Հրդեհ` Լուսաղբյուրում

հրդեհՆոյեմբերի 8-ին, ժամը 06.40-ին  ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղ թաղամասում` Հ. Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 20 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.42-ին, մարվել՝ 08.09-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (11 քմ) և ծղոտե առաստաղը (9 քմ):

Երկրաշարժ` Իրանում

երկրաշարժՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 00.03-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում ՝ Խոյ քաղաքից 30 կմ դեպի հարավ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.280 և արևելյան երկայնության 44.900:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

«Medicus»-ն ամենաինտելեկտուալն է

մեդիկուս«Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական խաղերի առաջնությունում Գրան պրի մրցանակի արժանացավ Երևանի պետական բժշկական համալսարանի «Medicus» թիմը։ Ինտելեկտուալ խաղը բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ» խաղափուլերից։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ում և «Բրեյն ռինգ»-ում առաջին հորիզոնականում դարձյալ «Medicus»-ն էր, իսկ «Էրուդիտ կվարտետ» խաղում լավագույնը «Black star»-ն էր։

Ինտելեկտուալ առաջնության մասնակցում էր շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցներից։ Խաղերն անցկացվել են սպորտային ինտելեկտուալ խաղերի դասական կանոններով։ Խաղն անցավ բավականին հետաքրքիր ու լարված մթնոլորտում: Հնչում էին տարբեր բնագավառներից հարցեր, որոնց պատասխանները շատ անգամ, մասնագիտական գիտելիքներից բացի, պահանջում էին նաև տրամաբանություն, արագ կողմնորոշում, ճկունություն և վերլուծական միտք։

Հայաստանի գիտակների ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը «Medicus 2013»-ն առանձնացրեց հատկապես մասնակիցների թվի առումով։ «Այսքան թիմ դեռևս չէի տեսել ուսանողական առաջնությունում։ Ուրախացրեց նաև որակը։ Հարցերը բարդ էին, և առաջատար թիմերը բավականին բարձր արդյունք ցույց տվեցին։ Դա հույս է ներշնչում, որ այդ թիմերը Հայաստանը կարող են ներկայացնել նաև արտասահմանում։ Պետք է առանձնացնեմ նաև այն կազմակերպություններին, որոնք աջակցում են ինտելեկտուալ խաղերին։ Գիտեմ՝ շատ բարդ է նման միջոցառումներին սատարելը, բայց ինտելեկտն այն բանն է, որ մենք կարող ենք վաճառել արտասահմանում և պահպանել հայության բարձր կերպարը դրսում»,- նշեց Տիգրան Քոչարյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչ Խաչատուր Մարգարյանն էլ նկատում է, որ այս տարի «Medicus» միջբուհական առաջնությունում նորամուծություն էր կատարվել. ներգրավվել էին նաև ավագ դպրոցների թիմերը, ինչը գիտակների շրջանում սերնդափոխություն իրականացնելու նպատակ ունի։ Ընդ որում, ըստ Խաչատուր Մարգարյանի, ավագ դպրոցների թիմերը բավականին հաջող են հանդես եկել։

«Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական խաղերի առաջնությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը՝ Հայաստանի գիտակների ասոցիացիայի աջակցությամբ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեքսիկացի զբոսաշրջիկ կինը վարտիքի մեջ 41,5 հազար դոլար է պահել

trysy-550x220Պանամայի մաքսատան աշխատողներին մեծ անակնկալ էր սպասվում. անձնական զննման ժամանակ մեքսիկացի կնոջ սպիտակեղենի մեջ հայտնաբերվեց 41,5 հազար դոլար, ինչը, բնականաբար, նա  չէր հայտարարագրել:

“Տոկումեն” միջազգային  օդանավակայանի մաքսային կետով անցնելու ժամանակ կնոջ “հոգեվիճակը” տարօրինակ է թվացել: Նա “կասկածելի անհանգիստ” է եղել  ուղեբեռի ստուգման ժամանակ:

Զննման ժամանակ պարզվեց, որ կինը մեծ գումար է տեղափոխում պահպանակի մեջ, որն նրա ինտիմ մասին էր ամրացված: Նույնիսկ շատ բան տեսած մաքսային ծառայողներն էին ապշել   նման “նորարարությունից”:

Հետաքննությունը զբաղվում է այդ գործով, իսկ կնոջ անունը չի հրապարակվում: Պանամայում գործող կանոնների համաձայն, ցանկացած երկրից Պանամա ժամանող յուրաքանչյուր քաղաքացու  մոտ եղած գումարը չպետք է գերազանցի 10 հազար դոլարը:

Արտգործնախարարը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին

614. Minister Nalbandian at the OIF Ministerial aՆոյեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Փարիզում մեկնարկած 29-րդ նախարարական համաժողովին, որին ներկա էին կազմակերպության 77 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:

Նախարարական համաժողովի օրակարգում էին 2012թ. հոկտեմբերին կայացած Կինշասայի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ տարի Դակարում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Նախարարական հանդիպմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը, որը կարևորեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը և կազմակերպության աճող դերը միջազգային բեմահարթակում։

Խոսելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածության մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանը դարձել է ՖՄԿ լիիրավ անդամ։ Մենք ուրախ ենք մաս կազմել ֆրանկոֆոն համայնքին, որը համագործակցության կարևոր միջազգային հարթակ է հանդիսանում՝ բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների և երկրների միջև համերաշխության ամրապնդման համար, նաև՝ հնարավորություն ընձեռում առավել միասնական գործել միջազգային բեմահարթակում։

Մեր ներգրավվածությունը ընթանում է խորհրդարանական, համալսարանական, ապակենտրոնացված, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ կարևոր ուղղություններով։  Հենց այս համատեքստում Երևանը հյուրընկալեց ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովը, մեկ շաբաթ առաջ Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի ամենամյա հանդիպումը, արդեն մի քանի տարի շարունակ Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում ամենից շատ միջոցառումները կազմակերպվում են հենց Հայաստանում»:

Անդրադառնալով տարբեր աշխարհամասերում կայունության ապահովմանն ուղղված ՖՄԿ կողմից գործադրվող ջանքերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց, որ անցյալ տարի Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին կազմակերպության անդամ երկրները իրենց լիակատար աջակցությունը հայտնեցին ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին՝ հորդորելով շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների, մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա` կոչ անելով հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը։

Եզրափակելով խոսքը նախարար Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամ երկրների հետ միասին շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել միջազգային բեմահարթակում կազմակերպության դերը առավել ամրապնդելու, նրա նպատակները առաջ մղելու ուղղությամբ։

Չինաստանում մաքսանենգությամբ զբաղվող համաշխարհային խմբի մոտ հայտնաբերվել է 62 միլիոն ֆունտ արժողությամբ փղի 12 տոնա ժանիք

12 tons of smuggled ivory- ChinaՉինաստանում մաքսային ոլորտի աշխատակիցները բացահայտել են մաքսանենգությամբ զբաղվող խումբ՝ նրանց մոտ հայտնաբերելով 62 միլիոն ֆունտ արժողությամբ 12 տոնա մաքսանենգ փղոսկր:

Սև շուկայում 603 միլիոն յուան արժողությամբ փղի 3,188 ժանիքները հայտնաբերվել են Սյամեն քաղաքում:

Ըստ South China Morning Post-ի՝ աշխատակիցները հրապարակել են մաքսանենգների ղեկավարներից մեկի՝ Չենի անունը, որը մաքսային մարմիններին հայտնի է 2011թ-ից ի վեր և համագործակցում է Աֆրիկայի հետ պետականորեն գրանցված իր փղոսկրի խանութի համար:

Օգոստոսին ձերբակալվել էին նաև նրա խմբի մի քանի անդամներ, որոնցից առգրավվել էր 2,000 կգ փղոսկր:

Փղոսկրը Չինաստանում հարստության և դիրքի խորհրդանիշ է հանդիսանում և վերջին տարիների ընթացքում մեծ համբավ է վայելում՝ միջին դասի հարստանալու հետ կապված:

Կենդանիների բարեկեցության միջազգային ֆոնդի անցկացրած վերջին հարցումների արդյուքնում պարզվել է, որ չինացիների 70 տոկոսը տեղյակ չէ, որ ժանիքները վերցնելու համար փղերին սպանում են:

Հարցումները ցույց են տվել, որ բնակչության մեծ մասը կարծում է, թե կենդանիները իրենց ժանիքները կորցնում են այնպես, ինչպես մարդիկ կորցնում են իրենց ատամները:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուն Լեյը հինգշաբթի օրը հայտնել է, որ Չինաստանը նվիրված աշխատում է միջազգային հանրության հետ՝ կենդանի բնությունը պահպանելու համար:

Չինաստանից հետո ԱՄՆ-ը աշխարհում երկրորդն է փղոսկրի ամենամեծ պահանջարկով:

 

Չիլիում փողոցներում կուտակված աղբի պատճառով հատուկ դրություն է հայտարարված

iՉիլիի հյուսիսում գտնվող Վալպարասիո քաղաքի նավահանգստում հատուկ դրություն է հայտարարված փողոցներում տոննաներով կիտված աղբի պատճառով:

Աղբահանություն  չի կատարվել համապատասխան կազմակերպությունների աշխատակիցների  գործադուլների պատճառով: Առողջապահության նախարարի խոսքով, առաջացած խնդրի լուծման համար լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն: Նավահանգստին մոտ ուսումնական հաստատությունները որոշվել է առժամանակ փակել:

Չիլիում վերջին շրջանում տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց  բողոքի ցույցեր են. նրանք աշխատավարձի բարձրացում են պահանջում:

Օգոստոսին փողոց էր ելել պղնձի հանքարդյունաբերության 2000 աշխատակից, դրանից հետո`  ALMA ռադիոաստղադիտակի 2 հազար աշխատակիցները:

Սենսորային էկրանով համակարգիչները մակականերին օգնում են հանգստանալ

մակականեր,սենսորային էկրանՀետազոտության արդյուքնում պարզվել է, որ սենսորային էկրանով համակարգիչները օգնում են կապիկներին հանգստանալ:

Սենսորային էկրան ունեցող սարքերով զբաղվելը ոչ միայն հետաքրքրում, այլև զբաղեցնում է խմբի դոմինանտ անդամներին և թեթևացնում է սոցիալական լարվածությունը:

Հետազոտողները այս եզրակացությանն են հանգել՝ Հեմփշիրում գտնվող Մարվելի կենդանի բնության մեջ մի խումբ Սուլավեսի կղզու մակակաների ուսումնասիրելով:

Sulawesi crested macaques at Marwell Wildlife ParkՊորտսմուտի համալսարանի գիտնականները հազվագյուտ կապիկներին սովորեցրել են օգտվել սենսորային էկրաններից, որպեսզի ուսումնասիրեն նրանց ճանաչողական և հաղորդակցության ֆունկցիաները:

Հետազոտողները պարզել են, որ մակականերին սենսորային էկրանների միջոցով ճանաչողական խնդրի առաջադրումը բարելավում է խմբի միասնականությունը և նվազեցնելով լարվածությունը՝ նպաստում ընկերական վարքագծի դրսևորմանը:

Մարդկանց և մյուս պրիմատների նման՝ մակակաները բարդ սոցիալական հաղորդակցության մեջ են մտնում:

PLOS ONE ամսագրում տեղ գտած հրապարակման մեջ նշվում է, որ Սուլավեսի մակակաները բարդ և նուրբ հաղորդակցական տեխնիկա են դրսևորում՝ իրենց միտքը հասկանալի դարձնելու համար օգտագործելով դեմքի բազմաթիվ արտահայտություններ, մարմնի դիրքեր և ձայնային ելևէջներ:

Այս հետազոտման ընթացքում մակակաները ապրում են իրենց սոցիալական խմբերում և կամավոր են մտնում հետազոտման համար նախատեսված տարածք՝ անկախ հետազոտողի կամքից:

Կենդանիները իրենք են ընտրում, թե երբ ավարտեն հերթական հետազոտությունը և երբ վերադառնան իրենց ամենօրյա զբաղմունքին:

 

Ավստրալիայում հրդեհները չեն հանդարտվում

o_845972Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում նոր  խոշոր հրդեհների առաջացման վտանգի պատճառով արգելվել է բաց տեղանքում կրակ վառել Մեծ Սիդնեյի ամբողջ տարածքում ու արվարձաններում: Սպասվում է, որ օդի ջերմաստիճանն այսօր կհասնի +37-ի, ընդ որում, հետն էլ չոր ուժեղ քամի կլինի:

Ներկայում այնտեղ արտակարգ դրության ռեժիմն է գործում, որ հայտարարվել էր հոկտեմբերի 20-ից` 30 օրով: Դա փրկարարներին թույլ կտա հարկադիր տարհանում իրականացնել ու հրդեհել այն տները, որոնք այլևս անհնար է փրկել, եթե նման միջոցը թույլ կտա սահմանափակել հրդեհի տարածումը: Հոկտեմբերի կեսին Ավստրալիայի արևելքում միաժամանակ մոլեգնում էր ավելի քան 100 հրդեհ: Լրիվ կամ մասամբ այրվել է 330 տուն, ոչնչացել  120 հա  անտառ. հրդեհներից 50 չեն շիջվել մինչ օրս, սակայն տեղայնացվել են ու խիստ հսկողության տակ վերցվել:

Տորոնտոյի քաղաքապետը` նոր սկանդալի կենտրոնում

o_844393Կանադական Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Տեղի թերթի կայքում սիրողական տեսանյութ է հայտնվել, որտեղ քաղաքապետը հայհոյում ու սպառնում է սպանել մարդուն:

Ֆորդն արդեն բացատրել է լրագրողներին, որ այդ ժամանակ նա “ծայրահեղ  ոչ սթափ” վիճակում էր: Ամենայն հավանականությամբ, նա սպառնում է իր տեղակալին:

Նախորդ շաբաթ տեսանյութ էր հայտնվել, որում  քաղաքապետը կրեկ էր ծխում: Այն ժամանակ նա ներողություն խնդրեց, սակայն հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ:

Դատարանը որոշում է կայացրել Հունաստանում նույնասեռականների քաղաքացիական ամուսնության օգտին

Gay-marriageՀունաստանում նույնասեռականների իրավունքների պաշտպանները ողջունել են Եվրոպական դատարանի որոշումը, որտեղ քննադատվում է այն փաստը, որ 2008թ-ին ընդունված քաղաքացիական ամուսնության մասին օրենսդրությունը նույնասեռական զույգերի վերաբերյալ հիշատակում չի պարունակում:

Եվրոպական դատարանի մարդու իրավունքների վերաբերյալ դատական կոլեգիան հինգշաբթի որոշում է կայացրել, որ օրենսդրությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում և պահանջել է վնասի համար յուրաքանչյուր հայցվորի վճարել 6,670 դոլար, ինչպես նաև դատարանի հավելյալ ծախսերը:

Քաղաքացիական ամուսնության կողմնակիցները այն զույգերն են, որոնք ամուսնությունից դուրս օրինական իրավունքներ են ցանկանում ունենալ:

Այս կապակցությամբ իրավական գործընթացը ղեկավարած նույնասեռականների իրավունքների պաշտպան Գրիգորիս Վալիանատոսը այս որոշումը Հունաստանի նույնասեռականների համար պատմական որոշում և 30 տարիների ընթացքում ամենակարևոր իրավական հաղթանակն է համարել:

Նարեկ Սարգսյանի հերթական անիմաստ գաղափարը

հրապարակ (1)Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթն ի վերջո ամփոփվեց:

Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմաններին ու չափորոշիչներին, և քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ չշնորհել մասնակիցներին:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից առավել շատ միավորներ են ստացել ներկայացված առաջարկներից երեքը, որոնք մրցութային հանձնաժողովի որոշմամբ կստանան 500.000-ական դրամ խրախուսական մրցանակներ (խրախուսական մրցանակների են արժանացել ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի, Ստեփան Դավթյանի (Երևան), ճարտարապետներ Վարդան Փենեսյանի, Արմեն Հայրապետյանի, Միխայիլ Ավետիսյանի (Երևան) և ճարտարապետ Վահագն Վերմիշյանի և իր մասնագիտական խմբի (Մոսկվա) ներկայացրած առաջարկները):

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մայիսին հայտարարել էր Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ, որի նպատակն էր ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված  կլինեն հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին: Մասնավորապես պետք է հաշվի առնվեր այն հանգամանքները, որ հրապարակը վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի`  դրանից բխող հետևանքներով, անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ` էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները, հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են, կառուցվել է Հյուսիսային պողոտան և, ի վերջո,  հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ` Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման  հետևանքով այն որոշ դժվարությունների է հանգել զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում:

Երբ հայտարարությանը հետևեցին տարատեսակ դժգոհություններ ու մտավախություններ, Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ վերոնշյալ մրցույթի անցկացումն ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նման քայլերի նախաձեռնում:  Հայտարարված մրցույթի նպատակը, ըստ նրա, մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում


հրապարակ (2)

առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելը, հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելը, մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել- մեկտեղելը՝ այդ համատեքստում բացառելով որևէ տեղային լուծում:

Փաստորեն, կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին. Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման միաժամանակ երկու մրցույթ էր հայտարարել, որոնց շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները, մրցութային հանձնաժողովի միաձայն որոշմամբ, հայեցակարգային լուծման տեսանկյունից գնահատվել էին անբավարար և ոչ նպատակահարմար որևէ մրցանակի ներկայացնելու:

Մնում է հասկանալ, թե ինչու են նման անիմաստ մրցույթներով ավելորդ տեղը գրգռում հանրության` առանց այն էլ Երևանի քաղաքաշինական խնդիրների նկատմամբ զգայուն նյարդերը:

Ամիսներ առաջ ՀՀ նախագահի հետ Հանրային խորհրդի հանդիպման ժամանակ այս հարցին հարցով պատասխանել էր Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. «Ինչո՞ւ եք արգելում ճարտարապետներին մտածել»:

Այս մրցույթի խայտառակ արդյունքները, հավանաբար, հենց այդ անարգել մտածողության արգասիքն էին:

Ի դեպ, մինչ մրցույթի արդյունքների ամփոփումը զրուցել էինք «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի հետ, որը չթաքցնելով իր վրդովմունքը հայտարարված մրցույթի մասին, ասել էր, որ այդ մրցույթի ընդհանրապես անիմաստ էր: «Ամեն ինչ պետք չի, որ մենք էսօր վերցնենք, փոխենք, դեռ գալու են սերունդներ, իրենք էլ են քաղաքը գեղեցկացնելու»,- կարծում է ճարտարապետը:

Ինչ վերաբերում է Լենինի հանված արձանին, որի դատարկ մնալը հանրության կողմից հաճախ է քննարկվում, ապա Գրիգոր Ազիզյանն այն կարծիքին է, որ շատ ավելի լավ կլինի, եթե դրա տեղը ոչինչ էլ չդրվի: «Հիմա շատ սիրուն է` կանաչ զանգված, այդ ճանապարհով գնում ես դեպի Շահումյանի հրապարակ` արձանով, հետո` Մյասնիկյանի հրապարակ` նորից արձանով, դուրս ես գալիս քաղաքապետարան, շատ գեղեցիկ պուրակ է: Ոչինչ էլ պետք չի դնել, մենք, ուղղակի մեր հիշողության մեջ պահած լինելով Լենինի արձանը, մի տեսակ անսովոր ենք համարում, որ այդ մասը դատարկ է: Բայց երիտասարդ սերունդը նման բան չի տեսել ու չի  հիշում»:

Իսկ եթե նպատակ կա լուծելու քաղաքի տրանսպորտային խնդիրները, ապա «Հայնախագծի» տնօրենը կարծում է, որ այլ տեղերում ավտոկայանատեղիներ ստեղծելով` հրապարակը լիովին կազատվի տրանսպորտային հանգույց լինելուց: «Հրապարակը չպետք է կայանատեղի դարձնել: Ինչ վերաբերում է հրապարակի ստորգետնյա հատվածին, ապա դրան ընդհանրապես ձեռք տալ պետք չէ: Մի խոսքով, լրիվ անիմաստ էր նման մրցույթ անցկացնելը, իսկ մրցույթին ներկայացված աշխատանքները դրա վառ ապացույցն են»,- ամփոփեց նա:

Երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ ներկա իրավիճակում նման մրցույթի անցկացումը վտանգավոր էր համարել մի շարք առումներով. «Դեռ Հյուսիսային պողոտան չմարսած, երբ քանդվում է Ծածկած շուկան, ու պետությունը չի կարողանում սևով սպիտակի վրա ամրագրված պարտավորությունները կատարել, ցանկացած նոր քայլ հուշարձանների շրջապատում հղի է վտանգներով, իսկ Հանրապետության հրապարակն ամբողջությամբ հուշարձան է, որի մասին «թյուրիմացաբար» մոռացել էին մրցույթի կազմակեպիչները, քանի որ այդ մասին չկար որևէ նշում մրցութային փաթեթի մեջ»։

հրապարակ

Ճարտարապետը նկատում է, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկը, միամտաբար չտեսնելով մեր ժամանակների մարտահրավերները, ցանկություն ունենար մասնակցելու մրցույթին, միայն թերի մրցութային փաթեթը բավական էր, որ իրեն հարգող մասնագետը հրաժարվեր մասնակցելուց։

Սարհատ Պետրոսյանը մրցույթին ներկայացված աշխատանքների վերաբերյալ ասել էր, որ դրանք լավագույնս բնորոշում են մեր օրերի ճարտարապետական իրականությունը։ Ներկայացված նախագծերը նա բաժանել էր 3 խմբի` մանկամիտ ու ոչ պրոֆեսիոնալ, պսևդոթամանյանական-նարեկսարգսյանական,  գավառական, ինտերիերային ճարտարապետական, բայց ոչ քաղաքաշինական գրագետ մոտեցումներով նախագծեր:

Նրա կարծիքով` ցանկացած ճարտարապետ ու անհատ կարող է հղանալ մտքեր ու գաղափարներ, բայց եթե դրանք չեն դիտարկվում հասարակական առկա համատեքստում, ապա դառնում են կա՛մ արժեզուրկ, կա՛մ վտանգավոր։ «Ես կարծում եմ` վերջին մեկուկես տասնամյակի իրողությունը մեզ պետք է հուշի, որ հանգիստ թողնենք քաղաքի կենտրոնը, քանի որ մեզ նորմալ կառուցապատում, հասկանալի պատճառներով, չի հաջողվում»,-ասել էր նա:

 

Ֆիլիպիններում մոլեգնում է աշխարհի պատմության մեջ ամենահզոր թայֆունը

o_827032Ֆիլիպիններում մոլեգնում է “Հայան” թայֆունը.ամենահզորն  աշխարհի պատմության մեջ, որի հետևանքները կարող են աղետալի լինել:

“Հայանը” կարող է գերազանցել նախորդ “ռեկորդակիրներին”.”Կամիլային”(1969, Ատլանտյանի առափնյա) ու “Ալենային (ԱՄն և Կարիբներ, 1980 թ.):

Այդ թայֆունների քամու արագությունը հասնում էր 84.7 մ/վրկ-ի:  “Հայանի” արագությունը հասնում է 87մ/վրկ, տեղ-տեղ` 105 մ/վրկ-ի:

Ֆիլիպինների կենտրոնական շրջաններից զանգվածային տարհանվում են բնակիչները: Փորձագետները հայտնում են, որ փոթորկի շարժման արագությունը կարող է դրական ազդեցություն ունենալ.”Հայանը” տևական անձրևներ ու ջրհեղեղներ չի բերի. հենց այդ տարերքներից է, որ հաճախ մարդիկ են մահանում թայֆունների ժամանակ:

“Հայանը” Ֆիլիպիններում կմոլեգնի 2 օր` նոյեմբերի 8-9: Դրանից հետո  կշարժվի Վիետնամի ու Լաոսի ուղղությամբ:

2014 թ. բյուջեի մեծ մասը կկազմեն սոցիալական նշանակության ծախսերը

 բյուջե2Ազգային Ժողովում ավարտվեցին ՀՀ 2014 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կառավարության կողմից ԱԺ ներկայացված նախագծով` 2014 թ. բյուջեում եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 134 միլիարդ 415 միլիոն 568 հազար  դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 244 միլիարդ 945 միլիոն 143 հազար դրամ, և բյուջեի պակասուրդը կկազմի 110 միլիարդ, 534 միլիոն 580 հազար դրամ:

ՀՀ  2013 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 59 միլիարդ դրամ, իսկ ծախսերի գծով` 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, պակասուրդը` 124 միլիարդ դրամ: Այսինքն` նախորդ տարվա բյուջեի համեմատ մոտ 75 միլիարդ դրամով ավելացել են բյուջետային մուտքերը և մոտ 61 միլիարդով` ծախսերը: 

Տնտեսական առումով` զսպողական, իսկ սոցիալական առումով` ընդլայնողական բյուջե

Նախագիծն ԱԺ ներկայացնելու ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունն առաջին անգամ ներկայացնում է ծրագրային պետբյուջեի նախագիծ:

«Սա նոր մոտեցում է, ինչը, բնականաբար, լրացուցիչ պարտավորություններ է դնում բոլոր գերատեսչությունների առջև, ուստի խնդրում եմ այս առումով շատ խիստ չդատել մեզ: Մեր գնահատականներով` առնվազն երեք տարի է անհրաժեշտ, որպեսզի ներդնենք ծրագրային մի համակարգ, որը հնարավորություն կտա ավելի որակական հատկանիշներ դնել իրականացվող ծրագրերի մեջ»,- ասաց նա:

Վարչապետը հայտարարեց, որ 2013-ի տնտեսական աճի տեմպը դանդաղում է, որը պայմանավորված է բիզնես միջավայրի բարելավման առումով չլուծված խնդիրներով և վերջին հինգ տարիներին ներդրումների կայուն նվազմամբ, մասնավորապես` շինոլորտում: Տնտեսական աճի ցուցանիշի վրա ազդել է բարձր գնաճային միջավայրը, որը պայմանավորված է 2013 թ. գազի և էլեկտրաէներգիայի շեշտակիորեն բարձրացած գներով, ինչպես նաև պետբյուջեի դեֆիցիտի ցածր մակարդակը, որը պայմանավորված է ճանապարհաշինարարական  ծրագրերի դանդաղեցմամբ:

Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ 2014թ. պետբյուջեի առանձնահատկությունն  այն է, որ այն չի նախատեսում հարկային բեռի ավելացում, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվելու:

Պատասխանատուների ներկայացմամբ` 2014 թ. բյուջեով նախատեսվում է պետական կառույցների աշխատողների աշխատավարձերի բարձրացում, սոցիալական քաղաքականության փոփոխություն, թոշակների բարձրացում, ինչի շնորհիվ մոտ 32 հազար մարդ դուրս կգա աղքատության խմբից, ուժային կառույցների և քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում և այլն:

Կառավարության ղեկավարի հավաստմամբ` հաջորդ տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, որովհետև հատկացումներն ավելացվում են կրթության,  առողջապահության և սոցիալական ոլորտում:

Ընդհանուր առմամբ` բյուջեից  սոցիալական պաշտպանության համար կծախսվի բյուջեի 29.08%-ը, տնտեսական հարաբերությունների համար` 9.3%-ը, կրթության համար` 9.8%-ը, պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն 15.6%-ը, առողջապահությունը` 6.45%-ը, հասարակական կարգի պահպանման ծախսերը` 6.6%-ը, կոմունալ-շինարարությունը` 2.5%-ը, մշակույթին ու հանգստին կհատկացվի բյուջեի 1.7%-ը, շրջակա միջավայրի պաշտպանությանը`  0.4%-ը: Ընդհանուր բնույթի հանրային ծախսերը կկազմեն բյուջեի 16.97%-ը և պահուստային ֆոնդերի համար նախատեսված է 1.6%-ը:

բյուջեԵկող տարվա համար կառավարությունը պլանավորում է ՀՆԱ-ի 5.2%-ի աճ, ինչն, ի դեպ, համապատասխանում է  նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հայտարարել էր, որ 2014-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի շուրջ 5,3%:

Անդրադառնալով  2014 թ. բյուջեի նախագծին` տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ  տնտեսական նշանակության առումով բյուջեն ունենալու է զսպողական ազդեցություն, իսկ սոցիալական առումով` ընդլայնողական:

«Սոցիալական ուղղություններով կառավարությունը ծախսերն ընդլայնել է, սակայն մարդկանց եկամուտների վրա հարկումը խստացրել է և հնարավոր է, որ որոշ խավեր ոչ թե բարելավում, այլ ընդհակառակը` վատթարացում զգան: Ընդհանուր առմամբ կառավարությունը նախատեսում է մեկ տոկոսով ՀՆԱ-ում ավելացնել  հարկային կշիռը, ինչը նշանակում է հարկային քաղաքականության խստացում և՛ քաղաքացիների, և՛ բիզնեսի նկատմամբ: Չնայած վարչապետը հայտարարում էր, որ խստացումներ չեն լինի, սակայն եթե ուշադիր կարդանք բյուջեի նախագիծը, կտեսնենք, որ իրականում հարկային առումով խստացումներ կան»,- ասաց Սամվել Ավագյանը:

 Ավելի լավատեսական բյուջեներ էլ են եղել` «տխուր» ճակատագրով

Ինչպես հիշում ենք, 2013 թ. գազի գինը բարձրացավ, և ընդամենը օրեր առաջ կառավարությունը որոշեց 2014-ից գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները կտրել: Անդրադառնալով գործազրկության նպաստների վերացմանը` վարչապետն ԱԺ-ում ասել էր, որ այդ համակարգը խիստ անարդյունավետ էր. «Ֆինանսական միջոցների 94 տոկոսը չէին հասնում շահառուին: Այս համակարգն աղքատ երկրների համար անարդյունավետ է: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 18 հազար նպաստները ստանում էին ապահով մարդիկ: Մեր խնդիրն է` բացահայտել աշատանք փնտրողներին և աջակցել նրանց»,- ընդգծեց նա:

Մի խոսքով` բյուջեից արդեն պետք է միջոցներ հատկացվեն ոչ թե գործազուրկներին նպաստ ապահովելու ծրագրին, այլ տնտեսությունը զարգացնելու, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն ու բազմաթիվ գործազուրկները կարողանան աշխատանք գտնել: Եվ ի սկզբանե ամենահետաքրքիր հարցերից էին, թե բյուջեում ինչպես կարտացոլվեն այդպիսի ծրագրերը: Փաստորեն` 2014 թ. բյուջեով նախատեսվում է ընդամենը մոտ 2.4 մլրդ դրամ ուղղել տնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծախսերին:

«Փոքր ու միջին  բիզնեսի վիճակը կշարունակի վատանալ, անկախ հայտարարություններից, քանի որ կոռուպցիան ու հավասար մրցակցության պայմանները ամենևին էլ չեն փոխվում և ընդհանուր առմամբ, այս ոլորտում ունենք վատացման միտումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով 2014 թ. բյուջեին:

Երկրորդ հետաքրքրող հարցը. գազի գնի բարձրացման ժամանակ կառավարությունը նշում էր, թե գնի 20%-ը կսուբսիդավորվի: Եվ այժմ հետաքրքիր է, թե գազի գնի սուբսիդավորման համար կառավարությունը որքան միջոցներ է նախատեսել: Սակայն պարզվեց, որ 2014 թ. պետբյուջեով գազի գնի սուբսիդավորում նախատեսված չէ, քանի որ, ինչպես ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այս հարցը հաջողվել է լուծել ռուսական կողմի հետ համատեղ և ռուսական կողմը պատրաստ է թեթևացնել Հայաստան ներկրվող բնական գազի 30% մաքսատուրքը:

Բյուջեն «լոմբարդային» է համարում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա տպավորությունն այնպիսին է, որ ամբողջ  գումարները գնալու են ինչ-որ ապահովագրական ընկերությունների, վարկերի, բրոքերների և այլն:

«Միշտ էլ կարելի է տարբեր պատճառաբանություններ բերել և ասել, թե ինչու նախատեսված տնտեսական աճը չապահովվեց, մինչդեռ 2013 թ. բյուջեում կառավարությունը նոր վերնագիր ներմուծեց` արտաքին ռիսկեր, ու իր համար արդեն իսկ կանխատեսելի էր այդ բյուջեի չկատարումը և նախանշված 7%-ը չապահովելը: Ես հարց ունեմ` ի՞նչն էր խանգարում այս կառավարությանը 2012-ին, 2013-ին պայքարել ստվերի դեմ և առհասարակ` դրա նախորդ տարիներին: Ի՞նչ գործիքների պակաս ունեին իրենք նախորդ տարիներին, որ չէին պայքարում ստվերի դեմ և բյուջեն ավելացնում էին հարկային պրեսինգով ու ճնշումներով` հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա: Հենց իրենք խոստովանեցին, որ մասնավոր ներդրումներն ուղղակիորեն կատաստրոֆիկ վիճակում են, և ի՞նչ երաշխիք կա, որ 2014-ին իրենց հաջողվելու է ստվերի դեմ արդյունավետ պայքարել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ինքն անձամբ լավատես չէ, որ այս բյուջեն կատարվելու է և նախանշված ցուցանիշները չեն արժանանալու 2011, 2012 և 2013 թթ. ցուցանիշների ճակատագրին:

Պակիստանի նախկին նախագահ Պրեվեզ Մուշարաֆը ազատվել է տնային կալանքից

Պրեվեզ ՄուշարաֆՀինգշաբթի օրը Պակիստանի նախկին նախագահի օգնականներից մեկը՝ Շալիա Յաձանին հայտնել է, որ Պրեվեզ Մուշարաֆը ազատվել է տնային կալանքից:

Մուշարաֆը, որը Պակիստանում պայքարում է մի շարք դատական գործերի դեմ, ապրիլից տնային կալանքի մեջ է:

Նա խիստ վերահսկողության տակ Պակիստան էր վերադարձել այս տարվա սկզբին դատական գործընթացները հանգուցալուծելու և ընտրություններին առաջադրվելու համար: Սակայն նրա վերադարձը չընթացավ այնպես, ինչպես նախատեսվել էր:

 

Թուրք սահմանային հսկիչները Սիրիայի սահմանի մոտակայքում հրթիռների 1,200 մարտագլխիկներ են բռնագրավել

Թուրքիա,Սիրիա, Թայիփ ԷրդողանԹուրքիայի իշխանությունները Սիրիայի սահմանի մոտակայքում բեռնատար մեքենայից հրթիռների 1,200 մարտագլխիկներ են բռնագրավել:

Նահանգապետ Հուսեյն Ավնի Կոսը հինգշաբթի օրը հայտնել է, որ զենքերը հայտնաբերվել են Թուրքիայի և Սիրիայի սահմանից 200 կմ հեռավորության վրա գտնվող Ադանա նահանգում՝ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ իրականացվող խուզարկության ժամանակ:

Կոսը տեղեկացնում է, որ զենքերի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Ենթադրվում է, որ դրանք փոխադրվում էին հարևան Սիրիա, որը երեք տարի շարունակ քաղաքացիական պատերազմի մեջ է գտնվում: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 100,000 մարդ, իսկ միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են իրենց տները:

Սիրիայի հետ 910 կմ երկարությամբ սահման ունեցող Թուրքիան հանդիսանում է նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող ապստամբների հիմնական հենարանը: Թուրքիային մեղադրել են նաև Սիրիայի սահմանի շրջակայքում ալ-Քաիդայի հետ կապ ունեցող ապստամբներին թաքցնելու համար:

Հինգշաբթի օրը Ստոկհոլմում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ իր երկիրը չի հանդուրժում ծայրահեղականությունը:

Էրդողանը հայտնել է, որ ալ-Քաիդայի, Նուրսայի նման կազմակերպությունները ապաստան չեն կարող գտնել Թուրքիայում, իրենք կպայքարեն դրանց դեմ:

 

Թուրքիայում սկսել են շարադրել հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը

 հայ-թուրքականԹուրքական պատմագիտական ընկերությունը սկսել է մեծ աշխատություն գրել հայ-թուրքական հարաբերությունների պատմական զարգացումների վերաբերյալ: Ընկերության հայտարարությամբ՝ այս նախաձեռնության նպատակն է «ընդդեմ Թուրքիայի միջազգային օրակարգ բերված հարցերը միջազգային հանրությանը ներկայացնել պատմական ճշմարտությանը համապատասխան և այնպիսի ֆիլմեր և վավերագրական նյութեր նախապատրաստել, որոնք արձագանք կգտնեն միջազգային ասպարեզում»:

Աշխատությունը ընդգրկելու է երկու երկրների հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև այնպիսի հոդվածներ, որոնք դիտարկում են հայ-թուրքական առնչությունների սոցիալական ասպեկտները: Բացի այդ՝ ժողովածուի մեջ ներառվելու են հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձած մի շարք մասնագետների գրչին պատկանող մեկնաբանություններ: Թուրքական «Զամանի» հաղորդմամբ՝ այս հրատարակությունը յուրատեսակ նախապատրաստություն է 2015 թվականին ընդառաջ:
Նշենք, որ Թուրքական պատմագիտական ընկերությունը հիմնադրվել է 1931 թվականին Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուսաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ և կարգադրությամբ: Ընկերությունը, մշակելով թուրքական պաշտոնական պատմագրության մեզ հայտնի թեզերը, հանդիսանում է պատմական կեղծարարությամբ զբաղվող խոշոր մի կառույց:

Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել Թուրքիայից

Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Ժան Պոլ Ֆիլիպոտը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի մրցույթի քվեարկության համակարգի համար՝ հայտարարելով, որ հատուկ կոմիտեն կզբաղվի համակարգի փոփոխությամբ: Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ այս ներողությունը մասնավորապես ուղղված է եղել թուրքական TRT հեռուսաընկերության տնօրեն Իբրահին Շահինին: «2014 թվականի համար մենք արդեն որոշում ենք ընդունել և Եվրատեսիլին չենք մասնակցելու, սակայն եթե քվեարկության արդարացի համակարգ սահմանվի, ապա Թուրքիան 2015 թվականին կրկին կարող է մասնակցել այս մրցույթին»,-հայտարարել է Շահինը:

Նշենք, որ վերջին երկու տարում Թուրքիան չի մասնակցել Եվրատեսիլին՝ դժգոհելով մրցույթի քվեարկության համակարգից:

 

Մենք պատրաստ ենք բացել հայ-թուրքական սահմանը. Դավութօղլու

Ահմեդ ԴավութօղլուԹուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտարարել է, որ իրենք պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանը, եթե ստանան Ադրբեջանի համաձայնությունը, հաղորդում է “ԱՊԱ”-ն` հղում կատարելով թուրքական “Աքշամ” թերթին:
Արտգործնախարարը հավելել է, որ այդ աշխատանքները տարվում են 2015թ.-ին ընդառաջ ծրագրերի շրջանակում: “Մենք պահանջում ենք, որ հայերը Ղարաբաղից դուրս գան, և այդ ուղղությամբ զարգացում ենք ակնկալում։ Եթե դա տեղի ունենա, ապա սահմանը կբացվի, երկաթուղին կվերականգնվի, ինչպես նաև հարաբերություններ կզարգանան։ Սակայն դա ցանկանում ենք անել Ադրբեջանի հետ համատեղ”,-ասել է Դավութօղլուն։

Հավելենք, որ մոտ ապագայում Ահմեթ Դավութօղլուն կայցելի Ադրբեջան:
 

Տվերում փակել են ադրբեջանցիներին պատկանող շուկա

Տվեր,ադրբեջանցիներ, շուկաՌուսաստանի Տվեր քաղաքի դատական մարմինները որոշում են կայացրել փակել քաղաքի ամենախոշոր շուկան, որը պատկանում է ադրբեջանցիներին, հաղորդում է ադրնեջանական “Հագին” կայքը։
Պաշտոնական տվյալներով՝ շուկայի փակումը պայմանավորված է սանիտարահամաճարակային իրավիճակի ստուգման արդյունքներով. ըստ այդ արդյունքների` օրենսդրության խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։

Դատական մարմինների` շուկայի սեփականատերերի հետ հանդիպման փորձերը անհաջողության են մատնվել։ Շուկայի տնօրեն Լյաթիֆ Օսմանովն արագ արձակուրդ է մեկնել, նրա տեղակալը Մոսկվայում է, իսկ շուկայի վարչական շենքի դուռը փակ է եղել։

Այնտեղ տարիներով առևտուր անող ադրբեջանցիներն իրենց խնդիրների հետ դեմ առ դեմ են մնացել։ Նրանք անգամ չեն կարողանում վերցնել պահեստում գտնվող իրենց ապրանքները։

Ըստ կայքի` ադրբեջանցիները, ամենայն հավանականությամբ, զանգվածաբար հայրենիք կվերադառնան ոչ միայն Մոսկվայից, որտեղ տեղի էր ունեցել ադրբեջանցու կողմից 25-ամյա ռուս երիտասարդի սպանությունը, այլև այլ շրջաններից։