Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահը», թուրքական ռազմաօդային ուժերը պատասխան են տվել Սիրիայում Ալ-Քաիդայի մարտիկների ականային հարձակմանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի Գլխավոր շտաբը: Հայտնի է, որ ահաբեկչական կազմակերպության զինյալները, որոնք տեղակայված են Սիրիայում, կրակ են բացել թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալե քաղաքի վրա: Ընդհարման արդյունքում ոչ ոք չի տուժել:
Daily Archives: January 9, 2014
Զլատան Իբրահիմովիչը` հեթտրիկի հեղինակ
Արմեն Մազմանյան` երևանցի կարգին տղա, ազգի ցավով ապրող մարդ, ինքնատիպ մտածողությամբ արվեստագետ…
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի կամ ինչպես նրան մտերիմներն են կոչել` Մազի անժամանակ մահը ցնցել է շատերին: Ֆեյսբուքի հայտնի օգտատերերից ոմանք արդեն ֆեյսբուքի միջոցով կիսել են իրենց վիշտը:
Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Իմ սիրելի ուսուցիչ։((((…ՄԱՐԴ, ով միշտ Հպարտանում էր իր ուսանողներով և ապրում նրանց Հաջողություններով… Ազգանվեր, Ազգասեր, Ազգի ցավով ապրող՝ Մարդ, Հայր, Հայ։ Արմեն Մազմանյան. ողջ կյանքը պայքար էր, պայքարելով էլ գնաց… Լույս իջնի հոգուդ…:((»:
Սուրեն Սուրենյանցը գրել է. «1999-ի մայիսն էր, Մատենադարանի հարևանությամբ գտնվող մի բարում առաջին անգամ հանդիպեցի Արմեն Մազմանյանին:
Գինովցած էր, հախուռն շարժուձևով, բարձր ձայնով, աշխույժ աչքերով, փոքրամարմին այդ մարդը ինձ ինչ-որ բան էր պատմում:
Ծխի քուլան, կարծես թե, մեզ կտրել-մեկուսացրել էր արտաքին աշխարհից, ու Արմենն այնքան անմիջական էր խոսում՝ կարծես նույն պապի հարազատ թոռները լինեինք:
Մեկ-մեկ նրան ընդհատում էի՝ պարոն Մազմանյան դիմելով:
Վերջը չդիմացավ և կտրուկ ասաց. «Դե, Մազ ասա, էլի, այ տղա»:
Հետո մտերմացնաք, նրան հազար անգամ հանդիպեցի և հասկացա, որ այս խենթ տեսակի մեջ երկու ԵՍ-ի կռիվը հավերժ է՝ Մազմանյանը անհաշտ է Մազի, ռեկտորը՝ անկաշկանդ, ձեռագիր ունեցող մտավորականի, վերևներում ընկալվողը՝ էրևանցի կարգին տղու հետ:
Ինքն ինձ համար միշտ Մազ ու ուրույն տեսակ, ջիգյարով ընկեր ու էրևանցի կարգին տղա կմնա:
Ես կհիշեմ էն բարը, որը պատված էր ծխով, իր մեջ կռիվ տվող ու շրջապատի հետ յոլա չգնացող Մազին:
…Ու չեմ մասնակցի հրաժեշտ կոչվող արարողությանը, որովհետև Մազին հրաժեշտ տալ չեմ պատրաստվում…»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրել է. «Խորապես ցավում եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան առիթով:
Մենք կորցրեցինք ինքնատիպ մտածողությամբ, մշակութային կյանքում իր սեփական ուրույն ձեռագիրն ունեցող արվեստագետի, ով համարձակ էր ոչ միայն մշակութային, այլև քաղաքացիական դրսևորումներում:
Արմենի մահով մի երանգ էլ պակասեց մեր մշակույթի ներկապնակից ու այդ գույնի պակասը, վստահ եմ, դեռ երկար է զգացվելու հայ թատերարվեստում և մշակույթում ընդհանրապես։
Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին, ուսանողներին և իր շրջանավարտներին»։
Արմեն Մազմանյանի անժամանակ մահվան կապակցությամբ իր և Հանրային խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը.
«Նրա դերը մեծ է ոչ միայն արվեստի բնագավառում. որպես երիտասարդ հայրենանվեր գործիչ՝ Արմեն Մազմանյանը կանգնած է եղել ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ իր ներդրումն ունենալով նաև Ղարաբաղյան պատերազմի կարևորագույն հաղթանակի ձեռքբերման գործում:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ մտավորականի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին 53 տարեկանում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանը: Նա տառապում էր լյարդի ցեռոզ հիվանդությամբ:
Հիշեցնենք, որ նրա բուժումը արտերկրում իրականացնելու համար ՀՀ կառավարությունը գումար էր հատկացրել:
Արմեն Մազմանյանը 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1981-88թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան, ռեժիսոր, 1986-88թթ` պատանեկան թատրոնի ստուդիայում` որպես գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր: 1986-88թթ եղել է «Ակունք» ազգագրական երգչախմբի ռեժիսորը, 1987-89թթ` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր-ստաժոր: 1988թ-ից հիմնադրել և ղեկավարում է «Գոյ» թատրոնը, 1991թ-ից` «Գոյակ» մշակութային զարգացման գործարարական ընկերակցությունը, 1995թ-ից` «Ազատ արվեստի ակումբ» և «Հայարտ» նախագիծը, 1996թ-ից` «Ազատ թատրոն» նախագիծը: 1998-2009թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ղեկավար, պրոֆեսոր: 1983թ-ից հանդես է եկել մի շարք ներկայացումներում` որպես բեմադրիչ և դերասան` Զեյթունցյանի «Հիրոսիմա», «Ոտքի, դատարանն է գալիս», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Երնջակյանի «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է», Շեքսպիրի «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», Սթեյվիսի «Գալիլեյ», Ռադինսկու «Նեոնի և Սենեկայի թատրոնը», Ռիբակովի «Արբատի զավակները», Մոեմի «Լուսին և գրոշ», Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս», Նժդեհի «Հայաստան և ճշմարտություն», Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլն: 1980թ. Բաքվի «Թատրոնի տեսություն» միջազգային կոնգրեսում արժանացել է 2-րդ մրցանակին, 1987թ. Ալմա-Աթիի թատրոն-ստուդիաների համամիութենական փառատոնին` 1-ին մրցանակին: Մասնակցել է բազմաթիվ այլ փառատոների Ռուսաստանում, Հարավսլավիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Հայաստանում: Նկարահանվել է «Ընտրություն», «Տղամարդկային գործ», «Ճակատագիր», «Ես եմ» ֆիլմերում: Կազմակերպել և նախաձեռնել է բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ, արվեստի երեկոներ, շնորհանդեսներ, շոու-ծրագրեր, ցուցահանդեսներ, հեռուստանախագծեր: Մասնակցել է արցախյան մարտերին և եղել է «Մուշ» զորամիավորման ջոկի հրամանատարը: 2000-02թթ եղել է «Ազատամարտի վետերանների միություն» կազմակերպության համանախագահը: Կազմակերպել է ՀՀ ԶՈւ ստեղծման 15, 17, 19 և 20-ամյակներին նվիրված տոնահանդեսներ: Արժանացել է «Գարեգին Նժդեհ» շքանշանի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, Մարտական ծառայության մեդալի:
Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 18.00-20.00-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12.00-14.00-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։
Ֆրանսիան սատարում է սիրիական հարցով Ժնև-2 կոնֆերանսի անցկացումը
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ իրենք կողմ են Սիրիայի հարցով Ժնև-2 կոնֆերանսի անցկացմանը, որը նախատեսվում է այս ամիս: «Մենք սատարում ենք կոնֆերանսի անցկացման գաղափարը, սակայն դա իրականացնելը բավականին դժվար է, քանի որ ընդդիմությունը, համաձայնելով մասնակցել հավաքին, միևնույն ժամանակ դեմ է, որպեսզի այս միջոցառումը ուղղված լինի Բաշար Ասադի իշխանության ապահովմանը: Ինքը՝ Ասադը, հայտարարում է, որ նպատակ ունի Ժնև ուղարկել իր ներկայացուցիչներին, սակայն ես միանգամայն վստահ չեմ, որ նա կարող է բանակցել իշխանությունից հեռանալու շուրջ: Բաշար Ասադը պատրաստ չէ հեռանալ, սակայն կոնֆերանսին մասնակցող աշխարհի առաջատար տերությունները նրան կդրդեն այդ քայլին»,-նշել է Ֆաբիուսը:
Սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված Ժնև-2 կոնֆերանսը նախատեսվում է անցկացնել հունվարի 22-ին Մոնտրե քաղաքում: Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ օրը Ժնևում:
Շարունակվում է ընդունելությունը «UWC Դիլիջան» միջազգային դպրոց եւ UWC քոլեջների ցանց
Շարունակվում է ընդունելությունը «UWC Դիլիջան» միջազգային դպրոց եւ UWC քոլեջների ցանց` 2014-2016թթ. համար: 2014 թ. սեպտեմբերին «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը իր դռները կբացի առաջին 90 աշակերտների առջեւ:
Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 17 քաղաքացիներ` 10-ը «UWC Dilijan միջազգային դպրոցում» եւ 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում:
«UWC Dilijan» միջազգային դպրոցում եւ UWC այլ դպրոցներում սովորելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014թ. օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելին, քան 18 տարեկան:
Բոլոր ցանկացողները կարող են հայտադիմումը լրացնել www.am.uwc.org կայքի միջոցով: Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է 2014թ. փետրվարի 17-ին: 2014թ. մարտին իրականացվելու է դիմորդների ընտրության գործընթացը:
Քանի որ դասավանդումը դպրոցում լինելու է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է բավարար չափով տիրապետեն անգլերեն լեզվին:
Ընդունելության հայտում աշակերտները հնարավորություն ունեն հերթականությամբ նշել UWC այն դպրոցների ցանկը, որտեղ ցանկանում են սովորել։
Ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմնի` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից: Կոմիտեն կազմավորվում է UWC-ի կողմից, դրանում ընդգրկվում են նաեւ UWC դպրոցների շրջանավարտներ: Ընդունելության մասին վերջնական որոշումը կայացվում է «UWC Dilijan» միջազգային դպրոցի կողմից` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ նրանից, թե ի՞նչ ծագում ունեն: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող, սոցիալապես ակտիվ եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ:
UWC համակարգում դասավանդվում է Միջազգային Բակալավրիատի (IB) դիպլոմա ծրագիրը, որն հետագայում աշակերտներին հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում:
«UWC Dilijan» միջազգային դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ $30 հազար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:
UWC համակարգի տարբեր դպրոցներ առաջարկում են ուսման տարբեր պայմաններ: Օրինակ, Սինգապուրի UWC դպրոցը պատրաստ է մեկ տեղ հատկացնել հայաստանցի դիմորդի համար եւ ապահովում է նրա ուսման հետ կապված բոլոր ծախսերը: Կլինեն դեպքեր, երբ UWC դպրոցները տեղեր կտրամադրեն առանց կրթաթոշակի եւ այդ դեպքում դիմորդը ինքնուրույն պետք է հոգա այդ ծախսը: Բացառիկ տաղանդավոր երեխաների դեպքում «UWC Dilijan» միջազգային դպրոցի հիմնադիրները կարող են միանալ հովանավորներ ներգրավելու գործին:
Ումից է դժգոհ «Մանչեսթեր յունայթեդի» մարզիչը
Անգլիական «Մանչեսթեր յունայթեդը» ազգային առաջնությունում կայացած 20 տուրից հետո 34 միավորով 7-րդ տեղում է: Թիմը 22 տարվա ընթացքում առաջին անգամ երեք անընդմեջ պարտություն է կրել։
Գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո կտրուկ քայլերի դիմել: Նա հրաժարվելու է մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից:
50-ամյա շոտլանդացի մասնագետը հույսեր չի կապում անգլիացի Ռիո Ֆերդինանդի, Նեմանյա Վիդիչի, Պատրիս Էվրայի, Խավյեր Էրնանդեսի, Նանիի, Ալեքս Բյուտների, դարպասապահ Անդերս Լինդեգորի հետ։
“Հայաստան” տոնավաճառը` միջազգային փառատոնի պատվավոր երրորդ մրցանակակիր
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների շրջանակում դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված “Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ” խորագրով միջազգային փառատոնին մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը: Մոսկվայի տարբեր հատվածներում բացված ամանորյա շուրջ 34 տոնավաճառների շարքում “Հայաստան” տոնավաճառը մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին ներկայացել է իր առանձնահատկությամբ ու ինքնատիպ: Ի դեպ, փառատոնին մասնակցել են ՌԴ, ԱՊՀ և Եվրոպայի տարբեր քաղաքներ:
Պուշկինի հրապարակում բացված “Հայաստան” տոնավաճառն այցելուներին առաջարկել է հայկական բազմատեսակ արտադրանքներ, այդ թվում` հուշանվերներ, ավանդական քաղցրավենիք և այլ մթերքներ: Ի դեպ, հայկական տոնավաճառում տեղադրվել էր նաև հայկական ավանդական թոնիր՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին ճաշակելու նոր թխված հայկական ավանդական լավաշ:
Փառատոնի պաշտոնական կայքէջի կազմակերպած հարցումներով “Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ” փառատոնում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել է “Հայաստան”տոնավաճառը:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, շնորհակալություն հայտնելով հայկական տոնավաճառի կազմակերպիչներին մասնակցության և արձանագրած հաջողության համար, ընդգծել է, որ “Հայաստան” տոնավաճառն իսկապես առանձնահատուկ էր իր կոլորիտով:
Մոսկվայի քաղաքապետը ՌԴ մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանին է հանձնել պատվավոր մրցանակը: Փառատոնում պատվավոր առաջին և երկրորդ մրցանակներին, համապատասխանաբար, արժանացել են “Ժամանակակից Մոսկվա” և “Եվրոպայի քաղաքներ” տոնավաճառները:
Բրազիլացի տղամարդը համարում է, որ ինքը Հիսուսն է և հարյուրավոր հետևորդներ ունի (լուսանկարներ)
66-ամյա բրազիլացի տղամարդը 35 տարի անց է կացրել Աստծո խոսքը քարոզելով և իրեն Հիսուսի վերամարմնավորումն է համարում:
Ինրի Քրիստոն ամբողջ աշխարհում հարյուրավոր հետևորդներ ունի, իսկ ոմանք նրա հետ բնակվում են մայրաքաղաք Բրազիլիայից արվարձանում գտնվող եկեղեցական համալիրում:
1979թ-ից ի վեր նա ճանապարհորդել է աշխարհի 27 երկրներում, ինչևէ իր հակասական հայացքների պատճառով նրան արտաքսել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Վենեսուելայից:
Եկեղեցում բնակվող նրա հետևորդների մեծ մասը կանայք են, որոնք Ինրիին հետևել են տասնամյակներ շարունակ: Նրանցից տարիքով ամենամեծը 85 տարեկան է և Ինրիին հետևել է 32 տարի շարունակ, իսկ ամենաերիտասարդը՝ 24:
Ոստիկանությունը Ինրիին 40 անգամ ձերբակալել է՝ Հիսուսի նման հագնվելու, կապիտալիզմի, հղիության արհեստական ընդհատման և նույնիսկ Սուրբ Ծնունդի վերաբերյալ ոչ ուղղափառ հայացքների պատճառով:
Չնայած Ինրին իրեն վերածնված Հիսուս է համարում, այնուամենայնիվ, հրաժարվում է տոնել Սուրբ Ծնունդը և այն համարում է հարուստների կողմից աղքատներին նվաստացնելու օր:
Այժմ նա Բրազիլիայի արվարձանում ղեկավարում է իր սեփական եկեղեցին, որը նա անվանում է Նոր Երուսաղեմ:
Տարօրինակ ապրելակերպի պատճառով քննադատները նրան հոգեկան հիվանդ են համարում, իսկ Ինրին մերժում է այդ մեղադրանքները:
Հայ շախմատիստները մնացին առանց մրցանակի
Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 17 երկրների 72 շախմատիստներ, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ 25-ամյա Տաթև Աբրահամյանը և 13-ամյա Սամուել Սևյանը, 9 հնարավորից վաստակելով 5,5-ական միավոր, հայտնվեցին 11-22-րդ տեղերը զբաղեցնողների խմբում: Աբրահամյանը լրացրեց տղամարդկանց միջազգային վարպետի նորման:
6,5-ական միավորով 1-6-րդ տեղերը բաժանեցին 6 շախմատիստներ: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույնը ճանաչվեց Կանադայի ներկայացուցիչ Անտոն Կովոլյովը:
ԱՄՆ-ում հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 1958 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը 2012 թ. օգոստոսի 31-ից ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 846 հոդվածի 21-րդ մասի /թմրադեղերի ապօրինի պահելը` դրանք իրացնելու նպատակով/ մեղադրանքով: Այս մասին Անկախին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մոսկվայում ավազակային հարձակման համար հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում
Հունվարի 8-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վարդան Մ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով: Այս մասին Անկախը տեղեկանում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Քաղաքացիների ընդունելությունները սահմանված ժամանակացույցով շարունակվելու են
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ
մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2013 թվականի ընթացքում հստակ ժամանակացույցով կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ:
2013 թվականի 12 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 2504 քաղաքացի: Վերջինների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և դրական լուծումներ:
Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին տարվա կտրվածքով մասնակցել է 5895 քաղաքացի: Ներկայացված 5109 հարց համապատասխան լուծում է ստացել: Բարձրացված հարցերից 786-ը մերժվել է՝ դրանց լուծումները վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չլինելու պատճառով:
Տարվա ընթացքում վարչական շրջաններում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է նաև անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բարձրացված հարցերին տեղում լուծումներ տվել:
Քաղաքապետարանում և վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցի համաձայն քաղաքացիների ընդունելությունները շարունակվելու են նաև 2014թ.-ին:
Դավիթաշենի կամրջի վրա թույլատրելի արագությունը` 40 կմ/ժամ. ոստիկանության մեկնաբանությունը
Ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել է 40 կմ/ժ:
Ինչպես Անկախին տեղեկացնում են ոստիկանությունից, նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ռոնալդուն փոխել է որոշումը, Մեսին էլ` կլինի Ցյուրիխում
Հունվարի 13-ին Ցյուրիխում հայտնի կդառնա աշխարհի 2013-ի լավագույն ֆուտբոլիստի անունը, կկատարվի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը:
Պարգևին հավակնում են Լիոնել Մեսիին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ» Մադրիդ) և Ֆրանկ Ռիբերին («Բավարիա»):
Սկզբում Ռոնալդուն հրաժարվել էր ներկա գտնվել, սակայն ներքին կարգով հայտնել են, որ հենց նա է ստանալու պարգևը: Դրանից հետո պորտուգալացին փոխել է որոշումը:
Երբ Մեսիին հարցրել են, թե նա գալու է, նա այսպիսի պատասխան է տվել.
«Երբեք չեմ հրաժարվել այդ միջոցառմանը մասնակցելուց: Ինձ համար միշտ հաճելի է լինել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում: Կարևոր չէ` ես կճանաչվե՞մ լավագույնը, թե՞ ոչ»:
Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ազգայնացնել շուրջ 300 կղզի
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 280տեր չունեցող կղզիներ ազգայնացնել, որոնք գտնվում են իր տարածքային ջրերի սահմաններում ու տնտեսական բացառիկ գոտում:
Մոտ ժամանակներում իշխանությունները պլանավորում են ստուգել դրանց պատկանելությունը: Դրանից հետո հայտնի կդառնան ազգայնացման ենթակա կղզիների իրական թիվն ու գտնվելու վայրը:
Նախնական տվյալներով,կազգայնացվեն ցամաքի 280 կտորներ: Դրանցից մի քանիսը հնարավոր է Ճապոնիայի, Չինաստանի ու Հարավային Կորեայի հետ վիճարկման նյութ դառնան, ինչպես 2012-ին եղավ Չինաստանի հետ` կապված Սենկակու արշիպելագի ազգայնացման հետ:
Ճապոնիան ազգայնացրել է Հարավ-չինական ծովի անմարդաբնակ կղզիները, սակայն Չինաստանն ու Թայվանը մինչ օրս իրենց իրավունքներն են ներկայացնում այդ տարածքի նկատմամբ, որտեղ հայտնաբերվել են օգտակար հանածոներ:
«Արմեն Մազմանյանի անժամանակ մահը կորուստ և ցավ է բոլորիս համար». Հանրային խորհուրդ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի կողմից ցավակցական հեռագիր է հղել Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.
“ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի անժամանակ մահը կորուստ և ցավ է բոլորիս համար:
Նրա դերը մեծ է ոչ միայն արվեստի բնագավառում. որպես երիտասարդ հայրենանվեր գործիչ՝ Արմեն Մազմանյանը կանգնած է եղել ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ իր ներդրումն ունենալով նաև Ղարաբաղյան պատերազմի կարևորագույն հաղթանակի ձեռքբերման գործում:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ մտավորականի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին”:
Հանրությունը պետք է հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա, Սուրբ ծննդի կապակցությամբ և բոլորիս ցանկանում, որպեսզի 2014 թվականը լինի աշխատանքային հաջողությունների տարի: Մեզ լարված աշխատանք է սպասվում, և առաջին հանձնարարականը, որ ուզում եմ տալ, հետևյալն է. մենք հաստատել ենք 2014թ. գերակա խնդիրները` ըստ նախարարությունների, գերատեսչությունների: Խնդրում եմ ձեր գերակա խնդիրների և տարվա ծրագիրը զանգվածային լրատվական միջոցներով ներկայացնել մեր հանրությանը, որպեսզի հանրությունը 2014 թվականին հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը ըստ նախարարությունների և ըստ գերատեսչությունների»:
Օրակարգի առաջին իսկ հարցով գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների 100 կետից բաղկացած ծրագիրը և 77 կետից բաղկացած գերակա խնդիրները, 2014թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները:
Օրենսդրորեն կարգավորվում են հատուկ հաշիվները
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է ապահովել հատուկ բանկային հաշիվների համար համապատասխան իրավական դաշտը:
Կառավարության հավանությունն է ստացել «Շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի ապահովել նշված օրենքների դրույթների համապատասխանությունը «Լիցենզավորման մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև ոլորտի կարգավորումը և առկա խնդիրների վերացումը:
Նիստում հավանության է արժանացել «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին», «Շուկայի վերահսկողության մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և միտված է շուկայի վերահսկողության իրավական և կազմակերպական հիմքերի, շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի շնորհիվ ակնկալում է կարգավորել և հստակեցնել ուսանողների հրամանագրման, կլինիկական օրդինատորի ուսուցման ժամկետների, ինչպես նաև բուհերի հավատարմագրման գործընթացները:
Նիստում հավանություն է տրվել «Համապատասխանության գնահատման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում վտանգավոր սննդամթերք հայտնաբերելիս անմիջապես կկասեցվի դրա իրացումը:
Կառավարությունը քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա կարծիքով նախագծի ընդունմամբ կվերացվի քրեակատարողական օրենսդրության մեջ առկա օրենքի և ենթաօրենսդրական ակտերի անհամապատասխանությունը: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Նիստում քննարկվել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը, որովհետև «ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Իրականացվում են պետական աջակցության ծրագրերը
ՀՀ կառավարությունը որոշել է արդյունաբերության զարգացման հիմնադրամը ճանաչել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հետ կապված աշխատանքների և ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան տարվա` պետական աջակցության ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագրի գլխավոր օպերատոր: Նույն որոշման երկրորդ կետով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ): Որոշմամբ սահմանվում է, որ Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող շենքի շինարարության ավարտից հետո` նախքան շենքի գրանցումը, նշված անշարժ գույքի պահպանությունն իրականացվելու է ՁԻՀ-ի կողմից, իսկ Գյումրու տեխնոպարկի գործունեության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ձեռք բերված մոտ 70 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը օգտագործելու նպատակով նվիրվել է ՁԻՀ-ին:
2012թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքով 2014թ. հունվարի 1-ից վերացվում է նվազագույն շահութահարկի համակարգը, ուստի ուժը կորցրած է ճանաչվել կառավարության նախկին որոշումներից մեկը, որով որոշակի գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված էին նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի նվազեցման արտոնություններ:
Կտրամադրվի անվճար իրավական օժանդակություն
ՀՀ կառավարությունը սահմանել է`
-հոգեբուժական կազմակերպությունում բուժվող անձին իրավական օժանդակություն տրամադրելու կարգը,
-Հայաստանում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու որոշման փոփոխություններն ու լրացումները, որոնց նպատակն է այդ տեսակներով մատուցված ծառայությունների պարզեցումը,
-միջազգային առողջապահական կանոնների հարցերի ազգային համակարգող մարմնի գործառույթների լրացումները համընդհանուր լաբորատոր ցանցի տեսակետից, ինչը կնպաստի այդ կանոնների կիրառման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների, ինչպես նաև համընդհանուր լաբորատոր ցանցի ձևավորման գործողությունների արդյունավետ համակարգմանը:
Գործադիրը հավանություն է տվել անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործառույթների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգին և դրա կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում հեռաբժշկության ցանց ստեղծելու փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:
Գործադրի որոշումներով Երևանի «Ցիտո ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր, իսկ «Բեկոր» ՓԲԸ-ին թույլատրվել է մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ:
Հեղուկն արգելվել է Շերեմետևոյում ու Վնուկովոյում
Մոսկվայի Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում հայտարարել են օդանավով հեղուկի տեղափոխման արգելքի Ռոսավիացիայի նոր կանոնների մասին:
Ուղևորներին արգելվել է ինքնաթիռ մտցնել ցանկացած հեղուկ, ցանկացած տարայով: Ավելի վաղ այդ կանոնը չէր տարածվում 100 մլ շշերի ու մանկական սննդի վրա: Հիմա ամեն անհրաժեշտ բան` դեղորայքից` կաթի շիշ, պետք է հանձնվի որպես ուղեբեռ: Դեղորայքը կարող է մնալ ուղևորի մոտ, եթե համապատասխան դեղատոմս կա, որն ապացուցում է, որ այն թռիչքի ընթացքում կենսականորեն անհրաժեշտ է:
Նոր կանոններն ուժ մեջ կմտնեն մարտի 21-ից: Վնուկովոյի տեղեկատուի տեղեկացմամբ, արգելքը Ռոսավիացիան է սահմանել` Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի կապակցությամբ:
Իսկ մյուս ռուսական օդանավակայաններում, այդ թվում նաև Դոմոդեդովոյում, նման փոփոխությունների մասին չեն խոսում:
50 հազար դոլար տուգանք` հակառակորդի քուղերը քանդելու փորձի համար
Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) տուգանել է “Նյու Յորք” թիմի պաշտպան Ջեյ Ար Սմիթին 50 հազար դոլարով: Նման պատիժ է կայացվել այն պատճառով, որ բասկետբոլիստը փորձել է “Դեթրոյտ” ակումբի մրցույթում,տուգանային նետման ժամանակ քանդել հակառակորդի քուղերը:
Անցած շաբաթ “Դալասի” ակումբի խաղում նա նույն հնարքին էր դիմել, սակայն դրանից հետո NBA-ն Ջեյ Ար Սմիթին զգուշացրել էր ու խնդրել ձեռնպահ մնալ նման արարքներից:


