Monthly Archives: July 2013
“Բորբոքված կրքերը հանդարտեցնելու նպատակով քաղաքապետը ճիշտ կանի աշխատանքից ազատի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին”.Վահե Ղազարյան
Հեռուստալրագրող Վահե Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում շատ ճիշտ առաջարկություն է անում.
“Եթե Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում պարզվեր, որ տրանսպորտի ոլորտը կարգավորող առանցքային դեմքերից մեկը ունի երթուղային գիծ /աղբույրը` hetq.am/, վաղուց արդեն ազատված կլիներ զբաղեցրած պաշտոնից: Եվ սա, լավագույն դեպքում: Բորբոքված կրքերը հանդարտեցնելու նպատակով քաղաքապետը ճիշտ կանի աշխատանքից ազատի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Դա հնարավորություն կտա նաև ինչ որ առումով վերականգնել քաղաքապետարանի սասանված իմիջը, չէ որ հետագայում տրանսպորտի ոլորտում ծագած այս կամ այն հարցի շուրջ` Նավասարդյանի մեկնաբանությունները շատերը ընկալելու են սուբյեկտիվ տեսանկյունից` միաժամանակ վերհիշելով վերջինիս զայրացած դեմքն ու մեղմ ասած անպարկեշտ արտահայտությունը”:
Արցախում զինծառայող է զոհվել
Երեւանի տրանսպորտի վարչության պետը գծատեր է
Հասարակական տրանսպորտի թանկացումից հետո Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի ամենաակտիվ պաշտոնյան է, ով ամեն ինչ անում է՝ քաղաքացիական բողոքը լռեցնելու եւ ակցիաները խափանելու համար: Պատճառն այն է, որ քաղաքացիների բողոքը կարող է լսելի դառնալ վերին օղակներում, ինչը վնաս կհասցնի Հ. Նավասարդյանի ընտանեկան բյուջեին:Այս մասին տեղեկանում ենք “Հետքից”:
Բանն այն է, որ Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18 ավտոբուսային երթուղին: Այն սպասարկում է «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի 22-ամյա որդին է` Անդրանիկ Նավասարդյանը: Նա 2012 թ. նոյեմբերից ընկերության 100 % սեփականատերն է, իսկ մինչ 2012 թ. ապրիլ ամիսը 2 տարի ընկերությունը ղեկավարել է ավագ որդին` Էդգար Նավասարդյանը: Անդրանիկ Նավասարդյանը 2008-ից մինչեւ 2013 թ. մայիս ամիսը եղել է նաեւ «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրանց ազգականը` Արտակ Նավասարդյանը:
Պարզ է, որ այս ընկերության իրական սեփականատերը հենց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան է:
Նավասարդյանների ընտանիքը ամբողջության ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ:
Բանն այն է, որ նրա միջնեկ որդին` Դավիթ Նավասարդյանն էլ զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով: Նրան է պատկանում «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2011 թ.-ին:
Ըստ ընկերության կայքում հրապարակված գնացուցակի` կախված ավտոբուսի վրա փակցվող գովազդային պաստառի քմ-ից, պայմանագրի երկարաժամկետ լինելուց եւ ավտոբուսների քանակից` մեկ «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վրա գովազդ տեղադրելու գինը մեկ ամսվա համար կազմում է 100.000-130.000 դրամ, իսկ գովազդային պաստառի 1 քմ արժեքը 5.000-6.000 դրամ է: Մեկ միկրոավտոբուսի արժեքը մեկ ամսվա համար 25.000 դրամ է, իսկ գովազդային պաստառի 1 քմ գինը` 6.000 դրամ: Ի դեպ, միկրոավտոբուսների գովազդը 40-ից պակաս չի կարող լինել:
Հենրիկ Նավասարդյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, որովհետեւ քաղաքապետարանը «բլոկ» է արել նրա հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները: Նրա ընդունարանից պատասխանեցին, որ լրատվության բաժնի հետ համաձայնեցնենք նոր միայն խոսենք Հ. Նավասարդյանի հետ: Իսկ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, թե իրենց կարգի համաձայն, հարցերը պետք է գրավոր ուղարկենք իրենց, որպեսզի քննարկեն նոր միայն որոշեն հնարավոր է հարցազրույց վարել, թե ոչ:
Գրիշա Բալասանյան
«Ժամանակն է՝ շփվեք սովորական մահկանացուներիս հետ». Էդիկ Բաղդասարյան
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գտնում է, որ Տարոն Մարգարյանը պետք է ներողություն խնդրի երևանցիներից, չեղյալ հայտարարի տրանսպորտի գների բարձրացման որոշումը և աշխատանքից ազատի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտը կարգավորող բոլոր պաշտոնյաներին: Ըստ նրա՝ լավ կլինի, եթե քաղաքապետը դա անի մինչև «Տարոն սիրուն չի» իրավիճակին հասնելը: Էդիկ Բաղդասարյանը այս թեմայով ֆեյսբուքյան իր էջում կատարել է ևս երկու գրառում.«Այսօր Ավանից ավտոբուսով իջա: Հասկացա որ ավտոբուսի մեջ մեկը պետք է լինի, որ խոսի ուղեվարձի բարձացման մասին, որպեսզի մարդիկ չվճարեն: Մեր ավտոբուսում մի կին կար, սկսեց խոսել այդ թեմայով: Ասաց, որ ինքը չի ուզում Հայաստանը լքել և վճարելու է 100 դրամ: Վարորդը թե` բա ես որտեղից վճարեմ մնացածը: Կինը ասաց` պետք չի վճարել, դուք ընդամենը ասեք, որ մարդիկ չեն վճարել: Եւ ավտոբուսի տարբեր հատվածներից սկսեցին վարորդին բացատրել, հասկացնել, որ ինքն էլ պիտի պայքարի: Ավանից իջնող ավտոբուսն է: Ավտոբուսն էլ անցնում է քաղաքապետի առանձնատան դիմացով: Քաղաքապետի առանձնատան դարպասի դեմը կանգնած են երկու մեքենա, մեկի մեջ թիկնապահներն են: Այդքան էլ այդպես չէ, երբ ասում են՝ Ավանում Տարոնին սիրում են, այս ավտոբուսում ինչ ասես չէին ասում նրա մասին: Ու շրջանային չհասած ավտոբուսը նմանվեց «եռացող կաթսայի»: Ու այդ ավտոբոսի մեջ մեկը չկար, որ պաշտպաներ Տարոնին: Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակիցները ծառայողական մեքենաներ չպետք է ունենան և այդ միջոցները, որ այսօր հատկացված է այդ նպատակով, պետք է ուղղվեն քաղաքային տրասպորտի վրա: Ժամանակն է՝ շփվեք սովորական մահկանացուներիս հետ»։
Գողն աճյունամոխիրը շփոթել է կոկաինի հետ
Թեննեսի նահանգի 28-ամյա բնակիչը հարևանի տուն է սողոսկել և գողացել արյունամոխրով սափորը: Հետո պարզվեց, որ դա տանտիրոջ մոր աճյունասափորն է: Դրանից հետո գողը թաքնվել է իր տատի բնակարանում, իսկ երբ նրան ոստիկանությունը հայտնաբերեց,բնականաբար տատը սկսեց թոռանը պաշտպանել: Նա չհերքեց, որ թոռն իսկապես գողություն է կատարել, սակայն ասել է, որ խեղճն ամենևին մտադրություն չուներ հանգուցյալի հիշատակը վիրավորել: Երիտասարդը կարծել է, թե տուփի մեջ թմրանյութ է: Եիտասարդին ձերբակալել են, իսկ տատը փորձում է նրան արդարացնել, ասելով, որ թոռը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:Նա հավատացրել է, որ թոռը երբեք միտումնավոր աճյունասափոր չէր գողանա: Այս խոսքերը հաստատել է նաև երիտասարդի մայրը:
Ոստիկանության տեղեկացմամբ, գողը չի հասցրել սափորի պարունակությունը փրձել, քանի որ սափորի վրա կպցված հանգուցյալի անուն-ազգանունով թուղթն անվնաս է:
Սա եզակի դեպք չէ, երբ գողերն աճյունասափորը շփոթում են թմրանյութի գաղտնարանի հետ: 2010-ին Ֆլորիդայի նահանգից 3 բնակիչ գողացել էին մարդու ու շան աճյունասափորներ ու առանց հապաղելու փորձել դրանց պարունակությունը:
Կարեն Անդրեասյանը` Հրաչյա Հարությունյանի վիճակի մասին
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ռուսական Life News-ին տված հարցազրույցում պատմել է “Մատրոսսկայա տիշինա” քննչական մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի վիճակի մասին.
“Հարությունյանի ձերբակալության կադրերը Հայաստանում քաղաքացիների վրդովմունքն են առաջացրել: Սակայն, այսօրվա հանդիպման ժամանակ ես տեսա, որ Հարությունյանը համապատասխան էր հագնված, սափրված էր ու կուշտ: Նա ինձ տեղեկացրեց, որ ապահովված է ամեն անհրաժեշտով”:
Իրավապաշտպանը նաև այն միտքն է հայտնել, որ Հարությունյանի արտահանձնումն այս պահին անհնար է. “Ես կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել արտահանձնման մասին: Ռուսաստանի դատարանը պետք է դեռևս դատավճիռ կայացնի: Երբ մեղադրեն, այնժամ հայկական կողմը կարող է Հարությունյանին տեղափոխել հայրենիք` պատիժը կրելու”:
46-ամյա Հրաչյա Հարությունյանը մեկուսարանի բուժկետում է, քանի որ առողջական վիճակի հետ կապված բողոքներ ունի: Քննիչներին այդպես էլ դեռևս չի հաջողվել նրան հարցաքննել:
Life News
Գանձախույզները ծովի հատակից 35 մլն դոլարի արծաթ են դուրս բերել
Ամերիկացի գանձախույզները ծովի հատակից 35 մլն դոլար արժողությամբ արծաթյա ձուլակտորներ են հանել: Թանկարժեք բեռը դուրս է բերվել 1941-ին խորտակված Gersoppa նավից:
Այն արծաթով բեռնված դուրս է եկել Կալկաթայի նավահանգստից ու խորտակվել գերմանական սուզանավի կողմից` Իռլանդիայի ափերից 500 կմ հեռավորության վրա: Փրկվել է միայն կապիտանի օգնականը: Նավը հայտնաբերվել է 2 տարի առաջ:Ամերիկյան ֆիրման ստորջրյա ռոբոտներով սկսել է արժեքավոր բեռի վերհանումը: Հաջողվել է դուրս բերել ձուլակորների 99%-ը, հայտնում է “Россия 24”-ը: Գտածոյի մեկ հինգերորդ մասը կստանա բրիտանական կառավարությունը, իսկ մնացածը գանձախույզներին կմնա:
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը
Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներում արձանագրած առաջընթացի շուրջ։
Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովից անցած երկու տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել համագործակցության բոլոր հիմնական ոլորտներում՝ Ասոցացման համաձայնագրի, մարդկանց շարժունակության, Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունների։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող համագործակցությունը՝ իրականացվող բարեփոխումների խթանման համար։ Նա շեշտեց, որ միջազգային կառույցների վերջին զեկույցները արձանագրում են Հայաստանի առաջընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը և այլն։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Երևանում սեպտեմբերի 12-13-ը կայանալիք Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը զուգահեռ տեղի կունենա կրթության բնագավառին նվիրված բարձր մակարդակի հանդիպում։
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Գանսու նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել աղետի հետևանքները:
Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` մաղթում եմ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։
Հնդկաստանի հարավում շենք է քանդվել. կան զոհեր
Առնվազն 5 մարդ, այդ թվում` 2 երեխա են զոհվել Հնդկաստանի հարավում գտնվող Հայդարաբադում, շենքի փլուզման հետևանքով:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ շենքի պատը քանդվել ու ընկել է հարևանությամբ գտնվող 2 խրճիթների վրա: Ենթադրվում է, որ փլուզման պատճառը տեղատարափ անձրևն է, որը չի դադարում կիրակի օրվանից: Հնդկաստանում ԶԼՄ-ների հաղորդմամբ, նման փլուզումները հաճախադեպ են` շինարարական խախտումների պատճառով: Այս ամսիս, կրկին Հայդարաբադում, շենքի փլուզումը 12 մարդու մահվան հանգեցրեց:
Մուրսիի զավակները Եգիպտոսի բանակը մեղադրում են հորն առևանգելու մեջ
Մուհամեդ Մուրսիի զավակները Եգիպտոսի զինվորականներին մեղադրում են պետության ընտրված ղեկավարին առևանգելու մեջ:Մուրսիի դ ուստրը` Շայման, երկուշաբթի Կահիերում տեղի ունեցած մամլո կոնֆերանսում ասել է, որ նախկին նախագահի ընտանիքն իրավաբանական քայլեր է նախապատրաստում բանակի դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ` սահմաններից դուրս.”Մենք իրավաբանական քայլեր ենք ձեռնարկում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով` արյունալի հեղաշրջման պարագլուխ Աբդուլահ Ֆաթահ Սիսիի ու խռովարարների խմբի դեմ”:
Հայտնի եգիպտացի փաստաբան, Մուրսիի կողմնակից Մուհամեդ Դամաթին նույնպես տապալված նախագահին առանց մեղադրանքի ձևակերպման պահելը համարում է նրա իրավունքների խախտում: “Մահմեդական եղբայրները” նոր կառավարությունը չեն ընդունում: Ակտիվիստներն ու շարժման կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիան:
Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ից գտնվում է զինվորականների հսկողության ներքո, գաղտնի վայրում:
Մի քանի երկիր, այդ թվում Եգիպտոսի ռազմական հովանավոր Միացյալ Նահանգները,գեներալներին հորոդորում են ազատ արձակել Մուրսիին:
Նոր իշխանությունները հավատացնում են միայն, որ Մուրսին անվտանգ տեղում է:
Կոլումբիայի ու Վենեսուելայի նախագահները կրկին հաշտվել են
Կոլումբիայի ու Վենեսուելայի նախագահները պայմանավորվել են, որ համատեղ աշխատելու են երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Լարվածությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը մայիսին Բոգոտայում համաձայնեց հանդիպել վենեսուելական ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի հետ: Վերջինս աջակցություն էր որոնոմ ապրիլյան ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար, որի ժամանակ նա գործող նախագահ Նիկոլա Մադուրոյից չնչին տարբերությամբ հետ մնաց:
Վենեսուելական սահմանամերձ քաղաքում հանդիպման ընթացքում,Մադուրոն ու Սանթոսը որոշեցին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային խմբեր ստեղծել անվտանգության ու առևտրի վերաբերյալ հարցերը քննարկելու համար:
Բրազիլիայում, Հռոմի պապի ժամանման նախօրեին ռումբ է հայտնաբերվել
Սան-Պաուլուի տաճարում, ուր Հռոմի պապը չորեքշաբթի պատրաստվում էր այցելել, ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել:
Այն երկուշաբթի հայտնաբերվել է Ապարեսիդայի տիրամոր տաճարում, ավտոտնակային համալիրի լոգասենյակում: Ռումբն իսկույն վնասազերծվել է:
Հռոմի պապն առաքելական այցով Բրազիլիայում է հուլիսի 22-ից: Երկրով ուղևորության ընթացքում, նա ելույթ է պլանավորել Ռիո դե Ժանեյրոյի լողափին, երիտասարդության առջև, ինչպես նաև այցելություն Բրազիլիայի ետնախորշերից մեկը:
Սա Հռոմի պապի առաջին այցելությունն է այլ երկիր` նշանակման պահից:
Մահվան ելքով վրաերթ Չարենցի փողոցում
Հուլիսի 22-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 38OS858 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Ա. Գ.-ին, ով ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ և մահացել է:
Հրապարակվել են Սատուրնից արված Երկրի առաջին լուսանկարները
Ուրբաթ կեսօրին աստղագիտության հազարավոր երկրպագուներ նայում էին երկնքին և դիրքեր ընդունում նկարվելու համար, քանի որ այդ ժամանակ երկիր մոլորակը նկարվում էր Սատուրնից:
898 միլիոն մղոն հեռավորությունից արված այդ լուսանկարները նոր են տեղ հասնում:
Որոշ նկարներում Երկիրը երևում է որպես Սատուրնի ետևում երկինքը լուսավորող Բևեռային աստղից մի փոքր մեծ կետ:
Այս լուսանկարները արվել են Cassini տիեզերանավի միջոցով, որը 2004թ-ից ի վեր շրջում է Սատուրնի շուրջը:
Մինչ այս հեռավոր տիեզերքից երկիրը լուսանկարվել է երկու անգամ՝ առաջինը 3.7 միլիարդ մղոն հեռավորությունից Voyager 1-ի միջոցով 1990թ-ին արված լուսանկարներն էին, իսկ մյուսը՝ 2006թ-ին 926 միլիոն մղոն հեռավորությունից Cassini-ի միջոցով արված լուսանկարն էր:
Շաբաթ օրը Սատուրնից ստացված նկարները աշխատակազմի համար դժվար էր տարբերակել, քանի որ դրանք արված են եղել տարբեր անկյուններից, իսկ տիեզերանավը դրանք նկարել էր շարժման ընթացքում:
Արգենտինայի Բարիլոչե ատոմային կենտրոնից ֆիզիկոս Գիլերմո Աբրամսոնը Tweeter-ի իր էջում տեղադրել է մոտավորապես 900 միլիոն մղոն հեռավորությունից արված Երկրի լուսանկարները:
Լուսանկարելու հիմնական նպատակը 2006թ-ի համեմատությամբ Սատուրնի փոփոխվող օղակները ուսումնասիրելն է եղել:
«Չեմ բողոքում» մոնոներկայացումը տղամարդկանց էր ուղղված
«Հայ կնոջ մոտ շեշտված է`տուն, խոհանոց, երեխա, անտարբեր ամուսին: Իմ ամենաթանկ գործն է, որն արել եմ մինչ այսօր: Ներակայացումս կատարելագործվելու շատ տեղ ունի, բայց կարծում եմ սրանով ինչ որ մեկին որեւէ բան կարող եմ ասել»,-այսօր «Չեմ բողոքում» խորագրով բարեգործական մոնոներկայացման մասին մեզ հետ զրույցում նշեց գլխավոր դերակատար Լիաննա Վարդանյանը:
Ներկայացումն ըստ Դարիո Ֆոյի եւ Ֆրանկո Ռամեյի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» պոեմի հիման վրա էր: Պատմում էր մի կնոջ մասին, ով իր կյանքն ու երազանքները նվիրել է իր ընտանիքին, իր զավակներին, իսկ սեփական երջանկության համար ժամանակ չի գտել.
«Ցուցադրում եմ իրականությունը. ինչ է ուզում կինը` հանձնվել ու ապրել քառակուսու մեջ, թե ազատվել այդ վանդակից ու հասնել երազանքներին»:
Դերասանուհին պնդում է, որ հայ կինը ձգտում է շատ մեծ ազատության, բայց այդ ազատության մեջ դառնում է ինքն իր գերին, չհասկանալով, թե որն է ազատությունը:
Հայ կնոջ համար ինքնագնահատականն է կարեւոր: Ներկայացումը տղամարդկանց է ուղղված, կինը իր հանձնված ճակատագիրը լավ գիտի.
«Դժվար է բեմում միայնակ խաղալ, բայց այնուամենայնիվ դու գիտես, որ պատասխանատվություն ու անկախություն ունես, ամեն վարկյանը պետք է լցնես, դատարկ ոչինչ չթողնելով»:
Ներկայացումը բարեգործական էր: «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները ցանկացել են ներկայացումից ստացված ողջ հասույթն ուղղել 6 ամյա Մարիամի բուժմանը: Սա թվով 6-րդ խոշոր մշակութային միջոցառումն էր, որ կազմակերպվել է:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Դիանա Բուլղադարյանի խոսքով Մարիամը հիվանդ է Կռուզոնի գանգադիմային դիզոստոզ հիվանդությամբ եւ նրան անհրաժեշտ է շտապ վիրահատել.
«Հիվանդությունը շատ հազվագյուտ է, ցավոք, Հայաստանում երեխային բուժել չեն կարողանում: Այդ իսկ պատճառով երեխային շտապ պետք է տեղափոխել Մոսկվայի Նիկոլայ Բուրդենկոյի անվան հիվանդանոց, հետազոտման եւ վիրահատության»:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը օգնել է 7-8 հայ մանուկների, հատկացնելով նրանց 70000 ԱՄՆ դոլար:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Գոհար Արմենակյան. «Ես իմ Հայրենիքի մի զինվորն եմ ինձ համարում»
Զինվորը պաշտպանում է մեր երկրի սահմանները, մեր խաղաղությունը, իսկ պետությունը, ժողովուրդը, ազգը, հասարակությունը պիտի պաշտպանեն զինվորին, հոգան նրա մասին թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ թվացող պայմաններում. ցավոք, նաև յուրայիններից:
Այդպիսի առաքելություն ունի «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Գոհար Արմենակյանի հետ երկրորդ անգամ եմ զրույցի բռնվում` ակամա սկսելով նույն հարցից:
– Տիկի՛ն Արմենակյան, ինչպե՞ս և եր՞բ ստեղծվեց «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը:
– Դուք արդեն գիտեք, որ Հայոց բանակում խաղաղ պայմաններում յուրայինների ձեռքով սպանվել է միակ որդիս` Անդրանիկ Սիլակյանը: Ցավ, վերք, որ երբեք ու երբեք չի դադարում, չի սպիանում: Սպանել քո զինվորին, քո ընկերոջը, յուրայինին… Ոճրագործություն, որը ոչ մի բառով արտահայտել, որակել չի լինում: Սեպտեմբեր ամսին կորցրեցի որդուս. քառասունքի արարողությունից հետո անմիջապես իմ շուրջը համախմբվեցին խաղաղ պայմաններում բանակում զոհված տղաների մայրերը, նաև նրանք, ովքեր Ղարաբաղյան գոյամարտի տարիներին կորցրել են իրենց ամուսիններին, իսկ խաղաղ պայմաններում` որդիներին:
Ցավով եմ նշում, որ տղայիս կորցնելուց հետո միայն գիտակցեցի, որ կորուստը բոլորինս է, և զինվորը միշտ մեր պաշտպանության կարիքն ունի. պետք է սատար լինենք մեր զինվորներին և չսպասենք, որ կորուստը մերը լինի, դրանից հետո նոր միայն ոտքի կանգնենք: «Ցավում եմ, շա՜տ եմ ցավում» ասելով` մտքում չասենք` իմ որդին չէ: Բոլորն էլ մեր զավակներն են, մեր հարստությունն ու մեր տան ճրագներն են, մեր վաղվա օրն են:
– Տիկի՛ն Արմենակյան, քանի՞ հոգուց է կազմված Ձեր հիմնադրած կազմակերպությունը:
– 50 հոգի է ընդգրկված, երկուսն էլ նոր են միացել:
– Միայն մայրե՞րն են:
– Մեզ հետ են նաև հայրերը, բայց մայրերը յուրօրինակ ուժ են. նրանք որդիներին կորցնելուց հետո ասես առավել հզորացել, զգոն են դարձել, որպեսզի չկրկնվեն նման դեպքերը:
Անդրադառնալով մեր կանանց, մի քիչ շեղվելով թեմայից` ես կցանկանայի, որ մեր պետական կառույցներում, երկրի ղեկավարման գործընթացում ավելի շատ կանայք ընդգրկվեն: Կինը ցավ է քաշում, երկունք է ապրում, նոր մարդ է լույս աշխարհ բերում և, բնականաբար, իր ստեղծածի և առհասարակ աշխարհի, երկրի հանդեպ ավելի աչալուրջ, ավելի զգոն կլինի:
– Կազմակերպությունը հիմնադրելիս ովքե՞ր ձեզ աջակցեցին, եղա՞ն խոչընդոտներ:
– Ասեմ, որ այս կազմակերպությունը` «Զինվորի պաշտպանության կոմիտեն», գործել է դեռևս 1996-ից, գրանցված է եղել արդարադատության նախարարությունում: Ինչ-ինչ հարցեր են առաջացել, փոխըմբռնման եզրեր չեն գտել, և կազմակերպությունն ամբողջապես լուծարվել է: Ես զրուցել եմ այդ կազմակերպությունից մի քանիսի հետ, որոնցից մեկն այսօր Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն է. խորհրդակցել եմ և գտել, որ այդ կազմակերպությունը պիտի վերակառուցվի ու սկսի իր գործունեությունը:
Ցանկացած բարձրաստիճան զինվորականի մեջ ես նախ տեսնում եմ զինվորին. գեներալն իր հոգեբանությամբ պիտի զինվոր լինի, որպեսզի միշտ կարողանանք արձանագրել լավը: Չեմ ասի, թե լավը չկա, չէ՛, բայց թե՛ մեր կառույցը, թե՛ ողջ հասարակությունը, առավել ևս` մեր բարձրաստիճան զինվորականները պիտի պայքարեն բանակում տեղ գտնող արտասովոր երևույթների դեմ:
Ինչ վերաբերում է խոչընդոտներին, չեմ կեղծի, մեր կազմակերպության առջև շարունակ պատնեշներ են եղել, քանի որ մենք իրավական դաշտում չէինք գտնվում, պաշտոնապես գրանցված չէինք: Իրավական դաշտում կազմակերպությունը սկսել է գործել 2008-ից: Ո՞վ կուզենար, որ այդպիսի կազմակերպություն լիներ: Մենք պայքարում էինք խաղաղ պայմաններում զոհված, սպանված զինվորների դատական գործընթացների ժամանակ, որտեղ հաճախ տեղի էին ունենում թերի դատավարություններ, երբեմն ամբաստանյալներն իրական հանցագործները չէին, մենք` սևազգեստ բոլոր մայրերս, սևեռված էինք այդ հարցերի վրա, ուստի խոչընդոտներ չէին կարող չլինել:
– Շա՞տ էին կորուստները:
– Այո: Այնքան շատ էին, որ չէինք հասցնում լինել հանրապետության բոլոր դատարաններում, հետևել դատավճիռների կայացմանը, նեցուկ լինել արդեն իսկ ֆիզիկապես, հոգեպես բնաջնջված ծնողին, որ պետության կողմից ասես անպաշտպան լիներ:
Մարդասպանների կողքին բազմաթիվ պաշտպաններ կային, կեղծ վկաներ, կեղծ ցուցմունքներ, կոծկվում էր իրական պատմությունը, իսկ որդին չկար, որ պատմեր, թե ինչ է եղել իրականում: Դատարաններում մեզ բոլորը ճանաչում են: Ասեմ, որ մի 3 տարի առաջ բանակում ավելի շատ էին ողբերգական դեպքերը: Իհարկե, կարևոր է նաև կորուստների թիվը, բայց դրա հետևանքով ստացած ցավը, վերքը հաշվել, կշռել, բնութագրել հնարավոր չէ: Մենք` որդեկորույս մայրերս, ասես ընդամենը մի պատյան լինենք, որում ամփոփված են սոսկ մեր խեղված մարմինները, ճաքած, արնածոր սրտերը:
Մենք ստիպված ենք ապրել, լռել, զսպել, որպեսզի ընտանիքի մյուս անդամները հոգեպես չկործանվեն, չհաշմվեն: Մենք ապրում ենք և գոյատևում, պայքարում, որպեսզի չկրկնվեն այդպիսի ողբերգությունները:
– Ինչպե՞ս եք տեղեկանում դատավարությունների մասին: Ձեզ ինչ–որ ձևով տեղեկացնո՞ւմ են, ծանուցո՞ւմ, թե՞ հրավիրում:
– Ոչ, իհարկե ոչ: Նույնիսկ մեր ներկայությունը ցանկալի չէ, ուր մնաց` ծանուցեն, հրավիրեն: Ծնողներն են մեզ գտնում. վերջերս զանգահարեցին և խնդրեցին, որ ներկա լինենք դիահերձարանում: Ես այլևս չեմ կարողանում, անգամ նկարները նայելիս սարսռում եմ, ուր մնաց դիահերձարանում նայեմ 18-20 տարեկան սպանված զինվորին: Առնվազն պիտի ռոբոտ լինես:
– Եղե՞լ է մի դատավարություն, որին մասնակցել եք, և որը տարիներ շարունակ ձգձգվել է, մեղավորներին չեն հայտնաբերել, չեն պատժել կամ գուցե չեն ուզում հայտնաբերել:
– Այո, Մատաղիսի գործը, որ արդեն 9-10 տարի ձգվում է, և կալանքի են վերցրել գործի հետ կապ չունեցող 4 երիտասարդների: Քրեական ամբողջ գործով արդեն ապացուցված է, որ այս տղաներն իրական հանցագործները չեն: Դատախազության կողմից վերջերս այս հարցի վերջնական լուծումը տալու միտում եմ նկատում:
– Ձեր կարծիքով, ո՞ւմ է ձեռնտու խոչընդոտել այս գործի բացահայտումը:
– Ասեմ, որ դա համակարգային խոչընդոտ է. վախենում են, որ մի գործի իրական բացահայտումից հետո մնացած չբացահայտված գործերի տուժածները ոտքի կկանգնեն:
– Հաճա՞խ եք լինում զորամասերում:
– Այո, մենք աշխատում ենք հնարավորինս լինել զինվորների կողքին: Երբ զորամաս ենք գնում, ես հերթապահ հարցը չեմ տալիս` ինչպե՞ս եք, այլ հարցնում եմ, թե ովքեր կցանկանան պարտադիր զինվորական ծառայությունից հետո շարունակել ծառայել, բայց, ցավոք, այդ հարցիս գրեթե ոչ ոք դրական չի արձագանքում: Եթե արձագանք լիներ, կասեի, որ առաջընթաց ունենք:
– Ձեր կարծիքով` ո՞վ է պատասխանատու զինվորի կյանքի համար:
– Շատերին թվում է, թե միայն պաշտպանության նախարարն է պատասխանատու: Նա, իսկապես, լավ մարդու, զինվորականի բարձր վարկանիշ ունի, բայց ողջ պատասխանատվությունը գցել նրա վրա, ճիշտ չի լինի. մեր բանակն ունի գլխավոր շտաբի պետ:
– Բանակում լինում են նաև ինքնասպանություններ (այդպես են ձևակերպում): Եթե մարդը հոգեկան ինչ–ինչ շեղումներ է ունենում, ինչո՞ւ է զինվորական բժշկական հանձնախումբը նրանց առողջ որակում, և այդ տղաները զորակոչվում են բանակ:
– Ես էլ եմ հարցնում. ինչո՞ւ են այդպիսի դեպքերը լրատվամիջոցներով հնչում որպես ինքնասպանություն. թող գրանցվի այսպես` ունենք մահվան դեպք: Միայն մանրամասները քննելուց և համապատասխան փորձաքննությունից, փաստերը ճշտելուց հետո կարելի է նման հայտարարություն անել, եթե դա համապատասխանում է իրականությանը: Ինքնասպանություն: Մի՞թե մեզ ձեռք է տալիս թուլամորթ տղաներ ունենալը, հայ մայրերն այդպիսի՞ տղաներ են ծնում: Ժամանակի ընթացքում պարզվում է, որ դրանք ոչ թե ինքնասպանություններ, այլ սպանություններ են: Հաճախ մեր հասարակությունը տղա երեխային ճիշտ չի դաստիարակում` չթողնելով շփվել շրջապատի հետ, մեկուսացնելով նրան: Նա պիտի շփվի ամեն տեսակ մարդկանց հետ, որովհետև բանակում նա հանդիպելու է ամենատարբեր ընտանիքներից, տարբեր հակասական բնավորությունների տեր մարդկանց հետ:
Երբ ընտանիքն իր տեղում, իր դերում լինի, դպրոցն` իր, տղաները ճիշտ կդաստիարակվեն:
Մենք սահմանների պաշտպանության խնդիր ունենք և թերարժեք տղաներ մեծացնելու իրավունք չունենք: Ժողովուրդը ՀՀ նախագահ է ընտրում, մենք` մայրերս, զինված ուժերի գլխավոր հրամանատար, և այս հարցով պիտի դիմենք պարոն Սերժ Սարգսյանին. «Պարո՛ն Ս. Սարգսյան, զոհված զինվորների մայրերը Ձեր կողմից բազմիցս հնչեցրած` «Ինչպե՞ս անենք, որ բանակում զոհեր չունենանք խաղաղ պայմաններում» հարցին պատասխանում են` չպետք է քողարկվեն այդպիսի դեպքերը, պետք է յուրայինների ձեռքերով սպանված զինվորների ծնողները միանվագ 100.000 դոլար գումար ստանան, և ընտանիքը պետք է ազատվի պետական հարկ ու տուրքից, վարձավճարներից: Եթե դիպչենք համապատասխան անձանց գրպաններին, այդ ժամանակ բանակը երևի բանակ կլինի»:
Կոչ եմ անում նաև դպրոցներին, որ ռազմագիտության դասերը նպատակին ծառայեն, ճիշտ դաստիարակեն ապագա զինվորին, չսահմանափակվեն գրքային ուսուցմամբ, աշխատեն նաև հոգեբանական առումով, կոչ եմ անում և պահանջում, որ որոշ պաշտոնյաներ իրենց շատ առողջ զավակներին չպահեն տաքուկ անկյուններում և արտասահմաններում, այլ ուղարկեն ծառայության: Չի կարելի առանձնացնել Ղարաբաղ և Հայաստան, մենք նույնն ենք, նույնն է մեր խնդիրը` պահել սահմանները:
Մեր ձեռքի տակ կա ծնողի դիմում, որով սպանված զինվորի մայրը դիմել է ԵԱՀԿ գրասենյակ` գործի քննության հարցով հետևողական լինելու համար: Ստացվել է պատասխան, որում ասվում է, թե ԼՂՀ-ն առանձին պետություն է, և իրենք իրավասու չեն զբաղվելու այդ հարցով: Այսինքն, եթե այդ սպանությունը լիներ Հայաստանում, իրենք կընդառաջեի՞ն: Չի կարելի այսպես: Իսկ ինչո՞ւ միակ որդուս` Անդրանիկ Սիլակյանին Ղարաբաղ զորակոչելուց առաջ չհարցրեցին` տիկին Արմենակյան, Ձեր որդուն տանե՞նք Ղարաբաղ:
– Ձեր կազմակերպությունը գործում է հասարակական հիմունքներով, բայց ունեք գրասենյակ, մեկնում եք զորամասեր, ի՞նչ միջոցներով:
– Մեր իսկ միջոցներով: Ես իմ անձնական թոշակով մեդալներ եմ պատրաստել տալիս, որով խրախուսում ենք զինվորներին:
– Հովանավորներ փնտրե՞լ եք:
– Թերացել եմ այդ հարցում, բայց օգնություն ստացել ենք Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանից. նա իրեն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետից ամենաթանկ քաղցրեղենն է տրամադրել զորամասեր տանելու համար, նաև մեր որդեկորույս մայրերին ծաղիկներ ու քաղցրավենիք է նվիրել: Կազմակերպության գրասենյակը եղել է վճարովի, իսկ այս տարվանից` անվճար: Ունենք դահլիճ, որտեղ շատ միջոցառումներ ենք անցկացնում:
– Տիկի՛ն Արմենակյան, սա Ձեզ համար աշխատա՞նք է, պարտավորությո՞ւն, թե՞ վրեժի դրսևորման միջոց:
– Վերջին բառն ինձ սարսռեցրեց: Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մայրերից, որ ես, դեռևս կորուստ չունեցած, չէի մտածել այսպիսի կազմակերպություն հիմնելու մասին: Մենք ոչ թե սևազգեստ, այլ սևսիրտ մայրեր ենք, բայց թևաթափ չենք լինում: Ես II կարգի հաշմանդամ եմ, բայց դա երբեք չի խոչընդոտում, որ ես աշխատեմ, ներկա լինեմ դատավարություններին: Այս աշխատանքը սեր է առ հայ զինվորը, առ Հայոց բանակը, իմ Հայրենիքը: Ես ինձ իմ Հայրենիքի մի զինվորն եմ համարում:
– Տիկի՛ն Արմենակյան, տեղեկացա, որ գնդապետի կոչում եք ստացել:
– Դա ոչ թե նախարարությունից, այլ մահապարտների հայրենանվեր կառույցի կողմից եմ ստացել. ըստ իրենց կանոնադրության` նրանք իրավասու են կոչում տալու:
– Ձեր մաղթանքը Հայոց բանակին:
– Երազում եմ տեսնել միավորված, մեծ, հզոր Հայաստան: Բանակին հաջողություններ եմ մաղթում, խաղաղ, առանց փորձանքների ծառայություն: Թող այն լինի խաղաղության հզոր բանակ: – Բարև’, զինվոր, բարև ասեմ ու գիշերը հանգիստ քնեմ: Երբեք գույժ չլսեմ բանակից:
Հարցազրույցը` Կարինե ԱՎԱԳՅԱՆԻ
Քեմբրիջյան հերցոգուհին որդի է ունեցել
Անկարայի զորանոցում հրդեհ է բռնկվել, հնչել են պայթյունի ձայներ
Անկարայի զորանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Մինչ դեպքի վայրում պայթյունի ձայներ են լսվում, զինվորները աշխատում են տարածքից հեռացնել լրագրողներին:
«Ռադիկալը» գրում է, որ հրդեհը բռնկվել է 17:30-ի մերձակայքում: Բռնկման պահից որոշ ժամանակ անց տարածքից սկսել են պայթյունի ձայներ լսվել: Հայտնի է, որ հրդեհի հետևանքով տուժել է զորանոցի զինանոցային հատվածը: Չնայած հրշեջներին հաջողվել է դրությունը հսկողության տակ առնել, այնուհանդերձ կրակը հասցրել է տարածվել դեպի զինվորական միավորումների կացության շենք: Զորանոցից բարձրացող ծուխը երևում է քաղաքի բոլոր հատվածներից:


