Հայաստանի արտգործնախարարը կայցելի Փարիզ

 Էդվարդ Նալբանդյան Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Անկախ

 

 

“”Ադրբեջանական ագրեսիան ընդգծում է Արցախի սահմանները” գիրքը կփոխի բանակցային գործընթացի տրամաբանությունը”. քաղաքագետ

Political scientist Levon Melik-Shahnazaryan is guest in Henaran press clubՔաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը հրատարակել է իր “Ադրբեջանական ագրեսիան ընդգծում է Արցախի սահմանները” գիրքը, որը հիմնված է հետախուզության ժամանակ ձեռք բերված շատ կարևոր փաստաթղթերի և իր հոդվածների վրա: Դրանք գաղտնի ադրբեջանական փաստաթղթեր են. կա փաստատթուղթ, որից ընդամենը մի օրինակ է:

800 օրինակից ռուսերեն լեզվով տպագրված այս գրքույկը քաղաքագետն արդեն ուղարկել է համապատասխան մարմիններին, մասնավորապես Արտաքին գործերի նախարարություն` հույս ունենալով, որ դրանք մոտ ապագայում կհայտնվեն բանակցային սեղանին:

“Այս փաստաթղթղերը մեզ մոտ են հայտնվել շատ վաղուց, դեռ 90-ականներին, ուղղակի դրանք կորած էին համարվում ու բոլորովին վերջերս են նորից հայտնաբերվել: Այստեղ հրատարակված փաստաթղթերն ամբողջովին ջարդում են Ադրբեջան-Հայաստան բանակցությունների տրամաբանությունը: Ադրբեջանը աշխարհին ներկայացնում է, իբրև թե Հայաստանը ագրեսիա է դրսևորել և գրավել իր տարածքի մի մասը: Իսկ մենք շարունակ պաշտպանվում ենք այդ մեղադրանքից: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ ագրեսորը հենց ինքը` Ադրբեջանն է: Սրանք ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձել է կատարել ցեղասպանություն` Արցախի բնակչության հանդեպ: Այս փաստաթղթերը միջնորդների սեղանին դնելիս` կփոխվի բանակցությունների տրամաբանությունը: Եվ պարզ է դառնում, որ տարածքները տալու մասին բանակցությունները հիմք չունեն: Այս պարագայում խոսել պետք չէ անգամ Մինսկի խմբի առաջարկների մասին”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իր գիրքը` ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Հեղինակը տեղեկացրեց, որ գրքում ներառված է 11 փաստաթուղթ, բայց էլի փաստաթղթեր կան: Հեղինակը համոզված է, որ Ադրբեջանում տեղյակ են, որ այս փաստաթղթերը կրկին մեր ձեռքում են, որովհետև որոշ մասն ինքը հրատարակել է իր voskanapat.info կայքում, բայց որևէ արձագանք նրանց կողմից դեռ չի եղել:

“Ես կարծում եմ, որ պատասխան չունեն, ավելին` նրանք խուճապի մեջ են, որովհետև չէին մտածում, որ այս փաստաթղթերը կհայտնվեն մեր ձեռքում: Ես պատրաստվում եմ այս գրքույկն ուղարկել Ռուսաստանի տարբեր վերլուծական ինստիտուտների, Բրյուսել, ԱՄՆ և մեր այն լոբբիստական կազմակերպություններին, որոնք զբաղվում են քաղաքական հարցերով”:

Հարցին` արդյո՞ք մեր պատկան մարմինները կդնեն այս փաստաթղթերը բանակցային սեղանին, բանախոսը պատասխանեց. “Պիտի որ սա աչք ծակի: Սակայն, ես վստահ չեմ, որ այս գրքույկը, որն արդեն ուղարկել եմ ԱԳՆ, կհասնի այն մարդկանց, որոնք պետք է այն կիրառեն”:

Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում

Մհեր Մկրտչյան,հուշ-երեկո ԹբիլիսիՄարտի 11-ին Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, կայացավ նշանավոր հայ  դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի աջակցությամբ:

 

Հուշ-երեկոյին մասնակցեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, վրաց հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Մհեր Մկրտչյան,հուշ-երեկո ԹբիլիսիՄիջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպանը։ Նա, մասնավորապես, նշեց. «Ընդամենը վերջերս՝ դեկտեմբերի 29-ին, լրացավ 20 տարին, ինչ Ֆրունզիկ Մկրտչյանը մեզ հետ չէ: Բայց մեծ տաղանդի և խաղացած փայլուն դերերի շնորհիվ նա միշտ կմնա մեր սրտերում: Ֆրունզիկն անկրկնելի Վախթանգ Կիկաբիձեի հետ միասին «Միմինո» ֆիլմում կարողացավ ցուցադրել հայ-վրացական ընկերության և բարեկամության էտալոնը: Այդ առումով Մհեր Մկրտչյանը լիարժեք կարող է համարվել Հայաստանի մշակութային, ավելին՝ ժողովրդական դեսպանը մեր բարեկամ Վրաստանում»:

Երեկոյի հյուրերին ողջունեց նաև Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, ով խոսեց հայ-վրացական դարավոր եղբայրության և բարեկամության մասին՝ միաժամանակ հայտնելով իր ակնածանքը և սերը Մհեր Մկրտչյանի և նրա արվեստի հանդեպ:

Վրաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Երմուխամետ Երթսբաեվը  հանդես եկավ գնահատանքի խոսքով. «Երբ մարդը հանճարեղ արտիստ  է, նա ազգային պատկանելություն չունի: Ինչպես դերասանն էր ասում՝ կյանքում ամեն բան անցողիկ է, միայն արվեստն է, որ անմահ է»։

Հրավիրվածներին ներկայացվեցին «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի, «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարի հեղնիակ Ռևազ Գաբրիաձեի և Վախթանգ Կիկաբիձեի՝ հատուկ այդ երեկոյի համար տեսագրված ողջույնի խոսքերը՝ համեմված մեծանուն հայ դերասանի հետ առնչվող հետաքրքիր և հումորային հիշողություններով: Երեկոյի ընթացքում ներկայացվեցին հայտնի ֆիլմերի վիդեո-կադրեր, կազմակերպվեց մեծ դերասանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես, նրա նկարների եզակի ֆոտո-շարքի ցուցադրություն, տեղի ունեցավ համերգային մաս:

 

Անկախ

 

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր

կառավարությունՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Այնուհետև քննարկվել են ՀՀ պետական գնումների համակարգին առնչվող հարցերը և դրամաշնորհային ծրագրերով ԱԱՀ-ով հարկման ժամանակ առաջացող խնդիրները: Վերջինիս կապակցությամբ վարչապետը հանձնարարել է հրավիրել խորհրդակցություն և գտնել լուծումներ:
Զեկուցվել է նաև Հայաստանում ռոբոտաշինության խմբակների ստեղծման և զարգացման` «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի ընթացքը: Տեղեկացվել է, որ հանրապետությունում արդեն իսկ ստեղծվել են 60 խմբակներ, որոնց թիվն առաջիկայում նախատեսվում է եռապատկել: Նշվել է, որ խմբակների գործունեությունը կնպաստի աշխատաշուկա հազարավոր երիտասարդների ներգրավմանը: Մասնավոր հատվածը դիմել է կառավարությանը դրամական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, ինչն արժանացել է Տիգրան Սարգսյանի հավանությանը: Նախատեսվում է ծրագրին ներգրավել նաև տարբեր դոնորների:
Օրակարգային հաջորդ հարցով առաջարկվել է օրենքի բոլոր նախագծերը RSS ֆորմատով տեղադրել ՀՀ արդարադատության նախարարության վեբ կայքում: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ քննարկել հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Նիստում քննարկվել են նաև նվազագույն աշխատավարձին, երաշխիքային սպասարկման ժամանակ գործող մաքսային ընթացակարգերին և ՀՀ-ում «Ուսում» համակարգով համակարգչային հմտությունների թեստավորման և հավաստագրման կենտրոնների ստեղծման և գործարկման ծրագրին առնչվող հարցեր:
Ամփոփելով խորհրդի նիստի արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տեղեկատվական տոխնոլոգիաների զարգացման խորհուրդն իր մեջ ներառում է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Դրա նպատակն է, որպեսզի մենք իրական հատվածից ստանանք ազդակներ, թե որոնք են ՏՏ ոլորտին մտահոգող խնդիրները, տեսնենք՝ ինչպիսի խոչընդոտներ կան, որպեսզի կառավարությունն օպերատիվ արձագանքի, գտնի լուծումներ, ու ոլորտը զարգանա: Հարցերի ճնշող մեծամասնությունը ստանում է լուծումներ»: 
Վարչապետը հորդորել է ՏՏ բնագավառի ներկայացուցիչներին՝ կառավարությանը մշտապես ներկայացնել բոլոր խնդիրները՝ համատեղ լուծումներ գտնելու և ծրագրեր իրականացնելու համար:
Անկախ

Ջրաշենցի կինը նորածին տղային զուգարանակոնքի մեջ է թողել, որ մահանա

նորածինՄարտի 10-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած` 1974 թ. ծնված Անուշ Գ.-ին, նորածնի հետ միասին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.-ն եղբոր`  1979 թ. ծնված Նվեր Մ.-ի տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց անմիջապես հետո, ապօրինաբար իր նորածին արական սեռի երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան թողել է տան զուգարանակոնքի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, եղբոր կնոջ` 1984 թ. ծնված Արմինե Ա.-ի միջամտությամբ, սպանությունն ավարտին չի հասցվել:
Անուշ Գ.-ն նորածնի հետ տեղափոխվել է «Սպիտակ»  բժշկական կենտրոն, նորածնի կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

15-ամյա Բերքին Էլվանին հիշում է նաև Ստամբուլի հայ համայնքը

zartonkԵրեկ սկիզբ առած ստամբուլյան ցույցերին մասնակցել է նաև տեղի հայկական համայնքը: Հայազգի երիտասարդներից ձևավորված «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը Բերքինին հիշել է հայերեն գրություն թողնելով Իսթիքլալ պողոտայի շենքերից մեկի պատի վրա՝ «Պէրքին, քէզի պիտի չմորձնէնք»:

agos  Բերքին Էլվանի հիշատակին նվիրված պաստառ կարելի է տեսնել նաև «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան շենքի պատին, որի վրա գրված է՝ «Երեխան և հացը սուրբ են: Քեզ չենք մոռանա Բերքին»:

Չնայած թուրքական ոստիկանությունը ամեն կերպ փորձում է կանխել Բերքին Էլվանի մահվան պատճառով գլխավորապես Ստամբուլի ու Անկարայի փողոցներ դուրս եկած ելույթները, այնուհանդերձ այսօր կրկին մեծ ամբոխ է հավաքվել Ստամբուլի Օքմեյդան կոչվող թաղամասում մասնակցելու 15-ամյա Բերքինի հոգեհանգստի արարողությանը:

 

Բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի առջև

3(1)Ադրբեջանում բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել նախագահի աշխատակազմի շենքի առջև: Վարորդները դժգոհ են վերջին ստուգումներից, որոնք իրենց հետևելու նպատակով իրականացնում են տրանսպորտի նախարարության և ՃՈ-ի աշխատակիցները, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

“Պետության կողմից տրամադրված տեխնիկական անձնագրերի համաձայն՝ թույլ է տրվում տեղափոխել 35-55 տոննա բեռ: Բայց երբ մենք տանում ենք 32 տոննան գերազանցող բեռ, մեզ տուգանում են 600-1400 մանաթով”,- բողոքում են ակցիայի մասնակիցները:

Նախագահի աշխատակազմում վարորդներին ընդունել են, այնուհետև ուղարկել են տրանսպորտի նախարարություն: Ըստ կայքի՝ տուգանքները պայմանավորված են բեռնված մեքենանաների՝ճանապարհները փչացնելու հանգամանքով:

Օբամայի վարկանիշը նվազագույնի է հասել

12134316.166955.2531ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը երկրում ռեկորդային նվազագույն նիշի է հասել` 41%, այդ են վկայում Wall Street Journal  թերթի` NBC հեռուստաալիքի հետ համատեղ անցկացրած հարցման արդյունքները:.

Դրանց համաձայն, ներկայում Օբամայի ձեռնարկները չի պաշտպանում ամերիկացիների 54%-ը: Դա Օբամայի  ղեկավարման ողջ ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է:

Այդ տվյալները տագնապալի ազդանշան են դեմոկրատական կուսակցության համար, որը փորձում է  պահպանել սենատում տեղերի մեծամասնությունը ընտրությունների արդյունքներով  ( տեղի են ունենալու 2014-ի նոյեմբերին), նշում են ԱՄՆ ԶԼՄ-ները:

Հարցումն անց է կացվել  այս տարվա մարտի 5-9-ը. մասնակցել է չափահաս 1000 մարդ:

Անկախ

Անչափահաս իրավախախտների վերականգնողական կենտրոնները փակման վտանգի տակ են

օրբելյան արամ2006 թվականից գործող 10 «Անչափահաս իրավախախտներ» վերականգնողական կենտրոնները յոթ տարի շարունակ աշխատել են ավելի քան 1000 անչափահասների հետ, ինչը տվել է դրական արդյունքներ: Իսկ հիմա ԱՄՆ Միջազգային զարգացման կազմակերպության կողմից ֆինանսավորումը դադարեցվել է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը նշեց, որ այս 7 տարիների ընթացքում կենտրոններ են ուղղորդվել հարյուրավոր անչափահասներ, որոնց հետ լուրջ աշխատանքներ են տարվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնների կողմից տարված աշխատանքի ընթացքում դրական արդյունքներ են արձանագրվել, ոստիկանությունը փորձեր է անում հանդիպումներ կազմակերպել շահագրգիռ անձանց հետ, որպեսզի վերջիններիս ֆինանսավորմամբ շարունակական լինի աշխատանքը:

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի  գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով` զուտ ծախսարդյունավետության տեսանկյունից ճիշտ կլինի, որ համայնքներում երեխաների հետ աշխատեն ցերեկային ծրագրերով: Ըստ նրա՝ այդպես ավելի նպատակահարմար է, որովհետև նմանատիպ կենտրոնների ստեղծման դեպքում միշտ մի օր կանգնում են ֆինանսավորման խնդրի առջև:

«Լավ կլիներ, որ Ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը գտնեին այն ձևաչափը, որով կարելի է աշխատել թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրի հետ»,- ասաց Միրա Անտոնյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն էլ նշեց, որ նախարարության մոտեցումն այս կենտրոնների աշխատանքին միշտ եղել էլ  դրական:

«Բյուջետային հայց գուցե ներկայացվի՝ հետագայում այս կենտրոնների աշխատանքը շարունակելու համար: Այս պահին քննարկվում է Ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության բյուջեների հաշվին շարունակել կենտրոնների գործունեությունը: Հնարավոր է, որ որոշ համայնքներ իրենց բյուջեների հաշվին շարունակեն ֆինանսավորումը, և կենտրոնները շարունակեն իրենց աշխատանքները: Քննարկել ենք նաև արտաբյուջետային միջոցներով կենտրոնների ֆինանսավորումը, սակայն այս պահին հստակ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չենք կարող տալ»,-ասաց Արամ Օրբելյանը:

 

Երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքային տարբեր ծրագրերին

երիտասարդներԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին երիտասարդության ակտիվ ներգրավածությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը 2013 թվականի ընթացքում նախաձեռնել և իրականացրել է մի շարք ծրագրեր:

Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում խորհրդի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքում հեծանվուղիների ձևավորման ուղղությամբ: 2013-ին Երևանի տարբեր հատվածներում տեղադրված գրքի տաղավարներում հավաքված շուրջ 6000 կտոր գրականությունն ուղարկվել է սահմանամերձ գյուղերի գրադարաններ և զորամասեր: Հաջողված այս ծրագրին հաջորդեց առաջարկների տաղավարների ծրագիրը: Ծրագրի ընթացքում քաղաքացիների կողմից ստացված առաջարկների մի մասն ընդգրկվեց 2014թ. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրում, որոշ մասն էլ որպես ընթացիկ աշխատանքներ են իրականացվում: Ի դեպ, երիտասարդության հարցերի խորհրդի ծրագրերում ներգրավել և առաջարկներ ներկայացնել կարող է յուրաքանչյուր երիտասարդ:

«Ֆեյսբուք» սոցիալական կայքում գործում է նաև երիտասարդության հարցերի խորհրդի էջը: 2013թ. ընթացքում երիտասարդների կողմից այդ էջն ստացել է ավելի քան 1000 հարց և առաջարկություն: Բարձրացված բոլոր հարցերը ստացել են համապատասխան ընթացք և կարգավորվել: Խորհուրդը ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբեր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Խորհրդի անդամներն ու հարյուրավոր կամավորներ աշխուժորեն ներգարվված են եղել նաև մշակութային տարբեր ծրագրերում, այդ թվում՝ «Էրեբունի – Երևան 2795» տոնակատարության կազմակերման և անցկացման, Մարտի 8-ի միջոցառումներին: 2014 թվականի ծրագրերում ընդգրկված է նաև մեծ հեծանվավազքի կազմակերպումը Երևանում:

2013թ. հիմնված «Բանավեճի ակումբ»-ի ծրագրում նախորդ տարի ընդգրկված 20 թիմերի համեմատ արդեն այս տարի 35 թիմ է մասնակցելու:  Հիմնադրվել և գործում է նաև «Կամավորների բանկ» ծրագիրը, որի շրջանակում տարբեր մասնագիտության տեր երիտասարդների հնարավորություն է ընձեռվում գործընկեր կամակերպություններում խորացնելու մանագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Նշենք, որ կամավորական սկզբունքով գործող խորհրդի կազմում ներառված է երիտասարդական 20 կառույց, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ: Երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսում է ստեղծել նաև երիտասարդների հետ համատեղ ծրագրերի իրագործման նոր և առավել ընդգրկուն հարթակ:

Անկախ

Թուրք գեներալ Վելի Քյուչյուքը ազատության մեջ է

Թուրք գեներալ Վելի Քյուչյուք  Թուրքիայում ազատ է արձակվել “Էրգենեքոնի” գործով դատապարտված գեներալ Վելի Քյուչյուքը: Պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրվող Քյուչյուքից բացի ազատության մեջ են հայտնվել նույն գործով կալանավորված Ֆուադ Սելվին, Սերդար Օզթյուրքը և Լևենթ Էրսյոզը:

Ստամբուլի դատարանի այս որոշումը առաջացրել է հասարակության դժգոհությունը: Շատերը բողոքում են, որ երկրում այլև հավատ չի մնացել արդարադատության նկատմամբ և հանցագործները հաճախ կարող են անպատիժ մնալ: Թուրքիայում հասունանում է հակակառավարական ելույթների նոր ալիք, որը իշխող վերնախավի համար հղի է անկանխատեսելի վտանգներով:

 Անկախ

Քննարկվել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության “ճանապարհային քարտեզի” իրականացման ընթացքը

11119_am_3 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության “ճանապարհային քարտեզի” իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով: Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտին հասցնել մինչև 2014 թ. մարտի վերջ:
Տիմուր Սուլեյմանովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության և աշխատանքային խմբերի գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Անկախ

Դավիթ Հարությունյանը դատաիրավական բարեփոխումների նախագծում ծայրաստիճան վիճելի հարց է տեսնում

դավիթ-հարությունյանԱզգային ժողովում քննարկվում է «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  տեղեկացրեց, որ փաթեթը մշակվել է՝ հաշվի առնելով նախատեսված դատաիրավական բարեփոխումները: Սահմանվում են վճռաբեկ դատարան գործեր ընդունելու հիմքերը, գործերի բաշխման նոր, առավել արդյունավետ  համակարգ եւ այլն:

Հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանն իր ելույթում անդրադրձավ նախագծի` իր կարծիքով ամենավիճահարույց կետին. այն, որ միևնույն անձը երեք անգամից ավելի չի կարող ընտրվել դատարանի դատավոր: «Այս հարցը սահմանադրության հետ որոշակի խնդիրներ ունի,-կարծում է Հարությունյանը` վկայակոչելով սահմանադրական այն դրույթը, ըստ որի դատավորներին Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակում է և նրանց լիազորությունները դադարեցնում է Հանրապետության նախագահը,-արդյոք Ազգային ժողովը կարո՞ղ է այդ աստիճան մխրճվել ՀՀ նախագահի լիազորությունների մեջ: Մենք այս հարցում ունենք տարակարծություն կառավարության հետ: Այս մասը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, և մենք պետք է սպասենք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական պատասխանին: Սա ծայրաստիճան վիճելի հարց է»:

Միաժամանակ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ դա չպետք է արգելք հանդիսանա, որպեսզի օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվի: Սակայն մինչև երկրորդ ընթերցում այդ հարցին պետք է հստակ պատասխան տրվի:

Նա նաև անընդունելի է համարում օրինագծում առկա այն դրույթը, որ դատարանի նախագահը 25 տոկոս նվազ ծանրաբեռնվածություն պետք է ունենա, քան մյուս դատավորները: «Ի վերջո այդ ամենն ունի ֆինանսական արտահայտություն: Դատարանի նախագահն էլ դրա դիմաց ավելի բարձր աշխատավարձ է ստանում: Եվ բացի այդ, մենք այսօր չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ»:

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանին հետաքրքրում էր Դավիթ Հարությունյանի` որպես «ոլորտի լավագույն մասնագետի» անձնական կարծիքը այս օրենսդրական փոփոխության վերաբերյալ` արդյոք սա կնպաստի՞ դատական համակարգի անկախացմանը:

Դավիթ Հարությունյանը նախ ժպիտով իր անհամաձայնությունը հայտնեց իր հասցեին հնչած «ոլորտի լավագույն մասնագետ» ձևակերպանը, ապա անցնելով բուն թեմային` նախագիծը բնութագրեց որպես հակակոռուպցիոն նախագիծ: Միաժամանակ նա հայտնեց, որ բարեփոխումներ անելիս պետք է կարողանալ ճշգրիտ սահմանը զգալ: «Կարգավորումն անհրաժեշտ է, բայց ողջամտության սահմաններում: Գերկարգավորութմոը կարող է բերել կոլապսի»:

Ինչ վերաբերում է դատական համակարգի անկախացմանը, ապա Դավիթ Հարությունյանը կարծում է, որ այդ համակարգն էլ հասարակության մի մասն է և տառապում է այն նույն հիվանդությամբ, ինչ ողջ հասարակությունը:

Խոսրով Հարությունյանն էլ բարձրարցրեց դատական պրակտիկայի վերլուծության հարցը, որն, ըստ նրա, պետք է հիմք դառնա դառնա իրավունքի ոլորտում քաղաքականության մշակման համար: «Ո՞ր կառույցը դա պետք է անի,-հարցրեց նա,-և ընդհանրապես մենք ունե՞նք նման վերլուծության կարիք»:

Դավիթ հարությունյանը կարևորեց բարձրացված հարցը և ասաց, որ ցավոք, այսօր մենք չունենք ինստիտուցիոնալ մի կառույց, որը հետևողականորեն վերլուծի դատարանի որոշումներն ու հանդես գա համապատասխան օրենսդրական փոփոխություններով:

«Պետք է ունենալ մի մարմին, որը պատասխանատու է այդ աշխատանքի համար: Կարծում եմ` այդ մարմինը պետք է լինի գործադիր իշխանությունը: Միգուցե նաև ճիշտ կլինի, եթե մենք առաջարկենք գործադիր իշխանությանը այս հարցում քայլեր ձեռնարկել»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից պարզ դարձավ, որ նա այս նախագծից առանձնապես ոգևորված չէ: Ճիշտ է, փոփոխությունները որոշակի դրական տարրեր իրենց մեջ պարունակում են, սակայն նա համոզված է, որ դրանք արմատական հեղաշրջում չեն իրականացնի ոլորտում:

Նա նույնպես սահմանադրության կոպտագույն խախտում է համարում նախագծով դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ դրույթ սահմանելը: «Մեր կառավարությունը կարծես չի սիրում Սահմանադրությունը, ուզում է շրջանցել, ինչ որ ձևակերպումեր է գտնում `խուճուճ-մուճուճ: Առանց այն էլ ինքնուրույնությունները կորցրած դատավորներ են»:

Անդրադառնալով նախագծով սահմանված բարեփոխումներին` ՀԱԿ պատգամավորը թվարկեց ոլորտում առկա խոցելի տեղերը, որոնք ըստ նրա, շարունակելու են նույն ձևով պահպանվել. «Ի՞նչ ենք ուզում մենք այս օրենքով: Արդյոք քանդո՞ւմ ենք դատական բուրգը: Ցավոք, ոչ: Մեր արդարադատության խորհուրդը ամենամեծ գուրզն է դատավորների անկախության գլխին: Խորհրդի անդամներ կան, որ 1996 թվականից այդ խորհրդի կազմում են: Բերեք փոխենք: Սրանք սպիտակ դատավորներ են: Երբևէ լսե՞լ եք, որ նրանցի որևէ մեկին կարգապահական տույժի ենթարկեն: Այս օրենքով վճռաբեկ դատարանի դատավորին ավելի մոնստր ենք դարձնում: Վճռաբեկ դատարանը չի աշխատում: Մենք մի դատարան ենք ստեղծել, որի քեֆն ինչ տալիս, անում է»,-սկսեց թվարկել Գագիկ Ջհանգիրյանը` կոչ անելով հարցին առավել լուրջ ու համակարգային մոտենալ:

 

Անկախ

Սեպտեմբերից Հայաստանում կներդրվի պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը

պատվաստումԱյս տարվա սեպտեմբեր ամսից Հայաստանում կներդրվի նոր` պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետի խոսքով` պնևմակոկային վարակների հարուցիչը մեր սովորական ուղեկից հարուցիչն է: Անգամ առողջ մարդուն զննելու դեպքում քթըմպանում կարելի է հանդիպել այդ հարուցչին: Սակայն օրգանիմի առանձնահատկությունների, ցածր իմունիտետի, տարբեր վարակիչ հիվանդությունների ագրեսիայի հետևանքով պնևմակոկ հարուցիչը կարող է առաջացնել մի շարք ծանր հիվանդություններ:

«Ծանր հիվանդություններից պետք է մասնավորապես առանձնացնել թոքաբորբը, ուղեղի թաղանթի բորբոքումը (մենինգիտ): Այդ էր պատճառը, որ Առողջապահության նախարարությունը որոշեց սեպտեմբերից ներդնել պնևմակոկային պատվաստումները»,- ասաց Գայանե Սահակյանը:

Մասնագետը տեղեկացրեց, որ պատվաստման ենթակա են լինելու մինչև մեկ տարեկան երեխաները: Առաջին դեղաչափը երեխաները կարող են ստանալ 1.5 ամսական հասակում, երկրորդ և երրորդ դեղաչափերը` համապատասխանաբար 3 և 4 ամսական հասակում:

«Այսքան վաղ ենք իրականացնում պատվաստումը, որովհետև սովորաբար մինչև 6 ամսական հասակն արդեն երեխաների մոտ առաջանում են խնդրահարույց հիվանդություններ և, եթե մինչև այդ տարիքը երեխան իմունիտետ չունենա, հետագայում նրա մոտ կարող են զարգանալ շատ ծանր հիվանդություններ: Թոքաբորբը, օրինակ, բազմաթիվ հարուցիչներ ունի, որոնց 40 %-ը կազմում են պնևմակոկային հարուցիչները»,- ասաց Գայանե Սահակյանը:

Անդրադառնալով պատվաստման հետևանքով հնարավոր մահացության դեպքերին` մասնագետը նշեց, որ պատվաստման հետևանքով մահացության դեպքեր չեն կարող գրանցվել:

«Անցած տարի լուրեր տարածվեցին, որ պատվաստման հետևանքով երեխա է մահացել: Նշվում էր նաև, որ երեխայի մոտ գաղտնի թոքաբորբ է ընթացել: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ թոքաբորբը չի կարող գաղտնի ընթանալ, այն կարող է կայծակնային ձևով զարգանալ, և պատվաստումն այդ դեպքում համընկել է թոքաբորբի զարգացման հետ: Իրականում երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը»,- ասաց Գայեն Սահակյանը:

 

Ծայրահեղ ծանր վիճակում ապրող ընտանիքներ, որոնք երբեք բնակարան չեն ստանա

)

Գյումրիում ավելի քան 4000 անօթևան ընտանիքներից մոտ 3000-ն ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում, թեւ նրանց գերակշիռ մեծամասնությունն ապրում, ավելի ճիշտ՝ մի կերպ գոյատեւում է բնակարանային եւ սոցիալական ծայրահեղ պայմաններում, խարխուլ կացարաններում: Փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքները հերթացուցակներից դուրս են մնացել տարաբնույթ, երբեմն՝ անհեթեթ և անհասկանալի պատճառաբանություններով: Կան տասնյակ ընտանիքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը և հաշվառվել բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Ներկայացվող տեսանյութը հաշմանդամություն ունեցող տարեց մոր և որդու՝ փոքրիկ տնակում, միայն հաշմանդամության թոշակով գոյատևող ընտանիքի մասին է: Երկրաշարժին վթարված նրանց բազմահարկը թեև աղետից հետո ամրացվել և բաշխվել է նախկին բնակիչներին, սակայն այս ընտանիքին պատկանող բնակարանը տրամադրվել է մեկ ուրիշ ընտանիքի:

Անկախ

Թուրքիան պատրաստ է ընդունել Ղրիմի թաթարներին

Մևլյութ Չավուշօղլու  Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարերել է, որ Թուրքիայի դռները միշտ բաց են իրենց եղբայրների՝ Ղրիմի թաթարների համար, եթե նրանք ստիպված լինեն լքել Ուկրաինան: Այս մասին հաղորդում է թուրքական «TRT»-ն: Չավուօղլուն, ելույթ ունենալով Բալըքէսիր քաղաքում, ասել է հետևյալը. “Մենք երբեք առանց աջակցության չենք թողել Ղրիմի թաթարներին՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական տեսանկյունից: Մեր դռները միշտ բաց են մեր արյունակից ժողովուրդների համար: Եթե նրանք ստիպված լինեն գալ Թուրքիա, ապա մեր դռներ բաց կլինեն մեր եղբայրների՝ Ղրիմի թաթարների համար”:

Անկախ

“Հայաստանում մանկական մահացությունն իջել 8.9 պրոմիլի, ինչը համեմատական է 1000 կենդանածին երեխայի շրջանում մեկ մահվան դեպքին”. Գայանե Սահակյան

Գայանե ՍահակյանԻմունականխարգելման ծրագրեր իրականացվել են դեռ հետպատերազմական ժամանակաշրջանից, սակայն ընդամենը 2-3 ավանդական պատվաստումներ են կատարվել դիֆտերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ: Իսկ անկախացումից հետո իմունականխարգելման ծրագիրը Առողջապահության նախարարության համար դարձավ գերակա ուղղություն և կառավարության կողմից ընդունվեց որպես ազգային ծրագիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իմունականխարգելման ազգային ծրագրի հաջողություններից` ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետի տեղեկացմամբ` 1999-ին առաջին անգամ ներդրվել է հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի համակցված պատվաստումները: 2009-ին ներդրվել է հեմոֆիլուսային բաղադրիչը հնգավալենտ պատվաստումների տեսքով, 2012-ին ռոտավիրուսային պատվաստումները: Իսկ այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանում կներդրվի նոր` պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը:

«Իմունականխարգելման ազգային ծրագրի շնորհիվ շատերն արդեն մոռացել են դիֆտերիա հիվանդությունը, պատվաստումների շնորհիվ երկրում վաղուց չի արձանագրվել այդ հիվանդությունը: 2000 թվականից հետո դիֆտերիայի դեպքեր մենք այլևս չենք ունեցել, մինչդեռ 1994-95-ին անգամ դիֆտերիայի բռնկում է եղել Հայաստանում և 34 մարդ է մահացել դիֆտերիա հիվանդության պատճառով:

Պոլիոմելիտ հիվանդության մասին ևս բոլորը մոռացել են: Մինչդեռ 1990-ականներին այդ հիվանդության պատճառով ամեն տարի 5-6 երեխա հաշմանդամ էր դառնում և խորացնում երկրում հաշմանդամության խնդիրը»,- ասաց Գայեն Սահակյանը:

Նրա խոսքով` այսօր հանրապետությունում չկան կարմրուկ, կարմրախտ, կապույտ հազ հիվանդությունները, տարեկան 1-2 դեպք է գրանցվում խոզուկ հիվանդության, չկան փայտացում հիվանդության դեպքեր:

«Ուղեղի թաղանթի բորբոքումը (մենինգիտ), որը մանկական մահացության հիմնական սպառնալիքն է, երկու և կես անգամ նվազել է, չեն գրանցվում հեմոֆիլուսային բաղադրիչով հարուցված մենինգիտի դեպքեր: Մեր երեխաները նախկինում շատ հեշտությամբ կարող էին վարակվել թոքաբորբով, մենինգիտով, իսկ այսօր այդ ոլորտը վերահսկվում է: Այսօր մենք կարողանում ենք վերահսկել մանկական մահացությունը` այն իջեցնելով 8.9 պրոմիլի, ինչը ուղիղ համեմատական է հազար կենդանածին երեխայի շրջանում մեկ մահվան դեպքին: Մենք կարողացանք առաջին անգամ Հայաստանում մանկական մահացությունը իջեցնել այսպիսի ցածր մակարդակի»,- ասաց Գայանե Սահակյանը:

 Անկախ

Սիրիահայ գործարարի համար Հայաստանը դրախտ է, եթե թողնեն աշխատել

սիրիահայ-գործարար-2Ջորջ Շաքարյանը Հալեպի ամենահայտնի ոսկերչական ընկերություններից մեկի հիմնադիրն է: Նրանց ոսկյա զարդերը Սիրիայում մեծ համբավ ունեին: Այդ գործով նա զբաղվել է 1989-90-ականներից մինչ 2011 թ. ամառը` այն օրերը, երբ Հալեպում հնչեցին առաջին կրակոցներն ու քաղաքը վերածվեց ռազմադաշտի:
«Հայրս եղած է լումայափոխ»,- պատմում է նա,- պապենական գործ էր, ես էլ էի սկզբում հորս հետ դրանով զբաղվում: Հետո առանձնացա և իմ անձնական գործատեղիս հիմնեցի»:
Լումայափոխ (այսինքն` տարադրամի փոխանակող) բառի վրա ակամա ժպտում եմ, մտածում եմ` գեղեցիկ բառ է, կարելի է օգտագործել:

Ջորջն իր կնոջ, երեքամյա աղջկա ու մեկամյա որդու հետ ընդամենը 7 ամիս առաջ է Սիրիայից եկել Հայաստան: Թե ինչպես են այդքան կարողացել դիմանալ, դժվար է պատկերացնել: Համենայն դեպս, նրանք հենց պատերազմի սկզբին հասցրել են զգալ դրա դառը պտուղները:

2011-ի օգոստոսի սկզբին, երբ Հալեպում իրադրությունը լարվեց, և այլևս հնարավոր չէր աշխատել, Ջորջի ոսկերչական արտադրամասը փակվում է: Ինքն էլ փակվում է տանը: «Վախենում էինք տնից դուրս գալ, օրվա մեջ` ընդամենը մի քանի ժամ: Ամեն օր 15-20 հրթիռ կընկներ, և այլևս դու և քո բախտդ, չգիտեիր` քո՞ գլխին կընկներ, թե՞ ուրիշի: Ամեն տեղ խառը վիճակ, կրակոցներ, հարձակումներ»:

Բայց պարզվում է` տանը մնալն էլ ապահով չէ: Նրանց բնակարանը հայկական «Նոր գյուղ» թաղամասում էր: 2011-ի սկզբին այդ թաղամասը հարձակման է ենթարկվում, և գրոհայինները թաղամասը գրավում են: Բնակիչները լքում են տները` չհասցնելով անգամ իրերը տեղափոխել: Ողջ ունեցվածքը թալանում են` թողնելով դատարկ պատերը: Ջորջն իր ընտանիքի հետ տեղափոխվում է կնոջ ծնողների տուն, որը համեմատաբար ապահով տեղ էր: Այսօր «Նոր գյուղը» կրկին սիրիական բանակի ձեռքում է, և բնակարանները օգտագործվում են իշխանական զորքերի կարիքների համար: Ճիշտ է, փաստաթղթերով այդ տունն իրենցն է, բայց պատերազմի ժամանակ ո՞վ կարող է ասել, թե հետո ի՞նչ կլինի:

Չնայած ծնվել ու մեծացել է Սիրիայում, խոստավանում է, որ հայրենիք տեղափոխվելու գաղափարը միշտ մտքում պտտվել է: Անգամ վերջին շրջանում, երբ տարեկան մեկ-երկու անգամ որպես տուրիստ գալիս էր Հայաստան, փորձում էր նաև հասկանալ, թե վերադառնալու դեպքում ինչով կարող է զբաղվել: «Ցավոք, ստիպված եղանք հարկադրաբար և անպատրաստ վիճակում գալ»:

Հայաստանում նրա համար սոցիալականից առավել դժվար էր հոգեբանական խնդիրների հաղթահարումը, որն էլ ավելի էին սրում տեղացիները` ասելով. «Ինչո՞ւ եկաք, ի՞նչ գործ ունեք այստեղ, թողեք գնացեք, այստեղ ապրելու տեղ չէ»:
«Հարատև կլսեմ այս բաները ամեն օր: Բայց իմ տպավորությամբ ամեն ինչ այդքան վատ չէ, որքան որ ներկայացվում է: Այո, խնդիրներ շատ-շատ կան, բայց երբեմն դրանք չափազանցվում են: Հայրենիքդ է` կծու ըլլա, անուշ ըլլա` քոնն է»,- ասում է Ջորջը:

IMG_3362Այնուամենայնիվ, նրան հաջողվում է հաղթահարել հոգեբանական խնդիրը և անցնել գործնական քայլերի: Մարտի 2-ին քաղաքի ամենաբանուկ հատվածում` Հյուսիսային պողոտայում, բացվում է իր և սիրիահայ գործընկերոջ`  Հարութ Խամայանի հիմնած արագ սննդի կետը` “Բատատան”` առաքման ծառայությամբ: Ճիշտ է, առայժմ միայն հսկայական ծախսեր ու ներդրումներ են արել, ու դեռ հույս էլ չունեն, որ մոտ ապագայում ծախսերը կփակեն, բայց Ջորջը լավ է տրամադրված և ամեն ինչ անելու է, որ բիզնեսը հաջողվի:
«Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հիմնովին կտեղափոխվեմ ու ընդմիշտ կհաստատվեմ Հայաստանում: Եթե չկարողացա գլուխ հանել` ստիպված պիտի լինեմ շատերի պես հեռանալ»,- ասում է նա:

Ի դեպ, երբ սկսել են բիզնեսի համար տարածքներ փնտրել, վարձավճարներն ուղղակի ցնցել են նրան. «Խելքեն-միտքեն դուրս վարձքեր` 8 հազար դոլար, 10 հազար, 20 հազար, 30 հազար… Շանզ էլիզեյում էլ էս վարձքերը գոյություն չունեն»,- ծիծաղում է:
Նոր բիզնեսի համար արդեն մոտ 22 հազար դոլարի ներդրում է արել: Ամսական 2500 դոլար էլ տարածքի վարձավճարն է: Եթե այս ամենին գումարենք նաև Ջորջի` ամեն բան օրենքի շրջանակներում անելու սկզբունքը, արդեն ակնհայտ է, որ սիրիահայ գործարարին քարքարոտ ճանապարհ է սպասում: «Ես չեմ կարող օրենքը շրջանցել, թեկուզ ծանր է, ինչ է, պետք է օրինավոր աշխատեմ: Ամեն ինչ կատարյալ և օրինակելի պետք է ըլլա: Շատ լսած եմ, որ Հայաստանում դա այնքան էլ ընդունված չէ, ասում են` էդպես օգուտ չես ունենա, կվնասիս, գլուխդ կցավցնես և այլն…Այդ բոլորը աչքի առած եմ, բայց կքայլիմ իմ սկզբունքով: Տեսնենք, մինչև երբ կդիմանամ»:

սիրիահայ-գործարար-1Առայժմ հաճախորդների հիմնական մասը ծանոթ-բարեկամ սիրիահայերն են, որոնք գալիս են իրենց հայրենակցին շնորհավորելու և որևէ բան համտեսելու:
Ի դեպ, մինչ սննդի բիզնեսով զբաղվելը Ջորջը մտադիր է եղել իր մասնագիտության` ոսկերչության բնագավառում գործ ձեռնարկել, սակայն չորս կողմից ասել են, որ գործը մեռած է, իմաստ չունի: «Հետո, երբ հաշվարկեցի, որ եթե իմ բոլոր գործիքները, որոնք կշեռքով շատ ծանր են, հոս բերեմ, մոտ 25 հազար դոլար կնստի: Եթե գործն էլ լավ չի, ուրեմն անիմաստ էր այդ ծախսն անել»: Սակայն նա հույս ունի, որ մի օր այդ գործը վերագործարկելու է Հայաստանում:

Ջորջն ամբողջ սրտով ուզում է մնալ Հայաստանում, կապվել այս հողին, աշխատել ու ստեղծել: Ցավոք, ամեն բան իրենից կախված չէ, և ապագան էլ մշուշոտ է, հատկապես` երեխաների համար: Կողքից էլ առավոտից երեկո «հոս ձգե, գնա» ասողներն են:
«Ցուցամոլությունը հոս շատ զորավոր է,- նկատում է Ջորջը,- օրինակ, 18 տարեկան տղան «Լեքսուզ» ջիպ կվարե, որի գինը 100 հազար դոլար է: Լավ, որտեղի՞ց էդ գումարը: Ղեկը որոշ խումբ մարդկանց ձեռքին է, մնացած ժողովուրդը` խեղճ, իր հացի հետևեն: Եթե ժողովրդի համար նորմալ պայմաններ ստեղծեն, թողնեն աշխատել, սա դրախտ է, բոլորը հետ կվերադառնան, եկողն էլ չի երթա: Ասում են` անցյալ տարի Հայաստան 15-16 հազար սիրիահայ եկած է, իսկ հիմա թիվն իջած է 5-6 հազարի: Ո՞ւր գնացին, ինչո՞ւ գնացին: Ովքեր էլ որ կմնան, մի կերպ իրենց բազուկին կարողություններով կմնան… Ծնված օրից կլսեինք` հայրենիք, հայրենիք: Եկանք, բայց հայրենիքը մեզ չառավ իր ափի մեջ»:

 

Անի Գասպարյան

Անկախ

 

 

 

Նախընտրական Թուրքիան հայտնվել է հակակառավարական ցույցերի նոր ալիքի տակ

ցույց   Երեկ երեկոյից մինչև ուշ գիշեր Թուրքիայի 32 քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված պատանի Բերկին Էլվանի մահվան հետ, որը վիրավորվել էր «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության բացած կրակի հետևանքով: Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ մեծածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում և Անկարայում:

Հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի դիմաց, իսկ Ստամբուլում Թաքսիմի հրապարակին հարակից կենտրոնական Իսթիքլալ պողոտայում: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են սկսվել: Ոստիկաններին մեծ դժվարությամբ է հաջողվել ցրել հավաքվածներին: Այսօր առավոտյան Իսթիքլալ պողոտայում կարելի է տեսնել երեկվա խառնաշփոթի հետևանքները: Փողոցում հարյուրավոր շշեր են, որոնք լի էին պայթուցիկով, շենքերի պատերին հակաիշխանական կոչեր են գրված: Սպասվում է, որ ցույցերը կշարունակվեն նաև այսօր:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մոտ երկու շաբաթ ժամանակ է մնացել և նման զարգացումները կարող են վտանգավոր դառնալ իշխող ԱԶ կուսակցության համար, որը արդեն իսկ մի քանի տոկոս ձայներ է կորցրել: Երեկ սկսված ցույցերը, հնարավոր է, զարգանան «Գեզիի» սցենարով՝ նախընտրական Թուրքիան կանգնեցնելով ներքաղաքական լուրջ բախումների առաջ:

Անկախ

“Սիրո սերթիֆիկատներ”

Ճապոնիայի Թիբա պրեֆոետուրայում, Նագարեյամայում, տեղի իշխանությունները որոշել են սիրահարներին սերթիֆիկատներ հանձնել, որոնցում կարելի է զգացմունքների ու սիրո օբյեկտի մասին տեղեկություններ գրանցել:

pic_e08af103e9852d031a541ec9b5137c34Փաստաթուղթը ստանալով, անհրաժեշտ է անուն, ամսաթիվն ու սիրեցյալի հետ առաջին հանդիպման ամսաթիվը գրանցել.ինչպես նաև մի քանի հարցի պատասխանել, ասենք` սերթիֆիկատի տերը մինչ այդ սիրային հարաբերություն ունեցել է, թե ոչ: Հետաքրքրական է, որ սերթիֆիկատ ստանալու համար պարտադիր չէ  փոխադարձ սիրո արժանացած լինի դիմորդը:

Այդ փաստաթուղթը որևէ իրավական արժեք չունի: Սակայն  իշխանությունները հույս ունեն, որ նման սերթիֆիկատների ձևակերպումը սիրահարներին կգրավի ու, գուցե նաև ծնելիությունը խթանի:

Թե քանի մարդ է դիմել սերթիֆիկատ ստանալու` չի ճշտվում: Սակայն, սերթիֆիկատ կարող են ստանալ ոչ միայն  քաղաքացիները, այլ նաև ոչ ճապոնացիները: Ձևաթղթի օրինակը հասանելի է համացանցում ու այն կարելի է լրացնել ու ինքնուրույն տպել:

Անկախ