Հանձնարարվել է խստորեն վերահսկել ու բացառել ավտոկայանումների համար ապօրինի գանձումների իրականացումը

001Երևանի քաղաքապետարան,խորհրդակցություն Երևանի զարգացման 2013թ.-ի ծրագրերի շրջանակում մանկապարտեզներում, մշակույթի տներում, արվեստի դպրոցներում ու կրթական մյուս հաստատություններում արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանձնարարվել է սահմանված ժամանակացույցի համաձայն ավարտել նաև բարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող փողոցների բարեկարգման, ճաքալցման ու փոսանորոգման աշխատանքները:
Զեկուցվել է, որ զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև հիմնանորոգված փողոցների գծանշման աշխատանքները: Հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշտական ուշադրության կենտրոնում պահել վթարված լուսացույցների փոխարինման և գծանշման աշխատանքները:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում, սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.6 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 5 դեպք և իրականացվել են քանդման աշխատանքներ:
Քաղաքապետը մեկ անգամ ևս ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման մասով: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ցանկացած ապօրինի շինություն ապամոնտաժվելու է:
Հանձնարարվել է նաև խստորեն հետևել մայրաքաղաքում գործող ավտոկանգառների նոր կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ապօրինի գանձումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման մասով զեկուցվել է, որ շարունակվում է առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների վերականգնման գործընթացը:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու աշխատանքները: Հսկողություն է իրականացվում նաև տերևների այրման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ուշադրություն. առողջության համար վտանգավոր 2 դեղամիջոցների շրջանառությունը արգելվել է Հայաստանում

վնասակար դեղՀիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն և ԱՄՆ Դեղերի և սննդի վարչություն) ստացված գրությունները, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացությունը և այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձևերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման և վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանով վնասակար դեղ2անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության  «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո.» ընկերության արտադրության «Միկոզորալ դեղահատեր 200մգ  N30», Հնդկաստանի «Նաբրոս Ֆարմա ՊՎՏ., ՍՊ» ընկերության արտադրության «Անտիգրիբոկ Նիզոմաքս դեղահատեր 200մգ N10», Հայաստանի Հանրապետության «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության «Կետոկոնազոլ դեղահատեր 200մգ (10)», Իտալիայի «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն և Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստան-ի համար» ընկերության արտադրության «Նիզորալ դեղահատեր 200մգ N10 և N30» դեղերի գրանցումը:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նախարարի հանձնարարությամբ նշված դեղերի շրջանառությունը  դադարեցվել է Հայաստանի Հանրապետությունում և սկսվել է հետհավաքման գործընթացը:

Երկու վրաերթ Երևան քաղաքում

վրաերթՆոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի «Այրարատ» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
                                                        
Նոյեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սվաճյան փողոցի թիվ 2/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Գիշերը «ԲՄՎ X-5»-ը Երևանի Աբովյան փողոցում բախվել է ծառի

ավտովթարՆոյեմբերի 3-ին, ժամը 04.30-ին, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի դիմաց բախվել է ծառի:
Պատահարի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը որոնվում է

ոստիկանությունՆոյեմբերի 3-ին, ժամը 22.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի ճանապարհի աջ մասում տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Թորոսյանին և դիմել փախուստի: Ա. Թորոսյանը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ջեյմս Ուորլիքը Բաքում է

ուորլիքԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պաշտոնական այցով գտնվում էԲաքվում:

Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, Ուորլիքը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Հանդիպմանը կքննարկվեն  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

Բաքվում է գտնվում նաև Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահ Ժակ Ֆորը:

Այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումն է:

Պարզաբանումներ դեղերի շրջանառության վերաբերյալ

Հայաստանում շրջանառվող դեղերի վերաբերյալ Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցադրումների և դրանց առնչվող որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունների առթիվ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնը պարզաբանում է:

Այսօր Հայաստանում փորձ է արվում օրինական համարել չգրանցված դեղերի ներկրումը` անվանելով այն «զուգահեռ ներմուծում», մինչդեռ եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուրջ կարգավորման կարիք ունի: ՀՀ կառավարությունը 2011 թվականին թույլատրելով փաթեթավորման ոչ էական փոփոխություններով դեղերի ներմուծումը, բնականաբար, նպատակ չէր հետապնդում գների իջեցման միջոցով վտանգել բնակչության առողջությունը։ Որոշման մեջ հստակ նշված է, որ բոլոր դեղերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված։ Թյուր է այն կարծիքը, որ դեղերը գրանցված համարելու համար բավական է համընկնեն դեղերի անունները: Օրենսդրական հստակ պահանջ է, որ ներկրվող դեղը բոլոր ցուցանիշներով պետք է համապատասխանի գրանցանմուշին և գրանցամատյանում ընդգրկված տվյալներին` անվանում, բաղադրակազմ, դեղաձև, դեղաչափ, թողարկման ձև, փաթեթավորում, արտադրող (ներառյալ` գրանցման հավաստագրի իրավատեր), արտադրող երկիր, դեղատնից բացթողնման կարգ: Հայաստանում շրջանառվող դեղի որակի անվտանգության և արդյունավետության ապահովման համար պատասխանատվություն է կրում միայն գրանցման հավաստագրի իրավատերը: Եթե այս ցուցանիշերից առկա է անգամ չնչին տարբերություն, ապա հավաստագրի իրավատիրոջից բացի որևէ մեկը չի կարող հայտարարել, որ խոսքը Հայաստանում գրանցված նույն դեղի մասին է: Առավել ևս, եթե դեղերի փաթեթները սպառողի համար անհասկանալի օտար լեզուներով են, որոնց վրա բացակայում է արտադրողի մասին նշումը։ Մամուլում շահարկվող «զուգահեռ ներմուծմանն» առնչվող բոլոր դեպքերում գրանցման հավաստագրի իրավատերը հրաժարվում է պատասխանատվություն կրել գրանցանմուշին չհամապատասխանող դեղերի համար: Միջազգային փորձագետների դիտարկումներով «զուգահեռ ներմուծում» երևույթը լի է կեղծ դեղերի տարածման վտանգով։ Եվրոպայի Խորհրդի զեկույցում արձանագրված է. «Դեղերի իրացումից ստացվող եկամուտների և զուգահեռ ներմուծման մյուս ասպեկտների վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները հստակ ցույց են տալիս, որ զուգահեռ ներմուծումից պացիենտները չեն շահում (շահողը միայն ներմուծողներն են) և  բավարար հիմքեր կան պնդելու, որ դեղերի զուգահեռ ներկրումը հանրության համար բացասական երևույթ է, քանի որ այն հնարավորություն է ստեղծում դեղերի կեղծման համար»:  Ասվածը հաստատում է  Վրաստանի փորձը,  որտեղ  «զուգահեռ ներմուծման» հսկողություն չի իրականացնվում: Արդյունքում վրացական շուկայում առկա են կեղծ դեղեր, որոնք փորձ է արվում ներկրել Հայաստան նույնիսկ օրինական ճանապարհով: Ի դեպ, դեղերի ներմուծման հավաստագրման քսանամյա պատմության ընթացքում նման դեպք չէր արձանագրվել:

Հարկ է նշել, որ գրանցանմուշի հետ անհամապատասխանության ցանկացած ոչ էական թվացող տարբերություն կարելի է դիտարկել որպես դեղի կեղծման ահազանգ: Այդ է պատճառը, որ ներմուծվող դեղերի փորձաքննության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի փորձագիտական կենտրոնի մասնագետներն, անմիջապես մաքսային պահեստներում ստուգելով դեղի տեղափոխման և պահպանման պայմանները, կատարում են նմուշառում, ներկրվող խմբաքանակներից վերցված նմուշների փաթեթները և կիրառման հրահանգները կենտրոնում համեմատվում են գրանցված դեղի հետ: Փաթեթի անհամապատասխանության ժամանակ իրականացվում են լաբորատոր փորձաքննություն, մանրամասն ուսումնասիրություններ, ինչպես նաև պարզաբանումներ դեղի համար պատասխանատու կազմակերպության հետ, որպեսզի հնարավորինս կանխվի անորակ և ոչ անվտանգ դեղերի մուտքը հանրապետություն: Այս գործընթացի արդյունքում էր, որ հնարավոր եղավ հայտնաբերել Վրաստանից Հայաստան ներկրվող երեք կեղծ դեղերը (սանդոստատին, դոստինեքս, ռոցեֆին), որոնց կեղծման դեպքը հաստատվել է նաև դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերի կողմից: Վերջին մեկ տարվա ընթացքում դեղերի ներկրման փորձաքննության արդյունքում չի թույլատրվել ևս  12 անորակ  դեղի ներմուծումը հանրապետություն:

Կեղծ դեղԴեղի առանձնահատկությունն այն է, որ դրա նկատմամբ երբեք չպետք է կորցնել զգոնությունը, քանի որ բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի: Բացի այդ, դեղի որակը կարող է փոփոխվել ոչ ճիշտ պահպանման հետևանքով: Ուստի, պետք է հսկողություն իրականացնել շրջանառության բոլոր փուլերում: Այդ նպատակով  ստեղծվել է նախարարության տեսչական ծառայությունը, որը հսկողություն կիրականացնի նաև դեղատնային գործունեության նկատմամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ «Նատալի ֆարմի» դեղատներում ուսումնասիրությունների ժամանակ «Պրեգնիլ» դեղի նշված սերիան չի հայտնաբերվել: Սովորաբար, նման փաստերի հրապարակումից հետո դժավարանում է խախտման բացահայտման գործընթացը: Այս առթիվ հիշեցնում ենք, որ ինչպես բազմիցս է ասվել, Դեղերի փորձագիտական կենտրոնը տեսչական ստուգումներ անելու, ինչպես նաև պատժելու լիազորություններ չունի։ Շուկայից ստացվող յուրաքանչյուր ահազանգ ուսումնասիրվում և ընդունվում են համապատասխան կարգավորիչ որոշումներ:

Ինչ վերաբերում է դեղերի մատչելիության խնդրին, ապա պետք է նշել, որ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ նաև այդ խնդրի լուծման նպատակ է հետապնդում` սահմանելով գների կարգավորման պահանջ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

տարոն մարգարյանՍոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Մեր օրերում գնալով ավելի ու ավելի է կարևորվում ու արժևորվում ձեր աշխատանքը, քանզի դուք գործ ունեք հասարակության առավել զգայուն խավերի հետ:
Ձեր խնամքի, հոգածության և աջակցությունների կարիքն ունեն Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, ծնողազուրկներն ու բազմազավակ ընտանիքները, տարեցներն ու, ընդհանրապես, աջակցության կարիք ունեցող մարդիկ։
Տոնական այս առիթով ուզում եմ  շնորհակալություն հայտնել ձեզ՝ անչափ դժվարին ձեր գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ձեր ջանքերի համար։
Վստահեցնում եմ, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը քաղաքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են և տարեցտարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն ու նաև միջոցներ են ուղղվում բնագավառի կատարելագործմանը:  Համոզված եմ, որ արժանապատիվ աշխատանքով և մասնագիտական բարձր որակներով, նույն բարությամբ ու հոգատար համբերատարությամբ դուք կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունն՝ ի նպաստ ձեր շահառուների ու հասարակության շրջանում սոցիալական համերաշխության ձևավորման։
Առողջություն, բարեկեցություն և հաջողություններ  ձեզ և ձեր ընտանիքներին:

 

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի  քաղաքապետ

 

Սաուդյան Արաբիան Գերմանիային 5 սուզանավ է պատվիրել

pic_caefd99401c6298346ca2139fd909d69Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է Գերմանիայից Type 209 տեսակի 5 սուզանավ պատվիրել, գրում է газета Bild am Sonntag-ը: Գնման համար սաուդյան ռազմական վարչությունը պլանավորում է շուրջ 2,5 մլրդ եվրո ծախսել: Ընդ որում, հետագայում հնարավոր է, որ դրանց թիվը հասցվի 25-ի: Նման գնումը Սաուդյան Արաբիայի վրա 12 մլրդ  եվրո կնստի: Գերմանիան սուզանավ մատակարարելու մասին դիմում արդեն ստացել է: Իշխանությունները խոստացել են “արագ ու դրական” պատասխանել դեռևս 2013-ի ամռանը, սակայն ներկա պահին այդ գործարքի ճակատագիրը պարզ չէ: Բանն այն է, որ Քրիստոնյա-դեմոկրատական միությունն ու Քրիստոնյա-սոցիալական միությունը բանակցություններ են վարում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ` կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ: Սոցիալ-դեմոկրատներն էլ դեմ են Սաուդյան Արաբիային գերմանական զենք մատակարարելուն:

Այդուհանդերձ, ինչպես գրում է Bild am Sonntag-ը, Սաուդյան Արաբիայի դիմումը կբավարարվի, սուզանավերի կառուցմամբ կզբաղվի Howaldtswerke-Deutsche Werft և  Nodseewerke Emden ընկերությունները, որոնք  ThyssenKrupp կոնցեռնի մեջ են  մտնում:

Youtube-ը երաժշտական մրցանակներ է բաշխել

o_792836Երեկ  Նյու Յորքում տեղի է ունեցել Google ընկերությանը պատկանող Youtube տեսահոսթինգի  մրցանակաբաշխությունը: Հաղթող են ճանաչվել այն կատարողները, որոնք վերջին տարում ամենաշատ դիտումներն են ունեցել:

Հանդիսավոր արարողությունը վարել են Ջեյսոն Շվարցմանն ու երաժիշտ Ռեգգի Շոթսը: Մրցանակը  կարմիր Play կոճակի է նման, որն օգտատերը սեղմելով` միացնում է տեսահոլովակը:

“Տարվա կատարող” անվանակարգում հաղթող է ճանաչվել հայտնի ռեփեր Էմինեմը, “Տարվա տեսանյութ” անվանակարգում հարավկորեական Girls Generation  է դարձել մրցանակակիր` I Got a Boy երգի համար:” Youtube-ի հայտնություն” անվանակարգում  I Knew You Were Trouble երգով հաղթող է ճանաչվել ամերիկյան քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթը:

Ռուսաստանում դիմակավորված անձինք կրակել են համասեռականներին

i (2)Սանկտ Պետերբուրգում  դիմակավորված անձինք ներխուժել են համասեռականների ու նրանց հանդեպ սրտացավ վերաբերմունք ունեցող քաղաքացիների  փակ հավաքույթ և կրակ են բացել:

Նրանք զինված են եղել ատրճանակներով ու մահակներով: Կրակոցներից  մեկ երիտասարդ ու մեկ աղջիկ  են վիրավորվել: Երկուսն էլ հոսպիտալացվել են, երիտասարդին պետք է վիրահատեն:

Հարձակումը կատարողներին ձերբակալել չի հաջողվել, ոստիկանությունն էլ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս դեպքը:

“Ծիածանային թեյախմություն” միջոցառման ժամանակ կատարվածին ի պատասխան, երեկ  տեղի է ունեցել “ Երթ ատելության դեմ”, ընդ որում, երթի կազմակերպիչների հասցեին սպառնալիքներ են ստացվել:

Մոլդովայում ռումինական անձնագրեր կտան

b_437664Ռումինիայի կառավարությունը հերթական նվերն է արել  Մոլդովային, ինչն ավելի կբարդացնի Բուխարեստի ու Քիշնևի միջև առանց այդ էլ  ոչ այնքան հարթ հարաբերությունները: Հեշտացվել է մորդովացիների` ռումինական անձնագիր ստանալու կարգը:

Ռումինացի քաղաքական գործիչների հայտարարությունների համաձայն, 1918-1940 թթ. պատմական ճշմարտությունը վերականգնող ծրագիրը գործում է 5 տարի (մինչ Մոլդովան կդառնար ԽՍՀՄ-ի կազմի անդամ, Ռումինական պետության մաս էր): Մինչ այժմ դա հնարավոր էր միայն Բուխարեստում, իսկ հիմա անձնագիր կարելի է ստանալ Մոլդովայում  ռումինական ցանկացած դիվանագիտական ներկայացուցչությունում` բացի Քիշնևից  ևս 3 քաղաքում:

“Ռումինական պետությանը հավատարմության երդում կարելի է տալ կամ Ռումինիայի դեսպանատանը, կամ հյուպատոսություններում”,-ասվում է Բուխարեստի Քաղաքացիության Ազգային  գործակալությունում:

Պաշտոնական տվյալներով, վերջին 20 տարում ռումինական քաղաքացիություն ստանալու համար դիմել է 450 հազար  մոլդովացի:  Հիմնական պատճառը տնտեսական վիճակն է: Գործազրկության բարձր մակարդակի պատճառով երկրից հեռացել է  աշխատունակ բնակչության գրեթե կեսը, ավելի քան 60%-ը` Ռուսաստան: Մնացածը փորձում են տեղավորվել Եվրոպայում, իսկ 2007-ից` ԵՄ անդամ Ռումինիայի անձնագիրն օգնում է ԵՄ տարածք մտնել առանց վիզայի ձևակերպման:

 

 

Պամելա Անդերսոնը Հաիթիին օգնության համար մարաթոնյան վազքի է մասնակցել

o_783405Հայտնի ֆոտոմոդելն ու դերասանուհին կարողացել է 75864  դոլար հավաքել Հաիթիի  Հանրապետության համար, որը 2010-ին տուժել է երկրաշարժից: 46-ամյա դերասանուհին մասնացել է կիրակի, նոյեմբերի 3-ին կայացած մարաթոնյան վազքին:

Պամելա Անդերսոնը հաղթահարել է 42 կմ 195 մ հեռավորությունը:”Ես լավ էի պատրաստվել մարաթոնին: Հիմա կարող եմ հայտարարել, որ այնքան էլ լավ  մարզավիճակում չեմ, ինչպես “Մալիբուի փրկարարները” սերիալի նկարահանումների ժամանակ: Վազքի ընթացքում Անդերսոնի երկրպագուները հատուկ  ավերված կղզի-պետության բնակիչների համար ստեղծված հիմնադրամին գումար նվիրաբերեցին: Ի սկզբանե դերասանուհին ակնկալում էր ավելի մեծ գումար ստանալ.”Հույս ունեմ, որ միասին կհավաքենք Հաիթիի համար առնվազն 500 հազար դոլար”,- իր սոցէջում գրել էր նա մեկնարկից առաջ :

Երկրաշարժից գրեթե 4 տարի է անցել, սակայն Հաիթին ոչ մի կերպ չի կարողանում ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնել: Հարյուր հազարավոր տեղաբնակներ դեռևս ապրում են ժամանակավոր տներում: Անդերսոնը հույս ունի, որ հավաքված գումարը կօգնի վերականգնելու ենթակառույցները:

 

 

Այսօր սկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի դատավարությունը

o_765185Կահիրեում սկսվում է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի  դատավարությունը: Նրա ու ներկայում արգելված “Մահմեդական եղբայրներ” կազմակերպության 14 անդամների մեղադրում են նախագահական “Ալ-Իթիհադիա” պալատի մոտ ցուցարարների զոհվելու մեջ: Մուրսին հակակառավարական զանգվածային հուզումների  արդյունքում հեռացվել է իշխանությունից ու կալանքի տակ գտնվել հուլիսի 26-ից մինչ օրս:

Մուրսին, կողմնակիցների խոսքով, իրեն մեղավոր չի ճանաչում ու առաջվա պես իրեն նախագահ է համարում: Եթե մեղադրյալների մեղքն ապացուցվի, ապա նրանց խստորեն կպատժեն` ցմահ բանտարկությունից մինչև մահապատիժ: Սակայն  մտավախություն կա, որ նման ելքի դեպքում երկրում  առանց այդ էլ բարդ իրավիճակը մեծ լարվածությունների կհանգեցնի: Հնարավոր է ակտիվանան “Մահմեդական եղբայրների” կողմնակիցները` ընդհատակյա անաբեկիչները: Հարձակումներ են սպասվում Սինայի թերակղզում, Կահիրեում ու Եգիպտոսի տարբեր անկյուններում: Անցած շաբաթ մայրաքաղաքի արվարձանում պայթուցիկ արտադրող խոշոր գործարան է հայտնաբերվել. 57 կգ պայթուցիչ, 141 մահապարտի գոտի, ինքնաձիգներ  ու շուրջ մեկ տ քիմիական նյութ, որն օգտագործվում է  ինքնաշեն ռումբ ստեղծելու համար:

 

 

Թաիլանդում փրկել են խորտակված լաստանավի 200 ուղևորներին

iԹաիլանդում լաստանավ է խորտակվել, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել: Ավելի քան 200 ուղևոր փրկվել է, նրանցից 15-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Լաստանավի ուղևորների մեծամասնությունը զբոսաշրջիկներ են եղել: 150 ուղևորատեղով լաստանավը գերբեռնվել է, իսկ 2 մետրանոց ալիքներն  էլ ավելի են բարդացրել իրավիճակը: Ի վերջո այն ափից մի քանի կմ հեռավորության վրա խորտակվել է:

Ռազմածովայինները շարունակում են անհետ կորածների որոնումները, տեղեկություն կա, որ լաստանավի վրա շատ ռուսներ են եղել:

 

 

Մեքսիկայի արևմտյան ափերին արևադարձային “Սոնիա” փոթորիկն է ձևավորվել

940371Մեքսիկայի արևմտյան ափերին, որոնք ողողվում են Խաղաղ օվկիանոսի ջրերով, արևադարձային “Սոնիա” փոթորիկն է ձևավորվել:Ինչպես  փոթորիկների ուսումնասիրման Մայամիի Ազգային կենտրոնի մասնագետներն են ասում, քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 72 կմ/ժամի: Ներկայում այն գտնվում է  Մեքսիկայի հարավային ափերից 185 կմ հեռավորության վրա ու շարժվում է դեպի ափ` 22կմ/ժամ արագությամբ:

ԱՄՆ-ում մթնոլորտային այն երևույթը, որը փոթորիկ է դասակարգվում, ստանում է սեփական անունը, եթե քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 63 կմ/ժամի: 119 կմ/ժամի դեպքում այն վերածվում է մրրիկի:

 

 

Սիդնեյում շուրջ 200 կայք է ենթարկվել հաքերական հարձակման

940412

 

Սիդնեյում, ավստրալական ոչ մեծ ընկերությունների   շուրջ 200 կայք է ենթարկվել հաքերական հարձակման: Կայքերի էջերում հայտնվել են “Դադարեցրեք լրտեսել Ինդոնեզիային” կոչը: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել հաքերական “Anonymous Indonesia”  հաքերական խումբը:

Ավստրալիայի լրտեսությունը

Հինգշաբթի “Սիդնեյ մորնինգ գերալդ” թերթը հղում տալով ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սնոուդենին, հայտնել է, որ ավստարալական հատուկ ծառայությունները զբաղվում են Ասիայի երկրների էլեկտրոնային լրտեսմամբ, դրա համար օգտագործելով դեսպանությունների ինֆրակառույցները:

Հինգշաբթի Ինդոնեզիան Ավստրալիայից բացատրություն է  պահանջել: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնել, Ինդոնեզիայում Ավստրալիայի դեսպան Գրեգ Մորիաթին կանչվել է ԱԳՆ,որտեղ նրան հայտնել են, որ “նման լուրջ սպառնալիքն անվտանգության համար անընդունելի է” ու “չի համապատասխանում” երկու երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթին”:

Ավստրալիայի անվտանգության ծառայությունն իր հերթին չի ընդունում, որ տվյալներ է հավաքագրում այլ երկրնեում` դրա համար օգտագործելով դեսպանատներն ու հյուպատոսությունները:

Սնոուդենը գերմանական ԶԼՄ-ներում հրապարակել է “Ճշմարտության մանիֆեստը”

940037Գերմանական “Շպիգել”-ը այսօր հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության ու ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սնոուդենի գրած “Ճշմարտության մանիֆեստը”: Նա տեքստը գրել է նոյեմբերի 1-ին, Ռուսաստանում, ուր ժամանակավոր ապաստանել էր:

Ըստ էության, մանիֆեստը քիչ է տարբերվում Սնոուդենի բաց նամակից, որը Մոսկվայից Գերմանիա էր տարել բունդեսթագի` “Միություն-90”/”կանաչներ” ֆրակցիայի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրեբելեն: Այս ուղերձում ևս Սնոուդենը գրում է.”Նման ծրագրերը (էլեկտրոնային լրտեսության) սպառնում են ոչ միայն մասնավոր կյանքին, դրանք սպառնում են խոսքի ազատությանն ու բաց հասարակությանը”:

“Նա, ով ճշմարտությունն է ասում, հանցագործություն չի կատարում”,-գրում է Սնոուդենը “Շպիգել”-ում:

«Հայոց պատմությունը միայն լաց չէ». ֆրանսահայ անվանի հայագետը փորձում է փոխել այս ընկալումը

կլոդ մութաֆյանՀայազգի մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ,  Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ-Արմեն Մութաֆյան. այս անունը գուցե լայն հանրությանը շատ հայտնի չէ, սակայն հայկական ու միջազգային գիտական շրջանակներում Մութաֆյանի գործունեությունը ոչ միայն գիտեն, այլև շատ բարձր են գնահատում:

Հոկտեմբերի 17-19-ը նշանավոր հայագետը հայրենիքում էր: Ինչպես արտերկրից ժամանած  ուրիշ գիտնականներ, մասնակցում էր Երևանում անցկացվող միջազգային «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» երկրորդ համաժողովին: Համաժողովում յուրաքանչյուր զեկույցի համար հատկացված էր ընդամենը 10 րոպե, ինչը հնարավորություն չէր տալիս լիարժեք ներկայացնելու գիտական նյութը: Եվ քանի որ Կլոդ Մութաֆյանի պես գիտնականներին ամեն օր չէ, որ հնարավորություն կա լսելու, Հայաստանի ամերիկյան համալսարանն առիթը բաց չթողեց կազմակերպելու նրա հետ հանդիպում և լսելու «Կիլիկյան Հայաստան – պատմագրական սխալներ» թեմայով զեկույցը, որն ավելի քան տպավորիչ էր:

Հայկական Կիլիկիայի վերաբերյալ սկզբնաղբյուրների վրա չհիմնվելու պատճառով բազմաթիվ սխալներ են շրջանառվում՝ մի հեղինակից փոխանցվելով մյուսին: Ինչպես նշում է Մութաֆյանը, դա միտումնավոր չի արվում, պարզապես շատ հեղինակներ ծագումնաբանությունն ու ազգակցական աստիճանները հաշվարկելիս սխալներ են թույլ տալիս: Պատճառներից մեկն էլ այն է, որ հայտնի պատմաբանների հանդեպ բացարձակ վստահություն կա, որոնք, սակայն,  հաճախ չեն նշել իրենց աղբյուրը: Նաև բավարար չէ այդ աղբյուրների վերլուծական քննությունը: Բացի այդ, նոր ժամանակներում հրատարակված բազմաթիվ սկզբնաղբյուրներ հարցականի տակ են դնում նախկինում ընդունված կարծիքները։

Կլոդ Մութաֆյանը Կիլիկիայի հայոց թագավորության պատմության և մշակույթի վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ ունի: Հավանաբար, Կիլիկիայի պատմության մեջ հարյուրից ավելի սխալների հայտնաբերման գործում նրան օգնել է նաև  մաթեմատիկան:

«Անկախի» հետ զրույցում նա նկատեց, որ Կիլիկիայի հայոց պատմության մեջ երկու ծայրահեղ մոտեցում կա. «Կա՛մ փորձում են հայոց թագավորությունը լատինացնել, այսինքն` կապել կաթոլիկ եկեղեցու հետ, կա՛մ ծայրահեղ ազգայնացնել, ինչը գալիս է հիմնականում հայերի կողմից»:

Վերջինի դեպքում, որպես օրինակ, նշում է Լևոն V թագավորի 1575-ին գերի ընկնելու և Կահիրե տեղափոխվելու պատմությունը. «Ավանդություն մը կա, որ իբր թե նա փախել է և զորքով Կապան բերդի մեջ ութ ամիս դիմադրել, հետո նոր բռնվել: Սակայն իրականում նման բան չի եղել: Նա անգամ Կահիրեում գերու կարգավիճակով էլ չի եղել կամ տանջանքների ենթարկվել, պարզապես քաղաքից դուրս գալու իրավունք չի ունեցել, իսկ հետագայում փրկագնի դիմաց ազատ է արձակվել»:

գիրք2Կլոդ Մութաֆյանի Կիլիկիայի վերաբերյալ աշխատությունները տարբերվում են նրանով, որ զուտ տեղեկատվություն չեն հաղորդում: Հեղինակը պայքարում է հայ ժողովրդի այդ փառավոր էջերն աշխարհին ներկայացնելու և համաշխարհային պատմության մեջ դրանց արժանի տեղը հաստատելու համար: «XIII դարի կեսերի Կիլիկիայի հայոց թագավորությունն Արևելքի ամենահզոր պետությունն է, սակայն անտեսված է»,-ասում է նա:

Եվ Կիլիկիայի հայոց թագավորության հզորության մասին վկայող մի դրվագ է պատմում: 1260 թ. Հռոմի պապն իր նվիրակին Երուսաղեմի թագավորության մայրաքաղաք է ուղարկում և հայոց կաթողիկոսին` Կոնստանդին Ա Բարձրաբերդցուն գրում, որ  գնա և հանդիպի իր նվիրակի հետ: Հայոց կաթողիկոսը մերժում է` ասելով, որ ինքը կգնա միայն այն դեպքում, եթե անձամբ պապը լինի այնտեղ: Իսկ նրա նվիրակի հետ հանդիպելու ուղարկում է իր նվիրակին: Հռոմի պապի նվիրակը հայոց կաթողիկոսի նվիրակի հետ հանդիպման  ժամանակ պահանջատիրական ոգով հարցնում է, թե ինչու է հայերի եկեղեցին առանձին, ինչու չեն մտնում իրենց եկեղեցու մեջ: Հայ պատվիրակը հակադարձում է, թե դու ո՞վ ես, որ մեզ ուղղություն ցույց տաս, և ինչո՞ւ մենք պիտի ձեզ ենթարկվենք, և ոչ թե դուք ենթարկվեք մեզ…

Հաճախ է Մութաֆյանն այցելում եվրոպական երկրների գրադարաններ, և առաջին հերթին նայում է քարտեզներին. կա՛մ Կիլիկիայի թագավորությունը չկա, կա՛մ սահմանները սխալ են գծված: Անշուշտ, այստեղ հայերի մեղքը կա, քանի որ եղած աշխատությունները չեն թարգմանվել միջազգային լեզուներով ու տարածվել, ուստի խորհուրդ է տալիս չմեղադրել արևմտյան պատմագետներին:

Ցավով արձանագրում է, որ դարեր իր վեր հայագիտությունը հայերի մեջ է  մնացել, և թեև մի քանի  օտար մեծանուն հայագետներ դրա համար ճանապարհ են բացել` հետևորդ չի եղել:

Եվրոպայում, Ամերիկայում կան հայագիտական կենտրոններ, ամբիոններ, որոնց գոյությունը նա կարևորում է, սակայն համարում ոչ բավարար. պետք է ոչ հայախոս միջնադարագետներին հնարավորություն տալ հասկանալու, իմանալու մեր պատմությունը: Դրա համար, ըստ Մութաֆյանի, առաջին կարևոր զենքը գրքերն են` լավ գրքերը, լավ հայերեն հրատարակությունների թարգմանությունները: Օրինակ` այդ դարաշրջանի լավագույն պատմիչը Կիրակոս Գանձակեցին, ըստ նրա, արժանի է արդի լուրջ հրատարակության, որի ամենաարժեքավոր հրատարակությունն առայժմ համարում է Կարապետ Մելիք-Օհանջանյանինը: Սակայն դա լույս է տեսել 1961-ին և, ցավոք, չի թարգմանվել:

Ֆրանսիայում ծնված ու մեծացած հայ պատմաբանը հաճախ է լինում հայրենիքում` տարին երկու անգամ` գարնանը և աշնանը: Խոստովանում է, որ այստեղ իրեն զգում է, ինչպես տանը: Վերջին գիտաժողովը կարևորում է, սակայն ոչ թե նյութը ներկայացնելու տեսանկյունից, քանի որ դրա համար ժամանակը շատ սուղ էր, այլ` հայ և օտարերկրյա գիտնականների հետ շփումների:

Ի դեպ, նա հայաստանցի գիտնականներին հերոս է համարում, որ կարողանում են այդքան սուղ միջոցներով փայլուն աշխատանք կատարել: Մինչդեռ Եվրոպայում իրենք հնարավորություն ունեն անգամ մի աղբյուր ստուգելու համար ինքնաթիռ նստել և հասնել, ասենք, Օքսֆորդ:

Կլոդ Մութաֆյանի վերջին գիրքը` «Լեւանտյան Հայաստան -11-14-րդ դդ.), լույս է տեսել 2012-ին ֆրանսերեն (Levant բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում  է «արեւելք», բայց միաժամանակ նշանակում է Միջերկրական ծովի արեւելյան ափ` Կիլիկիայից մինչև Եգիպտոս ընկած տարածքը):

Այն հսկայածավալ աշխատություն է. 800 էջի մեջ խտացված է XI-XIV դարերի Կիլիկիայի և Մեծ Հայքի պատմությունը: Սա գոնե ֆրանսախոս գիտական շրջանակներում հայոց պատմության այդ կարևոր ժամակաշրջանը ներկայացնելու հիանալի հնարավորություն է: «Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ավելորդ չէ հիշեցնել, որ հայոց պատմությունը միայն արցունք և ողբերգություն չէ, այն ունեցել է շատ շքեղ էջեր, ինչպես X դարասկիզբը, երբ հայերը, մի կողմից, կարողացան պատմական հողերի մի մասը թուրքական լծից ազատագրել, մյուս կողմից` Կիլիկիայում ստեղծել նոր հայոց թագավորություն…»,- ահա այսպես է հեղինակը ներկայացնում իր աշխատությունը, որը նա հատուկ ցանկացել է մինչև ցեղասպանության հարյուրամյակը լույս ընծայել, որպեսզի հոգեպես ամրապնդի նախ և առաջ հայ ժողովրդին:

Մութաֆյանը կարծում է, որ Ցեղասպանությունը հիշելը կարևոր է, բայց չպետք է հայերին միշտ ներկայացնել իբրև զոհեր: Ընդհակառակը, պետք է պայքարել այս ընկալումը փոխելու համար: Խեղճ ազգ, միշտ զոհ, հրաշքով դեռ գոյություն ունեցող… «Ոչ, այդպես չէ»,- ասում է ֆրանսահայ անվանի գիտնականն ու բերում մի երկարատև ժամանակաշրջանի օրինակ, երբ հայոց պատմությունը ոչ միայն լաց չէ, այլև փառավոր է ու հաղթանակած: