Հայաստանում չկա գիտությունն ու տնտեսությունը կապող օղակ

Եթե հայաստանյան գիտնականն իր հետազոտությունների  արդյունքում որևէ բացահայտում անի, որը կարող է կիրառական նշանակություն ունենալ տնտեսության մեջ, ապա բարդ խնդրի առջև կկանգնի. կա՛մ  պետք է բավարար գործարար հմտություններ ունենա, որպեսզի  ապահովի իր գաղափարի առևտրայնացումը և մուտքը տնտեսություն,  կա՛մ էլ պետք է սպասի, որ նույն հայտնագործությունը իրենից հետո օտարերկրյա որևէ այլ գիտնական անի և վայելի դափնիները: Հայաստանում չկա այն օղակը, որն ապահովում է գիտություն-տնտեսություն կապը:

«Գիտնականը չի կարող ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել»

վարդան գևորգյան«Տնտեսական զարգացման ցուցանիշներն այլևս նավթն ու բենզինը չեն: Երկրները գերտնտեսական աճ են ունենում միայն նորարարական տեխնոլոգիաների և դրանց հիման վրա ստեղծված ընկերությունների շնորհիվ:  Բայց դա Հայաստանի համար չի ասված, քանի որ մեզ մոտ  այս պահին այդ բեռը թողնված է գիտական հաստատությունների և գիտնականների վրա,- ասում է PSI ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Գևորգյանը:- Գիտնականը չի կարող   ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել, գիտնականը պետք է գիտությամբ զբաղվի,  իսկ  գիտանորարարական համակարգը  պիտի ապահովի  գիտության արդյունքի կիրառական դառնալը և շուկա մուտք գործելը»:

PSI (precision sensors and instruments) ընկերությունը հիմնադրվել է 2008-ին:  Մի խումբ հայ գիտնականներ, որոնք  ունեին կիրառական նշանակություն ունեցող գաղափար, որոշել են ինքնուրույն իրենց  մտքի արտադրանքը շուկա հանել: 2008-2009 թթ. ընկերությունը մասնակցել է «Global security challenge»  համաշխարհային մրցույթին, որ կազմակերպում է Լոնդոնի բիզնես դպրոցը, դրան մոտ 1200 ընկերություններ են մասնակցում ողջ աշխարհից: PSI-ը երկու տարի հայտնվել է լավագույն վեցնյակի  մեջ, որից հետո սկսել է համագործակցել սինգապուրյան մի ընկերության հետ: Ընկերության ստեղծած տեխնոլոգիայի վրա  սենսորներ են ստեղծվում, որոնցով այժմ հետաքրքրվում են նաև ամերիկյան ընկերությունները: Սենսորները կարող են կիրառվել բժշկության, սեյսմիկ պաշտպանության, ռազմական անվտանգության ոլորտում:

Սենսորները 200 մետրից զգում են մարդու քայլքը և ահազանգում, մինչդեռ միջազգային  շուկայում առկա նմանատիպ սենսորները առավելագույնը 30 մետրից են շարժը զգում:

Գևորգյանն ասում է, որ այսօր մոդայիկ թեմա է խոսել գիտելիքահենք տնտեսության մասին,  բայց փաստն այն է, որ Հայաստանում այսօր գիտությունն ամենացածր ֆինանսավորվող ոլորտներից է. «Խելոք մարդիկ Հայաստանից գնում են և գնացել են զուտ ֆինանսական պատճառով: Եթե ոլորտը գերակա ես հայտարարում, բայց այն ամենաթերֆինանսավորվող ոլորտն  է, ո՞նց կարող ես գիտելիքահենք տնտեսություն կառուցել: Մանավանդ որ, միայն գիտությունը ֆինանսավորելով, հարցը չի լուծվում, պետք է նաև ստեղծել ազգային նորարարական համակարգ»:

Գևորգյանի կարծիքով` միայն ֆինանսավորման ավելացմամբ ո՛չ  գիտելիքահենք տնտեսություն կստեղծվի,  ո՛չ էլ գիտություն-տնտեսություն կապ: Հարկավոր է համակարգված մոտեցում. գիտանորարարական համակարգի ստեղծում, գիտության մենեջերների պատրաստում, գիտական հետազոտությունների ուղղորդում` տնտեսության պահանջները գիտության ոլորտ բերելով,  մտավոր սեփականության հարցի կարգավորում ևն:

Իսկ առայժմ ոչ միայն դա չկա, այլև գործող օրենսդրական դաշտը խանգարում է անհատներին ինքնուրույն այդ ամենն  անել. «Օրինակ, եթե մենք հիմա կարիք ունենք  որևէ սարք  ինչ-որ  ցուցահանդես տանելու` հասարակ մի սենսոր, մի ամիս ձևական թղթաբանությամբ ենք զբաղվում, երեք կառույցից թույլտվություն ենք ստանում, որ այդ սարքը կարելի է  արտահանել, հսկայական գումար ենք ծախսում, որպեսզի սարքն  ընդամենը մի շաբաթով ցուցահանդես տանենք  հետո նորից հետ բերենք: Աբսուրդ է, այս ողջ ոլորտը պետք է կարգավորվի»:

PSI-ն առայժմ այլ գաղափարների առևտրայնացմանբ չի զբաղվում, քանի որ ռեսուրսները սահմանափակ են, իսկ գործը` աշխատատար ու դժվար: Սակայն առաջիկայում մտադիր են համագործակցել հայաստանյան բուհերի գիտական կենտրոնների հետ նրանց մոտ առկա գիտական նորարարությունները շուկա մտցնելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում»

գիտություն-տնտեսությունԱնդրադառնալով պետական մակարդակով անհրաժեշտ քայլերին այս ոլորտում, Գևորգյանն ասում է. «Այս պահին առաջին անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում, գոնե դրանից պետք է սկսել, որովհետև հետո գուցե փորձես գիտելիքահենք տնտեսություն ստեղծել, բայց պարզվի, որ գիտելիք այլևս չկա»:

Նրա խոսքով` Հայաստանում գոնե մեկ technology transfer (տեխնոլոգիաների փոխակերպման)  գրասենյակ է հարկավոր, որը զբաղվի ողջ երկրի գիտական նորարարությունների առևտրայնացմամբ:

Այս հարցում համակարծիք է նաև «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ի  գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խաչունցը:

Նա ասում է, ոչ Խորհրդային Միությունում առաջնահերթ և ավելի ճանաչման արժանացող աշխատանքները հիմնարար գիտությանն էին վերաբերում:

Խորհրդային տարիներից  շարունակվող իներցիայով, գիտնականների միջավայրում հիմնարար  հետազոտությունների արդյունքներն ավելի բարձր են դասվում: Միաժամանակ մոտեցում կա, որ ավելի ճիշտ է տպագրվել  բարձր հղման ինդեքս ունեցող արտասահմանյան մամուլում, որը կապահովի հետագայում միջազգային դրամաշնորհներում ներառվելը`  անկախ շուկայականացման պոտենցիալից: Այսինքն, ըստ Խաչունցի,  շուկայի մեծ պոտենցիալը լրջորեն չի գնահատվում և չի դիտարկվում:

«Կարևոր խնդիր  է, որ անկախության  հռչակումից  հետո արդեն 20 տարուց ավելի ժամանակ է անցել, բայց բուհերում որևէ վերակառուցում չեղավ, որպեսզի ուսանողության, երիտասարդների և, ինչու ոչ, նաև դասախոսների համար գիտության առևտրայնացման ուղիների մասին ուսուցում կազմակերպվի և նման բաժիններ ու ենթաբաժիններ բացվեն բուհերի ստորաբաժանումներում, որտեղ ճշգրիտ գիտությամբ են զբաղվում»,- ասում է Խաչունցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանում  չկա այն ենթակառուցվածքը, որը գաղափարների, արդյունքի շուկայականացման առումով նեցուկ կկանգնի գիտնականներին, նրանք  էլ   հիմնականում տեղյակ չեն, թե ինչ գործընթաց է գիտության առևտրայնացումը և ինչ չափանիշների պետք է բավարարի գաղափարը շուկա մուտք գործելու պոտենցիալ ունենալու համար, «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ն 2005-2006-ին ծրագիր իրականացրեց  գիտության արդյունքների շուկայականացման վերաբերյալ:

Առաջին փուլում 50 հայտ ստացան և բոլորին ընդհանուր գիտելիքներ մատուցեցին շուկայականացման գործըթնացի մասին, հետո թիմերին առաջարկվեց ներկայացնել  իրենց գաղափարի շուկայական պոտենցիալը, ինչի արդյունքում մնացին 15 թիմ և 16 հայտ: Այս թիմերին արդեն գործնական հմտություններ մատուցվեցին,  ու երկլեզու բուկլետ տպագրվեց, որում ներկայացվում էր ծրագիրը, ինչպես նաև բիզնես ֆորում կազմակերպվեց: Հենց այս սեմինարի հիմքի վրա հետագայում ստեղծվեց PSI-ը:

ՀԿ-ն, սակայն, հետագայում նման ծրագրեր այլևս չի իրականացրել համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով. դոնորների համար նման ներդրումները ռիսկային են:

Խաչունցն ասում է, որ հարկավոր է երկու-երեք հաջողված փորձ, որպեսզի «համը գիտնականների բերանն ընկնի»: Այժմ  գիտեն միայն   բաց ամսագրերում տպագրվելը, գրանտներով ֆինանսավորվելը, իրենք տեսադաշտը նեղացրած  միայն այդ ուղիով են գերադասում շարժվել, եթե գիտության արդյունքի շուկայականացման  մի քանի ակնհայտ հաջող տարբերակ լինի,  դա կտանի նրան, որ  գիտնականների մի մասը գոնե հարցին այլ կերպ կսկսի նայել»:

Բայց անգամ այս պարագայում, առանց պետական համակարգված գործունեության, գործն առաջ չի գնա. «Եթե ներդրման համար նպաստավոր պայմաններ չստեղծվեն, ներդրողն անգամ   արժանի գիտական արտադրանքի դեպքում կառաջարկի ներդրման համար երրորդ երկիր ընտրել: Դրանք պետք է փոխշահավետ լինեն թե՛ հեղինակի, թե՛ ներդրողի համար, և պետք է լինի մի կառուց, որը կաջակցի գործընթացին»:

Խաչունցը կարևորում է նաև, որ բուհերում  գիտության առևտրայնացման վերաբերյալ դասաժամ ներառվի, ընդ որում` ոչ միայն ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետներում, այլ նաև տնտեսագիտության և իրավաբանության, քանի որ շուկայականացման գործընթացում ծագում են թե՛ իրավական, թե՛ տնտեսագիտական հարցեր:

Գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն ստեղծելու հարցը քննարկվում է արդեն 2 տարի` դեռևս  ապարդյուն

գպկԳիտություն-տնտեսություն կապի ստեղծմանը և կիրառական արդյունքի ձեռքբերմանը միտված  թեմաների մշակման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում Գիտության պետական կոմիտեն: «Գիտություն-տնտեսություն կապի մակարդակը մեզ մոտ բավականին թույլ է, մեր գործունեության նպատակն էլ այն է, որ  ստեղծվի կրթություն-գիտություն-տնտեսություն համապարփակ կապը,  դրա  զարգացման համար տարբեր միջոցառումներ են  իրականացվում»,- ասում է ԳՊԿ  գիտական քաղաքականության վարչության պետ  Վարդան Սահակյանը:

Նրա խոսքով` հիմնարար գիտության կարևորությունն այն է նաև, որ ստեղծում է անհրաժեշտ պայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող են զարգանալ ինովացիոն կամ կիրառական արդյունքների ձեռքբերմանը միտված ծրագրերը:

«Մեզ մոտ կան կիրառական միտվածություն ունեցող  լավ հետազոտություններ ֆիզիկայի, կենսաբանության ոլորտում: Մեզ մոտ խնդիրն այդ արդյունքները տնտեսության մեջ ներդնելն է»,- ասում է Սահակյանը:

Նրա խոսքով` ընդհանրապես   հնարավոր չէ  բաժանարար գիծ անցկացնել, թե այս գիտական հետազոտությունը  խիստ կիրառական է կամ  խիստ հիմնարար: Խնդիր է նաև, որ գիտական արտադրանքը պետք է պահանջված լինի տնտեսության մեջ, այն իր կարիքները, պահանջարկը պետք է ներկայացնի գիտությանը,  որն  էլ առաջարկը ներկայացնի. «Լինելով  զարգացող երկիր այստեղ երկակի խնդիր ունենք լուծելու»:

Դրա համար, ըստ Սահակյանի, հարկավոր է մասնավոր ներդրումներ ներգրավել գիտության ֆինանսավորման մեջ, այլապես, չհաշված միջազգային դրամաշնորհները, գիտության ֆինանսավորումը Հայաստանում ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեից:

Այս նպատակով ԳՊԿ-ն արդեն երկրորդ անգամ   գիտական կիրառական արդյունքների ձեռքբերման մրցույթ է իրականացնում մասնավոր հատվածի համաֆինանսավորմամբ: Առաջին ծրագիրն իրականացրել են 2011-ին, երբ 17 ծրագիր ֆինանսավորվեց, յուրաքանչյուրում մասնավոր  հատվածի ներդրումը կազմում էր առնվազն 15 տոկոս:  Երկրորդ` այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով 12 ծրագիր է երաշխավորվել ֆինանսավորման, այս անգամ  մասնավոր հատվածի ներդրման ծավալը յուրաքանչյուր ծրագրում  ընդհանուր արժեքի 25 տոկոսն է կազմել: Ընդ որում, մասնավոր ներդրումը պետք է կատարվի ծրագրի սկզբում, քանի որ եթե մասնավոր հատվածը ներդրում է կատարում, շահագրգռված կլինի դրա իրականացման հարցում:

Սահակյանն ասում է, որ գիտություն-տնտեսություն կապի իրականացումը մեկ օրվա գործ չէ, այն հնարավոր է ստեղծել  միայն երկարատև ու հասցեական գործունեության շնորհիվ:

2011-ի դեկտեմբերին ԳՊԿ նախագահի առաջարկով վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգ է ընդգրկվել գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն-հիմնադրամ ստեղծելու հարցը: Այն դեռևս քննարկման փուլում է: Իսկ մինչ  նման հիմնադրամ կստեղծվի, գիտնականը ստիպված կլինի նախ ինքնուրույն Հայաստանում ամրագրել իր հեղինակային իրավունքը (հայաստանյան արտոնագիրը միջազգային ճանաչում չունի), ապա միջազգային արտոնագիր ստանալ, որից հետո էլ գտնել դրանով հետաքրքրված ընկերություն, որը կպահի արտոնագիրն ու ներդրումներ կանի գիտության արտադրանքը տնտեսությունում ներդնելու համար:

Նշենք, որ Հայաստանում տարեկան միջինը 160-170 տեղական արտոնագիր է գրանցվում, սակայն միջազգային արտոնագրերի առումով թվաքանակը շատ փոքր է:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

 

 

Ադրբեջանի կառավարությունը պետք է հարգի մարդու հիմնարար իրավունքները.Ֆյուլե

եմ-ադրբեջանԵվրամիությունը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ բոլոր մակարդակներում, սակայն Բաքվում կառավարությունը պարտավոր է հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները և ընտրության մասին օրենքը համապատասխանեցնել այդ պահանջներին: Այսպիսի հայտարարություն է արել Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն դեկտեմբերի 9-ին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստի ավարտին, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակ” կայքը:

“Մենք ուրախ ենք տեսնել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև մերձեցում: Վիլնյուսում այցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր է ստորագրվել և նման համագործակություն մենք ցանկանում ենք բոլոր մակարդակներում: Ասոցացման համաձայնագրի և ռազմավարական գործակցության շուրջ բանակցությունները շարունակվում են”, -ասել է Ֆյուլեն:

Եվրահանձնակատարը Ադրբեջանին կոչ է արել նաև ինտենսիվացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությանն ուղղված աշխատանքները, ինչը առևտրային հարաբերությունների զարգացման և խորը ու ազատ առևտրի գոտու ստեղծման նախապայմանն է: Միևնույն ժամանակ Ֆյուլեն ընդգծել է, որ հիմնարար ազատությունները շարունակում են մնալ փոխհարաբերությունների ֆունդամենտալ բաղադրիչը:

“Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել այս հարցի շուրջ իր միջազգային պարտավորությունները: Այս ոլորտում շատ անելիքներ կան, ինչպես օրինակ զանգվածային լրատվամիջոցների, հավաքների և միավորումների ազատությունը: Բացի այդ` չափազանց կարևոր է ընտրական օրենսգրքի համապատասխանեցումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին: Դա պետք արագ կատարվի, որպեսզի 2015թ. անցկացվեն թափանցիկ և արդար տեղական ու խորհրդարանական ընտրություններ: Շատ անելիքներ կան կոռուպցիայի դեմ պայքարում”, -ասել է Ֆյուլեն:

Ըստ կայքի` Բրյուսելում Ադրբեջանի դեսպանության` հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ ասված է, որ ադրբեջանական պատվիրակությունը նիստին քննարկել է Ղարաբաղյան հակամարտությանը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Նույն աղբյուրի համաձայն` ԵՄ-ն ողջունել է Ադրբեջանում անցկացվող բարեփոխումները:

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ավտոճանապարհներ, ձյունՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ

դեկտեմբերի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն:Արտաշավանի, Ալավերդու, Իջևանի, Դիլիջանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 19:00 – ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

Թուրքիան ընտրվել է ՄԱԿ-ի մշակութային հանձնաժողովի անդամ. «գառը գայլին պահ են տվել»

ՄԱԿ-ի մշակութային հանձնաժողովԱյս տարվա սկզբին ես մի հոդված էի գրել, որտեղ ներկայացրել էի Թուրքիայի կառավարության կոշտ մարտավարությունը` եվրոպական և ամերիկյան թանգարաններից անտիկ իրերը վերադարձնելու համար: Զավեշտալի է, որ Թուրքիան՝ այլ ազգերի մշակութային ժառանգության խոշորագույն թալանչիներից ու ավազակներից մեկը, կարող է այդպես ագրեսիվորեն պահանջել այդ հնությունները:

Սպառնալիքներով հաջողության չհասնելուց հետո Թուրքիան անցյալ ամիս ձեռնամուխ եղավ գործողության մեկ այլ մեթոդի՝ կաշառքի: Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըն նոյեմբերի 10-ին հայտարարեց. «Թուրքիան կրկնապատկել է իր ներդրումը ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ), որը հայտնվել  է ֆինանսական ճգնաժամի մեջ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրենց անդամավճարները չվճարելու պատճառով»:

Նախարար Ավջըն նույնիսկ չի էլ փորձել թաքցնել Թուրքիայի առատաձեռնության բուն պատճառը: Նա բացահայտել է, որ «էական առաջընթաց է գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի ընտրությունների համար Թուրքիայի թեկնածության հարցում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 19-ին»: Իրոք, թուրք նախարարի կանխատեսումն իրականացավ, երբ նրա երկիրը Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 21-րդ անդամ ընտրվեց առաջիկա չորս տարիների համար:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հայտարարեց, որ որպես այդ Հանձնաժողովի անդամ «Թուրքիան մտադիր է կիսել իր փորձն ու գիտելիքները միջազգային մասշտաբով, որ կուտակել է համաշխարհային ժառանգության իր սեփական 11 շրջանների կառավարման և պաշտպանության ընթացքում, որոնք ներկայացնում են անատոլիական քաղաքակրթության տարբեր շերտերը, այդ թվում՝ նեոլիթյան, հելլենիստական, հռոմեական, բյուզանդական, սելջուկյան և օսմանյան դարաշրջանները»:

Թուրքիայի ընտրությունը մի մարմնում, որ կոչված է պահպանելու մշակութային արժեքները, հավասարազոր է գառը գայլին պահ տալուն:  Թուրքիան չպետք է իրավունք ունենա ծառայելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովում կամ ՄԱԿ-ի որևէ այլ բաժնում՝ նրա ունեցած երկար փորձի համար որպես մարդու իրավունքների խոշոր խախտող և հարևան երկրների  խաղաղության ու անվտանգության հիմնական սպառնալիք:

Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ որևէ հիշատակություն չի արվել հայկական բազմաթիվ կրոնական և մշակութային կոթողների մասին, որոնք գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Միայն վերջերս, մտադիր լինելով հեշտացնել Եվրամիության թեկնածության իր ճանապարհը, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկներից եկամուտ ապահովելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը վերանորոգել է մի քանի հայկական և հունական եկեղեցիներ, տասնամյակներով դրանք անուշադրության մատնելուց, պարբերաբար սրբապղծելուց և ոչնչացնելուց հետո:

Այժմ, երբ Թուրքիան անարժան կերպով անդամակցել է Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն ունի առաջիկա չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մատնանշել այն զավեշտալի իրավիճակը, որին բախվելու է Թուրքիան` ունենալով մշակութային կոթողների պահպանության հանձնարարականը և շարունակելով մնալ որպես այլ ազգերի մշակութային ժառանգության ամենամեծ բռնազավթողներից մեկը:

Թուրքիայի մշակութային ժառանգության և թանգարանների գլխավոր տնօրեն Մուրադ Սուսլուն, դեմքի անվրդով արտահայտությամբ «Նյու Յորք թայմս» թերթին ասել է. «Մենք միայն ցանկանում ենք վերադարձնել այն ամենը, ինչն արդարացիորեն մերն է…. Եթե դուք գաք իմ տուն և ինձանից գողանաք արժեքավոր իրեր, ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ դրանք հետ ստանալ»: Պարոն Սուսլուին, որը պնդում է, որ գողությունն ու թալանը սխալ են անկախ այն բանից, թե դրանք երբ են տեղի ունեցել, պետք է հիշեցնել, որ Թուրքիան կարող է նման պահանջներ ներկայացնել միայն` ալևիներին, ասորիներին, արաբներին, կիպրացիներին, հայերին, հույներին և քրդերին այն ամենը վերադարձնելուց հետո, ինչն արդարացիորեն պատկանում է նրանց:

Նույնքան զավեշտալի էր Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայի հայտարարությունը, որ նա արել է «Էկոնոմիստ» շաբաթաթերթին. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ յուրաքանչյուր հնություն աշխարհի ցանկացած մասում ի վերջո պետք է վերադառնա իր հայրենիքը: Թեկուզև այդ իրերը պատրաստված են քարից, ինչպես որ մարդիկ, այնպես էլ կենդանիները, բույսերն ու հուշարձանները հոգի ունեն: Հուշարձանի հեռացնելն ապակայունացնում է աշխարհն և անհարգալից վերաբերմունք է պատմության հանդեպ»:

Թուրք պաշտոնյաներն իրենց երկիրը որպես թալանի զոհ ներկայացնելու փոխարեն պետք է գիտակցեն, որ նրանք յուրացրել են բազմաթիվ հնություններ, որոնք իրենց օսմանյան նախնիները բռնազավթել են ավելի քան մեկ տասնյակ հարևան երկրների գրավման ժամանակ: Օրինակ` Ալեքսանդր Մակեդոնացու սարկոֆագը, որը 1887 թվականին հայտնաբերվել է Լիբանանում, Սիդոնի մերձակայքում, և Սուլթան Աբդուլ Համիդ II հրամանով առաքվել Ստամբուլի հնագիտական թանգարան, որտեղ էլ այն պահվում է մինչ օրս որպես թանգարանի ունեցվածքի ամենաթանկարժեք նմուշներից մեկը: Այժմ Լիբանանը կարող է Թուրքիայից հետ պահանջել այս արժեքավոր մշակութային գանձը: Սաուդյան Արաբիան ևս իրավունք ունի պահանջելու բազում իսլամական սուրբ մասունքներ, որոնք օսմանյան իշխանությունների կողմից 19-րդ դարում տեղափոխվել են Մեքքայից:

Թուրքիայի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին բացառիկ հնարավորություն է ընձեռում հայ ժողովրդին և այլ ազգերին` աշխարհի ուշադրությունը հրավիրել թուրքական կառավարության կողմից իրենց մշակութային ժառանգության ապօրինի բռնազավթման վրա և պահանջել դրանց անհապաղ վերադարձը:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ

Չինաստանի մթերային շուկայում բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ է զոհվել

o_843647Հարավչինական Հուանդուն նահանգի Շենչժեն քաղաքի մթերային շուկայում հրդեհ է բռնկվել.զոհվել է 15 մարդ: 5 մարդ էլ վիարվորվել է:

Հրդեհի բռնկումից ժամեր անց է միայն հրշեջներին հաջողվել մարել կրակը:

Պատճառները հետաքննվում են:

Սիրիայում կռվող անթվերպենցին ահաբեկչություն է պատրաստում Բելգիայում

o_851769Սիրիայում կռվող Անթվերպենի բնակիչ Բրայան դե Մյուլդերը տեսաուղերձ է տեղադրել  YouTube-ում` Բելգիայում ահաբեկչություն իրականացնելու սպառնալիքով: Տեսանյութը հեռացվել է հոսթինգից:

20-ամյա երիտասարդը բացահայտ սպառնում է Բելգիայի պաշտպանության նախարար Պիտեր դե Կրեմին ու նիդեռլանդացի հայտնի  հակաիսլամիստ-պատգամավոր Գերտ Վիլդերսին.”Դե Կրեմն ու Վիլդերսը, դավաճաները կընկնեն, վախեցեք ականապատ մեքենաներից”,-հայտարարել է երիտասարդը:

Նա բելգիացիներին կոչ է անում զենք վերցնել ու Սիրիա մեկնել, իսկ Բելգիայում, նրա կարծիքով, պետք է շարիաթ հաստատվի: Իշխանությունները նրա սպառնալիքները լուրջ են ընդունել: Ներկայում, այդ տեսանյութը ուսումնասիրում են հատուկ ծառայությունները:

Բրայան դե Մյուլդերը այս տարվա հունվարին է մեկնել Սիրիա, որտեղ “Ալ Քաիդայի” հետ կապ ունեցող խմբավորում է մտել: Հիմա նա Հալեպում է:

Լիբանանում առատ ձյան պատճառով փակ են լեռնանցքները

o_743412Լիբանանի արևմուտքում առատ ձյուն է տեղում, ինչի հետևանքով այդ  շրջանները առափնյայից կտրվել են, փակ են լեռնանցքներով ձգվող ճանապարհները:

Երկրի հյուսիսում ու Բեքա դաշտավայրում հորդառատ անձևները հեղեղումներ են առաջացրել: Նույն շրջանում սիրիացի փախստականների վրանային ճամբարներն են տեղակայված: Բեյրութում ՄԱԿ-ի աշխատակիցները փորձում են ամեն հնարավորն անել, որ օգնեն մարդկանց: Առայժմ կտրուկ ջերմաստիճանի անկման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:

“Մենք բոլոր միջոցները կենտրոնացնում ենք ու համակարգում ՄԱԿ-ի` փախստականների գործերով  գերագույն կոմիսարի վարչության հետ”,- ասել է սոցիալական գործերով նախարարը: Փրկարարական ծառայությունները, Կարմիր Խաչն ու լիբանանյան բանակի զինծառայողները ճամբարականներին պոլիէթիլենե անձրևանոցներ են բաժանել, տաքացուցիչներ ու պարենամթերք:

ՄԱԿ-ի տվյալներով. Լիբանանում 835 հազար սիրիացի է գրանցվել, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ ու տարեցներ են: Սակայն, տեղի ԶԼՄ-ներն ու կառավարական աղբյուրները հայտնում են, որ նրանց իրական թիվը գերազանցում է 1,2 մլն-ը:

“Վամպիրի օրագիրները” ֆիլմի դերասանուհին ցանկանում էր սպանել նախագահին

732778Տեխասցի դերասանուհի Շենոն Ռիչարդսոնը խոստովանել է ԱՄՆ նախագահ Օբամային ու Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին  մահացու վտանգավոր թույնով`  ռիցինով նամակներ ուղարկելու փաստը: Նրան մինչև 18 տարվա բանտային կալանք է սպառնում: Գործով դատը Տեխասի Թեքսարկանա քաղաքում էր ընթանում:

36-ամյա Ռիչարդսոնը ձերբակալվել էր 2013-ի հունիսի 7-ին, Նյու Բոստոնում, որը մոտավորապես 160 կմ հեռավորության վրա է գտնվում Լուիզիանայի Շրիվպոտից, որտեղից էլ մայիսին ուղարկվել են նամակները: Դրանցում նախագահի ու քաղաքապետի հասցեին սպառնալիքներ էին` հրազենի հսկողության հարցով նրանց խիստ դիրքորոշման հետ կապված:

Մինչ ձերբակալությունը, դերասանուհին փորձել է մեղքն ամուսնու վրա բարդել, ոստիկանության հայտնելով, որ իբր ինքը համակարգչում հայտնաբերել է ռիցինի պատրաստման ուղեցույց, ինչպես նաև տեղեկություններ Օբամայի ու Բլումբերգի մասին: Սակայն ստի դետեկտորը ցույց տվեց, որ կինը ստում է:

Դերասնուհին հայտնի է  “Քայլող մեռյալներ”, “Փակուղում” ֆիլմերից:

Ռիցինը ծայրահեղ թունավոր նյութ է, որը ստացվում է գերչակի սերմերից: Ռիցինի չնչին չափաբաժինը բավարար է հասուն մարդ սպանելու համար:

Անկախ

ՄԵՆՈՒԱ

մենուա«Կորովի, հաղթող, ընդարձակ ձեռնարկությունների, մեծագործությունների մարդ էր նա և աշխարհակալ թագավոր»

Լեո 

Վանի Արարատյան թագավորությունը, որ պայքարում էր Արևելքում գերիշխանության հասնելու համար, իր վերելքը սկսեց Մենուա արքայի գահակալման տարիներին:

Մենուան թագավորել է մ.թ.ա.  810-786 թթ., սակայն մինչ այդ նա հոր` Իշպուինի արքայի (մ.թ.ա. 825-810) գահակիցն էր:

Իշպուինին հորից` Սարդուրի Ա (մ.թ.ա.  835-825) արքայից ժառանգել էր հզորության ուղին բռնող փոքրիկ թագավորություն: Նա գործուն քայլեր ձեռնարկեց Հայաստանի միավորման համար: Եվ ահա նրա թագավորության օրոք հայոց արքան ու գահաժառանգ Մենուան մի քանի նշանակալից ռազմերթ են իրականացնում` մեծացնելով իրենց թագավորության սահմանները: Մասնավորապես` Վանի Արարատյան թագավորության զորքերն արշավանքներ են ձեռնարկում երկրի հարավարևելյան ուղղությամբ և այդ երկրները միավորում հայոց թագավորությանը: Վանի թագավորությունը սահմանակից է դառնում Մանա և Բարրշուա երկրներին, միաժամանակ ահեղ Ասորեստանին` արևելյան կողմից: Դա արդեն լուրջ մարտահրավեր էր Ասորեստանի թագավորությանը, քանզի այդ քայլով հայոց պետությունն իր վերահսկողությունն էր սահմանում արևելք ձգվող առևտրական մայրուղիների վրա:

Սակայն Իշպուինիի թագավորության ժամանակաշրջանում Ասորեստանը, որ տարված էր ներքին երկպառակությունների խնդիրներով, այդպես էլ չկարողացավ հակադարձել հայոց առաջխաղացմանը:

Երբ հոր մահից հետո հայոց գահին միանձնյա տիրում է Մենուա թագավորը, նա շատ ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում:

Սակայն մինչ արտաքին նվաճումների գնալը, ապահովելով իր երկիրը ներսից, Մենուան բազում ամրոցներ ու բերդեր կառուցեց Հայաստանի տարբեր շրջաններում: Հայտնի են նրա կառուցած ամրությունները թե՛ Վանա լճի շրջանում, թե՛ Կարինի դաշտում, թե՛ Արածանի և Արաքս գետերի ավազաններում: Բացի Մենուախինիլիից, հայոց հզոր այս արքան ներկայիս Երևանի տարածքում հիմնադրեց Արին բերդը, որ իր ժամանակաշրջանի հզոր ու անառիկ բերդ-ամրոցներից էր:

Այս ամրությունները նա բնակավայրերով շրջապատեց` փաստորեն դրանք դարձնելով բերդաքաղաքներ, ինչպես նաև նրանց մեջ հոգևոր կենտրոններ` հայոց աստվածների տաճարներ կանգնեցրեց: Դրանք զարդարեց որմնանկարներով` աստվածների պատկերներով, ռազմի տեսարաններով…

Մենուան նաև կրոնական բարեփոխումներ իրականացրեց երկրում, ինչի շնորհիվ վերջնականապես ձևավորվեց հայոց աստվածների դիցարանը: Մենուա թագավորը կարգավորեց հայոց տոնացույցը. Համաձայն պահպանված արձանագրությունների`  նա հայոց երկրում տոնակատարություններ, խաղեր ու մրցումներ էր կազմակերպում, ինչը, իրավամբ, Նավասարդյան խաղերի մասին մեզ հասած հնագույն վկայությունն է:

Այս ամենից հետո նա անցավ Հայկական լեռնաշխարհի միավորմանը:

Արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս և հասավ Կարսի շրջան ու Ճորոխ գետի ավազան: Ապա շարժվելով դեպի հյուսիս-արևելք` հասավ Արարատի հյուսիսային փեշերը` շրջանը միավորելով իր թագավորությանն ու այնտեղ` Արաքսի աջ ափին, հիմնադրելով Մենուախինիլի քաղաքը: Ճիշտ է, Վան-Տուշպայի կառուցողը Սարդուրի Ա հայոց արքան էր` Մենուա Ա-ի պապը, սակայն Մենուան քաղաքում բազմաթիվ գեղեցիկ շինություններ հիմնեց` կառուցապատելով քաղաքը: Հնագիտական պեղումները փաստում են, որ հենց Մենուա արքայի օրոք Վանը շենացավ, ծաղկեց ու վերջնականապես ձևավորվեց որպես քաղաք: Նա ավարտին հասցրեց Տուշպայի պաշտպանական համակարգը:

Սակայն Մենուայի քաղաքաշինական ձեռնարկներից կարևորագույնը, ինչ խոսք, Մանազկերտի կառուցումն էր: Այն Վանա լճի հյուսիսում հզոր ու ամուր քաղաք էր և մինչև միջնադար` շուրջ երկու հազարամյակ, կարևոր դեր ունեցավ հայոց պատմության մեջ: Ճիշտ է, հայոց ավանդույթը պատմում է, որ Մանազկերտ քաղաքը հիմնել է Հայկ նահապետի ժառանգներից Մանավազը մ.թ.ա.  2020 թ., սակայն Մենուան այնտեղ այնպիսի մեծ ձեռնարկումներ կատարեց, որ, իրավամբ, նրան կարելի է համարել Մանազկերտի շինարարության համահեղինակ, ինչը վկայում են բազում շինարարական արձանագրություններ, որ հայտնաբերվել են Մանազկերտում:

Ապա Մենուա արքան անցավ նվաճումների և  ազատագրեց Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի երկրները և ամրապնդեց Վանի թագավորության դիրքերը հյուսիսում:

Հաստատվելով հյուսիսում` Մենուա արքան իր սուրն ուղղեց դեպի արևմուտք և արշավանքներ ձեռնարկելով` ազատագրեց ու իր տերությանը միավորեց Ծուփանիու (Ծոփք), Ալզիի (Աղձնիք), Մելետայի (Մալաթիա) երկրները:

Ամրապնդելով իր տերության սահմանները հյուսիսում, արևելքում և արևմուտքում` նա արշավանքներ ձեռնարկեց նաև դեպի հարավ` Արարատյան թագավորության սահմանները հասցնելով Ասորեստանի սահմաններին, քանզի հայոց արքան արագ ռազմերթով նվաճեց Ասորեստանին սահմանակից բոլոր երկրները: Եթե մինչ Մենուայի թագավորությունը հայ-ասորական պատերազմների ժամանակ Հայաստանը միշտ պաշտպանական պատերազմ էր մղում, Մենուայից սկսած` հայոց բանակը նախահարձակ է լինում և Մենուայի տիրապետության տակ միավորում շատ հայկական երկրամասեր: Ավարտելով իր արշավանքը հարավում` Մենուան զորքով անցավ Եփրատն ու իրեն ենթարկեց Մելետինեի խեթական թագավորությունը` պատմության ասպարեզից վերացնելով այն:

Մենուա արքան մեծ բարեփոխիչ էր: Նա ողջ երկիրը ծաղկացրեց: Վանի թագավորության ողջ տարածքով ոռոգման կայուն ցանց ստեղծեց` զարկ տալով գյուղատնտեսությանը:

Նրա կառուցած 72 կմ երկարությամբ ջրանցքը (Շամիրամի առու) մինչ այժմ աշխարհում գործող ամենաերկար ու ամենահին ջրանցքն է, որ ջուր է մատակարարում Վանին Մժնկերտի ժայռի աղբյուրից` Խոշաբ գետից: Ջրանցքի կառուցման հետ կապված` մեզ է հասել Մենուա արքայի թողած 14 արձանագրություն, որոնցում հայոց թագավորը հայոց աստվածների զորությամբ սպառնում է այն անձանց, որոնք կփչացնեն արձանագրությունները և իրենց կվերագրեն այս հրաշալի կառույցի շինարարությունը: Բայց պատմությունը անողոք և անարդար է: Հազարամյակներ ի վեր ժողովուրդն այս ջրանցքը կոչեց Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով…

Նա ջրանցքներ անցկացրեց նաև իր թագավորության մյուս շրջաններում,

այգիներով պատեց ողջ հայոց աշխարհը:

Արտամետ գյուղի մոտակայքում նա մեծ ու գեղեցիկ այգի հիմնեց, որ կոչեց իր դստեր անունով` Թարիրիախինելե, քանզի Թարիրիա էր թե՛ հայոց թագուհու, թե՛ հայոց արքայադստեր անունը: Սա վանեցիների ամենասիրած վայրերից էր, ուր մինչև հայոց ցեղասպանությունը շատերն էին ուխտի գնում:

Մենուա արքան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես հզոր տիրակալ, բարենորոգիչ ու հմուտ զորավար: Վանում հայտնաբերված մի արձանագրություն փաստում է, որ թագավորն իր Արծիբի (Արծիվ) անվամբ ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11.4 մետր: Սա մինչ օրս չգերազանցված ռեկորդ է համաշխարհային պատմության մեջ:

Վահե Անթանեսյան

 

 

ԱՄՆ-ում 6 տարեկան երեխան մեղադրվում է սեքսուալ նկրտումների մեջ

o_860919ԱՄՆ-ում 6 տարեկան երեխային ժամանակավոր հեռացրել են դասերից սեքսուալ նկրտումների համար: Կոլորադո նահանգի Քենոն-Սիթի քաղաքից առաջինդասարանցի Հանթեր Յելթոնը համբուրել է իր զույգի այտը: Դպրոցի տնօրենը դա “անպարկեշտ վարք”  է որակել ու Յելթոնին արգելել հայտնվել դպրոցում:

Մանկխորհուրդը մտադիր է 6 տարեկան երեխայի արարքը նրա անձնական գործի մեջ գրանցել որպես “նկրտում”, ինչը ապագայում տհաճությունների պատճառ կդառնա: Երեխայի մայրը պնդում է, որ փոքր երեխաների համար նման վարքագիծը նորմալ է, սակայն դպրոցի տնօրենը հայտարարել է` ”դպրոցում աղջիկներին համբուրելը բացարձակ անթույլատրելի” է:

Ուրուգվայում մարիխուանան լրիվ օրինականացվել է

i (2)Երկրի իշխանություններն օրենքի նախագիծ են ընդունել, որով թույլատրվում է մարիխուանա աճեցնել ու վաճառել:

Որոշումն ընդունել է ազգային կոնգրեսը ու այն պաշտպանել են 29 սենատորներից 16-ը` երկարատև քննարկումներից հետո: Տվյալ նախագիծը թույլ կտա Ուրուգվային դառնալ աշխարհում առաջին երկիրը, թրտեղ մարիխուանան օրինականացվել է լրիվ: Օրենքը թույլ կտա երկրի բնակիչներին օգտագործել, գնել ու աճեցնել այդ մշակաբույսը ոչ կոմերցիոն նպատակով, ինչպես նաև` աճեցնել այն վաճառքի համար ` պետության հսկողությամբ:

Ցանկացած չափահաս ուրուգվայցի դեղատանը կարող է մեկ ամսում գնել մինչև 40 գ մարիխուանա: Ոչ առևտրային  մշակությունը սահմանափակվել է մինչև 6 թուփ` յուրաքանչյուր տան հաշվով: Արգելվում է մարիխուանա վաճառել օտարերկրացիներին:

Բացի այդ, տեղեկացվում է, ու մարիխուանայի գինն էլ մեկուկես անգամ ավելի քիչ կլինի, քան “փողոցում” է:

 

Հաջորդ տարվանից Անգլիայում կգրանցեն նույնասեռ ամուսնությունները

i (1)2014-ի մարտ ամսից Անգլիայում ու Ուելսում կօրինականացնեն նույնասեռ ամուսնությունները:

Օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսից` թագուհի Եղիսաբեթի հավանությանն արժանանալուց հետո, սակայն մինչև այժմ թույլատրված չէին:

Իրավահավասարության գծով նախարար Մարիա Միլլերի խոսքով,”հարաբերությունները գրանցելու համար պաշտոնական ծանուցում կներկայացվի մինչև 2014-ի  մարտի 13-ը:

“Դա ևս մեկ քայլ է ամուսնության էվոլյուցիայում: Ինձ թվում է, որ շատ զույգեր, երկրի տարբեր անկյուններում հիմա անհամբեր պատրաստվում են այդ կարևորագույն օրվան, որ իրենց սերն ու միմյանց նվիրվածությունն այդ կերպ արտահայտեն”-հայտարարել է Միլլերը:

Գործնականում  բոլոր քաղաքական առաջնորդները, բացի պահպանողականներից, տվյալ ձեռնարկը պաշտպանել են:

Կանադական ավիաուղիներից մեկը իրականացրել է ուղևորների ամանորյա խնդրանքները (տեսանյութ)

Կանադական, ավիաուղիներ, ամանորԿանադական WestJet ավիաուղիները համացանցում տարածել են մի հոլովակ, որտեղ ուղևորները ինչ-որ նվեր են խնդրում Սանտա Կալուսից՝ նախքան ինքնաթիռ բարձրանալը, իսկ ինքնաթիռից իջնելուց հետո ստանում են իրենց խնդրած իրը:

Հոլովակը YouTube-ում տեղադրվել է կիրակի օրը: Ոմանք սա ամանորյա տոների գեղեցիկ հիշեցում կարող են համարել, սակայն ոմանց համար սա պարզապես ամոթալի պրոմո ակցիա կարող է թվալ:

Տորոնտոյից և Համիլթոնից Կալգարի գնացող ուղևորներին հարցրել են, թե նրանք ինչ կցանկանային վիրտուալ Սանտա Կլաուսից:

Այդ հարցին պատասխանել են տարբեր տարիքի ուղևորներ, որից հետո 150 կամավորներ սլացել են մոտակա հանարախանութ և գնել ուղևորների խնդրած նվերները:

Այնուհետև Կալագարիում վայրէջք կատարելուց հետո ուղևորները իրենց ուղեբեռի փոխարեն ուղեբեռ տեղափոխող սարքի վրա գտել են իրենց անուններով Սանտա Կլաուսից խնդրած նվերները:

Այնուհետև հոլովակում ցուցադրվում է ուղևորների ուրախությունը, երբ նրանք բացում են նվերների արկղերը: Android պլանշետ խնդրած տղան չափազանց հուզված է այն տուփում հայտնաբերելով, իսկ մի ընտանիք մեծ էկրանով հեռուստացույց է ստանում, բնականաբար ավելի քիչ տպավորված էր ներքնազգեստ և գուլպաներ խնդրած մի ուղևոր:

Նա ու ևս մի քանի այլ ուղևորներ պետք է որ զղջան, որ ավելի մեծ ինչ-որ բան չեն խնդրել, սակայն ամեն դեպքում նրանք գիտեին, որ իրենց նկարում են Ամանորյա հրաշք հոլովակի համար:

 Անկախ

Անառողջ սնունդ և գազավորված ըմպելիքներ օգտագործող երեխաները երկու անգամ պակաս երջանիկ են, քան առողջ սնունդ օգտագործող երեխաները

անառողջ սնունդԱրագ սնունդը և գազավորված ըմպելիքները երեխաների շրջանում մեծ տարածում ունեցող դեպրեսիայի պատճառ կարող են լինել:

10-15 տարեկան երեխաների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ սպորտով զբաղվողները և առողջ սնունդ օգտագործողները երկու անգամ ավելի երջանիկ են:

Հետազոտության ժամանակ կարևոր դեր են կատարել երեխաների սեռը և տարիքը: Պարզվել է, որ ավելի մեծ տարիք ունեցող երեխաները հիմնականում ավելի դժգոհ են եղել, իսկ աղջիկները ավելի շատ են առողջ սնունդ օգտագործում:

Դեռահասները ավելի շատ են անառողջ սնունդ օգտագործում և ավելի քիչ երջանիկ են, քան իրենցից տարիքով փոքրերը:

Հետազոտության ընթացքում երջանկության մակարդակը գնահատվել է 20 հարցերի միջոցով՝ ներառյալ ինչպես են երեխաները շփվում իրենց հասակակիցների հետ՝ բարի և բաց են շփման մեջ, թե անհանգիստ ու ջղային են:

Էսեքսի համալսարանի Սոցիալ և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Կարա Բուկերը հայտնել է, որ չնայած այս հետազոտության մեջ անառողջ սնունդը կարևոր դեր ունի, սակայն սա չի նշանակում, որ այն չի կարելի ուտել, պարզապես այն չպետք է անընդհատ օգտագործել:

 Անկախ

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Էլիտա Գավելե, հավատարմագրեր,Էդվարդ ՆալբանդյանԴեկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էլիտա Գավելեին  (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և զարգացող համագործակցության առնչությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Լատվիայի նորանշանակ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա հայ-լատվիական տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաև արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Գավելեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ Լատվիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը և հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության առավել ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ փոխգործակցության օրակարգային հարցերի՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի խորացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան- Եվրոպական միություն հարաբերություններին, քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ:

Անկախ

Աշխարհի ամենացուրտ կետը. Անտարկտիդայում ցրտի նոր ռեկորդ է սահմանվել

 ամենացուրտ կետ,Անտարկտիդա, ռեկորդ Ըստ Ձյան և սառույցի ուսումնասիրությունների ազգային կենտրոնի՝ արևելյան Անտարկտիդայում ցրտի նոր ռեկորդ է գրանցվել՝ մինուս 93,2 աստիճան ցելսիուս:

NASA-ի արբանյակի տվյալներով՝ Երկրի վրա ցրտի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2010թ-ի օգոստոսին, այնուհետև այս տարվա հուլիսի 31-ին, որը կազմում էր մինուս 89,2 աստիճան ցելսիուս:

Ամեն դեպքում այս ռեկորդը չի գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ այս տվյալները վերցվել են արբանյակի, ոչ թե ջերմաչափի չափումներից:

ամենացուրտԳիտնականներից մեկը հայտնել էր, որ ինքը չի կարող այդ ցուրտը նկարագրել, սակայն գիտնականները Հարավային Բևեռում -40 աստիճան ցրտի պայմաններում մերկ շրջել են՝ ավելացնելով, որ այդ ջերմաստիճանում մարդը կարող է մոտ երեք րոպե դիմանալ:

Մեկ այլ գիտնական հայտնել է, որ Երկրի ինչ-որ կետում դիտված նման ցուրտը որևէ կապ չունի գլոբալ տաքացման հետ, քանի որ սա ընդամենը ինչ-որ վայրի միայն մեկ կետ է:

Անկախ