ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-թուքմենական կրթական համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները՝ նշելով, որ այս ոլորտում բարեփոխումների հետևողական քաղաքականություն է իրականացվում: Ընդգծելով, որ Հայաստանի կառավարության համար կրթությունը համարվում է գերակա ուղղություն՝ Ա. Աշոտյանը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտի համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնելու Հայաստան-Թուրքմենստան միջպետական հարաբերություններում: Նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրել է դեսպանին, որ Հայաստանում կարելի է ստանալ բարձրագույն մասնագիտական որակյալ կրթություն՝ համեմատաբար ավելի մատչելի գներով: Դեսպան Գուրբաննազար Նազարովն իր հերթին շեշտել է, որ տպավորված է Հայաստանի կրթական համակարգի զարգացման տեմպերով, ուստի Թուրքմենստանը շահագրգռված է, որ Հայաստանի բուհերում ավելանան թուրքմեն ուսանողների թիվը, իսկ հայկական փորձը Թուրքմենստանի համար կարող է լինել օգտակար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջբուհական հորիզոնական կապերի զարգացմանը, համատեղ ուսանողական ու կրթաթոշակային ծրագրերի իրականացմանը:
Monthly Archives: March 2014
Ուշադրություն.սպասվում է ջերմաստիճանի անկում
Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասավում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում միչև 6 աստճիան ցուրտ, հողի մակերևույթին`7 աստիճան ցուրտ
Ապրիլի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-5-ին կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում`
Ապրիլի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ:
ՍԴ նախագահի համար պարզ է` կառավարությունն այնպես է արել, որ պարտադիր կուտակայինի վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը
Այսօր Սահմանադրական Դատարանում «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության հայցի քննության ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց` նվազագույն աշխատավարձ ստացողն ինքը պետք է վճարի՞ պարտադիր կուտակայինի վճարները, թե՞ գործատուն, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ պարտադիր կուտակային վճարը հարկ չէ, այն ուշացած աշխատավարձ է:
Այդ պատասխանից հետո ՍԴ նախագահը նշեց, որ իր համար արդեն պարզ է` կառավարությունն օրենսդրական այդ լուծումն արել է այնպես, որ պարտադիր կուտակայինի դեպքում վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը։
Իր հերթին ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ են 40 տարով «պարտադիրը» կիրառում, թող վերջին 10-15 տարվա ընթացքում կիրառեն, կամ, միգուցե, տոկոսների հարցն այլ կերպ լիներ, տարբեր տոկոսներ սահմանվեին: Ֆելիքս Թոխյանը նաև օրենքի կիրառումը հետաձգելու հնարավորություններից հետաքրքրվեց:
Արտեմ Ասատրյանն էլ պատասխանեց, որ այս օրենքով երկրի սոցիալական պաշտպանության համակարգ է ստեղծվում: «Ես կարծում եմ, որ մենք արդեն ուշացրել ենք օրենքի ընդունումը, և նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կհանգեցնի: Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 20-25 տարի 10 տոկոս վճարներ պետք է արվեն, որ բարեփոխումը կատարվի, այլ դեպքում համակարգը չի աշխատի և իր ֆունկցիան չի կատարի»,-ասաց Արտեմ Ասատրյանը պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
Ֆելքս Թոխյանի այն հարցին, թե ինքը կարո՞ղ է հրաժարվել կենսաթոշակի իր իրավունքից, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Կարող եք, այո»:
Ֆելիքս Թոխյանի այն դիտարկմանը` թե ինքը ցանկանում է կենսաթոշակ ստանալու իր իրավունքն իրագործել շատ ավելի ուշ, քան որոշել է պետությունը, բայց պետությունը 40 տարի առաջ իրեն ասում է՝ ոչ, պետք է ստանաս, հիմա պետք է վճարես, իսկ 40 տարի հետո նոր կարող ես հրաժարվել, նախարարը պատասխանեց. «Քաղաքացիները ունեն իրավունքներ և պարտականություններ, պետությունն ունի պարտականություններ քաղաքացիների հանդեպ, որոնք իրագործելու համար գործիքներ է ստեղծում: Տվյալ դեպքում մենք գործ ունենք կենսաթոշակային ապահովագրության հետ, որի մեխանիզմներն այն են, ինչ շարադրված են օրենքում»:
Մեր զատությունն այն ազատությունը չէ, որ թույլ տա ՄԱԿ-ում կամ որևէ նման տեղ ինքնուրույն որոշումներ կայացնել. Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ Ղրիմի հարցում Հայաստանի դիրքորոշումը մեծապես կախված էր ռուս-հայկական հարաբերություններից:
ՙՙՀայաստանը գրեթե միայն այդպես կարող էր քվեարկել: Ես հիմքեր ունեմ կարծելու, որ վերջին պահին մեր հայտարարության տեքստը փոխվեց, բայց այլ կերպ չէր էլ կարող լինել: Սեպտեմբերի երեքից հետո Հայաստանը զրկվել է ինքնուրույն նման որոշումներ կայացնելու հնարավորությունից` արտաքին հարցերում կախված դառնալով գերտերութունների կամքից: Այսօր մեզ մեր տեղն են ցույց տալիս՝ ասելով, որ մեր զատությունն այն ազատությունը չէ, որ թույլ տա ՄԱԿ-ում կամ որևէ նման տեղ ինքնուրույն որոշումներ կայացնել՚՚, – այսօր լրագրողներին նման կարծիք հայտնեց քաղաքագետը:
Հայտնի են սամբոյի Հայաստանի չեմպիոնները
Վանաձորում ավարտվեց սամբոյի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցեց Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռիի, Տավուշի, Արմավիրի մարզերի, Երևանի, Արցախի 80 մարզիկ:
52 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին նաև` Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Արթուր Սահակյանը (62 կգ, Սպիտակ), Մարտին Միրզոյանը (68 կգ, Արցախ), Վաչիկ Վարդանյանը (74 կգ, Եղվարդ), Մհեր Կարապետյանը (82 կգ, ԲԿՄԱ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ, ԲԿՄԱ), Էդուարդ Հակոբյանը (100 կգ, Երեւան) եւ Էդուարդ Դավթյանը (+100 կգ, Արտաշատ):
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Առաջնության արդյունքներով համալրվեց Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականը, որը մայիսի 15-19-ը Ռումինիայում մասնակցելու է սամբոյի Եվրոպայի առաջնությանը:
Ահա թե ովքեր են բոլոր մրցանակակիրները.
52 կգ
1. Տիգրան Կիրակոսյան-Վանաձոր
2. Վահե Օթարյան-Իջևան
3. Միշա Բաղինյան-Սևքար
3. Սուրիկ Մարտիորսյան-Գյումրի
57 կգ
1. Մաքսիմ Մանուկյան-Գյումրի
2. Արեն Անտոնյան-ԲԿՄԱ
3. Սերյոժա Ալեքսանյան-Գյումրի
3. Նարեկ Դավթյան-Գյումրի
62 կգ
1. Արթուր Սահակյան-Սպիտակ
2. Արա Մելքոնյան-Գյումրի
3. Վահան Նիկոլայան-Աբովյան
3. Թադևոս Հարությունյան-Գյումրի
68 կգ
1. Մարտին Միրզոյան-Արցախ
2. Ռաֆիկ Մանուկյան-Սպիտակ
3. Անդրանիկ Նաղդալյան-Աբովյան
3. Ավետիք Պողոսյան-Աբովյան
74 կգ
1. Վաչիկ Վարդանյան-Եղվարդ
2. Վաչիկ Մարկոսյան-Երևան
3. Խաչիկ Հարբենյան-Գյումրի
3. Արտակ Մուղնեցյան-Երևան
82 կգ
1. Մհեր Կարապետյան-ԲԿՄԱ
2. Արա Երիբեկյան-Վանաձոր
3. Դավիթ Իշխանյան-Արցախ
3. Մաքսիմ Մարգարյան-Երևան
90 կգ
1. Էդիկ Պետրոսյան-ԲԿՄԱ
2. Գառնիկ Սարոյան-Սպիտակ
3. Արամ Հարությունյան-Աբովյան
3. Դավիթ Գրիգորյան-Արցախ
100 կգ
1. Էդուարդ Հակոբյան-Երևան
2. Տարոն Մելքոնյան-Վանաձոր
3. Սարգիս Սարգսյան-Արարատ
3. Գարեգին Խաչատրյան-Վանաձոր
+100 կգ
1. Էդուարդ Դավթյան-Արարատ
2. Արտակ Նիկոլյան-Երևան
3. Արմեն Լևոնյան-Եղվարդ
3. Արման Գուլյան-Երևան
Անգամ թելադրված քվեարկությունը պետք է գին ունենա. Ազատ Արշակյան
Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը մտահոգված է. նա չի հասկանում, թե ինչու են Հայաստանի ներկայիս իշխանությունները այսքան էժան վաճառում սեփական ձայնը: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Սեպտեմբերի երեքից հետո մենք սկսեցինք և մինչև հիմա շատ էժան տալիս ենք ամեն ինչ, մինչդեռ կարող էինք սակարկել: Իհարկե, Ղրիմի հարցում մեր երկրի քվեարկությունը թելադրված էր Ռուսաստանից: Սա էլի կարող էր այսպես լինել: Օրինակ` խորհրդային տարիներին էլի Ռուսաստանն էր որոշում, թե ով` ինչ պետք է ասի, բայց անգամ թելադրված քվեարկությունը պետք է գին ունենա: Ես հիշում եմ, որ ժամանակին Քոչարյանին, օրինակ, վճարում էին: Այսօր մենք նույն պահանջը կարող ենք դնել: Մեզ պետք է վճարի և’ արևմուտքը մեզ զոհաբերելու համար, և’ արևելքը՝ ստրկացնելու»:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում սահմանադրական նորմերի հետ կապված խնդիրներ չեմ տեսնում». Արտեմ Ասատրյան
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում սահմանադրական նորմերի հետ կապված խնդիրներ չեմ տեսնում: Միաժամանակ համակարգի ներդրումն ապահովող օրենքներում կան բովանդակային խնդիրներ, որոնք լուծելն ավելի ընդունելի կդարձնի այն հասարակության համար»: Այսօր Սահմանադրական Դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Որքանո՞վ կտուժի համակարգը, եթե բարեփոխումների կիրառումը հետաձգվի 1-2 տարով հարցին Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ներկայում, յուրաքանչյուր տարի շատ ավելի մեծ թվով անձինք են մուտք գործում կենսաթոշակային տարիք: Այդ ցուցանիշներն առաջիկա 20-30 տարիներին գնալով խորացնելու են աշխատաշուկա մուտք գործողների և կենսաթոշակի անցնողների դիսբալանսը: Օրենքի ընդունումն ուշացնելու դեպքում ներկա սերունդն ավելի մեծ գին է վճարելու այդ անցման համար»:
ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր շարունակում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը: Այսօր որպես պատասխանող կողմ հանդես են գալիս ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչները: Դիմող կողմի ներկայացուցիչներն են ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, փաստաբան Մերի Խաչատրյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Այսօր բորսայում դոլարով գործարք չի կնքվել
«Femen»-ի ակտիվիստները մերկացել են թուրքական ընտրատեղամասում (տեսանյութ)
Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային «Femen» կազմակերպությունը երեկ ակցիա է կազմակերպել Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: «Femen»-ի երկու ակտիվիստներ ներխուժել են Ուսքյուդարի Բուրհանիյե տարրական դպրոցում տեղակայված ընտրատեղամաս, որտեղ անցած տարիներին իր քաղաքացիական պարտքն է կատարել վարչապետ Թայիփ Էրդողանը: Կանայք անմիջապետ հանել են իրենց վերնազգեստները, նրանց մարմիններին գրված է եղել «Ban Erdoğan» արտահայտությունը, որն էլ շարունակ բացականչել են:
Ակտիվիստները ընտրատեղամասն են մտել որպես ընտրող քաղաքացիներ, նրանք մերկ վիճակում բարձրացել են տեղամասի սեղանների վրա և հատակին թափել ընտրաթերթիկները: Դրությանը միջամտած ոստիկանները կանանց դուրս են հանել միջանցք, ապա տարել մեկ այլ սենյակ: Այս ընթացքում ընտրատեղամաս եկած քաղաքացիները զարմացած հետևել են տեղի ունեցածին:
ՄԱԿ-ի դատական մարմինը կարգադրել է Ճապոնիային դադարեցնել շնաձկների որսը
Միջազգային դատարանը երկուշաբթի օրը որոշում է կայացրել, որ Ճապոնիան չի կարող շարունակել իր շնաձկների ամենամյա որսը՝ մերժելով երկրի փաստարկները, որ որսը իրականացվում է գիտական նպատակներով:
Միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է:
Ճապոնիայի նավատորմը շնաձկների ամենամյա որս է իրականացնում՝ օգտվելով գիտական նպատակներով կաթնասունների սպանությունները թույլատրող օրենքից: Ճապոնիայում շնաձկան միսը լայն կիրառություն ունի:
Յուրաքանչյուր տարի բնապահպանական խմբերը հետապնդում են Ճապոնիայի որսորդներին: Արդյունքում տեղի են ունենում նավերի բախումներ, ինչպես նաև ակտիվիստներ են ձերբակալվում:
Ավստրալիայի կառավարությունը միջազգային դատարանում բողոքարկել էր Ճապոնիայի շնաձկների որսի դեմ, ինչը հանգեցրել էր երկուշաբթի օրվա որոշման ընդունմանը:
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով Կառավարությունը երկրում սոցիալական պաշտպանության համակարգ է ձևավորում». Արտեմ Ասատրյան
Այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով Կառավարությունը երկրում սոցիալական պաշտպանության համակարգ է ձևավորում:
«Տարբեր ուսումնասիրություններ են կատարվել հասկանալու համար, թե Հայաստանի համար կենսաթոշակային ինչպիսի՞ համակարգը կարող է արդյունավետ լինել, քանի որ ներկայիս համակարգը չէր կարողանում ապահովել այն երկու խնդիրները, որոնք պետք է կարգավորվեն կենսաթոշակի միջոցով, և ընտրվել է հենց այս մոդելը, որով մենք երկրի սոցիալական պաշտպանության մոդել ենք ստեղծում»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Նախարարի խոսքով` կենսաթոշակը հիմնական երկու կարևորագույն խնդիր է լուծում՝ թոշակ ստացողը պետք է աղքատ չլինի և աշխատող քաղաքացին, ով անցել է թոշակի, պետք է ստանա արժանավայել փոխհատուցում: Իսկ ներկայիս կենսաթոշակային համակարգն այս երկու խնդիրը չի լուծում, ուստի անհրաժեշտ է ունենալ մի համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի կարգավորել դրանք:
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական Դատարան են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին և շարունակվում է այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին և պատասխանող կողմին: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին:
Ապրիլի 1-ից դասերը կընթանան բնականոն հունով
Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը զեկուցել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել կատարած աշխատանքն ու հորդորել է նույն եռանդով շարունակել սեփական եկամուտների հավաքագրման իրականացումը․ ՙՎերջին տարիներին գույքահարկի և տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։ Սա ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք է բոլոր այն ստորաբաժանումների կողմից, որոնք ապահովում են սեփական եկամուտների հավաքագրումը։ Վառ ապացույցը նաև 2014թ-ի առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը ավելի քան 102 %-ի հասցնելն է, ինչն իսկապես աննախադեպ ցուցանիշ է։ Ֆինասական հոսքերի ճշգրիտ և արդյունավետ կառավարման արդյունքում այսօր մենք կարողանում ենք ապահովել ոչ միայն սեփական եկամուտների հավաքագրման կատարողական, այլև տարեցտարի ընդլայնել համայնքային բյուջեով նախատեսված ծրագրերով իրականացվող աշխատանքների ծավալներըե,- ընդգծել է քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ադրբեջանցի օլիգարխները գնում են Լոնդոնը. The Telegraph
Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի օլիգարխները գնել են 3 մլրդ դոլար արժողությամբ էլիտար բնակարաններ Լոնդոնում, հաղորդում է “Հագին” կայքը` հղում կատարելով անգլիական “The Telegraph” թերթին:
Ըստ թերթի` ուկրաինացիները առաջատար տեղ են զբաղեցնում Լոնդոնում անշարժ գույք ձեռք բերող նախկին սովետական երկրների քաղաքացիների շարքում: Ուկրաինացիների հետ մեկտեղ Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի օլիգարխները ծախսում են միլիարդավոր դոլարներ`Լոնդոնում անշարժ գույք ձեռք բերելու համար: Վերջին երկու տարվա ընթացում այդ երկրների հարուստները գնել են 2 մլրդ ֆունտ (մոտ 3 մլրդ դոլար) արժողությամբ անշարժ գույք Լոնդոնում:
Ադրբեջանական կայքի հաղորդմամբ` Ադրբեջանում մի շարք նախարարներ, նրանց տեղակալներ, շատ պատգամավորներ և նույնիսկ շրջանային ղեկավարներ ու ոստիկանության պետեր ունեն անշարժ գույք Լոնդոնում, իսկ նրանց երեխաները սովորում են Մարախլապատ Ալբիոնի թանկ դպրոցներում:
Դարձել ենք մի ծտի ծերտ քարտեզի վրա. Նիկոլայ Ծատուրյան
Արվեստագետ Նիկոլայ Ծատուրյանը տասնութ տարի շարունակ ամեն տարի երեք-չորս ամսով մեկնել և աշխատել է Սիրիայում: Նա պնդում է, որ Հալեպում ձևավորված է ամենակուռ հայ համայնքը:
«Ես նաև այլ երկրներում եմ հայ համայնքների հետ շփվել, բայց այնպիսի համայնք, ինչպիսին Հալեպում, թերևս չունենք: Նրանց համար դա իրոք երկրորդ հայրենիք է: Ասադը շատ լավ է վերաբերում հայերին: Նրանք հանգիստ են դավանելու իրենց կրոնը, ապրելու և ստեղծագործելու», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլայ Ծատուրյանը` շեշտելով, որ այն, ինչ հիմա է տեղի ունենում այդ չքնաղ բնակավայրերի հետ, իրեն հիշեցնում է Սարոյանի խոսքը այն մասին, որ ինքը սիրում է մարդուն, քանի որ նա ունակ չէ գազանության, ամբոխն է, որ գազան է դառնում:
«Այսօր մենք պետք է շտապեինք օգնության Սիրիային և հայկական համայնքին, բայց մեկ-մեկ մտածում ու ափսոսում եմ` ինչքան անուժ ենք մենք դարձել: Օգնություն են ուղարկում Սիրիա` հաց, հագուստ: Բայց դրա կարիքը չէ, որ կա: Ինչու՞ չպիտի այնքան հզոր լինեինք, որ գնայինք ու պաշտպանեինք հայաբնակ տարածքները: Երբ նայում եմ քարտեզին, սարսափում եմ. դարձել ենք մի ծտի ծերտ քարտեզի վրա», – եզրափակեց արվեստագետը:
Որոշ հանգամանքներ հուշում են, որ աուտիզմ հիվանդությունը կապված է գենետիկայի հետ. «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»
Ապրիլի 2-ի` Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ի հիմնադիր Աերա Պաուլ Հեյլվեյլը վերհիշեց, որ առաջին անգամ Հայաստան է ժամանել` օգնելու աուտիզմով հիվանդ երկու երեխաների: Հետագայում հասկացել է, որ Հայաստանում ևս անհրաժեշտ է ստեղծել կենտորն, որտեղ կայցելեն երեխաները և համապատասխան մասնագետների աշխատանքի շնորհիվ իրենց մեկուսացած չեն զգա հասարակությունից: Այսօր կենտրոն է այցելում աուտիզմով 80 և ավելի երեխա:
Աերա Պաուլ Հեյլվեյլի խոսքով` ԱՄՆ-ում ամեն 68-րդ երեխան կարող է նման հիվանդություն ունենալ:
«Ցավոք, հնարավոր չէ դեռ չծնված երեխաների մոտ ախտորոշել այդ հիվանդությունը: Շատ մասնագետներ մեծ ջանքեր են գործադրում, որ կարողանան որքան հնարավոր է շուտ ախտորոշել հիվանդությունը, որքանով շուտ միջամտություն կատարվի, այնքան ավելի հեշտ կլինի հիվադությունը բուժելը: Աուտիզմ հիվանդության պատճառը դեռ հայտնի չէ, հավանաբար այն կապված է գենետիկայի հետ: Օրինակ` այն ընտանիքներում, որտեղ արդեն կա աուտիզմով հիվանդ երեխա, մեծ է հավանականությունը, որ հաջորդ երեխան ևս աուտիզմ հիվանդությունն ունենա, ինչը հուշում է հիվանդության գենետիկական պատճառի առկայության մասին»,- ասաց մասնագետը:
Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան երեխաների շրջանում:
2008-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով տառապող մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը`օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք: Հայաստանում 2012-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը:
Հայաստան-Կուբա. գիտակրթական հարաբերությունների հեռանկար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո Դիազ-Բալարթին և Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ հայ-կուբայական հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության և գիտության ոլորտները հատուկ տեղ կարող են գրավել:
Ֆ. Դ-Բալարթ Կաստրոն ներկայացնելով այցի նպատակները՝ նշել է, որ հետաքրքրություն կա հատկապես գիտության ոլորտի հանդեպ, և համագործակցելու, կապեր հաստատելու ակնկալիքով հանդիպումներ է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում: Կարևորելով Հայաստան-Կուբա գիտակրթական հարաբերությունների ձևավորումը՝ ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ կողմերը պայմանավորվել են նախապատրաստել հուշագիր՝ կրթության և գիտությոն ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախարարն առաջարկել է բուհական համագործակցության և կրթաթոշակային երկկողմ ծրագրեր իրականացնել, ինչպես նաև Հայաստանի ավագ դպրոցներից մեկում իսպաներենի խորացված ուսուցում կազմակերպել՝ շեշտելով, որ այլ լեզուների ուսուցման համանման փորձն առկա է:
«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է բարեգործական նոր ձեռնարկ` «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին»
Անցած ձմռան նախաշեմին «Շիրակ կենտրոնը» նախաձեռնեց «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» բարեգործական ակցիա, որի շրջանակներում մոտ 4800 պարկ վառելափայտ բաժանվեց ժամանակավոր կացարաններում, սոցիալապես ծանր վիճակում ապրող մոտ 450 այնպիսի ընտանիքների, որոնցից շատերի ձմռան վառելիքի հայթայթման վայրերը դարձել էին աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Մեր կողմից հայտարարված բարեգործական ձեռնարկին անմիջական աջակցություն ցուցաբերեցին ինչպես մեր հայրենակիցները Հայաստանից և արտերկրից, այնպես էլ օտարերկրացիներ:
Զգալի աջակցություն ցուցաբերեցին նաև արտերկրում գործող հայկական բարեգործական մի շարք կազմակերպություններ:
Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու ձեռնարկին:
«Շիրակ կենտրոնը», ավարտելով անօթևան ընտանիքներին ձմռան վառելիքի տրամադրման ակցիան, այսօրվանից ազդարարում է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկի մեկնարկի մասին: Գյումրու վագոն-տնակներում մեր ամենօրյա դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաղուց շարքից դուրս եկած խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում, ինչպես նաև կիսախարխուլ շենք-շինություններում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանցից շատերը գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը և կենսաթոշակները, որը չի բավարարում անգամ ծախսված էներգիայի վճարման և սննդի համար: Կարիքի մեջ գտնվող հարյուրավոր ընտանիքներում թերսնվածությունը սովորական երևույթ է:
Սոցիալապես ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքների առօրյա հոգսերը փոքր-ինչ թեթևացնելուն է ուղղված մեր այս ձեռնարկը: Բարի կամքի տեր բոլոր մարդկանց և կազմակերպություններին կոչ ենք անում արձագանքել և այդ նպատակով կատարել իրենց նվիրատվությունները ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին.
“Shirak Center” NGO Gyumri, Furmanov 32 Phone: +(374 312) 6-69-92, +(374 55) 06-69-92+(374 91) 45-13-37
ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA USA $– 2472601614240020
AMD – 2472601614240000
Ապրիլի 1-ից գործարկման մեջ կդրվի շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից գործարկման մեջ կդրվի շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, որը հնարավորություն կտա բաժանորդներին առանց խոչընդոտների անվճար փոխել շարժական կապի իրենց օպերատորին՝ պահպանելով գործող հեռախոսահամարը։ Հեռախոսահամարների տեղափոխման գործընթացն իրականացվելու է 3 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն հիմնական դեպքերում տեղափոխումը կկատարվի մեկ օրվա ընթացքում։
«Գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքը, այսինքն` դիմում կներկայացվի միայն նախընտրելի օպերատորին։ Տարվա ընթացքում բաժանորդը հնարավորություն կունենա երկու անգամ օգտվել այս ծառայությունից»,-ասաց Սամվել Արաբաջյանը` հավելելով, որ համարի տեղափոխման դեպքում, տվյալ համարին զանգահարող անձը ձայնային ազդանշանի միջոցով կտեղեկանա, որ տվյալ համարը տեղափոխվել է այլ շարժական կապի օպերատորի ցանց։
Անդրադառնալով ծառայության ներդրումից հետո օպերատորների կողմից հնարավոր խարդախություններին՝ Սամվել Արաբաջյանն նշեց, որ այս ուղղությամբ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնելու։
«Փորձը ցույց է տալիս, որ եղել են երկրներ, որտեղ օպերատորները փորձել են գովազդային հոլովակների կամ դեմպինգային գների միջոցով առավելություն ստանալ։ Սակայն մենք ուսումնասիրել ենք այդ իրավիճակները և ուշադիր ենք լինելու»,-ասաց նա: Վերջինս տեղեկացրեց, որ կանոնակարգվել է նաև շարժական կապի խեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ծառայությունը։ Որոշակի ժամկետով կամ առանց բաժանորդագրման պարտավորությամբ առաջարկված կոդավորված սարքերի ապակոդավորումն օպերատորն իրականացնելու է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե բաժանորդը կատարել է պայմանագրային պարտավորությունները։ Սակայն կան դեպքեր, երբ հեռահաղորդակցության սարքերի ապակոդավորումն ավելի շատ ժամանակ է պահանջում։ Այդ դեպքերի համար ժամկետ է սահմանվել 5 աշխատանքային օր։ Նույն որոշմամբ` այն օպերատորները, որոնք վաճառում են կոդավորված սարքեր, պարտավոր են նույն վաճառքի կետերում առաջարկել նույն սարքերի ոչ կոդավորված տարբերակները, որպեսզի դրանք հասանելի լինեն։
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բոլոր գյուղերն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։ Ընդ որում, ՀՀ բնակավայրերի 8,5 %-ը ապահովված են 1 օպերատորի, 23 %-ը՝ 2 օպերատորի և 68,5 %-ը` 3 օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։
Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-27-ին
Եգիպտական մամուլը, մեջբերելով նախագահական ըտրությունների հանձնաժողովի հայտարարությունը, տեղեկացրել է, որ Եգիպտոսի նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-27-ին:
Բանակի ղեկավար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ կհրաժարվի իր պաշտոնից՝ ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու համար: Եգիպտոսի պաշտպանության նախարար 59-ամյա ալ-Սիսին կլքի բանակը նախագահ ընտրվելու համար:
Պաշտոնյան մեծ ճանաչում ունի Մորսիին իշխանությունից հեռացնելու բանակի որոշմանն աջակցող եգիպտացիների շրջանում, որոնք ալ-Սիսիին համարում են ուժեղ անհատականություն, որը կարող է վերացնել 2011թ-ի հեղաշրջումից հետո երկրում հաստատված անկարգությունները:


