Հյուսիսարևելյան սահմանը կրկին կրակոցների տակ է. կա մեկ վիրավոր (լրացված)

chinar-village-armeniaԻրավիճակը շարունակում է լարված մնալ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամ է` հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի` Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի և Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանը Անկախի թղթակցին հայտնեց, որ 16-ամյա դուստրը` Լիանան, Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից քիչ առաջ վիրավորվել է, և շտապ տեղափոխել են Բերդի հոսպիտալ:

Հոսպիտալի բժիշկ Ցոլակ Մելիքյանը հայտնեց, որ այս պահին աղջկան վիրահատում են:

Մինչ այդ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը Անկախի թղթակցին հայտնել էր, որ այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, անջատված են գյուղի բոլոր լույսերը, մարդիկ պատսպարված են տների առաջին հարկերում: Գյուղապետը նշեց, որ տնից դուրս գալը ռիսկային է:

Հայկական կողմը պատասխանում է հակառակորդի կրակոցներին: Գյուղապետի խոսքով` կրակոցներն այսօր ավելի ուժգին են. նախօրեին մեծմասամբ դիրքերի, հիմա` գյուղի ուղղությամբ է:

Սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հեռախոսազրույցում կրակոցների ձայնը լսելի էր: Մովսես գյուղի ղեկավարն էլ հայտնեց, որ հակառակորդի թիրախում հատկապես Հոնուտ կոչվող թաղամասն է. “Կրակոցները հասնում են անգամ գյուղի կենտրոն, գրասենյակ, ամեն դեպքում խուճապ չկա, մարդիկ իրենց տներում են, տարհանման խնդիր չկա”,-նկատեց նա:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ ինքն ու գյուղի երիտասարդներն այս պահին համայնքի կենտրոնում, ապահով տեղ կանգնած զրուցում են` փորձելով կատակներով խլացնել գյուղի ուղղությամբ կրակահերթի ձայնը:

Հենց նոր վիրավորի հայրը տեղեկացրեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, գնդակը ոտքից հանել են, երեխայի վիճակը լավ է:

Անկախ

Լևոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին

լևոն35236Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։ Մրցակիցները կատարեցին 61-րդ քայլ։

Արոնյանը վաստակած 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հունվարի 25-ին կայանալիք 10-րդ տուրում նա կմրցի կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ։

Անկախ

Կստեղծվի հայ-ռուսական մարդասիրական կենտրոն

մարդասիրական կենտրոնՇիրակի մարզպետարանում տեղի ունեցավ ԱԻՆ Շիրակի մարզային վարչության 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, որում ելույթ ունենալով ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ ոլորտում սպասվում է հայ-ռուսական նոր համագործակցություն.

“Այնպիսի փոքրիկ հանրապետության համար, ինչպիսին մերն է, տարհանման, պատերազի ժամանական քաղպաշտապնության խնդիրներն ամենակարևոր հանգուցային խնդիրներն են: Եթե նախկինում մենք ունեինք ռեզերվներ` սննդամթերքից սկսած մինչև այն ծանր մեքենաները, որ Շիրակի մարզը 3 հատ ստացավ ու այսօր օգտագործում է: 20 տարուց ավել այդ մեքենաները կանգնած էին` որպես պատերազմի ժամանակ օգտագործվելիք ռեզերվներ: Հիմա դրանք մարզերում ծառայում են մարդկանց: Նախարարի նախաձեռնությամբ ստեղծվեց հնարավորություն արտակարգ իրավիճակների համար երկրում ռեզերվներ ունենալ. դա և դեղորայք է, և առաջին օգնության տարբեր միջոցներ, և հագուստ, և վրաններ, և այլն: Եվ այսօր ստեղծվում է հայ-ռուսական մարդասիրական փրկարարական կենտրոն: Դա իր մեջ ենթադրում է` մենք Ռուսաստանից կստանանք ուղղաթիռներ, մեծ քանակության տեխնիկա, մոտ 14 մլն դոլարի, և այս ամբողջը կծառայի մեր ժողովրդին տարբեր արտակարգ իրավիճակներին արձագանքման համար:
Հայ-ռուսական այս մարդասիրական կենտրոնն այս տարվա մեր գլխավոր անելիքներից մեկն է”:
Գեներալը նաև նշեց, որ Գյումրին ունենալու է ճգնաժամային կառավարման կենտրոն` հագեցած վերջին տեխնիկասարքավորումներով և 911 ծառայություն:

 

Անկախ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԱԾ-ի տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին

հհ նախագահի հրամանագիրըՌ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին

Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

Ադրբեջանը բողոքի նոտա է ներկայացրել Իսպանիային

4Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հանձնել երկրի արտգործնախարարությանը՝ Մադրիդում զբոսաշրջային ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի մասին ստենդ տեղադրելու համար։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը հայտարարել է, թե նման “պրովոկացիոն” քայլերը խոչընդոտում են Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

«Ադրբեջանական կողմը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ նման սադրանքները կանխելու համար»,-հայտարարել է նա։

Անկախ

Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են “օտար-յուրային” միասնական ռադարային համակարգ

Ադրբեջան,ԹուրքիաԱդրբեջանն ու Թուրքիան ստեղծում են «օտար-յուրային» միասնական ռադարային համակարգ (Identification Friend and Foe), հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով այսպես կոչված ռազմական աղբյուրներին։
Այդ համակարգը թույլ կտա երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերին ինքնուրույն ճանաչել “յուրային” ինքնաթիռներն ու այլ երկրների թռչող սարքերը։

Ներկայում այդ հարցը քննարկվում է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից: Այդ հարցը գտնվում է Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցի օրակարգում։

Համաձայնության հասնելու դեպքում Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր թռչող սարքերի վրա կտեղադրվի “օտար-յուրային” ճանաչման համակարգ (IFF)`ստեղծված “ASELSAN” ընկերության կողմից:

Անկախ

Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցի ժամանակ քննարկվելու է ԼՂ հակամարտության խնդիրը

despanԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշքունը հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ հունվարի 27-28-ին Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում երկկողմ հարաբերություններից և Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցից բացի քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: «Ֆրանսիան հանդիսանում է Թուրքիայի վաղեմի դաշնակիցը և բարեկամական եվրոպական երկիր: Սակայն, ցավոք, Ֆրանսիան ոչ վաղ անցյալում բացասական դեր խաղաց Թուրքիայի Եվրամիությանը անդամակցելու գործում: Ակնկալում ենք, որ երկկողմանի հարաբերությունները էլ ավելի կզարգանան: Հույս ունենք, որ Ֆրանսիան Թուրքիայի Եվրոմիությանը անդա դառնալու հարցում ավելի կառուցողական քաղաքականություն կվարի»:

Դեսպանի խոսքերով՝ Ֆրասիայի նախագահը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: «Լեռնային Ղարաբաղի խնդիրը մենք համարում ենք կարևոր գործոն ոչ միայն թուրք-ֆրանսիական, այլև աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերություններում: Ազգային շահերի տեսանկյունից գոյություն ունի երկու կարևոր խնդիր` Հյուսիսային Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի խնդիրները: Այս թեման անպայման քննարկվելու է երկու ղեկավարների հանդիպման ժամանակ»,- ասել է դեսպան Ջոշքունը:

Անկախ

Կոնֆերանս Ստամբուլում հայատառ թուրքերենով հրատարակությունների վերաբերյալ

հայատառՍտամբուլում գտնվող Հունաստանի հյուպատոսարանը Հունաստանի ուսումնասիրությունների ազգային միության հետ համատեղ կազմակերպած կոնֆերանսի թեման է Օսմանյան կայսրության մուսուլման և ոչ մուսուլման համայնքների լեզուներն ու այբուբենները: Այսօր կայանալիք համաժողովի երկրորդ նիստը կրում է «Հայատառ թուրքերենով հրատարակություններ» անունը:

Հայատառ թուրքերեն գրականության երկու` ձեռագիր եւ տպագիր շրջաններում (շուրջ 600 տարի) գրվել ու տպագրվել են բովանդակությամբ հարուստ, թեմատիկ առումով ամենատարբեր, բազմաժանր, գիտական, կրոնադավանաբանական, գեղարվեստական, բարոյախոսական բնույթի արժեքավոր բազմաթիվ գրքեր: Թե հայատառ թուրքերեն գրականությունը, թե մամուլը (54 անուն) հայ ժողովրդի ազգային, մշակութային, հասարակական-քաղաքական կյանքը համախմբելու առաքելություն են ունեցել:

Անկախ

Տղամարդը պլաստիկ պայուսակներ ուտելու կախվածությունից դրդված՝ դրանք նաև գողանում է սուպերմարկետներից

man-eating plasticՏղամարդը պլաստիկ տոպրակներ  ուտելու կախվածություն ունի և իր ախորժակը հագեցնելու համար դրանք նաև գողանում է մթերային խանութներից:

Թեննեսի նահանգի Օկլենդ քաղաքի 23-ամյա բնակիչ Ռոբերտը պլաստիկ տոպրակներ է ուտում յոթ տարեկանից:

Այս սովորությունը սկսելուց հետո նա 60,000 պայուսակ է կերել, ինչը կբավականացներ Միացյալ Նահանգներում գտնվող ամբողջական ֆուտբոլային դաշտ ծածկելու համար:

Նա իր օրը սկսում է նախաճաշին մեկ պայուսակ ուտելով՝ տղամարդը նախընտրում է կապույտ պլաստիկ տոպրակներ  ուտել:

Երբեմն նա շրջում է քաղաքի բնակելի հատվածով թերթի տոպրակներ հավաքելու նպատակով:

Ռոբերտը նշում է, որ տարբեր գույներ ունեցող պայուսակները տարբեր համեր ունեն:

Ամեն դեպքում նրա հարսնացուն անհանգստանում է նրա կախվածության համար և ցանակնում է, որ մինչև իրենց հարսանիքը Ռոբերտը թողնի պլաստիկ պայուսակներ ուտելը:

Չնայած պլաստիկ ուտելուց կարող է լյարդը վնասվել և աղիքային խցանում առաջանալ՝ այնուամենայնիվ Ռոբերտի մոտ ամեն ինչ կարգին է: Այնուամենայնիվ նա խոստացել է իր հարսնացուին, որ կփորձի կրճատել պլաստիկ ուտելը:

 Անկախ

Տղամարդու ու կնոջ ոսկրուղեղում ցողունային բջիջները տարբեր են

52e00a4b-c9d3-7be7-c9d3-7be8b2b688f2.photo.0Ամերիկացի մոլեկուլյար կենսաբանները հայտնաբերել են, որ արյունաստեղծ ցողունային բջիջները կանանց ու տղամարդկան ոսկրուղեղում նկատելի տարբերվում են իրարից, ինչպես  դրանց ակտիվությամբ, այնպես էլ  նրանով, թե ինչպես են  արձագանքում տարբեր հորմոնների ազդեցությանը, ասվում է  Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

Կանայք ու տղամարդիկ իրարից տարբերվում են ոչ միայն սեռական օրգաններով ու երկրորդային սեռական  նշաններով, այլև օրգանիզմի աշխատանքով` ընդհանուր առմամբ:  Այդ տարբերություններով են պայմանավորված տիպիկ “կանացի” ու ”տղամարդկանց” հատուկ հիվանդությունների գոյությունը և հոգեկանի առանձնահատկություններն ու մարմնի կառույցը:

Տեխասի համալսարանից Շոն Մորիսոնն ու նրա գործընկերները բացահայտել են նման հետաքրքիր տարբերություններ` հետևելով, թե ինչպես են աշխատում արյուանաստեղծ ցողունային բջիջները մկան էգերի ու  արուների օրգանիզմում: Սկզբում էական տարբերություններ չգտան: Իսկ հետո հայտնաբերեցին մի քանի լուրջ տարբերություններ: Օրինակ, կանացի արյունաստեղծ բջիջները նկատելի ակտիվ են տրոհվում, քան տղամարդկանց  “զարմիկները” ու ավելի հաճախ են վերածվում էրիթրոցիտների “կիսապատրաստվածքի”:

Երկրորդը. բոլորովին տարբեր կերպ են արձագանքում որոշ ազդանշանային մոլեկուլների, այդ թվում` էսթրոգենին հորմոնին:

Կանացի ցողունային բջիջներում այդ միացության խտության ավելացումը  ստիպում է, որ դրանք ավելի արագ տրոհվեն ու վերածվեն էրիթրոցիտների կամ էլ արյան ուրիշ բջիջների: Նույնը չի կատարվել արուների պարագայում: Ինչպես հոդվածի հեղինակներն են ենթադրում, այդ առանձնահատկություններն օգնում են կանանց հագեցնելու իրենց ու սաղմի օրգանիզմը թթվածնով: Այդ ենթադրության օգտին է խոսում այն փաստարկը, որ հղիության ընթացքում կանանց օրգանիզմում էսթրոգենների մակարդակը հասնում է “գագաթնակետին”:

Անկախ

Ամփոփվել են ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության արդյունքները

ոստիկանության հաշվետվությունը կառավարությունումՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ ԿԱ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունը:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քայլերի և բարեփոխումների մասին: Մասնավորապես, նա մանրամասներ է ներկայացրել Երևանի հասարակական վայրերում տեսադիտման սարքավորումների ձեռքբերման և համակարգի ներդրման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացման, ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: ՀՀ ոստիկանապետը տեղեկատվություն է ներկայացրել նաև 2014 թ. ծրագրերի վերաբերյալ, որոնց շրջանակում ՀՀ ոստիկանության գերակա խնդիրներն են ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գոծողությունների իրականացումը և վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործումը և պարեկային ծառայության մոդելի ներդրումը:
ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվության սեղմագրին կարելի է ծանոթանալ վերջինիս պաշտոնական կայքում:

Անկախ

Բիլլ Գեյթսը ճուտիկ է դարձել (տեսանյութ)

o_884083Microsoft ընկերության հիմնադիրը համացանցային օգտատերերին ու հեռուստադիտողներին անսովոր կերպարով է հանդես եկել: Ավելի ճիշտ` կերպարներով: Իր կայքը գովազդելու նպատակով, որտեղ նրա ամենամյա ուղերձն է տեղադրված. միլիարդատերը փայլաթիթեղից գլխարկով, վամպիրի ժանիքներով  ու հսկայական սառնաշաքարով ճուտիկի կերպարանքով է հանդես  եկել:

Իր` աղքատության ու հիվանդությունների դեմ պայքարին  նվիրված զեկույցը ավելի մեծ լսարանի հասցնելու նպատակով, Գեյթսը ամերիկյան թոք շոուի եթեր է գնացել, որտեղ էլ մասնավորապես, պատմել է իր կայքի մասին: Հաղորդավարը հարցրել է, թե ինչպես է Գեյթսը պատրաստվում լսարանի ուշադրությունը գրավել: Միլիարդատերը պատասխանել է, որ լավագույն միջոցը “վիրուսային” տեսանյութ տեսագրելն է ու, ինքն արդեն նման տեսահոլովակ ունի: Դրանից հետո 40-վայրկյան տևողությամբ տեսանյութը ցուցադրվել է հեռուստաեթերում: Տարբեր կերպարանափոխություններով Գեյթսն անվերջ կրկնում է իր կայքի հասցեն, ապա նրա բոլոր կլոնները նույնը կրկնում են միասին: Տեսահոլովակն ու կայքը Բիլլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամն է ստեղծել, որն աշխարհում ամենախոշոր մասնավոր բարեգործական կազմակերպությունն է:

Անկախ

Ջասթին Բիբերը ձերբակալվել է թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով

ջաստին բիբերՄայամի Բիչի ոստիկանությունից հայտնել են, որ հինգշաբթի առավոտյան փոփ աստղ Ջասթին Բիբերը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով:

Ձերբակալության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

19-ամյա Բիբերը Մայամի էր ժամանել երկուշաբթի օրը:

Սա երգիչի ձերբակալվելու առաջին դեպքն է՝ չնայած նրա նկատմամբ հետաքննություն է վարվում Կալիֆորնիայում իր հարևանի տան ուղղությամբ ձվեր նետելու դեպքի կապակցությամբ:

Հունվարի 9-ին Լոս Անջելեսի համայնքի շերիֆի օգնականները հանցանքի որոնման օրդերով խուզարկել էին Բիբերի բնակարանը:

Օգնականները նաև հետաքննում են հարևանների բողոքները այն մասին, որ երգիչը Կալաբասասում մեքենա վարելիս գերազանցում է սահմանված արագությունը:

 Անկախ

Սամվել Ասլանյանի թիմը հաղթեց Բելառուսի հավաքականին

սաaslananԴանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում անցկացվող Եվրոպայի հանդբոլի առաջնությունում Սամվել Ասլանյանի թիմը`Ռուսաստանի հավաքականը, 39:33 (23:17) հաշվով առավելության հասավ Բելառուսի թիմի նկատմամբ:
Ուշագրավն այն է, որ այս երկու երկրների հավաքականների խաղացողներն իրար լավ են ճանաչում: Ռուսաստանի ներկայացուցիչներից մի քանիսը խաղացել կամ խաղում են Մինսկի «Դինամոյում»: Մասնավորապես, Օլեգ Սկոպինցևը և Պավել Ատմանը դեռ նախորդ մրցաշրջանում պաշտպանում էին Մինսկի «Դինամոյի» պատիվը, իսկ ռուսաստանցիներ Վադիմ Բոգդանովը և Սերգեյ Շելմենկոն ներկայումս էլ այդ թիմում են: Դինամոյականներից մի քանիսն էլ, ովքեր Բելառուսի հավաքականն են ներկայացնում,  վարձավճարով խաղում են ռուսական տարբեր ակումբներում:
Գլխավորը, Ռուսաստանի հավաքականի առաջատար Սերգեյ Գորբոկն ազգությամբ բելառուս է և Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Խաղից առաջ նա հայտարարել էր, որ վնասվածք ունի և չի մասնակցելու հանդիպմանը:
Այս հակամարտությունում մեր հայրենակից Ասլանյանը հիմնականում դիտորդի դերում էր` պահեստայինների նստարանին: Նա խաղահրապարակ դուրս եկավ երկրորդ խաղակեսի 45-րդ րոպեին և դարձավ մեկ գոլի հեղինակ:
Ռուսաստանի հավաքականը 2-րդ խմբում 5-րդն է. 1. Ֆրանսիա (8  միավոր), 2. Խորվաթիա (8), 3. Լեհաստան(6), 4. Շվեդիա (6), 5. Ռուսաստան (2), 6. Բելառուս (0):
1-ին խմբում հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1.Դանիա (10), 2. Իսպանիա (8), 3. Իսլանդիա (5), 4. Հունգարիա (3), 5. Մակեդոնիա (2), 6. Ավստրիա (2):
Հունվարի 24-ին կայանալիք կիսաեզրափակչում կմրցեն` Դանիայի և Խորվաթիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները:

Թաիլանդում արգելվել է 5 հոգով մի տեղ հավաքվել

o_881774Թաիլանդում այսուհետ արգելվելու է 5 հոգուց ավելի մարդկանց կուտակումը: Նման որոշում է  հրապարակել  խաղաղության ու կարգուկանոնի պահպանման գծով կառավարական Կենտրոնը Բանգկոկում, հունվարի 22-ից գործող արտակարգ իրավիճակի համաձայն:

Որոշման մեջ նաև դիմում է զանգվածային լրատվամիջոցներին` չհրապարակել այնպիսի տեղեկություն, որը կարող է  սպառնալ ազգային անվտանգությանը:

Կենտրոնն իրավունք է  վերապահում փակել տրանսպորտի որոշ երթուղիներ, որոշ շրջաններից մարդկանց տարհանման հրամաններ արձակել: Կառավարությունը խոստացել է մոտ ժամանակներում այդ հրահանգների առավել մանրամասն նկարագրությունը հրապարակել:

Իսկ ընդդիմությունը շարունակում է անտեսել կառավարության հայտարարած արտակարգ իրադրությունը: Այսօր ընդդիմադիրները կրկին մայրաքաղաքի փողոցներում երթ են կազմակերպել` կաթվածահար անելով երթևեկությունը: Ցուցարարները ցանկանում են հասնել վարչապետ Յինգլակ Չինավաթի պաշտոնաթողությանը, ընտրությունների չեղյալ հայտարարմանը, որոնք անց են կացվելու փետրվարի 2-ին:

Չինավաթն էլ քանիցս հայտարարել է, որ ընդդիմության ճնշման պատճառով չի հեռանա պաշտոնից:

Անկախ

Իրանի տնտեսությունը մեծ ներուժ ունի. Հասան Ռուհանի

հասան ռոհանիԻրանի նախագահ Հասան Ռուհանին Դավոսում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, թե Իրանի տնտեսությունը մեծ ներուժ ունի աշխարհի երեք ամենախոշորներից մեկը դառնալու համար: «Ես տեսնում եմ Իրանի տնտեսության ներուժը, որը կարող է առաջիկա 30 տարում դառնալ ուժեղագույններից մեկը աշխարհում: Տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մենք բոլորս մի նավակի մեջ ենք և ապահովագրված չենք խնդիրներից»,-նշել է Ռուհանին՝ ընդգծելով, որ ամեն ինչ անում է նպատակին հասնելու և երկրի շահերը պաշտպանելու համար:

 Անկախ

Օվշորային սկանդալից մինչև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ

photo 1Օվշորային սկանդալ. մտածված PR, թե՞ ակնհայտ իրականություն

2013 թ. ամենալուրջ բացահայտումը կամ գուցե ամենաակտիվ քննարկվող ապատեղեկատվությունը թերևս կապված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ: Հայկական և անգամ միջազգային մամուլը հեղեղվեց տեղեկություններով, թե ՀՀ վարչապետը օվշորային գոտում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում:

Վարչապետը «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո հայտարարեց, որ ինքը կապ չունի այդ ընկերության հետ, նույնը հայտարարեց արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: Նրանք հայտնեցին նաև, որ չգիտեն` ինչպես են իրենց անունները հայտնվել «Wlispera Holdings limited» ընկերության բաժնետերերի մեջ:

Հետաքրքիր է, որ ամիսներ շարունակ մեծ աղմուկը չհանդարտվեց, անգամ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ շարունակ փորձում է պարզել՝ արդյոք Կիպրոսի ռեգիստրի փաստաթղթերում կա՞ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, թե՞ ոչ:

Փորձաքննությունը  չստացվեց, քանի որ նրանք բնօրինակներ պահանջեցին, և ՀՀ գլխավոր դատախազ (այժմ արդեն նախկին) Աղվան Հովսեփյանն այս հարցով դիմեց Կիպրոսի իր գործընկերոջը:

ՀՀ գլխավոր դատախազությունն ամիսներ անց հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «Քրեական գործով նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել կատարելու որոշակի դատավարական գործողություններ, մասնավորապես` առգրավել Կիպրոսի Հանրապետությունում գրանցված մասնավոր կազմակերպության բաժնետոմսերը օտարելու վերաբերյալ մի շարք փաստաթղթերի բնօրինակներ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության կողմից ՀՀ դատախազության միջոցով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին է ուղարկվել միջնորդություն իրավական օգնություն ցուցաբերելու մասին»:

Միջնորդությունը Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկվեց դիվանագիտական ուղիներով և Ինտերպոլի (քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն) միջոցով, սակայն դեռևս պատասխան չի ստացվել:

«Նաիրիտի» առեղծվածը

photo 2 nairitՄինչ իշխանությունները փորձում էին Հայաստանում մոռացության մատնել հայտնի «օվշորային սկանդալը», 2013-ին Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցան գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ: Այս մասին հայկական մամուլն անընդմեջ գրեց` կրկին ու կրկին վկայակոչելով ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Խոսքն այս անգամ «Նաիրիտ» գործարանի հետ կապված բավական խճճված պատմության մասին է:

Պարզվեց, որ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է «Միջպետական բանկն ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» գործով հերթական դատական նիստը, որը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով դարձյալ հետաձգվել է: Ասենք, որ հենց այս ընկերությանն էր ժամանակին հանձնվել «Նաիրիտի» կառավարումը, և հենց այս ընկերությանն էր ՀՀ կառավարության երաշխավորությամբ Միջպետական բանկը շուրջ 170 միլիոն դոլարի վարկ հատկացրել:

Դարձյալ օվշորային գոտում գրանցված այս ընկերությունը հրաժարվում է մարել այդ վարկը, և բացառված չէ, որ ՀՀ կառավարությունը ստիպված լինի սեփական միջոցներով մարել այն, քանի որ հանդիսացել է վարկառու ընկերության երաշխավոր:

Հայկական մամուլը, վկայակոչելով ռուսական կողմին, այդպես էլ պատասխան չստացավ` ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը կգնի՞ «Նաիրիտը», թե՞ ոչ:

«168 ժամ»-ի տեղեկություններով` «Ռոսնեֆտը» «Նաիրիտը» պատրաստ է գնել 100 մլն դոլարով, պայմանով, որ նրա պարտքերը գնման պահին մարված լինեն: Իսկ այդ պարտքերը, ըստ հավաստի տեղեկությունների, կազմում են 350-400 մլն դոլար:

«Նաիրիտի» առեղծվածը շարունակվում է: Ահռելի գումարները մնում են օդում կախված, իսկ գործարանի աշխատակիցները պարբերաբար բարձրաձայնում են, որ աշխատավարձ չեն ստանում, մինչդեռ գործարանի ղեկավարությունը ամսական միլիոններ է վաստակում:

Երբ սպանվեց քրեական հեղինակություն Ստուկաչ Արմենը

2013-ը հարուստ էր նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով: Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հիմնականում քրեական հեղինակությունների դեմ ուղղված հանցագործություններն էին:

Եվ ամենաուշագրավը այդ «շքերթում» թերևս 2013-ի վերջին ամիսներին մեր երկրում տեղի ունեցած աղմկոտ սպանությունն էր: Մամուլը հեղեղվեց հայտարարություններով, որ Սարդարապատ գյուղում սպանվել է քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, օրենքով գող 41-ամյա Արմեն Եփրեմյանը, որ հայտնի է «Թեփ Արմեն» կամ «Ստուկաչ Արմեն» մականուններով:

Այս մասին բավական ծավալուն հրապարակումով հանդես եկավ նաև ռուսական «Կրիմինալնայա Ռոսիա» պարբերականը, ըստ որի աղբյուրների` Արմեն Եփրեմյանը և հանցագործ աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ` Հակոբ Մելիքսեթյանը (նա քրեական աշխարհում ավելի հայտնի է «Կյաժ Հակոբ» մականունով), միմյանց դեմ ցուցմունքներ էին տալիս, ինչպես նաև առերեսվել են Յուրիկ Աբրահամյանի առևանգման գործով:

Արմեն Եփրեմյանը ՌԴ իրավապահներին ասում է, որ առևանգման կազմակերպիչը Կյաժ Հակոբն է: Առերսման ժամանակ Եփրեմյանը սկսում է հայհոյել Կյաժին: «Հիշեցնենք, որ հենց այդ գործով 2011-ի դեկտեմբերի 13-ին ՌԴ Վիդնոյե քաղաքի դատարանը վճիռ է կայացրել և Հակոբ Մելիքսեթյանին դատապարտել 17 տարվա ազատազրկման»,- գրեց մոսկովյան պարբերականը:

Իրավապահները շտապեցին նյութեր նախապատրաստել: Ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ  Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալվել է «օրենքով գող» Գոռ Ենոքյանի եղբայրը` Ցոլակ Ենոքյանը:

Ոստիկանության Արմավիրի քրեական հետախուզության բաժնում աղմկոտ սպանության դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով (հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործվելու համար, ինչպես նաև զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետևանքներ):

Նախաքննության ընթացքում սպանության բացահայտման գործին լծվեցին նաև լրագրողներն ու լրատվամիջոցները:

Պարզվեց,  որ «Թեփ Արմենը» 2007-ին առևանգել է «օրենքով գող»  43-ամյա Գոռին և որպես փրկագին պահանջել 200-250 հազար դոլար, ինչն այդ տարիներին շատ մեծ գումար էր:

Գոռի հարազատները չեն կարողացել վճարել այդ փրկագինը, և մինչև օրս Գոռն անհետ կորած է համարվում:  Գոռի  հարազատները վաղուց են ցանկացել վրեժխնդիր լինել, սակայն Մոսկվայում Արմենին շատ մարդիկ են ուղեկցել, և հնարավոր չի եղել դա իրականացնել: Երբ  նա եկել է Հայաստան, Գոռի հարազատներից Նժդեհը կատարել է սպանությունը:

Մոսկովյան մամուլն իր էջերում գրում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում

առավել ապահովված մարդկանց առևանգելու և փրկագին պահանջելու  հանցախմբի պարագլուխը հենց Արմենն է եղել: Նրանից շատերն են ցանկացել վրեժխնդիր լինել, և նա էլ անմասն չի մնացել մահափորձերից:

Քրեագետները հիշում են, որ օրենքով գողին փորձել են պայթեցնել, բայց բախտը բերել է, ընդամենը ծնկից ներքև մի ոտքն  է կորցրել ու «պրոթեզ» կրել:  Դրանից հետո  նա ստացել է իր երրորդ մականունը` «Չոլախ»:

Ավելացնենք միայն, որ 41-ամյա Արմեն Եփրեմյանը սպանվելուց առաջ պատրաստվում էր գնալ հայրական տուն և իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել:

Վարդան Պետրոսյան. «Պարտավոր եմ ապրել այլ կերպ»

photo 5Այն, որ կարկուտի ծեծած տեղն ու Շամշյանի գտնվելու վայրը հաճախ են համընկնում, արդեն զարմանալի չէ: Հենց Շամշյանը տարեվերջին տեղեկություն տարածեց, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի է ունեցել խոշոր ողբերգական ավտովթար: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Ժամեր անց համացանցը ողողվեց այն տեղեկությամբ, որ վթարի մասնակից է եղել նաև ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Նրանցից երկուսին բժիշկները, ցավոք, չկարողացան փրկել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  242-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի կողմից նշանակվեց  ավտոտեխնիկական փորձաքննություն, և մինչ օրս պարզում են` դերասան Վարդան Պետրոսյանը գերազանեցե՞լ է արագությունը, թե՞ ոչ:

Իրավապահներից և լրագրողներից բացի, հասարակության լայն զանգվածների շրջանում այս օրերին էլ դեռ քննարկվում են ողբերգական ավտովթարի պատճառներն ու հանգամանքները:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ իրավապահները մինչդատական վարույթում խափանման միջոց են ընտրել կալանքը: Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, դատական փուլում է:

«Հետք» էլեկտրոնային պարբերականը բացառիկ հարցազրույցի ժամանակ Վարդան Պետրոսյանին տված այն հարցին, թե 2013-ի հոկտեմբերի 20-ից առաջն ու հետոն ինչպե՞ս է բնորոշում, ասել է. «Վթարից ճիշտ կլիներ` ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ` ավելի հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքի վրա: Այդ բեկումն արդեն եղել է:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Անկախ

Ամփոփվեց 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները

սամվել-թադևոսյանՆախարար Սամվել Թադեւոսյանը կառավարությունում հաշվետվություն ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նախարարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին:

1. ՀՀ կառավարության 2013 թվականի գերակա խնդիրների շրջանակներում`

1) Հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման նպատակով 2013 թվականին գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել եւ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2000 բնակելի եւ հասարակական նշանակության շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ: Սկսած 2012 թվականից ընդհանուր առմամբ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 3520 շենքերի վերաբերյալ տվյալներ: Տվյալներն ափոփվել եւ ներկայացվել  են կառավարություն:

2) ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 4-ի որոշմամբ մեկնարկել է շինարարական առաջնահերթ նորմերի մշակումը: Ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում ցանկում ընդգրկած շուրջ 80 շինարարական նորմերից առավել առաջնահերթ է համարել թվով 8 շինարարական նորմերի մշակումը: Նշված նորմերն առաջիկայում կներկայացվեն պետական գրանցման: Այս 2 գերակա խնդիրների լուծումը շարունակական գործընթաց է:

3) Կառավարությունը դեկտեմբերի 26-ին հավանության է արժանացրել “Հայաստանում շենքերի սեյսմակայունության ապահովման” հայեցակարգին: Վերջինիս նպատակն է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել շենքերի սեյսմակայունության ապահովման  համակարգված եւ արդյունավետ մոտեցումների  եւ հիմնավորված գործողությունների  համար:

2. ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների շրջանակներում`

1) 2013 թ. դեկտեմբերին  կառավարություն է ներկայացվել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի եւ դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է Երեւանի փոքր կենտրոնը դիտարկել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

2) ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ հավանության է արժանացել “Սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարական ծրագիրը եւ ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումերի ժամանակացույցը”: Այս ռազմավարությամբ սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում:

3) Մշակվել է քաղաքաշինական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը, որով նախատեսվում է կարգավորել պետական բյուջեով իրականացվող շինարարարության (շինմոնտաժային) գործունեության հետ կապված  աշխատանքներից բխող ռիսկերի պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը:

 3. 2013 թվականին աշխատանքներ են տարվել նաեւ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերից բխող եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ուղղությամբ:

Մասնավորապես`

1)    Ավարտի են հասցվել թվով 10 հիմնանորոգվող դպրոցներ, թվով 2 նորակառույց`   Գեղարքունիքի մարզի Վաղաշենի եւ Սյունիքի մարզի Տեղի թիվ 1 դպրոցները, ինչպես նաեւ 2009-2013 թթ. պետական բյուջեների հաշվին իրականացվող ՀՀ Շիրակի մարզի ք. Մարալիկի թվով 9 կիսակառույց բնակելի շենքերը:

2)    Կառավարությունը հավանության է արժանացրել քաղաքաշինության նախարարության կողմից լրամաշակված “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքի նախագծին: Այն միտված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության եւ գյուղատնտեսական արտադրության` հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը` հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը:

3)    Կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ նախարարության մշակած “ՀՀ համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման հայեցակարգը եւ համակարգի ներդրման ուղղություններից բխող միջոցառումների ժամանակացույցը”: Համակարգի ներդրումն ուղղված է Doing Business  ծրագրի շրջանակներում Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը: Էլեկտրոնային համակարգը նպաստելու է կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը, կրճատմանը եւ պարզեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

 

 Անկախ

 

Դոլարի գինը բարձրացել է

դոլարՀունվարի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Թուրքիայի չերքեզական համայնքը շարունակում է բոյկոտել Սոչիի Օլիմպիադան

cherkesԹուրքիայի մոտ 5 միլիոնի հասնող չերքեզական բնակչությունը շարունակում է բոյկոտել փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերը: Սոցիալական կայքերում տարածվել է նրանց կոչը, որով Սոչին անվանվում է ցեղասպանության հող: Հակառուսական այս ակցիան մեկնարկեց այն բանից հետո, երբ Սոչին ընտրվեց 2014 թվականի Օլիմպիադան հյուրընկալող քաղաք: Չերքեզները բողոքի մի շարք ակցիաներ են անցկացրել՝ հայտնելով իրենց դժգոհությունը ռուսական իշխանություններից:

Թուրքիայում չերքեզները քրդերից հետո թվաքանակով համարվում են երկրորդ և ամենավստահելի փոքրամասնությունը: Նրանք Թուրքիայում են հայտնվել 19-րդ դարում  Ռուսական կայսրությունից վտարվելու հետևանքով:

Անկախ