«Ես և իմ ընկերները թքած ունենք թե՛ Պուտինի, թե՛ մնացած քաղաքական գործիչների հաշվարկների վրա» Պետրոս Ղազարյան

arm138373986546

Հայտնի հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատ ընկերներ ունեմ, որ հունվարի 18-ին մասնակցելու են ընդդեմ կուտակայինի հանրահավաքին, ես էլ անպայման կմասնակցեմ, որովհետև դեմ եմ այդ կասկածելի համակարգին, ու ես և իմ ընկերները թքած ունենք թե՛ Պուտինի, թե՛ մնացած քաղաքական գործիչների եղած կամ չեղած հաշվարկների վրա: Մենք դեմ ենք, դա մեր կյանքի մի մասն է, մեր սկզբունքները, մեր գումարներին տեր կանգնելու մեր իրավունքը, մի բան, որ Հրապարակ թերթից չգիտեմ թե ով, ոչ մի կերպ չի հասկանում: Էս թերթին թվում է՝ մեր երկրում մարդիկ չկան, որ անկախ Քոչարյանից, Սերժից, Ծառուկյանից ու Լևոնից կարող են պատկերացումներ ունենալ և դուրս գալ բողոքելու: Ու էս մատից ծծած անփաստ վերլուծությունով ուզում է ասի՝ սա Քոչարյանի ցույցն է Պուտինի աչքի համար: Երևի էս թերթում առանց կողքից պասի նյութ չեն գրում ու բոլորին չափում են իրենց արշինով: Բայց մարդ ինչքան չպետք է հարգի իր երկրի հազարավոր քաղաքացիների, որ նման կոնսպերատիվ հիմարություններ վերլուծի»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, թե իր տեղեկություններով` արդեն մի քանի ամիս Քոչարյանը չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման աուդիենցիա ստանալ` չնայած վերջինիս հետ ունի անմիջական «կապվելու» հնարավորություններ: Նրան ասում են` այսօր-վաղը: Ռուսաստանը չի ցանկանում խառնվել հայաստանյան ներքաղաքական վեճերին, առանձնապես հակված չէ Քոչարյանի վերադարձին, սակայն նրան չի մերժում. հասկացնում է՝ եթե Քոչարյանը հասնի նրան, որ Հայաստանում ունենա հասարակական լայն աջակցություն, իրենք «կվերանայեն հարցը»:

Թերթի դիտարկմամբ` հունվարի 18-ին կուտակայինի առնչությամբ կազմակերպված ցույցը, որին մասնակցելու են նաև ՀԱԿ-ը` Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», մեծ քննություն է լինելու Քոչարյանի համար` միտինգն ինչ «թիվ» լինելու առումով. արվելու է ամեն ինչ, որ Ռուսաստանն ու Հայաստանը «թիվ» տեսնի:

Անկախ

Մայիսի 16-ը` ուսանողության օր

ԵՊՀԱյսօր տեղի ունեցած նիստում  Գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր:

Անկախ

Թուրքիայի տնտեսությունը համաչափ զարգացում է ապրում. թուրք նախարար

Մեհմեդ Շիմշեք Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ 2014 թվականին երկրի տնտեսության զարգացման համար որոշակի ռիսկեր կան: Այս մասին է գրում թուրքական «Զամանը»: Նախարարի խոսքերով՝ գոյություն ունեցող ռիսկերով հանդերձ սպասվում է, որ Թուրքիայի տնտեսությունը այս տարի 4 տոկոսով աճ կգրանցի: Այս արդյունքին հասնելու համար նախատեսվում է մի շարք բարեփոխումներ իրականացնել: Շիմշեքը նշել է, որ 2013 թվականին նավթի գնաճը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածությունը էական ազդեցություն չեն գործել Թուրքիայի տնտեսության զարգացման վրա:

Անկախ

Լրամշակվել է կրթօջախների ֆինանսավորման բանաձևը

նիստԱյսօր կայացած Կառավարության նիստում նաև կրթության ոլորտին առնչվող որոշումներ են ընդունվել:

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխման արդյունքում առաջացել է Կապանի դպրոցների անհամաչափ ծանրաբեռնվածություն, կան ազատ, չօգտագործվող տարածքներ: Կառավարության որոշմամբ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը մանկապարտեզ հիմնելու նպատակով տրամադրվել է քաղաքային համայնքին:

Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ լրամշակվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը, որը ներառում է նաև հաստատության պահպանման ծախսի նվազագույն գումարը: Մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատության համար 2014թ. այն կազմում է մոտ 17 մլն դրամ, իսկ 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցողի համար այդ գումարը բաժանվում է 2 մասի` հաստատության պահպանման ծախսի և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդի:

Անկախ

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 444 անդամ է ձերբակալվել

Եգիպտոս,Մուսուլման եղբայրներ, ձերբակալություն Եգիպտոսում նոր սահմանադրության համար երկու օր տևած քվեարկության ժամանակ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 444 անդամ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով ներքին գործերի նախարարության հաղորդագրության վրա, որի մեջ ասվում է, թե կալանավորվածները, խախտելով ժողովրդավարության սկզբունքները, փորձել են խոչընդոտել քվեարկության գործընթացը: Հայտնի է, որ ձերբակալվածների մոտ զենք և կտրող-ծակող գործիքներ են հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ:

 

Անկախ

Կադրային փոփոխություն ՀՀ դատախազության համակարգում

դատախազությունՀՀ դատախազությունից Անկախին հայտնում են, որ  ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`

     Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Ռաֆիկի Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:

«Վերջապես ՀՀ առողջապահության նախարարը խումբ ուղարկեց Գյումրու հանրակացարան». Վահան Թումասյան

1389790123_hivandutyun

«Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանն իր Ֆեյսբուքում գրել է, որ ըստ իրենց հասած հավաստի տեղեկությունների` ՀՀ առողջապահության նախարարի ցուցումով այսօր նախկին տեքստիլագործների հանրակացարանի բնակիչների առողջական վիճակը ուսումնասիրելու նպատակով Գյումրի է ժամանել բժիշկների խումբ՝ ՀՀ գլխավոր մաշկա-վեներաբան Կարեն Բաբայանի և ՀՀ գլխ. ինֆեկցիոնիստ Ա.Ասոյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկու օր առաջ  վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարան, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր: Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ էր արվել լրագրողներին լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարցնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ և հակահիգիենիկ պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին:

Էլեկտրոնային մի շարք պարբերակնների լրագրողների՝ հանրակացարանում բնակվող երեխաների և մեծահասակների, վարակիչ հիվանդությամբ տառապելու մասին «Շիրակ կենտրոնի» հնչեցրած ահազանգի մասին հարցերին ի պատասխան,   Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը ընդամենը զարմանալով ասել էր, որ այդ հանրակացարանում գրեթե բնակիչ չկա: Իսկ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանն էլ, թե. «Գյումրիի 2-րդ հանրակացարանում բնակվող 40 հոգուց ընդամենը մեկ ընտանիքի երկու երեխայի մոտ են հայտնաբերվել մաշկային հիվանդության ախտանշաններ՝ վերքեր եւ ցան, վերցվել է քսուք եւ կատարվում է համապատասխան հետազոտություն»։

Երեկ «Շիրակ կենտրոնի» հնչեցրած վերոհիշյալ ահազանգի հետքերով տվյալ հանրակացարան էին գնացել նաև «Ցայգ» հեռուստառադիոընկերության լրագրողները, որոնց կողմից ներկայացված հրապարակումն ու լուսանկարները ներկայացրել ենք այստեղ:

Անկախ

 

Կառավարությունն Արմեն Մովսիսյանին լիազորել է ստորագրել գազային պայմանագիրը

Արմեն ՄովսիսյանՂեկավարվելով 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթով, ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ միջև կնքվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել ստորագրել այն: Նշված համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթի համաձայն մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը:
Համաձայնագրի և պայմանագրի համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը` 12600000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:

Անկախ

Կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծին

կառավարությունԱյսօր կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծին, որի մշակման անհրաժեշտությունը բխում է կառավարության որոշմամբ հաստատված «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից: Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով և գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, դրանց վերաբերող հարկային հաշվետվությունների վերացումը և վարչարարության զգալի պարզեցումը: Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից, ուստի, վարչապետի դիտարկմամբ, քննարկումն Ազգային Ժողովում պետք է սկսել այսօր ևեթ: «Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:

Անկախ

«Մարդը հաստատ պարապ է մնացել». Կարեն Ավագյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին

121667

Երիտասարդ հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը շարունակում է արձագանքել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին Ֆեյսբուքի միջոցով: Այս անգամ «Կարեն Ավագյանի գրասենյակի պատասխանը Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությանը» վերնագրի ներքո ՀՀԿ երիտթևի պատասխանատուն գրել է.

«Երեկ նախկին նախագահի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ։ Ըստ ամենայնի, օրեր շարունակ արբանյակ գրասենյակների տարբեր տրամաչափերի պատասխանները չէին գոհացրել նախկին նախագահին, և որոշել էր հանդես գալ գլխավոր գրասենյակի շուրթերով՝ հավանաբար սիրտը հովացնելու համար։ Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի՝ որևէ մեկի հետ բանավեճի մեջ չմտնելու հայտարարությունը 2 օրվա կյանք ունեցավ։ Ստացվում է՝ ու չի դիմանում չբանավիճելու և յուրաքանչյուր տեսակետ հայտնողին առանձին-առանձին «տեղը դնելու» գայթակղությանը։ Սակայն պետք է նշենք, որ գրասենյակի շուրթերով տարածած հայտարարության մեջ առկա էր էական տարբերություն. այն շարադրված չէր օսկանյանական բառապաշարով, այլ հավատարիմ էր մնացել առաջին հարցազրույցի ձեռագրին, որ հիշեցնում է տարիների խորքից եկող ծանոթ ոճը։ Հայտարարության մեջ նշված էր հանրության իբր դրական արձագանքը Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած հարցերին։ Սակայն այն տպավորությունն էր, թե այդ տեղեկությունները հավաքված էին ճիշտ այնպես, ինչպես իրենց սոցհարցումներն են արվում՝ ցածրորակ քարոզչություն հիշեցնող, մերձավոր շրջապատում կամ գրասենյակի աշխատակիցներից և դռնապանից։ Հակառակ դեպքում կնկատեին այն ողջ, մեղմ ասած, քննադատությունն ու հակափաստարկները, որ հնչում էին նախկին նախագահի հարցազրույցների վերաբերյալ։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության, արձագանքել Ռ. Քոչարյանի հարցազրույցների սերիալային հավակնություններ ունեցող շարքին: Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք պաշտոնաթող նախագահի հարցազրույցների շարքի առաջին երկու սերիաներից հետո Հայաստանից ու սփյուռքից եկող իրական արձագանքներին, որպեսզի պատկերը շատ ավելի հասկանալի լինի հարցազրույցների տեքստերը պատրաստող երկու խմբերին»:

Անկախ

«Րաֆֆին` աղոթահար, Զարուհին` թայմ աութ». Ռոբերտ Մելքոնյան

16522

Ֆեյսբուքի ակտիվ օգտատեր, Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր սոցիալական էջում գրել է.

«Այո’, իրոք «Ժառանգությունն» իր լավագույն ժամանակները չի ապրում: Րաֆֆի Հովհաննիսյանի աղոթահար, շփոթված, անհասկանալի պահվածքը, ֆինանսական լուրջ խնդիրների մասին խոսակցությունները, Զարուհի Փոստանջյանի հարաբերական թայմ աութը, մոլագարության հասնող անհասկանալի համառությունը, խեղդվողի թփրտոցի նմանվող նրա սպասվող վարքագծի մասին խոսակցությունները հունվարի 27-ին մեկնարկվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում:

Այն տպավորությունն է, որ այս պատգամավոր տիկինն ամեն ինչ անում է Հայաստանը վարկաբեկելու, հեղինակազրկելու համար: Հիմա էլ համաձայնության է եկել տասը պատգամավորի հետ, ըստ գործող կանոնակարգի, հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը վիճարկելու համար: ԵԽԽՎ տասը պատգամավոր համաձայնել են նիստի մեկնարկին ոտքի կանգնել և բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը:

Համառությո՞ւն, թե որքան վատ, այնքան լավ…
Ի՞նչ է տալու դա «Ժառանգությանը»…Իհարկե, ոչինչ: Ի՞նչ է տալու դա Զարուհի Փոստանջյանին` հեղինակությո՞ւն…
Գուցե՞ Հին Հռոմի գլադիատորների մարտերը հիացմունքով նայող ամբոխի նման, ամեն ինչից հրճվանք ապրող մի քանի հարյուրյակ «զվարճասերներ» հիանան այդ էքսցենտրիկ տիկնոջ պահվածքով, սակայն մեծ հաշվով, հեղինակազրկելով մեր պատվիրակությանը, մեր երկրին, նա հեղինակազրկում է իրեն…

Հույս ունեմ` ուսումն ԱՄՆ-ում, կրթվելը համալսարանում մի փոքր կնպաստի նրա` որպես լուրջ քաղաքական գործչի կայացմանը»:

Անկախ

Երեք հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալվածՈստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նախորդ օրվա ընթացքում երեք հետախուզվող է հայտնաբերվել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հունվարի 15-ին, ժամը 22.00-ին, Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 56 տան մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արամ Ղ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Հունվարի 15-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Վաղարշակ Դ.-ին, որը 2013 թ. հունիսի 4-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հունվարի 15-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Կարինա Գ.-ին, որը 2012 թ. հոկտեմբերի 14-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

 

Զենք-զինամթերք` խուզարկությամբ

Զենք-զինամթերքԳեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ հունվարի 15-ին ոստիկանության ծառայողները 1956 թ. ծնված Թաթուլ Մ.-ի տանը և կից շինություններում կատարված խուզարկության ժամանակ տան ննջասենյակի մահճակալի կողքից հայտնաբերվել և առգրավվել է 1 ինքնաշեն ատրճանակ, իսկ մինչև խուզարկություն կատարելը Թաթուլ Մ.-ն կամավոր ներկայացրել է իր տանը առանց համապատասխան թույլտվության պահվող 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 24 փամփուշտ, որսորդական հրացանի համար նախատեսված գնդակներ և «Սոկոլ» տեսակի մետաղյա տարա, որի պատերին առկա էր վառոդանման զանգված:
Ոստիկանությունից Անկախին  տեղեկացնում են, որ նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն

Թիվ 50 երթուղու միկրոավտոբուսն ամբողջությամբ այրվել է

այրվող գազելՀունվարի 15-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհին` Արևաբույր գյուղի մոտ, «ԳԱԶել» մակնիշի թիվ 50 երթուղու միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճանապարհի ձախ կողմով անցնող գազի խողովակին, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 07.17-ին:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀՀ-ոստիկանություն2Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 4, յուրացման կամ վատնման` 3, խուլիգանության և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
ՀՀ Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Զավեշտալի դեպք` Իլհամ Ալիևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման ժամանակ

2 (5)Բրյուսելում հունվարի 15-ին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպման ժամանակ, զավեշտալի դեպք է  տեղի ունեցել: Ռասմուսենը մոռացել է բարևել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, հաղորդում է “Հագին” կայքը:

Այսպես՝ բարևելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների` Իլհամ Ալիևը և Անդերս Ֆոգ Ռասմուսնեը մոտեցել են իրենց համար նախապատրաստած սեղանին:

Նախքան սեղանի շուրջ նստելը Ալիևը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, ասելով, որ սա մեր թիմն է՝ ցույց տալով Մամեդյարովին և իր աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովին:

Ռասմուսենը, հասկանալով, որ մոռացել է բարևել ադրբեջանական պատվիրակության անդամներին, պտտվում և անմիջապես բարևում է նրանց: Տեղի ունեցած զավեշտալի դեպքը ներկաների, նույնիսկ` Իլհամ Ալիևի ծիծաղն է առաջացնում:

Նշենք, որ հանդիպմանն ելույթ ունենալով`Իլհամ Ալիևն  անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին`ներկայացնելով Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ «կիրառվող ագրեսիան», «օկուպացիայի» ծանր հետևանքները, ինչպես նաև տեղեկացրել է բանակցությունների ներկայիս վիճակի և հեռանկարների մասին:

Անկախ

Շումախերն իր կնոջն ու երեխաներին միլիարդ եվրո է կտակել

o_868436“Ֆորմուլա-1”-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը, դեռևս 2010-ին 1 մլրդ դոլարի կտակ է թողել: Ինչպես Ole հրատարակությունն է տեղեկացնում, ամբողջ անշարժ գույքն ու փողը կբաժանվի կնոջ ու երեխաների` որդու` Միքի ու դստեր` Ջինա-Մարիայի միջև:

Այն ժամանակ, 2009-ին Կարթախենի (Իսպանիա) մոտ տեղի ունեցած վթարն է  նրան ստիպել կտակ թողնել:

2013-ի դեկտեմբերի 29-ին ֆրանիսական Մերիբելում դահուկասահքի ժամանակ նա ընկավ ու գլխով հարվածվեց քարին, որից հետո ուղղաթիռով Շումախերին  Մությեի հիվանդանոց տեղափոխեցին, ապա` Գրենոբլ:

Շումախերն արդեն վիրահատվել է: Նրա վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում:

Անկախ

 

 

 

Ինդոնեզիայում 13 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել

i (2)Ինդոնեզիայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով 13 մարդ է զոհվել:

40 հազար մարդ է տարհանվել Հյուսիսային Սուլավեսի գավառից, որն ամենաշատն է տուժել տարերքից:

Ինդոնեզիայի աղետի հետևանքների վերացման ազգային գործակալությունից տեղեկացրել են, որ 2 մարդ անհետ կորած է համարվում:

Անկախ

 

 

 

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

հայաստան-ճապոնիաՀունվարի 15-ին Տոկիոյում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին հերթական  քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Նորիո Մարույաման:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացում, առևտրատնտեսական հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում,  միջազգային կազմակերպություններում փոխգործակցություն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացում:

Երկուստեք կարևորվեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն բացելու ճապոնական կառավարության որոշումը, որը Ճապոնիայի խորհրդարանի կողմից հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին:

Որպես քաղաքական երկխոսությանը նպաստող գործոն՝ ընդգծվեց նաև առաջիկայում ուժի մեջ մտնող համաձայնագիրը «Դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին»:

Մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաև միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Անկախ

Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի գրոհայինը

1 (2)“Աբու Զեր-Ազերի” մականունով հայտնի ադրբեջանցի զինյալը, ով Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող “Ջաբհա ան Նուսրա” կազմակերպության շարքերում էր մարտնչում, սպանվել է Համա քաղաքի մոտ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով Սիրիայի զինյալների կայքին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ վերջերս գրանցվել են ադրբեջանցի գրոհայինների  սպանության ևս մի քանի դեպքեր:

Անկախ