրի կնքումից հետո, այսինքն՝ օրինական հիմքի վրա: Հիմա՝ հետին թվով, ի հաշիվ գազի դիմաց կուտակված փաստացի պարտքի: Հուսով ենք՝ նախարարը այս տարբերությունը հասկանում է:
2. Անհասկանալի է Մովսիսյանի՝ բաշխիչ ցանցերի մասնավորեցման հետ արված համեմատությունը: Բացառիկ իրավունքներ այնտեղ չկային և չէին կարող լինել: Ընդհակառակը, այնտեղ մանրամասն շարադրված են սպառողների սպասարկման մասով ընկերության պարտավորությունները և գեներացիայի վճարումների մեխանիզմները: Թվում էր, թե էներգետիկայի նախարարը պետք է որ իմանար դրա մասին:
3. Հայռուսգազարդի գործադիր տնօրենը ընկերության աշխատանքների մասին անձամբ ամեն ամիս զեկուցում էր նախագահին, սակայն նա երբևէ չի ասել, թե տնօրենների խորհրդում Գազպրոմի ներկայացուցիչները խոչընդոտներ են ստեղծում մենեջմենթի առաջ: Ընդհակառակը, մշտապես խոսվել է փոխադարձ վստահության և ընկերությունը կառավարող թիմի գործողությունների ազատության բարձր մակարդակի մասին: Հայռուսգազարդի ընթացիկ գործունեությանը Մովսիսյանը չի առնչվել:
4. Որպեսզի ընթեցողը ինքը գնահատի, թե ինչ իրավունքներով է օժտվել ընկերությունը, մի մեջբերում անենք մամուլում հրապարակված և չհերքված վերջին համաձայնագրից.

«Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և /կամ չեղյալ հայտարարի/ և կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի/ ևկամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում»:
Այստեղ է, որ նախագահ Քոչարյանը խնդիր է տեսնում: Սա ապագայի առումով վատ նախադեպ է էներգետիկայում հնարավոր ներդրումների համար: Այսօր Հայռուսգազարդը ոչ միայն բնական մենաշնորհ ունի գազի ոլորտում, բայց և էլեկտրոգեներացիայի խոշոր մասնակից է /5-րդ էներգաբլոկ/: Գեներացիայում այլ ընկերությունները այդպիսի իրավունքներ ապագայի համար չունեն, ինչը կարող է խաթարել նրանց մրցակցային հնարավորությունները:
Նախարարը թերևս կհանդարտեցներ հանրությանը, եթե համաշխարհային պրակտիկայից նման համաձայնագրերի մի քանի օրինակ ներկայացներ /բայց ոչ գաղութային Աֆրիկայի ժամանակաշրջանից/:

5. Մենք նաև կուզենայինք, որպեսզի ստորագրված համաձայնագրի մասով ապագայում խնդիրներ չառաջանային և որ Գազպրոմի հետ պահպանվեին գործընկերային հարաբերությունները:
Ափսոսում ենք, որ ստիպված ենք բացատրել նախարարին մի բան, որ գրված է սևով սպիտակին, և հրապարակված է երկու լեզվով: Հիշողության ընտրողականությունը նենգ բան է. կարող ես շփոթել դարպասները և ինքնագոլի հեղինակ դառնալ: Ի՞նչ արած, այսպիսին է մեր նախարարը, և այսպիսին է մեր իրականությունը:
Կուզենայինք մի քանի բառով անդրադառնալ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարություններին /15 հունվարի, ասուլիս ՀՀ կառավարության շենքում/:

Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսևորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով: Ծավալված բանավեճի էությունն այն էր, որ առանձին պաշտոնյաներ, ձգտելով արդարացնել այսօրվա խնդիրները, փորձում էին վերագնահատել նախորդ իշխանության տնտեսական քաղաքականության արդյունքները: Խոսքը հիմնականում 2001-2007 թվականների մասին է:
Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ, հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության՝ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է: Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն և ոչ այնքան իր համար, այլ նաև այն թիմի համար, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները: Խոսքը վարչապետի, նախարարությունների, Երևանի և այլ քաղաքների քաղաքապետարանների, տասնյակ հազարավոր շինարարների մասին է, որոնք ոչ թե փուչիկ էին փչում, այլ բարեկարգում էին երկիրը: Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները:
Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 406 դրամ

դոլարՀունվարի 17-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

NASDAQ OMX Armenia

Անկախ

Հնարավոր է Արթուր Սարկիսովը նոր փորձաշրջան անցնի «Ուրալում»

ասArtur-SarkisovԻնչպես հայտնի է, Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլի ակումբի ղեկավարությունը վաճառքի է հանել 5 ֆուտբոլիստի, այդ թվում նաև Էդգար Մանուչարյանին և Արթուր Սարկիսովին: Այդուհանդերձ, հնարավոր է, որ վերջինս շարունակի կրել ռուսական այդ ակումբի մարզազգեստը:

Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը, նրա օգնական Պողոս Գալստյանը, մարզչական շտաբի ներկայացուցիչները կարծում են, որ Սարկիսովի խաղաոճը համապատասխանում է «Ուրալի» խաղային ձեռագրին և նա կարող է օգտակար լինել:

Թիմի առջև խնդիր է դրվել պահպանել տեղը Ռուսաստանի առաջնության բարձրագույն խմբում:

26-ամյա հայ հարձակվողն ընթացիկ առաջնության 13 խաղերում միայն մեկ գնդակ է խփել մրցակիցների դարպասը:

«Ուրալի»  խաղացողների արձակուրդն ավարտվել է, թիմն անցկացրել է առաջին մարզումները: Հունվարի 21-ին Թարխանովի սաներն ձմեռային առաջին ուսումնամարզական հավաքն են անցկացնելու ԱՄԷ-ում: Այնպես որ, հնարավոր է Սարկիսովը նոր  փորձաշրջան անցնի:

Չինաստանում խիտ մառախուղի պատճառով բնակիչների համար էկրանների վրա արևածագ են ցուցադրել

Beijing -ChinaՊեկինում մառախուղը այնքան է խտացել, որ քաղաքում տեղադրվել են հսկայական էկրան, որի վրա արևածագ է ցուցադրվում:

Չինաստանի մայրաքաղաքում տեղադրված այդ էկրանների վրա սովորաբար զբոսաշրջիկների համար տարբեր զբոսավայրեր են ցուցադրվում, սակայն օդի աղտոտվածության վտանգավոր աստիճանի պատճառով բնակիչներին պաշտպանական դիմակներ են բաժանվել, որպեսզի կարողանան հավաքվել էկրանի մոտ արևածագը դիտելու համար:

Պեկինի շրջակայքից ժամանող աշխատողները հինգշաբթի օրը հայտնվել են  խիտ, մոխրագույն մառախուղի մեջ, իսկ ծերերին և երեխաներին հորդորել են մնալ տանը:

Չորեքշաբթի օրն  առաջին անգամ օդում PM2.5 աղտոտող մասնիկների քանակությունը մեկ խորանարդ մետրում 500 միկրոգրամ է կազմել:

Պեկինի իշխանությունների տվյալներով՝ քաղաքում տեսանելիությունը նվազել է, իսկ մառախուղը քաղաքում կմնա նաև ուրբաթ օրը:

Օդի աղտոտվածության 300-ից բարձր մակարդակը վտանգավոր է համարվում, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անվտանգ է համարում օրական 20-ից ոչ բարձր մակարդակը:

 Անկախ

Եղիսաբեթ II-ի թոռնուհին դուստր է ունեցել

pic_4f1b103865335788d88e093a8a1c3a97Եղիսաբեթ  II-ի թոռնուհին` Զառա Ֆիլիպսը դուստր է ունեցել: Այսօր կեսօրին նա աղջիկ է ունեցել:

Բուքինգհեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ նորածնի անունն ավելի ուշ կհայտնեն: Փոքրիկը բրիտանական թագի  թեկնածուների հերթում 16-րդն է: Նա ոչ մի տիտղոս չի ստանա:

Զառա Ֆիլիպսի հղիության մասին հայտնի դարձավ 2013-ին: Ոչ մի այլ տեղեկություն, բացի այն, որ Զառայի ընտանիքում 2014-ին  փոփոխություն է սպասվում, չի եղել: Փոքրիկը Եղիսաբեթ  II-ի 4-րդ ծոռնիկն է:

Անկախ

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ

ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 17–ին`ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

 

Հատիկոն 9 տարի ոչ թե տիրոջն էր սպասում, այլ` խորովածի

Hachiko200505-4Շատերը գիտեն ճապոնական Հատիկո անունով շատ պատմությունը, որը 9 տարի ամեն օր գնում էր մետրո` դիմավորելու իր տիրոջը:

Տերն այդպես էլ չեկավ, քանի որ վաղուց մահացել էր: Այս պատմությունը մի քանի անգամ էկրանավորվել է, իսկ  Տոկիոյի կենտրոնում   բրոնզե արձանի տեսքով անմահացած շան անունը  նվիրվածության ու հավատարմության խորհրդանիշ է դարձել:

Սակայն, Սիբույա շրջանի գրականության թանգարանի ներկայացուցիչները,  այլ տեսակետ են հայտնել: Նրանց ենթադրությամբ, Հատիկոյի համառորեն, 9 տարի շարունակ նույն տեղում հայտնվելու պատճառը հավի խորովածն էր` յակիտորին, որով տերը կենդանության օրոք կերակրում էր շանը: Սիրած ուտեստը և ոչ թե տիրոջ հանդեպ հավատարմությունն են Հատիկոյին տարել մետրոյի կայարան, 9 տարի շարունակ: Այս վարկածի համաձայն, մի անգամ, երկարատև գործուղումից վերադառնալով, տերը զարմացած հայտնաբերել է, որ Հատիկոն իրեն է սպասում կայարանում: Այդ արարքի համար նրան պարգևատրել է հավի մի քանի կտոր խորովածով:

Այս օրերին Սիբույայի գրականության հուշաթանգարանում  Հատիկոյին նվիրված ցուցադրություն է: Արժե նշել, որ մեծամասնության համար Հատիկոն այնուամենայնիվ նվիրվածության մարմնացում է: Մեծ հաշվով, այսօր արդեն կարևոր էլ չէ, թե տարիներ շարունակ ինչու էր շունը նույն կայարանում հայտնվում:

Սակայն, շատ հավատարմության նմանօրինակ ապացույցներ  եղել են ու լինում են:

Անկախ

Ռուսաստանը ներգաղթյալների առջև փակում է իր դռները. ինչ է սպասվում այդ երկիր մեկնող հայաստանցիներին. 1in.am

ներգաղթՌուսաստանում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր օրենք` ներգաղթյալների վերաբերյալ, որով ԱՊՀ երկրների քաղաքացիների` Ռուսաստան մուտք գործելու պայմանները փոխվել են:  Այս մասին գրում է 1in.am-ը:

Այսուհետ 3 – 5 տարով, կախված իրավախախտման չափից, երկիր մուտքը շուրջ կես միլիոն արտերկրյա քաղաքացիների համար արգելված է: Համաձայն օրենքի` ժամանակավորապես արգելքներ են մտցվում ԱՊՀ երկրներից ներգաղթյալների համար, ովքեր մի շարք իրավախախտումներ են կատարել կամ Ռուսաստանում մնալու սահմանված ժամկետը խախտել են: Բացի այդ, արտերկրյա քաղաքացու մուտքը Ռուսաստան կարգելվի, եթե նրա նկատմամբ վտարման մասին որոշում է կայացվել, կամ եթե նա կեղծ միգրացիոն քարտից է օգտվում:

Ուղևորափոխադրումներ իրականացնող «Քինգ դե լյուքս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Դալլաքյանի (Պալաչ) խոսքով՝ թեև օրենքի կիրառումը սկսվել է հունվարի 1-ից, բայց դեռևս երեք ամիս առաջ ընկերություններին զգուշացվել է, որ նման կերպ փոխադրվողները տարեսկզբից հետ են ուղարկվելու: «Ռուսաստանում գործող օրենքներ կան. մարդիկ գնում են աշխատելու և չեն գրանցվում, այնինչ միգրացիայի օրենքը ստիպում է, որ մարդիկ գրանցվեն, և իրենց կեցությունն օրինական հիմք ստանա, իսկ շատերը չեն գրանցվում և ստիպողաբար ժամկետը լրանալուց հետո հետ են դառնում Հայաստան: Նման դեպքերը բացառելու համար էլ ստեղծեցին այս օրենքը, որպեսզի մարդիկ Ռուսաստան գնալիս անպայման գրանցվեն. սա Սոչիի օլիմպիադայի հետ կապ չունի, ինչպես շատերն են կարծում»,- ասաց նա:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Մադրիդի «Ռեալը» սխալվել է, երբ վաճառել է Օզիլին

մօrsenal-Close-In-On-Mesut-Ozil-Signing-2246445Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը ներկայումս դժվարություններ ունի: Եվ ահա, թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ափսոսանք է հայտնել, որ վաճառվել է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Նա ներկայումս հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալի» կազմում և իրեն լավագույնս է դրսևորում:

Անչելոտին գտնում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն իր խաղով կարող էր մեծ օգուտ բերել «Ռեալին»: Նա չի թաքցրել, որ, վաճառելով Օզիլին, սխալվել են:

Փորձարարական մահապատիժն Օհայոյում անհավանական երկար է տևել

pic_4b034dfb333a98f0737663ae2664d918 (1)Օհայո նահանգում  հանցագործի` հունվարի 16-ին  փորձարարական դեղամիջոցով իրականացված մահապատիժը, էականորեն երկար է տևել սովորականից և ուղեկցվել հոգևարքով:

Հղի կնոջ բռնաբարության , ապա սպանության համար  դատապարտված Դենիս Մաքգուայերը սովորական` մի քանի րոպեի փոխարեն, մահացել է գրեթե կես ժամում: Ինչպես ականատեսներն են պատմել, դեղամիջոցի ներարկումից հետո սկզբում նա հանգիստ տեսք է ունեցել, իսկ հետո սկսել է  հոգևարքի մեջ ցնցվել, բերանով օդ վերցնել:

Ներարկման համար առաջին անգամ է կիրառվել սեդատիվ միդազոլամ և ցավազրկող հիդրոմորֆոն պենտոբարբիտալի փոխարեն, որը արտադրող ընկերությունները մերժել են հատկացնել հանցագործների մահապատժի համար:

Մահապատժի ենթարկվածի փաստաբանի խոսքով, իշխանությունների գործողությունները դատարանում կբողոքարկվեն` ամերիկյան այն օրենքի համաձայն, որով արգելվում է “դաժան ու անսովոր” մահապատիժը: Ավելին, Մաքգուայերի պաշտպանությունը փորձել է խոչընդոտել մահապատժի համար չստուգված միջոցի կիրառումը, պնդելով, որ այն կարող է թթվածնի քաղց առաջացնել ու տաժանագին մահվան բերել, սակայն դատական իշխանությունները դեղամիջոցի կիրառումը թույլատրել են:

Իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել կատարվածը: Դատախազի տեղակալը միայն ասել թէ`” անցավ մահապատիժ ոչ ոք չի երաշխավորել”:

Ամերիկյան բանտերում պենտոբարբիտալն ու նման դեղամիջոցները վերջացել են 2013-ին: Արտադրող ընկերությունը,  իրավապաշտպանների ճնշման ներքո, հրաժարվել է այն մատակարարել  մահապատիժ իրականացնելու նպատակով:

Անկախ

Ռեստորանը պիթոնով պիցցա է առաջարկում իր հաճախորդներին

pic_3453b7bea8c23d7429f67c93fd61cd61Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Մեյերսի ռեստորանն իր հաճախորդներին պիթոնի մսով, գորտի թաթիկներով որ կոկորդիլոսի մսից նրբերշիկներով պիցցա է առաջարկում, գրում է Los Angeles Times-ը: Ուտեստն արժե 45 դոլար.գինը բացատրվում է պիթոնի մսի թանկությամբ, որի մեկ ֆունտի համար մատակարարները 66 դոլար են պահանջում:

Ռեստորանատեր Էվան Դենիելի խոսքով, նման պիցցա ունենալու գաղափարն իր գլխում  ծագել է այն պատճառով, որ այդ տեղանքում պիթոնները բազմացել են.”Ես, իհարկե, կուզենայի ասել, որ առաջարկվող պիթոնի միսը  փողոցում որսված սողունի է պատկանում, սակայն, դա այդպես չէ”:

Ինչ ռեստորանը սկսել է  նման պիցցա վաճառել, արդեն 150 պատվեր է ունեցել: Թե ինչ տպավորություններ են ունեցել հաճախորդները, չի ասվում: Սակայն ռեստորանատերն ասում է, որ այս պիցցան պետք է ուտել դանդաղ, անշտապ:

Ավելի վաղ պիցցայի այլ անսովոր տեսակներ էին մտածվել.տարիներ առաջ բրիտանացի շեֆ խոհարար Հեստոր Բլյումենտալը երեխաների համար պատրաստեց ալրաորդերով պիցցա, իսկ Ավստրալիայում, մորեխների հերթական գրոհի ժամանակ սրճարանում առաջարկվում էր մորեխներով պիցա:

Անկախ

Սիրիայի իշխանություններն ապստամբներին առաջարկել են միավորվել իսլամիստների դեմ

pic_e3a6a4e697a1466f1b85e0f99485cd69 (1)Սիրիայի կառավարությունը հանուն  ահաբեկիչների դեմ պայքարի` ապստամների հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Նման հայտարարությամբ  Մոսկվայում ելույթ է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուհալեմը: Նա ընդգծել է, որ համատեղ գործողությունները պետք է  պլանավորվեն 2013-ի հունիսին, Մեծ Բրիտանիայում անցկացված “Մեծ ութնյակի” գագաթնաժողովի արդյունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա:  Այդ փաստաթղթերում միջազգային ընկերակցությունը քննադատում էր խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունն ու կողմերին կոչ էր անում հակասությանը քաղաքական լուծում տալ:

2013-ին Սիրիայի քաղաքացիական պատերազմին միացան նաև արմատական իսլամական “Իրաքի ու Լևանեի իսլամական պետություն” խմբավորման անդամները, ինչը լուրջ ճեղքվածք առաջացրեց ընդդիմության շարքերում:  Ջիհադիստների ու չափավոր ապստամբների նպատակները սկզբունքորեն տարբերվում են: Եթե ապստամբները ցանկանում են իշխանության գլուխ տեսնել աշխարհիկ ընդդիմությանը, ապա իսլամիստները ցանկանում են սունիթական պետություն ստեղծել Իրաքի ու Սիրիայի տարածքում, որը կստեղծվեր շարիաթի օրենքներով:

Իսլամիստների առաջնորդական հավակնությունները քաղաքացիական պատերազմում նոր ճակատ ձևավորեցին: Իթլիբում, Հալեպում ու Ռաքայում չափավոր ապստամբները մարտեր են մղում իսլամիստների դեմ: վերջին օրերին այդ բախումների զոհ է դարձել շուրջ 1000 մարդ:

Անկախ

Մենասահորդ Սարգիս Հայրապետյանը չի շարունակի պայքարը Եվրոպայի առաջնությունում

գեղասահք2681a567398e501e69ee83fc0c616ed5669c9238Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 21-ամյա մեսահորդ Սարգիս Հայրապետյանը, կարճ ծրագրի կատարումից հետո,  35 մասնակիցների պայքարում եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Նա  չի մասնակցի 24 ուժեղագույնների մրցավեճին, որը կայանլու է հունվարի 18-ին:

Աշոտյանն առաջարկում է անվանափոխել Հայաստանի Հանրապետությունը

Արմեն-ԱշոտյանԱրմեն Աշոտյանն առաջարկում է մեր երկիրը վերանվանել` այն կոչելով Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Աշոտյանն  առաջարկը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում` կոչ անելով քննարկել ու կարծիքներ հայտնել: Աշոտյանը գրում է. «Անհամեստություն չթվա, բայց իմ վերջին ասուլիսը համարում եմ բավականին հաջողված և հետաքրքիր: Հնչեցին կարծիքներ թե կրթության և գիտության ոլորտների զարգացումների, խնդիրների և անելիքների, թե քաղաքական վերջին իրադարձությունների մասին: Շնորհակալ եմ լրագրողներին, որ ակտիվորեն լուսաբանեցին այն: Սակայն, ըստ իս, մի հետաքրքիր առաջարկ դուրս մնաց լրահոսից:

Խոսքը հնարավոր սահմանադրական բարեփոխումների մասին է: Հանրային քննարկումներն առավել կենտրոնացել են Հայաստանի քաղաքական և կառավարման համակարգերի փոփոխությունների վրա:  Բայց, իմ կարծիքով, սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան և հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաև արտաքին քաղաքական դաշտում:

Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից:  Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն:

Այս առաջարկս հնչեցրել եմ դեռևս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմնադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում:  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է:  Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»:

Անկախ

2014-ի մրցաշրջանը երկաթախաղի մեր երկրի ներկայացուցիչների համար հագեցած է լինելու

00055 PACHIK ALAVERDYANԾանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Անկախին» տեղեկացրեց, որ 2014-ի մրցաշրջանը երկաթախաղի մեր երկրի ներկայացուցիչների համար հագեցած է լինելու:

Գլխավոր փորձությունը նոյեմբերի 4-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք աշխարհի տաղամարդկանց և կանանց առաջնություններն են, որոնք, որոնք օլիմպիական խաղերի համար վարկանիշային են: Մինչ այդ` ապրիլի 5-12-ը Թել Ավիվում (Իսրայել) անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի կազմը հայտնի կդառնա Երևանում փետրվարի 19-22-ը  կայանալիք մեր երկրի առաջնությունից հետո, որին մասնակցելու են բոլոր ուժեղագույնները:

Սամվել Ասլանյանի թիմին Եվրոպայի առաջնությունում այսօր լուրջ փորձություն է սպասում

սաaslananԴանիայում շարունակվող հանդբոլի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում Սամվել Ասլանյանի թիմը` Ռուսաստանի հավաքականը, այսօր կմրցի Լեհաստանի ներկայացուցիչների հետ (C խումբ):
Նախորդ տուրում Ռուսաստանի ընտրանին 27:25 հաշվով հաղթել էր Սերբիայի հավաքականին, իսկ լեհ հանդբոլիստները դժվարին խաղ էին անցկացրել Ֆրանսիայի թիմի հետ և պարտվել 27:28 հաշվով:
Այսօր կկայանա նաև Սերբիա-Ֆրանսիա մրցամարտը:
Ֆրանսիայի հավաքականը վաստակել է 4 միավոր և, անկախ վերջին խաղի արդյունքից, պայքարը շարունակելու իրավունք է ստացել: 2-ական միավորով հաջորդում են Սերբիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Ոչ մի միավոր չի վաստակել Լեհաստանի հավաքականը: Այդուհանդերձ, վերջինս շատ ուժեղ է, և Ռուսաստանի թիմին լուրջ փորձություն է սպասում:

Բերման են ենթարկել խողովակները յուրացնողին

ձերբակալվածՀունվարի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 49 հասցեից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Պողոս Հ.-ին:
Պարզվել է, որ նա մի ընկերությունում աշխատելու ընթացքում` 2013 թ. հոկտեմբերի կեսերին, յուրացրել է վերգետնյա անցման համար նախատեսված խողովակներ` ընկերությանը պատճառելով նյութական վնաս:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Շախմատի Հայաստանի առաջնություն. 5-րդ տուր

Շախմատ ՀԱ ARM-2Երևանում շարունակվող Հայաստանի շախմատի  տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց առաջանության աղյուսակը շարունակում է գլխավորել Տիգրան Քոթանջյանը, իսկ ահա կանանց առաջնությունում եռիշխանություն է: Առջևում են` Մարիա Գևորգյանը, Նարինե Գասպարյանը, Շուշաննա Սարգսյանը:

Տեխնիկական արդյունքներ

5-րդ տուր

Տղամարդիկ

Գրիգորյան Ավետիք – Բաբուջյան Լևոն` 1-0
Հովհաննիսյան Ռոբերտ – Պետրոսյան Տիգրան`  0,5-0,5
Գրիգորյան Կարեն – Քոթանջյան Տիգրան` 0,5-0,5
Մելքումյան Հրանտ – Անդրիասյան Զավեն` 0-1
Փաշիկյան Արման – Տեր-Սահակյան Սամվել` 1-0

ԱՂՅՈւՍԱԿ

1. Քոթանջյան Տիգրան     4
2. Գրիգորյան Կարեն    3
3. Գրիգորյան Ավետիք    3
4. Փաշիկյան Արման    3
5. Հովհաննիսյան Ռոբերտ    2.5
6. Անդրիասյան Զավեն    2.5
7. Տեր-Սահակյան Սամվել    2
8. Պետրոսյան Տիգրան    2
9. Մելքումյան Հրանտ    1.5
10. Բաբուջյան Լևոն    1.5

Կանայք

Հայրապետյան Աննա – Ղուկասյան Սիրանույշ` 0-1
Գևորգյան Անահիտ – Գասպարյան Նարինե` 0-1
Բաբայան Արմինե – Գևորգյան Մարիա` 0,5-0,5
Գաբոյան Սուսաննա – Միրզաբեկյան Սվետլանա` 1-0
Սարգսյան Շուշաննա – Ղամբարյան Հասմիկ` 1-0

ԱՂՅՈւՍԱԿ

1.    Գևորգյան Մարիա    4
2.    Գասպարյան Նարինե    4
3.    Սարգսյան Շուշաննա    4
4.    Բաբայան Արմինե    3.5
5.    Ղուկասյան Սիրանույշ    3
6.    Հայրապետյան Աննա    2.5
7.    Գաբոյան Սուսաննա    2
8.    Միրզաբեկյան Սվետլանա    1
9.    Գևորգյան Անահիտ    1
10.  Ղամբարյան Հասմիկ    0

«Բոլորիս ճակատագրերը նույնն են, ձեռագրերն են տարբեր»

անօթևաններ (2)«Ես իմ ամբողջ ընտանիքը 2007 թ. կորցրել եմ ավտովթարից` հորս, մորս, ամուսնուս, որդուս,- պատմում է 58-ամյա տիկին Ալիսը,- ազատամարտիկ Ճուտոյի մայրն եմ, երևի գիտեք, սաղ խոնարհվում են նրա առաջ, բայց ինչի՞ս ա պետք, որ էսօր դրսում եմ մնացել, տուն չունեմ»:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանում հայտնված կինն արցունքն աչքերին պատմում է սարսափելի ավտովթարի մանրամասները, որից հետո իր կյանքը հիմնովին շրջվել է: Դեպքից հետո նա բնակարանը գրավ է դրել բանկում և գումար վերցրել, որ ապրի, թաղման ծախսերը հոգա, հետո չի կարողացել տոկոսները մարել, պարտքը կուտակվել է, և ի վերջո բանկը բնակարանը հանել է աճուրդի, վաճառել, իր պարտքը վերցրել, որոշ գումար էլ կնոջը տվել: «Էդ գումարն էնքան չնչին էր, որ չկարողացա ուրիշ բնակարան առնեմ, դրանով միայն հարազատներիս գերեզմանոցը սարքեցի, էնպիսի մի գերեզմանոց, որ կողքից նայողը երբեք չի հավատա, որ դա իմ նման անտեր մեկն է սարքել»:

Տիկին Ալիսի ծնողները 1940-ականներին Հունաստանից են ներգաղթել հայրենիք, և հիմա նա որևէ բարեկամ Հայաստանում չունի: Միակ սփոփանքը թոռնիկն է, որը հարսի հետ միասին նրա ծնողների խնամքի տակ է: «Գնում էին Վրաստան հարսանիքի, երբ էդ դեպքը պատահեց,- պատմում է նա,- հարսս հղի էր, արդեն պիտի ծննդաբերեր, ամուսինս չթողեց, որ հետները գնա…Դեպքից չորս օր հետո թոռնիկս ծնվեց: Տղայիս անունը դրեցինք…»:

Հարազատներին կորցնելուց հետո կինը երկու անգամ ինֆարկտ է ստացել, բազում հիվանդություններ ձեռք բերել և այսօր ի վիճակի չէ զբաղվելու իր աշխատանքով` դերձակությամբ: «Բոլորս տարբեր հանգամանքներով հայտնվել ենք էստեղ, համարյա բոլորիս ճակատագրերը նույնն են, ուղղակի ձեռագրերն են տարբեր: Հիմա մեզ բոլորիս անհանգստացնում է էն հարցը, թե ի՞նչ պիտի լինի, որովհետև օրենքով մենք էստեղ կարող ենք մնալ ընդամենը երեք ամիս: Լավ, բա հետո՞ ինչ է լինելու»:

Հիմնադրամի և կենտրոնի ղեկավար Շավարշ Խաչատրյանը նշում է, որ ճիշտ է, օրենքը դա է պահանջում, բայց իրենք պետք է այդ մարդկանց հարցերը լուծեն, հետո նրանց կացարանից դուրս գրեն: «Այդ մարդիկ փողոցում չեն հայտնվի»,-հավաստիացնում է նա:

2001 թվականից գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կարգախոսն է` «Օգնություն ինքնաօգնության համար»: Կենտրոնն ի սկզբանե հիմնվել է 20 տարեկանից բարձր սոցիալապես անապահով անձանց համար անվճար վարսահարդարում, խոհարարություն, համակարգչային հմտություններ, կավագործություն, փայտամշակում, էլեկտրաեռակցում, կոշիկի և կաշվե իրերի պատրաստում և այլ դասընթացներ տրամադրելու նպատակով, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն աշխատանք գտնել և ապրել: Սակայն հետագայում հիմնադրամն իր գործունեությունն ընդլայնել է` զբաղվելով նաև անօթևանների խնդիրներով:

2004-ին մեկնարկած անօթևանների ծրագիրն այսպիսին էր. ձմռան ամիսներին կենտրոնի միկրոավտոբուսը տաք թեյնիկներով, սուրճով, քաղցրավենիքով և տաք հագուստով շրջում էր փողոցներում, գտնում անօթևաններին, նրանց հետ փորձում կապ հաստատել, հասկանալ նրանց խնդիրները և փորձել օգնել:

անօթևաններ (3)Հիմնադրամի տնօրենն ասում է, որ երբ պետությունը մի քանի տարի առաջ Չորրորդ գյուղում ծերանոցին կից ստեղծեց անօթևանների կացարան, դա նաև իրենց համառ ջանքերի շնորհիվ էր: 2011-ից, քաղաքապետարանի  համաֆինանսավորմամբ, նաև հիմնադրամն էր անօթևաններին կացարան տրամադրում: Խաչատրյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում շուրջ 230 անօթևան են ընդունել, որոնցից մոտ 160-ի հարցը լուծել են, 37-ը վերադարձել են հարազատների մոտ, նրանց հաշտեցրել են, 30 հոգի ինքնուրույն կյանք է սկսել, 4 զույգ ամուսնացել է, մի մասին օգնել են գտնել հարազատներին և այլն: Պետական կառույցները, տեսնելով հիմնադրամի գործունեության արդյունավետությունը, նախորդ տարվա վերջին որոշել են Չորրորդ գյուղում գտնվող պետական կացարանը փակել, պետբյուջեից հատկացվող գումարը փոխանցել այս հիմնադրամին, շահառուներին էլ  տեղափոխել այստեղ:

Դեռևս այդ ժամանակ «Անկախը» պարզաբանում ստացավ սոցապնախարար Արտեմ Ասատրյանից,  թե պետությունը նպատակահարմար է գտել այդ միջոցներն ուղղել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամին, քանի որ նրանց ծրագիրն ավելի արդյունավետ է. նրանք ոչ միայն կացարանում պահում են անօթևաններին, այլև նրանց համար դասընթացներ են իրականացնում՝ փորձելով ինքնուրույն կյանքի տանել:

անօթևաններ (1)Հունվարի 1-ից 43 անօթևան արդեն նոր կացարանում է, և ընդհանուր անօթևանների թիվն այստեղ հասնում է գրեթե հարյուրի:

Մեր շրջայցը կացարան սկսվեց մեկուսարաններից, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն էին՝ կույրեր, կաթվածահարներ, անդամալույծներ և այլն: Հետո անցանք 7-8 հոգանոց սենյակներով, ապա 14 հոգանոց մի ընդարձակ սենյակ մտանք, որտեղ տեղավորված էին տղամարդիկ:

«Այս մարդկանց հարցերը լուծելը շատ դժվար է,-ասում է կենտրոնի ղեկավարը,-տարիներով ապրելով փողոցում` կորցնում են իրենց բոլոր փաստաթղթերը, և շատ դժվար է լինում դրանք վերականգնելը»:

Նա բերում է մի օրինակ, երբ երկու տարում են կարողացել իրենց շահառուներից մեկի անձնագրի հարցը լուծել: «Ռուսաստանից էր: Եկել էր Հայաստան եղբոր մոտ, հետո եղբայրը իր տունը վաճառել, գնացել էր, էդ մարդը մնացել էր դրսում, փաստաթղթերն էլ կորցրել էր, ո՛չ կարող էր գնալ Ռուսաստան, որտեղ տուն, ապրուստ ուներ, ո՛չ կարող էր մնալ: Երկու տարի չարչարվելուց հետո կարողացանք նրա փաստաթղթերի հարցը լուծել, որ հետ գնա»:

Կացարանում կան նաև հոգեկան խնդիրներ ունեցողներ, ինչը հոգեպես ճնշում է մյուս շահառուներին: Սակայն նրանց հոգեբուժարան տեղափոխելը շատ դժվար է, քանի որ հարազատներից մեկը պետք է դիմի դատարան` հիվանդին անգործունակ ճանաչելու համար, որից հետո նոր կարող են տեղափոխել: Սակայն այս դեպքում բարեկամներ չկան:

Տնօրենի խոսքով` կան անօթևաններ, որոնք կացարան են հասնում սարսափելի վիճակում` հիվանդ, կեղտոտ, տարիներով չլողացած, ոչ ադեկվատ վիճակում: Երբ անօթևանին բերում են կացարան, նախ ախտահանում են, սափրում, լողացնում, հետո տեղավորում մեկուսարանում, հին և կեղտոտ հագուստն այրում, նոր հագուստ տալիս, որից հետո ուղեկցում են պոլիկլինիկա` հետազոտման: Այդ ամենից հետո նա կարող է մյուսների հետ ընդհանուր սենյակներում ապրել: Սնունդն այստեղ օրական երկու անգամ է տրվում` առավոտյան և երեկոյան: Դա ամրագրված է սոցիալական աջակցության օրենքում՝ հաշվի առնելով այն, որ շահառուները պետք է կեսօրին աշխատանքի գնան և միայն առավոտյան ու երեկոյան անցկացնեն կացարաններում: Սակայն այս կացարանում շատերն անկողնային վիճակում են, և կեսօրին նրանց կերակրում են,  չնայած դրա իրավունքը չունեն:

Մեր այցի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից կացարան էին բերել մի անօթևանի` մի ոտքը կտրած: Փորձեցինք զրուցել հետը, գլուխը շրջեց, չցանկացավ խոսել: Տնօրենն ասում է, որ սոցիալական աշխատողներն ու հոգեբանները ժամանակի ընթացքում են կարողանում նրանցից որևէ տեղեկություն ստանալ, այն էլ` դժվարությամբ:

Քանի որ կենտրոնի հիմնական նպատակը անօթևաններին ինքնուրույն կյանքի վերադարձնելն է, հիմնադրամի ղեկավարը կարևորում է իրենց կողմից տրամադրվող անվճար դասընթացները: Խաչատրյանի խոսքով` իրենց շահառուների (ոչ միայն անօթևանների) 60-70 տոկոսն այստեղ ստացած գիտելիքների շնորհիվ աշխատանք է գտել: Սակայն կարևոր է նաև, որ մարդն ինքը ցանկանա վերադառնալ հասարակություն, աշխատել: Այդ ցանկությունը նրանց մեջ առաջացնելը նույնպես  կենտրոնի սոցիալական աշխատողների և հոգեբանների աշխատանքի մի մասն է:

անօթևաններԻ դեպ, անօթևաններից մեկը մեզ ասաց, որ իրեն աշխատանք են առաջարկել այստեղ. լվացքատան, սանհանգույցի մաքրմամբ պետք է զբաղվի:

Շավարշ Խաչատրյանն ընդգծում է, որ անօթևանները գրեթե չեն զբաղվում մուրացկանությամբ. «Դա թյուր կարծիք է: Երևան քաղաքում մուրացկանությամբ զբաղվում են տուն ունեցողները, իսկ նրանց մուրացկանության են դրդում ծնողները, զավակները, թոռները, հարսը…»:

Կառավարությունը  հիմնադրամին այս տարվա համար 58 միլիոն դրամ է հատկացրել: Դանիական գործընկերներն էլ են որոշակիորեն աջակցել` 8 միլիոն դրամի չափով: Ընդհանուր գումարը մեծ չէ, մանավանդ որ դրա մեջ մտնում են  նաև 28 աշխատակիցների աշխատավարձերը, որոնք նման բյուջեի պայմաններում նվազագույն են, սակայն հիմնադրամի ղեկավարն այս ծրագրով սահմանափակվելու մտադրություն չունի: Ապագա ծրագրերից է թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածության մեջ գտնվող անձանց աջակցելը, որոնք որոշակի բուժման շնորհիվ հաղթահարել են հիվանդությունը, սակայն հասարակության մեջ կրկին ինտեգրվելու խնդիր ունեն:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

5 ՃՏՊ, 6 վիրավոր` մեկ օրում

վրաերթՀունվարի 16-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանի Աթենքի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց իրար են բախվել «Բիայդի» մակնիշի տաքսի, «ՎԱԶ-2107» և «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Սամանդ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Սիատ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն: