Երևանի քաղաքապետարանից Անկախին հայտնեցին,որ հունվարի 14- ի գիշերը տեղացած ձյան մաքրման աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթացել են ողջ օրը և կշարունակվեն նաև հունվարի 14 –ի լույս 15-ի ողջ գիշերվա ընթացքում: Քանի որ գլխավոր ու երկրորդական բոլոր փողոցներն արդեն լիարժեք երթևեկելի են, շեշտը կդրվի բակային տարածքների, միջբակային ճանապարհների ու մայթերի մաքրմանը: Գործընթացին աջակցում են նաև համատիրությունների աշխատակիցներն ու պայմանագրային հիմունքներով ներգրավված քաղաքացիները:
Daily Archives: January 14, 2014
Ռոնալդուն ֆուտբոլային հեղինակավոր մրցանակ ստանալիս հազիվ է զսպել արցունքները,լուսանկարներ
FIFA-ն
Կրիշտիանու Ռոնալդուին ճանաչել է տարվա լավագույն խաղացող:
Երկուշաբթի երեկոյան Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ 28-ամյա ֆուտբոլիստին են միացել նրա ռուս ընկերուհի, 28-ամյա մոդելը և նրանց երեքամյա որդին:
Ռոնալդուն իր ելույթի ժամանակ շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին և նշել, որ առանց նրանց ջանքերի ինքը այդ մրցանակը չէր ստանա:
Ռոնալդուն մրցանակին արժանացել է 2013թ-ի ընթացքում ակումբի և Պորտուգալիայի համար 56 խաղերի ժամանակ 66 գոլ խփելու համար: Նա այդ մրցանակին արժանացել էր նաև 2008թ-ին:
Ֆուտբոլիստը այս կերպ առաջ է անցել իր հակառակորդ Լիոնել Մեսիին:
Ռոնալդուն Մեսիի հետ իր մրցակցության մասին հայտնել է, որ ինքը շատ գործնական հարաբերություններ ունի Մեսիի հետ և հիանում է այդ խաղացողով:
Մեսին վերջին տարիների ընթացքում արժանացել էր այդ տիտղոսին՝ դառնալով աշխարհի առաջին խաղացողը, որ չորս անգամ անընդմեջ ստացել է Ballon d’Or մրցանակը:
Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության նախագահի խորհրդականն ազատազրկման է դատապարտվել
Ադրբեջանի Լենքորանի շրջանային դատարանը հունվարի 13-ին ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության նախագահի խորհրդական Յադիգյար Սադիգովին վեց տարվա ազատազրկման է դատապարտել: Վերջինս խուլիգանության մեջ է մեղադարվում:
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, խուլիգանություն կատարելու մեղադրանքով դատախազը միջնորդել էր դատապարտել Սադիգովին ազատազրկման` 7 տարի ժամկետով:
Սադիգովը ձերբակալվել էր 2013թ. հունիսի 27-ին՝ Լենքորանի բնակիչ Ռաշիդ Քերիմովի կողմից ներկայացված բողոքի հիման վրա: Վերջինս պնդում է, որ Սադիկովը հունիսի 25-ին իրեն ծեծել է:
Սադիգովը և նրա փաստաբանները իրենց ելույթում հայատարարել են, որ քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի, և պահանջել են արդարացման դատավճիռ կայացնել:
Հայցվոր Քերիմովը մեղադրյալին և փաստաբաններին սպառնացել է սպանությամբ: Դատարանի դահլիճում Սադիգովի կողմնակիցները, ի նշան Սադիգովի նկատմամբ ընդունված դատավճռի դեմ բողոքի, կատարել են Ադրբեջանի օրհներգը:
Սադիգովը Ադրբեջանի հարավային շրջանի ամենաակտիվ ընդդիմադիր գործիչներից մեկն է, այնտեղ նրա հեղինակությունը բավական բարձր է:
2013թ. հունվարին նա կազմակերպել էր կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի այցը Լենքորան, որը ձախողվել էր ոստիկանության և իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից:
Սևանի և Գավառի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ հունվարի 14-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Սևանի և Գավառի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: Նա Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 15-րդ հոբելյանական փառատոնի առիթով, որը մեկնարկել է իր 80-ամյակին նվիրված համերգաշարով:
Բարձր գնահատելով համաշխարհային երաժշտարվեստում Պենդերեցկու ներդրած ավանդն ու ու անբասիր ծառայությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է կոմպոզիտորի երևանյան համերգների անցկացումը, հատկապես՝ երիտասարդ կատարողների կատարելագործման տեսանկյունից:
Հյուրին ներկայացնելով Երևանի և Վարշավայի միջև ձևավորված համագործակցության հեռանկարները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2013-ի ամռանը Երևանի և Վարշավայի քաղաքապետերը ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պատրաստակամ են զարգացնելու բարեկամությունն ու խրախուսելու Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը։ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու մայրաքաղաքների միջև մշակութային համագործակցության ընդլայնման մասով ակնկալում է նաև մաեստրոյի աջակցությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը երաժշտության բնագավառում ունեցած մեծ նվաճումների, երևանյան երաժշտական կյանքում ներդրած ավանդի համար և աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ աշխարհահռչակ կոմպոզիտորն անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար:
Քշիշտոֆ Պենդերեցկին շնորհակալություն է հայտնել նաև Երևանի քաղաքապետին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին աջակցելու համար:
Պապը բարեգործության նպատակով վաճառքի է հանել Harley Davidson ֆիրմայի իր մոտոցիկլետը
Պապ Ֆրանցիսկոսը վաճառքի է հանել իր Harley Davidson երկու մոտոցիկլետներից մեկը, որպեսզի գումար հավաքի բարեգործության համար:
1,585cc Harley-Davidson Dyna Super Glide-ը և մեկ այլ մոտոցիկլետ 2013թ-ի հունիսին ֆիրմայի 110-ամյակի կապակցությամբ նվիրել էին պապին:
Մոտոցիկլետը, որի բաքի վրա պապը ստորագրել է, վաճառքի կահանվի փետրվարին Ֆրանսիայում՝ Փարիզի Բոնհամս աճուրդի տանը: Վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովանավորությամբ գործող Caritas Roma բարեգործական հաստատությանը:
Բարեգործական հաստատությունը վաճառքից ստացված գումարը կօգտագործի Հռոմում գտնվող խոհանոցը վերանորոգելու համար, որտեղ կերակրվում և ապաստանում է ավելի քան 1,000 մարդ:
Սա առաջին դեպքը չէ, որ պապի փոխադրամիջոցը վաճառվում է բարեգործության նպատակով:
2005թ-ին պապ Բենեդիկտոսի Volkswagen Golf մեքենան eBay-ում անանուն կերպով վաճառվել է գերմանացի մի տղամարդու:
Ժամը 16.30-ի դրությամբ հանրապետության ավտոճանապարհներին
ՀՀ ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ հունվարի 14-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Ուշիի ոլորանները:
Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքների ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
***
Կրկին հիշեցնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, այսօր ժամը 6.00-ից սկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:
Վարորդներին խնդրում ենք լինել զգոն և ուշադիր, հստակ հետևել ճանապարհային ոստիկանների ցուցումներին. մասնավորապես, անհրաժեշտության դեպքում վտանգավոր ուղեհատվածում ղեկի մոտ տեղը զիջել փորձառու ոստիկանին, ոստիկանի պահանջով ժամանակավորապես դադարեցնել երթևեկությունը, կայանել մեքենան, փոխել շարժման ուղղությունը և այլն:
Ոստիկանությունը բոլոր շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում առավելագույնս համագործակցել ճանապարհային ոստիկանության հետ, իսկ ապահովագրական գործակալությունների ներկայացուցիչներին՝ վթարների դեպքում ավելի օպերատիվ ժամանել դեպքի վայր՝ խցանումներից զերծ մնալու համար:
Կայացել է 4,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
Ըստ Սուրեն Սուրենյանցի` ԱԺ պատգամավորը հարվածել է իրեն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ քաղաքացի Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ս. Սուրենյանցի ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում տված հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լենինգրադյան 25 հասցեում գտնվող «Չերրի» հյուրանոցային համալիրի համարներից մեկում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է իր դեմքին` ձախ աչքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված բացատրությունում Սուրեն Սուրենյանցը հաստատել է իր հաղորդման մեջ հայտնած հանգամանքները` նշելով, որ ԱԺ պատգամավորի կողմից իր նկատմամբ բռնի գործողություն կատարելու հետևանքով իրեն պատճառվել է մարմնական վնասվածք ու ֆիզիկական ցավ, ինչի կապակցությամբ բողոք է ներկայացրել Վահան Կարապետյանի դեմ:
Կատարվում է նախաքննություն:
Չինաստանի կոշիկի գործարանում բռնկված հրդեհից 16 մարդ է զոհվել
Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ արևելյան Չինաստանի կոշիկի գործարաններից մեկում բռնկված հրդեհից 16 մարդ է զոհվել:
CCTV պետական հեռարձակողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Չժենցզյան նահանգի Ուենլին քաղաքի գործարանում: Հրշեջները կրակը մարել են բռնկվելուց երեք ժամ անց և փրկել ավելի քան 20 մարդու:
Հրդեհի բռնկվելու պատճառի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնվում: Նման գործարանները հաճախ մեծ քանակությամբ սոսինձ և դյուրավառ այլ քիմիական նյութեր են պարունակում:
Մոտակա Թայչժոու քաղաքի հրժեջ ծառայությունից հաստատել են հրդեհի փաստը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել:
Սիրիայում հերթական ադրբեջանցի մոջահեդն է սպանվել
Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի դեմ մարտնչող հերթական ադրբեջանցին է սպանվել: Վերջինս Ռաուֆ Հալիլովն է, ով 2013թ.-ին մեկնել էր Սիրիա, հաղորդում է ադրբեջանական “AzVision” կայքը`հղում կատարելով մոջահեդների կայքին:
Մինչ այդ դեպքը Ռաուֆ Հալիլովը իր ընտանիքին կոչի տեսագրություն էր ուղարկել, որտեղ հայտարարել է, որ ինքը կապված է իր ընտանիքին, սակայն փրկությունը տեսնում է միայն իսլամում, ինչպես նաև կոչ է անում մորը հրաժարվել աշխարհիկ կյանքից:
Վերջինս նաև նշել է, որ պատրաստ է իր գաղափարների համար զոհվել:
«Բարև Երևան». 10 դատավոր փաստում է, որ Հայաստանում արդարադատություն չկա
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը Անկախին տեղեկացնում է, որ ստացել է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013թ. երկու որոշումները՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ. եւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.11.2013թ. որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով «Բարեւ Երեւան» խմբակցության զույգ վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին:
«Բարեւ Երեւան» խմբակցությունն արձանագրում է, որ հասարակության օրինական շահերը պաշտպանելու իր պարտականությունը եւ ավագանու խմբակցությանը օրենսդրորեն վերապահված իրավունքը չի կարողացել իրացնել դատական համակարգի իսպառ բացակայության ու կոռումպացվածության պատճառով, որի մասին տարեվերջին վկայեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանն իր արտահերթ զեկույցում:
Արձանագրում ենք, որ Վարչական դատարանը երկու անգամ՝ 14.08.2013թ. եւ 24.09.2013թ. անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է վարույթ ընդունել «Բարեւ Երեւան» խմբակցության հայցադիմումները եւ դրանք ետ է վերադարձրել:
ՀՀ վարչական դատարանը թեպետ հայտնել է, թե վարույթ է ընդունել նույն խնդրով «Բարեւ Երեւան» խմբակցության երկու վերաքննիչ բողոքները, սակայն դատաքննություն եւ արդարադատություն փաստացի չի իրականացրել եւ 11.11.2013թ. որոշումներով կրկին մերժել է բողոքները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես 27.12.2013թ. որոշել է քննության չառնել երկու վճռաբեկ բողոքները ու դրանք ետ է վերադարձրել:
Այդպիսով, ՀՀ դատական ատյաններից ոչ մեկը արդարադատություն չի իրականացրել, միասնաբար խախտել են մասնավորապես Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները՝ հանրությանը, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությանը զրկելով դատարանի հասանելիությունից:
«Բարեւ Երեւան» խմբակցությունը սույն ակնհայտ փաստի վրա է հրավիրում ՀՀ արդարադատության խորհրդի ուշադրությունը եւ պահանջում կարգապահական վարույթ հարուցել այս գործով որոշումներ արձակած ու դատական հասանելության սկզբունքը խախտած բոլոր դատավորների՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Ե.Խունդկարյանի /նախագահող դատավոր/, Ե.Սողոմանյանի, Վ.Աբելյանի, Վ.Ավանեսյանի, Մ.Դրմեյանի, Գ.Հակոբյանի, Է.Հայրիյանի, Տ.Պետրոսյանի հանդեպ:
«Բարեւ Երեւան» խմբակցությունը սույն աղաղակող փաստի վրա է հրավիրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը, ով բուռն քննադատության թիրախ դարձավ իր հրապարակած արտահերթ զեկույցի գնահատականների համար, ինչպես նաեւ՝ ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունը, ով պահանջեց դատարանների կոռումպացվածության վերաբերյալ գեթ մեկ փաստ տրամադրել:
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցով «Բարեւ Երեւան» խմբակցությունը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի իր ձեռնարկելիք քայլերի մասին:
Բեյոնսեն գենդերային հավասարությունը «միֆ» է համարել
Բեյոնսեն գենդերային հավասարության վերաբերյալ ակնարկ է գրել, որով նա կոչ է անում քայլեր կատարել աշխատավայրում կանանց և տղամարդկաց հավասարաչափ վարձատրություն ունենալու ուղղությամբ: Հոդվածը հրապարակվել է Մարիա Շրայվերի «Շրայվերի զեկույցում»՝ «Գենդերային հավասարությունը միֆ է» վերնագրով:
Բեյոնսեն ակնարկում նշում է, որ գենդերային հավասարությունը դեռևս իրական չէ և ԱՄՆ-ում, որտեղ կանայք կազմում են աշխատուժի կեսը 77 տոկոս պակաս աշխատավարձ են ստանում, քան միջին աշխատող տղամարդը:
Նա նշել է, որ տղամարդիկ պետք է պահանջեն, որ իրենց կանայք, դուստրերը, մայրերը և քույրերը ավելի շատ վարձատրվեն, իսկ տղամարդիկ և կանայք հավասար կլինեն, եթե նրանք հավասարաչափ վարձատրվեն և հավասարապես հարգվեն:
Վերջում նա կոչ է արել գործել միասնական և 100 տոկոս հնարավորություններ պահանջել կանանց համար:
Իրաքը չի կարող իր նավթը համաշխարհային շուկա հանել Սիրիայով. թուրք նախարար
Ինչպես հաղորդում է թուրքական «TRT Haber» հեռուստալիքը, Թուրքիայի բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը նշել է, որ Իրաքը Սիրիայի միջոցով չի կարողանա նավթ մատակարարել միջազգային շուկաներ: Նախարարի խոսքով՝ չնայած Անկարան հաշվի է նստում իրաքյան կառավարության կարծիքի հետ, այնուամենայնիվ եթե նույնիսկ նավթը միջազգային շուկա դուրս գա Սիրիայով, ապա այդ նախագիծը չի իրականանա, քանի որ Սիրիայում քաղաքական իրադրությունը կայուն չէ: «Կայունությունը ամենակարևորն է նման էներգետիկ ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է Յըլդըզը:
Ավելի վաղ իրաքյան ԶԼՄ-ները նշում էին, որ երկրի կենտրոնական կառավարությունը նախատեսում է փոխել քրդական նավթահաման ճանապարհը, որը պետք է անցնի Թուրքիայով: Բացի դրանից նշվում էր, որ նոր նավթահանման ճանապարհը կարող են լինել հետևյալ ուղղով` Իրաք-Սիրիա-Լիբանան և Իրաք-Հորդանան- Իսրայել:
2014 թվականի հուվարի 3-ին թուրք նախարար Թաներ Յըլդըզը ավելացրեց, որ Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունը արդեն սկսել է նավթի մատակարարումը դեպի Թուրքիա, սակայն նավթը չի անցնի Եվրոպա առանց Բաղդադի թույլտվության: Նրա խոսքերով՝ Թուրքիան հույս ունի, որ մոտակա ժամանակներս կստանա Բաղդադի թույլտվությունը Իրաքի նավթը արտահանել Եվրոպա: «Նավթի մատակարարումը կսկվի օրական 300 մլն բարելից: Այնուհետև կավելանա մինչև 400 մլն»,-նշել է թուրք նախարարը:
Միքայել Մանուկյանը` Ազգային ժողովի պատգամավոր
ԿԸՀ-ից Անկախին հայտնում են, որ այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամայիս Թեմուրի Գրիգորյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Վաղինակի Մանուկյանին տալու վերաբերյալ:
Մեկնարկել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը
ՀՀ ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, այսօր ժամը 6.00-ից սկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:
Վարորդներին խնդրում ենք լինել զգոն և ուշադիր, հստակ հետևել ճանապարհային ոստիկանների ցուցումներին. մասնավորապես, անհրաժեշտության դեպքում վտանգավոր ուղեհատվածում ղեկի մոտ տեղը զիջել փորձառու ոստիկանին, ոստիկանի պահանջով ժամանակավորապես դադարեցնել երթևեկությունը, կայանել մեքենան, փոխել շարժման ուղղությունը և այլն:
Ոստիկանությունը բոլոր շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում առավելագույնս համագործակցել ճանապարհային ոստիկանության հետ, իսկ ապահովագրական գործակալությունների ներկայացուցիչներին՝ վթարների դեպքում ավելի օպերատիվ ժամանել դեպքի վայր՝ խցանումներից զերծ մնալու համար:
Իլհամ Ալիևը ելույթ կունենա ՆԱՏՕ-ի խորհրդի նիստին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 15-ին կայցելի ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակը Բրյուսելում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայության տարածած հաղորդագրությանը:
Իլհամ Ալիևը հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի հետ և ելույթ է ունենալու ՆԱՏՕ-ի խորհրդի նիստին:
Եգիպտոսում այսօր սահմանադրական հանրաքվե է անցկացվում
13 տարվա ընթացքում երկրորդ անգամ եգիպտացիները փորձում են իրենց պետության ապագան որոշել սահմանադրական հանրաքվեի միջոցով:
Առաջարկվող նոր սահմանադրությունը կարգելի կրոնական կուսակցությունների աշխատանքը և ավելի մեծ իշխանությամբ կօժտի ռազմական օղակներին: Եթե սահմանադրության նախագիծը հանրաքվեյով հաստատվի, ապա դրան կհաջորդի ընտրական փուլը:
Երեքշաբթի օրը առավոտյան՝ նախքան քվեարկության սկսվելը, Կահիրեյի դատարանի մոտակայքում ռումբ է պայթել: Անվտանգության ուժերի տեղեկություններով՝ տուժածներ չկան:
Պայթյունի հետևանքով վնասվել է միայն շենքի ճակատային հատվածը: Վերոնշյալ դատարանի շենքում տեսակավորվելու են քվեարկության արդյունքները:
Չնայած տեղի ունեցած հարձակմանը՝ եգիպտացիները երեքշաբթի օրը հերթ էին կանգնել քվեարկությանը մասնակցելու համար:
Աշոցքցի Սերգեյ Միքայելյանը և գյումրեցի Կատյա Գալստյանը դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ
Հրաձգության «Գրան պրի» մրցաշարում առանց մրցանակի
Հայաստանի հրաձգության հավաքականի կազմում հանդես եկող Քրիստիան Լաուերը Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացված «Գրան պրի» մրցաշարում անմասն մնաց խաղարկված պարգևներից: Մրցաշարին մասնակցում էին 22 երկրների նշանառուներ:
Քրիստիանը օդամղիչ հրացանով 10 մ հեռավորությունից կրահերթում վաստակեց 620,8 միավոր և զբաղեցրեց 5-րդ տեղը: Դա նրան հնարավորություն է տվեց մասնակցելու եզրափակչին: Ի վերջո, Հայաստանի ներկայացուցիչը հանգրվանեց 8-րդ հորիզոնականում` 594 միավոր: Այս ցուցանիշը համապատասխանում է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմային:
Երկրոդ մեկնարկում Լաուերը խոցեց 618.0 նիշ և զբաղեցրեց18-րդ հորիզոնականը:

