Հենրիխ Մխիթարյանի թիմը ընկերական խաղ կանցկացնի

հմ524b30d8cf7d5_largeՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայի Լա Մանգա քաղաքում։ Հավաքը կշարունակվի մինչև հունվարի 17-ը:

Հունվարի 11-ին գերմանական ակումբն ընկերական հանդիպում կանցկացնի բելգիական «Ստանդարտի» հետ։

Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Պենտալա Հարիկրիշնան է

լևոն-հարիկr03-03Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքի մարզապալատում այսօր պայքարը կսկսեն «Տատա Սթիլ» շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցները:

Կայացել է վիճակահանությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը կմրցի  Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Հայ շախմատիստը հանդես կգա սև խաղաքարերով:

Ի դեպ, նախորդ տարի այս ստուգատեսի 3-րդ տուրում կայացած Արոնյանի և Հարիկրիշայի մրցամարտը խաղաղ ելք էր ունեցել:

Առաջին տուրում կկայանան նաև Դոմինգես-Գիրի, վան Վելի- Կարյակին, Կարաունա- Գելֆանդ, Ռապորտ-Սո, Նակամուրա-Նայդիչ հանդիպումները:

Մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով: Կխաղացվի 11 տուր: Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 26-ին:

Հավելենք, որ Արոնյանն այս ստուգատեսում նախկինում երեք անգամ ուժեղագույն է ճանաչվել:

Չինաստանում հրդեհը ավերել է տիբեթյան հնագույն քաղաքը

unnamedՉինաստանի Յունան նահանգում գտնվող, զբոսաշրջիկների շրջանում հայտնի տիբեթյան քաղաքը ավերվել է 10 ժամ տևած հրդեհից:

Տուժածների և հրդեհի առաջացման պատճառի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել:

Դեքեն պրեֆեկտուրայի կառավարությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է շաբաթ օրը վաղ առավոտյան Տիբեթի հնագույն քաղաքներից մեկում: Հրդեհի դեմ պայքարել են 1,000 հրշեջներ:

Պետական Սինխուա լրատվական գործակալությունից հայտնել են, որ հրդեհից ավերվել է 100 տուն: Չինաստանի Կենտրոնական հեռուստակայանը տեղեկացնում է, որ քաղաքում շինություների մեծ մասը փայտից են պատրաստված և հրդեհը արագ տարածվել է չոր եղանակի պատճառով:

Պետության ղեկավարը խոստովանել է` կախարդություն է կիրառել

ol3001389346271ՀԱՀ-ի նախագահ ու Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախագահ Ջեյկոբ Զուման,  համաքաղաքացիներին խոստովանել է, որ անցյալում բազմիցս կիրառել է սև մոգություն` սպիտակ մարդկանց հանդեպ:

Նրա խոսքերով, վուդուի սարսափելի հնարքներ է կիրառել ՀԱՀ-ի սպիտակամորթ բնակչության հանդեպ` ապարտեիդի քաղաքականության խտրականության սկզբունքների կիրառման շրջանում:

ԿաՆյամազան գյուղում ելույթ ունենալով, նա խոստացավ նաև, որ կվերադառնա այդ բնակավայր ու մի քանի կով կմորթի, որ շքեղ տոնակատարություն կազմակերպի, եթե հաջորդ ընտրություններում իր գլխավորած կոնգրեսը ընտրողների ձայների 90%-ը ստանա:

Բացի այդ, նա հավատացրել է, որ պատրաստվում է մինչև կյանքի վերջ ծառայել հայրենիքին:

Պատմության այս օրը

imagesՀունվարի 11-ը կարելի է  համարել  տարվա ամենա”հարգալից” օրը, քանի որ այսօր նշվում է “Շնորհակալության” միջազգային օրը:

Շնորհակալության խոսքերը մոգական հատկություն ունեն ու, դրա օգնությամբ մարդիկ միմյանց երջանկություն են պարգևում, արտահայտում իրենց ուշադրությունը ու դրական զգացմունքներ փոխանցում, առանց որոնց կյանքը շատ մռայլ կլիներ:

Իսկ սեպտեմբերի 21-ին նշվում է Երախտագիտության համաշխարհային օրը:

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Կուբա

005. Armenian- Cuban talksՀունվարի 10-ին Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կուբա։

Հավանայում Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը նշեց, որ Կուբայում ամենայն ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և վստահություն հայտնեց, որ առավել, քան տաս տարվա ընդմիջումից հետո առաջին բարձրաստիճան այցելությունը նոր թափ կհաղորդի ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ իր այցելությունը միտված է ամրապնդելու Կուբայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ։

Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Կուբայի կառավարության կողմից երկրի տնտեսության արդիականացման նպատակով նախատեսվող բարեփոխումները։ Նա ընդգծեց, որ Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և հնարավոր այլ ուղղություններով։

Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը և Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին առևտրատնտեսական, առողջապահությանս, գիտակրթական և մշակութային բնագավառներում համագործակցությունը ընդլայնելու նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը։

Նույն օրը տեղի ունեցան Հայաստանի և Կուբայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Բրունո Ռորդիգես Պարիյայի բանակցությունները։

Ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Կուբայի արտգործնախարարը խնդրեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ողջույններն ու բարեմաղթանքները։

Նախարար Ռոդրիգեսը նշեց, որ իր երկրում բարձր են գնահատում երկրում մի քանի տասնամյակ աշխատած հայ մասնագետների ներդրումը, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեցել Կուբայի զարգացման գործում։

          Հանդիպման ընթացքում նախարարները վերահաստատեցին իրենց երկրների շահագրգռվածությունը հիմնվելով պատմականորեն ձևավորված փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա՝ գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների ամրապնդման, խորացման և ընդլայնման նպատակով։

Հայաստանի և Կուբայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, գիտակրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերը:

Տուրիզմի խթանման նպատակով զրույցի ընթացքում կարևորվեց Հայաստանի քաղաքացիների համար Կուբա մուտքի դյուրացումը։

Կուբայի արտգործնախարարը ներկայացրեց լատինամերիկյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և դրանցում իր երկրի դերակատարությունն ու մոտեցումները։

Իր հերթին նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանին և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ։

Հայաստանի արտգործնախարարը Կուբացի գործընկերոջը հրավիրեց այցելել Երևան։

Նախարարական հանդիպումից հետո Կուբայի արտգործնախարարը պաշտոնական ընդունելություն տվեց Հայաստանի ԱԳ նախարարի պատվին, որին ներկա էին Կուբայի ԱԳՆ ղեկավարությունը, Հավանայում հավատարմագրված շուրջ հինգ տասնյակ դեսպաններ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Կուբայի խորհրդարանի փոխնախագահ Աննա Մարիա Մարի Մաչադոյի հետ։

Կուբայի խորհրդարանի ղեկավարի տեղակալը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Կուբայի օրենսդիր մարմինը ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում։

Այդ համատեքստում շեշտվեց երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-կուբական բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը զրուցակիցների համոզմամբ լրջորեն կխթանի համագործակցության ընդլայնումը։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Կուբայի արտաքին առևտրի և ներդրումների նախարար Ռոդրիգո Մալմիերկա Դիազի հետ հանդիպման ընթացքում  հանգամանալից քննարկվեցին երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մալբիեկան՝ ընդգծելով կուբական կողմի շահագրգռվածությունը խորացնել Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը, մանրամասն տեղեկություններ հաղորդեց Կուբայում ծրագրվող տնտեսական բարեփոխումների և ընձեռվող հնարավորությունների վերաբերյալ։ Այս համատեքստում արծարծվեց երկու երկրների Առևտրի պալատների միջև փոխգործակցության հաստատման հնարավորությունը։

Կուբայի արտաքին առևտրի նախարարը հրավիրեց Հայաստանին մասնակցելու այս տարվա աշնանը կայանալիք Հավանայի ամենամյա միջազգային ցուցահանդեսին՝ պատրաստակամություն հայտնելով անվարձահատույց տարածք տրամադրել հայկական տաղավարի համար։

Նախարարները կարևորեցին տնտեսական շրջանակային համաձայնագրերի նախախապատրաստումը՝ որպես այդ բնագավառում փոխգործակցության խթանման կարևոր քայլ։

Հավանյում Էդվարդ Նալբանդյանը այցելեց Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի գիտահետազոտական կենտրոն, ուր հանդիպում ունեցավ կենտրոնի ղեկավարության և գիտաշխատողների հետ, որոնք Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին իրենց հետազոտությունների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

Զրույցի ընթացքում արծարծվեցին Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի կենտրոնի և Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի համապատասխան կառույցների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

005. Minister Nalbandian meets Cuban Deputy PM a

Հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետևյալ կայքէջից` http://www.mfa.am/video/video.html:

ՄԱՐԴԸ ԳՆՈՒՄ Է, ԱՆՈՒՆԸ` ՄՆՈՒՄ. «Ջավախք» հայրենակցական միությունը ցավակցում է Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան առիթով

E0006085-4767-48A5-ABE0-AAC622101C17_w640_r1_s_cx0_cy40_cw0Սրտի խոր կսկիծով լսեցինք ժամանակակից հայ արձակի ամենավառ ու ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` Լևոն Խեչոյանի մահվան բոթը: Այլևս մեզ հետ չէ մեր ընկերը, հայրենակիցը, զգայուն ու ազնիվ հայը, փայլուն գրողն ու մտավորականը: Նախախնամության կամոք մարդկային մտքի ու ոգու մի հզոր ընթացք կասեցվեց, մի լուսավոր նպատակ խաթարվեց, որի կրողն իր կառավար թափի մեջ դեռ շատ ասելիք ու անելիք ուներ: Ավաղ, մեզ մնաց եղածով, ստեղծվածով բավարարվելու մխիթարությունը, իսկ մնացածը նա իր հետ երկինք տարավ` Աստծո տվածը վերադարձնելու:

Ջավախքում էր ծնվել, հպարտ էր, որ ջավախքցի է, Ջավախքը հպարտ էր, որ  նման պայծառ զավակ ուներ: Բայց լինելով փառահեղ ջավախքցի, նա, այնուամենայնիվ, զերծ մնաց էժանագին գավառական հայրենասիրության տարփողումից, նրա հոգում ապրող լայնախոհ հայը իր մեջ ընդգրկուն ու ամբողջական պահեց Հայաստան աշխարհի հոգսն ու ուրախությունը, խինդն ու դառնությունը, և պետական ու ազգային արժեքները բացառապես համահայկական շահերի համատեքստում արժևորեց:

Արցախում պատերազմ էր` ինքը զենքը ձեռքին զինվոր էր, ապա խաղաղություն էր` ինքը դարձյալ զինվոր էր` այս անգամ գրասեղանի առաջ ու հասարակական կյանքում: Նրա տեսակը երկրի սահման պահող տեսակ էր, հող ու հայրենիք շենացնող և վեհացնող, ազգ ու ժողովուրդ պաշտող տեսակ էր:

Պղնձի փափկությունը իր վարքով ու նկարագրով էր մերժում, ինքը երկաթի կարծրության մեջ էր: Ուժեղի ճակատագիր է` նրանք ձիու վրա ու մտրակը ձեռքերին են գնում: Միտքն անընդհատ բառ ու տողի կախարդանքով էր հմայված, գրականության, գրական տեքստի հանդեպ ինչ-որ վերերկրային պաշտամունք ուներ, բծախնդիր մի սևեռում, ինչն էլ նրա արձակը դարձնում էր ջղուտ ու անխոցելի: Զարմանալի հոտառություն ուներ գրական տեքստի ընկալման և գնահատման հարցում, իր նկարագրածը տեսանելի դարձնելու անվրեպ աչք ուներ, իր մտքով տեսածը մեզ աչքով տեսցնելու անուրանալի տաղանդ: Եվ դա նրա գրողական խաչն էր, հավատամքը, նրա այրումն ու մոխրացումը: Վարպետ էր արձակի մեջ, ճշմարիտ արձակի այդ հրեղեն թափի սանձը ձեռքին էր, բայց, ափսոս, ապրած կյանքը մի տեսակ տերյանական խոհով ու տխրությամբ ամփոփվեց. «Ինչ մնաց ինձ` ոսկյա մի ցանց, ուրիշ ոչինչ…»: Մնաց գիրը, մաշկազերծ իրականությամբ վավերացված գիրը, վարպետ արձակագրի աջով կնիքավորված գիրը…

Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան առիթով մենք մեր վշտակցությունն ենք հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Ինքն այլևս չկա, բայց կա իր ծանրակշիռ վաստակն ու թողած բարի անունը: Ուրեմն կա նաև մխիթարվելու խոհեմությունն ու խոնարհումի արժանապատվությունը: Աստված հոգին լուսավորի, և ինչպես Ջավախքում են ասում, թող որ լույսի փայ դառնա:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահություն

Ռենուարի բնապատկերը` ընդամենը 7 դոլարով

o_877570Վիրջինիա նահանգի դատարանը պարտադրել է ամերիկուհուն Մերիլենդի արվեստի թանգարանին վերադարձնել Ռենուարի վրձնին պատկանող մի կտավ, որը նա գնել է  հնոտիքի տոնավաճառում, ընդամենը 7 դոլարով:

Կտավի տիրուհին ասում է, որ իր ուշադրությունը գրավել է առաջին հերթին շրջանակը, ոչ թե պատկերը: Հետագայում նա կտավը փորձագետների մոտ տարավ, ովքեր էլ պարզեցին, որ այն  Ռենուսարի` “Բնանկար Սենայի ափին” կտավն է, որ նկարիչը վրձնել է 1879-ին:

Բնապատկերը գնահատվել է 100 հազար դոլար: Ուրախացած տիրուհին որոշել է այն աճուրդով վաճառել: Սակայն չի ստացվել.պարզվել է, որ այն առևանգվել էր դեռևս 1951-ին , իսկ հիմա պետք է վերադարձվի թանգարան:

Հետախուզվողները ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին

images (1)Հունվարի 10-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Հունվարի 10-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Սուսաննա Վ.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով:

 

Սղոցով անտառից երկու ծառ է հատել

imagesՀունվարի 10-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհով Վանաձոր ընթացող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, հնարավոր է, ապօրինի փայտանյութ է տեղափոխում:
Ոստիկանները ժամը 23.40-ին Փամբակ գյուղի վարչական տարածքից բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գևորգ Զ.-ին` իր վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված 2 խմ ծավալի փայտանյութով:
Վարորդը բացատրություն է տվել, որ նույն օրը ձեռքի սղոցով Եղեգնուտ գյուղի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 2 բոխի և ցանկացել տեղափոխել իր տուն:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

download (3)Վրաերթ խաչմերուկում

Հունվարի 10-ին, ժամը 08.10-ին, թիվ 39 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուսաննա Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Պատահար Երևանի Տերյան փողոցում

Հունվարի 10-ին, ժամը 00.40-ին, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցի թիվ 71 շենքի դիմաց բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

ԿԱՀ-ից շտապ կարգով տարհանում են տասնյակ հազարավոր օտարերկրացիների

o_617986ԿԱՀ-ից շտապ կարգով տարհանում են տասնյակ հազարավոր օտարերկրացիների: Երկիրը լքել ցանկանում են  այլ պետությունների 33 հազար քաղաքացիներ ու դրանում նրանց օգնում է Արտագաղթի միջազգային կազմակերպությունը:

Առաջինը երկրից կհեռանան Չադի  800 քաղաքացիներ: Նիգերի, Մալիի ու Կոնգոյի դեմոկրատական հանրապետության իշխանությունները նույնպես խնդրել են այդ կազմակերպությանը հնարավորինս արագ տարհանել նաև իրենց քաղաքացիներին, որոնք չեն կարողանում մեկնել ԿԱՀ-ից` քրիստոնյա-մահմեդական համայնքների միջև հակասության պատճառով:

Այդ երկրների դեսպանություններ են դիմել ավելի քան 60 հազար մարդ, որոնք ցանկանում են արագ հեռանալ ԿԱՀ-ից:

27 հազարը տարհանվել են կառավարությունների կողմից, իսկ մնացածին կօգնի միգրացիայի կազմակերպությունը:

Թեմզա գետը Լոնդոնում հեղեղել է տները

b_116776Ինչից վախենում էին Թեմզայի ափերին մոտ բնակվողները, այնուամենայնիվ կատարվեց: Հորդառատ անձրևների ու ոչ հեռու մոլեգնող ծովային փոթորիկների պատճառով, գետը դուրս է եկել ափերից ու հեղեղել բնակավայարերը: Հիմնական հարվածը հասել է Օքսֆորդշիր,Բաքինգեմշիր  կոմսություններին ու արևմտյան Լոնդոնին: Բնակիչները նման իրավիճակի պատրաստ են եղել ու իսկույն թանկարժեք իրերը տեղափոխել են ապահով տեղեր:

Առաջիկա օրերին հորդառատ անձրևներ չեն սպասվում, սակայն նոր հեղեղումների հավանականությունը մեծ է, քանի որ որոշ հատվածներում հողը ջրի հոսքից նստում է: Հեղեղվել են նաև Սոմերսեթ, Դևոն ու Կորնուոլ քաղաքները:

Դիլիջանում տեղի ունեցած սպանության հետքերով. ատրճանակը հայտնաբերվել է

download (2)Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:
Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել էր:
Առավոտյան, ժամը 07.50-ին, հիվանդանոցում մահացել է նաև Արտավազդ Թամրազյանը:
Ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հունվարի 9-ին, ժամը 11.10-ին, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ նշված օրը, փոխհրաձգության ժամանակ, Նավասարդ Աբգարյանի կողմից օգտագործված «Նագան» տիպի ատրճանակը վերջինս թողել է իր «Պորշ» մակնիշի  ավտոմեքենայի սրահում, իսկ ինքն էլ` Մյասնիկյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նշված ատրճանակը:
Հայտնաբերվածն ուղարկվել է  փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանություն

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

download (1)ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:

Գորիսի Մ-2 (Շուռնուխի) և Թումանյանի Մ-6  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է  մերկասառույց:Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական  ծառայություն

Հրաժեշտ Արմեն Մազմանյանին

Վիոլետ ԳրիգորյանԱնկախը ընթերցողին է ներկայացնում գրող հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանի հոդվածը , որը հրապարակվել է Թերթ.ամ- ի` հեղինակի բլոգում:

Հունվարի 8-ին վախճանվեցին երկու հայ արվեստագետներ` գրող Լևոն Խեչոյանն ու ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Ուզում եմ երկուսին էլ հրաժեշտ տալ` հիշելով այնպիսի բաներ, որ միայն ես կարող եմ:

Արմեն Մազմանյանի թատերական գործունեության մասին ես միայն լսելով գիտեմ, ափսոսում եմ, որ չեմ տեսել նրա հայտնի բեմադրությունը (Պիրանդելոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս»), հիշում եմ, թե ինչպես իր ռեժիսոր ընկերների հետ թատերական շարժում էր սկսել, ու առաջին անգամ սովետահայկական թատրոնում բեմադրեցին աբսուրդիստ-էկզիստենցիալիստներին: Բայց Մազի էդ գործունեության մասին ինձանից ավելի տեղյակ ականատեսներ կան, որ կպատմեն:

Վերջին տարիներին շատերի պես ես էլ քննադատում էի նրա քաղաքական կեցվածքը, ու ինձ համար հարցը միայն իշխանություններին պաշտպանելը չէր, այլ կոնկրետ արտահայտած իր հայացքները: Բայց դրա մասին էլ շատ խոսող կա:

Ուրեմն պատմեմ էն, ինչ արդեն միայն ես կարող եմ:

88-ին Մազը շարժման էն մասնակիցներից էր, ում էսօր ասում են` ակտիվիստ, ու ինչպես էսօրվա որոշ ջահելներ` խմբակային լիդերներից էր, հետո դարձավ նաև կռված տղերքից, Երասխավանում վիրավորվեց: Սումգայիթյան դեպքերից հետո որ դերասանուհի Վիոլետ Գևորգյանը համաձայնվել ու գնացել էր Բաքվի կինոփառատոն, Հայաստանում նրա դեմ մեծ արշավ սկսվեց: Էն ժամանակ իշխանությո՛ւնն էր ասում` բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ նախ և առաջ մարդ են, դրա համար էլ հանցագործներին սփռեց Սովետի դատարաններով մեկ ու առանձին-առանձին դատեց` որպես անհատ մարդկանց, ոչ թե ազգային ատելության հողի վրա կազմակերպված խմբի: Եվ որպես բողոքի ակցիա` որոշվել էր բոյկոտել Բաքվի կինոփառատոնը, իսկ Վիոլետը ելել ու գնացել էր:

Մի օր, Մազի ու իր խմբի կազմակերպելով, ես ու մի քանի հոգի որոշեցինք գնալ Դրամատիկական թատրոն, որպեսզի Բաքվից վերադարձած ու էդ օրվա ներկայացման մեջ խաղացող Վիոլետ Գևորգյանի վրա ձվեր գցենք ու սուլենք: Պապլավոկում հավաքվեցինք` լիդերների ցուցումները լսելու: Ես մեջների ամենափոքրն էի ու ձայն չունեի, չնայած էդ ժամանակ բոլոր ձայներն էլ նույնն էին ասում: Լիդերները ցուցումները տվեցին-պրծան, հետո սկսեցին գցել-բռնել, թե ում տանը գինի կա, որտեղից ուտելիք առնեն ու գնան խմելու: Մենք մտանք թատրոն:

Ես էի ու… բայց մյուսների մասին արժե պատմել. մեկը Գրողների միության Դոնարան էր, որ հետո, էդ նույն տարվա ամառը, Պապլավոկում Սումգայիթի մասին իր բանաստեղծությունը արտասանելով` լճակն էր նետվել. «Ինձ բռնաբարել են հազար անգամ Սումգայիթում»… Ոստիկաններն եկել բռնել, տարել էին, սրճարանի ականատեսներից մեկն էլ ոստիկաններին բացատրել էր, թե` ոնց որ աղջկան բռնաբարել էին, գոռգոռաց ու ջուրը գցվեց:

88-ին Դոնարան էն ակտիվիստներից էր, որ Օպերայում էր ապրում, նստացույցի տարածք հարթակն ու աստիճաններն իր հարազատ տունն էին դարձել, էնքան, որ մի օր ես ամոթու ձեռքից ավելն առա, որ մի քիչ էլ ես մաքրեմ: Ղարաբաղ կոմիտեին ձերբակալելուց հետո Դոնարային էլ նստեցրին Սովետաշենի բանտում, որտեղ, ինչպես պատմում էր հետո, կից պատը թխկթխկացնելով, ծանոթացել էր կողքի խցում նստած մի քրեականի հետ: Դուրս գալուց հետո ամուսնացան, ու մի քանի ամիս անց բնակարանում գտան Դոնարայի` ծեծամահ արված դիակը: Պարզվեց, որ հղի էր եղել: Էդպես էլ սպանողները չբացահայտվեցին, չնայած խոսք կար, որ ամուսնու տղեն ընկերների հետ է արել: Լուրը լսելուց հետո հիշեցի, թե ոնց ամուսնանալուց հետո մի օր որ հանդիպեցինք ՀՀՇ-ի շտաբում, տեսա թևերի կապտուկները: Էն ժամանակ ծեծված կանանց պաշտպաններ չկային: Ինքն էլ խեղճուկրակ չէր, խոշոր էր ու թափով. մի օր, որ գրողների հետ խմելուց հետո արձակագիրներից մեկը տարել-ճամփու էր դրել ու մուտքում փորձել էր համբուրել, էնպես էր պոետուհին արձակագրին զարկել, որ նա մի քանի օր Միություն չէր գալիս, որ ուռած-կապտած աչքը չտեսնենք:

Մյուսը ձիով Հասմիկն էր. մականունը ստացել էր, քանի որ գրազ էր եկել, թե ձիով կմտնի Ռադիոտուն, որտեղ աշխատում էր, ու էդպես էլ արել էր: Ալվարդ Պետրոսյանը Հասմիկի ու նրա գրազի մասին պատմվածք էր գրել: Հասմիկը նիհար, բոյով, տղայական հագուկապով աղջիկ էր, գրաբար էր ուսումնասիրում ու աշխատում էր Ռադիոյի թատերական բաժնում: Հաճախ էինք հանդիպում Ռադիոտան մոտի «Եթեր» սրճարանում, ու մի օր էլ ցույց տվեց հրացանը, որ արդեն ՆԳՆ նախարար դարձած Վանոն էր նվիրել: Հիմա չգիտեմ` ուր է Հասմիկը, երևի Հայաստանում չի, եթե լիներ, աննկատ չէր մնա:

Մյուսը` Գոհար Մարտիրոսյանը, գրական աշխատող էր ու բանաստեղծություններ էր գրում: Գոհարը կաղում էր երկու ոտքերից ու հենակներով ցույցերի էր գալիս: Նրա տունը գրողների բոհեմական հավաքատեղիներից էր: Գոհարն էլ արդեն մահացել է:

Էսքանովս մտանք Դրամատիկական ու տեղավորվեցինք դահլիճում: Մեր հետևի շարքում միանգամից հայտնվեցին կգբշչիկներ, անհավատալի էր, թե ոնց էին անմիջապես տեղեկացել, ու սկսեցին մեզ զգուշացնել, որ եթե չհեռանանք, վատ կլինի: Չհեռացանք:

Ներկայացումն սկսվեց, Հասմիկը ձեռքս խոթեց իր բերած ձվերից մեկը, ես ձուն պինդ բռնեցի, բայց ամբողջովին կաթվածահար էի լարումից: Չէ, կգբշչնիկներից չէի վախենում, էսօր արդեն շատերը գիտեն, թե հեղափոխական իրավիճակ ասածը ոնց է պահի տակ մարդու վախերը հանում: Բայց էնպես դժվար էր ինձ համար մութ դահլիճից ձու նետել լուսարձակների տակ մենակ կանգնած մարդու վրա: Վիոլետը բեմ մտավ ներկայացման կեսից հետո` արդեն լարված, ողջ բեմն ու դահլիճն էր լարված: Մի քանի րոպե կարկամած էինք, հետո Հասմիկը գոռաց` թո՛ւրք, դահլիճը թեթև բզզաց, հետևի կգբշչնիկները սկսեցին մեզ լուռ քաշքշել, հետո Հասմիկը մի երկու անգամ էլ թո՛ւրք ու դրա նման բառեր գոռաց, ու… ներկայացումն ափալ-թափալ փակվեց: Վիոլետը դուրս չեկավ խոնարհվելու, մենք էդպես էլ ձվեր չնետեցինք նրա վրա, ու ես ներքուստ ուրախ էի` չնայած թաքուն մտահոգությանս, թե երևի թուլամորթ եմ:

Երբ դահլիճից դուրս էինք գալիս, կգբշչնիկներն սկսեցին բարձրաձայն կռվել մեզ հետ ու ամոթանք տալ: Լեզվակռվով իջանք աստիճաններով, արդեն փողոցում դրանցից մեկն սկսեց ինձ քաշքշել ու հայհոյել, դե ամենափոքրն ու անպաշտպանն էի երևում, ու մեկ էլ… հայտնվեց Մազը: Կգբշչնիկներն աքլորացան` դու ով ես, ինչ ես խառնվում, ասեց` իմ կինն ա, բա դուք ով եք, ու էնպես վրա տվեց, որ դրանք փասա-փուսաներն հավաքեցին գնացին: Թշնամիների հեռանալուց հետո հեղափոխական քաջությունս միանգամից տեղի տվեց, ու ես սկսեցի լացել, ուրեմն իսկապես անպաշտպան էի ինձ զգացել: Մեկ էլ զգացի` ձեռքս թաց ա, նայեմ տեսնեմ` ձեռքիս ձուն եմ սեղմելով ջարդել: Էդպես կամավորներիս հեղափոխական գործի ղրկած լիդերներից մենակ Մազը չէր գնացել գինի խմելու, մնացել-սպասել էր, մինչև դուրս գանք:

Իսկ դա դեռ Սովետն էր, որի իշխանությունը ոչ թե ողորմելի էր էսօրվա պես, այլ իսկապես վախենալու, դեռ առաջին ցույցերն ու բողոքի ակցիաները մի երկրում, որտեղ մարդկային բազմությունը միայն պետական հրահանգով էր տոների առիթով փողոց դուրս գալիս, իսկ հզոր կայսրության փլուզվելու մասին ամենահամարձակ երևակայությունն էլ չէր պատկերացնի:

Հիմա երբ տեսնում եմ երիտասարդ ակտիվիստներին, որ շոգին ու ցրտին, արևին ու անձրևին փողոց են դուրս գալիս, տարբեր ակցիաներ անում, պայքարում ու կռիվ տալիս, ոստիկանների բռնություններին ենթարկվում, երբ նայում եմ նրանց ջահել, ինքնավստահ, հուզավառ դեմքերին…. հիշում եմ Մազին, երբ ինքն էլ երիտասարդ էր ու իր կռիվն էր տալիս:

Ու չեմ ուզում պատկերացնել, թե կյանքը մի տասը-քսան տարի հետո ուր կարող է նետել էսօրվա ջահելներին, որ այնքան լավն են հիմա: Որովհետև կյանքը հերոսական պայքարի բեմ չի մենակ, այլ` ծանր առօրյա կենցաղային բեռնակրություն, երեխաների ապագայի ու ծնողների ներկայի մտահոգություն, էդ հարցերի լուծման գայթակղիչ առաջարկների ու կոմպրոմիսներն արդարացնող ալիբիների առատություն, ստորացուցիչ հաշվարկ` էս մե՛կ, լավ, էս մեկն էլ, էս մեկը ուրիշ ա, էս հաշիվ չի, էս մեկն էլ ու պրծ…. միանգամից չես հանձնվում, որ նկատելի լինի, այլ` մաս-մաս, քայլ առ քայլ, օրեցօր, տարուց տարի… Ավելին` երբեմն նույնիսկ կարող ես չհասցնել հասկանալ արարքի իմաստը, ինչպես որ Վիոլետ Գևորգյանը էդ հալածանքներից Ամերիկա տեղափոխվելուց հետո, տարիներ անց պատմեց, թե ոնց են իրեն համոզել, որ Բաքու գնա` իբր կինոփառատոնի հարթակը կարող է օգտագործել Սումգայիթի մասին խոսելու: Ու էս ամենը մարդուն կարող են ջորի դարձնել… կամ աղվես. մեկը բացահայտ է հարմարվում ու հիմնավորվում իշխանության դիրքերում, մյուսը` թաքուն: Մեկը մի իշխանության օրոք է հանձնվում նրա բարեհաճությանը, հաջորդ իշխանության ժամանակ դառնում ընդդիմադիր, մյուսը` հակառակ հերթականությամբ, մեկը մի ընտրության կեղծիքներն է արդարացնում, մյուսը` մյուս: Ո՞վ է նայում, թե բանակի երկու հակադիր կողմերում հայտնվածները նույն խաղի կանոններին են ենթարկվում, նույն աշխարհայացքն ու գաղափարները ներկայացնում:

Բայց անարդար կլինի էս պատճառաբանությամբ լղոզել ամեն ինչ ու աստվածային բարձունքից հավասար նայել բոլորին` անգամ մահն ի մտի ունենալով: Դա մահվան տրամաբանությունն է, ոչ թե կյանքի: Իսկ մահվան դաժանությունը միայն էն չի, որ խլում է կյանքը, այլ նաև էն, որ խլում է էսօրվա շանսը` սրբագրելու երեկը: Մազն այլևս էդ շանսը չունի, ու ես իր համար չեմ գրում էս ամենը, այլ` դեռ շանս ունեցողների: Ու մաղթում եմ, որ էսօրվա ակտիվիստներից ոչ մեկը տարիներ հետո իր երբեմնի հեղափոխական ընկերներին հրաժեշտ տալու համար ստիպված չլինի կյանքի փորձությունները հիշելու, ինչպես որ ես հիշեցի, չնայած Մազի ընկերը չեմ եղել:

Ու չնայած ընկերը չեմ եղել, ուզում եմ հրաժեշտ տալ Մազին` հիշելով նրան, «երբ դեռ վեց տարեկան էր», հիշելով նրա` է՛ն օրվա դեմքը, որ լուսավոր հայտնվեց մութ փողոցում ինձ քաշքշող կգբշչնիկների դեմ ու կուրծքը աքլորավարի առաջ տալով` ասաց` էդ ո՞ւմ կնոջ վրա եք ձեռք բարձրացնում:

 

Վիոլետ Գրիգորյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

շավարշ քոչարյան Հարց.

– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հունվարի 9-ի ելույթում Ադրբեջանի նախագահի այն պնդումները, թե համաձայն թվերի` Հայաստանը զիջում է Ադրբեջանին բոլոր բնագավառներում, ինչը վճռական դեր կկատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում:

 

Պատասխան.

– Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի կողմից խնդրի էության նենգափոխմամբ ինքնորոշման իրավունքի ժխտումը, հայատյաց քարոզչությունը և պատերազմի վերսկսման սպառնալիքները: Սա հերթական անգամ արտահայտվեց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում: Նա կարող էր էլ ավելի տպավորիչ թվեր հնչեցնել` համեմատվելով Արցախի Հանրապետության հետ: Սակայն նա խուսափում է դրանից, քանի որ չի մոռացել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում, ի հեճուկս թվերի, հենց Արցախից կրած պարտության մասին, և քաջ գիտակցում է, որ նոր արկածախնդրությունը կհանգեցնի նոր պարտությունների:

 

2013 թվականի ամենաազդեցիկ 10 կանայք` ըստ «Ֆորբս»-ի

Angela MerkelԱնգելա Մերկել

Նախորդ տարվա ամենաազդեցիկ կանանց շարքը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը նաև միակ կին գործիչն է` ներառված աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակի ամենաբարձր տեղերում` եզրափակելով պատվավոր հնգյակը:

Աշխարհի ամենաազդեցիկ 59-ամյա կին գործիչը շարունակում է մնալ Եվրամիության քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման գործում ամենաառանցքային կերպարներից մեկը:

Վերջերս «երկաթյա կանցլերը» առանց տեսանելի խնդիրների վերընտրվեց իր պաշտոնում, որը նա առանց ընդմիջումների զբաղեցնում է 2005 թվականից ի վեր: «Ֆորբս»-ի` աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում Մերկելը վերջին 10 տարում 8 անգամ վերև է բարձրացել:

 

Foto Oficial Presidenta Dilma Rousseff.  Foto: Roberto Stuckert Filho.Դիլմա Ռուսսեֆ

Բրազիլիայի 65-ամյա նախագահը, ըստ «Ֆորբս»-ի, 2013 թվականի աշխարհի երկրորդ ամենաազդեցիկ կինն է:

Նա Բրազիլիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2011 թվականին և այսօր համարվում է աշխարհում կարևորագույն դեր խաղացող կանանցից մեկը: Նրա ղեկավարած երկրի տնտեսությունն աշխարհում 7-րդն է:

Ռուսսեֆի գլխավոր նպատակն է արագացնել երկրի տնտեսական աճը և զարգացնել ձեռնարկատիրական գործունեությունը:

Նա երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն այժմ ամուսնալուծված է: Երկրորդ ամուսնությունից ունի մեկ դուստր, որը 2010-ին նրան թոռնիկ է պարգևել:

 

melinda-gates-will-save-thousands-of-lives-with-birth-controlՄելինդա Գեյթս

48-ամյա Մելինդան, ըստ «Ֆորբս»-ի, աշխարհի երրորդ ամենաազդեցիկ կինն է Անգելա Մերկելից և Դիլմա Ռուսսեֆից հետո: Նա ամերիկացի է, «Բիլ և Մելինդա Գեյթսերի» հիմնադրամի համանախագահը:

«Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ հիմնադրամը նախորդ տարի նախաձեռնել է հումանիտար ծրագրերի մի ողջ շարք, այդ թվում նաև պատասխանատվություն վերցրել մինչև 2018 թվականը վերջ դնել աշխարհում պոլիոմելիտ հիվանդությանը:

Բարեգործական նպատակով իրականացված ընկերության ծախսերը կազմել է 3,4 միլիարդ դոլար, որից մեծ մասը` առողջապահական ծրագրերի ուղղությամբ: 2000 թվականին` հիմնադրամի ստեղծման պահից սկսած, Բիլլ և Մելինդա Գեյթսերը բարեգործական նպատակներով շուրջ 26 միլիարդ դոլար են ծախսել:

Մելինդա Գեյթսը երեք երեխաների մայր է:

 

Michelle-obama-hosts-us-womens-soccer-team-at-wh-sports.yahoo.com-1317977818Միշել Օբամա

ԱՄՆ 49-ամյա առաջին տիկինը 2012 թվականին վարկանշային նույն աղյուսակում գրավում էր 7-րդ տեղը, սակայն նախորդ տարի նա բավականին մեծ քայլ է կատարել` հասնելով 4-րդ տեղին: ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի կինը, որը երկու դուստրերի մայր է, ոչ միայն նախագահի տիկնոջ դեր է կատարում, այլ ինքն իր հերթին հանդիսանում է ազդեցիկ կերպար քաղաքական-հասարակական դաշտում: Նա իր ղեկավարության տակ է առել մանկական գիրության դեմ պայքարն ու առողջ ապրելակերպի քարոզչությունը:

Բարաք Օբամայի իմիջին քիչ չի նպաստում նաև այն փաստը, որ ամերիկացիների գրեթե 70 տոկոսը դրական է տրամադրված նրա կնոջ հանդեպ: Իսկ անձամբ նախագահի վարկանիշը ակնհայտ պակաս է` 47 տոկոս: Նման տարբերությունը հասկանալի է, եթե հաշվի առնենք Միշել Օբամայի հաճախակի հայտնվելը հանրաճանաչ հեռուստաշոուներում:

scarle01Հիլլարի Քլինթոն

ԱՄՆ 65-ամյա նախկին պետքարտուղարը, ըստ «Ֆորբս»-ի, 2013-ին գրավում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը` չնայած որ սա նրա համար հետընթաց է. Հիլլարին 2012-ին աղյուսակում 2-րդն էր:

Դա ինչ որ տեղ նաև հասկանալի է, քանի որ Քլինթոնն այսօր հանգստանում է քաղաքական «ճակատամարտերից»: Սակայն «Քվեարկիր Հիլլարիի օգտին» նախագահական «կոմպանիայի» սպասումն ամենևին էլ անհիմն չէ. դեմոկրատների 65 տոկոսը պատրաստ է սատարել էքս-պետքարտուղարին` որպես կուսակցության միակ թեկնածու: Այո, Հիլլարի Քլինթոնի ռեզյումեն ավելի, քան ազդեցիկ է` առաջին տիկին, պետության ղեկավարի թեկնածու, պետքարտուղար:

 

 Facebook's Chief Operating Officer (COO) Sandberg attends a session at the World Economic Forum (WEF) in DavosՇերիլ Սենբերգ

Աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում 6-րդ տեղը զբաղեցնող 43-ամյա Շերիլը  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործառնությունների գլխավոր տնօրենն է:

Նա ամուսնացած է, ունի 2 երեխա: Նախորդ տարվա մարտ ամսին Սենդբերգը թողարկել է ֆեմինիզմի իր հռչակագիրը. «Ներսից. կանայք, աշխատանքը և առաջնորդությունը»: Գրքի 150 000 օրինակը վաճառվել է առաջին մեկ շաբաթվա ընթացքում և մինչ օրս չի լքում բեսթսելլերների ցուցակները:

«Ֆեյսբուք»-ի թոփ մենեջերի առանցքային հաջողությունը 2012-ին, այնուամենայնիվ, կապված է իր գլխավոր աշխատանքի հետ. սոցցանցի բջջային տարբերակի լուրերում գովազդային բլոկի ավելացումից ընկերության եկամուտը բջջայինների գովազդից նոր ռեկորդ սահմանեց:

Ի դեպ, նա նաև այն կանանցից է, որոնք կարողանում են հաջողությամբ համատեղել ընտանիքն ու կարիերան:

 

wom12Քրիստին Լագարդ


Վարկանշային աղյուսակի 7-րդ հորիզոնականում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար ֆրանսիացի 57-ամյա Քրիստին Լագարդն է: Նա ամուսնացած չէ, սակայն երկու երեխա ունի: Պատմության մեջ Արժույթի միջազգային հիմնադրամի առաջին կին ղեկավարն արդեն երկու տարի է` իրեն նվիրել է Եվրագոտում երկարատև ճգնաժամի դեմ պայքարին և համակարգում է տնտեսական կայուն աճի խթանմանն ուղղված միջազգային հանրության ուժերը: Մինչ ԱՄՀ ղեկավարի պաշտոնը ստանձնելը Լագարդը Միացյալ նահանգներում փաստաբանի հաջող կարիերա է կառուցել և հասցրել ֆինանսների նախարարի պաշտոն զբաղեցնել հարազատ Ֆրանսիայում: 2013-ին զանգվածային միջոցներում լուրեր սողոսկեցին, թե իբր ԱՄՀ-ի ղեկավարը կարող է մասնակցել Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին:

 

homeland-security-secretary-janet-napolitano-is-leaving-the-departmentՋանեեթ Նապոլիտանո

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարը, որը սակայն, նախորդ տարվա հուլիս ամսին հրաժարվել է իր պաշտոնից, 55  տարեկան է և 2012 թվականի համեմատ նա ազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում բարելավել է իր դիրքերը` 9-րդ տեղից բարձրանալով 8-րդ տեղը: Սակայն հայտնի չէ, թե նրա հրաժարականը ինչ ազդեցություն կունենա այս վարկանիշի վրա:

Նապոլիտանոն ղեկավարել է ամերիկյան քաղաքական համակարգի երրորդ ազդեցիկ գերատեսչությունը` 48 միլիարդ դոլարով, 240 000 աշխատողով, 22 դուստր գործակալությունների ցանկով` ներառյալ հատուկ ծառայությունները:

Նախկին նախարարի կառավարչական կարգախոսը հետևյալն էր. «Մտածիր հեռանկարի մասին, մինչ զբաղված ես ամենօրյա հոգսերով»:

«Ֆորբս»-ի մայիսյան գագաթաժողովին Նապոլիտանոն նշել է. «Երկրի համար այս ճգնաժամային պահին կանայք քաղաքական գործընթացներում կարևոր են ավելի, քան երբևէ»:

Այժմն նա Կալիֆորնիայի համալսարանի ղեկավարն է:

 

sonia-gՍոնյա Գանդի

«Ֆորբս»-ի վարկանշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբեղեցնող 66-ամյա Սոնյա Գանդին, որը Հնդկաստանի հայտնի վարչապետ Ինդիրա Գանդիի հարսն է, ղեկավարում է Հնդկական ազգային կոնգրեսը:

Նա այրի է, ունի երկու երեխա: Գանդին Հնդկաստանի իշխող կուսակցությունը ղեկավարելու երկարաժամկետության ռեկորդակիր է: Նա իր ձեռքերում է պահում աշխարհում բնակչության թվով երկրորդ, իսկ տնտեսությամբ` 10-րդ տեղում գտնվող երկրի ղեկավարման լծակները: Ըստ լուրերի, նա սառը հարաբերությունների մեջ է Հնդկաստանի վարչապետ Մանմոխան Սինգխի հետ:

 

 indrayd3Ինդրա Նույի

Աշխարհի ամենաազդեցիկ կանանց տասնյակը եզրափակում է 57-ամյա Ինդրա Նույին: Այս բիզնես լեդին Միացյալ նահանգների ամենաազդեցիկ հնդկուհին է: Նա աշխարհում ըմպելիքների արտադրության խոշորագույն ընկերություններից մեկի` «ՊեպսիԿո»-ի գլխավոր տնօրենն է:

Նույյի` ընկերություն ոտք դնելուց հետո ընկերության եկամուտն էականորեն ավելացել է` 1,2 միլիարդ դոլարից հասնելով  13 միլիարդի:  «Ես այնքան շատ ժամանակ եմ կորցնում մանրուքների վրա, որ դա կարող է անգամ անմտություն թվալ, սակայն հենց մանրուքներն են կարևոր կազմակերպության կառավարման համար»,-մի անգամ նշել է նա:

Բիզնես աշխարհում առաջադիմական ու նորարարական հայացքներով առաջնորդվող Ինդրա Նույին անձնական հարցերում ազգայինի կրողն է: Դա է պատճառը, որ նա ամուսնանալիս սկզբունքորեն ընտրել է իր ազգակցին, որի հետ ապրում է մինչ օրս և որից ունի երկու դուստր: Նա այսօր էլ երբեմն կրում է հնդկական ավանդական տարազ` սարի, որը նրան առավել հմայիչ ու նրբագեղ է դարձնում:

Փրկարարները գերեզմանատան մոտ հայտնաբերել են քաղաքացուն

աինՀունվարի 10-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի բնակիչ Ք. Մ.-ն (ծնվ.1930 թ.) հունվարի 9-ին ժամը 10.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել. քաղաքացու որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ- փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հունվարի 10-ին, ժամը 10.06-ին փրկարարները Կողբ գյուղի գերեզմանատան մոտ հայտնաբերել են Ք. Մ.-ին:

 Անկախ

Քարաթափում Հաղպատ-Ծաղկաշատ 3-րդ կմ-ում

ՔարաթափումՀունվարի 10-ին, ժամը 10.57-ին միջհամայնքային Հ-25 ավտոճանապահի Հաղպատ – Ծաղկաշատ հատված (3-րդ կմ) է մեկնել  հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ժայռի վտանգավոր հատվածի արհեստական քարաթափման և ավտոճանապարհի մաքրման աշխատանքեր` ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի անցանելի:
Աշխատանքներին մասնակցել են Ծաղկաշատ գյուղի բնակիչները` գյուղապետի գլխավորությամբ:

***

Հունվարի 9-ին, ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել , որ «Հ-25» միջհամանայքնային ավտոճանապահին՝ Լոռու մարզի Հաղպատ-Ծաղկաշատ 3-րդ կմ-ում, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչից փակվել է ավտոճանապարհը, առկա է կրկին քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքեր, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի:

Անկախ