Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը հետաձգվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության ավարտը դեռևս տեսանելի չէ: Փետրվարի 24-ին տեղի է ունեցել երկաթգծի շինարարության համակարգող խորհդի հերթական 18-րդ նիստը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի մասնակցությամբ: Մամեդովը հայտարարել է, որ երկաթգծով փորձնական գնացքը Թուրքիայի սահման կհասնի միայն այս տարվա ավարտին, իսկ երկաթուղուն լիարաժեք շահագործման մասին հնարավոր կլինի խոսել միայն 2015թ. երկրորդ կեսին, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

 

Հանդիպմանը կողմերը հիմնականում քննարկել են երկաթուղու՝ Մարաբդա-Կարցախի հատվածում շինարարության ընթացքը և այլ հարցեր: Զիա Մամեդովի խոսքով՝ շինարարական աշխատանքները Թուրքիայի տարածքում ընթանում են արագացված տեմպերով: Հիմնական խնդիրները կապված են վրաց-թուրքական սահմանին 400 մետրանոց թունելի կառուցման հետ: Սակայն այստեղ էլ աշխատանքները արագացել են:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նպատակը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթգծերը միմյանց կապելն է և ոչ միայն երեք, այլև Եվրոպա-Կովկաս-Ասիայի միջանցքով բոլոր երկրների տրանսպորտային և տնտեսական կապերը ամրապնդելը:

 

Երկաթուղու շինարարական աշխատանքերը Թուրքիայի և Վրաստանի տարածքում ընթանում են սկսկած 2007թ.-ից: Նախատեսված  է, որ այդ երկաթուղով տարեկան բեռնափոխադրումները կկազմի 25 մլն տոննա:

 

Երկաթուղու երկարությունը Ախալքալաքից մինչև Կարս կազմում է 98 կմ: Դրանից 30 կմ-ը բաժին է ընկնում Վրաստանին, մնացածը՝ Թուրքիային: Նախագծի շրջանակներում նախատեսված է վերանորոգել նաև Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի որոշ տարածքներ:

Անկախ

Գազի հանձնաժողովը կստեղծվի. խորհրդարանը հաստատեց նախագիծը

B7F221A8-A989-47EB-BBD3-9768AFDDACA0_mw1024_n_sԱԺ մեծամասնության նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծն ընդունվեց 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, քանի որ կարծում են, որ հանձնաժողովը լուրջ գործիք կարող է լինել բացահայտելու մութ կետերը:

Նախագծին դեմ քվեարկած պատգամավորները “Ժառանգության” ներկայացուցիչներն են, քանի որ երեկ նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթների ժամանակ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու, իսկ հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու հարցը դեռ պետք է կքննարկեն խմբակցությունում:

Ձեռնպահ քվեարկածները ՀՅԴ և ԲՀԿ խմբակցության անդամներն են:

Գազի հարցից հետո քվեարկության դրվեց ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը: Սակայն ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քվեարկությունից առաջ քսան րոպե ընդմիջում խնդրեց:

 

Անկախ

 

Վրաստանի նախագահը վաղը կայցելի Հայաստան

Գեորգի ՄարգվելաշվիլիՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակներում նա կհանդիպի երկրի ղեկավարության, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոն Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին 2-րդի հետ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին երկկողմ հանդիպումից հետո լրագրողների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Անկախ

Սենյակի լուսավորվածությունն ազդում է որոշումների կայացման ընթացքի վրա

21173909.384792.6020Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սենյակի լուսավորվածությունն ազդում է որոշումների կայացման ընթացքի վրա: Համապատասխան հոդված է տպագրվել Journal of Consumer Psychology ամսագրում:

Նրանց հաջողվել է պարզել, որ արհեստական վառ լուսավորությունը կամ արևի լույսը նպաստում է  հանպատրաստից, ինքնաբուխ, զգացմունքների վրա հիմնված  որոշումներ կայացնելուն: Ավելին, նման լուսավորությունը հաճախ ուժգնացնում է սթրեսն ու դեպրեսիան:

Դրա համար մասնագետներն առաջարկում են` կարևորագույն որոշումներ ընդունելուց առաջ  նվազեցնել լույսի պայծառությունը կամ էլ  լուսամուտները վարագուրել, գրում է gazeta.ru-ն;

 Անկախ

Գյումրին ու Շիրակի մարզը՝ գարնանային հեղեղումների վտանգի տակ

գյումրի, հեղեղումներ

Գարունն արդեն շատ մոտ է ու օդի ջերմաստիճանն էլ բարձր է, ուստի և ձնհալը, և սպասվող անձրևային տեղումները հեղեղումների առիթ կդառնան շատ համայնքների համար: Շիրակի մարզին բնորոշ տարերային բնույթի վտանգավոր երույթներից են գարնանային վարարումները և սելավները, որոնք կարող են առաջացնել արտակարգ վիճակներ՝ պատճառելով խոշոր նյութական վնասներ: Մարզի առավել հեղեղավտանգ տարածքներն են Ախուրյան, Աշոցք, Ձորագետ գետերի, Ղորղոփա, Գյումրիչայ, Թորոսչայ և Ջաջուռ գետակների ավազանների հողատարածքներն ու բնակավայրերը: Առավել սելավատար տարածքներ են Ողջիի, Մարալիկի, Արթիկի, Մարմաշենի և Հովունիի սելավատարների ընդգրկած տարածքները:

– Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների անհետևողական աշխատանքի հետևանքով համայնքներում շատ հաճախ հեղեղումների պատճառ է հանդիսանում նաև կենցաղային աղբը, որը բնակիչների կողմից լցվում է սելավատարները: Բնակչության կողմից, համայնքի տարածքով անցնող գրեթե բոլոր գետերի հուներն ու սելավատարները լցվում են կենցաղային աղբով: Խիստ մտահոգիչ են Գյումրի քաղաքում Ղորղոբա և Գյումրի գետակների, Ախուրյան, Ազատան համայնքներում Ջաջուռ գետակի, Աշոցք համայնքում՝ Աշոցք գետակի, ինչպես նաև Արթիկ, Մարալիկ, Մարմաշեն, Հովունի և Ողջի համայնքներով անցնող սելավատարների վիճակը, – ասում է մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Կառլեն Աբրահամյանը: Հեղեղավտանգ ժամանակահատվածում կանխարգելիչ միջոցառումների կանոնակարգված կազմակերպման նպատակով յուրաքանչյուր տարի Շիրակի մարզպետի կողմից ընդունվում է մարզում գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների մասին որոշումը, որով հատուկ հանձնարարականեր են տրվում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, արվում են առաջարկություններ շահագրգիռ կազմակերպություններին և համայնքների ղեկավարներին՝ իրականացնել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:
Վարչության պետն ասում է, որ 2013-ին այս ուղղությամբ բավական աշխատանք տարվել է.
– Մարզում իրականացվել է շուրջ 7300մ երկարությամբ գետերի հուների, ջրանցքների, հեղեղատարների մաքրման, ափերի ամրացման աշխատանքներ: Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքային, ինչպես նաև մարզի թվով 10 գյուղական համայնքներում անցկացվել են բնակչության պաշտպանության միջոցառումների սելավների սպառնալիքների դեպքում սեմինարներ:
Նա համայնքների ղեկավարներին նախազգուշացնում է, որ եղանակային տաքացման հետևանքով համայնքներում կարող են տեղի ունենալ ջրերի բարձրացումներ, հեղեղումներ և այլն, որպեսզի պատրաստի վիճակում պահեն արագ արձագանքման փրկարարական խմբերը, աշխատեն ԱԻ փրկարարների հետ, կազմեն համապատասխան պլան, միջոցառումները կատարեն ճիշտ ժամանակին:
Վարչության պետն այստեղ նաև կարևորում է բնակիչների դերը, քանի որ միայն հիշյալ տարածքների մաքրելը չէ, պետք է նաև մարդիկ հետ սովորեն գետակներում ու ջրանցքներում աղբ թափելուց:
Հավելենք, որ նախորդ տարի Գյումրի և Ղորղոբա գետակների հուների մաքրման աշխատանքներ կատարվեցին, նույնիսկ տարածքներում նախատեսվածից շատ աղբամաններ դրվեցին, սակայն, բնակիչները շարունակում են աղբը թափել գետակի մեջ:

Անկախ

Երևանում երթևեկության կանոնակարգումով հեծանվուղի կգործի

քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հերթական քննարկումն է հրավիրվել՝ երթևեկելի գոտում ամենաաջակողմյան հատվածը համատեղությամբ հեծանվուղու տրամադրելու թեմայով։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, Երևանի քաղաքապետի օգնական, երիտասարդական խորհրդի նախագահ Սամվել Մերթարջյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության, ինչպես նաև Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիաների նախագահները, սիրողական կարգի հեծանվորդներ։

Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի խոսքով շատ երևանցիների համար հեծանիվը աստիճանաբար մշտական փոխադրամիջոց է դառնում, հետևաբար առաջացել է հեծանվային երթևեկությունը ևս կանոնակարգելու կարիք։
Սամվել Մերթարջյանը ներկայացրել է, որ աշխատանքային խումբը նախապես մշակել և առաջարկում է Մատենադարանից Էրեբունի թանգարան հեծանվային երթուղին, որը պետք է համապատասխանաբար գծանշվի ու կահավորվի։
«Ընտրվելով Մատենադարանից Էրեբունի թանգարան երթուղին, Հայաստանի և Երևանի համար կարևորագույն այս երկու կառույցները ներառելով, հեծանվային երթուղին նաև զբոսաշրջությանը սպասարկող բաղադրիչ կդառնա։ Առաջարկվող երթուղին առաջինն է. հաջողության պարագայում, եթե պահանջարկը լինի, կարծում եմ, նոր քննարկումների արդյունքում կարող ենք ընդլայնել երթուղին։ Մենք ուսումնասիրել ենք նաև եվրոպական հատկապես այն քաղաքների փորձը, որտեղ հեծանվուղիները ներդրվել են դրանց համար ոչ հատուկ նախատեսված փողոցներում»- նշել է Սամվել Մերթարջյանը։
Երթուղու քարտեզագրման քննարկվող տարբերակները հաշվի առնելով շտկումներ կատարելուց հետո Երևանի ՃՈ պետի առաջարկությամբ նշված երթուղին փորձարկվելու է՝ քննարկումներին մասնակից Սիրողական հեծանվային սպորտի և Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիաների անդամների աջակցությամբ։ Փորձարկումները մեկնարկելու են մարտին։
Ի դեպ, ապրիլին Երևանում նոր տիպի հեծանվային կանգառներ են բացվելու։

Անկախ

 

Արարատի գագաթին

արարատ (2)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

արարատ (1)Հայերիս համար ամենասուրբ, ամենագեղեցիկ, ամենասիրելի ու վեհաշուք լեռն Արարատն է: Անբացատրելի ուժ ու սրբություն կա մեր լեռան մեջ: Եվ շատերի նվիրական ցանկությունն Արարատի գագաթին հայտնվելն է:
Հայաստանի և սփյուռքի հայերի խմբի հետ անցյալ ամառ սկսեցինք մեր ճանապարհորդությունը դեպի կորուսյալ հայրենիք: Երեկոյան հասանք Բայազետ: Վաղ առավոտյան մի աննկարագրելի արևածագ էր: Արևն իր առաջին շողերն արձակեց Սիսի ետևից, և երևաց Մասիսն իր ողջ վեհությամբ: Այդպիսի գեղեցկություն երբևիցե չէի տեսել:
Նախաճաշից հետո հաջողություններ մաղթեցինք Արարատ բարձրացողներին` ակնկալիքով, որ երեք օր հետո ընդունելու ենք նրանց հաղթական վերադարձը:
Մինչ նրանք կվերադառնային` շարունակեցինք ճանապարհը Արևմտյան Հայաստանի քաղաքներով և գյուղերով: Եղանք Մուշում, Էրզրումում, Բիթլիսում, Վանում, որտեղ էլ դիմավորեցինք լեռնագնացներին: Այնուհետև միասին շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Իգդիր, Արդահան, Սարիղամիշ, Կարս, Անի: Տասը հոգուց Արարատի գագաթն էին բարձրացել իննը: Հետաքրքրականն այն էր, որ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից եկած 65-ամյա Վաչե Վարժապետյանը` երկրորդ անգամ էր փորձում հաղթահարել 5165 մ բարձրությունը: Ցավոք 4300 մ-ի վրա այնպիսի ծանր պայմաններ են եղել` թթվածնի պակաս, մթնոլորտային ճնշման մեծ տարբերություն, որ չդիմանալով ստիպված է եղել վերադառնալ: Վաչեն ամենատարեցն էր խմբում և ինքն իրեն գերազանցել էր ևս մի քանի տասնյակ մետրով:
Խմբում ամենաերիտասարդը 26-ամյա Հայկուշ Հակոբյանն էր Հոլանդիայից: Նա սովորում է Տիլբուրգի համալսարանում, նաև աշխատում է ապահովագրական ընկերությունում: Ընտանիքը Հայաստանից Հոլանդիա է տեղափոխվել 2000-ին: Նուրբ, հաճելի արտաքինով մի աղջիկ, և մտածել անգամ չէր կարող, որ կհասնի գագաթին: Իսկ նա չորրորդն էր բարձրացել: Ես արդեն Երևանում հարցերս ուղղեցի Հայկուշին:
– Սիրելի Հայկուշ, դուք այդքան նուրբ կառուցվածքի տեր աղջիկ, ինչպե՞ս որոշեցիք, որ պիտի իրականացնեք այդպիսի դժվարին վերելք:
– Չորս տարի առաջ կարդացի մի գիրք, որ կոչվում էր «Արարատ», դա մի հոլանդացի էր գրել և պատմում էր, թե ինչպես է ինքը բարձրացել Արարատ լեռը: Մտածեցի` ինչպես է, որ այս հոլանդացին կարողացել է բարձրանալ մեր նվիրական սարը, իսկ ես, ինչ է չե՞մ կարող: Այդ ժամանակ մասնակցեցի ուխտագնացությանը դեպի Արևմտյան Հայաստան, և մենք էլ, ինչպես դուք այս անգամ, ճանապարհեցինք և ընդունեցինք Արարատ բարձրացողներին: Զրուցեցինք, ոգևորվեցինք, և ես որոշեցի լրջորեն պատրաստվել: Ամենակարևորը ֆիզիկական պատրաստվածությունից առաջ հոգեպես պատրաստվելն էր: Հետո սկսեցի շաբաթը 2-3 անգամ վազել 5-10 կմ: Աստիճաններ էի բարձրանում, սովորեցի ճիշտ շնչել, դա ինձ շատ օգնեց: Արտաշատում մորաքրոջս տանն էի մնում և մարզվում: Երբեմն, երբ շատ էի հոգնում` նայում էի վեհաշուք Մասիսին և ինքս ինձ ասում. «Հայկո՛ւշ, դու այս ամենն անում ես այս գեղեցկուհու համար»:

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

– Իսկ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինելուց հետո վախ չկա՞ր, հանկարծ չկարողանաք:
– Դժվարությունը զգացի առավոտյան, երբ Բայազետում հյուրանոցի պատշգամբից տեսա Արարատը` իր ողջ շուքով: Այդ ժամանակ մտածեցի. «Ի՜նչ բարձր է, իսկ եթե չկարողանա՞մ բարձրանալ:
Սկսեցինք վերելքը: Առաջին ճամբար` 3200 մ հասնելիս խոշոր քարեր էին, հետո երկրորդ ճամբար` 4200 մ, ավելի խոշոր քարեր էին և մի զուլալ գետակ էր հոսում: Ճանապարհը գնալով բարդանում էր, դժվարանում էր բարձրանալը: Սփոփանքը շնչառությունդ պահող գեղեցկությունն էր, երբ ամպերն արագ անցնում էին մեր վրայով: Այնուհետև, երբ պիտի բարձրանայինք, ջերմություն ունեցա, ինքս էլ չհասկացա` ինչու: Գիշերը ժամը 2-30-ին սկսեցինք բարձրանալ: Ցուրտ էր, երբ մի փոքր կանգ էինք առնում, սառչում էինք, թթվածնի պակասությունն էլ զգալի էր, կարծես գլուխդ սեղմվում էր, ցավում: 4500 մ-ի վրա արդեն սրտխառնոց սկսվեց բոլորիս մոտ: Վատ էի զգում, և պահ եղավ, որ մտածեցի հետ դառնալու մասին: Բայց նորից, ինքս ինձ ներշնչելով, որոշեցի, որ ո՛չ, ես պիտի հասնեմ նվիրական գագաթին: Շարունակեցի առաջ շարժվել և ձյան շերտին առաջիններից մեկն էի, որ հասա: Այդտեղ օդը կարծես թեթևացավ, սկսեցի լավ զգալ, դա 4800 մ-ի վրա էր: Տեսարանը հիասքանչ էր: Չնայած գիշեր էր, ներքևում Բայազետն էր երևում, Պարսկաստանի սահմանամերձ մասը, իսկ երկինքն աստղաշատ էր, այդպիսի գեղեցկություն ես երբեք չէի տեսել: Երևում էր Սիսը մթության մեջ: Իսկ Մասիսի վրա լույսերով բարձրացող արշավախումբն էր: Այդպես բարձրանում էինք, 5 մետր բարձրություն էր մնում, ես սայթաքեցի և մի 10 մետր իջա ցած, ոչ մի ցավ չունեցա, բայց սկսեցի լաց լինել: Այդպես նորից բարձրացա և հասա գագաթին: Առաջինը Բագրատն էր, հետո Լևոնը, Զարեն և ես: Երբ հասանք գագաթին, քամին միանգամից կտրվեց: Ես նստեցի և չէի կարողանում հավատալ, որ հասել եմ գագաթին: Խառնվել էին իրականն ու անիրականը: Դա նաև թթվածնի պակասության հետևանքով էր մարդկային բանականության վրա: Երևանը չէր երևում, լեռան ներքևի մասը մշուշի մեջ էր: Հետո փոթորիկ էր սկսվելու և մենք պիտի իջնեինք: Դա արդեն երկար մի ճանապարհ էր, անդադար քայլել էր պետք: 20 ժամ քայլել ենք դեպի ներքև, որից միայն 2 ժամը` փոքր դադարներ: Իջնելիս ապշում էի, թե ինչպես ենք գիշերով բարձրացել, վտանգն ամեն քայլափոխի էր, կարող էիր սայթաքել և վնասվել: Իջնելն ավելի դժվար էր, բարձրանալիս գոնե տեսնում ես` որտեղ ես ոտքդ դնում:
– Իսկ ինչպիսի՞ն են զգացմունքներդ հիմա, երբ հաղթահարել ես դժվարությունները, և Արարատի գագաթը նվաճված է:
– Իջնելուց հետո մի շաբաթ կարծես օդում լինեի, նայում էի Արարատին և մտածում, մի՞թե հասել եմ, եղել եմ գագաթին: Ինձ թվում է, թե դա երազ էր, մի անուշ երազ: Հիմա արդեն կարոտում եմ այդ ամենը և ամեն ինչ կանեի, որ նորից անցնեի այդ դժվարություններով և հասնեի գագաթին:
Վաչեն, Հայկը և ես որոշել ենք հաջորդ տարի Ահորա գյուղը գնալ, դա Մասիսի վրա է, Հայաստանի կողմից, այդտեղ կիրճ կա, որտեղ հարթավայր է և պահպանված է գեղեցիկ վայրի բնությունը: Գուցե Սիսը բարձրանանք. գիտեմ, դա շատ ավելի դժվար է:Բայց եթե կա սեր և ձգտում, ամեն բարձունք էլ կարելի է հաղթահարել:

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Անկախ

23 անձից բաղկացած անօթևան ընտանիքը հրաժարվում է իրեն տրամադրվող երկսենյականոց բնակարանից

Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային հերթացուցակներում հաշվառված տասնյակ ընտանիքներ այդպես էլ պահանջվող փաստաթղթերը չհանձնեցին ՀՀ քաղշիննախարարության բնակբաշխման հանձնաժողովին և փաստացի զրկվեցին բնակարան ստանալու իրենց իրավունքից:

Նրանց թվում գերակշիռ մաս են կազմում բազմանդամ ընտանիքները: Խնդիրն այն է, որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշման համաձայն ընտանիքնին տրամադրվում է ճիշտ այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժի հետևանքով: Իհարկե՝ եթե ընտանիքի կազմը չի պակասել:

Եթե պակասել է, այդ դեպքում պակասեցվում է նաև հատկացվող սենյակների թիվը: Իսկ բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են կարճ ժամկետում քանդել ժամանակավոր կացարանները և ազատել տարածքները, որից հետո միայն իրավունք կունենան սեփականաշնորհել նոր ստացած բնակարանները: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները պարբերաբար հանդիպում են բնակարան ստանալու իրավունքից հրաժարված բազմանդամ ընտանիքների: Ներկայացվող տեսանյութը 23 անձից բաղկացած ընտանիքի մասին է, որը ներառում է այսքան տարիների ընթացքում առաջացած 5 ինքնուրույն ընտանիքներ: Նրանք գերադասում են մնալ վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում, քան թե այդքան մարդով ստանալ մեկ երկսենյականոց բնակարանը:

Անկախ

ՙՍումգայիթը շարունակվում է մինչ օրս՚. Լարիսա Ալավերդյան

Լարիսա Ալավերդյան1988 թվականին Խորհրդային միության կայուն ժամանակաշրջանում տեղի է ունեցավ մի ողբերգություն, որը մինչ օրս իրավական գնահատական չի ստացել:

ՙԸնդդեմ իրավական կամայականությունների՚ ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցավով նկատեց, որ Սումգայիթի ցեղասպանական ակտի և գործողությունների, զոհերի մասին հիշվում է միայն համապատասխան օրերին:

ՙԱյն կատաղի եղեռնը, որն սկսվել է Սումգայիթում փետրվարի 25-29-ը, տեղի է ունեցել խորհրդային բանակի զինվորների, ոստիկանների, տեղական ինքնակառավարման մարմինների աչքի առաջ և ոչ ոք չի կանգնեցրել այդ ջարդը: Մենք կատարվածը բնութագրում ենք որպես ՙսովորական ցեղասպանություն՚: Դատական գործընթացների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր հատկանիշներով Սումգայիթում եղել է կազմակերպված ցեղասպանություն՝ ուղղված հենց ազգությամբ հայերի դեմ: Իսկ ջարդերից ու կոտորածներից հետո բռնի կերպով տեղահանվել են 18 հազար հայեր՚,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ Բաքվի ջարդերն անելիս՝ կատարողները վստահ են եղել, որ չեն պատժվի: Այսօր այլևս կասկած չկա, որ այն հնարածին թիվը, թե իբր 21-ից 26 զոհ է եղել, չի համապատասխանում ցեղասպանական ակտի ադյունքներին:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ Սումգայիթը շարունակվում է մինչ օրս: Դրա վառ ապացույցն է Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը և այլն:

ՙԱյս ամենը մի անուն ունի՝ մարդատյաց, հայատյաց քաղաքականություն: Սումգայիթի ջարդերի կատարողները պետք է պատժվեն իրավունքի և օրենքի ամբողջ ուժով՚,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

 

 Անկախ

 

Ադրբեջանում ավտովթարի հետևանքով զինծառայողներ են այրվել

այրվող ավտոմեքենաՓետրվարի 25-ին Ադրբեջանի Թովուզի շրջանում “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան բախվել է “Ֆորդ” մակնիշի բեռնատարին: Դրա արդյունքում ավտոմեքենաներ այրվել են։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

 

Ադրբեջանի ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում եղել են մեկ ուղևոր և վարորդը։ Նրանք զինծառայողներ են եղել: Վարորդը՝ Իսմայիլլի շրջանի բնակիչ, N զորամասի սպա Նազարով Էլչին Թագի օղլուն, և այդ նույն մեքենայի ուղևոր Թովուզի շրջանի բնակիչ, այդ նույն զորամասի պայմանագրային զինծառայող Զեյնալով Էլչին Զաքիր օղլուն մահացել են:

 

Հրշեջներին հաջողվել է մարել այրվող “Ֆորդի” հրդեհը, բեռնատարի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից։ Գյանջա քաղաքի բնակիչ Մամեդով Սալեհ Ազիզ օղլուն ծանր վիճակում հոսպիտալացվել են:

 

Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

 Անկախ

Թուրքիայում բողոքի ցույցերի նոր ալիք է բարձրանում

ստամբուլԹուրքիայում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Ինչպես «Անկախ»-ը արդեն հաղորդել է, երեկ ողջ երկիրը ցնցվեց վարչապետ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններից, որտեղ Էրդողանը որդուն կոչ էր անում տնից հանել միլիարդների հասնող գումարներ և «մաքրել հետքերը»: Չնայած վարչապետական գրասենյակը հայտարարեց, որ այդ ձայնագրությունները կեղծ են, ստոր մոնտաժի արդյունք են, պատասխանատուները կպատժվեն և այլ, այնուհանդերձ երկրի բնակչությանը դա չհամոզեց:

Թուրքական «Ռադիկալը» հաղորդում է, որ երեկ Թուրքիայի մի շարք քաղաքներում՝ Իզմիրում, Էսքիշեհիրում, Մուղլայում, Ստամբուլում և ևս 10 շրջաններում բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Որոշ քաղաքներում ցույցերը սահմանափակվել են քայլերթերով, իսկ մի քանի տեղերում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, արցունքաբեր գազ է կիրառվել: Մասնավորապես Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում մոտ 500 հոգի է հավաքվել: Ցուցարարները երթի ժամանակ բացականչել են «Ամենուր կաշառք, ամենուր անօրինականություն» արտահայտությունը:

 Անկախ
 

Թուրքական խորհրդարանին կոչ է արվել Խոջալուի դեպքերը ճանաչել որպես «ցեղասպանություն»

destici Թուրքիայի ընդդիմադիր Մեծ միասնություն կուսակցության ներկայացուցիչ Մուստաֆա Դեսթիջին դիմել է թուրքական խորհրդարանին՝ կոչ անելով Խոջալուի դեպքերը ճանաչել իբրև «ցեղասպանություն»: Այս մասին է գրում «Բուգյուն» թերթը:        Դեսթեջին նշել է, որ «հնարավոր չէ մոռանալ ադրբեջանցիների նկատմամբ իրականացված գազանությունը»:

Անկախ

Նոր նախարարներին կներկայացնեն Մայդանում

o_902610Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայում ընդմիջում է: Նոր նախարարների ազգանունները հայտնի կդառնան հինգշաբթի, փետրվարի 27-ին: Սակայն նրանց կներկայացնեն  Մայդանում, երեկոյան: Համենայն դեպս, այդպես է հայտարարել “Բատկովշչինա “ ֆրակցիայի առաջնորդ Յացենյուկը:

Ավելի վաղ ՆԳ նախարարի պարտականությունները կատարող  Արսեն Ավակովը  կազմացրել է “Բերկուտի” ստորաբաժանումները: Դրա մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում: Ով պետք է կատարի հատուկ նշանակության  ջոկատի ֆունկցիաները` դեռևս պարզ չէ: Ավակովը խոստացել է դրա մասին պատմել հատուկ բրիֆինգում:

Իսկ Ուկրաինայի բազմաթիվ մարզերում , ըստ էության, ուժային հեղաշրջում է կատարվում: Նոր իշխանությունների հետ անհաշտներին վախեցնում են, սպառնում հաշվեհարդար տեսնել հարազատների ու մտերիմների հետ: Ամենալուրջ սպառնալիքները միլիցիայի հասցեին են հնչում, հայտնում է vesti.ru-ն:

Անկախ

Սենատոր Մակքեյնը վիրավորում է ԱՄՆ այցելած Սիրիայի եկեղեցական առաջնորդներին

Հարութ ՍասունյանՍենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:

Արիզոնայի նահանգի սենատորը խստորեն քննադատում է նախագահ Օբամայի` «ապստամբներին զինելու ռազմավարությանը»՝ կոչ անելով ավելի անմիջական ամերիկյան ռազմական միջամտության Սիրիայում: Թվում է, թե Սենատոր Մակքեյնը չի հասկանում, որ նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը կհանգեցնի ավելի մեծ մարդկային կորուստների ու ավերածությունների` Սիրիան վերածելով միջազգային ահաբեկչության գլխավոր կենտրոնի: Ավելի քան 30 հազար իսլամական ջիհադիստներ տասնյակ երկրներից կռվում են Սիրիայի կառավարության և միմյանց դեմ, ոչ իհարկե, Սիրիայում ժողովրդավարություն հաստատելու համար:

Ըստ էության, ԱՄՆ նախագահի նախկին հանրապետական թեկնածուն այնքան է տարվել պատերազմի շեփոր հնչեցնելով, որ ինչպես հաղորդվում է, շատ անպարկեշտ և անհարգալից պահվածք է դրսևորել Սիրիայի քրիստոնյա բարձրաստիճան առաջնորդների խմբի հետ հանդիպման ժամանակ, զուտ այն պատճառով, որ նրանք կողմնակից չեն բռնի իշխանափոխությանը: Եկեղեցական պատվիրակությունն անցյալ ամիս ժամանել էր Վաշինգտոն, ձգտելով սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման և մոտ երկու միլիոն քրիստոնյաների պաշտպանության, որոնք կազմում են երկրի բնակչության տասը տոկոսը:

Միացյալ Նահանգներ ժամանած եկեղեցական առաջնորդների թվում էին Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Սիրիայի պրեսբիտերական, ավետարանական, սիրիական ուղղափառ և հունական ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների, պետդեպարտամենտի պաշտոնատարների, ամերիկյան հասարակական կազմակերպությունների, դասախոսների, կրոնական առաջնորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ըստ Judicial Watch կազմակերպության ներկայացման՝ Սիրիայի հոգևորականները գոհ էին Վաշինգտոն կատարած իրենց այցից, բացառությամբ Մակքեյնի հետ ունեցած տհաճ հանդիպումից.

«Ամեն գնով ձգտելով զինել Սիրիայի ընդդիմադիր ուժերին, չնայած լուրջ ապացույցներին, որ նրանց ղեկավարում են իսլամական ահաբեկիչները, Ջոն Մակքեյնը դրսևորեց Միացյալ Նահանգների սենատորին անվայել պահվածք` վերջերս Կոնգրես  այցելած Սիրիայի քրիստոնյա առաջնորդների հետ հանդիպման ժամանակ…. Արիզոնայի նահանգի հանրապետական սենատոր Մակքեյնն ակնհայտորորեն չի ուզում լսել բացասական պատմություններ ապստամբների մասին, որոնց նա աշխատում է զինել: Այսպես, նա թափով դուրս եկավ Սիրիայի հոգևորականների առաջնորդների հետ անցյալ շաբաթ կայացած դռնփակ հանդիպումից…. Ըստ հանդիպմանը ներկա բարձրաստիճան աղբյուրի հաղորդման` Մակքեյնը գոռալով ներխուժեց հանձնաժողովի սենյակ և արագորեն դուրս եկավ: «Նա չափազանց կոպիտ էր», հայտնեց աղբյուրը Judicial Watch-ին…. Ամոթալի պոռթկումից հետո, Մակքեյնը վերադարձավ սենյակ և կարճ ժամանակով նստեց, սակայն խուսափեց մասնակիցների հայացքներին հանդիպելուց, դրա փոխարեն, անտեսելով նրանց` նայում էր ներքևում դրված, կարծես թե, պատահականորեն հայտնված փաստաթղթերին»:

Վաշինգտոնում կայացած հանդիպումների ընթացքում Սիրիայի քրիստոնյա առաջնորդները Միացյալ Նահանգների պաշտոնյաներին հայտնել են իրենց երկրում  ծավալված զանգվածային մարդկային ողբերգության և քրիստոնեական  համայնքների անհուսալի վիճակի մասին. քրիստոնյա եպիսկոպոսների, քահանաների, մայրապետների և անհատ հավատացյալների առևանգումներ, քրիստոնեական գյուղերի վրա հարձակումներ, եկեղեցիների և սրբավայրերի սրբապղծում և ծայրահեղական զինված իսլամիստների կողմից կրոնական ազատության ոտնահարումներ:

Հաշվի առնելով արյունահեղության հրահրումը Սիրիայում, եկեղեցական առաջնորդները խնդրել են Միացյալ Նահանգներից.

–        Դադարեցնել բոլոր տեսակի ռազմական և ֆինանսական օժանդակություն զինված իսլամիստներին.

–         Պահանջել ԱՄՆ դաշնակիցներից` Սաուդյան Արաբիայից, Քաթարից և Թուրքիայից, չաջակցել ահաբեկիչներին.

–         Խնդրել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները, այդ թվում` ռմբակոծումները և ահաբեկչությունը.

–         Հակամարտությունը լուծել երկխոսության միջոցով, այլ ոչ թե ռազմական ճանապարհով.

–         Ապահովել Սիրիայի ժողովրդի անվտանգությունը.

–         Պաշտպանել քրիստոնյա փոքրամասնություններին.

–         Պահպանել եկեղեցիները և մզկիթները.

–         Պահպանել կրոնական, պատմական և մշակութային հուշարձանները.

–         Աջակցել մարդասիրական օգնության բաշխմանը Սիրիայում:

Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման մարմնի  (ՍՇՕՎՄ) կայքը` www.syriashdab.com, տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, պատերազմը լուրջ վնաս է հասցրել հայկական համայնքին. գործողությունների ընթացքում սպանվել է 64 և վիրավորվել 172 խաղաղ բնակիչ, առևանգվել է 110 մարդ և զոհվել 15 զինծառայող: Բացի այդ, վնասվել են հայկական տարբեր կառույցներ. յոթ առաքելական և երեք կաթոլիկ եկեղեցի, տասներեք դպրոց և տասը համայնքային կենտրոն: Սիրիահայերի 65 հազարանոց համայնքի գրեթե կեսը փախել է Հայաստան, Լիբանան և այլուր:

Սիրիայի ինը գլխավոր հայկական սոցիալական, կրոնական և քաղաքական կազմակերպություններից կազմված ՍՇՕՎՄ-ը հաղորդում է, որ մինչև նախորդ տարվա սեպտեմբերի վերջը ստացել է 1.7 միլիոն դոլար արտասահմանյան հայկական կառույցներից: Թեև սա մի փոքր մասն է անհրաժեշտ գումարի, սակայն ՍՇՕՎՄ-ը կարողացել է դրանով սնունդ, ապաստան, անվտանգություն, բժշկական և կրթական աջակցություն ապահովել սիրիահայերին, ներառյալ` 500 հազար դոլար ուսման վարձ` 38 դպրոցներում սովորող 6436 աշակերտների համար:

Լավ կլինի, որ սենատոր Մակքեյնը և Միացյալ Նահանգների այլ արկածախնդիր պաշտոնյաներն անսան ԱՄՆ ժամանած Սիրիայի քրիստոնյա առաջնորդների իմաստուն խորհրդին: Ավելի մեծ քանակությամբ զենքի առաքումը Սիրիա միայն կսրի պայքարը` հանգեցնելով անվերջ արյունահեղության:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Անկախ

Բռնել են դեռատի հանգուցյալի հետ` դագաղի մեջ քնած

o_902538Ոստիկանությունը բռնել է նեկրոֆիլի, որը քնել էր գերեզմանում` դեռատի հանգուցյալին գրկած:

Կամբոջայում 47-ամյա նեկրոֆիլը բացել էր նախօրեին թաղված աղջկա գերեզմանը` փորձելով նրա հետ ինտիմ հարաբերություն ունենալ ու, քնել էր դագաղի մեջ:

Կասկածյալը խոստովանել էր, որ գերեզման էր գնացել փետրվարի 23-ին, գիշերը ժամը 22-ի մոտ ու սկսել էր քանդել 17-ամյա աղջկա գերեզմանը, որի թաղմանը ներկա էր եղել: Նա պատմել է, որ դիակը սկսել է շոշափել, սակայն մտադրությունն իրականացնել այդպես էլ չի հաջողվել, քանի որ դագաղը չափազանց նեղ է եղել:

Ըստ երևույթին, “պեղումներն”այնքան են հոգնեցրել տղամարդուն, որ նա քնել է  դիակի կողքին` դագաղի մեջ: Առավոտյան, գերեզմանից դուրս ցցված նրա ոտքերը նկատել են տեղաբնակներն ու  դրա մասին պատմել հանգուցյալի հարազատներին: Նրանք էլ դիմել են ոստիկանություն:

Հարցաքննության ժամանակ կամբոջացին չի պարզաբանել, թե ինչու է որոշել ինտիմ հարաբերություն ունենալ հանգուցյալի հետ: Ոստիկանները նույնպես վստահ չեն, թե արդյոք նա ծանոթ է եղել աղջկա հետ կենդանության օրոք: Նրա մասին հայտնի է միայն, որ թմրամոլ է ու քանիցս տարօրինակ արարքներ է թույլ տվել, օրինակ` մերկ վազել է տեղի տաճարի շուրջ:

Տեղի ոստիկանությունում հայտնել են, որ սկզբում տղամարդուն կուղարկեն հարցաքննության մարզային ոստիկանություն, իսկ հետո նա դատարանի առջև կկանգնի: vesti.ru

Անկախ

ԱՄՆ-ում ամուսնական զույգը 10 մլն դոլար արժողությամբ գանձ է գտել

b_651009ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հայտնաբերվել է 10 մլն արժողությամբ գանձ: Ամուսնական զույգը շանը դուրս էր բերել զբոսանքի ու իրենց տնից ոչ հեռու,ծեր, լայնասաղարթ ծառի ստվերում գտել է ոսկեդրամներով լցված փոքրիկ դույլ, գրում է vesti.ru-ն:

Գաղտնարանում ավելի քան 1,4 հազար դրամ կար` թվագրված 1847-1894 թթ: Դա պաշտոնապես հաստատել է  պրոֆեսիոնալ դրամագետը: Նրա խոսքով, դրանցից մի քանիսը նույնիսկ 27 հազար դոլար են գնահատվում, իսկ կան նաև այնպիսիները, որոնք միլիոն դոլարից ավելի արժեն:

Երջանիկ զույգը խնդրել է լրագրողներին իրենց անունները չհրապարակել ու չպատմել, թե հատկապես որտեղ են գտել գանձը` “ոսկու տենդ” չհրահրելու ու այդ տեղում մետաղ որոնողների բանակի գրոհից խուսափելու նպատակով: Միակ ճշգրիտ տվյալն այն է, որ գանձը գտնվել է նահանգի հյուսիսում, հին  վարելահողում:

Անկախ

Ամերիկյան բանկերին Յանուկովիչի փողերին հետևելու առաջադրանք է տրվել

pic_e0e1e41697c3a6733142d148b8ddff74Ամերիկյան բանկերը պետք է հետևեն Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի ու նրա մերձավորների հետ կապված հաշիվներում կատարվող տեղաշարժին, ասվում է FinCEN նյութերում, որը ԱՄՆ ֆինանսների նախարարության ստորաբաժանումն է ու զբաղվում է  փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարով, գրում է lenta.ru-ն:

Ֆինանսական կազմակերպությունները պետք է հետևեն այն օպերացիաներին, որոնք կապված են Ուկրաինայից դուրս բերված ու անօրինական յուրացված պետակտիվներին, կաշառքի ու կոռուպցիոն գործունեության հետ:

Անկախ

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29Շատերը նրան հիշում են որպես նվիրյալ ու ազնիվ հայորդու, ոմանք` ստալինյան ռեժիմի քսու կամակատարի: Ո՞վ էր իրականում Գրիգոր Հարությունյանը…

1937 թ. սեպտեմբերի 26-ին Գրիգոր Հարությունյանի թիֆլիսյան բնակարանի դուռը թակեցին ՆԳԺԿ-ի աշխատակիցները: Այն թվականներին նման անսպասելի այցն անգամ Թբիլիսիի քաղխորհրդի գործկոմի քարտուղարի համար էր սարսափազդու: ՆԳԺԿ աշխատակիցները հայտնեցին, որ իրենց հրամայված է Հարությունյանին ուղեկցել երկաթուղու կայարան:

Կայարանում` կառավարական վագոնում, նրան էին սպասում Գեորգի Մալենկովն ու Անաստաս Միկոյանը: Վագոնում Անաստաս Միկոյանը հայտնեց Հարությունյանին, որ նշանակվելու է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար:
Մինչ այդ կալանավորվել էր ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Հայկ Ամատունին, և այդ պաշտոնը թափուր էր: Իսկ Հարությունյանի թեկնածությունն առաջ էր քաշել անձամբ Լավրենտի Բերիան:

Չնայած Հարությունյանը ստալինյան ռեժիմի հլու-հնազանդ ծառան էր, նրա և Բերիայի հարաբերությունները լարված էին: Նույնիսկ երբ Բերիայի ջանքերով գործ հարուցվեց Հարությունյանի մտերիմ ընկերոջ` Գևորգովի նկատմամբ և վերջինս ինքնասպան եղավ, Հարությունյանը չվախեցավ որդեգրել Գևորգովի դստերը: Բերիան էլ գնդակահարության դատապարտեց Գր. Հարությունյանի եղբորը` Սերգոյին…
Ուղարկելով Հարությունյանին Երևան` նա ասել է իր նշանավոր խոսքերը. «Թող գնա Երևան. հայերը նրան ողջ-ողջ կուտեն»: Երևի ուզում էր հող նախապատրաստել Հարությունյանի հետ հաշիվները մաքրելու համար:

Բերիան իրավացի էր: 1920-ից մինչև 1936 թ. Հայաստանում 13 ղեկավար էր փոխվել: Նրանցից վեցը գնդակահարվել են:

Եվ ահա ՀԿԿ Կենտկոմի պլենումը, առանց Գրիգոր Հարությունյանի մասնակցության, նրան «ընտրում» է Կենտկոմի առաջին քարտուղար: Գ. Հարությունյանն այդ մասին իմացավ Միկոյանից և Մալենկովից, որոնք հետդարձի ճանապարհին դարձյալ հանդիպեցին նրան Թիֆլիսում և շտապեցրին` ասելով, որ Երևան մեկնող գնացքը կժամանի կես ժամից…

Հարությունյանների ընտանիքը Թելավ քաղաքից էր: Իսկ այնտեղ նրանց նախնիները հաստատվել էին Պարսկահայքից, Հերակլ Երկրորդի ժամանակ:

Գրիգոր Արտեմի Հարությունյանը ծնվել է 1900 թ. նոյեմբերի 7-ին: Դեռ գիմնազիայում ուսանելու տարիներին Գրիգորը տարվել է հեղափոխական շարժումներով: Նրան ձերբակալել է Վրաստանի կառավարությունը: Հարությունյանը փրկվեց, երբ 1921 թ. փետրվարին Վրաստանում խորհրդային իշխանություն հաստատվեց: Ազատվելով բանտից` նա անմիջապես գործի է անցնում և նշանակվում Թելավի շրջկոմի քարտուղար: Աշխատելուն զուգահեռ Հարությունյանը սովորում էր: Նա ավարտեց Մոսկվայի ժողտնտեսության ինստիտուտը: Մի քանի պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց հետո, 1934 թ. ընտրվեց Թիֆլիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
Կարճ ժամանակում նա իր աշխատասիրությամբ աչքի ընկավ, անգամ Ստալինի կողմից պարգևատրվեց Լենինի մեդալով: Գրիգոր Հարությունյանը Թիֆլիսի վերջին հայ քաղաքապետն էր:

Երևանում այդ տարիներին հակակրեմլյան տրամադրություններ էին: Եվ Գրիգոր Հարությունյանին էլ բոլորը որպես Կրեմլի դրածո ընկալեցին ու սվիններով ընդունեցին: Հարությունյանի գործը բարդացնում էր նաև նրա ռուսախոս լինելը, ինչը նույնպես նրա դեմ շատերին տրամադրեց:
Սակայն, զբաղեցնելով առաջին քարտուղարի պաշտոնը` Հարությունյանի առաջին գործը եղավ դիմել լեզվաբանների` հայերենը յուրացնելու նպատակով: Հայտնի լեզվաբան Սիմակը սիրով հանձն առավ դասավանդումը և օրական երեք ժամ պարապում էր երկրի ղեկավարի հետ: Շատ չանցած` Գրիգոր Հարությունյանը բոլորի հետ շփվում էր մաքրամաքուր մայրենիով:

Նրա հաջորդ խնդիրը կադրային քաղաքականությունն էր: Բոլոր հին, փորձառու կադրերը բանտում էին և մեկուսացած: Ստալինյան ռեժիմն իր սև գործն արել էր: Եվ Հարությունյանն իր կադրերն ընտրեց գյուղական երիտասարդության շրջանում` հնարավորություն տալով երիտասարդներին աչքի ընկնելու նոր ասպարեզներում:
Հարությունյանը պաշտոնավարեց երկրի համար ամենածանր շրջանում: Երկրում եռում էր տեռորը: Նա, բնականաբար, չէր կարող Հայաստանում խոչընդոտել ստալինյան ռեպրեսիաները, սակայն փորձեց գոնե մեղմացնել դրանք և փոքր-ինչ կարգ ու կանոն հաստատել: Բանն այն է, որ ԽՍՀՄ ՆԳԺԿ Եժովի կադրերից Հայաստան էր գործուղվել ոմն Խվորոստյան, որ առանց դատ-դատաստանի գնդակահարության էր ուղարկում մարդկանց:
Հարությունյանի և Խվորոստյանի հարաբերություններն ի սկզբանե վատ էին: Եվ Գրիգոր Հարությունյանը կարողացավ ի վերջո այդ ճակատամարտը շահել, Խվորոստյանը հայտնվեց կառափնարանում:
Ամեն դեպքում, այդ ծանր տարիներին Հարությունյանը կարողացավ դատաստանից փրկել Վարդան Աճեմյանին, Ավետիք Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին… Շատ ու շատ այլ մտավորականների: Հարությունյանն արվեստի սիրահար էր և ինքն էլ ստեղծագործում էր. հաճույքով ազատ ժամանակը տրամադրում էր գեղանկարչությանը:

Չնայած այս ամենին` Գրիգոր Հարությունյանը Կրեմլի կամակատարն էր և նրա հրահանգով հազարավոր անմեղներ ձերբակալվեցին ու գնդակահարվեցին: Հատկանշական է Էջմիածնի կաթողիկոսության գործը. Հարությունյանի ձեռքի թեթև շարժումով տասնյակ հոգևորականներ ձերբակալվեցին 1938 թ. գանձերը թաքցնելու մեղադրանքով և շատերը գնդակահարվեցին:

Մեծ էր Հարությունյանի ավանդը Մեծ հայրենականի տարիներին: Անձամբ նրա ղեկավարությամբ սկսվեց սփյուռքահայերի հանգանակությունը «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար, նրա ղեկավարությամբ Հայաստանում ձևավորվեցին և ռազմաճակատ մեկնեցին հայկական ազգային դիվիզիաները:

Պատերազմի ավարտից հետո Հարությունյանը Ստալինին առաջարկեց խորհրդա-թուրքական պատերազմ սկսել և առիթից օգտվելով` Խորհրդային Միությանը կցել Արևմտյան Հայաստանը: Ավաղ, Կրեմլի ծրագրերի մեջ դա չէր մտնում:
Մեծ էր Հարությունյանի ավանդը նաև սփյուռքահայերի հայրենադարձման գործում:
Նա անգամ համարձակվեց Ստալինի առջև բարձրացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցը: Սակայն խնդիրը լուծում չստացավ Ադրբեջանի առաջնորդ Բաղիրովի միջամտության հետևանքով:

Շուտով սև ամպեր կուտակվեցին Հարությունյանի գլխին: Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները Կրեմլի առաջնորդին կարողացան համոզել, որ Հայաստանում ազգայնականության մեծ ալիք է բարձրացել: Հայաստան ժամանեց անձամբ ԽՍՀՄ ՆԳԺԿ Սերգեյ Կրուգլյովը, որ Հարությունյանի հետ համատեղ կազմեց շուրջ 14000 հոգուց բաղկացած հայ «ազգայնականների» ցուցակ` Ալթայի երկրամաս աքսորելու համար: Նրանցից շատերը այլևս չվերադարձան…

Հետպատերազմյան շրջանում բացահայտվեցին Գրիգոր Հարությունյանի իսկական տաղանդները: Նա լավ կազմակերպիչ էր. լավ նախաձեռնող ու ղեկավար: Երկիրը ծաղկում էր, երկրի տնտեսությունը դեպի ինդուստրացում էր գնում, և մեծ ջանքեր էին անհրաժեշտ ամեն ինչ պատշաճ կազմակերպելու համար: Հայաստանի արդյունաբերական շատ հսկաներ կառուցվեցին կամ նախագծվեցին հենց Գրիգոր Հարությունյանի իշխանության տարիներին:

Երևանում մեծ թափ առավ շինարարությունը, որի ջատագովը հենց Հարությունյանն էր: Ավ. Իսահակյանը նրան կնքեց Գրիգոր Շինարար մականվամբ:
Նրա իշխանության տարիներին են նախագծվել և կառուցվել «Սասունցի Դավիթ» կայարանը, կառավարության այսօրվա շենքերից արտգործնախարարության և էներգետիկայի նախարարության մասնաշենքերը, Մատենադարանը, խորհրդարանի շենքը, կոնյակի գործարանը, Հաղթանակի կամուրջը:
Երևանում մեծածավալ շինարարությանն օգնում էր այն, որ Հարությունյանը վայելում էր անձամբ Ստալինի մտերմությունն ու վստահությունը: Հարությունյանին աջակցում էր նաև Անաստաս Միկոյանը, որ, ի դեպ, նրա խնամին էր, քանզի Հարությունյանի որդեգրած դուստրը` Նամին, ամուսնացել էր Միկոյանի որդու` Ալեքսեյի հետ:
Ստալինի մահից հետո Ն. Խրուշչովը, որ անձնական հաշիվներ ուներ Հարությունյանի հետ, հաշվեհարդար տեսավ: 1953 թ. նոյեմբերյան պլենումում ՀԽՍՀ կոմկուսի Կենտկոմի պլենումը ազատեց Գ. Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից: Զավեշտ էր. Հարությունյանը մեղադրվում էր Ղարաբաղի հարցն առանց ՀԿԿ համաձայնության Կրեմլում բարձրացնելու մեջ:

Ամեն դեպքում, Հարությունյանին չձերբակալեցին: Նրան ուղարկեցին նոր աշխատանքի` որպես Էջմիածնի շրջանի Կալինինի անվան խորհտնտեսության տնօրեն: Շուտով, սակայն, Գ.Հարությունյանը տեղափոխվեց Թիֆլիս և հաստատվեց Սոլոլակում: Նրա առողջությունը քայքայված էր: Երկու տարվա մեջ նա չորս անգամ ինֆարկտ տարավ:

1957 թ. նոյեմբերի 9-ին, 57 տարեկան հասակում Գ. Հարությունյանը կնքեց մահկանացուն: Նրա թաղմանն անգամ Հայաստանից պաշտոնական պատվիրակություն չմասնակցեց: Նա մնաց պատմության մեջ որպես ամենահակասական կերպարներից մեկը: Շատերը նրան հիշում են որպես նվիրյալ ու ազնիվ հայորդու, ոմանք` ստալինյան ռեժիմի քսու կամակատարի: Ո՞վ էր իրականում Գրիգոր Հարությունյանը: Կարծիքներն առայսօր իրարամերժ են:

Անկախ 

 

Շաքարը հավասար է թմրանյութերին. Միքայել Վարդանյան

загруженноеՇաքարն ավելի վտանգավոր է, քան մարդիկ կարծում են: Քաղցրավենիքի չարաշահումը ոչ միայն ատամներն ու կազմվածքն է փչացնում, այլև իր վատ ազդեցությունն է ունենում հորմոնալ ֆոնի, լյարդի, անոթների, հետևաբար նաև ամբողջ օրգանիզմի վրա:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում բժիշկ Միքայել Վարդանյանի խոսքով ամենօրյա կերակրացանկում մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքների չարաշահումն իր արտացոլումն է ունենում կնոջ դեմքի վրա՝ վաղաժամ առաջացած կնճիռների տեսքով: British Journal of Dermatology պարբերականում հրապարակված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ մաշկի վաղաժամ ծերացումն ակնհայտ է դառնում 35 տարեկանից հետո, ինչպես նաև, առավել ընդգծված կերպով արագ զարգացում է ապրում: Պատճառն այն է, որ օրգանիզմում տեղի է ունենում գլիկացիա, որի ժամանակ շաքարն արյան մեջ միանում է սպիտակուցներին՝ ստեղծելով նոր վնասակար մոլեկուլներ, որոնք վնասում են օգտակար սպիտակուցներին, որոնք պատասխանատու են մաշկի էլաստիկության և ամրության համար:

Բժշկի համոզմամբ միան առողջ և ուժեղ մարդիկ կարող են իրենց թույլ տալ օրական 10 գդալ շաքար օգտագործել, իսկ ժամանակակից մարդկանց մեծամասնության համար դա շատ վտանգավոր է, քանի որ շաքարախտով և սրտանոթային բազմաթիվ հիվանդություններով է սպառնում:

Քաղցրի չարաշահումը զգալիորեն թուլացնում է մարդու իմունիտետը: Դրա չափից շատ օգտագործումն ազդում է նաև հիշողության, ճանաչողական կարողությունների վրա: Շաքարը հավասար է թմրանյութերին: Ճարպակալման համաճարակի «մեղավորը» հենց դա է, այլ ոչ թե ճարպը, ինչպես մարդիկ սովոր են մտածել:  Այն կախվածություն է առաջացնում, և դրա օգտագործման պահանջն աստիճանաբար մեծանում է: Հնարավորինս պետք է հեռու մնալ շաքարն օգտագործելուց կամ չարաշահելուց:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Անկախ

Կոմպրոմատ YouTube-ից. Էրդողանին որդու հետ բացահայտել են հանցագործ դավադրության մեջ

էրդողանВ Թուրքիայում նոր աղմուկ է հասունանում, այն կապված է վարչապետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման հետ: Համացանցում հրապարակվել է ձայնագրություն, իբր թե Ռեջեփ Էրդողանը հեռախոսով խոսում է ավագ որդու՝ Բիլյապի հետ, նա խնդրում է որդուն տնից հանել փողը և մյուս բազմաթիվ ազգականներին հորդորել կատարել նույնը—  “որպեսզի ոչ մի կոպեկ տանը չմնա”:

Ինչպես նկատում է  “Россия 24”-ը, ձայնագրության ամսաթիվը դեկտեմբերի սկիզբն է, երբ ամբողջ Թուրքիայում  հակակոռուպցիոն գործողություններ էին ընթանում, ձերբակալված էին նախարարների երեխաներ:

YouTube-ում տեղադրված ձայնագրության մեկնաբանություններում խոսքը մոտ մեկ միլիարդ դոլարի մասին է, ըստ հաշվարկների այնքան որքան կազմում են պետական ծախսերի ատկատները:

Էրդողանը արդեն հայտարարել է, որ ձայնագրությունը սարքած է, պարզ մոնտաժ: Սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ այն իրական է: Ընդդիմությունը պահանջում է  Էրդողանի հրաժարականը: Ամեն  դեպքում երկրում ընտրությունները տեղի կունենան մարտին:

Անկախ