Քաղաքացիները մոլորվել են Արագած լեռան վրա (լրացված)

Արագած լեռՆոյեմբերի 5-ին, ժամը 00.19-ին ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացիներ մոլորվել են Արագած լեռան վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հավանական դեպքի վայր են մեկնել 3 հրշեջ-փրկարար և  ՀՓՋ օպերատիվ խումբը:
Ժամը 06.00-ի դրությամբ տեղանքի դժվարանցանելիության և վատ տեսանելիության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ Ժամը 07.00-ի դրությամբ՝ վերսկսվել:Ժամը 08.45-ի դրությամբ 4 մոլորված քաղաքացիները ինքնուրույն հասել են Ուջան գյուղ:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպի նոր հրատարակությունն` արդեն գրախանութներում

զոլաԼույս է տեսել Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպի նոր հրատարակությունը: Գիրքը  վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:
գիրքը հայերենով առաջին անգամ հրատարակվել էր 1964-ին: Նոր հրատարակության մեջ կատարվել են խմբագրական և ոճական անհրաժեշտ միջամտություններ, իսկ վեպի ֆրանսերեն երկրորդ հրատարակության համար Զոլայի գրած առաջաբանը հայերեն հրատարակվում է առաջին անգամ:

Գիրքը կարելի է ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցից:

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Սիսիանում

ձերբակալվել էՆոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վաչագան Մ.-ին, որը 2011 թ. մայիսի 6-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր անձնական ունեցվածքի գողության մեղադրանքով:

Ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր` Հայաստանի և Գերմանիայի միջև

 photoՆոյեմբերի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2012 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ հետևյալ ծրագրերի համար.

  • Բաց ծրագիր «Հոսանքահաղորդման համակարգ» (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ) ծրագրի համար մինչև 75 մլն եվրո գումարի չափով վարկ,
  • «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում, 1-ին փուլ» ծրագրի համար մինչև 18 մլն 500 հազար եվրո գումարի չափով վարկ:
  • Գերմանա-հայկական հիմնադրամ (ԳՀՀ) «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի համար մինչև 15 մլն եվրո գումարի չափով վարկ,
  • մինչև 750 հազար եվրո գումարի չափով  դրամաշնորհ «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար,
  •  մինչև 2 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհ «Վերականգնվող էներգակիրների աջակցություն, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար,
  • մինչև 1 մլն 500 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ «Համայնքային ենթակառուցվածք, 2-րդ փուլ» ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետից պահանջում է հրապարակային ծառայողական քննություն անցկացնել

Անահիտ-ԲախշյանԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Մարգարյան, վստահ եմ՝ հիշում եք Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստին  Երևանի քաղաքապետարանի ստացած «Ժանգոտ կողպեք» մրցանակի մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը  հայտարարեց, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ Երևանի քաղաքապետարանին «շնորհած» «Ժանգոտ կողպեք» մրցանակը սխալմամբ է տրվել քաղաքապետարանին, որովհետև իրենք ապացուցել են վերոնշյալ ՀԿ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում:

Կենտրոնն իր կայքում (http://www.foi.am/hy/news/item/1321/)   հայտարարություն է տարածել այն մասին, որ նման փաստ չունեք և առաջարկել է քաղաքապետարանին անցկացնել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչի հիման վրա էր պարոն Մակարյանը բարձրաձայնում այդ մասին: Ես նույնպես միանում եմ այդ առաջարկին և  պահանջում   հրապարակային ծառայողական քննության անցկացում:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Ռազմական բժիշկները կտտանքների են ենթարկել բանտարկյալներին

o_844501Ամերիկյան ռազմական բժիշկները մասնակցում են բանտարկյալների կտտանքներին: Դրա մասին են ասում էթիկայի գծով հատուկ հանձնաժողովի հետաքննության պատասխանները: Բժշկության ինստիտուտն ուսումնասիրել է հարցաքննությունների գրառումներն ու արձանագրությունները: Տվյալները ստացվել են ամենափակ բանտերից, այդ թվում` Գուանտանամոյից:

Հեշտ չէ սիպտակ խալաթի մաքրությունը պահպանել,երբ ռազմական բանտերում այդքան կեղտ կա: Անկախ հանձնաժողովը (անվանի բժիշկներ ու իրավաբաններ) վկայություններ է  հավաքել այն փաստի մասին, որ ամերիկյան զինբժիշկներն անմիջական մասնակցություն են ունեցել բանտարկյալների նկատմամբ բռնություններում ու կտտանքներում:

156 էջանոց փաստաթուղթն անվանել են “”Ահաբեկչության դեմ պատերազմի” ընթացքում հրաժարում վարքականոնից”: Հանձնաժողովը 2 տարի ուսումնասիրել է փաստաթղթերը: Վկայություններ են հավաքվել ԿՀՎ-ի` Աֆղանստանում և Իրաքում գտնվող ռազմաբազաների բանտերից: Ամենացնցող տեղեկությունները Գուանտանամոյից են, որտեղ Հիպոկրատի երդումը ռազմաբժիշկները խախտել են ամենուր ու պարբերաբար:

Պենտագոնն իսկույն էլ պատասխանել է`  հանձնաժողովի մեղադրանքները անհեթեթ համարելով: Իսկ ԱՄՆ ռազմական  վարչությունում էլ հայտնում են, որ հատուկ բանտերում բուժօգնությունն ավելի լավ է քան ազատության մեջ:

Գուանտանամոյում մինչև հիմա էլ 163 բանտարկյալ կա: 5-րդ ամիսն է, որ բանտում զանգվածային հացադուլ է. բանտարկյալները  բողոքում են առանց մեղադրանք ներկայացնելու կալանավորման դեմ:

Որպես բանտարկյալների հետ համերաշխության նշան (հիմնականում Մերձավոր Արևելքից են) ռեփեր, մահմեդական Մոս Դեֆը համաձայնել է մասնակցել այդպիսի մի փորձության: Դեֆի քթի մեջ մտցվող խողովակը լիդոկայինով են պատում: Իսկական բանտարկյլաներն ընտրելու տարբերակներ ունեն, ոմանք ասում են, որ գերադասում են զեյթունի ձեթը: 5 մլն մարդ, որ արդեն դիտել է տեսահոլովակը, հիմա գիտի, թե ինչ է կատարվում դրանից հետո:

“Երբ ես համաձայնեցի անցնել դրա միջով, նույնիսկ չէի ենթադրում, թե ինչ եմ ապրելու: Առաջին վայրկյաններին էլի կարելի է դիմանալ: Սակայն  հետո զգում ես ահավոր այրուք ու դժոխային ցավ: Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է այդ պրոցեդուրային դիմանալ, այն էլ` օրական 2 անգամ”,-պատմում է ռեփերը:

Բժիշկներն  ինչ- որ տեղ մոտերքում կլինեն, երբ բանտարկյալին կտեղավորեն հատուկ խցում, ու 2 ժամ կհետևեն, որ բանտարկյալն ինքը փսխուք չառաջացնի: Բուժանձնակազմը դա կիրառում է` հայտնաբերելու բանտարկյալի հոգեկանում թույլ, խոցելի կետերը: Դա կօգնի հարցաքննության ժամանակ:

Միջնադարյան մեթոդները ցանկանում էին վերացնել  դեռևս Ջորջ Բուշի ժամանակ,  սակայն չվերանայեցին: Արդեն երկրորդ ժամկետն է, որ Բարաք Օբաման է խոստանում փակել բանտը:

«Մենք չենք ամաչում, սա մեր կյանքի, կենսագրության մի մասն է». Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ-ի վերակազմավորման մասին

Ալեքսանդր ԱրզումանյանՀոկտեմբերի 27-ին կայացած համագումարում Հայոց համազգային շարժումը վերակազմավորվեց: Այն լուծարվել էր այս տարվա փետրվարին` որպես իրավահաջորդ հայտարարելով ՀԱԿ–ին: Այս թեմայով «Անկախը» հարցազրույց է ունեցել  ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

– Պարոն Արզումանյան, մի քանի օր առաջ կայացած համագումարում ՀՀՇ–ն վերակազմավորվեց: Ինչո՞ւ: Ի՞նչ իմաստ կար փետրվարին կուսակցությունը լուծարել, իրավահաջորդ հայտարարել, ապա նորից վերակազամավորել:

– ՀՀՇ-ն լուծարելու և այն ՀԱԿ վերանվանելու որոշումը  մի շարք  դժգոհություններ առաջացրեց  մարդկանց մեջ, որոնք ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին  տարաձայնություններ ունեին  ՀՀՇ-ի հետ, բայց կարծում էին, որ նույնիսկ այդ տարաձայնություններով ՀՀՇ-ն իրավունք ուներ շարունակելու աշխատանքները:

Մենք  մեր գործն ենք արել. 25 տարի քաղաքականության մեջ ենք և չէինք կարող հրաժարվել քաղաքականությունից, մեր աշխատանքները շարունակելու ձևեր էինք փնտրում: Երբ որոշվեց լուծարել մի կուսակցություն, որի ակունքներում ենք կանգնած եղել և մշտապես միայն այդ կուսակցության անդամ ենք եղել, մեր մի շարք համախոհների հետ որոշեցինք շարունակել մեր աշխատանքները: Հռչակել ենք, որ այն գաղափարախոսության ժառանգորդն ենք, որի վրա հիմնվել է Հայոց համազգային շարժումը, մենք կրում ենք լիբերալ- ազատական, ժողովրդավարական գաղափարներ և այն տեսլականը, որ ունեինք 88 թվականի համազգային շարժման ժամանակ: Որևէ բան չի փոխվել, մենք շարունակելու ենք պայքարել հայոց պետականության ամրապնդման և ազատական, ժողովրդավարական սկզբունքների վրա խարսխված պետականության կայացման համար:

– Մի՞թե ՀՀՇ–ի իրավահաջորդ ՀԱԿ–ը շեղվել էր այդ ուղուց:

– Կարծում ենք, որ ՀԱԿ-ը կարող է լինել գույքային  առումով իրավահաջորդ, մենք որևէ հավակնություն չունենք գրասենյակների նկատմամբ: ՀԱԿ-ը ստեղծվել է որպես մի քանի կուսակցությունների միավորում,  առանցքը եղել է Հայոց համազգային շարժումը: ՀՀՇ-ն էր, որ 2007-ին նախաձեռնեց մի շարք մարզային այցելություններ և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորեց առաջադրվել 2008-ի նախագահական ընտրություններում: Հենց ՀՀՇ-ի շուրջ  ձևավորվեց այն համաժողովրդական շարժումը, որի արդյունքում 2008-ին, մեր կարծիքով, մեր թեկնածուն հաղթեց ընտրություններում: Այսինքն` ՀՀՇ-ն եղել  է այդ շարժման լոկոմոտիվը:

Փորձ արվեց ինչ-որ ինստիտուցիոնալ ձև տալ այդ  շարժմանը, բայց դա չպետք է արվեր կուսակցությունների ինքնուրույնության հաշվին: Ինչ-ինչ բյուրոկրատական մոտեցումներին ստորադասվեցին  կուսակցությունների աշխատանքները, դա անընդունելի էր: Մի շարք մարդիկ դեռ 2010-ին` ՀՀՇ 16-րդ համագումարից հետո,  դուրս եկան: Կային ներքին տարաձայնություններ, ավելին, նույնիսկ ՀՀՇ վարչության մի շարք անդամներ որակվեցին վնասարար: Այս պիտակավորումն անընդունելի է, բայց, այնուամենայնիվ, որևէ մեկը չփորձեց խոչընդոտել  ՀՀՇ աշխատանքները, այլ  փորձեցին առանձին գործել: Դրա դրսևորումներից էր  նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն ստեղծելու փորձը: Բայց երբ նահանջ կատարվեց ազատական գաղափարներից և խոսվեց այն մասին, որ ՀԱԿ-ն ավելի հակված է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը, դա մեզ  համար անընդունելի էր: Նորից կրկնեմ,  որ դա նրանց ընտրությունն էր:

Մենք չենք ամաչում և  մեր կենսագրությունից հրաժարվելու որևէ պատճառ չունենք:  Եղել են ձախողումներ, եղել են և սխալներ, պետք է  աշխատենք հաղթահարել բոլոր խնդիրները, որ կան:

– Համագումարում եղել են ներկայացուցիչներ մի քանի ընդդիմադիր կուսակցություններից, բայց ոչ ՀԱԿ–ից: Ինչպիսի՞ն են ՀԱԿ–ի և ՀՀՇ–ի հարաբերությունները:

– Մենք որևէ կուսակցության հետ խնդիր չունենք: Որպես լիբերալ ուժ` պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, բայց  խնդիրների շուրջ, այդ համագործակցությունն ինքնանպատակ չէ: Մենք հրավիրել ենք բոլոր համախոհ կուսակցություններին, որոնց հետ պատկերացնում ենք ապագա ճանապարհ: Նրանք շատ ավելի ազատական են և այն ուժերն են, որոնք հռչակել են,  որ Հայաստանի համար անընդունելի է Մաքսային միությանն  անդամակցելը: ՀԱԿ-ից մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ հրավիրված էին, ՀԱԿ-ին մենք չենք հրավիրել, քանի որ դեռ այս  պահին չենք տեսնում ՀԱԿ-ի մոտեցումները, դեռ ավելին, կարծում ենք, որ ՀԱԿ-ն այս պահին աջակցում է այն քաղաքականությանը, որն իրականացնում է իաշխանությունը, այն է` Մաքսային միությանն անդամակցելը:

– Ո՞րն է ՀՀՇ–ի առաքելությունը քաղաքական դաշտում:

– Հայաստանում ազատական գաղափարների լուրջ պակաս կա:  Փորձելու ենք  այդ գիտակցությամբ, այդ գաղափարներով առաջնորդվող մարդկանց հետ միասին մեր ուրույն տեղը զբաղեցնել քաղաքական ներկապնակում, ազգային ժողովում և առաջ տանել այն գաղափարները, որոնք ունեցել ենք 88 թվականից: Այսօր դա ավելի հրամայական է, քանի որ սպառնալիքի տակ է մեր ինքնիշխանությունը: Մեր խորին համոզմամբ` այսօր խախտվում է Հայաստանի սահմանադրությունը. Մաքսային միությանը և նման այլ միավորմանը միանալը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի անկախությանը:

– ՀՀՇ  անվանումը գոնե նախկինում ինչ–որ չափով հեղինակազրկված էր: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու կուսակցության հեղինակությունը վերականգնելու համար:

– ՀՀՇ-ն կանգնած է հայոց պետականության կայացման ակունքներում, մի շարք պանծալի հաղթանակներ են արձանագրվել այդ շարժման ղեկավարության օրոք, եղել են նաև ձախողումներ, այսօրվա խնդիրներից  շատերը, անշուշտ, այն ժամանակից են գալիս: Բայց սրանք  մեր հասարակության ընդհանուր արատներն են. ինչքան հասարակությունն է արատավորված, այնքան էլ իշխանությունը և ընդդիմությունը.  հավասարաչափ: Դա է պատճառը, որ այսօր այսպիսի տկար վիճակում են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:  Մենք պետք է ամեն ինչ կարողանանք կառուցել  այն ամեն լավի վրա, ինչ եղել է: Իսկ վարկաբեկված-չվարկաբեկված լինելը գնահատվում է աշխատանքով:

– Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի նոր էջից շարունակել: 

– Նման մոտեցում էլ կա, բայց մարդ իր կենսագրությունից չպետք է ամաչի: Եթե  որևէ մեկը խնդիր  է ունենում, չի գնում իր անունը փոխում, դա իր անունն է, որով  իրեն ճանաչում են: Ինչքան էլ անունդ փոխես, ի վերջո,  բովանդակությունը չես փոխի: Հիմա բովանդակություն լցնելով պետք է փոխենք մտայնությունը, ոչ թե անվանափոխությամբ: Ինչքան էլ  կուսակցությունները անունները փոխեն, գիտենք` ով իրենից ինչ է ներկայացնում:  Հիմա ցանկացած ինֆորմացիա լույսի արագությամբ  տարածվում է, բոլորն էլ գիտեն բոլորի անցյալը, արած գործերը, և յուրաքանչյուր  մարդ թող ըստ իր արածների ամաչի կամ հպարտանա:

– Նախկինում ինչ–ինչ պատճառներով ՀՀՇ–ն լքած անձանց` հին անդամների հետ  պլանավորո՞ւմ եք նորից վերամիավորվել կամ համագործակցել:

– Մենք շատերի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, սա իրոք եղել է համազգային շարժում, ինչ-ինչ պատճառներով տարիների ընթացքում  տարբեր մարդիկ որոշել են ուրույն ճանապարհով անցնել, մենք  գտնում ենք, որ այսօրվա վերածնվող  ՀՀՇ-ն ժառանգորդն է հենց այդ շարժման, և մենք բաց ենք  բոլոր այն մեր ընկերների առջև, որոնց հետ մենք 1988 թվականին սկսել ենք այս շարժումը: Մենք նախկինում ՀՀՇ-ի հետ եղած որևէ անհատի կամ կուսակցության հետ խնդիր չունենք: Ավելին, պատկերացնում ենք նաև համատեղ ճանապարհ:

– Համագումարում ընդունվել է նաև կուսակցության ծրագիրը, կներկայացնե՞ք հիմնական դրույթները:

– Հիմնականում խարսխված է այն տեսլականի վրա, որ հնչեցվել է դեռ 1989 թվականին և մի քանի անգամ լրամշակվել  տարբեր համագումարներում, վերջին խմբագրումը եղել է 2001-2002 թվականներին: Այն է`   ազատականություն, ժողովրդավարություն,  ԼՂՀ հարցի լուծման մեր տեսլականը և արդի մի քանի հարցերի վերաբերյալ մոտեցումներ: Կարծում ենք, որ Հայաստանի ապագան ԵՄ լիակատար անդամակցությունն է, մենք ցանկանում ենք Հայաստանում կառուցել եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն: Եվրոպական ասելով` նկատի ունեմ այն համամարդկային արժեքները, որոնցով առաջնորդվում են մի շարք զարգացած երկրներ` անկախ աշխարհագրական դիրքից: Ամեն ինչ անելու ենք` խորացնելու Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և Հայաստանը վերստին դարձնելու հուսալի գործընկեր  միջազգային հարաբերություններում, որովհետև այսօր վտանգված է Հայաստանի հուսալիության, Հայաստանը որպես գործընկեր ընկալելու հարցը մեր գործընկերների կողմից,  լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն , ԵՄ-ն թե ԻԻՀ-ն:

– Իսկ Արցախի խնդրի լուծման Ձեր տեսլականն ինչպիսի՞ն է:

– Նախ անհրաժեշտ է, որ ԼՂ-ն ներկայացված լինի բոլոր բանակցություններում, առանց ԼՂ-ի Ադրբեջանը և Հայաստանը իրավասու չեն որևէ  լուծում գտնելու: Ամեն ինչ պետք է արվի, որ իրավական կարգավիճակ ստանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը: Մենք պատկերացնում  ենք, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն պետք է ունենան հուսալի սահման, ԼՂ-ն պետք է ունենա պաշտպանության անհրաժեշտ համակարգեր, որպեսզի պաշտպանի իր  սահմանները, և Հայաստանը պետք է երաշխավոր լինի Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում: Իսկ ինչ ձևակերպումներ և   քայլեր կլինեն, դա արդեն ժամանակը ցույց կտա:

– Գործունեութան ի՞նչ մեթոդ եք  որդեգրելու, ձեր խոսքը  համակիրներին ինչպե՞ս եք հասցնելու:

– Բոլոր հասու  հնարավորություններով՝ երթեր, հանրահավաքներ, սոցիալական ցանցեր:  Կփորձենք հնարավորինս համախոհների լայն շրջանակ ընդգրկել: Մենք հակված ենք ունենալու կոլեգիալ կառավարմամբ կազմակերպություն, որը ոչ միայն պայքարում է ժողովրդավարության համար, այլև ժողովրդավար է իր ներքին կառուցվածքով: Մենք նաև նախատեսում ենք քաղաքացիական խորհրդի  ստեղծում, որում կընդգրկվեն ոչ միայն կուսակցության անդամները, այլև համախոհները: Կան մարդիկ, ակտիվիստներ, որոնք ցանկություն չունեն կուսակցական գործիչներ դառնալու, բայց ցանկություն ունեն ազդելու  ներքաղաքական կյանքի վրա, և  դրա լավագույն գործիքը կուսակցությունն է: Վստահ եմ, որ կկարողանանք ձերբազատվել այն մտայնությունից, որ ցավոք, Հայաստանում կա` մեկ առաջնորդի կուսակցություն,  այս կամ այն մարդու ամբիցիաները սպասարկող կուսակցություն: Սա լինելու է հասարակութան մի շերտի պահանջները սպասարկող կուսակցություն:

– Որքա՞ն անդամ եք ակնկալում ունենալ:

– Մենք մեր առջև նման խնդիր չենք դրել, մենք գիգանտամանիայով չենք տառապում որոշ ուժերի պես, որ հռչակում են, թե ունեն 50-60 հազար ընտրող և 30 հազար ձայն են հավաքում ընտրություններին: Հիմա կառույցների ձևավորման վրա ենք աշխատում: Առաջին համագումարին մասնակցում էր 220 պատվիրակ, որոնք ներկայացնում էին հանրապետության հինգ մարզեր: Անդամակցության գործընթացը շարունակվում է:

– Շատ է խոսվում, որ ՀՀՇ–ի վերակազմավորումից հետո «Ազատ դեմոկրատների» ապագան հարցականի տակ է: Ինչ–որ որոշում կա՞, թե ինչպիսին պետք է լինի հետագա համագործացությունը:

– Դեռ վերջնական որոշում չկա: Նույն ՀՀՇ-ից դուրս  եկած մարդիկ ձևավորեցին «Ազատ դեմոկրատները», մենք կարծում ենք, որ նույն դաշտում ենք գործում  և միասին պետք է շարունակենք, որոշումը պետք է իրենք կայացնեն, մենք  պատրաստ ենք համագործակցել, որևէ խնդիր գաղափարական առումով այս պահին չկա:

Զանգվածային թունավորում Բեսլանում. պատճառն անհայտ քիմիական ռեագենտ է

i (1)Հյուսիսային Օսիայում 10 մարդ թունավորվել է անհայտ քիմիական նյութից` ընտանեկան  ուրախության ժամանակ: 40-ամյա տանտիրոջը փրկել չի հաջողվել, մնացածները` 20-40 տարեկան 9 մարդ Բեսլանի հիվանդանոցում են:

Մարդիկ թունավորվել են բյուրեղանման սպիտակ գույնի նյութով, որն օգտագործել են աղի փոխարեն: Քիմիական նյութն ուղարկվել է փորձազննության: Դեպքը հետաքննվում է:

Ավելի քան 9 մլն սիրիացի մարդասիրական օգնության կարիք ունի

iՄԱԿ-ի մարդասիրական օգնության կարգավորող Վալերիա Ամոսը հայտարարել է, որ Սիրիայում  շուրջ 9,3 մլն բնակիչ կարիքի մեջ է:

ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի նիստում նա հայտարարել է, որ կարիքավորների թիվը սրընթաց աճում է: ՄԱԿ-ի տվյալներով, միայն սեպտեմբերին նրանց թիվն արդեն 6,8 մլն է կազմել: 2 ամսում կարիքավորների թիվը 30%-ով ավելացել է:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ սիրիացիների մեծամասնությունն ապրում է առանց ջրամատակարարման, սննդի, հոսանքի ու դեղորայքի: Նա իշխանությունների հասցեին իր դժգոհությունն է հայտնել, որոնք շրջափակել են մարդասիրական առաքելության աշխատողների մուտքը: Դրա հետ կապված  կոչ է արել Անվտանգության խորհրդին օգնել մարդասիրական օգնության ապահովումն`  բեռներ հասցնել ու բուժաշխատողներին անցում տալ:

ՄԱԿ-ի գնահատմամբ, 2011-ի սկզբից Սիրիայից հեռացել է 2,8 մլն մարդ: Նրանցից շատերը ստիպված հարևան երկրներում են ապաստանել` Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում ու Եգիպտոսում:

Անցած մեկ օրում. ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում

վրաերթՆոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:                                                    

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է «ԿամԱԶ» ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:                                               

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Կմեկնարկի «Medicus 2013» 10-րդ միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը

lOGOՆոյեմբերի 6-ին՝ ժամը 14.30, Երևանի պետական բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի ֆիզիկական կուլտուրայի դահլիճում կմեկնարկի «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը, որը բաղկացած է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ» խաղափուլերից։ Առաջնությանը կմասնակցի շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցից։

Խաղերն անցկացվելու են սպորտային ինտելեկտուալ խաղերի դասական կանոններով։ Հարցերը տրամադրվել են Հայաստանի գիտակների ասոցիացիայի կողմից։ Երկօրյա ինտելեկտուալ խաղերի նպատակն է զարգացնել ինտելեկտուալ շարժումը Հայաստանում, բարենպաստ մթնոլորտ ստեղծել պրոֆեսիոնալ գիտակների շրջանում բնական սերնդափոխության համար, նպաստել բարեկիրթ հասարակություն կառուցելուն։

Ինտելեկտուալ խաղերի առաջնությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը և Հայաստանի գիտակների ասոցիացիան։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ադրբեջանում 40.000 մանաթ արժողությամբ գուլպաներ են գողացել

գուլպաԱդրբեջանում` “Սադարակ” առևտրի կենտրոնում, կողոպուտ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, առևտրի կենտրոնի վաճառող Մեհման Մամեդովից գողացել են 40.000 մանաթ արժողությամբ գուլպաների մասնաբաժին:

Գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի բնակիչ Ջավիդ Բաբաևը:

Փոքրիկ ազգը, որը կարողացավ…

շիմոն պերես

Շիմոն Պերես

«Մարդիկ նախընտրում են  հիշել, բայց ոչ երևակայել: Հիշողությունը ծանոթ բանի հետ գործ ունի, իսկ երևակայությունը` անհայտի: Երևակայությունը կարող է  սարսափելի կերպարներ ստեղծել, երևակայությունը պահանջում է, որ մարդը ռիսկի դիմի ու բաժանվի  փորձածից: Նոր Իսրայելի սերմերը ծլել են  այն մարդկանց երևակայությունից, որոնք եղել են տարագրության մեջ: Տարագրություն, որ երկար է տևել, մոտ 2 հազարամյակ; Տարագրությունը հրեաներին թողել է աղոթքով, առանց հայրենիքի: Սակայն այդ երբեք չընդհատված աղոթքով  նրանք  հույս են փայփայել ու պահել իրենց նախնյաց  հողի հետ կապը:

Իսրայել պետության ստեղծման հետ այդ մեծ աղոթքը սերմանվեց մի բուռ հողակտորի վրա: Հողը  քիչ էր, իսկ շրջապատը` թշնամական: Հինկտակարանային Եգիպտոսից Իսրայել ուղևորության ժամանակ մենք հատել ենք հսկայական անապատը: Նոր ժամանակներում կրկին մեր հայրենի հողն ենք վերադարձել, որը նույնպես հիմնականում անապատ էր: Մենք պետք է նորից վերստեղծեինք մեզ: Աղքատների պես, որոնք վերադառնում են  տուն` իրենց խղճուկ հողակտորը, մենք պետք է հասկանայինք, թե ինչպես պետք է  կարիքի պայմաններում հարստանայինք:

Միակ կապիտալը, որ ունեինք, մարդկային կապիտալն էր: Չորային հողը ոչ թե ֆինանսական ներդրումներ էր ներգրավում, այլ միայն պիոներների, որոնք բավարարվում էին քչով, համաձայնում շատ աշխատելուն: Նրանք նոր կենսակերպ  հայտնագործեցին` կիբուցներ, մոշավներ, ձեռնարկեցին քաղաքների զարգացում և  ընկերակցություններ այն վայրերում, որտեղ ոչինչ չկար: Նրանք ջուր գտնելու որոնումներով հորատում էին հողը, աշխատում էին, իրենցից շատ բան պահանջում, հետն էլ  երազում ու նորարարություններ հղանում:

Նրանք իդեալիստ էին ու ինտելեկտուալ, սակայն ձգտում էին  հողը մշակել սեփական ձեռքերով: Երբ հասկացան, որ հողը բերրի չէ, ջուրն էլ բավարար չէ,  գնացին հայտնագործությունների ու տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ:

Կիբուցը դարձավ ինկուբատոր, իսկ ֆերմերը` գիտնական: Իսրայելում բարձր տեխնոլոգիաները սկսվում էին գյուղատնտեսությունից: Նույնիսկ ոչ մեծ տարածքով հողակտորներով ու ջրի սակավությամբ իսրայելացիները դարձան գյուղատնտեսության առաջատար:

Իսկ  շրջակայքի թշնամությունը չէր թուլանում: Իսրայելն իր գոյության  առաջին 62 տարում 7 անգամ հարձակման է ենթարկվել և  դիվանագիտական ու  տնտեսական լայնածավալ պատժամիջոցների թիրախ է եղել: Օտարերկրյա զորքերը օգնության չեն հասել: Մենք կարողացել ենք թվային առավելություն ունեցող ուժերին հաղթել մեր զինվորների խիզախության ու տեխնոլոգիաների շնորհիվ:

Իսրայելը երկրի չափսերին ոչ համապատասխան ու  դիմակայած վտանգներին հակակշիռ  ստեղծելու ունակություն է զարգացրել:

Իսրայելը միշտ էլ կլինի փոքրիկ երկիր և՛ տարածքով, և՛ բնակչության թվով: Ուստի երբեք չի կարող խոշոր շուկա դառնալ կամ արդյունաբերության խոշոր ճյուղեր զարգացնել: Բայց եթե  չափսը քանակական առավելություն է տալիս, ապա փոքր չափսը հնարավորություն է տալիս կենտրոնանալու որակի վրա: Իսրայելի միակ հնարավորությունը որակին ձգտելն է…

Ինչպես Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ Բեն Հուրիոնն է ասել, բոլոր փորձագետներն այնտեղ են, որտեղ կատարվել է,  փորձագետներ չկան այնտեղ, որտեղ դեռ պիտի կատարվի:

Որպեսզի ապագայի փորձագետ դառնաս, պետք է  փորձը փոխարինվի տեսնելու ունակությամբ: Ես համոզված եմ, որ հաջորդ տասնամյակն ամենազարմանալին կլինի թե՛ գիտության թե՛ արդյունաբերության համար հետևյալ ճյուղերի համաժամանակյա զարգացման շնորհիվ:

Դրանցից առաջինն արհեստական ինտելեկտի զարգացումն է: Վերջին 25 տարում համակարգիչների հնարավորությունները միլիոն անգամ են աճել:

Երկրորդը գիտական հայտնագործությունների բռնկումն է, որոնք տեղի են ունենում աշխարհում  ժամանակակից տեխնոլոգիաների  առավելությունների համադրման ու գիտնականների թվի ավելացման հետ (հիմնականում Հնդկաստանում ու Չինաստանում):

Երրորդ ուղղությունը նանոտեխնոլոգիայի ոլորտում հայտնագործություններն են, որոնք հնարավորություն են տալիս գաղտնազերծելու բնության ամենահրաշալի արարածի` մարդու ուղեղի կառուցվածքը: Դա հնարավորություն կտա բացահայտելու մարդու ներուժն ու կհանգեցնի սոցիալական մարտահրավերների, որոնց մասին անգամ չենք էլ երևակայում:

Մենք կկարողանանք կանխել ու բուժել հիվանդությունները, շրջանցել խոչընդոտները, ուղևորվել տիեզերքի հեռուներն  ու թափանցել օվկիանոսների խորքերը:

Ներկայումս Իսրայելն իրեն նախապատրաստում է այդ ուղևորությանը` օգնելով մյուս ճամփորդներին ու օգնություն ստանալով նրանցից:

Գյուղատնտեսությունն ավելի հեղափոխական է, քան արդյունաբերությունը. 25 տարում Իսրայելը գյուղատնտեսական արդյունաբերությունը մեծացրել է 17 անգամ: Մարդիկ չեն հասկանում,  սակայն գյուղատնտեսության 95%-ը գիտություն է և միայն 5%-ն է աշխատանք»: Շիմոն Պերես             

David Ben-Gurion with Golda Meir

Բեն Հուրիոն և Գոլդա Մեիր

Իսրայելը փորձարարական հրաշալի հարթակ է: Թշնամական միջավայրում երկիրը վերածվել է գաղափարների փորձարկման հրաշալի լաբորատորայի: Իսրայելացիները հասկացել են,  թե ինչ է նշանակում իրենց համար նավթից կախվածություն չունենալը թե ֆինանսական և թե շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից:

«Նավթն է ֆինանսավորում միջազգային ահաբեկչությունն ու անկայունություն ստեղծում» Շիմոն Պերես

Դուբայի շեյխ Ռաշիդի`«Իմ պապը ուղտով էր ճանապարհ գնում, հայրս` նույնպես, ես Mercedes եմ վարում, իմ որդին` Land Rover, նրա որդին նույնպես  Land Rover կվարի, իսկ որդու որդին նորից ուղտ կնստի»  արտահայտությունը հանգեցնում է այն գիտակցության, որ նավթային պաշարներն անսպառ չեն, և դա Իսրայելին ստիպում է  հսկայական գումարներ ներդնել  բնական պաշարների այլընտրանքային միջոցներ գտնելու նպատակով:

Շայ Ագասի. նա համոզված էր, որ եթե  մի երկիր անգամ կարողանա լրիվ անկախանալ նավթից, ապա աշխարհը կհետևի նրան: Նա մինչ այդ արդեն ուսումնասիրել էր մի քանի էկզոտիկ տեխնոլոգիաներ, սակայն որոշեց ավելի հասարակ համակարգի վրա կենտրոնանալ` էլեկտրամոբիլների, որոնք սնվում էին հանվող մարտկոցներով: Նա կարծում էր, որ  դա լուրջ քայլ է  էկոլոգիական շարժիչների ու տրանսպորտի  ստեղծման ճանապարհին: Ահա այս գաղափարն է, որ Շայ Ագասիին ստիպեց տեխնոլոգիական նորարարությունների ներդրումով զբաղվել հիբրիդային շարժիչների ու էլեկտրաշարժիչների ոլորտում:

Շվադ Շաքեդ. երբ նա  էլեկտրոնային վճարման  համակարգի` PayPal-ի նախագահ  Սքոթ Թոմսոնին երկար թախանձելուց հետո հասավ իր նպատակին, այն է` 20 րոպեով հանդիպման, Թոմսոնը չէր էլ պատկերացնում, թե իսրայելցի գործարարն ինչ է առաջարկելու իրեն: Իսկ երիտասարդ Շաքեդը հայտարարեց, որ կարող է լուծել օնլայն մեքենայությունների խնդիրը: Այն հարցին, թե ինչպես դա կարելի է անել, պատասխանեց. «Լավ մարդիկ հետք են թողնում համացանցում, թվային հետքեր, քանի որ նրանք թաքցնելու բան չունեն, իսկ վատ մարդիկ հետք չեն թողնում, քանի որ փորձում են թաքցնել իրենց այցելությունը: Եթե կարողանանք այդ հետքերը հայտնաբերել, ապա կարելի է այդ ռիսկը  հնարավորինս նվազեցնել ու հայտնաբերել նրանց: Դա շատ պարզ է»: «Այլևս չպետք է հապաղել»,- մտածեց Սքոթ Թոմփսոնը:

Նրա ընկերությունում 2 հազար աշխատակից կա (50-ը գիտությունների դոկտոր են), որոնք գիշերուզօր աշխատում են, որ ավազակներին հաղթեն: Նրա այն հարցին, թե ինչպես է Շաքեդը սովորել դա անել, երիտասարդը պատասխանեց` ահաբեկիչներին որսալու ընթացքում: Համաձայնություն տալով Թոմփսոնը վստահ էր, որ որոշ ժամանակով կազատվի այդ  հանդուգն  փորձարարից: Սակայն 3 օր անց Շաքեդը զանգահարում է Թոմփսոնին ու ասում, որ ամեն ինչ պատրաստ է: Արդյունքը գերազանցեց սպասումները.  Թոմփսոնը Շաքեդին  տեխնոլոգիաների ներդրման համար առաջարկեց 79 մլն: Շաքեդը հրաժարվեց. երկար բանակցություններից հետո համաձայնության եկան 169 մլն դոլարի շուրջ:

Դրանից հետո Թոմփսոնը ուղևորվում է Իսրայել` իր նոր ձեռք բերած ընկերություն:

Առաջինը, ինչին նա բախվեց այս երկրում, իսրայելական  խուցպան էր. ըստ հրեա գիտնական Լեո Ռոստենի` այս բառը ժամանակակից եբրայերենը (իվրիտ) փոխառել է  իդիշից, նշանակում է հանդուգն, անամոթ, համարձակ, բացառիկ կամքի տեր, ինքնավստահություն` գումարած մեծամտություն: Որևէ ուրիշ լեզվում չկա համարժեք բառ, որը լրիվ արտահայտի այս իմաստները: Կողքից դիտողի համար Իսրայելում այս բառի իմաստի դրսևորումն ամենուրեք է. թե ինչպես են ուսանողները խոսում իրենց դասախոսների հետ, ինչպես են աշխատողները շփվում իրենց ղեկավարի հետ: Դա նրանց ապրելու ձևն է: Տանը, դպրոցում թե բանակում իսրայելցին սովորում է, որ ինքնավստահությունը նորմ է:  Եթե նստած եք իսրայելցի գեներալների կողքին, ու բոլորը մտածում են, որ վատ չէր լինի սուրճ խմել, ով ամենից մոտ է նստած սրճեփին, նա էլ սուրճ է պատրաստում: Ու  սովորական բան է, որ գեներալները սուրճ եփեն իրենց զինվորների համար: Իսրայելի բանակը լավագույն օրինակն է հիերարխիայի բոլոր օղակների համար: Այստեղ կողք կողքի ծառայում են միլիոնատերերի, քաղաքական էլիտայի, տաքսիստների ու խոհարարների երեխաները: Ու զարմանաի չէ, որ Իսրայելի բանակը սոցիալական ամենաամուր ցանցն է, հետագա գործնական հարաբերությունների հիմքը:

Գործարար Ջոնաթան Մեդվեդն ասում է. «Շատ բան  կարելի է  ասել հասարակության մասին`  հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես է այդ հասարակությունը խոսում իր էլիտայի մասին: Իսրայելն այն միակ տեղն է, որտեղ յուրաքանչյուր մարդ, որ իշխանություն ունի, այդ թվում նաև վարչապետը, բանակի գեներալները, մականուններ ունեն, որոնք օգտագործում են բոլորը, ներառյալ` ժողովրդական զանգվածները»: Օրինակ` Բենյամին Նաթանյահուին ու Արիել Շարոնին Բիբի ու Արիկ մականուններով  են կնքել: 1980-ականներին գլխավոր շտաբի պետ Մոշե Լևիին անվանում են Մոշե Վա-Խեցի (կես Մոշե), քանի որ  կարճահասակ է:

Իսրայելացիները անհաջողություններից չեն հուսահատվում: Նրանք կարծում են, որ առանց «կառուցողական կամ ինտելեկտուալ անհաջողությունների», ինչպես իրենք են ասում, չի կարելի իսկական նորարարության հասնել: Այն իսրայելցի գործարարը, որը մի շարք անհաջողություններ է ունեցել, անհաջողակ չի համարվում: Նրա բացասական փորձն էլ արժեքավոր ակտիվ է համարվում:

Պետության հիմնադրումից սկսած` իսրայելացիները խորապես գիտակցել են, որ մոտ և հեռավոր ապագան միշտ էլ հարցականի տակ է: Եթե իսրայելցի գործարարը մի գործնական գաղափար է ունենում, ապա անմիջապես սկսում է իրագործել այն: Դա, իհարկե, լավ է գործի համար: Եթե երկար ես մտածում, ապա դա կարող է հանգեցնել մի վիճակի, երբ սկսում ես կասկածել` գուցե ինչ-որ բան այն չէ:

Եթե իսրայելացին տարվա վերջին ռադիոյով լսում է, որ ներհոսքը նվազել է, ապա դա ընկալվում է որպես վատ նորություն, ասես  խոսքը տեղումների քանակի նվազման մասին է: Ընտրությունների շրջանում տարբեր կուսակցությունների թեկնածուները հայտարարում են, որ իրենց պաշտոնավարման ժամանակ կկարողանան ևս 1 մլն ներգաղթողների հրավիրել երկիր: Իսրայելի բնակչությունն իր գոյության 60 տարիների ընթացքում աճել է 12 անգամ, իսկ տնտեսությունը մեծացել է  50 անգամ: 1968-1989 թթ. Իսրայելի կառավարությունը 112,5 մլն դոլար է վճարել Ռումինիայի բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուին ավելի քան 40,5 հազար հրեաներին ազատ արձակելու համար (յուրաքանչյուր հրեայի համար` 2,8 հազար դոլար):

Իր բոլոր խնդիրներով հանդերձ, իսրայելացին մի շատ կարևոր առավելություն ունի` նպատակի զգացողություն: Իսրայելը նավթ կամ բարեբեր հող չունի, ոչ մի ցամաքային սահման չունի, որով հնարավոր լինի արտաքին առևտուր անել: Բոլոր նյութական արժեքները ստեղծում է գործարարների բանակը:

«Հրեա ժողովրդի ամենամեծ ներդրումը մարդկության պատմության մեջ  չբավարարված լինելու զգացումն է: Դա վատ է քաղաքականության համար, սակայն շատ լավ` գիտության համար: Անընդհատ ցանկանում է փոխել ու փոխվել»: Այս թեզով Շիմոն Պերեսն ընդգծում է, որ գիտական ու շուրջգիտական վեճերը, սովորելու մշտական ցանկությունն ու նույնիսկ կատարյալը ստիպում են տնտեսությանը շարժվել դեպի վեր ու ամենակարևորը` բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Իսրայելցի մայրիկը երջանիկ կլինի, եթե իր երեխան դոկտոր կամ իրավաբան դառնա, սակայն առնվազն կհպարտանա, եթե իր զավակը ձեռներեց, գործարար դառնա: Իսրայելական ընտանիքը երեխային խանձարուրից գիտությունների դոկտոր, գործատեր է մեծացնում: Երկուսն էլ պատվավոր դերեր են արագ զարգացող հասարակության համար:

Բեն Հուրիոն` Իսրայել պետության  ստեղծողն ու  առաջին վարչապետը

Նա սիոնիստական շարժման հիմնադիրն է, որը համաշխարհային պատմության մեջ մտել է նաև որպես նոր Իսրայել պետության հիմնադիր: Նրա ողջ կյանքը ստորադասված էր  իր նախնիների երկրում հրեական պետության վերածնմանը: Կառավարություն է ստեղծել ու պայքարել Իսրայելի ճանաչման համար,  հեռացել է ու կրկին վերադարձել մեծ քաղաքականություն: Իր նպատակին հասել է 1948-ին: Ժամանակակից քաղաքական գործիչները նրան  Չերչիլի, Շառլ դը Գոլի և Ռուզվելտի շարքն են դասում: Նրա պատվին է անվանակոչվել միջազգային օդանավակայանը Թել Ավիվում, նրա անունով փողոց կա Երուսաղեմում և համալսարան` Նեգևում:

Նրա իսկական անունը Դևիդ Գրին է: Ծնվել է Վարշավայից ոչ հեռու, լեհական հրեաների ընտանիքում: Նրա հայրը քաղաքական սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Գերցելի ընկերն էր: Պատահական չէ, որ նա փոքր հասակից սիոնիզմի գաղափարներով էր տարված:  20-ամյա իրավաբանը 1906-ին Լեհաստանից  արտագաղթեց ու նախնյաց հողին ոտք դնելով` փոխեց իր անունն ավելի հրեական Բեն Հուրիոնով («երիտասարդ առյուծ»)` ի պատիվ  հռոմեական դարաշրջանի հրեա զորավարի: Իսրայելում նա  իսկույն առաջ գնաց:  Նրա մասին Ամոս Օզը գրել է, որ «պետության այն վաղ ժամանակաշրջանում շատ իսրայելցիներ նրա մեջ տեսնում էին Մովսեսին, Ջորջ Վաշինգտոնին, Գարիբալդիին ու Բարձրյալին»:

Առաջին աշխարհամարտի ժամանակ նա մեկնեց Ամերիկա, ուր երիտասարդ հրեաներին համոզում էր պատմական հայրենիք վերադառնալ:

1947-ին Հուրիոնը  կազմակերպեց հրեական Պաղեստինի մարտական պատրաստության ուսումնասիրությունը, քանի որ գիտեր, որ Իսրայելի անկախության հռչակումը կհանգեցնի պատերազմի: Նա օրեր ու գիշերներ էր անցկացնում զինվորական  գործի մասնագետների հետ, լսում նրանց ու քննում նրանց կարծիքները: Ավելի քան 6 ամիս անց ՄԱԿ-ը կյանքի կոչեց Պաղեստինը հրեական ու արաբական պետությունների բաժանելու որոշումը:  Բեն Հուրիոնը դարձավ Իսրայել պետության ժամանակավոր վարչապետը: Նա նպաստեց հրեական ժողովրդի ինքնիշխանության վերականգնմանը: Արաբական պետությունները խիստ դժգոհ էին դրանից ու սկսեցին Իսրայելի դեմ մարտական գործողություններ ծավալել: Բեն Հուրիոնը գլխավորեց երիտասարդ պետության սահմանների պաշտպանությունը:

Նա  հրեական պետության տեսիլքը վերածեց գործող ազգային պետության: Բեն Հուրիոնն է գլխավորել այն գործողությունները, որոնց արդյունքում կառուցվել է  երկիրը: Նրա առջև ծառացած խնդիրները շատ բարդ էին:  Դրանցից մեկն էլ 1930-ականներից մինչև Հոլոքոստի ավարտը ներգաղթյալների հոսքն ընդունելն էր: Նրանց մի մասը համակենտրոնացման ճամաբարներում էր, մի մասին հաջողվել էր փախչել Պաղեստին, մյուսներին տարբեր երկրներում մերժել էին  կացարան տրամադրել, և  նրանք ստիպված էին թաքնվել: Իսկ 1939-ին, երբ Բրիտանիայի կառավարությունը գաղութարարություն էր իրականացնում Պաղեստինում, սահմանափակեց  հրեաների ներգաղթը: Այդ քաղաքականությունը հայտնի է «Սպիտակ թուղթ» անվամբ:

Դրան ի պատասխան`  Հուրիոնը երկու  կազմակերպություն ստեղծեց, որոնք առաջին հայացքից իրար հակասող էին: Սկզբում նա ոգեշնչեց ու կազմակերպեց շատ հրեաների հետդարձը Եվրոպա, որ նրանք  բրիտանական բանակի «հրեական գումարտակներ» մտնեին ու  բրիտանացիների հետ կռվեին նացիստների դեմ: Միաժամանակ նա ընդհատակյա  գործակալություն էր ստեղծել, որի խնդիրն էր Եվրոպայի հրեա փախստականներին գաղտնի Պաղեստին ուղարկել` հակառակ Բրիտանիայի արտագաղթի քաղաքականության: Այդպիսով, Հուրիոնը Եվրոպայում կռվում էր բրիտանացիների հետ ու Պաղեստինում էլ պայքարում էր նրանց դեմ:

Բեն Հուրիոնը սևեռվել էր ցանկացած պայմանով պետություն ստեղծելու գաղափարի վրա: Նա բավականաչափ համբերություն չուներ, որ փորձեր կատարեր քաղաքականության  մեջ, որը նրա համոզմամբ ստեղծված էր միայն մարքսիստական գաղափարախոսությունն իրականացնելու համար: Նա համոզված էր, որ գաղութացման ծրագրի իրականացումը Իսրայելի ինքնիշխանության միակ հնարավոր երաշխիքն էր, հակառակ պարագայում չբնակեցված կամ թույլ բնակեցված շրջանների վրա թշնամին աչք կդներ ու միջազգային ընկերակցության միջոցով տարածքները կվիճարկեր:  Մյուս կողմից` խիտ բնակեցված քաղաքները կարող էին թշնամական օդուժի համար թիրախ դառնալ: Այդ հանգամանքը պատճառ դարձավ, որ բնակչությունը երկրով մեկ ցրված բնակություն հաստատեր: Բեն Հուրիոնը հասկանում էր նաև, որ մարդիկ սեփական կամքով  չէին գնա բնակություն հաստատելու քաղաքային կենտրոններից հեռու, եթե  կառավարությունն ինքը գաղութացման ծրագիրն իր ձեռքը չվերցներ ու վերաբնակների համար զեղչեր չնախատեսեր:

Բեն Հուրիոնը վարչապետ էր մինչև 1953 թ., կուսակցության ներքին հակասությունները ստիպեցին նրան հեռանալ:1955-ին նա ընտրութուններում հաղթեց ու կրկին վարչապետ դարձավ: Մեծ քաղաքականությունից նա հեռացավ 1970-ին ու գրական գործունեություն սկսեց:

Բեն Հուրիոնը մահկանացուն կնքեց 1973 թ. դեկտեմբերի 1-ին:

Հատվածներ «Խելացի մարդկանց ազգը» գրքից

Բրիտանիան նշում է Վիվյեն Լիի 100-ամյակը

o_844429Այսօր դերասանուհու երկրպագուները նշում են այդ հիշարժան օրը:  2013-ի նոյեմբերի 5-ին  ողջ Բրիտանիայում հոբելյանական կինոցուցադրություններ ու ցուցահանդեսներ են կազմակերպվելու:

Վիվյեն Լին ճանաչված դարձավ “Քամուց քշվածները” ֆիլմով, որտեղ նա կատարում էր Սքարլեթ Օ’ Հարայի դերը: Այդ ֆիլմի համար նա 1940-ին է “Օսկարի” արժանացել: Երկրորդ “Օսկարը” ստացել է ““Ցանկություն” տրամվայ” ֆիլմի համար:

Դերասանուհու 100-ամյակի առթիվ Ամերիկայում ստեղծվել է “Քամուց քշվածների”  նոր ֆորմատը: Մեծ Բրիտանիայում այն կցուցադրվի նոյեմբերի 22-ին:

Այստեղ ֆիլմ է նկարահանվում նաև Վիվյենի ու նրա ամուսնու` Լոուրենս Օլիվյեի  փոխհարաբերությունների մասին: Լիի սիրային նամակներն ամուսնուն կկարողանան տեսնել Լոնդոնում` Վիկտորիայի ու Ալբերտայի թանգարանում: Ցուցադրվելու են նաև դերասանուհու անձնական օրագիրն ու լուսանկարներ:

Թմրամոլ քաղաքապետը չի ցանկանում հեռանալ պաշտոնից

o_844393Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, որին անցած շաբաթ կրեկ ծխելուց էին բռնացրել, երեկ հայտարարել է, որ պաշտոնից չի հեռանա: Իսկ միակ բանը, որ կարող է իրեն ընտրողներին ասել,  ներողությունն է: Ֆորդն ասում է, որ խորապես ցավում է իր վարքագծի համար:

Հայտնի է, որ Ֆորդն իրեն տարօրինակ է պահել քաղաքային խորհրդի կազմում եղած ժամանակ: Նա կարող էր արագ-արագ քայլելու ընթացքում դեմքով հարվածվել տեսախցիկին: Կամ էլ` հավասարակշռությունը կորցնել բոլորովին հարթ տեղում և ընկնել:  Նա հայտնի է նաև իր վիճելի արտահայտություններով, մասնավորապես, հասցրել է հայտնել ասիացիների, անօթևանների ու հեծանվորդների հանդեպ իր ոչ դրական վերաբերմունքը: