Բաքվում ընթանում է Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման 33-րդ հանդիպումը

2Բաքվում այսօր ընթանում է արտգործնախարարների մակարդակով Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման 33-րդ հանդիպումը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, երկօրյա նիստին մասնակցում են Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը, Ղազախստանի փոխարտգործնախարար Քայրաթ Սարըբայը, դեմարկացիայի և դելիմիտացիայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Իգոր Բրադչիկովը, Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ախունզադեն, Թուրքմենստանից Մուրադ Աթաջանովը:

Հանդիպման մասնակիցները քննարկելու են Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի ծրագիրը:

Հանդիպումը տեղի է ունենում փակ դռների հետևում:

Ֆրանսիայում նախարարներին արգելվել է սմարթֆոն օգտագործել

i (2)Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոյի քարտուղարությունը նախարարներին գաղտնի տեղեկությունը փոխանցելու նպատակով  սմարթֆոն օգտագործելն արգելելու հրահանգ է տարածել:

Փաստաթղթում նշվում է, որ աշխարհում գաղտնի տեղեկությունը կապի համակարգից որսալու մի քանի դեպքեր են արձանագրվել: Փաստաթղթի համաձայն, չի կարելի առևտրային ցանցում ձեռքբերված սմարթֆոնները կիրառել գաղտնի տեղեկություն փոխանցելու համար:

“Ծառայողական  բնույթի ցանկացած տեղեկություն, որը նույնիսկ գաղտնիության մակնշում չունի կարող է փոխանցվել միայն Ազգային տեղեկատվական գործակալության համակարգի  սերթիֆիկացված տերմինալներով”,-ասվում է փաստաթղթում: Նախարարներին հիշեցրել են նաև, որ գաղտնիության մակնշմամբ փաստաթղթերը, ֆրանսիական օրենքի համաձայն, կարելի է փոխանցել դրա համար նախատեսված հատուկ սարքավորման միջոցով:

Միջազգային գործուղումների ժամանակ հեռախոսազրույցները հնարավոր է գաղտնալսվեն, իսկ տվյալների փոխանցումը համացանցով` յուրացվեն: Նախարարներին հիշեցրել են, որ միջազգային օդանավակայանները, կազմակերպությունները, հյուրանոցներն ու ռեստորանները, ինտերնետ-սրճարանները այն վայրերն են, որտեղ լրտեսումն առավել  դյուրին է:

Ճապոնական ծովում 200 նոր կենդանատեսակ է հայտնաբերվել

51f5791c-90ef-d02a-90ef-d0251d65f4fd.photo.0Ռուս-գերմանական հետազոտական արշավախումբը Ճապոնական ծովում, Կուրիլյան կղզիների մոտ ավելի քան 200 նոր կենդանատեսակ է հայտնաբերել, հայտնել է ՌԴԳԱ-ի ծովի կենսաբանության ինստիտուտի տնօրեն Ա.Ադրիանովը:

“Արշավախմբի ժամանակ հետազոտություններ են կատարվել Ճապոնական ծովում մինչև 6 կմ խորության վրա, Կուրիլյան կղզիների մատույցներում:Ընդհանուր հավաքվել է 621 օրգանատեսակ` 6 անգամ ավելի քան հայտնի էր մինչ այդ: Դրանցից ավելի քան 200-ը մինչ այդ անհայտ են եղել գիտությանը”: Նրա խոսքով, գիտնականներն արդեն սկսել են գտածոների ուսումնասիրությունը: Այդ տեսակները կարող են նոր կենսաբանական ակտիվ միացությունների ու դեղորայքի աղբյուր դառնալ: Հիմա աշխարհում դեղամիջոցների 60%-ը ստեղծվում է բնական բաղադրիչներից ու միայն 1,5%-ն է խորջրյա օրգանիզմներից ստացվում: Հեռանկարում այդ հարաբերակցությունը կարող է խախտվել: Սակայն,  մեծ խորություններում բնակվող օրգանիզմները գիտնականներին հետաքրքրում են նաև մեկ ուրիշ պատճառով.համաշխարհային օվկիանոսի 95%-ը մեկ կմ-ը գերազանցող խորություններ են,որտեղ կենտրոնացված են հսկայական քանակությամբ կենսառեսուրսներ: Հետագայում դրանք կարող են մարդկային քաղաքակրթության համար  ցամաքի սահմանափակման դեպքում ռազմավարական պաշար հանդիսանալ:

Պաշտպանն արձագանքել է ցմահ դատապարտյալի բաց նամակին

ազատազրկվածՑմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը բաց նամակով դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով նրա օժանդակությունը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մի շարք խնդիրների հետ կապված:

Օմբուդսմենի հանձնարարությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցն ու Բռնությունների և խոշտանգումների կանխարգելման բաժնի ավագ մասնագետ Վլադիմիր Բաղդասարյանը երեկ  այցելել են Արմենակ Մնջոյանին, նրա հետ քննարկել դիմումում արծարծված խնդիրները, պարզաբանել Պաշտպանի լիազորությունները և բարձրացված հարցերի առնչությամբ Պաշտպանի կողմից մինչ այս ձեռնարկված միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Միաժամանակ, Օմբուդսմենն Արմենակ Մնջոյանի կողմից բարձրաձայնված խնդիրներին լուծում տալու նպատակով, հանձնարարել է սկսել խորքային ուսումնասիրություն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերաբերյալ համակարգային խնդիրները վերհանելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում լուծումներ գտնելու նպատակով:

Կատարված աշխատանքների արդյունքների հետ կապված Պաշտպանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտահերթ հրապարակային զեկույցով:

ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց ընտրվել կալանավորումը

datakanՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել`

– ՀՀ դատական դեպարտամենտի պետի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին,
-ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին,
– ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին:
ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Բացի այդ, նախաքննության ընթացքում որպես կասկածյալներ հարցաքննվել են`
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը,
– ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանը:
Մեղադրյալներ Արմեն Ավագյանի, Բագրատ Արիկյանցի, Յուրա Մուշկիդյանովի և Արմեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննության ընթացքում պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալ Արմեն Ավագյանի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարվել է 988.177 ՀՀ դրամ, իսկ մեղադրյալներ Գագիկ Խաչատրյանի և Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ ոստիկանության դեպոզիտ հաշվին` 26.608.000 ՀՀ դրամ:

 

Քաղաքացին զինամթերք է թողել փողոցում ու զանգել ոստիկանություն

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Հ. Հովսեփյան փողոցում գտնվող շինության  հետևի ճաղերի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է  «ԱԳՍ-17» նռնականետի 30 մմ տրամաչափի 2 նռնակ, 12,7 մմ տրամաչափի  գնդացրի 1 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի  գնդացրի 8 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 18 փամփուշտ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 103 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Գողը, հանդիպելով տանտիրոջը, դիմել է փախուստի

ձերբակալելՍեպտեմբերի 9-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղի մի տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.15-ի սահմաններում, 1987 թ. ծնված Արսեն Ս.-ն, պատուհանը բացելով, մտել է այդ տունը և փորձել գողություն կատարել, սակայն հանդիպելով տանտիրոջը` դիմել է փախուստի:
Արսեն Ս.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Հրդեհ Երկաթուղայինների 6-րդ փողոցում

հրդեհՍեպտեմբերի 11-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ս. Դավիթ կայարանի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների 6-րդ փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժաը 03.08-ին, մարվել` 03.14-ին: Այրվել է տանիքը (2 քմ):

Ձեռքերից զուրկ կինը` բոդիբիլդինգի չեմպիոն(տեսանյութ)

o_822788Մարդն ամեն ինչ կարող է, եթե վստահաբար գնա իր առջև դրված նպատակի ուղղությամբ: Ամերիկյան Ֆենիքս քաղաքից 37-ամյա Բարբի Թոմասը դրա փայլուն օրինակն է: Վաղ մանկության տարիներին զրկվելով 2 ձեռքից` կինը կարողացավ հաջողակ սպորտսմեն դառնալ:

Բարբին 2 տարեկան էր, երբ կորցրեց ձեռքերը: Երեխան փորձել էր մտնել իրենց տան մոտ գտնվող փոխարկչի տուփի մեջ: Փոքրիկը վեր մագլցելու համար բռնվել էր լարերից ու  հոսանքահարվել: Փոքրիկի ձեռքերը մինչև ուսահոդ ամբողջությամբ  այրվել էին: Սակայն  անդամահատումից որոշ ժամանակ անց  նա իր մեջ ուժ է գտել ու սովորել ձեռքերը ոտքերով փոխարինել. այն ինչ սովորաբար անում են ձեռքերով, աղջիկը սովորել է կատարել ոտքով:

Այսօր Բարբին ամեն ինչ անում է առանց կողմնակի օգնության: Սակայն դա ամենը չէ: Մի օր նա տարվեց սպորտով ու մեծ հաջողությունների հասավ: Նա բոդիբիլդինգի չեմպիոն դարձավ և ֆիթնեսի մարզիչ է:

Բարբին սահմանափակ կարողություններով  հաջողության հասած միակ մարզիկը չէ:

Թմրամիջոց ավտոմեքենայում

թմրամիջոցՍեպտեմբերի 9-ին, ժամը 19.05-ին,  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, Վայոց Ձորի մարզային վարչությունների և Եղեգնաձորի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արտյոմ Ն.-ին` իր «Տոյոտա Կորոլա»  մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1985 թ. ծնված Արման Ե.-ին ու 1978 թ. ծնված Հայրապետ Ա.-ին:
Ավտոմեքենայի զննությամբ` վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված կանեփանման կանաչ  զանգվածներ, որոնցից մեկը` 219 գ, մյուսը` 136 գ, իսկ փոխանցման տուփի հետնամասից հայտնաբերվել է   թղթով փաթեթավորված կանեփանման բույսի 1,6 գ կշռով չորացված, մանրացված զանգված:
Արտյոմ Ն.-ն հայտարարել է, որ  զանգվածները պատկանում են իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ բուսածածկ տարածքումՍեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում այրվել է 0,5 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Արզնի խճուղու 2-րդ կմ-ում՝ 2500 քմ և ջերմահարվել՝ 30 ծառ, Սևան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում՝ 2500 քմ, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 1 հա և 30 փշատենի, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում՝ 200 քմ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում՝ 2,5 հա ցորենի հնձած արտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ԱՄՆ նախագահի հեռուստադիմումը ազգին

i (1)ԱՄՆ նախագահ Օբաման հեռուստաուղերձով դիմելով ազգին, հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն խառնվի Սիրիայի  քաղաքացիական կռվին, սակայն մտադիր են “սահմանափակ հարված” հասցնել:”Ես զորք չեմ ուղարկի Սիրիա, հարվածը սահմանափակ կլինի: Այն կարող է բռնապետ Ասադին ստիպել երկու անգամ մտածել` կրկին քիմիական զենք կիրառելուց առաջ”:

Օբաման վստահ է, որ քիմիական գրոհի համար պատասխանատու է Բաշար Ասադը.”Օգոստոսի  21-ին նախորդած օրերին, ինչպես մեզ հայտնի է, Ասադի կողմնակիցները պատրաստվել են գրոհի այն շրջանում, որտեղ նրանք զարին են տարածել: Նրանք դիմակներ են բաժանել իրենց զինծառայողներին…”:

Նախագահի խոսքով, Վաշինգտոնին հայտնի է, որ “Ասադի ռազմական մեքենայի բարձրաստիճան ներկայացուցիչները գնահատել են գրոհի արդյունքները”: Օբաման տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը”հետազոտել է զարինով թունավորված մարդկան մազերի ու արյան նմուշները”:

Նա խոստացել է ՌԴ նախագահ Պուտինի` քիմիական զենքը միջազգային  վերահսկողության հանձնելու առաջարկը: Հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Իսկ այդ ընթացքում Օբաման կշարունակի Պուտինի հետ բանավեճը:

Խոստովանել է, որ գողություն է կատարել

ձերբակալությունՍեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին,  ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել  1949 թ. ծնված Խաչիկ Ա.-ն և հաղորդում  տվել, որ հունիսի 16-ին, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մտնելով՝ իր տնից գողացել են 10.000 ՌԴ ռուբլի:
Խաչիկ Ա.-ն հայտնել է նաև, որ գողություն կատարելու մեջ կասկածում է համագյուղացի Հովհաննեսին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.40-ին, բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Հովհաննես Ա.-ն. նա խոստովանել է, որ  գողությունը կատարել է ինքը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երեխային չեն առևանգել

ոստիկանությունՍեպտեմբերի 9-ից 10-ը որոշ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել  Ծովինար  Միքայելյանի անվամբ`  «Խնդրում եմ օգնել բակում խաղալու ժամանակ առևանգված դստերս» վերտառությամբ հոդվածների տեսքով, որոնցում նշված էր, որ ս/թ փետրվարի 25-ին Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցում խաղալու ժամանակ իր դստերը` Սուսաննա  Թիֆիլյանին,  առևանգել են:
Տեղեկատվության մեջ նշվում էր, որ կասկածներ կան, թե իբր Ս. Թիֆիլյանին առևանգել են ոմն Արտակ Պետրոսյանի ծնողները` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 22.00-ին,  բաժին է հրավիրվել 1962 թ. ծնված Սուսաննա  Թիֆիլյանը  իր թոռան` 2011 թ. ծնված Սուսաննա  Թիֆիլյանի  հետ և  հայտնել, որ ինքը  թոռնուհու խնամակալն է, ու տվել  է բացատրություն, որ թոռանը ոչ ոք չի առևանգել, և հոդվածում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Միլիոնավոր մարդիկ դիտեցին հանրահայտ եգիպտական թոք շոուն Հայոց ցեղասպանության մասին

եգիպտական հաղորդումԵգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից ի վեր, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատաբար է արտահայտվում նոր կառավարության մասին, պահանջելով իր իսլամիստ գործընկերոջ՝ Մուրսիի վերադարձը իշխանություն:

Հաշվի առնելով Էրդողանի անցանկալի միջամտությունը Եգիպտոսի ներքին գործերին, միլիոնավոր եգիպտացիներ իրենց զայրույթն ու դժգոհությունն են արտահայտել Թուրքիայի և նրա վարչապետի դեմ: Եգիպտական թերթերը լիքն են հակաթուրքական զեկույցներով և խմբագրականներով: Տասնյակ հոդվածներ են հրապարակվում` դատապարտելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը և հորդորելով Եգիպտոսի նոր ղեկավարներին ճանաչելու այն: Նաև կոչեր են հնչում` Կահիրեում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան տեղադրելու և պահանջներ՝ հայոց զոհերին Թուրքիայից փոխհատուցում վճարելու համար: Եգիպտոսի Ժողովրդական ճակատ ինստիտուտի ղեկավար, փաստաբան Մուհամեդ Սաադ Խեյրալլահը, աննախադեպ քայլ կատարելով, դատական հայց է ներկայացրել` Թուրքիային մեղադրելով հայերի դեմ գործած ցեղասպանության համար:

Խեյրալլահը և Կահիրեի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, դոկտ. Այման Սալաման, սեպտեմբերի 4-ին հայտնվեցին Լիլիան Դաուդի «Ալ-Սուրա ալ-Կամիլա» (Ամբողջական պատկերը) հանրահայտ թոք շոուում, ON հեռուստաընկերությունում, որը դիտում են միլիոնավոր հեռուստադիտողներ ինչպես Եգիպտոսում, այնպես էլ ամբողջ արաբական աշխարհում: Շոուին հեռախոսի միջոցով մասնակցում էին նաև` Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Էրդողանի իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Ռեսուլ Թոսունը և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: 36 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումը վարում էին արաբերեն լեզվով, որը ես հազվադեպ եմ օգտագործել մանկությանս տարիներից ի վեր:

Պրոֆ. Սալաման լսարանին տեղեկացրեց, որ 1919 թվականին Թուրքիայի ռազմական տրիբունալը մեղադրանք էr ներկայացրել Հայոց ցեղասպանության համար պատասխանատու ոճրագործներին: Տասնյոթ թուրք պաշտոնյա ճանաչվել էր մեղավոր, իսկ երեքը կախվել: Դոկտ. Սալաման նշեց, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը 1915 թվականին հանդես էին եկել համատեղ Հռչակագրով, նախագզուշացնելով, որ իրենք պատասխանատու են ճանաչելու թուրք ղեկավարներին՝ հայերին կոտորելու և «մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործություններ» կատարելու համար:

Փաստաբան Խեյրալլահը պնդեց, որ Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը Եգիպտոսում վաղուց է հասունացել և որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Նա հույս հայտնեց, որ իր դատական հայցը կստիպի Եգիպտոսին՝ «Մերձավոր Արևելքում սուննի մահմեդական ամենամեծ պետությանը» ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ օրինակ ծառայելով արաբական այլ երկրների համար: Խեյրալլահը հայտարարեց, որ իր հայցը եգիպտական դատարանի կողմից կքննվի նոյեմբերի 5-ին: Նա հուսով է, որ դատարանը պատմական որոշում կկայացնի «մարդու իրավունքների» այս կարևորագույն հարցի վերաբերյալ:

Երբ հեռուստաշոուի հաղորդավարուհին հարցրեց, թե ինչպիսին է իմ կարծիքը եգիպտական դատական հայցի վերաբերյալ, ես մեծ գոհունակություն արտահայտեցի, հուսալով դրական դատավճիռ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին, և ասացի, որ անհամբեր սպասում եմ Ցեղասպանության ճանաչմանը Եգիպտոսի կառավարության կողմից:

Նաև նշեցի, որ Էրդողանն ինքն իրեն կարգել է որպես Մերձավոր Արևելքի նոր սուլթան, և բոլոր մահմեդականների, արաբների ու պաղեստինցիների միակ պաշտպան: Սակայն Էրդողանի խեղաթյուրումները վերջապես բացահայտվեցին, երբ արաբական աշխարհը հասկացավ, որ նա պարզապես փորձում է իշխել տարածաշրջանում, հետամուտ լինելով Թուրքիայի սեփական, այլ ոչ թե արաբների և մահմեդականների շահերին:

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռեսուլ Թոսունը, շոուին միանալով հեռախոսով, անմիջապես իր դեմ տրամադրեց հեռուստադիտողներին, պնդելով, որ «ներկայիս եգիպտական կառավարությունը, որն իշխանության է եկել ռազմական հեղաշրջման միջոցով, օրինական չէ, ուստի ներկայացված հայցը չի կարող դիտարկվել որպես օրինական»: Թոսունը շարունակեց թութակի պես կրկնել իր թուրք շեֆերի անհիմն ժխտումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Պրոֆ. Սալաման, զայրացած Թոսունի ելույթից, Էրդողանին կոչեց «օսմանյան մարդասպանների իրավահաջորդը, որոնք իրականացրել են Հայոց ցեղասպանությունը»:

Այնուհետև հեռուստահաղորդավարուհին հարցրեց, թե ինչպիսին է իմ արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թոսունի արտահայտած աղավաղված տեսակետներին: Ես հեռուստադիտողներին հիշեցրի, որ Քեմալ Աթաթուրքը, «Լոս Անջելես էքզամիներ» թերթում 1926 թվականի օգոստոսի 1-ին հրապարակված հարցազրույցում, պահանջել էր, որ երիտթուրքերը «պատասխան տան մեր միլիոնավոր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնք դաժանորեն զանգվածաբար քշվեցին և կոտորվեցին»: Ես նաև հիշեցրի, որ Ալ-Ազհարի շեյխը` Կահիրեում գործող իսլամական հետազոտությունների համաշխարհային նշանավոր կենտրոնի առաջնորդը, 1909 թվականին ֆեթվա (կրոնական հրամանագիր) է արձակել, որով դատապարտել է թուրք պաշտոնյաներին Կիլիկիայի Ադանա քաղաքում 30 հազար հայերի կոտորածի համար:

Շոուի ավարտին, փաստաբան Խեյրալլահը հայտարարեց, որ շուտով հանրահավաքներ տեղի կունենան ցույց տալու համար, որ նրա խմբի դատական հայցը բխում է համաժողովրդական պահանջից` եգիպտացիները պահանջում են իրենց կառավարությունից «ճանաչել, որ հայերը կոտորվել են թուրք ոճրագործների ձեռքով»:

Լիբանանն առայժմ միակ արաբական երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եթե Եգիպտոսը հետևի նրա օրինակին, արդյոք հնարավո՞ր է, որ Սիրիան և մյուս արաբական երկրները նրանից հետո երկար սպասեցնել չտան:

Ահա այդ թոք շոուի հղումը. http://www.youtube.com/watch?v=teAKr6Psyl0&sns=em

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հոլովակը, որտեղ վիրահատությունից հետո արթնացած ապշած ամուսինը չի ճանաչում իր կոնջը, ինտերնետային հիթ է դարձել (տեսանյութ)

Jason and Candice, from UtahԲոլորն էլ սիրահարվելու հաճույքը զգում են մեկ անգամ:

Սակայն որքան էլ ամուսնացած զույգերը փորձեն, այնուամենայնիվ, նրանցից միայն մի քանիսն են կարողանում այդ զգացումը կրկին վերապրել՝ ի տարբերություն ապշահար Ջեյսոն Մորտենսենի:

Ճողվացքի վիրահատության պատճառով մորֆինի ազդեցության տակ գտնվող սիրահարված ամերիկացին, իր անկողնու կողքին կանգնած կնոջը տեսնելուց հետո, չէր կարողանում հավատալ իր աչքերին:

Նա զարմացած հարցրել է արդյո՞ք նա մոդել է՝ հայտնելով, որ նա ամենագեղեցիկ կինն է, որին ինքը երբևէ հանդիպել է:

Տղամարդը պարզապես խելագարվել է, երբ իր հարցին, թե ով է նա՝ կինը ծիծաղելով պատասխանել է, որ իր կինն է:

Համացանցում տեղադրված, 240,000 անգամ դիտված հոլովակում Մորտենսենը այդ պատասխանից հետո զարմանքից քար է կտրում և շարունակում հարցեր տալ:

Նրա կինը, որը այդ ընթացքում նկարահանում էր տղամարդուն, համոզում է իր վեց տարվա ամուսնուն ուտել թխվածքաբլիթը:

Սակայն հոլովակում երևում է, որ Մորտենսենը չափազանց մտացիր է այն ուտելու համար:

Այժմ ապաքինված Մորտենսենը ծիծաղում է իր յուրաքանչյուր բառի վրա, իսկ համացանցի օգտատերերը «տարվա ամուսնու» հոլովակը հեղեղել են գովաբանական մեկնաբանություններով, ինչ այն օգոստոսի 30—ին հայտնվել է YouTube կայքում:

 

Սիրիան մտադիր է միավորվել Քիմիական զենքն արգելող կոնվենցիային

iՍիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուհալիմը հայտարարել է Դամասկոսի` Կոնվենցիային միավորվելու պատրաստակամության մասին:

Մուհալիմը հայտարարություն է արել, որում արտահայտել է քիմիական զենքի վերաբերյալ  Ռուսաստանի ձեռնարկին աջակցելու պատրաստակամություն.”Մենք լրիվ պատրաստ ենք համագործակցել այդ ձեռնարկն իրականացնելուն: Մասնավորապես, ցանկանում ենք Քիմիական զենքն արգելող կոնվենցիային միավորվել”:

Նրա խոսքով, Սիրիան պատրաստ է հայտնել քիմիական զենքի գտնվելու վայրը, ինչպես նաև` դադարեցնել դրա արտադրությունը:

Մրցամարտ` շախմատի աշխարհի չեմպիոնուհու կոչման համար

25441 chessԱյսօր Թայչժոուում պայքարը կսկսեն  շախմատի աշխարհի կանանց առաջնության եզրափակիչ մրցամարտի մասնակիցները: Աշխարհի ներկայիս չեմպիոնուհի, ռուսաստանցի Աննա Ուշենինան իր տիտղոսը կփորձի պահպանել աշխարհի նախկին չեմպիոնուհի, չինացի Հոու Յիֆանի հետ խաղում:

Կանցկացվի դասական շախմատի 10 պարտիա: Ոչ-ոքի արդյունքի դեպքում մրցակցուհիները հաղթողին կորոշեն լրացուցիչ պարտիաներում:

 

Երկու առաջատար

chess-1Մարտունիում շարունակվող շախմատի «Սևանա լիճ-2013» մրցաշարում կայացած երկու տուրից հետո Կարեն Գրիգորյանն ու Արման Փաշիկյանը 2-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

Փաշիկյանը հաղթեց Մարկուս Ռագերին, Գրիգորյանը` Յուրի Կուզուբովին: Առաջատարներին հետապնդում է Սերգեյ Ժիգալկոն` 1,5 միավոր: Նա պարտության մատնեց Ավետիք Գրիգորյանին: Վերջինս 2-րդ անգամ անհաջողության մատնվեց:

Դարիուշ Սվիերչ – Ռոբերտ Հովհաննիսյան, Իվան Պոպով – Զավեն Անդրեասյան պարտիաները խաղաղ ելք ունեցան:

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ. Հայ բոլշևիկյան շարժման ամենակարկառուն ներկայացուցիչը

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԱլեքսանդր Մանթաշյանցի կենսագիրները նշում են, որ մեծահարուստ բարերարն անձամբ առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր դստեր հետ` խոստանալով փող, հարստություն, ինչպես նաև Բաքվի նավթահանքերի կառավարումը: Շահումյանը մերժել է գրավիչ առաջարկը, քանզի  նրա սիրտն արդեն նվաճված էր:

Ստեփան Շահումյանի կերպարը հակասական է ու շղարշով ծածկված: Ոմանք նրան համարում են XX դարասկզբի մեծագույն գործիչ, ոմանք` դավաճան և ապազգային…

Ստեփան Շահումյանը ծնվել է 1878 թ. հոկտեմբերի 13-ին Թիֆլիսում:

Պատանեկության տարիներից սեր ունենալով գիտության հանդեպ` նա սովորեց քիմիա, ճարտարագիտություն, հետագայում նաև` գրականություն և փիլիսոփայություն:

1889-1898 թթ. Շահումյանը սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, որտեղ առաջին անգամ հաղորդակից է դառնում հեղափոխական գաղափարներին և  կատարում առաջին հեղափոխական քայլերը: 1898 թ. նա մտնում է ՌՍԴԲԿ շարքերը, իսկ 1899 թ. Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան) հիմնում է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը` «Սպարտակը»:  Մի տարի անց, Բոգդան Կնունյանցի հետ հիմնում է Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը: Նա ակտիվ կազմակերպչական աշխատանքներ   տարավ 1903-1905 թթ. Ալավերդու բանվորական ելույթների և 1903 թ. Հաղբատի գյուղացիների զինված ելույթների նախապատրաստման գործում: Աջակցեց Հաղբատի կոմբջիջի աշխատանքներին: Շահումյանի ուսուցիչներն էին նշանավոր հեղափոխականներ Դեդուշկան (Մելիք Մելիքյան), Բանվոր Խեչոն (Ասատուր Կախոյան)  այլք:

Ուսումնարանն ավարտելուց հետո` 1898-1902 թթ. նա սովորում է Ռիգայի ճարտարագիտական համալսարանում: 1902-1905 թթ. նա փիլիսոփայություն է ուսանել Բեռլինի համալսարանում, 1911 թ. էքստեռն կարգով ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

Այնքան մեծ էր Ստեփան Շահումյանի հեղինակությունն ու ազդեցությունը, որ ժամանակակիցները նրան կոչում էին «Կովկասի Լենին»: Առհասարակ նա ոչ միայն մարտիկ-հեղափոխական էր, այլև մարքսիզմի տեսաբան: Նա խմբագրեց «Նոր խոսք» «Սոցիալ-դեմոկրատ», «Պրոլետարիատ», «Կայծ» թերթերը, բազում հոդվածների և հրապարակումների հեղինակ էր: Հայերեն է թարգմանել Մարքսի, Էնգելսի, Լենինի աշխատությունները:

Ստեփան Շահումյանը հայ մեծանուն բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի հոգեզավակն էր: Մանթաշյանցն էր հովանավորում և ֆինանսավորում Շահումյանի ուսման ծախսերը: Մանթաշյանցի կրտսեր դուստրը սիրահարվել էր Շահումյանին: Ալեքսանդր Մանթաշյանցի կենսագիրները նշում են, որ մեծահարուստ բարերարն անձամբ առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր դստեր հետ` խոստանալով փող, հարստություն, ինչպես նաև Բաքվի նավթահանքերի կառավարումը: Շահումյանը մերժել է գրավիչ առաջարկը, քանզի նրա սիրտն արդեն նվաճված էր…

1917 փետրվարյան հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանում տապալվեց ցարական կարգը, հսկայածավալ կայսրության ողջ տարածքում քաոս սկսվեց: Գավառներում տեղական իշխանությունը կազմակերպելու նպատակով ստեղծվեցին կոլեգիալ մարմիններ: Մասնավորապես, 1917 թ. հոկտեմբերին Թիֆլիսում մենշևիկների, էսէռների, մուսավաթականների և դաշնակցականների համատեղ ջանքերով ստեղծվեց Հասարակական անվտանգության անդրկովկասյան կոմիտեն:

Սակայն այս մարմինը սոսկ ձևական բնույթ ունեցավ, և նրա իշխանությունը Անդրկովկասի վրա այդպես էլ չտարածվեց:

Այլ իրադրություն էր Բաքվում: Բաքուն այդ տարիներին, ինչպես և Օդեսան թերևս ամենաբազմազգ քաղաքներից էր կայսրության տարածքում: Այնտեղ էր կենտրոնացած Անդրկովկասի բանվորական ուժի մեծ մասը: Քաղաքական առումով էլ Բաքվում խառնաշփոթ էր. բանվոր դասակարգը, բնականաբար, համակրում էր բոլշևիկյան կուսակցությանը: Սակայն հայ հոծ բնակչության հաշվին ուժեղ էին նաև ՀՅԴ-ն, ինչպես նաև` տեղական թաթարների կողմից մեծ աջակցություն ստացող մուսավաթականները:

Իշխանության համար պայքարում, սակայն, ուժեղ գտնվեցին բոլշևիկները և 1917 թ. հոկտեմբերի 31-ին գումարված բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդի ընդլայնված կոնֆերանսը հայտարարեց քաղաքում իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին: Ձևավորվեց Բաքվի խորհուրդը, որի գործկոմի նախագահ ընտրվեց Ստեփան Շահումյանը: Գործկոմի կազմում ընտրվեցին նաև Պ. Ջափարիձեն, Ի. Ֆիոլետովը, Մ. Բասինը, Ս. էֆենդիևը, Ի. Վացեկը, ձախ էսեռ Մ. Վեզիրովը և ուրիշներ։ Իսկ 1917 թվականի դեկտեմբերին ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը Ստ. Շահումյանին նշանակեց Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար:

Առհասարակ, կոմունայի մեջ մեծ թիվ էին կազմում հայ բոլշևիկները: Հետագայում գնդակահարված 26 կոմիսարներից ութը ազգությամբ հայ էին:

Բաքվի կոմունան սկզբից ևեթ հայտարարեց, որ պաշտպանում է բոլշևիկյան Ռուսաստանի շահերը երկրամասում: Սակայն նույն ժամանակահատվածում Թիֆլիսում այլ զարգացումներ էին ընթանում: 1917 թ. նոյեմբերի 15-ին Թիֆլիսում կազմավորվեց Անդրկովկասյան կոմիսարիատը: Նրա մեջ մտած հիմնական ուժերը, սակայն, տարբեր շահեր ու նպատակներ էին հետապնդում: Վրաց մենշևիկները, հույսը դնելով գերմանա-թուրքական աջակցության վրա, ձգտում էին Անդրկովկասի տարանջատմանը Ռուսաստանից: Դրան դեմ չէին նաև մուսավաթականները, որովհետև այդ միջոցով թուրքական զորքերը հնարավորություն կունենային ճեղքելու կազմալուծված Հայկական ճակատն ու արշավել Բաքու, որի արդյունքում մուսավաթականները այնտեղ կտապալեին Կոմունան և կվերցնեին իշխանությունը:

ՀՅԴ-ն դեմ էր Անդրկովկասի` Ռուսաստանից անջատվելուն: Դա առավել կմեկուսացներ հայությանը և նրան կթողներ անպաշտպան թուրքական ներխուժման դեմ: Այս առումով դաշնակցությունը սերտ համագործակցում էր Բաքվի կոմունայի և Ստեփան Շահումյանի հետ, մանավանդ որ վերջինս հանդես էր գալիս հակաթուրքական միասնական ճակատ կազմելու առաջարկությամբ: Այդ ժամանակաշրջանում Ստեփան Շահումյանն անգամ առաջարկեց Անդրկովկասի վարչական բաժանման տարբերակ, ըստ որի` Անդրկովկասի հայաբնակ տարածքները պետք է մաս կազմեին Արևելյան Անդրկովկաս կոչվող երկրամասի` Երևան կենտրոնով: Արևմտյան Հայաստանի ճակատագիրը, ըստ Շահումյանի, պետք է վճռվեր համաժողովրդական քվեարկությամբ: Առհասարակ, այդ շրջանում Շահումյանը հանդես էր գալիս ընդգծված հայանպաստ դիրքերից. նրան են պատկանում «բոլշևիկ լինելով հանդերձ` ես հայ եմ» արտահայտությունը:

1917 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որում նշվում էր արևմտահայերի ազգային ինքնորոշման իրավունքը, ընդունվեց նաև Ստեփան Շահումյանի ջանքերով:

Իրերի բերումով 1918 թ. Շահումյանի հետ համագործակցության փորձ արեց նաև Արամ Մանուկյանը` հույս ունենալով նրա միջոցով ռուսական նահանջող զորքերը պահել ռազմաճակատի գծում: Սակայն Շահումյանն այլևս անզոր էր որևէ էական բան փոխելու:

Այսինքն` ՀՅԴ աջակցությունը Ստեփան Շահումյանին և Բաքվի կոմունային էական էր: Հետագայում Շահումյանն իր նամակներում գրեց. «Դաշնակցական կուսակցությունը մեզ պաշտպանում է ամեն բանում»: Իսկ նրա որդին` խորհրդային  գեներալ Սուրեն Շահումյանը, ավելի ուշ  գրել է. «Դաշնակները գնում էին բոլշևիկների հետ, որովհետև հայ բնակչության համար ավելի հուսալի էին համարում այդ դաշինքը: Չլիներ այդ դաշինքը, թուրքերը և ադրբեջանական մուսավաթականներն ավելի շատ հայեր կկոտորեին, կիրականացվեր նոր ցեղասպանություն»: Հետևաբար, անհիմն են խորհրդային պատմագիրների պնդումները, որոնք փորձում են Կոմունայի տապալման մեջ նաև ՀՅԴ-ի մեղքը որոնել:

Ինչևէ:  ՀՅԴ-ն անզոր էր մենակ դիմագրավելու դեպքերի զարգացմանը, և ի վերջո Անդրկովկասը հռչակվեց Ռուսաստանից անկախ հանրապետություն:

Ստեղծված իրադրությունը շտկելու և հակաթուրքական միասնական ճակատ կազմելու ծրագրով Ստ.Շահումյանը գնաց Թիֆլիս: Սակայն նրան գրկաբաց չընդունեցին: Մենշևիկները փորձեցին ձերբակալել Շահումյանին, սակայն  նա դաշնակցականների օգնությամբ խույս տվեց և ծպտյալ հեռացավ Բաքու:

Ստեփան Շահումյանի և ՀՅԴ-ի միջև համագործակցությունը շարունակվեց մինչև 1918 թ. մարտի 3-ը, երբ Խորհրդային Ռուսաստանը ստորագրեց Բրեստ-Լիտովսկի դավաճան պայմանագիրը, որով նա ճանաչում էր Թուրքիայի իրավունքները Արևմտյան Հայաստանի վրա: Սա առիթ դարձավ, որ հայ քաղաքական ուժերը սթափվեին և այլևս հույսեր չկապեին Ռուսաստանի հետ:

Մարտի 2-ին մուսավաթականներն իրենց կազմած «վայրի դիվիզիայով» Բաքվում խռովություն են բարձրացնում: Բաքվի կոմունայի շահերը պաշտպանում և փաստորեն կոմունայի իշխանությունը փրկում են դարձյալ հայերը` գեներալ Հակոբ Բագրատունին, որ մինչ այդ Պետրոգրադի պարետն էր, և Հայոց ազգային խորհրդի զորամիավորումները` Հմայակ Սրվանձտյանի, Համազասպի, Սեբաստացի Մուրադի  հրամանատարությամբ:

Առհասարակ Բաքվի պաշտպանությունն իր վրա էր վերցրել ՀՅԴ-ն իր մարտունակ խմբերով: Այդ օրերին անգամ Հյուսիսային Կովկասի հայության շրջանում ՀՅԴ-ն զորահավաք էր հայտարարել` Բաքվի կոմունայի փրկության համար: Շահումյանը Ասքանազ Մռավյանին զորահավաքին աջակցելու հրաման էր տվել: Հետագայում Հովհաննես Քաջազնունին իր հուշերում գրեց. «Մեզ վրա հենված` բոլշևիկները խորտակեցին Բաքվում Մուսավաթի ուժը 1918 թ. մարտին»:

Սակայն Ստ. Շահումյանը, վախենալով ՀՅԴ աճող հեղինակությունից, ապրիլի 13-ին հրաման է արձակում հայկական ազգային երկրորդ հետևակային գունդը ցրելու մասին: Նրա հրամանով պետք է գնդի հիման վրա կազմվեին Կարմիր բանակի ստորաբաժանումներ` բոլշևիկ հրամկազմով: Իսկ ապրիլի 15-ին նրա գլխավորությամբ ստեղծվում է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը: Շահումյանը խորհրդի կազմի մեջ դաշնակցականներին էական դերակատարությունից զրկում է, սակայն ՀՅԴ-ն, հավատարիմ մնալով հայության շահերին, իր մոտ 5000-անոց ռազմական ջոկատներն առաջնորդում է ճակատ` թուրքերի դեմ:

Խոսելով հայերի զինված ուժերի՝ Բաքվի կոմունայի պաշտպանությանը մասնակցելու մասին` այն ժամանակ Կովկասյան ռազմաճակատի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կորզանովը գրել է. «Հայերը տարածքային հավակնություններ չունեին, այլ միայն սահմանափակվում էին Բաքվի մարզի պաշտպանությամբ, քանի որ Բաքուն

թուրք-թաթարների կողմից գրավվելու դեպքում հայկական խաղաղ ազգաբնակչությունը անխուսափելիորեն կոչնչացվեր: Բացի դրանից, թշնամական ուժերի մի մասի զբաղված լինելը Բաքվի ճակատում հեշտացնում էր Հայաստանի ռազմական ընդհանուր դրությունը»:

Սակայն դա չկարողացան գիտակցել անձամբ Շահումյանը և Բաքվի բոլշիկ պարագլուխները: Նրանց ապաշնորհ գործելաոճի  հետևանքով Բաքվի շուրջ թուրքերի օղակը գնալով սեղմվում է: Հուլիսին իրավիճակը ճգնաժամային է դառնում: Կոմունան այլևս անկարող էր պայքարել: ճակատում մնում են միայն հայկական զորամիավորումները: Եվ այս ճակատագրական պահին Բաքվի կոմունան` Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, փախուստի է դիմում` թողնելով բնակչությանը թուրքական յաթաղանին: Շահումյանն իր հետ Բաքվից տանում է գանձարանը, զենք- զինամթերքը` քաղաքի պաշտպաններին թողնելով անհույս վիճակում: Հայկական զորամիավորումները պայքարում են մինչև արյան վերջին կաթիլը: Սեպտեմբերի 16-ին թուրքերը, մտնելով Բաքու, արյան նախճիր են սարքում, որին զոհ է գնում 30 հազար հայ:

Շուտով փախուստի դիմած Բաքվի կոմունան գերվում է: 1918 թ. սեպտեմբերի 20-ին Շահումյանին ու նրա զինակիցներին գնդակահարեցին: