Ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած Սևանում ձկնաբուծարան կառուցելու ծրագրի հետևում

sevan2cu8Առաջիկա 5 տարում Սևանա լճի տարածքի մի մասը կվերածվի ձկնաբուծարանի: Դրա համար լճի տարածքում կկառուցվեն ցանցավանդակային տնտեսություններ: Այլ կերպ ասած՝ հենց լճի մեջ կսկսեն ձկներ բուծել: Այս ծրագիրն արդեն արժանացել է կառավարության հավանությանը, անգամ բնապահպանության նախարարն է հասցրել գովաբանել այն: Ավելին, կառավարությունը պետական բյուջեից 8.4 մլն դրամ է հատկացնել «Գրանթ Թորոնթոն» ՓԲԸ-ին` ծրագիրն անկախ տնտեսագիտական փորձաքննության ենթարկելու համար: Եվ փորձաքննությունն էլ արդեն կանաչ լույս է վառել լճում արդյունագործական ձեռնարկություն հիմնելու նախաձեռնության առաջ:

Ծրագրի իրականացմանը, սակայն, դեմ է, Հայաստանի բնապահպանական հանրույթը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մասնագետները վստահ են, որ այս ծրագիրն ուղղակի դատավճիռ է Սևանի համար: «Փաստինֆո»-ի հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս ծրագրի հետևում, «Էկո լուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը պատասխանեց. «Այս հարցի պատասխանը շատ պարզ է, վերցնում են մի կազմակերպություն` «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ, որը պետք է իրականացնի այս ծրագիրը: Հիմա իրենք ասում են, որ այս մասշտաբային ծրագրի իրականացման մեջ պետք է մասնակցություն ունենա նաև մեր կառավարությունը, որ դա մի մասով կլինի պետական ծրագիր»:

Ի դեպ, «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ընկերության կապիտալում ՀՀ կառավարությունը 2011թվականից սկսած 49 տոկոսի չափով մասնակցություն ունի: 2011-ի հոկտեմբերի 27-ին գործադիրը 4 մլն 900 հազար դրամով գնել է ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը: Ավելորդ չէ հիշեցնել, որ ժամանակին այս ընկերությունն ստեղծվել էր մասնավորապես ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով, և, ինչպես ժամանակին հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս ընկերության նպատակը Հայաստանում ջերմոցային տնտեսությունների մեծ ցանց ունենալու ակնկալիքով նման բիզնես ծրագրերի ներդրմանն օժանդակելն էր:

Սևանում ձկնաբուծական տնտեսությունների մասին այն ժամանակ դեռ ոչ մի խոսք չկար:    Իսկ ներկայացված նոր ծրագրով նախատեսվում է, որ այս ընկերությունը 74 ձկնաբուծական տնտեսություն կստեղծի, որոնք 5 տարի աշխատելով, տարեկան 50 000 տոննա ձուկ կարտադրեն:  Իսկ ձկներին կերակրելու համար տարեկան 50 000 տոննա կեր պետք է լցվի լիճը կամ, ինչպես պատկերավոր նշեց մասնագետներից մեկը, տարեկան 1000 վագոն:   Արդյունքում, ըստ մասնագետների, լճի հատակը կպատվի թանձր նստվածքով, լիճն էլ անդառնալիորեն կճահճանա:

Այս կործանարար ծրագրի իրականացումը կանխելու համար բնապահպաններն արդեն դիմել են երկրի նախագահին ու վարչապետին և ակնկալում են նրանց միջամտությունը: Ի դեպ, մեր հարցին, թե որքանո՞վ են հավատում նման մեծ բիզնես ծրագիրը չեղյալ հայտարարելու հավանականությանը, ջրային էկոհամակարգերի մասնագետ, բնապահպան Սեյրան Մինասյանը հիշեց տարիներ առաջ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան Սոթք տեղափոխելու ծրագրի դրական օրինակը: «Այն ժամանակ շատ մեծ մարդիկ էին կանգնած և շատ բարձր մակարդակով էր որոշումներն ընդունվում: Ավելին` ԳԱԱ 3 ինստիտուտներից 2-ը դրական եզրակացություն էին տվել և ինձ ասում էին, մեկ է՝ դրական է լինելու, լավ է միանգամից համաձայնենք, դեմ էր արտահայտվել միայն Հիդրոէկոլոգիայի ինստիտուտը: Ես չեմ ասում միայն այդ ինստիտուտի շնորհիվ էր, բայց այս ինստիտուտը պայքարեց մինչև վերջ, և վերջ ի վերջո, տարբեր առվակներ միանալով այս պայքարին, դարձան գետի նման, և առաջին դեմքի մակարդակով ծրագրի վրա վետո դրվեց»,- ասաց Սեյրան Մինասյանը՝ հույս հայտնելով, որ այսօր էլ նման հնարավորություն կա:

Փաստինֆո

 

Անկախ

Կյանքից հեռացել է Արա Շիրազը

Ara ShirazՄարտի 18-ին կյանքի 73-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը (Արամազդ Հովհաննեսի Կարապետյանը)՝ բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ  քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա փետրվարի 24-ին: Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն: Նա այդպես էլ գիտակցության չէր եկել:

Անկախ-ի ողջ խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում անվանի մտավորականի ընտանիքին ու հարազատներին:

***

Արա Շիրազը 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1987-93 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ:

1960-ական թթ. հայ կերպարվեստում գեղարվեստական ձևերի թարմացման պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Շիրազի գործերում:

  • «Անտունի», 1969, թուջ, ԺԱԹ, Երևան
  • «Ներբող» 1970, թրծակավ, ԺԱԹ, Երևան
  • «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ
  • «Անի» հյուրանոց, Երևան

1970-ական թթ. Շիրազի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավերագրական, բազմազան։

  • Վիլյամ Սարոյան, 1975, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
  • Պաբլո Պիկասո, 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
  • Հրաչյա Ներսիսյան, 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
  • «Ֆիդայի», 1976, երանգավորված գիպս, ՀԱՊ

Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝

  • Պարույր Սևակի (1974. բչոմզ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան, Պարույր Սևակի անվան դպրոցի պատին) հուշարձան
  • Եղիշե Չարենցի (Չարենցավանի կենտրոնական զբոսայգում, թուջ, 1979, Չարենցավան) հուշարձան
  • Ալեքսանդր Մյասնիկյան (1981, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան) հուշարձան
  • Անդրանիկ Օզանյան (2002, բրոնզ, բազալտ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան, Երևան) հուշարձան
  • Մ. Մկրտչյանի (2004, Գյունրի) հուշարձան
  • «Դվին» հյուրանոցի ճակատի «Դվին» հարթաքանդակը (1978, ՀՀ Պետական մրցանակ՝ 1979, Երևան)

Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների՝

  • Վիլյամ Սարոյան (1989, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) մահարձան
  • Հովհաննես Շիրազ (1994, բրոնզ, կրաքարային տուֆ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
  • Սերգեյ Փարաջանով (1999, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
  • Վազգեն Սարգսյան (1999, տուֆ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) դիմաքանդակի
  • Հովհաննես Շիրազ, տեղադրված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում (2005
  • Վազգեն Ա-ի արձանը, տեղադրված է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008)

Նրա ստեղծագործխություններից է նաև Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի աջ անկյունում տեղադրված Անդրանիկ Օզանյանի հուշարձանը (2002թ.)։ Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա քանդակել, Արա Շիրազը բացատրել է, որ երկու ձիերը խորհդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները. «Դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով…»:

 

Անկախ

 

 

 

 

Կուրտ Կոբեյնի այրին համացանցում գտել է կորած “Բոինգի” հետքը

pic_2b2ab3b633225540069ee6ea0e380097Կուրտ  Կոբեյնի կինը, երգչուհի Կորթնի Լավը համացանցում  մալազիական կորած “Բոինգ 777”-ի  արբանյակային լուսանկարներում ենթադրվող հետքի մասին գրել է.” Ես փորձագետ չեմ, սակայն դա ինքնաթիռի է  նման, կողքին` նավթի հետք”:

Լուրը գրելու պահին “«Like» է տվել ավեի քան 9040 մարդ, կիսվել է 8492-ը: Նրանցից մեկը գրում է.”Երդվում եմ Աստուծով, Կորթնին գտել է   …(անիծյալ) ինքնաթիռը”:Այդ մեկնաբանությունը նույնպես 8,7 հազար լայք է հավաքել:

Մալազիայի իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ Կորթնի Լավի հետաքննության կապակցությամբ չեն եղել դեռևս:

Անկախ

«Եթե Ռուսաստանին մեկուսացնենք, նա նոր դաշնակիցներ կգտնի».ամերիկացի քաղաքագետ

o_620328Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքները հակասական արձագանք է առաջացնում անգամ ԱՄՆ-ում: Փորձագետներից շատերը քննադատաբար են վերաբերվում Վաշինգտոնի արտաքին քաղաքականության բռնած ուղուն: Մասնավորապես, ամերիկացի քաղաքագետ, Ազգային շահերի կենտրոնի նախագահ Դմիտրի Սայմսը կարծում է, որ եթե Ռուսաստանին փորձեն մեկուսացնել, ապա նա  պարազապես նոր դաշնակիցներ կգտնի:

“Կա Չինաստան ու այլ կայսրություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան, Արգենտինան: Նրանք չեն պաշտպանում Միացյալ Նահանգների ու ԵՄ գիծը, որպեսզի մնացյալ աշխարհին ասեն, թե ինչպես պետք է ապրել: Դա ոչ միայն Ռուսաստանի ու Արևմուտքի միջև,  ու ոչ միայն Ուկրաինայի հաշվով: Դա ճշմարտության պահն է միջազգային քաղաքականության մեջ: Մինչև որ չափով կարող են Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն որոշել կարգի համաշխարհային չափորոշիչները: Եթե դու փորձում ես մեկուսացնել նման հզոր  կայսրության, ինչպիսին Ռուսաստանն է, ապա այն անխուսափելիորեն կփնտրի ու կգտնի ուրիշ դաշնակիցներ”,-ասել է Սայմսը “Россия 24” հեռուստաալիքին:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդեն հնչեցրել են Ռուսաստանից և Ուկրաինայից այն անձանց  անունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Արտասահմանյան հաշիվների ու ակտիվների սառեցում, ինչպես նաև` վիզաների տրամադրման արգելքի մասին որոշում են ընդունել գրեթե միաժամանակ Վաշինգտոնում ու Բրյուսելում:

Այդ ցուցակում են հայտնվել Ռուսաստանի 13 և Ուկրաինայի 8 քաղաքացի:

Ամերիկյան պատժացուցակը բաց է ու ցանկացած պահի այնտեղ նոր անուններ կարող են հայտնվել:

Անկախ

Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների պահպանման նպատակով մի քանի ուղղություններով աշխատանքներ են տարվում

загруженное (1)ՀՀ կառավարությունը հատկապես վերջին տարիներին փորձում է վարչական մեխանիզմներով ինչ-ինչ ուծումներ տալ ջրային պաշարների արդյունավետ օգտագործման խնդրին: Իհարկե, չենք կարող ասել, որ այդ լուծումները դեռևս ցանկալի արդյունքներ են տվել:

Այսօր այս մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի շրջանակներում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Նա նշեց, որ կառավարության կողմից խնդրի լուծման համար մի քանի ուղղություններով աշխատանքներ են տարվում: Այդ ուղղություններն են՝ օրենսդրական դաշտի կարգավորում, որպեսզի ջրային պաշարներից օգտվող շահառուներն աշխատեն վերահսկելի պայմաններում, կարողանան օրենքով սահմանված կարգով տնօրինեն այդ պաշարները, վարչարարություն, ըստ որի, գույքագրվում են բոլոր այն աղբյուրները, որոնք այսօր ուղղակի կամ անուղղակի, օրինական կամ անօրինական ձևով շահագործվում են այս կամ այն նպատակով: <<Արդեն իսկ իրական աշխատանք է կատարվում Բնապահպանության նախարարության, մարզպետարանների կողմից չօգտագործվող աղբյուրները փակելու, չեզոքացնելու ուղղությամբ: Նման մոտ 70 խորքային հորեր են կոնսերվացվել: Այս պահի դրությամբ ՋՈ-երի սպասարկման ոլորտում գտնվող մոտ 100 խորքային հորեր բերված են փականային համակարգի, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել ջրային հոսքերը: Ոռոգման համակարգում մենք ունենք այսպիսի դեռևս 16 խորքային հորեր, որոնք այս տարի ևս բերվելու են փականային համակարգի: Կան խորքային հորեր, որոնք օգտագործվում են ոռոգման նպատակով, բայց ՋՈ-երից դուրս են: Դրանք գտնվում են համայնքների տնօրինության ներքո, դրանք ևս գույքագրման առարկա են, և դրանց ճակատագիրը ևս որոշվելու է առաջիկայում>>,- ասաց Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ նույն աշխատանքները կատարվում են նաև կենցաղային նպատակով օգտագործվող ջրային պաշարների հետ:

Եվ վերջին ուղղությունը, ըստ փոխվարչապետի, հատկապես վերաբերվում է նոր տեխնոլոգիաներով պայմանավորած ջրային պաշարների կառավարման և վերահսկողության համակարգերի ներդրմանը:

<<Առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունն ի վիճակի կլինի համապատասխան ռեսուրսների ներդրմամբ հասնել ավտոմատացված կառավարման համակարգի>>,- ասաց Արմեն Գևորգյանը:

 

Անկախ

Ուկրաինայից Սիրիա՝ աշխարհաքաղաքական քերականության իրականացումը

загруженноеԱշխարհագրական տարբեր միջավայրերում ռուսական հենակետերի գրավման-պահպանման նպատակով մղվող պատերազմների հրատապության կարգով առաջնային դիրքերի ժամանակավոր փոփոխություններ են տեղի ունենում: Ուկրաինան եւ Ղրիմը հայտնի պատճառներով Արեւմուտք-հյուսիս բախումնային իրավիճակը տեղադրել են աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կիզակետում:

Մի կողմից միջազգային օրենքի ինքնորոշման սկզբունքի համահնչեղության նկատառումով ժողովրդավար հանրաքվեի եղանակը գործի է դում, մյուս կողմից զինուժ է կուտակվում խնդրո առարկա տարածքների սահմաններին եւ պատժամիջոցների սպառնալիքի անվերջ հայտարարություններ են կատարվում: Ուկրաինառուսական տարածքների վրա գերիշխանություն հաստատելու այս պարանաձգությունը առայժմ պահվում է քաղաքական բանակցությունների վերահսկողության տակ: Այդ հովանիից դուրս գալու որեւէ փորձ անկանխատեսելի հետեւանքների կարող է առաջնորդել ամբողջ տարածաշրջանը:

Ռուսաստանի միջինարեւելյան հենակետի իրավիճակը այլ հանգամանքներ է ստանում: Սիրիայում տեղակայված ծայրահեղ կրոնականության կարգախոսի տակ գործող զինյալ խմբավորումների դեմ կառավարական ուժերի արշավը ռազմավարական կետեր ապահովելու ընթացքում է: Այս տեղաշարժը կատարվում է այն պահին, երբ Արեւմուտք-հյուսիս լարվածությունը կենտրոնանում է Արեւելյան Եւրոպայի սահմանների վրա: Սիրիան այս դեպքում երեւութապես ստանում է երկրորդական նշանակություն:

Պարզ է, որ Արեւմուտքը ոչ միայն ուկրաինական պատճառներով օժանդակության նախկին աստիճանաչափը չի պահում Սիրիայի հակակառավարական ճակատին: Ծայրահեղականությունը սպառնալիք է ոչ միայն Դամասկոսին եւ սիրիական դասական ընդդիմությանը, այլեւ ընդհանրապես Սիրիային եւ Արեւմուտքին, մանավանդ երբ դրանց շարքերին նկատելիորեն հայտնվել են իսլամական աշխարհաքաղաքացիության բազմաթիվ տարբերակները: Թե՛ տարածաշրջանում եւ թե՛ Սիրիայում հակածայրահեղական գործողությունների անտեսանելի կանաչ լույսեր կան, լուռ համաձայնություններ գուցե:

Ուրեմն միայն ուկրաինական առաջնահերթությունը չէ, որ Սիրիայում դիպաշարի ուղղությունների հուներն է փոխում, այլեւ նույնինքն սիրիական հանգամանքները: Այս գործընթացներից անմասն չի մնում նաեւ միջազգային մեկուսացումից դուրս գալու փորձեր կատարող Թեհրանը: Աննկատ չէ Հեզբոլլահի մասնակցությունը սիրիական ռազմավարական կետերի վերագրավման մարտերում:

Սիրիական գետնի վրա ուժերի վերադասավորման իրականությունների դիմաց պատասխան պայթումներ են տեղի ունենում լիբանանյան հողի վրա: Անձնասպանական գործողություններից մինչեւ հրթիռարձակումներ եւ զինվորական միջադեպեր: Խորքում սակայն աշխատում է քաղաքական քերականությունը: Դեպքերը չեն վերածվում իսլամական երկու գլխավոր դավանանքների միջեւ հսկայածավալ բախումի, լուրջ դժվարություններից հետո նորանշանակ կառավարությանը հաջողվում է խմբագրել աշխատանքային ծրագիրը եւ հակառակ գերլարում պատճառող պայթունավտանգ գործողությունների, իրենց դերն են ունենում զսպիչ գործոնները, որոնց հետեւում է նաեւ քաղաքական հռետորաբանության որոշ զսպվածություն: Այսպես է միայն բացատրվում կառավարության կազմության նախօրյակով սկսած արեւմտյան եւ իրանամետ ուժերին եւ դրանց դաշնակիցների միջեւ տեղի ունեցող զգուշավոր փոխասացությունը:

Ուկրաինայից մինչեւ Լիբանան, անցնելով Սիրիայից աշխարհաքաղաքական ուժերի միջեւ զինվորաքաղաքական առեւտուրների պատճառած ելեւէջներով տվայտվում է ամբողջ տարածաշրջանը, որտեղ ապրում են հայ համայնքներ: Երեւանն ու հայ համայնքային ներկայացուցչությունները վերլուծական ժամացույցերի սլաքների համակարգման անհրաժեշտության առջեւ են` աշխարհաքաղաքական քերականության հիման վրա իրականացվող գործընթացներին հետեւելու համար:

Գեթ այս հանգրվանին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է առաջարկել ՀՀ կառավարությանը մշակել այն ծրագիրը, որը կնպաստի ջրային ռեսուրսների կառավարմանը

big_1386772020_4481578ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագիրը ՀՀ ջրային ոլորտի շահագրգիռ կողմերին այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացրեց Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի ուսումնասիրության արդյունքները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը,  ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Արարատի և Արմավիրի մարզպետարանների ու ջրային ոլորտում ներգրավված գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշեց, որ, չնայած ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում վերահսկելու ստորեկրյա ջրերի օգտագործումը, ջրի մակարդակը, Արարատյան ջրի հարցը շարունակում է մնալ ազգային խնդիր:

<<Ցավոք, վերջին տարիներին ձկնաբուծության անվերահսկելի աճը ջրի լուրջ նվազման պատճառ է դարձել: Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնքներում ներկայում զգացվել է խմելու և ոռոգման ջրի պակաս, ինչը բացասաբար է ազդում  այդ համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի վրա: Հունիս և հուլիս ամիսներին ջուրը հազիվ է բավարարում Մեծամորի ատոմակայանը սառեցնելու համար: Անհարժեշտ է գտնել այս խնդրի քաղաքական և իրավական լուծումը: ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է առաջարկել ՀՀ կառավարությանը մշակել այն ծրագիրը, որը կնպաստի ջրային ռեսուրսների կառավարմանը, ձկնաբուծության և գյուղատնտեսության զարգացմանը>>,- ասաց Քարեն Հիլիարդը:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ վերջին 6-8 տարիների ընթացքում Արարատյան դաշտում էապես նվազել են ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը և աղբյուրների ջրատվությունը: Ուսումնասիրությունը նաև շեշտադրում է ՀՀ կառավարության կողմից այնպիսի գործողությունների կատարման խիստ անհրաժեշտությունը, որոնք նպատակաուղղված կլինեն լուծելու վերոնշյալ խնդիրները՝ արդյունավետ կառավարման և վերահսկման մեխանիզմների ներդրման և ջրային ռեսուրսների պահպանման միջոցով: Այդ միջոցառումները կնպաստեն իրավիճակի բարելավմանը և ՀՀ գյուղատնտեսության համար կենսական նշանակություն ունեցող Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակի աստիճանական վերականգնմանը:

 

Անկախ 

Բաքվում քամին արմատախիլ է արել կենտրոնի բոլոր ծառերը

2Մարտի 17-ին Բաքվում ուժեղ քամին արմատախիլ է արել քաղաքի կենտրոնի բոլոր ծառերը, մասնավորապես՝ Իսթիգլալիյաթ փողոցի: Մայրաքաղաքի կենտրոնում արտակարգ իրավիճակ է եղել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Նշենք, որ երեկ ուժեղ քամի է եղել Ադրբեջանի գրեթե բոլոր շրջաններում: Եղել են նշանակալի ավերածություններ: Ուժեղ քամու պատճառով Մասալինի շրջանում անտառային հրդեհներ են բռնկվել: Կրակը մոտեցել է բնակավայրերին, սակայն այն կարողացել են մարել:

Անկախ

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է

վրաերթ1Մարտի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Վաղինակ Թադևոսյանին և 2001 թ. ծնված Լավրենտ Պետրոսյանին և դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Վ. Թադևոսյանը տեղում մահացել է, իսկ Լ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` մարտի 18-ին, ժամը 01.30-ին, Քասախ գյուղի Երիտասարդական փողոցի 9 շենքից, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 50-ամյա վարորդը: Նա խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:
Վարորդը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Անկախ

Ճանապարհաշինարարների ջանքերով Վարդենյաց լեռնանցքում մեքենաները դուրս են բերվել ձնաբքից

imagesՀՀ   տրանսպորտի և  կապի նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  18-ին ժամը  05:00- ի  սահմաններում, եղանակային պայմանների  պատճառով  Վարդենյաց  լեռնանցքում  տեղի էր ունեցել մեքենաների կուտակում, որոնք  ձնաբքից դուրս են բերվել ճանապարհը սպասարակող  «Շանթ- Սեյրան» ՍՊԸ – ի  ճանապարհաշինարարների  ջանքերով:

Ներկա պահին  ճանապարհահատվածը  գործում է  բնականոն:
Անկախ

Հետազոտողների կարծիքով քաղաքական գործիչները լավ ստախոսներ են

Bill ClintonՀետազոտողները կարծում են, որ քաղաքական գործիչները լավ են ստում, քանի որ կարողանում են իրենց համոզել, որ իրենք ճշմարտությունն են ասում:

Այս կերպ ավելի հեշտ է խաբել հանրությանը, քանի որ լավագույն ստախոսները նրանք են, ովքեր չեն գիտակցում, որ ստում են:

Համաշխարհային առաջնորդները բազմաթիվ անճշտությունների պատճառ են դարձել՝ լինի դա ակնհայտ սուտ, թե պարզամիտ սխալ:

Սակայն հնարավոր է, որ նրանք իրենց հավատացրել են, որ օրինակ Իրաքը մասսայական ոչնչացման զենք ունի, քանի որ իրենք ցանկանում էին դրան հավատալ:

Մեկ այլ օրինակ է Բիլ Քլինթոնը, երբ նա հերքում էր սիրային կապը Մոնիկա Լեվինսկիի հետ:

Իտալիայի Արևելյան Պյեմոնտի համալսարանի պրոֆեսոր Գալեոտին Political Studies ամսագրին հայտնել է, որ ցանկացած դեպքում քաղաքական գործիչները մեղավոր են ինքնախաբեության մեջ:

Յուրաքանչյուր ոք ունի ներքին ստի ցուցիչ, ամեն դեպքում ավելի հեշտ է նկատել մեկին, ով գիտակցաբար ստում է, քան մեկին, ով անգիտակցաբար է ստում:

Սա է պատճառը, որ քաղաքական գործիչները համոզիչ են ստում, սակայն շարունակում են հավատալ, որ իրենք ճիշտ են խոսում՝ չնայած իրենց ասածը ապացուցված սուտ է լինում:

 

Անկախ

 

Կամչատկայում ակտիվ հրաբուխը սպառնում է օդագնացությանը

karymskiy-390x290Կարիմյան հրաբխի ժայթքումը կարող է տեղի ավիաընկերությունների ու զբոսաշրջային խմբերի աշխատանքը լրջորեն խաթարել:

Չնայած հրաբխի ակտիվությունը չափավոր նիշի վրա է գտնվում, ԱԻՆ ներկայացուցիչները ավիաընկերություններին խորհուրդ են տվել լեռան մոտով անցնող  երթուղիներում փոփոխություններ կատարել:

Անցած շաբաթ մոխրային արտանետումների բարձրությունը  հասնում էր ծովի մակարդակից 1500-2000 մետրի: Արբանյակից ստացված լուսանկարներում երևում են մոխրասյան մինչև 300 կմ ձգվող հետքերը: Դա չափավոր ակտիվություն է համարվում: Այն վտանգավոր է միայն տեղական ավիաուղիների համար, ասել են տեղի` հրաբխային ժայթքմանն արձագանքող խմբից:

Զբոսաշրջիկներին նույնպես խորհուրդ է տրվել ժմանակավորապես դադարեցնել տվյալ բարձունք վերելքը:

Անկախ

Ճապոնիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

070613-390x280ԱՄՆ-ից ու ԵՄ-ից հետո Ճապոնիան է հայտարարել  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին:

Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդայի խոսքով, “Ռուսաստանի կողմից Ղրիմի անկախությունը ճանաչելու փաստն իր մեջ ափսոսանք է առաջացրել”. “Ճապոնիան վճռականորեն պահանջում է, որ Ռուսաստանը խստորեն հետևի միջազգային իրավունքին, հարգի  Ուկրաինայի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, հետ կանչի Ղրիմի անկախության ճանաչումն ու  չփորձի միավորել այն”:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ներառում են վիզային ռեժիմի մեղմացման հարցով խորհրդատվության դադարեցում, ինչպես նաև 3 պայմանավորվածությունների վերաբերյալ բանակցությունների սառեցում. Ներդրումային համագործակցություն, տիեզերքի յուրացման ուղղությամբ համագործակցություն ու ռազմական վտանգավոր գործունեության կասեցում:

Անկախ

Պատմության այս օրը

1871., մարտի 18,  Փարիզի բարիկադներըԱյսօր Փարիզյան կոմունայի օրն է.նշում են աշխարհի աշխատավորներն ի նշանավորումն 1871-ի մարտի 18-ին առաջին պրոլետարական հեղափոխության հաղթանակի: Օրը նշելու վերաբերյալ որոշում է կայացվել 1872-ի փետրվարի 20-ին, 1-ին Ինտերնացիոնալի Գլխավոր խորհրդի կողմից:

Փարիզյան կոմունա էին  անվանում 1871-ին հեղափոխական իրադարձությունների ժամանակ ձևավորված հեղափոխական կառավարությունը: Ֆրանսիայի ու Պրուսիայի միջև Ֆրանկ-պրուսական կռվի ժամանակ հաստատված զինադադարի ժամանակ Փարիզում հուզումներ առաջացան, որոնք վերաճեցին հեղափոխության:

Արդյունքում ինքնակառավարում հաստատվեց, որ մարտի 18-ից մինչև մայիսի 28 տևեց; Փարիզյան կոմունան գլխավորում էին սոցիալիստներն ու անարխիստները: Երկու ուղղությունների առաջնորդները Փարիզյան կոմունան հռչակեցին պլոետարիատի համաշխարհային դիկտատուրայի առաջին օրինակը:

Առաջին անգամ այն լայնորեն սկսեց նշվել, երբ Հեղափոխության մարտիկների օգնության միջազգային կազմակերպության ԿԿ-ն 1923-ին Փարիզյան կոմունայի օրն իր տոնը հռչակեց (նշվել է մինչև 1990թ);

Անկախ

Բրիտանացի զույգը երկու տարվա ընթացքում հեծանիվով անցել է 32,186կմ

british-couple1Նորապսակների մեծ մասը իրենց մեղրամիսը անց է կացնում ծովի ափին կամ շքեղ հյուրանոցային համարներում:

Սակայն Քեթ և Սթիվ Թերներները մի փոքր այլ կերպ են վարվել:

Պսակադրությունից հետո նրանք ուղևորվել են երկու տարվա մեղրամսի՝ տանդեմով երկրագնդի շուրջը անցնելով 32,186 կմ:

Լոնդոնցի զույգը ուղևորվել է Նոր Զելանդիայից 2012թ-ի ապրիլին և 674 օրվա ընթացքում նույն հեծանիվով անցել երեք մայրցամաքներով՝ նախքան Բրիտանիա վերադառնալը:

32-ամյա Կեթը նախքան այս ճանապարհորդությունը՝ նախկինում հեծանից չէր վարել:

british-couple6Արևադարձային անտառներով, անապատներով ճամփորդելուց, ջրհեղեղներ և նույնիսկ երկրաշարժեր տեսնելուց հետո՝ զույգը երեկ վերադարձել է Բրիտանիա:

Նրանք իրենց ճանապարհորդության ընթացքում եղել են Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Թայլանդում, Լաոսում, Կամբոջայում, Վիետնամում, Չինաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Թուրքիայում, Հունաստանում, Իտալիայում և Ֆրանսիայում:

 

Անկախ

 

Հայ քաղկեդոնական եկեղեցիները` թուրք-վրացական «եղբայրության» սակարկագին

1361253759_avaԹուրքիայում հայոց մշակութային ժառանգությունն իրական տերերից զրկելու հետևողական քաղաքականությունը եղել և մնում է այդ երկրի պետական, քաղաքական և հասարակական ուղեգիծը: Սակայն վերջին շրջանում այդ քաղաքականության մեջ նոր երևույթներ են ի հայտ եկել: Թուրքիան հայկական մշակութային կոթողների միջոցով իր անձնական հարաբերություններն է բարելավում հարևան երկրների, մասնավորապես` եղբայրական Վրաստանի հետ:
Հայ քաղկեդոնական եկեղեցիները հերթով նվիրաբերվում են վրացիներին. իհարկե փոխշահավետ պայմաններով:

Վրաստանի և Թուրքիայի միջև միջպետական համաձայնագիր կա մշակութային ժառանգության վերականգնման վերաբերյալ, որի շրջանակներում 2012 թ. թուրքական կառավարությունը 1 մլն լիրա է տրամադրել Տայքի հայ Բագրատունյաց շրջանի ժառանգություն համարվող Իշխան և Օշքի եկեղեցիները վերականգնելու համար: Այդ հայկական եկեղեցիները նույնպես համարվել են վրացական:

Margvelashvili_Erdogan

Այս տարվա հունվարի 21-ին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու այցելությունները Իշխանի և Օշքի հայկական եկեղեցիներ արդեն իսկ պետական մակարդակով ընդգծեց դրանք վրացականացնելու իրողությունը:
Ավելին, Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը Մարգվելաշվիլու հետ հանդիպման ժամանակ բաց տեքստով հայտարարեց, որ Թուրքիան հիացած է հայոց ցեղասպանության հարցում վրացական դիրքորոշմամբ և հույս հայտնեց, որ այդ դիրքորոշումը կպահպանվի` չխաթարելով երկու երկրների հարաբերությունները: Թերևս երկու հայկական եկեղեցիները վրացիներին նվիրելը նաև այդ դիրքորոշման պատասխանն է, որը թուրքերը ցանկանում են ամեն գնով պահպանել:
Սակայն հայերի հաշվին նման թանկարժեք ընծաներ անելու գործընթացը պայմանավորված է նաև այլ հանգամանքներով:

levon_hovsepyan_1392116913Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Մարգվելաշվիլու հունվարյան այցը Թուրքիա և նրա այցելությունները այդ եկեղեցիներ համարում է նախորդ գործընթացների նոր, ավելի հրապարակային փուլ: «Սա հին պատմություն է: Թուրքական պետությունն այս ուղեգիծը միշտ պահել է, ինչը վառ դրսևորվեց վրացական նախկին իշխանությունների օրոք, թուրք-վրացական ջերմ հարաբերությունների ներքո, երբ Սահակաշվիլին բավական լայն բացել էր դռները Թուրքիայի առջև: Այդ ժամանակվանից սկսած` նման խնդիրներ աստիճանաբար ի հայտ էին գալիս, և թուրքական կողմը դա փորձում էր օգտագործել մի կողմից վրացիներին սիրաշահելու, մյուս կողմից` զրկելով հայերին այն արժեքներից ու ժառանգությունից, որոնք այսօր Թուրքիայում կան»:

Բացի այդ, թուրքական կողմը նաև Վրաստանում թուրքական մզկիթների վերաբացման, վերանորոգման և կառուցման հետ կապված հավակնություններ ունի, և ըստ որոշ տեղեկությունների` Թուրքիայի ու Վրաստանի կառավարությունների միջև գաղտնի համաձայնություն է եղել, ըստ որի` վրացականացման այս գործընթացին զուգահեռ` թուրքական կողմը պետք է վրացական տարածքում` Ախալցխայում, մզկիթ կառուցի:
«Ջավախքում թուրքական մզկիթի կառուցումը բավական մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար` հաշվի առնելով այն գործընթացը, որը մինչ օրս կարծես թե անորոշությամբ, բայց, այնուամենայնիվ, ընթանում է` թուրք մեսխեթցիների վերադարձը Սամցխե-Ջավախ»,- ասում է թուրքագետը:

Ruben SafrastyanՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, որ միաժամանակ Հանրային խորհրդի անդամ է և ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ հարցը բարձրացվել է հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սահակյանի կողմից և քննարկվել հանձնաժողովի կոլեգիայի նիստում: Որոշվել է խնդիրն առավել մանրամասն ու համակողմանիորեն ուսումնասիրել հանձնաժողովի մշակութային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում համապատասխան մասնագետների, եկեղեցու, արտգործնախարարության, սփյուռքի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Փաստորեն, մեր հոգևոր և մշակութային արժեքները թուրքերը ոչ միայն իրենք են յուրացնում, այլև որոշում են դրանց հետագա ճակատագիրը: Սա պետք է արժանանա և՛ մեր հասարակության, և՛ պատկան մարմինների հատուկ ուշադրությանը, և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն, որպեսզի նախ նման երևույթները դատապարտվեն, ապա բացառվի դրանց կրկնությունը»,- ասում է Սաֆրաստյանը:

Նա ցավով է արձանագրում, որ նմանատիպ երևույթներ Թուրքիայի կողմից բազմիցս են եղել, և հայկական կողմը գրեթե միշտ ուշացել է կամ թերացել համարժեք արձագանքելու հարցում: «Օրինակ` անցյալ տարի Թուրքիայի ակտիվությունը ՄԱԿ-ի գրասենյակների մի մասը Ստամբուլ տեղափոխելու հարցում, և կրկին մենք արձանագրեցինք, որ մեր պատկան մարմինները հետևողական չեն և համապատասխան քայլեր չեն ձեռնարկում»:

oshkvanq

Օշքի եկեղեցի

Գործուն քայլերի անցնելու անհրաժեշտության մասին է խոսում նաև Լևոն Հովսեփյանը: Նա կարծում է, որ բացթողումը մեր կողմից է: «Օրինակ` անհերքելի է, որ այդ երկու եկեղեցիները հայ քաղկեդոնական եկեղեցիներ են, և մենք արդեն իսկ պետք է գիտական մակարդակով դա ամրագրած լինեինք որպես հայկական և ներկայացրած լինեինք միջազգային համապատասխան կառույցներին` ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մյուսներին, որոնք էլ իրենց հերթին պարտավորություններ կդնեին Թուրքիայի վրա` դրանք վերանորոգելու և պահպանելու որպես համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մաս: Նույնը նաև ողջ Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության առումով»:

oshqvanq-2Թուրքագետը կարծում է, որ այս հարցը պետք է մեր կողմից բարձրացվի և տարվի համակարգված եղանակով գիտական, հասարակական և պետական մակարդակներում: Նա նաև փաստում է, որ Հայաստանը Թուրքիայի վրա ներազդման որևէ լծակ չունի, և հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու միակ հնարավորությունն ու երաշխիքը մնում են միջազգային պարտավորությունները:

Ishkhan-1

Իշխան

Այդ երկու եկեղեցիների հետ կապված` թուրքագետին ամենից շատ զարմացրել է ոչ թե պետական կառույցների կողմից չարձագանքելը, այլև մշակութային հասարակական կազմակերպությունների անտարբերությունը, որոնցից որևէ մեկն այդ հարցի վերաբերյալ չի հայտնել իր դիրքորոշումը և բողոքի ալիք չի բարձրացրել:

 

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը բացում է բոլոր փակագծերը


Նրա խոսքով` սա չափազանց լուրջ խնդիր է և շատ հին նախապատմություն ունի, սակայն այսօր այն ուղղակի ահագնացել է: «Բանն այն է, որ հայ քաղկեդոնական մշակույթի ուղղությամբ հայկական կողմը ոչ միայն այսօր, այլ արդեն մեկուկես դար մատը մատին չի տվել: Մենք ընդհանրապես միշտ աչք ենք փակել և կարծես մեզնից վանել ենք հայ քաղկեդոնական մշակույթը: Եվ այս տևական ծուլությունը, անտարբերությունն ու գործի կարևորությունը չգիտակցելը հասցրել են մի տեղ, որ մենք հիմա էապես բոբիկ վիճակում ենք, ինչը լավագույնս օգտագործել և օգտագործում են մեր հարևանները»,- ասում է նա:

Ի դեպ, վրացիները ոչ միայն Գուգարքի և Տայքի շրջանում գտնվող հայ քաղկեդոնական հուշարձանների նկատմամբ են պահանջատիրություն ներկայացնում, այլև հենց Հայաստանի Հանրապետությում գտնվող եկեղեցիների` այդ հիմքի վրա նաև հողային պահանջներ ներկայացնելով:

Specialist of monuments Samvel Karapetyan guest in Tesaket press club

Սամվել Կարապետյանը նշում է, որ վրացիները, ի տարբերություն մեզ, այդ ուղղությամբ, XIX դարից սկսած, լրջագույն աշխատանքներ են իրականացնում. «Հարյուրավոր գրքեր ու հոդվածներ են հրատարակում, Լոռվա կարոտն են քաշում: Օրինակ` հոդված են հրատարակել մեր Խուճապի վանքի մասին, որը նույնպես հայ քաղկեդոնական եկեղեցի է և գտնվում է Լոռվա մարզում, և գրել են, որ այդ վանքին սատանաներն են տիրապետում: Սատանաներ ասելով էլ մեզ նկատի ունեն»:

Հուշարձանագետը վրացիներին չի մեղադրում, մեղադրում է մեզ: Հիշում է, որ տարիներ առաջ իրեն զանգահարեցին Հուշարձանների պահպանության գործակալությունից: Պարզվեց` այդ ժամանակվա նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, զանգահարել էր ակադեմիայի նախագահին, որ Ֆադեյ Սարգսյանն էր, և հարցրել էր, թե որտեղ է գտնվում Խուճապի վանքը: Ակադեմիայի նախագահն էլ իր հերթին զանգել էր գործակալություն, որտեղ նույնպես հարցի պատասխանը չէին իմացել և զանգել էին Կարապետյանին: «Այսինքն` մենք նույնիսկ հայ քաղկեդոնական եկեղեցիների տեղը չգիտենք,- ասում է Կարապետյանը,- դրա համար էլ ես այսօր լուրջ չեմ համարում Արևմտյան Հայաստանի տարածքի հուշարձանների նկատմամբ վրաց պահանջատիրությանը ինչ-որ դիմադրություն ցույց տալը, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող համանման կարգավիճակում գտնվող հուշարձանների նկատմամբ ինքներս այդքան անտարբեր ենք»:

Ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը
Եթե իսկապես այսօր սկսել ենք գիտակցել, որ խնդիրը կարևոր է, որ ոչ միայն մշակութաբանական ու հայագիտական է, այլև քաղաքական, ապա հուշարձանագետը հարցի լուծման մի ճանապարհ է տեսնում` օր առաջ, ժամ առաջ լծվել հայ քաղկեդոնականության պատմության ուսումնասիրման գործին:

Սամվել Կարապետյանն իր կողմից այդ ուղղությամբ աշխատանքներ վաղուց արդեն իրականացնում է, իսկ անցած տարի նաև մի ծավալուն նախագիծ է մշակել ու ներկայացրել մշակույթի նախարարին: Սակայն նախագիծը ո՛չ մեկ հոգու գործ է, ո՛չ էլ մեկ կառույցի: Այն ահռելի աշխատանք պահանջող գործընթաց է, որին պետք է պետական նշանակություն տրվի: «Պետք է ամբողջ ուժով կենտրոնանալ այդ նախագծի վրա: Մասնագիտական ռեսուրսների պահանջ չկա, մեր գրասենյակում կան մասնագետներ, որոնք կարող են դա իրականացնել, սակայն նախագիծը նաև մի քանի լուրջ գիտարշավներ է ենթադրում, չենք կարող գրասենյակային պայմաններում կույրի պես նստած դա անել, երբ հակառակ կողմը, XIX դարի վերջերից սկսած, տասնյակ գիտարշավներ է իրականացրել»,- ասում է Սամվել Կարապետյանը:

Պետք է թարգմանել և ուսումնասիրել նաև օտարալեզու, մասնավորապես` այդ ուղղությամբ վրացիների վիթխարի գրականությունը և այլն:

Ցավոք, այդ նախագծի ճակատագիրն էլ այսօր անորոշ է, չնայած մշակույթի նախարարն անձամբ է կարևորել դա և իր մեծ ոգևորությունը հայտնել հուշարձանագետին:
Եվ մինչ մենք ոգևորվում ու մնում ենք ոգևորության սահմաններում, մեր հարևանները գործնական քայլերով հետևողականորեն յուրացնում են հայ քաղկեդոնական հարուստ ժառանգությունը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ