Ֆուտզալի Հայաստանի կանանց 2014-ի ձմեռային մրցաշարը մոտենում է ավարտին

ֆուտզալ 19Փետրվարի 20-ին մեկնարկել է 2014 թ. Հայաստանի կանանց ֆուտզալի ձմեռային մրցաշարը: Այն անցկացվում է մեկ շրջանով` յոթ թիմերի մասնակցությամբ և կավարտվի մարտի 6-ին: Հանդիպումներն անցկացվում են Երևանի բժշկական Համալսարանի մարզադահլիճում:

Կայացած 6 մրցափուլերում գրանցվել են հետևյալ արդյունքները ՝

1-ին մրցափուլ

«ԱՖԴ-աղջիկներ»-«Քանաքեռ-84» ՝ 18:0

«Սիս-Կիլիկիա» – «Տաթև-110»՝ 5:1

«Քաղցրաշեն»-«Երևան – Գ.Մ.»՝ 2:9

2-րդ մրցափուլ

«Տաթև-110»-«Քաղցրաշեն»՝ 3:7

«Քանաքեռ-84»- «Սիս-Կիլիկիա»՝ 3:12

«Երևան – Լ.Հ.» – «ԱՖԴ-աղջիկներ»՝ 6:4

3-րդ մրցափուլ

«Սիս-Կիլիկիա»-«Երևան-Լ.Հ»՝ 1:8

«Քաղցրաշեն»-«Քանաքեռ-84»՝ 4:1

«Երևան-Գ.Մ.»- «Տաթև-110»՝ 6:0

4-րդ մրցափուլ  

«Քանաքեռ-84»-«Երևան-Գ.Մ»՝ 4:13

«Երևան-Լ.Հ.»- «Քաղցրաշեն»՝ 10:3

«ԱՖԴ-աղջիկներ»-«Սիս-Կիլիկիա»՝ 9:3

5-րդ մրցափուլ

«Քաղցրաշեն»-«ԱՖԴ-աղջիկներ»՝ 2:10

«Երևան-Գ.Մ.»- «Երևան-Լ.Հ.»՝ 5:6

«Տաթև-110»-«Քանաքեռ-84»՝ 5:2

6-րդ մրցափուլ

«Երևան-Լ.Հ.»- «Տաթև-110»՝ 12:0

«ԱՖԴ-աղջիկներ»-«Երևան-Գ.Մ»՝ 3:12

«Սիս-Կիլիկիա»-«Քաղցրաշեն»՝ 5:5

Անկախ

ԱՄՆ կրճատել է Ադրբեջանին տրամադրվելիք ֆինանսական օգնությունը

1(3)ԱՄՆ պետդեպը ներկայացրել է բյուջետային նախագիծ, որտեղ ներկայացված է ֆինանսական օգնության չափը, որոնք կտրամադրվեն տարբեր երկրներին։

2015թ.-ին ԱՄՆ-ն դարձյալ կրճատելու է Ադրբեջանին տրամադրվելիք օգնության չափը, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը։

Այսպես՝ 2015թ.-ին ԱՄՆ-ն Ադրբեջանին հատկացնելու է 12.7 մլն դոլար, այն դեպքում, երբ 2013թ.-ին այդ գումարը եղել է ավելի քան 16 մլն, իսկ 2014թ.-ին՝ 15.5 մլն դոլար։

Այդ գումարից 9.6 մլն դոլարը պետք է ուղղվի տնտեսական աջակցությանը, 800 հազար դոլարը՝ թմրաշրջանառության դեմ պայքարին, 600 հազարը՝ զորավարժություններին, իսկ 1.7 մլն դոլարը՝ ռազմական ոլորտին։

Բանդերականները ղարաբաղյան ճակատում. Նրանք պատրաստ են վերադառնալ.panorama.am

Հրաչյա ՊետրոսյանցըՈւկրաինայի ազգային ասամբլեայի գործադիր կոմիտեի (УНА-УНСО) ղեկավար Միկոլո Կարպյուկը ադրբեջանական Վեստի.ազ լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ ինքն անձամբ, ադրբեջանի կողմից չի մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, սակայն իրենց կազմակերպության մեծ թվով կամավորներ եղել են ռազմաճակատում: Վերջինս ասել է, որ պատերազմի վերսկման դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանին` “վերականգնելու նրա տարածքային ամբողջականությունը”:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը Panorama.am-ի հետ զրույցում, այս առնչությամբ նշեց, որ ուսումնասիրել է «УНА-УНСО»-ի թեման ու ասաց, որ այդ կազմակերպության անդամներին, որոնց ավելի շատ ընդունված է ասել բենդերներ, հայ կամավորականները ծանոթ են ղարաբաղյան պատերազմից:

“Այդ կազմակերպության մի խումբ անդամներ, Ադրբեջանի կողմից մարտնչել են հայկական ուժերի դեմ և նրանք այդ մասին բացահայտ խոստովանում են: 2000-ականներին լույս է տեսել նրանց ղեկավարներից մեկի գիրքը, որում վերջինս անդրադարձել է նաև Ղարաբաղում ընթացած մարտական գործողություններին և իրենց կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությանը:

Մի հետաքրքիր պատմություն կա, որ տեղ է գտել այդ գրքում: Դրա հեղինակը գրում է, որ Հայաստան են եկել այն ժամանակ, երբ իրենց կազմակերպության անդամ հանդիսացող օդաչուն գերության մեջ է եղել ու եկել են պայմանավորվել վերջինիս հետ վերադարձման հարցում: Իր տպավորությունները հանձնելով թղթին`գրքի հեղինակը նշել է, որ այն տրամադրվածությունը, որն ունեցել են հայերը պատերազմում, կարող էր նրանց թույլ տալ հասնել մինչև Բաքու”,- նշեց Հ. Պետրոսյանցը:

Նրա խոսքերով, գրքի հեղինակը նաև ասել է, որ շատ դժվար է կռվել հայերի դեմ ու չարժի հայերի դեմ կոնֆլիկտի մեջ մտնել. վերջինս նաև հաշվի է առել այն հանգամանքը, որ իրենց կազմակերպության անդամները Վրաստանի կողմից պատերազմ էլ են նաև Աբխազիայի հետ ու մեծ կորուստներ են ունեցել հատկապես Աբխազիայի հայկական ջոկատների հետ մարտերի ժամանակ:

Ըստ փորձագետի, «УНА-УНСО»-ի ներկայացուցիչները պատերազմին հիմնականում երկու պատճառով են մասնակցել:

“Առաջինը, հաշվի առնելով Ադրբեջանի վճարած բավականին մեծ գումարները և երկրորդ, որ նրանց կազմակերպության կանոնադրությունը սահմանում է, որ իրենց գործունեությունն ուղղված է Ռուսաստանի ու նրա դաշնակիցների դեմ: Ընդ որում` նույն կանոնադրությունը սահմանում է, որ կազմակերպությանը կարող են անդամակցել այն քաղաքացիները, ովքեր որևէ թեժ կետում մասնակցել են ռազմական գործողությունների”,- ասաց ռազմական փորձագետը:

Իսկ թե ինչ ճակատագիր կունենա հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջան վերադարձող վարձկանները, Հ. Պետրոսյանցը նշեց, որ ամենից լավ այդ մասին գիտեն հենց բանդերականները:

ԵԿՄ Լոռու մարզի ԵԿՄ խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունն ասաց, որ պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից պատերազմող ուկրաինական ջոկատների հետ առնչվել է:

“Ռազմաճակատի տարբեր հատվածներում հայկական կամավորականների դեմ տարբեր ազգությունների վարձկաններ են կռվել` արաբներ, չեչեներ, թուրքեր և իհարկե ուկրաինացիներ: Հետաքրքիր է, իսկ ինչի վրա են իրենց հույսները դրել, երբ խոսում են պատերազմի դեպքում ճակատ վերադառնալու մասին: Իրենք լավ գիտեն, թե ինչ կլինի իրենց հետ… կլինի այն, ինչ տեղի ունեցավ իրենց ընկերների, մնացած վարձկանների ու ադրբեջանցիների հետ”,- ասաց նա:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ոչ-ոքի` Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների երկրպագուների խաղում

19141ֆուտբոլԱյսօր Կրասնոդարում կայանալիք ֆուտբոլի Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական մրցամարտից առաջ ուժերը չափեցին այդ թիմերը երկրպագուները:

Կրասնոդարի համալսարանի մարզադաշտում կայացած հանդիպումում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշիվը:

Անկախ

“Գյուղնախարարությունը նպատակ ունի ընդլայնել լոլիկի և կարտոֆիլի մշակման աշխարհագրությունը”. Գառնիկ Պետրոսյան

Գառնիկ ՊետրոսյանԳյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացում կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսական խորհրդատվության համակարգի գործունեությունը, որն անցկացվում է Գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենրոնների կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Նախարարի տեղակալը խոստովանեց, որ այս ոլորտում իրենց չի հաջողվել լուրջ հաջողություններ գրանցել. խորհրդատվությունը միշտ չէ, որ կատարվում է բարձր մակադակով:

Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ Գյուղատնտեսության ոլորտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առավել կարևոր  և արդիական են բույսերի պաշտպանության և անասնաբուժության ոլորտի խնդիրները: Հիմնական շեշտադրումները հենց այս ոլորտների վրա են արվել: Նախարարությունը կաևորում է նաև գիտության նվաճումների, նոր տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության ոլորոտւմ:

“Գեղարքունիքի և Շիրակի մարզերում այս տարի կիրականացվեն վաղահաս լոլիկի մշակության և բարձր բերքավության ապահովման ծրագրեր: Մեր նպատակն է` որքան հնարավոր է ընդլայնել աշխարհագրությունը և հանրապետության բարձրադիր վայրերում ևս մշակել բնակչության համար կարևոր մթերքներ: Մենք նաև շատ կարևորում ենք կատոֆիլի և լոիլկի ցեց վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը: Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել: Մենք պատրաստվում ենք ձեռք բերել խեռոմոնային թակարդներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ճշգրիտ որոշել վնասատուի զարգացման փուլերը, մասնավորապես այն փուլը, որում ավելի խոցելի է վնասատուն և, որի դեպքում շատ ավելի արդյունավետ կլինեն պայքարի միջոցառումների իրականացումը: Մենք կարևորում ենք նաև պայքարի կենսաբանական միջոցառումների ներդրումը: Վնասատուների դեմ պայքարի գործում մեք համագործակցություն ենք սկսել Կենդանաբանության ինստիտուտի հետ: Առաջին անգամ այս տարի մենք ջերմատան պայմաններում կփորձենք գնահատել գիշատիչ տրեխոգրամա կոչվող միջատի արդյունավետությունը` նրան օգտագործելով կարտոֆիլի և լոլիկի ցեցի դեմ պայքարում”,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

 Անկախ

«Պտուղ-բանջարեղենի արտահանման այս տարվա ցուցանիշները երեք անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշներին». Ռոբերտ Մակարյան

Ռոբերտ ՄակարյանՄինչև մարտի 20-ը խաղող և պտուղ-բանջարեղեն վերամշակող կազմակերպությունները կներկայացնեն այն ծավալները, որոնք այս տարի արդեն պատրաստ են մթերման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Նախարարի տեղակալը կարևորեց դեռ անցյալ տարի հիմնադրված «Պտուղ-բանջարեղեն վերամշակողների և հյութ արտադրողների միության» ստեղծումը, որը, ըստ նրա, ակտիվ աշխատում է:

«Եթե նախկինում պայմանագրերը կնքվում էին գործարանների և գյուղացիների միջև` որպես տնտեսվարող սուբյեկտների, ապա հիմա այս հարցին իրենց աջակցությունն են ցուցաբերում մարզպետարանները: Մարզպետարանները պարաստակամությունն են հայտնել տարածքներ տրամադրել, որպեսզի գործարանների ներկայացուցիչները գյուղացիների հետ կնքեն պայմանագրեր»,- ասաց Ռոբերտ Մակարյանը` հավելելով, որ շատ կարևոր է իրացաման գործընթացը ժամանակին կազմակերպել:

Հաջորդ կարևոր ուղղությունը ըստ նախարարի տեղակալի` արտահանման գործընթացն է: 2013-ին 64 500 տոննա տուղ-բանջարեղեն է արտահանվել հանրապետությունից, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցեց նախորդ տարվա ծավալները: Օպերատիվ տվյալներով`այս տարի հանրապետությունից արտահանվել է 7500  տոննա պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է երեք անգամ:

Պտուղ-բանջարեղենի իրացման մյուս օղակը, որը Գյուղնախարարությունը իրականացնում է դեռևս 2011-ից, Երևանում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կամակերպումն է:

«Երկու տոնավաճառները հունիս ամսից կսկեն գործել: Քաղաքապետարանի հետ քննարկվում է նաև մյուս վարչական շրջաններում ևս տոնավաճառներ կազմակերպելու հարցը: Եթե լինի պահանջարկ, մյուս վարչական շրջաններում էլ կկազմակերպվեն»,- ասաց գյուղփոխնախարարը:

Անդրադառնալով անասնաբուժահամաճարակային վիճակին` Ռոբերտ Մակարյանը նշեց, որ պետպատվերի շրջանակներում իրականացվել են բուժիչ և կանխարգելիչ միջոցառումներ տասը հիվանդությունների գծով: Պատվաստանյութերի հիմնական մասն արդեն ներկրված է հանրապետություն և առաջիկա օրերին պատվաստումները կսկեն իրականացվել:

«Այժմ պայմանագրեր են կնքված 630 անասնաբույժների հետ այդ ծառայությունները մեր համայնքներում մատուցելու համար»,- ասաց նախարարի տեղակալը:

 Անկախ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

ըմբշամարտ1Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը երկրորդ կազմով մարտի 13-ին կուղևորվի Լոս Անջելես, որպեսզի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Մարտի 14-ին վիճակահանությամբ աշխարհի10 երկրների հավաքականները կտեղաբաշխվեն երկու խմբերում: Դրանցից  յուրաքանչյուրում կընդգրկվի 5-ական հավաքական:

Մրցաշարը կմեկնարկի մարտի 15-ին: Հայաստանի պատիվը կպաշտպանեն Արտակ Հովհաննիսյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Արթուր Առաքելյանը (65 կգ), Դավիթ Ափոյանը (70 կգ), Վարուժան Քաջոյանը (74), Վահե Թամրազյանը (86 կգ), Վիկտոր Կազիշվիլին (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125կգ): Ըմբիշներին մրցագորգ դուրս կբերեն մարզիչներ` Հովսեփ Հովսեփյանն ու Հաբեթնակ Կուրղինյանը:

Մեր երկրի պատվիրակությունը կգլխավորի ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը:

Հավելենք, որ աշխարհի թիմային գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք են ստացել 2013 թ. ըմբշամարտի աշխարհի առաջնությունում թիմային պայքարում լավագույն տասնյակում տեղեր զբաղեցրած երկրների՝ Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կուբայի, Մոնղոլիայի, Հայաստանի և Թուրքիայի հավաքականները:

Անկախ

 

 

 

 

 

Ինչպե՞ս վստահել կուտակայինին, երբ աչքի առաջ 14 տարի հասանելիք կենսաթոշակից զրկված գիտնականների օրինակը կա

կուտակայինԳիտնականներն ահազանգում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ գիտությունը Հայաստանում վերջնականապես կմարի. առանց այդ էլ ցածր վարձատրվող երիտասարդները կարտագաղթեն, իսկ նոր երիտասարդներ էլ պարզապես չեն գա գիտության ոլորտ: Իսկ 40 տարի անց խոստացվող գեղեցիկ ապագային գիտնականները չեն հավատում. ամենից շատ հենց գիտնականներին են Հայաստանում պետական մակարդակով խոստումներ տալիս ու չեն կատարում:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի լիազոր ներկայացուցիչների փետրվարի 19-ին կայացած նիստում որոշվել է նամակով դիմել սահմանադրական դատարան (ՍԴ), որտեղ կներկայացվի պարտադիր կուտակայինի հնարավոր ազդեցությունը գիտության վրա և սեփական լուծումը կառաջարկվի: Նամակն առաջիկայում կուղարկվի ՍԴ:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի նախագահի տեղակալ Ազատ Սարգսյանն ասում է, որ մեր կառավարությունը գիտության նկատմամբ «հատուկ» վերաբերմունք ունի, սա էլ այդ վերաբերմունքի դրսևորումներից մեկն է. «Եթե նախկինում հատուկենտ երիտասարդներ գիտության ոլորտ էին գալիս, հիմա ուզում են այնպես անել, որ ընդհանրապես երիտասարդներ չգան գիտություն»:

Նամակում գիտնականները նշում են, որ պարտադիր կուտակայինի որոշումը ևս մեկ անգամ նպաստում է, որ գիտության ոլորտ չգան երիտասարդները, ինչով գիտությունը Հայաստանում աստիճանաբար մարելու է: Դա նպաստելու է նաև երիտասարդների արտագաղթին. առանց այդ էլ ուղեղների արտահոսք կար, հիմա առավել ևս կլինի:

Նամակով ՍԴ-ին կոչ են անելու, պահանջելու են կասեցնել պարտադիր կուտակայինի գործընթացը` այն թողնելով ավելի լավ ժամանակների համար:

Ազատ Սարգսյան

Ազատ Սարգսյան,
Լուսանկարը` 168.am-ի

«Դժգոհությունը շատ-շատ է, զանգում են տարբեր ինստիտուտներից, առաջարկում հավաքվել, բողոքել: Բոլոր ինստիտուտներում երիտասարդները ժողովներ են անում, իրենց դժգոհությունն են արտահայտում: Դեռ սպասողական վիճակ է, սպասում են, թե ՍԴ-ն ինչ կորոշի, որից էլ կախված կլինեն հետագա զարգացումները»,- ասում է Սարգսյանը:
Նա նշում է, որ իշխանությունների քայլերը վստահություն չեն ներշնչում, քանի որ աչքի առաջ ունեն բազմաթիվ օրինակներ:

Օրինակ` 2000-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով նախատեսվում է, որ կենսաթոշակի անցնելուց հետո գիտական աստիճանի համար գիտնականները հավելավճար պետք է ստանան. գիտության թեկնածուները` 10 հազար, դոկտորները` 20 հազար դրամ: Օրենքի դրույթը մինչ օրս չի գործում: Ավելին, 2012-ին, երբ «Անկախն» անդրադարձավ խնդրին, կառավարությունից հայտնեցին, որ օրենքի նոր նախագիծը շուտով կընդունվի, որով էլ արդեն հավելավճարների սահմանման կարգը կհստակեցվի, խնդիրը կլուծվի: Այն ժամանակ օրենքի նախագիծը հանրային քննարկման էր դրված: Այժմ, սակայն, Գիտության պետական կոմիտեից (ԳՊԿ) «Անկախին» տեղեկացրին, որ օրենքը դեռևս լրամշակման փուլում է, այն նախատեսվում է կառավարությանը ներկայացնել 2014-ին:

ԳԱԱ արհկոմը 2013-ի սեպտեմբերին նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել գիտնականների խնդիրներին, մասնավորապես` երկարացված արձակուրդի իրավունքից ու կենսաթոշակներին գումարվող հավելավճարներից զրկված լինելու հանգամանքին: Նամակը հասցեագրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, աշխատանքի և զբաղվածության վարչությունից Ա. Պետրոսյանը պատասխանել է. «…Օրենքի դրույթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար անընդունելի է և հակասում է կենսաթոշակային ապահովության բնագավառում պետության վարած քաղաքականության գաղափարաբանությանը, միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ որևէ կատեգորիայի անձանց կենսաթոշակային հավելում տալու մասին դրույթ սահմանված չէ»:

Արթուր Մովսիսյան

Արթուր Մովսիսյան

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի  երիտասարդ գիտաշխատող Արթուր Մովսիսյանն ասում է, որ պարտադիր կուտակայինին դեմ լինելու պատճառները բազմաթիվ են. «Կարևոր պատճառներից մեկը վստահությունն է, ավելի ճիշտ` դրա բացակայությունը: Օրենքը միգուցե շատ լավն է, բայց Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ սևով սպիտակի վրա գրելը շատ քիչ է, իրական կյանքում ցանկացած «բարեփոխում» դառնում է ի վնաս ժողովրդի: Օրենքը կարող է նախատեսել մի բան, բայց իրականում ստացվի մի այլ բան»: Որպես օրինակ Մովսիսյանը մատնանշում է գոյություն ունեցող տարատեսակ գիտության զարգացման հայեցակարգերը. «Փայլուն փաստաթղթեր են, սակայն իրականությունը հեռու է նախատեսվող արդյունքներից»:

Երիտասարդ գիտաշխատողը «դեմ»-երի թվում նշում է նաև կուտակայինի պարտադիր լինելը և սոցիալական հանգամանքը. «Այն դեպքում, երբ մարդը լուծում է օրվա հացի խնդիրը, առնվազն ծիծաղելի է պարտադրել կուտակել, նույնն է, թե աղքատին ասեն` գնա ծով հանգստացիր, առողջարար է: Աբսուրդ…»:

Անդրադառնալով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի չգործող դրույթին` Մովսիսյանն ասում է, որ այստեղ արդեն գիտության նկատմամբ վերաբերմունքի հարց կա. «Ի տարբերություն ՀՀ թոշակառուների մոտ 500-հազարանոց բանակի` այստեղ թիրախային խումբը շատ ավելի փոքր է՝ մի քանի հազար, գումարներն էլ են փոքր, այսինքն` սա այն գումարը չէ, որ ասենք` պետությունը փող չունի, աղքատ երկիր է, այստեղ խնդիրը շատ ավելի խորն է»:

Մովսիսյանն ասում է, որ «Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը երևում է գիտությանը հատկացվող ֆինանսավորումից, որը մոտ 10 անգամ ցածր է միջին եվրոպական մակարդակից: Գիտնականի միջին աշխատավարձը 2 անգամ ցածր է ՀՀ միջին աշխատավարձից:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը նշում է, որ պարտադիր կուտակայինին բացասաբար է վերաբերվում ոչ թե այն պատճառով, որ գիտաշխատողի իր աղքատավարձից՝ 55 հազար դրամից, 5000-6000 դրամ պահում է կատարվում, այլ քանի որ իր գումարները տրամադրվում են օտարերկրյա հիմնադրամների կառավարմանը: «Ստացվում է, որ մեր գումարներով ավստրիացիներն ու ֆրանսիացիները նոր աշխատատեղեր են ստեղծելու իրենց երկրների համար, իսկ մենք բավարարվելու ենք իրենց շահույթների չնչին տոկոսներով: Մի՞թե սա տրամաբանական է, մի՞թե մեր պետությունն այնքան չկայացած է, որ չի կարող կառավարել սեփական քաղաքացիների գումարները՝ ներդնելով այն մեր երկրի զարգացման մեջ»,- ասում է նա:

Զաքարյանն ասում է, որ պարտադիր կուտակային համակարգին չի վստահում, քանի որ չի հավատում պետության ապագային. «Պետությունը, որի երիտասարդ գիտաշխատողը միջին աշխատավարձից շուրջ երեք անգամ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, հստակ ապագա չի կարող ունենալ, չի կարող նախատեսել և իրականացնել երկարամյա ծրագրեր, չի կարող լուրջ հիմնախնդիրներ լուծել»:

Խոսելով գիտությանը վերաբերող օրենքների չգործելու մասին՝ նա նշում է, որ իր համար վաղուց նորություն չէ, որ կարող են ընդունվել օրենքներ, որոնք թղթի մակարդակից չեն բարձրանում. «Ամենացավալին այն է, որ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Չգործող դրույթների մասին բազմիցս բարձրաձայնվել է: Ի՞նչ է փոխվել: Ոչինչ»:
Նա կարծում է, որ գիտության վիճակը բարեփոխելու համար հարկավոր է, որ գիտաշխատողներն ակտիվանան ու ձգտեն առավելագույնին, մյուս կողմից էլ` փոխվի գիտության նկատմամբ վերաբերմունքը:

«Հավանաբար շատերը, նաև պետական այրերը լիարժեք չեն գիտակցում գիտության ու գիտնականի կարևորությունը մեր պետության զարգացման հարցում: Այդ պատճառով էլ մենք դիտվում ենք կա՛մ որպես ԽՍՀՄ-ից մնացած ատավիզմ, կա՛մ «թանկ հաճույք», որը միայն զարգացած պետություններին է հասու,- ասում է Զաքարյանը:- Պետք է փոխել մարդկանց` գիտության դերի և իմաստի մասին պատկերացումները, և դա պետք է անենք մենք, հատկապես` երիտասարդ գիտաշխատողներս: Միայն դրանից հետո կփոխվի պետության վերաբերմունքը գիտության նկատմամբ»:

 

Գարնանացանի աշխատանքների կազմակերպման համար առաջին անգամ հանրապետություն կներկրվեն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր

Սամվել Գալստյան2013 թվականի գյուղատնտեսական տարին ամփոփվեց` զգալի աճ արձանագրելով գյուղատնտեսական մթերքների արտադրության բոլոր տեսակների գծով: Ավելացել են համախառն բերքի ծավալները, բուսաբուծության ոլորտում աճը կազմել է 6.6 %: Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները տարեվերջյան հաշվարկներով կազմել են 318 060 հա, ինչը նախորդ տարվա մակարդակը` 304 207 հա-ը գերազանցում է շուրջ 14 հազար հա-ով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` վերջին երեք տարիներին ցանքատարածություններն ավելացել են շուրջ 35 000 հա-ով: Նախորդ տարեվերջին ցանքատարածությունները կազմել են 318 060 հա: 2014-ի գյուղատնտեսական տարվա համար կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն` հողօգտագործողներին մատուցվող գարնանացանի համար անհրաժեշտ սերմացուների մատակարարման աշխատանքներ են իրականացվել, որով նախատեսված է 2510 տոննա գարնանացան մշակաբույսերի սերմացուներ ներկրել:

«Սերմացուների ներկրման աշխատանքներն արդեն սկսվել են, Արագածոտնի մարզային պահեստարան է դատարկվել 60 տոննա գարու և 40 տոննա կորնգանի սերմացու, Սյունիքի մարզային պահեստարան` 58.7 տոննա գարու սերմացու, Գեղարքունիքի մարզային պահեստարան` 60 տոննա գարու սերմացու: Գարնանացանի աշխատանքների կազմակերպման համար առաջին անգամ ազոտական պարարտանյութի հետ միասին հանրապետություն կներկրվեն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր: Նախատեսված է 31 281 տոննա ազոտական պարարտանյութի, 2647 տոննա ֆոսֆորական և 1668 տոննա կալիումական պարարտանյութի ներկրում: Մեկ 50 կիլոգրամանոց ազոտական պարարտանյութի պարկը համայնքներում հողօգտագործողներին կհատկացվի 6000 դրամով, նույն քաշի ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը` 7000 դրամով: Արարատի և Արմավիրի մարզերն արդեն ստացել են 627 տոննա ազոտական պարարտանյութ:  Այսօրվանից սկսվել է 17 մլն 641 հազար լիտր դիզելային վառելանյութի մատակարարման աշխատանքները»,- ասաց Սամվել Գալստյանը` զգուշացնելով հողօգտագործողներին, որ պարարտանյութ, սերմացու և դիզելային վառելանյութ վերջիններիս կմատակարարվի միայն նախապես վճարումներ կատարելու պայմանով:

Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին

5651

 

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Եռաբլուր պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:

Անկախ

Ջինա Լոլոբրիջիտայի որդին ցանկանում է, որ մորն անգործունակ ճանաչեն

ջինա լոլոբրիջիտա1Նախկին սիրեցյալի հետ դատական քաշքշուկներից մեկ տարի անց առասպելական կինոաստղ Ջինա Լոլոբրիջիտան կրկին դատվում է , այս անգամ սեփական որդու հետ: Նա պահանջում է մորն անգործունակ ճանաչել: Նրա կարծիքով 86-ամյա դերասանուհուն խնամակալ  է հարկավոր, քանի որ նրա երիտասարդ բարեկամները խաբեությամբ նրանից գումարներ են կորզում: Կինոաստղի օրինական ժառանգը`Անդրեա Միլկո Սկոֆիչը,  վախենում է, որ իր մայրը լիովին կսնանկանա: Սկոֆիչը Լոլոբրիջիտայի տղան է առաջին ամուսնությունից և նրա միակ ժառանգն է: Նա համոզված է, որ դերասանուհու երիտասարդ երկրպագուներն  աչք ունեն նրա խնայողությունների և Իտալիայի ու Մոնտե Կառլոյի անշարժ գույքի վրա, որոնք գնահատվում են ավելի քան 36 միլիոն եվրո: Ինչպես հաղորդում է  The Telegraph-ը, իտալական դերասանուհու որդին պահանջում է իր մոր համար խնամակալ նշանակել, որը կհետևի նրա ունեցվածքին և դրանց հետ կատարվող գործարքներին: ջինա լոլոբրիջիտաԴերասանուհին, որն իր փառքի գագաթին ճանաչվել էր սեքս խորհրդանիշ և աշխարհի ամենագեղեցիկ կինը, վերջերս հանրությանը ներկայացավ  “շատ երիտասարդ գործընկերոջ հետ”, պնդում են իտալական ԶԼՄ-ները: Հասկանալի է, թե ինչու դերասանուհու որդին կասկածներ ունի ժառանգության հարցում:Մինչև  2007 թ. դերասանուհին ապրում էր իսպանացի գործարար Խավիեր Ռիգաու-ի-Ռաֆոլոսի հետ, որը 34 տարով փոքր էր իրենից: Ավելի ուշ Ջինան նրան մեղադրեց, որ նա ամուսնացել է իր հետ իր բացակայության պայմաններում, որպեսզի ժառանգի իր կարողությունը: Իբր պսակադրությանը մասնակցել է աշխարհահռչակ դերասանուհու  նման մեկ այլ կին: Ձեռներեցն  իր հերթին հայտարարել է, որ Լոլոբրիջիտան ինքն է ստորագրել համապատասխան փաստաթղթերը`  թույլ տալով իր ներկայացուցիչին  իր անունից  ամուսնանալ: Նա դերասանուհուն մեղադրել է բանսարկության մեջ, սակայն Լոլոբրիջիտան պնդում է, որ ոչինչ չի իմացել այդ ամուսնության մասին, որ այդ ամենը խարդախություն է, ինչի մասին ինքն  իմացել է թերթերից: Ինքը` կինոաստղը, հավատացնում է, որ ինքը լիովին սթափ է, մինչ այժմ  ճանապարհորդում է աշխարհով մեկ և սիրավեպեր է ունենում: Իր հարցազրույցներից մեկում Լոլոբրիջիտան  խոստովանել է.”Ես շատ սիրեկաններ եմ ունեցել և մինչ այժմ սիրավեպեր եմ ունենում, ես դրանցով շատ երես առած եմ: Ամբողջ կյանքումս չափազանց շատ երկրպագուներ եմ ունեցել”:

ջինաԼոլոբրիջիտայի որդին ծնվել է նրա առաջին ամուսնուց` հարավսլավական բժիշկ Միլկո Սկոֆիչից, ի պատիվ որի դրել են որդու անունը: Բժշկի հետ նա ամուսնացել  է 1949թ., նրանց ամուսնությունը տևել է մինչև 1971թ.: Հիմա դերասանուհին կապված է Անդրեա Պիացոլոյի հետ, որը նրանից փոքր է 60 տարով: Ընդ որում,  Լոլոբրիջիտան պնդում է, որ իրենց մեջ պարզ ընկերական հարաբերություններ են: Նրանց սիրավեպի մասին բոլոր ենթադրությունները դերասանուհին համարում է  “վրդովվեցնող և զզվելի “:

Անկախ

«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցները ևս անգործ չեն մնա

ֆուտբոլ27560Մարտի 5-ը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ընկերական հանդիպումների օր: Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականը Կրասնոդարում մրցելու Ռուսաստանի թիմի հետ:

«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի մրցակիցները ևս անգործ չեն մնա:

Սերբիայի հավաքականն արտագնա խաղ կանցկացնի Իռլանդիայի ընտրանու հետ: Դանիացիներն էլ մրցակցի հարկի տակ ուժերը կչափեն Անգլիայի հավաքականի հետ:

Իսկ ահա, Պորտուգալիայի հավաքականը կհյուրընկալի Կամերունի,  իսկ Ալբանիայի հավաքականը` Մալթայի ներկայացուցիչներին:

Անկախ

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի հասնելու հնարավորությունները

ռհsport-rusastan-hajastan3-470x265Այսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կմրցի Ռուսաստանի թիմի հետ։ Հանդիպումից առաջ, որը կայանալու է Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում, գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում Ռուսաստանի հավաքականի հաղթանակի հասնելու հնարավորությունները:

Տանտերերի հաղթանակը գնահատվում է 1,43 , իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը` 5,5 գործակցով։ Ոչ- ոքին ունի 5 գործակիցը։

Անկախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

սերգո կարապետյան-Հանս ՀորբախՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցութամբ , նախարարը համոզմունք հայտնեց, որ նրա ջանքերով հայ-հոլանդական հարաբերությունները, մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում, կհասցվեն զարգացման նոր մակարդակի:

Դեսպան Հորբախը պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցել Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության գյուղատնտեսության նախարարությունների միջև կապերի սերտացմանը և նշեց, որ հայ-հոլանդական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում զարգացման մեծ  հեռանկար  ու ներուժ ունեն:

Այնուհետև հյուրի խնդրանքով նախարարը հակիրճ  ներկայացրեց ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նախարարը ներկայացրեց  հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը: Նա հատկապես կարևորեց ջերմոցային տնտեսությունների զարգացման հոլանդական առաջավոր փորձի ուսումնասիրումն ու կիրառումը մեզանում, ակնկալելով հոլանդացի մասնագետների աջակցությունը: Հիմնավորելով հարցի անհրաժեշտությունը, նախարարը ցանկություն հայտնեց այս տարի Նիդեռլանդների Թագավորությունում կազմակերպել գյուղատնտեսության հարցերին նվիրված բիզնես-ֆորում:

Դեսպան Հորբախը նշեց, որ Հոլանդիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ : 2014 թվականի ամռանը Նիդեռլանդների Էկանոմիկայի նախարարությունն սկսելու է ֆինանսավորել «Մասնավոր սեկտորի նախաձեռնություն» թեմայով նոր ծրագրեր: Ուստի և պատրաստ է այդ նպատակով քննարկել ագրոպարենային ոլորտին վերաբերող  ներկայացված ցանկացած  ծրագիր,նշեց նա:

Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն  անդրադարձավ նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն,  նշելով. «Այդ հանգամանքը չի անդրադառնում Եվրամիության հետ մեր հարաբերությունների հեռանկարին, վերջինիս հետ մեր ծրագրերը շարունակվում են և պիտի աշխատենք ավելի խորացնել  ու ընդլայնել դրանք»:

 

Նիկոլ Դուման. Ժամանակակիցները նրան անվանում էին երկաթյա կամքով ղարաբաղցի լեռնական

nikol_duman_11-1-13 1895 թ. հոկտեմբերի մի օր Նիկոլ Դումանն առաջնորդում էր 50 հոգանոց խումբը դեպի Վան-Վասպուրական: Նրա անբաժան օգնականը Վազգեն Տերոյանն էր:

Ճանապարհը դժվարին էր: Տարվա այդ ամսվա համար անսովոր ցրտաշունչ եղանակը լրացուցիչ դժվարություններ էր հարուցում: Արևմտյան Հայաստան չհասած` երկու հոգի ցրտից մահացան:
Հազիվ ոտք դրած Վասպուրականի հողին` հայդուկների խումբը պաշարվեց քրդական 1500-անոց հրոսակախմբի կողմից: Երկօրյա համառ մարտերից հետո, ընդամենը մեկ զոհ տալով, հայդուկներին հաջողվում է ճեղքել քրդերի շղթան ու ապաստանել հայկական Բողազ-Քյոսան գյուղում: Սակայն նրանց կրնկակոխ հետապնդող քրդերը պաշարում են նաև գյուղի այն մարագները, ուր ապաստանել էին հայ ազատամարտիկները:

Քրդերը, չկարողանալով գրավել մարագները, որոշում են կրակի տալ նրանց: Նրանք մարագի մոտ կուտակում են չոր փայտ ու խոտ:
Անելանելի դրությունից ելք է գտնում խմբապետ Նիկոլը: Նրա հրամանով ֆիդայիները բացում են մարագի դռները և դիմահար կրակով առաջ շարժվելով ու տապալելով շատ քրդերի` ճեղքում են շղթան ու դուրս գալիս շրջապատումից: Քրդերը մեծ կորուստներ են ունենում. զոհվում է երկու ցեղապետ: Իսկ ֆիդայիներն այս կռվում զոհ չտվեցին:

-Սա մարդ չէ, սա դուման է (փոթորիկ) է,- ասում են քրդերը` հիացած ֆիդայու համարձակությամբ ու արիությամբ և երգեր են հյուսում նրա մասին: Այդ օրվանից Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը դարձավ Նիկոլ Դուման:

Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը ծնվել է 1867 թ. հունվարի 12-ին Արցախի Խաչեն գավառի Ղշլաղ գյուղում:

Սովորել է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ էլ անցել է հեղափոխության դարբնոցը: 1890-ական թթ. դասավանդել է Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, ապա` Թավրիզի ու Սալմաստի վարժարաններում: Այստեղ դասավանդելու տարիներին Նիկոլը աշակերտների սիրելին էր: Դասերից զատ նա ակտիվ ու աչքի ընկնող աշակերտներին հայրենասիրության դասեր է տալիս, զինավարժություններ անցկացնում:
Պատանի տարիքից հարել է ազատագրական շարժումներին: Մարտական մկրտությունը ստացել է 1894 թ. Դերիկում: Դերիկի վանքն այդ տարիներին հայ ազատամարտի զինանոցն էր: Այնտեղ էին հավաքվում զինյալ ֆիդայիները, վանքը նաև զինապահեստի դեր էր կատարում: Եվ ահա, Վանի փաշան փորձում է ծուղակ սարքել և ձերբակալել վանքում հավաքված 18 զինավառ հայ ֆիդայիներին: Շուրջ 500 հոգանոց ասկյարների զորաջոկատը պաշարում է վանքը: Սակայն հմուտ մարտավարությամբ հայ ֆիդայիներին հաջողվում է խույս տալ առանց կորուստների:

1895 թ. մեծաքանակ խմբով Նիկոլ Դումանն անցնում է Վան: Այստեղ նա հղացավ Խանասորի արշավանքի գաղափարը: Քրդական մազրիկ ցեղը, որ գործում էր Վասպուրական-Պարսկահայք սահմանագծին, հաճախ էր խոչընդոտում ֆիդայիների գործունեությունը և անհարկի կոտորածներ կազմակերպում հայության շրջանում: Հարկավոր էր պատժել մազրիկներին, ինչին էլ 1897 թ. ձեռնամուխ եղավ Նիկոլ Դումանը: Այս արշավանքի ժամանակ էլ առանձնացավ Նիկոլի ասպետական պահվածքը. «Տղե՛րք ջան, կանանց ու երեխաներին մի ձեռք տաք, բայց տղամարդկանց անխնա մորթոտեցեք»։

Խանասորի արշավանքը Նիկոլի մտահղացումն էր: Սակայն նա արշավանքին մասնակցեց սոսկ որպես հիսնապետ: Այստեղ էլ ընդգծվեց Նիկոլ մարտիկի անվերապահ նվիրումն ու հավատարմությունը հայրենիքին: Նա որևէ անձնական շարժառիթ չուներ. նրա նախաձեռնությունը ՀՅԴ-ն հանձնեց Վարդանին, և անխոնջ մարտիկը Խանասորի գործողությանը մասնակցեց որպես հիսնապետ:

Խանասորի արշավանքից հետո Նիկոլ Դումանն անցավ Կովկաս և հաստատվեց Բաքվում: Գերազանց ղեկավարելով Բաքվի հայության ինքնապաշտպանությունը` 1904 թ. նա հաստատվեց Երևանում:

Մեծ էր նրա դերը 1904-1905 թթ. Երևանի հայության ինքնապաշտպանության գործում: Նիկոլը հայության առաջնորդն էր, ոգին ու հրամանատարը: Նրա հրամանատարությամբ հայությունը հուժկու հարված հասցրեց Արարատյան դաշտում բնակվող թուրքերին: Նա մի քանի պատժիչ արշավանքներ ձեռնարկեց թուրքական բնակավայրերի դեմ: Նույն թվականին Նիկոլի հրամանով Բաթումում պատուհասվեց Երևանի նահանգի հայերի ջարդերի կազմակերպիչներից փաստաբան Կենգերլինսկին:
1910 թ. Նիկոլ Դումանը ՀՅԴ-ի կողմից ընտրվում է պատգամավոր և մասնակցում Կոպենհագենում անցկացված երկրորդ միջազգայնական կոնգրեսին:

1910-ական թթ. նա դարձյալ Կովկասում էր, ապա անցավ Արևմտյան Հայաստան` մասնակցելով հայ ազատամարտին:

Շուտով Նիկոլ Դումանն անցավ Պարսկաստան և մասնակցեց Իրանի հեղափոխական շարժումներին:

Նիկոլն ազգի նվիրյալն էր, նրա համար միակ սրբությունը հայրենիքն էր: Նրա կարգախոսն էր. «Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ` քաղաքական ցնցումների վայրկյաններում»:

Նա հայ մարտիկի հավաքական կերպարն էր ու խիղճը: Առավել լավ է Նիկոլին նկարագրել ՀՅԴ պատմագիր Միքայել Վարանդյանը. «Բարձրահասակ, նիհար, ջղուտ ու ոսկրուտ, մեջքը փոքր-ինչ կորացած, սև, կայծկլտող աչքերով, ուժեղ, խուզարկու նայվածքով. պայծառ միտք, արագ ըմբռնող, ինքնավստահ ու կորովի, հանդուգն և ահեղ։ Հրամանատար մըն էր – սիրտը՝ պողպատ, խոսքը՝ կտրուկ, վճիռը՝ անդառնալի։ Երգեր հյուսեցին քյուրտերը անոր վարած կռիվներուն մասին – փայլուն ճակատամարտներու շարան մը։ Նիկոլ Դուման դաժան ու անխնա էր ամեն կարգի ոսոխներու դեմ, նաև՝ ներքին հակառակորդներու։ Խարազանն էր շանթաժիստներու, դասալիքներու, անկարգապահ զինվորներու»:

Նիկոլ Դումանը հայ ազատամարտի պատմության մեջ հարձակողական մարտավարության հիմքը դրեց: Նա հիմնավորում էր, որ ոչ միշտ է պաշտպանվողականությունը խրախուսելի, և հարկ է մերթ ընդ մերթ կիրառել հարձակողական, պատժիչ գործողություններ: Եվ նա իր մարտավարությունը հաջողությամբ կիրառեց ամենուր, երբ հայտնվում էր պայքարի կիզակետում:

1914 թ. Նիկոլ Դումանը ծանր հիվանդ էր. նա տառապում էր թոքախտով: Եվ ջանք չէր խնայում անգամ այդ վիճակում ծառայելու հայրենիքին: Սակայն տեսնելով, որ ի զորու չէ ոչինչ փոխելու, սեպտեմբերի 27-ին Կիսլովոդսկում ինքնասպան եղավ` իր մաուզերով կրակելով քունքին: Մինչ այդ նա իր կյանքին վերջ տալու խնդրանքով դիմել էր ընկերոջը: Բայց ո՞վ իր ձեռքով կգնդակահարեր հերոսին:

Նրա շիրիմն ամփոփում են սեպտեմբերի 28-ին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Բազմահազարանոց ամբոխն արցունքներով ճանապարհեց հպարտ հերոսին: ՀՅԴ ականավոր գործիչներից Տաշոն` Հովսեփ (Իշխան) Արղությանը, իր ճառի մեջ ասաց, որ հիրավի Սիմոն Զավարյանը դաշնակցության խիղճն էր, իսկ Նիկոլը` դաշնակցության մարտիկը: Նիկոլի աճյունն ամփոփվեց հենց Զավարյանի շիրիմի կողքին: Այսօր այն հազարավոր այլ արժանավոր հայերի շիրիմների հետ պղծվեց և ոչնչացվեց վրացական իշխանությունների կողմից:

Հայաստանի հավաքականի առաջատարը հնարավոր է բաց թողնի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջիկա առաջնությունը

Դս221324091379342932Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ավանում գտնվող ֆուտբոլի ակադամիայի բազայում նախապատրաստվում է ապրիլի 1-6-ը Ֆինլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Պարապմուևնքները կշարունակվեն մինչև մարտի 15-ը:

Ցավոք, հավաքականի առաջատարը` 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ,  աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն իր թիմակիցների կողքին չէ: 65 կգ քաշային ըմբիշը վնասվածք էր ստացել վերջերս Բուլղաիայում անցկացված միջազգային մրցաշարում:

Դավիթը փորձել է ապաքինվել Կրասնոդարում: Նա պետք է Երևան ժամանի, որպեսզի կրկին հետազոտվի:

Հավաքականի գլխավոր նարզիչ Արայիկ Բաղդադյանի վկայությամբ` եթե ապաքինման անհրաժեշտության կարիք զգացվի, ապա Սաֆարյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը: Իսկ այդ քաշային կարգում նրան կարող է փոխարինել Արթուր Բաղդասարյանը:

Անկախ

 

 

 

Թեժ գծերի հեռախոսահամարները շարունակում են քաղաքացիների կողմից ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր

թեժ գիծՄայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները հասանելի  են  աշխատանքային բոլոր օրերին, առավոտյան ժամը 9-ից 18:00-ը: Աշխատանքների իրականացման նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակաբար իրականացվում է մշտադիտարկում:

Ըստ այդմ, փետրվարի ամփոփ տվյալներով, Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187 և 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 2088 հեռախոսազանգ, որից քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 457  հեռախոսազանգի տրվել է համապատասխան ընթացք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  282 հեռախոսազանգ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  փետրվարի ընթացքում քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված  հեռախոսազանգերի թիվը կազմել  է 147: Քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերն անմիջապես ընթացք են ստացել և դրանց տրվել են  սպառիչ պատասխաններ կամ մեկօրյա կատարման ժամկետով ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝  բարձրացված հարցերին տալով համապատասխան լուծումներ:

 

 

 

Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

ձերբակալելՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Նոր Խարբերդ թաղամասից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Լևոն Ա.-ին, որը 2010 թ. հունիսի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Սիսիանում ու Վայքում հրացան, պահունակ և փամփուշտներ են հանձնել

Զենք-զինամթերքՈստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1968 թ. ծնված Արմեն Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 194 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 3-ին, ժամը 11.30-ին, 1971 թ. ծնված Արմեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի հրացան և 5,6 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Նիկիտա Սիմոնյան. «Հայաստանն ինձ մոտ է, բայց թող հաղթի Ռուսաստանը»

նս57972_345pxՌուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղից առաջ պատասխանելով Sport-express.ru-ի թղթակցի հարցերին, հայտնել է, որ կցանկանա գեղեցիկ ֆուտբոլ դիտել և Հայաստանը թեև իրեն մոտ է, բայց թող հաղթի Ռուսաստանի ընտրանին:

«Հավաքականի յուրաքանչյուր հանդիպում շատ սկզբունքային է: Կապելոյի համար կարևոր խնդիր է ստուգել ֆուտբոլիստների մարզավիճակը, իսկ ես պարզապես ցանկանում եմ գեղեցիկ խաղ տեսնել: Հայաստանը ինձ մոտ է, բայց թող հաղթի մեր՝ Ռուսաստանի, հավաքականը»,-ասել է  նա:

Սիմոնյանը, որը, կնոջ վատառողջ լինելու պատճառով չի ժամանել Կրասնոդար, խաղը դիտելու է հեռուստատեսությամբ: Հայաստանի հավաքականի մասին ասել է. «Իրոք, հետաքրքիր թիմ է, այն առաջադիմում է, ցուցադրում է վառ կոմբինացիոն ֆուտբոլ: Կան անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր չեն վախենում շրջացնել մրցակիցների: Առաջին հերթին նկատի ունեմ Հենրիխ Մխիթարյանին: Նրա հայրը 80-ականներին խաղացել է իմ գլխավորած «Արարատում», ցավոք,  շատ շուտ հեռացավ մեզանից: Հենրիխն ինչ-որ տեղ նման է հորը, սակայն ավելի ուժեղ է: Հայաստանի ներկայիս հավաքականը և «Արարատ-73»-ը ընդհանրություններ ունեն: Արարատցիները տաքարյուն, հարավցի տղաներ էին: Այժմյան ֆուտբոլիստները նույնպես աչքի են ընկնում լավ տեխնիկայով, գնդակը վերահսկելու կարողությամբ, թեթևաշարժ են: Դրանք բնությունից ժառանգած հատկանիշներ են: Այլ հարց է, թե Հայաստանի հավաքականն ինչպես կխաղա նոր մարզիչի գլխավորությամբ: Դա ցույց կտա ժամանակը: Ինչ խոսք, հաճելի է, որ Մովսիսյանն ու Օզբիլիսը խաղում են «Սպարտակում», բայց Ռոման Բերեզովսկին էլ հիացնում է, թեև նա դինամոյական է (ծիծաղում է): Ինչ վերաբերում է Արազին ու Յուրային, ապա վաղուց էին ասում, որ «Սպարտակի» փայլի համար անպայման պետք է հայ ֆուտբոլիստ լինի: Հայաստանի հավաքականին հաջողություն եմ մաղթում «Եվրո-2016»-ի ընտրական փուլում: Կկրկնվեմ, բայց շատ բան կախված է լինելու նոր մարզիչից»:

Անկախ