Գյումրին, թեև քիչ տեխնիկայով, պատրաստ է ձմռանը

գյումրի2Գյումրին պատրաստ է ձմռանը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:

Ըստ բանախոսի, ձմռան նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ սեպտեմբերից: Քաղաքը ձմռային դժվարություններից ճանապարհները մաքրելու համար անհրաժեշտ նյութերը պահեստավորված են, թարմացվել է նաև տեխնիկական բազան, չնայած, վերջինիս առումով, եղածը բավարար համարել չի կարելի:«700 խմ պեմզա է ներկրվել և պահեստավորվել, 20 տոննա աղ, որը մնացել է նախորդ տարի ձեռք բերված 30 տոննայից. դա լրիվ բավարար է այս տարի ձմռանը ճանապարհները մշակելու համար: Միաժամանակ, նախապատրաստել ենք մեր տեխնիկան. ունենք երկու «Գրեյդեր», ձեռք ենք բերել երկու ջրացան մեքենաներ, որոնց հարմարեցվել են ճանապարհները մաքրելու համար: Փորձում ենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում ձեռք բերել գոնե մեկ ձյուն բարձող մեքենա, որն ընդհանրապես չունենք», – ասում է Կնյազ Մանասյանը:
Պատասխանատուն փաստում է, որ Գյումրու մաքրվող մակերեսը կրկնակի ավելացել է նախաերկրաշարժյան վիճակի համեմատ և քաղաքի ունեցած տեխնիկական հնարավորությունները շատ քիչ են. «Մենք առնվազն պետք է 4-5 «Գրեյդեր»  ունենայինք, լավ օրից չէ, որ մենք ջրացաններն օգտագործում ենք ճանապարհները ձնից մաքրելու համար, բայց ստիպված ենք»:
Կ.Մանասյանը վստահեցնում է՝ ուշադրությունից դուրս չեն մնա երկրորդական փողոցները. «Բայց ասել, որ դա բավարար մակարդակի վրա է, ճիշտ չի լինի: Նախորդ տարի էլ տեսաք, որ փոքր տրակտորներ ունենք, որոնք օգտագործում ենք երկրորդական փողոցների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների բակերի, մուտքերի մաքրման համար: Նախորդ տարվա մեր հիմնական թերացումը եղավ մայթերի մաքրումը, իհարկե, մենք էլ ենք շատ դժգոհ այդ աշխատանքներից: Պարզապես, մեր մայթերի վիճակը գիտեք. հենց առաջին օրը, որ սկսեցինք մաքրման ակտիվ աշխատանքներ կատարել, տեխնիկան  չի կարողացել աշխատել՝ մի տեղ բարձր է մայթը, մի տեղ՝ ցածր: Բայց այս տարի  ձեռքի աշխատանքներ կփորձենք կազմակերպել գոնե կենտրոնական հատվածում և հնարավորինս մայթերն անցանելի դարձնել: 100%, լիարժեք մաքրել չենք կարող, ի վիճակի չենք, մայթերի փաստացի վիճակը թույլ չի տալիս»:
Կոմունալ բաժնի հույսը քաղաքում գործող օբյեկտների տերերն են, որ պետք է մաքրեն իրենց սեփականության տարածքները, քանի որ  մայթերում հիմնական անհարթությունները նրանք են առաջացրել՝ կառուցվել են աստիճաններ, հարթակներ և այլն:
Իսկ հարցին, թե արդյո՞ք աղն ու ավազը չեն քայքայի քաղաքի փողոցների ասֆալտը, բաժնի պետը պատասխանեց.«Բացարձակապես: Ավազն ընդհանրապես չի կարող քայքայել, աղն էլ իր հերթին չի քայքայում, իսկ նախորդ տարի մենք աղ ու ավազն օգտագործել ենք լուսացույցների տակ՝ խաչմերուկների մոտ»:

 

Մարիամ Խալաթյան

Ավագանու նիստը «թեժ» էր. Ինչու՞ է Գյումրին հաճոյանում ռուսներին

գյումրիԿայացավ Գյումրու ավագանու այս տարվա վերջին նիստը, օրակարգում ընդգրկված էր 23 հիմնական և 3 լրացուցիչ հարց:
Օրակարգային հարցերից բուռն քննարկում ծավալվեց  Գյումրու համայնքային սեփականությունը հանդիսացող Պարույր Սևակ փողոց 8 շենք, 1/1 հասցեում գտնվող 352.1քմ տարածքը ոստիկանությանն անհատույց օգտագործման տալու շուրջ: Մասնավորապես, նախագծին դեմ արտահայտվեց ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը.«ՀՀ այս տարվա բյուջեն նախատեսել է ոստիկանության համար ծախսել 27 միլիարդ 861 մլն 927 հազար դրամ: Մեր քաղաքում կա 4000-ից ավել անօթևան ընտանիք, ես ուղղակի աննպատակահարմար եմ համարում էս տեսակ բյուջեով ոստիկանությանը մեր քաղաքի սուղ միջոցներից անհատույց տրամադրել այդպիսի հսկա մակերես: Առաջարկում եմ բանակցություններ վարել վարձակալման հնարավոր եղանակի համար և որոշակի գումար ներմուծել համայնքի բյուջե: Գտնում եմ, որ շատ անարդարացի է մեր քաղաքի պայմաններում ոստիկանությանը նման տարածք տրամադրելը»:
«Մենք հիմա պետք է տեր կանգնենք մեր յուրաքանչյուր մետրին: Քանի որ «Անի» թաղամասում պետք է ոչ միայն պարեկային, նաև այլ ծառայություններ լինեն, հիմա չեմ ուզում հրապարակել, դրա հետ կապված պետք է անհատույց տրամադրենք, որպեսզի էնտեղ ծառայություն կարողանանք իրականացնել: Որոշումն ավագանունն է, ես իմ կարծիքն արտահայեցի», – հակադարձեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Լևոն Բարսեղյանը պնդեց, թե խոսքը ոչ թե ոստիկանությանը տարածք չտրամադրելն է, այլ համայնքապատկան գույքն անարդյունավետ չօգտագործելը, եթե կարելի է դրանով գումար բերել բյուջե, ինչու չանել:«Գոնե խորհրդանշական գումարով վարձով տրամադրելն ավելի արդարացի է»: Սակայն ավագանին, բացի Լևոն Բարսեղյանից, կողմ քվեարկեց:

Օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերում էր «Պատվո բլուր» հուշահամալիրի գործող ժամատունը ջեռուցման նպատակով գազաֆիկացնելու համար ֆինանսական միջոցներ տրամադրելուն: «Ինձ համար անընդունելի է այդ տարածքի ջեռուցումը՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով: Վաղը ստիպված կլինենք բոլոր հնարավոր վանքային համալիրներում, եկեղեցիներում, մատուռներում ջեռուցում քաշելու առաջարկներ ունենալ՝ Հայաստանով մեկ: Ես չեմ հիշում  հայկական պատմության մեջ որևէ եկեղեցի, որը ջեռուցում ունի: Ես կարծում եմ, մեր համայնքն իրեն նման շռայլություն թույլ տալ չի կարող», – նշեց Լևոն Բարսեղյանը:
Սակայն ավագանու մյուս անդամները կողմ արտահայտվեցին այս նախագծին:
Վերջապես Գյումրու ավագանին ընտրեց հստակ օր՝ քաղաքի տոնը նշելու համար:«Քաղաքի օր» -ը Գյումրիում նշվում է տասը տարի շարունակ, բայց միշտ տարբեր ժամանակահատվածներում, դարձել էր շարժական տոն և անհրաժեշտություն էր ծագել մեկ միասնական օր սահմանել:
«Նկատի է ունեցվել հետևյալ հանգամանքը, որ Ռուսաստանի կայսր Նիկոլայ առաջինն այցելել է Գյումրի և 1837թ. հոկտեմբերի 4-ին Գյումրի ամրոցը վերանվանել է Ալեքսանդրապոլ՝ բնակավայրին տալով բերդաքաղաքի կարգավիճակ: Առաջարկվում է, որ ամեն տարի հոկտեմբերի 4-ին մոտ գտնվող նախորդող կամ հաջորդող շաբաթ օրը մենք նշենք, որպես Գյումրի քաղաքի օր», – զեկույցում նշեց քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը:
«Պարոն Կարապետյան, ձեզ հայտնի է, որ մեր քաղաքը, որպես բնակավայր, մի քանի հազարամյակների պատմություն ունի, ինչու՞ եք որոշել հատկապես հիմնավորման մեջ քաղաքի օրը կապել ռուսական ցարի այցելության հետ: Բազմաթիվ այլ պատմական անցքեր են տեղի ունեցել այստեղ», – հարցրեց Լևոն Բարսեղյանը: Ինչին բաժնի պետը  պատասխանեց`  քանի որ այդ տեղեկությունը փաստացի ամրագրված է պատմությունում և մինչ այդ Գյումրին եղել է գյուղ: Լ.Բարսեղյանն առաջարկեց հիմնավորումից հանել ռուսական ցարի պատմությունը:
Գյումրու ավագանին միաձայն որոշեց՝ «Գյումրու օր»  տոնակատարության ամենամյա օր նշանակել հոկտեմբերի առաջին կիրակին:

 

Մարիամ Խալաթյան

Դոլարի գինը բորսայում` 404 դրամ

դոլարՆոյեմբերի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404 դրամ:

NASDAQ OMX Armenia

Վերահսկելի՞ է հակադոպինգային իրավիճակը հայկական ծանրամարտում

ծանրաձողՄարզասերները տեղյակ են, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած 2013-ի հակադոպինգային ստուգումների արդյունքով Հայաստանի 6 ներկայացուցիչ որակազրկվել Է: Տխրահռչակ այս ռեկորդի հետևանքը կարող է լինել այն, որ ստիպված լինենք որպես տուգանք վճարել հարյուրհազարավոր դոլարներ: Ի դեպ, միայն այս տարի նախկինում  ունեցած  որակազրկումների համար Հայաստանի ներկայացուցիչները  նույն կարգի մեծ տուգանքներ են վճարել, որպեսզի կրկին մերոնց թույլատրվի մրցահարթակ դուրս գալ: Իսկ այժմ ավելի խիստ ֆինանսական մտրակումներ են սպասվում: Իսկ դա նշանակում է, որ փողերը կրկին ջուրն են գցվելու:

Ինքնին հարցեր են առաջանում` ի՞նչ անել, ինչքանո՞վ է նպատակահարմար ծանրամարտը զարգացնելու համար փողեր ծախսել, երբ վերջին շրջանում խոշորամասշտաբ ստուգատեսներում հուսադրող արդյունքներ գրեթե չկան: Հավելենք, որ 2013-ին աջակցության կարգով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային պետությունը հատկացրել է 165 մլն դրամ:

Իսկ կատարվածի մասին, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները քար լռություն են պահպանում, գերադասում են պաշտոնապես ոչ մի բան չհայտնել, ասես արտասովոր ոչ մի բան էլ չկա:

Իսկ արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար երկու տարով որակազրկվել են Աշոտ Բեգզադյանը, Դավիթ Գասպարյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Մարգարիտա Ղազարյանը: Նաիրա Հարությունյանն էլ որակազրկվել է ցմահ:

Ընդ որում, մեր ծանրորդներից երկուսը պետք է վերադարձնեն Պերուի մայրաքաղաք Լիմայում նվաճած աշխարհի երիտասարդական առաջնության մեդալները:

Հիշեցնենք, որ Ադրանիկ Կարապետյանը (77 կգ) երկամարտի

340 (160+180) կգ արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր, պոկում և հրում վարժություններում էլ պարգևատրվել արծաթե և բրոնզե մեդալներով: Գերծանրքաշային Գոռ Մինասյանն էլ երկամարտում 403 (183+220) կգ արդյունքով դարձել էր փոխչեմպիոն, նաև արծաթե մեդալների տիրացել առանձին վարժություններում:

Մարզիչները կատարվածի մասին գերադասում են չխոսել և մեղքը բարդում են մարզիկների վրա: Ստացվում է, որ վերջիններս սեփական հայեցողությամբ են դիմել այդ դատապարտելի քայլին: Պատճառը պարզ է:  Քանի որ մեծ պարգևներ են սահմանված մեդալների տիրացողների համար, ծանրորդները ոչ մի բանի առջև չեն կանգնում, որպեսզի նպատակին հասնեն:

Գաղտնիք չէ, որ մեր մարզիկները մինչև մրցումների ուղևորվելը քանիցս ներքին կարգով ստուգվում են: Եվ չորակազրկվելու համար կա մի պարզ հնարք. հայտնվում է, որ այս կամ այն մարզիկը վերջին  պահին վնասվածք է ստացել: Ընդ որում, այս տարի մեր երկրի ծանրորդները տարբեր ստուգատեսներին սահմանափակ թվով մարզիկներով են մասնակցել: Թե ինչու է որակազրկվածների թիվն այդքան մեծ, պարզ չէ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Շահազիզյանը Մոսկվայում է բնակվում և լրագրողների հետ չի հանդիպում: Ֆեդերացիայի գլխավոր քատուղար Փաշիկ Ալավերդյանն էլ տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին Մոսկվա  է մեկնելու, ուր կհանդիպի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին և կպարզի, թե ինչ է կատարվել իրականում:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան գլխավորում է մեր հայրենակից Թոմաշ Այանը:

Ամեն դեպքում, խայտառակությունն ակնառու է, և ամենից ցավալին այն է, որ մեր երիտասարդ մարզիկները դիմում են կյանքի համար վտանգավոր դեղամիջոցների օգնությանը, և այն տպավորությունն է, որ իրավիճակն անվերահսկելի է:

 

Իրանի մշակույթի նախարարը պաշտպանել է Facebook սոցիալական ցանցի օգտագործումը

Ali JannatiԻրանի մշակույթի նախարարը կրկին պաշտպանել է սոցիալական լրատվամիջոցներին՝ նշելով, որ Facebook-ի օգտագործումը չպետք է արգելված լինի, և դա հանցավոր ցանց չէ:

Ալի Ջանաթին Ֆարս լրատվական գործակալությանը ուրբաթ օրը հայտնել է, որ ինքը օգտվում և նյութեր է տեղադրում Facebook-ում և վերահսկողություն իրականացնող մարմինը պետք է վերացնի ներկայիս արգելքը: Նախկինում Ջանաթին հայտարարել էր, որ բոլոր սոցիալական լրատվամիջոցները պետք է հասանելի լինեն իրանցիների համար:

Իրանում սոցիալական ցանցերի օգտագործումը արգելվել էր 2009թ-ին, երբ ընդդիմության անդամները դրանք լայնորեն օգտագործում էին այդ ժամանակ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրման դեմ բողոքի ցույցերի խթանման համար:

Ջանաթիի հայտարարությունները ավելի են մեծացնում նախագահ Հասան Ռուհանիի չափավոր կառավարության և Իրանի կոշտ քաղաքականության կողմնակիցների միջև առաջացած ճեղքը:

Ռուհանին չի կարող ինքնուրույն որոշում կայացնել սոցիալական մեդիան հասանելի դարձնելու վերաբերյալ, որը ներքին անվտանգության խնդիր է համարվում:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ

պանգի մունՄենք այսօր ապրում ենք գլոբալ փոփոխությունների շրջանում: Ի հայտ են գալիս ուժի և տնտեսական շարժի նոր կենտրոններ: Տեխնոլոգիաները ավելի քան երբևէ մոտեցնում են մեզ, և միջմշակութային փոխանակումներն օրեցօր խորանում են: Բայց դա չի նշանակում, որ ըմբռնողականությունը ևս աճել է: Հասարակությունները դարձել են ավելի բազմազան, բայց անհանդուրժողականությունը շատ տեղերում աճում է:

Ամբողջ աշխարհում ժողովուրդներն ու համայնքները բախվում են խորը և տևական տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների հետ: Աղքատությունը, քաղցը և հիվանդությունները շարունակում են մնալ անընդունելի մակարդակի վրա: Յուրաքանչյուր տարածաշրջան իր վրա կրում է կլիմայական փոփոխությունների աճող ազդեցությունը: Բնական աղետները շարունակ հիշեցնում են մարդկային խոցելիության մասին: Հակամարտություններն ու միջհամայնքային լարվածությունները շարունակվում են ամբողջ աշխարհում: Միլիոնավոր մարդկանց սպառնում է բռնության ու տեղահանման ամենօրյա վտանգը:

Այս բազմակողմ ու փոխկապակցված մարտահրավերների համար չկան անհատական լուծումներ: Մենք կարող ենք առաջ շարժվել միայն որպես ազգերի ու մշակույթների համայնք` ձգտելով մարդկային համերաշխության և գիտակցելով, որ բոլորս կիսում ենք մեկ ընդհանուր ճակատագիր: Ահա թե ինչու՝ հանդուրժողականությունն այսքան կարևոր է:

Հանդուրժողականությունը պասիվ չի լինում: Այն պահանջում է ակտիվ ընտրություն` փոխադարձ ըմբռնման ու հարգանքի հիման վրա առաջ ընթանալու համար, հատկապես, երբ կա անհամաձայնություն: Հանդուրժողականությունն այն է, երբ մենք գիտակցում ենք, որ մեր բազմազանությունը մեր ուժն է, այն բոլոր հասարակություններում ստեղծագործ ուժի և վերականգնման  աղբյուր է:

Հանդուրժողականություն կարելի է և պետք է սովորել: Մենք պետք է աղջիկներին ու տղաներին ոչ միայն սովորեցնենք, թե ինչպես միասին ապրել, այլ  նաև, թե ինչպես գործել միասին` որպես այս աշխարհի  քաղաքացիներ: Հարկավոր է խթանել հանդուրժողականությունը` առաջ մղելով մշակութային ըմբռնումն ու հարգանքը, սկսած խորհրդարաններից մինչև խաղահրապարակներ: Մենք կարիք ունենք պայքարելու աճող անհավասարությունների դեմ և մերժելու սոցիալական  բացասումը` հիմնված սեռի, հաշմանդամության, սեռական կողմնորոշման, և էթնիկ կամ կրոնական պատկանելության վրա:

Հանդուրժողականությունը խաղաղության ու հաշտության ամենազորեղ հիմքն է: Ներկայիս արագընթաց ու հաճախ շփոթեցնող փոփոխությունների շրջանում այն, ավելի քան երբևէ, կարևոր է: Այս միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում ազգային ու համայնքային առաջնորդներին  ու բոլոր նրանց, ովքեր ազդեցություն  ունեն ավանդական և սոցիալական լրատվամիջոցների և իրենց հասակակիցների վրա, հանդուրժողականությունն ընդունել որպես մի միջոց, որը կմիավորի մեզ դեպի խաղաղ, կայուն ապագա տանող մեր ընդհանուր ճանապարհին:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոյին շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում

9Սթ. նոյեմբերի 15-ին, ժամը 11.00-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հյուրընկալեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր, «Հիտաչի» ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիտաչի» ընկերության ավագ գործադիր տնօրեն, ներկայումս Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո Վիժն» ընկերության նախագահ դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին։

Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ցուգիո Մակիմոտոյի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ցուգիո Մակիմոտոյին շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:

Այդ կապակցությամբ հրավիրված Ռեկտորատի արտահերթ նիստը բացեց ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը, ով իր ներածական խոսքում ի մասնավորի ասաց. “Արդեն ավանդույթ է դարձել ճարտարագիտական համալսարանի հարկի ներքո հյուրընկալել համաշխարհային այնպիսի անձնավորությունների, որոնք նշանակալի ներդրում ունեն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման գործում: Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորների շարքում են ինչպես Հայաստանի գիտնականներն ու գործիչները, ովքեր մեծ ավանդ ունեն համալսարանի զարգացման հարցում, այնպես էլ օտարերկրացի այն գիտնականները, որոնց աշխատանքները համաշխարհային գիտական կյանքում մեծ արժեք են ներկայացնում։ Շնորհավորում ենք Ցուգիո Մակիմոտոյին ՀՊՃՀ պատվավոր դոկտորի բարձր կոչմանն արժանանալու առթիվ”: Ռեկտոր Արա Ավետիսյանը Ց. Մակիմոտոյին և նրա տիկնոջը ներկայացրեց ՀՊՃՀ ձեռքբերումների տարեգրությունը՝ շեշտը դնելով համալսարանի զարգացման ծրագրերի և ՏՏ ոլորտում կատարած գիտական ու նորարարական աշխատանքների վրա։

Այցի շրջանակներում Ցուգիո Մակիմոտոն հանդես եկավ մասնագիտական ուշագրավ դասախոսությամբ՝ «Կիսահաղորդչային  նորարարություններ և ՏՏ հեղափոխություն» թեմայով։ Ներկայացնելով իր մասնագիտական կյանքը, որը նվիրված է կիսահաղորդչային բնագավառին, նա խոսեց կիսահաղորդիչների և ՏՏ զարգացման վաղ շրջանի, ներկայի և ապագա տասնամյակների իր կանխատեսումների մասին: Նրա կարծիքով կիսահաղորդիչները փոքր քարեր են, որոնք ոչ մի օգուտ չեն տա, եթե չլինեն տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց համար կիսահաղորդիչները էներգետիկ աղբյուր են։

Ցուգիո Մակիմոտոն, տիկնոջ և Արա Ավետիսյանի հետՑուգիո Մակիմոտոյի հեռատեսական մոդելներն ու նախագծերը հնարավորություն են տվել նրան հայտնաբերել և հրապարակել հայտնի «Մակիմոտոյի ալիքը», որը վերաբերում է կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթին: Նա իր ելույթում անդրադարձավ «Մակիմոտոյի ալիքին», պատվիրված ու ստանդարտ սարքերին և չփոփոխվող դինամիկ հիշողությանը։

Իր ելույթում Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն հայտնեց համալսարանին իր գործունեության գնահատման և իրեն ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու համար` նշելով, որ այսօր իր կյանքի լավագույն օրերից մեկն է: “Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթ խնդիր է համարվում։ Սա ուրախալի է ինձ համար, քանի որ այն առաջնահերթ է նաև Ճապոնիայում: Ես կարևորում եմ ՏՏ ընկերությունների և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, ինչն արդեն նկատելի է այստեղ”,-ընդգծեց պարոն Մակիմոտոն:

 

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ

կապերի և տեղեկատվության բաժին

Արվեստագիտությանը ծերացման վտանգ չի սպառնում

DSC_9520Նոյեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների 8-րդ գիտական նստաշրջանը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտական նստաշրջանը նվիրված է ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին։

Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը տեղեկացրեց, որ գիտական նստաշրջանին մասնակցում են ինչպես Արվեստի ինստիտուտի երիտասարդ արվեստաբանները, այնպես էլ երիտասարդ գիտնականներ հանրապետության կրթական, մշակութային այլ օջախներից, ինչպես նաև՝ արտասահմանից։ «Վերջերս շատ է խոսվում գիտության ծերացման մասին, սակայն մենք տեսնում ենք, որ գոնե արվեստագիտությունը ծերացման վտանգից զերծ է։ Մեր թիկունքում կան շատ շնորհալի, խոստումնալի երիտասարդ արվեստաբաններ։ Եվ անցկացվող նման գիտաժողովները դրա վկայությունն են»,- նշեց Աննա Ասատրյանը։

Եռօրյա նստաշրջանի չորս նիստերի ընթացքում ընթերցվելու է 40 զեկուցում, որոնցում ներկայացվելու են արվեստագիտության տարբեր գիտաճյուղերը. կերպարվեստագիտություն, երաժշտագիտություն, ճարտարապետության պատմություն և կինոգիտություն: Գիտաժողովի նյութերը հետագայում կհրատարակվեն առանձին ժողովածուով։ 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մարիա Գևորգյանը 100 շախմատիստուհիների պայքարում 7-րդն է

chp_chess_gameՀնդկաստանի Չեննայ քաղաքում 100 շախմատիստուհիների մասնակցությամբ անցկացված կանանց միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը  վաստակած 7,5 միավորով հանգրվանեց 9-րդ հորիզոնականում, իսկ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Կարինա Համբարձումովան 7 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը:

Ցոլակ Մկրտչյանի այրի. Միայն նշանակվել են փորձաքննություններ

Ցոլակ ՄկրտչյանՄասիսի բժշկական կենտրոնում մահացած 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի այրին և նրա իրավահաջորդ Արևիկ Զոհրաբյանը բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին և  ՀՀ Արարատի մարզի դատախազի պաշտոնակատար Ա. Արսենյանին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը, տուժողի իրավահաջորդը խնդրում է գլխավոր ու մարզային դատախազներից  վերացնել  քրեական գործով վարույթը կարճելու մասին  ՀՀ Ոստիկանության  Քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Ս. Անդրեասյանի` 02.11.2013 թ-ի որոշումը և վերսկսել նախաքննությունը:   Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Ս.Անդրեասյանի կողմից 02.05.2013թ. հարուցվել է քրեական գործը «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 03.04.2013թ. մահացած Ցոլակ Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ  հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն կամ  սպասարկում իրականացնողների  կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է  բուժվող հիվանդի մահը:    26.04.2013 թ. ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ «Ցոլակ Մկրտչյանի մահը վրա է հասել ձախ արմնկափոսից դեղորայքի ներերակային ներարկումից առաջացած անաֆիլակտիկ շոկից»:      25.06.2013 թ. ստացված համալիր դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշվում է, որ ըստ բժշկական  փաստաթղթերի տվյալների` հիվանդ Ց.Մկրտչյանի ներկայացրած գանգատների համապատասախան` կատարվել է ախտանիշային` սիմպտոմատիկ բուժում: Ընդ որում, 1-ին անգամ` 02.04.2013թ. ժամը 23.30-ին «պապավերին» տեսակի դեղամիջոցի ներարկումից հետո որևէ բարդություն չի դիտվել, իսկ 2-րդ անգամ` «բարալգետաս» դեղամիջոցի ներարկման ժամանակ` 03.04.2013թ. ժամը 04.30-ին զարգացել է բարդություն` անաֆիլակտիկ ռեակցիա, որի անդառնալի հետևանքները, բարդությունները կանխելու համար անհրաժեշտ էր, բացի ի թիվս ճիշտ կատարված մնացած դեղամիջոցների, անհապաղ կատարել նաև «ադրենալին»  տեսակի դեղորայքի ներերակային ներարկում:   «Այս կապակցությամբ հարկ է նշել, որ նման իրավիճակում, երբ զարգանում է անաֆիլակտիկ ռեակցիա` անաֆիլակտիկ շոկի ձևով, պարտադիր ցուցված բուժօգնությունը հանդիսանում է ադրենալինի ներարկումը, որն ըստ փաստաթղթղերի տվյալների` տվյալ դեպքում չի կատարվել: Դրա կատարումը կմեծացներ Ցոլակ Մկրտչյանի` անաֆիլակտիկ շոկից դուրս գալու հավանականությունը: Այս կապակցությամբ հանձնաժողովը հարկ է համարում նշել, որ ըստ հիվանդության պատմագրում առկա անեսթեզիոլոգի գրառումների` ադրենալինի ներարկումը կատարվել է ճիշտ, որը, սակայն, եղել է անաֆիլակտիկ շոկի զարգացումից 15 րոպե հետո.…»:    Տուժողի իրավահաջորդն, այսպիսով, ակնհայտ է համարում, որ Ցոլակ Մկրտչյանին «մահաբեր ներարկում կատարած» բժիշկը չի ցուցաբերել առաջին անհրաժեշտ բուժօգնությունը և չի կատարել ադրենալինի ներարկում, որը պետք է անմիջապես կատարեր: Իսկ քրեական գործի ընթացքում պարզվել է, որ անեսթեզիոլոգ Գագիկ Վարդանյանն այդ օրը հիվանդանոցում չի գտնվել և գիշերը իր տանից է ժամանել հիվանդանոց և նոր միայն կատարել ադրենալինի ներարկում: Տուժող կողմը կասկածներ ունի, որ այդ ներարկումը կատարվել է Ցոլակ Մկրտչյանի մահից հետո, այլ ոչ թե` 15 րոպե անց:   Վարույթն իրականացնող մարմինն, ըստ տուժող կողմի, այդ եզրակացությունից հետո պետք է մեղադրանք առաջադրեր բժշկին, սակայն դրա փոխարեն 24.07.13թ. նշանակել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, 15.10.2013թ. ստացված այդ փորձաքննության եզրակացության համաձայն` մասնավորապես, «պապավերին»  և «բարալգետաս»  դեղամիջոցների պարագայում փորձնական նմուշային  ներարկումը անհրաժեշտ է կատարել  միայն այն դեպքում, երբ հիվանդը  նշում է նախկինում ունեցած  ալերգիկ երևույթների դեղամիջոցների կիրառումից: Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

««Ոսկե ծիրանն» անվիների վրա» կհյուրընկալվի Տավուշի մարզում

Yeregnadzor 2«Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոնը, որն անց է կացվում հուլիս ամսին Երևան քաղաքում, արդեն յոթ տարի է ինչ կազմակերպում է ««Ոսկե ծիրանն» անիվների վրա» շրջիկ փառատոնը: «Ոսկե ծիրանն» անիվների վրա»-ն նպատակ ունի փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված լավագույն ֆիլմերը ներկայացնել Հայաստանի մարզերում, ԼՂՀ-ում, Ջավախքում և այլ հայաշատ վայրերում:

Այս տարի  «Ոսկե ծիրանն» անիվների վրա ծրագիրը հոկտեմբերի 20-23-ը հյուրընկալվեց Վայոց Ձորի  մարզում, հոկտեմբերի 22-24-ը` Սյունիքի մարզում, նոյեմբերի` 8-10-ը` Շիրակում, նոյեմբերի 12-14-ը` Լոռու մարզում: «Ոսկե ծիրան» կինոփառառատոնը մարզային փառատոներն իրականացրեց   չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի,  տարածաշրջանային «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և «Սակդոկ» գործընկեր- կազմակերպությունների կողմից անցկացվող CAUCADOC ծրագրի հետ համատեղ: Հայաստանի մարզերում ցուցադրվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2012-13թթ-ի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում ընդգրկված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը:

Նոյեմբերի 8-11-ը  «Ոսկե ծիրանն» անիվների վրա շրջիկ փառատոնը եղավ Ջավախքում: Ցուցադրությունները կազմակերպվեցին «Ոսկե ծիրան» կինոդահլիճում: Ջավախքում փառատոնը մեկնարկեց Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով: Հաջորդ օրերին ցուցադրվեցին Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն», Արամ Շահբազյանի «Ջավախք. հավերժական հայրենիք», Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» և Ռուսուդան Չկոնիայի «Ժպտացեք» ֆիլմերը: Ռուսուդան Չկոնիան անձամբ ներկա էր իր ֆիլմի ցուցադրությանը և ֆիլմի ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կարևորագույն առաքելություններից է տարածաշրջանային կինոցանցի ձևավորումը: Այդ իմաստով կարևոր է «Ոսկե ծիրանի» միջնորդությամբ` Ռուսուդան Չկոնիայի և Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի միջև ձեռքբերված համաձայնությունը, ըստ որի «Ժպտացեք» ֆիլմը նոյեմբերի 15-ից  կլինի կինոթատրոնի էկրաններին: Ֆիլմը մեծ հաջողություններ է գրանցել, ինչպես հեղինակավոր կինոփառատոներում, այնպես էլ վրացական կինովարձութում:

«Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի հեղինակ Կարինե Խոդիկյանին «Ոսկե ծիրանն անիվների» վրա փառատոնի շրջանակներում արժանացավ Ջավախքի պատվավոր քաղաքացու կոչմանը:

«Ոսկե ծիրանն» անիվների վրա փառատոնը նոյեմբերի 20-ից կհյուրընկալվի Տավուշի մարզում:

Օլիմպիական խաղերի մասնակիցներին հյուրընկալելու ցանկություն ունեցող քաղաքների թիվը շատ է

24081Միջազգային օլիմպիական կոմիտեն  ավարտեց  2022 թ. ձմեռային օլիմպիական խաղերն  անցկացնել ցանկացող քաղաքների հայտերի ընդունումը: Այդ  քաղաքներն են`  Չինաստանի, Նորվեգիայի  և Շվեդիայի մայրաքաղաքներ Պեկինը, Օսլոն, Ստոկհոլմը, Ղազախստանի  Ալմաթին, Ուկրաինայի  Լվովը  և Լեհաստանի Կրակովը:

Ավելի վաղ ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու ցանկություն են հայտնել ևս  10 երկրների  քաղաքներ:

2022-ի օլիմպիական խաղերի մայրաքաղաքը  հայտնի կդառնա  2015 թ. հուլիսի 31-ին, Մալայզիայի  Կուալա Լումպուրում  անցկացվելիք  ՄՕԿ-ի  127-րդ նստաշրջանում:

 

Խորհրդարանական 4 խմբակցությունները դատապարտում են քաղաքական մեծամասնության քայլը

загруженное (1)

Տապալված արտահերթ նիստից հետո ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները՝ «Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ,  ինչպես նաև անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հանդես են եկել հայտարարությամբ.

«ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2013 թվականի նոյեմբերի 15-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու մասին հարցով: Նիստը չկայացավ ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների) բոյկոտի պատճառով: Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու քաղաքական մեծամասնության ցանկությանը ընդդիմադիր պատգամավորները ընդառաջել էին:

Քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատում ենք որպես բացահայտ արհամարհանք սահմանադրության նկատմամբ, քաղաքական փոքրամասնության սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունը ի չիք դարձնող և բաց քննարկումներից խուսափելու քայլ, անհանդուրժողականության դրսևորում, Ազգային ժողովի դերը նսեմացնելու հերթական փորձ:

Համակարծիք լինելով բազմահազար քաղաքացիների և տասնյակ կազմակերպությունների` կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ արտահայտված մտահոգությունների հետ` գտնում ենք, որ այս համակարգի ներդրման բացասական հետևանքները կրելու են Հայաստանի բոլոր քաղաքացիները, ներկա և ապագա սերունդները.

1. դատապարտում ենք քաղաքական մեծամասնության քայլը,

2. անըդնունելի ենք համարում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ դնելու Հայաստանի իշխանությունների կարծր և մեր քաղաքացիների շահերից չբխող մոտեցումը,

3. պահանջում ենք կասեցնել պարտադիր բաղադրիչի կիրառումը, իրականացնել հանրային և մասնագիտական լայն քննարկումներ, ստեղծել բացահայտված ռիսկերի լիարժեք չեզոքացման մեխանիզմներ, կատարել համապատասխան փոփոխություններ և վերջնական տարբերակը դնել հանրաքվեի,

4. շարունակելու ենք պայքարել այս համակարգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով (օգտագործելով ՀՀ ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու, սահմանադրական կարգով բողոքարկումներ իրականացնելու, ցուցական միջոցառումներ կազմակերպելու, քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները համախմբելու և աջակցելու, Հայաստանի կառավարության նկատմամբ հանրային ճնշումները ուժեղացնելու և այլ միջոցներով):

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել այս պայքարին: Այն ուղղված է արժանապատիվ ծերություն ունենալու ՀՀ քաղաքացու իրավունքի ապահովմանը»:

 

Խմբակցություններ 

ՀՅԴ Արմեն Ռուստամյան 

«Բարգավաճ Հայաստան», Նաիրա Զոհրաբյան

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան «Ազատ Դեմոկրատներ»,

«Ժառանգություն» Զարուհի Փոստանջյան

ՀԱԿ Արամ Մանուկյան

Ըստ քաղաքացու հաղորդման` հարկադիր կատարողը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս

դահկՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացի Դ. Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` Դ.Մ.-ի որդուց` Է. Մ.-ից, 1.5 մլն ՀՀ դրամի գումարի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթի շրջանակներում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողն առանց պատշաճ կարգով ծանուցելու, գաղտնի կերպով հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով վաճառել է 40 մլն դրամ արժողությամբ բնակարանը` վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Հունաստանի ափերի մոտ ներգաղթյալներով նավ է խորտակվել

i (4)Նավաբեկության հետևանքով 8 մարդ է զոհվել:

Հունաստանի ափային ծառայությունները նավը հայտնաբերել են այսօր, Իոնական ծովում, Լեֆկադա կղզու մոտ:

15 մարդու հաջողվել է փրկվել, 8-ը զոհվել են: Նրանց ազգությունը  փորձում են պարզել:

Թութանհամոնի 3000-ամյա քրոջն առևանգել են թանգարանից

o_849622Փարավոն Թութանհամոնի քրոջ անգին քանդակը, որը համարվում է  3000 տարեկան, գողացել են Եգիպտոսի թանգարանից: Երկրի իշխանությունները ”Էխնաթոն փարավոնի դուստր”, անվանված արվեստի այդ  գործի առևանգման  առիթով միջազգային հետախուզում են հայտարարել: Դրա հետ միասին, թանգարանից տարել են ևս 1000 ցուցանմուշ: Քանդակը Մալավի քաղաքի թանգարանից անհետացել է այս ամառ, ոստիկանության ու իսլամիստների բախումների ժամանակ: Փորձագետները մտավախություն ունեն, որ  դրանք առևանգվել են պատվերով ու հնարավոր է, որ վաճառված լինեն արտասահմանում:

Թութանհամոնի քրոջ արձանը թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշն էր: Այն պետք է փոխանցեին Թութանհամոնի հոր` Էխնաթոնի ընտանիքին նվիրված նոր թանգարանին: Վերջին ամիսներին ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել ավելի քան 600 գողացված թանկարժեք իրեր, սակայն ոսկեդրամները, սրբազան իբիս թռչնի քանդակն ու Էխնաթոնի դստեր արձանը մինչ օրս չի հայտնաբերվել:

Թանգարանի աշխատակիցների կարծիքով, թալանչիները գիտեին` ինչ են փնտրում: Նրանք թողել են միայն արվեստի 46 փայտե նմուշ, որոնք պարզապես շատ ծանր են եղել տանելու համար: 2011-ին, հեղափոխության առաջին օրերին հանցագործներն առևանգել են Թութանհամոնի դամբարանի գանձերը, որոնք ցուցադրված էին Կահիրեի Թահրիր հրապարակի Եգիպտոսի ազգային թանգարանում:

«Ընդդիմությունը միացավ ազգադավ մադրիդյան սկզբունքներին». Զարուհի Փոստանջյան

загруженное«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ԱԺ ճեպազրույցների ժամին մեկ անգամ ևս անդրադարձավ 2014 թվականի պետական բյուջեի նախագծին` այն անվանելով արտագաղթի և աղքատության բյուջե. «Իսկ մի մասի համար` խրախճանքների շարունակման բյուջե»,-ասաց նա:

Հարցին, թե մասնավորապես ովքեր են մտնում խրախճանքներից օգտվողների մեջ, Փոստանջյանը նախ նշեց, որ լրագրողները նրանց մասին շատ ավելի լավ գիտեն, ապա ասաց, որ խոսքը շուրջ 1000 պաշտոնյայի մասին է:

Պատգամավորը նաև հայտնեց, որ իրենց կողմից պետբյուջեի վերաբերյալ մոտ 50 առաջարկ է ներկայացվել:

«Անկախ»-ի հարցին, թե ինչպես է վերաբերում իր ընդդիմադիր գործընկերներին, որոնք իրեն մենակ թողեցին ԼՂՀ ճանաչման վերաբերյալ իր նախագծի հետ, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Այո, ընդդիմությունը միացավ ազգադավ մադրիդյան սկզբունքներին»:

Ալիևի և Սարգսյանի հանդիպումը խթան կհանդիսանա Ղարաբաղյան հակամարտության լուծման համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

եահկՀայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բերը, հայտնում է “Թրենդ” գործակալությունը։

“Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մտադրությունը՝ հանդիպում անցկացնելու և հակամարտության լուծմանն ուղղված հետագա քայլերը քննարկելու համար: Ժամանակն է խոսքից գործի անցնելու”,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ողջունում է համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունն ու գնահատում են նրանց աշխատանքը հակամարտության կողմերի հետ։

“Հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի”,-ասել է Բերը։

Տաքսու վարորդն ուղևորի պայուսակից 150 հազար դրամ էր գողացել

ՏաքսիներՆոյեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին էր դիմել 51-ամյա մի կին` հայտնելով, որ ժամը 19.30-ին Նոյ թաղամասում անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայի սրահում գտնվող իր պայուսակի դրամապանակից գողացել է 150.000 դրամ:
Հետաքննության ընթացքում պարզվել է տաքսի ավտոմեքենայի մակնիշը` «Օպել Աստրա», որը վարել է 1986 թ. ծնված  Արշակ Ա.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին,  Արշակ Ա.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

“Ֆոլքսվագենը” ստիպված հետ է կանչում ավելի քան 2 մլն ավտոմեքենա

i (2)Արդեն վաճառված ավտոմեքենաներում հայտնաբերվել են տեխնիկական անսարքություններ:

Հետ կանչված ավտոմեքենանաերի մեծ մասը Tiguan մոդելի է, որոնցում լուսարձակների հետ կապված խնդիրներ են ախտորոշվել: Եվս 250 հազարը  Amarok պիկապներ են, որոնցում չի բացառվում վառելիքի արտահոսքը:

Բացի այդ, Չինաստանի պետական մարմինները  փոխանցման տուփի անսարքության պատճառով  հրահանգել են կես մլն ավտոմեքենաների հետկանչը: