Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ին կայանալիք նիստում կկազմի ԱԺ համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահան Հովհաննիսյանի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու վերաբերյալ արձանագրություն: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Ըստ նրա, ԿԸՀ-ն առայժմ ստացել է ինքնաբացարկի մեկ դիմում՝ Արամայիս Գրիգորյանից: Վերջինս 2013թ. հոկտեմբերի 10-ին ստանձնել է Արարատի մարզպետի պաշտոնը: Ինչպես հայտնեցին ՀՅԴ խմբակցությունից, կուսակցությունը առայժմ չի քննարկել խմբակցության կազմը համալրողի թեկնածության հարցը: Նշենք, որ այս պահին ցուցակում հերթական հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ Միքայել Մանուկյանն է, ով նախորդ գումարման ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության անդամ էր: Հիշեցնենք, որ Վ.Հովհաննիսյանը ՀՀ Նախագահի դեկտեմբերի 28-ի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Daily Archives: January 13, 2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու, ինչպես նաև քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար. «Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի հենց այս օրը քաղաքապետարանի հարկի տակ ձեզ հյուրընկալելը, ինչը, հուսով եմ, հաճելի է ոչ միայն ինձ, այլև ձեզ համար: Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ այստեղ են ոչ միայն քաղաքապետարանում հավատարմագրված լրագրողները, այլ նաև այն մարդիկ, ովքեր իրենց լուման ունեն ինչպես մեր երկրի ու քաղաքի, այնպես էլ լրատվական դաշտի զարգացման գործում, նաև միջին և ավագ սերնդի լրագրողները, ովքեր իրենց նպաստն են բերել 4-րդ իշխանության կայացմանը: Նախորդ տարին, անշուշտ, բավական հարուստ էր իրադարձություններով, որոնց մի մասն էլ առնչվում էր Երևանի քաղաքապետարանի գործունեությանը: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին ու լրագրողներին, ովքեր իրադարձությունների օբյեկտիվ ու անաչառ լուսաբանմամբ նպաստեցին հասարակությանը ճշմարիտ տեղեկատվություն մատուցելուն: Ավելին, իմ համոզմամբ անցած տարի Երևանի քաղաքապետարանի աշխատանքը լրատվամիջոցների հետ եղել է բավական արդյունավետ՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով են համընկել մեր դիրքորոշումներն ու կարծիքները: Ամեն դեպքում, միշտ հիշենք, որ մենք բոլորս ապրում ենք Երևանում, ու հաստատ չկա մեկը, որ չսիրի Երևանը, չուրախանա նրա հաջողություններով, չանհանգստանա նրա ապագայի համար: Եվ այս տեսանկյունից ուզում եմ, որ բոլորս միավորենք ապագան ավելի լավը դարձնելու մեր ջանքերը, առավել ևս, որ մեզ իսկապես մեկ ընդհանուր նպատակ է միավորում` հարմարավետ, մաքուր, բարեկարգ ու ավելի լավը տեսնել մեր սիրելի քաղաքը: Եվ այս հարցում ես իսկապես ակնկալում եմ կառուցողական սերտ համագործակցություն` ի դեմս ձեզ տեսնելով իսկապես շահագրգիռ, նաև օբյեկտիվ գործընկերների»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նաև լրագրողների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ 2014թ.-ին էլ ավելի լավ արդյունքներ կարձանագրվեն Երևանի զարգացման ծրագրերում:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ:
Լրագրողներն ընդդեմ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջիկա նիստի օրը կորոշվի հունվարի 15-ից հետո, երբ պատգամավորները կվերադառնան արձակուրդից: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են հանձնաժողովից:Վանաձոր քաղաքում գետնի վրա առաջացել են ծալքավորումներ
Հունվարի 13-ին, ժամը 13.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վարչական տարածքում գետնի վրա առաջացել են ծալքավորումներ. անհրաժեշտ է օգնություն:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծալքավորումներն ընկերության տարածքում են և լոկալ սողանքի հետևանք են. ներկայումս շենք-շինություններին վտանգ չի սպառնում:
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից սահմանված է հսկողություն:
Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`
Հունվարի 14-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
Քամին արևմտյան 1-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 15-ի գիշերը նույքանով կնվազի:
Ուշագրավ արարողությունը Հայաստանում չի հեռարձակվելու
Հունվարի 13-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կկայանա Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գլխավոր մրցանակաբաշխությունը: Կհրապարակվեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի, մարզչի անունները:
Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնում են` Կրիշտիանո Ռոնալդուն, Լիոնել Մեսին, Ֆրանկ Ռիբերին:
Հավանականությունը մեծ է, որ պարգևը կստանա Ռոնալդուն:
Ցավոք, ուշագրավ արարողությունը Հայաստանում չի հեռարձակվելու:
Սուարեսն առաջ է անցել Ռոնալդուից
Անգլիակական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն Անգլիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում երկու գնդակ խփեց «Սթոք Սիթիի» դարպասը: Նրա թիմը հյուրընկալվելիս հաղթեց 5:3 հաշվով: Իսկ ուրուգվայցի հարձակվողն առաջին տեղն է զբաղեցնում «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում:
Սուարեսը 44 միավոր է վաստակել (22 գոլ), 4-ով ավելի, քան Կրիշտիանո Ռոնալդուն (Մադրիդի «Ռեալ»),:
Երրորդ տեղում իսպանական «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Դիեգո Կոստան է` 38 միավոր:
Անկարայի ցուցմունքը եւ Բաքվի ձախողումը
Անկախը ներկայացնում է Շահան Գանտահարյանի հերթական հոդվածը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի լուծման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում կարելի կլինի համաձայնության գալ»:
Համաձայն Ալիեվի` որեւէ տեղաշարժ չի արձանագրվել արցախյան բանակցությունների ուղղությամբ: Թեեւ տարեվերջին որոշակի աշխուժացում նկատվել է: Ընդհանուր այս պարունակում հայտարարությունը շարունակվում է:
«Որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան, բայց 2014 թվականին մենք կուսումնասիրենք դրանք: Ամեն դեպքում, 2014 թվականին Հայաստանի իրական մտադրությունը ամբողջովին կպարզվի», ասել է Ադրբեջանի նախագահը:
Հայտարարությունը նաև այլ բաժիններ ունի: Կվերադառնանք այդ բաժիններին: Փորձենք դիտարկել այս հատվածը: Ուրեմն, Բաքուն կառուցողականություն է ակնկալում Երեւանից: Մինչ այդ սակայն, կառուցողականություն ակնկալողը բացի հրադադար խախտելուց եւ դիվերսիոն գործողություններ կազմակերպելուց, աննախադեպ վտանգավոր քայլերով նախահարձակողականության այլ հարթություններ է թեւակոխում: Ադրբեջանական կողմից կրակահերթ է ոչ միայն Ադրբեջանի և Արցախի շփման գծում, այլ ուղղակի դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:
Նման հարձակողապաշտության դրսեւորումներ ցուցադրելուց հետո, թվում է, թե «կառուցողականության» եւ «խաղաղասիրության» ակնկալություններ հայտարարելու ցուցմունքը Բաքու է հասել Անկարայից: Այս հատվածի երկրորդ բաժինը այդ մասին մտածելու տեղիք է տալիս: Ալիեվը փաստորեն կապկում է Դավութօղլվի «խաղաղասիրությունը»: Նման է սա մանավանդ, երբ նկատի կունենանք տարեվերջին երեւացած, ըստ Ալիեվի անշուշտ, ուղղակի որոշակի աշխուժացումը: Տարեվերջին Դավութօղլուն այցելել էր Երեւան, Սեւծովյան երկրների տնտեսական համագործակցության համաժողովի շրջագծում: Այցելության նախորդող ժամանակաշրջանում եւ այցելության օրերին եւ դրանից անմիջապես հետո, դիպաշարին հետեւողը ականատես եւ ունկնդիր դարձավ իբրեւ թե կառուցողականություն ցուցադրող Անկարայի թիվ մեկ դիվանագետի ասելաձեւերին: Դրանց հետեւեց անշուշտ Թուրքիայի քարոզչաքաղաքական խմբի նվագը, որը ներդաշնակ էր թուրք արտգործնախարարի ճիպոտի շարժումներին:
Այս բոլորի նկատմամբ լուռ էր Բաքուն` թե՛ քաղաքական եւ թե՛ տեղեկատվական առումներով: Լուռ անհանգստություն կար Թուրքիայի բեմադրած համանվագի դիմաց, որ բացատրվում էր Բաքվի շրջանցումով հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման (ան)հավանական մեկնարկի նախատեսումով: Թեեւ, Անկարայի ներկայացուցիչը ամեն պատեհ-անպատեհ առիթի հիշեցնում էր արցախյան հարցի լուծման անհրաժեշտությունը: Նույնիսկ պաշտոնապես հայտարարվում էր հարաբերությունների վերամեկնարկման աշխատանքների վերջին փուլում լինելը։
Ալիեվի կողմից կառուցողականություն ակնկալելու այս հայտարարությունը համահունչ է Դավութօղլուի բեմականացումներին նաեւ 2014-ի նշումով: Թվականը անպայման հայ-ադրբեջանական բանակցություններին միայն չի վերաբերում: Երեւան-Անկարա հարաբերությունների վերամեկնարկը պայմանավորված է հայկական ուժերի Արցախից հեռացումով: Պատվերային ապատեղեկատվությունը խոսում էր հայկական համաձայնության մասին արցախյան երկու շրջաններից հայկական ուժերը հեռացնելու մասին: Ալիեվի ակնկալածը 2014-ին նման տեղաշարժի մասին է: Ինչ որ նաեւ Դավութօղլուին, լավատես լինելու միտումներ փոխանցած էր:
Կառուցողականության, բանակցությունների աշխուժացման եւ խաղաղասիրական շեշտադրումներով հանդես գալու Անկարայի ցուցմունքը հայտնապես ձախող կերպով կատարել է Բաքվի առաջնորդը: Հայտարարությունն ավարտվում է հետեւյալ բառերով. «Մեր ռազմական հզորությունը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցին արդարացի լուծման գործում: Մեր բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է»:
Անկախ նրանից, որ միջազգային նորմերի ճշտած սահմանները վաղուց անցել է ադրբեջանական սպառազինումը, մի պահ պետք է կենտրոնանալ Ադրբեջանի նախագահի կատարած իր իսկ էության վերադարձին: Ռազմական հզորության վճռական դեր վերապահելով Ալիեվը միեւնույն հանկերգն է, որ կրկնում է: Հիմա պետք է մտածել, թե քաղաքական նման պահվածքի դիմաց ի՞նչ կառուցողականություն կսպասվի հայկական կողմից:
Խնդիրը սակայն, այս դեպքում Անկարայի ցուցմունքը Բաքվի կողմից ձախողելն է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը նոր նախագահ է ընտրել
«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» 2013թ. դեկտեմբերի 27-ին Ակումբի նախագահ է ընտրել Մարտին Գալստյանին և գանձապահ՝ Գոհար Գյուլումյանին:Խոհանոցի սեղանից հայտնաբերվել են հոգեներգործուն դեղահաբեր
Հունվարի 11-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, հոգեներգործուն դեղամիջոցներ պահելու կասկածանքով, Շինարարների փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Հ.-ին, որի բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է «Ազելեպտին» տեսակի հոգեներգործուն դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա դեղամիջոցը հունվարի 3-ին ձեռք է բերել 1970 թ. ծնված Ռոբերտ Ղ.-ից:
Վերջինիս բնակարանի խոհանոցի սեղանից հայտնաբերվել են 65 հատ «Տրիֆտազին», 20 հատ «Ազալեպտին» և 20 հատ «Գալոպերիդոլ» հոգեներգործուն դեղահաբեր:
Ռոբերտ Ղ.-ն նույն օրը, ժամը 21.00-ին, բերման է ենթարկվել բաժին և բացատրություն տվել, որ նշված դեղահաբերը պատկանում են իրեն և ինքն է Արթուր Հ.-ին տվել «Ազալեպտին» հոգեներգործուն դեղահաբը:
Կատարվում է նախաքննություն:
Հենրիխ Մխիթարյանն անհատական ծրագրով պարապմունք է անցկացրել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի` Դորտմունդի «Բորուսիայի», կազմում ուսումնամարզական հավաքի է մասնակցում Իսպանիայում:
«Ստանդարտի» հետ ստուգողական խաղի ժամանակ նա ծնկահոդի վնասվածք էր ստացել և բաց թողել հաջորդ մարզումը:
Այդուհանդերձ, հայ ֆուտբոլիստի ինքնազգացողությունը լավ է և նա անհատական ծրագրով պարապմունք է անցկացրել:
Ճապոնացի տղամարդիկ կիսամերկ ընկղմվել են սառը ջրի մեջ՝ իրենց հոգիները մաքրելու համար (տեսանյութ)
Նոր տարվա ընթացքում բախտավոր լինելու համար հսկայական սառույցի կտոր գրկելը տարօրինակ ձև է, սակայն ճապոնացի տղամարդիկ այդ կերպ իրենց հույս են տալիս, որ նոր տարին ավելի վատը չի դառնա:
Երեկ Տոկիոյում շուրջ 100 տղամարդիկ մասնակցել են Կանչու Միսոգի սինտոական փառատոնին: Սա ձմեռային մաքրման ծես է, որի ժամանակ ենթադրաբար մաքրվում է մարմինը, հոգին, և մարդը ավելի է մոտենում հաջողություն բերող առեղծվածային ոգիներին:
6C ջերմաստիճանի պայաններում միայն ազդրաշոր և գլխակապ կրող տղամարդիկ Թեպոզու Ինարի սինտոական տաճարում ընկղմվել են սառը ջրով լցված ավազանի մեջ և աղոթել:
Ծեսը իրականցվում է ամբողջ Ճապոնիայի տարածքում, որի մասնակիցները սովորաբար մաքրվում են սառը ջրով, սակայն նրանք կարող են նաև իրենց մարմինը պատել ձյան շերտով:
Սինտոիզմը ավելի շատ կենսաձև է, քան կրոն: Դրա հետևորդները տարբեր ծեսեր են կատարում ոգիներին հաճոյանալու համար: Վերոնշյալ ծեսը նվիրված է Ինարիին, որն ամենակարևոր ոգիներից մեկն է և հաջողություն, բարգավաճում ու պտղաբերություն է բերում:
Սինտոիզմում աստվածներ չկան, այն հիմնադիր կամ պատվիրաններ չունի, այն թույլատրում է մարդկանց միաժամանակ հետևել նաև այլ կրոնների:
Լվովյան փողոցում ավտոմեքենաները իրար են բախվել
Միշել Տեր-Զաքարյանի թիմը հաղթեց նվազագույն առավելությանբ
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Նանտը», որը գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանն է, սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Լորյանի» նկատմամբ: 89-րդ րոպեին գնդակը մրցակցի դարպասը խփեց Իսմայել Բանգուրան:
«Նանտը» միավորների իր պաշարը հասցրեց 32-ի և հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Մարսելին»:
Ռուբեն Հակոբյանի պատասխանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
Պտգամավոր Ռուբեն Հակոբյանը Անկախին հայտնեց հետևյալը,-” Առավոտ կանուխ տարբեր լրատվամիջոցներից բազմաթիվ հեռախոսազանգեր էին հնչում՝ պրն. Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին անդրադառնալու խնդրանքով: Խոստացա ծանոթանալ եւ պատասխանել: Քիչ առաջ կարդացի հարցազրույցը, եւ, որպեսզի առանձին-առանձին նույն պատասխանը տարբեր լրատվամիջոցներին չփոխանցեմ, որոշեցի համառոտ ներկայացնել իմ մոտեցումները այդ հարցազրույցի վերաբերյալ.
1. Կողմնակից եմ պրոֆեսիոնալ եւ քաղաքակիրթ մատուցմամբ ցանկացած բանավեճի, առավել եւս, եթե դրանք վերաբերում են մեր պետության կենսական խնդիրներին, ինչն առկա է այս հարցազրույցում: Այս դեպքում, հատկապես ասելիքի մատուցման առումով, հարցազրույցը շահեկանորեն տարբերվում է Ռ. Քոչարյանի մյուս անդրադարձներից:
2.Ըստ էության, պրն. Քոչարյանի մոտեցումները հիմնականում շարունակում եւ լրացնում են ԱԺ-ում քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած գնահատականներին: Այլ խոսքով՝ պրն. Քոչարյանը իր այս հարցազրույցով ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը այս կարեւորագույն խնդիրների հարցում:
3.Չեմ կարծում, որ որեւէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծանրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի կառավարության մեջ: Անշուշտ, կառավարությունը ստեղծված իրավիճակի կարեւոր պատասխանատուններից է, բայց ոչ հիմնականը: Ի դեպ, կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ իմ ելույթում պրն. Տ Սարգսյանին եւ ամբողջ կառավարությանը առաջարկեցի հրաժարական տալ, հիմնավորելով, որ երկու տասնամյակ շարունակ ձեւավորված այս հակահամակարգին պայմաններում, անհնար է որեւէ իրական ծրագիր իրականացնել, անկախ նրանից՝ ով է վարչապետը, կամ ովքեր են կառավարության անդամները: Խնդիրը ձեւավորված հանակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է ՀՀ նախագահը”:
Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից
Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պաշտոնանկ է արվել:
Դա կատարվեց այն բանից հետո, երբ Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Միլանը» 3։4 հաշվով պարտվեց «Սասուոլոյին»: Ընդ որում, «Միլանը» առջևում էր 2։0 հաշվով։
Արթուր Սարկիսովը չի խաղա ղազախական «Ակտոբեի» կազմում
Խոսակցությունները շատ են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիսովը կարող է տեղափոխվել ղազախական «Ակտոբե»։
26-ամյա խաղացողի գործակալ Տիգրան Մկրտչյանը պարզաբանել է, որ Սարկիսովը չի պատրաստվում փոխել թիմը:
Հիշեցնենք, որ Արթուրը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում «Ուրալի» կազմում մասնակցել է 13 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ։
Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը
2rd.am-ը Անկախին հայտնում է, որ Ամանորից առաջ մի քանի հարց են ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և իր գրասենյակի միջոցով ստացել այդ հարցերից մեկի պատասխանը, ինչպես նաև խոստում, որ մյուս հարցերի պատասխաններն էլ կլինեն: Նկատի ունենալով, որ դեկտեմբերի 30 հարցազրույցը դարձավ բուռն քննարկումների առարկա, ինչպես նաև այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկու անգամ անդրադարձավ երկրորդ նախագահի այդ հարցազրույցին,
2rd.am-ը նաև համապատասխան հարց է հավելել և ստացել խոստացած պատասխանները, որի համար շնորհակալություն է հայտնում ինչպես ՀՀ երկրորդ նախագահին, այնպես էլ նրա գրասենյակին:
– Պարոն նախագահ, ինչպիսի˚ կարծիք ունեք 2013-ի դեկտեմբերին «Գազպրոմ»-ի հետ ստորագրված և քաղաքական դաշտում ու մամուլում այդքան աղմուկ հանած գազային համաձայնագրի մասին:
Գազային համաձայնագրի հետ կապված բոլոր հարցերը ես կբաժանեմ երեք մասի:
-Գազի իրական գնի թաքուն պահելը և դրա հետևանքով 300 միլիոն դոլարի պարտքի կուտակումը:
-Հայռուսգազարդի հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքը:
-Համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ պայմանները:
1. Եվ այսպես, գազի իրական արժեքի թաքուն պահելու մասին: Մինչև հիմա ինձ համար անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու կառավարության տրամաբանությունը, որը հանգեցրեց հսկայական պարտքի գոյացմանը: Ակնհայտ էր, որ գազը հանրապետություն էր մտնում շատ ավելի թանկ գնով, քան սպառողների համար հաշվարկվող սակագներն էին: Դա երևում էր մաքսային ապրանքագրերից, ինչի մասին մի շարք հրապարակումներ եղան մամուլում: Ընդ որում, հենց սկզբից հասկանալի էր, որ կառավարությունը չի կարող խուսափել տհաճ բացատրություններից, քանի որ օրենսդրությունն ուղղակի թույլ չի տալիս շրջանցել խորհրդարանը: Գուցե, այնուամենայնիվ, հույս ունեին «Գազպրոմ»-ի հետ համաձայնության գալ որևէ այլ սխեմայով, բայց չստացվեց: Արդյունքում ստացվեց շատ տհաճ պատմություն, և կառավարության հեղինակությունը լրջորեն տուժեց: Քննարկումներն ԱԺ-ում ճնշող տպավորություն թողեցին, կարծում եմ, ոչ միայն ինձ վրա: Կառավարությունը չուներ կատարվածի վերաբերյալ ողջամիտ բացատրություններ և ծայրահեղ անհամոզիչ էր: Ավելի հեշտ կլիներ պարզապես ներողություն խնդրել: Նույնիսկ իշխող կուսակցության պատգամավորների մի մասը ակնհայտ շփոթմունքով էին քվեարկում համաձայնագրի օգտին:
Սա վատ նստվածք թողեց հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալման վրա, նաև՝ դրա լեգիտիմության առումով: Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտ¬ներից մեկի հանրության աչքի առաջ այսչափ «ճարպիկանալը» շոկ է առաջացնում: Հայաստանը, ցավոք, երբեք աչքի չի ընկել պետական ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով (բացառությամբ բանակի(, իսկ այսպիսի իրադարձությունները քայքայում են այդ վստահության մնացորդները: Վստահ եմ, որ հենց սկզբից պետք էր ուղիղ ասել թե գազի գնի թանկացման, թե այդ խնդրի լուծման ուղղությամբ իշխանության գործադրած ջանքերի մասին:
2. «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին: Գանք մի փոքր հեռվից: «Հայռուսգազարդ»-ի հիմնադիրներն ի սկզբանե եղել են ՀՀ էներգետիկայի նախարարությունը, «Գազպրոմ»-ը և «ԻՏԵՐԱ» ընկերությունը, համապատասխանաբար՝ 45-45-10 տոկոս բաժնեմասերով: Տնօրենների խորհուրդը ձևավորվում էր ըստ այդ բաժնեմասերի համամասնության, ընդ որում խորհրդի նախագահ էր նշանակվում «Գազպրոմ»-ի ներկայացուցիչը, իսկ գործադիր տնօրենին ներկայացնում էր հայկական կողմը: Փաստորեն ընկերության մենեջմենթն իրականացնում էր ՀՀ ներկայացուցիչը: Ավելի ուշ, 5-րդ էներգաբլոկում և Իրան-Հայաստան գազատարում «Գազպրոմ»-ի կատարած խոշոր ներդրումների հետ կապված, բաժնեմասերի համամասնությունը փոփոխվեց (20-80), քանի որ հայկական կողմը այդ ներդրումների մեջ ֆինանսական մասնակցություն չունեցավ (մինչ այդ էլ «Գազպրոմ»-ը գնել էր «ԻՏԵՐԱ»-ի բաժնեմասը): Այդքանով հանդերձ, ընկերության կառավարման համաձայնեցված ձևաչափը չփոխվեց. գործադիր տնօրենը առաջվա պես նշանակվում էր հայկական կողմից: Դա, իհարկե, ընկերության կառավարման մեջ ասիմետրիկ մասնակցություն էր (ի շահ մեզ):
Այժմ, վաճառելով իր բաժինը, ՀՀ կառավարությունը ամբողջապես հեռացավ ընկերության կառավարումից՝ ստանալով միայն Տնօրենների խորհրդի նիստերին դիտորդ լինելու իրավունք: Այնքան էլ հաճելի չէ, իհարկե, կորցնել ազդեցությունը, սակայն ամեն դեպքում դա տեղավորվում է բիզնեսի տրամաբանության շրջանակում, եթե չլինեին բացառիկ իրավունքները, որոնք տրամադրվեցին այդ բնական մենաշնորհին մինչև 2043 թվականը:
3. Մինչև 2043 թվականը մենաշնորհի բացառիկ պայմանները: Համաձայնագրի այս հատվածը ծայրահեղ խոցելի է: Ես փորձեցի բնական մենաշնորհների մասով նմանատիպ համաձայնագրերի օրինակներ փնտրել համաշխարհային պրակտիկայում, բայց անօգուտ: Հնարավոր է վատ եմ փնտրել, գուցե պիտի ուրիշ մայրցամաքում և այլ ժամանակներում որոնեի: Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ աշխարհում նավթագազային բնագավառը և ընդհանրապես համաշխարհային էներգետիկան դինամիկ փոփոխությունների փուլ է մտել: Դա կարող է տեսանելի ապագայում պահանջել օրենսդրական փոփոխություններ ու մոտեցումների լուրջ վերանայում էներգետիկայի բնագավառում: Պատանդ չի դառնա արդյո˚ք երկրի էներգետիկան վերոհիշյալ համաձայնագրի ձեռքում: Հիշեք «Արմենթել»-ի դեպքը:
Այստեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. այս համաձայնագրով կառավարությունը դիտորդ դարձավ ոչ միայն Հայռուսգազարդում, այլև ընդհանրապես հանրապետության գազի բնագավառում:
Ես «Գազպրոմ»-ի հետ խիստ արդյունավետ համագործակցության տասնամյա փորձ ունեմ, որի արդյունքներից են Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը, ստորգետնյա պահեստարանների նշանակալի ընդլայնումը, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը, Իրան-Հայաստան գազատարը, և վերջապես՝ շահավետ գնով երկրի տասնամյա կայուն գազամատակարարումը: Երբեք «Գազպրոմ»-ը չի դրել այսպիսի պայմաններ, այս թեմայով նույնիսկ խոսակցությունները կթվային անտեղի: Եվ դա մեր տնտեսության մեջ հարյուրավոր միլիոնների ներդրումներ կատարելու պարագայում: Իսկ թե ինչու հիմա տեղի ունեցավ այս ամենը՝ չեմ կարող ասել, որևէ բացատրություն այս կապակցությամբ չեմ լսել:
-Պարոն նախագահ, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ընդունումը դժգոհության զգալի ալիք բարձրացրեց երկրում: Ինչպիսի˚ վերաբերմունք ունեք Դուք, և քննարկվե˚լ է արդյոք դրա կիրառումը Ձեր նախագահության օրոք:
– Մի փոքր նախապատմություն: Հարցը ակտիվորեն քննարկվել է 2004-2005 թվականներին՝ ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ: Քննարկումներն, ըստ էության, դիմակայության ձևով ընթացել են կառավարության և կենտրոնական բանկի միջև, քանի որ կառավարության միասնական դիրքորոշումը դեմ էր պարտադիր կուտակային ֆոնդի ներդրմանը:
Ինձ մոտ մի քանի խոշոր խորհրդակցություն տեղի ունեցան վարչապետի, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների և կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվում էր համաշխարհային փորձը, գնահատվեցին Հայաստանի ընդհանուր տնտեսության վրա այդ ռեֆորմների ռիսկերն ու ազդեցությունը: Կառավարության փաստարկները շատ ավելի համոզիչ էին, քան ԿԲ-ինը: Ընդ որում, ռեֆորմի իրականացնողը հանդիսանում էր հենց կառավարությունը, ոչ թե ԿԲ-ն, և պարտադրել կառավարությանը ռեֆորմ՝ ի հակառակ իր համոզմունքների, կլիներ սխալ: Այդ պատճառով էլ որոշում կայացվեց չներդնել կենսաթոշակային ապահովագրության պարտադիր կուտակային համակարգ: Այսինքն՝ մնալ մայրցամաքային Եվրոպայի կենսաթոշակային ապահովման մոդելի պարագծում, որը հիմնված է սերունդների համերաշխության սկզբունքի վրա:
Ի դեպ, խոսքը լավ կամ վատ մոդելի ընտրության մասին չէ: Երկու մոդելներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները և տարբեր երկրներում կիրառման հաջողված կամ ձախողված օրինակներ: Խոսքը վերաբերում է կոնկրետ երկրի իրադրությանը առավել չափով համապատասխանող մոդելի ընտրությանը, և դրա ներդրման հետ կապված հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատմանը: Կուտակային ֆոնդերն ամենից շատ տարածում ունեն ԱՄՆ-ում, որտեղ ֆինանսական և ֆոնդային շուկայի զարգացածության շնորհիվ կուտակումներն արդյունավետ կառավարելու, սեփական տնտեսության պարագծում պահելու լայն հնարավորություններ կան: Էֆեկտն այստեղ կրկնակի է. փողերն աշխատում են ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի տնտեսության օգտին:
Ինչպիսի˚ն է ներկայիս իրադրությունը Հայաստանում: Մի կողմից ծերացող բնակչությունը, նրա ակտիվ մասի երկրից հեռանալը վատթարացնում են աշխատողների և թոշակառուների առանց այդ էլ խնդրահարույց հանդիսացող համամասնությունը և բարդացնում աշխատող մասի կողմից թոշակառուների թոշակների վճարումը: Մյուս կողմից աղքատության աճը կուտակային հատկացումները երիտասարդ աշխատողների համար դարձնում են չափազանց զգալի և ռեալ կերպով վատթարացնում են նրանց ֆինանսական վիճակը:
Քննարկումները ցույց տվեցին, որ կուտակային հատկացումներին կառավարության մասնակցությունը բավարար շարժառիթ չէ երիտասարդության համար՝ նկատի առնելով ռեֆորմի երկարատև բնույթն ու վստահության մեծ դեֆիցիտը: Դրա հետ մեկտեղ, միևնույն է՝ դրանք հարկատուների գումարներն են:
Հայաստանը գործնականում չունի ֆոնդային շուկա և ակնհայտ է, որ կուտակված միջոցների մի մասը պարտքի տեսքով տրվելու է կառավարությանը դրա՝ պարտքային պարտավորությունների ձեռքբերման միջոցով: Կառավարությունը հարմար առիթ է ստացել մեծացնելու ներքին փոխառությունները և շատ հավանական է կխանդավառվի դրանով: Միջոցների մյուս մասը դուրս է բերվելու Հայաստանի սահմաններից, որովհետև մենք դրանք կառավարելու բավարար ֆինանսական գործիքներ չունենք: Սա դժվար է դրական հանգամանք անվանել երկրի տնտեսության համար (հաշվի առնելով նաև արդեն իսկ գոյություն ունեցող զգալի պարտքը(:
Որևէ հրաշագործ լուծում այստեղ պարզապես չկա: Ակնհայտ է միայն, որ տնտեսական աճի լավ տեմպի և բնակչության զբաղվածության բարձր մակարդակի պարագայում հարցի սրությունը նշանակալիորեն մեղմ կլիներ:
Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը ֆինանսական շուկանների աճ գրանցած տատանողականությունն է, ինչի հետևանքով մեծանում են թե կուտակված միջոցների կառավարման, թե դրանց մասնակի կորստի հետ կապված ռիսկերը:
Վերջին ճգնաժամի հետևանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին և չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով՝ փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները՝ մեծ հարց է:
Կենսաթոշակային բարեփոխման մակրոպատկերի մասին այսքանը: Չեմ ուզում մխրճվել ընդունված օրենքի խնդրահարույց մանրամասների մեջ: Դրանց մասին շատ են խոսել (և բավականին փաստարկված) կառավարության ընդդիմախոսները ինչպես ԱԺ-ում, այնպես էլ մամուլում հրապարակված տարբեր հոդվածներում և ծավալված քննարկումներում: Կարծում եմ, այդ դիտողություններից շատերին պետք էր ականջալուր լինել:
Միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե արդյոք ճիշտ վարվեց կառավարությունը՝ սկզբնավորելով պարտադիր կենսաթոշակային կուտա-կում¬ները: Ցավոք, այդ ռեֆորմի յուրահատկությունը շատ երկարաժամկետ լինելն է, և որպես կանոն, երբ խնդիրներ են ծագում, ռեֆորմների հեղինակներին արդեն քչերն են հիշում:
Իմ վերաբերմունքը ընդունված օրենքին բացասական է, նկատի առնելով ձախողվելու բարձր հավանականությունը՝ մեր քաղաքացիների միջոցների կորստով: Կարելի է հետադարձ հայացքով մոդելավորել իրավիճակը և հաշվարկել, թե կուտակումների ինչ մասնաբաժին կկորցնեին մեր քաղաքացիները ճգնաժամի պատճառով, եթե մենք 2005 թվականին ներդրած լինեինք պարտադիր կուտակումը: Ներողություն խնդրելը ինձ հաստատ չէր փրկի: Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են և, որպես օրենք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում:
– Մեր կայքին Ամանորի նախօրեին տված Ձեր հարցազրույցը մինչ օրս էլ ներքաղաքական օրակարգի կենտրոնական թեման է մնում: Քաղաքական գործիչներից ու լրագրողներից շատերը հակված են գնահատել այն որպես մոտ ապագայում Ձեր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ: Բացի այդ, մամուլն ամեն օր գրում է վարչապետի հետ Ձեր բանավեճի շարունակության տարբերակների մասին, առավել ևս, որ անցած շաբաթ վարչապետը հանդես եկավ ծավալուն հոդվածով, ուր փորձեց արդարացնել իր արտահայտությունները այսպես կոչված “շինարարական փուչիկի” վերաբերյալ: Ի˚նչ կասեք այդ բացատրությունների կապակցությամբ: Եվ, արդյո˚ք Ձեր դեկտեմբերյան հարցազրույցը իրոք յուրահատուկ մի հայտ է՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար:
Նախ, գույնզգույն աղյուսակներով վերջին հոդվածի մասին: Ավելի լավ կլիներ վարչապետը լռեր: Եթե դու այդքան շատ հիփոթեք ունես՝ ինչո˚ւ այդքան քիչ է շինարարությունդ (բառափոխում եմ հայտնի ամերիկյան ասացվածքը): Եթե հավատանք թվերին, ապա հոդվածը հանգեցնում է մեկ եզրակացության. չնայած, որ հիփոթեքը կայուն աճ է արձանագրում, և դրա պայմանները բարելավվում են, միևնույն է՝ շինարարության ծավալները շարունակում են նվազել: Բայց դա ոչ միայն չի հերքում իմ հարցազրույցի հիմնական փաստարկները, այլև ամրապնդում է դրանք: Սակայն ես հակված չեմ հավատալ թվերին. դրանց մեջ խորամանկության մեծ չափաբաժին կա:
1. Աղյուսակներում դրված տվյալները հեռու են հիփոթեքի իրական ծավալներից և պայմաններից: Այդ թվերի զգալի բաժինը կազմում են անշարժ գույքի վերաձևակերպված ժամկետանց գրավային պարտավորությունները: Այսպիսի “թղթաբանական հիփոթեքը” որևէ ձևով չի խթանում իրական շինարարությունը: Բանկերի համար սա ժամանակավոր ելք է իրավիճակից, որն առաջացել է գրավադրվող անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությունից: Դրան հնարավոր է ըմբռնումով մոտենալ՝ հանուն բանկային համակարգի կայունության:
Այստեղ հեգնանք կա ու ցինիզմ, որովետև այս երևույթից զգուշանալ է պետք (դա հիվանդ տնտեսության հատկանիշ է), այլ ոչ թե դրանով հպարտանալ:
2. Տարբեր տարիների ցուցանիշները կոռեկտ է համեմատել միայն համադրելի թվերով: Այսինքն, մեր դեպքում, անցած 6 տարիների կուտակային գնաճի (ավելի քան 37 տոկոս) և 2009թ. դրամի փոխարժեքի արժեզրկման (30 տոկոսից ավելի) հաշվարկով: “Տնտեսագիտական կատեգորիաներով” դատողություններ անող մարդը, հավանաբար, պետք է իմանա սրա մասին: Դա վերաբերում է ինչպես հիփոթեքային վարկերի ծավալին, այնպես էլ՝ կապիտալ ծախսերին:
3. Առաջին աղյուսակում մի հետաքրքիր բան կարելի է տեսնել: Պարզվում է, տնտեսության անկումը 2009թ. եղել է 18,5, այլ ոչ թե՝ 14,1 տոկոս, ինչպես պնդում էր մեր վիճակագրությունը: Եթե դա այդպես է, ապա անկման մակարդակով 2009թ. մենք աշխարհում զբաղեցրել էնք ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղը, ճիշտ է՝ վերջից: Շնորհավորում եմ վարչապետին: Ըստ նույն աղյուսակի, 2001-2007թթ. տնտեսության միջին տարեկան աճը ընդհանրապես առանց շինարարության կազմել է 8,6 տոկոս: Ցանկացած երկրի վարչապետ կարող է երազել դրա մասին:
Հիմա իմ հարցազրույցի շարժառիթների մասին:
Ես արտահայտվել եմ և արտահայտվելու եմ Հայաստանի ներկայի և ապագայի օրախնդիր հարցերի վերաբերյալ՝ անկախ մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքից: Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին և անկեղծ արտահայտում եմ իմ վերաբերմունքը դրանց: Գուցե երբեմն չափից դուրս շիտակ է ստացվում, բայց նաև մատչելի ու կարևորը՝ ազնիվ:
Բանավիճել որևէ մեկի հետ, առավել ևս վարչապետի, չեմ պատրաստվում: Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է: Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով:
Ցանկացած իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կյանքը այդ իշխանության օրոք լավացե˚լ է թե˚վատացել: Այստեղ ոչ մի հնարք չի օգնի: Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ոչ աղյուսակներից են տեղեկանում, և ոչ էլ՝ նկարված վիճակագրությունից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` նոր դերում
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը`Բաքու-Նովոռոսիյսկի փոխարեն
Գրեթե ավարտվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով նավթի տարանցման շուրջ բանակցությունները: Այն կփոխարինի Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղին: Այս մասին “Թրենդ” գործակալությանը տեղեկացրել են SOCAR-ից (Ադրբեջանի պետական նավթայի ընկերություն):
Նշվում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղով տարեկան մոտ 2 մլն տոննա նավթ է տեղափոխվելու, ինչը նախկինում նախատեսված էր Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի համար: Ընդ որում` հեռանկարում նախատեսվում է ԲԹՋ նավթամուղով նավթի փոխադրման ծավալները ավելացնել մինչև 5 մլն տոննայի:
“Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով տարանցման բոլոր հարցերը գործնականում համաձայենցված են, այդ թվում՝ British Petroleum-ի հետ: Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով տարանցումը դադարեցնելուց հետո այն կկատարվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով”, -ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2013թ.-ի մայիսին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` դադարեցվում է Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթի տարանցումը:
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունը սկսվել է 2003թ-ի ապրիլից, իսկ 2005թ.-ի մայիսի 18-ից այն սկսել են լցնել նավթով:



