Դանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում շարունակվող Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնության երկրորդ փուլի խմբային մրցաշարում Սամվել Ասլանյանի թիմը` Ռուսաստանի հավաքականը, 27:29 (13:20) հաշվով զիջեց Շվեդիայի ներկայացուցիչներին: Ակնկալվում էր, որ ռուսաստանցիները կկարողանան հաղթել առաջնությունում փոփոխակի հաջողություններով հանդես եկող շվեդների թիմին և բարելավել իրենց մրցաշարային դիրքը, բայց սպասելիքները չարդարացան:
Հունվարի 21-ին Ռուսաստանի թիմը կմրցի Խորվաթիայի ընտրանիի հետ:
Երկրորդ խմբում հավաքականներն այսպես են դասավորված` 1.Ֆրանսիա (6 միավոր), 2. Խորվաթիա (4), 3. Շվեդիա (4), 4. Լեհաստան (4), 5. Ռուսաստան (0), 6. Բելառուս (0):
Daily Archives: January 20, 2014
Կնշվի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) 39-ամյակը
Այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 15.00, «Եռաբլուր» պանթեոնում ASALA-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նախկին մարտիկները կնշեն կազմակերպության ստեղծման 39-ամյակը, տեղի կունենա հոգեհանգստի արարողություն։
39 տարի առաջ այս օրը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ կատարեց իր առաջին գործողությունը։ Այդ գրասենյակը կազմակերպում էր հայերի գաղթը Միջին Արևելքից դեպի ԱՄՆ։ Մինչև 2001 թվականը ASALA-ի կողմից տեղի է ունեցել ավելի քան 200 գործողություն, որոնց ընթացքում սպանվել են 42 թուրք դիվանագետներ։ Այս գործողությունների շնորհիվ է, որ 1986թ. Եվրամիությունը, հետագայում նաև այլ պետություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։
Հրդեհ Առատաշեն գյուղում,կան տուժածներ
Հունվարի 20-ին, ժամը 05.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկում. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռ. Բ-ին պատկանող վագոն-տնակում այրվել է երեսպատումը (3 քմ) և գույքը՝ մասամբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Տուժածներ Ռ. Բ.-ը (ծնվ. 1942թ.) և Օ. Մ.-ը (ծնվ. 1959թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Այս մասին Անկախը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Գյումրիում «Մերսեդես Բենց»-ը դուրս է եկել երթևեկելի մասից, մտել զբոսայգի և շրջվել
Հունվարի 19-ին, ժամը 03.05-ի սահմաններում, 1987 թ. ծնված Վահրամ Դ.-ի վարած «Մերսեդես Բենց E-280» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի կայարանամերձ հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մտել զբոսայգի և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Տանը հրդեհ է բռնկվել էլեկտրական վառարանից. բնակիչները քնած են եղել
Հունվարի 19-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 8/2 շենքի 10-րդ հարկում տուն է այրվում, իսկ 04.50-ին Այրվածքաբանության կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «դեմքի, վերջույթների թերմիկ այրվածք 2-րդ և 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1971 թ. ծնված Կարեն Չ.-ն` հայտնելով, որ գիշերը արթնանալով նկատել, որ տանը հրդեհ է բռնկվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանի այրման հետևանքով, երբ բնակիչները քնած են եղել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.00-ին` մարտական 3 հաշվարկի ուժերով:
Կատարվում է հետաքննություն:
Մահվան ելքով պատահար Երևանի Մաշտոցի պողոտայում
Հունվարի 19-ին, ժամը 02.50-ին, 1981 թ. ծնված Արսեն Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով վարորդը և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ չորրորդ ուղևորը` 1961 թ. ծնված Գարուշ Խաչատրյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
2014-ը` բյուրեղագրության տարի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը նվիրված բյուրեղագրության տարվան.
-Այս տարի նշվում է ժամանակակից բյուրեղագրության հիմնադրման հարյուրամյակը: Մենք նշում ենք նորարարական առաջընթացի 100 տարին:
Բյուրեղագրությունը հիմնարար նշանակություն ունի նյութի կառուցվածքը հասկանալու հարցում:
Այն չափազանց կարեւոր դեր ունի նյութագիտության, առողջապահության, գյուղատնտեսության եւ կենսատեխնոլոգիայի ասպարեզներում:
Այսօր բյուրեղագրությունը կառուցվածքային գիտությունների առանցքում է. այն բացահայտում է հանքային նյութերի եւ կյանքի մոլեկուլների կազմությունը, գիտնականներին օգնում նախագծել նոր սերնդի նյութեր եւ կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցներ:
Ի նշանավորումն այս կարեւոր ներդրումների՝ Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովը 2014 թվականը հայտարարեց որպես Բյուրեղագրության միջազգային տարի: Նպատակն է՝ բարձրացնել իրազեկվածության մակարդակը բյուրեղների ներուժի վերաբերյալ, խորացնել համագործակցությունը եւ գործընկերություններ հաստատել ամբողջ աշխարհում:
Բյուրեղագրությունը կարեւոր տեղ ունի, քանի որ մենք ձգտում ենք հասնել ներառական կայուն զարգացման. քաղաքականություններ, որ նպաստավոր են մարդկանց եւ մոլորակի համար:
Երախտագիտություն եմ հայտնում UNESCO/ՄԱԿԳՄԿ-ին, ինչպես նաեւ Բյուրեղագրության միջազգային միությանը եւ մյուս բոլոր գործընկերներին:
Շնորհակալություն, որ ձգտել եք օգնել հասարակություններին՝ շահագործելու գիտությունների ամբողջ ներուժը հանուն կայուն զարգացման: Եկեք տարին վերածենք մեծ հաջողության:
Վարդան Պետրոսյանի գործով դատական դռնփակ նիստում գաղտնիք չի հրապարակվել
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վթարի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին: Փաստաբանը չցանկացավ հայտնել հստակ օրը, բայց նշեց, որ դա տեղի կունենա առաջիկա օրերի ընթացքում:Զինվորի ինքնասպանության գործով ծառայողական քննությունն ավարտվել է. պատասխանատվության կենթարկվի 5 սպա
Դեկտեմբերի 10-ին զինված ուժերի N զորամասում շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է, որի արդյունքում պատասխանատվության կենթարկվի 5 սպա՝ նույն զորամասի դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարները և գնդի տեղակալը, ովքեր կպաշտոնազրկվեն կամ կաստիաճանազրկվեն, իսկ ավելի վերադաս սպանները՝ կստանան նկատողություն:Ժաննա Ֆրիսկեի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Ռուսաստանցի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Դրա մասին երգչուհու պաշտոնական կայքում է գրվել:
“Մեր ընտանիքին դաժան փորձություն է բաժին ընկել: Ժաննան հիվանդ է քաղցկեղով: Մենք շարունակում ենք պայքարել ու ոչ մի րոպե չենք դադարում հավատալ: Մենք դիմում ենք բոլորին մեն միակ մի խնդրանքով` աջակցել բարի խոսքով ու աղոթքով”,-ասվում է հունվարի 20-ին հիշյալ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Թե ինչ հիվանդության մասին է խոսքը, չի ճշտվում:
Հարավային Օսեթիայի կառավարությունը ցրվել է
Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հանրապետության կառավարությունը ցրել է:
“Կես տարում կառավարությունը չկարողացավ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ու վերականգնողական պրոցեսների հետ կապված իր առջև դրված խնդիրները լուծել ու չկարողացավ համախմբվել”,-հայտարարեց նա:
Վարչապետի ժամանակավոր պաշտոնաակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Դոմենտի Կուլումբեգովը:
Ֆինանսների նախարարության պարզաբանումը բյուլետենների և պետբյուջեի կրած վնասների վերաբերյալ
Ինչպես Անկախը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածած պարզաբանման մեջ ներկայացված փաստերը և արված հարցադրումները չեն արտացոլում ողջ իրականությունը, ուստի իրավիճակը հստակեցնելու նպատակով Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է.
Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ բյուլետենի գումարը, վճարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՊԵԿ-ի ներկայացրած վճարման պահանջի հիման վրա։ Վճարման այդ պահանջը ՊԵԿ-ը ձևավորում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ՊԵԿ-ին ներկայացված հաշվետվությունների հիման վրա։ Ընդ որում, աշխատողի ժամանակավոր անաշխատունակության երկորդից չորրորդ օրերը բյուլետենի գումարը վճարում է գործատուն, իսկ հինգերորդ օրվանից սկսած՝ պետությունը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարման ենթակա գումարները: Արդյունքում՝ 2013թ. հունվար–հունիս ամիսների համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Սոցիալական ապահովության պետական ծառայությանը ներկայացված վճարման պահանջները բերել են պետական բյուջեից լրացուցիչ փոխհատուցման ու վճարման ոչ ենթակա 584.7 մլն դրամ ծախսերի իրականացմանը: Ավելին` մինչև ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների ավարտը ՊԵԿ-ը ներկայացրել է ևս շուրջ 500 մլն դրամ փոխհատուցման ոչ ենթակա գումարի պահանջ։
Այսինքն, ուսումնասիրության արդյունքներով, միայն 2013 թ.-ի կտրվածքով արձանագրվել է պետական բյուջեից չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի ծախս առաջացնող պահանջ։
Այո, ՊԵԿ-ի հետաքննության վարչությունը անհատ ձեռներեցների շրջանակում բացահայտել էր վերը նշված դեպքերի նման փաստեր և իրականացրել էր հետաքննություն, որի արդյունքներով մինչ օրս վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 87 միլիոն դրամի վնաս։ Փաստորեն, իրականացրած այս աշխատանքները բավարար չէին, որպեսզի ՊԵԿ-ը չներկայացներ պետական բյուջեի հաշվին չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի վճարման պահանջ։
Արդյո՞ք ՊԵԿ-ը ուներ հնարավորություն իր լիազորությունների շրջանակներում արձանագրել տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամի չհիմնավորված գումարներ ստանալու այս փորձը։ Հարցի պատասխանն ստանալու համար բավարար է նշել, որ վերը նշված խախտումները ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը բացահայտել էր հենց ՊԵԿ-ում իրականացված ուսումնասիորությունների ընթացքում, բացառապես ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա՝ անգամ առանց տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու։
Ցանկանում ենք նաև նշել, որ պետական բյուջեի գումարները հիմնավորված և արդյունավետ ծախսելը միայն ֆինանսների նախարարության գործառույթը չէ, այլև՝ պետական ցանկացած մարմնի։
Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվում են անտեղի արդարացումներ:
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչություն
Հ.Գ. Հունվարի 17-ին ֆինանսների նախարարության վերահսողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը մամուլի ասուլիսում ամփոփել էր 2013 թվականի ստուգումների արդյունքները: Նա խոսել էր նախորդ տարի իրականացված բոլոր ստուգումների մասին՝ իրականացված արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններում ու դրանց ենթակա այլ կազմակերպություններում, Արարատի, Կոտայքի, Լոռու,Գեղարքունիքի մարզերում, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում և ԿԱ Պետական եկամուտների կոմիտեում, նաև՝ անդրադարձել հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռքբերելու նպատակով պետական աջակցության ծրագրում հայտաբերված չարաշահումներին:
Ադրբեջանը 2006-2012թթ. գնել է 23.156 միավոր հրաձգային զենք
Ադրբեջանը 2006-2012թթ.-ին արտասահմանից 23.156 միավոր հրաձգային զենք է գնել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստրին։
Գնված զենքերից 19.420-ն ինքնաձիգներ են, 3.120-ը՝ ատրճանակներ, իսկ մնացածը՝ այլ զենքեր։ Ինքնաձիգների մեծ մասը՝ 19.000 միավոր, բերվել է Ուկրաինայից, իսկ ատրճանակներից 3.041 միավորը՝ Թուրքիայից։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Ադրբեջանն այդ ընթացքում Սերբիայից գնել է 150 ինքնաձիգ, Թուրքիայից՝ 3.041 ատրճանակ, 207 ինքնաձիգ, Ռուսաստանից՝ 110 հրացան և կարաբիններ, 130 նռնականետ, Ուկրաինայից՝ 6 հակատանկային համակարգ, 19.000 ինքնաձիգ, 50 դիպուկահար զենք, Ավստրիայից՝ «Glock» տեսակի 160 ատրճանակ, իսկ Իտալիայից՝ 178 հրացան և կարաբիններ, 8 ատրճանակ։
Ռուսաստանում ուժի մեջ է մտել “Երկրպագուների մասին օրենքը”
Հունվարի 20-ին ուժի մեջ է մտել, այսպես կոչված` “Երկրպագուների մասին օրենքը”,դա Ռուսաստանի որոշումն է, որով հաստատվում են հանդիսատեսի վարքագծի կանոնները: Գլխավոր նորարարությունը “խախտում կատարողների” սև ցուցակի ստեղծումն է. այդ ցուցակում հայտնվողին կարգելվի մցույթին հաճախել կես տարուց մինչև 7 տարի ժամկետով: Իսկ եթե , այնուամենայնիվ, նման հանդիսատեսը հասնի տրիբունա, ապա բռնվելու դեպքում կտուգանվի 20-25 հազար ռուբլի կամ էլ 15 օրով կհայտնվի ճաղերի ետևում:
Օրենքով երկրպագուներին արգելվում է մարզադահլիճ հրավառ ու ներկող նյութեր տանել, դեմքը ծածկել դիմակով: Ինչ վերաբերում է բաներներին ու դրոշներին, ապա դրանք չպետք է քաղաքական, նացիստական, ծայրահեղական ու սադրիչ բնույթ ունենան: Նույնը վերաբերում է վիրավորական ու անպարկեշտ պատկերներով պաստառներին: Իսկ օտարալեզու գրությունները պետք է նոտարի կամ էլ սպորտային մրցույթի կազմակերպչի կողմից հաստատված թարգմանություն ունենան:
Գործարկվել է դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը
Հունվարի 18-ին տեղի է ունեցել դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները:
Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը,
կարևորելով վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ նպատակը հանրությանը արժանահավատ տեղեկատվության տրամադրումն է: “Համակարգը նպատակ ունի ոչ թե խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ տեղեկատվության տրամադրել ուսումնական հաստատությունների հաջողությունների ու անհաջողությունների, ձեռքբերումների ու թերացումների մասին: Տարիներ առաջ, երբ խոսք էր գնում ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մասին և շեշտվում էր, որ որակը պետք է չափագրվի օբյեկտիվ չափանիշներով, քչերն էին հավատում, որ մենք կարող ենք դառնալ աշխարհի այն երկրներից մեկը, որը կունենա ազգային վարկանիշավորման համակարգ: Խնդիրը, որ դրել ենք մեր առջև` կրթության որակի հետևողական բարձրացումն է՝ մրցակցային օբյեկտիվ միջավայրի ստեղծմամբ: Փորձելու ենք լուծել նաև ախտորոշման խնդիրը. պետք է հասկանալ, թե հանրակրթական համակարգում որ օղակներն են թույլ, որ ուղղություններն են վտանգված, որոնք ունեն այս կամ այն չափանիշով լրացուցիչ աջակցման կարիք: Ինչու ոչ, խրախուսելով դրական արդյուքներ ունեցողներին, սահմանել առաջնահերթություններ դժվարություններ ունեցող ուսումնական հաստատությունների հանդեպ, որպեսզի բարելավվեն նաև նրանց ցուցանիշները”,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդծելով, որ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի ներդրումը փորձնական փուլից թևակոխում է կայուն գործածության փուլ: Նախարարի խոսքով անաչառ և մասնագիտացված գնահատականները կարող են առողջ քննադատություն ապահովել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ազգային վարկանիշավորման համակարգը փորձնականից վերածել կայուն և արժանահավատ մեթոդաբանության, որն առավել հարմարեցված կլինի Հայաստանի կրթական համակարգի ավանդույթներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը ներկայացրել է դպրոցների վարկանիշավորման համակարգի գործառնության մեթոդաբանությունը՝ նշելով, որ այն համակարգը մշակման հիմքում միջազգային փորձն է հաշվի առնվել: “Դպրոցների համեմատության օբյեկտիվությունն ապահովելու համար դպրոցները խմբավորվել են. ըստ կազմակերպաիրավական ձևի՝ պետական և ոչ պետական, ըստ աշխարհագրական դիրքի ՝քաղաքային և գյուղական, ըստ կրթական ծրագրի աստիճանի՝ հիմնական հանրակրթական և ավագ, ըստ սովորողների թվի՝ մեծ, միջին և փոքր: Բացառությամբ տարրական և հատուկ դպրոցների, ըստ մշակված հարցաթերթերի, ՀՀ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատություներից հավաքագրվել է անհրաժեշտ տեղեկատվությունը”,- նշել է Կարինե Հարությունյանը և հավելել, որ տվյալների մուտքագրումից հետո ըստ տարբեր չափանիշների համակարգն ինքն է որոշում լավագույն կրթական հաստությունը:
Նախարարի տեղակալի խոսքով` վարկանիշավորման համակարգն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, քանի որ դպրոցների վարկանիշավորման և ցուցանիշների հրապարակման արդյունքում, ինչպես ցույց է տալիս փորձը, որոշակի բևեռացվածություն է առաջացնում, ինչից պետք է խուսափել:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է համակարգի փորձնական տվյալները. “Մեկ ամսվա ընթացքում հավաքվել է ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվությունը ու կազմվել վարկանիշները` հինգ տասնյակին մոտ ցուցանիշների հիման վրա: Վարկանիշավորման համակարգը ներկայացված է առանձին ինտերնետային կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն ցանկացած ցուցանիշով ստանալ դպրոցների վարկանիշավորման իրենց նախընտրած սանդղակը: schoolrate.armedu.amկայքն արդեն հասանելի կլինի հունվարի 20-ից: Կայքում տեղակայված է դպրոցների ընդհանուր վարկանիշը, գործում են “Աշակերտների ուսումնառություն”, “Ուսուցիչներ”, “Դպրոցի ակտիվություն”, “Կառավարման արդյունավետություն” բաժինները: Հնարավոր է դպրոցների վարկանիշավորումը ստանալ` ըստ մեկ չափանիշի` ընտրելով 49 ցուցանիշներից յուրաքանչյուրը”,- տեղեկացրել է Ա. Պողոսյանը:
Վարկանշավորման համակարգը առաջին անգամ փորձարկվել է 2013թ-ին , որի արդյունքում իրականացվել են մի շարք փոփոխություններ մեթոդաբանության մեջ: Ծրագիրը դեռևս փորձնական է, փոխությունները կշարունակվեն՝ նպատակ ունենալով ձևավորել դպրոցների դասակարգման և վարկանիշավորման հուսալի, համարժեք չափանիշների և գնահատելի ցուցանիշների համախումբ:
Ուկրաինայում բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել 100-ը
Ավելի քան 16 ժամ բախումներ են ցուցարարների ու ներքին զորքերի և “Բերկուտ” ստորաբաժանման միջև, Կիևի “Դինամո” ստադիոնի մոտ: Վիրավորների ընդհանուր թիվը երկու կողմերից, 100-ը գերազանցել է: Ցուցարարներն այրել են միլիցիայի 4 ավտոբուս ու 2 բեռնատար:
Ցուցարարների ու ուժայինների միջև այրված ավտոմեքենաների սառցակալած մնացորդներն են: Իրավապահները փորձել էին ջրով հանգցնել կրակը, որն այժմ ամբողջությամբ վերածվել է սառցե բարիկադի:
Այսօր նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Կլուևին ստեղծել աշխատանքային խումբ` երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Բացի այդ, այսօր պետք է ընդդիմության հետ աշխատանքային խմբի հանդիպում անցկացվի: Կիրակի Յանուկովիչը հանդիպել էր “Հարված” ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ: Հանդիպման արդյունքներով, Կլիչկոն հայտարարել էր, որ նախագահը մտադիր է հանձնաժողով ստեղծել պետության ղեկավարի ադմինիստրացիայի անդամներից ու ընդդիմության կողմնակիցներից.որը կզբաղվի երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուծելու հարցով:
Հունվարի 19-ին իրավապահ մարմինների աշխատակիցների ու ընդդիմության կողմնակիցների միջև, որոնք փորձում են կառավարական թաղամաս մուտք գործել,դիմադրություն էր ծագել, ինչի հետևանքով էլ իրավապահ օրգանների ավելի քան 70 աշխատակից է վիրավորվել. 40-ը հոսպիտալացվել են:
Ցուցարարները մտադիր էին շրջափակել խորհրդարանը, որ պատգամավորները հունվարի 16-ին ընդունած օրենքները չեղյալ հայտարարեն:
Այդ օրը, ընդդիմադիր պատգամավորների ու իշխանությունը պաշտպանող մեծամասնության միջև խիստ դիմադրության պայմաններում խորհրդարանն ընդունեց 2014-ի պետբյուջեն, առանց քննարկումների ու անմիջապես երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ, քանի որ ընդդիմությունը խորչնդոտում էր քննարկմանն ու հաստատմանը:
Հայոց լեզվի բառապաշարի հարստացմանն ուղղված նոր խաղ «Dasaran.am»-ի կողմից.
«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը, հավատարիմ Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը միտված իրենց առաքելությանը, հանդես են գալիս հերթական նորարարական նախաձեռնությամբ: «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված «Բառերի տիեզերք» անունը կրող ինտելեկտուալ խաղը նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաների հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը: Այս անգամ ևս գործի են դրվել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ որպես Հայաստանում կրթության արդիականացումը խթանելու արդունավետ միջոց:
«Բառերի տիեզերք»-ը, որը բաղկացած է բարդության տարբեր աստիճանի հոմանիշների և հականիշերի բաժիններից, կօգնի մեր աշակերտներին ինտերակտիվ եղանակով հարստացնել հայոց լեզվի իրենց զինանոցը: Խաղի հետաքրքրաշարժ բովանդակությունը և տպավորիչ դիզայնը հնարավորություն կտան աշակերտներին ինտերակտիվ կերպով հաղորդակցվել ոսկեղենիկ հայոց լեզվի ողջ հմայքին՝ պարտավորեցնելով վերջիններիս խոսել ավելի հարուստ և գեղեցիկ հայերեն: Այս մոտեցման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ խաղային եղանակով սովորելու մեթոդը ձերբազատում է աշակերտին կրթության պարտադրանքի կարծրատիպից՝ վերածելով այն հաճույքի և այդպիսով արդյունավետորեն նպաստելով նոր սերնդի կրթական մակարդակի բարձրացմանը:
«Dasaran.am» կրթական հարթակն էլ խաղը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի 930 դպրոցների աշակերտներին՝ ապահովելով անհրաժեշտ նախադրյալներ դրա լայն տարածման և բարձր արդյունքներ գրանցելու համար:
«Dasaran.am» կրթական ծրագիրը արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներմուծման եղանակով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են
Հայաստանի 1400 դպրոցներից 930-ը` ավելի քան 677,000 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում:
«Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ բոլոր բաժանորդները վայելում են ծրագրի ծառայություններից անվճար հիմունքներով օգտվելու առանձնաշնորհ:
«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Կոտայքի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Համերգ՝ նվիրված Միքայել Թարիվերդիևին
Հունվարի 27-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգա համերգային ծրագրով՝ նվիրված Միքայել Թարիվերդիևին։ Կհնչեն Թարիվերդիևի Ջութակի կոնցերտը և կոմպոզիտորի՝ հայտնի և սիրված կինոնկարների համար գրված մեղեդիները։ Մենակատարներ՝ ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցով, Գևորգ Դաբաղյան (դուդուկ, Հայաստան), Ալեքսեյ Գորիբոլ (դաշնամուր, Ռուսաստան), Հայկ Կազազյան (ջութակ, Ռուսաստան/Հայաստան), Գևորգ Հակոբյան (բարիտոն, Հայաստան)։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ համերգը կվարի Վերա Թարիվերդիևան։
Համերգի կազմակերպիչներն են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունները, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։