Քաղաքական գործիչների և քաղաքացիների ֆեյսբուքյան արձագանքը ՍԴ որոշմանը

Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողության կասեցման վերաբերյալ իրենց ֆեյսբուքյան էջերում  գրառումներ են կատարել մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ, ակտիվ քաղաքացիներ:

imagesԺառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ողջունել է ՍԴ որոշումը. “Ողջունում եմ ՍԴ-ի որոշումը, որը, որպես կեցվածք, աննախադեպ էր ՍԴ-ի կենսագրության մեջ: Բայց հիմնական որոշմանը պետք է սպասել մարտին, երբ կքննարկվի հարցն ամբաղջությամբ: Հուսանք, որ սպասվելիք որոշումը նույնպես կլինի այս որոշման տրամաբանության շրջանակներում, ինչը, կարծում եմ, պատիվ կբերի ՍԴ-ին եւ ին-չոր չափով կվերականգնի հասարակության վստահությունը այս կարեւորագույն մարմնի նկատմամբ”:

189942ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով` ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել. “Քիչ առաջ մամուլից իմացա, ՍԴ կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը մինչև մարտ ամիս։ Մասնավորապես կասեցվել է օրենքի 2 հոդվածների գործողությունը։ Սա փոքրիկ հաջողություն է։ 2012թ. սեպտեմբերից ԱԺ-ում պայքարել եմ իմ համոզմամբ այդ անհեթեթ բարեփոխման դեմ։ Պայքարին են միացել մի շարք ազնիվ պատգամավորներ, խմբակցություններ։ Ավելի ուշ այն դարձավ քաղաքացիական ակտիվիստների հրաշալի բանակի պայքարի թիրախը։ Չգիտեմ՝ վերջն ինչ է լինելու, բայց ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել”,-գրել է նա։

загруженноеՀեռուստահաղորդավարուհի, հասարակական ակտիվիստ Լուսինե Բադալյանը հորդորել է` մի քիչ ըմբոստ եղեք էլի, տնաշեններ. “ՍԴ-ն կասեցրել է «պարտադիր կուտակային կենսաթոշակ»-ը. ովքեր տխրել են, հիշեցնեմ, որ այն գործում է արդեն մի քանի տարի է` կամավոր սկզբունքով, և գործելու է՝ կարող եք միանալ: Իսկ ասածս այն է, որ հարգելի «հԸ հԸ» քաղաքացիներ, երբ դուք միավորվում եք, մեզ վատաբանելու փոխարեն` սատարում եք, կամ գոնե չեք խանգարում, կառավարությունը ստիպված է լինում զիջումների գնալ` թեկուզ ձևականորեն, թեկուզ` ժամանակավոր …. մի քիչ ըմբոստ եղեք էլի տնաշեններ. սա ընդամենը հերթական ապացույցն է, որ պայքարողն է հաղթում…. ես այսօր երկրորդ անգամ եմ տոնում մեր «ժամանակավոր» հաղթանակը ու հպարտ եմ, որ հավատացել եմ ու մինչև վերջ գնացել եմ. հուսով եմ՝ հաջորդ անգամ ավելի շատ մարդիկ կմիանան ու ավելի քիչ մարդիկ կպախարակեն ինձ և ինձ նմաններին: Գյուղը կանգնի՝ գերան կկոտրի”:

231415151372922518ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը գտնում է, որ ՍԴ այսօրվա որոշումը քաղաքացիական հասարակության երկրորդ հաղթանակն էր. “ՍԴ այսօրվա որոշումը քաղաքացիական հասարակության արդեն երկրորդ հաղթանակն էր (տրանսպորտի սակագների հարցից հետո): Այս որոշումը արդյունք է բոլոր մարդկանց միավորված պայքարի, որոնք անկախ կուսակցական հայացքներից միացան և հասան իրենց նպատակին: Հաջորդ հանրահավաքը կարող էր ավելի մեծ լինել, և անկասկած, սա հասկանալով էլ օրենքի կիրառումը կասեցվեց: Կարծում եմ` սա ևս հաջող առիթ էր հավատը կորցրած մարդկանց համար, որ մեր երկրի ճակատագիրը իրոք մեր ձեռքերում է, և դրա համար պետք է պայքարել”:

Ֆեյսբուքյան օգտատեր Մարտին Իսախանյանն էլ վերլուծել է, թե ինչու ՍԴ որոշեց կասեցնել կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը:
“Առաջին վարկածի համաձայն՝ հասկացավ, որ այն հակասում է Սահմանադրության 31-րդ հոդվածին և օրենքի կիրառման դեպում կմեծանա դժգոհության ալիքը, կխորանա սոցիալական լարվածությունը:
Երկրորդ վարկածի համաձայն ՝ ՍԴ նախագահը փորձեց ապացուցել իր ուսանողներին, որ դասավանդելու ժամանակ չի ստել:
Հ.Գ. Թերևս վաղ է ուրախանալ այս կասեցումով, որովհետև վերջնական որոշումը կայացվելու է մարտին: Եվ չի բացառվում, որ այս որոշումը ընդամենը լարված կրքերը ժամանակավորապես թուլացնելու փորձ է”:

Մեկ այլ օգտատեր էլ` Արմեն Սարգսյանը, գրել է. ” Ասում են, թե Սահմանադրական դատարանի քիչ առաջ ընդունած որոշման ուրախալի լուրից «տխրել» են տարբեր կառույցների հաշվապահները, քանի որ ստիպված են լինելու նորից վերահաշվարկելու աշխատողների աշխատավարձերը: Իսկ հունվարից աշխատավարձը բարձրացնելու (որպես փոխհատուցում պարտադիր կուտակային կենսաթոշակի համար գանձվելիք գումարների) «կամք» ցուցաբերած գործատուները հայտնվել են «վատ վիճակում»: Բանն այն է, որ հայտարարելով աշխատավարձերի բարձրացման մասին, հիմա հեշտորեն չեն կարող հրաժարվել խոստացված բարձրացումից, քանի որ նախապես փաստել էին աշխատավարձ բարձրացնելու իրենց կարողականությունը”:

Ֆեյսբուքյան օգտատեր Մեսրոպ Առաքելյանն էլ պարզաբանել է, որ ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը չի կասեցրել:
“ՍԴ ընդամենը կասեցրել է օրենքի Հոդված 76-ը`”Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար”:
Այսինքն կարող ենք հիմա չվճարել, և դրա համար տույժեր և պատժամիջոցներ չեն գա: Իսկ երբ ՍԴ օրենքը ճանաչի սահմանադրական, պետք է հունվարի 1-ից չվճարվածները նորից վճարել:
86.3 հոդվածը` ֆոնդերի ընտրության մասին, այսինքն կարող ենք հիմա չընտրել:
Ընդամենը այսքանը, այսինքն ոչինչ էլ չի կասեցրել”:

 

Անկախ

 

Այսօր Պարույր Սևակը կդառնար իննսուն տարեկան

Paruyr-Sevak

Գրողի սիրտը պահում է  85-ամյա Աշոտ Թադևոսյանը:  Նախկին դատավորը  Սևակի հետ ծանոթացել և ընկերացել է   դեռ 1962-ին` իր ընկերոջ որդու կնունքի ժամանկ. Սևակը երեխայի կնքահայրն էր:

Երբ Սևակը մահանում է, Թադևոսյանն օրեր շարունակ հերթապահում է դիահերձարանի մոտ` հետևելով անցուդարձին, բժիշկների գործողություններին: «Երբ իմացա, որ Պարույրին պիտի հուղարկավորեն հայրենի գյուղում, մտածեցի, որ չպետք է թույլ տալ, որ մեծ գրողին  աքսորեն: Բոլորն էլ ուզում էին, որ նրա  մարմինը հողին հանձնվի Պանթեոնում: Միտք հղացա, որ գոնե Պարույրի սիրտը պետք է Պանթեոնում թաղվի»,- պատմում է նա:

Թադևոսյանը պահ է ընտրում, երբ դիահերձարանում միայն մեկ բժիշկ կար, ու ներս մտնում. «Հերձողն ինձ արդեն ճանաչում էր, այնքան էի ներսուդուրս արել: Խնդեցի, թե Ասատուր ջան, Պարույրի սիրտն ինձ տուր: Մերժեց: Գրպանումս գումար կար, մոտ 2 հազար ռուբլի, որ վերցրել էի հուղարկավորության հետ կապված միջոցառումներ կազմակերպելու համար, դրեցի բժշկի գրպանը, անմիջապես համաձայնեց»:

Այդ օրից Սևակի սիրտը ֆորմալինի լուծույթում պահվում է Թադևոսյանի տանը: Գրողի սրտին արժանի հանգրվան տալու համար նա դիմել է  Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Ցեղասպանության թանգարան, բայց ապարդյուն: Դիմել է նաև գրողների միության նախկին նախագահ Վարդգես Պետրոսյանին, Կարեն Դեմիրճյանին, Պերճ Զեյթունցյանին նախարար եղած ժամանակ, ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանին, անգամ դիմել է Վազգեն վեհափառին,  նաև այժմյան կաթողիկոսին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել: Գրողի սիրտը դեռևս ֆորմալինի լուծույթում է:  Այժմ էլ Թադևոսյանը դիմել է Սոս Սարգսյանին` խնդրելով աջակցել, որ Սևակի սիրտն ի վերջո Պանթեոնում հողին հանձնվի:

«Զարմանում եմ, թե Սևակի և նրա սրտի նկատմամբ ինչպիսի անտարբեր վերաբերմունք է: Այդ անտարբերությունն  անհասկանալի է»:

Շատերը կասկածում են, որ Թադևոսյանի մոտ իրոք Սևակի սիրտն է. անհավանական է, որ այն ժամանակ անվտանգության աշխատակիցները նման վրիպում թույլ տված լինեին: Թադևոսյանը, սակայն, նշում է, որ անվտանգության ծառայությանը պետք էր միայն մահացած Սևակի դին, ոչ ավելին:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Իրավական աջակցություն կցուցաբերվի հետապնդվողներին

շանթ հիմնադրամ«Հայաստանում կա 15 քաղբանտարկյալ. Շանթն ու իր ընկերները և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Նրանք ընտանիքներ ունեն, անչափահաս երեխաներ, ովքեր բարոյական և նյութական աջակցության կարիք ունեն»,-երեկ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայարապետյանը:

Ստեղծվել է «Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը` աջակցելու Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդվողների ընտանիքներին: Հիմնադրամի նպատակն է իրավական աջակցություն ցուցաբերել հետապնդվողներին և սոցիալական, առողջապահական, ֆինանսական ծրագրեր իրականացնել նրանց ընտանիքների համար: Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգելու է հոգաբարձուների խորհուրդը:

Հիմնադրամի հոգաբարձու Էդուարդ Զորիկյանի համոզմամբ պետք է օգնել այն մարդկանց ընտանիքներին, ովքեր այսօր պայքարում են մեր բոլորիս ազատության եւ Հանրապետության լիակատար անկախության համար:
Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է` «Հայաստանում հաճախ խաղաղ ցույցերը, քաղաքացիների ինքնաարտահայտման բողոքի սահմանադրական դրսևորումները ավարտվում են ձերբակալություններով, վարչական տույժերով և ազատազրկմամբ: Այսօր ՀՀ–ում մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ կան»:
Բարեգործական հիմնադրամին աջակցել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել առցանց կամ այցելելով բանկեր: Հիմնադրամի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով՝www.shantfoundation.org :

Հայ հասարակության մեջ տպավորվել է` 2013թ. նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն Ոստիկանությունը թույլ չտվեց նրանց շարունակել երթը, ինչի հետևանքով բախումներ տեղի ունեցան, ձերբակալվեց ավելի քան 30 մարդ, այդ թվում և Շանթ Հարությունյանը։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Առաջիկա օրերին եղանակը 2-4աստիճանով կտաքանա

եղանակ ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից  Անկախին հայտնեցին,որՀանրապետության տարածքում`հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

26-27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-29-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին արևմտյան` 2-5մ/վրկ, 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում՝

 

 Հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:26-27-ին հնարավոր է, 28-29-ին սպասվում է տեղումներ:

Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Երևանի հունվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան   9.70C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան   –   23.60C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -5.50C

Վալերի Տրիերվեյլերը մեկնում է Մումբայ

o_878640Վալերի Տրիերվեյլերի` առաջին տիկնոջ կարգավիճակը կորոշվի մինչ նրա` Հնդկաստան մեկնելը, որը տեղի կունենա առաջիկա կիրակի: Ներկայում այդ հարցն ակտիվ քննարկվում է:

“Ինտերֆաքսը” նշում է, որ Տրիերվեյլերի ու Օլանդի հարաբերություններում անորոշության պատճառով չէ, որ Վալերին Մումբայ է մեկնելու, քանի որ առաջին տիկինը հայտարարել է, որ այդ մարդասիրական  վոյաժն “իր սրտին մոտ է”:

Ի սկզբանե տեղեկություն կար, որ նրանց հարաբերություններում պարզություն կմտնի մինչև փետրվարի 11-ը` այդ օրն է նշանակված Օլանդի ուղևորությունը ԱՄՆ, որին պետք է մասնակցեր նաև առաջին տիկինը:

Անկախ

 

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ

սոցապ նախարարություն,Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություններում, աշխատակիցների հետ զրուցել նրանց կողմից իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով, այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Խորհրդակցության ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, նախարարի տեղակալները, սոցիալական ապահովության պետական ծառայության պետը և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Արտեմ Ասատրյանը Նախագահին ներկայացրել է 2013թ. նախարարության գործունեության հիմնական արդյունքները, իրականացվող ծրագրերի ընթացքը, խոսել նաև առկա խնդիրների և առաջիկա անելիքների մասին: Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը զեկուցել է աշխատանքի և զբաղվածության, սոցիալական աջակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, անդրադարձել ժողովրդագրության խնդիրներին և նախարարության գործառույթների շրջանակներում դրանց լուծմանը միտված ծրագրերին: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և տարեցների սոցիալական պաշտպանության հարցերի ուղղությամբ աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացրել է նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: Նախարարի մեկ այլ տեղակալ Սոնա Հարությունյանը զեկուցել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման ընթացքն ու հետագա աշխատանքները: Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, գենդերային քաղաքականության, թրաֆիքինգի դեմ պայքարի և բարեգործական ծրագրերի մասին զեկուցել է նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը ներկայացրել է «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը, դրա առավելություններն ու արդյունավետությունը, որից հետո աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը հանդես է եկել նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ զեկույցով:

Ղեկավար անձնակազմի զեկույցները լսելուց հետո, Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, իր խոսքում անդրադարձել նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին, խոսել նաև իրականացվող բարեփոխումների մասին: Հանրապետության Նախագահը կարևորել է սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները հանրությանը հանգամանորեն և մատչելի ներկայացնելը, ինչը, նրա համոզմամբ, հատկապես արդիական է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարագայում: Ըստ Նախագահի, մարդկանց հետ խոսելիս և աշխատանքը ներկայացնելիս հաճախ կարելի է լսել, որ իրենք չգիտեին այդ մասին, ժամանակ չեն ունեցել ընթերցելու, լսելու կամ դիտելու օրեր առաջ արված իրազեկումները: Այդ դեպքում ևս, Սերժ Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատուներն առանց զլանալու և համբերատարությամբ շարունակեն մարդկանց ներկայացնել, բացատրել հասարակության համար այս բարեփոխումների կարևորությունը, արդիականությունն ու արդյունավետությունը, նշեն, թե դեպի ուր է այն տանելու մեր երկիրն ու հասարակությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ սոցիալական ոլորտում բարեփոխումները լայն ընթացք ունեն, և իրավունք չունենք այս ընթացքը դանդաղեցնելու: Կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված՝ Նախագահն ընդգծել է. «Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալու: Ակնհայտորեն և՛ ձեզ, և՛ ինձ համար արդյունքները միգուցե տեսանելի չեն լինելու կամ քչերիս համար են տեսանելի լինելու: Այդուհանդերձ, եթե մենք այսօր լծվել ենք այս աշխատանքին ու խորապես համոզված ենք, որ այս բարեփոխումը ճիշտ է, և սա այն ծրագրերից մեկն է, որ միտված է մեր երկրի ապագային, ապա, նորից եմ կրկնում, պետք է համբերատար, առանց զլանալու բացատրել բոլորին: Մենք պատասխանատու ենք բոլորի համար: Պատասխանատու ենք նաև այն մարդկանց համար, ովքեր այսօր կամ չեն հասկացել այդ բարեփոխման տրամաբանությունը, կամ էլ ընդհանուր դժգոհության ֆոնին ուղղակի չեն ընդունում, չեն ընկալում նաև այս բարեփոխումը: Սակայն, միևնույն է այս մարդիկ էլ են օգտվելու այդ բարեփոխման արդյունքներից: Ուստի, մեկ անգամ ևս, պարո՛ն նախարար, պետք է մոբիլիզացնել ոչ միայն նախարարության ողջ անձնակազմը, այլև տարբեր փորձագետների, տարբեր մարդկանց, մեր համախոհներին, որպեսզի մանրամասն բացատրեն ռեֆորմի էությունը, նշանակությունը, նպատակները: Սա չափազանց կարևոր է»:

Նախագահը միաժամանակ ընդգծել է, որ սոցիալական ոլորտի բարեփոխումները մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման բաղկացուցիչ մասն են: Ըստ նրա, ակնհայտ է, որ մարդկանց սոցիալական վիճակը հիմնականում կախված է տնտեսական աճից, ցածր գնաճից, որը և հնարավորություն է տալիս աշխատավարձերը բարձրացնել, տարբեր ծախսեր և ներդրումներ անել: Մարդիկ պետք է ուղղակիորեն իրենց կյանքում, կենցաղում զգան տնտեսական աճի ազդեցությունը: «Այս պահին մենք մեր հիմնական ուշադրությունը դարձնելու ենք տնտեսական աճի աշխուժացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, առավել ևս, որ տարիների ընթացքում իրագործվել են ծրագրեր, որոնք գրեթե հասնում են իրենց եզրափակիչ փուլին, և այս տարի գործարկվելու են մի քանի ձեռնարկություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու մեր տնտեսության վրա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ փոփոխվող տնտեսության կառուցվածքին համահունչ, նախատեսված ծրագրերը մշտապես ունենալու են շարունակական ֆինանսավորում: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նախարարությունը հաստատակամ է լինելու իր կողմից իրականացվող բարեփոխումներում:

Խորհրդակցության ավարտին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Ասատրյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանը, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը:

Մասնավորապես այն հարցին, թե ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություններ է անում պատերազմ սկսելու վերաբերյալ, մամուլում հրապարակումներ են լինում, որ Ադրբեջանը սպառազինվում է, նույնիսկ գնահատական է տրվել, որ վերջին 4-5 տարիների ընթացքում մոտ 3 մլրդ դոլարի սպառազինություն է գնել, այդ դեպքում որքանո՞վ են իրատեսական նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքները Ղարաբաղի հարցը ուժի դիրքերից լուծելու առումով, և ի հակակշիռ այդ սպառազինության ի՞նչ է անում մեր պետությունը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ է, որ Ալիևն այդպես խոսում է: Եթե կարող է, ինչու՞ չի անում: Եվ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում: Գիտեք, ես չեմ կարող նույնիսկ այսպիսի միջավայրում բացառել և ասել, որ ռազմական գործողություններ չեն լինելու, որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ Նախագահը և պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել: Բայց ես դեռևս տեսանելի ապագայում չեմ տեսնում ռազմական գործողությունների սկսում, սակայն եթե մեզ պարտադրեն, մենք ստիպված ենք լինելու կռվել: Դուք ասում եք՝ ի՞նչ եք անում: Անում ենք այն, որ Բաքվից ժամանած հատուկ նշանակության ջոկատի մարտիկները՝ թվով 3-4 անգամ ավելի, չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը կատարել և, փաստորեն, ձախողվում են՝ կրելով ավելի շատ կորուստներ, քան դիրք պահող մեր զինվորները: Սա՝ մեկ: Ուզում եմ ասել, որ մեր բանակի մարտական պատրաստվածությունը բավականաչափ բարձր մակարդակի վրա է: Երկրորդ՝ մեր դիրքերի կահավորվածությունը համապատասխանում է այսօրվա իրավիճակին: Եթե ձեզնից որևէ մեկը լինի մեր առաջապահ դիրքերում, կտեսնի, թե մեր հրամանատարները և զինվորները ինչպիսի հմտությամբ են կահավորում իրենց դիրքերը՝ տարբեր թակարդներ լարելով, ահազանգման միջոցներ հնարելով, տարբեր խորամանկություններ կիրառելով: Եթե հիշում եք, երկու տարի առաջ դիվերսիոն գործողության այսպիսի փորձը հաջողություն ունեցավ: Պատահական չէ, որ հիմա ձախողվեց: Այսինքն, դրանից հետո միջոցներ ենք կիրառել՝ մենք մեր հերթին, ավագ հրամանատարներն իրենց հերթին, կրտսեր հրամանատարներն իրենց, բայց որ շատ կարևոր է՝ նաև մեր շարքային զինվորներն իրենց հերթին: Երրորդ՝ մենք համալրում ենք, և որևէ մեկից ոչ պակաս ենք համալրում մեր զինանոցները, մեր ռազմական պահեստները, մեր սպառազինությունը, զինամթերքը, մեր տեխնիկան: Եվ ամեն անգամ զանգվածային կիրառման զինատեսակների հետ զուգահեռ մենք ձեռք ենք բերում նաև ժամանակակից և հատուկ դեպքերում կիրառվող զինատեսակներ: Մենք որևէ մեկից այդ մասով հետ չենք մնում: Այո, գումարները, որ դրված են մեր բյուջեում, այդքան շատ խոսուն չեն, միլիարդների չեն հասնում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մեր բանակը զենք-զինամթերքի շատ մեծ պակաս չունի: Ասում եմ՝ շատ մեծ պակաս չունի, որովհետև աշխարհում քիչ կան բանակներ, որոնց ղեկավարությունն ամբողջովին բավարարված է եղած զենք-զինամթերքով: Բանակն այն օրգանիզմն է, որ ամեն անգամ պահանջում է նոր զենք, նոր զինամթերք: Սա էլ բնորոշ գիծ է բոլոր բանակների համար: Մենք պատերազմ չենք ուզում, ակնհայտ է, որ չենք ուզում, բայց եթե մեզ պարտադրեն, մենք այլ ճանապարհ չունենք: Մյուս կողմից՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծենք»:
Անկախ

Ոստիկանապետը սխալ է համարում Սամվել Բալասանյանի բողոք չներկայացնելը

վլադիմիր գասպարյան“Ես չեմ կարծում, որ վախի մթնոլորտ կա: Իսկ եթե վախում են, ուրեմն վախում են նրանից՝ գող, սիրտը դող են: Նորմալ մարդիկ չեն վախենում, գյումրեցիք ինքնասեր ժողովուրդ են”, – Վերջին շրջանում Գյումրիում պարբերաբար կրկնվող իրադարձությունների գյումրեցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծում տեսակետի շուրջ նշեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանապետն ասում է` պետք չէ թաքցնել հանցանքը, լավամարդ դուրս գալ և որպես օրինակ բերում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ կապված վերջին միջադեպը, երբ, ըստ եղած տեղեկությունների, Վարդան Ղուկասյանի որդին ընկերների հետ գնացել է քաղաքապետի տան մոտ և սպառնալիքներ տեղացել:

“Եթե հարգարժան քաղաքապետը հայտարարություն չի տալիս ոստիկանությանը, որ նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել, բնականաբար ոստիկանության մոտեցումները պետք է լինեն նույնպես փիլիսոփայորեն, որովհետև մեր մասնագիտությունը կոնկրետ մասնագիտություն է, հայտարարության տակ մենք պետք է քննություն կատարենք, ուսումնասիրենք, տեսնենք հանցակազմ և այլն և այլն: Լրատվամիջոցները նման պարագաներում շատ ակտիվորեն հարձակվում են ոստիկանության վրա, որ տեսնում եք այս կամ այն երևույթն է տեղի ունենում, բայց ոստիկանությունը պասիվ է իր դերակատարման մեջ: Բայց ոստիկանությունը պասիվ չէ, ոստիկանությունն օրենքի գերիշխանության կողմնակիցն է, եթե նույնիսկ ինչ-որ մի բանում որոշակի համոզմունք ունենք՝ մենք չենք կարող մեր համոզմունքը նյութավորել”, – ասում է նա: 
Հարցին, թե կա նաև անպատժելիություն, դա երբ է ի վերջո վերանալու, պատասխանեց. “Դա անընդհատ պրոցես է, անընդհատ ինչ-որ մի անպատժելի կհայտնվի և պետք է այդ անպատժելիին պատժել”:

Անկախ

Ում և ինչու է նախատել Վլադիմիր Գասպարյանը

Վլադիմիր ԳասպարյանըԿլինե՞ն արդյոք Շիրակի մարզում այլ կադրային փոփոխություններ, այսօր Գյումրիում գտնվող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին լրագրողները: Ինչին ի պատասխանը ոստիկանապետը նշեց, թե փոխվել է ձեր քննչականի պետ, առաջ է քաշվել, քննչական գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնն է հիմա զբաղեցնում: Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև Մարալիկի ոստիկանության ներկայացուցիչ: “Էլի կլինեն կադրային փոփոխություններ: Ես քիչ առաջ խոսում էի անձնակազմի հետ և նշեցի, որ բոլոր նրանք, ովքեր քավոր-սանիկական, ազգակցական, ցեղական կապեր ունեն և չեն հասկանում, որ իրենք ոստիկան են և պետք է վեր կանգնեն այդ կապերից, որ նշանակություն չունի ով է օրինախախտը, ով է անօրինականություն անում՝ ազգականդ ա, բարեկամդ ա, քավորդ ա, սանիկդ ա, հարևանդ ա, եթե նա հանդգնել է օրենք խախտել, դու պարտավոր ես դա նկատել ու տեսնել, և նախատեցի անձնակազմին նրա մեջ, որ իրենք տեղայնության խնդիր ունեն: Խնդիր եմ դրել՝ բոլոր նրանք, ովքեր տեղայնացված են, ովքեր կշարունակեն նման ձև աշխատել, շատ արագ կերպով ազատեն մեր շարքերը: Նոր ոստիկանապետին դրված է այդ խնդիրը. ազատվել բոլոր նրանցից, ովքեր իրենց ապրելաձևով, շփումներով և այլն երևույթներով վարկաբեկում են համակարգը: Ես մի երկու օր առաջ կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել եմ, որ 2014 թվականին չի հանդուրժվելու այն, ինչ հանդուրժվել է 2012, 2013 թվականներին: Որովհետև այդ երկու տարիների ընթացքում մենք և մասնագիտական պարպմունքներ ենք անցկացրել, և գաղափարախոսություն ենք դրել, և բարեփոխումներ ենք անցկացրել, որոնք շատ դրական են գնում: Իհարկե, ունեցել ենք դիմադրություններ, դրանց ես փիլիսոփայորեն եմ մոտեցել, մտածելով, որ ոչինչ եթե մտածում են, որ ժամանակավոր ակցիա է, կհասկանան, որ գնալով տեմպերն ավելի ուժեղանում են, ոչ թե թուլանում՝ պետք է հասկանալ, որ պետք է վերափոխվել: Ես կողմնակից եմ, որ մարդկանց պետք է տալ հնարավորություն, շանս նորոգվելու»:

“Ես չեմ կարծում, որ ոստիկանության համար ինչ-որ մի խնդիր կա, որ հնարավոր չի լուծել, ուղղակի կան ոստիկաններ, որոնք դա չեն ուզում անել: Չեն ուզում անել, որովհետև՝ քավոր են, սանիկ են, ցեղակից են, ազգական են, քյաբաբի ընկեր են և այլն”, – իր խոսքն ավարտեց Վլադիմիր Գասպարյանը:

Անկախ

Կանադական ռադիոկայանը արգելել է հնչեցնել Ջասթին Բիբերի երգերը մինչև նա չայցելի վերականգնողական կենտրոն

justin-bieberԿանադայի ռադիոկայաններից մեկը Ջասթին Բիբերի պահվածքի պատճառով արգելել է հնչեցնել նրա երգերը: Ռադիոկայանը ունկնդիրներին հայտնել է, որ իրենք չեն հնչեցնի 19-ամյա երգչի երգերը մինչև նա չստուգվի վերականգնողական կենտրոնում:

Բիբերը հնարավոր է, որ շուտով իրոք օգնության կարիք ունենա: Երգիչը հունվարի 23-ին ձերբակալվել էր Մայամի Բիչում թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու համար:

Ոստիկանները այնուհետև պարզել էին, որ նրա վարորդական իրավունքի ժամկետը լրացած է եղել, իսկ երգիչը նաև ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Ձերբակալությունից ժամեր անց երգիչը ազատ է արձակվել 2,500 դոլար գրավի դիմաց:

Անկախ

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորը

Սերժ Սարգսյան,դեսպան Ջոն ՔյորՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-կանադական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում դինամիկ զարգանում են: Նախագահը նշել է, որ որոշակի աշխուժություն կա նաև առևտրատնտեսական հարաբերություններում: Սերժ Սարգսյանը և դեսպան Քյորը համակարծիք են եղել, որ հիմնական հարցերի շուրջ երկու երկրները էական տարաձայնություններ չունեն և արդյունավետ փոխգործակցում են միջազգային կառույցներում: Այդ ամենը, նրանց համոզմամբ, նաև բարեկամ հայ և կանադացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող փոխադարձ համակրանքի, Կանադայի հասարակական-քաղաքական կյանքում իր որոշակի ներդրումն ունեցող կանադահայ համայնքի շնորհիվ է:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու և հայ-կանադական հարաբերություններն առավել ամրապնդելու հնարավորությունները: Այդ գործում Նախագահը մեծապես կարևորել է նորանշանակ դեսպան Ջոն Քյորի դերը և հաջողություններ մաղթել նրան իր պատասխանատու աշխատանքում:
Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության վիճակահանության 4-րդ զամբյուղում է

ֆուտբոլի հավաքականՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղների կազմերը: Վիճակահանությունը կայանալու է փետրվարի 23-ին:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում 38-րդ հորիզոնականում հանգրվանած  Հայաստանի հավաքականը 4-րդ զամբյուղում է:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու են 24 թիմեր, որոնց թվում է կազմակերպիչ երկրի՝ Ֆրանսիայի հավաքականը:

1-ին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա, Հունաստան, Ռուսաստան, Բոսնիա-Հերցեգովինա:

2-րդ զամբյուղ. Ուկրաինա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա:

3-րդ զամբյուղ. Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ռումինիա, Ավստրիա, Լեհաստան:

4-րդ զամբյուղ. Չեռնոգորիա, Հայաստան, Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լատվիա, Ուելս, Բուլղարիա, Էստոնիա, Բելառուս:

5-րդ զամբյուղ. Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս:

6-րդ զամբյուղ. Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտեյնշտեյն, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար:

Հավաքականները տեղաբաշխվելու են 9  խմբերում: Առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերև և լավագույն արդյունքով երրորդ տեղը զբաղեցրած հավաքականը կտիրանան  եզրափակիչ մրցաշարի ուղեգրերի: Երրորդ տեղերում հայտնված մյուս 8 թիմերը  4 ուղեգրերը կվիճարկեն անցումային խաղերում:

ՍԴ-ն ժամանակավորապես կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթներ

սդՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Գործով դատաքննությունը նշանակված է մարտի 28-ին:

ՍԴ որոշումանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ` հետևելով հղմանը:

Անկախ

Միշան աշխատակցի դրամապանակից գումար է գողացել

գողությունՈստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները հունվարի 23-ին, ժամը 19.30-ին, բաժին են հրավիրել 1998 թ. ծնված Միշա Գ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորիվ պարզվել է, որ նա 2013 թ. նոյեմբերին Ջերմուկի Ազատամարտիկների փողոցի թիվ 22 հասցեում գտնվող առևտրի սրահում աշխատանքներ կատարելիս, օգտվելով աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանի դուռը բաց լինելու հանգամանքից, աշխատակցի դրամապանակից գողացել է 70.000 դրամ, 40 ԱՄՆ դոլար և 20 եվրո:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

«Ֆիթչ»-ի փորձագետները հանդիպեցին ֆինանսների նախարարի հետ

ֆիտչ փորձագետներ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 24-ին ընդունեց «Ֆիթչ» (Fitch Ratings) վարկանիշային միջազգային կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին: Խումբը Հայաստանում հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում մեր երկրի սուվերեն վարկանիշը գնահատելու նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ նախարարի հետ քննարկումների առանցքում պետական ֆինանսների կառավարման համակարգն էր՝ իր առաջնահերթ ուղղություններով ու հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Փորձագետների հետ զրույցում անդրադարձ եղավ այն բոլոր գործոններին, որոնք հաշվի են առնվում սուվերեն վարկանշման գործընթացում:

Նշենք, որ վարկանիշային այս կազմակերպությունը արտարժույթով եւ ազգային արժույթով Հայաստանի` որպես թողարկողի երկարաժամկետ վարկանիշը գնահատել է կայուն կանխատեսմամբ BB-:

 

 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 23-ից 24-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը: Բացահայտվել են նաև ապօրինի ծառահատման 1 և գողության 4 դեպքերը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Քվեբեկի տարեցների բնակարան համալիրում բռնկված հրդեհից զոհվել է 5 մարդ, 30-ը անհետ կորած են համարվում

Քվեբեկի տարեցների բնակարան Ոստիկանության տեղեկություններով՝ հինգշաբթի օրը Կանադայի Քվեբեկ քաղաքի մոտակայքում գտնվող Լիսլ Վերտ փոքրիկ քաղաքի տարեցների բնակարան համալիրի հրդեհվելու հետևանքով զոհվել է հինգ մարդ, 30 մարդ անհետ կորած է համարվում:

Ցուրտ եղանակը դժվարացրել է որոնողական աշխատանքները, իսկ հրդեհի դեմ պայքարելու համար օգտագործվող ջուրը շենքի մնացորդների վրա սառույցի է վերածվել՝ իր տակ թողնելով հնարավոր զոհերին:

Ոստիկանությունը ենթադրում է, որ անհետ կորածներից ոմանք հնարավոր է շենքի այրված և սառած մնացորդների տակ գտնվեն:

Շուրջ 20 մարդ կարողացել է փրկվել, ոմանք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուսները գտնվում են մոտակա դպրոցի շենքում:

Իշխանությունները դեռևս փորձում են պարզել, թե հրդեհի սկսելու պահին քանի մարդ է շենքում գտնվել:

Environment Canada-ի տեղեկություններով այդ շրջանում ջերմաստիճանը -22C է եղել:

Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը` հունվարի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում

ղարաբեկյանՀայ արդի երաժշտարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց: 2014 թ. հունվարի 10-ին կյանքի 59-րդ տարում հանկարծամահ եղավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, մաեստրո Արամ Ղարաբեկյանը:

Մեզանից հեռացավ ինքնատիպ ու տաղանդաշատ մի արվեստագետ, որի կյանքն ու գործունեությունը հայրենիքին ու հայրենական մշակույթին անմնացորդ նվիրումի փայլուն օրինակ էին:

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955 թ. հուլիսի 4-ին Թեհրանում: Ավարտել է Բոստոնի «New England» երաժշտանոցը, ապա սովորել երաժշտական ֆենոմենոլոգիա Գերմանիայի Մայնց քաղաքի համալսարանում: Դիրիժորական արվեստի գաղտնիքները Ղարաբեկյանը յուրացրել է Ֆրանկո Ֆերարայի ղեկավարությամբ՝ Իտալիայում, այնուհետև, 1979 թ. աշակերտել լեգենդար Սերջիու Չելիբիդախեին՝ Գերմանիայում: Կոմպոզիցիայի և դիրիժորության դասեր է ստացել նաև Մասաչուսեթսի Թենգլվուդ երաժշտական կենտրոնում՝ Յաքոբ Դրաքմենի և Լեոնարդ Բերնսթայնի ղեկավարությամբ:

Ա. Ղարաբեկյանի դիրիժորական գործունեությունը սկսվել է 1983 թվականից, երբ իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրել և ղեկավարել է Բոստոնի «ՍինֆոՆովա» կամերային նվագախումբը: Նրա ղեկավարությամբ՝ 1983-1991թթ., նվագախումբը համերգային լայն գործունեություն է ծավալել, ելույթներ ունեցել ամերիկյան հայտնի համերգասրահներում (Նյու-Յորքի «Carnegie Hall», Լոս Անջելեսի «Dorothy Chandler Pavilion», «Boston’s Symphony Hall», «Jordan Hall»)` ամենուրեք արժանանալով մամուլի և քննադատների բարձր գնահատանքին:

Արամ Ղարաբեկյանը ղեկավարել է Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Օպերայի և բալետի թատրոնը: Որպես հրավիրյալ դիրիժոր ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Մյունխենի «Սինֆոնիետա», Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Ուկրաինայի ռադիոյի և հեռուստատեսության, Զագրեբի, Լվովի Շրևեպորտի, Զեջիանգի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ, հյուրախաղերով հանդես եկել Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և նախկին Խորհրդային Միության երկրներում:

                Իր եռանդուն ու բազմակողմանի երաժշտակատարողական գործունեության համար Արամ Ղարաբեկյանն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների. ԱՄՆ-ի կոնգրեսի Հատուկ հռչակագիր, Լյուսիեն Վուլսնի անվան մրցանակ (1988), Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների միության (ASCAP) մրցանակ (1989), Հարվարդի երաժշտական ընկերության «Լավագույն կատարման մրցանակ»: Նրա կատարումները «Բոստոն Գլոբի» կողմից չորս անգամ ճանաչվել են որպես «Տարվա լավագույնը»:

 Արվեստագետի կյանքի 12 տարիները կապված էին հայրենիքի երաժշտական կյանքի հետ: 1997 թ. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հրավերով ստանձնելով վերակազմավորված Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը՝ Ղարաբեկյանը կարճ ժամանակաընթացքում նոր շունչ ու ոգի հաղորդեց խմբի գործունեությանը: Ղարաբեկյան-գլխավոր դիրիժորի ջանքերի շնորհիվ կամերային նվագախումբը դարձավ հանրապետության առաջատար երաժշտախմբերից մեկը՝ ծավալելով աննախադեպ եռանդուն համերգային գործունեություն. բազում ելույթներ ու հյուրախաղեր թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, մշտապես նորացվող նվագացանկ՝ դասական կամերային երկերից մինչև 20-րդ դար, արգենտինյան տանգոյից մինչև հայ ավանդական գործիքներով հնչող գործեր, բազմաթիվ ձայնագրություններ ու նկարահանումներ…

 Արամ Ղարաբեկյանի ղեկավարության տարիներին նվագախումբը ելույթներ է ունեցել Միացյալ Նահանգներում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Հիշարժան են նվագախմբի տպավորիչ ելույթները Քենթերբերիի (Անգլիա), Հալլեի  (Գերմանիա), Դիմիտրիայի (Հունաստան), «Սանկտ Պետերբուրգի պալատներ» (Ռուսաստան)   միջազգային փառատոներում: Հայաստանի պետական կամերային նվագախմբին էին վստահված Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային հանդիսությունների բացման համերգը Բեռլինում, ինչպես նաև ելույթը Նիկոսիայում՝ Կիպրոսի նախագահական պալատում: Նվագախմբի ելույթները հեռարձակվել են CNN  և Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքներով:

Դասական երաժշտության համերգներին զուգահեռ՝ Ղարաբեկյանն իր հետ բերեց ելույթների նոր ձևաչափ՝ բացօթյա համերգներ Երևանում (Open Music Fest, 2009) և հեռավոր մարզերում, երաժշտական տարբեր նախագծեր պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ (Գառնի, Զվարթնոց, Շուշի): Գառնիի տաճարի 2004 թ. բացօթյա գալա-համերգի տեսագրությունը 2005 թ. Բուխարեստի  ECO-ETNO-FOLK միջազգային կինոփառատոնում արժանացավ հատուկ դիպլոմի:

2007 թ. նվագախմբի նախաձեռնությամբ  կազմակերպվել է դասական երաժշտության առաջին  Արցախյան փառատոնը, որը  2008 թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ,  արժանացել է  «Լավագույն դասական նախագիծ» մրցանակին:

Արդի երաժշտության զարգացման ու խթանման նպատակով Արամ Ղարաբեկյանն ու  ՀՊԿՆ-ն պատվիրել ու կատարել  են ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 40 նոր գործ, այդ թվում նաև՝  նվագախմբի համար գրված ստեղծագործություններ հայ ավանդական նվագարանների ներգրավումով՝ դուդուկ,  զուռնա, շվի, քամանչա:

Հայաստանից մեկնելուց հետո Արամ Ղարաբեկյանը շարունակեց իր երաժշտակատարողական գործունեությունը ամերիկյան մայրցամաքում: Իրեն բնորոշ խանդավառությամբ կրկին ձեռնամուխ եղավ գեղարվեստական տարբեր նախագծերի իրականացմանը՝  ղեկավարեց համերգային տարբեր ծրագրեր, հանդես եկավ հյուրախաղերով (2012-ին՝ Իսրայել, 2013-ին՝ Չինաստան): Ստեղծեց «Բաց երաժշտական հասարակության հիմնադրամը», որի նպատակները բազմազան էին ու հեռահար՝ համերգային, կրթական, գեղարվեստական փոխանակման, փառատոնային և այլն: Հիմնադրամի շրջանակներում Ղարաբեկյանի գլխավորությամբ կազմակերպվեց 2012 թ. սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ամերիկյան «Շաթլ: Ինդևոր» տիեզերանավի դիմավորելու հանդիսավոր արարողության գեղարվեստական մասը:

2014 թ. մարտին Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ նախատեսված համերգը  Միչիգանի համալսարանում թավջութակահար Սուրեն Բագրատունու մասնակցությամբ և Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ պետք է անցներ «Cello Plus Festival»-ի շրջանակներում:

Ղարաբեկյան-դիրիժոր-երաժշտի հավատամքը դասական երաժշտության բարձր գաղափարներին ազնվորեն ծառայելու առաքելությունն էր: Նրա համար երաժշտությունը մասնագիտություն չէր, այլ, իր իսկ խոսքով՝ կենսակերպ, երկրի վրա ի վերուստ տրված մարդկային կյանքի ժամանակահատվածն ապրելու և արարելու միջոց: Դրանով էր նա առանձնանում, դրա մեջ էր տեսնում իր գործի ճշմարիտ ընթացքը:

Նա ապրում էր Ժամանակի ու Տարածության իր օրենքներով, փնտրում իրեն հուզող հարցերի պատասխանները երաժշտական տարբեր դարաշրջանների հեղինակների երկերում: Դիրիժորական ինքնատիպ ձեռագիրն ու ստեղծագործական վառ անհատականությունը, երաժշտական համարձակ մտահղացումները՝ ավանդականի ու նորի համադրումով,  համերգային բազում անմոռաց երեկոների հաջողության գրավականն էին: Մաեստրո Ղարաբեկյանի դիրիժորական փայտիկն, ասես, աներևույթ մի ուժի շնորհիվ վերածվում էր կախարդական գավազանի, որի հատու և վճռական բախումներն ի զորու էին ծնունդ տալ երաժշտական ամենատարբեր ու անսովոր ընթերցումների: Նա հավատում էր, որ երաժշտությունը միավորում է մարդկանց, գիտեր արվեստի մոգական ազդեցության ուժը: Դասական երկերի բարձրարվեստ կատարումներից զատ՝ մաեստրոն «ստիպում էր» դահլիճի հանդիսատեսին դառնալ իր՝ «ղարաբեկյանական», երաժշտական թատրոնի անսպասելի մասնակիցը՝ փշրելով բոլոր կաղապարներն ու կարծրատիպերը:

Այդպես էլ հեռացավ՝ անսպասելի, այս դեպքում, ավա՜ղ, կրկին կոտրելով կարծրատիպը…

Դեռ երկար ենք զգալու այս անդառնալի կորստյան ցավն ու Երաժշտի երկրային բացակայությունը: Նա գնաց միանալու մեր մեծերին՝ հայ դիրիժորական արվեստի երկնակամարում թողնելով իր վառ ու պայծառ Աստղի լույսը…

Թող Լույս իջնի շիրիմին…

Պայծառ հիշատակ, մաեստրո Ղարաբեկյան…

 Հունվարի 23-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում: 

Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Տարոն Մարգարյան, դեսպան Կուրբաննազար ՆազարովԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուրբաննազար Նազարովի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հյուրին ներկայացնելով քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ Տարոն Մարգարյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ. «Մենք իրականում շատ անելիքներ ունենք կատարելու Երևանի և Թուրքմենստանի քաղաքների միջև գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Ցավոք, երկու պետությունների քաղաքների միջև այսօր փոխգործակցություն  չկա և, ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը երկուստեք  գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կուրբաննազար Նազարովն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Թուրքմենստանի քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն. «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է դեսպանը:

Անկախ

 

Արթուր Սարկիսովն առաջնահերթ ցանկանում է խաղալ Ռուսաստանի առաջնությունում

ասArtur-SarkisovԽոսակցությունները շատ են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիսովը հնարավոր է խաղա Նիժնի Նովգորոդի «Վոլգայում»: Ինքը` ֆուտբոլիստը  հայտնել է, որ այս հարցում առայժմ ոչ մի հստակություն չկա: Նա նշելէ, որ լսել է, որ իրեն «Վոլգա» են ուղարկում և զանգվածային լրատվամիջոցները միայն այդ թիմի մասին չեն հիշատակում, սակայն առայժմ հստակ ոչինչ ասել չի կարող և չգիտի, թե ինչ է լինելու ապագայում: Արթուրը հերթական անգամ հերքել է, որ կարող է տեղափոխվել Ղազախստանի «Ակտոբե»: Սարկիսովը պարզաբանել է, որ առաջնահերթ ցանկանում է խաղալ Ռուսաստանի առաջնությունում:

«Վոլգայի» ներկայացուցիչներն առայժն  զերծ են մնում մեկնաբանություններից: Հիշեցնենք, որ «Ուրալը» հրաժարվել է Սարկիսովի, ինչպես նաև Էդգար Մանուչարյանի ծառայություններից:

Անկախ

Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանին

Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ ՀովակիմյանինՀունվարի 24-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Ռոնալդ Քյորին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Շնորհավորելով դեսպան Քյորին՝ Աշոտ Հովակիմյանն իր գոհունակությունը հայտնեց հայ-կանադական հարաբերությունների ներկայիս մակարդակի առնչությամբ: Ընդգծելով, որ առկա է հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ Կանադայի նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության խորացման գործում:

Դեսպան Քյորը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ եռանդ և ուժ չի խնայի հարաբերությունների հետագա զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային հարցերին: