Չինացի տղամարդը վիրահատվել է` դեմքին աճած 1,5 կգ ուռուցքի պատճառով

չինացիՉինացի տղամարդը վիրահատվել է՝ դեմքին աճած 1,5 կգ ուռուցքը հեռացնելու նպատակով:

Հունան նահանգի բնակիչ 37-ամյա Հուան Չունկաին ուռուցքի պատճառով «չինական փիղ» էին անվանում: Նա տառապում է նեյրոֆիբրոմատոզ հիվանդության հազվագյուտ տեսակից, որի հետևանքով նրա դեմքին հսկայական ուռուցքներ են առաջացել՝ ամբողջովին աղավաղելով այն:

Նրա մոտ այս հիվանդության աշխարհի ամենածանր դեպքն է նկատվում:

Չորեքշաբթի օրը հաջողությամբ վիրահատվելուց հետո՝ նա հետագայում ևս երկու վիրահատություն կանցնի:

Այս հիվանդությունը սովորաբար ժառանգաբար է փոխանցվում, սակայն այն որոշ դեպքերում առաջանում է նաև նախքան երեխայի ծնունդը գեների մուտացիաների հետևանքով:

Հուանի ուռուցքը հինգ տարի առաջ 15 կգ կշիռ է ունեցել և ճնշում է գործադրել նրա մարմնի վրա, դանդաղեցերել նրա աճը և շարունակական ցավի պատճառ դարձել:

Հուան ՉունկաիՆրա մոտ ուռուցքը առաջին անգամ նկատվել է չորս տարեկան հասակում և տարիքի հետ մեծացել:

Հուանը 10 տարեկան հասակում դադարել է դպրոց հաճախել, քանի որ նրա համադասարանցիները ծիծաղում էին նրա վրա: 25 տարեկան հասակում նա կորցրել է իր բոլոր ատամները, իսկ հետագայում խոսելու և ուտելու հետ կապված դժվարություններ են առաջացել:

Մի քանի տարի առաջ նույնիսկ կրկեսից մոտեցել են նրա հայրիկին՝ ցանկանալով գնել նրան հրեշների ներկայացումների համար, սակայն նրա ծնողները մերժել են նրանց:

Հուանը վիրահատվել է նաև 2007 և 2008 թթ, դրանք չափազանց վտանգավոր վիրահատություններ են եղել և մեծ քանակությամբ արյան կորստի վտանգ է եղել:

 

Կայացել է 8,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարԴեկտեմբերի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 8,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

 

Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան ավտոճանապարհը՝ նորոգված

amasia1ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հիմնանորոգվել և 2013թ-ին շահաործման է հանձնվել Արմավիրի մարզում գտնվող Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան  9.96 կմ երկարությամբ ավտոճանապարհը: Այս մասին Անկախին տեղեկացնում են ՏԿՆ լրատվական ծառայությունից: Շինարարական աշխատանքները իրականացվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Կուարլինի» ՍՊ ընկերություններից կազմված համատեղ ձեռնարկության կողմից:

Կատարվել են՝

  • Հողային աշխատանքներ
  • Ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ
  • Ճանապարհային ծածկի հիմնանորոգման աշխատանքներ
  • Արհեստական կառուցվածքների վերականգնման աշխատանքներ
  • Երթևեկության անվտանգության տարերի իրականացման աշխատանքներ:

 

Վերականգնվել է Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը

երասխՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013 թ. վերականգնվել և շահագործման է հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնքի հատվածով անցնող միջպետական նշանակության Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի կողմից: Կատարվել են՝

• Հողային աշխատանքներ
• Կամրջի ուժեղացման բետոնային աշխատանքներ
• Ճանապարհային ծածկի հիմնանորոգման աշխատանքներ
• Երթևեկության անվտանգության տարերի տեղադրման աշխատանքներ:

 

 

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից երեք պատգամավոր է հեռացվել

meclisԹուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է կարգապահական միջոցներ կիրառել իր երեք պատգամավորի նկատմամբ՝ այդ թվում մշակույթի նախկին նախարարի, կուսակցության վարած հիմնական քաղաքականության հասցեին նկատողություն անելու համար:

Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ խոսքը վերաբերում է Իզմիրից պատգամավոր ընտրված և մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էրթողրուլ Գյունային, Իզմիրից մեկ այլ պատգամավոր Էրդան Քալքանին և Անկարայից պատգամավոր Հալուք Օզդալգային: Կարգապահական կոմիտեին կարգադրվել է հեռացնել պատգամավորներին:

Սիրիայի ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի պատվիրակությունը կայցելի Մոսկվա

Moscow    Սիրիայի ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի պատվիրակությունը հունվարի 13-14-ին կայցելի Մոսկվա հանդիպում ունենալու ռուսական արտգործնախարարությունում: Այս մասին հայտնել է ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղար Բադր Ջամուսը: «Մոսկվա կատարելիք այցի օրը նախապես համաձայնեցվել է ռուսական ԱԳՆ-ի հետ»,-նշել է Ջամուսը:

Հայտնի է, որ Մոսկվա մեկնող պատվիրակությունը կգլխավորի ազգային կոալիցիայի առաջնորդը, որի ընտրությունները տեղի կունենան  հունվարի սկզբին Ստամբուլում, երբ այնտեղ կհավաքվեն ընդդիմադիր ուժերը: Այժմ այդ  պաշտոնը զբաղեցնում է Ահմեդ Ջարբան, որը կարող է վերընտրվել: «Մինչ ընտրությունները մենք չենք կարող հստակ ասել, որ այցը տեղի կունենա հենց նշված ժամկետում: Այդ մասին մենք կհայտարարենք ընտրություններից հետո»,-ասել է գլխավոր քարտուղարը:

Եվս հինգ օր Երևանում սառնամանիք է սպասվում

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին  հայտնեցին, որ Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին արևելյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:Քամին հարավ-արևմտյան՝ 1-5 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝Դեկտեմբերի 28-ից հունվարի 1-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն:
Երևանի դեկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան՝   12.50C (1923 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -28.00C (2002 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան՝  -2.20C

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Պ. Անդերսոնի նամակին

դատախազություն ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է մի շարք լրատվամիջոցների տարածած՝ Պավել Անդերսոնի հեղինակած տեղեկատվությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, որի հետ կապված անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նշված տեղեկատվության նույն բովանդակությամբ Պ.Անդերսոնի 19.12.2013թ. նամակը, որի վերաբերյալ արդեն իսկ վերջինիս տրվել է սպառիչ պատասխան, ինչպես նաև վերջինիս տրվել է երաշխիք, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած իրավապահ մարմին ներկայանալու և իր տիրապետած փաստերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում տալու դեպքում ըստ անհրաժեշտության նրա նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոց:

      Ստորև ներկայացնում ենք Պ.Անդերսոնի նամակին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրված պատասխանը.
“ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 19.12.2013թ. նամակն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, որի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և Ձեր կողմից իրականացվելիք “հասարակական հետաքննությանը” որևէ կերպ մասնակցելը դուրս  է այդ շրջանակից:
Ինչ վերաբերում է նամակում նշված հանգամաքներին՝ կապված Տարոն Մարգարյանի և այլ անձանց վերագրվող գործողությունների հետ, ապա հարկ է պարզաբանել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել այն հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում:  Նույն օրենսգրքի 176-րդ հոդվածը սպառիչ թվարկում է քրեական գործ հարուցելու առիթները, որոնք են՝ հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:
Առիթը պայման է, որի առկայության դեպքում միայն օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել կոնկրետ իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն:
Դուք հանդիսանում եք ֆիզիկական անձ և Ձեր կողմից իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված է հստակ կարգ, որից շեղվելու դեպքում այն չի կարող հանդիսանալ քրեական գործ հարուցելու օրինական առիթ և դրա հիման վրա իրավապահ մարմինների կողմից չեն կարող նախապատրաստվել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հարցը լուծելու նպատակով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ եթե հաղորդման հեղինակը ֆիզիկական անձ է, ապա, վերջինս նախևառաջ անձամբ պետք է ներկայանա իրավապահ մարմին, գրավոր կամ բանավոր ներկայացնի իր հայտարարությունը, թե ինչի վերաբերյալ է իր հաղորդումը, իրազեկման աղբյուրը և այլ տեղեկություններ, որոնց ինքը տիրապետում է:
Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է, քանի որ անձն իր ստորագրությամբ պետք է  հաստատի հաղորդումը, ինչպես նաև, դրա վերաբերյալ կազմվող արձանագրությունը պետք է ստորագրի հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:
Բացի այդ, եթե լրացել է հաղորդում տվող անձի 16 տարին, միաժամանակ նա պետք է նախազգուշացվի սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ինչը պետք է կրկին հաստատի իր ստորագրությամբ:
Ինչ վերաբերում է լրատվության միջոցներով ֆիզիկական անձանց տարածած տեղեկատվությանը, ապա եթե հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող հրապարակման, տեսաձայնագրության, լուրի, հոդվածի բովանդակությունը հիմնված է բացառապես ֆիզիկական անձի կողմից ներկայացվող տեղեկատվության վրա, կամ այդ անձն ինքն է առաջին դեմքով հանդես գալիս հրապարակայնորեն, ապա այդ հրապարակային հաղորդմումը նույնպես ենթակա է ձևակերպման ու քննարկման՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հաղորդման համար սահմանված վերոնշյալ պահանջներին և կարգին համապատասխան:
ՀՀ գլխավոր դատախազությունն ակնկալում է Ձեր արձագանքը և երաշխավորում է, որ իրավապահ մարմինների հետ համագործակցելու և Ձեր կողմից Հայաստանի Հանրապետության ցանկացած իրավապահ մարմին՝ հաղորդում տալու համար ներկայանալու դեպքում քրեադատավարական վարույթի շրջանակներում ըստ անհրաժեշտության Ձեր նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոց”:

Երևանում մեկ օրում 6 ՃՏՊ է գրանցվել

վրաերթԴեկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Իսահակյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Օպել Վեկտրա» և «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Շկոդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան և Շերամի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ-528» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 93 շենքի բակում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար շարժվելով` բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

ՃՏՊ-ներ հանրապետության ավտոճանապարհներին, 4 մարդ հիվանդանոցում է

ավտովթարԴեկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 164-րդ կմ-ին «Սկանիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Դոնկֆենգ» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել, ինչի հետևանքով «Սկանիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ երեք դեպքերի առնչությամբ էլ կատարվում է  քննություն:

Սիրիահայ օճառագործի օրգանիկ օճառներով հիացել է անգամ Հորդանանի իշխանուհին

շանթՇանթ Խայալյանը ծնվել է Հալեպում 1976 թ., սովորել հայկական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Անգլիայում` մասնագիտանալով գովազդի և մարքեթինգի բնագավառում:

Վերադառնալով ծննդավայր` Հալեպ, Շանթը սեփական ձեռնարկություններն է հիմնել, ընդ որում` մեկը մեկից խիստ տարբեր. ավտոսարքավորումների խանութ, զեյթունի ձեթի արտադրամաս, գովազդային գործակալություն, ավտոմեքենաների վերանորոգման կենտրոն: Շարքը թվարկելիս նա մի պահ կանգ է առնում ու փորձում հիշել: «Ուրիշ ի՞նչ ունեինք,- ծիծաղում է,-այսքանն եմ հիշում»:

Էությամբ անհանգիստ, պրպտող, միշտ նորը փնտրող Շանթին հանգստյան մեկ կիրակին էլ էր ձանձրալի թվում, ուստի որոշում է դա էլ մի բանով լցնել և մի օր իր քիմիկոս ընկերոջը խնդրում է մի հետաքրքիր բան առաջարկել, որ սովորի և զբաղվի: «Ասաց` օճառ կսարքե՞ս: Ասացի` այո: Սովորեցրեց, ես էլ զեյթունի ձեթի արտադրամաս ունեի, վերցրեցի զեյթունը և սկսեցի փորձարկումները»,- պատմում է նա:

Մոտ երեք ամիս անց Շանթին հաջողվում է առաջին օճառն արտադրել: Հետո կամաց-կամաց կատարելագործվում է, նորանոր տեսակներ հորինում` կաթով, գազարի հյութով, մաղադանոսով, երիցուկով, մեղրով և այլն: «Արտադրում էի ոչ թե վաճառելու համար, այլ հաճույքի, որպես հոբբի, և նվիրում բարեկամներիս, ծանոթներիս»,- ասում է նա:

Հաճույքի համար օճառ պատրաստող Շանթը, սակայն, չէր էլ կարող երևակայել, որ մի օր դա իր ապրուստի հիմնական միջոցն է դառնալու:

Շանթի արտադրած օրգանիկ օճառներում իսպառ բացակայում է քիմիան` գույն, բույր և այլն, ամեն ինչ բնական հումքից է: Սակայն Հայաստանում դա ինչ-որ առումով թերություն է: Շանթը նկատել է, որ հայերն օճառ գնելիս նախ և առաջ հոտ են քաշում, և եթե հոտը դուր է գալիս, վերցնում են: Օճառագործն ասում է, որ այդ մոտեցումը սխալ է, որովհետև լավ հոտն ամենևին էլ չի ենթադրում, որ օճառը որակյալ է, ընդհակառակը՝ դա վկայում է քիմիական հավելումների մասին:

2012 թ., երբ Սիրիայում իրավիճակը սրվում է, նա էլ շատերի պես ստիպված է լինում լքել ծննդավայրը: Ընտանիքը` կնոջն ու դստերը, տեղափոխում է Հայաստան: Բարեբախտաբար, տարիներ առաջ Երևանում բնակարան էր գնել` մտածելով, որ ապագայում կարող է երեխաներին պետք գալ: Սակայն կյանքն այնպես է դասավորվում, որ հերթը երեխաներին չի հասնում: «Մեկ ամիս էր` խանութները փակել էի, որովհետև այլևս հնարավոր չէր այդ պայմաններում աշխատել: Անգամ վերջին օրը, երբ աշխատանքի էի գնում, ահավոր տեսարանների ականատես եղա` այրված դիակներ աղբամանների կողքին, փողոցներում,- պատմում է նա,- իսկ դրանից առաջ երկու անգամ սնայպերով մեքենայիս խփել էին` փորձելով սպանել: Մի անգամ էլ մեր տան մոտ մի էնպիսի ուժեղ պայթյուն եղավ, որ դրա ճնշումից մինչև հիմա մեջքիս մկանները ձգվում են: Մի օր էլ քնած էինք,  երբ տան ապակին կոտրվեց, և փամփուշտը տուն մտավ: Մի խոսքով, հասկացանք, որ հեռանալու ժամանակն է»:

IMG_2203Մինչ ընտանիքը տեղափոխում է Երևան, Հորդանանում ապրող ընկերը նրան առաջարկում է տեղափոխվել իրենց մոտ և օճառի բիզնեսով զբաղվել: Շանթը միայնակ մեկնում է: «Ընկերոջս կինը կոսմետիկայի, օճառի բիզնեսով էր զբաղված, բայց ոչ բնական: Առաջարկեցին, որ ես էլ իմ օճառները ստեղծեմ և միասին այդ գործը զարգացնենք»:

Հորդանանում բարեգործական ցուցահանդեսի են մասնակցում, որտեղ ներկայացնում են օճառները: Ցուցահանդեսից մոտ մեկ ամիս անց թագավորական պալատից զանգ է գալիս. «Հայտնում էին, որ իշխանուհին շատ է հավանել մեր օճառը, և մեզ հրավիրում են պալատ` ընթրիքի»,- պատմում է Շանթը:

Երեկոն միայն հյուրասիրությամբ չի ավարտվում. օճառագործներին նաև շնորհակալագրեր են տալիս, թագավորական հուշանվեր, կրծքանշան, մի խոսքով` մեծարում են, իսկ Շանթին, իմանալով, որ պատրաստվում է Հայաստան մեկնել, հորդորում են մնալ և զարգացնել օճառի բիզնեսը: Սակայն Շանթը գերադասում է Հայաստան գալ:

Ուսումնասիրելով հայաստանյան օճառի շուկան՝ նա հանդիպում է օճառ արտադրող շատ մարդկանց հետ, բայց պարզում է, որ բոլորն աշխատում են խոհանոցային, տնային պայմաններում. դրսից հումքը բերում են, հալեցնում, գույներ, հոտ, ավելացնում, ձև տալիս և վաճառում: «Ես զրոյից եմ սկսում, անգամ եթերային յուղերն եմ ինքս պատրաստում, գլիցերինը նույնպես բնական է, ինչպես հասկացա, Հայաստանում ոչ ոք գլիցերին չի արտադրում, և ես կարծես թե միակն եմ»:

Բայց քանի որ Սիրիայից դատարկաձեռն էր վերադարձել, բիզնես հիմնելու համար գումար չուներ, դիմում է Փոքր և միջին բիզնեսի զարգացման կենտրոն, որպեսզի վարկ վերցնի: Ներկայացնում է բիզնես պլանը: Հաստատում են: Գումարը փոխանցում են 6 ամիս հետո, այդ ընթացքում Շանթի սիրտն անգործությունից պայթում էր, բայց ինչ-որ աշխատանքներ անում է. դասավանդում է «Եվրասիա» միջազգային համալսարանում, անգլերենի անհատական պարապմունքներ անցկացնում, անգամ անձնական մեքենայով տաքսի վարում: «Կյանքը դժվար է, պետք է վազվզել: Եթե նստես, ոչինչ չես ունենա: Մարդիկ կան, որ Սիրիայում շատ լավ են ապրել, բայց կորցնելով այդ ամենը` հիմա եկել են Հայաստան և չեն կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ ավելի քիչ պետք է վաստակեն: Ես ինքս շատ լավ եմ ապրել, մի քանի հազար դոլարը մեկ շաբաթում եմ ծախսել, բայց էսօր այդ գումարն ամիսներով չեմ տեսնում: Ի՞նչ է, հիասթափվե՞մ, ոչինչ չձեռնարկե՞մ: Ընդհակառակը, մարդ չպետք է հուսահատվի, պետք է գործի, ճկուն լինի, կարողանա հարմարվել նոր իրավիճակին»:

933943_270904829727398_597397948_nՇանթի հայաստանյան առաջին արտադրանքը` «Beauty products»-ը, արդեն պատրաստ է` 8 տեսակի օճառ  զեյթունի ձեթով, գլիցերինով` պատրաստված կիտրոնով, ծիրանով և սև հաղարջով: Ի դեպ, Հայաստանում բժիշկները նրան խորհուրդ են տվել իր օճառներում կիրառել նաև խնկածաղիկ, որը շատ օգտակար է մաշկի համար, և այդ տեսակը նույնպես արդեն պատրաստ է:

Օճառների վրա նշված է, որ այն պատրաստված է ձեռքով: Իհարկե, աշխատանքը ձեռքով շատ դժվար է, բայց Շանթը դա համարում  իր արտադրանքի յուրահատկություններից մեկը. «Օգտագործում եմ 1688 թ. տեխնոլոգիա, ամեն ինչ` ձեռքով»,- նշում է նա:

Շանթն ուզում է, որ չնայած հսկայական աշխատանքին և բարձր որակին` արտադրանքը սպառողին հասնի հնարավորինս մատչելի գնով, որպեսզի շատերը կարողանան օգտվել:  110 գրամանոց օճառի արժեքը նախատեսում է մոտ 600 դրամ:

Այս ամենը, իհարկե, հիանալի է, սակայն Շանթը դեռևս չի կարողացել դուրս գալ շուկա: Մասնագետ է փնտրում, որ այդ հարցով զբաղվի, որովհետև ինքը չի հասցնի նաև դա անել:

Երբ Հայաստանում բիզնեսը կայանա, Շանթը լրջորեն կզբաղվի նաև դրսի շուկա դուրս գալով: Այս պահին նրա օճառները հասել են Նորվեգիա, Ֆրանսիա, Կորեա, Չինաստան, Ուկրաինա և այլ երկրներ, որտեղից դրական արձագանք է ստացել:

Չնայած Հայաստանում տնտեսական, սոցիալական վիճակը գոհացուցիչ չէ, զրոյից սկսելն էլ` բավականին դժվար, Շանթը մտադիր չէ որևէ այլ երկիր տեղափոխվել: Սիրիա վերադառնալ ընդհանրապես չի ուզում, որովհետև կարծում է, որ եթե անգամ պատերազմն ավարտվի, գործ էլ լինի, միևնույն է, իրավիճակը, մթնոլորտը առաջվանը չի լինի: «Ես ընտրել եմ իմ ճանապարհը: Ինձ շատ բան պետք չէ. եթե կարողանամ ընտանիքիս համար նորմալ բարեկեցություն ապահովել, էս երկրից գնացողը չեմ»,-ասում է նա:

Շանթը կարծում է, որ սիրիական ճգնաժամը մի հնարավորություն է վերադառնալու հայրենիք և ապրելու հայրենի հողի վրա: «Պատմությունը մեզ դասեր է տալիս, բայց մենք այդպես էլ չենք սովորում: 1915 թվականի ջարդերից հետո ցրվեցինք աշխարհով մեկ, 1988-ի դեպքերի ժամանակ նորից օտար երկրներ գնացինք: Հետո Իրաքի պատերազմը եղավ, եկան, էլի գնացին: Հիմա էլ սիրիահայերը… Վերջիվերջո պետք է բոլորը հասկանան, որ միևնույն է, մենք օտար հողի վրա տեղ չունենք: Ճիշտ է` այնտեղ ենք ծնվել, մեծացել, ապրել, որի համար շատ շնորհակալ ենք, բայց հայը պետք է հայ հողի վրա ապրի»,- ասում է սիրիահայ Շանթ Խայալյանը, որն արդեն համալրել է «Վերադարձ Հայաստան» կազմակերպության շարքերը և իրեն համարում է լիարժեք հայրենադարձ:

Անի Գասպարյան

Անկախ

Վարչապետն ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին

կառավարությունԱմանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իր անունից շնորհավորել է տոնական ընդունելությանը մասնակցող գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Շնորհավորանքի խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության անունից շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
2013 թվականը մեզ համար բարդ աշխատանքային տարի էր: Տարին ավարտում ենք տնտեսական աճի ցուցանիշներով, և առաջին հերթին այդ աճն ապահովել են արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Մենք ունենք լրջագույն հաջողություններ, որոնք արձանագրվել են ձեր շնորհիվ 2013 թվականին: Միևնույն ժամանակ ունենք ոլորտներ, որտեղ տնտեսական աճի ցուցանիշը բավական ցածր է, իսկ շինարարության ոլորտում նույնիսկ անկում ենք արձանագրել:
Չնայած այդ բոլոր դժվարություններին՝ այստեղ հավաքված մարդիկ կարող են արձանագրել, որ 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի էր: Մենք ձևավորել ենք համագործակցության նոր պլատֆորմ. պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի ձևավորման շնորհիվ բազմաթիվ ճյուղերում ունենք առաջընթաց: Ես ցանկանում եմ հիշատակել, առաջին հերթին, դեղագործությունը, կոնյակագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ աճի տեմպերը կայուն են և շարունակական: 2013 թվականի նոր ձեռքբերումների շարքը պետք է դասել դեղագործության ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան առաջին GMP ստանդարտի սերտիֆիկատի տրամադրումը հայկական ձեռնարկությանը: Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ այդ ապրանքի մեծ մասն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից, և այդ բնագավառում լուրջ պոտենցիալ ունենք:
Երկրորդ կարևորագույն նվաճումն այն է, որ առաջին անգամ մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծեցինք վենչուրային հիմնադրամ: Համոզված ենք, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ վենչուրային հիմնադրամի ձևավորումը նոր թափ է հաղորդելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Առաջին անգամ գործարկեցինք ազատ տնտեսական գոտին: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել առաջին ծրագիրը, որը գործելու է ազատ տնտեսական գոտում, և մենք ունենալու ենք հայկական պլանշետներ և հեռախոսներ, ինչն ապահովելու է նաև այդ ոլորտի առաջանցիկ զարգացման տեմպերը:
Դուք ինձնից ավելի լավ եք տեղեկացված ձեր ոլորտային հաջողություններին և կարծում եմ, որ այդ ամենը լուրջ հիմքեր է ստեղծում մեզ համար, որ 2014 թվականը տնտեսական առումով ավելի հաջող տարի լինի:
Հարգելի գործընկերներ,
ցանկանում եմ մաղթել ձեզ, որ 2014 թվականը հաջող տարի լինի ոչ միայն բիզնեսի ոլորտում, այլև ձեր ընտանիքներում, որովհետև ընտանիքի ամրությունն այն հուսալի երաշխիքն է, որը, մի կողմից, ստեղծում է ապագայի նկատմամբ լավատեսություն, մյուս կողմից՝ մեզ լրացուցիչ ուժ ու կարողություններ է տալիս՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և արձանագրելու նոր հաջողություններ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»:

Հունվարի 8-ից Երևանում 3 նոր արագաչափեր կգործարկվեն

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ճանապարհային ոստիկանությունից Անկախին  տեղեկացնում են, որ մասնավորապես, 2014 թվականի հունվարի 8-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Իսակովի (1 արագաչափ` դեպի Արգավանդ գյուղի խաչմերուկ ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է) և Արցախի (2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) պողոտաներում նոր տեղադրված արագաչափ սարքերը:
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ 2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվելու է 40 կմ/ժ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ինչպե՞ս ճիշտ դիմավորել ամանորը. Մի քանի խորհուրդ տնային տնտեսուհիներին

սեղանԱմանորն ու Սուրբ ծնունդն այն տոներն են,  որոնց աշխարհի բոլոր ժողովուրդները մեծ կարևորություն են տալիս և առանձնակի խանդավառությամբ սպասում: Ամանորն ընտանեկան տոն է, և ելնելով մեր ազգային առանձնահատկություններից` գրեթե բոլորս  ձգտում ենք ամանորը տանը դիմավորել, գավաթները՝ շամպայնով պատրաստ: Սա ավանդույթ է, որին հետևում է հայ քրիստոնյա ցանկացած ընտանիք:

Սակայն 2014-ին՝ Ձիուն տարում, աստղագետները խորհուրդ են տալիս փոփոխություն մտցնել ավանդական կենսակերպում և Ամանորը դիմավորել մերձավորների, ընկերների և հարազատների հետ որևէ ուրախ միջավայրում: Ինչ վերաբերում է ամանորյա նախապատրաստություններին, ապա դրանք եղել և մնում են տնային տնտեսուհիների առաջնահերթ հոգսը: Միաժամանակ դժվար է այդ ամենը գերազանց իրականացնել, և միշտ ինչ-որ բան մեզ չի գոհացնում: Պետք է կողմնորոշվել և ամեն ինչ իր տեղը գցել:

 Անտառային գեղեցկուհուն տվեք նոր հանդերձանք

Սովորաբար Ամանորի նախապատրաստման կարևորագույն  տարրերից է  եղևնու զարդարումը, որին երևի քիչ ենք ուշադրություն դարձնում: Փոխարենը՝ նախապես պլանավորում ենք գնումների ցանկը, տոնական սեղանը նոր ոճով զարդարելու կամ տան ինետերիերը փոփոխելու համար նորամուծություներ մշակում: Սովորաբար այդ ամենն արվում է նրա համար, որ յուրաքանչյուր ընտանիքում Ամանորն իսկապես տոն դառնա և ամբողջ տարին նույն կերպ ընթանա: Նշենք, որ տոնածառը սոցիալական տեսանկյունից ամենաքիչ ծախսեր պահանջող  ամանորյա խորհդանիշն է, որը, անկախ սոցիալական վիճակից, դրվում է գրեթե բոլորի ընտանիքներում: Ասում են` կարևորը դրա առկայությունն է, եթե նույնիսկ այն զերծ լինի առանձնակի զարդարանքից:

Սակայն որոշ ասեկոսեների համաձայն` շատ կարևոր է, որ տոնական եղևնին ունենա համապատասխան զարդարանք և խորհրդանշի տվյալ տարվա կենդանակերպին բնորոշ տարրեր: Ավելի հեշտ բան չկա, քան ըստ ճաշակի ձեռքի տակ ընկած խաղալիքներով տոնածառը զարդարելը կամ զանազան լույսերով այն պճնելը: Գուցե զարդարանքի այս տեսակը զվարճալի և գոհացուցիչ լինի միայն այն պարագայում, երբ տանը փոքրիկներ կան:

Արևելյան ոճաբանները խորհուրդ են տալիս դեկորատիվ զարդարանքների մեջ առավելագույնս օգտագործել երեք գույն` կանաչ, կապույտ, երկնագույն:

Եթե ցանկանում եք ունենալ նրբաճաշակ, գեղեցիկ և ճիշտ զարդարված եղևնի, ապա պետք է առաջին հերթին փորձեք հավասարաչափ պատել այն լուսային դեկորատիվ ծաղկաշղթայով: Ցանկալի է, որ տոնածառի վրա հավասարաչափ մեծության խաղալիքներ կախված լինեն: Անճաշակ է դիտվում, երբ միևնույն հարթության վրա նույնանման խաղալիքներ են: Դիզայներները սովորաբար տոնածառը սկսում են զարդարել ամենաստորին հատվածից` կախելով ամենամեծ խաղալիքները, այնուհետև միջիններն ու փոքրերը: Քանի որ 2014-ը Փայտե ձիու տարի է, ապա խորհուրդ է տրվում տոնածառը զարդարելիս անպայման հաշվի առնել այս հանգամանքը: Ցանկալի է տոնածառից կախված տեսնել նաև փայտե խաղալիքներ կամ արձանիկներ: Իդեալական կլինի, եթե անտառային գեղեցկուհու վրա լինեն նաև զանգակներ, շոկոլադներ և քաղցրավենիք գեղեցիկ կապույտ ատլասե  ժապավենով: Իսկ Փայտե ձիու խորհրդանիշը լավագույնս պահպանած կլինեք, եթե փայլուն թափանցիկ կապույտ խաղալիքներ կախված լինեն:

Աստղագետները նույնպես խորհուրդներ ունեն` կապված անտառային գեղեցկուհու ամանորյա զարդարանքի հետ: Նրանք առաջարկում են հատկապես ամանորյա գիշերը տոնածառին արհեստական ոսկե անձրևի տեսք հաղորդել,  ինչը կարելի է անել նրբաճաշակ փայլերի միջոցով: Սակայն ձին, լինելով ազնվազարմ, տանել չի կարողանում ավելորդ պճնանքը, ուստի խորհուրդ է  տրվում չչարաշահել փայլերի ավելորդ օգտագործումը: Բավական գեղեցիկ է, երբ տոնածառի տակ երկու մոմ է դրվում: Ելնելով անվտանգությունից` դիզայներները խորհուրդ են տալիս օգտվել ժամանակակից լուսային տեխնոլոգիաներից և բնականները փոխարինել մոմե լուսադիոդային պարագաներով, որոնք նույնպես գեղեցիկ են և կարող են երկար ու անվտանգ ծառայել: Ցանկալի կլինի, եթե մոմերը ևս կապույտ ժապավենով զարդարված լինեն: Տոնը քաղցրացնելու և եղևնին մի փոքր կերպարանափոխելու համար եղևնու կատարին փորձեք տեղադրել շոկոլադե աստղիկ կամ ձի: Փորձեք պահպանել ամանորյա տոնածառը գեղեցիկ զարդարելու այս ավանդույթը, ինչը ընտանիքի բոլոր անդամներին կհաղորդի դրական լիցքեր, տոնական տրամադրություն` խորհդանշելով  գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Ինչպե՞ս զարդարել տոնական սեղանը

 Շատերը հավատում են, որ Ամանորը դիմավորելիս շատ կարևոր է հաշվի առնել գալիք տարվա իշխող կենդանու «քմահաճույքները», որպեսզի տարին բարեհաջող անցնի:

Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ, թե ինչ առանձնահատկություններով է պետք ձևավորել 2014-ի տոնական սեղանը: Սովորաբար, տնային տնտեսուհիները ավելի շատ մտածում են նախատոնական զարդարանքի մասին, քան սեղանը պատրաստելու, քանի որ կարծում են, որ ավանդական ճաշատեսակները, աղանդերն ու ուտեստը ենթակա չեն փոփոխման և առանձնապես ժամանակ ու ջանքեր չեն պահանջում:

Սակայն աստղագետները համոզված են, որ ամանորին նրբաճաշակ, ճիշտ և գեղեցիկ սեղանի զարդարանքը պակաս կարևոր չէ նախատոնական մյուս պատրաստություններից, քանի որ յուրաքանչյուր կենդանակերպ պահանջում է առանձնակի մոտեցում թե՛ սեղանի դիզայնի, թե՛ սպասքի կերակուրների մատուցման տեսանկյունից:

սեղան3Տոնական սեղանը պետք է ծածկված լինի  սպիտակ սփռոցով, իսկ սպասքը ցանկալի  է` նուրբ կապտավուն երանգներով: Սպասքի ձևավորման կարևորագույն տարրերից  է անձեռոցիկների ճիշտ ընտրությունը, որը պետք է այս տարի ևս բաց երանգներով լինի: Կարելի է ընտրել նորաձև ոսկեգույն շրջանակներ անձեռոցիկների տեղադրման համար, դա այսօր բավական նորաձև է: Ցանկալի է, որ Ամանորի գիշերը սեղանի վրա դրված հացն անպայման տանտիրուհու ձեռքով պատրաստված լինի, բացի այդ, սեղանին դրված լինեն նաև քաղցրավենիք և թխվածքներ: Տաք ուտեստները ցանկալի  է պատրաստել հոտավետ խոտերով: Նշենք, որ Ձիու ամենասիրած ուտելիքներից է վարսակը, և եթե իրականում ուզում եք գոհացնել կամ առավել հաջող տարի ակնկալել, ապա վարսակից որևԷ կերակուր պատրաստեք, թեկուզ աղանդերի տեսքով, և դրեք հենց կենտրոնում, որքան էլ դրանից ավելի համեղ ուտելիքներ լինեն սեղանին: Ցանկալի կլինի, որ հատկապես այս կերակուրը զարդարել թարմ կանաչեղենով: Քանի որ ձիերը բուսակեր են, խորհուրդ է տրվում գոնե այս տարի նվազագույնի հասցնել ավանդական մսային կերակուրները և ավելի շատ նախընտրությունը տալ աղցաններին և բանջարեղենային ուտեստներին: Իսկ ալկոհոլային խմիչքներից խորհուրդ է տրվում շամպայնը: Ավանդական խոզի միսը փոխարինեք ճագարով: Որպես երկրորդ ճաշատեսակ մատուցեք ձկան տապակա: Իսկ որպես աղանդեր` դդումով կամ խնձորով որևէ կերակրատեսակ կամ թխվածք:

սեղան4Իսկ մինչ սեղանը պատրաստելը խորհուրդ է տրվում կարգի բերել բնակարանը, վերանորոգել բոլոր վնասված պարագաները, հատկապես` սանտեխնիկան: Ըստ հնագույն հավատալիքների` կան աշխատանքներ, որոնք պետք է ավարտին հասցվեն մինչ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Համարվում է, որ անսարք ծորակներից հոսող ջուրն իր հետ կարող է տանել գալիք տարվա բոլոր հաջողությունները:

Պետք է հաշվի առնել, որ առհասարակ Ձին բավական շփվող և մարդամոտ կենդանի է, ուստի խորհուրդ է տրվում տոներից առաջ շատ այցելել մարդաշատ վայրեր, ժամանցային կենտրոններ, ցուցահանդեսներ, տոնական համերգների ևն: Բացի այդ, հիշատակվում է, որ ձին կապված է ընտանիքի հետ և նախընտրում է ընտանեկան հարմարավետությունը, ուստի ցանկալի կլինի Ամանորը դիմավորել բազմամարդ միջավայրում, այսինքն՝ բացի  ընտանիքից, նաև հարազատների և ընկերների շրջապատում: Կարևոր է բոլորի հետ հավասարապես բարեկամական շփումը պահպանելը:  Տարին չպետք է սկսել կոնֆլիկտներով, որքան հնարավոր է պահպանեք հանգստություն և հավասարակշռություն:

Քանի որ Փայտե ձիու տարի է,  դիզայներները շտապում են ինտերիերին նոր շունչ հաղորդել և առաջարկում են մեզ որոշ ուշադրություն դարձնել տնային ծառերին ու ծաղիկներին: Աճեցրեք օրինակ` կիտրոնի ծառ և տան ինտերիերում ավելացրեք փայտե արձանիկներն ու հուշանվերները: Իսկ նոր տարվա սեղանին առանձին տեղ հատկացրեք տարվա հոբելյարի՝ ապակե կամ ֆոսֆորե արձանիկի համար: Շատ կարևոր է, որ ամանորը դիմավորելիս լիցքաթափվեք, դիտեք տոնական հաղորդումներ, ժամանակավորապես չմտածեք ձեզ անհանգստացնող երևույթների մասին և զերծ մնաք ավելորդ հուզականությունից:

Նվերներ. ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել դրանք ընտրելիս

վերԱմանորը մոտենալուն մեկտեղ մեզանից շատերը սկսում են մտածել, թե ինչ անակնկալներ են մատուցելու իրենց հարազատներին և մտերիմներին: Նվեր ընտրելիս չպետք է շտապել, քանի որ մեր առջև խնդիր է դրված գոհացնել ոչ միայն նրանց, այլև տարվա խորհդանիշին: Գոյություն ունեն որոշ կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել նվեր ընտրելիս: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք տարիքին, հարաբերությունների մակարդակին, մարդու անհատականությանն ու առանձնահատկությանը: Նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ ձեր նվիրած իրը նա գործածի հենց այդ տարում: Եթե տվյալ անձը չափազանց պահպանողական է և միայն վերջերս եք նրա հետ մտերմացել, ապա զերծ մնացեք էկզոտիկ նվերներից: Խուսափեք նաև այնպիսի նվերներից, որոնք կարող են բացասական դիտվել սնահավատ մարդկանց շրջանում: Օրինակ՝ խոհանոցային դանակները բաժանության նշան են, ժամացույցները՝ բացասական իրադարձությունների և այլն, թաշկինակները՝ լացի և տխրության նշան: Բավական  վիճելի  է նաև անձնական հիգիենայի պարագաներ նվիրելը: Որպեսզի երկար չմտորեք և անհատական նվերներ չգնեք, ամենաճիշտ և գեղեցիկ տարբերակը հուշանվերներն են, այս տարվա պարագայում՝ ձիու: Իդեալական կլինի Փայտե ձիու արձանիկներ և փափուկ խաղալիքներ նվիրելը: Կարելի է նաև ձիու որևէ պատկերով սպասք կամ ծաղկաման նվիրել:  Իդեալական նվեր կարող են լինել նաև գաճաճ ծառերը, տնային պայմաններում աճեցվող բույսերը  և ծաղիկները:

Լ.Ն

Անկախ

Հնդկաստանի փախստականների ճամբարում 34 երեխա է զոհվել

i (2)Հնդկաստանի հյուսիսում փախստականների ճամբարում առնվազն 34 երեխա է զոհվել:

Տեղի իշխանությունների տվյալներով, Մուզաֆֆարնագարում հիմա բնակվում է 4783 մարդ: Նրանք իրենց տները թողել են սեպտեմբերին Ուտար-Բրադեշում միջէթնիկ` հնդուիստների ու  մահմեդականների միջև բախումների ժամանակ. այն ժամանակ զոհվեց 65 մարդ, 85-ը վիրավորվեցին:

Կառավարական հանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն, 12 տարեկանից փոքր առնվազն 34 երեխա զոհվել է դիզենետերայից ու սառնամանիքի հետևանքով:

Հրդեհ` Երևանի Մաշտոցի պողոտայում

Հրդեհ Դեկտեմբերի 27-ին, ժամը 07.00-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 6 շենքի 2-րդ մուտքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.28-ին, մարվել՝ 07.32-ին: Այրվել է լոգարանն ամբողջությամբ (4 ք.մ):

ՀԱՕԿ-ի պարգև` «Անկախ»-ի աշխատակցին

Gagik-2013«Փարավոն» ռեստորանային համալիրում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նախաամանորյա  հանդիսավոր արարողություն էր կազմակերպել, որի ընթացքում ամփոփվեցին  2013-ի մրցաշրջանի արդյունքները: Ցուցադրվեց նաև մարզական կարևոր իրադարձություններին նվիրված տեսաֆիլմ:

Շնորհավորանքի խոսք ասաց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:  Ընթերցվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Ներկա էր Հայաստանի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրան հանձնվեց թանկարժեք հուշանվեր:

Գագիկ Ծառուկյանը Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացայի հարցման արդյունքով լավագույն ճանաչված Դավիթ Սաֆարյանին նվիրեց 4 սենյականոց բնակարան Երևանի կենտրոնում: Երկրորդ տեղը զբաղեցրած Արթուր Ալեքսանյանը նվեր ստացավ Hundayi մակնիշի ջիպ ավտոմեքենա, մյուս ութ մարզիկները ստացան «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ:

Եղան դրամական պարգևներ, ՀՀ նախագահի մրցանակներ, հանձնվեցին նաև ՀԱՕԿ-ի շքանշաններ:

Մասնավորապես, ՀԱՕԿ-ի  բարձրագույն պարգև` «Պատվո շքանշան» հանձնվեց ՀԱՕԿ-ի հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանին, սպորտի վարպետ, Դավիթ Սաֆարյանի հայր ու մարզիչ Հովիկ Սաֆարյանին, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հովհաննես Սողոյանին:

Վլադիմիր Ենգիբարյանի անվան մեդալով  պարգևատրվեց «Անկախ»-ի աշխատակից Գագիկ Բեգլարյանը:

Միջոցառումն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում:

 

Հաշվիչ հանձնաժողովն անվավեր ճանաչեց «գազային համաձայնագրերի» վերաբերյալ քվեարկությունը

ԱԺԱԺ Հաշվիչ հանձնաժողովն երեկ՝ դեկտեմբերի 26-ին, արտահերթ նիստ էր հրավիրել, որտեղ միաձայն ընդունեց դեկտեմբերի 23-ի նիստում ոչ էլեկտրոնային համակարգով կայացած քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականությունն անվավեր ճանաչելու մասին օրենքի նախագիծը,հաղորդում է PanARMENIAN.Net -ը : Արտահերթին ներկայացել էին հանձնաժողովի 7 անդամից 4-ը՝ հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն ու ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: ԱԺ Կանոնակարգ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հանձնաժողովի արտահերթը գումարվում է նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Ներկայացնելով դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթում ոչ էլեկտրոնային համակարգով կայացած քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականության հարցը, Արծվիկ Մինասյանը նշեց, որ, չունենալով նման լիազորություն, հանձնաժողովի անունից հանդես է եկել նախագահ Սուքիաս Ավետիսյանը, այն դեպքում, երբ ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի, հանձնաժողովի որոշումներն ընդունվում են անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 7 ամդամից 4-ի կողմ լինելու դեպքում:

«ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին որևէ որոշում չի կայացրել ու քվեարկության արդյունքները չի արձանագրվել, քանի որ անդամներից 4-ը՝ Լյուդմիլա Սարգսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արծվիկ Մինասյանն ու Թևան Պողոսյանը չեն մասնակցել քվեարկությանը»,- նշեց Մինասյանը՝ նշելով, որ ձայների հաշվարկն օրինական չի համարվում, հետևաբար՝ վավերական էլ չէ:

Ըստ այդմ, հաշվիչ հանձնաժողովն որոշեց, որ բաց քվեարկությանն ԱԺ Կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 4 մասով ձայների հաշվարկ տեղի չի ունեցել, Սուքիաս Ավետիսյանի կողմից ներկայացված ու վավերացված թվերն էլ օրինական չեն, տեղեկացրեց ԱԺ պատգամավորը:

Լյուդմիլա Սարգսյանն իր հերթին նշեց, որ ոչ օրինական քվեարկությունից ելնելով, Սահմանդրական դատարանում կվիճարկեն համաձայնագրերը կրկին ԱԺ հետ բերելու հարցը:

«Բոլոր հիմքերը կան, որպեսզի վիճարկվի ընդունված օրենքների օրինականությունը, քանի որ քվեարկությունն իրականում տեղի չի ունեցել, իսկ օրենքի խախտումով որևէ քվեարկություն չի կարող օրինական լինել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, թե փորձելու են հասնել, որ համաձայնագրերը կրկին հետ բերվեն խորհրդարան ու դրվեն քննարկման:

Լյուդմիլա Սարգսյանը նաև առաջարկեց դադարեցնել հանձնաժողովի գործող նախագահ Սուքիաս Ավետիսյանի լիազորություններն ու նոր նախագահ նշանակել Թևան Պողոսյանին, «մինչև հաջորդ նստաշրջանին այս հարցին կրկին անդրադառնալը»: Պողոսյանն իր հերթին ինքնաբացարկ հայտնեց՝ նշելով, թե ամենահարմար թեկնածուն հենց ինքը՝ Լյուդմիլա Սարգսյանն է: Թևան Պողոսյանի առաջարկն ընդունվեց միաձայն: Հանձնաժողովի նոր քարտուղար ընտրվեց Իշխան Խաչատրյանը, ով բացակայում էր:

Դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթում գազային պայմանագրերի վերաբերյալ քվեարկություններն էին: Քանի որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ընդմիջումին «գողացել էր» արաշ հանրապետականների քվեարկության քարտերը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այն կանցկացնեն առանց էլեկտրոնային համակարգի, իսկ արդյունքները կհաշվի ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը:

Քվեարկության մեկնարկին ոչ իշխանական խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը, այդ թվում նաև հանձնաժողովի 7 անդամներից 4-ը՝ Լյուդմիլա Սարգսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Թևան Պողոսյանն ու Արծվիկ Մինասյանը: Ձայների հաշվարկի արդյուքներն ԱԺ նախագահին ներկայացրեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, ըստ որոնց համաձայնագրերի վավերացմանը կողմ էր քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ 0: Մի քանի ժամանոց ընդմիջումից հետո, երբ համաձայնագրերը ներկայացվեցին երկրորդ ընթերցմանը, Սուքիաս Ավետիսյանը գրություն էր ուղարկել Հովիկ Աբրահամյանին, ըստ որի առաջին քվեարկությանը սխալմունք է եղել. գրանցվել էր 77 կողմ ձայն, մինչդեռ փաստացի կողմ է քվեարկել 72 պատգամավոր:

Այնուամենայնիվ, դա չխանգարեց ԱԺ-ին վավերացնել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ՀՀ Կառավարությանը պատկանող 20 տոկոսի բաժնեմասի ռուսական «Գազպրոմին» վաճառելու վերաբերյալ համաձայնագիրը:

Ավելի ուշ նիստը բոյկոտած ոչ իշխանական խմբակցությունները հայտարարություն տարածեցին, համաձայն որի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված 7 անդամից 4-ը քվեարկությանը ներկա չեն եղել:

«Այսպիսով, 2013թ դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ կառավարության ու ՌԴ կառավարությանբ միջև «Հայռուսագազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի ու հետագա գործունեության պայմնանների մասին համաձայնագրի վավերացման որոշում չի ընդունվել: Համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ»,- նշված էր հայտարարությունում:

Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում

Տարոն Մարգարյանի ատենախոսության ոչ հրապարակային պաշտպանությունը

տնտեսագիտականԱտենախոս Տարոն Մարգարյանի ատենախոսության հրապարակային պաշտպանության ոչ հրապարակային անցկացումն ու պաշտպանության հրապարակայնության հանդեպ ՀՊՏՀ-ի և ատենախոսի տածած վախն ինքնին կասկածանքների տեղիք են տալիս և ստիպում մտորելո, որ կամ ատենախոսը չի տիրապետում թեմային, կամ ՀՊՏՀ ղեկավարությունն ու համապատասխան մասնագիտական հանձնաժողովը չեն պատրաստվել սահմանված ընթացակարգով կազմակերպելու հրապարակային պաշտպանությունը և ներսում տեղի ունենալիք ինչ-որ բաներ նպատակահարմար չեն համարվել հանրայնացնել,  կամ եղել է մի երրորդ հանգամանք, որը ստիպել է վերջիններիս վաղօրոք արգելել լրագրողների մուտքը պաշտպանության վայր: Ամեն դեպքում՝ պաշտոնական պատճառաբանություններն առ այն, թե դահլիճը փոքր է, հեռու է տրամաբանական փաստարկ լինելուց, քանի որ. 1. դահլիճի փոքրությունը սովորաբար երևում է այն բանից հետո, երբ ներս են մտնում բոլորը, այդ թվում՝ լրագրողները, և ստիպված են լինում կամ մնալ ոտքի վրա, կամ մուտքի դռան առաջ՝ դժվարանալով ներս մտնել, և անգամ այս պարագայում ոչ ոք իրավունք չուներ արգելելու լրագրողներին՝ թեկուզ դռնից հետևելու ներսում կատարվող գործընթացին: Չենք կարծում, որ լրագրողներն այնքան անտաշ պետք է գտնվեին, որ աղմուկ-աղաղակով խանգարեին պաշտպանությունը: Կրկնում ենք, ՀՊՏՀ ղեկավարությունը վաղօրոք արգելել էր անգամ մեկ լրագրողի մուտքը դահլիճ, ինչն ինքնին կասկածելի է; 2. ՀՊՏՀ ռեկտորատը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ ատենախոսը հանրային անձնավորություն է և ապահովեր ավելի մեծ դահլիճ, որի հնարավորությունը, կարծում ենք, բուհում կար:

Քննվող դեպքի ցավալի կողմերից մեկն էլ այն էր, որ լրագրողներին արգելել են ներս մտնել ոչ թե ոստիկանները, այլ՝ հենց բուհի ուսանողները, որոնց առյուծի բաժինը, բնականաբար, ուսանողական խորհրդի կամ բուհական այլ մարմինների ներկայացուցիչներ էին:

Դեռ ուսանողական տարիներից, հանդիսանալով հասարակականապես ակտիվ ուսանողության ներկայացուցիչ, բազմիցս բարձրաձայնել ենք այն մասին, որ բուհի ուսանողական խորհուրդը չպետք է հանդիսանա բուհի ղեկավարության կամակատարը, որ ՈւԽ-ն պետք է ծառայի ոչ թե ռեկտորատին, այլ՝ ուսանողին, որ այս մարմինը պետք է լինի իր իրավունքների տերը, բուհի կառավարման մեջ իր 25 տոկոս մասնաբաժնի իրական տնօրինողը: Ցավոք՝ համատարած հանրապետականացումը, ՈւԽ-ն ռեկտորատի գործակալական հատուկ ցանցի վերածման տխրահռչակ ավանդույթների վերածնումը շարունակում են ՈւԽ-ները, հետևաբար նաև՝ ուսանողական դաշտը, պահել համատարած լճացման մեջ: Փաստորեն, ՈւԽ-ները ոչ թե կատարում են ուսանողության շրջանում իրենց վերապահված հույժ կարևոր դերակատարությունը, այլ վերջիններս վերածվել են գործիքի, միջոցով բուհի ղեկավարության կողմից, բառիս վատագույն իմաստով, վերահսկվում է ուսանողական դաշտը:

Ատենախոս Տ. Մարգարյանի այսօրվա ոչ հրապարակային պաշտպանությունը հանրայնացրեց նաև այն զզվելի փաստը, որ ՈւԽ-ներն արդեն բուհերում ունեն նաև ոստիկանի լիազորություններ: Այս ամենի մեջ աբսուրդն այն է, որ ՀՊՏՀ ռեկտորը, փոխանակ ոստիկաններ կանչի և հեռացնի լրագրողներին վիրավորող և վերջիններիս ազատ աշխատանքը խափանող ուսանողներին, ընդհակառակը՝ արդարացնում է վերջիններիս կողմից իրականացրած, ըստ էության, օրինախախտ արարքը՝ ինքնին դառնալով նշյալ օրինախախտության մասնակից: Իր հերթին՝ ցանկացած հեղինակավոր բուհի նույնքան հեղինակավոր ՈւԽ-ի համար պատիվ չէր բերի այն դառն իրողությունը, որ սեփական բուհի տարածքում խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը, ավելին՝ վերջինս արժանանում է անպատկառ վերաբերմունքի: ՈւԽ-ն կյանքի է կոչված հենց նաև ա՛յս իրողությունների դեմ պայքարելու համար: Ցավոք, մեր դեպքում ամեն ինչ շրջված է գլխիվայր: Փաստորեն ժամանակն է, որ ՈւԽ-ներին այսուհետ կոչեն  “Ռեկտորատին կից հատուկ ծառայությունների և ոստիկանության բաժին”:

Տարոն Մարգարյանի այսօրվա, արդեն՝ ոչ հրապարակային և այդպիսով՝ կասկածելի պաշտպանության միջոցով տնտեսագիտության թեկնածու քաղաքապետ ունենալու հետ մեկտեղ ունեցանք նաև. 1. Ուսանողական խորհուրդ հասկացողության հերթական խեղաթյուրում և բուհում անառողջ ուսանողական մթնոլորտի արմատացում; 2. վիրավորանքի ու ծաղրի արժանացած լրագրողներ, որոնց աշխատանքը խոչընդոտվեց այսօրվա և վաղվա մտավորականի կողմից; 3. ատենախոսության՝ հրապարակային կոչվող պաշտպանության ոչ հրապարակային դառնալու տխրահռչակ ավանդույթի ձևավորում: Միայն առաջին 2 կետերը բավական են, որ ԿԳ նախարարությունը և ՀՊՏՀ կառավարման խորհուրդը համատեղ արտագնա նիստ հրավիրեն, որի օրակարգային կետերը պետք է դառնան բուհի ներքին կազմակերպական-կարգապահական, ՈւԽ-ի ղեկավար կազմի և ռեկտորի  հրաժարականի հարցերը:

 

Հ.Գ. 2010 թ. սեպտեմբերի 14-ն իմ համար նվիրական օր էր. այդ օրը ես ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի համապատասխան մասնագիտական խորհրդում պաշտպանեցի իմ թեկնածուական ատենախոսությունը: Ուրախ կլինեի, ավելին՝ ամեն ինչով կօժանդակեի, որ լրագրողները լայնորեն լուսաբանեին պաշտպանությանս ընթացքը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ատենախոսի պատիվ է բերում պաշտպանության մարդաշատությունը, այդ թվում՝ լրագրողների ներկայությունը, եթե, իհարկե, վերջինս խորապես տիրապետում է իր թեմային և պատրաստ է հիմնավորապես պատասխանելու յուրաքանչյուր հարցի: Համոզված եմ նաև, որ թե՛ մասնագիտական խորհուրդը, թե՛ պատմության ինստիտուտի ղեկավար անձնակազմը, անգամ դահլիճային անհարմարության, ատենախոսի ամենախիստ հրահանգի կամ քմահաճության դեպքում, չէին կարգադրի իրենց ուսանողներին՝ փակելու լրագրողների ճանապարհը, վիրավորելու կամ ցուցաբերելու այլ, լրագրողի մարդկային և մասնագիտական արժանապատվությունը ոտնահարող պահվածք: 

 

 Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

պատմական գիտությունների թեկնածու  

Անկախ

Եղեգնաձորում ավտոմեքենա է այրվել

այրվող-ավտոմեքենաԴեկտեմբերի 27-ին, ժամը 10.32-ին ԱԻՆ-ում  տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ Արսենյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.32-ին, մարվել՝ 10.37-ին:

Այրվել են Վ.Հ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 19ՏՏ771 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահն ու շարժիչի հատվածը: