Daily Archives: November 29, 2013
«Տրանսի պահանջարկը Հայաստանում շատ ա». հարցազրույց հայ տրանսվեստիտի հետ
Ովքե՞ր են հայ տրանսվեստիտները, քանի՞ տրանսվեստիտ կա Հայաստանում, ինչպե՞ս են նրանք ապրում այստեղ, ովքե՞ր են տրանսվեստիտ մարմնավաճառների հաճախորդները։
Այս հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է հայ տրանսվեստիտ մարմնավաճառի հետ։ Վերջինը վստահեցրել է, որ չնայած հրապարակավ իրենց բոլորը քարկոծում են, տրանսվեստիտների «պահանջարկը Հայաստանում շատ է»։
Նրա խնդրանքով՝ անունը չի հրապարակում, տեսանյութում ձայնը փոխված է, դեմքը՝ փակված։ Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:
Լոռու մարզում պատվաստումից հետո երեխայի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո 2 ամսական և 10 օրական Մանուշակ Մարկոսյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իմունականխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը: Այլ տեղեկություն Գայանե Սահակյանը չի նշել՝ ասելով, որ «իրենք իրավասու չեն այլ տեղեկություն հրապարակել և որ բժշկական բոլոր փաստաթղթերը դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում: «Առայժ մենք չեն կարող որևէ ուսումնասիրություն անել, իսկ պարզաբանումներ կտանք, երբ այնտեղ էլ արդյունքները պարզ լինի»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մանուշակի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմել է, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչի մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է։ Շարունակություն` սկզբնաղբյուր կայքում:
“Հայաստան”հիմնադրամի 16-րդ հեռուստամարաթոնը հավաքագրել է ավելի քան 22. 6 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում
Հեռուստամարաթոն 2013-ը հավաքագրեց 22 661 372 ԱՄՆ դոլար, որը կնպատակաուղղվի Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը եւ գլխավորապես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից տարվա ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս–Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Ստորեւ ներկայացված է Հեռուստամարաթոն 2013-ի հանգանակությունների նախնական բացվածքը` ըստ երկրների.
Ռուսաստան` 12 350 000 ԱՄՆ դոլար
ԱՄՆ Արեւմտյան շրջան (Լոս Անջելես)` 2 000 000 ԱՄՆ դոլար
Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Հունաստան, Բելգիա /Համաեվրոպական հեռախոսամարաթոն/` 1 984 000 ԱՄՆ դոլար
Հայաստան` 1 648 372 ԱՄՆ դոլար
Շվեյցարիա /անհատ–բարերար/` 1 200 000 ԱՄՆ դոլար
Արցախ` 1 000 000 ԱՄՆ դոլար
ԱՄՆ Արեւելյան շրջան (Նյու Յորք)` 1 000 000 ԱՄՆ դոլար
Արգենտինա` 700 000 ԱՄՆ դոլար
Տորոնտո` (Կանադա) 225 000 ԱՄՆ դոլար
Բրազիլիա` 170 000 ԱՄՆ դոլար
Մոնրեալ (Կանադա)` 120 000 ԱՄՆ դոլար
Մեծ Բրիտանիա` 100 000 ԱՄՆ դոլար
Լիբանան` 94 000 ԱՄՆ դոլար
Իրան` 60 000 ԱՄՆ դոլար
Ավստրիա` 10 000 ԱՄՆ դոլար
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Չինաստանի ընտրանին է
Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում այսօր կկայանա չորրորդ տուրի մրցամարտերը:
Հայաստանի հավաքականի մրցակիցը Չինաստանի ընտրանին է։
Լևոն Արոնյանը կմրցի Լի Չաոյի, Սերգեյ Մովսիսյանը՝ Դինգ Լիրենի, Վլադիմիր Հակոբյանը՝ Բու Քսյանջիի, Գաբրիել Սարգսյանը՝ Հյու Յանցզիի հետ։
Մասնակիցների դասավորությունը
| 1. | ՈՒկրաինա | 6 | 7½ |
| 2. | Հայաստան | 5 | 7½ |
| 3. | Ադրբեջան | 4 | 7 |
| 4. | Գերմանիա | 4 | 7 |
| 5. | Ռուսաստան | 3 | 5½ |
| 6. | ԱՄՆ | 2 | 6 |
| 7. | Չինաստան | 2 | 5½ |
| 8. | Նիդերլանդներ | 2 | 5 |
| 9. | Թուրքիա | 2 | 5 |
| 10. | Եգիպտոս | 0 | 4 |
Օգտակար խորհուրդներ ձմեռային երթևեկության մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանը և ԵՄ-ն անցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր են ստորագրել
Վիլնյուսում “Արևելյան համագործակցության” երրորդ գագաթնաժողովի շրջանակներում նոյեմբերի 29-ին Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև կնքվել է անցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալություն, այս համաձայնագիրը նախաստորագրվել էր դեռևս ընթացիկ տարվա հուլիս ամսին:
Անցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրով նախատեսվում է, որ որոշ կատեգորիաների անձանց համար վիզա ստանալու գործընթացը պարզեցվելու է, նվազեցվելու է վիզայի համար նախատեսված վճարը, կրճատվելու է անհրաժեշտ փաստաթղթերի թիվը:
Նշենք, որ այս համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն հաջորդ տարի Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռեադմսիայի մասին համաձայնագիր ստորագրելուց հետո:
Ադրբեջանի ընդդիմադիր գործիչը հեռացել է Ազգային խորհրդի նախագահի պաշտոնից
Ադրբեջանում հայտնի կինոդրամատուրգ, սցենարիստ Ռուստավ Իբրահիմբեկովը հեռացել է ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուդ) նախագահի պաշտոնից: Այս մասին նա տեղեկացրել է “Ազադլըխ” թերթին տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է “Հագին” կայքը:
Իբրահիմբեկովը իր հրաժարականի մասին խնդրագիրը արդեն ուղարկել է Ազգային խորհրդին:
“Կարծում եմ` Ազգային խորհրդի նախագահի պաշտոնից իմ դուրս գալը ճիշտ կլինի: Օբյեկտիվ պատճառներով ես երկար ժամանակ բացակայել եմ Ադրբեջանից: Հուսով եմ` նախագահի պարտականությունները իր վրա կվերցնի Ջամիլ Հասանլին: Վերջինս ապրում է Բաքվում և կարող է անմիջական մասնակցւթյուն ունենալ կազմակերպության գործունեության”,-ասել է Իբրահիմբեկովը:
Ռուստամ Իբրահիմբեկովն այս պաշտոնը զբաղեցրել է սույն թվականի հունիսի 7-ից:
Բելգիան կթույլատրի էվթանազիան անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ
Բելգիայի սոցիալական հարցերով ու արդարադատության հանձնաժողովը հավանության է արժանացրել անչափահաս երեխաների էվթանազիայի մասին օրենքը:
Եթե այն ընդունվի խորհրդարանի ընթացիկ նստաշրջանում, ապա ուժի մեջ կմտնի 2014-ի սկզբին: Հասուն`40-79 տարեկան բելգիացիների նկատմամբ էվթանազիայի կիրառումը թույլատրվել է 2002-ից:
Երեխաների` էվթանազիայի իրավունքի շուրջ վեճերը 2008-ից են: Նոր օրենքի նախագծի համաձայն, էվթանազիայի խնդրանքով կարող են դիմել անչափահասները` ծնողների համաձայնությամբ, կամ էլ ծնողները` երեխայի անկարողության դեպքում, այն էլ այն ժամանակ, երբ երեխան իսկապես տառապում է անբուժելի հիվանդությամբ ու “մշտական ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ է կրում, որոնք հնարավոր չէ թեթևացնել”:
Բացի այդ, պետք է հոգեբանը հաստատի, որ երեխան “լրիվ գիտացում” է այդ վճռի հետևանքները: Ի դեպ, էվթանազիայի կիրառումը պաշտպանում է Բելգիայի բնակչության 75%-ը: Ամեն տարի երկրում քննվում է էվթանազիայի 40 դիմում-խնդրանք:
Զարգացումներ, որոնք ազդում են Հայաստանի վրա
Անցած շաբաթը բավականին բուռն ու հարուստ էր քաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնք այսպես թե այնպես ազդեցություն ունեն կամ ունենալու են մեր երկրի վրա: Մասնավորապես, կայացան Սարգսյան–Ալիև, Էրդողան–Պուտին հանդիպումները, Իրանի միջուկային ճգնաժամի շուրջ ձեռք բերվեց «պատմական» համաձայնություն, Ուկրաինան էլ հայտարարեց Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացները դադարեցնելու մասին:
Հայաստանի շուրջ, երբեմն էլ մասնակցությամբ, լուրջ գործընթացներ են «եփվում»
Հայաստանին վերաբերող ամենաանմիջական իրադարձությունը, թերևս, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր Վիեննայում: Այս հանդիպումն էական էր այնքանով, որ վերջին 1.5 տարվա ընթացքում նման հանդիպումները` երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով, ուղղակի դադարել էին, և անընդհատ մատնանշվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փակուղի մտնելու փաստը: Բայց ԱՄՆ-ի ակտիվ դերակատարությամբ ու անմիջական ներգործությամբ այդ հանդիպումը կայացավ, ինչը և սպասելի էր:
Նախ` այն օրվանից հետո, ինչ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, սպասվում էր Արևմուտքի, մասնավորապես` ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից որոշակի ակտիվացում Հայաստանին առնչվող հարաբերություններում: Ու թեև այդ ակտիվությունը չէր դրսևորվում ԵՄ-ի կողմից, քանի որ առջևում Վիլնյուսի գագաթաժողովն էր, որի ժամանակ որոշակի գործընթացներ պետք է լինեին, ապա ԱՄՆ-ի ակտիվացումը տրամաբանական էր` թեկուզ Հայաստանին ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դերի մասին հիշեցնելու և տարածաշրջանում ռուսական քաղաքական գործունեությանն ինչ-որ բան հակադրելու առումներով:
Նախագահների հանդիպումը կայացավ, դրանից անմիջապես հետո էլ Սերժ Սարգսյանն այն որակեց «նորմալ»: ՀՅԴ Հայդատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այս առումով նշում է, թե չի կարծում, որ նախագահն ավելին կուզենար ասել, քանի որ այդ հանդիպման ժամանակ չէր էլ կարող ավելին լինել: Երկու նախագահները չուզենալով էին հանդիպում, ուրեմն նորմալ էր, եղավ-պրծավ, ըստ էության` ոչինչ չասող հանդիպում էր:
Բայց մի ճշմարտություն կա` երբ խոսում են մարդիկ, լռում են զենքերը, իսկ երբ դադարում են խոսել, զենքերը բարձրացնում են իրենց ձայնը: Եվ այս առումով, նման հանդիպումները գոնե պետք է ազդեն հրադադարի ռեժիմի պահպանման վրա, ու եթե թեկուզ մեկ օր նախագահների հանդիպման կապակցությամբ սահմանին կրակոցներ չեն հնչում, մարդկային կյանքեր չեն խլվում, արդեն ձեռքբերում է:
Նախագահները նաև հանձնարարեցին երկու երկրների արտգործնախարարներին մեկ անգամ ևս հանդիպել, իսկ իրենք էլ նորից հանդիպելու պատրաստակամություն հայտնեցին: Այդ պատրաստակամությունը լավատեսություն է ներշնչում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին: Նա ողջունել է Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը և հայտարարել, թե ԵՄ-ն պատրաստ է նպաստել ԼՂ հակամարության կարգավորմանն ուղղված վերսկսված ջանքերին և ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծելուն: ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարայի հայտարարությունում էլ նշվում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը կօժանդակի կողմերի միջև փոխադարձ վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ինչպես նաև դրական խթան կդառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացման համար:
ԼՂ հակամարտության հարցը, ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, քննարկվել է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի և Ջոն Քերիի հանդիպման ժամանակ: Հանդիպման ավարտից հետո թուրք նախարարը լրագրողներին ասել է, որ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք մեխանիզմներ և հույս ունեն, որ այդ սառեցված հակամարտությունը շուտով կկարգավորվի, ինչը խաղաղություն կբերի Կովկասին և ողջ տարածաշրջանին:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Անկարան, ինչպես նշում է թուրքական milliyet.com-ը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն է պատրաստվում: Թուրքիան, բնականաբար, այս հարցում բավականին ակտիվություն է դրսևորում: Ու այս առումով հայերի համար պակաս հետաքրքիր չէ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ինչը, ըստ Կիրո Մանոյանի, պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, քանի որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, հատկապես` տնտեսական, բավական սերտ են, մեծանում են և, ի վերջո, իրենց քաղաքական ազդեցությունը կունենան երկու երկրների հարաբերությունների, հետևաբար նաև տարածաշրջանային զարգացումների վրա:
Անշուշտ, ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը կարող է մեզ համար ինչ-ինչ վտանգներ պարունակել: Որովհետև տնտեսական հարաբերությունների սերտացումը կարող է դրականորեն անդրադառնալ երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա, ինչն էլ, իր հերթին, կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հայաստանն էլ այդ հարաբերությունների վրա ազդելու որևէ հնարավորություն չունի:
Այդ հանդիպումը մեծ և էական ազդեցություն չունեցավ Հայաստանի համար, չնայած, ինչպես նշում էր Կիրո Մանոյանը, շատ լավ էր, որ այն տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո և Պուտինի` Հայաստան այցելությունից առաջ:
Առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար եկող ամսվա սկզբին Պուտինի սպասվող այցը Հայաստան: Դրանով ինչպես ՄՄ հետ հետագա հարաբերությունների, այնպես էլ հայ-ռուսական ռազմա-տեխնիկական, քաղաքական և այլ կարգի հարաբերություների հետագա ընթացքն է պայմանավորված: Ռուսաստանը վերջին շրջանում բավականին ակտիվացրեց իր արտաքին քաղաքականությունը միջազգային բոլոր հնարավոր ասպարեզներում` Սիրիայի հարցում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ, Եվրոպայի Արևելյան գործընկերության ճակատագրի մասով և այլն: Ինչպես նշում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Ռուսաստանն ակտիվության ու վերելքի նոր ցիկլ է սկսում, ինչը, բնականաբար, անդրադառնալու է աշխարհաքաղաքական հետագա զարգացումների վրա: Ռուսաստանը, քաղաքագետի խոսքով, պատրաստվում է իր դաշնակիցների հետ նոր առանցք ստեղծել: Իսկ հարավային ուղղությամբ Ռուսաստանը քիչ դաշնակիցներ ունի, թերևս միայն` Տաջիկստանը, Սիրիան, որի ճակատագիրն էլ դեռ մշուշոտ է, և Հայաստանը:
Հայաստան այցից անմիջապես առաջ Պուտինը հայտարարեց, թե Հայաստանի հետ պետք է ՀՕՊ միասնական համակարգեր ստեղծվեն. «Հնարավոր է, որ Պուտինի այդ հայտարարությունը Հայաստան գալուց առաջ մեսիջ է ոչ միայն Հայաստանին, այլև Արևմուտքին` ընդհանրապես, որպեսզի նա տարածաշրջանային իր ծրագրերում ուշադիր լինի»,- այս առումով նշում է Կիրո Մանոյանը:
Իրանի շուրջ էլ են կրքերը հանդարտվում
Այս համատեքստում ամենևին պատահական չէր Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցյալ կիրակի ձեռք բերված «պատմական» համաձայնությունը:
Կիրակի օրը Ժնևում «վեցյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանը ստորագրեցին միջանկյալ համաձայնագիր, որով նախատեսվում է սահմանափակումներ մտցնել իրանական միջուկային ծրագրում, ինչի դիմաց աստիճանաբար մեղմացվելու են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Ըստ այդմ, Իրանը պարտավորվում է 6-ամսյա ժամկետում հրաժարվել ուրանը 5 տոկոսից ավելի հարստացնելու աշխատանքներից: Սրա հետ մեկտեղ, մինչև 20 տոկոս հարստացված մոտ 200 կիլոգրամ ուրանը պետք է ոչնչացվի: Բացի այդ, Իրանը պարտավորվում է Ֆորդուի և Նաթանզի միջուկային կենտրոնները դնել ՄԱԳԱՏԵ-ի տեսուչների վերահսկողության տակ, ինչպես նաև դադարեցնել Արակում կառուցվող ռեակտորի շինարարությունը:
Այս ամենի դիմաց Վեցյակը ճանաչել է Իրանի` ցածր հարստացված ուրան արտադրելու իրավունքը: Արդյունքում Իրանի ակտիվներից մոտ 8 մլրդ դոլար, ինչպես հայտնել էր Իրանի վարչակազմի մամուլի քարտուղար Մոհամեդ Բաքեր Նոբախտը, «հալեցվել» է ԱՄՆ-ի կողմից: Սա նշանակում է Իրանի շուրջ ստեղծված լարվածության որոշակի թուլացում, ինչը, բնականաբար, չի կարող չազդել Հայաստանի վրա թե՛ որպես Իրանի հարևան-պետության, թե՛ որպես Իրանի հետ առևտրա-տնտեսական սերտ հարաբերություններ ունեցող գործընկերոջ:
Հետագայում, համոզմունք է հայտնում քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, կստեղծվի Թեհրան-Երևան-Մոսկվա ռազմա-քաղաքական, տնտեսական առանցքը, և ստեղծված իրավիճակը նպաստավոր է Հայաստանի համար:
Այս առումով, իհարկե, հնարավոր չէ նորից չդիտարկել Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության հարցը, առավել ևս, երբ նոյեմբերի 28-29-ին վերջապես կկայանա Վիլնյուսի այնքան սպասված գագաթաժողովը, որին, ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել է, կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա մասնակցությունը ենթադրել է տալիս, որ Վիլնյուսում Հայաստանը ԵՄ-ի հետ ինչ-որ փաստաթուղթ կստորագրի, որի մասին վերջերս շատ է խոսվում, բայց ոչ ոք այդպես էլ մանրամասները չի նշում:
Ահա ուշագրավ է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի մեկնաբանությունը, թե Վիլնյուսի գագաթաժողովում պետք է քննարկվի վերջին երկու տարիներին Հայաստան-ԵՄ աշխատանքները և հեռանկարները, որով էլ պարզ կլինի հետագա ընթացքը: Նա նշել էր, որ չնայած ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ԵՄ-ն կաջակցի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, թեև այդ բարեփոխումների իրավակիրարկումը մնում է թերի:
Տրայան Հրիսթեայի խոսքով` Վիլնյուսի գագաթաժողովից հետո ԵՄ-ն կփորձի գտնել Հայաստանի հետ հետագա համագործակցության այնպիսի ուղիներ, որոնք կհամապատասխանեն Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությանը: Այսինքն` ԵՄ-ն ամենևին էլ վերջնականապես չի խզում իր հարաբերություները մեր երկրի հետ, չնայած Արևելյան գործընկերության և 6 գործընկերների` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու ծրագիրը կարծես տապալվում է:
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս նոյեմբերի 21-ին դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական աշխատանքները:
Կառավարությունն իր որոշումը բացատրել է Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությամբ, քանի որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում, ինչպես ավելի վաղ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, հնարավոր ֆինանսական կորուստների փոխհատուցման ոչ մի աղբյուր չկա: Նա նշել է, որ Ուկրաինային ոչ ոք չխոստացավ փոխհատուցել այդ վնասները: Սակայն Ազարովը հավաստիացրել էր նաև, որ Ուկրաինան վերջնականապես չի հրաժարվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից, Կիևը միայն դադար է տալիս: Դա, ըստ Ուկրաինայի վարչապետի, չի նշանակում, որ Կիևը ցանկանում է Մաքսային միություն մտնել:
Միաժամանակ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Կիևը կշարունակի իր եվրաինտեգրման ուղին` չնայած բոլոր բարդություններին: Սա անշուշտ, նման է այն հայտարարությանը, որ անում էին հայ ղեկավարները ՄՄ-ին անդամակցելու ցանկություն հայտնելուց հետո: Ամեն դեպքում, ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ հիասթափություն է հայտնվում Ասոցացման համաձայնագրի կնքումից հրաժարվելու կապակցությամբ, սակայն Վաշինգտոնը խորհուրդ է տվել ԵՄ-ին «Ուկրաինայի համար դուռը բաց պահել»:
Եվ Ուկրաինայում բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվում` կառավարությունից պահանջելով ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Բայց Ուկրաինայի դեպքը, որին ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության, ԱՄՆ-ը «պատմական» նշանակություն էր տվել, գումարվելով վերոհիշյալ բոլոր գործոններին, ինքնըստինքյան ստիպում է մի պահ մտածել, որ Հայաստանի համար, անկախ նույնիսկ իր կամքից ու քաղաքական պլանավորումից, իրոք ստեղծվում են բարենպաստ պայմաններ:
Գևորգ Ավչյան
Գյումրիում ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Շենգավիթում կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում
Մեկ օրում 5 ՃՏՊ է գրանցվել, 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել
Նոյեմբերի 28-ին, ժամը 19.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Նոր Կեսարիա-Շենավան ճանապարհի 0,5-րդ կմ-ին բախվել է ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող «ԿամԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկ-Փոքր Մանթաշ ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու և նրան տեղափոխել «Արթիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին ձախ շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել աջակողմյան դաշտում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն բուժօգնության չեն դիմել:
Երևանում 3 մարդու են վրաերթի ենթարկել
Նոյեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 29-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 18 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 23.20-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
Ուղիղ միացում վիլնյուսյան գագաթնաժողովից
Վիլնյուսում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրը: Իրադարձությունների ընթացքին կարող եք հետևել ուղիղ միացմամբ` ԱՅՍՏԵՂ:
Բարգավաճ և կայուն Արևելյան Գործընկերությունը բխում է բոլորի շահերից
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԹ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Եվրամիության արևելյան հարևանները Եվրոպայի անբաժանելի մասն են: Նրանք ընդհանրություններ ունեն Եվրոպայի պատմության և մշակույթի հետ և որպես ինքնիշխան պետություններ ձգտում են կառուցել անկախ և բարգավաճ ապագա՝ ձերբազատված արտաքին ճնշումներից և ազդեցությունից: ԵՄ-ի համար նրանց կարևորությունն անհերքելի է:
1991թ-ից ի վեր Արևելյան Եվրոպան դարձել է բազմաթիվ արմատական փոփոխութոյունների ակնատեսը: Ժողովրդավարության տարածումը, բաց շուկայական տնտեսությունները և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը փոխել են քաղաքական լանդշաֆտը: Լրացուցիչ ջանքեր են պահանջվում՝ ամրապնդելու և զարգացնելու այն բարեփոխումները, որոնք ձեռնարկվել են մինչև հիմա: Եվ ի աջակցություն այս փոփոխություններին, ԵՄ-ն առաջարկել է ստորագրել Ասոցացման համաձայնագրեր, ներառելով Խորը և համապարփակ ազատ առևտրի ոլորտները. այս համաձայնագրերը հնարավորություն են տալու այդ տարածաշրջանի ընկերություններին աճել՝ զարգացնելով առևտուրը աշխարհի ամենամեծ շուկայի հետ:
Վիլնյուսում Եվրամիության երկրների ղեկավարները հանդիպում են մեզ ամենամոտ արևելյան հարևանների ներկայացուցիչների հետ: Այս գագաթնաժողովին նախատեսվում է, որ Վրաստանը և Մոլդովան կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագրերը՝ այսպիսով ԵՄ-ի հարաբերությունները կարևոր գործընկերների հետ նոր փուլ բերելով և ընդունելով նրանց ստանձնած կարևոր հանձնառությունները, ինչպես նաև այն գործողությունները, որ նրանք ձեռնարկել են՝ պատրաստվելով դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին:
Հայաստանը որոշում է կայացրել չմիանալ Մոլդովային և Վրաստանին՝ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Սա հիասթափեցնող հանգամանք է: Միացյալ Թագավորությունը կցանկանար տեսնել, թե ինչպես են Հայաստանը և ԵՄ համագործակցում՝ շարունակելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը և զերծ մնալով արտաքին ճնշումներից:
Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելուն, և հուսով եմ, որ հնարավոր է նոր թափ հաղորդել Ասոցացման համաձայնագրին միտված բանակցություններին: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում կբարելավվեն ԵՄ-Բելառուս հարաբերությունները. սա Բելառուսի հայեցողությամբ որոշվող հարց է, և ես շարունակում եմ հորդորել Բելառուսին՝ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները սա իրականություն դարձնելու համար:
ԵՄ-ի դուռը բաց է, և սա է մեր ուղերձը նաև Ուկրաինային:
Խիստ հիասթափեցնող էր Ուկրաինայի կառավարության՝ անցյալ շաբաթ արած հայտարարությունը Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ուկրաինայի կառավարությունը կվերսկսի իր նախապատրաստական գործողությունները՝ շուտով ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: Ես հորդրում են նրանց՝ չկորցնել անգամ մեկ ակնթարթ՝ երկրին անհրաժեշտ բարեփոխումներն ուժի մեջ դնելու համար: Ուկրաինայի ղեկավարությունը կանգնած է պատմական ընտրության առաջ՝ ընդունելու եվրոպական ապագայի երկարաժամկետ տեսլականը և դրանից բխող բարգավաճությունը և կայությունը, կամ հետ շրջելու ժամանակի սլաքները և հեռանալու աշխարհի ամենամեծ և ամենահաջողված առևտրային դաշինքից:
Ոչ ոք չի վիճում, թե փոփոխությունները կամ արդիականացումը հեշտ կամ արագ գործընթաց է: Սակայն այնպիսի երկրների փորձը, ինչպիսիք են Լեհաստանը, մերձբալթյան պետությունները, Սլովակիան և Սլովենիան ցույց են տալիս, որ այդ ամենը կարելի է բարեհաջող իրականացնել՝ քաղաքական կամքի առկայության դեպքում: Իսկ Ասոցացման համաձայնագրերի ազդեցության վերաբերյալ լուրջ ուսումնասիրությունները վկայում են, որ այսպիսի համաձայնագրերը իրական հնարավորություն են ընձեռում՝ բարձրացնելով այս տարածաշրջանների կենսամակարդակը՝ հասցնելով այն հարևաններին:
Արևելյան Գործընկերության երկրների բարգավաճությունը և կայունությունը բխում է բոլորի շահերից: Դեպի Արևմուտք բացված դուռը չի փակում դեպի արևելք տանողը: Արևելյան Գործընկերությունը շահեկան է թե՛ տարածաշրջանի, թե՛ նրա հարևանների համար:
Վիլնյուսում ԵՄ-ն ի ցույց է դնում Արևելյան Գործընկերության նկատմամբ ստանձնած իր հանձնառությունը: Արևելյան Գործընկերությունը պարզապես հայեցակարգ կամ լոզունգ չէ ՄԹ-ի կամ ԵՄ-ի համար: Այն ԵՄ-ի կողմից իր արևելյան գործընկերների, նրանց տնտեսական բարգավաճության և նրանց ապագայի վերաբերյալ ստանձնած հանձնառության արտահայտումն է: Ասոցացման համաձայնագրերը հույս են հաղորդում տարածաշրջանին, որ ԵՄ-ի տնտեսական բարգավաճությունը և կենսամակարդակը կարող են նաև իրենցը լինել: Սրա համար ժամանակ կպահանջվի, և ոչ ոք չի անտեսում առկա մարտահրավերները, սակայն այս Համաձայնագրերը ցույց են տալիս, որ փոփոխության պահին ԵՄ-ը կանգնած է Ձեր կողքին:
Դեյվիդ Լիդինգթոն, ՄԹ Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի գծով պետնախարար
Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ՌԴ մայրաքաղաքի «Արարատ Պարկ Հայաթ» համալիրի ընդունելությունների սրահում կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացված Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը:
Ընդունելությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի կառավարության անդամներ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գիտության, արվեստի և մշակույթի հայազգի և ռուս անվանի գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է ներկաներին և, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել բոլորին Մոսկվայում Երևանի օրերի անցկացման հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար:
Պաշտոնական ընդունելության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Երևանի և Մոսկվայի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին, Ռուսաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկիտա Միխալկովը և Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը:
Այնուհետ ներկաները ջերմ և անկաշկանդ մթնոլորտում հնարավորություն են ունեցել շփվելու Երևանի քաղաքապետի հետ և իրենց տպավորությունները կիսելու Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների ծրագրի հետ կապված: Անխտիր բոլորը բարձր են գնահատել կազմակերպված միջոցառումների բազմազանությունը, ինչպես նաև դրանց ճաշակն ու որակը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ վերաբերմունքի և այն պատրաստակամության համար, որով ներկաներից շատերը հերթական անգամ գործնականում փաստել են երկու մայրաքաղաքների կապերի ամրապնդման հարցում իրենց անկեղծ նվիրումը:
Հավելենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Երևան կվերադառնա նոյեմբերի 29-ի երեկոյան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան կրթահամալիր
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երևանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ հ. 2042 կրթահամալիր: Շարունակելով Լազարյան ճեմարանի ավանդույթները` այստեղ դասավանդում են հայերեն, արաբերեն և պարսկերեն: 2008 թվականին բացված կրթական հաստատությունում ներկայում սովորում է 38 ազգությունների շուրջ 600 երեխա, որոնցից 220-ը հայ աշակերտներ են:
Դպրոցի տնօրեն, ՌԴ պատվավոր ուսուցիչ Սեդա Գալոյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով հաստատության պատմությունն ու իրենց կողմից իրականացվող աշխատանքները, շնորհակալություն է հայտնել քաղաքապետին դպրոց այցի համար, նաև հավելել, որ կրթօջախն իսկապես հատուկ կարևորություն ունի Մոսկվայի հայ համայնքի կյանքում` իր նպաստը բերելով հայոց լեզվի և հայապահպանության հարցում:
Տարոն Մարգարյանն իր հերթին, կարևորելով կրթահամալիրի դերակատարումը աշակերտների հայրենասիրական դաստիարակության հարցում, ընդգծել է, որ այն իսկապես կարևոր նշանակություն ունի Մոսկվայի հայ համայնքի հայեցիության պահպանման ու խթանման պատասխանատու առաքելության գործում:
«Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցը կառավարում է նման կրթահամալիր, որն իսկապես ազգերի բարեկամության ամրապնդման լավագույն օրինակն ու ապացույցն է: Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է ձեր կողքին լինելու և աջակցելու Երևանի հանրակրթական դպրոցների հետ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ դպրոցի տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և ծանոթացել է կրթահամալիրի գործունեությանն ու նաև մասնակցել Մոսկվայում Երևանի օրերի կապակցությամբ կազմակերպված երեկույթին: Հատկանշական է, որ Երևանից ժամանած հյուրերին իրենց ելույթներով ողջունել են ինչպես հայ, այնպես էլ դպրոցի այլազգի աշակերտները:
Դահլիճում ներկա հանդիսատեսը հատկապես բուռն է արձագանքել ազգությամբ ոչ հայ սաների հայկական կատարումներին և պարային համարներին:
Երեկույթի ավարտին սաների Երևան այցը կազմակերպելու ուսուցիչների խնդրանքին ի պատասխան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ կնախաձեռնի համապատասխան քայլեր երեխաների ցանկությունը հնարավորին արագ կյանքի կոչելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում անցկացվել են Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղեր
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամները ներկա են գտնվել «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում անցկացվող Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
«Չերտանովո» մարզահամալիրում անցկացվող խաղերին մասնակցում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների հանրապետական տարբեր մրցաշարերի մեդալակիր և գավաթակիր սաները: Ազատ ըմբշամարտի, ձյուդոյի, սեղանի թենիսի և շախմատի պատանի 18 մարզիկ պայքարելու է լավագույն արդյունքների համար: Ի դեպ, վերջինի` շատմատի մրցամարտերին մասնակացելու են գրոսմայստերները:
Պատվիրակության անդամները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և շնորհավորելով մարզական թիմին, մաղթել են հաջող մրցելույթներ և հաղթանակներ` բարձր պահելով Երևանի պատիվը:
Մարզիկներն ու մարզիչները իրենց հերթին շնորհակալություն հայտնելով՝ վստահեցրել են, որ շարունակելու են մարզական հաջողությունների լավագույն ավանդույթները և պայքարելու են հաղթական տեղերի համար` միաժամանակ նաև նշելով, որ իրենց համար մրցումների կարևորությունը երկու ժողովուրդների բարեկամությունն է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




