Հունվարի 10-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 9,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.88 դրամ:
NASDAQ OMX Armenia
2014 թ. հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը:
Մայնցում կայանալիք հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար` աշխարհի 2014 թ. առաջնությունից առաջ:
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած KIA մակնիշի 30 ՏՕ 504 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Չոբանյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 16 73 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Շարունակությունը այստեղ:
Ամանորի նախաշեմին` 2013թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,205,447 կարճ հաղորդագրություն, իսկ 2014 թ. հունվարի 1-ին` 3,336,833-ը: ՎիվաՍել-ՄՏՍ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 19,552,223, իսկ 2014-ի հունվարի 1-ին ևս 20,594,997 զանգ:
Ընդհանուր առմամբ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,542,280 կարճ հաղորդագրություն և 40,147,220 զանգ:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 3.3 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 18 տոկոսով:
Վիճակագրական տվյալների վերլուծությամբ զբաղվող CIES կազմակերպությունը ներկայացրել է 2013-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններում առանձին խաղային դիրքերի առաջատարներին:
Հայաստանի հավաքականի, Դորտմունդի «Բորուսիայի»- կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երրորդն է Գերմանիայի առաջնության լավագույն հարձակողական կիսապաշտպանների ցանկում:
Աղյուսակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչ Ֆրանկ Ռիբերին: Նրա թիմակից Տոնի Կրոսը երկրորդն է: Մխիթարյանին հաջորդում են` Լևերկուզենի «Բայերի» խաղացող Գոնսալո Կաստրոն է, Թոմաս Մյուլլերը («Բավարիա»):
Օսկարի առաջադրված չինացի ռեժիսոր Չժան Իմոուն Չինաստանի մեկ երեխա քաղաքականությունը անտեսելու համար տուգանվել է 7,48 միլիոն յուանով (1,2 միլիոն դոլար):
Ցզյանսու նահանգի Ուսի քաղաքի ընտանիքի պլանավորման բյուրոն Չժանին հինգշաբթի օրը նամակ է ուղարկել՝ պահանջելով տուգանք վճարել թույլատրվածից երկու երեխա ավել ունենալու համար:
Չժանը դեկտեմբերին ներողություն էր խնդրել ավել երեխաներ ունենալու համար, նա և իր կինն ընդունել էին, որ ունեն երկու որդի և մեկ դուստր:
Ցզյանսու նահանգի տեղական իշխանությունները տուգանքի չափը որոշել են՝ հաշվի առնելով ռեժիսորի ընտանիքի տարեկան եկամուտը:
Զույգը պարտավորվել է տուգանքը վճարել 30 օրվա ընթացքում:
Չժանը հատկապես հայտնի է «Կարմիր սորգո», «Վառվիր, կարմիր լապտեր» և «Հերոսը» ֆիլմերով:
Կինոռեժիսորը նաև կազմակերպել է 2008թ-ին Պեկինի Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները:
Կեմերովոյի մարզի Գուրևո շրջանում բաժակակիցները արմռեսթինգի մրցույթ են կազմակերպել մի պայմանով` պարտվողը պետք է կտրի իր ականջը, սակայն այնպես ստացվեց, որ ականջները կտրեցին վիճաբանող երկու կողմն էլ:
“Տոներին Գուրևի կենտրոնական հիվանդանոց 2 անսովոր հիվանդի են բերել: Մեկի մոտ ախտորոշվել է ձախ ականջի տրավմատիկ անդամահատում, իսկ մյուսի մոտ` աջ ականջի մասնակի անդամահատում”,-տեղեկացրել են Գուրևոյի ՆԳ բաժնից:
Մրցույթի հաղթողը պահանջել է, որ պարտվողը կատարի պայմանը, սակայն վերջինս համաձայն չի եղել արդյունքի հետ: Նրանք որոշել են մրցույթը կրկնել: Այս անգամ արդեն հաղթել է նախկին պարտվողը: Ոչ ոքին նրանց վիճաբանության առիթ է դարձել:
Ի վերջո, նրանք որոշել են գրազի պայմանն իրականացնել.յուրաքանչյուրը պետք է կտրեր իր ականջը ու, հենց այդպես էլ հայտնվել են հիվանդանոցում:
Ներկայում ոստիկանները հետքնչական ստուգում են անցկացնում, որի արդյունքներով էլ վճիռ կկայացվի:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային դասակարգման աղյուսակները:
Ազատ ոճի ըմբիշների ցանկում, 66 կգ քաշայիններից առաջինը 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, 24-ամյա Դավիթ Սաֆարյանն է:
60 կգ քաշային Արթուր Առաքելյանը 5-րդն է: Հայաստանի ներկայացուցիչ, 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը 10-րդն է:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի առաջնության, Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, 22-ամյա Արթուր Ալեքսանյանը 96 կգ քաշայինների աղյուսակում 2-րդ հորիզոնականում է: 26-ամյա Արսեն Ջուլֆալակյանը 74 կգ քաշային կարգում հանգրվանել է 3-րդ հորիզոնականում: Oլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 29-ամյա Ռոման Ամոյանը (55 կգ) 4-րդն է: 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը 12-րդն է: Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) 14-րդն է:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չի մարզի Ռուսաստանի ֆուտբոլի կրկնակի չեմպիոն Կազանի «Ռուբինը»: Ընդհանրապես, նրան այդ թիմը գլխավորելու առաջարկ չի էլ արվել, բանակցություններ էլ չեն վարվել:
Իսկ «Ռուբինի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսաստանցի Ռինատ Բիլյալետդինովը:
Ինչ վերաբերում է Մինասյանի հետագա ճակատագրին, ապա այն անորոշ է:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննության նյութերի, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցներ Ք. Բ.-ի ու Վ. Ղ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` 2013թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ Ք. Բ.-ին ու Վ. Ղ.-ին է դիմել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Մ. Ս.-ն և բանավոր հայտնել այն մասին, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա, հրազենի գնդակն, ապակին կոտրելով, մտել է ներս և մխրճվել ննջարանի պատի մեջ: Ք. Բ.-ն ու Վ. Ղ.-ն ոստիկանության բաժնի պետին անմիջապես զեկուցել են դեպքի մասին, վերջինս էլ հանձնարարել է առանց Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու` մեկնել դեպքի վայր, ճշտել մանրամասները:
Այնուհետև Ք. Բ.-ն, Վ. Ղ.-ն, ինչպես նաև քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը գնացել են դեպքի վայր, անձամբ տեսել պատուհանի և տան 2-րդ հարկի ննջարանի պատի վրա առկա հրազենային վնասվածքը, որից Մ. Ս.-ն հանել և ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հրազենային գնդակը, որը վերցնելով` առանց կատարված հանցագործության մասին Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու կամ որևէ այլ փաստաթուղթ կազմելու վերադարձել են ոստիկանության բաժին և բաժնի պետին զեկուցել իրենց պարզած հանգամանքները:
Բաժնի պետը, վերցնելով և իր մոտ պահելով հրազենային գնդակը, դիտավորությամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի ցուցում է տվել` Մ. Ս.-ից հաղորդում չընդունել:
ՀՔԾ-ից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Դուբայի Damac Properties շինարարական ընկերությունը էլիտար պենհտաուսների գնորդներին 2014 թվի արտադրության Lamborghini Aventador Roadster կնվիրեն:
Գովազդային ակցիայի մասին հայտարարվել է Դուբայի առևտրի ամենամյա փառատոնի ընթացքում: Առաջարկն ուժի մեջ է մինչև փետրվարի 2-ը:
Ավելի էժան տարածքներ գնողները անվճար BMW կամ էլ Mini Cooper կստանան: 2013-ին ընկերությունը պենտհաուս գնողներին Audi R8 էր նվիրել:
3 ննջարանով բնակարանները գնողները ստացան Audi R8, 2 ննջարանանոց բնակարանատերերը` Audi A6, իսկ մեկ ննջարանով բնակարանի տերերը` Audi A4: Ի դեպ, առևտրի փառատոնի շնորհիվ ընկերության վաճառքի ծավալը կտրուկ աճում է:
Տնտեսական ճգնաժամի պատճառով Դուբայում բնակարանների գներն ընկել են, որոշ գնահատականներով` 50%: Սակայն հիմա շուկան արագ վերականգնվում է : 2013-ին գներն ավելացել են 20-30%-ով: Հիմնականում, աճը պայմանավորված է օտարերկրյա գնորդների ակտիվությամբ:
Երևանի հատկապես կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների արդիականացումը կշարունակվի նաև 2014 թվականին. գովազդային մեծ և միջին կրիչները, որոնց գովազդային մակերեսը դեպի փողոցի երթևեկելի մաս է ձգվում՝ այս տարի ևս ապամոնտաժվելու են։ Ինչպես 2013-ին իրականացված ծրագրով՝ դրանք փոխարինվելու են փոքր ծավալի տարբեր կրիչներով։
2013թ. գովազդային մեծածավալ 106 կրիչ է ապամոնտաժվել Երևանի Աբովյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորչի, Լեոյի, Մոսկովյան, Նալբանդյան, Պուշկինի, Սարյան փողոցներում, Տիգրան Մեծի պողոտայում։
“Գովազդային կազմակերպություններին տրամադրված թույլտվության ժամկետների լրանալուն պես՝ քաղաքապետարանը, համագործակցելով այդ ընկերությունների հետ, առաջարկեց փոխարինել կրիչները քաղաքում կիրառելի նմուշի կրիչներով, քանի որ դրանք պետք է ձուլվեն քաղաքի ճարտարապետությանը և գերիշխող չլինեն։ Գովազդային կազմակերպությունները դրանք ապամոնտաժում են իրենց ուժերով, մեծ ու միջին ծավալի մակերեսով կրիչների փոխարեն տեղադրում են քաղաքային փոքր ծավալի ժամանակակից, այդ թվում նաև բազմագործառութային կրիչներ”,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։
Գովազդային կրիչների արդիականացումը 2014թ. ևս շարունակվելու է Երևանի կենտրոնական հատվածներում, իսկ կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների տեղադրման գործող չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի կանոնակարգումը շարունակվելու է բոլոր վարչական շրջաններում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հունվարի 12-21-ը Երևանում կանցկացվի շախմատի Հայաստանի տղամարդկանց 74-րդ առաջնությունը: Ուժերը կչափեն տասը գրոսմայստերներ` Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Քոթանջյանը:
Հաղթողն իրավունք կստանա համալրել Հայաստանի հավաքականը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 1-14-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալու է Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին մեր երկրի հավաքականը ներկայանալու է այդ ստուգատեսի եռակի չեմպիոնի տիտղոսով:
Հանրապետության տարածքում հունվարի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ,
մառախուղից` թույլ ձյուն: Այս մասին Անկախին տեղեկացնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում հունվարի 11-15-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:
Հունվարի 10-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ենթակայան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 28 և 30 շենքերի միջանցիկ կամարում այրվում է կոշիկի վերանորոգման չգործող կրպակ (15 քմ) և 30 գմ մալուխ:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07.19-ին, մարվել՝ 07.41-ին:
Հունվարի 10-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի բնակիչ Ք. Մ.-ն (ծնվ.1930 թ.) հունվարի 9-ին ժամը 10.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել. քաղաքացու որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ- փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կողբ գյուղի գերեզմանատան մոտ հայտնաբերվել է Ք. Մ.-ն:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կլիոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել էր «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունվարի 9-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Լոռու մարզի քննչական, ոստիկանության Գուգարքի և Իջևանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մ. Գրիգորյանին, նրան պատկանող ավտոմեքենայի մեջ, դանակով հարվածել և սպանել է 1977 թ. ծնված Արամ Ս.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Արամ Ս.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառուներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: