Դոլարը բարձրանում է

դոլարՀուլիսի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411 դրամ:

Լսում ենք Հախվերդյան, խմում գարեջուր, հիշում Երևանը…

մանվելՍա Երևանն է,այստեղ դու տանն ես ,ուր կամ սիրում են կամ հայհոյում են…

Երևանը վաղուց հախվերդյանական զգացողություններ արթնացնող քաղաքը չէ: Այն ավելի շատ լարվածություն,պայքարելու մոտիվացիա ու պահպանելու բնազդ է առաջացնում:

Հին Երևանի մասին պատմություններն ու նկարագրություններն ուտոպիական են թվում: Ոչ մի տեղ չես գտնում դա: Ոչ մի տեղ չես կարողանում լսած ու կարդացած զգացողություններն ապրել: Այնքան չկա, որ սկսում ես կասկածել լսածիդ ու կարդացածիդ: Արտաքին տեսքի հետ փոխվել,ավելի շուտ կորել է նաև կոլորիտը: Սկսած բազմաբնակարան դատարկ շենքերից մինչև  ժամանակ առ ժամանակ, քաղաքով մեկ սփռվող, բադակտուց, տձև,Երևանի հետ ոչ մի աղերս չունեցող կենդանիներ:

Մեզ սեղմում են նոր ժամանակները,ինչպես երկաթե պնդօղակներ: Մինչև վերջ սեղմեք ՁԵՐ գոտիները,պետք է դիմանալ,դիմադրել…

Դժգոհության,ընդվզման ու բողոքի առիթ հիմնականում դառնում են քաղաքային իշխանությունների անհեռատես ու հիմնական բաներ անտեսող որոշումներն ու նախագծերը: Դա ապացուցում է ժամանակը:

Ամենավառ օրինակը Մաշտոցի պուրակն է: Այգին ոչնչացումից փրկեց նախագահի գեղագիտական ճաշակը՝ «Տարոն ջան, սիրուն չի» թևավոր դարձած ու արդյունավետ արտահայտությամբ:
Դա ամենացցուն օրինակն է:Կա նաև  փոքր,բայց ոչ պակաս կարևորության խնդիրների շարք: Ձմեռը ձյունը ոչ մի կերպ չի մաքրվում,մյուս եղանակներին էլ հորդառատ անձրևը մինի-ջրհեղեղ է առաջացնում: Ամեն ձմեռ քաղաքապետարանը տարածում է ճոխ հաղորդագրություն,թե «քաղաքում աշխատում է մեծ քանակությամբ տեխնիկա,նայում ես գետնին միայն ասֆալտ է » ոգով:Բայց դե հո մենք էլ հեքիաթի մեջի արջերից չենք,որ ամբողջ ձմեռ քնենք ու հավատանք հայտարարությանը: Դուրս ենք գալիս,տեսնում հակառակ պատկերն ու սայթաքում…

Ջրահեռացման համակարգն էլ,կարծում եմ, անլուծելի խնդիրների շարքից չէ:Պարզապես անտաբերության մատնված հարցերից է:

Բարքերի անկում,անկման բարքեր և  անկման եզրին կանգնած կրքեր…

Կամ մեծերի արձանները:Չգիտեմ իրագործումը որքանով արդարացրեց գաղափարը: Սոցցանցերի շաբլոնային ու տարբեր դիրքերով նկարներ դառնալուց բացի չեմ կարծում որ դրանք որևէ այլ բանի ծառայեցին և օգուտ տվեցին: Դրանով ավելի արժևորվեցին, թե արժեզրկվեցին մեծերը՝ բարդ հարց չէ: Տեղադրման սկզբնական շրջանում էլ արձանները հաճախ էին կոտրվում ու վնասվում:Մարդիկ չեն բարբարոս,արձաններն են անորակ:Ժողովրդի ասած՝ թքով կպցրած:

Ես հիշում եմ քաղաքն իմ,երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման…

Քրջի բազարի վաճառականններին տեղահանեցին,բայց այդպես էլ չտեղավորեցին: Ինչպես հնոտի վաճառողներն էին բնորոշում՝ մնացին օդից կախված: 100 դրամով տաբատ վաճառող, օրական հազար դրամի շահույթ ստացող որոշ վաճառականների էլ տարածք հատկացրեցին վերնիսաժում: Դրանով էլ,սակայն, հարցը չլուծվեց:Վերնիսաժի որոշ քաղքենի հնաբնակներ բողոքում էին, որ նրանք անմակարդակ են,արվեստագետին էլ հարիր չէ նման մարդկանց հետ շփվել: Վաճառականներն էլ գոհ չէին իրավիճակից. առևտուր չի լինում այդտեղ: Հակասության մեջ գտնվող երկու կողմերն էլ մեղադրում էին քաղաքային իշխանություններին՝ իրենց մարդատեղ չդնելու ու չբանակցելու իրենց հետ և արդյունքում ամեն ինչ վատ կազմակերպելու մեջ:

Ու փչում է քամին ունայնության…

Եվ վերջապես ուղեվարձի մասով: Ուղեվարձի թանկացման միտումը, որքան հիշում եմ, վաղուց կար:Ուղղակի համապատասխան առիթ չկար:Գազի գնի բարձրացումն էլ հենց դաձավ այդ ցանկալի ու սպասված առիթը:

Ամեն դեպքում դա չի հիմնավում ուղեվարձի բարձրացումը: Գազի գինը 50 տոկոսվ չի բարձրացել:

Անհեթեթության շարքից:Գազով չաշխատող ավտոբուսների գներն ինչու են բարձրանում: Պատկան մարմինները դա նույնպես բացատրում են գազի գնի բարձացումով,սակայն այս անգամ այլ կտրվածքով:Թե վարորդների ապրելակերպի վրա ազդում է գազի սակագնի փոփոխումը: Այդ նույն տրամաբանությամբ համաչափորեն պետք է բարձրանար նաև բոլոր ոլորտների աշխատավարձերը: Դա,սակայն, ընդամենը փափուկ բարձ է:Պարզ է,որ այդ ավել գումարը վարորդը ոչ թե տուն է տանելու,այլ դնելու է գծատիրոջ գրպանը:
Ընդհանրապես տրանսպորտի գնի թանկացման մասով մի նորմալ հիմնավոր հայտարարություն չեմ լսել:Թերևս միակ խորիմաստը, որ ամեն ինչ արվելու է ի օգուտ ժողովրդի:

Թանկացումից հետո վարորդները չեն սկսի ավելի քիչ ծխել ու չեն դադարի մունաթ գալ: Ուղևորներն էլ չեն դադարի կքանստած,գլուխը դիմացինի,լավագույն դեպքում, թևի տակ մտցնել կամ որ այս համատեքստում առավել բարվոքն է՝ կանգնած երթևեկել: Մի խոսքով,ոչինչ չի փոխվի: Ոչ մի դրական միտում:

Եվ մի նկատառում:Զարմանում եմ`  ինչու ոչ ոք չի առաջարկում հանրային տրանսպորտն ամբողջությամբ պետականացնել: Բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում այդպես է:Պետք է, ի վերջո, վերացնել գծատիրոջ ինստիտուտը: Ոնց կարելի է մի ամբողջ հանրային ծառայություն թողնել կասկածելի արժեհամակարգով ու աշխարհընկալմամբ մարդկանց հայեցողությանը:

Մի խոսքով,լսում ենք Հախվերդյան,խմում գարեջուր, փնտրում իսկական Երևանն ու փորձում պահպանել ունեցածը…ավելի շուտ՝ մնացածը:

Ես քեզ սիրում եմ,էս խոսքերը ասում եմ քեզ իմ Երևան:Արժե հասնել աշխարհի ծայրը, որ էս բառերը հասկանամ….

 

Մանվել Քեշիշյան

Վաշխառությունը շարունակում է ծաղկել Հայաստանում

դատական նիստԹվում էր, թե 90-ական թվականների հետ միասին վաղուց անցյալ են դարձել այն ժամանակները, երբ Հայաստանի բնակչության մի կեսը «տոկոսի տակ էր», մյուս կեսն էլ՝ խաբված պարտատեր: Թվում էր, թե վաղուց արդեն անցել ենք քաղաքակիրթ հարաբերությունների, մանավանդ որ Հայաստանի բանկերը գրեթե ամեն օր սիրաշահում են մեզ՝ առաջարկելով վարկերի տրամադրման հրապուրիչ համակարգեր:

Բայց պարզվում է, որ վաշխառությունը շարունակում է ծաղկել Հայաստանում: Մինչ բնակչության մեծ մասն աշխատանք է փնտրում ու եթե գտնում է, օրնիբուն տքնում է, որ մի կերպ հասնի հարաճուն թանկացումների հետևից ու ծայրը ծայրին հասցնի, չգտնելու դեպքում էլ բռնում է պանդխտության ճանապարհը՝ օտարության մեջ հազարումի փորձանքի հանդիպելով, որոշ մարդիկ, ոչինչ չանելով, միայն ունեցած գումարը սրան-նրան տոկոսով պարտք տալով, հսկայական շահույթներ են ստանում: Եվ թող փորձի այս իրավիճակում որևէ կրպակատեր մի քանի դրամ առևտրի  ժամանակ մոռանալ կտրոն տալ հաճախորդին` բոլորս գիտենք, թե ինչ կանեն:

Այդպիսի հեշտ վաստակող անձանցից է  Տիգրան Մարտիրոսյանը, որը Երևանի տարբեր համայնքների դատարաններում ընթացող դատավարությունների գլխավոր գործող անձ է: Նրա բազմաթիվ պարտապանները սեփական բնակարաններից զրկվելու վտանգի տակ են, թեպետ վաղուց արդեն իրենց վճարած տոկոսներով շատ ավելի գումար են տվել պարտատիրոջը, սակայն այն օրվանից, ինչ այլևս չեն կարողացել վճարել տոկոսները, պարտքը աճել-աճել ու մի քանի անգամ ավելի մեծ գումար է դարձել, որը նրանք կարող են մարել միայն գրավ դրած բնակարանով:

Անշուշտ, առաջին «մեղավորները» հենց այդ պարտապաններն են,  որ ընկնում են վաշխառուների ծուղակը: Բայց, ինչպես ասում են` լավ օրից չէ: Հիմնական պատճառը նրանց միամտությունն է, ավելի ճիշտ՝ անգիտությունը, և մանավանդ նրանց նեղ վիճակը, տվյալ պահին նրանց կյանքում առաջացած ծանր կացությունը, որից էլ այնքան վարպետորեն օգտվում են վաշխառուները:

Տիգրան Մարտիրոսյանի երկու պարտապանները դիմել են իրավապահ մարմիններին, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2013 թ. հունվարի 25-ին քրեական գործ է հարուցվել Տիգրան Մարտիրոսյանի կողմից որպես արհեստ վաշխառություն կատարելու դեպքի առթիվ: Նախաքննության մարմինը հիմնավորված է համարել, որ «2009-2010 թթ. ընկած ժամանակահատվածում Տիգրան Մարտիրոսյանը որպես արհեստ զբաղվելով վաշխառությամբ, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, Անահիտ Դոխոյանին, Արմեն Մկրտչյանին, Լաուրա Սարգսյանին և Սուրեն Սադոևին է տրամադրել ընդհանուր 170 000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որից հետո մինչև 2011 թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում որպես տոկոսագումար նրանցից ստացել է ընդհանուր 37 584 500 ՀՀ դրամին համարժեք 101 700 ԱՄՆ դոլար գումար (այդ անձանց նկատմամբ որպես արհեստ վաշխառություն կատարելու վերաբերյալ քրեական գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իրականացվում է դատաքննություն)։ Նույն ժամանակահատվածում Տիգրան Մարտիրոսյանը, որպես արհեստ զբաղվելով վաշխառությամբ, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, դեռևս ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Անահիտ Կարապետյանին և Աղասի Վարդանյանին է տրամադրել տոկոսով գումարներ և դրանց դիմաց տևական ժամանակ ստացել տոկոսագումարներ…»:

Հուլիսի 3-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր` Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, քննեց Տիգրան Մարտիրոսյանի գործը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (վաշխառությունը որպես արհեստ):

Ե՛վ Անահիտ Կարապետյանի ու Աղասի Վարդանյանի վկաներն ու ներկայացուցիչները, և՛ Տիգրան Մարտիրոսյանը բերել են իրենց ապացույցներն ու առարկությունները: Սակայն, որքան էլ որ ակնառու են եղել տուժողների վկայություններն ու ապացույցները, որոնք վեր են հանում բազմաթիվ խարդախություններ ու օրինազանցություններ, դատավորը դրանք այնքան էլ հիմնավոր չի համարել և ի վերջո եզրակացրել է. «Ճանաչել և հռչակել ամբաստանյալ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան այդ մեղադրանքով արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։ Տուժող Անահիտ Կարապետյանի` Երևան քաղաքի Ն.Ադոնցի փողոցի թիվ 15 շենքի թիվ 42 բնակարանի և վկա Սեդա Վարդանյանի` Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական փողոցի թիվ 3 շենքի թիվ 46 բնակարանի վրա նախաքննության մարմնի 2013 թ. ապրիլի 2-ի և ապրիլի 5-ի որոշումներով դրված կալանքը վերացնել»:

Այսքանից հետո, ինչո՞ւ պիտի չծաղկի վաշխառությունը մեր երկրում, եթե մարդը քաղաքի տարբեր ծայրերում բնակվող տասնյակ մարդկանց, որոնք մինչ այդ երբևէ կապ չեն ունեցել իր հետ, տոկոսով պարտք է տալիս նրանց, օգտվելով նրանց նեղ վիճակից ստիպում պայմանագրում ավելի մեծ գումարների դիմաց ստորագրել, այնուհետև գրավ է վերցնում բնակարանը բավական էժան գնով ու հետագայում ավելի թանկ վերավաճառում: Ինչո՞ւ չանի, եթե այսպիսի գործողությունների համար մեղավոր ճանաչվելու դեպքում էլ ՀՀ քրեական օրենսգիրքն ընդամենը նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով տուգանք է նախատեսում կամ առավելագույնը երկու տարի ազատազրկում:

Այսօր Նոր Նորք համայնքի դատարանում տեղի է ունենալու քաղաքացիական հայցով դատավարությունը: «Անկախը» կհետևի դատավարությանը և հաջորդ համարում  կներկայացնի տուժողների հետագա ճակատագիրը, ինչպես նաև նրանց պաշտպանների մեկնաբանությունները:

 

 

Կարկանդակ «Կարտոֆիլ»

pirozhoe-kartoshka (1)Այս կարկանդակը դեռևս խորհրդային տարիներից է հայտնի ու բերվում էր  ԱՊՀ երկրներից:  Սա «Կարտոֆիլի» դասական բաղադրատոմսն է:

650-700 գ թխվածքաբլիթ («Հոբելյանական» կամ «Հատապտղային»)

1բ խտացրած կաթ (380 գ)

180-200 գ կարագ

6-7 ճաշի գդալ կակաո

Զարդարման համար

1 ճ/գդալ կարագ

1թ/գդալ շաքարափոշի

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթներն աղալ կամ քերել: Կարագը փափկացնել ու հարել խտացրած կաթի հետ. ավելի լավ է հարիչով հարել 2-3 րոպե, ապա ավելացնել կակաոն ու կրկին խառնել: Պատրաստի խառնուրդի վրա ավելացնել մանրացրած թխվածքաբլիթն ու այդ զանգվածից  կարտոֆիլի նման ոչ մեծ գնդեր ձևավորել:

Կարտոֆիլների զարդարման համար կարագը փափկացնել ու խառնել 1 ճ/գդալ շաքարափոշու հետ: Ստացված կրեմով  հրուշակագործի ներարկիչով նախշազարդել  կարկանդակներն ու դնել սառնարանը 2-3 ժամ, որից հետո կարելի է վայելել:

Ավտովթար Վրաստանի Նինոծմինդա շրջանում

ավտոպատահարՀուլիսի 25-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 10.56-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

ՀՀ Բավրայի անցակետ են մեկնել Ամասիայի ՀՓՋ-ից երկու հրշեջ-փրկարարներ և մեկ շտապօգնության բրիգադ:

Դեռևս չբացահատված հանգամանքներում “Տոյոտա” մակնիշի 26 OS 919 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989 թ. ծնված Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ 2004 թ. ծնված Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:

Ժամը 14.11-ին Մ. Կարապետյանը շտապօգնության մեքենայով Բավրայի անցակետից տեղափոխվել է Աշոցքի ԲԿ, այնուհետև Գյումրու ԲԿ:

Առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տղամարդը գողացել է ալիգատորին`թաքցնելով նրան շապիկի տակ, տեսանյութ

Վտանգավոր հանցագործություն է կատարել արևմտյան Վիրջինիայի մի բնակիչ: Նա այցելել է կենդանիների խանութ և գողացել երեք ամսական ալիգատորին`թաքցնելով նրան շապիկի տակ: Վաճառողները միայն մեկ օր հետո են հայտնաբերել կորուստը: Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում հավատալ, որ ինչ որ մեկը կարողացել է փախցնել  ատամնավոր գիշատչին, հաղորդում է Huffington Post:

“Գողերը երկուսն էին: Մեկը շեղեց մայրիկի ուշադրությունը, իսկ մյուսը կատարեց իր կեղտոտ գործը”,-հայտարարել է վաճառող Էնտոնի Վիլյամսը, որը աշխատում է իր մայրիկին և մորաքրոջը պատկանող կենդանիների խանութում: Մի քանի օր առաջ նա պատրաստվել է կերակրել սողունին, երբ նկատեց , որ նա չկա: կենդանին բավականին խոշոր էր և արժեր 300 դոլար:

Բարեբախտաբար խանութում տեսախցիկներ կան տեղադրված: Դիտելով տեսագրությունը, տերերը ճանաչել են, որ հանցագործը իրենց մշտական հաճախորդն է, որը տանը արդեն ուներ ալիգատոր: Վաճառողն ասում է, որ գողությունը կարող էր ծանր նստել գողի վրա, քանի որ երիտասարդ կոկորդիլոսների ատամները սովորաբար ավելի սուր են քան մեծերինը: Վիլյամսը կասկած չունի , որ հանցագործը տուժել է:

Այնուամենայնիվ խանութի տերերը ոստիկանությանը հայտնել են սողունների սիրահարի անունը: Իրավապահները կոկորդիլոսին վերադարձրել են խանութ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին

Սերժ-ՍարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ Գալիսիայի ինքնավար մարզում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ, որն ավելի քան յոթ տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:

«Կիսելով Ձեր և Իսպանիայի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների անդամների հետ

002Մայրաքաղաքի տրանսպորտային ոլորտի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների  անդամների հանդիպման ժամանակ:

Ներկայացնելով մայրաքաղաքի ուղևորափոխադրումների սպասարկման որակի ապահովման  հետ կապված իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի քաղաքականությունն այսօր ուղղված է բնակիչների համար անվտանգ և հարմարավետ երթևեկության ապահովմանը:

Անդրադառնալով կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշմանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն ոլորտի բնականոն աշխատանքն ու շահագործման համարժեք ծախսերն ապահովելու նպատակ է հետապնդում. «Իրականում սոցիալական բեռի խնդիր է առաջանում, որը որոշ խավի կողմից արդարացի բողոքների տեղիք է տալիս: Քանի դեռ մենք սոցիալական որոշ խմբերի համար արտոնություններ չենք սահմանել, հետևաբար թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների համար լրացուցիչ բեռ ենք ավելացնում:  Ես իսկապես մտահոգ եմ ոչ միայն մեր սոցիալապես անապահով խավի համար, այլև մեր քաղաքում հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկություն ապահովելու համար:  Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել: Այսկերպ մենք չենք կարողանա թարմացնել շարժակազմը և ապահովել բոլոր այն պահանջները, որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր բնակիչների կողմից տրանսպորտի ոլորտի կանոնակարգման և զարգացման հարցում:  Այս սակագնով դրան հասնելը անհնար էր»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ դրա հետ միաժամանակ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման, ինչպես նաև երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Կբացառվի նաև միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը:

Խմբակցությունների անդամները ևս իրենց հերթին կարևորել են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը:

Քաղաքապետը հատկանշել է նաև, որ,  հաշվի առնելով հարցի սոցիալական ուղղվածությունը, առաջիկայում կստեղծվի հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը համակողմանիորեն կուսումնասիրի և մեխանիզմներ կառաջարկի որոշումն առավել ամբողջական և օպտիմալ դարձնելու համար. «Հիմնական շեշտը մենք դնելու ենք վճարման միասնական համակարգի ներդրման վրա, որը սոցիալապես խոցելի խմբերին կառաջարկի տարբերակներ: Այսկերպ մենք կբարձրացնենք նաև ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպման ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լսելով քննարկվող հարցի վերաբերյալ Երևանի ավագանու խմբակցությունների անդամների մոտեցումներն ու առաջարկները, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մշտապես պատրաստակամ է քննարկելու և  կյանքի կոչելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կբխեն Երևանի ու երևանցիների շահերից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Բարև Երևանը» հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ

«Բարև Երևան» դաշինքԱյսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երևանցիներին: Քաղաքապետն ասել է, որ, թեև սակագինը բարձրացվել է, սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու: Հանդիպման մասնակիցներն առարկել են այդ առումով, քանի որ Երևանի բնակչության 80 %-ն այդ խմբերում է: Խմբակցությունն առաջարկել է քաղաքապետի մոտ տրանսպորտի թանկացման հարցը քննարկել ԲՀԿ խմբակցության հետ համատեղ:

«Բարև Երևանը» վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ ուղեվարձերը պետք է վերադառնան նախկին սակագնին, ինչպես նաև՝ ներկայացրել է իր տեսակետը տրանսպորտային ոլորտի խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ:

Սպասվում են կարճատև տեղումներ

եղանակՀանրապետության տարածքում`

Հուլիսի 26-ին, 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կա կարկուտի հավանականություն:

Քամին հյուսիս-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 2-3, 28-ին ևս 1-2 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 26-28-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, 29-30-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:

Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.30C (1966թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.80C (1911թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.60C

 

 

Հանրությանը հուզող հարցերը պետք է իշխանության տեսադաշտում լինեն

10575_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, նրանց մաղթել քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերին Երևանում ծավալված քաղաքացիների ինքնաբուխ շարժմանը, որը վարչապետի խոսքով, զերծ է կուսակցականությունից և ունի սոցիալական բնույթ: Տիգրան Սարգսյանը նաև շեշտել է, որ հոծ զանգվածներին առնչվող որոշումները նախօրոք պետք է անպայման քննարկվեն հանրության հետ:
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:
Գործադիրը հաստատել է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը և այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Վարչապետին հատկապես հետաքրքրել են շքեղության հարկին վերաբերող դրույթները: «Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, և այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երևանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, ինչը հնարավորություն կտա մեզ սոցիալական խնդիրներ լուծել: Կարևոր է նաև այն, որ երբ խոսքը վերաբերում էր օղու և ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմանը, միշտ փաստարկ էր բերվում, որ եթե հարևան երկրներում գները ցածր լինեն, դա կհանգեցնի ստվերային շրջանառության: Հիմա ինձ տեղեկացնում են, որ մեր հարևանները նույնպես մտադիր են բարձրացնել ակցիզային հարկերը: Նաև այդ տեսակետից է պետք խնդիրը քննարկել, որպեսզի կարողանանք լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովել»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխման արդյունավետությունն ապահովելու նպատակով գործադիրը որոշել է ստուգում իրականացնող պետական մարմինների տեսչություններում ստեղծել կառավարման խորհուրդներ, հաստատել խորհրդի կանոնադրության օրինակելի ձևը: Սահմանվել է, որ յուրաքանչյուր խորհրդի անհատական կազմը հաստատում է ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա փորձնական ծրագիր է, որի արդյունքը կամփոփվի և կքննարկվի տեսչական բարեփոխման խորհրդում. ծրագիրը հնարավորություն կտա տեսնել նախաձեռնության ուժեղ և թույլ կողմերը, շտկումներ կատարել: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների երկու տեսչությունները միաձուլման ձևով վերակազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության:
ՀՀ կառավարությունը հաստատել է Սևանա լճի անտառտնկարկների մաքրման առանձին գործողությունների նորմաները, ինչի առնչությամբ ՀՀ վարչապետն ասել է. «Այս որոշմամբ մենք իրավական հիմքեր ենք ստեղծում հաշվարկելու այն գումարները, որ տրամադրում ենք Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու համար: Կարևոր էր ունենալ նաև անկախ փորձաքննական եզրակացություն: Այսօր մենք ստացել ենք նաև այդ եզրակացությունը: Իհարկե, ժամանակ է պետք, որպեսզի այդ բոլոր նորմատիվները փորձարկման ենթարկվեն փաստացի աշխատանքով, և երևի թե նպատակահարմար կլինի ևս մեկ անգամ անդրադառնալ այս խնդրին. տեսնենք այս նորմատիվները ապահովո՞ւմ են աշխատանքների ամբողջական ծավալի կատարումը»:

Բնապահպանական նորմերը և բիզնեսի շահերը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծին, որը թելադրված է 1995թ. ընդունված նախկին օրենքի մի շարք դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, երկրի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ օրինագծի ընդունումը լիովին կկարգավորի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ` մոտեցնելով միջազգային նորմերին և չափորոշիչներին: Սակայն, ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, սույն օրենքի առնչությամբ շահերի բախում է նկատվել: Չնայած ապահովվել է հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, բուռն քննարկումներ են եղել, որովհետև այս օրենքի նախագիծը նաև առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ազգային ժողովում: «Այժմ մենք ստանում ենք ազդակներ մասնավոր հատվածից, բիզնեսի ներկայացուցիչներից, որոնք գտնում են, որ իրենց շահերն են ոտնահարվում այս օրենքով, և գտնում են, որ մենք միակողմանի նախապատվությունը տվել ենք բնապահպանական խնդիրներին: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև մենք մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ դեբատներ կազմակերպենք, լսենք նրանց կարծիքը, թե որոնք են այն նորմերը, որոնք կարող են խոչընդոտել բիզնեսի զարգացումը, որպեսզի նաև Ազգային ժողով ներկայացնելիս երկու տեսակետները հավասարակշռված ձևով առկա լինեն մինչև օրենքի ընդունումը»,-շեշտել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի մշակումը նախատեսված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013թ. միջոցառումների ծրագրով: Գործող դրույթի համաձայն անձը, որից ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարի գանձումն ապահովելու նպատակով ապրանքներ են վերցվել, կարող է դրանք ստանալ պարտավորության կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում: Այժմ առաջարկվում է այդ ժամկետը փոխարինել մեկ աշխատանքային օրով: Կարգավորման նպատակը մաքսային հսկողության ժամկետի կրճատումն ու մաքսային ընթացակարգերի պարզեցումն է:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է քաղծառայողի ատեստավորման ինստիտուտը փոխարինել քաղծառայողի կատարողականի գնահատման համակարգով:
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է գետնախնձորն ազատել ԱԱՀ-ից. օրինագիծը կառավարությունն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում:
Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Աջակցություն են ստանում սկսնակ գործարարները

Փոփոխություններ կատարելով «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013թ. ծրագրում, կառավարությունն առավել գրավիչ է դարձնում պետական աջակցության այս ուղղությունը և ակտիվացնում է գործարար նախաձեռնությունները: Փոփոխությունը նաև ուղղված է սիրիահայ գործարարների աջակցությանը` Հայաստանում նրանց կողմից նոր գործ հիմնելու հարցում, ուստի համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանը:
Գործադիրը որոշել է երիտասարդ գիտնականների գիտական և գիտատեխնիկական գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2013թ. ինն ամսում հատկացնել 100 մլն դրամ: Վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին առաջարկել է այս տեղեկատվությունն ավելի մանրամասն տարածել զանգվածային լրատվամիջոցներով, որպեսզի երիտասարդ գիտնականներն իմանան այս հնարավորությունը և իրենք նույնպես հայտեր ներկայացնեն ու մասնակցեն: «Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորին չափ լայն շրջանակներ, երիտասարդ գիտնականներ ընդգրկվեն ծրագրում, քանի որ շատ են գիտության ֆինանսավորման հարցը բարձրացնում, և հիմա տեսնում ենք, որ մենք փուլ առ փուլ ֆինանսական միջոցները, որոնք ուղղում ենք այս նպատակներին, ավելացնում ենք: Նաև կարևոր է, որպեսզի շահառուների թիվը մեզ համար հասկանալի լինի և մեծանա»,- հավելել է վարչապետը:
Հաշվի առնելով միջազգային օլիմպիադաներին Հայաստանի թիմերի մասնակցությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը, կառավարությունն այլ ծրագրի տնտեսած միջոցներից շուրջ 10 մլն դրամ է հատկացրել այդ նպատակին:
Կառավարությունն իր որոշմամբ ընդունել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Հրազդան քաղաքի 5-րդ բանավանում գտնվող մասնաշենքի և համապատասխան հողատարածքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև վերահաստատել Կապան քաղաքի Մ. Հարությունյան 5ա հասցեում գտնվող տարածքի պատկանելիությունը Հայաստանի Հանրապետությանը: Նշված գույքը ամրացվել է «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ին: Հաջորդ որոշումներով գործադիրը պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է «Վայոցձորառսպաս» ՓԲԸ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով` նպաստելով ընկերության նորմալ գործունեության վերականգնմանը, Երևանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքից հինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել «Հանրապետություն» և «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ-ներին, իսկ Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի թիվ 2 հանրակացարանի բնակարաններից մեկը նվիրել այնտեղ բնակվող քաղաքացուն:
Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է երկրի գազաքիմիական ճյուղի վերակառուցման ավելի իրատեսական ժամկետներ: Այժմ նոր օպերատորի և ֆինանսավորման բացակայությունը խոչընդոտում է համակարգաստեղծ կազմակերպության վերակառուցումը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ զարգացման ծրագրի ներդրումը և այլն: Որոշմամբ վերակառուցման ծրագրի և նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելու ժամկետները փոխկապակցված են:

Ստեղծվում է ուռուցքաբանության կենտրոն

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվել Հայաստանում ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի նորացված ծրագրային մոտեցմանը: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ արդի գիտատար տեխնոլոգիաներով հագեցած միասնական կենտրոն` հետագայում այն դարձնելով տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոն:
ՀՀ կառավարությունը հաստատել է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը` սահմանելով, որ ծառայությունների փաթեթի մասով բուժօգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է պետբուջեի օրենքի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով, ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Կկանխվեն բացասական հետևանքները

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– հատուկ նշանակության սննդամթերքի վերաբերյալ դրական մասնագիտական եզրակացություն տրամադրելու կարգը, որի կիրառումը կնպաստի մարդու առողջության վրա այդ սննդամթերքի ազդեցության բացասական հետևանքների կանխարգելմանը,
– ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգի լրացումը, որի շնորհիվ ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմինը կարող է արդյունավետ մասնակցություն ունենալ ջրօգտագործողների` հատկապես հիդրոէներգետիկայի համար ջրի պաշարի օգտագործման և բաշխման գործընթացում,
-այլընտրանքային ծառայության հարցերի հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը, այլընտրանքային ծառայության անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը:
ՀՀ կառավարությունը սահմանել է`
– դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
– բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձին տրամադրելու կարգն ու պայմանները,
– աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու կարգը, դրա վերաբերյալ արձանագրության ձևը:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Գործադիրը Գագիկ Գրիգորյանին նշանակել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար։

 

Արցախից հայտնում են

արցախԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են Արցախի տարածքում շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների մասին։

Մեքենան շրջվել է
Հուլիսի 19-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր -Հովտաշեն ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ Հովտաշեն համայնքի բնակիչ, 1953 թ. ծնված Կ. Սեյրանյանի վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, որի հետևանքով վերջինս և ուղևորներ` 1962 թ. ծնված Ս. Պողոսյանը, 2007 թ. ծնված Ժ.Սեյրանյանը, 1987 թ. Մ. Սիմոնյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները տուժածներին տեղավորել են դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայում, որով էլ վերջիններիս տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց: Ճանապարհին վարորդ Կ. Սեյրանյանը մահացել է:
Ըստ բժիշկների` մնացած տուժածների առողջական վիճակը բավարար է:

Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հուլիսի 23-ին տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի բնակիչ Կ. Սողոմոնյանը համայնքի տարածքում զինամթերք է հայտնաբերել: Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (2 միավոր գնդիկաբեկորային ավիառումբ):

Դավիթ Սանասարյանը խորհրդանշական նվեր տորթը փոխանցել է քաղաքապետարանի կազմակերպչական բաժին

տորթԵրևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը, ով համաձայնել էր քաղաքացիների խորհրդանշական նվեր տորթը` 50 դրամանոցի տեսքով քաղաքապետին հանձնել, իր ֆեյսբուքայն էջում գրում է.

«Հարգելի քաղաքացիներ, ձեր տված տորթը հանձնել եմ կազմակերպչական բաժին, որպեսզի փոխանցեն Տարոն Մարգարյանին: Նաև ավելացրել եմ, որ տորթը կիսելու ժամանակ տեղեկացնեն ինձ, եւ ես էլ մեծ սիրով կհամտեսեմ քաղաքացիական տորթից….»:

Վարչապետ. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն

 10574_am_1ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ կառավարության նիստն սկսել վերջին օրերին Երևան քաղաքում հասարակական շարժման հետ առնչվող խնդիրներից:
Առաջին, մենք տեսնում ենք, որ սա մարդկանց ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ: Ավելի շուտ այս շարժումն ունի սոցիալական բնույթ, սոցիալական համերաշխության, արդարության համար` ընդդեմ աղքատության, այսինքն` հասկանալի մղումներ են ղեկավարում երիտասարդներին, ովքեր բարձրացնում են այս հարցը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս և պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր խնդիրների նկատմամբ:
Երկրորդ, տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը, անկախությունը նույնպես մեզ համար էական նշանակություն ունեն դեմոկրատական հասարակության կառուցման ճանապարհին, և այդ առումով, իհարկե, այս որոշումն ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում գտնվող խնդիր է, բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն տրամադրություններին, որ ստեղծում է այս որոշումը հասարակության մեջ և առնչվում է, բնականաբար, գործադիր իշխանությանը: Մենք պարտավոր ենք այս խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում:
Երրորդ, մենք մեզ համար կանոն ենք սահմանել, և ես մշտապես պահանջում եմ ձեզանից, որ այն որոշումները, որոնք առնչվում են մեծ զանգվածներին, անպայման քննարկվեն հանրության հետ, անպայման ներգրավենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Սա անհրաժեշտ կանոն է, բայց արդեն ակնհայտ է, որ բավարար չէ, որովհետև հասարակական կազմակերպությունները ներկայացնում են միայն իրենց կազմակերպությունների անդամների կարծիքն այն պարագայում, երբ մեր որոշումները վերաբերում են հազարավոր, երբեմն հարյուրհազարավոր մարդկանց: Սա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք այսուհետ կարևոր որոշումներ կայացնելիս ապահովել հանրային քննարկումներ, հանրային լսումներ, բաց և հրապարակային դեբատներ: Կարծում եմ, որ տրանսպորտի սակագների փոփոխությունը հենց այդ ոլորտին վերաբերող խնդիր է, և մենք պարտավոր ենք այսուհետ այդ որոշումները կայացնելուց առաջ ապահովել հրապարակային հանրային քննարկումներ և դեբատներ: Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նաև օրենսդրորեն լրացնել այս բացը, և այն ռեժիմը, որ մենք այսօր կիրառում ենք օրենքով Հանրային խորհրդի գործունեությունը կանոնակարգելիս, որ Հանրային խորհրդին պարտադրում ենք հրապարակային քննարկումներ և լսումներ կազմակերպել, այդ մոտեցումն ամբողջությամբ իրեն արդարացնում է, որովհետև ժամանակ կա լսելու բոլոր ընդդիմախոսներին, նրանց փաստարկները, և հանրությանը մենք դրանով հնարավորություն ենք տալիս ճիշտ կողմնորոշվել, և հետագայում էլ այդ որոշումները կայացնողները նույնպես հաշվի են առնում հանրային կարծիքը և տրամադրությունները, ինչը չափազանց կարևոր է մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման առումով: Այդ տեսակետից, իհարկե, մենք ուշադրությամբ հետևում ենք քաղաքապետարանի գործողություններին, և կխնդրեմ Ձեզ, պարոն Արեյան, մեզ տեղյակ պահել, թե ինչ քայլեր եք ծրագրում, որպեսզի պատասխանենք հանրությանն այսօր մտահոգող հարցերին:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Զեկուցեմ Ձեզ, որ այս օրերի ընթացքում Երևանի քաղաքապետն անձամբ հետևել է քաղաքային հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտի սակագնի բարձրացման ուղղությամբ հնչեցված և հնչեղություն ստացած հասարակական հարցադրումներին, վերլուծություններին, դիտարկումներին, եզրահանգումներին, գնահատականներին, առաջարկություններին: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել հասարակական և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից իրականացվել են խնդրի առնչությամբ սոցհարցումներ: Այս պահին Երևանի քաղաքապետը հանդիպումներ է անցկացնում Երևանի ավագանու կուսակցական խմբակցությունների հետ: Ամփոփելով բոլոր եզրահանգումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ի մի բերելով հետագա անելիքներն ու միջոցառումները` այսօր Երևանի քաղաքապետն անձամբ հրապարակային հայտարարությամբ կդիմի Երևանի բնակչությանը` ներկայացնելով բոլոր պարզաբանումներն ու անելիքները:

 

Նախապատվությունը տալով «Փյունիկի» մրցակցին

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Երևանում ուժերը կչափի Լիտվայի փոխչեմպիոն «Ժալգիրիսի» հետ։

Առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 0։2 հաշվով։

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են «Ժալգիրիսին», գտնելով, որ հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունեն հյուրերը:

«Փյունիկի» հաղթանակը գնահատվում է 2,88 գործակցով, «Ժալգիրիսի» հաղթանակը՝ 2,38 գործակցով, իսկ ոչ- ոքիի համար սահմանված է 3,40 գործակիցը։

 

Ողբերգության ականատես.գնացքը կարծես ինձ վրա էր սլանում

130724171530-01-spain-train---restricted-horizontal-galleryԱմբողջ աշխարհն և Իսպանիան ցնցված են գնացքի կործանումից, որը Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքից ոչ հեռու դուրս էր եկել ռելսերից: Գնացքում ավելի քան 200 ուղևոր կար, որոնցից 77 զոհվել են:

Ականատեսները պատմել են, փե ինչ սարսափ է տիրել վթարի վայրում: Գնացքը սլացել է հսկայական արագությամբ, չնայած այն հատվածում, որտեղ պատահել է ողբերգությունը,շրջադարձի պատճառով  արագությունը սահմանափակվում է մինչև 80կմ ժամում: Նախնական տվյալների համաձայն դեպքը պատահել է տեխնիկական անսարքության պատճառով:

 

Տեղի 39-ամյա բնակիչ Ֆրանցիսկո Օտերոն դեպքի պահին իր ծնողների տանն էր: Նրանց տունը գտնվում է ոչ հեռու երկաթգծից, հաղորդում է The Local-ը: Տղամարդը ասում է, որ լսել է հարվածի ձայն և կարծել է թե երկրաշարժ է տեղի ունեցել:  “Առաջինը ես տեսա կնոջ մարմին, մինչ այդ ես երբեք դիակ չէի տեսել: Ես ուշադրություն դարձրի, որ վթարից հետո լռություն տիրեց, ես նկատեցի ծուխ և ոչ մեծ կրակ”-հիշում է նա:

“Իմ հարևանները փորձում էին մարդկանց դուրս հանել, որոնք փակված էին վագոնների մեջ,-ասում է ականատեսը:-Ինչ որ մեկին օգնում էին դուրս գալ սովորական խարտոցի միջոցով: Դա աներևակայաել էր”:

 

Մյուս ականատեսը`Ռիկարդո Մոնտեսկոն պատմել է լրագրողներին , որ գնացքի վագոնները շրջադարձի ժամանակ լցվեցին իրար վրա: “Շատ ուղևորներ մնացել էին սեղմված մեջտեղի վագոններում: Մենք փորձում էին դուրս գալ, երբ գիտակցեցինք, որ գնացքը այրվում է: Ես երկրորդ վագոնում էի, իսկ այնտեղ կրակ էր: Ես տեսա դիակներ”,- BBC -ին պատմել է ողբերգությանից  ցնցված ականատեսը:

Հուլիսի 25-ին այդ տարածքում անց էր կացվելու կրոնական տոնին նվիրված փառատոն: Սովորաբար այդ ժամանակ գալիս են զբոսաշրջիկներ և ուխտավորներ նաև արտասահմանից: Այժմ այնտեղ տոնի փոխարեն սգի արարողություն տեղի կունենա:

Վերջին տեղեկություններով, գնացքի մեքենավարը արդեն ցուցմունք է տալիս: Իսպանական իշխանությունները չեն կասկածում, որ ԱՊ տեղի է ունեցել արագությունը գերազանցելու պատճառով: Ենթադրվում է, որ մեքենավարը 220կմ ժամ քշել է անսարքության պատճառով: Չնայած ուրիշ թվեր էլ են ասվում, բայց հարկավոր է ճշտել: Ահաբեկչության վարկածը Իսպանիայում հերքում են:

 

Սոցիալական հոլովակ` ամոթ չէ վճարել 100 դրամ

0Ցանցում է հայտնվել մի հոլովակ` սոցիալական գովազդ, որը քաղաքացիներին հիշեցնում է, որ ամոթ չէ 100 դրամ ուղեվարձ վճարելը, ամոթ է 150 դրամ վճարելը, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը:

Նպատակը` առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցելն է

64482e58b88279d659fde51a769b5567Երևանյան լճում անցկացված բայդարկա  և կանոե թիավարության Հայաստանի առաջնության  70 մասնակիցները ներկայացնում էին Երևան , Հրազդան , Սևան քաղաքները և Արմավիրի մարզի Ապագա Գյուղը:

Բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ  Երևանի թիավարության  ՄՊՄԴ-ի սան  Վլադիմիր Ալավերդյանը : Նա առաջինը ճանաչվեց  200  և 1000 մետր ` մեկ տեղանոց, երկտեղանոց / Ռազմիկ Գևորգյանի ընկերակցությամբ   և չորս տեղանոց /  Ռոման Պալատայանի , Էդգար Գրիգորյանի և Ռազմիկ Գևորգյանի ընկերակցությամբ / բայդարկավարների մրցումներում:

Կանոե մրցաձևում առավել հաջող հանդես եկավ  նույն մարզադպրոցի սան  Հայկ Ստեփանյանը , որը հաղթեց մեկտեղանոց / 200 մ. /  և երկտեղանոց   ` 1000 մ /  Սերյոժա Գրիգորյանի ընկերակցությամբ /  նավակների մրցումներում:

Մեկտեղանոց կանոեավարներից 1000 մ մրցածատարածությունում անգերազանցելի  էր  Սևանի ջրային մարզաձևերի ՄԴ  -ի  սան Իշխան Նազարյանը: Նույն մրցատարածությունում երկտեղանոց նավակների մրցումներում  կրկին հավասարը չունեցան Երևանի նշված մարզադպրոցի ներկայացուցիչները` Հայկ Ստեփանյանը  և Սերյոժա Գրիգորյանը:

Առաջնության արդյունքներով կազմվեցին տարիքային տարբեր խմբերի հավաքականներ : Պատանիները  նախապատրաստվում են ` Տորոնտոյում,  իսկ ազգային հավաքականը` Գերմանիայում,  համապատասխանաբար հուլիսի և սեպտեմբերի  վերջերին նախատեսված  աշխարհի առաջնություններին:

Հայաստանի թիավարության ֆեդերացիան իր առջև խնդիր է դրել բարձրացնել  մեր առաջատար մարզիկների վարպետությունը, որպեսզի մասնակիցներ ունենանք 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում:

 

 

 

 

 

 

Ոչ 150 դրամին, օր 6-րդ. բողոքի ակցիա կառավարության շենքի առջև (լուսանկարներ, տեսանյութեր)

DSCN8525Այսօր մինչ կառավարությունը նիստ էր անցկացնում, կառավարության շենքի դիմաց քաղաքացիները բողոքում էին Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումից: «Մեզ մի կթեք», «Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում», «Ուղեվարձը 100 դրամ», «Արժանապատիվ կյանք մեր վարորդներին» և այլ պաստառներով ցուցարարները գործադիրին կոչ արեցին քայլեր ձեռնարկել` վերականգնելու Երևանի բնակիչների խախտված իրավունքները:

Նրանք նաև հայտարարեցին, որ դեմ կլինեն, եթե 100 դրամ ուղեվարձն ապահովվի պետբյուջեից սուբսիդիաների հատկացման հաշվին:

Մի տարեց կին, որ նախորդ բողոքի ակցիաներից հայտնի է որպես «ՀՀԿ-ական տատիկ», փորձեց սադրել հավաքվածներին` ակցիային քաղաքական երանգ հաղորդելով: Սակայն ակտիվիստները պարզապես անտեսեցին սադրիչ տատիկին` հայտարարելով, որ իրենց շարժման հետևում որևէ քաղաքական ուժ չկա կանգնած և իրենք շարքային քաղաքացիների ձայնն են բարձրացնում:

Բողոքի ակցիային մասնակցում էին շուրջ 200 քաղաքացիներ:

«Չենք վճարելու 150 դրամ» շարժման մասնակիցներից Աշոտ Խաչատրյանը «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի մասնակիցները Երևանի տարբեր շրջաններում շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել և իրազեկել քաղաքացիներին` կոչ աբելով  100 դրամ  ուղեվարձ վճարել, այդ պատճառով էլ քիչ են:

«Չկա որևէ միջոցառում, որին պետք է բոլորը գան: Դրվում է ինֆորմացիան, ով ցանկանում, գալիս է: Շատ ապակենտրոն է մեր շարժումը, քանի որ չկա կոնկրետ կազմակերպիչ,- ասում է Խաչատրյանը, հավելելով, որ ապակենտրոնությունն իրենց ավելի ուժեղ է դարձնում` ոստիկանները չեն հասցնում իրենց հետևից, իրենք էլ համեմատաբար ավելի լայն շրջանակների են իրազեկում:

 

Տարոն Մարգարյանն ուզում էր հրաժարվել քաղաքացիների նվերից, բայց չստացվեց

տորթ2Այսօր մի խումբ քաղաքացիներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին 50 դրամանոցի տեքսով խորհրդանշական տորթ նվիրեցին: Դրանով քաղաքացիները ցանկացան արտահայտել, որ իրենք իրենց պայքարում վճռական են տրամադրված և խաղաղ պայքարով հասնելու են հաղթանակի: 50 դրամանոցի տեսքով տորթի  կողքին գրված էր` կերեք, կշտացեք:

տորթ3Ոստիկանները քաղաքացիներին թույլ չտվեցին քաղաքապետարանի մուտքի մոտի մայթից առաջ անցնել: Մոտ 20-30 րոպե տևած բանակցություններն անարդյունք անցան: Ոստիկանները չընդունեցին առաջարկը, որ միայն մեկ մարդ տորթը քաղաքապետարան տանի և հանձնի: Չնայած մազմաթիվ կոչերին ու առաջարկներին` քաղաքապետարանի աշխատակազմից էլ որևէ մեկը դուրս չեկավ նվերն ըդնունելու: Ոստիկաններն առաջարկում էին տորթը մայթի վրա թողնել և հեռանալ:

տորթԵրբ թվում էր, որ հենց այդպես էլ պետք է արվի, այլ ելք չկա, եկավ ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Վերջինս համաձայնեց տորթը քաղաքապետարան մտցնել և հանձնել քաղաքապետին` նշելով, որ այն իր քաղաքացիներից նվեր է: