Արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

345. Minister Nalbandian at the V4 & EaP Ministerial 18.05.2013aՄայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Կրակովում կայացած Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, որին  ներկա էին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ընդլայնման և հարևանության հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները, Բելառուսի փոխարտգործնախարարը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի եվրոպական հարցերով նախարարը:

Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը և մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Այդ համատեքստում ԵՄ ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Ելույթ ունենալով նիստին՝ նախարար Նալբանդյանը անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, նշեց. «Արևելյան գործընկերությունը Եվրամիության հետ մեր հարաբերությունների ամրապնդման արդյունավետ մեխանիզմ է դարձել, այն փոխել է ԵՄ հետ մեր համագործակցության որակն ու բնույթը։ Մեր փոխգործակցության օրակարգը համապարփակ է. այն ներառում է քաղաքական երկխոսությունը, մարդու իրավունքները, ինստիտուցիոնալ բարեփոխումները, տնտեսությանը, արդարադատությանը, շարժունակությանը, միգրացիոն հոսքերին առնչվող հարցեր»:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ ավարտական փուլում գտնվող բանակցությունների արդյունքները:

Եզրափակելով խոսքը` Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Արևելյան գործընկերութան Ճանապարհային քարտեզի իրականացման բոլոր հիմնական ոլորտներում:

 

Բատիկայի դասընթաց՝ Վայոց ձորում

3Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնն անցկացնում է բատիկայի դասընթացներ անապահով երիտասարդների համար։

Ինչպես տեղեկացնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ստանալու լրացուցիչ մասնագիտություն, սովորելու նոր արհեստ: Բացի այդ, կան շատ շնորհալի երիտասարդներ, ովքեր սոցիալապես անապահով են և հնարավորություն չունեն մասնակցելու այս կամ այն դասընթացի` ֆինանսական խնդիրների պատճառով: Ծրագիրը նպատակ ունի օգնել հատկապես անապահով ընտանիքների երիտասարդներին՝ ստանալու նոր մասնագիտություն, որը պահանջարկ կունենա ոչ միայն տվյալ մարզում, այլև ցանկացած քաղաքում:

Բատիկայի դասընթացներն անցկացվում են ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը՝ անվճար հիմունքներով։ Դասընթացներն իրականացվում են շաբաթական երկու օր պարբերականությամբ, յուրաքանչյուրը` 2 ժամ տևողությամբ: Մասնակիցները ծանոթանում են բատիկայի տեսակներին, գործիքներին և տեխնիկային: Ծրագիրն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական մաս:

Դասընթացի ավարտից հետո կկազմակերպվի երիտասարդների աշխատանքների ցուցահանդես:

 

 

Այս աշխարհի հզոր կանայք-2

Նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք այն առաջնորդ կանանց, որոնք այս կամ այն առումով առաջին վարչապետ կամ նախագահ են եղել աշխարհում:

Բնականաբար, ավելի մեծ թիվ են կազմում այն կանայք, որոնք առաջինն ու միակն են եղել իրենց երկրում: Նրանց մեջ, սակայն, առանձնահատուկ տեղ են գրավում Գոլդա Մեիրը (Իսրայելի չորրորդ, առաջին և միակ կին վարչապետը), Ինդիրա Գանդին (Հնդկաստանի երրորդ և վեցերորդ վարչապետը, առաջին կին վարչապետն իր երկրում և երկրորդն աշխարհում) և Մարգարետ Թետչերը` Երկաթե լեդին (Մեծ Բրիտանիայի առաջին և միակ կին վարչապետը) , որոնց կյանքին ու գործունեությանը բավական մանրամասն «Անկախն» արդեն անդրադարձել է անցած տարիներին:

Նրանք հզոր կանայք էին բառի բուն և բոլոր իմաստներով և հրաշալի դասեր են թողել աշխարհի քաղաքական գործիչ կանանց: Եվ ինչո՞ւ միայն կանանց: Նրանցից սովորելու շատ բան ունեն նաև տղամարդիկ: Եվ սովորում են:

գոլդա մեիրԳոլդա Մեիրն էր, որ իր կյանքով ստիպեց արձանագրել պատմաբաններին, որ «եթե Բեն Հուրիոնը Իսրայել պետության հայրն է, ապա Գոլդա Մեիրը` մայրը»: Շատերն են համոզված արձանագրել, որ եթե չլիներ Գոլդա Մեիրը, այդ խիզախ, լավատես ու համառ կինը, գուցեև չկայանար Իսրայել պետությունը:  «Ռուսական էմիգրանտը, որ ընդամենը մեկ տարի է սովորել քոլեջում, ստորագրեց Իսրայելի անկախության հռչակագիրը,  դարձավ Իսրայելի առաջին դեսպանը Ռուսաստանում, աշխատանքի ու սոցապ առաջին նախարարը, առաջին արտգործ նախարարը, և, վերջապես,  երկրի  առաջին և միակ կին ղեկավարը: Նրա ոգին, համառությունն ու համոզմունքն օգնեցին ստեղծելու Իսրայել պետությունը և դառնալու նրա առաջնորդը: Նա օրինակ էր Մարգարեթ Թետչերի, Ինդիրա Գանդիի համար,  նա ոգեշնչման աղբյուր էր  իշխանության  համար  պայքարող յուրաքանչյուր կնոջ համար»,- իրավամբ գրում է նրա կենսագիրը:

ինդիրա գանդիՀնդկաստանում Ինդիրա Գանդիի անունը մինչ օրս անձնահատուկ ակնածանքով ու հուզմունքով են հիշատակում: Նա առաջին կինն էր Հնդկաստանում, որ հասել էր քաղաքական օլիմպոսին և արդարև մինչ օրս մնացել է ամուր կամքի, աննկուն ոգու և իր ժողովրդի հանդեպ անսահման սիրո օրինակ: Իր մահից կարճ ժամանակ առաջ, երբ բոլորը նրան  հորդորում էին զգույշ լինել, նա լայնորեն բացեց իր տան դռները բոլոր կարիքավորների առջև. ժողովուրդը գնում էր նրա դուռը, որպեսզի պատմի իր հոգսերի ու կարիքների մասին: Այդ փխրուն, բարեկիրթ կինը մայր դարձավ մի ամբողջ երկրի համար` զոհաբերելով իր անձնական երջանկությունն ու, ի վերջո, իր կյանքը:

margaret-thatcherԻսկ Թետչերը կառավարության գլուխ անցավ, երբ երկիրը ծանր հիվանդ էր: ԱՄՆ-ն, մայրցամաքային Եվրոպան և արագ զարգացող ասիական պետությունները հետևողականորեն դուրս էին մղում բրիտանացիներին նախկինում նվաճած առևտրատնտեսական  դիրքերից: Ավելի ու ավելի էր խորանում անվերջանալի վառելիքային ճգնաժամը: Արժեզրկումը հասել էր 20-25 տոկոսի: Երկրի խոշորագույն քաղաքներում անգամ սկսել էին աղբը չհավաքել, և  ամենուր առնետների բանակներ էին վխտում:

Այն դարմանը, որ Թետչերը նշանակեց իր ժողովրդին, չափազանց պարզ ու հասարակ էր, բայց միանգամայն անվրեպ. մի եղիր խնամառու, անհրաժեշտ կրթություն ստացիր, ազնվորեն աշխատիր և ազնվորեն վճարիր աշխատանքի դիմաց, վերմակիդ չափով մեկնիր ոտքդ, հարգիր օրենքը, վճարիր հարկերը, պարտք մի վերցրու, քանի դեռ չես մարել արդեն վերցրած պարտքդ, խնայողություն արա հիվանդության դեպքերի և ծերության համար:  Ահա և խաղի պարզ կանոնները: Բայց տնտեսության մեջ դրանք ներդնելու համար  նա ստիպված էր պայքարել այնպիսի խիստ, փաստորեն ռազմական մեթոդներով, որ լրագրողներն ու հետազոտողներն այդ տարիների իրադարձությունները որակում էին պատմական ճակատամարտ հանուն Բրիտանիայի:

Թետչերի մեթոդները բնավ կանացի չէին:  Բայց հենց նրա դաժանությունը, վերլուծական միտքը և վճռականությունը հանգեցրին նրան, որ 1984 թ. արժեզրկումն իջավ մինչև 4 տոկոս: Այդ ճանապարհին քիչ չէին զոհերը: Իրար հետևից ձեռնարկություններ էին սնանկանում, որոնք նախկինում գոյատևում էին պետական սուբսիդիաների շնորհիվ: Գործազուրկների բանակը սպառնալից չափերի հասավ:  Տնտեսական դրության մեծ անջրպետ առաջացավ երկրի տարբեր շրջանների միջև:  Գաղտնիք չէ, որ հատկապես միջին խավի առկայությունն է օբյեկտիվորեն ցույց տալիս երկրի տնտեսության առողջական վիճակը, իսկ Երկաթյա լեդիի կառավարման տարիներին այն էապես մեծացավ և հասավ բնակչության 40 տոկոսին: Հաղթահարելով հիմնական հիվանդությունը` արժեզրկումը, և ամենայն խստությամբ վերահսկելով դրա շարժընթացը`  Թետչերը կարողացավ հաղթահարել նաև կողմնակի հետևանքները: 1984-ից Մեծ Բրիտանիան սկսեց առաջընթաց ապրել և աստիճանաբար դարձավ այն երկիրը, ինչպիսին որ գիտենք նրան այսօր:

Բոլորովին վերջերս աշխարհը հրաժեշտ տվեց բարոնուհուն և արձանագրեց, որ նրա հետ մի ամբողջ դարաշրջան հեռացավ: Այսպես թե այնպես, առայժմ տիպար իդեալական կին կառավարիչ է համարվում «Երկաթե լեդին»:

Gerrman Chancellor Angela Merkel gives aԱրդեն մի քանի տարի է, ինչ աշխարհի հեղինակավոր հաստատությունների վարկանիշային ցուցակներում առաջին հորիզոնականներից չի իջնում մի այլ ազդեցիկ կին` Անգելա Մերկելը` տևտոնական Մարգարետ Թետչերը, Գերմանիայի առաջին կին կանցլերը: Կարճ ժամանակում նրան հաջողվեց հազվագյուտ բարձր հեղինակության հասնել. 2006 թ. փետրվարին` փաստորեն, ընտրվելուց մի քանի ամիս անց, նրա քաղաքականությունից գոհ էր գերմանացիների 80 տոկոսը: Կոալիցիոն կառավարությունը մի շարք դրական տեղաշարժեր ունեցավ տնտեսության մեջ, մասնավորապես կրճատվեց գործազրկությունը:

Իր կանցլերության  7 տարիների ընթացքում  նա ամեն կերպ ջանում է չնմանվել Մարգարետ Թետչերին, բայց իրականում ավելի ու ավելի է նմանվում: Մերկելը, իհարկե, պատերազմ չի սկսել, բայց այն խիստ միջոցները, որ առաջարկում է նա Եվրագոտին ճգնաժամից դուրս բերելու համար,  համարյա թե պատերազմ են:

Հարվարդի համալսարանի հոգեբան Սթիվեն Կինկերն իր «Մեր դարաշրջանի լավագույն հրեշտակները» գրքում ապացուցում է, որ «երկաթե կանայք» իշխանության ղեկին նախկին «տղամարդկային» դարաշրջանի վերապրուկ են, որտեղ գնահատվում էին տղամարդկային հատկությունները: Հիերարխիկ աշխարհում  ոչ մեծ թվով կանանց հաջողվել է ինքնուրույն իշխանության գալ, բայց նրանց կառավարումը ոչնչով չի տարբերվել տղամարդկանց կառավարումից: Նրանց ամբողջ կյանքը պայքարի մեջ է անցել: Բայց ժամանակակից աշխարհը պահանջում է ղեկավարի միանգայն այլ տեսակ: Տեղեկատվական ընկերակցության ցանցերը գալիս են փոխարինելու հիերարխիային: Նման պայմաններում շատ ավելի ցանկալի է աշխատել այն կանանց հետ, որոնք բնազդաբար զգում են համոզելու և խորհուրդ լսելու անհրաժեշտությունը, ոչ թե տղամարդկանց, որոնք  միշտ էլ հակված են կառավարման կոշտ հրամայական ոճին:

ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն ԱՄՆ 500 քաղաքներում ուսումնասիրել է քաղաքապետների գործունեությունը, և եկել այն եզրակացության, որ կին քաղաքապետների կառավարումը ոչնչով չի տարբերվում տղամարդկանցից: Բոլոր ցուցանիշները գրեթե նույնն են մնացել: Ավելին` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց համերաշխությունը քաղաքականության մեջ բնավ չի ողջունվում. եթե անգամ որևէ տարածաշրջան կին է ղեկավարում, ապա դա բնավ չի նշանակում, որ մյուս կանայք ավելի հեշտ կբարձրանան պաշտոնեական աստիճաններով: Մի հանգամանք կա միայն. իշխանության ղեկը գեղեցիկ սեռի կանայք ավելի երկար են պահում, քան տղամարդիկ: Կանայք ավելի հաճախ են երկրորդ ժամկետով ընտրվում, քան տղամարդիկ: Եվ հետազատողների կարծիքով` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կանանց մեջ քաղաքական և դիվանագիտական հմտություններն ավելի զարգացած են:

Սրանք տեսակետներ են, որոնք, անշուշտ, գոյության իրավունք ունեն այնքանով, որքանով ցանկացած այլ  վարկած: Ժամանակը, ավելի ստույգ ներկայիս գործող կին ղեկավարների գործունեության վերլուծությունը կգա հաստատելու այս վարկածները կամ կառաջադրի նոր եզրահանգումներ:

Շարունակությունը հաջորդիվ

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում

Minister Nalbandian meets Dutch FMԵվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Ստրասբուրգում գտնվող  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային օրակարգը հագեցած էր նաև երկկողմ հանդիպումներով:

Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց անդորրացի գործընկերոջը ԵԽ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած վեց ամիսների ընթացքում զգալի աշխատանք է իրականացվել Անդորրայի նախագահության առաջնայնությունների իրականացման, կազմակերպության նպատակների առաջ մղման ուղղությամբ:

Ժիլբերտ Սաբոյա Սունյեն շնորհակալություն հայտնելով իր երկրի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վստահեցրեց, որ հայկական կողմը իր նախագահության ընթացքում ամենայն օժանդակություն կստանա Անդորրայի կողմից։

Զրուցակիցները քննարկեցին Եվրախորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Minister Nalbandian meets President of PACEՀայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։

Շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ ղեկավարը պատմական որակեց այն Հայաստանի համար և հույս հայտնեց, որ Եվրախորհրդի հայաստանյան   նախագահության և ԵԽԽՎ միջև արդյունավետ համագործակցություն կլինի, ինչը կնպաստի կազմակերպության խնդիրների իրականացմանը։

Զրույցի ընթացքում արծարծվեցին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում  Երևանում ԵԽԽՎ բյուրոյի նիստի կազմակերպմանը առնչվող հարցեր։

Minister Nalbandian meets Norway FMՀայաստանի ԱԳ նախարարի հանդիպեց նաև Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի  հետ:

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները զգալի զարգացում են ապրել՝ կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, և պայմանավորվեցին շարունակել քայլերը հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանի և Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսի հանդիպմանը երկուստեք կարևորվեց  երկու տարի առաջ Հաագայում Հայաստանի դեսպանատան բացումը, որը կարևոր խթան հանդիսացավ հարաբերությունների զարգացման համար:

ԵԽ-ում Հայաստանի նախագահության համատեքստում  նախարարներն անդրադարձան կազմակերպության օրակարգային հարցերին, ԵԽ բարեփոխումների գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ Գործընկերոջ խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Minister Nalbandian meets with Cyprus MFA State Secretary.Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մավրոյանիսին: Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնեց, որ առաջին անգամ նախագահությունը ստանձնող Հայաստանը իր կարևոր ներդրումը կունենա ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությամբ զբաղվող համաեվրոպական կազմակերպության դերակատարության բարձրացման մեջ:

Զրուցակիցները անդրադարձան հայ-կիպրական բարեկամական փոխհարաբերությունների առավել ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ընդգծելով, որ վերջին տարիներին այդ ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել։

Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը ներկայացրեց երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

exhibitionՄայիսի 16-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ «Հայաստան. քարերի գաղտնիքը» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարները:

«Հայաստանը բարձր լեռների  երկիր է, և բնական է, որ քարը մեզ համար գեղարվեստական ​​առաջին արտահայտչամիջոց է, որը վերածվել է արվեստի լեզվի։ Եթե ​​դա այն արվեստն է, որով հայ ժողովուրդը կարողացավ արտահայտել իր ստեղծագործ ոգին, ապա առաջին հերթին ճարտարապետության միջոցով։ Այն յուրահատուկ ձևով զարգացել է դարեր ի  վեր՝ դառնալով համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը։ Եվ մենք ուրախ են այս ցուցահանդեսի միջոցով ներկայացնել այն Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շրջանակներում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

Մայիսի 17-18-ի արտակարգ պատահարների մասին

35370Անձրևից պատ է փլուզվել

Մայիսի 17-ին, ժամ 09.55-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Աղբերք գյուղում փլուզվել է Ալվինա Աղասարյանին պատկանող տունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Տեղում պարզվել է, որ երկարատև անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է Ա. Աղասարյանին պատկանող մեկհարկանի հողաշեն տան հյուրասենյակի պատը` 4,9×5,8 մ մակերեսով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը:

Մեքենաները դուրս են բերվել ցեխից

Մայիսի 17-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Սոճիներ» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը և թիվ 37 ՀՓՋ-ի «Ուրալ» ամենագնացը:

Հրշեջ-փրկարարները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապար­հի 15-րդ կմ-ում գտնվող մոտակա անտառից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34ՍP270 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Միշա Եգանյան):

***

Մայիսի 18-ին, ժամը 01.08-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանում գտնվող հուշարձանի մոտ երկու ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` «Ուրալ» ամենագնացով:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 09UU929 պ/հ (վարորդ` Սերգեյ Վարդանյան) և «Ջիպ» մակնիշի 31SO751 պ/հ (վարորդ` Հակոբ Շմավոնյան) ավտոմեքենաները:

Այրվել են թափոններ

Մայիսի 17-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ի շենքում հրդեհի նշաններ են նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել` 13.28-ին:

Տարբեր օջախներում այրվել են պլաստմասե թափոններ` մոտ 30 քմ մակերեսով:

Ահազանգ երկաթուղուց

Մայիսի 17-ին, ժամը 10.59-ին «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Վանաձորի գծային ուղեմասից տեղեկություն է ստացվել, որ երկաթգծի Սպիտակ-Նալբանդ հատվածում առկա է թունելի փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը։

Տեղում պարզվել է, որ Սպիտակ-Նալբանդ հատվածում` երկաթգծի 2676 կմ-ի 10-րդ պիկետում, տեղումների հետևանքով քայքայված ժայռաբեկորների փլուզման պատճառով, թունելի ներսի պատերի մեջ առաջացել են ճեղքվածքներ:

Անհրաժեշտ է կատարել վերանորոգման և ամրացման աշխատանքներ, ինչը հնարավոր է իրականացնել քարաթափման աշխատանքներից հետո:

 Բախվել են մեքենաներ

Մայիսի 17-ին, ժամը 11.59-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` «Զորաց քարեր» կոչվող հատվածից 10 կմ դեպի Գորիս, ավտոմեքենաներ են շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Հարժիս գյուղի մոտակայքում, տեղացած կարկտի և վատ տեսանելիության պատճառով բախվել են «Մերսեդես» մակնիշի 18ՍՕ181 պ/հ (վարորդ` Արթիկի բնակիչ, 1988 թ. ծնված Գևորգ Էլբակյան), «Մերսեդես» մակնիշի 33ՏD031 պ/հ (վարորդ` Գորիսի բնակիչ, 1981 թ. ծնված Արման Օհանջանյան) և «ԳԱԶ-24» մակնիշի 19ԼՕ989 պ/հ (վարորդ` Արարատի բնակիչ, 1966 թ. ծնված Մայիս Մակարյան) ավտոմեքենաները։

Գ. Էլբակյանը տեղափոխվել է Գորիսի բ/կ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են որպես ծանր:

***

Մայիսի 17-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արգավանդ գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 46 տան մոտակայքում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2697Լ պ/հ (վարորդ` Սաշա Սարգսյան) և «Պրադո» մակնիշի 27ԼM777 պ/հ (վարորդ` Անուշավան Մկրտչյան) ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով Ա. Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

***

Մայիսի 17-ին, ժամը 21.19-ին շտապօգնությունից տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում,  Շահումյան գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի 25ՍՏ394 պ/հ  և «ԳԱԶել» մակնիշի 35ՏՏ254 պ/հ ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1995 թ. ծնված Քրիստափոր Հովակիմյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի բ/կ:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Օգնում են փրկարարները

Մայիսի 17-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց 28 շենքի 130-րդ բնակարանի բնակիչը չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է բացել դուռը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1963 թ. ծնված Սամվել Մուրադյանը` անօգնական վիճակում։ Նրան շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» բ/կ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են որպես ծանր:

 

Հայտնաբերվել են ականներ

Մայիսի 17-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Ղարսի խճուղում հայտնաբերվել է նռնականման  առարկա:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը։

Հրշեջ-փրկարարները «Սևերսկի» կոչվող թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում հայտնաբերել են 7 հակատանկային ական:

Դեպքի վայրում են գտնվել Շիրակի կայազորի ՌՈ սակրավորները և Գյումրու ոստիկանության բաժնի աշխատակիցներ:

Տեղում պարզվել է, որ գտածոն  ուսումնական («У-ТМ-62П3» տեսակի) հակատանկային ականներ են, որոնք տեղափոխվել են ոստիկանության բաժին:

 

Թունավորումներ

Մայիսի 17-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 15.41-ին դեղորայքայի չարաշահումից թունավորման նշաններով «Արմենիա» բ/կ է տեղափոխվել Երևանի բնակչուհի` 1974 թ. ծնված Թ. Կյուրեղյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

***

Մայիսի 17-ին, ժամը 18.25-ին դեղորայքայի չարաշահումից թունավորման նշաններով «Արմենիա» բ/կ է տեղափոխվել Երևանի Նորագավթի բնակչուհի` 1983 թ. ծնված Ն. Կարապետյանը:

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

***

Մայիսի 18-ին, ժամը 03.34-ին քիմիական թունավորման նախանշաններով «Արմենիա» բ/կ է տեղափոխվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 24 տան բնակիչ, 1973 թ. Հ. Վարդանյանը:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության:

 

Կարկուտ Արագածոտնում

Մայիսի 17-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկտի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 700 հա գյուղա­տնտեսա­կան նշանակության ցանքատարածքներ և այգիներ:

Լուսակն գյուղում կարկտի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 70 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ և այգիներ:

Տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

 

Վնասներ սելավից

Մայիսի 17-ին, ժամը 17.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հորդառատ անձրևների հետևանքով սելավաջրերը վնասել են գյուղի գյուղա­տնտեսական նշանակութ­յան ցանքատարածքները և այգիները:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը։

Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սելավաջրերը լցվել են 3 տների նկուղ և ողողել մոտ 15 հա հողատարածք:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը:

 

Վնասվել դպրոցի տանիքը

Մայիսի 17-ին, ժամը 17.52-ին Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցից տեղեկություն է ստացվել, որ վնասվել է դպրոցի տանիքը և անձրևաջրերը լցվում են դասասենյակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դպրոցի շենքի տանիքը գտնվում է անմխիթար վիճակում և ունի վերանորոգման կարիք:

 

Մեքենան շրջվել է ձորը

Մայիսի 17-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մոտակա ձորն ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ-52» մակնիշի առանց պ/հ (վարորդ` Վալեր Գրիգորյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորը, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:

 

Բազե` մայրաքաղաքում

Մայիսի 17-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Սահյան 5 տան բակում հայտնաբերվել է բազե, որին որսալու համար օգնություն է անհրաժեշտ:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը։

Ժամը 20.35-ին փրկարարների ուժերով բազեն բռնվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:

 

Շրջվել է մեքենա

Մայիսի 17-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան–Արտաշատ ավտոճանա­պար­հին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան–Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «Հոնդայի» մակնիշի 33OP387 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մետր) և շրջվել։

Պատահարի հետևանքով վարորդ` 1971 թ. ծնված Կարեն Գուլաբյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1980 թ. ծնված Արթուր Վարդանյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բ/կ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել հովացման աշխատանքներ:

 

Մեքենան բախվել է պատնեշին

Մայիսի 17-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Հոկտեմբերյան ավտոճանա­պար­հին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 10ՏՕ972 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ վարորդ Ասատուր Նազարյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բ/կ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են որպես ծանր:

 

Հրդեհ տանը

Մայիսի 18-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.24-ին, մարվել` 03.07-ին:

Այրվել է Ս. Հովհաննիսյանին պատկանող տան տանիքը` 120 քմ, հատակը` մոտ 100 քմ մակերեսով և գույքը` մասամբ:

 

Այրվածքներ հրդեհից

Մայիսի 18-ին, ժամը 06.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան 15 շենքի 1-ին հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.24-ին, մարվել` 07.45-ին:

Ֆ. Աբգարյանին պատկանող թիվ 4 բնակարանում  մասամբ այրվել է ննջասենյակի գույքը:

Հրդեհի հետևանքով 1925 թ. ծնված Նելլի Սարգսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխ­վել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Մոլորվածը հայտնաբերվել է

Մայիսի 18-ին հրշեջ-փրկարարները վերսկսել են մայիսի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Թալին քաղաքի «Թալինի դաշտ» կոչվող հանդամասում մոլորված` 1958 թ. ծնված Քնար Կարապետյանի որոնողական աշխատանքները:

Ժամը 09.00-ին պարզվել է, որ մառախլապատ եղանակի պատճառով Ք. Կարապետյանը հայտնվել է հարևան Աշնակ գյուղում և ժամը 06.00-ի սահմաններում հայտնաբերվել է հարազատների կողմից՝ ողջ և անվնաս:

 

 

Մուսուլման առաջնորդները կայցելեն նացիստական մահվան ճամբարներից մեկը

3Մուսուլման առաջնորդերը կայցելեն ԱուշվիցԱշխարհի 14 մուսուլման առաջնորդներ հաջորդ շաբաթ կայցելեն նախկին նացիստական Գերմանիայի մահվան ճամբար Աուշվից, որը գտնվում է հարավային Լեհաստանում:

Այս այցը հոլոքոստի մասին իրազեկմանն ուղղված ծրագրի բաղկացուցիչներից է:
«Մենք չենք ցանկանում, որպեսզի քաղաքակրթությունը կրկին սխալվի»,-ասել է Լեհաստանի գլխավոր ռաբբի Միխայիլ Շուդրիխը՝ հավելելով, որ ծրագիրը հենց դա է քարոզում:
Այցելող իմամները գալիս են Բոսնիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Մարոկոյից, Նիգերիայից, Պաղեստինից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից և ԱՄՆ-ից:
Ավելի քան մեկ միլիոն հրեա մահացել է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարում, որը գործում էր Նացիստական Գերմանիայի հսկողության ներքո օկուպացված Լեհաստանում 1940թ-ից ի վեր: Այն ազատագրվել է Խորհրդային Կարմիր բանակի կողմից 1945 թ. հունվարի 27-ին:
Աուշվիցը Լեհաստանում գտնվող վեց մահվան ճամբարներից մեկն էր:
Այստեղ նաև գերեվարվել են հարյուր հազարավոր լեհեր, պատերազմի գերիներ, գնչուներ և հականացիստական գաղափարախոսներ:

ԱՄՆ-ում բախվել են երկու գնացքներ. կան վիրավորներ

2ԱՄՆ-ում բախվել են երկու գնացքներ. կան վիրավորվածներՈւրբաթ երեկոյան ԱՄՆ-ի Քոննեկտնիկուտ նահանգում միմյանց են բախվել երկու գնացքներ:Արդյունքում 60 մարդ հոսպիթալացվել է: Նրանցից հինգը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ընթացքի մեջ գտնվող գնացքին է բախվել Նյու Հեվանից Գրանդ Սենթրալ ուղևորվող զուգահեռ գնացքը: Գնացքի մեջ կային նաև մեքենաներ, որոնք բախման հետևանքով դուրս են ընկել:
Նույն երկաթուղուց օգտվող Amtrak-ը անորոշ ժամկետով հետաձգել է Նյու Յորքից Բոստոն իր աշխատանքը:
Դեռևս պարզ չէ, թե ինչն է հանգեցրել գնացքին դուրս գալ գծերից: Ազգային փոխադրամիջոցների անվտանգություն խորհուրդը հետաքննության համար խումբ է ուղարկել պատահարի վայր:
Նահանգապետի տեղեկացմամբ՝ տուժածների մեծամասնությունը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Ֆրանսիան ցանկանում է ավելացնել Իրանի դեմ պատժամիջոցների քանակը

1Ֆրանսիան ցանկանում է ավելացնել Իրանի դեմ պատժամիջոցների քանակըԱՄՆ-ն ու Եվրոպան Իրանի  դեմ պետք է կիրառեն ավելի վճռական պատժամիջոցներ միջուկային ծրագրի դադարեցման համար, ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

Նա կարծում է, որ պատժամիջոցների միջոցով կարելի է ճնշում գործադրել Թեհրանի վրա, քանի որ այդ երկիրը շարունակում է ուրանի հարստացման ծրագիրը, որն առաջ է ընթանում թե՛ ծավալով, թե՛ որակով. «Առավել քան երբեք, մենք պարտավորություն ենք կրում՝ վերջ տալ ձգձգման և  քողարկման ռազմավարությունը զենքերի չտարածումը երաշխավորելու համար»,-ասել է նախարարը Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամում կայացած բանակցությունների ժամանակ:
ՄԱԿ-ն ու արևմտյան պետությունները մի քանի տարի շարունակ պատժամիջոցներ են կիրառում Իրանի դեմ՝ ջանալով կանգնեցնել Թեհրանին ձեռք բերել միջուկային զենքեր և ներկայացնելով դրանք իբրև քաղաքացիական ծրագրեր:

Զինծառայողը հոսանքահարվել է և մահացել

158788ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Զոհված թուրք տղայի հայրը մասնակցել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը

hayrԱՄՆ-ում թուրքական պատվիրակության այցի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել և նախաճաշել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այդ հանդիպմանը մասնակցել է նաև թուրքական «Mavi Marmara» նավի վրա իսրայելական ջոկատների հարձակման հետևանքով զոհված Ֆուրքան Դողանի հայրը՝ Ահմեդ Դողանը:

Ինչպես հաղորդում է «Anaolu» գործակալությունը՝ արտգործնախարար Դավութօլուն հանդիպմաը զոհված տղայի հոր մասնակցության մասին տեղեկություն է հաղորդել «Twitter» սոցիալական կայքում: Դավութօղլուն հայտնել է, որ իրենք կիսում են Ֆուրքանի կորստի ցավը: Նա նշել է, որ Ահմեդ Դողանը նախագահ Օբամային գրած իր նամակը հանձնել է պետքարտուղար Քերիին, վերջինս էլ խոստացել է այն փոխանցել Օբամային:

Կոնեկտիկուտում անսպասելի մրջնակեր է ծնվել

pic_1368798431Կոնեկտիկուտի բնության պահպանության կենտրոնում անսպասելի մրջնակեր է ծնվել: Դա տեղի է ունեցել, չնայած արուն և էգը, որը վերջերս է սերունդ ունեցել, ապրում են իրարից հեռու: Մասնագետները դեռևս չեն կարողանում այդ երևույթը բացատրել:

Արմանի անունով հսկա մրջնակեր էգը  2012-ին  էգ է լույս աշխարհ բերել, որին Էլիս անունն են տվել: Դրանից հետո արուին` Ալֆային առանձնացրել են ուրիշ վանդակում, քանի որ մրջնակերները կարող են խժռել սերունդը: Սակայն 2013-ին կենտրոնի աշխատակիցները նոր ձագուկ են հայտնաբերել.Արմանին արու ձագ է ունեցել, որին Արչի անունն են տվել: Թե որտեղից է ձագուկը հայտնվել, դեռևս հանելուկ է: Ենթադրվում է, որ Արմանիի մոտ, այսպես կոչված,” հետաձգված հղիություն” է եղել.նման երևույթ նկատվել է զրահակիրների ու ծույլերի մոտ (բոլորն էր թերատամների կարգից են ): Սակայն երբեք նման բան չէր հանդիպել հսկա մրջնակերների մոտ:

Մասնագետները նշում են, որ նման հղիության հավանականությունը խիստ փոքր է, քանի որ ծննդաբերությունից հետո  այս կենդանու  բոլոր սեռական օրգանները “նորացվում” են:”Նրա արգանդը պետք է լրիվ մաքրվեր: Նրանից դուրս է եկել ամեն ավելորդ բան, այդ թվում` չհասունացած սաղմը, եթե այն  եղել է”,ասել է հսկա մրջնակերների մասնագետ Սթեյսի Բելհյումերը: Նրա կարծիքով,  Արմանին ու Ալֆն ինչ որ կերպ կրկին բեղմնավորել են Արչիին: Հնարավոր է, որ արել են այդ նույնիսկ  նրանց տարածքները բաժանող ցանկապատի արանքով, որ նույնպես քիչ հավանական էր:

Այսպես, թե այնպես, ոչ մի պաշտոնական հետազոտություն չկա, որում նման  բան նկարագրված լինի: Փորձագետները մտադիր են մանրամասն ուսումնասիրել այս դեպքը:

 

Քրդական հարցի լուծման գործընթացի հետ մեկտեղ բազմաթիվ քրդեր վերադառնում են իրենց գյուղեր

3Թուրքական «Radikal»-ի քուրդ լրագրող Իդրիս Էմենը վերջերս այցելել է իր ծննդավայր՝ քրդաբնակ Շըրնաք: Նա պատմում է քրդական հարցի լուծման գործընթացի հետ մեկտեղ իր հարազատ բնակավայրում տեղի ունեցած դրական փոփոխությունների և իր տպավորությունների մասին. «Իջնելով Դիրաբեքիրի օդանավակայան՝ նստեցի Շըրնաք տանող ավտոբուսը: Մոտ չորս ժամ տևող ճանապարհի ընթացքում մի արհեստավորի հետ խոսում էինք շրջանում տիրող մթնոլորտի մասին: Երբ մոտեցանք զինվորական անցակետին, ավտոբուսի ընթացքը դանդաղեց: Երբ ձեռքս տարա դեպի անձնագիրս, խաղաղ մթնոլորտից գոհ իմ ընկերը ժպտալով ինձ ասաց՝ «Կարիք չկա, այստեղ արդեն անձնագրերը չեն ստուգում»: Այս իրավիճակը ինձ զարմացրեց: Ես գիտեի, որ Դիարբեքիրից Շըրնաք տանող ավտոբուսները անվտանգության ուժերի կողմից մանրամասն խուզարկվում էին չորս տարբեր անցակետերում: Շուտով հասանք Ջուդի լեռան փեշերին գտնվող Ուչքիրազ գյուղը: Նախկինում գյուղում ապրող մարդկանց ամենամեծ երազանքը այստեղից գնալն ու նոր կյանք սկսելն էր: 90-ականներին գյուղից քաղաքներ տեղափոխված մարդիկ այսօր ճիշտ հակառակ երազանքն ունեն»:

Իդրիս Էմենը քրդական գյուղերում հույս է տեսել մարդկանց աչքերում, նկատել է իրենց հարազատ հողեր վերադարձող բազմաթիվ ընտանիքների: Միտում կա, որ Քրդական հարցի լուծման գործընթացի հետ մեկտեղ գնալով ավելի շատ մարդիկ են վերադառնալու քրդական գյուղեր:

Ռիհաննան Topshop-ին դատի կտա առանց թույլտվության իր լուսանկարով վերնաշապիկ վաճառելու համար

r1Ռիհաննան սպառնացել է դատի տալ Topshop-ին առանց թույլտվության իր լուսանկարով սպորտային վերնաշապիկներ վաճառելու համար:

Աստղի թիմը միլիարդատեր Ֆիլիպ Գրինիին պատկանող հագուստնի սրահների ցանցից պահանջել է դադարեցնել վերնազգեստների վաճառքը՝ պահանջելով 3 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում:

Լուրեր էին պտտվում, որ Ռիհաննան պատրաստվում է Topshop-ի համար հագուստների շարք ստեղծել, սակայն այժմ երկու կողմերը միմյանց կհանդիպեն դատարանում:

Անցած տարի Topshop-ը վաճառքի էր հանել Ռիհաննայի նկարով վերնազգեստներ, որոնք կարճ ժամանակում վաճառվել էին:

Regent Street Window Project where architects in partnership witԲրիտանիայում ընկերությունները լուսանկարչից լուսանկար գնելուց հետո պարտավոր չեն թույլտվության համար գումար վճարել նկարում պատկերված աստղին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռիհաննայի մենեջերական թիմը Topshop-ին բազմաթիվ անգամ խնդրել է չվաճառել իր նկարները, սակայն խանութների ցանցից պատասխանել էին, որ իրենք շարունակելու են դա անել:

Չնայած բրիտանական օրենքները արտիստին չեն պաշտպանում, այնուամենայնիվ նա որոշել է դատի տալ Topshop-ին և արդեն 1 միլիոն ֆունտ ստեռլինգ է ծախսել դատական պրոցեսների վրա: Աղբյուրը նաև հայտնում է, որ խանութների ցանցը պարզապես օգտվում է արտիստներից. դա իրականում շահագործում է և սխալ գործողություն:

 

Ձերբակալել են Կաննի փառատոնում կրակ բացածին

400-225_1Ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա մի տղամարդու, որը Կրուազեթում, որտեղ տեղի է ունենում փառատոնը, 2 անգամ օդ է կրակել ազդանշանային ատրճանակից: Հանդիսատեսներից ոչ ոք չի տուժել:

Ոստիկանների խոսքով, հանցագործը ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի տաղավար է ներխուժել, որտեղ նկարահանումներ էին կատարվում: Միջադեպի պատճառով հեռարձակումը մի քանի րոպեով  ընդհատվել է:

Բացի այդ խուճապին նպաստել են նաև պաշտպանության ծառայության աշխատակիցները, որոնցից մեկը գոչել է` “նռնակ”: Ինչպե հետո պարզվեց, չարագործի ձեռքին իսկապես նռնակի մուլյաժ է եղել:

Նախնական վարկածով, տղամարդը տառապում է հոգեկան ինչ որ խանգարմամբ: Նրա հանցանքի դրդապատճառները ներկայում պարզվում են:

Կինոփառատոնի ղեկավարությունը հայտնել է, որ ոչ մի փոփոխություն ծրագրի մեջ դեպքի պատճառով չի լինելու: 66-րդ փառատոնի բացման պահից սկսած սա արդեն երկրորդ քրեական միջադեպն է: Մեկ օր առաջ  քաղաքի կենտրոնում գտնվող Novotel Hotel-ից անհետացան մեկ մլն դոլար արժողությամբ զարդեր:

 

Նիգերիայում տապալված ծառը 31 մարդ է սպանել

pic_1368805000Նիգերիայում տապալված ծառի պատճառով 31 մարդ է զոհվել, 16-ը` վիրավորվել: Դեպքը կատարվել է Իմո նահանգում, Ումուեջինվաոկ Ումուդահու գյուղում, հինգշաբթի, հորդառատ անձրևի ժամանակ: Ծառը տապալվել է Ուքվու Ուկո երեկոյան շուկայի տարածքում.վնասվել է նաև գյուղապետարանի շենքը:

Ավանի առաջնորդ Եզե Գուդվին դուրուն հայտարարել է, որ ամենատխուրն այն է, որ զոհերը չեն հասցրել անգամ աչքը թարթել:

Տեղի ոստիկանական վարչության ներկայացուցիչը մեկնաբանություն անելուց հրաժարվել է: PM News Nigeria հրատարակությունը նշում է, որ 2011-ին, ամպրոպի ժամանակ տապալված ծառը սպանել է Նիգերիայի արդարադատության նախկին նախարարի կնոջը` Վիկտորյա Միմիին:

Կոնեկտիկուտում ուղևորատար գնացքներ են բախվել. տուժել է 50 մարդ

pic_1368840032Կոնեկտիկուտում  մերձքաղաքային ուղևորատար գնացքներ են բախվել. Ճշտված տվյալներով, տուժել է 50 մարդ: Նրանցից 4-ի վիճակը ծանր է:

Երկաթուղային վթարը կատարվել է մայիսի 17-ին, տեղական ժամանակով  18:00-ին, Ֆերֆիլդ քաղաքից ոչ հեռու: Ուղևորատար գնացքը Նյու Հեյվնից Մանհեթն է ուղևորվել, ընթացքում  ռելսերից դուրս է եկել ու բախվել հանդիպակաց գնացքին.մի քանի վագոն դուրս է եկել երկաթուղուց:

Պատճառները դեռևս պարզ չեն: Դեպքի վայրում աշխատում է վթարային ծառայությունը: Ուղևորատար հաղորդակցությունը Նյու Յորքի ու Բոստոնի միջև վթարի պատռճառով առժամանակ դադարեցվել է:

 

Ֆրանիսայի նախագահը ստորագրեց միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը

top7_1368852680Ֆրանսիայի նախագահ Օլանդն այսօր ստորագրեց միասեռ ամուսնությունները, ինչպես նաև նրանց` երեխա որդեգրել թույլատրող օրենքը:

Այսպիսով, Ֆրանսիան դարձավ աշխարհում 14-րդ երկիրը, որն օրինականացրել է միասեռ ամուսնությունները:

Միշել Տեր-Զաքարյանի թիմը Լիգա 1-ի ուղեգիր նվաճեց

20820Ֆուտբոլի Ֆրանսիայի 8-ակի չեմպիոն «Նանտը», որը մարզում է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր – Զաքարյանը, Լիգա 1-ի ուղեգիր նվաճեց:

«Նանտը», Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 37-րդ տուրում տանը նվազագույն առավելությամբ հաղթեց  «Սեֆանին» և առաջնության ավարտից մեկ տուր առաջ իր համար ապահովեց Լիգա 1-ի ուղեգիր:

Ուղեգիր նվաճեց նաև «Գենգամը»: Ավելի վաղ նման պատվի արժանացել էր «Մոնակոն»:

 

«

«Ատլետիկոն» հաղթեց «Ռեալին»

ատլ_1368831179Մադրիդի «Ատլետիկոն» ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խացղարկության եզրափակչում լրացուցիչ խաղաժամանակում հաղթեց Մադրիդի «Ռեալին»` 2:1 հաշվով և 14 տարվա ընդմիջումից հետո դարձավ գավաթակիր: «Ատլետիկոն» պատվավոր ավարը նվաճեց 10-րդ անգամ:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Ի դեպ,  «Ատլետիկոն» «Ռեալին» վերջին անգամ հաղթել էր 1999-ի հոկտեմբերի 30-ին:

Տեխնիկական արդյունքներ

«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 1:2

Կրիշտիանու Ռոնալդու, 14 – Դիեգո Կոստա, 35, Ժոաո Միրանդա, 98

Հեռացում՝ Կրիշտիանու Ռոնալդու, 114 («Ռեալ»)

Ինչպե՞ս պետք է բուժել կնոջը

կինըԱյն  փաստը, որ կանայք  ինչ-որ կերպ, ինչ-որ այլ բանով էլ են տարբերվում տղամարդկանցից, առաջինը  նկատել են բանաստեղծները: «Կանայք այլ բառակարգ ունեն»,- ասել է  հայտնի բանաստեղծներից մեկը: «Դու կին ես, դու սատանայական ըմպելիք ես»,- մի առիթով ասել է մեկ ուրիշ պոետ:

Երբ  մտնում ես պոլիկլինիկա, ապա  միանգամից աչքի է զարնում այն փաստը, որ այցելուների մեծ մասը կին է: Գուցե դա բացատրվում է նրանով, որ  տղամարդիկ շատ են աշխատում ու քամահրանքով վերաբերվում իրենց առողջությանը: Իսկ գուցե կանայք են կասկածամիտ կամ ազատ ժամանակ շատ ունեն: Ամեն ինչ, պարզվում է, շատ ավելի պարզ է ու տխուր: Իրականում կանայք շատ ավելի հաճախ են գնում բժշկի, որովհետև շատ ավելի հաճախ են հիվանդանում:

Պարզվել է, որ կանայք տղամարդկանցից  ավելի շատ ու հաճախ են տառապում արյան բարձր ճնշումից, արթրիտից, դիաբետից, միգրենից, մաշկային հիվանդություններից ու ռևմատիզմից: Նրանք ավելի շատ են հակված մրսածության, ասթմայի, ցիստիտի, օսթեոպորոզի: Գերազանցապես կանանց մոտ է հանդիպում հոդաբորբ, երակների  լայնացում: Նրանք ավելի դժվար են ապաքինվում դեպրեսիայից, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից: Սակայն սա միակ  տարբերությունը չէ:

Երբեմն նույն հիվանդությունը տարբեր ընթացք է ունենում կնոջ ու տղամարդու մոտ: Օրինակ` տղամարդու մոտ սրտի կաթվածը սկսվում է կրծքավանդակում սուր ցավից, որը խփում է պարանոցին, տարածվում ձեռքի ու  կզակի շրջանում: Կանանց մոտ սրտի նոպան բոլորովին այլ ընթացք է ունենում: Սկսվում է թիկունքի ցավից, ապա  տարածվում  որովայնի ստորին հատվածի վրա, թուլության զգացում ու սրտխատնուք է առաջանում: Երբեմն կանայք պարզապես անհարմար ու անիմաստ  են  համարում նման ախտանշաններով դիմել մասնագետի` մտածելով. «Հիմարություն է, լավ չեմ քնել, մի քիչ նյարդայնացել եմ, ու վերջ»:

Լինում են նաև հակառակ երևույթներ. օրինակ` սխալ կարծիք կա, որ օսթեպորոզից հիմնականում տառապում են  կանայք: Բայց երևի քչերը գիտեն, որ տղամարդիկ նույնպես հիվանդանում են կրծքագեղձի (ոչ կաթնագեղձի) քաղցկեղով: Փառք աստծո, որ դա քիչ է պատահում, սակայն բժիշկը պետք է կարողանա ժամանակին և ճիշտ ախտորոշել այն: Շատ  տհաճություններ ու երբեմն էլ ճակատագրական բացթողումներ են լինում հենց այս մոտեցումը լուրջ չընդունելու պատճառով: Կան, իհարկե, որակյալ  մասնագետներ, որոնք հասկանում են, որ կանանց ու տղամարդկանց խնդիրները պետք է առանձին դիտարկել:

Այսօր աշխարհում նոր ոլորտ է զարգանում` գենդերային բժշկություն: Որը վստահեցնում է, որ ոչ մի իգական օրգան չի կարող բացարձակ նման լինել արական համապատասխան օրգանին: Տղամարդու մոտ ոչ մի ֆիզիոլոգիական պրոցես չի ընթանում այնպես, ինչպես կնոջ մոտ: Նոր ոլորտը կոչ է անում կանանց ու տղամարդկանց բուժել տարբեր կերպ:

Հետաքրքիր փաստ. հիմնականում նոր դեղամիջոցները փորձարկվում են տղամարդկանց վրա, քանի որ տղամարդկանց  դեպքում ամեն ինչ հեշտ է: Բժիշկները գիտակցաբար հրաժարվել են փորձակվողների այնպիսի «անհարմարություններից», ինչպիսիք են`  դաշտանը, ձվազատումը, հղիության հավանականությունը. որոնք կարող են  տարբեր ազդեցություն ունենալ փորձերի արդյունքների վրա ու փչացնել վիճակագրությունը:

Ուստի դեղերի փորձարկման համար հիմնականում ընտրվում են արական սեռի փորձակենդանիներ:

Իսկ 1977-ին դեղերի վերահսկողությամբ  զբաղվող ԿՀՎ-ն մի համարյա թե հանցավոր հրաման արձակեց, որով արգելվում էր դեղերի փորձարկումների ժամանակ ներգրավել կանանց: Թե ինչ հետևանք ունեցավ դա, հայտնի դարձավ1988-ին` ասպիրինը որպես սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոց փորձարկելիս:  Փորձին մասնակցեց ավելի քան 22 հազար տղամարդ: Ոչ մի կին: Բժիշկները սկսեցին ասպրիրին նշանակել անխտիր բոլորին: Եվ շատ ուշ պարզվեց, որ այն կանանց վրա բոլորովին այլ ազդեցություն է ունենում, ավելի ճիշտ` ոչ մի ազդեցություն չի ունենում, կանանց դեպքում այն  պարզապես անօգուտ միջոց  է:

Մի սխալ ևս կապված է խոլեստերոլի մակարդակը կարգավորող դեղամիջոցների հետ: Կարծիք կար, որ դրանք կանանց վրա ազդեցություն չեն ունենում: Նման եզրակացություն էր արվել, քանի որ փորձարկումներին շատ քիչ թվով կանանց էին ներգրավել, բնականաբար, արդյունքները նույնպես աննշան էին: Ու միայն վերջերս հակառակն ապացուցվեց. բժշկությունը եզրակացրեց, որ բուժման նպատակով հարկավոր է հաշվի առնել գենդերային տարբերությունները:

Երկու տարի առաջ Նորթվեսթերնի համալսարանի գիտնականներն ապացուցեցին, որ կանանց 50%-ը տղամարդկանցից ավելի հաճախ է տառապում դեղորայքի կողմնակի հետևանքներից: Իսկ մյուս կեսի վրա դեղորայքը  չափից ավելի ազդեցություն է ունենում, ինչպես, ասենք,   դեղորայքի չարաշահման դեպքում: Սակայն  մինչ օրս դեղատոմսերում չի նշվում, որ կանանց ու տղամարդկանց դեղի տարբեր չափաբաժիններ պետք է  առաջարկել:

Ճիշտ է, գենդերային բժշկությունը նոր է սկիզբ առել, սակայն զարգանում է սրընթաց: Մասնագետները համոզված են, որ մի քանի տարի անց բժշկության այդ ճյուղն էլ ավելի կզարգանա ու տարբեր բուժում կառաջարկի տղամարդուն և կնոջը:

Ճիշտ մոտեցումը և գենդերային բժշկության տարանջատումը կհանգեցնի հիվանդների բուժման արդյունավետության: