Երևանում բացվել է ևս մեկ շախմատի դպրոց

 շախմատի դպրոցԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի թիվ 185 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոցի հանդիսավոր բացմանը: Աջափնյակ վարչական շրջանի մարզադպրոցում գործող շախմատի խմբակների 90 սաներն այսուհետ մարզիչների հետ ուսումը կշարունակեն այստեղ: Արդեն հերթագրված ևս 200 երեխաներ ևս շուտով կդառնան այս դպրոցի սաներ: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների հետ:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության շնորհիվ շախմատի դպրոցներ կհիմնվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում, ինչն իր հերթին կնպաստի մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանը. <<Մենք արդեն չորս վարչական շրջաններում ունենք շախմատի դպրոցներ, որոնցում երեխաների և մարզիչների համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները մարզումներն անցկացնելու և ապագա չեմպիոններ դաստիարակելու համար: Հաջորդ տարիներին ևս ծրագիրը լինելու է շարունակական և, ըստ այդմ, շախմատի դպրոցներ կունենան Երևանի բոլոր վարչական շրջանները: Ընդհանուր առմամբ, 12 վարչական շրջաններում, երբ ունենանք նմանատիպ դպրոցներ, շուրջ 3000 երեխաներ հնարավորություն կունենան անվճար տիրապետելու այս մարզաձևին>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, շնորհակալություն հայտնելով ծրագիրն իրագործելու համար, նշել է, որ մայրաքաղաքում շախմատի դպրոցներ ունենալու քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն իսկապես ծառայում է նպատակին. <<Փոքրիկներն այսօր հիանալի պայմաններ ունեն իրենց սիրելի խաղը սովորելու և զարգացնելու համար: Իրականում Հայաստանը դառնում է շախմատային իրական առաջատար երկիր, ու եթե մենք խնդիրներ ունեինք Երևանում, ապա հիմա դրանք ևս լուծվում են: Վստահ եմ, որ  քաղաքապետի հետ միասին կկարողանանք այդ լավ, բարի գործը կատարել>>, – նշել է Սմբատ Լպուտյանը: 

Մայրաքաղաքում հիմնվող շախմատի դպրոցները գործում են անվճար: Կրթօջախներն ամբողջությամբ կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացումով զգալիորեն կավելանա նաև շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ավարտվել է հետաքննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Եկատերինա Բաղդասարյանի կողմից 2013 թվականի մայիսի 3-ին կազմված պաշտոնական` «Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում կեղծ գրառումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեղադրյալ Ե. Բ.-ի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

«ՌեԱնիմանիա»-ի տնօրենն ամփոփել է 5-րդ կինոփառատոնի արդյունքները

1374726_748244921858313_1678597567_nԱյսօր, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա»  5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին նվիրված ամփոփիչ մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին խոսեց արդեն 5-րդ անգամ իրականացված «ՌեԱնիմանիայի» ձեռքբերումների մասին և ներկայացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Մովսիսյանին, ինչպես նաև նշեց, որ այսուհետ փառատոնի խորհրդի անդամ` Անսի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն  Տիցիանա Լոսկին աշխատելու է նաև փառատոնի ներսից, որպեսզի փառատոնն ավելի մեծ մասշտաբի և հորիզոնների հասնի:

Այս տարի փառատոնն առաջին անգամ անցակվեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Երեք օր շարունակ՝ նոյեմբերի 1-3-ը, փառատոնի լավագույն ֆիլմերը ցուցադրվեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում, «Սոֆիա» առևտրի կենտրոնի կինոդահլիճում, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում։ «ՌեԱնիմանիա» թիմն իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ԼՂՀ-ում փառատոնի անցկացմանն աջակցելու համար:

Անդրադառնալով փառատոնի հյուրերին՝ Վրեժ Քասունին նշեց, որ փառատոնի հյուրերը, որոնց թվում էին ֆրանսիացի անիմատորներ Մարկ Բորեալը, Բաստիեն Դյուբուան, Զուլի Նոբելեն, Նատալիա Միրզոյանը Ռուսաստանից, փառատոնի պատվավոր հյուր, Անսի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսկին և այլոք, ևս առիթ ունեցան այդ օրերին գտնվելու ԼՂՀ-ում և այցելելու ԼՂՀ պատմամշակութային վայրեր։

Արցախում ցուցադրվեց նաև Բաստիեն Դուբուայի Արցախի մասին ֆիլմը` «Դիմանկարներ ճանապարհորդություններից» շարքից։ Անդրադառնալով ֆիլմի ստեղծման պատմությանը՝ նշենք որ, լինելով «ՌեԱնիմանիա» փառատոնի հյուրերը 2011 թվականին, Բաստիեն Դուբուան և Զուլի Նոբելեն իրենց վարձակալած մեքենայով ճամփորդում են Հայաստանով և հայտնվում Արցախում։ Այստեղից էլ սկսվում են նրանց արկածները, արդյունքում անիմատորները նկարում են ֆիլմ Արցախի մասին։

Վրեժ Քասունին նաև հպարտությամբ նշեց, որ նոյեմբերի 4-ին «ՌեԱնիմանիա» երևանյան միջազգային անիմացիոն 5-րդ հոբելյանական կինոփառատոնի պատվավոր հյուր, Անսի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսկին պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով՝ համաշխարհային ժամանակակից անիմացիոն կինոարվեստի զարգացման գործում նշանակալի ավանդի, ինչպես նաև հայ անիմատորների հետ ունեցած համագործակցության և մասնագիտական օժանդակության համար։

«ՌեԱնիմանիա» երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը այս տարի տոնեց իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում էր հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ: Ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Հենրիկ Մալյան անվան կինոդերասանի թատրոնում, Նարեկացի արվեստի կենտրոնում, Ափ Թաուն ակումբում, Պողոսյան պարտեզներում։ Վարպետության դասընթացներ անկացրեցին համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ։

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվեց ՀՀ նախագահի աջակցությամբ:

Նկարիչների միությունը երիտասարդացել է

DSC_9221Նոյեմբերի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Ներկայացված է շուրջ 200 երիտասարդի ավելի քան 250 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկական գործեր, լուսանկարներ ու քանդակներ։

Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ ներկայացված ստեղծագործությունների քանակը և որակն ապացուցում են, որ ստեղծագործական կյանքը մեր երկրում զարգացում է ապրում։ «Մենք ունենք հզոր երիտասարդական ներուժ։ Նրանք սիրում են ստեղծագործել, հանդես են գալիս նոր մտքերով ու գաղափարներով, ընդ որում՝ արվեստի բոլոր բնագավառներում։ Պատվաբեր է ներկայացված լինել նկարիչների միությունում, և այսօր երիտասարդներին այդ հնարավորությունը տրված է»,- նշեց Կարեն Ավագյանը։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շեշտեց, որ միության դռները միշտ բաց են երիտասարդ ստեղծագործողների առջև։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և ընդհանրապես այն մարդկանց, ովքեր այսօր ձեռք են մեկնում երիտասարդներին՝ աջակցելով նրանց ստեղծագործական ճանապարհին։

Մուշեղ Պետրոսյանը ցուցահանդեսում ներկայացրել է «Տարածական ճեղքում» վերնագրված իր քանդակը։ Այդ ստեղծագործությամբ նա ցանկացել է պատկերել անցումը մի հարթությունից դեպի մյուսը։ Հեղինակը խոստովանում է, որ քանդակը ստեղծելու համար շատ քիչ ժամանակ է պահանջվել, սակայն շատ երկար օրեր են պետք եղել գաղափարը հղանալու ու դրա շուրջ մտածելու համար։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը։ Ժյուրին տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել Ժնևի համալսարանում

Էդվարդ ՆալբանդյանՆոյեմբերի 12-ին Շվեյցարիայի նախկին նախագահ, արտաքին գործերի երկարամյա նախարար, ներկայումս՝ Ժնևի համալսարանում միջազգային հարաբերություններին նվիրված դասախոսությունների շարքի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի հրավերով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն դասախոսությամբ հանդես եկավ Ժնևի համալսարանում: Դասախոսությանը ներկա էր նաև Ժնևի համալսարանի ռեկտոր Ժան-Դոմինիկ Վասալին:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց միջազգային, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Գաղտնազերծվել են Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի փորձաքննության որոշ հանգամանքներ

վթարՎարդան Պետրոսյանին կալանավորելու որոշման մեջ որոշ տվյալներ կան ներկայացված նաև քրեական գործի շրջանակներում կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունից,հաղորդում է Փաստինֆոն:

Ըստ դատարանի, փորձագիտական եզրակացության մեջ ասված է. «Վարորդ Վ.Պետրոսյանը «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պետհամարանիշի ատոմեքենան վարելու ընթացքում իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն`ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ, որով իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումը իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ 65 և 66 կետերի, ինչպես նաև «Ճանապարհայի երթևեկության ավտանգության ապահովման մասին » ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին հակասող գործողություններ և ստեղծել վթարային իրադրություն, որի արդյունքում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և իր ավտոմեքենայի դիմացի հատվածով, հողածածկ տարածքում` կողնակում, բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի 870 ՕԼ 64 պետհամարանիշի ավտոմեքենային հետնամասին»:

Նշենք, որ վկայակոչված իրավական ակտերը վերաբերում են մասնավորապես արագության գերազանցմանը: Ինչ վերաբերում է վթարի ենթարկված մյուս ավտոմեքենայի տեխնիկական վիճակին ու նրա վարորդի կողմից երթևեկության կանոնների պահպանմանը, որոշման տեքստում փորձաքննության եզրակացության այս հարցերի պատասխաններին անդրադաձ չի արվել:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը վերահաստատում է Ծածկած շուկայի համար պայքարի իր վճռականությունը

Ծածկած շուկաՀին Երևանի սրտում գտնվող «Ծածկած շուկայի» սեփականատեր օլիգարխը, բարբարոսաբար քանդելով ու աղճատելով իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործություն համարվող հանրապետական նշանակության այս հուշարձանը, դրա տեղում ապօրինի կերպով` առանց շինարարության թույլտվության, նախագծի ու ավարտական ակտի կառուցել է հանրային առևտրի օբյեկտ: Այս մասին տեղեկանում ենք «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից։
Ավելի քան մեկ ամիս է, որ «Երևան Սիթի» կոչվող այդ օբյեկտը սկսվել է ապօրինի կերպով շահագործվել՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող որևէ փաստաթղթի:
ՀՀ պատկան մարմինները` ներառյալ ՀՀ Մշակույթի և Քաղաքաշինության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Ոստիկանությունը և ՀՀ Դատախազությունը շարունակում են չնկատելու տալ մի շարք հանցագործություններով դրսևորվող բացահայտ ապօրինությունը, ինչի հետևանքով հանցակից են դառնում «Ծածկած շուկայի» կառուցապատողին: Նրանք չեն կատարում իրենց հիմնական գործառույթները, այն է` օրենքի պահանջների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում նաև` վերջիններիս անվտանգության երաշխավորումը: Հուշարձանն ամիսներ շարունակ նրանց աչքի առաջ վնասվել է և այժմ առանց պահպանման պարտավորագրի շահագործվում է: Ավելին, դրա տեղում ապօրինի կերպով կառուցվել և առանց անվտանգության պաշտոնական ստուգման ու հավաստման շահագործվում է առևտրի օբյեկտ, ինչի հետևանքով մշտապես վտանգվում է նաև այնտեղ գտնվող քաղաքացիների կյանքն ու առողջությունը:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր վճռականությունը` հասնելու իր առջև դրված հետևյալ նպատակներին.
1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.
ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,
հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:
2. Անվտանգության նկատառումներով անհապաղ դադարեցնել «Ծածկած շուկայի» տեղում կառուցված առևտրի օբյեկտի գործունեությունը, ինչպես նաև դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:
3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը այս նպատակներին հասնելու համար կիրառելու է ինչպես ՀՀ օրենքներով չարգելված բոլոր միջոցները, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով նախատեսված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացմանն ուղղված քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր ձևերն ու մեթոդները:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնություն

 

Տիգրան Մեծի պողոտայում 59-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

վրաերթՆոյեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

«Հայաստան» հիմնադրամի ամենաքծիբ օլիգարխ նվիրատուն Գագիկ Ծառուկյանն է

ծառուկյանՕրերս «Առաջին լրատվական»-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հարցում էր ուղարկել, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչ օրս որքան գումար է նվիրաբերել հիմնադրամին և որ թվականին, քանի որ տեղեկություններ էին շրջանառվում, որ նա մինչ օրս որևէ նվիրատվություն չի արել մարաթոնների ժամանակ:

Եվ ահա, այսօր «Առաջին լրատվականը»-ը վերջապես ստացել է հիմնադրամի պատասխանը, որտեղ մասնավորապես ասված է հետևյալը. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին վերջին անգամ նվիրատվություն (10 միլիոն ՀՀ դրամ) կատարել է «Հեռուստամարաթոն-2008»-ի շրջանակներում: Հարկ է նշել, որ վերջին տարիներին շատ բարերարներ իրենց նվիրատվությունները կատարում են անանուն, և չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը նրանց շարքերում է»:

Այն, որ Ծառուկյանը նվիրատվություն կաներ և անարձագանք կթողներ` գրեթե անհավատալի է: Նա բնավ էլ չի առաջնորդվում «թող աջ ձեռքը չիմանա, թե ձախն ինչ է անում» Աստվածաշնչյան սկզբունքով: Գոնե իրեն պատկանող հեռուստաընկերությամբ մի քանի օր շարունակ կթմբկահարվեր կատարված նվիրատվության մասին:

Երկրորդ ուշադրության արժանի փաստը գումարի չափն է: Նման խոշոր գործարարի համար 10 միլիոն դոլարը ծիծաղելի գումար է: Նրա համար, թերևս, մեկ-երկու օրով Դուբայ գնալու գումար: Համեմատության համար նշենք, որ օրինակ` 2011 թվականին նվիրատուների ցանկում են հայտնվել հայաստանյան օլիգարխներից մի քանիսը, որոնք բավական խոշոր նվիրատվություններ են կատարել: Օրինակ` Սամվել Ալեքսանյանը հիմնադրամին նվիրել է 200 հազար դոլար, Միխայիլ Բաղդասարովը, Բարսեղ Բեգլարյանը՝ 100 հազարական դոլար… «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պատկանում է Մաքսիմ Հակոբյանին, նվիրել է 500 հազար դոլար, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Ռալֆ Յիրիկյանի նախագահությամբ՝ 470 հազար դոլար… 300 հազար դոլար էին նվիրաբերել նաև «Բամո» ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրները:

Ինչպես հայտնի է, հեռուստամարաթոնների ժամանակ ամենամեծ նվիրատվությունները սովորաբար անում են ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը և Լևոն Հայրապետյանը: Արա Աբրահամյանն անցած տարի նվիրաբերել է կես միլիոն դոլար, իսկ Սամվել Կարապետյանը` 1.5 միլիոն դոլար: Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «Լուսահոգի Հովհաննես Գրիգորյանն ասում էր` մանեական բառեր ես հորինում ու գլխիվայր շարում»

MANE GRIGORYAN 3Փոփոխությունները գրող Մանե Գրիգորյանի կյանքի անբաժան մասն են: Տարիներ առաջ նրա անդրանիկ ստեղծագործությունները գնահատեց Գրողների միությունը: Նախ միության «Մուտք» մատենաշարով տպագրվեց «Սխալված աղավնիները», այնուհետև նա դարձավ Գրողների միության անդամ: Մանեն դեռ դպրոցական էր, երբ իր ստեղծագործությունները տպագրվում էին գրական «Ցոլքերում»: Գուցե հենց «Ցոլքերն» էլ բացեց գրական աշխարհի դռները: Մանեի ստեղծագործությունները հաճախ տպագրվում են «Գրեթերթ» երիտասարդական–գրական թերթում, «Գրական թերթում», տարբեր մշակութային հանդեսներում: Մանեն մրցանակներ է ստացել իր ստեղծագործությունների համար, սակայն չի սիրում խոսել գրական պարգևների մասին:

Մանե Գրիգորյանի հետ զրույցի առիթը նրա օրերս լույս տեսած երկրորդ` «Ցուրտ կին» ժողովածուն է:

– Մանե, նախ շնորհավորում եմ ձեզ` նոր լույս տեսած գրքի կապակցությամբ: «Ցուրտ կին» վերնագրով գիրքը, եթե չեմ սխալվում, արձակ ժանրի երկրորդն է:

– Գիտեք, ավելի քան 6 տարիների ընթացքում շատ ջրեր դարձան գետեր, լճերից մի երկուսը ցամաքեցին ու ճահճացան, օվկիանոսներում ձկներ մեռան և ծնվեցին նորերը. շատ բան փոխվեց: Առաջին գիրքս աշխարհը միամտորեն բացահայտողինն էր, մեկինը, որ գիտեր` մարդը ցավով է ծնվում, բայց դեռ չէր համարձակվում մոտիկից շոշափել և պայթեցնել ցավի բշտիկները: Առաջին գիրքս պարան էր նետում դեպի Աստված, երկրորդ գիրքս խոսում է պարանի ճակատագրի մասին ու կռիվ տալիս բռնողի  և այն բաց թողնողի հետ:

– Առաջին գիրքը կարծես թե այցեքարտ է, իսկ երկրո՞րդը: Ի՞նչ զգացողություններ ունեք:

– Առաջին գիրքս  մի քիչ ձախողվեց,  և  կարծում եմ` կիսատ ձևավորված պտուղ մնաց: Իհարկե, լավ նայելու դեպքում` մարմնի տարբեր  մասերը տեսանելի են, բայց ոչ այնքան ձևավորված` ինքնուրույն ապրելու համար: Երկրորդին, կարծում եմ, հաջողվում  է մենակ ապրելը: Երբ տպարանից վերցրեցի, ոնց որ ձեռքումս կենդանի սիրտ պահած լինեի:

Երբ գիրքս նոր էր տպվել մոտեցումս հիվանդագին խանդոտ էր, չէի ուզում սենյակից հանեն, շատ թերթեն, վախենում էի նրա ճակատագրի համար, դրա համար ուզում էի տեսադշատումս պահել: Նման այն մայրերին, որ անընդհատ պատշգամբից նայում են, տեսնեն ինչպես է իրենց երեխան, հո չի ընկել, հո չեն նեղացրել: Նույնն էլ գրքի դեպքում. մտածում ես` բա որ գնեն ու անփույթ վերաբերվեն. իսկ գիրքը հեղինակի համար  զուտ ֆիզիկական ներկայություն չէ:

Բայց հետո քիչ-քիչ հանդարտվեցի, քանի որ գիտեմ` տպվելուց հետո նա արդեն առանձին ոտքեր, ձեռքեր, ականջներ ու մարմին ունի, ու կարող է քայլել այն ժամանակ, երբ ես նստել եմ ուզում:

– Մանե, Ձեր առաջին գրքի խմբագիրը լուսահոգի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանն էր, ով իր խմբագրականում գրել էր. «Մանեի գրածները պետք է ոտքից գլուխ շրջել», բայց հետո անկեղծացել. «Ո՛չ, Մանեի գրածները պետք է թողնել նույնությամբ, քանի որ դա է նրա բանաստեղծությունների գրավչությունը»: «Ցուրտ կին» գիրքը խմբագրել է Հուսիկ Արան: Ո՞ւմ հետ էր հեշտ աշխատել:

MANE GRIGORYAN 4– Առաջին գրքի դեպքում երևի խնդիր ունեի ասելու, որ ես եկել եմ ու եկել եմ այսպիսին: Հովհաննես Գրիգորյանն ասում էր` մանեական բառեր ես հորինում ու գլխիվայր շարում. գրում էս էնպես, ինչպես քայլում ես:

Երկրորդի դեպքում այդ մասին խոսելու խնդիր արդեն չկա ու ինքս էլ ավելի պատասխանատու եմ գրածիս հանդեպ:

– Մանե, խորհրդային ժամանակահատվածում գրական ստեղծագործությունները քննարկվում, քննադատվում էին սալոններում, այսօր` գրադարաններում, ակումբներում: Մասնակիցներն էլ հիմնականում երիտասարդներ են: Սերունդների բախում կա՞: Մի՞թե ավագները չեն գնահատում երիտասարդներին:

– Չգիտեմ, գուցե ես մեկուսացած եմ ու պասիվ եմ շփվում: Այդ իսկ պատճառով բախումների առանձնապես չեմ հանդիպել: Այսինքն` գուցե մեկ-երկու դեպք եղել է, բայց քանի որ էն, ինչ ինձ պետք չէ ու ոչինչ չի տալիս, հեշտ ու արագ եմ մոռանում, դեպքեր չեմ կարող հիշել: Կարող եմ վստահ ասել, որ ավելի հաճախ հանդիպել եմ առողջ համագործակցության և անառողջ բախման: Առաջինի դեպքում երկուստեք քայլ կա իրար մոտենալու, երկրորդի դեպքում` քայլ չկա, որովհետև քայլն ինքնին շարժում է ենթադրում:

– Ի՞նչ է ձեզ համար գրականությունը:

– Գրականությունը ցավի հաղթահարման պատրանքն է, որը ավելի քան անհրաժեշտ է: Եթե անգամ գիտես, որ, միևնույն է, դատապարտված ես պարտության:

– Ներկայացրեք խնդրեմ այսօրվա գրականության խնդիրները…

– Ինձ թվում է` մենք մեր մեջ շատ ենք փակված, այսինքն` ներսում մեր հայացքը մեր նկատմամբ այնքան ազատ չէ, որքան կուզեի լիներ: Դա փակ շրջան է ստեղծում, որն առողջ ելք չունի, և շատ հաճախ մեր ներսի հայացքը մեր արածի նկատմամբ կարող է իր ազդեցությունն ունենալ դրսում դրա ընկալման վրա: Մենք ինքներս մեզ կաղապարի մեջ ենք դնում, չգիտեմ, գուցե դա մեզ համար հարմարավետության տարածք է, բայց ես այդ տարածքում չեմ ուզում լինել:

– Ո՞վ է ձեր գրական հերոսը, ո՞ր գրողի գործերն են ձեզ առավել ներշնչում:

– Իմ գրական հերոսը մարդն է, որը սխալվում է և անպայման չէ, որ այդ սխալներից հետևություններ անի ու ճանապարհը փոխի, իմ հերոսն աընդհատ սխալվող մարդն է, որովհետև սխալվել նշանակում է ճանպարհ գծանշել, մնացյալ բոլոր գծանշված ճանապարհները ուրիշների սխալներն են, իսկ քայլել ուրիշի սխալների վրայով նշանակում է` հագնել ուրիշի պատռած տաբատը:

– Մանե, ճամպրուկային տրամադրություն ունեք, ո՞ւր եք գնում:

– Երկիրը ձևավորում է մարդուն: Հայաստանում բոլորը նյարդային են, ապրել մեր երկրում նշանակում  է ամեն օր պայքարել դրա համար: Մեր եղունգները երկար են, ատամները` սրած, մեզ մոտ ինքնապաշտպանական բնազդը շատ սուր է, այնքան, որ ամեն տեղ վտանգ ենք տեսնում, կորցնելու վախ:

Գերմանիայում մտքերս մի տեսակ խաղաղվել են, մարդիկ հանգիստ են, ու անընդհատ զարմանում ես` ոնց կարելի է էսքան խաղաղ ապրել: Մենք սովոր ենք բարդացնել մեր կյանքը, բոլոր հասարակ բաները բարդ եղանակով վերաձևակերպելու կարիք ունենք… Մեր կենսակերպը մեզ էդպիսին է դարձրել, դժվարությունն արդեն սովորույթի ուժ ունի: Մեզ պետք է ինչ-որ բան, որ հաղթահարենք կամ հարմարվենք: Երեկոյան հեծանվով  կգնամ գրադարան, կգրանցվեմ, կվերցնեմ ինչ-որ գիրք, հետ կդառնամ, իսկ գերմանացի Կլաուսը կասի` հրաշալի գաղափար  է  չիմացածդ լեզվով գրքեր կարդալը:

– Մանե, շնորհակալություն, հարցազրույցի համար:

– Շնորհակալ եմ նաև ձեզ, ձեր թերթին:

Տիգրան Կարապետյանի նոր գունավոր դաջվածքը,լուսանկարներ

տիգրան կարապետովիչԱյն հարցին, թե որն է դաջվածքի իմաստը, Կարապետիչը պատասխանել է `«Էրկու հատ մեկ ա` վերևը` Աստված, ներքևը` ժողովուրդ»: Հետո նա պարզաբանել է, որ իր արածը չի հակասում Աստվածաշնչին.«Այդպիսի բան չկա, տենց բան չկա գրած Աստվածաշնչում»: Իսկ այն հարցին, թե այլ դաջվածքներ էլ արդյո՞ք ունի մարմնի այլ մասերին քաղաքական գործիչը նկատել է, որ  ժամանակակից աշխարհում ենք ապրում, և 21-րդ դարում հարցնել, թե ինչ դաջվածք ունես, երբ ես արել, նույնն է, թե հարցնես՝ քանի հատ խալ ունես և որտեղ:

«Դաջվածքը՝ էտի մարդու անհատական հարցն ա: Ես չեմ վախենում տենց համարձակ քայլերից, ես մենակ Աստծուց եմ վախենում: Ուրիշ ոչ մի բանից չեմ վախենում: Չեմ մտածում, թե մարդիկ ինչ կմտածեմ: Ո՛չ պետական փողերն եմ յուրացրել, ոչ էլ չինովնիկ եմ: Ժողովրդին էլ վնաս չեմ տվել»: Կարևորը հոգեաբանական տարիքն ա, ոչ թե կենսաբանականը, եզրափակել է  Տիգրան տիգրան կարապետովիչ1Կարապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը մեկնել է Ֆրանսիա

ffa5Նոյեմբերի 14-ին Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Թուլուզում կմրցի Ֆրանսիայի Մ-21 հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, հետևյալ կազմով արդեն մեկնել է Ֆրանսիա.

 Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան                  «Գանձասար»

Արթուր Թորոյան                    «Բանանց»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան              «Փյունիկ»

Գրիգոր Հովհաննիսյան            «Փյունիկ»

Արման Հովհաննիսյան            «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան             «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան                  «Փյունիկ»

Դավիթ Մարիկյան                 «Շիրակ»

Վասպուրակ Մինասյան          «Փյունիկ»

Ալեն Համբարձումյան             «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Կարեն Մուրադյան                «Շիրակ»

Գագիկ Պողոսյան                  «Փյունիկ»

Սարգիս Շահինյան                «Բրագա» Պորտուգալիա

Աշոտ Սարդարյան                «Փյունիկ»

Վահագն Այվազյան               «Բանանց»

Արտյոմ Սիմոնյան                «Զենիթ», Ռուսաստան

Դավիթ Հակոբյան                 «Շիրակ»

Վարդան Բակալյան              «Փյունիկ»

Հարձակվողներ

Վիուլեն Այվազյան                «Փյունիկ»

Սարգիս Ադամյան                 «Հանզա» Ռոստոկ, Գերմանիա

Երևանի Սարալանջի փողոցում բախվել են երեք ավտոմեքենաներ

ավտոպատահարՆոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևանի Սարալանջի փողոցի թիվ 68 տան մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2110» և «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի  ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մարմնամարզության հուշամրցաշար` նվիրված Հրանտ Շահինյանի 90-ամյակին

մմe1fecf071f246aa44c25846606fb036aՄեկնարկեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951թ.), օլիմպիական խաղերի (Հելսինկի 1952 թ. ) կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր Հրանտ Շահինյանի մարմնամարզության հուշամրցաշարը: Մրցումներն անցկացվում են անվանի մարմնամարզիկի անունը կրող մարզադպրոցում: Ավանդական հուշամրցաշարը նվիրված է ՀԽՍՀ վաստակավոր մարզչի (1961թ.), ԽՍՀՄ յոթակի չեմպիոնի, բացարձակ չեմպիոնի, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկրի 90-ամյակին:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 28 մարմնամարզիկ, իսկ կանանց առաջնությանը` 18 մարմնամարզուհի:

Դաշտ-Այգեշատ ճանապարհին մեքենաներ են բախվել

ապակիՆոյեմբերի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Դաշտ-Այգեշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել   «Պեժո»  և   «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի  2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վանաձորում մեքենաներ են բախվել

ավտովթարՆոյեմբերի 12-ին, ժամը 15.40-ին, «ՎԱԶ-2110»  մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 86 տան մոտ բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2110»-ի վարորդը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երևանի բազմաբնակարաններում ձմռան նախապատրաստական աշխատանքներ են

շենքԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները հետևողական վերահսկողություն են իրականացնում բնակելի բազմաբնակարանների ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ։

Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումները, համատիրությունների ակտիվ մասնակցությամբ, առկա խնդիրները հնարավորինս արագ վերացնելու համար բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների ու լուսամուտների տեղադրման, ջրթափ խողովակների նորոգման, տանիքների վերանորոգման աշխատանքներ են կատարում։

Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում, օրինակ, 2013-2014թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների արդյունքում արդեն նորոգվել է ընդհանուր հանրագումարով 290 քմ հարթ տանիք՝ նախատեսված 420 քմ-ից և 300 քմ թեք տանիք՝  նախատեսված 700 քմ-ից։ Նախատեսված 10 մուտքերից 5-ում արդեն տեղադրվել են դռները, ջերմամեկուսացման ենթակա  80 գծմ կոյուղագծերից 30 գծմ-ի աշխատանքներն ավարտվել են։ Նախատեսվում էր մուտքերում 80 քմ  պատուհանների ապակեպատում, որից 35 քմ-ն արդեն կատարված է. կատարված է նաև մուտքերի պատուհանները պոլիէթիլենային թաղանթով պատելու նախատեսված 1370 քմ-ից 360 քմ-ի աշխատանքը։

Համատիրությունների և բնակիչների միջոցներով վերանորոգվել են նաև Տիգրան Մեծի 74 շենքի 3-րդ մուտքը, Արցախի 18 ա հասցեի 3-րդ, 4-րդ շքամուտքերը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Երևանի հիմնական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են

դպրոց, ջեռուցումԵրևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Նախատեսված ժամկետում իրականացվել են ջեռուցման համակարգերի և ջրամատակարարման խողովակների տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքները: Կատարվել են գազասպառման համակարգի տեխնիկական անվտանգության և հրդեհի բացառման փորձաքննական աշխատանքներ, ստուգվել և կարգի են բերվել ջեռուցման մարտկոցները. ջեռուցման համակարգերը կարող են գործարկվել։ Ըստ անհրաժեշտության՝ փոխարինվել են մի շարք դպրոցների պատուհանների ապակիները: Պոլիէթիլենային թաղանթով կատարվել է պատուհանների ջերմամեկուսացում։

դպրոց, ջեռուցումՁմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում նաև վերապատրաստվել են դպրոցների կաթսայատներում աշխատող հնոցապանները և ստացել են նոր վկայականներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայաստանի շախմատիստները և շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում. 5-րդ տուր

շArm-Slo-1Վարշավայում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Սլովենիայի թիմին: Իսկ Հայաստանի կանանց ընտրանին 2:2 հաշվով ավարտեց մրցամարտը Վրաստանի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակած 7 միավորով 10-րդ տեղում է: Նույնքան միավոր ունեն նաև Հունգարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Անգլիայի, Ռումինիայի հավաքականները: Աղյուսակը գլխավորում է Ֆրանսիայի հավաքականը` 9 միավոր: Մեկ միավոր պակաս են վաստակել Հունաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչները:

Կանանց Հայաստանի հավաքականը, նաևՌուսաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Լեհաստանի երրորդ թիմերն ունեն 7-ական միավոր: Առաջատարաը` 10 միավոր վաստակած Ուկրաինայի ընտրանին է: Լեհաստանի առաջին թիմն ու Վրաստանի հավաքականն ունեն 8-ական միավոր:

Այսօր Եվրոպայի առաջնության մասնակիցները հանգստանում են:

ՏՂԱՄԱՐԴԻԿ

Սլովենիա

–

Հայաստան 

1:3

Պավասովիչ

–

Արոնյան 

0:1

Լենիչ

–

Մովսիսյան 

1/2:1/2

Սկոբերնե

–

Հակոբյան

0:1

Բորիշեկ

–

Սարգսյան 

1/2:1/2

ԿԱՆԱՅՔ

 

Հայաստան 

–

Վրաստան

2:2

Դանիելյան

–

Ձագնիձե

1:0

Մկրտչյան

–

Արաբիձե

1/2:1/2

Գալոյան

–

Խուրցիձե

1/2:1/2

Կուրսովա

–

Խոտենաշվիլի

0:1

 

 

 

 

Ոստիկանությունը պարզաբանում է

ոստիկանությունԶանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը, որ Ալեքսանդր Սարգսյանի կնոջ անձնագրում օտարեկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է կիրակի օրը`  «Զվարթնոց»  օդանավակայանում, անձնագրային և վիզաների վարչության աշխատակցի կողմից, իրականությանը չի համապատասխանում:
Տեղեկացնում ենք, որ Ա. Սարգսյանի կնոջ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է դեռևս  02.07.2013 թ.-ին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայության կողմից, և նրան  անձնագիրը հանձնվել է օտարերկյա պետություններում վավերականության մասին նշումով: Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումը կատարվել է 02.07.2013 թ.-ին`  5 տարի ժամկետով, որը վավերական է  մինչև 02.07.2018 թվականը:
Հետագայում, կորստյան կամ փոխանակման կապակցությամբ, Ա. Սարգսյանի կնոջն այլ անձնագիր չի հանձնվել, հետևաբար, Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև անձնագրային ծառայության կողմից օտարերկյա պետություններում վավերականության ժամկետի այլ նշում չի կատարվել: