Նկարչությունը փրկում է քաղցից

51df4872-3acd-4078-3acd-40776b52e4a7.photo.0Իտալացի փորձագետները շատակերության դեմ նոր տեխնոլոգիա են ցուցադրել: Սբ Բոնավենտուրայի համալսարանի գիտնականները փորձեր են կատարել 61 մարդու մասնակցությամբ: Կամավորներից յուրաքանչյուրին  առաջարկվել է  նկարել  այն մթերքը, որը ախորժաբեր է իր  համար: Փորձի ընթացքում պարզվեց, որ նման գործողությունները նվազեցնում են  քաղցի զգացումը: Այսինքն` քաղցը մեղմելու համար բավական է նկարել ցանկալի ուտելիքը:

 

–

 

Forbes-ը կազմել է ռուսաստանցի բարեգործ միլիարդատերերի ցուցակը

ՈւսմանովForbes-ը տեղեկացնում է, որ 2012-ին ռուսաստանցի 8 միլիարդատեր բարեգործության նպատակով ծախսել է 390 մլն դոլար:

Այս ցուցակում  առաջատար է Ալիշեր Ուսմանովը, որն իր 17,6 մլրդ կարողությունից 2012-ին բարեգործական նպատակով տրամադրել է 180 մլն դոլար: Երկրորդ տեղում Ռոման Աբրամովիչն է (111 մլն դոլար), երրորդ հորիզոնականում Անդրեյ Սկոչն է` 40,2 մլն դոլարով:

Այս ցուցակում են հայտնվել նաև Վլադիմիր Պոտանինի, Անդրեյ Դերիպասկայի, Գենադի Տիմչենկոյի, Վագիտ Ալեքպերովի ու Դմիտրի Մազեպինի անունները:

Ռուսաստանի ոչ կոմերցիոն  CAF կազմակերպության տնօրեն Մարիա Չերտոկը հայտնել է, որ մեծահարուստների մեծ մասը չի սիրում խոսել բարեգործությունից այն պատճառով, որ նվիրատվությունները կատարվել են ինչ-որ առիթով կամ էլ իշխանությունների պահանջով:

Աշխարհում ամենաշռայլ միլիարդատերերն են Բիլլ Գեյթսն ու Ուորեն Բաֆեթը: Նրանց բարեգործական ծախսերը ներկա դրությամբ համապատասխանաբար 28 և 20 մլրդ են կազմում: Ընդ որում, Գեյթսի կարողությունը գերազանցում է 67 մլրդ-ն , իսկ Բաֆեթինը` 59 մլրդ դոլարը:

2010-ին աշխարհի միլիարդատերերը ստեղծել են  The Giving Pledge ընկերությունը, որին անդամագրված գործարարները խոստանում են կյանքի օրոք իրենց կարողության մեծ մասը հատկացնել բարեգործությանը: Ռուսներից այդ ծրագրին մասնակցում է   Վլադիմիր Պոտանինը:

 

 

 

 

Սնոուդենն այսօր “Շերեմետևոյում” մամուլի ասուլիս կունենա

02e41d16237bd46921302be3e045b0e2ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ, հուլիսի 12-ին հանդիպել իրավապաշտպանների  հետ ու պատմել նրանց իր հետագա պլանների մասին, գրել է РИА Новости-ն` հղում տալով Սնոուդենի հրավերք- նամակին:

Facebook-ում   իրավապաշտպան  Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Տատյանա Լոկշինայի   տեղադրված նամակում ճշգրտվում է, որ հանդիպումը տեղի կունենա 17:00-ին, “Շերեմետևո” օդանավակայանի տարանցիկ գոտում, որտեղ ենթադրաբար արդեն մի քանի շաբաթ է ինչ գտնվում է Սնոուդենը: ԿՀՎ  նախկին գործակալը մտադիր է կարճ հայտարարություն անել, ապա քննարկել այն դրությունը, որում հայտնվել է: Ինքը` Լոկշինան, նշել է, որ նամակի իսկության մեջ վստահ չէ:

Օդանավակայանի մամլո ծառայությունում հանդիպման մասին լուրը հաստատվել է: հանդիպումը տեղի կունենա “ստերիլ գոտում”, որը ուղևորների զննման  ու ինքնաթիռների  կետերի արանքում է տեղակայված: Մուտքն այնտեղ խստորեն վերահսկվում է: Ինչպես նույն աղբյուրից են նշում, հանդիպման են հրավիրվել միջազգային իրավապաշտպան Amnesty International, Transparency International, Human Rights Watch կազմակերպությունների, ինպես նաև` ՌԴ ՄԱԿ-ի ներկայացուցիչները:  Հրավերք են ստացել նաև Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը, օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը, փաստաբաններ Կուչերենան, Պադվան ու Ռեզնիկը:

 

 

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն աղյուսակը գլխավորողների խմբում է

zaven1Կազանում ընթացող Ունիվերսիադայի ծրագրով շախմատի մրցաշարում խաղացված 4 տուրից հետո առաջատարների շարքերում նեղվածք է: 3,5-ական միավոևով աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստներ: Նրանց թվում է Զավեն Անդրիասյանը: Նույնպիսի ցուցանիշ ունեն նաև Վլադիմիր Օնիշչուկը, Լի Չաոն, Վեսլի Սոն, Ժու Ժանչաոն, Մա Քյուն Չինը:

Վաստակած 3 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանը 9-րդ տեղում է:

Շվեյցարական դպրոցներում թույլատրվել է հիջաբ կրել

hicab  Շվեյցարիայի Դաշնային դատարանը որոշում է կայացրել Թուրգայ նահանգի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ: Այսպիսով, ըստ դատարանի որոշման, ծագումով Մակեդոնիայից երկու աշակերտուհու այսուհետ թույլատրվել է գլխաշորով դպրոց հաճախել, ինչը արգելվել էր դպրոցի ղեկավարության կողմից 2011 թվականին:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Դաշնային դատարանը գտել է, որ դպրոցի ղեկավարության դրած արգելքը խախտում է դավանանքի ազատության վերաբերյալ մարդու իրավունքը:

Թուրքիայում փառաբանվում է հայերին վիրավորած մարզիկը

marzik Թուրք ըմբշամարտիկ Ռըզա Քայալփը, որը իր «Twitter»-յան էջում վիրավորական արտահայտություններ էր գրել «Գեզի» այգու ցուցարարների հասցեին, մասնավորապես հիշատակելով հայերին, Միջերկրածովյան սպորտային խաղերի բացման հանդիսության ժամանակ «պատիվ» էր ունեցել բարձրացնելու թուրքական դրոշը:

«Ռադիկալը» գրում է, որ այս անգամ էլ Ռըզա Քայալփին հրավիրել են նկարահանվելու Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարության հանրային գովազդում: Հոլովակի ժամանակ մի երեխա, գալով մարզիկին ընդառաջ, արտասանում է հետևյալ բառերը՝«Վայ, դու մեծ ես, դու արքա ես, ամեն ինչ անողը դու ես»: Փաստորեն թուրքական կառավարությունը խրախուսում և գովերգում է խտրական արտահայտություններ արած ազգային հավաքականի մարզիկին: Նշենք, որ Քայալփը «Գեզի» այգու ցույցերի ժամանակ հետևյալն էր ասել՝ «Հրապարակը հայերին եք թողել, թող Ալլահը պատժի ցուցարար ավազակներին: Հայ ժողովուրդը տոնում է, որ գրավել է Թաքսիմը ու հանգիստ անպատվում է Թուրքիային: Ձեր արածը ցույցի…Հայրենիքի դավաճաններ»:

Հորդանանում սիրիացի փախստականների համար հոսպիտալ է կառուցվելու

da3001373560620Հորդանանում հոսպիտալ է կառուցվելու սիրիացի փախստականների համար: Դրա մասին տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը:

Ինչպես նշում է AFP-ը, հուլիսի 11-ին Հաշիմիթյան թագավորության տարածքում հիմա ավելի քան 130 հազար սիրիացի է գտնվում, որոնք քաղաքացիական կռվի արհավիրքներից փախել են հարևան պետություն:

Միջազգային Կամիր Խաչի Գերմանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի ու Կանադայի ներկայացուցիչները պայմանավորվել են, որ մոդուլային կառույցներով շենքը կկառուցվի առաջիկա  մեկուկես ամսում, փախստականների ճամբարների մոտ: Դա կլինի 60 մահճակալով հոսպիտալ` հագեցած ամենաանհրաժեշտ սարքավորումներով:

 

 

Հայաստանի շախմատիստների մրցակիցներն աշխարհի գավաթի խաղարկությունում

chess3ՖԻԴԵ-ն հրապարակեց օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 3-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի գավաթի վիճակահանության արդյունքները:

Առաջին փուլում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Միխայիլ Մարկովը (Ղրղզստան), Սերգեյ Մովսիսյանի` գրոսմայստեր Ջոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա), Վլադիմիր Հակոբյանի` գրոսմայստեր Նգուեն Նգոկ Թրոնգ Սոնը (Վիետնամ), Հրանտ Մելքումյանի` գրոսմայստեր Խուլիո Գրանդա Սունիգան (Պերու):

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի բաց նամակ-պատասխանը Ալվարդ Պետրոսյանին

Սարհատ Պետրոսյան

Հարգելի Տիկին Ալվարդ,
Այս գրության հեղինակը “մեծ-մեծ խոսող տղա” Սարհատ Պետրոսյանն է, ով միգուցե Ձեզ պետք է դիմեր ընկեր Ալվարդ դիմելաձևով, սակայն ճակատագրի բերումով այդ հնարավորությունը չունեմ։ Որպես երրորդ սերնդի դաշնակցական ընտանիքից սերվող մարդ,  ճակատագրի բերումով չշարունակեցի հորս պապի ու մորս հոր դաշնակցական ուղին, քանի որ  մասնագիտությունս   դարձավ իմ կուսակցությունն ու դաշնակցությունը։ Ցավում եմ, որ Դուք ինձ չեք ճանաչում, այն դեպքում,  երբ Ձեր վաղամեռիկ եղբայր Մելս Պետրոսյանը առաջին մարդկանցից էր,  ում ես տեսել եմ Հայաստանում։ Ցավում եմ, որ մի քանի օր է,  ինչ փորձում եմ հասկանալ, թե  Ձեր` «Առավոտ» կայքում հրապարակված “Անձնական պատասխանատվությամբ” հրապարակախոսական հոդվածում  ինչու եք հիշել ինձ: Թող սխալված լինեմ յուրաքանչյուրը պահը,  երբ մտածել եմ,  որ դա արել եք այլոց դրդմամբ։
Այս նամակում արդարանալու նպատակ չունեմ, քանի որ բոլորին պարզ է,  թե ինչու երիտասարդ ճարտարապետի կառուցած շենքերը տեսնելու համար “թաղ առ թաղ” պետք է փնտրեք, քանի որ, ինչպես ինքներդ եք գրել, “ճարտարապետությունը կրպակ չէ” ու պետք է ունենաս անցած ճանապարհ քաղաքի կենտրոնում շենքեր կառուցելու համար։ Իսկ եթե մասնագիտական գործունեությունդ համեմված է քաղաքացիական դիրքորոշման ազատ արտահայտմամբ,  ապա ավելին,  խոշորացույցով է պետք փնտրել կառուցվածները։

2000-ականներին,  երբ առաջին անգամ որպես մասնագետ իմ մի քանի գործընկերների հետ զգացինք, որ պետք է հանրայնացնել քաղաքաշինական խնդիրները,  Օպերայի հրապարակը դեռ տակավին  սրճարանապատված չէր: Անհամարձակ քայլերով տարիների ընթացքում տարբեր անձանց հետ դրանց մասին խոսեցինք,  ու միաժամանակ ես կայացա որպես մասնագետ։ Այդ ժամանակից ի վեր, օգտագործելով բոլոր հնարավորությունները, սերտեցի ճարտարապետության մաս կազմող քաղաքաշինություն կոչված գիտությունն ու այսօր պարզ ճակատով կարող եմ ասել, որ մեր կազմակերպությունը Հայաստանում քաղաքաշինական ուղղվածությամբ նորաստեղծ միակ գրասենյակն է։ Մենք առաջինը լինելով` Ձեր նշած Հյուսիսային պողոտայի վերաբերյալ լուրջ մասնագիտական գնահատական ներկայացրեցինք դեռևս երկու տարի առաջ,  անտեսելով պետական մանր չինովնիկ-ճարտարապետների էժանագին քայլերը,  ներկայացրեցրինք մեր դիրքորոշումը։ Այս տարի մենք հրավեր ստացանք արդեն միջազգային հարթակներում այն ներկայացնելու։ Այս ամենը չեմ ներկայացնում որպեսզի Ձեր “թաղ առ թաղ” փնտրտուքը դյուրինացնեմ, այս ամենը ամենայն մանրամասնությամբ ներկայացված է մեր կազմակերպության կայքում՝ urbanlab.am հասցեով։

Հենց մեր կայքում կարող եք գտնել նախորդ տարի մեր իրականացրած այն հետազոտության արդյունքները, որոնցում անդրադառնում ենք Ձեր բարձրացրած  հարցերից մեկին՝ հուշարձանին ներկայացվող չափանիշներին։ Եթե չեմ սխալվում,  2003-ին Դուք ԱԺ պատգամավոր էիք,  երբ կատարվում էին փոփոխություններ «Հուշարձանների մասին» մեր ազգային օրենքում, կամ 2004-ին,  երբ կառավարությունը հաստատում էր Երևանի հուշարձանների ցուցակը։ Այդ ժամանակ ես ու իմ գործընկերները բարձրաձայնում էինք ցուցակներից “պատահաբար” դուրս մնացած շինությունների մասին։ Ձեր և իմ պատկերացումները հուշարձանի վերաբերյալ տարբեր են, ես Երևանը չեմ համեմատում ոչ Թիֆլիսի, ոչ Բաքվի, ոչ էլ Փարիզի հետ։ Ես համեմատում եմ այն Երևանը, որ Դուք տեսել եք` Աբովյան փողոցում հոսող առվակները, Հյուսիսային պողոտայի տարածքում իմ տեսած պատմական միջավայրն ու հենց այսօր վտանգված Կոնդը։ Ձեզ հետ միասին ցավ եմ ապրում Նորքի անտառների համար (որտեղ անցել է իմ մանկության մի մասը) ճիշտ այնպես,  ինչպես ցավ եմ ապրում Կասկադի աջակողմյան  հատվածի կանաչ տարածքների համար։ Ցավում եմ  Մոսկվա կինոթատրոնի  ամառային դահլիճի համար, ճիշտ այնպես,  ինչպես ցավում եմ “պատահաբար” հուշարձանի կարգավիճակը կորցրած ու արդեն ոչնչացած Թերլեմեզյանի ուսումնարանի համար, որոնց կարևորությունը ոչ միայն իրենց ճարտարապետական արժեքի, այլև  իրենց ունեցած մշակութային անցյալի և էներգետիկայի մեջ էր։

Ցավում եմ  Զանգվի ձորի “լափանոց” դառնալու համար  ու խորհուրդ եմ տալիս մի քիչ հետ գնալ ու տեսնել` ովքեր են դրա քաղաքական ու քաղաքաշինական կնքահայրերը, հավատացնում եմ,  որ կգտնեք “հեռավոր բարեկամներ”։ Միգուցե Ձեր կարծիքով այս ամենում “հայաստանյան, երևանյան հոգեբանությունը” քիչ է, սակայն այն “մենթալ միջավայրում”,  որտեղ ես ու իմ ընկերները բարիկադներ էինք սարքում Բյուզանդի փողոցի փրկության համար, կամ մեկ շաբաթում 100-ի հասնող հերոս երիտասարդների հետ շուրջ 25.000 ստորագրություն հավաքում Ձեր կարծիքով “բետոնակույտ” ամառային դահլիճի պահպանության համար,  Երևանը թթվածին էր, իսկ արևը սերն էր երկրի ու քաղաքի հանդեպ…

Հարգելի Տիկին Ալվարդ,
Վստահ եմ, որ իմ ուսուցիչներից մեկը ու իր գործի մեծ գիտակ Արտակ Ղուլյանը առիթի դեպքում կներկայացնի իր դիրքորոշումն,  ու Ձեզ պարզ կլինի ճարտարապետական գործի արարման իր պատմությունը։ Հրապարակի մրցույթի վտանգների մասին շատերն են արտահայտվել, այդ թվում և նա… Ցավում եմ,  որ տնից հաճախ դուրս չեք գալիս, թե չէ մեծ սիրով Ձեզ տեղում  հատիկ առ հատիկ կներկայացնեի մեր ճարտարապետական գոհար Հանրապետության հրապարակի խնդիրները,  հատիկ առ հատիկ կներկայացնի ովքեր են մեղավորները։ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի շենքերի մասամբ հաջողված օրինակների կողքին ես կուզեի նշել նաև նախկին նահանգապետարանի շենքի` որպես պատմական կառույցի կորուստը, որտեղից ընթերցվել է մեր Առաջին Հանրապետության Անկախության հռչակագիրը։ Ես չեմ ուզում Ձեզ հարցնել ո՞ւր էիք Դուք այդ ժամանակ, կամ ո՞ւր էիք Օպերայի ու Օղակաձև այգու կանաչ տարածքների ավերման ժամանակ, այլ ուզում եմ հարցնել` ո՞ւր եք Դուք այսօր,  երբ նույն Զանգվի ձորում Ձեր նշած “լափանոցներից” մեկի տերը ավերում է Ծածկած շուկան: Երբ Լիլիթ Գալստյանի նման անձանուրաց մարդկանց հետ մենք փորձում ենք  այդ անբարոյականության դեմն առնել,  ոմանք դա էլ են վերագրում ինչ-ինչ անձնական խնդիրների։ Համարձակությունս հավաքում եմ ու ասում, որ Դուք այդ հոդվածում մասնագիտությանը հավատարիմ ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող ճարտարապետների մասին նման կերպ արտահայտվելով`  անձնական պատասխանատվություն եք կրում`  մի անձնավորության համարձակություն ու ազատություն տալով ևս մեկ կամար կամ ևս մեկ քար քանդելու Ծածկած շուկայից։

Երբ մոտ մեկ շաբաթ առաջ մամուլից պատահաբար տեղեկացա ոստիկանությունում քննվող Երևանում տեղի ունեցած մշակութային ջարդարարության մեղավորների վերաբերյալ գործի մասին, իսկ դրանից մեկ օր առաջ դատարանը մերժեց իմ հայցն ընդդեմ մի “մտավորականի”,  ով բացահայտ սուտ ու վարկաբեկիչ արտահայտություններ էր արել իմ հասցեին (ով ի դեպ Երևանի վերջին տարիների այլանդակությունների համար 88-ին օպերայում միացում գոռացողներին է մեղադրում),  ենթադրում էի, որ սրանով իմ ու իմ գործընկերների նկատմամբ նոր հարձակումների ալիք է սկսվելու։ Բայց ամենևին ոչ այն կողմից, որում Դուք եք։ Դուք կարող էիք զանգել   ու հանդիպել  ինձ հետ` “պեղել-գտնելու” համար այն դառնությունն ու դժվարությունները,  որ կրել եմ այն բանից հետո,  երբ ուսանող ժամանակ Ձեր նշած Էջմիածնի, Երևանում գտնվող Աֆրիկյանների տան “ասեղնագործ պատշգամբներին” ոչ մի բանով չզիջող, աղյուսաշեն շենքերի քանդման հեղինակի  դեմքին ասել էի այդ մասին։ Սակայն ես արել եմ դա գիտակցված ու մի պահ անգամ չեմ վարանել, քանի որ հորս պապի, որքան և տարօրինակ է, Դաշնակացական-հոգևորականի ոգին ես զգում եմ նման պահերին։ Վստահ եմ որպես համարձակ մտավորական Դուք ևս շատ զրկանքներ եք կրել: Սակայն այն ստոր ու ճղճիմ մեթոդները, որոնցով  իմ ու անմիջական շրջապատիս դեմ են աշխատում մշակութային “վաստակավոր” գործիչները իրենց աղախիններով,  Դուք չեք կարող պատկերացնել անգամ։ Գիտե՞ք քանի անգամ եմ զրկվել ճարտարապետի համար ամենաբաղձալի ևս մեկ շենք կառուցելու հնարավորությունից  միայն ու միայն նրա համար, որ երբ որևէ մեկը ինձ դիմում է որպես մասնագետ,  ասում եմ այն,  ինչ մտածում եմ, քանի որ այլ կերպ չեմ կարող։

Հարգելի Տիկին Ալվարդ,
Մի քանի օրից Ձեր հոդվածից առանձին հատվածներ հանրային կապերի գծով նազիր վեզիրների կողմից տարածվելու է լուսահոգի Աղասի Այվազյանի ու Արթուր Մեսչյանի մի քանի ենթատեքստից կտրված մտքերի հետ մասին, ստվերելու համար իմ ու մի շարք ավելի փորձառու ավագ գործընկերների  հանրային գործունեությունը։ Դրանք համեմվելու են հերյուրանքներով ու մտացածին ստերով։ Միգուցե պակաս չափով կոփված լինելով հանրային դաշտում` երբեմն ինքս ինձ հետ զրուցում եմ ու հարց տալիս. լավ ինչքա՞ն այսպես, ինչքա՞ն պետք է իմ բան ու գործը թողած  անեմ այն, ինչ իմ գործը չէ… բայց հաճախ փողոցում ինձ մոտենում են մարդիկ ու ոգևորում, կամ տեսնում եմ աչքերը փայլող ապագա ճարտարապետների, ովքեր չեն հասկանում իրենց դասագրքերում կարդացածի ու իրական կյանքի տարբերությունը, Սանահինի, Օպերայի ու Շառլ Ազնավուրի տան (մեղա Աստված նման համեմատության համար) տրամաբանական կապը։

Խնդրում եմ Ձեզ, հիշեք Ծածկած շուկայի քարերն ու կամարները, ու եթե չեք միանում մեզ, ապա համարձակություն մի տվեք այն փոքրամասնությանը, որն իբր թե մեծամասնությանը թելադրում է ճաշակ ու զարգացում, բայց իրականում ստորացնում է մեծամասնությանը՝ ուզուպացնելով մեր քաղաքային ոչ գավառական հիշողությունը։

Հարգանքով Ձեր,
Սարհատ Պետրոսյան

Հ.Գ. Եվ վերջում մի խնդրանք-առաջարկ։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Ձեր “հեռավոր բարեկամ”,  “գործ անող” Նարեկ Սարգսյանին,  հարցրեք,  թե ինչպես է ձեռք բերել իր ներկա ունեցվածքն ու Հայաստանի ամենախոշոր ճարտարապետական ընկերություննեից մեկը ընդամենը մեկ տասնամյակում։ Կարծում եմ` այդժամ ամեն ինչ պարզ կլինի Ձեզ համար… Կասեք` նորից նույն երգն եմ երգում, սակայն իրավական Հայաստան ունենալու համար կարծում եմ յուրաքանչուրը պետք է կրի  անձնական պատասխանատվություն։

Microsoft-ը սերտ համագործակցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ

m_791314Microsoft-ը սերտ համագործակցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ,  օգնել Պետանվտանգության գործակալության լրտեսներին` շրջանցելու գաղտնագրող համակարգերը, ասվում է The Guardian-ի հրապարակման մեջ:

Հրատարակության տեղեկացմամբ, մինչ կոմերցիոն թողարկումը,  Microsoft-ը ՊԱԿ-ի համար գաղտնագրերի համակարգ մուտքի հնարավորություն է ստեղծել, որը ուժայիններին թույլ է տալիս օգտատերերի ցանկացած տեղեկություն որսալ: Այդպես է եղել Outlook պորտալի գրառումների ժամանակ, իսկ  Skype-ն անցած տարի տվյալների հավաքման  համար բաց էր ԱՄՆ հետախուզության առաջ:

Ըստ  բրիտանական The Guardian-ի, բոլոր այդ տեղեկությունները հատուկ ծառայությունների և ԱՄՆ “Սիլիկոնային  հովտի” տեխնոլոգիական ոլորտի համագործակցության մասշտաբների մասին են վկայում: Սնոոուդենի բացահայտած փաստաթղթերը վկայում են այդ համագործակցության վերջին 3 տարիների մասին: Microsoft-ում դրա հետ կապված նշել են, որ օրենքի համաձայն իրենք պարտավոր են ենթարկվել ուժայինների պահանջին:

 

 

Արթուր Քիրաջյանն Ունիվերսիադայում բավարարվեց արծաթե մեդալով

Կազանuniversiada64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը Կազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերի բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Ռաջաբ Բուտաևին և բավարավեց արծաթե մեդալով:

Հիշեցնենք, որ  56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանն արժանացել էր բրոնզե մեդալի:

«Ատոմ 2013». հայ-ամերիկյան վարժանք Երևանում

ատոմՀուլիսի 9-11-ը Երևանում անցկացվեց ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողով և շտաբային վարժանք: Այն կազմակերպել էին ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ ռազմաքաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման ծրագրի շրջանակներում:

Հայաստանում առաջին անգամ վարժանքին ներգրավված էին նաև ԱԻ նախարարության համակարգում աշխատող հաշմանդամություն ունեցող անձինք:

«Ատոմ 2013» շտաբային վարժանքի սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել վթար և վտանգավոր նյութի արտահոսք շրջակա միջավայր, որի հետևանքով բնակչությանը լուրջ վտանգ է սպառնում: Անհրաժեշտ էր իրականացել մոտակա բնակավայրերի բնակիչների տարհանում և իրականացնել պաշտպանական միջոցառումներ: Ըստ մտահղացման` իրավիճակը գնալով բարդանում է, և ՀՀ կառավարությունն օգնության խնդրանքով դիմում է միջազգային հանրությանը:

Կարևորելով հանրային իրազեկման խնդիրը` վարժանքի շրջանակներում խաղարկվեցին ճեպազրույց և մամուլի ասուլիս, որոնք նպատակ ունեին օգնել ոլորտի փորձագետ-խոսնակներին պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում հրատապ տեղեկություններ տրամադրել բնակչությանն ու լրատվամիջոցներին, ինչպես նաև կանխել հնարավոր խուճապային իրավիճակները:

Հուլիսի 10-ին «Ատոմ 2013» վարժանքի ուսումնական շտաբ էին այցելել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ծանոթանալով վարժանքի աշխատանքային խմբերին ու ներկա գտնվելով խաղարկային ճեպազրույցին` ԱԻ նախարարը և ԱՄՆ դեսպանը գոհունակություն հայտնեցին վարժանքի ընթացքի ու կատարված աշխատանքի վերաբերյալ:

Դեսպան Հեֆերնը լրագրողների հետ զրույցում կարևորեց ատոմակայանի անխափան գործունեությունը` նշելով, որ Միացյալ Նահանգները ջանքեր է ներդնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում և արդյունավետ համագործակցում ԱԻ նախարարության հետ:

ԱԻ նախարարի և ԱՄՆ դեսպանի հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ԱԻ նախարարության և ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության միջև փոխգործակցության վերաբերյալ:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է արագ արձագանքել նման պատահարների և մշտապես համագործակցում է մյուս գերատեսչությունների, ինչպես նաև օտարերկրյա դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ` կատարելագործելու համար մեր մասնագետների հմտությունները:

Վարժանքի վերջին օրը, ամփոփելով կատարված աշխատանքը, ամերիկյան կողմից վարժանքի ղեկավար Դայանա Ակուրիոն մասնավորապես ասաց.
– Շատ գնահատելի էր, որ աշխատաժողովի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների շրջանում աշխույժ ու անկաշկանդ քննարկում ծավալվեց, որն անկասկած օգնեց բացահայտել համագործակցության խնդիրներն ու ավելի սերտ կապեր հաստատել պետական կառավարման մարմինների պատասխանատու աշխատակիցների միջև: Մենք տեսանք, որ վարժանքի աշխատանքային խմբերում լուրջ մոտեցում կար գործի հանդեպ ու ղեկավար խմբի կողմից ներկայացված ոչ մի հարցադրում անպատասխան չմնաց:

Ավարտին աշխատաժողովի ու վարժանքի մասնակիցներին վկայականներ հանձնվեցին, իսկ ԱԻՆ ամերիկացի գործընկերները ևս մեկ անգամ հավաստեցին, որ պատրաստ են աջակցել թե մասնագետների պատրաստման, թե փորձի փոխանակման և թե իրական վտանգի դեպքում օգնություն տրամադրելու գործում:

Հրդեհներ և օձի խայթոց` Արցախում

ԼՂՀ փրկարար ծառայությունԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են Արցախի տարածքում շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների մասին։

Հրդեհներ
Հուլիսի 6-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի «Կարվին» կոչվող տեղանքում: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա խոտածածկ տարածք:

Հուլիսի 9-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Զորավանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 50 հա խոտատարածք:

Հուլիսի 9-ին հրդեհ է բռնկվել Քաշաթաղի շրջանի Մխանց համայնքի տարածքում: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 40 հա խոտածածկ տարածք, հնձած արտեր և եղեգնուտ:

Հուլիսի 10-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Զորավանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 100 հա հնձած արտ:

Օձի խայթոց
Հուլիսի 10-ին տեղեկություն է ստացվել, որ օձը խայթել է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի բնակիչ, 1982 թ. ծնված Զ. Վարդանյանի աջ ձեռքի մատներից մեկը։
Տուժածին տեղափոխել են Մարտակերտի շրջանային հիվանդանոց, վիճակը բավարար է:

Եվրախորհրդարանը Ադրբեջանում նախագահական ընտրությունների մոնիթորինգ չի անցկացնի. Էլհան Սուլեյմանով

1 (10)Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ադրբեջանը այլևս չի մտնում այն պետությունների ցուցակում, որտեղ անհրաժեշտ է  ընտրությունների մոնիթորինգ անցկացնել:

Այս մասին հայտարարել է Եվրանեսթի Խորհրդարանական ասամբլեայի փոխնախագահ, Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

Նա նշել է, որ 2005թ., 2008թ. և 2010թ. Ադրբեջանում ընտրություններին Եվրախորհդարանի դիտորդական առաքելության իրականացրած մոնիթրինգի արդյունքների զեկույցները դրական գնահատականներ են պարունակել:
“Ադրբեջանում մոնիթորինգի դադարեցման մասին որոշումը վկայում է Եվրախորհդարանի վստահության մասին, և որ ընտրական գործըթնացը համապատասխանելու է միջազգային բոլոր չափորոշիչներին և արժեքներին: Ես հուսով եմ, որ Ադրբեջանը ապագայում սերտ կապեր կհաստատի Եվրոպայի հետ, և երկու երկրները կզարգացնեն մշակութային և տնտեսական կապերը”, -ասել է Սուլայեմանովը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախանշված են 2013թ. հոկտեմբերին:

Ձեռքերից զուրկ մարդը նետաձգության համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

i (4)Ամերիկացի Մեթ Շտուցմանը համաշխարհային ռեկորդ է սահմանել` թիրախը խոցելով 210 մետրից: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 197 մետրից խոցելով, որի հեղինակը ձեռքեր ունեցող նետաձիգ էր:

Շտուցմանը լույս աշխարհ է եկել առանց ձեռքերի, սակայն հաշմանդամությունը չի կոտրել նրա կամքը: Նա սովորել է  ոտքերով անել այն, ինչ մյուսներն անում են ձեռքով:

Նա ասում է, որ իր հաջողությունների համար պարտական է ծնողներին, քանի որ երբ փոքր հասակում նա դիմում էր նրանց ինչ-որ հարցում օգնելու`  ծնողները սովորեցրել են` մինչև խնդրելը  փորձել ինքնուրույն հասնել նպատակին, իսկ եթե չէր ստացվում, ապա նոր նրանք օգնում էին երեխային: Դա շատ է օգնել Մեթին:

Շտուցմանը ցանկանում է դառնալ աշխարհի լավագույն նետաձիգը:

Կրծկալ, որ արձակվում է ծափով (տեսանյութ)

i (3)Ամերիկացի դիզայներ Ռենդի Սարաֆանը մի հետաքրքիր կրծկալ է ստեղծել, որը կազմված է երկու տպագրական թերթից , բազմաթիվ կոնդենսատորներից ու ռեզիստորներից: Ունի նաև էլեկտրամագնիս, որը կատարում է կոճակի դեր: Եթե աղջկա կողքին բարձր ծափ լինի, ապա փականն իսկույն կբացվի:

Դիզայներն իր կայքում մանրամասն նկարագրել է, թե ինչպես է ստեղծել խելացի կրծկալը: Ցանկացողը կարող է ինքնը նույնատիպ կրծկալ ստեղծել, դիտելով  դրա պատրաստման յուրաքանչյուր փուլի լուսանկարները` քայլ առ քայլ:

Զինդատախազություն. Փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության

Զինդատախազություն20.06.2013թ. Արտակ Էմիլի Բուդաղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանին և խնդրել իրեն ճանաչել տուժող` միաժամանակ հայտնելով, որ ցանկանում է որպեսզի իր ներկայացուցիչը հանդիսանա Հայկ Ալումյանը:

Օրենքով սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանը, անհապաղ քննության առնելով դիմողի պահանջը, 24.06.2013թ. պատճառաբանված որոշում է կայացրել դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, և ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվել է դիմողը և նրան է ուղարկվել համապատասխան որոշման պատճենը:

10.07.2013թ. ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմող Ա.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշման դեմ` խնդրանքով՝ վերացնել ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանի` 24.06.2013թ. չպատճառաբանված որոշումը և ցուցում տալ քննիչին՝ Արտակ Էմիլի Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:

Քննիչի նշված որոշումը վիճարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության, որի մասին ծանուցվել է փաստաբան Հայկ Ալումյանին: Բողոքը չի քննարկվել, քանի որ փաստաբանը ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր-ի 103-րդ հդվածով քննիչի որոշումը բողոոքարկել է վերադաս դատախազին, այնինչ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, տվայլ որոշումը` դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, դրա պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում դիմողը պետք է բողոքարկի դատարան: Հետևաբար, քանի որ տվյալ որոշումը կարող էր բողոքարկվել բացառապես դատարան, ուստի ՀՀ գլխավոր դատախազը չէր կարող քննարկման առարկա դարձնել այն:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ պաշտպանությունը առաջին հերթին ենթադրում է օրենքով սահմանված ընթացակարգերի հստակ պահպանումը:

Զինվորական դատախազություն

 

Ապամոնտաժվում են օրենքին չհամապատասխանող գովազդային վահանակներն ու ցուցանակները

001 (21)Երևանում շարունակվում է գովազդային այն վահանակների և գովազդային պաստառների ապամոնտաժումը, որոնք հակասում են գովազդի և լեզվի մասին ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշում է, որ աշխատանքները խիստ կանոնակարգված են ընթանում, և խոչընդոտներից խուսափելու համար ապամոնտաժող աշխատանքային խմբերը տնտեսվարողներին նախապես են տեղեկացնում ապամոնտաժման օրն ու ժամը։

«Բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր ցանկություն են հայտնում, Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աջակցությամբ տրամադրվում է անվճար խորհրդատվություն։ Տնտեսվարողներ կան, որ իրենց ուժերով են ապամոնտաժում օրենքի խախտումով իրենց վահանակները. դիզայներական աշխատանքներն ու խորհրդատվությունը նրանց տրամադրում ենք առաջնահերթությամբ»,- նշել է Արազ Բաղդասարյանը։

Մայրաքաղաքում գույքագրված, օրենքին չհամապատասխանող գովազդային միջոցները 3000-ն են եղել, որոնց մեծ մասը՝ 1300-ը, Կենտրոն վարչական շրջանում։ 12 վարչական շրջաններից 9-ում դրանց ապամոնտաժման աշխատանքներն ավարտվել են։

Գովազդի և լեզվի մասին օրենքներին չհամապատասխանող գույքագրված ցուցանակների   ապամոնտաժումն ամբողջությամբ կավարտվի մինչև օգոստոսի 1-ը, ընդ որում, այս օրերին բոլոր վարչական շրջաններում զուգահեռաբար ընթանում են կրկնակի ստուգումները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիլիջանի բնակիչը ոստիկանությանն է հանձնել նռնակ և ինքնաձիգի 320 փամփուշտ

փամփուշտՀուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, Դիլիջան քաղաքի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել «G-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 320 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Կողոպտիչները բնակարան մտան, բայց չհասցրեցին դուրս գալ. ոստիկանները վրա հասան

ոստիկանություն3Հուլիսի 4-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ե. Քոչարի փողոցի 9 շենքի մի բնակարանում գողություն է կատարվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Պերճ Մ.-ն և 1984 թ. ծնված Արամ Մ.-ն ժամը 02.30-ի սահմաններում հարմարեցված գործիքով փորձել են բացել պատուհանը և մուտք գործել բնակարան, սակայն հանցագործությունը չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ բերման են ենթարկվել ոստիկանների կողմից:
Դեպքի վայրից հայտնաբերվել են ռետինե ձեռնոցներ և հարմարեցված գործիք մետաղյա առարկա:
Կատարվում է նախաքննություն: