Մադոննան առաջ է անցել Լեդի Գագայից

o_851931Ըստ Forbes-ի`   բարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա վարկանշային ցուցակում առաջին հորիզոնականը գրավել է 55-ամյա փոփ-երգչուհի Մադոննան: Նա անցած տարվա հունիսից մինչև այս տարվա հունիս աշխատել է 125 մլն դոլար:

Նրա հիմնական եկամուտները ստացվել են  շուրջերկրյա MDNA շրջագայությունից ու   սեփական գծի հագուստի և օծանելիքի վաճառքից:

Ledi Gaga80 մլն-ով երկրորդ հորիզոնականում 27-ամյա Լեդի Գագան է : Սակայն հրատարակությունը նշում է, որ նրա եկամուտը շատ ավելի կլիներ, եթե վնասվածքի պատճառով ժամկետից շուտ չավարտեր Born This Way Ball շրջագայությունը:

Երորդը Ջոն Բոն Ջովին է` 79 մլն դոլարով: Նրանից հետո քանթրի երաժիշտ Թոբի Կիտն է (65 մլն-ով), ապա բրիտանական Coldplay  ռոք խումբը` 64 մլն-ով:

Անցած մեկ օրում. ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում,վեց վիրավոր

ավտոպատահարՆոյեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, Երևանի  Ե. Քոչարի և Քաջազնունու փողոցների խաչմերուկի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 02.00-ին, Երևանի  Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Ռենո»   և   «Սամանդ»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 22.20-ին, Երևանի Արցախի պողոտայի թիվ 23/5 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲԻԴ» և «Նիսան»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲԻԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 07.30-ին, Երևանի  Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ 24»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը և «ԳԱԶ 24»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Վախճանվել է Ուոլթ Դիսնեյի ավագ դուստրը

o_851825Կալիֆոռնիայում  երեկ  կյանքի 79-րդ տարում վախճանվել է լեգենդար Դիսնեյի ու նրա կնոջ`  Լիլիան Դայան Դիսնեյ Միլլերի ավագ դուստրը: Մահվան պատճառը սեպտեմբերին ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների բարդությունն էր:

Երբ 1933-ին ծնվեց Դայան Դիսնեյը, բոլոր թերթերը գրեցին` “Միկի Մաուսն աղջիկ է ունեցել”: Երեխաների հետ Գրիֆիտի այգում զբոսանքի ժամանակ էլ Դիսնեյի գլխում հղացավ ժամանցի ու ընտանեկան հանգստի կենտրոն ստեղծելու գաղափարը, որը հետագայում վերածվեց իրականության  “Դիսնեյլենդ” անվանմամբ:

Իր կյանքում Դայանը հոր կենսագրությունն է գրել, նկարահանվել մի քանի փաստագրական, այդ թվում` “Իմ հայրը  Ուոլթ Դիսնեյն է”(2006) ֆիլմերում:

Ուկրաինան պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական պարբերական երկխոսության հաստատմանը

kojara ԵԱՀԿ  գործող ներկայացուցիչներից Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, ողջունելով երեկ Վիենայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումը, կարծիք է հայտնել, որ նման մակարդակի հանդիպումները խաղաղության երաշխիք են հանդիսանում և նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանային համագործակցության համար: «Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը և խթան կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի համար: Ուկրաինական ներկայացուցչությունը պատրաստ է հետագայում ևս նպաստելու կողմերի միջև պարբերական երկխոսության հաստատմանը»,-հայտարարել է Կոժարան:

ԱՄՆ-ն ողջունում է Սարգսյան-Ալիև հանդիպումը

amn  ԱՄՆ-ն ողջունում է երեկ Վիենայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարության կայքի վրա: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այս առաջին քայլը և խորհուրդ ենք տալիս պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկա ամիսներին կրկին հանդիպելու շուրջ»,-հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:

Պսակիի խոսքերով՝ երկու տարի անց նախագահների առաջին հանդիպումը կարևոր քայլ է բանակցությունների վերսկսման համար, ինչը ցույց է տալիս, որ նախագահները հակված են կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին երկու նախագահներին կոչ է անում ակտիվորեն աշխատել հակամարտության լուծման ուղղությամբ, որը բոլոր տեսանկյուններից ծանր բեռ է դարձել մարդկանց համար»,-հավելել է Պսակին:

Արման Թաթոյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Արման ԹաթոյանՎարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:

Արման Թաթոյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ և ծննդավայր
1981 թվականի դեկտեմբերի 18, ք. Երևան

Կրթություն
1998 – 2002 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության բակալավր
2002 – 2004 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության մագիստրոս
2004 – 2007 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ
2012 թ.- ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն (Wharton) բիզնես դպրոց՝ «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիր
2012 – 2013 թթ.- ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոց (Penn Law)՝ Իրավունքի մագիստրոս
Գիտական աստիճանը` Իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն
2003 – 2004 թթ.- Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն (ՇՄԻՊԿ, EPAC), Իրավական հարցերով փորձագետ
2004 – 2007 թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժին՝ Իրավական հարցերով ավագ մասնագետ
2007 թ. – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝ նախագահի խորհրդական
2008 թ. – ՀՀ դատախազության դպրոց՝ դասախոս
2007 – 2009 թթ.- Միավորված ազգերի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ, UNDP), Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազգման ծրագիր, 5-րդ փուլ՝ իրավական բաղադրիչի համակարգող
2009 թ.- ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազ
2010 թ.- ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի ծրագրի իրավական հարցերով խորհրդատու
2010 թ – Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար
2009-2011 թթ.- ԵՄ մարդու իրավունքների պաշպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ ծրագրի իրավական հարցերով համակարգող
2010 – 2012 թթ.- Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ, UNDP) Հարավային կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական հարցերով փորձագետ
2010 – 2012 թթ.- ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի (UNODC) Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ
2010 թ. – մինչ օրս- ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ
2010 – 2013 թթ.- ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական
2005 թ. – մինչ օրս – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ այնուհետև՝ դոցենտ
2013 թ. – մինչ օրս- Եվրոպայի խորհրդի Միգրացիոն հարցերի համակարգման ստորաբաժանման (ք. Ստրասբուրգ), Ռուսաստանի Դաշնությունում փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդական
2011 թ. – մինչ օրս- Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ), Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Այլ տվյալներ
2013 թթ. – սովորել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցում (Penn Law) և ստացել պատվավոր մագիստրոսի հավաստագիր
2002 թ. – մինչ օրս- ՀՀ իրավաբանների միության անդամ
2004 թ. – արժանացել է ԵՊՀ լավագույն մագիստրոսի կոչման և ՀՀ ԱԺ նախագահի մրցանակի
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն և ֆրանսերեն լեզուների

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԱՄՆ-ում առգրավվել է ավելի քան 200 հազար չինական տիկնիկ

i (4)ԱՄՆ մաքսային ծառայությունն առգրավել է Չինաստանից բերված, առողջության համար վտանգ ներկայացնող  ավելի քան 200 հազար տիկնիկ  ընդհանուր 500 հազար դոլար արժողությամբ:

Հետազոտությամբ հայտնաբերվել են թունավոր նյութեր` ֆտալատներ և այնպիսի քիմիական միացություններ, որոնց ներկրումն ԱՄՆ արգելված է:

ԱՄՆ մաքսային ծառայությունն այդ բեռն առգրավել է երկրի տարբեր նավահանգիստներից. Չիկագո, Լոս Անջելես, Դալլաս, Նորֆոլք, Մեմֆիս, Պորտլենդ:

ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ

հքծԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությանը գրություն է ուղարկել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 6-ին այցելելով ՀՀ ոստիկանության «Ձերբակալվածների պահման վայր», հանդիպել է 2013թ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ, որոնցից Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու, սպառնալիքներ հնչեցնելու և հայհոյանքներ տալու մասին: Անձամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից բռնության ենթարկվելու մասին իրեն հայտնել է նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:
Աժ պատգամավորի գրության կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց՝ իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով և անձամբ արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական և գաղափարական հայացքներով:
Իսկ Վ.Վարդանյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց և իր նման դիրքորոշման պատճառը նշելուց:
Դատաբժշկական փորձաքննությունների կատարման ընթացքում Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հայտարարել են, որ իրենց մոտ հայտնաբերված առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշուկի ընթացքում:
Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի մասնակցությամբ տարբեր ժամանակ կատարված մի շարք դատավարական գործողություններին մասնակցած ընթերակաները բացառել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում ՀՀ ոստիկանապետի ու նրա տեղակալի շփումը Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ բռնություն կամ ապօրինի այլ նորգործություն կիրառվելու հանգամանքը:
Հիշյալ հանգամանքը հերքել են նաև Վ. Գասպարյանն ու Հ. Պողոսյանը, ինչպես նաև այն անձինք, ովքեր Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելուց հետո մշտապես շփվել կամ քրեադատավարական բնույթի գործողություններ են իրականացրել նրանց հետ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Շանթ Հարությունյանը և մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնել:
Ձերբակալման անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ձերբակալված Շանթ Հարությունյանին կատարած մի քանի այցելությունների ընթացքում վերջինս որևէ բողոք չի ներկայացրել ՀՀ ոստիկանապետի և նրա 1-ին տեղակալի կողմից բռնության ենթարկվելու առնչությամբ:
Այսպիսով` ՀՀ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ ստացված տեղեկատվության առիթով կատարված ստուգողական գործողությունների արդյունքում չի հաստատվել վերջինիս կողմից մատնանշված այն փաստը, որ 2013թ. նոյեմբերի 05-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են կիրառել, սպառնացել, հայհոյել:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ կայացված որոշման օրինակներն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանին և գործով վարույթի ելքով շահագրգիռ մյուս անձանց:

Սարդինիայում ջրհեղեղի պատճառով 3000 մարդ զրկվել է տանիքից

i (3)Սարդինիային պատուհասած աղետը  շուրջ 3000 մարդու դարձրել է անօթևան, զոհերի թիվը հասել է 18-ի:

Իտալական կղզում ընդամենը մի քանի ժամում տեղումների քանակը տարեկան նորմին է հասել: Ջրհեղեղի հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկվել են:

Երկրի վարչապետ Էնրիկո Լետան այցելել է տուժած շրջաններ: Նրա խոսքով, աղետի հետևանքների վերացման համար 20 մլն եվրո է հատկացվել:

ՀԱՀ-ում քանդվել է կառուցվող առևտրի կենտրոնը

i (2)Տոնգատ քաղաքում քանդվել է կառուցվող առևտրի շենքի տանիքը: Զոհվել է մեկ բանվոր, տասնյակ մարդիկ են տուժել:

Վերջին տվյալներով, ավերակների տակ առնվազն 50 մարդ կա: Որոնողական աշխատանքներ են կատարվում:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ, շենքի շինարարությունն արգելվել էր տեխնիկական անվտանգության խախտման պատճառով: Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ իրենք տեղյակ չեն եղել, որ շինարարությունը վերսկսվել է:

Սաուդյան Արաբիան 60 հազար անօրինական ներգաղթյալի է արտաքսել

i (1)Սաուդյան Արաբիայի իշխանություններն ընդամենը 2 շաբաթում շուրջ 60 հազար անօրինական ներգաղթյալի են արտաքսել երկրից:

Ինչպես նշվում է, իշխանություները նման միջոցների են դիմել, որ կրճատեն երկրի կախվածությունը օտարերկրյա աշխատուժից: Ոստիկանությունը ճշտել է. արտաքսվել են միայն նրանք, ովքեր անօրինական էին աշխատում Սաուդյան Արաբիայում: Ավելի վաղ աշխատանքային միգրանտներին առաջարկվել էր մինչև նոյեմբերի 3-ը ձևակերպել բոլոր փաստաթղթերը կամ մեկնել:

Ադրբեջանցի գործարարը երիտասարդի է կրակել

1 (10)Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցի գործարար Շահին Մամեդովին, որի տուն նոյեմբերի 16-ին անհայտ անձինք էին ներխուժել: Դիմակայության ընթացքում տանտերը կրակ է բացել 1987թ.-ին ծնված երիտասարդի վրա, հայտնում է “Հագին” կայքը`հղում կատարելով “Ուկրինֆորում”-ին։

Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պոգուկայը տեղեկացրել է, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 16-ին, իսկ նոյեմբերի 19-ին մահացել է։

Ինչպես հաղորդել է Ադրբեջանցիների միության Լուգանսկի շրջանի ղեկավար Ռասիմ Ուգուրլուևը, Մամեդովը տանն է գտնվել, երբ տեղի է ունեցել միջադեպը։

Տանը մոտեցել են մի քանի ավտոմեքենաներ։ Դրանից դուրս են եկել մարդիկ, որոնք ադրբեջանցու հասցեին ռասիստական արտահայտություններից հետո կրակ են բացել նրա ուղղությամբ։ Ի պատասխան՝ գործարարն ու նրա որդին պատասխան կրակ են բացել գրանցված ինքնաձիգից և ատրճանակից։

ՆԳՆ-ն ևս հաստատում է, որ գործարարը կրակել է ինքնապաշտպանվելու նպատակով։

2013 թվականի հունվար-հոկտեմբերին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 2730 հազ. տոննա բեռ

հկե2013 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2730,0 հազ. տոննա բեռ, ինչը 5,1%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 390,4 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1002,4 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝  1337,2 հազար տոննա:

Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 342,3 հազ. տոննա, ինչը 5,7% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու շրջանում արտահանվել է 39,0 հազ. տոննա, ինչը 17% պակաս է 2012 թվականի հոկտեմբերի համեմատ:

Սակայն աճ է նկատվում ներմուծման և տեղական հաղորդակցությունում՝ հոկտեմբերին ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 150,5 հազ. տոննա բեռ (աճը՝ 4,1%), իսկ տեղականում՝ 152,8 հազ. տոննա (աճը՝ 15,7%):

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծել է Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագորրծակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:

Երևանում գայլ են վնասազերծել

գայլՆոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 15.00-ի սահմաններում թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող ՙՅունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն Հ2 հեռուստաընկերությունից և բնակիչներից Սիլիկյան թաղամասում ագրեսիվ թափառող կենդանիների մասին ահազանգեր է ստացել։ Ընկերության մասնագիտացված խումբը զանգից 10 րոպե անց դեպքի վայրում էր, որտեղ և «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները որսացել են գայլ, որը տեղափոխվել է ընկերության կլինիկա։

Մասնագետի գնահատականով՝ գայլը մոտ 1 տարեկան էր։

 «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ  տուժածներ չկան։

Խոշոր ավտոպատահար Սպիտակ-Երևան ճանապարհին`երեք զոհ,երեք վիրավոր

ԱվտովթարՆոյեմբերի 20-ին, ժամը 05.17-ին ահազանգ է ստացվել , որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սպիտակ-Երևան ավտոճանա­պարհի 8-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2105» մակնիշի 33 VU 510 պետհամարանիշի և «ՎԱԶ 2101» մակնիշի 67 ԼԼ 244 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից երեքը տեղում մահացել են:
Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենանայի վարորդ՝ 1978 թ. ծնված Մ. Ե.-ն, ուղևորներ՝ 1956 թ. ծնված Ս. Հ.-ն ու 1979 թ. ծնված Օ. Հ.-ն տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Մ. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ

օրբելիԷրմիտաժի գանձերի պահպանման և արտահանման վերաբերյալ կոշտ դիրքորոշում ունենալով` նա առանց վարանելու խիստ նամակ գրեց Կրեմլ` անձամբ Ստալինին: Էրմիտաժում շունչները պահած սպասում էին իրադարձությունների զարգացմանը, և պատասխանը չուշացավ. «Ամեն ինչ թողնել Օրբելու հայեցողությանը…»:

Ականավոր գիտնական, արևելագետ, ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելին ծնվել է 1887 թ. մարտի 20-ին Վրաստանի Քութայիս քաղաքում, իրավաբանի ընտանիքում: Ապագա մեծ գիտնականի հայրը` Աբգար Հովսեփի Օրբելին, Պետերբուրգի համալսարանի շրջանավարտներից էր: Տարբեր տարիներին աշխատել է Նախիջևանում, Դարաչիչակում, Թիֆլիսում, Քութայիսում….

Օրբելիների տոհմը հին հայկական ազնվական գերդաստաններից էր, որ մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջնադարյան պատմության մեջ:

Ազնվական գերդաստանից էր սերում նաև նրա մայրը` իշխանուհի Վարվառա Մովսեսի Արղությանը, ով ծագումով Լոռվա Սանահին գյուղից էր:  Նրա հեռավոր արմատները հասնում են Զաքարյան արքաներին: Նա պատվով մեծացրեց ու դաստիարակեց իր երեք ազնվազարմ հանճարեղ զավակներին:

1879 թ. փետրվարյան մի օր Թիֆլիսում տեղի ունեցավ Աբգար Օրբելու և իշխանուհի Վարվառա Արղությանի հարսանիքը: Հետագայում` ամուսնու մահից հետո,  Վարվառա Մովսեսովնան երաժշտության դասեր էր տալիս և խնամում թաղի երեխաներին:

Աբգարը և Վարվառան երեք որդի ունեցան` երեք  ապագա գիտնական, որոնց համբավը հայրենիքից շատ ու շատ հեռու տարածվեց: Ավագ եղբայրը` Ռուբենը, ԽՍՀՄ-ում հիդրոհնագիտության`  ստորջրյա հնագիտության հիմնադիրը դարձավ, Լևոն Օրբելին` անվանի ֆիզիոլոգ և ակադեմիկոս դարձավ:

Հովսեփ Օրբելին միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսի գիմնազիաներից մեկում, իսկ 1904 թ. ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրության և արևելագիտության ֆակուլտետը: Դեռ ուսանողության առաջին տարիներին նա հմտանում է հունարենի և լատիներենի ուսումնասիրման մեջ: Հետագայում Օրբելին սովորում է նաև պարսկերեն և քրդերեն, իսկ մանկուց հրաշալի տիրապետում էր հայերենին և վրացերենին: Նրա հավատամքն այն էր, որ բոլոր պատմական աղբյուրները պետք է ուսումնասիրել բնագրերով` իրենց իսկ լեզվով, ոչ թարգմանությամբ: Երբ հանձնեց համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի պետական քննությունները, հիացած դասախոսները Օրբելուն առաջարկեցին մնալ համալսարանում և պատրաստվել պրոֆեսորի կոչման: Սակայն նա մերժեց և թղթերը տվեց արևելյան լեզուների ֆակուլտետ` ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու հայ-վրաց բանասիրությունը:

Հովսեփ Օրբելուն համալսարանում դասավանդում էին ժամանակի խոշորագույն գիտնականներ` Ժեբելյովը, Ռոստովցևը, Բարթոլդը, Սմիռնովը: Բայց նրա վրա, անկասկած, իր մեծագույն ազդեցությունն է թողել Նիկողայոս Մառը, որին Հովսեփ Օրբելին համարում էր իր առաջին ուսուցիչը:

1911 թ. ավարտելով համալսարանը` նա մնում է Պետերբուրգում և անցնում գիտական աշխատանքի: Դեռևս ուսանողության տարիներին Օրբելին գործուն մասնակցություն ունեցավ Ն.Մառի ղեկավարությամբ Անիում կատարվող պեղումներին: Նա այնքան նվաճեց Մառի վստահությունը, որ շուտով սկսեց ղեկավարել տեղում գոյացած թանգարանը: Երբեմն Մառի բացակայության ժամանակ հենց Օրբելին էր հանձն առնում պեղումների ղեկավարությունը:

Այս ընթացքում Օրբելին շարունակ ճամփորդում էր և անգամ Արցախի Խաչեն գավառում ինքնուրույն պեղումներ կատարեց: Հատկապես արդյունավետ եղան 1911 թ. Արևմտյան Հայաստանի Մոկս նահանգում նրա կատարած հնագիտական պեղումները, որտեղից նա արժեքավոր իրեր ու նյութեր հայթայթեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համար:

Իր վաստակի համար նա 1912 թ. ընտրվեց Ռուսական հնագիտական ընկերության անդամ, իսկ 1914 թ. արդեն քրդագիտություն էր դասավանդում Պետերբուրգի համալսարանում և շուտով ընտրվեց հայ-վրացական ամբիոնի դոցենտ: Դեռևս ուսանելու տարիներին նա հրատարակեց ավելի քան 20 գիտական աշխատություններ` նվիրված հնագիտությանը, արվեստին, բանասիրությանը:

Հովսեփ Օրբելու պեղումների պսակը, անշուշտ, 1916 թ. նրա ղեկավարությամբ Վանի պեղումներ են, որոնց արդյունքում հայտնաբերվեց Սարդուրի Բ արքայի տարեգրությունը պարունակող արձանագրությունը:

Առհասարակ Հայաստանում ընդարձակ է Օրբելու կատարած հնագիտական պեղումների աշխարհագրությունը. Անի, Շիրակավան, Բագարան, Մրեն, Մարմաշեն, Աշտարակ, Փարպի, Ամբերդ, Գառնի, Պտղնի, Ղիլիջան, Խաչեն, Գանձասար, Վան, Մոկս, Հայկաբերդ, Աղթամար, Թոփրակ -Կալե, Բագավան, Հին Բայագետ…

1920 թ. նա դարձավ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, Պետական հնագիտական խորհրդի անդամ, Ժողկոմխորհի թանգարանային գործերի կոլեգիայի գիտական քարտուղար, Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, Նյութական կուլտուրայի պատմության ակադեմիայի իսկական անդամ, Ակադեմիայի հրատարակչության վարիչ և, վերջապես, Պետական Էրմիտաժի աշխատակից, որտեղ անցան նրա կյանքի կարևորագույն 30 տարիները` 1920-1951 թթ., 1934-ից նա Էրմիտաժի տնօրենն էր: 1935 թվականին նա ընտրվեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, որի թղթակից-անդամ էր դեռևս 1924-ից: 1940 թ. նա ընտրվեց ԽՍՀՄ Ճարտարապետական ակադեմիայի իսկական անդամ:

Մեծ է Օրբելու ներդրումը Էրմիտաժի պահպանման, գտածոների ուսումնասիրման գործում: Հատկապես մեծ է նրա ավանդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էրմիտաժի նյութական արժեքների պահպանման գործում:

Նա աշխատանքից ազատ ժամերին, թշնամու արկերի ռմբակոծությունների տակ դասախոսություններ էր կարդում խորհրդային զինվորների համար ռազմաճակատի առաջին գծում, անգամ` բլինդաժներում: Հետագայում` Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, Օրբելին, հանդես գալով որպես վկա, ցնցող ելույթ ունեցավ: Նա  մասնավորապես ասաց. «Ես երբեք հրետանաձիգ չեմ եղել: Բայց ելնելով այն բանից, որ Էրմիտաժի վրա ընկել է 30 արկ, իսկ նրա կողքին գտնվող կամրջին` ընդամենը մեկ, ես կարող եմ համոզված դատել, թե ինչին էր նշան բռնում ֆաշիզմը: Այդչափով էլ ես հրետանաձիգ եմ»:

Լենինգրադի բլոկադայի ճեղքումից հետո` 1942 թ., Հովսեփ Օրբելին եկավ Հայաստան: Դեռևս 1938-ից նա ԱՐՄՖԱՆ-ի` ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահ էր ընտրվել և գիտության վաստակավոր գործչի կոչման արժանացել: 1943 թ. նոյեմբերի 29-ին, չնայած երկրում մոլեգնող պատերազմին, բացվեց Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիան, և Հովսեփ Օրբելին միաձայն ընտրվեց ակադեմիայի առաջին պրեզիդենտ: Նա միաժամանակ ղեկավարում էր ակադեմիայի պատմության ինստիտուտը: Դեռևս Լենինգրադում աշխատելու տարիներին նա առանձնակի հոգատարություն ուներ հայ ուսանողների ու ասպիրանտների նկատմամբ և փաստորեն կրթեց մի ամբողջ սերունդ: Օրբելու հոգատարությունը հայ ուսանողների հանդեպ ահավոր մեծ պահանջկոտությունն էր, անողոք քննադատությունն ու հայրական վերաբերմունքը:

1947 թ. Հովսեփ Օրբելին ՀԽՍՀ ԳԱ պրեզիդենտի պաշտոնը թողեց և վերադարձավ Լենինգրադ: Նրան ԳԱ պրեզիդենտի պաշտոնում փոխարինեց տեղակալը` այն ժամանակներում արդեն իսկ աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:

Դեռևս տարիներ առաջ Վ.Համբարձումյանին նշանակելով իր տեղակալ` Հ.Օրբելին ՀԽՍՀ կառավարությունում ունեցած իր ելույթում մատնանշեց, որ Հայաստանի գիտության ապագան և առաջատարը ճշգրիտ գիտությունները պետք է լինեն, և այդ առումով ինքը հավատում և վստահում է Վիկտոր Համբարձումյանին:

1950-ական թթ. Հովսեփ Օրբելին ձեռնամուխ եղավ Թովմա Արծրունու, Եղիշեի և Ղազար Փարպեցու երկերի ռուսերեն թարգմանություններին:

Նա մի շարք արտասահմանյան երկրների ակադեմիաների պատվավոր անդամ էր, սակայն առանձնակի հպարտությամբ էր կրում Իրանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամի կոչումը: Հիրավի, Օրբելին ժամանակի մեծագույն իրանագետներից էր:

Հովսեփ Օրբելին գործուն մասնակցություն ունեցավ 1934 թ. Ֆիրդուսու «Շահնամեի», 1938 թ.` Շոթա Ռուսթավելու «Վագրենավորի» և 1939 թ.` «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակի տոնակատարություններում: ԽՍՀՄ կառավարությունը երախտագետ գտնվեց. 1956 թ. նա երկրորդ անգամ պարգևատրվեց Լենինի շքանշանով: Մինչ այդ կառավարությունը Օրբելուն պարգևատրել էր Աշխատանքային կարմիր դրոշի երկու և մի քանի այլ մեդալներով:

1955-ից նա Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանն էր, ապա` Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչը: Իսկ 1956-ից մինչ իր մահը ղեկավարեց ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը:

Հովսեփ Օրբելին շատ ազգային մարդ էր. նրան երբեմն նաև մեղադրում էին ազգայնական հայացքների համար: Մի անգամ Գիտությունների ակադեմիայի նիստի ժամանակ ակադեմիկոս Լիխաչևը իրեն թույլ է տալիս քամահրական արտահայտություն անել հայերի հասցեին: Զայրանալով` Հովսեփ Օրբելին աթոռը շպրտել է նրա վրա:

Երբ հաջորդ օրը Լիխաչևը մասնավոր նամակով ներողություն է հայցել` Օրբելին մերժել է ասելով, թե միջադեպը եղել է ակադեմիայի դռնբաց ժողովում և մասնավոր նամակով ներողությունն իրեն չի բավարարում: Լիխաչևն ստիպված էր ներողություն խնդրել ակադեմիայի նիստի ժամանակ:

Որքան խիստ ու պահանջկոտ էր աշխատանքում, նույնքան բարեհոգի ու անբռնազբոս էր աշխատանքից դուրս, հանգստի պահին: Բարի ու մեղմ սիրտ ուներ, միշտ առատաձեռնորեն աջակցում էր կարիքավորներին: Աշխատավարձի օրերին շատերն էին տան կամ ինստիտուտի ճանապարհին փող պարտք վերցնելու նպատակով կանգնեցնում: Չէր մերժում ոչ ոքի: Իսկ երբ փորձում էին վերադարձնել պարտքը, զայրանում էր. «Իսկ ես չեմ հիշում, թե ձեզ երբևէ որևէ բան եմ տվել…»:

Գիտեր ուրախանալ ընկերների, մտերիմների շրջապատում: 1940 թ. աշնանը Էրմիտաժում կազմակերպված մի միջոցառման ժամանակ աշխատակիցները որոշեցին թատրոն ցուցադրել: Բոլորի ծիծաղը հատկապես շարժվեց, երբ աշխատակիցներից մեկը ոսկորը ձեռքին խաղաց նախամարդու կերպարը…. Դահլիճում ծիծաղն ավելի ուժգին պայթեց, երբ այդ դերում տեսան տնօրենին…

Բռնկուն բնավորության պատճառով նրան Թայֆուն մականունն են տվել:

Հովսեփ Օրբելին չամուսնացավ: Նրա միակ սերը գիտնական-արևելագետ Կամիլա Վասիլևնա Տրևերն էր: Նրանք միմյանց սիրեցին ողջ կյանքում` հավատարմորեն, անթաքույց ու քնքուշ սիրով: Ափսոս, որ այդ սերն անպտուղ էր…

1960 թ. օգոստոսին Մոսկվայում կայացած Արևելագետների համաշխարհային 25-րդ խորհրդաժողովը վերջին մեծ գիտական միջոցառումն էր, որին մասնակցեց Հովսեփ Օրբելին:

Ժամանակին Օրբելին խնդիրներ էր ունեցել նաև ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ: Էրմիտաժի գանձերի պահպանման և արտահանման վերաբերյալ կոշտ դիրքորոշում ունենալով` նա առանց վարանելու խիստ նամակ է գրել Կրեմլ` անձամբ Ստալինին: Էրմիտաժում շունչները պահած սպասում էին իրադարձությունների զարգացմանը, և պատասխանը չուշացավ. «Ամեն ինչ թողնել Օրբելու հայեցողությանը…»:

Մեծ հայորդին մահացավ 1961 թ. փետրվարի 2-ին:

 

Երեւանյան ակումբում սիրիահայերի դանակահարությունն աղջկա պատճառով է եղել. պատմում են տուժածները

181592Նոյեմբերի 17-ի առավոտյան՝ ժամը 4:00-ի սահմանում, Երեւանի «Լոնդոն» բարում տեղի ունեցած դանակահարության հետևանքով տուժած սիրիահայ երիտասարդներից մեկն առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը դեռ վերակենդանացման բաժանմունքում է:

Սիրիահայ երկու տղաները՝ 30-ամյա Շանթ Քոչյանը և 21-ամյա Րաֆֆի Բարդակջյանը, «Լոնդոն» բարի դիջեյներից են։

«Երբ ամեն ինչ վերջանալիք էր, հաճախորդներից մեկը խառը վիճակում էր, ուզում էր մի աղջիկի մոտենալ: Աղջիկը մի քանի անգամ իրեն մերժեց, մեր սեքյուրիթին մի հատ մոտեցավ, որ ավելի հանդարտ ձևով լուծեն հարցը, էնտեղ թեման սկսավ, դանակ հանեց հետևի գրպանի միջից ու ուզեց մոտենալ սեքյուրիթիին, հարձակվել»,- NEWS.am-ին պատմել է Շանթ Քոչյանը։

Շանթն ասաց, որ դուրս է վազել՝ ոստիկանների կանչելու, բայց ոչ ոքի չի գտել: Երբ վերադարձել է, դանակը հանած հաճախորդն ու նրա մի քանի ընկերները, անվտանգության աշխատողներն ու տնօրենը արդեն բարի վերևի հարկում էին:

Նկատել է, որ դանակ ունեցողը փորձում է հարձակվել տնօրենի վրա. «Ուզեցավ «Լոնդոնի» տնօրենի հետևեն հարձակվել, այդ պահին ես մոտեցա, դարձավ և ձեռքես երեք տեղ զարկավ: Այդ պահին ընկերս՝ Րաֆֆին, հարձակվեցավ, որ իրեն բռներ, որ ավելի չվնասեր ինձ, այդ պահին Րաֆֆիին կռնակեն հարվածեց, ետևի կողմեն»:

Տղաներին տեղափոխել էին հիվանդանոց, իսկ դանակով հարվածողը փախել էր՝ փողոցից գողանալով մի տաքսի։ Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

 

Իսպանիայում գողերը, ճամպրուկի մեջ թաքնվելով, տեղավորվում են ուղեբեռների մեջ՝ զբոսաշրջիկների պայուսակները կողոպտելու նպատակով

իսպանիա,ոստիկանություն,գող,ճամպրուկԱրձակուրդների ժամանակ ճանապարհորդներին խնդրել են զգուշանալ ուղեբեռներում թաքնված գողերից:

Իսպանիայի ոստիկանությունը զբոսաշրջիկներին զգուշացրել է ճամպրուկների մեջ թաքնվող և մարդկանց ուղեբեռները կողոպտող գողերի մասին:

Պաշտանյաների տեղեկություններով՝ գողերը միայնակ չեն գործում.  տեղավորվում են ուղեբեռների մեջ, այնուհետև ճամփորդության ընթացքում դուրս են գալիս ճամպրուկից և բացում ուղևորների պայուսակները:

Times-ը հայտնում է, որ ոստիկանության սպաները երկրում ճամփորդող մարդկանց խորհուրդ են տվել զգուշանալ նման գողերից, ինչպես նաև գրպանահատներից, որոնք իրենց զոհերին հայտնում են, որ նրանց հագուստների վրա թռչունների արտաթորանքներ կան:

2011թ-ին Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել էր ճամպրուկի մեջ թաքնված ճկուն գողի, որը մեկ ժամ տևողությամբ ճամփորդության ընթացքում թանկարժեք իրեր էր գողացել: