Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

3181Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը Ազգային անվտանգության խորհրդի նիստում

Բարև ձեզ:

Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստում մենք քննարկելու ենք մեր երկրի էներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցեր: Կարևոր հարցեր: Մենք շարունակելու ենք ոլորտ առ ոլորտ այնպիսի լուծումներ գտնել, որոնք խթանելու են պետական շինարարության ողջ գործընթացը և նպաստելու են սահուն գործող միասնական համակարգի ստեղծմանը:

Այսօր դժվարությունները շատ են Հայաստանում: Ոչ ոք դա չի վիճարկում: Բայց ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: 2012 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2 տոկոս: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաև 2013 թվականին: Եվ սա տեղի ունի գնաճի ոչ բարձր և կառավարելի մակարդակի պայմաններում:

Այո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարևան բոլոր երկրներին: Ի համեմատություն բնական պաշարներով հարուստ մի շարք երկրների, այդ թվում նաև մեր հարևանների, Հայաստանում տնտեսական փոխակերպումը և տնտեսության դիվերսիֆիկացիան իրական պտուղներ են տալիս: Արդյունքում՝ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր:

Սա թույլ տվեց ի վերջո վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում` տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին: Նախաճգնաժամային թողարկման և եկամուտների մակարդակը հնարավոր է եղել ապահովել նախկինում գերիշխող շինարարության ճյուղի՝ մոտ կիսով չափ ցածր թողարկման պայմաններում: Այսինքն` այս ընթացքում տնտեսության մյուս ճյուղերի աճը և զարգացումը փոխհատուցել և գերազանցել են շինարարության ոլորտի կրճատումը` առաջ բերելով արտադրության և ծառայությունների նոր ոլորտներ և տեսակներ, հանգեցնելով տնտեսության առավել առողջ կառուցվածքի: Եվ սա այն պայմաններում, երբ գրեթե կրկնակի աճել են նաև պետության եկամուտները: Այս փաստերն անհերքելի են և արձանագրվում են ոչ միայն մեր կողմից: Այսուհանդերձ, սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է բավարարված լինենք կամ անգամ գոհ: Իհարկե, ոչ:

Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր՝ արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչև, ասենք, արևային մարտկոցների հավաքում: Եվ այդպես շարունակ: Այսպիսի նախագծեր պիտի կարողանանք խրախուսել, ինչին և մենք ձեռնամուխ ենք եղել:

3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական և տնտեսական ականներն են սպառնում պայթել և պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ: Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարևան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Միայն այսպահային խրախճանքներ՝ սա է իրականացվող քաղաքականության տրամաբանությունը: Գոյացած գումարները խելահեղ արագությամբ մսխվում են միանգամյա օգտագործման ուղղություններով՝ տեսանելիություն ապահովող հսկայական շինարարական ծրագրերում, սոցիալական ծախսերի ֆինանսավորմամբ, ինչը վաղը ստիպված կրճատելու են, աշխարհի տարբեր ծայրերում հանուն մեկ երեկոյի ծափողջյունների միլիարդներ շաղ տալով: Այսինքն՝ գործեր, որոնք երկու քայլ առաջ հաշվարկողի համար ամեն ինչ պարզ են դարձնում:

Մյուս կողմից գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետևանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց: Չեմ կարծում, թե որևէ մեկը դրանում կասկածում է: Եթե երկու տարի առաջ ադրբեջանցի երիտասարդները վախենում ու լռում էին, այսօր արդեն թեկուզ փոքր խմբերով, բայց արդեն քննարկում են, որ խոսք ասելու ժամանակը շուտով գալու է: Իսկ վաղը շատ մոտ է: Այն վաղը, երբ այս երկրում էլ սոցիալական ցանցերը ժողովրդի թշնամի են հռչակվելու: Ես ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային, որովհետև այդ երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, սեփական ժողովրդի բարեկեցության խնդիրներով, սեփական հասարակության կառուցմամբ, կարծես թե լծվել են մեր դարդին դարման լինելու գործին, կարծես փորձում են մեզ խելք սովորեցնել, ինչպես ասացի, գարշահոտ պատկերացումներ տարածել մեր մասին:

Մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը և դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար: Եվ մենք այդ ճանապարհին ենք, որտեղ վայրկյան անգամ կանգնել չի կարելի: Չի կարելի հապաղել:

Ռուսերենի միջին միավորը` 11,08 է, երկու դիմորդ էլ 20 է ստացել

դիմորդԳԹԿ-ն հրապարակել է հունիսի մեկին  կայացած Ռուսերենի միասնական քննության գնահատականները:

Ռուսերենից քննություն է հանձնել  հայտագրված 1209 դիմորդներից 1139-ը: Միջին գնահատականը 11,08 է:

Այս տարի ռուսերենից առավելագույն` 20 միավոր է ստացել 2 դիմորդ կամ 0,2 տոկոսը:

Այս տարի ռուսերենից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 15 տոկոսը, 7,5-12 միավոր է ստացել դիմորդների 46 տոկոսը, 13-17 միավոր` 27 տոկոսը, 18-20 միավոր` 12 տոկոսը:

Վաղը ժամը 9-18-ը դիմորդները քննակենտրոններում կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները:

Նշենք, որ նախորդ տարի` 2012-ին ռուսերենի միասնական քննության միջին միավորը  10,3 էր: Նախորդ տարի որևէ դիմորդ 20 բալ չէր ստացել, իսկ 17,5-20 բալ էր ստացել դիմորդների ընդամենը 2,7 տոկոսը: Նախորդ տարի ավելի շատ էր նաև անբավարար ստացողների թիվը` 22 տոկոս:

Արտգործնախարարի հանդիպումները Վաշինգտոնում

385. Minister Nalbandian meets Congress Armenian CaucusՀունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մի շարք անդամների հետ՝ համանախագահներ Ֆրենք Փալոունի ու Մայք Գրիմի գլխավորությամբ:

Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց գործունեության համար, կարևորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոնգրեսականները ներկայացրեցին հանձնախմբի աշխատանքները և առաջիկա ծրագրերը և նշեցին, որ շարունակելու են իրենց գործունեությունը՝ ի նպաստ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև բարեկամության զարգացման:

Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Դանիել Յոհանեսի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց  կորպորացիայի կողմից Հայաստանում ծրագրերի վերսկսման հնարավորությունը:

Էդվարդ Նալբանդյանի վաշինգտոնյան այցի օրակարգում էր նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթը Միացյալ Նահանգների մայրաքաղաքի առաջատար քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնում:

Նախարարի ելույթին ներկա էին պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, Միացյալ Նահանգներ իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Վաշինգտոնում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը առանձին հանդիպումներ ունեցավ նաև Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչների հետ։

Ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանն ուղևորվեց Վիեննա, ուր հունիսի 6-ին նախատեսված է նրա ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդում՝ որպես Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ։

Գնդապետ Բուդաղյանի վիճակը կայուն ծանր է, սակայն նկատվում է ապաքինման դրական դինամկիա

բուդաղյանՍուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն նկատվում է ապաքինման դրական դինամիկա. այս մասին այսօր լրագրողների հետ  հանդիպմանն ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ , փոխգնդապետ Արամ Ասատուրյանը:

Նրա խոսքով` Բուդաղյանի կյանքին վտանգ չի սպառնում,  գիտակցությունը տեղում է,   կարողանում է հարազատների հետ շփվել, սակայն շփումները սահմանափակված են: Նաև դեռևս ի վիճակի չէ ցուցմունք տալու:

Փոխգնդապետն ասաց, որ առաջիկա օրերին, երբ Բուդաղյանի վիճակը  բարելավվի, նրան վերակենդանացման բաժանմունքից  սովորական  հիվանդասենյակ կտեղափոխեն:

 

Նյու Յորքում 100 հրեա դպրոցականներ հեռացվել են ինքանթիռից իրենց հեռախոսները չանջատելու համար

s1Հրեա ավագ դպրոցականների  մեծ խմբին հեռացրել են ինքնաթիռից, երբ նրանցից ոմանք հրաժարվել են անջատել իրենց հեռախոսները:

Երկուշաբթի օրը 100 աշակերտից  բաղկացած խումբը և իրենց ուղեկցորդները հեռացվել են Նյու Յորքից Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաք թռչող ինքնաթիռից:

SouthWest ավիաուղիներից MailOnline-ին տեղեկացրել են, որ ինքնաթիռի մեջ կային 137 ուղևոր, որից 108 հեռացվել են:

Ուսուցիչները պնդել են, որ օդանավակայանի անձնակազմը չափից շատ մեծ արձագանք է տվել դեպքին: Դպրոցականներին  ուղեկցողները ևս հեռացվել են:

Աշակերտներից  մեկի կարծիքով նման դեպք չէր լինի, եթե իրենց փոխարեն աթեիստ դպրոցականների  խումբ լիներ:

Ըստ օդանավակայանի տեղեկությունների` ուսանողները օդանավի մեջ հանգիստ չէին նստում և օգտագործում էին իրենց հեռախոսները, ուստի իրենք ստիպված են եղել թռիչքը հետաձգել:

Դպրոցի տնօրենի տվյալներով` աշակերտներն  իրենց այդքան էլ վատ չեն պահել` ավելացնելով, որ իրենք այդ  խմբերի հետ բազմաթիվ անգամ ճամփորդել են և նման ոչ մի դեպք չի գրանցվել:

 

Ադրբեջանում ավագ գիտաշխատողը ցածր աշխատավարձի պատճառով ինքնասպան է եղել

2 (4)Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) ավագ գիտաշխատող Թալիբով Շահլար Թալիբօղլուն ինքնասպանություն է գործել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, գիտաշխատողն ինքնասպանությունից առաջ նամակ է գրել, որում նշել է, որ այդ քայլին դիմում է ֆինանսական խնդիրների, կյանքից հոգնելու պատճառով: Ըստ կայքի`գիտաշխատողին “սպանել է” ցածր աշխատավարձը:

ԱԳԱԱ-ի Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Իլհամ Ալեքփերովը հաստատել է, որ ինստիտուտում  նման աշխատակից եղել է: Սակայն տնօրենին տեղեկացրել էին, որ Թալիբովը մահացել է սեփական մահով:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Արդեն ստեղծվել են լուրջ խնդիրներ Էրդողանի կառավարության համար

DSCN3961Այսօր « Արմատ» մամուլի ակումբում արաբագետ Արմեն Պետրոսյանը և թուրքագետ Լևոն Հովսեփյանը լրգարողների հետ քննարկեցին հարևան Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները: Արաբագետը իր խոսքում շեշտեց այն, որ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները մեծապես տարբերվում են «Արաբական գարուն» ապրած երկրներում արդեն ավարտված պրոցեսներից: Նա նշեց, որ դժվար է ասել, թե Թուրքիայի այդ շարժումը ինչպես կզարգանա:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ նկատեց, որ շարժումը վերջին օրերին ասես փոքր ինչ մարել է, սակայն ակնհայտ է, որ արդեն իսկ հասցրել է լուրջ խնդիրներ ստեղծել Էրդողանի կառավարության համար` հատկապես, եթե նկատի ունենանք, որ շարժմանն են միացել որոշ քաղաքների իշխանություններ, որոնց դերը երկրի կյանքում բավական կշիռ ունի:

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկ է մեկնել

սեյրան Օհանյան2013թ. հունիսի 5-ին Մինսկում (Բելարուսի Հանրապետություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մինսկ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստում կքննարկվեն ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերբերող քսանից ավելի հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ:

 

ԱՄՆ-ն Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել նույնիսկ խաղաղ նպատակ հետապնդող ցույցերին մասնակցելուց

1 (4)ԱՄՆ Պետդեպարտամենտը խնդրել է Թուրքիայում գտնվող ամերիկացիներին չմասնակցել ցույցերին և ուշադիր հետևել երկրում տիրող իրավիճակին, հաղորդում է “ՌԻԱ Նովոստի”-ն:

“ԱՄՆ քաղաքացիները, որոնք ճանապարհորդում կամ ապրում են Թուրքիայում, պետք է ուշադիր լինեն բռնության հնարավորությունների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ցույցերից և մարդկանց կուտակումներից։ Նույնիսկ խաղաղ նպատակ հետապնդող ցույցերը կարող են վերաճել բռնության”,- հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Թուրքիայում ամերիկացիների վրա հարձակումներ չեն եղել, սակայն ԱՄՆ քաղաքացիները հայտնվել են թուրքական ոստիկանության կողմից ձերբակալվածների թվում։

Ամերիկացիներին խորհուրդ է տրվել գրանցվել Պետդեպարտամենտի հատուկ ծրագրում, որը թույլ է տալիս ճանապարհորդողներին հրատապ հաղորդագրություններ ստանալ ամերիկյան իշխանություններից։ Ամերիկացիներին խնդրվում է նաև կապվել Անկարայում ԱՄՆ դեսպանատան, Ստամբուլում, Ադանայում և Իզմիրում հյուպատոսությունների հետ։

Կառավարությունը քաջատեղյակ է երկրի խնդիրներին, իսկ այ լուծումների հարցում, կարծես, հստակությունը պակասում է

DSCN3954«Հայացք» մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և տնտեսագիտության թեկնածու Բագրատ Ասատրյանը այսօր անդրադարձան երկրի  սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:

Բագրատ Ասատրյանը նկատեց, որ կառավարության բոլոր խոստումները այնքան ուռճացված են, որ թերևս չեն իրականանա,  եթե դրան էլ ավելացնենք գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումները, որոնց կհետևեն լայնածավալ թանկացումներ ողջ շուկայում ու նկատի ունենանք աճող արտագաղթն ու ծնելության մակարդակի անկումը, ապա շուտով  կկանգնենք այն փաստի առաջ, որ Հանրապետական կուսակցության գործունեության արդյունքում մեր երկրում ծնվողների թիվը կլինի ավելի քիչ, քան մահացողներինը: Հակոբ Հակոբյանը միանշանակ համաձայնեց բարձրացված բոլոր խնդիրների հետ և հավելեց. «Թանկացումների ժամանակ պետության առաջնային ֆունկցիան է չթողնել, որ աղքատները տուժեն, դրա համար արդեն իսկ քննարկվում է աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման հարցը»:  Բագրատ Ասատրյանը  հակադարձեց` ասելով, որ պետության առաջնային ֆունկցիան է չթողնել, որ թանկացումներ լինեն, սակայն ԱԺ պատգամավորը նշեց, որ մեր կառավարությունը չէր կարող կանխել գազի թանկացումը, քանի որ այդ առումով մենք կախված ենք Ռուսաստանից ու դեռ երկար կախված կլինենք. «2013 թ-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կհասնի 45000-ի: Սա ուրվագծվող առաջին լուծումն է: Մյուս տարվանից ընդհանուր առմամբ կբարձրանան աշխատավարձներն ու կենսաթոշակները», – ասաց Հակոբ Հակոբյանը և հավելեց, որ խնդիրների լուծում իբրև պետք է փորձել նաև զարկ տալ արտահանմանը. «Ներմուծումը կրճատել է պետք, իսկ արտահանումը` կրկնապատկել»:

Հարցին, թե այս «պետք է» -ները, ով պետք է կյանքի կոչի, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Իրականացնողը իշխանությունն է, ընդդիմությունը պիտի պարտադրի, որ առաջինը իրականացնի, իսկ ԶԼՄ-ները պիտի  հետևեն պրոցեսին»:

Իզմիրում ձերբակալվել է 24 բլոգեր

2 (3) Թուրքիայում` Իզմիր քաղաքում, ձերբակալվել է 24 մարդ, ովքեր կասկածվում են սոցիալական ցանցերում անկարգություններ հրահրելու և հակակառավարական քարոզչություն տարածելու համար, հաղորդում է թուրքական “Դողան” գործակալությանը։

Եվս 14 բլոգեր հետախուզման մեջ է գտնվում։ Տեղի իշխանությունների համաձայն՝ ապօրինի գործունեության մասին ապացույցները հայտնաբերվել են նրանց համակարգիչներում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները ի սկզբանե պահանջում էին հրաժարվել քաղաքի “Գեզի” այգին հատելուց, սակայն շուտով ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների մեջ: Ստամբուլին միացել են նաև թուրքական այլ քաղաքներ: Թուրքիայում բախումները դեռևս շարունակվում են: Արդեն զոհվել է երկու մարդ:

Հավելենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն է խնդրել ցուցարարներից: “Ցույցի սկզբնական շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարողների դեմ կիրառված ուժը սխալ, անարդար էր: Այդ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում ”,- ասել է նա:

Մենք հո մեղավոր չենք, որ չենք զոհվել

DSCN3945

Ազատամարտիկ «Շուշի 92» ՀԿ-ի նախագահ Իշխան Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ազատամարտիկների խնդիրների մասին, հիշեցրեց`  կառավարությանն իրենք սոցիալական փաթեթ են ուղարկել, բայց պատասխանները իրենց   չեն  բավարարում: «Այսօր անտեսված են այն տղաները, որոնց շնորհիվ փառքով ծածանվում է մեր երկրի դրոշը:  Կառավարության որևէ անդամ մտե՞լ է նրանցից մեկի տուն և բացել սառնարանը` տեսնի նա ապրու՞մ է, թե՞ գոյատևում: Պետական այրերը  ազատամարտիկների կենացն են խմում ու ծաղիկ դնում զոհվածների շիրիմներին… այս ամենի կարիքը չունենք: Ավելի լավ է փորձեն շտկել կենդանի հերոսների սոցիալական վիճակը», – ասաց Իշխան Սարգսյանը և հավելեց, որ հաշմանդամ ազատամարտիկների վիճակը շատ  ավելի ծանր է, քանի որ տրված թոշակով անգամ անհրաժեշտ դեղորայք հնարավոր չէ գնել: «Ադրբեջանն ամեն կերպ աջակցում է իր մարդասպան հերոսին,  իսկ մե՞նք ինչ ենք անում»,- վրդովված ու հուզված ասաց ազատամարտիկը:

Ասուլիսի մյուս բանախոս, «Արաբո» հԿ-ի անդամ Հակոբ Հակոբյանի խոսքով էլ  այն հերոսները, որ չեն զոհվել պատերազմի ժամանակ, երբեմն իրոք նախանձում են զոհված ընկերներին. «Մենք հո մեղավոր չե՞նք, որ չենք զոհվել», – վրդովվեց Հակոբ Հակոբյանը:

 

Վրաստանում կարմրուկի համաճարակ է

epidemiaՀայաստանի Հանրապետության հարևան երկրներում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անհանգիստ է: Վրաստանում այս օրերին դիտվում է կարմրուկի համաճարակ:

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Համաձայն Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության (http://ncdc.ge) 2013 թվականի ընթացքում գրանցվել է կարմրուկի 4533 դեպք, որից 1357-ը հոսպիտալացվել են: Հիվանդացման դեպքերից 2726-ը արձանագրվել է Թբիլիսիում, որից 830-ը հոսպիտալացվել են: Գրանցված դեպքերի 432-ի մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ ախտորոշումը: Նշված ժամանակահատվածում մահվան ելքով գրանցվել է 2 դեպք` 11 ամսական և 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ:

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի համաճարակային իրավիճակը հանգիստ է՝ 2007 թվականից հիվանդացման դեպքեր չեն գրանցվել: Սույն թվականի մայիսի 24-ին հանրապետությունում գրանցվել է կարմրուկի բերովի դեպք՝ 5 տարեկան երեխայի մոտ, ով Վրաստանի բնակիչ է և ընտանիքի մյուս անդամների հետ հյուրընկալվում է Հայաստանում: Դեպքի կապակցության իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ՝ հանրապետությունում կարմրուկի տարածումը կանխելու նպատակով:

Հաշվի առնելով ամառային օրերին ՀՀ քաղաքացիների ակտիվ տեղաշարժը դեպի Վրաստան, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին և ակտիվ հանգստի մեկնողներին՝ ուղևորությունից առնվազն 4 շաբաթ առաջ պատվաստվել կարմրուկի դեմ՝ վարակվելուց զերծ մնալու և հանրապետություն հիվանդության ներբերումը կանխելու համար: Կարմրուկով վարակվելու տեսակետից բարձր ռիսկի խումբ են նախկինում չհիվանդացած (կամ հիվանդացած, սակայն լաբորատոր հետազոտության չենթարկված) և կարմրուկի դեմ գոնե մեկ դեղաչափ պատվաստում չունեցող անձինք, հատկապես 15-29 տարեկանները:

Հիշեցնենք. որ կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային համախտանիշով: Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է` գաղտնի շրջանի վերջին օրերից, ողջ կատառալ և որոշ չափով ցանավորման շրջանում: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ: Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ չհիվանդացած և չպատվաստված անձանց մոտ համընդհանուր է՝ մոտենում է 100%-ի: Վարակվելուց 5-6 օր հետո հիվանդի ինքնազգացողությունը խանգարվում է՝ բարձրանում է ջերմությունը, սկսվում է հազ, աչքերը բորբոքվում են, լույսի նկատմամբ դառնում են ցավոտ: Մի քանի օր հետո մարմնի ջերմությունը նորից բարձրանում է մինչև 39-40 աստիճան: Հիվանդի վիճակը զգալիորեն վատանում է՝ դիտվում է ընդհանուր թուլություն, քնկոտություն, հրաժարում սննդից, ի հայտ է գալիս ցանը՝ սկզբում դեմքին, ապա տարածվելով ամբողջ մարմնի վրա: Կարմրուկից մահացությունը պայմանավորված է բարդություններով՝ վաղ հասակում հիմնականում թոքաբորբեր, կարմրուկային կրուպ՝ շնչառության կանգով, իսկ դեռահասների մոտ` Էնցեֆալիտ, մենինգիտ, էնցեֆալոպաթիա:

Արվեստի այս գեղեցիկ ճյուղը Հայաստանում պետք է զարգանա

vardan amiryan 4Հայ աճպարարների միության նախագահ, միջազգային մոգերի միության անդամ Վարդան Ամիրյանը տարիներ առաջ Իսրայելից ժամանեց Հայաստան` աճպարարության արվեստը հայրենիքում զարգացնելու, սիրողականից պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու նպատակով: Շատերս նրան հիշում ենք թե՛ հեռուստատեսությունից, թե՛ ներկայացումներից:

Նրա առաջին  ուսուցիչն ու ներշնչանքն այս արվեստում եղել է  աշխարհահռչակ Հարություն Հակոբյանը: Վարդան Ամիրյանը եղել է Երևանի էստրադային քոլեջի առաջին շրջանավարտը, ուսանել նաև Սանկտ Պետերբուրգի բարձրագույն  ստեղծագործական վարպետության էստրադային արվեստի բաժնում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, արժանացել է «մոգության արքա» կոչման: Հայաստանում է 2005-ից: Մեկ տարի առաջ հիմնադրել  և ղեկավարում է Հայ աճպարարների միությունը: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը Վարդան Ամիրյանի հետ:

– Այսօր  հայտնի հայ աճպարարներից շատերն աշխատում են արտերկրում,  նրանց հաջողությունների մասին երբեմն տեղեկանում ենք: Պարոն Ամիրյան, ի՞նչը ստիպեց այդքան տարիներ Իսրայելում բնակվելուց հետո Հայաստան վերադառնալ:

– Իսրայելում անբարենպաստ իրավիճակ ստեղծվեց, երբ սկսվեցին ռմբակոծությունները: Շոուն արդեն աշխատում էր զբոսաշրջիկների համար: Ստեղծված իրավիճակի պատճառով զբոսաշրջիկների թիվը նվազեց, և դադարեց նաև մեր համատեղ աշխատանքը: Այնուհետև սկսեցի միայնակ աշխատել և Իսրայելում առաջին անգամ հիմնադրեցի աճպարարների դպրոց, որը գործեց մի քանի տարի և ունեցավ շուրջ երեք հազար սան: Կարոտը դաժան բան է: Եվ մի օր Հայաստան վերադառնալու միտքն իրականություն դարձավ: Թեպետ Իսրայելում ամեն ինչ լավ էր` վերադարձա: Ցանկություն առաջացավ նույն գործը կազմակերպել նաև հայրենիքում: Աճպարարության ճյուղը կարող էր Հայաստանում ավելի վաղ տարածվել ու զարգանալ, եթե վերացած լիներ կոռուպցիան ու մենաշնորհը: Մեր երկրում վաղուց տաղանդն ու շնորհը, մշակույթն ու արվեստը արժեզրկվել են: Կան շնորհաշատ երիտասարդներ, որոնք ստվերում են մնում: Այս տարիների ընթացքում կարողացա զարգացնել և արվեստի այս ճյուղի նկատմամբ սեր առաջացնել երիտասարդների շրջանում: Սկսեցինք բեմադրություններ իրականացնել: Այսօր շատ աղջիկներ և տղաներ տիրապետում են միկրոմագիայի ճյուղին, որն աճպարարության ժանրերից է և ցուցադրվում է  նեղ միջավայրում: Այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, որ նաև լիարժեք բեմադրություններ իրականացվեն:

– Ի՞նչնոր բացահայտումներ եղան միության գործունեության արդյունքում:

– Քանի որ ամբողջ աշխարհում կան և գործում են աճպարարության միություններ և կազմակերպություններ, նպատակ դրեցի հայրենիքում ևս հիմնադրել և զարգացնել արվեստի այս ճյուղը: Վերջապես ստեղծվեց այդ միությունը, որը համախմբում է աշխարհի բոլոր աճպարարության արվեստը սիրող հայերին: Միության բացումն արվեց անցած տարվա ապրիլի 1-ին: Պարզվում է, որ այս ժանրի շատ սիրահարներ կան մեր երկրում, որոնցից շատերին ես կտրել եմ իրենց ազատ կենսակերպից: Բացի արվեստի ճյուղ լինելուց, այն նաև դաստիարակչական մշակույթ է, քանի որ աճպարարը չի կարող խուլիգան կամ այլ վատ հատկանիշներով օժտված լինել: Աճպարարությունն ուսումնասիրելիս մարդը հարստացնում է իր գիտելիքները, ծանոթանում է գիտության տարբեր ճյուղերին՝ ֆիզիկայի, քիմիայի և այլն:

Խորհրդային տարիներին մենք ունեցել ենք հայտնի աճպարարներ Հայաստանում` Գևորգ Ղազարյան, Ռաֆայել Պետրոսյան: Իսկ այսօր Սոս Պետրոսյանի տղան՝ Կամո Պետրոսյանը, որ առաջին քայլերն ինձ մոտ է սկսել, աշխարհում, մասնավորապես Գերմանիայում բավական ճանաչված և սիրված աճպարար է, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աճպարարության մի ժանրի գերազանց տիրապետելու շնորհիվ: Նույնսիկ մանիպուլյացիայի ժանրին, որն ամենաբարդն է, երեխաները բավական լավ են տիրապետում, և վերջերս փոքրիկ Սոսերը դարձան աշխարհի չեմպիոն: Այս արվեստն աշխարհում շատ զարգացած և ընդունված է, օգտագործվում  է շոուներում, ինչը մեզանում բացակայում է: Հայաստանում շոուները սկսվում և վերջանում են միայն երաժշտական և պարային կատարումներով: Դա հոգնեցնող է: Շոուների մակարդակը բավական ցածր է, և ժողովուրդն այսօր ստանում է այն, ինչ իրեն հրամցնում են: Սեփական ուժերով հավաքել ենք այն երիտասարդներին, պատանիներին, որոնք մեծ սիրով հմտություններ են ձեռք բերում այս արվեստում:

–  Կնշե՞ք այն նախադրյալները, որոնց առկայությունը պարտադիր է աճպարարության արվեստի ճյուղին տիրապետելու համար:

– Դիմորդը պարտադիր երեք հնարք է ցուցադրում, եթե կարողանում է ճկուն լինել, մատներն աշխատեցնել և տրամաբանությունը քարացած չէ, ուրեմն նրա մեջ կա այդ շնորհը: Առաջին կարևոր նախապայմանը երևակայությունն  է,  երկրորդը` համբերատարությունը և սերը: Հնարք կա, որի ուղղությամբ նույնիսկ տարիներով է պետք աշխատել: Այս երեք գործոնների բացակայության դեպքում երեխան երբեք աճպարար չի դառնա: Այս արվեստն ուսումնասիրելու լավագույն տարիքն 9 տարեկանն է: Միությունում ուսումը երեք տարի է, որից հետո, հաջողություններ ունենալու դեպքում, սանը կարող է  անցնել փորձառուների շարքերը և դառնալ միության անդամ: Մինչ այդ երեխան հասցնում է մի քանի հնարքների տիրապետել և զարգացնել իր որոշ ունակություններ: Միության անդամ լինելը չի պարտադրում, որ նա հետագայում դառնա պրոֆեսիոնալ աճպարար: Միությունն ունի իր ներկայացուցչությունն ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Գերմանիայում, Հունաստանում: Նախատեսվում է դրանց թիվը մեծացնել:

 – Ի՞նչ  հեռանկար ունի մեր երկրում արվեստի այս ճյուղը:

– Աճպարարությունն աշխարհում արվեստի ամենագեղեցիկ ժանրերից է,  բայց մեր երկրում այն զարգացած չէ: Ինձ համար ցավալի է, որ հովանավորներ են գտնվում անորակ ու ոչ կարևոր նախագծերի իրականացման համար, բայց այս լուրջ ու գեղեցիկ ճյուղը մնում է  ստվերում, անտեսված: Այս ճյուղը Հայաստանում զուտ սիրողական հիմքերի վրա է, այն ավելի զարգացնելու համար պետք է զարգացած երկիր ունենալ: Այժմ դժվար է խոսել այն մասին, թե ինչ ճակատագիր կունենա աճպարարության ճյուղի զարգացումը, քանի որ առաջին լուրջ քայլերը նոր-նոր են ձեռնարկվում:

 – Քանի՞ հնարքի եք տիրապետում, և ճի՞շտ է, որ աճպարարները պետք է իրենց հնարքների հեղինակը լինեն:

– Աճպարարության ճյուղերը  շատ են, սակայն ամենատարածվածն ու կիրառելին իլյուզիան է, միկրոմագիան և ընդհանուր մոգությունը: Միայն խաղաթղթերով աշխարհում մոտ  7 հազար հնարք է  գրանցված: Ինչպես երաժշտության մեջ, աճպարարության մեջ էլ կան հնարք ստեղծողներ և պարզապես կատարողներ: Պարտադիր չէ, որ աճպարարը նաև հեղինակ կատարող լինի: Իմ հնարքներից բավական հետաքրքիր է հայկական տարազներով և հայկական գործիքներով բեմադրությունը: Իսկ թե որքան ժամանակ է պահաջվում մեկ հնարքի բեմադրության համար, դա կախված է հնարքի բարդությունից: Եթե այն կապված է մատների արագաշարժության հետ, ապա ավելի ժամանակատար է: Մի հնարքի բեմադրումը նույնիսկ կարող է 1-2 տարի տևել:

 – Կարծեմ ունեիք նաև հաղորդաշար, որը հեռուստադիտողին հնարավորություն էր տալիս ծանոթանալու աճպարարության արվեստի պատմությանը և միաժամանակ հնարքներ բացահայտել: Ինչո՞ւ դադարեցվեց նախագիծը:

– Այո, նման հաղորդում կար, սակայն դադարեցվեց հովանավորի բացակայության պատճառով: Հեռուստաընկերություններն առանց եկամտաբերության, սեփական միջոցների հաշվին չեն հեռարձակում նույնիսկ նման պահանջված հաղորդումներ:

 – Սպասվո՞ւմ են նոր նախագծեր:

– Պատրաստվում ենք առաջիկայում իրականացնել առաջին համահայկական աճպարարների փառատոն մրցույթը, որը հավանաբար տեղի կունենա այս տարվա աշնանը: Հայաստանի մշակույթի և պատմության մեջ այն կլինի աննախադեպ և առանձնահատուկ: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն հայ աճպարարներ, որոնցից լավագույնները  համաձայնվել են ընդգրկվել նաև ժյուրիի կազմում: Այն բոլորովին նորույթ  է լինելու հայ հանդիսատեսի համար, ներկայացվելու են իմ բոլոր նոր համարները, մեկտեղվելու են մոդեռնն ու ազգագրականը: Իսկ այժմ «32 ատամի»  անձնակազմի հետ որոշել ենք մի հետաքրքիր ներկայացում պատրաստել, որում մեկտեղվելու են կատակերգությունն ու աճպարարությունը: Հետաքրքիր մտահղացումներ կան, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն: Իսկ միջոցառման գաղափարն արդեն հավանության է արժանացել ակումբի տղաների կողմից: Կնոջս՝ Արևիկի հետ միասին պատրաստում ենք մի մոգական ներկայացում, որը կանվանենք մեր փոքրիկի՝ Եվայի անունով: «Եվա մաջիք» շոուն կընդգրկի աճպարարության արվեստի բոլոր ճյուղերը:

 Լ.Ն

 

Ռուսաստանում կատուն փորձել է բջջային հեռախոսներ մտցնել բանտի տարածք

c1Բոլորին հայտնի է, որ բանտարկյալները կաշառում են բանտապաններին բջջային հեռախոսներ իրենց հետ ներս տանելու համար:

Սակայն վերջին հինգ ամիսների ընթացքում գրանցվել է կատվին որպես մեղսակից օգտագործելու երկրորդ դեպքը:

Ռուսաստանի հյուսիսային հատվածում գտնվող բանտի պահակները բռնել են ցանկապատի վրայով երկու բջջային հեռախոսներ և հեռախոսի լիցքավորման սարքեր տանող կատվի:

Դաշնային բանտային ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել անցած ուրբաթ օրը, Կոմի շրջանի Սիկտիվկարա քաղաքի մոտակայքում գտնվող քրեական գաղութում:

Դեռևս պարզ չէ, թե կատուն ինչպես պետք է տեղ հասցներ իր վրա կապված բեռը:

Բանտի ներկայացուցչի տվյալներով` իրենք կատվին կպահեն այնքան ժամանակ, մինչև հետաքննության արդյունքում բանտարկյալներից չպարզեն, թե ում համար էին նախատեսված հեռախոսները:

Ավելի վաղ նման դեպք գրանցվել էր Բրազիլիայում, երբ Ալագաոս շրջանի Արպիրակա քաղաքի բանտում պատահաբար նկատել էին բանտի դարպասներից անցնող ժապավենով կապված մի կատվի:

Նրանք կատվի վրա հայտնաբերել էին հորատիչ, ականջակալներ, հիշողության քարտ, մարտկոցներ և հեռախոսի լիցքավորման սարք:

Նոր տարվա տոնին հաջորդած այդ դեպքի վերաբերյալ բանտի ներկայացուցիչը նշել էր, որ դժվար է պարզել է, թե ով է պատասխանատու դրա համար, քանի որ կատուն չի խոսում:

 

Թաիլանդում շունը փրկել է աղբանոց նետված փոքրիկին

i (3)Բանգքեվ ցեղատեսակի Պուի անունով շունը քաղաքային աղբանոցում պլաստիկե տոպրակ է հայտնաբերել, որում նորածին էր: Դեպքը կատարվել է Բանգկոկից 75 կմ հեռավորության վրա գտնվող Այյութայ նահանգում:

Խելացի շունն իր տիրոջ տուն է բերել նորածնով տոպրակը: Տերերը լսելով իրենց շան բարձր հաչոցը, դուրս են եկել ու տեսել ատամներով բռնած  տարօրինակ տոպրակը, որը բացելով հայտնաբերել են նորածին երեխա:

Փոքրիկին իսկույն մոտակա հոսպիտալ հասցրին:  Բժիշկները պարզեցին, որ երեխան թերհաս է.նա կշռում էր 2,2 կգ: Իշխանություններն արդեն սկսել են երեխայի ծնողների որոնումները: Պատճառները նույնպես փորձում են պարզել:

Երեխային փրկելու համար խելացի շանը պարգրևատրել են կաշեփոկով ու կարմիր խաչի տեղի ներկայացուցչության մեդալով: Շան տիրոջը դրամական պարգևավճար են հանռնել:

 

 

Սիրիայում քիմիական զենք է կիրառվել 4 անգամ

i (2)Ժնևում հրապարակվել է Սիրիայի գծով ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցը, որի համաձայն, այդ երկրում քիմիական զենք է կիրառվել 4 անգամ.հայտնի չէ սակայն, թե ում կողմից:

ՄԱԿ-ի հանձնաժողովի անդամ Կառլա դել Պոնտեն խոստովանել է, որ այնուամենայնիվ  քիմիական զենք կիրառում են զինյալները, սակայն կազմակերպությունում դրա մասին խոսել չի կարող: Նա հաստատել է, որ խաղաղ բնակիչների նկատմամբ թունավոր գազ են կիրառել զինյալները, սակայն զեկույցում դա չի արձանագրվել: Կողասրահում անվանի դատախազը խոստովանել է, որ իր վրա լուրջ ճնշում է գործադրվում:

“Ինձ սադրանքի է ենթարկել մի լրագրող: Այն պահին, երբ նա ասում էր, թե նախագահ Ասադը քիմիական զենք է կիրառում, ես այդ պահին կարդում էի այն պատասխանը, որում ասվում էր, որ քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունը կասկածելի տարրերի վրա է ընկնում, որոնք կապ ունեն ապստամբների հետ: Ես իսկույն պատասխանեցի լրագրողի վերն ասվածին, ինչը ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ”, պատմել է նա:

Նրա խոսքով, մահապատիժներն ու կտտանքները, որոնք իրականացնում են զինյալները, հիշատակվում են ի միջի այլոց: Զեկույցում չկա նաև այն դեպքի նկարագրությունը, երբ ընդդիմադիրը սպանված զինվորին անդամահատում ու սիրտն ու լյարդը դուրս է բերում.”Դա ծայրահեղ դաժանության դրսևորում է: Այո, ես տեսել եմ այդ կադրերը: Նման բաները չեն տեղավորվում գլխում: Ես նման բան չեմ տեսել անգամ Բալկանյան հակամարտության ժամանակ”,խոստովանել է նա:

Կառլա դել Պոնտեն մեկնաբանել է իրավիճակը,երբ ԱՄՆ-ը բազմիցս հայտարարեց, որ զենիթահրթիռային  С-300 համակարգերը կարող են խանգարել ժնևյան կոնֆերանսն անցկացնելուն:”Ես կարծում եմ, որ դա վտանգավոր է: Մատակարարված զենքը օգտագործվում է հանցագործություններ կատարելու նպատակով”,եզրափակել է ՄԱԿ-ի հանձնաժողովի անդամը:

Դերասան Մայքլ Դուգլասը պարզաբանել է իր խոսքը օրալ սեքսի ու կոկորդի քաղցկեղի կապի մասին

pic_b4d9ebb43e3f24076af9aacd5c81f1a1Դերասան Մայքլ Դուգլասը հրաժարվել է այն խոստովանությունից, որ իր մոտ ախտորոշված կոկորդի քաղցկեղի պատճառը օրալ սեքսն է: Դերասանի ներկայացուցչի խոսքով, Դուգլասը պատմել է, որ օրալ սեքսն ու կոկորդի քաղցկեղը կարող են կապված լինել, սակայն դա չի նշանակում, որ դերասանն իր հիվանդության դեպքի մասին է ասել:

Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի ձայնագրության մեջ “Ինչն է ձեր կարծիքով, ծանրաբեռնել ձեր օրգանիզմը.թմրանյութերը, ծխելը, ալկոհոլը” հարցին Դուգլասը պատասխանել է`”Ոչ, չեմ կամենում մանրամասների մեջ խորանալ, բայց  քաղցկեղի այս տեսակն առաջացել է մարդու պապիլոմավարակի պատճառով, որը փոխանցվել է կունիլինգուսի միջոցով”:

Իր հարցազրույցում Դուգլասը  ասել է նաև, որ օրալ սեքսը կարող է ինչպես պատճառ լինել կոկորդի քաղցկեղի, այնպես էլ լավագույն դեղամիջոցը: Նրա խոսքերը քննադատել է լոնդոնյան մի բժիշկ: Նա ենթադրել է, որ դերասանը կարծում է, թե վարակի հետ շփումը իմունիտետ է մշակում, “սակայն իրականում դա այդպես չէ”: Ընդ որում, բժիշկը հավելել է, որ պապիլոմավարակը իսկապես  փոխանցվում է օրալ սեքսի ժամանակ, սակայն առողջանալու շանսերը մեծ են:

Մայքլ Դուգլասը 2011-ին հայտարարեց հիվանդությունը հաղթահարելու մասին: Բուժման ընթացքում նա նիհարեց 20 կգ:

Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Սիթի»

ֆերimagesԴժվար է ասել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ավելի բարձրակարգ ակումբ կտեղափոխվի՞, թե՞ ոչ: Իսկ ահա,  դոնեցկի «Շախտյորի» նրա թիմակից Ֆերնանդինյոն տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Սիթի»: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա խաղացողի համար որպես փոխհատուցում պետք է վճարել 42,5 միլիոն ֆունտ ստերլինգ: Ի դեպ, անգլիացիները ցանկանում են  15 միլիոնով պակաս վճարել: Փաստն այն է, որ գործարքը բոլոր դեպքերում կատարվելու է:

Հավելենք, որ Ֆերնանդինյոն 2007-ին բրազիլական «Աթլետիկո Պարանենսեից»  տեղափոխվել  էր «Շախտյոր»:

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա հնարավոր է, որ նա համալրի անգլիական մեկ այլ թիմի` «Լիվերպուլի» կազմը: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է կազմել 22 միլիոն ֆունտ ստերլինգ:

“Միսս Չինաստան”-ին ազատել են Դորոնինի հետ կապի պատճառով

7“Սև հովազի” հետ հարաբերությունները դադարեցնելուց հետո, ռուսաստանցի օլիգարխ Վլադիսլավ Դորոնինը սիրավեպ է սկսել երկարաոտ մոդել Լուո Զիլինի հետ: Նա “Միսս Չինաստան-2011” ի տիտղոսակիրն է:

“Կապիտալ գրուպի” 50-ամյա տիրոջ ու 25-ամյա չինուհու հարաբերությունները խաչ դրեցին աղջկա կարիերային այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին վերջինիս լուսանկարները:

Նյու Յորքի մոդելային MIX Model  գործակալության նախագահը հայտնել է, որ իրենք պայմանագիրը չեղյալ են հայտարարել.”Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այսուհետ Լուո Զիլինի հետ չենք համագործակցելու մի քանի պատճառով”: Գործակալության ղեկավարի խոսքով, համագործակցությունը դադարեցվել է նախորդ շաբաթ` մադելի “ոչ պրոֆեսիոնալ վարքագծի ու աշխատանքային վարքականոնը խախտելու պատճառով”:

Չինական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, մոդելն իր պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 2003-ին` ոգեշնչվելով Սինդի Քրոուֆորդի կենսագրությամբ: Կարճ ժամանակում նա կարողացել է անվանի դիզայներների սրտերը գերել ու հայտնի բրենդեր ներկայացնել(Chanel, Bvlgari, Cartier, Gucci, Guess, Armani, Ferragamo, Versace, Bottega Veneta, Louis Vuitton, Marc Jacobs, Chloe):

400Նա մեծ ճանաչում ձեռք բերեց այն ժամանակ, երբ իր երկիրը ներկայացրեց “Միսս Տիեզերքի” 60-րդ մրցույթին ու զբաղեցրեց 4-րդ տեղը:

Իսկ Դորոնինը մի քանի ամիս է , ինչ  Նաոմի Քեմբլի հետ հարաբերությունները դադարեցնելու պատճառով հայտնվել է պապարացցիների ուշադրության կենտրոնում: