Այսօր Պակիստանում նախագահական ընտրություններ են

iԱյսօր Պակիստանում նախագահական ընտրություններ են` թվով 12-րդը երկրում:

Փորձագետները գլխավոր թեկնածու են համարում Նավազ Շարիֆին, որը մայիսին  հաղթել է  խորհրդարանական ընտրություններում:

Ներկայիս նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է, որ Պակիստանի ժողովրդական կուսակցության պարտության հետ կապված` հրաժարվում է նախագահական ընտրություններին մասնակցելուց:

Քվեարկությանը մասնակցելու է 706 խորհրդական: Ընտրությունների արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի այսօր:

ԱՄՆ-ում Սենատը հաստատել է ՀԴԲ-ի նոր տնօրենի թեկնածությունը

top7_9d5606dafa5381495374060e58a74025ԱՄՆ ՀԴԲ-ն նոր տնօրեն ունի: Նախագահ Օբամայի առաջադրած 52-ամյա Ջեյմս Կոմիի թեկնածությունը ԱՄՆ  սենատը հաստատել է. “կողմ” է քվեարկել 93 օրենսդիր, միայն մեկն է “դեմ” արտահայտվել:

Կոմին նախկինում իրավաբան է եղել ու ԱՄՆ արդարադատության նախարարությունում զբաղեցրել է  նախարարի տեղակալի պաշտոնը: Երկրում նա սկզբունքային մարդու համարում ունի:

ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում Կոմին փոխարինելու է Ռոբերտ Մյուլլերին, որը բյուրոն  ղեկավարում է 2001-ից: Կոմին պաշտոնավարման կանցնի սեպտեմբերից:

Ներկայում նա HSBC բանկի տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաև աշխատում է Կոլումբիական համալսարանում:

Չար կախարդն օգնեց Ջոլիին գլխավորելու Forbes-ի ցուցակը

o_800211Անջելինա Ջոլին իր բոլոր տիտղոսներին ավելացրեց Forbes-ի վարկածով  Հոլիվուդի  ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակի առաջատարի դիրքը: Ցուցակը հրապարակվել է երկուշաբթի: Անցած տարվա հունիսից մինչև այս հունիս նա աշխատել է 33 մլն դոլար: Ընդ որում, դրա գրեթե կեսը (15 մլն դոլար) նրա հոնորարն է` “Մալեֆիսենթ” ֆիլմում չար կախարդի դերի համար, որը էկրանին կհայտնվի 2014-ի ամռանը:

Երկրորդ հորիզոնականում Ջենիֆեր Լոուրենսն է` 26 մլն դոլարով: Դրա վրա մեծապես ազդել է “Քաղցած խաղեր” վեպի էկրանավորումը, որը  կինովարձույթում 690 մլն դոլար է հավաքել: Բացի այդ,   Լոուրենսն այս տարի “Իմ ընկերը խանգարված է” ֆիլմում լավագույն կանացի դերի համար ստացել է “Օսկար”:

Եռյակն ամփոփում է “Աղջամուղջ” ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարտը: Անցած տարի նա էր գլխավորում այս ցուցակը, սակայն այս տարի նրա եկամուտները նվազել են  մեկ երրորդով ու հասել 22 մլն-ի: Վերջին շրջանում նա նախընտրում է ուշադրություն հատկացնել համեստ եկամտով անկախ նախագծերին` ինչպիսին է Ջեք Կերաուկի “Ճանապարհին” (8,7 մլն դոլար) վեպի էկրանավորումը:

Ամերիկյան ֆասթ-ֆուդի աշխատակիցները գործադուլ են արել

o_800785ԱՄՆ-ի քաղաքներում երկուշաբթի մեկօրյա գործադուլ  են արել ֆասթ-ֆուդի աշխատակիցները: McDonald’s, Burger King և Wendy’s-ի աշխատակիցները փողոց են ելել աշխատավարձերը  բարձրացնելու ու արհմիություն ստեղծելու պահանջով: Կազմակերպիչները հայտարարել են “աշխատանքի վիրավորական համակարգը” վերացնելու անհրաժեշտության մասին: Խոսքը ժամավճարն ավելի քան երկու անգամ ավելացնելու ` 7,25-ից 15 դոլար դարձնելու մասին է:

Գործադուլներ են եղել Նյու Յորքում, Միլուոկիում, Չիկագոյում, Քանզաս-Սիթիում: Ակտիվիստների հայտարարությամբ, հարյուրավոր մարդիկ են մասնակցել ցույցին, ոմանք բերել են նույնիսկ ընտանիքի անդամներին: Գործադուլավորներին են միացել նաև քաղաքական գործիչներ: Մանհեթնում  նրանցից մեկը` դեմոկրատ Ջերոդ Նադլերը,  զզվելի է համարել այն փաստը, որ 200 մլրդ դոլարի շրջանառություն ունեցող արդյունաբերության աշխատողները մինչ օրս պետք է հույսը դնեն  կարիքավորների դաշնային բժշկության ծրագրի վրա ու սննդի կտրոններ ստանան: Այս շաբաթ նման ակցիաներ են անցկացվելու նաև երկրի   այլ քաղաքներում:

 

 

 

Երկաթուղային վթար Շվեյցարիայում. 35 մարդ վիրավորվել է

o_805202Երեկ երեկոյան Շվեյցարիայում երկաթուղային վթար է եղել. Բեռնից 50 կմ դեպի արևմուտք` Գրանժ-Մարնանում,  իրար են բախվել  ուղևորատար 2 գնացքներ: Այն ժամանակ, երբ գնացքներից մեկը մոտենում էր կայարանին, մյուսը հակառակը, նոր էր շարժվում տեղից: Պատահարի վայրում երկաթուղին փակ է, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Ճշտված տվյալներով, մեկ մարդ զոհվել է, 35-ը վիրավորվել: Մի քանի ժամ առաջ փրկարարները գտել են գնացքներից մեկի մեքենավարի դին:

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը ճանաչվեց երկրորդը

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՍանկտ Պետերբուրգում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում
52 կգ քաշային  Նարեկ Աբգարյանը ճանաչվեց երկրորդը: Նա եզրափակչում զիջեց երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Մուրադջան Ահմադալիևին:

Երրորդ մրցանակակիր դարձան վանաձորցի Արարատ Մխիթարյանը (56 կգ), էջմիածինցի Արա Պուլուզյանը (64 կգ): Ռինգ ելած մեր մյուս երեք մարզիկները նախնական փուլերում ձախողվեցին:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ծաղկաձորում և կշարունակի նախապատրաստությունը
հոկտեմբերի 11-27-ը Ալմաթիում կայանալիք աշխարհի առաջնությանը: 

«Եթե քո տանը քեզ լավ չես զգում, այլ տեղ հաստատ լավ չես զգա»

մառլենՄոնրեալում ապրող հայ կինոռեժիսոր Մառլեն Էդոյանի  «Հողի կանչը»  վավերագրական ֆիլմն ընդգրկված էր «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում: Ֆիլմի նկարահանման համար Մառլենն այցելել  է Արցախի և Ջավախքի տարածքները, Հայաստանի գյուղերը՝ ծանոթանալով գյուղացիների առօրյային։ Շատ հաճելի էր, որ առիթ ունեցանք անձամբ զրուցելու Մ. Էդոյանի հետ:

– Մառլեն, ինչպե՞ս եք ձեզ զգում Երևանում:

Շատ ուրախ: Իհարկե, առաջին անգամ չեմ այստեղ, բայց անհամբեր սպասում էի, որ վերադառնամ Երևան:

–  Ձեր «Հողի կանչը»  ֆիլմն արդեն հասցրել է մեծ հաջողությունների հասնել Ֆրանսիայում: Ինչի՞ մասին է խոսքը:

– Ֆիլմը նկարագրում է հայ գյուղացու կյանքը, նրա առօրյան և կոչ անում շարունակել ապրել հայրենիքում: Յուրաքանչյուր գյուղացի իր պատմությունն ունի: Ոմանք հույսով լցված են, ոմանք` անհույս, բայց բոլորն էլ սիրում են հողի հետ աշխատել:

– Այնուամենայնիվ, ո՞րն է ֆիլմի գլխավոր միտքը:

– Արտագաղթն է: Վերջին շրջանում սկսել են դատարկվել հայկական գյուղերը, և ոչ միայն: Դա իսկապես ցավալի է: Քանի որ ֆիլմը գյուղերում եմ նկարահանել, ինձ միշտ մտահոգում էին այն հարցերը, թե ինչո՞ւ է գյուղերի բնակչության թիվը պակասում, ինչո՞ւ յուրաքանչյուր հայ, թե՛ ՀՀ-ում, թե՛ սփյուռքում, չպետք է կարողանա իր խնդիրները հենց իր երկրի ներսում լուծել, ազատ ստեղծագործել և հպարտանալ սեփական պատմությամբ:

-Ո՞րն է արտագաղթի հիմնական պատճառը:

– Պատճառները շատ են. աշխատատեղերի բացակայությունը, սոցիալ-հոգեբանական և տնտեսական ծանր վիճակը: Ինչո՞ւ պետք է լքես քո երկիրը և գնաս այլ տեղ ու զրոյից դժվարությամբ ստեղծես: Վստահեցնում եմ, որ ամեն տեղ էլ դժվար է, հետևաբար, ավելի լավ է քո երկրում դիմանալ: Իհարկե, շատ լավ հասկանում եմ հայրենիքը լքող մարդկանց, բայց նրանք միամտաբար են հեռանում՝ չճանաչելով աշխարհը:

– Ասում եք՝ հետ վերադառնալ հայրենիք և շարունակել ապրել այստեղ, բայց դուք պատրա՞ստ եք այդ քայլին:

– Այո, պատրաստ եմ գալ և բնակվել Հայաստանում, հատկապես Ջավախքում, քանի որ այն շատ սիրեցի:

– Ինչպե՞ս որոշեցիք դառնալ ռեժիսոր:

– Ուսանել եմ «Հեռուստատեսություն, ռադիո, բեմադրություն» բաժնում և միշտ էլ  աշխատել եմ այդ ասպարեզում: Սակայն վերջին 7-8 տարում որոշեցի աշխատել միայն վավերագրական ֆիլմերի վրա:

– Դժվա՞ր է վավերագրական ֆիլմեր նկարել:

– Այդքան բարդ չէ: Ժամանակին շատ եմ լուսանկարել, ինչն էլ նպաստեց իմ ապագա մասնագիտության կայացմանը:

– Իսկ խաղարկային ֆիլմեր նկարահանե՞լ եք:

– Այո, նույնիսկ խաղացել եմ այդ ֆիլմերում, բայց դա ինձ այնքան էլ չի հետաքրքրել: Եթե խաղարկային ֆիլմերում լավ սցենար չունես, դժվար թե կարողանաս լավ ֆիլմ նկարել:

– Պատրաստվո՞ւմ եք մասնակցել նաև հաջորդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

– Ունեմ երկու ֆիլմ, որոնք պետք է նկարեմ: Ուղղակի ժամանակի հարց է: Հուսամ՝ մի քանի տարի անց կվերջացնեմ դրանք և կրկին կգամ Երևան: Երբ Ջավախքում էի, հստակ գիտեի, որ պետք է վերադառնամ: Անկասկած, հաջորդ վավերագրական ֆիլմը լինելու է Գանձայի և այդ գյուղի ժողովրդի մասին, իսկ երկրորդը հավանաբար կլինի Լիբանանում:

– Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:

– Փորձում եմ դրական տեսնել: Նախ` կառավարությունը պետք է քաղաքացիներին սատարի, իսկ քաղաքացիները՝ ճանաչեն աշխարհը: Եթե քո տանը քեզ լավ չես զգում, այլ տեղ հաստատ լավ չես զգա: Խնդիրը մեր մեջ է: Գիտեմ, որ կառավարությունը չի անում այն, ինչ պետք է անի, բայց մենք էլ ունենք մեր բաժին սխալը:

 

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի

 

Մերոնք զգալիորեն ետ են մնում

սե27290Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի շախմատիստուհիների մասնակցությամբ հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին.
Չարոչկինա – Մկրտչյան` ½: ½
Կուրսովա – Բրոննիկովա` 0 : 1
Գալոյան – Բոնդարուկ` ½ : ½
Հայրապետյան – Ոյնովիչ` 1 : 0
Մկրտչյանն ունի 5, Գալոյանն ու Հայրապետյանը՝ 4-ական,  Կուրսովան՝ 3.5 միավոր:
Առաջատարներ  են Թրանգ Հոանգն ու Վալենտինան Գունինան: Նրանք վաստակել են  7-ական միավոր:

Դատի են տվել Գյումրիի քաղաքապետարանին

008Գյումրու քաղաքապետարանի դեմ դատական հայց է ներկայացրել և դատը շահել “Աջակից ընկերներ”-ին պատկանող գազալցակայանը, որը գտնվում է Երևանյան խճուղում: 4 մլն 780 հազար դրամ պետք է փոխանցենք այս ընկերությանը այն պարագայում, երբ լումա առ լումա գումար ենք հավաքագրում փոսային նորոգումներ անելու համար: Նեղսրտում է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նշյալ պարտքը գոյացել է Վարդան Ղուկասյանի քաղաքապետության օրոք. քաղաքապետարանի մեքենաներին կայանը գազով է ապահովել, կան բոլոր փաստաթղթերը: “Մենք առաջարկեցինք ժամանակացույց կազմել և մաս-մաս վճարել, բայց դե մարդիկ դատի են տվել, ինչ անենք: Հետաքրքիր է նաև դատարանի տուգանքը` 138 հազար, այսինքն մեզանից գանձելու են մոտ 5 մլն 337 հազար: Ուղղակի պետք է համայնքի շահը վեր դասել ինչ-որ անձի շահից. Անձի, որ հուլիս ամսին (2012թ.) օգտագործել է գազ, 5մլն 300 հազարի այսօր կարող էինք փոսանորոգում կատարել Դուդկոյի փողոցում, որն ամոթալի վիճակում է: Չի կարելի, մի քիչ բարոյականություն է պետք”, – զայրանում է Սամվել Բալասանյանը:

“Ես երբեք 4 մլն 700 հազար պարտք չունեմ, եթե նայեք ես ինչ ընթացակարգով եմ աշխատել ու ինչ պարտքեր կուտակել` այսինքն, երբ պարտքը կուտակվում է` փոխանցում ենք, 1 մլն, 1 մլն 200 կամ 800 հազար: Դա ամիսների կուտակած պարտք է, որ իմ ժամանակ չի գոյացել: Երբ այսօր կազմակերպությունները ասֆալտապատման աշխատանքներ են կատարում` ես պարտք եմ մնում, խնդրում եմ անպայման անել` հաջորդ տարի եմ վճարելու, ոնց կարող է լումաներով հավաքած գումարը, երբ ես ափսոսում եմ բենզին լցնել, խնայում եմ, հանկարծ բերում ներկայացնում են, որ 4 մլն պետք է “Աջակից ընկերներին” փոխանցվի: Ամեն ինչ, ըստ փաստաթղթերի, օրինական է, ուղղակի մեր խնդիրն այն էր, որ ժամանակացույցով երեք տարում տայինք այդ գումարը”, – ասում է քաղաքապետն ու հավելում, որ դատարանի վճիռը բողոքարկել չի պատրաստվում, քանի որ այդ ընթացքում ավելի շատ տուգանքներ են կուտակվելու և ցանկություն չունի ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել:
Քաղաքապետարանի դեմ, պարտքերի համար, դատական հայց էր ներկայացրել նաև “Գյումրեցի ընկերներ” կազմակերպությունը, որը, սակայն, քաղաքապետի փոխանցմամբ, կարծես, կասեցված է: