Այսօր Սիրիայի հարցով Մոնտրոյում գումարված «Ժնև-2» համաժողովի շրջանակներում Սիրիայի տեղեկատվության նախարար Իմրան ազ Զուբին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ նախագահ Բաշար Ասադը չի պատրաստվում հեռանալ: Նրա խոսքերով՝ որպեսզի համաժողովը հաջողություն ունենա, չպետք է սահմանափակվել մեկ շաբաթով կամ որևէ ժամանակահատվածով:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այսօր տեղի ունեցած նիստը գնահատել է որպես շատ արդյունավետ և կառուցողական: «Շատ կարևոր բանակցություններ ընթացան, դրանք կառուցողական էին»,-նշել է քարտուղարը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները կշարունակեն ակտիվ մասնակցություն ունենալ Սիրիայի խնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացում:
Daily Archives: January 22, 2014
Քանդակագործները Նելսոն Մանդելայի արձանի ականջի մեջ ճագարի քանդակ են տեղադրել
9մ բարձրություն ունեցող Նելոսոն Մանդելայի արձանը զայրացրել է Հարավային Աֆրիկայի բարձրաստիճան պաշտոնյաներին, քանի որ քանդակագործները արձանի վրա թողել են իրենց ձեռագիրը՝ այն է ականջի մեջ տեղադրված ճագարի քանդակը:
Բրոնզե հուշակոթողը դեկտեմբերի 16-ին Մանդելայի հյուղարկավորությունից հետո տեղադրվել էր Պրետորիայի կառավարության շենքի առջև և համարվում է Հարավային Աֆրիկայի առաջնորդի աշխարհի ամենամեծ արձանը:
Պաշտոնյաները պահանջել են ճագարի քանդակը հեռացնել արձանից՝ պնդելով, որ այն ծաղրում է Մանդելային և նրա աշխատանքը:
Հսկայական արձանը կանգնած է Միության շենքի առջև, որտեղ նաև ամփոփված է նրա մարմինը:
Արվեստների և մշակույթի նախարարը հայտնել է, որ քանդակագործները ներողություն են խնդրել բոլոր նրանցից, ովքեր ճագարը ընկալել են որպես անարգանք Մանդելայի հանդեպ:
Հակառակորդը կրակ է բացել Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ
Ադրբեջանը դարձյալ կրակ է բացել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ: Րոպեներ առաջ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ երեկոյան ժամը 22:00-ից սկսած` շուրջ քսան րոպե շարունակ, ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարը, գնդակոծել է սահմանային դիրքերն ու կրակահերթի տակ պահել գյուղը: Կրակոցները դադարել են մոտ տասը քիչ առաջ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել վարչապետի հետ
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայություն
Սեռական օրգանը նկարելու և կայքերում տեղադրելու համար գիտությունների թեկնածուն դատապարտվեց 1 ամսվա կալանքի
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր ճանաչեց գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկին` իր սեռական օրգանը, ինչպես նաև՝ սերմնաժայթքման պրոցեսը նկարելու և 2 կայքերում տեղադրելու համար` ՀՀ քրեական օրեսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց կալանքի` 1 ամիս ժամկետով,հաղորդում է Փաստինֆոն:
Սակայն ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կմնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո միայն գիտությունների թեկնածուն կկալանավորվի:
Ըստ քրեական գործի նյութերի, ամբաստանյալն իր անձնական օգտագործման տեսանկարահանող սարքով նկարահանել է պոռնկագրական բնույթի նկարներ՝ մասնավորապես իր սեռական օրգանը՝ առնանդամը, սերմնաժայթքման տեսարանը և դրանք տեղադրել 2 կայքերում (կայքերի անվանումները չենք հրապարակում), այդպիսով տարածել և հանրամատչելի է դարձրել համացանցի տիրույթում։ Նա այդ կայքերում տեղադրելու եղանակով տարածել է նաև պոռնկագրական բնույթի 54 վայրկյան տևողությամբ տեսանկարահանված ձայնագրություն:
Իսկ մինչ այդ այսօր մեղադրող դատախազ Էդգար Պետրոսյանը ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը գտավ ճիշտ և հիմնավորված, գործով մեղադրական դատավճիռ կայացնելու համար հավաքված ապացույցները հավաստի, հետազոտված և բավարար: Ինչպես նաև հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նախկինում դատվածություն չունենալը և պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը և այն, որ ամբաստանյալն առաջին անգամ է ոչ մեծ ծանրության հանցանք կատարել և խոստովանական ցուցմունքներ է տվել` մեղադրող դատախազը միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել տուգանքի 300 000 դրամի չափով, իսկ խափանման միջոց ստորագրությունը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
«Զվարթնոցի» պայքարը թևակոխում է նոր փուլ
«Զվարթնոցի» կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այդպես էլ մնում է առկախ:
Չնայած քաղավիացիայի գլխավոր վարչությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ շենքը քանդվելու է, հանրությունը հույս ունի, որ կկարողանա ազդել օդանավակայանի սեփականատիրոջ և կառավարության վրա` ստիպելով փոխել հակամշակութային այդ որոշումը:
Արդեն մի քանի ամիս է` այդ հարցը նաև Հանրային խորհրդի օրակարգում է: Ամենազավեշտալին այն է, որ հենց քաղավիացիայի գլխավոր վարչությունն է որոշել դիմել այդ կառույցին, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հարցը քննարկվի նաև ոլորտի մասնագետների և հանրության լայն շերտերի հետ և հաշվի առնվի նրանց կարծիքը:
Մասնագետներն ու հանրային տարբեր շերտերի ներկայացուցիչներն այդ քննարկումների արդյունքում հայտնել են իրենց հստակ դիրքորոշումը` շենքը պետք է պահպանվի, սակայն քաղավիացիայի գլխավոր վարչությունը շարունակում է պնդել իր տեսակետը:
Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական քավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ հարցին, հիշեցրեց, որ վարչապետը նախորդ տարվա վերջին նիստի ժամանակ առաջարկ է արել, ինչն ընդունելի է եղել նաև քաղավիացիայի լխավոր վարչության և կոնցեսիոների կողմից. «Եթե մենք ունենք խնդիրներ պահպանման անհրաժեշտության և մշակութային տեսանկյունից, ապա փորձենք մի որևէ այգի կամ այգու նման մի վայրում հավաքել դրանց մակետները: Դա կարող է լինել «Զվարթնոցը», Գառնու տաճարը, այդ այգին ժամանցի վայր միգուցե դարձնել…»:
Նման անորոշ ձևակերպումներով արտահայտած միտքը միայն նոր հարցեր կարող էր առաջացնել, և պատահական չէր, որ լրագրողները փորձեցին հստակեցնել` ի վերջո շենքը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ: Արտյոմ Մովսեսյանը պարզաբանեց. «Կառավարությունը հաստատել է կոնցեսիոների մաստեր պլանը, որտեղ ներառված է նաև շենքը քանդելու հարցը, այսինքն` քանդում լինելու է, սակայն մենք դրան փոխարինող լուծումներ ենք փնտրում: Շենքի տեղափոխում էլ չի կարող լինել, դա ահռելի մեծ ծախսերի հետ է կապված, որը ոչ իրատեսական է: Ոչ մի կառավարիչ նմանատիպ ծախսեր իր վրա չի վերցնի»:
Ինչևէ, Արտյոմ Մովսեսյանը հստակ ուղերձ հղեց հանրությանը, որ վարչապետի վերջին նիստին հնչեցրած միտքն ամենևին կապ չունի շենքի պահպանման հետ, այլ այն ընդամենը ինչ-որ լուծումներ գտնելու մասին է:
Հիշեցնենք, որ այդ նույն նիստի ժամանակ վարչապետը հստակ հանձնարարություն էր տվել Արտյոմ Մովսեսյանին ճարտարապետների հետ քննարկում կազմակերպելու վերաբերյալ, սակայն դրա հետ կապված նորություն կարծես թե չկա:
Ինչ վերաբերում է Մովսեսյանի ասած «փոխարինող լուծումներին», մասնավորապես` այգի հիմնելուն և այնտեղ տարբեր մշակութային կոթողների մանրակերտերը տեղադրելուն, ապա կարծում ենք` դա առնվազն սփոփանքի ժանրից է:
Բայց արդյոք հանրությանը, առավել ևս մասնագետներին հնարավո՞ր է նման ծրագրով սփոփել:
Հանրային խորհրդի հանձնաժողովներում ներառված բազմաթիվ ճարտարապետներ Արտյոմ Մովսեսյանի վերջին հայտարարությունից հետո առավել մարտական են տրամադրված: ՀԽ քաղաքաշինության հարցերի ենթահանձնաժողովի անդամ, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հայտարարեց, որ ճարտարապետներն արդեն ստորագրահավաք են սկսել ընդդեմ կլոր շենքի քանդման և պատրաստվում են այն ներկայացնել երկրի ղեկավարին:
Այսօր` հունվարի 22-ին Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում կրկին դրվել է «Զվարթնոցի» կլոր շենքի հարցը և ևս մեկ անամ հաստատվել, որ Հանրային խորհուրդն այդպես էլ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից:
ՀԽ նախագահ Վազեն Մանուկյանի խոսքով` խորհուրդն առաջարկել էր, որ մշակույթի նախարարության համապատասխան կառույցը որոշի` շենքը պատմամշակութային հուշարձա՞ն է, թե ոչ, և եթե այո, ապա այն պետք է ներառվի հուշարձանների ցանկում, մինչդեռ նախարարությունն այդ հարցը չի քննարկել:
«Մենք առաջարկել ենք պարզել նաև, որ ենթադրենք օդանավակայանի շենքն ընդլայնելու համար չեն քանդում հին համալիրը, այլ այն շրջանցում են, դա որքա՞ն հավելյալ ծախս է պահանջում: Պատասխան չկա: Առաջարկել ենք անկախ փորձագիտական ընկերության կողմից ուսումնասիրություններ անցկացնել, թե որքա՞ն կարժենա այդ շենքի վերանորոգումն ու պահպանումը: Առաջարկներից մեկն էլ եղել է այն, թե հնարավո՞ր է շենքը հանել աճուրդի և այլ նպատակներով օտագործել: Մեր այս հարցերին պատասխաններ չեն տրվել, միայն իմանում ենք, որ կառավարությունը հաստատել է մաստեր պլանը»:
Մանուկյանի խոսքով` Հանրային խորհուրդը հետամուտ է լինելու հարցի լուծմանը:
Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով` «Զվարթնոցի» կլոր շենքի քանդումը կլինի հերթական մշակութային կորուստը: «Երևանը կորցնում է իր հիշողությունը: Սա շատ ծանր է ընկալվում մտավորականության կողմից, և մենք գտնում ենք, որ այդ որոշումը պետք է վերանայվի և քննարկվի շենքի պահպանման հարցը: Դա նաև օրինակ կլինի, սկիզբը այն փոփոխությունների, որ պետք է տեղի ունենան այս ոլորտում, և ոչ միայն այս: Վերջապես պետք է Հայաստանում հաշվի առնվի հանրության, մասնագետների կարծիքը, ոչ թե միայն բիզնեսը որոշի, թե որն է իրեն այս պահին շահեկան, ու վերջ»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թթ. մաստեր պլանը, որով կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում կատարել օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար, ինչպես նաև նախատեսում է քանդել հին ուղևորային համալիրը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի: Վարչապետի խոսքով՝ «Զվարթնոցի» կլոր շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետներն այն համարում են արժեքավոր ժառանություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:
Ակնհայտ է, որ նիստի ընթացքում վարչապետի հայտարարածը, քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հասկացածը և ճարտարապետների ցանկությունը բոլորովին չեն համապատասխանում իրար: Համենայն դեպս, մի բան ակնհայտ է` ճարտարապետներն առաջարկում են լուծում, որում կանգուն «Զվարթնոցի» գաղափարն է և ոչ թե քանդված:
Անի Գասպարյան
Ոստիկանը դիտավորությամբ քաղաքացու առողջությանը ծանր վնաս է պատճառել
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննութամբ պարզվել է, որ 2014թ. հունվարի 8-ին բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել քաղաքացի Գ. Մ.-ն: Պարզվել է, որ վերջինս վնասվածքը ստացել է ոստիկանության աշխատակցի հետ նույն օրը Երևանի այգիներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Կատարվում է նախաքննություն:
Դեսպան Կիրակոսյանը մասնակցեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմի համար ընդունելությանը
Հունվարի 20-ին Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը Հոֆբուրգի իր նստավայրում ընդունեց Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմին և ներկաների առաջ հանդես եկավ ուղերձով:
Ընդունելության շրջանակներում Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի հետ տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում Նախագահ Ֆիշերը նախ իր ողջույնները փոխանցեց Հայաստանի իր պաշտոնակցին, որից հետո կողմերն անդրադարձան 2014թ. հունիսին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական ընթացքին:
Ի՞նչ է ուզում Ղուկասյանի որդին Բալասանյանից
Դեռ կեսգիշերից հայաստանյան մամուլը տարածեց, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ մեքենաներով գնացել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ, այնտեղ հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել քաղաքապետի հասցեին:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է Սամվել Բալասանյանը գտնվում է ԱՄՆ-ում, այդ պահին ևս տանը չի եղել. Սամվել Բալասանյանը Հայաստան է վերադարձել առավոտյան: Տանեցիները չեն արձանքել երիտասարդներին:
Սակայն կատարվածը տեսագրել են Բալասանյանի տան մոտ տեղադրված տեսախցիկները: Կդիմի՞ արդյոք իրավապահ մարմիններին Սամվել Բալասանյանը, թե ոչ, քանի որ սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է իր նկատմամբ, մեր հարցի պատասխանը դեռ չենք ստացել քաղաքապետարանից: Ի դեպ, արդյո՞ք ոստիկանությունը որևէ բողոք ստացել է կամ գնու՞մ է մամուլի հրապարակումների հետքերով հարցերին ոստիկանության ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ փոխանցեց, որ “դեռ ուսումնասիրում ենք: Առավոտյան նոր մի բան կլինի”:
Հավելենք, որ մեր ընթերցողներին լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք իմանալուն պես:
Իսկ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղարն այսպիսի հայտարարություն էր արել. “Սա արդեն նմանվում է հետապնդման: Շատ զազրելի է, երբ լրատվության ուշադրությունը շեղելու համար կարևոր խնդիրներից, փորձ է արվում շրջանառության մեջ դնել` վարկաբեկման մեթոդով, Վարդան Ղուկասյանի, նրա ընտանիքի անունը: Սա նպատակ ունի ուղղակի գցել Վարդան Ղուկասյանի հեղինակությունը գյումրեցիների աչքերում, զրոյի հավասարեցնել այն հսկայածավալ աշխատանքը, որ նա տարիներ շարունակ իրականացրել է Գյումրիում”:
Տեղի ունեցածի շուրջ հայտարարությամբ հանդես է եկել նաև Սամվել Բալասանյանը, որում մասնավորապես ասվում է. “Սիրելի գյումրեցիներ, Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ և շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին: Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք:
Վստահեցնում եմ Ձեզ , որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր , բայց պատվաբեր առաքելությունից: Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը: ”
Ավելացնենք, որ դեռևս պարզ չէ, իսկապե՞ս Սպարտակ Ղուկասյանն է եղել այդ երիտասարդների հետ, թե Ղուկասյանները որևէ առնչություն այս դեպքի հետ չունեն:
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ
Ձևավորված ավանդույթի համաձայն` Բանակի օրվան ընդառաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 22-ին Սեյրան Օհանյանը եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:
ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Ողջույնի խոսքում շնոհավորելով Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին այցելության համար, համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը վստահեցրել է, որ բուհում ռազմահայրենասիրական դաստիարակությունը դրված է բարձր հիմքերի վրա:
Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անկախության և հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:
Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ամրապնդման գործում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ուսանողներին հակիրճ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի անցած փառավոր ուղին, կազմավորման փուլերը, առանձնահատկությունները, պաշտպանական բարեփոխումները, խոսել է առկա բացթողումների և մարտահրավերների, ինչպես նաև` ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու հեռանկարների շուրջ:
ՀՀ պաշտպանության նախարարը նաև պատասխանել է կրթօջախի դասախոսների և ուսանողներին հուզող հարցերին:
Միջոցառման ավարտին ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բուհում հայրենասիրական դաստիարակությունն ամուր հիմքերի վրա պահելու համար Սեյրան Օհանյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանին և պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է գերատեսչական մեդալներով: Համալսարանի մի շարք դասախոսներ ու ուսանողներ արժանացել են նաև պատվոգրերի:
Ուսումնական հաստատության գիտական խորհրդի որոշմամբ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրվել է համալսարանի Ոսկե մեդալով:
Փարիզյան հանդիպումը կարող է կարևոր արդյունք տալ. Ջեյմս Ուորլիկ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպումը կարող է հերթական քայլը հանդիսանալ, որը կհանգեցնի փետրվարին նախատեսվող գագաթաժողովին: Այս մասին Ուորլիկը գրել է «Twitter»-յան իր էջում:
Նշենք, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով կհանդիպեն հունվարի 24-ին Փարիզում:
Ամփոփվել են 2013 թվականին շինբարեկարգման, կոմունալ և բնապահպանական ոլորտների աշխատանքները և նախանշվել 2014-ի անելիքները
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին,որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից շինբարեկարգման, կոմունալ և բնապահպանական ոլորտներում իրականացված ծրագրերն ու ընթացիկ տարի նախանշված աշխատանքները: Հատկապես շինբարեկարգման բնագավառի համար 2013 թվականը աննախադեպ տարի է եղել: Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 2.5 միլիոն քմ տարածք, ինչը, ըստ Կամո Արեյանի, 6 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Նորոգվել են գլխավոր ու երկրորդական փողոցներ, բակային տարածքներ, նախկին գրունտային ճանապարհներ, մայթեր և այլն: Միայն 33 փողոցներ հիմնանորոգվել են: Սալապատվել են բազմաթիվ փողոցների մայթեր ու արահետներ, ինչպես նաև Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից և Շառլ Ազնավուրի հրապարակները: Քաղաքապետի առաջին տեղակալը հատկանշել է 2 խոշոր ճանապարհաշինական հանգույցների կառուցումը, որոնցից Ուլնեցի-Ռուբինյանց 2.3 կմ երկարությամբ ճանապարհահատվածն արդեն հանձնվել է շահագործման, իսկ 2.6 կմ երկարությամբ Իսակով- Լենինգրադյան արագընթաց մայրուղին շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա առաջին կիսամյակում: Մի շարք փողոցներում թարմացվել կամ նորերով են փոխարինվել եզրաքարերը: Նախորդ տարի կառուցվել է 4 վերգետնյա անցում, ևս 7-ը կկառուվի 2014 թվականին: 2013թ.-ին 4-րդ կարգի վթարային, քանդման ենթակա շենքերի 226 ընտանիքներ նոր բնակարաններ են ստացել Սիսակյան 22 և Մարգարյան 37 հասցեների նորակառույց շենքերից: Ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի: Գարնանից Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու նաև բակային տարածքների նորոգման ու կառուցման աշխատանքներին։ Այս տարի էլ, ինչպես 2013 թվականին, մայրաքաղաքում 400 և ավելի նոր բակ է շահագործման հանձնվելու։ 2013թ. կառուցված 19 ֆուտբոլի մինի դաշտերի թիվն այս տարի ևս կհամալրվի:
Ձևավորվել և շահագործման են հանձնվել շուրջ 8 հա ընդհանուր մակերեսով զբոսայգիներ ու հանգստյան գոտիներ, անցկացվել է 20.3 կմ ընդհանուր երկարությամբ ոռոգման նոր ցանց: Կամո Արեյանը հատկանշել է, որ 2013 թվականը նաև բարենպաստ է եղել բնապահպանական ծրագրերի իրականացման առումով: Քաղաքի փողոցներին հարակից կանաչ գոտիները, այգիներն ու պուրակները համալրվել են 2.6 միլիոն ծաղիկներով, 50000 ծառերով և 16000 թփերով: Սիզամարգերի թիվն ավելացել է 3.2 հեկտարով: Նախկին սիզամարգերի վերականգնման ծավալն էլ կազմել է շուրջ 13 հեկտար: Քաղաքապետի առաջին տեղակալը հավաստիացրել է, որ վերը նշած բոլոր ուղղություններով 2014 – ին նախատեսվում է գերազանցել ցուցանիշները: Մասնավորապես, կվերականգնվեն Եռաբլուրի և <<Փարոսի>> բլրի անտառապատ տարածքները: 2013 թվականին շուրջ 77 կիլոմետրով ավելացել է արտաքին լուսավորության համակարգը: Թվով 176 բակերի և 15 փողոցների հերթը կհասնի առաջիկա ամիսներին: Զուգահեռաբար կիրականացվի թեքահարթակների կառուցման ծավալուն ծրագիր` շուրջ 40 մլն դրամ արժողությամբ: Այդ նպատակով 2013 թվականին համայնքային բյուջեից առաջին անգամ տրամադրվել էր 20 մլն դրամ, որի շրջանակում կառուցվել է 96 թեքահարթակ, ընդ որում, այդ հարցում հաշվի են առնվել հենց շահառուների առաջարկները:
2013-ին իրականացված ծրագրերից Կամո Արեյանն առանձնացրել է նաև շուրջ 10100 շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման, 1300 շենքերի շքամուտքերի բարեկարգման, բազմաբնակարան մի շարք շենքերի արտաքին մաքրման, ինչպես նաեւ վթարային կախովի պատշգամբների վերականգնման աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս ծրագիրը կշարունակվի նաև 2014 թվականին:
Քաղաքապետի առաջին տեղակալը նաև հավելել է, որ 2013 թվականին ամբողջովին լուծվել է թանգարանների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի տների ու գրադարանների ջեռուցման խնդիրը: Իսկ առողջապահական հաստատությունների մասով էլ նշվել է, որ արդեն նորոգվել են 2 մանկական պոլիկլինիկաներ: Եվս չորսում նմանատիպ ու նաև ջեռուցման անցկացման աշխատանքներ կիրականացվեն այս տարվա ընթացքում: Բացի այդ, նախորդ տարի նորոգվել են նաև 29 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, ևս 25-ն էլ կնորոգվի այս տարի:
Փլուզում Գորիս քաղաքում
Հունվարի 22-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 13-րդ փողոցի Ս. Ա.-ին պատկանող թիվ 14/1 տունը:
Պարզվել է, որ տունը 1.5 հարկանի է, վթարային, կառուցված` 1932 թ., գտնվում է սողանքային գոտում:
Փլուզվել է տան արտաքին կողային պատը (25 քմ):
Հայտնաբերվել է դի
Հունվարի 22-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 82 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1961 թ. ծնված Գ. Ս.-ի դին:
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Ֆրանսուա Օլանդը կայցելի Թուրքիա
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 27-28-ին նախագահ Աբդուլահ Գյուլի հրավերով պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Վերջինիս փոխանցմամբ՝ վերջին 22 տարում սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա: Հայտնի է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Թուրքիայի ԵՄ անդամագրության խնդիրը:
Կայացել է 2,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
Մոնտրոյում մեկնարկել է Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովը
Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում մեկնարկել է Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովը, որի բացմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: 39 երկրների արտգործնախարարների ներկայությամբ Մունը ընդգծել է համաժողովի կարևորության մասին և նշել, որ սա լավ հնարավորություն է հասնելու խնդրի կարգավորմանը: «Մենք գիտակցում ենք, որ սրան հասել ենք մեծ դժվարությամբ: Շատ ժամանակ է կորել, չափազանց շատ մարդիկ են զոհվել, սակայն կողմերի ներկայությունն այստեղ այսօրվա համաժողովին հույսեր է ներշնչում»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Պան Գի Մունից հետո ելույթով հանդես են եկել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջոն Քերին և Սերգեյ Լովրովը՝ որպես «Ժնև-2» գործընթացն սկսած կողմեր:
Առաջիկա օրերին հնարավոր է ձյուն գա
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են,որ Հանրապետության տարածքում`Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև` էապես չի փոխվի:
Երևանում՝
Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:
· Օդի նվազագույն ջերմաստիճան -22.60C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան -4.30C
Անկախ
Աուրելյա Գրիգորիու. “Անհայտ անձինք հետապնդում են ինձ”
“Չնայած այն հանգամանքին, որ հայերի կողմից ուղղակի հարձակումներ չկան, անուղղակի սպառնալիքները շարունակվում են։ Քանի որ այժմ ինձ հետապնդում են անհայտ անձինք, իմ ամուսինը ստիպված է ապահովել իր անվտանգությունը”,- ադրբեջանական “ԱՊԱ”-ին հաղորդել է Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուն։
Նրա խոսքով՝ խնդիրները, որոնք կապված էին Ռիշկանում իր մոր բնակարանի հետ, արդեն լուծվել են։ “Ինձ խոստացել են այլևս չանհանգստացնել իմ մորը”,-ասել է նա։
Գրիգորիուն հավելել է, որ նա շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։ “Օմբուդսմենի մասին օրենքն այժմ խմբագրվում է։ Քանի դեռ օրենքը չի ընդունվել, ես շարունակելու եմ իրականացնել իմ պարտավորությունները”,-ասել է նա։
Մոլդովայի իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն անցյալ տարի Հայաստանի ԱԺ-ում իր զեկույցի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը` մեր երկիրն անվանել էր “ագրեսոր”`հայտարարելով, որ “Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”, և հավելել, որ “Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է”։ Ներկայում ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իբրև թե “ԱՍԱԼԱՆ սպառնում է Աուրելիա Գրիգորիուին”




