Աշխատանքի վայրը փչացնում է առողջությունը

ol3001393842828Շվեդացի գիտնականները հաստատում են, որ գրասենյակի դասավորությունը, “բաց” պայմանները, որոնք պարզապես թույլ չեն տալիս, որ աշխատակիցներն իրենց ապահով զգան, լուրջ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ:

Համենայն դեպս, դրա մասին է վկայում այն փաստը, որ առանձնասենյակներում աշխատողներն ավելի քիչ են հիվանդանում, քան մեկ  ընդհանուր տարածքում գործընկերների հետ աշխատողները: Ստոկհոլմի համալսարանի գիտնականները   7 տարբեր պլանավորում ունեցող գրասենյակների  2000 աշխատակցի մասնակցությամբ հետազոտություն կատարելով հանգել են նման եզրակացության:

Հնարավոր է, որ այդ փոխկապվածությունը բացատրվում է ավելի վաղ Արիզոնայի համալսարանի գիտնականների բացահայտմամբ, որոնք հայտարարել էին, որ մարդը, որը հիվանդ վիճակում ներկայանում է աշխատանքի, վարակիչ հիվանդության հարուցիչներ է տարածում մեծ գրասենյակային տարածքով մեկ:

Անկախ

Խորվաթիան մեղադրում է Սերբիային ցեղասպանություն իրականացնելու համար

courtԽորվաթիան մեղադրում է իր հարևան Սերբիային 1990-ականների սկզբներին տեղի ունեցած հակամարտության ընթացքում ցեղասպանություն իրականացնելու համար:

Խորվաթիան դիմել է Միջազգային դատարանին՝ խնդրելով հայտարարել, որ Սերբիան խախտել է 1948թ-ի Ցեղասպանության կոնվենցիան, երբ 1991թ-ին Զագրեբի`  անկախության հռչակումից հետո նախկին Հարավսալվիայի դաշնային հանրապետության զորքերը փորձել են խորվաթներին դուրս հանել երկրի  տարածքներից:

Սա առաջին դեպքը չէ, որ Սերբիան համաշխարհային դատարանում մեղադրվել է ցեղասպանություն իրականացնելու համար: 2007թ-ին պատմական դատավարության արդյունքում դատարանը  1995թ-ին Բոսնիայի անկլավ Սրեբրենցիայում 8,000 մահմեդական տղամարդկանց սպանությունը ցեղասպանություն չհամարեց:

Ադրբեջանը ձեռք է բերել ռումբեր վնասազերծող կանադական ռոբոտներ

3Ադրբեջանը կանադական “Meg-Eng” ընկերությունից ձեռք է բերել ռոբոտներ, որոնք նախատեսված են ռումբեր վնասազերծելու համար: Այս գնումը իրականացրել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, հայտնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։

 

Ըստ գործակալության՝ ռոբոտները մոտ օրերս կբերվեն Ադրբեջան։ Նշվում է, որ ավելի վաղ կանադական նույն ընկերությունից Ադրբեջանը գնել է տարբեր տեսակի սարքավորումներ։

 

Meg-Eng-ը Կանադայում ու ԱՄՆ-ում արտադրում է ռումբեր, պայթուցիկ նյութեր վնասազերծող սարքավորումներ, պաշտպանական սարքեր և ռազմական նշանակության այլ սարքեր։

Անկախ

Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի փետրվարին. Ռազմինֆո

Հայաստան-ԱդրբեջանՌազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 5 զոհի և 5 վիրավորի մասին։

2014-ի փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հայտարարել է 5 զոհի մասին: Ընդ որում, եթե համեմատենք այս թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա զոհերի թիվը նվազել է 44.4 տոկոսով:

2014-ի փետրվարին, ինչպես և 2013-ի փետրվարին, հայտարարվել է առաջնագծում մարտական 2 կորստի մասին, երկուսն էլ՝ «հայկական գնդակից». պայմանագրային զինծառայող Էշգին Ֆիրադին օղլու Գուլիևը սպանվել է փետրվարի 7-ին, իսկ կրտսեր սերժանտ Նոհբալաև Քերեմ Շահին օղլուն՝ փետրվարի 26-ին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուսին էլ հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով:

Մնացյալ 3 ոչ մարտական զոհերից 2-ը, համաձայն ադրբեջանական կողմի վարկածի, փետրվարի 26-ին ողջ-ողջ այրվել են Թովուզի շրջանում ավտովթարի հետևանքով բոցավառված «Մերսեդես» ավտոմեքենայում: Զոհերից մյուսն էլ Ադրբեջանի ԶՈւ մայոր Բեքիր Ռահիմովն է, որի՝ Բաքվում տեղակայված ԶՈւ  գլխավոր կլինիկական հոսպիտալում մահանալու մասին հայտնի է դարձել փետրվարի 16-ին: Մայորի մահվան տեղեկությունն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, սակայն մինչ օրս մահվան պատճառների անգամ նախնական վարկած չի ներկայացրել:

Նշենք, որ 2014-ի փետրվարի 5 կորուստներն էլ պաշտոնապես հաստատվել են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից:

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի վիրավորներին, ապա 2014-ի փետրվարին դրանք 5-ն են: Եթե զուգահեռներ անցկացնենք 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա վիրավորների թիվը չի փոխվել:

Փետրվարին հայտարարված 5 վիրավորներից 1-ը տուժել է Բաքու-Ղուբա ճանապարհին ավտովթարից, 2-ը՝ զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով, 1-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ականի պայթյունի հետևանքով: Միջադեպերից 1-ը գրանցվել է Նախիջևանում, 1-ի վայրը չի հաղորդվել, 1-ն արձանագրվել է Գանձակի զորամասերից մեկում, 1-ը՝ առաջնագծում (Առավել մանրամասն կարդացեք Ռազմինֆոյում):

Ըստ Ռազմինֆոյի` Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի փետրվարի 1-ից 28-ն ունեցել է 1 զոհ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 2-ով։

2014 թվականի փետրվար ամսվա միակ կորուստը ոչ մարտական է:

Փետրվարի 12-ին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 1995 թվականին ծնված զինծառայող Արշակ Զադայանը: Ավելի վաղ զինծառայողը հոսպիտալ էր տեղափոխվել սուր թոքաբորբ ախտորոշմամբ:

Զինծառայողը Գորիսից էր, բանակ էր զորակոչվել անցյալ տարվա գարնանը։ Ծառայում էր Արարատի զորամասերից մեկում։

Նշենք, որ Արշակ Զադայան մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն է՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից Ռազմինֆոյին հայտնել են, որ դեռևս ձերբակալվածներ չկան։

2014 թվականի փետրվարին  թե Պաշտպանության բանակը, թե Պաշտպանության նախարարությունը զինված ուժերում վիրավորի մասին չի հայտարարել (Առավել մանրամասն կարդացեք Ռազմինֆոյում):

«Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա». Ռուբեն Եգանյան

Ռուբեն ԵգանյանԺողովրդագրագետ Ռուբեն Եգանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունները հայտնեց` նշելով, որ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխության որոշումը լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Ռուսաստանում գտնվող հայ միգրանտները, որոնց վրա կտարածվի ՌԴ միգրացիոն քաղաքականությունը, արդեն փաստի առաջ են կանգնել:

«Այսօրվա դրությամբ արդեն մոտ 50 հազար մարդու մուտք Ռուսաստանի Դաշնություն արգելված է: Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության որոշմամբ` առաջիկա 2-3 ամսում ևս 170 հազար հայ միգրանտներ կհամարվեն Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խախտածներ, և մոտ 220 հազար հայ միգրանտի խնդիր կունենանք»,- ասաց Ռուբեն Եգանյանը:

Ժողովրդագրագետի խոսքով` եթե այդ 220 հազար հայերը չկարողանան պահել իրենց ընտանիքները, գումար վաստակելու համար կմեկնեն Եվրոպա, ինչի արդյունքն էլ կհանգեցնի միգրացիայի: Մասնագետի բերած տվյալներով` վերջին 10 տարում երկրից հեռացել է բնակչության 10 %-ը:

Ռուբեն Եգանյանի կարծիքով` այս խնդրի լուծումներից մեկն այն է, որ պայմանագիրը թարմացվի, ինչը, սակայն, տևական գործընթաց է և կարող է մեկ տարուց ավել տևել: Հարցի մյուս կողմն էլ այն է, թե որքանո՞վ այդ պայմանագրի վերանայմամբ կտրվեն հայ միգրանտներին ձեռնտու լուծումներ:

Հարցին` արդյո՞ք Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հնարավոր է Ռուսաստանն ավելի բարյացակամ լինի Հայաստանի նկատմամբ, Ռուբեն Եգանյանը պատասխանեց. «Դուք մինչև հիմա Ռուսաստանի կողմից որևէ սիրաշահում տեսե՞լ եք: Ռուսաստանը ռազմավարական գործընկերությունը մի ձևով է հասկանում, մենք՝ մեկ այլ»:

Անկախ

Պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին

երթևեկությունՄարտի 2-ին, ժամը 21.40-ին, Երևանի Խուդյակովի և 6-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2174» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վերջին ավտոմեքենան բախվել է մայթեզրի մոտ կայանված «Օպել»-ի:
«ՎԱԶ-21214»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Մարտի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 00.50-ին, «Դայվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 70 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 21.00-ին, Գյումրիի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 1-ին, ժամը 08.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ ձախ անրակի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Խաչիկ Ս.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ծիլքար գյուղի հատվածում, ավտովթարի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ճանապարհի 78-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես E 124» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես E 124»-ի ուղևորը` Խաչիկ Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

***
Մարտի 2-ին, ժամը 00.30-ի սահմաններոմ, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է բետոնե պատնեշներին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Արմավիր-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Մերսեդես-Ե 320» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Ե 320»-ի ուղևորը և «ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 15.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մոսկվիչ Իժ 2715» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ-Այգևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել առվի մեջ:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Անկախ

Ավտոտնակում կայանված «ՎԱԶ-21074»-ը ինքնաբերաբար հետընթաց շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին

ԱվտովթարՄարտի 2-ին, ժամը 22.20-ին, Երևանի Դավիթաշենի 1-ին փողոցի տներից մեկի ավտոտնակում կայանված և շարժիչն անջատված վիճակում գտնվող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետընթաց շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Արսեն Մկրտչյանի պատասխանը «երիտմունդռիկներին»

ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արսեն ՄկրտչյանԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արսեն Մկրտչյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ իր կարծիքն է հայտնում ԲՀԿ-ի մասին հնչեցված կարծիքների ու գնահատականների մասին: «Անկախ»-ը հաղորդագրությունը ներկայացնում է ամբողջությամբ:

Մկրտչյանը գրում է. «Փաստորեն հանրապետական կուսակցության խորհրդի կազմում մանր-մունր մունդռիկներ կան, որոնց հիմնական գործը ապուշություններ դուրս տալն է ու վիրավորանքներ հասցնելը ժողովրդի կողմից հարգված գործիչներին ու կուսակցություններին:

Վիճակն արդեն պարզ է: Դրանց վերադաս՝ տերերը պետության ու ժողովրդի հանդեպ գործածի հետևանքով արդեն պատասխանատվության հոտը լիարժեք առնում են: Իրապես սարերի հետևում չէ այդ պահը, դրանք էլ հասկանալով, որ հարգված գործիչներին ժողովրդի պրոբլեմներից շեղելու համար վիրավորելիս արժանանում են հենց ժողովրդի կողմից էլ ավելի թեժ անեծքների, դիմում են վերջին միջոցին՝ բաց են թողնում իրենցից երբեմն-երբեմն կերակրվող հանրապետական խուլիգան երիտմունդռիկներին:
Նշեմ, որ բոլորդ նկատված եք և օրենքով սահմանված պատասխանատվությունը բոլորիդ համար է»:

Բելգիան օրինականացրեց մանկական էվթանազիան

o_895345Բելգիայի թագավոր Ֆիլիպը ստորագրել է “աշխարհում ամենադաժան օրենքն էվթանազիայի մասին”: Համենայն դեպս նման կարծիքի են Արևմուտքի երկրների 200 հազար բնակիչներ` ստորագրելով տվյալ վճռի դեմ միջնորդագիր: Բանն այն է , որ այսուհետ կյանքից կամավոր հեռանալու դիմում կարող են ներկայացնել նաև երեխաներն ու դեռահասները:

Հակառակ բազմաթիվ եվրոպացիների բողոքի, Բելգիայի թագավորը ստորագրել է անչափահասների` էվթանազիայի մասին օրենքը: Որքան էլ տարօրինակ է, այն պաշտպանում է բնակչության 75%-ը: Լրագրողները հստակեցնում են` մահացու պրոցեդուրան պետք է իրականացվի բժիշկների հսկողության ներքո ու նրանց համաձայնությամբ:

Կարևորն այն է, որ տվյալ որոշման համար որոշակի դեր է խաղում ծնողների խոսքը: Օրենքի նախագծի հեղինակները  նշում են` էվթանազիա կիրականացվի միայն այն դեպքում, եթե երեխան տառապում է անբուժելի հիվանդությամբ   ու մշտական ֆիզիկական ու հոգեկան տառապանք է ապրում, ինչը “անհնար է թեթևացնել”: Բացի այդ, էվթանազիայի դիմող երեխաները պետք է ստուգվեն հոգեբանի մոտ, որն էլ իր հերթին պետք է համոզվի, որ հիվանդը լրիվ գիտակցում է  իր քայլի հետևանքները:

Անկախ

Ադրբեջանում կեղծ թղթադրամների շրջանառությամբ զբաղվող հանցախումբ է ձերբակալվել

2Ադրբեջանում Կազմակերպված հանցագործության դեմ պայքարով զբաղվող գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 6 երտասարդի, ովքեր “Paypoint” տերմինալի միջոցով շրջանառության մեջ են դրել կեղծ թղթադրամներ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հանցավոր խմբի անդամները կեղծ թղթադրամներ են պատրաստել համակարգչային հատուկ սարքավորման միջոցով, որը պատկանել է երիտասարդներից մեկին:

Կեղծ մանաթները տարբեր ժամանակ բազմիցս շրջանառության մեջ են դրվել վճարային “MilliÖn” համակարգի միջոցով: Նրանք անդամներից մեկի անունով հաշվեհամար են բացել, որտեղ կեղծ թղթադրամներ են փոխանցվել: Այնուհետև նրանք բանկոմատից իրական թղթադրամներ են հանել:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ

օհանյանը հոսպիտալումՄարտի 2-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ` ծանոթանալու հոսպիտալում  առկա խնդիրներին: ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժվող զինծառայողների և հոսպիտալի բուժանձնակազմի հետ:

Հոսպիտալի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը ներկայացրել է պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:

Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով ԶՈւ անձնակազմի և զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը, տվել է հստակ հանձնարարականներ լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու և կայազորային հոսպիտալներում իրականացվող աշխատանքների մակարդակը նոր` ավելի բարձր աստիճանի բերելու համար:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

ֆուտբոլԱյսօր,  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ հանգրվանելով ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսում է մարզական հավաքը: Այսօր, ժամը 18:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի փակ մարզումը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 5-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:

Վաղը, մարտի 4-ին, ժամը 10:00-ին, հատուկ չարտերային չվերթով Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը կմեկնի Կրասնոդար:

Մարտի 4-ին, ժամը 17:30-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզդաշտում տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այնուհետև ժամը 18:00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ-ների համար:

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստատեսությամբ ժամը 18:00-ին:

Անկախ

 

«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ես շիվարել ու մոլորվել էի». Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյան«Ժառանգություն»  կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի մոտ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքի ելույթը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մարտի 1-ի ելույթն  ըստ Անահիտ Բախշյանի՝ նախորդ տարիների ելույթների և գործողությունների հետ համեմատած իր մեջ շատ իրարամերժ հասկացություններ է պարունակում:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ես շիվարել ու մոլորվել էի, չէի կարողանում գտնել այն հարցի ատասխանը, թե ինչ պիտի լինի մեր վաղվա օրը: Ինձ համար անհասկանալի էր Մաքսային միությանն անդամակցության դրական արձագանքը, Գագիկ Ծառուկյանի և Իվանիշվիլու միջև արված համեմատությունը: Հենց մարտի 1-ի թնջուկի հետ կապված խոսվում էր այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն էլ են այդ գործողություններին մասնակից  եղել: Այս ֆոնին անհասկանալի էին Լևոն ՏերՊետրոսյանի ասածներն այն առնչությամբ, թե Գագիկ Ծառուկյանին է տեսնում Հայաստանին այս իրավիճակից դուրս բերողի դերում»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ այստեղ քաղաքագիտական և քաղաքական առումով շատ թաքնված բաներ կան:

Անդրադառնալով «Ժառանգություն»-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ ամեն դեպքում լինելով համագործակցությունների կողմնակից, լավ չի պատկերացնում այդ համագործակցությունը, որովհետև ԲՀԿ-ն այսօր այլ ձևաչափով է հանդես գալիս, «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»:

«Ես չգիտեմ՝ որքանո՞վ են ազնիվ Բարգավաճ Հայաստանի մղումները, ինչպե՞ս հավատալ դրանց, և արդյո՞ք դրանց հետևում Ռոբերտ Քոչարյանի ականջները չեն երևում»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Վերջին տեղում գտնվող «Ալաշկերտը» հաղթեց «Ուլիսին»

ֆուտբոլԱվարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրը: Վերջին տեղում գտնվող «Ալաշկերտը» հաղթեց «Ուլիսին», իսկ «Շիրակը» և «Գանձասարը»  ոչ-ոքի խաղացին:

 

«Շիրակ»-«Գանձասար» 1:1 (1:0)

 

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Դամե Դիոպ, 31 («Շիրակ»), Շոթա Ջիքիա, 65 («Գանձասար»)

 

«Ուլիս»-«Ալաշկերտ» 0:3 (0:1)

 

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլերը՝ Նորայր Գյոզալյան, 42, Միհրան Մանասյան, 63, Դարկո Վուչիչ, 89

                                                ԱՂՅՈՒՍԱԿ

N     Թիմեր Խ               Մ
1.     Արարատ 15              30
2.     Շիրակ 15              23
3.     Բանանց 15              22
4.     Գանձասար 15              21
5.     Փյունիկ 15              20
6.     Միկա 15              19
7.     Ուլիս 15              13
8.     Ալաշկերտ 15              12

Ձնծաղիկ

Подснежники11Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման  ծաղիկները: Նա չի վախենում ձնից, ձմեռային սառնամանիքներից կամ գարնանային  ցրտերից: Ձնծաղիկի ծաղկումը գարնան գալու առաջին նշանն է:

Подснежники1Ձնծաղիկների ընտանիքում  (Galanthus) կա  12-18 տեսակ (տարբեր աղբյուրներ տարբեր քանակի մասին են հաղորդում), որոնք սերում են Եվրոպայի, Կովկասի և Թուրքիայի անտառներից, դաշտերից ու սարերից: Եվրոպայի տարբեր կլիմայական գոտիներում ձնծաղիկները տարբեր ժամանակ են ծաղկում`  դեկտեմբեր-հունվարից մինչև  մարտ-ապրիլ:

Ձնծաղիկները հասնում են 20-25 սմ բարձրության, տարբեր տեսակներ ունեն տարբեր չափեր և ծաղկի տարբեր ձևեր:

Տարվա մեծ մասը ձնծաղիկներն  անց են կացնում սոխուկի տեսքով, հողի տակ և սկսում են ակտիվանալ աշնանից, երբ սոխուկներն  արթնանում են և արմատներ տալիս: Դա տևում է մինչև գարուն, երբ նրանք սկսում են աճել, ծաղկում են և ուժ են հավաքում նոր սեզոնի համար:

ПодснежникиՁնծաղիկները բազմանում են սոխուկներով, որոնք աճում  են ամռան ընթացքում: Ձնծաղիկը չի սիրում տեղափոխություն, բայց եթե այն անհրաժեշտ է, դա հարկավոր է անել անմիջապես ծաղկելուց հետո, երբ դեռ տերևները կանաչ են: Հարկավոր է տեղափոխել  սոխուկին կպած հողագնդի հետ միասին: Սոխուկները պետք է  տնկել  5սմ խորությամբ: Սերմերով բազմացումը  հնարավոր է ,  բայց դա լավագույն ձևը չէ,  քանի որ այդ բույսերը ծաղկում են 4-5 տարի հետո: Ձնծաղիկի համար գերադասելի է  ձմռան մինուսային ջերմաստիճանը, գոնե կարճ ժամանակահատվածի համար:

Երկու կարևոր հանգամանք հաջող ծաղկման համար. շատ խոնավություն և գարնանը մի քանի ժամ լուսավորություն: Բնության մեջ այս երկու պայմանը բնականորեն պահպանվում են: Այգում, եթե ձեր կողմերում ձմեռներն  անձյուն են, անհրաժեշտ է կոկոնների և ծաղկման ընթացքում ջրել ձնծաղիկներին: Որքան ցուրտ է եղանակը, այնքան երկար են ծաղկում ձնծաղիկները: Ծաղկելուց հետո հարկավոր է թողնել տերևներին բնական ձևով մահանալ:

Ինչպես  շատ սոխուկավոր բույսեր, ձնծաղիկները համարյա խնամք չեն պահանջում, բայց երբեմն նոր ձեռք բերած ձնծաղիկներին դժվար է լինում ստիպել, որ ծաղկեն: Եթե նրանք հաջող արմատակալում են ձեր այգում և զգում իրենց ինչպես իրենց տանը, նրանք կծաղկեն ամեն տարի և ուշադրություն  չեն պահանջի:

Այգում  ձնծաղիկներ կարող են  աճել  ալպիական բլրի վրա, ծառերի եւ թփերի տակ, ոչ բարձր թմբերի վրա,  թաղարների մեջ: Նրանք լավ են նայվում կոկիկ  բազմաթիվ խմբերի տեսքով կամ գորգի նման տարածված:

Ձնծաղիկների համար լավ ընկերներ են այնպիսի վաղ ծաղկող ծաղիկներ,  ինչպիսիք  են ցրտադիմացկուն ցիկլամենը, կրոկուսները, նարգիզները, նաև խոստան, գարնանածաղիկը և այլ գարնանային բազմամյա բույսեր:

Հետաքրքիր փաստեր ձնծաղիկի մասին

Ամեն տարի ապրիլի 19-ին  շատ երկրներ ավանդաբար տոնում են գարնանային “Ձնծաղիկի օրը” տոնը: Այդ պատմությունը գալիս է Անգլիայից,  1984 թվից: Ընդհանրապես աշխարհում, կլիմայական պայմաններից կախված,  ձնծաղիկները ծաղկում են հունվարից ապրիլ: Եվ քանի որ Մեծ Բրիտանիայում  այն ծաղկում է ապրիլի կեսերին, այդ տոնը համարվում է գարնան սկզբի, տաք արևոտ  օրերի տոն և նշվում է շատ երկրներում: Պետք է նկատել, որ Անգլիայում ձնծաղիկները շատ հարգի են: Կարծիք կա,  կապված է հին անգլիական հավատի հետ, որ տան շուրջը տնկած ձնծաղիկները պահպանում են բնակիչներին չար ոգիներից:  Միացյալ Թագավորությունում ձնծաղիկներով զարդարում են քաղաքային ծաղկաթմբերը, նրանց բազմացմանը նույնքան ուշադրություն են դարձնում, որքան Հոլանդիայում վարդակակաչների բազմացմանը:

Ձնծաղիկի լատինական անվանումը` Galanthus, նշանակում է  “կաթնային ծաղիկ”: Այս բույսը հայտնի է դեռ առաջին հազարամյակից, միջին դարերում նրան մեծարում էին որպես անաղարտության խորհրդանիշ, իսկ 19-րդ  դարում սկսեցին աճեցնել: Այժմ ձնծաղիկ աճեցնում են երկրագնդի շատ վայրերում, բայց պրակտիկորեն նրանք գրանցված են Կարմիր գրքում: Ամենատարածվածը ձյունասպիտակ ձնծաղիկն է, կան նաև հունական, կովկասյան, բյուզանդական … նրանք բոլորը տարբերվում են ձևով, գույնով և նույնիսկ բույրով , բայց բոլորը սիրելի են: Կան նաև առասպելներ ձնծաղիկի մասին, օրինակ, երբ Ադամն ու Եվան վտարվել են դրախտից, ձյուն է եկել: Եվան սառել է և սկսել է արտասվել`հիշելով դրախտի տաք օրերը: Որպեսզի նրան մխիթարի, Աստվածը ձյան փաթիլների մի մասը վեր է ածել ձնծաղիկների: Տեսնելով ծաղիկները` Եվան ուրախացել է, և հույս է արթնացել , որ ամեն ինչ լավ կլինի: Այստեղից համարվում է, որ ձնծաղիկը հույսի խորհրդանիշ է:

Մեկ այլ առասպելում  աստվածուհի Ֆլորան ծաղիկներին հագուստներ է բաժանում և ձնծաղիկին նվիրում է սպիտակ զգեստ: Բայց ձյունը նույնպես ցանկանում է մասնակցել պարահանդեսին, չնայած նրան հագուստ չէր հասնում: Եվ նա խնդրում է ծաղիկներին իրեն օգնել, բայց վերջինները վախենում են ցրտից ու չեն համաձայնում: Միայն ձնծաղիկն է նրան ծածկում իր սպիտակ թիկնոցով և նրանք միասին պտտվելով պարում են    ծաղիկների պարահանդեսում, լցվում միմյանց նկատմամբ համակրանքով և մինչ օրս անբաժան են :

 

Անկախ

ԱԺ-ի գազի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը

աժՀայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նիստն այս պահին դեռ չի ավարտվել:

Նշենք, որ հանձնաժողովի կազմում ՀՀԿ խմբակցությունից ընդգրկված են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Ֆինանսավարկային  և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնում են Միքայել Մելքումյանը և Գուրգեն Արսենյանը, «Օրինաց երկիր»-ը՝ Հովհաննես Մարգարյանը, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ն՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ժառանգություն»-ը՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

«Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական մեսիջն ուղղված էր Ռուսաստանին և նպատակ ուներ ցույց տալ, որ կողմնակից է ՄՄ անդամակցությանը». Վահան Շիրխանյան

Վահան ՇիրխանյանՀՀ պաշտպանության  նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ մարտի 1-ի հանրահավաքին ներկա չի եղել և ցանկություն էլ չի ունեցել: Հարյուրավոր հանրահավաքների է մասնակցել, և ակնկալիքներ էլ չի ունեցել, որ այս մեկն ինչ-որ բանով կտարբերվի մյուսներից:

«Քաղաքական պայքարը պետք է հիմնված լինի գաղափարի վրա, եթե չկա գաղափար, ապա դա պայքար է աթոռի համար: Այս հանրահավաքին էլ չերևաց ընդդիմության ծրագրային գաղափարախոսությունը: Ընդդիմությունը չունի իր քաղաքական գաղափարախոսությունը, որի մեջ ժողովուրդը կտեսնի իր ապագան, խնդիրների լուծումը, և կգնա այդ շարժման հետևից: Իսկ այդ ծրագրի հիմքում պետք է լինի համակարգի փոփոխությունը, անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում»,- ասաց Վահան Շիրխանյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամենահետաքրքրական հատվածը, որը գրավել է Վահան Շիրխանյանի ուշադրությունը, Մաքսային միությանն անդամակցությանը դրական արձագանքն էր:

«Մարդ, ով միշտ դեմ է եղել Մաքսային միությանը, հայտարարում է, որ կողմ է: 1993-1994 թվականներից Մաքսային միությանն անդամակցության հարցը քննարկվել է, և ամեն անգամ մերժվել է ընդհանուր սահման չունենալու պատճառաբանությամբ: Իրական պատճառաբանությունն, իհարկե, ուրիշ էր: Այն ժամանակ դեմ էին Մաքսային միությանը, որովհետև Հայաստանի վզին փաթաթվել էր լիբերալ-դեմոկրատական համակագը, որը, իբր, մեզ պետք է տաներ դեպի Եվրոպա: Բայց, ժամանակը ցուց տվեց, որ այդ համակարգը բացի ժողովրդի 90-տոկոսի սննկացումից, ոչինչ չտվեց»,- ասաց Վահան Շիրխանյանը՝ հավելելով, որ, եթե մենք հրաժարվենք Մաքսային Միությանն անդամակցությունից, դա խիստ բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա: Վահան Շիրխանյանը որևէ պատճառ չի տեսնում Մաքսային միությունից հրաժարվելու: Ըստ նրա՝ դա վերջին տարիների լավագույն քայլերից է: Մաքսային միությունը Հայաստանի համար անհրաժեշտ քայլ է և միակ ճիշտ քայլը, Արևմուտքն ու Եվրաասոցացումը Հայստանը դեպի կործանում կտանեին:

«Հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հինական մեսիջն ուղղված էր Ռուսաստանին և նպատակ ուներ ցույց տալ, որ կողմնակից է Մաքսային միությանն անդամակցությանը»,- ասաց Վահան Շիրխանյանը:

 Անկախ

Ռուսաստանի թիմի հետ խաղին մասնակցելու համար Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստները

ֆուտբոլի հավաքականՄարզասերները տեղյակ են, որ մարտի 5-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Կրասնոդարում ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի թիմի հետ։

ՀՖՖ-ի կայքը տեղեկացնում է, որ այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի հավաքական է հրավիրվել 23 ֆուտբոլիստ։

Հայաստանի հավաքականի կազմը.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Միկա»), Արսեն Բեգլարյան («Գանձասար)

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ», Հայաստան), Հրայր Մկոյան («Գանձասար», Հայաստան), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Դավիթ Հակոբյան ( «Շիրակ»), Կառլեն Մկրտչյան («Անժի», Ռուսաստան), Գևորգ Ղազարյան («Մետալուրգ», Ուկրաինա), Մարկոս Պիզելի («Ակտոբե», Ղազախստան), Արազ Օզբիլիս («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արտակ Դաշյան («Ալ Մուհարաք», Բահրեյն), Արտակ Եդիգարյան («Ժալգիրիս», Լիտվա), Կարեն Մուրադյան («Շիրակ»), Աղվան Պապիկյան («Փյունիկ»)

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան), Սարգիս Ադամյան («Նոյշտրելից», Գերմանիա)

Հավելենք, որ Ռուսաստանի հետ ընկերական խաղին Հայաստանի հավաքականը  կնախապատրաստի ոչ թե նորոնծանակ մարզիչ Բեռնար Շալանդը, այլ` ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը։

Անկախ

Տուգանային հրապարակ տեղափոխված 70 մեքենաներից 18-ի վարորդները եղել են անսթափ վիճակում

ճանապարհային ոստիկանությունՓետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 70 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու հատուկ սարքավորում, 18 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Ճանապարհային ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Մարտունիում, Իջևանում և Դիլիջանում զենք-զինամթերք են հանձնել

զենք-զինամթերքՄարտունի քաղաքի մի բնակիչ փետրվարի 28-ին ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին և կամավոր հանձնել 12 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննություն:

Փետրվարի 28-ին Գանձաքար գյուղի մի բնակիչ ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի` 65, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Դիլիջան քաղաքի մի բնակիչ փետրվարի 28-ին ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և կամավոր հանձնել «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 60, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 3, «ՏՕԶ» տիպի հրացանի` 1 փամփուշտ և «ԱԿ» տիպի ինքնաձիգի 2 դատարկ փամփշտակալ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: