Թուրքիան պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով«Կարծում եմ՝ սա պաշտոնական Անկարայի հերթական բացահայտ բլեֆն է: Այնուհանդերձ եթե Թուրքիան ցանկանում է, որ անվստահության մակարդակը նվազի, ապա պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է»,-հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, թե պետք է հաղթահարել Թուրքիայի նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ անվստահությունը հաղթահարելու համար Թուրքիան պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը, չմիջամտի Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին եւ վերջ դնի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը:

 

Ռումինիայում սպանության փորձ կատարելու համար հետախուզվողին հայտնաբերեցին ծաղկաձորյան հյուրանոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Հրազդանի բաժնի ծառայողները Ծաղկաձոր քաղաքի   հյուրանոցային համալիրներից մեկից հայտնաբերել և բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1990 թ. ծնված Ահմադ Աբուբաքերին, որը նոյեմբերի 8-ից Ռումինիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

Պատգամավորը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

 Խաչիկ Հարությունյան
Ինչպես տեղեկացնում է Hetq.am կայքը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին` պատճառաբանելով, որ անցնում է այլ աշխատանքի:
Այդ մասին այսօրվա ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թե առաջիկայում ինչ պաշտոն է զբաղեցնելու Խաչիկ Հարությունյանը, առայժմ պարզ չէ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

«ԳԱԶ-2410»-ը ամբողջությամբ այրվել է

ավտոմեքենան այրվել էՆոյեմբերի 9-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.20-ին Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ի հատվածում ամբողջությամբ այրվել է 1955 թ. ծնված Գրիշա Ս.-ին պատկանող «ԳԱԶ-2410»  մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Նոյեմբերի 12-ին, ժամը 16.35-ին, Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ստացվել է գրություն, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ավտոմեքենայի անիվային հանգույցում արգելակման համակարգի խափանումը և վնասի չափը կազմում է 800.000 դրամ:
Նյութերով զբաղվում է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

Գ. Էմին-Տերյանի մտքերի շուրջ

Վահե ՍԱՐԳՍՅԱՆՕրերս «Հրապարակ» թերթի կայքում երևաց «Ջավախքը՝ ոչ թե Վրաստանին փետրահան անելու գործիք, այլ շրջափակումը ճեղքելու միջոց» վերտառությամբ մի ակնարկ, որի մեջ սպրդած մի շարք մտքերի և եզրահանգումների կուզենայինք անդրադառնալ ստորև:

Հոդվածագիր Գ. Էմին-Տերյանը, ներկայացնելով Վրաստանը որպես բարեկեցիկ, եվրոպական քաղաքակրթության օրրան հանդիսացող մի երկիր, ինքնին ապացուցում է, որ, կամ վերջինս բոլորովին տեղյակ չէ Վրաստանում տեղի ունեցած իրական գործընթացներից և այդ երկրին ճանաչում է միայն արտաքնապես, կամ` 1963 թվականից ի վեր «Ջավախքի կյանքին ու իրադարձություններին աչալրջորեն հետևած» և Վ. Տերյանի շառավիղը հանդիսացող Գ. Էմին-Տերյանն իր, մեղմ ասված, անգրագետ ու տեղ-տեղ խիստ վտանգավոր մտքերն արտահայտում է դիտավորյալ կերպով:

Եվ այսպես` հոդվածագիրը, հերքելով «Ջավախքի խնդրի» (չակերտները Գ. Էմին-Տերյանինն են) գոյությունը, ՀՀ-ում բնակվող բոլոր քաղաքագետներին ու քաղաքական գործիչներին, ովքեր բարձրաձայնում են Ջավախքի այս կամ խնդրի մասին, ներկայացնում է որպես ՀՀ-ի ու Վրաստանի թշնամիներ: Ավելին, հոդվածագիրը բոլորովին չի երկմտում այս ցանկի մեջ ներառել նաև ջավախքաբնակ գործիչ, Վրաստանի նախորդ իշխանությունների կողմից շուրջ 4,5 տարի անօրինական դատապարտված Վ. Չախալյանին:

Իհարկե` ցավալի է, որ այս խիստ վտանգավոր թեզերի հեղինակը հայազգի լրագրող է, ավելին` կրկնակի ցավալի է, որ այդ հայազգի լրագրողը Տերյանի տոհմի ներկայացուցիչ, արմատներով ջավախահայ մեկն է: Այստեղ ջավախքագիտական դասեր տալը Գ. Էմին-Տերյանին բոլորովին անիմաստ գործ է` հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ բնագավառում վերջինս անցել է արդեն հիսնամյա ճանապարհ : Սույն ակնարկով պարզապես կուզենայինք մի քանի հիշեցումներ անել նրան` հուսալով, որ դրանից հետո վերջինս կսկսի գրել միայն իր գիտակցությանը հասանելի թեմաներով, բայց ո’չ Ջավախքի թեմայով:

Նախ այն մասին, որ չկա Ջավախքի խնդիր: Առնվազն զավեշտական է, որ Ջավախքին 50 տարի “աչալուրջ հետևող” Գ. Էմին-Տերյանը մինչ օրս չի տեսել, թե ինչպես էին սահակաշվիլիական ռեժիմի ներկայացուցիչները վախի ու սարսափի մթնոլորտում պահում իր հայրենակիցներին, թե ինչպես էին սահմանային աշխատակիցները ստորաբար խլում գրքերն ու մշակութային առարկաները նույն մարդկանց ձեռքից, թե ինչպես էին դպրոցներում  օրավուր կրճատվում հայրենագիտական դասաժամերը և փոխարինվում վրացերենով, թե ինչպես էին հայերենի կարգավիճակի բացակայության պայմաններում հայ աշխատակիցները մաքրազարդվում պետական հիմնարկներից` փոխարինվելով վրացիներով կամ ազգանվամբ հայերով, թե ինչպես էին ստորաբար աշխատանքից ազատվում այն ուսուցիչները, մտավորականներն ու մշակութային գորիչները, որոնց հարազատները բարձրաձայնում էին Ջավախքին հուզող բազմապիսի հարցերը, թե ինչպես էին հալածվում, հայրենիքը թողնում կամ անօրինական բանտարկվում ջավախահայության արդարացի իրավունքները պաշտպանող գործիչները, էլ չեմ խոսում Վրաստանի օրենսդրական բազայի և միջազգային փաստաթղթերի բնագավառի խնդիրների, հոգևոր-կրոնական, նահանգային-վարչատարածքային, ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխման, տնտեսական և այլ հարցերի մասին: Կարծում ենք` այս աղաղակող փաստերն անհնար էր չտեսնել, մանավանդ, որ հեռացող Սահակաշվիլին մանավանդ վերջին շրջանում ամեն ջանք թափեց` ապացուցելու իր հակահայ կեցվածքը, և Գ. Էմին-Տերյանի այս վարքագծի մեջ գերիշխում է ոչ թե անտեղյակությունը, այլ` սեփական արմատների ու հայրենակիցների խնդիրների հանդեպ ցինիկ պահվածքը:

Ինչ վերաբերում է “սուտ տեղը արհեստականորեն խնդիրներ բարձրաձայնող” ջավախահայ գործիչներին կամ քաղաքագետներին, ապա` հիշեցնենք պ. Գ. Էմին-Տերյանին, որ իրականում այդ մարդիկ արել են ամեն ինչ, որ իր պապ Վահան Տերյանի միջոցառմանը սահակաշվիլիականները չփորձեն անարգել ու ցեխատրոր անել Տերյանի լեզուն` ստիպելով ելույթ ունենալ ռուսերեն կամ վրացերեն, արել են ամեն ինչ, որպիսի իր պապ Վ. Տերյանի ու հայազգի այլ մեծերի գրքերը սահակաշվիլիականները չփորձեն արգելել մտցնելու Ջավախք, արել են ամեն ինչ, որ իր հայրենի Գանձայի և Ջավախքի դպրոցներում դասավանդումը չպարտադրվի իրականացնելու վրացերենով, արել են ամեն ինչ, որ ջավախահայը չբռնի գորիահայության, կախեթահայության, սղնախահայության՝ դեպի ուծացում տանող ճամփան. Ջավախքում հայկական շարունակականությունն այս տարիներին ապահովվեց նաև ա՛յս մարդկանց շնորհիվ, որոնց այս կամ այն պիտակներ կպցնելը, մեղմ ասված, բարոյական չէ: Ի դեպ, Գ. Էմին-Տերյանի նշած նույն “սադրիչ” քաղաքագետները կամ “արտաքին թշնամական ուժերը” դեռ չկային, երբ ընթանում էր քարթվելիզացման գործընթացն՝ իր մեջ կլանելով բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ, և զավեշտի ժանրից է, երբ Գ. Էմին-Տերյանը ջավախահայության խնդիրների ի հայտ գալու մեղավոր է համարում ոչ թե իշխող ռեժիմին, այլ` ոչ ավել, ոչ պակաս, նշյալ անձնավորություններին, որոնց բողոքների արդյունքում ծնվեցին խնդիրները. փաստորեն, ըստ Գ. Էմին-Տերյանի մանկական դատողության, Ջավախքում կրթական համակարգը կմնար հայկական, դասագրքերը չէին արգելվի, ուսուցիչները կվերապատրաստվեին Հայաստանում, եթե այդ “վատ” քաղաքագետները նախապես չբողոքեին: Հոդվածագիրը պարզապես գլխիվայր շրջում է իրերի զարգացման տրամաբանությունը` իրեն վերջնականորեն դասելով վանբայբուրդների շարքը: Մեր այս եզրահանգման վառ ապացույցն է Գ. Էմին-Տերյանի հաջորդ ապատեղեկատվությունն առ այն, որ Ջավախքում առկա է բնակչության աճ, բարվոք է ժողովրդագրական վիճակը և Ջավախքը չի հայաթափվում: Եթե անգամ Գ. Էմին-Տերյանին հասու չեն ժողովրդագրական տվյալները, գոնե այդ մասին Երևանում հարցուփորձ աներ իր հայրենակիցներից: Մենք այլևս կասկածում ենք, որ վերջին տարիներին հոդվածագիրը եղել է Ջավախքում, այլապես` կտեսներ իրենց հարևան Փոկա գյուղի օրավուր վրացականացվող վիճակը, դիմացի Ասփարա գյուղը, որի 331  ընտանիքներից (1970 թ.) մնացել են ընդամենը երկուսը և այլն: Համաձայն ենք, որ Աշոցքում կամ այլ շրջաններում առավել վատ է վիճակը, բայց դա ամենևին խնդրի անտեսման կամ վրացական իշխանությունների փառաբանման հիմք չէ: Հոդվածագիրը, որպես բարի գործ, նշում է Ջավախքի ճանապարհների մի մասի վերանորոգումը, և, քանի որ նրա խոսքի սկզբում հիշատակություն կա Ստալինի մասին` նշենք, որ Ջավախքի լավագույն լեռնանցքային ճանապարհները սարքվել են նրա օրոք, բայց ջավախահայությունը լավ չի ապրել, քանի որ նրա սերուցքը աքսորվել ու գնդակահարվել է: Նույնկերպ ջավախահայությունը լավ չի ապրել Սահակաշվիլու բարենորոգ ճանապարհների պայմաններում, քանի որ հոգևոր դաշտում կրել է դաժան հալածանքներ, քանի որ նրա խնդիրը հոգևոր և ազգային-քաղաքական դաշտում է:

Գ. Էմին-Տերյանի հաջորդ և վերջին մտազեղումը, որին կարելի է անվանել ոչ թե կարճատեսություն, սխալ հաշվարկ կամ ոչ իրատեսկան մոտեցում, այլ` սովորական քաղաքական չիմացություն, դա վերաբերում է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու գործարկմանը, որն, ըստ հեղինակի, ոչ միայն “ջավախահայությանը կկապի Եվրոպայի հետ, ինչի հետևանքով Ջավախքը փակուղուց կվերածվի խաչմերուկի”, այլև “կօգնի Հայաստանին ճեղքելու բլոկադան”: Թուրք-ադրբեջանական ամենավտանգավոր նախագիծը, որի մուտալուտ գործարկմամբ արդեն օրավուր թուրքանում է Ջավախքը, իսկ ՀՀ-ին սպառնում շրջափակում, ըստ մեր մտածողի, փրկում է և՛ Ջավախքը, և՛ ՀՀ-ն: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

Չենք կարող ասել, թե ինչ է իրականում թաքնված Գ. Էմին-Տերյանի այս տարօրինակ վարքագծի հետևում,սակայն  կարող ենք հաստատորեն ասել, որ Գ. Էմին-Տերյանն  դատողություններով մեծ վնաս հասցրեց  Տեր-Սուքիասի (Վ. Տերյանի հոր) գերդաստանի, այդ մտավորականների ու ուսուցիչների աստղաբույլի պատիվին: Հաստատենք նաև, որ ջավախահայության խնդիրները ձևախեղողների կամ դրանց գոյությունը մերժողների թիվը մեծ տեմպերով նվազում է, և այժմ Գ. Էմին-Տերյանի նման վանբայբուրդիզմով տառապողները գրեթե հաշվվում են մատների վրա:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հոդվածում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «archive2.ankakh.com»կայքի և “Անկախի ” խմբագրության տեսակետի հետ:

Ադրբեջանական ընդդիմադիր “Ազադլըխ” թեթրը չի տպագրվի

2 (5)“Ադրբեջան” հրատարակչությունը դադարեցրել է ընդդիմադիր “Ազադլըխ” թերթի տպագրությունը: Թերթը նոյեմբերի 13-ից վաճառքում չի լինի: Այս մասին ասված է թերթի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, հաղորդում է “Հագին” կայքը:

Հրատարակչությունը ավելի վաղ թերթից պահանջել է մինչև նոյեմբերի 12-ը վճարել կուտակված պարտքը`24 հազար մանաթ,: Թերթի ղեկավարությունը հրատարակչությունից խնդրել է երկարաձգել պարտքի մարման ժամկետը, սակայն հրատարակչությունը մերժել է` դա պատճառաբանելով սեփական ֆինանսական խնդիրներով:

Նշենք, որ այս կայքի դեմ մի շարք դատական հայցեր են ներկայացվել, միևնույն ժամանակ “Ղասիդ” ընկերությունը չի վճարել թերթի վաճառքից ստացված գումարները:

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել պաշտպանության բանակի զորավարժություններին,լուսանկարներ

 

4550Հայկական երկու հանրապետությունների միջև առկա փոխգործակցության ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Արցախում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և բանակի հրամանատարական կազմի հետ միասին եղել է հանրապետության հյուսիսային հատվածի ՊԲ մի շարք զորամասերում ու զորամասերի պահպանության տակ գտնվող առաջնագծում:
Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է բանակաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակին, որից հետո ներկա է գտնվել բանակային բնագծի հյուսիս-արևելյան հատվածում առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկի ներգրավվմամբ անցկացվող զորավարժությունների դիտարկմանը՝ «Գումարտակի անցումը պաշտպանությանը» թեմայով, որի ժամանակ ներկայացվել են ընթացքից պաշտպանության բնագծի գրավումը և պաշտպանական մարտի վարման տարրերը: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաև զինավանում շտաբ-զորանոցի մասնաշենքի և սպաների համար ժամանցի ու հանգստի մասնաշենքի բացման արարողություններին: Նախագահը ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և բարեխիղճ սպաներին ու զինվորներին պարգևատրել է թանկարժեք նվերներով, զրուցել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների հետ:
Ցուցադրական պարապմունքից հետո, օրվա ավարտին ՊԲ շտաբում տեղի է ունեցել հայկական երկու պետությունների նախագահների, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների և հրամանատարական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն:
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է:

ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը չընդունվեց. քվերակությանը մասնակցեց ընդամենը 11 պատգամավոր

photo.php_4

Խորհրդարանում քվեարկության դրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհ Փոստանջյանի կողմի ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Մինչ քվեարկությունը ելույթի իրավունք խնդրեց Զարուհի Փոստանջյանը, սակայն Հովիկ աբրահամյանը նրան նախապես զգուշացրեց, որ եթե խոսի ոչ թե վարման կարգի վերաբերյալ, այլ նախագծի բովանդակությունից, ապա խոսափողը կանջատի:

Երբ Փոստանջյանը ելույթը սկսեց նախօրեին խորհրդարանում օրինագծի շուրջ ծավալված քննարկումից, և հայտարարեց, որ բանակցային գործընթացը ՀՀԿ-ի կողմից ի սկզբանե խաթարված է, նրա խոսափողն անջատվեց:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս հարցի քննարկմանը ոչ թե նրա համար, որ դեմ են գործընթացին (նա հիշեցրեց, որ իրենք քաղաքական դաշտ ենք եկել հենց Ղարաբաղի հարցով), այլ որովհետև դրանով իրենց տհաճությունն են ցուցաբերում քվեարկության նկատմամբ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ ԲՀԿ-ի համար Արցախի հարցը լրջագույն խնդիր է և չի կարող դառնալ քաղաքական խաղերի մանրադրամ:

ՀԱԿ տեսակետը ներկայացրեց Լևոն Զուրաբյան` նշելով, որ իրենք էլ չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ վաղաժամ են համարում հարցը խորհրդարանում քննարկելն ու քվեարկելը:

Խոսել ցանկացավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտը Բագրատյանը, սակայն մի քանի բառ ասելուց հետո Հովիկ Աբրահամյանն ասաց, որ անջատեն նրա խոսափողը. Բագրատյանն ինչ որ տնտեսական հաշվարկներ էր ուզում ներկայացնել…

«Ժառանգություն» խմբակցության անդամ, բայց «Ժառանգություն»-ը չներկայացնող Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ԼՂՀ հիմնախնդիրն ամենազգայուն փուլում է, և այսօր այն խորհրդարանում քննարկման առաջկա դարձնելը ճիշտ չէ, ուստի նա նույնպես չմասնակցեց քվեարկությանը:

Խմբակցության տեսակետները չկիսող «Ժառանգության» մեկ այլ անդամ` Ալեքսանդր Արզումանյանը, հայտարարեց, որ քվեարկելու է ձեռնպահ` չնայած որ երեկ հայտարարել էր քվեարկությանը չմասնակցելու մասին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես ասաց, որ չի մասնակցելու քվեարկությանը, որպեսզի վտանգի տակ չդնի սահմանում կանգնած զինվորի անվտանգությունը:

Արդյունքում օրինագծի քվեարկությանը դահլիճում ներկա 109 պատգամավորներից մասնակցեց ընդամենը 11-ը, որից տասը կողմ արտահայտվեց օրինագծին, իսկ մեկը` ձեռնպահ:

Իսրայելի ԱԳՆ. Մենք կշարունակենք զենք մատակարարել Ադրբեջանին

իսրայել-ադրբեջանԻսրայելի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական և հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Իսրայելը դադարեցրել է սպառազինման մատակարարումն Ադրբեջանին:

Ինչպես տեղեկացնում է “Հագին” կայքը՝ “İSN” շվեյցարական գործակալությանը հղում կատարելով, ըստ հրապարակումների՝ Ռուսաստանը ճնշում է գործադրել Իսրայելի արտգործնախարարության վրա և կարողացել է հասնել սպառազինման որոշ տարրերի մատակարարման դադարեցմանը: Որպես պատճառ նշվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը չփոխելու Ռուսաստանի ցանկությունը:

“Այս ոլորտում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ռուսական կողմից ոչ մի դիմում չի ստացվել”, – հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մամլո քարտուղար Իգալ Փալմորը:

Գյումրիում բեռնատարն ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին

Լուսանկարը` Mes.am-ի

Լուսանկարը` Mes.am-ի

Նոյեմբերի 13-ին, ժամը 01.38-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի SEX500 պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ց., ծնվ. 1972 թ.) բեռնատար ավտոմեքենան՝ բեռնված դատարկ տարաներով, ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին. տուժածներ չկան:

Շան հավատարմություն. մեկ ամիս սառնամանիքին` տիրոջը սպասելով

o_848041Ամուրի ափին` Խաբարովսկի Գետային կայարանում, գրեթե մեկ ամիս հավատարիմ շունն իր տիրոջն է սպասում: Ինչպես ականատեսներն են ասում, շունն այնտեղ հայտնվել է նավիգացիայի փակվելուց հետո, սակայն իր տեղից չի հեռանում անգամ ցրտերի պատճառով: Խաբարովսկյան Հատիկոն առանց վզկապի է. այդպես տեղաբնակներն են նրան կնքել , սակայն փողոցային շան էլ նման չէ: Տարբեր մարդիկ փորձել են նրան իրենց տուն տանել, սակայն նա ոչ ոքի հետ չի գնում: Միակ բացատրությունը թերևս այն է, որ կենդանին սպասում է ինչ-որ մեկի:

Հիմա  հայտարարություններ են տեղադրվել տարբեր լրատվամիջոցներում, համացանցում: Հնարավոր է, որ տերը ճանաչի նրան` Ամուրի ափին սառչող իր շանը:

Շների հավատարմության նմանատիպ պատմությունները եզակի չեն: 2011-ին “յակուտյան Հատիկոն” հուզեց շատեին. շունն անգամ 50 աստիճան ցրտին չէր հեռանում իր զոհված ընկերուհուց:

Բայց պարզում է, որ հավատարիմ են նաև կատուները: Հոկտեմբերին հաղորդվել է մի կատվի մասին, որը մի քանի ամիս իր տիրոջն էր սպասում չելյաբինսկյան Տրոիցայում: Տեղաբնակները պատմում են, որ նրան բերել են մեքենայով ու պարզապես դուրս գցել: Այդ ժամանակվանից նա դիմավորում և ուղեկցում է յուրաքանչյուր ավտոբուս ու վազ տալիս ամեն կանգ առած ավտոմեքենայի մոտ` հուսալով իր տիրոջը հանդիպել:

Հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների էստրադային երգերը

DSC_9090Նոյեմբերի 12-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երեկոն նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոների առթիվ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն առանձնացրեց այս միջոցառումը, քանի որ ընտրված ձևաչափը (երիտասարդ կոմպոզիտորների գործերը ներկայացնում են երիտասարդ կատարողները) ստեղծագործողներին հանրությանը ներկայանալու, մեծ բեմում հանդես գալու հնարավորություն է տալիս։ «Կատարողների և կոմպոզիտորների բավականին լուրջ ընտրություն է կատարվել մասնագետների կողմից, և մեր ցանկությունն է, որպեսզի այս նախաձեռնությամբ ստեղծագործողների նոր սերնդին ազդակներ հաղորդվեն հետագա գործունեության համար»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց այն երգիչ-երգչուհիներին, ովքեր անշահախնդրորեն պատրաստակամություն հայտնեցին ներկայացնել երիտասարդ ստեղծագործողների էստրադային երգերը։ Կատարումներով հանդես եկան ինչպես սկսնակ, այնպես էլ ճանաչված երգիչ-երգչուհիներ (Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Անդրե, Արսեն Գրիգորյան, Լեյլա Սարիբեկյան և այլք)։

Ըստ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի, ով նաև համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարն էր՝ երիտասարդ կոմպոզիտորները մեր ապագան են, և ժամանակը կորոշի, թե որ գործը կսիրվի ունկնդրի կողմից։ «Որոշ երիտասարդ կոմպոզիտորների գործեր առաջին անգամ են հնչում նվագախմբային կատարմամբ։ Ժամանակին մեզ էլ են հնարավորություն տվել հանդիսատեսին ներկայանալու, հիմա էլ մենք տանք այդ առիթը մեզնից հետո եկողներին։ Սա քայլ է դեպի մեծ աշխարհ։ Բարի երթ մեր երիտասարդներին»,- մաղթեց Արամ Սաթյանը։

Էդմոնդ Մակարյանը երիտասարդ կոմպոզիտոր է, ում էստրադային գործերը հնչեցին երեկոյի ընթացքում։ Նա հեղինակել է բազմաթիվ կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ, գրել է ավելի քան 50 էստրադային երգեր։ «Լինելով կոմպոզիտորների նոր սերնդի ներկայացուցիչ՝ բոլորի անունից վստահորեն կարող եմ ասել, որ սա նոր ճանապարհ է երաժշտական աշխարհ մուտք գործող հեղինակների համար»,- ասաց Էդմոնդ Մակարյանը։

Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Բելա Հովհաննիսյանի, Ռաֆայել Մնացականյանի ստեղծագործությունները։ Համերգն ուղեկցվում էր Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան)։ Երեկոյի կազմակերպմանն աջակցել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր տեղից

o_848297ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սաուդյան Արաբիայից նամակ է ստացել, որտեղ ասվում է, որ երկիրը հրաժարվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ զբաղեցնել 2014-2015 թթ:

Նամակում   նշվում է, որ Սաուդյան Արաբիան “ցավոք այն վիճակում չէ, որ տեղ զբաղեցնի Անվտանգության խորհրդում, որի համար ընտրվել էր 2013-ի հոկտեմբերի 17-ին”:  Որպես այդ քայլի բացատրություն նամակին կցվել է երկրի արտգործնախարարության հոկտեմբերի 18-ի դիմումը, որտեղ նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անկարող է  նպաստել պաղեստինյան հարցի ու Սիրիայի հակամարտության կարգավորմանը”:

ԶԼՄ-ներում արդեն ենթադրություններ են  հայտնվել, որ Սաուդյան Արաբիայի փոխարեն այդ տեղը կզբաղեցնի Եմենը:

Դիվանագետները պարզաբանել են, որ հիմա  այդ տեղի համար փոխարինողի արագացված որոնումներ կսկսվեն ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային մյուս երկրներից: Թեկնածուն պետք է հաստատվի Գլխավոր ասամբլեայում, գաղտնի քվեարկությամբ: Այդ գործընթացը պետք է ավարտվի մինչև 2014-ի հունվարի 1-ը, երբ նոր ժամանակավոր անդամները կանցնեն իրենց պարտականություններին:

Համաշխարհային առևտրի նոր կենտրոնի շենքն ամենաբարձրն է ճանաչվել ԱՄՆ-ում

iԱյն շենքը, որը կառուցվել է Երկվորյակ աշտարակների տեղում, պաշտոնապես ճանաչվել է ամենաբարձրը երկրում:

Թիվ մեկ աշտարակի բարձրությունը 1776   ֆուտ է (540 մ), ինչը խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության տարին:

Ավելի վաղ որոշված էր շենքի տանիքին հատուկ ձող տեղադրել, որի շնորհիվ էլ “Ազատության աշտարակին” հաջողվեց  առաջ անցնել  Չիկագոյում գտնվող “Ուիլլիս թաուեր” երկնաքերից  և արժանանալ “ամենաբարձր շենք” անվանմանը:

“Ազատության աշտարակը” կառուցվել է 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով ավերված Երկվորյակ աշտարակների տեղում:

Միքայել Արամյանցի անունը կանմահանա ոչ միայն թբիլիսյան, այլև երևանյան հիվանդանոցով

7-2Մինչ Թբիլիսիում վերանորոգման անվան տակ քանդում են Արամյանցի հայտնի հիվանդանոցը, Երևանում հիվանդանոց է վերանվանվում: Երևանի երրորդ կամ ինչպես ընդունված է ասել` Պռոշյանի կամ շտապօգնության հիվանդանոցն այսուհետ կկոչվի «Արամյանց բժշկական կենտրոն»` ի պատիվ թիֆլիսահայ տաղանդավոր գործարար, նավթարդյունաբերող, մեծ բարերար Միքայել Արամյանցի:

Հիվանդանոցը նշանավոր հայի անունով դարձնելու գաղափարը գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանինն է: Ասում է, որ Արամյանցն իր ազգականն է մորական կողմից` մորական պապի հորեղբայրն է եղել: «Դեռ մանկուց հաճախ եմ լսել Արամյանցի անունը: Մայրս էր պատմում այդ կապի մասին` իր հորից ստացած տեղեկությունները փոխանցելով մեզ: Արամյանցների գործունեությունը հայտնի է եղել բոլորին, իսկ այդ տոհմի գլուխգործոցը եղել է Միքայել Արամյանցը: Ես միշտ հպարտացել եմ, որ նրա տոհմի շառավիղն եմ մոր կոմից»:

1383549089-62

Սամվել Հարությունյան

Հիշում է, որ մոր ընտանեկան ալբոմում Միքայել Արամյանցի եղբորորդու` Ստեփանոս Արամյանցի լուսանկարը կա: Վերջինս եղել է հայ գործարարի կողմից հիմնադրված Թբիլիսիի ազնվական բանկի կառավարիչը: Սամվել Հարությունյանը դեռ մանկուց լսել է նաև Թբիլիսիում Արամյանցի կողմից կառուցված բազմաթիվ հայտնի շինությունների մասին, որոնցից մեկն էլ Արամյանցի հիվանդանոցն է: 1970-ականներին, երբ Հարությունյանն արդեն բժիշկ էր, այդ հիվանդանոցում անգամ մեկ ամիս անցկացրել է` խնամելով զինվորական ծառայության ընթացքում հիվանդացած եղբորը:

Հայտնի է, որ Արամյանցը շատ է սիրել Թիֆլիսը և մեծ ներդրումներ է կատարել քաղաքի զարգացման համար: Երբ Թիֆլիսում որոշել են կառուցել խոշոր հիվանդանոցային համալիր, Արամյանցն առաջինն է արձագանքել` դրա կառուցմանը նվիրաբերելով 100 հազար ռուբլի: Քաղաքի հայտնի թաղամասերից մեկում` Հավլաբարում կառուցված հիվանդանոցը ժամանակին եղել է եվրոպական չափանիշներին համապատասխանող լուրջ կենտրոն` վարակիչ հիվանդությունների, վիրաբուժության, ծննդատան, մանկական և այլ բաժիններով:

images

Արամյանցի հիվանդանոցը Թբիլիսիում

Հիվանդանոցի կառուցումն ավարտվել է 1909 թ. և կոչվել հենց նրա անունով, սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո, երբ նշանավոր բարերարի ու գործարարի ողջ ունեցվածքը թալանվել է, իսկ անունը` հետևողականորեն ջնջվել պատմության էջերից, բժշկական կենտրոնը վերանվանվել է` դառնալով Թբիլիսիի թիվ 1 հիվանդանոց: Անցել է մեկ դար և ավելի, սակայն թիֆլիսցիներն այդ հիվանդանոցն այդպես էլ կոչում են` Արամյանցի հիվանդանոց:

Վերջին տարիներին հիվանդանոցն իր նպատակին չէր ծառայում, իսկ այսօր արդեն քանդում են` պատճառաբանելով, թե հին է, պետք է վերակառուցվի: Բայց թե ինչ կմնա հիվանդանոցից վերակառուցումից հետո, դժվար է ասել, քանի որ մեր հարևաններն այնքան էլ մտահոգված չեն իրենց երկրում հայկական շենք-շինությունների պահպանմամբ, ընդհակառակը` հաճախ դրանք աչքի առաջ կորցնում են իրենց պատմական հիշողությունը, իսկ պետական մարմինները քար անտարբերություն են դրսևորում:

Սամվել Հարությունյանի` իր հիվանդանոցը վերանվանելու որոշմանը մեծապես նպաստել է հենց Թբիլիսիի Արամյանցի հիվանդանոցի քանդման տխուր փաստը: Նա կարծում է, որ այդ քայլով իր փոքրիկ լուման է ներդնում նշանավոր հայի անունը մոռացությունից հանելու և իր արժանի տեղը վերադարձնելու գործում: Իսկ որոշման մասին առաջին անգամ բարձրաձայնել է այս տարվա մայիսին` Արամյանցի 170-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներից Արամյանցմեկի ժամանակ, երբ ներկայացվում էր Արամյանցի կյանքին ու գործունեությանը նվիրված առաջին գիրքը` Վահե Անթանեսյանի հեղինակությամբ:

Հիվանդանոցի վերանվանման պաշտոնական միջոցառումը տեղի կունենա տարեվերջին` հիվանդանոցի 40-ամյա հոբելյանի շրջանակներում: Նախատեսվում է նաև հիվանդանոցի ճակատային հատվածում տեղադրել հուշատախտակ Արամյանցի կյանքի և գործունեության մասին, իսկ նախասրահում`  նրա կիսանդրին: Հատուկ սենյակ կտրամադրվի նաև փոքրիկ թանգարանի համար: Այնտեղ կներկայացվեն Արամյանցի լուսանկարները, ձեռագրերը, նամակները: Հիվանդասենյակների ու բժիշկների աշխատասենյակների պատերից կկախվեն Արամյանցի լուսանկարները: Մի խոսքով` հիվանդանոցն արամյանական շունչ կստանա:

Նշենք, որ Միքայել Արամյանցի մասին հայկական նորօրյա մամուլում առաջին լուրջ անդրադարձը եղել է «Անկախի» կողմից` շնորհիվ երիտասարդ պատմաբան Վահե Անթանեսյանի, որը սկսել էր մեծ հայի կյանքի և գործունեության ուսումնասիրությունը:

Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. Արցախի Քյաթուկ գյուղում: Խելացի, նպատակասլաց ու ազնիվ երիտասարդն իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ ձեռք է բերել հսկայական կարողություն և զբաղվել լայնածավալ բարեգործությամբ: Հիմնադրել է Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերությունը», որի շնորհիվ ոչ միայն Վրաստանում, այլև հայրենիքում բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել:

Նա եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը, և նրա շնորհիվ հարյուրավոր երիտասարդներ հնարավորություն են ունեցել կրթվելու Եվրոպայի առաջավոր համալսարաններում:

1918 թ. մայիսի 28-ին հայ ժողովրդի ամենաբախտորոշ որոշումներից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը, տեղի է ունեցել Միքայել Արամյանցի տանը:

Նրա անունը իրավամբ կարելի է կապել մեկ այլ մեծ հայի` Ալեքսանդր Մանթաշյանի հետ, քանի որ նրանք եղել են մտերիմ ընկերներ ու գործընկերներ` ազգային շատ ծրագրեր իրականացնելով միասին: Հայտնի է նաև, որ Մանթաշյանը Բաքվում իր նավթային գործունեությունը սկսել է Արամյանցի հետ, և նրա շնորհիվ էլ հետագայում նավթային մագնատ է դարձել:

Արամյանցի բարեգործություններն անթիվ ու անհամար էին. նա նաև ապաստաններ էր կառուցում հայ գաղթականների համար: Հայտնի է «Արամաշեն» ավանը, որտեղ ոչ միայն ապրել, այլև բամբակագործությամբ են զբաղվել ավելի քան 80 հայ գաղթական ընտանիքներ:

tbsmc_home01

Մաժեստիկ, ներկայումս` Թբիլիսիի Մարիոթ հյուրանոցը

Թբիլիսիում Միքայել Արամյանցի կառուցած շենքերի գլուխգործոցը Վրաստանի մայրաքաղաքի պարծանք, շքեղաշուք «Մարիոթ Թբիլիսի» հյուրանոցն է` նախկին «Մաժեստիկը», որը նա կառուցել է 1912-15 թթ`. իր սիրած նավի նմանությամբ և անվամբ: Ցավոք, այդ հյուրանոցի վրա անգամ մի գողտրիկ հատվածում գոյություն չունի Արամյանցի անունը:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Արամյանցից խլել են գրեթե ողջ կարողությունը: Նա վախճանվել է է 1924 թ. իր առանձնատներից մեկի նկուղում` սովի ու աղքատության մեջ: Սակայն թբիլիսյան ողջ հանրությունը հավաքվել է հողին հանձնելու այն նշանավոր հայի դին, որն այդքան մեծ գործեր է կատարել Թիֆլիսի  համար:

Արամյանցը թաղվել է Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը, որտեղ թաղված են եղել բազմաթիվ նշանավոր հայեր: Սակայն ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ տարիներ անց այդ նույն վայրում հիմնօրհնվել վրաց եկեղեցու մի կառույց: Կատարված հողային աշխատանքների պատճառով հարյուրավոր աճյուններ, այդ թվում նաև Արամյանցինը, ոչնչացել են:

Ուրախալի է, սակայն, որ վերջին շրջանում ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում սկսել են վերհիշել Արամյանցին: Բոլորովին վերջերս` Հոկտեմբերի 24-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսիի Մաչաբելի 6 հասցեում, որտեղ բնակվել է Արամյանցը, տեղի է ունեցել անվանի հայի հուշատախտակի բացման արարողությունը: Սա իսկապես լուրջ քայլ է, և հուսանք` շարունակական:

Իսկ Հայաստանում Միքայել Արամյանցի կիսանդրին դրվել է անցյալ տարի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված Բարերարների ճեմուղում: Պատմական արդարությունը հետզհետե վերականգնվում է:

 

Ապացուցվել է արմավի առանձնահատուկ օգուտը

imagesԱրմավն իրավամբ համարվում է ամենաօգտակար մրգերից մեկը: Գիտնականները բազմակողմանիորեն ուսումնասիրել են արմավի հատկություններն ու հաստատել դրա  օգուտը, որն ի դեպ,  ոչ թե միրգ է, այլ` հատապտուղ:

Աշխարհում արմավի ավելի քան 500 տեսակ կա, որոնք բոլորն էլ  հիմնականում աճում ու բազմանում են արևադարձային պայմաններում: Մեզ հայտնի են դրանցից մի քանիսը, այդ թվում` կովկասյանն ու “կորոլյոկը”

Հատապտուղը պարունակում է  A, C և P վիտամիններ, կալիում, մեծ քանակությամբ երկաթ, ֆոսֆոր ու մագնեզիում: Արմավն օրգանիզմի համար բջջանյութի, սպիտակուցների, հակաօքսիդանտների աղբյուր է: Այն օգտակար է գործնականում բոլոր օրգան համակարգերի համար, իսկ որ ամենակարևորն է`  պաշտպանում է քաղցկեղից, սրտի կաթվածից ու միզասեռական համակարգի խնդիրներից:

ՃՏՊ Գյումրի քաղաքում

NKN2819-5324-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՆոյեմբերի 13-ին, ժամը 01.38-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի SEX500 պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ց., ծնվ. 1972 թ.) բեռնատար ավտոմեքենան՝ բեռնված դատարկ տարաներով, ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին. տուժածներ չկան:

Վթար Երեւանում. Nissan-ի ղեկին եղել է նախկին փոխոստիկանապետի աղջիկը, ով հայհոյել է ու սպառնացել (լուսանկարներ)

վթարԵրեւանի Մոսկովյան 23 շենքի դիմաց, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում, բախվել են Երեւանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի եւ Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարից հետո Nissan-ի վարորդը, ով ըստ կայքի տեղեկությունների, եղել է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկը, դուրս է եկել ավտոմեքենայից եւ մոտ 20 րոպե հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել հավաքվածների հասցեին: Նա չի ենթարկվել ոստիկանների պահանջներին:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Կին-վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը, որտեղից էլ նրան տեղափոխելու են ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Nissan-ը տեղափոխվել է Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Nissan մեքենան  հաշվառված է 35-ամյա Աստղիկ Հովհաննեսի Հունանյանի անվամբ:

 

Ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար. Վարդան Պետրոսյանի գործով քննիչի հարցազրույցը

վարդան պետրոսյանԵղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով քննիչ Հայկ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին, ինչպես նաեւ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, իրեն բացարկ ներկայացնելու պահանջներին:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետին՝  ձեր դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար: Պատճառն այն է, որ ըստ փաստաբանի՝ դուք ասել եք, թե «դեռասանը մեյմունություն է անում», ինչպես նաեւ գնացել եք նրա մոտ եւ հայտնել, թե իր պաշտպանը խաշ ուտելու է գնացել, առանց պաշտպանի ցուցմունք տուր:

Մեյմունության բառի մասին կարող եմ ասել, որ նման բան չի եղել, իսկ խաշ ուտելու մասով ոչինչ չեմ կարող ասել, ոչինչ, թող դիմի, թող պարզեն:

Դուք մտածելու բան չունե՞ք:

Չէ, չէ, իհարկե մտածելու չունեմ, որտեղ ուզում է, թող դիմի, որտեղ օրենքով  նախատեսված է, թող դիմի:

Դեռ ղեկավարության կողմից ձեզ չեն կանչել՝ բացատրություններ պահանջելու:

Ոչ, ինձ ոչ մեկը ոչ կանչել է, ոչ էլ երեւի պատրաստվում են կանչել, ընդամենը իմ գործը կուսումնասիրեն եւ ինձ թվում է պատասխանը կտան դրա:

Քննության առաջին օրվանից Նիկոլայ Բաղդասարյանը բարձրաձայնում է ձեր կողմից թույլ տրված մի շարք խախտումների մասին:

Եթե խախտում անեի, ինձ թվում է՝ դատախազը ինձ կհեռացներ գործից կամ, չգիտեմ, նկատողություն կտային:

Օրինակ, մեղադրյալ կողմը ասում է, որ օրենքով նախատեսված փաստաթղթերը չեք տալիս, որ ծանոթանան:

Ամեն ինչը օրենքի շրջանակներում կատարվում է, դա բացառվում է:

Վարդան Պետրոսյանը եւս ձեզնից բողոքեց, որ փորձել եք դավադրաբար հարցաքննել, երբ իր փաստաբանը չկար:

Ոչինչ, դատարանում էլ ներողություն խնդրեց ինձնից իր ասածների, արածների համար:

Փաստաբանը նաեւ ասում է, որ իր միջնորդությունները չեք ստանում, բողոքի պատասխանը ոչ մի կերպ իրեն չի հասնում: Դիմել են նաեւ դատախազին ձեզ բացարկ հայտնելու պահանջով:

Դիմել են, լավ են արել, խնդիր չկա: Ես, ճիշտն ասած, ուրախ էլ կլինեմ, որ էդ գործը վերցնեն, տանեն ուրիշ տեղ քննեն, թող տեսնեն՝ ոնց է, ինչ է,  ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար: Եթե ինչ-որ բացարկ, նկատողություն լինի, այդ մասին բոլորն էլ կիմանան:

Պրակտիկա չկա՞, որ ինքներդ հրաժարվեք գործից:

Ոչ, նման պրակտիկա չկա, թե չէ վաղուց կհրաժարվեինք, կուղարկեինք Երեւան, էնտեղ ավելի լավ մասնագետներ կան, էդ 3D-ներ, 7D-ներ, չգիտեմ ինչեր, ավելի լավ ձեւով կպատասխանեն:

Խոսելով ձեր կողմից թույլ տրված խախտումների մասին՝ նշում են, որ Վարդան Պետրոսյանին դեռ որպես վկա չհարցաքննած, մեղադրյալ է դարձել եւ փորձաքննության եք ուղարկել միայն մի կողմի ցուցմունքները: 

Կան դեպքեր, երբ վթարի հետեւանքով մարդիկ մահանում են, ընդհուպ՝ վարորդները, ուրեմն նրանցով դատավտոտեխնիկական փորձաքննություն չե՞ն նշանակում, մենք ունենք մեր ելակետային տվյալները, որոնցով նշանակել ենք: Եթե հետագայում փոխվեն այդ ելակետային տվյալները, նորից փորձաքննություն կնշանակենք, խնդիր չկա:

Մեղադրյալ կողմը մատնանշում է, որ դուք խախտում եք Քրեական դատավարության օրենսգիրքը, օրինակ՝ ձերբակալման որոշում համար անհրաժեշտ երկու հիմքերը բացակայում էին, բայց դուք նման որոշում եք կայացրել:

Ինքը բողոքարկել է այդ որոշումները, պատասխանը ստացել է ծանուցագրով, նամակով, ըստ որի՝ քննիչը ճիշտ է կայացրել այդ որոշումները, թող դատախազի որոշումը բարձրաձայնի, կարդա:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: